Archive for February, 2010

Հայոց ցեղասպանությունը` առանցքային հարց հայ-թուրքական կոչված արձանագրություններում

February 26, 2010


Թուրքիայի եւ Իսրայելի շահերը…
Թուրքական թերթերը նշել են, որ թեեւ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վերջին շրջանում աննախադեպ լարվածության են հասել, այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ օրերս առաջին անգամ խորհրդակցություններ են տեղի ունեցել կովկասյան եւ ռուսական թեմաներով:
Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի հարցերով խորհրդականի օգնական, Թուրքիայում Իսրայելի նախկին դեսպան Փինհաս Ավիվին, անդրադառնալով այդ խորհրդակցություններին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մասնավորապես ասել է. “Մեր պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Դա մի հարց է, որը պետք է լուծվի միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ”:

…Իսրայելի եւ ԱՄՆ-ի շահերը
ԱՄՆ-ի Կոնգրեսի ազդեցիկ անդամներից մեկը՝ ծագումով հրեա սենատոր Ժոզեֆ Լիբերմանը, Ամերիկայի հայկական համագումարին հղած իր նամակում մեծապես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից՝ ընդգծելով, որ դա ոչ միայն երկրի արտաքին քաղաքականության առանցքային հարց է, այլեւ ներազգային բարոյականության տեսանկյունից էական խնդիր է:
Ժ. Լիբերմանն ընդգծել է, որ նախորդ դարասկզբին Օսմանյան թուրքերի կողմից շուրջ 1,5 միլիոն հայերի բնաջնջումը անհրաժեշտ է դիտել իբրեւ մարդկության դեմ գործած մեծագույն ոճիր` ցեղասպանություն:
Իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման N252 բանաձեւը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները եւ միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ:
Եվ ահա, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը:
Ցեղասպանության բանաձեւի համահեղինակներ են Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Բրեդ Շերմանը եւ այլք:
Այսպիսով, Վաշինգտոնը քայլ է կատարում՝ Թուրքիային հասկացնելով, որ “ԱՄՆ-ն մասնակից չի լինի Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը”. կարծում են ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակում:
Առաջիկայում նաեւ հայերն աշխատելու են ամերիկյան երկու հայտնի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բանաձեւը հաջողությամբ հասցնելու ոչ միայն Արտաքին Հարաբերությունների հանձնախումբ, այլեւ մինչեւ ներկայացուցիչների տան լիագումար նիստ”:

Շվեյցարիան էլի տուգանել է…
Թուրքական զլմ-ները հայտնում են, որ 3 տարի առաջ քեմալիզմի քարոզչությամբ զբաղվող միությունների կազմակերպած ժողովի ժամանակ “Հայոց ցեղասպանության մասին պնդումները սուտ են” հայտարարությամբ հանդես եկած երեք թուրքեր քրեական պատասխանատվության են ենթարկվել: Վերջին դատն ավարտվել է օրերս: Դատարանի որոշմամբ՝ Բեռնի եւ Ցյուրիխի թուրքական քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ Քայալը եւ Հասան Քեմալը դատապարտվել են 4-ական, իսկ “Աշխատավորական կուսակցության” ներկայացուցիչ Ալի Մերջանը՝ 6 ամսվա ազատազրկման:
Սակայն, այդ պատժատեսակը փոխարինվել է դրամական տուգանքի՝ մեղադրյալները ընդհանուր առմամբ պարտավորվել են վճարել 12.600 շվեյցարական ֆրանկ:
Դատավոր Քրիստոֆ Սփիեսը նախազգուշացրել է, որ հանցանքի կրկնման դեպքում ներկայիս մեղադրյալները կդատապարտվեն արդեն 3 տարվա ազատազրկման: Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու համար պատասխանատվության ենթարկված այդ թուրքերը դժգոհել են, որ թուրքական պետությունն իրենց անպաշտպան ու միայնակ է թողել շվեյցարական դատարանի առջեւ:
Մասնավորապես Էթհեմ Քայալը դատի ավարտից հետո նշել է, թե դառնացած են միայն այն բանից, որ Թուրքիան հիմա իրենց կողքին չէ:
Բելգիայում ու Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեորեն պատժելի արարք՝ 45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում պատժաչափով:
Վերոնշյալ դատը բողոքարկվել էր թուրքերի կողմից, սակայն, շվեյցարական վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ցեղասպանությունը ժխտող թուրքերին դատապարտելու վճիռը…

…Արձագանքել են Թուրքիայում
Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում դատապարտված թուրքերի հարցը հայտնվել է Թուրքիայի մեջլիսի օրակարգում:
Թուրք խորհրդարանականները բողոքում են, որ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար Շվեյացարիայում քրեորեն հետապնդվել են “Աշխատավորական կուսակցության” անդամ Ալի Մերջանը, Ցյուրիխի եւ Բեռնի քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ Քայալը ու Հասան Քեմալը:
Խորհրդարանականները Թուրքիայի վարչապետից ցանկացել են պարզաբանում ստանալ, թե արդյոք թուրքական պետությունը փորձելու է տեր կանգնել շվեյցարական դատարանում դատապարտվող իր քաղաքացիներին, հանդես գալո՞ւ է որեւէ պաշտոնական նախաձեռնությամբ:
Ըստ երեւույթին բողոքողները նեղվել են, որ դատապարտվածներից Էթհեմ Քայալը դատի ավարտից հետո ասել էր. “Մենք դառնացած ենք միայն այն բանից, որ Թուրքիան հիմա մեր կողքին չէ”:

…Իսկ Երեւանը զարմացնում է
Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու եւ բարոյական վնասը հատուցելու պահանջի մասին “Արարատ” ռազմավարագիտական կենտրոնի Վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս ռազմավարագիտական կենտրոնը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով “Կովկասի ինստիտուտ”-ին պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը, արգելել ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը եւ վնասի փոխհատուցում պահանջել:
Սակայն այս դատարանում նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին քաղաքացիական գործի վարույթը կարճվել էր:
Իսկ Վերաքննիչ դատարանը համարում է, որ Վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունման, քանի որ այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջներին, ու բացակայում են նույն օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը:
Պատասխանող կողմը “Կովկասի ինստիտուտ” հիմնադրամն է, որը 2008թ. Երեւանում հրատարակել է “Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը” վերնագրով գիրքը, որի խմբագիրը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Մենք, ի վերջո, պետք է հաշիվ տա՞նք մեզ եւ մեր ժառանգներին, թե ինչպես ենք պաշտպանել հայոց պատմության ամենամռայլ դրվագներից մեկի դատը: Ավելին` պե՞տք է մեր նախնիների հոգիներին հաշվետու լինենք այս հարցում, թե՞ … միայն այլոց ենք հաշվետու:

Հայկ Թորգոմյան

* * *

Ցեղասպանության հարցը կշահարկվի՞
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նստավայրում՝ Չանքայայում, գումարվել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որն ընթացել է Ա. Գյուլի նախագահությամբ: Նիստում քննարկվել է Հայաստանի հարցը: Մասնակցել են վարչապետ Թայիփ Էրդողանը, Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը եւ խորհրդի անդամ այլ նախարարներ ու բարձրաստիճան զինվորականներ:
Քննարկումների օրակարգում ընդգրկվել են նաեւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Անվտանգության խորհրդի նիստում, Հայաստանի հարցին զուգահեռ, քննարկվել են նաեւ ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ պայքարի, Իրաքի, Կիպրոսի եւ Հունաստանի հետ կապված հարցեր:
Այս քննարկումների որոշմամբ է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային իր հավատարմագրերը հանձնեց փետրվարի 24-ին:
Թուրք դեսպանը ծրագրել է հանդիպել եւ կոնգրեսականների եւ հրեական լոբբիի ազդեցիկ անդամների հետ Հայոց ցեղասպանության բանաձեւի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին նախանշված քվեարկությունը կանխելու համար:
Հայոց ցեղասպանության բանաձեւի ընթացքը դադարեցնելու համար Վաշինգտոնը Անկարայից պահանջում է սկսել թուրքական մեջլիս ուղարկված արձանագրությունների վավերացման գործընթացը: Մի՞ թե նորից շահարկվելու է ցեղասպանության հարցը, այսինքն՝ խնդիրը դրվում է այսպես՝ կա՛մ արձանագրությունները կա՛մ ցեղասպանության բանաձեւը:

Նարե Մշեցյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

1988թ. փետրվարի 18-ը` պատմական ու բեկումնային տարեթիվ

February 26, 2010


Երբ անգամ պատմակեղծարար Ադրբեջանը չի կարողանում թաքցնել ճշմարտությունը

Ելնելով միջազգայնորեն այդքան արծարծվող մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներից, ինչպես նաեւ “Ցեղասպանություն հանցանքը կանխելու եւ այդ հանցանքի համար պատժելու մասին” ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դրույթներից, հաշվի առնելով նաեւ այն, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության զոհվածների ու տուժածների ժառանգորդն է (իհարկե, առանձին դիտարկվում է նաեւ սփյուռքահայության հանգամանքը, քանզի սփյուռքն ինքը Հայոց ցեղասպանության հետեւանք ու ծնունդ է), ստանձելով Հայ Դատի օրինական տիրոջ (պետական կարգավիճակով) պարտականությունները, Երեւանում պետք է ստեղծել Ազգային համաձայնության հանձնաժողով (ԱՀՀ)՝ Հայ Դատի համապարփակ (այդ թվում՝ Արցախ-ԼՂՀ կարգավիճակի լուծման) խնդիրներով զբաղվելու համար:
Այս թեմային մենք անդրադարձել ենք, բայց վերստին դարձել է այժմեական: ԱՀՀ-ի ստեղծումը նաեւ կհանգուցալուծի Հայոց ցեղասպանության եւ Արցախի խնդրի շահարկման թեման հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկման ընթացքում: Այդ առումով՝

Ա.
Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ ՀՀ-ում պետական մակարդակով եւ համայն հայության ընդերքում գործող կարող ուժերի մասնակցությամբ ստեղծվի իրավական միջազգային կենտրոն, որի խնդիրը պետք է լինի ամփոփել Հայոց ցեղասպանության բոլոր փաստերը, կազմել ցեղասպանության զոհերի ու տուժածների անվանացուցակները, կատարել Թուրքիայում եւ Ադրբեջանում հայերի թողած նյութական արժեքների հաշվարկներ ու այդ բոլորի հիմամբ մեղադրական եզրակացության տեսքով անհերքելի իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ձեւակերպել՝ միջազգային համապատասխան դատարան ներկայացնելու համար:
Սույն փաստաթղթում պետք է տեղ գտնի 1921թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագրի վերականգնման պահանջը:
Նշենք, որ այդ հարցադրումների իրականացման գործում մենք՝ հայերս, թե պետական եւ թե հասարակական-քաղաքական մակարդակով սպառիչ ոչ մի քայլ չենք կատարել: Փոխարենը, հրապուրվել ենք նրանով, որ որեւէ պետություն բարեհաճում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ առանց որեւէ պատասխանատվության պահանջ ներկայացնելով Թուրքիային, որը մեզ համար խորհրդանշական ու բարոյա-հոգեբանական նշանակություն ունի, միայն ու դեռես միայն ժամանակի վատնում է արձանագրում՝ հոգուտ թուրք-յաթաղանի: Ավելին՝ ՀՀ 1-ին իշխանությունները՝ “Ղարաբաղ” կոմիտեի գլխավորությամբ, Հայ Դատն ու Պահանջատիրությունը դուրս մղեցին մեր երկրի արտաքին քաղաքականությունից` նշելով, որ դրանով կարող են զբաղվել միայն հասարակական կամ քաղաքական կազմակերպությունները: Ոչ նույն, բայց նմանատիպ մի դիրքորոշում են որդեգրել նաեւ արդի կառավարական ատյանները` օտար պետությունների, ավելի ճիշտ թուրք-մասոնական ուժերի քմահաճույքի տակ դնելով մեր ազգի ճակատագրական հարցերի լուծման գործընթացները:
Նման հայավնաս իրադրությունից դուրս գալու համար անհրաժեշտ է համահայկական մեկ ընդհանուր ազգային հայեցակարգ մշակել Հայ Դատի լուծման շուրջ` դնելով այն Թուրքիայի հետ մեր արտաքին քաղաքականության հիմքում եւ, առհասարակ, թուրքերի հետ որեւէ հարաբերության հաստատման ժամանակ:
Սրանով իսկ վերջ կդրվի այդպիսի գործընթացներում ցուցաբերվող կամայականություններին, օտար պետությունների շահերին ծառայող ինչ-որ հայ-թուրքական հաշտեցման բանակցություններին կամ հարաբերություններին: Ժամանակն է, վերջապես, որ համայն հայության ճակատագրային հարցերի լուծման գործընթացների տերուտիրականը մեր երկրի կառավարությունը դառնա, որը Ազգային համաձայնության համահայկական ծրագրով կկարողանա առաջ տանել հայության հիմնախնդիրների լուծումը:
Իսկ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային լուծում է պահանջում թերեւս, քանզի Հայաստանն այն կարողությունները չունի, որպեսզի այսօր միայնակ պատժի թուրքերին եւ լուծի այդ հարցը: Այդ են պահանջում նաեւ ՄԱԿ-ի օրենքներն ու միջազգային դատարանի կանոնադրությունը (հոդված 34), որոնց միջոցով եւ միայն ՀՀ կառավարության պահանջով կարող են լուծվել Հայ Դատի խնդիրները, այդ թվում՝ պահանջատիրական: Թուրքը մնում է թուրք, եւ նրան մեկնած մեր հաշտեցման ձեռքը միշտ էլ օդում կախված կմնա, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք եւ շարունակվում է այսօր: Իսկ հայ-թուրքական կոչված արձանագրությունները միջազգային հերթական ծուղակն է՝ ինչ-ինչ գաղտնի ուժերի նպատակները եւս մեկ անգամ հայության հաշվին լուծելու համար:

Բ.
Ազգային համաձայնության համահայկական հայեցակարգում պետք է շեշտել, որ Արցախ-ԼՂՀ անկախ պետականության ստեղծմամբ միայն հնարավոր կլինի արցախահայության “խաղաղ բնակչությանը պաշտպանել ֆիզիկական ոչնչացման վտանգից” (ԼՂՀ Գերագույն խորհրդի N. 42 1992թ. սեպտեմբերի 22-ի դիմումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱՊՀ երկրների ղեկավարներին եւ խորհրդարաններին, աշխարհի բոլոր երկրներին ու խորհրդարաններին, այդ թվում նաեւ ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին):
Ցավոք, ԼՂՀ ղեկավարության սույն ահազանգերն անուշադրության են մատնվել ոչ միայն աշխարհի հանրության, այլ հենց ՀՀ կառավարության ու խորհրդարանի կողմից: Եվ նման ազգավնաս դիրքորոշումը շարունակվում է` նետելով արցախահայության ճակատագիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ հայամետ գիրկը, դարձնելով այն դատարկախոս, անհեռանկարային քննարկումների առարկա եւ ծառայեցնելով նավթային (այլ տնտեսական) քաղաքականության շահերին: Ընդ որում, Արցախ-ԼՂՀ կարգավիճակի լուծումը անհեռանկարային են դարձնում նաեւ այն պնդումները, որ Արցախը կարող է դուրս գալ Ադրբեջանի կազմից արցախահայության կողմից կատարված հանրաքվեի համաձայն՝ ազգերի ինքնորոշման հիմունքներով, գաղութատիրության վերացման այսօրվա փաստով կամ հենց ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի կողմից իր անկախությունը 1918 թվականին գոյություն ունեցող սահմանների շրջանակում հռչակելու փաստից, դրանով հենց ինքը՝ Ադրբեջանն է բացառում Լեռնային Ղարաբաղի գոյությունը իր կազմում: Եվ այդ բոլորը, անհերքելի ճշմարտություն հանդիսանալով, այնուհանդերձ հայանպաստ չեն Արցախի հարցում այն պարզ պատճառով, որ նման հիմունքներում Ադրբեջանը իբր “վետտո”-ի իրավունք ունի Արցախն իր կազմում պահպանելու համար:
Եթե նույնիսկ դա այդպես լիներ, ապա դրան էլ կարելի է լուծում տալ: Այսինքն՝ Ադրբեջանին նման “վետտո”-ից զրկելու եւ ԼՂՀ կարգավիճակի լուծումը փակուղուց դուրս բերելու համար ՄԱԿ-ի առջեւ անհրաժեշտ է շեշտել.
ա) որ 1918թ.-ից Հայաստանը թուրք-ադրբեջանական պանթուրքիստական համատեղ քաղաքականության զոհ է, ու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ամբողջ տարածքում հայերի դեմ իրականացված ողբերգական իրադարձությունները շարունակությունն են 1915-1923թթ. մի քանի միլիոն հայերի ոչնչացման,
բ) որ 1988թ. փետրվարի 28-ը մարդկության պատմության մեջ մտավ որպես հայերի ցեղասպանության մի նոր դարաշրջանի սկիզբ, եւ սումգայիթյան ցեղասպանության դատապարտման մասին ՀԽՍՀ ԳԽ 1988 հունիսի 15 որոշման մեջ “ոճրագործությունը” պետք է փոխարինվի “ցեղասպանություն” բառով, իսկ այդ դատավարությունը պետք է վերհանվի,
գ) որ մեղքը ճանաչելու եւ քավելու փոխարեն Թուրքիան այսօր նենգափոխել է պատմությունն ու ադրբեջանցիների ձեռքով հայ ժողովրդի բնաջնջման իր վաղեմի ծրագիրն է փորձում իրականացնել,
դ) որ այս ամենը ցեղասպանների շուրջը ստեղծել է անպատժելիության մի այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն է տալիս նրանց կատարել ցեղասպանության նորանոր ակտեր՝ էլ ավելի դաժան ու նենգ համառությամբ: Դրա մի առանձնակի ապացույցն է արյունարբու թյուրքական տարրի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումը Եվրոպայի աջքի առաջ,
ե) որ անհիմն են “գրաված” տարածքների վերադարձման մասին Ադրբեջանի պահանջները, քանզի գրաված տարածքներ չկան, այլ՝ Արցախը ազատագրել, իրեն է վերադարձրել իր որոշ տարածքները եւ դեռ վերադարձնելու շատ ավելի խնդիր ունի, առնվազն՝ Շահումյանը, Գետաշենը, Գանձակը… որտեղ հարյուրամյակներ հայերը ցեղասպանության են ենթարկվել, քանզի ժամանակ առ ժամանակ հայտնվել են թյուրքական տարրի տիրապետության տակ: Այդ տարածքները անհրաժեշտ է բնակեցնել այնտեղից վտարված, ինչպես նաեւ արտերկրներում ու Հայաստանի որոշ վայրերում չքավորության մակարդակին հասած հայերով, իսկ Ադրբեջանի հետ տարածքային հարցերը պետք է լուծել մեկ ընդհանուր ենթատեքստում, որի հիմքում պիտի դրվի թուրք-սիոնիստական, հետո թուրք-բոլշեւիկյան բռնությամբ Հայաստանից անջատված ու արհեստականորեն իրեն կցված բոլոր տարածքները օրինական տիրոջը վերադարձնելու հարցը, այդ թվում` նաեւ Նախիջեւանում կոտորված ու այնտեղից տեղահանված հայության հարցը` ճանաչելով 1989թ. նոյեմբերի 29-ը նախիջեւանցիների ցեղասպանության օր, երբ վերջին հայը պարտադրանքով լքեց իր նախնյաց հողը:
Վերոգրյալից հստակ պարզ է դառնում, որ ԼՂՀ կարգավիճակի որոշման համար Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները կամ ԵԱՀԿ շրջանակներում այն լուծելու փորձերը ոչ մի արդյունքի չեն հասնի: Ադրբեջանի հետ մեր վիճելի հարցերը կարող են լուծվել միայն ՄԱԿ-ի միջոցով, որի առջեւ պետք է դնել հետեւյալ պահանջները.
ա) չեղյալ համարել 1921թ. մարտի 16-ի եւ դրանից բխող 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը:
բ) Ցեղասպանության փաստի հիման վրա ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Ադրբեջանի կազմից դուրս` բավարարելով նրա պահանջը համաձայն ՄԱԿ-ին եւ միջազգային այլ ատյաններին հղած նրա դիմումների, որոնք բխում են “Ցեղասպանություն հանցանքը կանխելու եւ այդ հանցանքի համար պատժելու մասին” ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայից, որի 8-րդ հոդվածի դրույթով Ադրբեջանն այդ հարցում զրկվում է “վետտո”-ի իրավունքից: Միաժամանակ, երբ ցեղասպանություն է իրականացվում, Հելսինկյան դաշնագիրը արգելք չի դառնում ցեղասպանության ճիրաններից դուրս գալու համար:
գ) Արցախում, Նախիջեւանում եւ Ադրբեջանի ամբողջ տարածքում կատարված հայերի ցեղասպանությունը դատապարտել միջազգային դատարանով՝ վնասների հատուցումով: Ընդ որում պետք է չեղյալ համարվեն ԽՍՀՄ դատարանների կողմից կայացրած սումգայիթյան ցեղասպաններին որպես խուլիգաններ դատապարտելու դատավճիռները եւ անջատ-անջատ այդ գործերը միացնել ու որպես մեկ ընդհանուր գործ ներկայացնել միջազգային դատարան, ինչպես նաեւ հատուկ ուշադրության արժանացնել 1990թ. հունվարի 13-ից մինչեւ 19-ը Բաքվում իրականացված ցեղասպանությունը, որը գագաթնակետն է` զանգվածային խոշտանգումների ամենադաժան մեթոդների կիրառմամբ եւ որի 130 դահիճները ցինիկաբար ադրբեջանական ժողովրդի հերոսներ են հռչակված, որոնց պատվին հուշակոթող է կանգնեցվել Բաքվի կենտրոնում եւ նրանց առջեւ գլուխ են խոնարհում ու ծաղկեպսակներ դնում Բաքու այցելող պետական բարձրագույն այրերը: Մինչդեռ այդ մեկ շաբաթվա ընթացքում լիովին հայաթափվեց Ադրբեջանի ամբողջ տարածքը, եւ շուրջ 500 հազարից ավելի հայեր հարկադրաբար հեռացան իրենց օրրանից ու ցրվեցին համայն
աշխարհքով` Ադրբեջանում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը: Եվ եթե ապրիլի 24-ը համարվում է XX դարասկզբին իրականացված հայերի ցեղասպանության օր, ապա հունվարի 13-ը պետք է որակվի որպես Մեծ Եղեռնի անպատժելիության հետեւանքի օր, որը անհրաժեշտ է նշել կառավարական որոշմամբ եւ ամեն տարի ներկայացնել լրատվական բոլոր միջոցներով: Ցավոք, դա կամ նման որեւէ բան տեղի չի ունենում: Ավելին՝ հունվարի 20-ին հաղորդվում է, որ “Ադրբեջանը սգի մեջ է, ու այդ օրը Բաքվում 130 անմեղ բնակիչներ զոհվեցին սովետական բանակի հարձակման հետեւանքով…”: Իսկ թե ինչու՞ սովետական բանակը ոչնչացրեց դրանց եւ ի՞նչ էր տեղի ունեցել մինչ այդ – ոչ մի խոսք:
դ) ՀՀ-ի եւ ԼՂՀ շրջափակումները որակել որպես ցեղասպանության ակտ՝ իր բոլոր իրավական հետեւություններով, այդ թվում՝ վնասների հատուցումով:
ե) Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի Համաձայնագրի ստորագրյալ պետությունները, ի վերջո, պետք է կատարեն դրա 5-րդ հոդվածի պահանջը եւ իրենց քրեական օրենսգրքում հատուկ հոդվածներ մտցնեն ցեղասպաններին պատժելու համար` շեշտելով, որ ցեղասպանությունը համայն մարդկության դեմ ամենածանրագույն հանցագործությունն է, որի համար մահապատժի կիրառումը պարտադիր ու վերջնական է:
Մինչդեռ, նույնիսկ ՀՀ ԱԺ 2003թ. ապրիլի 18-ին ընդունած որոշմամբ մեր երկրի քր.օրենսգրքում այդ հանցանքի համար մահապատիժ չի նախատեսվում` կարծես ազդարարելով թուրքին, որ նա կարող է մեզ մորթել ու գլխատել ինչքան ուզում է, մեր երեխաների գլխատված գլուխները որպես ֆուտբոլի գնդակ օգտագործել կամ՝ հենց կենդանի-կենդանի խորովել նրանց խարույկի վրա՝ իրենց մայրերի աչքի առաջ ու շատ նման խոշտանգումներ կիրառել, իսկ մենք հավիտյանս հավիտենից (քրիստոնեաբար կներենք մեր թշնամիներին… քանզի-վասնզի… ամե՜ն եւ այլն) նրանց կյանքը կխնայենք, քանզի առաջին քրիստոնեությունն ընդունած ժողովուրդն ենք եւ ուզում ենք Եվրոպայի տան անդամ դառնալ, սողալ այդ թուրք-մասոնական երկրների ոտքերի տակ ու լիզել, սիրաշահել նրանց արյունոտ ձեռքերը… Նույնիսկ Հայոց ցեղասպանության հերքումը կամ կասկածի տակ առնելը մեզանում օրենքով չի դատապարտվում… Որին էլ այսօր ականատես ենք լինում երբեմն:…
Հարց է առաջանում. ովքե՞ր են վերոգրյալ ազգավնաս օրենքն ընդունող պատգամավորները: Պատասխանը մեկն է. դրանք կամա-ակամա կամակատարներ են ու շահամոլներ, եթե չասենք ավելին:
Անհրաժեշտ է, որպեսզի մեր ԱԺ-ն վերանայի իր վերոգրյալ որոշումը եւ ցեղասպանների դեմ մահապատժի կիրառումը հաստատի ու միաժամանակ մեր վճռական ձայնը ներկայացնի ՄԱԿ-ին, որպեսզի սա եւս աշխարհի պետությունների քր.օրենսգրքերում ցեղասպանների դեմ մահապատիժ նախատեսելու որոշում կայացնի…

Գ.
Պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու կամ այն աղավաղելու հրեա-թուրք-ադրբեջանական քարոզչության դեմ, առավելեւս, որ դա արվում է նաեւ մեր որոշ՝ հայ կոչեցյալների կողմից:
Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը մոռացության տալու փաստերից մեկն էլ այն է, որ ԽՍՀՄ եւ ԱՊՀ երկրների հանրագիտարաններում “գենոցիդ” բառի դիմաց նշված է, որ այդպիսի հանցագործություն կատարվել է 2-րդ համաշխարհային պատերազմում հրեաների դեմ: Կասկածից վեր է, որ “գենոցիդ” բառի այսպիսի մեկնաբանություն է տրված նաեւ աշխարհի բոլոր հանրագիտարաններում: Դրանով իսկ մեկ անգամ եւս հաստատվում է Ադոլֆ Հիտլերի խոսքը, թե “ո՞վ է այժմ հիշում հայերի ցեղասպանությունը”:
Անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ՄԱԿ-ին, որպեսզի աշխարհի բոլոր հանրագիտարաններում նշվի, որ այն իրականացվել է թուրքերի կողմից հայերի դեմ եւ այսօր էլ շարունակվում է շրջափակման միջոցով՝ համայն աշխարհի քար անտարբերության ներքո:
Խիստ հսկողության տակ պիտի վերցնել նաեւ հայոց հուշարձանների պահպանումը, միջոցներ ձեռնարկել դրանց ոչնչացման դեմ` ընդհուպ դիմելով ՄԱԿ-ին: Խստագույնս անհրաժեշտ է դատապարտել համատարած անտարբերությունը Նախիջեւանում ադրբեջանական բարբարոսների վերջերս իրականացրած հայկական գերեզմանների, խաչքարերի եւ այլ հուշարձանների ավերումների նկատմամբ, որի ընթացքում իսպառ ոչնչացվեցին հայ մշակույթի անկրկնելի արժեքներ համարվող հազարավոր խաչքարեր:
Վերադառնալով Արցախի հիմնախնդրին` նշենք, որ մեր ամենաճիշտ դիրքորոշումը կլինի ԼՂՀ-ի ՀՀ-ին վերամիավորվելու որոշման վերահաստատումը: Սակայն, դա պետք է դիտարկել նաեւ գերտերությունների աշխարհա-քաղաքական շահերի տեսանկյունից: Բայց Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ “ընդհանուր պետության” սահմաններում միանշանակ անընդունելի է, որքան էլ “լավագույն” տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան եւ այլն)) Ադրբեջանի կազմում: Որեւէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, կհամարվի դավաճանություն: Իսկ փախստականների, տարածքների, փոխզիջումների մասին զրույցները պետք է զրույցներ էլ մնան:
Մի քանի հանգամանքներ էլ պետք է ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը: ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի “կայուն կառավարություն, չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է”: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ “Լեռնային Ղարաբաղ” վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի, “Լեռնային Ղարաբաղ” վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը եւ այլ տարածքներ: Այսինքն, եթե նույնիսկ պատմականորեն շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ ցայսօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել իր՝ պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում երբեւիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: “Խորհրդային ժառանգությունից” էլ ինքնակամ հրաժարվել է: Միայն այսքանով ԼՂՀ-ն իրավունք ունի անկախ գոյատեւման,
որին վաղուց է հասել ու ավելի քան 20 տարի է (1989թ. դեկտեմբերի 1-ին)՝ հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը:
1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, նույնպես որեւէ լուրջ իրավական հիմք չի տալիս խորհրդային ժամանակներից եկած, այժմ էլ իբր ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժան մաս դարձրած այդ փաստաթուղթը ճանաչելու եւ միջազգայնորեն ընդունված տարածքային անձեռնմխելիության իրավունքով առաջնորդվելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձ է արվում բանակցություններում դա համարել կատարված փաստ, ապա ԼՂՀ-ն ներկայումս “դե ֆակտո եւ դե յուրե” անկախ է, նույնիսկ ավելի՝ քան աշխարհի շատ “իրական” պետություններ: 1991թ. սեպտեմբերին հռչակվել է որպես ԼՂՀ՝ նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքներում, մոտ 207,7 հզ. բնակչությամբ եւ 5հզ. քառ. կմ տարածքով, իսկ մինչ այդ Հայաստանին վերամիավորվելու փաստն ավելի խոսուն է: Մի խոսքով, դեռ ավելի վաղ ԼՂԻՄ-ի պատգամավորական խորհուրդն իր՝ 1988թ. փետրվարի 20-ի որոշման համաձայն, հենվելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, ԼՂԻՄ-ը դուրս է բերել Ադրբեջանի կազմից եւ հայտարարել միացված Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն, շուրջ 108,6 հզ. մասնակիցներից 108,5 հզ.-ն վճռաբար “այո” են ասել (ընդամենը 21-ը՝ ոչ): Համոզված ենք, որ գոնե սա կովբյուրոյի կամայական որոշումից առավել իրավական քայլ է, եթե չասենք՝ զուտ իրավական:
Իրավաբանական “ճեղքվածք” կա սույն հարցում եւս, Ադրբեջանը հրաժարվել է “խորհրդային իրավական անցյալից” եւ իրեն համարել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը: Նույն թվականներին Արցախում իշխանությունը Հայոց Ազգային Խորհրդի ձեռքում էր: 1920թ. ապրիլի վերջերին մարզում հաստատվեցին խորհրդային կարգեր, 1921թ. հուլիսին եղավ կովբյուրոյի տխրահռչակ որոշումը, եւ միայն 1923թ. հուլիսի 7-ին Արցախի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Սրանով Ադրբեջանի հանրապետության հռչակագիրը (նաեւ արդեն նշված Ազգերի Լիգայի դիրքորոշումը) մեզ է “վերադարձնում” Արցախը (նաեւ՝ Նախիջեւանը), կամ գոնե իրենից իրավացիորեն “հեռացնում” է մեր պատմական տարածքները, նաեւ՝ Դաշտային Արցախը: Իսկ ինչ մնում է խորհրդային ժամանակների անօրինականություններին, լենին-ստալինյան ստոր բռնարարքներին, ապա դրանք լավագույնս հայտնի են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին եւ միջազգային դատարաններում ու այլ ազդեցիկ ատյաններում արդարացի քննարկումների կարիք ունեն դեռեւս…
Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ միակ թնջուկը չէ, եւ մեզ առայժմ “պարտադրված” հարեւան պետության հետ լուծելու ենք նաեւ Նախիջեւանի խնդիրը, որը 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին: Այսօր խախտված են նաեւ այդ պայմանագրի Նախիջեւանին վերաբերվող կետերը: Իսկ Նախիջեւանը Ադրբեջանի մարզ է հայտարարվել 1924թ. փետրվարի 9-ին` ընդամենը Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ:
Պատմականորեն Նախիջեւանի տարածքը Հայաստանին պատկանելն ապացուցելը որեւէ դժվարություն չի պարունակում, սակայն հայ բնակչության բացակայությունը ներկայումս այդ տարածքում դժվարացնում է հարցի ուղղակի բարձրացումն ու տրամաբանական ծավալումը:
Նախիջեւանի հարցի բարձրացումը բխում է ինչպես պատմական, այնպես էլ իրավական անհրաժեշտությունից: 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի (նաեւ՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի) մի շարք հոդվածների միակողմանի խախտումներ են արձանագրված, որոնք պետք է հիմնավորապես կարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունների ծիրում, եթե այդ հարաբերությունները ձեւականորեն չեն համարվում բարեկամական-ռազմավարական: Իսկ Նախիջեւանի հարցի զուգահեռ արծարծումը, պաշտոնական Երեւանի կողմից, առավել կամրացնի Արցախ-ԼՂՀ-ի միջազգային դիրքերը, որի հապաղումն առ այսօր մնում է անհասկանալի:
Վերոգրյալ եւ այլ նմանատիպ փաստերը պետք է ընդգրկել Ծիծեռնակաբերդի բարձունքում գործող Հայոց Ցեղասպանության թանգարանի կանոնադրության կամ մեկ այլ փաստաթղթային ձեւակերպման մեջ, ինչը Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության հարցը կդարձնի անհերքելի, անբեկանելի:

Արամ Ավետյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Ջավախքում արտագաղթի խնդիր կա

February 26, 2010

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի նախաձեռնությամբ վերջերս կազմակերպվել էր “Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությունը եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությունը” թեմայով սեմինար-քննարկում:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, “Նորավանք” ԳԿՀ փորձագետ Թամարա Վարդանյանը, “Միտք” վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը եւ փորձագետ Ռոբերտ Թաթոյանը:
Զեկուցողները նշեցին, որ այսօր Վրաստանի իշխանություններն անընդհատ ոտնահարում են ջավախքահայության քաղաքական, լեզվական, հոգեւոր եւ մի շարք այլ իրավունքներ, այդ իսկ պատճառով սեմինարը միտված է բարձրաձայնելու ջավախքահայության առջեւ ծառացած խնդիրները:
Կոչ արվեց ՀՀ իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել` ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվտանգությունը:
Նշվեց, որ առաջնահերթ պահանջում են ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցում, հայոց լեզվին՝ հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, ինչպես նաեւ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի ու հայ տաճարների վերադարձման խնդրի լուծում:
Խոսվեց նաեւ վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մասին, որ վերջին տարիներին թիֆլիսահայ համայնքն ավելի շատ բռնել է ուծացման ճանապարհը, քան արտագաղթի: Ջավախքում ուծացման ծավալներն այնքան մեծ չեն, որքան արտագաղթը, իսկ թիֆլիսահայ համայնքի պարագայում այն ավելի ուժեղ է: Ջավախքում արտագաղթն այսօր մեծ խնդիր է. ահազանգում են Հայաստանից:

Արման Դավթյան

Ե վ ր ո պ ա

Ու՞մ` ինչքա՞ն կհասնի 7 մլն-ից

Եվրոպական հանձնաժողովը “EAST-INVEST” նախագծի շրջանակներում 7 մլն. եվրո բյուջեով մրցույթ է հայտարարել, որին կարող են մասնակցել ԵՄ “Արեւելյան գործընկերություն” ծրագրում ընդգրկված երկրները: Այդ նախագծով նախատեսվում է բարելավել ծրագրում ներառված երկրների բիզնես միջավայրն ու խթանել Եվրամիության ու “Արեւելյան գործընկերության” երկրների միջեւ ներդրումային հոսքերը:
Նպատակ է դրված նաեւ աշխուժացնել ԵՄ եւ “Արեւելյան գործընկերության” երկրների պետական ու մասնավոր կառույցների երկկողմ շփումները: Նախագիծը պետք է նպաստի Եվրամիության եւ “Արեւելյան գործընկերության” երկրների միջեւ փորձի փոխանակմանը, բիզնեսի, առեւտրային, մաքսային գործընթացների հեշտացմանն ու ներդրումային հարաբերությունների բարելավմանը, նաեւ՝ մանր ու միջին բիզնեսի ներուժի զարգացմանը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2010թ. մարտի 4-ն է:
ԵՄ “Արեւելյան գործընկերություն” ծրագրում ընդգրկված են հետխորհրդային 6 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան:

Անի Մարության

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Վրացական եւ Ադրբեջանական խաղեր

February 26, 2010


Վրաստանը սիոնիստների հետ` ձեռք ձեռքի
Գաղտնիք չէ, որ Ռուսաստան-Իսրայել զինվորական համագործակցությունը առկա էր Ռուսաստան-Վրաստան պատերազմից առաջ, ինչը ժամանակավորապես դադարեցվեց, երբ ՌԴ-ն Իսրայելից պահանջեց կանգնեցնել զենքի վաճառքը Վրաստանին:
Նախորդ տարվա 2-րդ կեսին 2 երկրները նորից ցանկացան համագործակցությունը վերականգնել: Այս առումով Վրաստանի ԱԳ փոխնախարարը հոկտեմբերի վերջին Իսրայել կատարած այցից եւ բարձր մակարդակով տեսակցություններից հետո ասաց, որ երբ հարցը վերաբերում է երկկողմանի հարաբերություններին, Իսրայելը ուղղորդվում է իր եւ 2-րդ կողմի շահերով միայն: Այդ հանդիպման շրջանակներում Վրաստանը պետք է գներ 16 տանկ, ինչը, սակայն, չիրականացավ Ռուսաստանի միջամտության պատճառով: Հակառակ Մոսկվայի սպառնալիքներին, թե չի հանդուրժելու Վրաստանի զինվորական կարողության վերականգնումը, եւ հակառակ զգուշացումներին, թե խզելու է զինվորական համագործակցության կապը այն բոլոր երկրների հետ, որոնք կշարունակեն զենք մատակարարել Վրաստան-Իսրայել զինվորական համագործակցությանը, վերջինս շարունակում է վերելք ապրել:
Սիոնիստական մի ընկերություն, որ գտնվում է Կիպրոսում, պայմանագիր է կնքել բուլղարական “Արսենալ” ընկերության միջոցով Վրաստանին 50 հազ. գնդացիր, 1000 հակատանկային հրթիռ, 20 հազ. նռնակ եւ 15 հազ. հրացան (5.56 մմ-անոց) մատակարարելու համար:
Հակառակ սրա՝ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի Մոսկվա այցից հետո Ռուսաստանը որոշեց հետաձգել S-300 հակաօդային հրթիռների առաքումը Իրան… Հարկ է նշել նաեւ, որ վերջերս Ստամբուլում կայացավ Վրաստանի ՊՆ Բաչո Ախալայայի եւ նրա թուրք գործընկեր Ահմեդ Վեչտի Կոնուլի հանդիպումը, որի ժամանակ նրանք անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Ռաֆֆի Պապիկյան
Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար

Ադրբեջանը հիմա էլ կրոնական բլեֆ է սարքում
Ադրբեջանական իշխանության՝ Բենանյարի իրադարձությունների եւ Բաքվում հավատացյալների խաղաղ ցույցը դաժանորեն ճնշելու շուրջ ստեղծած շոուն լրիվ տապալվել է: Այդ 2 դեպքերն էլ Բաքուն փորձել էր ներկայացնել իբրեւ Արեւմուտքի պահանջներից բխող հակազդեցություն: Դաժանություններն արդարացնելու համար իշխանական գաղափարախոսները ցանկացել են այնպիսի կարծիք ձեւավորել, թե Ադրբեջանում ամեն պահի կարող է “կանաչ հեղափոխություն” տեղի ունենալ, իսկ ահա, իշխանությունն էլ պայքարում է դրա դեմ, եւ բնական է, որ գործում է Արեւմուտքի շահերին համապատասխան:
Սակայն ԱՄՆ-ի կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը (USCIRF) բացահայտել է այս կեղծիքը: Հանձնաժողովի գլխավոր վերլուծաբան Կատերին Կոզմանը անհանգստություն է հայտնել ադրբեջանական իշխանության կողմից կրոնական ազատությունների մասով միջազգային պարտավորությունների խախտման առիթով: Նա նշել է, որ հատկապես Բենանյար գյուղում Աշուրայի տոնակատարությունը ճնշելու հետ կապված դաժան դեպքերը եւ փետրվարի 13-ին Բաքվում հավատացյալների խաղաղ ցույցը ոստիկանության կողմից դաժանորեն ցրելը խիստ անհանգստացնող փաստեր են: Մուհամեդ մարգարեի հիշատակին ուղղված խաղաղ երթն արգելել էր ոստիկանությունը, իսկ ուժի կիրառումը բացասական հետեւանքներ է ունեցել:
Այսպես Ադրբեջանի իշխանությունը չի կատարում ԵԱՀԿ առաջ ստանձնած պարտավորություններն ու այդ կազմակերպության պահանջները: Հանձնաժողովը կոչ է արել Բաքվին՝ թույլ տալ ԵԱՀԿ մասնակցությամբ միջազգային մակարդակով հետազոտել Բենանյարի իրադարձությունները:
Հանձնաժողովը նաեւ խորհուրդ-հանձնարարություններ է պատրաստում ԱՄՆ-ի նախագահի եւ պետքարտուղարի համար:
Ազդեցիկ այս կազմակերպության հակազդեցությունն իրականում պետք է գնահատել որպես ԱՄՆ-ի դիրքորոշում: “Այսպիսով՝ լավ կլիներ, որ Ադրբեջանի իշխանությունը վերջ դնի կրոնական պատճառներով Արեւմուտքին ուղղված շանտաժի իր ջանքերը”,- նշել է ադրբեջանական “Ազադլըգ” պարբերականը:

Վահագն Նանյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Հայ-իրանա-ադրբեջանական խաչմերուկ

February 26, 2010

Երեւանում պատերազմը բացառվել է
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արցախյան հակամարտության կարգավորման հարցին անդրադառնալով՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանն ասել է՝ Իրանը հենց հակամարտության սկզբից մշտապես իր ջանքերն է ներդրել հակամարտությունում հրադադարի հաստատման մեջ: Իրանը մշտապես կողմ է եղել, որ խնդիրը կարգավորվի կողմերի միջեւ երկխոսության ու փոխըմբռնման միջոցով: Դրա հետ մեկտեղ իրանական կողմը մշտապես ողջունել է խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:
ԼՂՀ հակամարտության լուծման տարբերակներին անդրադառնալով՝ դեսպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում չէ դրա վերաբերյալ կարծիք հայտնելը, քանի որ խնդրի կարգավորման բանակցություններն ընթանում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ:
Իսկ ազատագրված տարածքներում խաղաղարար ուժերի տեղակայման վերաբերյալ Իրանը մշտապես ունեցել է եւ ունի իր դեմ տեսակետը, քանի որ Իրանը միակ պետությունն է, որ Արցախի հետ ընդհանուր սահման ունի: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հավանականությանն անդրադառնալով՝ դեսպանն ասել է, որ ոչ մի ցանկություն չունի, որ նման բան տեղի ունենա ու կողմ է, որ հարցը կարգավորվի երկխոսության շրջանակներում. “Իմ անձնական կարծիքն այն է, որ ես բացառում եմ պատերազմի վերսկսումը”: Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանն էլ է փորձում բացառել պատերազմը:

Բաքվում չեն բացառում պատերազմները
Փետրվարի 22-ին “Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսն ու Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրման շարժումը” Բաքվում՝ ԻԻՀ դեսպանատան առաջ բողոքի ցույց է կազմակերպել: Հայտարարության տեքստ է ընթերցվել եւ այդ փաստաթղթով քննադատության է ենթարկվել պաշտոնական Թեհրանի քաղաքականությունը՝ “Իրանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ”: Նաեւ քննադատվել են ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանատան ու հյուպատոսության նկատմամբ տեղի ունեցած ինչ-որ սադրանքներ:
Բողոքի մասնակիցները պահանջել են վերջ դնել այդպիսի սադրանքներին եւ դատապարտել են պաշտոնական Թեհրանին՝ վերջինիս “վարած կեղծավոր քաղաքականության համար”: Միջոցառման մասնակիցները հարավային եւ հյուսիսային Ադրբեջանները միավորող կարգախոսներ են հնչեցրել:
Ադրբեջանական այսպիսի նկրտումները նորություն չեն, սակայն այս ամենը, նաեւ արցախյան հիմնահարցի կարգավորման հերթական քայլերը կարող են փոխել տարածաշրջանային քաղաքականությունը: Չլինի՞ Ադրբեջանում ուզում են միանգամից պատերազմել ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի դեմ:

Թեհրանում ձգտում են խաղաղության
ԻԻՀ կողմից Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ վիզային ռեժիմի դադարեցման մասին որոշումը չի տարածվելու ադրբեջանցի լրագրողների վրա: Այս հայտարարությամբ է Բաքվում հանդես եկել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Հ. Հաշհավին:
“Լրագրողների համար մուտքի վիզան անփոփոխ է մնում, նրանք պետք է մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված ձեւով մուտքի արտոնագրեր ստանան”, – նախարարի խոսքերը կրկնել է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը: Իսկ ԻԻՀ-ն միակողմանի որոշում էր ընդունել փետրվարի 1-ից դադարեցնել վիզային ռեժիմը Ադրբեջանի հետ:

Վահագն Նանյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Թուրքական խնդիրներ

February 26, 2010

“Մեծ մուրճ”-ը գուցե դեռ հարվածի…
“Balyoz” (Մեծ մուրճ) անվամբ ռազմապետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալվածների՝ բարձրաստիճան թուրք զինվորականների հարցաքննությունն սկսվել է: Նշված ծրագրի պատրաստմանը մասնակցելու մեղադրանքով Թուրքիայի 9 նահանգներից ձերբակալվել է 49 զինվորական, որոնցից 17-ը պաշտոնաթող գեներալներ են, 4-ը՝ ծառայության մեջ գտնվող ծովակալներ, մնացածը՝ տարբեր զինվորական կոչումներ ունեցող թուրքական բանակի սպաներ:
Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ, հարցաքննվածներից 13-ի գործերն ուղարկվել են դատարան, 6 զինվորական ազատ է արձակվել, իսկ Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովակալ Ջեմ Գյուրդենիզի եւ գեներալ-մայոր Ազիզ Չաքմաքի ու 5 պաշտոնաթող զինվորականների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Հարցաքննության ժամանակ ձերբակալված զինվորականները հիմնականում չեն պատասխանել հարցերին եւ օգտվել են լռելու իրենց իրավունքից:
Ըստ զլմ-ների, հարցաքննության ընթացքում հնչել են այսպիսի հարցեր. “Ի՞նչ նպատակով էիք պատրաստել “Balyoz” ծրագիրը”, “այդ ծրագիրը կազմելու հրահանգն ումի՞ց եք ստացել”, “ո՞ւմ հետ եք պատրաստել այդ ծրագիրը”, “հասցրե՞լ եք որոշ բաներ իրականացնել այդ ծրագրից”, “ե՞րբ էիք նախատեսել կյանքի կոչել այդ ծրագիրը” եւ այլն: Հիշյալ ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթ, ռմբահարել մի քանի թուրքական մարտական ինքնաթիռ, իրականացնել աղմկահարույց սպանություններ, ստեղծվելիք քաոսային իրավիճակը ծառայեցնել հեղաշրջմանը՝ նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել վարչապետ Էրդողանի գլխավորած “Արդարություն ու զարգացում” կուսակցությանը:
Իսկ Թուրքիայի պետնախարար ու եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, ելույթ ունենալով Չեմբերլիթաշի ասոցիացիայի հիմնադրամի կենտրոնակայանում, քննադատել է Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը, որով Թուրքիան չի կարողանա առաջընթաց ունենալ: “Զինվորական Սահմանադրությամբ հնարավոր է միայն նվազագույն ժողովրդավարություն ապահովել”,- ասել է պետնախարարը: Է. Բաղըշը հիշեցրել է, որ արդեն 51 տարի է, ինչ ընթանում են Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները եւ չեն ավարտվում, իսկ ԵՄ անդամ երկրներ կան, որոնք ժամանակին ավելի դժվար բանակցային փուլերում են եղել, քան Թուրքիան: Իսկ այս երկրի ներկայիս Սահմանադրությունը գրվել է 1980թ. ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալների կողմից եւ ընդունվել է 1982թ.: Արեւմուտքը դժգոհ է այդ Սահմանադրությունից եւ անընդհատ բարձրաձայնում է դրա բարեշրջումների անհրաժեշտության մասին:
Իսկ Թուրքիայում զինվորական հեղաշրջումները միտում չունեն դադարելու: Սա պիտի մտահոգի նաեւ մեր իշխանություններին եւ ժողովրդին, առավել եւս, երբ պատրաստակամություն կա հարաբերություններ ձեւավորել թուրքերի հետ:

Հայկ Թորգոմյան

Ախպերությունը` ախպերություն, գործը` գործ
Բաքվում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, թե երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմի հանման վերաբերյալ մի փաստաթուղթ է պատրաստվել: Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերը կդնեն իրենց ստորագրությունն այդ փաստաթղթի տակ:
“Թուրքիան վերջին շրջանում որոշ երկրների հետ վերացրել է վիզային ռեժիմը, օրինակ, Սիրիայի, Հորդանանի եւ Լիբանանի հետ: Լիբանանում մեծ հայկական համայնք կա, կառավարությունում էլ հայկական ծագում ունեցող երկու նախարար կա: Չնայած այդ հանգամանքին, նրանք մեզ հետ հանեցին վիզային ռեժիմը: Մեր երկիրը սպասում է, որ Ադրբեջանի հետ նույնպես կհանվի վիզային ռեժիմը”,- ասել է Հ. Քըլըչը:
Այսպես Անկարան եւ Բաքուն փորձում են հեշտացնել թյուրքական երկկողմանի հարաբերությունները: Սակայն, չնայած մեծ ցանկությանը, Թուրքիան հանուն իր կրտսեր եղբոր, չի հետեւում Իրանի օրինակին, որը միակողմանի, արդեն շուրջ մեկ ամիս, դադարեցրել է վիզային ռեժիմը Ադրբեջանի հետ:

Կարեն Բալյան

* Թուրքերը սպասում են ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի թուրքական միությունների ֆեդերացիան (TADF) Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւին առավել ուժգին ընդդիմանալու կոչ է արել: Ֆեդերացիայի նախագահ Քայա Բոզթեփեի տարածած հաղորդագրության մեջ ամերիկաբնակ թուրքերին կոչ է արվում բողոքի նամակներ գրել կոնգրեսականներին` մասնակցելով համընդհանուր նամակագրության ակցիային:
Ըստ թուրքական զլմ-ների, այդ հաղորդագրությունն արդեն ուղարկվել է 30.000 թուրքերի: “TADF”-ի պատվիրակությունը Ք. Բոզթեփեի գլխավորությամբ մեկնել է Թուրքիա՝ կազմակերպչական հանդիպումներ անցկացնելու:

* ՆԱՏՕ-ն սպասում է Ռուսաստանին
ՆԱՏՕ-ն դեռ չի ստացել Մոսկվայի պաշտոնական պատասխանը` կապված Աֆղանստանի անվտանգության ուժերին ուղղաթիռներ տրամադրելու եւ դրանց համար օդաչուներ պատրաստելու ավելի վաղ արված հարցման հետ:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Հստակ պատասխան չկա, սակայն ՌԴ-ի իշխանությունները քննարկում են այդ առաջարկը:
Հետաքրքիր է, որ Մոսկվան նախատեսել է Իրանին էլ վաճառել S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն ինչին արդեն դեմ է ՆԱՏՕ-ն:

Արտակ Հայոցյան

Թուրք-հունական նոր առճակատում
Թուրքական “Սի Էն Էն թուրք” լրատվական ծառայության տեղեկացմամբ, Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է մի հռչակագիր, որով դեմ է արտահայտվում կիպրական բանակցություններում Անկարայի միջամտությանը՝ երաշխավորի կարգավիճակով: Այս որոշումը, թուրքերի համոզմամբ, բանակցություններում կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել թուրքական կողմի դեմ: Ի դեպ, այդ հռչակագիրն ընդունվել է միաձայն:
Թուրքական զլմ-ները նշում են, որ այդ փաստաթղթի ընդունումից շատ առաջ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը զանգահարել էր Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասին եւ այդ երկրի քաղաքական ընդդիմության առաջնորդ Նիկոս Անաստասիադիսին ու ցանկություն էր հայտնել, որ նման փաստաթուղթ չվավերացվի, բայց, ապարդյուն:
Իսկ ըստ հունական զլմ-ների, ՀԿԹՀ վարչապետ Էրօղլուն նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանն էլ կարող է դրան հակառակ փաստաթուղթ ընդունել: Իսկ Եվրախորհրդարանը վերջերս Թուրքիայի մասին պատրաստած զեկույցում պահաջել էր, որ թուրքական զորքերը դուրս բերվեն Կիպրոսից: Այսպես միջերկրածովյան ավազանում կարող է վերստին հասունանալ թուրք-հունական մի նոր առճակատում:

Կարեն Բալյան

Քրդական “դիպուկահարում”
Պաշտոնական այցով Իսպանիայում գտնվելու ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական “կոշիկի նետման” թիրախ է դարձել: Էրդողանը Սեւիլիայում Էր գտնվում, քանի որ նրան պետք է հանձնվեր “NODO” հիմնադրամի մրցանակը “Քաղաքակրթությունների դաշինք” նախաձեռնությանն աջակցելու համար, որը նպատակամղված է ծայրահեղականության դեմ միջազգային գործողությունների ակտիվացմանը (եւ ու՞մ են պարգեւատրում – Ա.Մ.): Երբ Թուրքիայի վարչապետն ավտոմեքենա նստելիս է եղել Անդալուզիայի մայրաքաղաքի օդանավակայան մեկնելու համար, ինչ-որ մեկը կոշիկ է նետել նրա վրա՝ “Կեցցե Քրդստանը” գոռալով: Բայց կոշիկը Էրդողանին չի դիպել, թիկնապահն է կոշկահարվել, իսկ անվտանգության ծառայությունն իսկույն բռնել է անհաջողակ “դիպուկահարին”:

Անի Մարության

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Դատի տվո՜ղն ո՞վ է

February 26, 2010


Ռ. Քոչարյանի դեմ պատրաստված նյութերը 2-3 շաբաթվա ընթացքում ՀԱԿ-ը կուղարկի Հաագայի դատարան. օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ներկայացվելիք հայցի ծավալը 400 էջ է: Նախկինում Դ. Շահնազարյանն ասել էր. “Մեղադրական եզրակացությունը, ինչպես նաեւ հավաքված ստորագրությունները, ոչ միայն մարտի 1-ին Ռ. Քոչարյանի՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար են, այլեւ 10 տարվա գործունեության հանցագործությունների մասին են”:
Ի դեպ, Դ. Շահնազարյանը նկատել է, որ եվրակառույցների աչքերն արդեն բացվել են եւ նրանց համար այլեւս ակնհայտ է, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ-ում բանակի օգնությամբ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որ իշխանությունը սպանդ է իրականացրել իր ժողովրդի դեմ, որ անկարգություններն ու թալանը կազմակերպել են իշխանությունները: Իսկ ինչո՞ւ են այսօր հանկարծ բացվել եվրակառույցների աչքերը՝ մնում է կռահել: Դ. Շահնազարյանը կարծում է, որ դա տեղի է ունեցել աշխարհաքաղաքական զարգացումների ու շահերի արդյունքում:
Ինչպես ասում են` ժամանակին մարդկանց պատասխանատվության չենթարկելը նպաստում է, որ նրանց ձայնը “տաք տեղից գա”, հատկապես 90-ականների մութ ու ցուրտ տարիների ալան-թալանից ու լեւոնա-վանոյական կամայականություններից հետո… Իհարկե, մարտիմեկյան դեպքերը պետք է պարզաբանվեն եւ մեղավորները պատժվեն: Ի միջիայլոց` բոլոր կողմերի մեղավորները եւ սադրիչները` թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կամ այլ…
Իսկ ժամանակին Ռ. Քոչարյանը այդպես էլ գոնե ՀՀ դատարաններ չուղարկեց ՀՀՇ-ական իշխանության ազգահալած ու ազգաթալան գործերը, չնայած այն բանին, որ այդպիսի տեսակետ հայտնել էր նաեւ այն ժամանակներում գործող Քաղաքական խորհուրդը:
Քրիստոնեական “մի դատվիր, որ չդատվես”-ը անիրատեսական է մեր կյանքում… եւ առհասարակ սխալ է, եւ ահա Ռ. Քոչարյանը արժանանում է Լ. Տեր-Պետրոսյանի “դատավճռին”:
Գոնե այս հանգամանքը կնպաստի՞, որ վերհանվեն 1990-1998թթ. ՀՀՇ-ական իշխանությունների գործերը եւ Հաագայի դատարանում գործն սկսեն դրանից…

Նարե Մշեցյան

* * *
2008թ. մարտի 1-ի զոհերի ծնողները հաղորդագրություն են ուղարկել “Լուսանցք”-ին այն մասին, որ նամակով դիմել են ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության բոլոր պատգամավորներին: Զոհերի ծնողները խիստ վրդովված են այդ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի՝ մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատների վերաբերյալ թերթերում արված հայտարարությունից, որում նա նշում է, թե չի պատրաստվում պաշտպանել ինչ-որ խմբերի շահերը: Դիմումում զոհվածների հարազատները ՀՅԴ խմբակցության անդամներից պահանջում են պարզել, թե լինելով ընդդիմադիր, ինչն է նրանց խանգարում պաշտպանել մարտի 1-ի անօրինական գործողությունների հետեւանքով զոհվածների իրավահաջորդներին եւ պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին:
Այսպես մարտի 1-ի զոհերի խնդիրը ժամանակին արծարծվում էր ՀԱԿ-ի կողմից՝ ընդդեմ իշխանությունների, հիմա էլ Հաագայի դատարան են դիմելու: Այժմ էլ այդ խնդիրը դարձել է հին եւ նոր ընդդիմադիրների “բախման” թեմա: Կարծում ենք` մարտի 1-ի մեղավորներին գտնելու եւ պատժելու հարցը ներազգային լուրջ խնդիր է դարձել եւ այն պետք է հեռու պահել ամենատարբեր շահարկումներից:

“Լուսանցք”

Սերգոն` ի շրջանս յուր
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել Սերգո Երիցյանը: Նախկին պետը՝ Լավրենտի Միրզոյանը, արժանանալով ԿԳՆ պատվոգրի, անցավ մեկ ուրիշ աշխատանքի՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվել է համալսարանի պրոռեկտոր: Ուստի՝ իր իսկ դիմումի համաձայն տեղափոխվել է այդ աշխատանքին:
Ս. Երիցյանը հայտնել է, որ կշարունակի մայրենի լեզվի անաղարտության համար պայքարը (իբր մինչ այժմ բուռն պայքար է ընթացել,-Ա.Հ.) եւ դա միայն տոներով չպետք է պայմանավորել, այլ պետք է պայքարել ամբողջ տարին: “Եթե յուրաքանչյուր ոք իր տեղում լինի, իր գործը կատարի եւ հավատարիմ լինի մեր լեզվապահպանողությանը, մենք լեզվապահպանության եւ ազգապահպանության խնդիր չենք ունենա: Մեր կյանքի բոլոր բնագավառներում պետք է իշխի “հանուն մաքուր լեզվի” գաղափարը”,- ասել է նորանշանակ պետը:
Իսկ եթե հիշենք, որ ոչ հեռու անցյալում ԿԳ նախարար Սերգո Երիցյանն իրականացրեց տխրահռչակ “օպտիմալացումը” եւ այլ ավերածությունները կրթական համակարգում` հատկապես անկապ փորձարարական դասարաններ ու դասագրքեր ստեղծելով, ինչը կատարվեց օտարի՝ եվրապահանջների համաձայն, ապա գոնե առայժմ խիստ կասկածելի է հնչում Լեզվի պետական տեսչության պետի ազգանվեր ելույթը…
Ավելի անկապ է դիտվում մի քանի մարդկանց անընդհատ այս կամ այն պաշտոնին նշանակելը, երբ հատկապես նախորդ ոլորտի ավերածություններն ակնհայտ են: Ուրեմն՝ կամ Լեզվի պետական տեսչությանը ավեր-“օպտիմալացում” է սպասվում, քանի որ դրա լավագույն “մասնագետներից” մեկն է նշանակվել ղեկավար, կամ էլ՝ միջազգային որոշ ուժեր պարտադրում են իրենց կամքը` իրենց կադրերին նոր ասպարեզներ տրամադրելու:
Եթե մոտ ապագայում հայոց լեզվի հետ միասին պետական լեզվի կարգավիճակի համար վերստին պայքարեն ռուսերենն ու անգլերենը, ապա կասենք` “օպտիմալացումը” այստեղ էլ հասավ, եթե ամեն բան լավ ընթանա… ուրեմն՝ “միջազգային հանրությունը” սկսել է սիրել հայերին (՞՞՞)…

Արտակ Հայոցյան

Հեռուստաեթերը “չափորոշվեց”
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը կարծում է, որ հեռուստաեթերի անաղարտության համար ընդունված չափորոշիչները էական փոփոխություն չեն մտցնի առաջատար հեռուստաընկերությունների դաշտում:
Նոր չափորոշիչներից կշահի այն հեռուստաընկերությունը, ով ավելի շուտ կսկսի որակյալ արտադրանք տալ. ասել է Ա. Հարությունյանը: Ընդհանուր առմամբ, նա դրական է գնահատում առաջարկվող փոփոխությունները ու կարծում, որ 1-2 տարում հեռուստատեսային ոլորտին այն մեծ օգուտներ կտա. “Այսօր մտավորականության, հասարակության զգալի մասը դժգոհ է եթերից: Այդ վիճակը կտրուկ կփոխվի: Չեմ ասում՝ կունենանք իդեալական վիճակ, բայց դրական հետեւանքներն ակնհայտ կլինեն”:
Ամեն դեպքում մտավախությունը, թե այս չափորոշիչները կարող են գավառականացման տանել հեռուստաեթերը, դեռ առկա է շատերի մոտ: Բայց ոմանք էլ կարծում են, թե սկզբնական շրջանում, իհարկե, կլինեն խնդիրներ, թյուըմբռնումներ, սակայն դրանք ժամանակի ընթացքում կկարգավորվեն:
Իսկ Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հաղորդումների նկատմամբ ու այլ արտադրանքի վրա նույնպես ուշադրություն կդարձնի: Ամեն դեպքում սերիալներ ու հումորային ծրագրեր կրկին կցուցադրվեն: Իսկ էրոտիկ, բաց տեսարաններ եւ արյունոտ կադրեր պարունակող կինոնկարներ, ըստ ՀՀԽ նախագահի, Հանրայինը կցուցադրի սահմանված ժամին՝ գիշերվա 12-ից հետո:
Առաջիկա 1-2 տարվա ընթացքում հեռուստատեսությունը պետք է այնպիսի հումոր ցուցադրի, որի հիմքում գռեհկություն, ազգային արժեքների ոտնահարում չլինի: Տեսնենք` ինչ արձագանքներ կլինեն մյուս հեռուստաընկերությունների պատասխանատուների կողմից:

Գոհար Վանեսյան

Գործարարների հետ` միայն պահանջի լեզվով
Հունիսի 1-ից ՀՀ-ում կմեկնարկի ոչ պարենային ապրանքների վրա հայերեն նշագրումների գործընթացը: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Աշոտ Ղազարյանը:
Պարտադիր մակնշման ենթակա ոչ պարենային ապրանքների ցանկը արդեն ներկայացվել է էկոնոմիկայի նախարարություն: Ներկայումս ընթանում է նախապատրաստական գործընթացը, եւ 2010թ. հունիսի 1-ից գրեթե բոլոր ապրանքային խմբերը կլինեն հայերեն նշագրումներով: Իսկ այսօր ոչ պարենային շուկայում վաճառվող բազմաթիվ ապրանքերի վրա բացի հայերենից կարելի է տեսնել տարբեր լեզուներով նշագրումներ, որոնցում գերակշռում են անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, պարսկերեն եւ չինարեն նշագրումները: Կան նաեւ վրացերեն, ուկրաիներեն եւ նույնիսկ ադրբեջաներեն նշագրումներ:
Հայերեն մակնշումները կարեւորել է նաեւ “Սպառողների իրավունքների պաշտպանություն” հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Հայերեն լեզվով նշագրումները կարեւոր են ոչ միայն ազգային շահերից ելնելով, այլեւ հնարավոր կդարձնեն վերահսկել ապրանքի՝ ներկրողից մինչեւ վաճառող ուղին:
Իսկ ոչ պարենային ապրանքերի շուկան այսօր խայտառակ վիճակում է, հունվարին վերոնշյալ հ/կ-ն դիտարկում է իրականացրել կենցաղային քիմիայի, լվացման միջոցների, կենցաղային տեխնիկայի եւ օծանելիքի շուկայում ու հայտնաբերել է 100-ից ավելի տարբեր տեսակի ապրանքներ, որոնց 90%-ը կարիք ունի հայերեն մակնշման: Հիշեցնենք, որ արդեն մեկ անգամ փորձել են կիրառել հայերեն նշագրման պայմանը, սակայն` ապարդյուն: Ուստի` ճիշտը ոչ թե պայման դնելը, այլ` պահա՛նջ ներկայացնելն է:

Արտակ Հայոցյան

Մշտական բնակչության թիվն ավելացել է


ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2009թ. տարեսկզբի նկատմամբ տարեվերջին աճել է 12,5 հազար մարդով:
Այսպիսի տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: 2009թ. հունվար-դեկտեմբերին 2008թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի շարունակվող աճն ապահովվել է` ի հաշիվ բնակչության բնական հավելաճի ավելացման (23,0%) եւ միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշի նվազման (19,1%):
2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է 44.466 ծնված, որը 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8,0%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով, աճել է, համապատասխանաբար՝ 1,0 պրոմիլային կետով եւ կազմել 13,7%:
Այս տարի հունվար ամսին ծնելիության աճ է գրանցվել նաեւ մայրաքաղաք Երեւանում. գրանցվել է 1636 ծնունդ:

Գոհար Վանեսյան

“Լուսանցք” թիվ 138, փեդրվարի 19- մարտի 4 2010թ.

Շամիրամի բարդույթ կամ իգական հաննիբալիզմ

February 26, 2010

Պատմական զուգահեռներ, որ էպոսներից մեր օրերն են հասնում

Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Դա դիտվում է թե ցածրակարգ եւ թե բարձրակարգ կենդանիների` սարդերի, շնաձկների, գայլերի մոտ: Ինչպեսեւ` մարդկանց շրջանում: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսեւորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը բնազդային գործոններն են: Հաննիբալիզմի դրսեւորումները կարելի է դասակարգել ըստ սեռային, տեսակային, մարդկանց մոտ նաեւ անձնային, կրոնական, կենցաղային, ռազմաքաղաքական եւ այլ հատկանիշների: Ընդհանուր գծերով արական ագրեսիվությունը վարքի բնական առողջ մակարդակում չի վերածվում էգի դեմ ուղղված հաննիբալիզմի: Արական ագրեսիվությունն ունի ներսեռային ուղղվածություն՝ պայմանավորված բազմացման հետ առնչվող մրցակցությամբ, ասենք, առյուծների խմբում ավելի կենսունակները ոչնչացնում կամ խմբից հեռացնում են թույլ մրցակիցներին` էգերի մոտ բազմացման բնազդն ակտիվացնելու համար: Պայմանավորված տեսակի գենդերային զարգացմամբ՝ առանձնակի հետաքրքրություն է իգական ագրեսիայի եւ հաննիբալիզմի ուսումնասիրումը:
Տրիբոլիում բզեզների պոպուլիացիայի վրա կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ, սննդաքանակի փոքր պաշարով պայմանավորված, էգերը սկսում են խժռել ոչ միայն իրենց ձվերը, այլեւ սպանում են թրթուրների որոշակի քանակություն: Էգը թողնում է այնքան ձու կամ թրթուր, որոնց համար կբավականացնի սննդի առկա պաշարը: Դրանով էգ օրգանիզմը սերնդի մի մասի համար իրական հնարավորություն է ստեղծում վերածվելու առողջ եւ հասուն բզեզների:
Վ. Ի. Լունկեւիչը նկարագրում է հացաբզեզների՝ արուների մեռնելը էգերին բեղմնավորելուց հետո: Այս երեւույթը հատուկ է նաեւ շատ ձկնատեսակների, որոնք ձկնկինթ դնելուց հետո մեռնում են եւ ամբողջ կենսատարածքը թողնում աճող սերնդին: Որոշ տեսակի միջատների (սարդեր, աղոթարարներ) էգերը բեղմնավորումից հետո խժռում են արուներին: Նման ձեւով էգը լուծում է`
ա. բազմացնան նոր փուլ մտած իր օրգանիզմի համար սննդի հարցը,
բ. տվյալ կենսատարածքում նույն որձի կողմից իրեն մրցակից այլ էգի չբեղմնավորելու հարցը,
գ. ծնվելիք ձագերին ներտեսակային մրցակցությունից առավելագույն պաշտպանության հարցը:
Թռչունների էգերը, հանդես բերելով ընտրողականություն, սպանում են հիվանդ ճտերին: Նույն կերպ են վարվում էգ խոզերը թույլ, հիվանդ ձագերի հետ: Էգ գայլը սովի դեպքում ուտում է առավել թույլ ձագերին, որպեսզի ուժեղներին կաթ տա, իսկ վտանգի դեպքում, առաջին հերթին, փրկում է առավել ուժեղ ձագին: Հնդկական կոբրան, որ սնվում է օձերով, շուրջ 60 օր հերթապահում է իր ձվերի մոտ, սակայն ձագերի ծնվելուց անմիջապես առաջ հեռանում է, որպեսզի չուտի նրանց:
Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, որպեսզի լրիվ զբաղեցնի իր բնակատեղին առանց գերբնակեցման: Համաձայնելով այս տեսությանը՝ նկատենք միայն, որ վերարտադրման մեխանիզմում, գործընթացում, եթե արուները կենսատարածքին տիրանալու, էգին բեղմնավորելու համար մեկը մյուսին անմիջականորեն վնասում են կամ խժռում, ապա էգերի մոտ, որպես օրինաչափություն, բացակայում է անմիջական ներսեռային պայքարը:
Սոցիալական կազմակերպվածության հոմեոստատիկ տեսությունը բացատրում է պոպուլիացիայի պահպանման մեխանիզմը, ըստ որի՝ կենդանիների սոցիալական կյանքի բոլոր ձեւերն առաջ են եկել որպես միջոցներ իրենց տեսակի տեղաբաշխման խնդիրը լուծելու համար: Ցածրակարգ կենդանիների մոտ դրանք վարքի բնազդային, ինքնաբերաբար եւ անգիտակցաբար գործող մեխանիզմներ են:
Բնական է ենթադրել, որ մարդու, որպես կենսաբանական տեսակի, վարքում որոշակի իրավիճակներում դրսեւորվում են բնազդային հիմքով պայմանավորված ֆիզիկական եւ հոգեկան ագրեսիայի դեպքեր: Ըստ հոգեբան Ա. Նալչաջյանի, “մարդկային հասարակության մեջ եւս բնակչության աճի ու տեղաբաշխման խնդիրներն առաջ են գալիս եւ լուծվում են մի շարք կենսաբանական ու մշակութային, կամածին եւ ոչ կամածին մեխանիզմների օգնությամբ”: Մարդկային ագրեսիվ վարքագիծը՝ պայմանավորված բազմացման գործոններով, մարդիկ նկարագրել ու քննարկել են անհիշելի ժամանակներում: Այդպիսով նման իրադարձությունները, երեւույթները մտել են առասպելներ, հեքիաթներ, պատմվածքներ, դրամաներ եւ արտահայտվել մշակութային այլ դրսեւորումներում:
Կին-երեխա-տղամարդ հարաբերությունները Հին աշխարհում արտացոլվել են Միջագետքում (Սենաար, Աքքադ, Ասորիք), Արարատում, Հին Եգիպտոսում, Հելլադայում:
Որպես խնդրո առարկա կամ նախապատմություն, պահպանված ստեղծագործություններից կերպարների գունեղությամբ առանձանանում է հատկապես Ասորեստանի թագուհի Շամիրամի անվան հետ կապված առասպելը: Պետք է նշել, որ տվյալ կերպարը հավաքական է եւ սերտորեն առնչվում է սենաարցիների (շումերներ) եւ արարատցիների առասպելներին ու պատմական դեպքերին:
Ըստ “Գիլգամեշ” էպոսի, Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Դումուզ (Թումուզ) գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Դումուզին եւ նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ՝ իր քույր-աստվածուհու մոտ: Հետագայում նա սկսում է սիրահետել Ուրուկ (Արեկ) քաղաքի թագավոր, մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Մահափորձը չի ստացվում: Էնկիդուն ու Գիլգամեշը սկզբում կռվում են, բայց հետո տուրք տալով բանկանությանը՝ եղբայրանում են: Իշտարն այս անգամ որոշում է սպանել երկուսին էլ: Այդ նպատակով հոր օգնությամբ Երկիր է ուղարկում Երկնային ցուլին: Եղբայրները սպանում են ցուլին, սակայն ծանր վիրավորված էնկիդուն զոհվում է: Գիլգամեշը որոշում է ոչ թե վրեժխնդիր լինել Իշտարից, այլ հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը:
Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվեց գեղեցկուհի Շամիրամի հետ: Շամիրամն ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ եւ որդի է ունենում: Նրան կոչում է Նինուաս: Շամիրամը սպանում է ամուսնուն ու տիրանում գահին: Որդին հեռանում է տանից, Շամիրամը սիրո եւ ամուսնության առաջարկ է անում Հայոց Արա Գեղեցիկ արքային: Արան, պաշտպանելով իր երկիրը բաբելոնյան բարքերից, Շամիրամին հայտնում է, որ ինքը չի դավաճանի կնոջն ու մերժում է առաջարկը: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային եւ արշավում է Հայաստան: Նախնիների բարքերն ու իր ընտանիքը պաշտպանող Արա Գեղեցիկը ճակատամարտում զոհվում է: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունը: Հետո սկսում է հուռութքներով դյութել հայ տղաներին: Նինվեում ապստամբում է ու գահին տիրանում Նինուասը: Հարազատ որդուց հալածվող Շամիրամը վերածվում է աղավնու, համբարձվում երկինք ու դառնում աստվածուհի:
Այս առասպելում կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկությունն ու դրա իրականացման փորձն է:
Հիմք ընդունելով “Շամիրամ” գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ նպատակահարմար ենք գտնում բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակն անվանել “Շամիրամի բարդույթ”: Հիշատակված օրինակներում իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու եւ ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: Իգական ագրեսիան արտացոլված է նաեւ հելլենական առասպելներում: Հերակլեսի կինը՝ Դեյանիրան, անհանգստանալով, որ ամուսինը կամուսնանա ուրիշ կնոջ՝ Իոլեի հետ, ամուսնուն է ուղարկում իր ձեռքով հյուսած մի թիկնոց: Թիկնոցին քսում է Նեսոս կենտավրոսի արյունը՝ հուսալով, որ այդպես կվերադարձնի ամուսնու սերը: Դեյանիրան չգիտեր, որ այդ արյունը վարակված է Լերնեյան հիդրայի թույնով:
Հերակլեսն իր վրա գցելով թիկնոցը՝ թունավորվում է: Աստվածները մահամերձ հերոսին տանում են երկինք, անմահություն են պարգեւում եւ ամուսնացնում: Անսահման է լինում Հերակլեսի որդու՝ Հելիոսի զայրույթն ու վիրավորանքը՝ ուղղված մորը: Նա ասում է.
– Օ՜, ինչպես կուզենայի երեքից մեկը գոնե տեսնել. կամ դու կենդանի չլինեիր, կամ ուրիշը քեզ մայր կոչեր եւ ոչ թե ես, կամ ավելի խելամիտ լինեիր, քան ես: Իմացիր, ուրեմն, դո՛ւ եղար ամուսնուդ՝ իմ հոր մահվան պատճառը:
Դե, իսկ “Ոդիսականում” կախարդուհին տղամարդկանց վերածում է խոզերի` նրանցով սնվելու համար: Աստվածաշնչում նույնպես կան խնդրո առարկա պատկերներ: Օրինակ, Ռաքելը՝ Հովսեփի եւ Հակոբի մայրը, նախընտրում է խելացի Հակոբին որսորդ Հովսեփից: Օգնում է Հակոբին խաբել հորը եւ արժանանալ հայրական օրհնանքին: Հակադրվելով ամուսնուն՝ մայրն օգնում է ինտելեկտուալ զավակին՝ ամրացնել սոցիալական դիրքերը:
Հերովդեան ուզում էր ամուսնանալ մահացած ամուսնու եղբոր հետ: Եվ իր ամուսնությանը խանգարել փորձող բարոյագետ Հովհաննես Մկրտիչի ոչնչացմանն են ուղղված Հերովդիայի ջանքերը (Մարկոս, գլ. 6): “Եվ Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում եւ ուզում էր սպանել նրան եւ չէր կարողանում: Որովհետեւ Հերովդեսը Հովհաննեից վախենում էր նրան արդար ու սուրբ մարդ ճանաչելով”: Սակայն, այնուամենայնիվ, դստեր` Սաղոմեի օգնությամբ Հերովդիան ստանում է Հովհաննես Մկրտիչի գլուխը:
“Հազար ու մեկ գիշեր” հեքիաթաշարի հերոսուհիներից մեկն ամորձատում է իրեն լքած տղամարդուն: Մեկ այլ հերոսուհի իր ամուսնուն կիսով չափ քարի է վերածում, քանի որ սա մահացու վիրավորել էր կնոջ հոմանուն: Իգական ագրեսիայի ուշագրավ դրվագ կա նաեւ Ֆիրդուսու “Շահնամե” էպոսում: Իրանի շահի՝ Քեհ Քաուսի երկրորդ կինը սկսում է սիրահետել Սիավուշին՝ Քեհ Քաուսի որդուն: Սիավուշը մերժում է վավաշոտ թագուհու սերը: Թագուհին Սիավուշին ոչնչացնելու համար նրան զրպարտում է արքայի մոտ: Զրպարտված որդին պետք է անցներ կրակի միջով, այսինքն՝ ենթարկվեր մահացու փորձաքննության: Սիավուշն անցնում է կրակի միջով ֆիզիկապես անվնաս, բայց հոգեպես վիրավորված՝ հեռանում է հայրական տնից: Իգական ագրեսիայի դրվագներ կան նաեւ հայոց “Սասունցի Դավիթ” էպոսի համահավաք բնագրերում եւ մշակումներում: Բախումները հիմնականում հետեւյալ կերպարների միջեւ են` ա. տարբեր ցեղամայրեր՝ Արմաղան եւ Իսմիլ Խաթուն, բ. Սասունցի Դավիթ եւ նրա հորեղբոր կին Սառյե, գ. Սասունցի Դավիթ եւ Արտատեր Պառավ, դ. Սասունցի Դավիթ եւ Չմշկիկ Սուլթան, ե. Սասունցի Դավիթ եւ Խանդութ Խանում, զ. Սասունցի Դավիթ եւ իր Դուստրը՝ Չմշկիկ Սուլթանից, է. Փոքր Մհեր եւ մոլորված հարս (ջուր փնտրող):
Արմաղանի եւ նրա հակառակորդ Իսմիլ Խաթունի միջեւ պայքարը ծպտված է: Վերջինս որդի ունենալու համար Մեծ Մհերին հարբեցնելով՝ պահում է իր տանը: Մհերը սթափվում է այն ժամանակ, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Իսմիլն իրենց որդուն՝ կրտսեր Մսրա Մելիքին խրատում՝ քանդել հայի տունը: Մեծ Մհերը, թողնելով որդուն եւ օտար ցեղի կնոջը, վերադառնում է պապենական տուն: Որդի ունենալուց հետո մահանում են ինքն ու կինը: Նրա որդին՝ Մանուկ Դավիթը, անցնում է հորեղբոր՝ Ձենով Օհանի խնամքի տակ: Պատանի Դավթին սիրահետում է հորեղբոր կինը՝ Սառյեն: Դավթին առաջարկում է իր գլխին ջուր լցնել՝ հուսալով, որ Դավիթը կտեսնի իր մարմինն ու իրեն կցանկանա: Բայց տեսնելով, որ Դավիթն աչքերը փակած է ջուր լցնում ու իրեն չի նայում՝ արյունոտում է դեմքն ու զրպարտում Դավթին սեռական նկրտումների համար: Դավթի առաջ փակվում է հայրական տան դուռը: Դավիթը, հորեղբորն ասելով, որ նա իր լիրբ կնոջից խաբված է, հեռանում է քաղաքից: Ավելորդ չէ նշել, որ ցեղի կացարանից հեռացվելն անհատի համար հավասար էր ոչնչացման: Հետաքրքիր իրողություն է այն, որ էպոսում բեղունության արական խորհրդանիշ Ջրհոս Վերգոն եւս ապաստան չի տալիս եղբորորդուն: Դավիթը գնում ու ապաստանում է Արտատեր Պառավի մոտ:
Սասունցի Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն արձագանքում է Խանդութ Խանումի սիրո հրավերին: Սկզբում նա մենամարտում է զինվորի շոր հագած Խանդութի հետ: Երբ Դավիթը գետնում է նրան ու պատրաստվում սպանել, Խանդութը բացում է կուրծքը եւ խնդրում խնայել իր կյանքը: Դավիթը թուրն իջեցնում է ու ամուսնանում նրա հետ: Տարիներ անց, Դավիթը սպանվում է իր այն աղջկա ձեռքով, որ ծնել էր իր կողմից լքված Չմշկիկ Սուլթանը: Այն բանից հետո, երբ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, Համբարձման գիշերը նրա քարայրն է մտնում մի մոլորված հարս, որ տանից դուրս էր եկել ջուր կամ լույս գտնելու: Փոքր Մհերը նրա հետեւից դուրս չի գալիս իր ապաստանից՝ սպասելով մարդկային մտավոր ու բարոյական առաջընթացին:
Սասնա տան տղամարդիկ կարող են ջարդել բանակներ, զոհվել կնոջ ձեռքով, բայց զենք չեն ուղղում նույնիսկ հակառակորդ երկրի կանանց դեմ՝ Իսմիլ Խաթուն, Չմշկիկ Սուլթան, Մսրա Մելիքի քույր:

Այլազգիների հետ կապերը մեզ համար աղետ են դառնում

Կնոջ կողմից ամուսնուն սպանելու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Ալեքսանդր Մակեդոնացու կենսագիրներից Ռուֆուսը: “8. (Կնոջ) կեղծ հնազանդությունից խաբված Սպիտամենը հրամայում է օրը ցերեկով խնջույք սկսել. նրան, գինուց ու կերակրից ծանրացած, քունն աչքերին տանում են ննջասենյակ: Կինը համոզվելով, որ նա խոր քնած է, մերկացնում է հագուստի տակ պահված սուրը եւ գլխատում ամուսնուն: Մյուս կողմից (Մակեդոնացու) մոտ զազրանք է առաջացնում այն, որ կինը նենգորեն սպանել էր մի մարդու, ով այդքան սիրել է իրեն, իր զավակների հորը: 15. Այդ ոճրագործության առաջացրած նողկանքն ավելի ուժեղ գտնվեց, քան շնորհակալության զգացումը եւ արքան հրամայեց ասել նրան (Սպիտամենի կնոջը), որ նա հեռանա ճամբարից…”:
Կնոջ ագրեսիայի վերաբերյալ շատ գունեղ գործ է ստեղծել Հովհաննես Թումանյանը՝ հանձին “Թմբկաբերդի առումը” պոեմի: Մեր քննարկվող թեմայի հետ է առնչվում Հովհ. Թումանյանի հետեւյալ գրառումը. “Երբ մարդը (ամուսինը) հաղթվել է՝ միշտ կինը հաղորդակից է եղել թշնամուն”:
Այս առումով հետաքրքիր գործ է ստեղծել Վերածննդի շրջանի գրականության սկզբնավորողներից Մատթեո Բանդելլոն: Նրա “Կոմսուհի դի Չելլան” նովելում հերոսուհին որոշում է սպանել իր սերը մերժած տղամարդուն: Նպատակին հասնելու համար սիրային կապ է ստեղծում ուրիշ տղամարդու հետ: Եվ այս մեկին դրդում է սպանել առաջինին:
Ըստ Շեքսպիրի, առողջ, բանական կինն ընդունակ չէ մահափորձի, դրա համար նրա էությունը պետք է փոխվի: Լեդի Մակբեթն իր ազգական Դունկան թագավորին սպանելուց առաջ օգնության է կանչում չար ոգիներին. “Եկեք, ոգիներ,/ Դուք, որ մահադավ մտածումներին սպասարկում եք,/ Անսեռեցեք ինձ. լցրեք ինձ այստեղ գանգից գարշապար, Ամենավայրագ անողորմությամբ: Թանձրացրեք արյունս:/ Եկեք, կանացի իմ ստինքներիս,/ Եվ փոխարկեցեք իմ կաթը մաղձի,/ Ով սպանության Դուք պաշտոնյաներ”:
“Սասունցի Դավիթ”-ում, երբ հակառակորդ երկրի կանայք՝ Իսմիլն ու նրա դուստրը, վկայակոչում են իրենց կանացի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մայրությունն ու քույրությունը, ապա կարողանում են ազդել հայ տղամարդու վրա, որպեսզի նա իջեցնի իր զենքը: Բայց բավական է, որ կինը զենք վերցնի ու նենգորեն նետահարի տղամարդու թիկունքը, Սասունցի Դավթի գոռոցն իսկ մահաբեր Է դառնում նման կնոջ համար, նույնիսկ եթե դա հարազատ աղջիկն է:
Հայ իրականությունում սեռային հողի վրա զարգացող ընտանեկան կոնֆլիկտներին արձագանքել են նաեւ Շիրազը (“Մոր սիրտը”), Զորյանը (“Խնձորենու այգին”), գեղանկարիչ Վարդգես Սուրենյանը… Ի դեպ, ըստ հոգեբան Ի. Ստեփանյանի, իգական ագրեսիայի ցայտուն օրինակ են գրեթե բոլոր հեքիաթներում առկա չար վհուկներն ու ջադու պառավները:
Թերթելով հազարամյակների էջերը, քննելով համաշխարհային դասականների գործերը՝ առանց դժվարության կարելի է նկատել, որ քննարկվող երեւույթը արվեստի գործերի մեջ մուտք է գործել մարդկային սովորական կենցաղից: Կենցաղային փոխհարաբերություններում գրեթե ամեն օր մարդիկ առնչվում են այս երեւույթին: Մարդիկ սիրում են, ատում, պաշտում, հիասթափվում, դյութում-դյութվում, պարզապես առօրյա կենցաղային խնդիրները լուծելիս առանձնակի վերլուծության չեն ենթարկում իրենց նախանձը, խանդը, մրցակցությունը, քանի դեռ այն ձեռք չի բերել ծանր ողբերգական գծեր: Ուշագրավ են հարս ու սկեսուր, հարս եւ տալ, տեգոր կանայք, զոքանչ-փեսա հարաբերությունները: Երբ ամուսնանում է տղամարդը, նրա մայրն ու կինը սովորաբար սկզբում շատ հպարտ ու երջանիկ են: Սակայն դա երկար չի տեւում, երբ` ա. սկեսուրը հարսի ու թոռների մեջ չի տեսնում իր եւ որդու կենսաբանական ու սոցիալական շարունակությունը: Հարսին սկսում է դիտարկել որպես իր շատ վատ մրցակից, ձգտում է նրան երկրորդական պլան մղել ներընտանեկան կյանքում կամ էլ իրենց տանից հեռացնել, որ նախկինում միայն իր կենսատարածքն էր, բ. հարսը սկեսուրի մեջ չի տեսնում իր սոցիալական հիմքը եւ դադարում է սկեսուրին ընդունել որպես իր զավակների եւ ամուսնու կենսաբանական ակունք: Նա հիանում է իր երեխաներով ու երկրորդական պլան է փորձում մղել սկեսուրին, երբեմն եւ՝ ամուսնուն:
Խախտվում է ընտանիքի սովորութային հիերարխիան, որը հավասարակշռված էր պահում երեխաների բնականոն զարգացման գործընթացը:
Փեսա-զոքանչ հարաբերություններում կնոջ մայրը, ձգտելով իր աղջկան ավելի ապահով ու պաշտպանված տեսնել, փորձում է գերազանցության հասնել ոչ միայն փեսայի, այլեւ նրա ամբողջ ընտանիքի նկատմամբ: Կենցաղում կանայք իրենց ամուսնուն անիծում են, “թաղում-հանում” են, “հողում են գլուխը” կամ էլ չարությունն ուղղորդում երեխաների դեմ: Հայտարարում, որ իր լակոտը “այլանդակ” հորն է քաշել, երազում են “թաղել արեւը”, “պատանքը կարել”, “քոքը կտրել” եւ այլն: Կենցաղային որոշ կոնֆլիկտներ կարող են վերածվել ողբերգությունների եւ կարիք ունենալ իրավաքրեական միջամտության…
Շարունակենք խնդրո առարկա օրինակները: Շամիրամյան առասպելաշարում որդու հասունանալով՝ Շամիրամի մոտ թուլացել է մայրական բնազդը: Ամուսնու մեծանալը տվյալ կնոջ մոտ առաջացրել է անբավարարվածության զգացում, Շամիրամի համար ամուսնական կապը դադարել էր ցանկալի լինել եւ, որպես փոխադարձ պարտականությունների համակարգ, վերածվել էր բռնության կապանքի: Շամիրամը գիտեր, որ արքունիքից իր ամուսինը կամավոր չի հեռանա, ուստի սպանում է նրան ու հրավերք ուղարկում Արա Գեղեցիկին, ինչպես նման այլ վիճակում Իսմիլ Խաթունը՝ Մեծ Մհերին: Շամիրամը զորքի միջոցով սպանում է իր հետ ամուսնանալ չցանկացող, ուրիշ կնոջ ամուսնուն` դրանով իսկ թուլացնելով մրցակից կնոջ դիրքը, իսկ արդեն երեխա ունեցած Իսմիլ Խաթունին Մեծ Մհերն այլեւս պետք չէր, եւ նա հորդորում է իր զավակին “հանգցնել հայի լույսը”, իսկ լույսի խորհրդանիշը ինքը՝ Արեւ Մհերն էր: Արա Գեղեցիկը, որ հնում երկրագործ հայերի մեռնող ու հարություն առնող աստվածն էր, համարժեք նենգությամբ չի արձագանքում Շամիրամին: Որպես հայ տղամարդ եւ արքա, իրեն թույլ չի տալիս դավաճանելու կնոջը ու իր գիրկն ընդունել ամուսնասպան թագուհուն: Ամուսնանալով Շամիրամի հետ՝ նա Հայոց աշխարհ կներմուծեր բաբելոնյան բարքեր: Հետագայում Տիգրան Մեծը եւս մերժում է Փյունիկիայի թագուհու ամուսնության առաջարկը՝ նախընտրելով նրա դեմ պատերազմելը:
Այնքանով, որքանով Մեծ Մհերը ռազմիկ հայերի արեւ-աստվածն էր, ապա ենթադրելի է, որ Իսմիլ Խաթունի եւ նրա միջեւ կապը, գինարբուքը, Իսմիլի վրեժի կոչը ռազմավարի վերածված կնոջ եւ նրան տիրացող ռազմիկի միջեւ ավելի վաղ ժամանակներում ընթացած փոխհարաբերությունների արձագանքն է էպոսում: Ժողովրդի գնահատմամբ՝ նման կապը վերածվում է աղետի, այսինքն՝ խստորեն դատապարտվել է հայոց մեջ:
Ի տարբերություն տղամարդկանց, կանանց միջեւ բազմացման բնազդով պայմանավորված ագրեսիվությունը՝ ուղղված մեկը մյուսի ոչնչացմանը, հիմնականում անմիջականորեն չի դրսեւորվում: Այն հանդես է գալիս միջնորդավորված: Կռիվը, սպանությունը կնոջ փոխարեն իրականացնում են այլ մարդիկ կամ խորհրդանշական իրերը՝ զորքը, զավակը, Ոսկե խնձորը, թունավորված խնձորը, թիկնոցը: Ըստ էության տրոյական պատերազմը երեք կանանց միջեւ մղված պատերազմի արդյունք է: Հայհոյելիս՝ կինն իրեն վերագրում է արական հատկանիշներ կամ վկայակոչում իր ազգականների առնականությունը: Երբ կինը գնում է կռիվ կամ սպանության, ապա նա իր “ես”-ը քողարկում է զինվորի կամ ծերացած կնոջ հագուստով (ծերացած կինն այլեւս պետք չունի կռվել սիրո համար): Նման վարքագիծը խորթ է տղամարդկանց: Կենցաղում, երբ տղամարդը նենգ պայքարի մեջ է մտնում, ապա հասարակությունը դա գնահատում է “ոչ ասպետական վարքագիծ”, եւ նա որակվում է որպես անբարո մարդ:
Ամփոփելով իգական սիրախաղային ակտիվությունը սեռական ագրեսիվության վերածվելու վերաբերյալ վերը բերված գեղարվեստական եւ կենցաղային օրինակները` կարելի է նկատել, որ բնականոն դրսեւորման մեջ այն ուղղված է տղամարդուն գրավելուն եւ երեխաներ ունենալուն: Ընդ որում, տղամարդը կնոջ կողմից դիտվում է ոչ միայն զուգավորող, այլեւ իրենց երեխաների կենսասոցիալական պաշտպան: Կին-երեխա-ամուսին հարաբերությունները սովորաբար բնականոն են զարգանում այն դեպքերում, երբ թե կինը, թե տղամարդը գենետիկական ու բարոյական հակվածություն ունեն դեպի մոնոգամ կապը, ինչպես օրինակ, արագիլների կամ կարապների մոտ է:

Աշոտ Մանուկյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Ի՞նչ սովորել

February 26, 2010

Ռուսները հաճախ են գործածում “հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելոքը՝ ուրիշների” ասացվածքը: Սակայն, այս “ոսպնյակի” միջով կյանքին նետված հայացքը չի կարողանում խելոքներին գրանցել: Եվ նույնիսկ հիմարների թիվն է սակավ, քանզի սեփական սխալներից փորձ հավաքածներն էլ առանձնապես վիճակագրություն չեն կազմում: Չնայած, գուցե ասացվածքը վերաբերվում է ինչ-որ բան սովորելուն:
Համենայնդեպս, այս ասացվածքում կամ թերի, կամ էլ ժամանակի ընթացքում կրճատված ինչ-որ բան կա: Միգուցե այդ ասացվածքը եղել է, կամ պատրաստվում է հասունանալ հետեւյալ տարբերակով.
“Իմաստունը սովորում է այլոց սխալներից, խելոքը` սեփական, իսկ հիմարը առհասարակ ոչինչ էլ չի սովորում”:
Եվ ի՞նչ ասել է “սովորել”:
Եթե նպատակը արտասովորը սովորական դարձնելն է, ապա մարդկությունը իսկապես սովորելու մեծ ցատկեր է կատարում:
Մարդու հարմարվողականության սահմանները թերեւս ճշգրտումների գործընթացում են:
Այնպիսի կարծիք է դեմքերի մկաններ կառավարում, թե շատ գիտելիքներ ունենալը բավարար պայման է մեծ գործեր կատարելու համար:
Եվ այդ կարծիքն է, որ առիթ է դառնում ամենայն անծանոթ եւ խորթի բնորոշումը շրջանցած սովորույթների յուրացման տենդագին համաճարակի:
Եվ այդ համաճարակն է, որ խորթն ու մերժելին մատուցում է որպես անհրաժեշտից զրկվածություն:
Եվ դրանից է, որ մարդը իր հոգին գրավ է դնում իրեն կործանող՝ բութ ցավ պատճառող սուր զգացողությանց բաղձանքի դիմաց:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Միթե՞ առաջին նախագահիդ օրինակից փորձ չքաղեցիր, որ շատ գիտելիքը կարող է նաեւ վնասակար լինել, քանզի իմացությունն ու Իմաստությունը տարբեր բաներ են:
Դեռ որքա՞ն պիտի քաղցր խոստումներով հավատդ սիրաշահեն եւ չարաշահեն:
Չին իմաստունը ճիշտ է հարցնում. “Մե՞ծ է արդյոք խոստումի եւ քծնանքի տարբերությունը”:
Դեռ որքա՞ն պիտի քո իսկ զավակին քո իսկ տալիքը այլին վստահես:
Բա՛վ է հնարավորություններդ սնունդ դարձնես հարմարվողականությանդ:
Քո գլխին եկած արհավիրքներից ի՞նչ ես սովորել:
Եվ սովորածիդ արդյունքը ո՞րն է:
Քո գլխին իշխան լինել ցանկացող քո մի հատվածը քո իսկ թշնամուց խաբելու դասը լավ է սովորել:
Բայց մի՞թե անվերջ պիտի կուլ գնաս միեւնույն ստին:
Քո Նախնիների Ճշմարտությունը փնտրիր քո՛ ներսում, ո՛չ թե քեզնից դուրս:
Եվ քո խնամքով Նրան աճեցրու քո՛ ներաշխարհի ողջ տարածքով մեկ:
Թող Ճշմարտությունը վերստին դառնա քեզ սովորական:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, ք. Կրասնոդար
Հայ Արիական Միաբանության ՌԴ կառույցի պատասխանատու

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ

Հայոց Տրնդեզ և Նրանց ամեն ինչը… հայկական չէ

February 19, 2010

Փետրվարի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողություն:

Ծիսական մասն անցկացրեցին քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները՝ Աշոտ Բադալյանn ու Վազգեն Ղազարյանը:

Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման արարողություն, գինեձոն եւ հայ-արիները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Փա՜ռք Տրնդեզին:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

15.02.2010թ. – ք. Երեւան

* * *

Հայոց քրմերը հազարամյակներ շարունակ պաշտել ու կանչել են Հայ Աստվածներին: Ոմանք նույնիսկ կապ են ունեցել Աստվածների հետ… Իհարկե, դա քչերին է տրված եղել, քանզի Աստվածներն են ընտրում ԸՆՏՐՅԱԼԻՆ…

Մեր Աստվածների հովանավորությամբ ՀԱՅՆ ունեցել է հզոր Հայրենիք ու առաջադեմ Ազգ, աշխարհում տարածել է Հայկական քաղաքակրթությունը…

Այսօր էլ, ինչպես հազարամյակներ շարունակ, նորօրյա քրմերն են կանչում Հայ Աստվածներին: Հայ արիներն են իրենց արիական-հեթանոսական տոներով ու ծեսերով պաշտում Հայոց հավատն ու ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ…

Ուստի՝

Բարի վերադարձ Հայ Աստվածներին՝ ի փառս Հայաստանի ու հայության վերականգման ու զորացման:

Փա՜ռք Տիեզերքի Արարչին:

* * *

Հայոց Տրնդեզի կրակը, որը երկնային ԱրԷգԱկի երկրային արտացոլանքն է… չի կարող վառվել առանց գինեձոնի, առանց գինեխումի եւ առանց փառաբանումների…

Գինին արեւահամ Հայոց բերքուբարիքի մի մասնիկն է եւ պետք է առատ լինի Հայոց սեղաններին:

* * *

Տրնդեզի կրակը ջերմացնում է Հայոց հոգիները, եւ հայ արիների համար կրակի խորհրդով ինքնամաքրվելը գեղեցիկ ծես է: Կրակը Հայոց օջախների հարսներին ջերմությամբ զավակներ պարգեւելու եւ հղի կանանց պտղաբերումը մաքրագործելու խորհուրդն ունի: Տրնդեզի ծիսական կրակի ինքնամաքրման խորհուրդը ինքնանպատակ չէ. Տրնդեզից 40 օր հետո, մարտի վերջերին, հայ արիները տոնում են Արիական Ամանորը` Նոր Տարին եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը…

* * *

Հավատ ունենում են բնական ազգերը, եւ ազգային լինում է միայն հավատը: Կրոնը անհատական պաշտամունքի ծնունդ է, բնույթով՝ ապազգային, եւ մի կրոնի հետեւորդներ լինում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ… միմյանցից օտար:

Հայը ի բնե հայահավատ է՝ արիադավան-հեթանոս (հեթանոս-էթնոս-ազգ՝ ազգային), եւ միայն Հայոց հավատի վերականգնմամբ եւ Հայ Աստվածների վերադարձով զորացած Հա՛յը կվերատիրի իր Բնօրրանին` Հայկական լեռնաշխարհն ու իր առաքելությանը…

* * *

Նրանց ամեն ինչը… հայկական չէ

“Հետք.ամ”-ից քաղված մի լրահոսի համաձայն, անդրադառնալով Տյառնընդառաջին` Մեսրոպ աբեղա Պարսամյանն ասել է, որ տոնը լույսի խորհուրդ ունի, իսկ արարողակարգը գալիս է Հին կտակարանից: “Եզեկիա մարգարեն ասում էր, որ տաճարի արեւելյան դուռը փակ պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու որդին չի անցել այդ դռնով: Ավանդության համաձայն` երբ Մարիամը եւ Հովսեփը իրենց մանուկ որդուն բերում են տաճար` նվիրաբերելու Աստծուն, դուռը բացվում է, եւ ժողովուրդը գնում է դուրս` տեսնելու, թե ով է գալիս տաճար: Քանի որ երեկո էր, մարդիկ գալիս էին մոմերով, ջահերով, որ լույսով դիմավորեն Հիսուսին: Դրա համար էլ փետրվարի 13-ի երեկոյան` ժամերգության ավարտին, վառում են տաճարի լույսերը` խորհրդանշելով Քրիստոսին տաճարին նվիրաբերելը”,- բացատրեց փոխդիվանապետը:

Նրա խոսքերով` նորապսակները գալիս են եկեղեցի, որ ստանան քահանայի օրհնությունը: Քահանան օրհնում է նրանց` մաղթելով զավակ ունենալ, որին ծննդից 40 օր անց պետք է բերեն տաճար` կատարելու քառասունքի արարողությունը:

Նարե Մշեցյան

Հ.Գ. – Վերեւում բերված նյութը` “Հայոց տրնդեզ”-ը եւ այս մեկը` “Նրանց ամեն ինչը… հայկական չէ”-ն, տպագրում ենք` ցույց տալու համար, թե ինչպես են Տրնդեզը տոնում հեթանոս եւ քրիստոնյա հայերը: Պարզապես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի: Ոչ կաթոլիկ եւ ոչ էլ ուղղափառ քրիստոնյաները տոները մեկնաբանելիս արմատներից չեն փախչում: Եվ միայն առաքելական, այսինքն` մեր եկեղեցականներն են փախչում տոների իրական` հայկական ազգային` հեթանոսական արմատի մասին խոսելուց: Եվ ամեն անգամ հպարտությամբ մեջբերում են, որ այս կամ այն արարողակարգը “գալիս է Հին կտակարանից” (ընդգծումը իմն է,-Ն.Մ.): Այսինքն` այն կտակարանից, որ հայկական չէ եւ ավելին` համամարդկային արժեք ներկայացնող ոչ մի բան չունի իր մեջ…

Մի բան չեմ կարողանում հասկանալ` ինչու՞ մեր եկեղեցականների մեջ հայկականություն չկա:

Բայց մի բան հաստատ է. հենց այդ հայկականության իսպառ բացակայությունն է պատճառը, որ նրանք այդպես էլ հայ ազգի սիրտը չմտան:

Հայկականության բացակայությունն է պատճառը, որ մեր երկիրը ներսից քայքայում են աղանդավորականները:

Հայկականության բացակայությունն է պատճառը, որ… որ-երի շարքը ընթերցողը մեզանից լավ կթվարկի:

“Լուսանցք”

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Արձանագրություններն արդեն ԱԺ-ում են

February 19, 2010


Հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը, որ նախագահականից ուղարկվել է ԱԺ, ամբողջական չէ, կիսատ է, դրանում բացակայում է ԱԳՆ-ի տեղեկանքը` գործընթացի նպատակահարմարության մասին. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այդ տեղեկանքը իրենք դեռ վաղուց պահանջել էին նախարարից, եւ նա խոստացել էր ուղարկել փաթեթի հետ միասին:

Ինչ վերաբերում է արձանագրություններին, որոնք պետք է քննարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, փաստորեն ներկայացվելու են քննարկման առանց վերապահումների, ինչը Արմեն Ռուստամյանը անընդունելի է համարում:

Արձանագրություններին դեմ ուժերը ՍԴ-ի որոշումից հետո պարտադիր էին համարում, որ, նախեւառաջ, այս արձանագրություններն ուղարկեին ԱԺ՝ վերապահումներով, ինչը պետք է աներ ՀՀ նախագահը, ով դա չի արել: Փաստորեն, այս քայլը ամենեւին ներդաշնակ չէ փոխըմբռնման տեսանկյունից:

ՀՅԴ-ն արդեն դեմ է արտահայտվել արձանագրությունների վավերացմանն այս տեսքով եւ պահանջում է տանել հետ, լրացնել, ավելացնել վերապահումները, ապա բերել խորհրդարան:

Շատերին էլ զարմացրել է ՀՀ նախագահի լոնդոնյան ելույթը, որում նա հայտարարել է, թե երաշխավորվում է արձանագրությունների վավերացումը: Սա ուղղակի ցուցում պետք է համարել ԱԺ մեծամասնությանը, որ քննարկումներն այդ ուղղությամբ պետք է ընթանան: Սա ինչ-որ տեղ նաեւ ճնշում է ԱԺ հանձնաժողովում քննարկումների վրա եւ խորհրդարանի բնականոն գործունեությանը չի նպաստում:
Ըստ ամենայնի կլինեն բողոքի նոր ցույցեր, իսկ խորհրդարանում շատ պատգամավորներ կպայքարեն վավերացման դեմ:

Խորհրդարանականները պայքարելու են նաեւ օրենսդրական փոփոխությունների համար, թե ինչու վերապահում անելու իրավունք ունի առաջնային մանդատ ունեցող մի մարմին, իսկ մյուս մարմինը՝ ԱԺ-ն, չունի: Սա էլ անհասկանալի է: Այս եւ այլ կարգի օրենսդրական փոփոխություններ է առաջարկելու ՀՅԴ-ն:
Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները նույնպես կմասնակցեն ցույցերին եւ այլ բողոքի միջոցառումների, չնայած ազգայնական այս կառույցները առհասարակ դեմ են հայ-թուրքական կոչված արձանագրությունների վավերացմանը եւ հայ-թուրքական որեւէ հարաբերության հաստատմանն առանց հայկական կողմի նախապայմանների: Իսկ այդ նախապայմանները պետք է հստակորեն արծարծեն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Հայոց պահանջատիրական (նաեւ հողային-տարածքային) խնդիրները. այս մասին “Լուսանցք”-ին հայտնեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ ազգայնականները հնարավոր է շարունակեն մասնակցել ՀՅԴ-ի նախաձեռնած “14-ի ձեւաչափ”-ի աշխատանքներին` չբացառելով համագործակցությունը նաեւ այլ՝ արձանագրություններին դեմ ուժերի հետ, իսկ որոշ դեպքերում կգործեն նաեւ առանձին:

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Արցախի անկախությունը` շահեկան տարբե՛ր կողմերի համար

February 19, 2010


Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել էր Երեւան՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Առանձնազրույցը տեւել է մոտ կես ժամ: Այնուհետեւ, ԼՂՀ նախագահը զլմ-ներին հայտնել է, որ առաջարկել է նոր ուղղություն մտցնել բանակցային գործընթացում. “Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշում եւ հիմնականում քննարկում տարածքային ամբողջականության թեման: ԵԱՀԿ նախագահին առաջարկել եմ տարածքային ամբողջականությունից հարցը տեղափոխել միջազգային իրավական հարթության քննարկման: Նման մոտեցումը հնարավորություն կտա արդյունքներ արձանագրել բանակցային գործընթացում եւ վերջնականապես մոտենալ հարցի խաղաղ կարգավորմանը”:

Ինչ վերաբերում է Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակին, ապա ըստ Բ. Սահակյանի, թեեւ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից չեն ստացել դա եւ ընդհանրապես շրջանառության մեջ դրված մյուս փաստաթղթերը, սակայն լավատեղյակ են նոր կետերի բովանդակությանը: “Այդ բոլոր փաստաթղթերի քննարկման փուլերում կա մեկ անհրաժեշտություն. այն է` ԼՂՀ-ի մասնակցությունը: Կարծում եմ, որ առանց Արցախի մասնակցության՝ այդ փաստաթղթերի հետագա մշակումն ու քննարկումն անհնար է”,- ասել է ԼՂՀ նախագահը: Իսկ Կ. Սաուդաբաեւը խոստացել է հաշվի առնել Ստեփանակերտի այս տեսակետը եւ քայլեր ձեռնարկել Արցախին՝ վերստին բանակցություններին մասնակցելու հնարավորություն տալու համար:

Ադրբեջանի ներկայիս ռազմատենչ կեցվածքը որակվել է որպես ահաբեկչության նոր ձեւ, եւ ԵԱՀԿ գործող նախագահը տեսնում է այն կառույցը, որը կգործադրի որոշակի լծակներ ու Ադրբեջանին կբերի դեպի կառուցողական ուղի: Հանդիպման ժամանակ հատուկ կարեւորվել է այն փաստը, որ շատ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների անդամներ ու նաեւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները տարածաշրջան այցի ժամանակ Արցախ-ԼՂՀ չեն այցելում:

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը նույնպես նշել է, որ ԼՂ-ի բանակցային գործընթացում “Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության խնդիրը չի կարգավորվելու: ԼՂ հիմնախնդիրը լուծվելու է միայն ԼՂՀ ժողովրդի կամքով”: Բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության անհրաժեշտության մասին արդեն խոսում են նաեւ միջնորդները, սակայն գործընթացը շարունակվում է առանց Ստեփանակերտի: “Մենք մանդատ չենք տվել ՀՀ իշխանություններին, որ բանակցություններում ներկայացնեն ԼՂՀ-ն”,- այս առումով ասել է Մ. Հակոբյանը:

Արցախյան կողմը անտրամաբանական է համարում ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ բոլոր խոսակցությունները` թե պաշտոնական, թե շարքային քաղաքացիների մակարդակով: Արցախի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ իրեն հնարավոր չէ պարտադրել: Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները պարտադրեն, ապա ԼՂՀ-ն հայկական զորքերը դուրս չի բերի ազատագրված տարածքներից, քանի որ Ստեփանակերտում վաղուց գիտակցում են, որ ԼՂՀ-ն անկախ ու ինքնիշխան պետություն է:

Եվ չնայած Արցախում շատերը լուրջ են վերաբերում Ադրբեջանի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններին եւ չեն կարծում, որ դրանք ներքին սպառման համար են, այնուամենայնիվ վստահ են, որ առիթի դեպքում արժանի հակահարված կտան հակառակորդին:

Իսկ Բաքվում գտնվելու ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ Կ. Սաուդաբաեւը վերահաստատել էր ԵԱՀԿ պատրաստակամությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը նոր թափ հաղորդելու եւ Մինսկի խմբի միջնորդնելուն աջակցելու համար: “Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Հարավկովկասյան տարածաշրջանին եւ միջազգային աջակցությանը՝ ուղղված տարածաշրջանային երկրների մարտահրավերները լուծելուն”,- ասել է Կ. Սաուդաբաեւն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Եվ ավելացրել է, թե “խնդրի խաղաղ կարգավորումը՝ նախ եւ առաջ հիմնված կողմերի միջեւ առկա փոխադարձ վստահության եւ համաձայնության վրա, չունի այլընտրանք”:

Ղազախստանը առաջին հետխորհրդային երկիրն է, որը ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը եւ Կանատ Սաուդաբաեւը, ով նաեւ Ղազախստանի պետքարտուղար-ԱԳ նախարարն է, ասել է. “Մենք բոլորս ցանկանում ենք օգտագործել մեր ժողովուրդների նման պատմությունը եւ մտածելակերպը, ինչպես նաեւ մեր երկրների նախագահների միջեւ առկա վստահությունը, լավ փոխհարաբերությունները, որպեսզի հասնենք հնարավոր հաջողության երկարաձգվող հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում”: Այսպես ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ջանքերին՝ կողմերի միջեւ վստահություն ստեղծելու ողղությամբ:

Այնուամենայնիվ, արցախյան խնդրի դիվանագիտության մեջ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչը գալիս է նաեւ Սոչիում նախագահների վերջին հանդիպմանը հաջորդած իրադարձություններից:
Փաստորեն, ՌԴ-ն նախաբան մտցրեց մադրիդյան սկզբունքների փաստաթղթերի մեջ եւ առաջարկեց կողմերին, որ իրենց տեսակետներով հանդես գան ու այդ տեսակետների հիման վրա ձեւավորվի նորացված մի փաստաթուղթ: 2 շաբաթ անց հանկարծ ու շտապ Ադրբեջանի կողմից քայլ արվեց՝ հայտարարվեց, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելի են, չնայած երկար ժամանակ Բաքվի մոտեցումն անորոշ էր: Եվ հիմա հետաքրքիր ու նոր իրավիճակ է ստեղծվել: Այս քայլը հնարավոր է մի փորձ է ռուսաստանյան նախաբանային առաջարկից խուսափելու համար, երեւի Բաքվում մտածել են, որ հակառակ դեպքում կարող է ինչ-որ նոր գործընթաց սկսվել, որը կհանգեցնի մի նոր փաստաթղթի, ուստի՝ Ադրբեջանը քայլ արեց հետ՝ մինչեւ նոր պայմանավորվածությունները:

Հիմա վերլուծաբաններից ոմանց կարծիքն այնպիսին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գերտերությունների ճնշման ներքո ստիպված կլինեն ստորագրել հաշտության այնպիսի փոխզիջումային համաձայնագիր, որն ընդունելի չի լինի ո՛չ հայ եւ ո՛չ էլ ադրբեջանցի ժողովուրդների համար, եւ հնարավոր է ներքաղաքական ցնցումներից խուսափելու ու համաձայնագիրը ընդունելի դարձնելու նպատակով կարճատեւ տեղային պատերազմ սկսվի՝ կանխապես որոշված ելքով: Իհարկե, կան նաեւ կարծիքներ, որ չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, բայց միանշանակ բացառում է փոխհամաձայնեցված պատերազմի սանձազերծումը: Սակայն, արցախյան հակամարտության լուծման ռազմական տարբերակի հավանականությունը քիչ է համարվում, քանի որ առկա է գերտերությունների՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ փոխըմբռնում, եւ ամենակարեւորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակվում են: Կարծիքներ էլ կան անվերահսկելի պատերազմի եւ անկանխատեսելի հետեւանքների մասին: Բայց դա ավելի քիչ հավանական է համարվում:

Այս տեսակետներին զուգահեռ կարեւորվում է այն հանգամանքը, որ 15-16 տարի է հայերս հաղթել ենք պատերազմում, բայց տակավին չենք կարողացել ընդունելի դարձնել ակնհայտ արդյունքը, որն էլ այսքան ձգձգում է հիմնախնդրի լուծումը: Ուստի, սեղանին դրված փաստաթուղթը նախ եւ առաջ չի համապատասխանում ներկա իրողություններին եւ կողմերին վերադարձնում է 1990-ականների սկիզբ՝ հաշվի չառնելով, որ իրավիճակը լիովին փոխվել է: Պատերազմ է եղել 30 հազ. զոհերով, հայկական կողմը հաղթել է, ԼՂՀ-ում ավելի քան 15 հազ. կմ2 տարածքով պետություն է ստեղծվել, որի բնակչությունը պետականաշինության 15 տարի է անցել: Եվ ամբողջ աշխարհում այս ընթացքում բազմաթիվ ազգային ինքնորոշման դեպքեր են արձանագրվել, առաջացել է մասամբ ճանաչված պետությունների երեւույթը՝ հանձինս Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի (ինչ-որ տեղ նաեւ՝ Մերձդնեստրի, Կիպրոսի թուրքական հանրապետության եւ այլն): Այսինքն՝ աշխարհն է որոշակի փոխվել, իսկ ԼՂՀ խնդրով միջնորդները, որոնք զբաղված են այս հակամարտության կարգավորմամբ, փորձում են այն վերադարձնել ելքային դիրքի, որը ոչ մի կապ չունի այսօրվա իրողությունների հետ: Այսպես փորձ է արվում վերացնել հակամարտության հետեւանքը եւ ոչ թե պատճառը:

Եվ չնայած վերոնշյալ բոլոր տարաբնույթ ջանքերին, ադրբեջանցիները չեն դադարում պատերազմելուց խոսել, ուստի՝ Արցախում ամեն դեպքում հոգեբանորեն պատրաստվում են պատերազմի, քանզի ճիշտ է այն մտածումը, թե՝ ուզում ես հաղթել, պատրաստ եղիր պատերազմի:

Այս ամենին զուգընթաց տեղի են ունենում նաեւ ֆինանսա-տնտեսական ոլորտի ազդեցություններ: ԱՄՆ-ի սենատը նոր օրենք է ընդունել, որը վտանգավոր է Ադրբեջանի պետական նավթային ընկերության համար: Այդ օրենքը ԱՄՆ նախագահ Օբամային թույլ է տալիս նոր պատժամիջոցներ կիրառել ԻԻՀ-ի նկատմամբ, բայց կարող են գործադրվել նաեւ այն ընկերությունների նկատմամբ, որոնք բենզին եւ այլ տեսակի վառելիք են մատակարարում Իրանին, ինչպես նաեւ այն ապահովագրական ընկերությունների եւ տանկերների սեփականատերերին, ովքեր ապահովում են վառելիքի ներմուծումը Իրան: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն անցյալ տարվա ընթացքում գազ է մատակարարել Իրանին:
Նախատեսված է, որ կողմերը 2010թ. եւս կշարունակեն գազի մատակարարման հետ կապված գործարքները: Բաքուն փորձում է դիվերսիֆիկացնել գազի արտահանման ուղիները եւ Իրան են արտահանում նաեւ նավթ ու նավթամթերք:

“Նավթ՝ տարածքների դիմաց” ռազմավարությունը այսպիսով կարծես էլ չի գործում: Չնայած Բաքվին բազմիցս զգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ ոք չի հանձնի նավթի դիմաց: Բայց Ադրբեջանը հուսախաբված է, Արեւմուտքի դիրքորոշումը այլեւս գործնական չի թվում ադրբեջանցիներին, ուստի, նրանք նոր խաղ են սկսել Ռուսաստանի ու Իրանի հետ: Այստեղից էլ՝ Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի արագ հակաքայլերն են, որոնք ընթանում են հայկական կողմի հետ բարիդրացիական մոտեցումների ցուցադրությամբ, ինչը նկատվեց նաեւ վերջերս Լոնդոնում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ: Իսկ իսրայելա-ամերիկյան լոբբին ուժեղացրել է ճնշումը ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական կողմերի վրա եւ վերստին արծարծում է Հայոց ցեղասպանության ճանաչման թեման…

Եթե թուրքական կողմը լուրջ խնդիրներ ունի լուծելու հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, ապա ադրբեջանական կողմը խնդիրների առաջ է կանգնել արցախյան հարցում: Ուստի, հայկական կողմը կարող է լուրջ եւ ազդեցիկ խաղացող դառնալ տարածաշրջանում, եթե ճիշտ հաշվարկի քայլերն ու իրավիճակի հնարավոր փոփոխությունը:

Անկարան չի ցանկանում հայ-թուրքական հարաբերություններն առանց ադրբեջանամետ (կամ համաթուրանամետ) նախապայմանների շարունակել, իսկ Բաքվում ասում են, թե Ադրբեջանը թուրքական պետություն է եւ նրա ռազմավարական նշանակության բնագավառները ղեկավարող մարդկանց արյունը պետք է լինի ազգի արյունից, ի լրումն պաշտոնական պարտավորությունների՝ նրանց սիրտն էլ պետք է ցավի ազգի համար:

Այսպես՝ էթնոմաֆիաները հզոր շարժում են սկսել ե՛ւ Թուրքիայում ե՛ւ Ադրբեջանում: Չնայած կողմերն այնպես են անում, որ իբր պետք չէ Հայաստանի ու Թուրքիայի մերձեցման գործընթացը կապել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավանական ռազմական գործողությունների վերսկսման հետ: Եվ Արեւմուտքի ու Ռուսաստանի ներկա մոտեցումներին թուրք-ադրբեջանցիները փորձում են հնարավորինս մեղմ հակադրվել, բայց համաթրքական ժանիքն ի ցույց դնել:

Կարծում ենք` այժմ հայկական դիվանագիտությունը լուրջ եւ վճռական քայլեր պետք է անի, քանի դեռ թուրքական ցեղախմբերը չեն կարգավորել հարաբերությունները Բրյուսելի, Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ:

Եվ իզուր չէ, որ զլմ-ները գրում են Արցախի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության հնարավոր ճանաչման մասին, ինչը վստահաբար փոխադարձ կլինի եւ տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի: Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան եռյակի հետ կարող են տարածաշրջանային ակտիվ խաղացողներ դառնալ Արցախը, Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Ուղեղների լվացում… ապազգայինի հաստատմամբ

February 19, 2010


Մարդն ամեն ինչ կարող է ունենալ եւ իմանալ հենց բնությունից: Արարչության արդյունքները իրենց բազմազանությամբ եւ գունագեղությամբ, իրենց կարողություններով եւ իմաստով, իրենց ձեւով, չափով ու բովանդակությամբ կարող են դառնալ բնօրինակներ յուրաքանչյուր գիտա-տեխնիկական առաջընթացի եւ նորարարության համար: Հանճարներն ու տաղանդներն էլ հենց բնազգացողությամբ են դառնում այդպիսին` ապահովելով նաեւ ազգերի ու մարդկության առաջընթացը:

Մարդկային ուղեղի օրինակով, նմանությամբ էլ ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչ (եւ ավելի բարդ) մեքենաները, որոնք նույնիսկ հիշողությամբ գերազանցեցին մարդու ուղեղին (համենայնդեպս առ այսօր), բայց դրանց աշխատանքը եւ զարգացումը ծրագրավորվում է նույն մարդու կողմից:

Իսկ այդ մեքենաների բնօրինակի-մարդկային ուղեղի աշխատանքն էլ սկզբում ձեւավորվել ու ծրագրավորվել է Արարչի՝ հավերժական ծրագրավորողի կողմից, իսկ այնուհետ այն աշխատել է որպես ինքնավերածրագրավորվող մեքենա: Լավագույնս ծրագրավորելու դեպքում մարդկային ուղեղը կդրսեւորի Տիեզերահասություն, կգնա Տիեզերական խորխորատները… դեպի Ամենայն Սկիզբը:

Նախնական-բնական ծրագիրը սահմանում է տեսակի վարքի կենսաբանական թելադրող բնազդ: Իսկ բնազդը սահմանում է արտաքին ազդակների կենսաբանական արձագանքի հիմունքներ՝ զգացողություն, ցանկություն եւ նման բաներ, այսինքն՝ ապրել, քաղց ու վտանգ զգալ, սեռական պահանջ եւ այլ ցանկություններ բավարարել եւ այլն:

Այսպես բնազդական պահանջմունքների բավարարման միջոցները նախապես սահմանվում են, իսկ սոցիալական վարքի չափանիշների ձեւավորումը կայանում է ըստ այլ, մի երկրորդ ծրագրի, որն առաջինի ազդեցությամբ մշակում է ուղեղն ինքը՝ ելնելով մարդուց դուրս արտաքին աշխարհից ստացած տեղեկությունների հանրագումարից:

Ազդելով տեղեկությունների վրա, իմաստալից ձեւով փոփոխելով այն` կարելի է կառավարել մարդու վարքը: Դրա վրա է, ասենք, կառուցվել մի պարզ երեւույթ՝ կենցաղային խաբեությունների մարտավարությունը:

Ինքնահաստատման բնազդով մարդն անկեղծորեն հավատում է, որ դատում է ինքնուրույն եւ ունակ է քննադատորեն վերլուծել, մշակել տեղեկություններ, տարբերել կեղծիքը ճշմարիտից եւ այլ իրավիճակներ: Դա հաճախ հանգեցնում է ամբարտավանության կամ մոլորության:

Եթե մարդը ծննդյան օրից կամ տեւականորեն գտնվել է որոշակի նպատակի ուղղված տեղեկատվության ներքո, ապա նրա գործելու հիշողության ծրագիրն աստիճանաբար տեղափոխվում է ենթագիտակցություն, ու այն փոխելը ծայրահեղ բարդանում կամ դառնում է անհնարին: Իսկ ենթագիտակցության մեջ ձեւավորվում է երեւույթների նկատմամբ վերաբերմունքի որոշակի կնիք, հանգուցալուծումների չափանիշային պատկեր, այլ չափորոշիչներ, որն էլ առօրյայում անվանվում է աշխարհայացք, աշխարհընկալում կամ հավատ, անառարկելի սկզբունք: Հավատ որոշակի անձնավորության (անձերի), պատմական անցուդարձի մի գնահատականի, ինչպես եւ որոշակի եզրահանգման (մտքի, գաղափարի, տեսության եւ այլն) նկատմամբ՝ անջատված իրական իմաստային բովանդակությունից:

Նման եզրաբանական հասկացությունների պաշտամունքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ մարդկանց մեծամասնությունը կորցրել է բնազգացողությունը եւ դեռ չի պատկանում մարդ բանականի-բնական տեսակին: Եթե բարոյական-բանական-բնական երրորդությունից նույնիսկ բարոյական-բանական տարրեր կան մարդու մեջ, ապա միեւնույնն է` անբնական մարդը հեռու է բնազգացողությունից…
Այդ անքննարկելի սկզբունքները ներդրված լինելով ենթագիտակցականում` պահպանվում են արդեն ոչ թե գիտակցությամբ, այլ զգացմունքային-հոգեբանական գործառույթով: Այդ պատճառով նշված սկզբունքների դեմ ցանկացած ոտնձգություն ոչ թե դատողական-վերլուծական ընդդիմախոսություն է առաջացնում մարդու մոտ, այլ մոտավորապես այս կարգի զգացմունքային արձագանքներ:

- Հարձակողական մեղադրանքներ՝ հակա-ինչ որ բանի մեջ:

- Չափավոր հորդորանք, որ այդ մասին խոսելու կարիք չկա:

- Արհամարական կեցվածք՝ ահա նորի՞ց այդ հակա-ինչ որ դավը:

- Կրքոտ ժխտում, որ դա լինել չի կարող, դա չափազանց հրեշավոր է եւ այլ պատճառաբանություններ:
Ենթագիտակցության մեջ անքննարկելի սկզբունքների վրա է կառուցված աշխարհընկալողական համակարգը, որը պիտի օժտված լինի տրամաբանական ներդաշնակությամբ, զերծ ներքին հակասություններից: Յուրաքանչյուր նոր փաստ ուղեղը կամ ներդնում է այդ համակարգի մեջ կանխակալ մեկնաբանմամբ ու գնահատմամբ, կամ վերոհիշյալ զգացմունքային արձագանքների միջոցով դեն է շպրտում: Այդ գործընթացն այլ կերպ կոչվում է ինքնախաբեություն, սեփական խիղճը հանգստացնելու ձգտում, ինքնաբավարարում:

Ավելին՝ իրականությանն անհամապատասխան ծրագրավորում ունեցող մարդը կարծես կուրանում է: Առաջանում է ոգեհարցությամբ զբաղվողներին հայտնի դրություն, երբ “ականջ ունի՝ չի լսում, աչքեր ունի՝ չի տեսնում”: Նման մարդը դատում է կեղծ, աննկատելիորեն իրեն ներարկված չափանիշներով, որոնք նրան դրդում են սխալ եզրահանգումների ու արարքների:

Իմանալով ուղեղի ծրագրավորման տեխնոլոգիան, կարելի է կառավարել ամբոխը նույնիսկ դրոշների կամ պաստառների գույների, զանգվածային “գունավոր” շարժումների, տարբեր հայտնի խորհրդանիշների` այլ բնորոշումների հետ ամենատարբեր ձեռնածությունների միջոցով:

Իսկ ինչպե՞ս կարելի է նվաճել ժողովուրդներին:

Հայտնի է, որ պատերազմով՝ “տաք” կամ “սառը”: Ներդրվելով մարդկանց մեջ, ներքին պառակտում առաջացնելով եւ իրար դեմ հանելով նրա մաս-բաղադրիչները: Ընդհարումից մնացած ու թուլացած մասին կարելի է արդեն տնօրինել ու ղեկավարել եւ հանգիստ պայքարել մյուս մասի դեմ:

Մասոնական օթյակներում սերտորեն ուսուցանվող գրքերում դա նկարագրվում է այսպես. “Ձեզ հարկավոր է ոչնչացնել դաշտով սլացող ձիերի երամակը: Առաջարկվում է 2 տարբերակ: Մի լավ, թարմ ու չհոգնած ձի հեծած հասնել երամակին ու անցնել նրա գլուխ: Առաջատար դառնալուց հետո, երամակն աստիճանաբար ուղղել դեպի անդունդը եւ վերջին պահին դուրս գալ երամակից: Եթե մոտակայքում անդունդ չկա, ուղարկում եք 2 հեծյալ, որոնք երամակը համատեղ են առաջնորդում: Որոշ ժամանակից հետո նրանք աստիճանաբար սկսում են բաժանվել տարբեր ուղղություններով` իրենց հետեւից տանելով երամակի մասերը: Դրանք բավականաչափ հեռացնելով իրարից` նորից շրջում ու տանում են ճակատային ընդհարման: Ընդհարումից մի քայլ առաջ 2 հեծյալներն էլ թեքվում են մի կողմ եւ միասին կողքից հրճվանքով դիտում են ընդհարումն ու շնորհավորում միմյանց”:

…Մեր առօրյայում ներշնչվում է մարդուն, թե նա ապրում է աշխարհի ամենաարդարացի կարգերում, ենթադրենք՝ ինչպես սոցիալիզմում: Կարեւոր չէ, որ կարգերը հիմնված կլինեն արտատնտեսական հարկադրանքի վրա, որպիսիք հենց նույն գաղափարախոսների կողմից բնորոշված է որպես ֆեոդալիզմ կամ կապիտալիզմ: Կարեւոր չէ նաեւ, որ վերջին երկուսի հիմնական հատկանիշներից մեկը՝ մասնավոր սեփականությունը, բացակայում է: Սեփականությունը նրանն է, ով իրական հնարավորություն ունի այն տնօրինելու, շահույթը բաշխելու: Կարեւորն այն է, որ սոցիալիզմի եզրաբանական սահմանումը ներդրված է ամբոխի ենթագիտակցական մակարդակով, որպես անառարկելի սկզբունք, որի քննադատությունն ընկալվում է որպես սրբապղծություն, որպես հրաժարում մարդասիրական ու ազգային գաղափարներից: Այսօր նույն գաղափարախոսների մի մասը այդ սկզբունքները թեքում է էլ ավելի աջ եւ հայտարարում, թե ներկա սերունդը կապրի կապիտալիզմի օրոք՝ նոր քարոզների շարանով: Մյուս մասը պատասխանում է, որ չի կարելի նահանջել սոցիալիզմի սկզբունքներից…

Բայց միեւնույնն է… հաղթում է բնական օրինաչափությունը: Իսկ մինչ այդ ոչնչացված հին “տերերի” թափուր տեղն անմիջապես զբաղեցնում են նոր տերեր, որոնց կեղծ եւ անբնական սկզբունքները պաշտպանում են (հաճախ այլազգի) նոր տերերին, նրանցով ինտերնացիոնալիզմ ու անդեմ “մարդու իրավունքներ” են քարոզվում: Այսպես պատճառաբանվում է՝ իբր ի՞նչ տարբերություն, թե որ ազգի ներկայացուցիչն է քեզ ղեկավարում… մարդ է:

Տառացիորեն նույնն արվում է հոգեւոր բնագավառում: Քրիստոնեությունը “դարձրել” են ազգային կրոն եւ ազգային արժեքների ու հավատի պաշտպանությունը համարվում է ընդվզում “ազգային” կրոնի դեմ…
Ազգային մշակույթը, հավատալիքները, աշխարհընկալումը նենգափոխվում են կեղծիքով, որն անխուսափելիորեն հանգեցնում է հոգեւոր զինաթափման եւ ստրկության: Իսկ երբ գալիս է տասնյակ ժողովուրդների՝ մեկ խառնախմբի մեջ շահագործելու ժամանակը, հայտարարվում է նույնիսկ աթեիզմ, ինչը լուծարում է այս բնագավառների իրենց իսկ նախորդ հորինվածքները:

Միայն ժողովուրդների մտավոր ունակությունների նկատմամբ անսահման արհամարանքը կարող է թույլ տալ, որ այսօր նորից հարության կոչվի իրենց իսկ խաչած Նազովրեցու պաշտամունքը:
Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ժողովուրդը վերհիշի իր ազգային հավատալիքը, կամ ավելի ճիշտ այն, որ ազգային Աստվածների, խորհրդանիշերի միջոցով մարդը զինվորագրվում է իր ազգին ծառայելու, քանի որ ազգը նյութի ավելի բարձր աստիճանի կազմավորում է, քան առանձին անհատը:

Այդպիսի ժողովուրդն անպարտելի կլինի: Այս դեպքում ժողովուրդը ԱԶԳ կլինի…

Մեր հայադավան-հեթանոս պապերը մարտում զոհվածի համար ոչ թե ողբում, այլ ուրախանում-փառաբանում էին, քանզի գիտակցում էին, որ զոհվածը ազգի հիշողության մեջ իր համար անմահություն է ապահովել: Թշնամու ձեռքը գերի ընկած ռազմիկը մի վերջին խնդրանք էր ունենում. թույլ տալ մեռնել սուրը ձեռքին:

Մակերեսային ըմբռնմամբ թվում է, որ այդ դատողությունները վերաբերում են լոկ իմաստասիրական վերացական հարցերի: Սակայն, դա լոկ “երեւույթն” է՝ ձեռնարկման երեւացող մասը, իսկ պրպտուքների “էությունն” այլ է. “ոգեկոչական” հրահանգների պարզաբանում՝ իր ոչ այնքան խելամիտ ընկերների համար:

Երեւույթի հետեւում էությունն է: Բայց այդ “էությունը” միաժամանակ “երեւույթն” է մեկ այլ՝ ավելի խորը ծածկված “էության”՝ “գերէության”… Որքան խորն է գաղտնիքը, այնքան շատ է “էություն-երեւույթ” շերտերի քանակը: Յուրաքանչյուր գործակից տեղեկացվում է միայն իր գործունեության մակարդակին համապատասխան շերտին:

Այսպես, ներկայիս աշխարհում, օրինակ սիոնիստական “դիկտատուրա” սահմանելու նպատակով այլոց համար հռչակվում է “դեմոկրատիա”… Զանգվածային լրատվությունը մենիշխանության ենթարկելու համար դրանք գոռգոռում են “խոսքի ազատության” մասին, մարդուն անդեմ արարած դարձնելու համար հռչակում են “մարդու իրավունքների” գերիշխանություն… Միով բանիվ. ժողովրդին ոչնչացնելու համար գործում են ժողովրդի անունից, նրա “լիազորությամբ” եւ “ի շահ նրա”… տանում կործանման:

Գաղափարական “նարկոմանիան” այդ հաշիշն այնքան է ներարկել ժողովուրդներին, որ մաքուր օդի յուրաքանչյուր շիթ մարդկանց թույն է թվում: Արդար խոսքն ու ազգային արժեքը վտանգավոր են համարվում…

Ճշմարիտ հայրենասերները պարտավոր են վերջապես հասկանալ, որ գաղափարական, խորհրդանշանային, լեզվական, մշակութային (նույնիսկ՝ տարածքային) եւ այլ զիջումներն անթույլատրելի են: Էլ չենք խոսում ազգային օրենքների, հավատի ու կացութաձեւի իսպառ բացակայության մասին:
Դրոշի կամ այլ խորհրդանիշի գույներն ու իմաստները պատահական չեն: Ի վերջո դրանք, որպես այլ “երեւույթ” արժեւորվելով, վերածվում են “էության”, եւ արդեն ինչ-որ տեղ ուղղորդվելով, կարող են վտանգել ազգի գոյությունը: Նույն աճպարարի մի ձեռքին այսօր Օբաման է՝ արեւմտյան խաղաքարտը, մյուս ձեռքին՝ Մեդվեդեւը՝ հյուսիսային խաղաքարտը, կամ այսպես այլոք…

Բավական է նախիր կամ հոտ լինել` անուղեղ. այլեւս Ժամանակն է միասնական ու կամային ժողովուրդ դառնալու… եւ հետո արագորեն ազգի վերածվելու:

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Հարձակման դեպքում “Հեզբոլլահ”-ը ռմբակոծելու՞ է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը

February 19, 2010


“Հեզբոլլահ”-ի զոհված ղեկավարներին նվիրված հիշատակի տարեկան հանդիսության ժամանակ ելույթ ունենալով‘”Հեզբոլլահ”-ի առաջնորդ Սայյեդ Հասան Նասրալլան, ի դեպ, անդրադարձավ նաեւ վերջին շրջանի իսրայելյան սպառնալիքներին, որոնք հաճախական բնույթ են կրում:

Սկզբում զոհված ղեկավարներին նա դրվատանքի խոսքեր ասաց` մատնանշելով, որ նրանց զոհաբերության եւ նվիրվածության շնորհիվ էր, որ ազատագրվեցին գրավյալ տարածքները ու զարմանքով շարունակեց, թե տակավին մարդիկ կան, ովքեր շարունակում են տալ նույն հարցերը. արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է պաշտպանել Լիբանանը, կամ` արդյո՞ք միջազգային բանաձեւերով կարող են Իսրայելին պարտադրել հանձնելու մնացյալ գրավյալ հողերը:

Միաժամանակ Սայյեդ Հասան Նասրալլան հավելեց, որ միջազգային հանրային կարծիքը հարգում է միայն ուժեղին, եւ թույլերը տեղ չունեն այս աշխարհում ու նկատեց, թե Լիբանանն ապացուցեց, որ ինքն ուժեղ է եւ այսօր ուժեղ է ավելի քան երբեք` շնորհիվ բանակի, ժողովրդի եւ դիմադրության միասնականության:

Անդրադառնալով ահաբեկումներին (որոնք ուղղված են ոչ միայն Դիմադրությանը, այլ Լիբանանի կառավարությանը), որով Իսրայելը սպառնում էր քանդել Լիբանանի ենթակառուցվածքները, Նասրալլան շեշտեց, որ 2006թ. պարտությունից հետո, Իսրայելը ի վիճակի չէ ցանկացած ժամանակ պատերազմ հայտարարել, մանավանդ, երբ համոզված չէ, որ իր նպատակները կիրականան: Ու ավելացրեց, որ եթե Իսրայելը պատերազմ սկսի (հիշեցրեց մեկ անգամ եւս, որ պատերազմի որոշումը միշտ էլ եղել է իսրայելինը) եւ ռմբակոծի Լիբանանի ենթակառուցվածքները, ապա իրենք էլ անելու են նույնը. “Եթե ռմբակոծեք Բեյրութի նահատակ Ռաֆիք Հարիրիի միջազգային օդանավակայանը, մենք պիտի ռմբակոծենք Թել Ավիվի Բեն Գորիոնի օդանավակայանը, եթե ռմբակոծեք մեր նավահանգիստները, ապա մենք պիտի ռմբակոծենք ձեր նավահանգիստները”: Նասրալլան ավարտեց իր խոսքը` ասելով. “Մենք պատրաստ ենք մեր երկիրը պաշտպանել եւ աշխարհում որեւէ մեկի կարիքր չունենք, որ այդ գործը մեր փոխարեն անի”…

Հարկ է նշել, որ իսրայելյան պաշտոնական եւ լրատվական միջավայրում նկատելի էր ուշագրավ զսպվածություն ի տարբերություն ուրիշ անգամների. Նասրալլայի ելույթը չսփռվեց ուղիղ եթերով, ոչ էլ նրան հաջորդեցին լայնածավալ քննարկումներ իսրայելյան հեռուստաեթերում: Այդ ուղղությամբ հատուկ հրահանգ էր իջեցվել զինվորական պատասխանատու շրջանակների կողմից` կասեցնելու այն հոգեբանական ազդեցությունը, որ բացասաբար է ազդում Իսրայելի հասարակության վրա` մանավանդ նկատի առնելով այն հանգամանքը (ինչպես մենք մատնանշել էինք մի ուրիշ առիթով), որ Իսրայելի հասարակությունը շատ լրջությամբ է վերաբերում Նասրալլայի խոսքերին եւ ավելի հավատում նրան, քան Իսրայելի ղեկավարներին:

Ռաֆֆի Պապիկյան
Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Պաշտպանենք եւ ամենուր գործածենք մե՛ր լեզուն

February 19, 2010

Սփյուռքի նախարարությունը 2010թ. հայտարարել է մեր Մայրենիի՝ Հայոց լեզվի տարի: Այն պաշտոնապես մեկնարկեց փետրվարի 15-ին՝ “Մեր լեզուն մեր Հայրենիքն է” նշանաբանը կրող ծրագրի միջոցառումներով:
Օրերս Մատենադարանին կից հրապարակում, Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ կայացավ սփյուռքի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած Մեսրոպ Մաշտոցին նվիրված ցերեկույթը:
Միջոցառմանը ներկա Երեւանի բազմաթիվ դպրոցների աշակերտներին ու բուհերի ուսանողներին նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է մաքրամաքուր պահել ոսկեղենիկ մայրենի լեզուն. “Համաշխարհայնացման այս դարում շատ դյուրին է կորցնել ազգայինը, եւ միայն հայոց լեզուն եւ հայերենով կերտվող գրականությամբ ու մշակույթով կարելի է նախ եւ առաջ պահպանել ազգային դիմագիծը”:
Փետրվարի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված “Մայրենի լեզվի օր” պետական տոնին նվիրված հանդիսությունը:
Սփյուռքի նախարարությունը առավել ուշադիր լինելու դեպքում կնկատի, որ սփյուռքում հայերենը համեմատաբար ավելի լավ է պահպանվում, քան՝ Հայաստանում:
Գուցե հայոց լեզվի ա՛յս տարում մեր իշխանական պատասխանատուները պետականորեն ուշադրություն դարձնեն հատկապես Երեւանը ապականող (մարզերում գոնե քիչ են դրանք) ոչ հայեցի գրված կամ օտար լեզուներով մայրաքաղաքը ողողած տարբեր պաստառները, ցուցանակները վերացնելուն, իսկ լեզվի պետական տեսչությունը առավել կտրուկ միջոցների դիմի մարդկանց սպասարկող եւ այլ հիմնարկներում գործառույթների հայկականացման, հեռուստաեթերի ու մամուլի լեզվական անաղարտության համար:
“Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է”. ասում են հայ արիները…

Անի Մարության

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Զբոսաշրջիկի քսակի ուղղությունը

February 19, 2010

- Հայաստանում

2009թ. ՀՀ է այցելել 575.281 զբոսաշրջիկ, որը 3%-ով ավելի է նախորդ տարի գրանցված ցուցանիշից: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ, համաշխարհային զբոսաշրջությունն անցած տարում կրճատվել է 4%-ով, սակայն 2008թ.-ին արձանագրվել էր 2% աճ: Զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում ԱՊՀ-ից, մասնավորպես Ռուսաստանից եւ Վրաստանից, ինչպես նաեւ Եվրամիության երկրներից, Իրանից ու ԱՄՆ-ից:
Սակայն, աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է. սկսել են Հայաստան այցելել նաեւ Հեռավոր Արեւելքի եւ Սկանդինավյան երկրներից: Ավելացել է հատկապես Իրանից եկող զբոսաշրջիկների քանակը, իսկ անցած տարի Հայաստան են եկել նաեւ զբոսաշրջիկներ Թուրքիայից:
Նախորդ տարի Հայաստանից զբոսաշրջային նպատակներով մեկնել է 526 հազար մարդ: 2009թ. 2008թ. համեմատ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 1,5-2%-ով: Հայաստանից հիմնականում գնում են եվրոպական երկրներ, նաեւ հեռավոր երկրներ, ինչը կախված է հնարավորություններից: Հիմնակնում գնում են ծովային հանգիստ առաջարկող երկրներ: Այս տարի սպասվում է զբոսաշրջային հոսքերի 5% աճ:

- Թուրքիայում

2009թ. Թուրքիան ընդունել է 27.077.114 զբոսաշրջիկների: Այս մասին հայտնում են թուրքական զլմ-ները:
Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թվով 1-ին տեղը զբաղեցնում են գերմանացիները (16,58%), 2-րդ տեղը՝ ռուսաստանցիները (9,95%) եւ 3-րդ տեղը՝ բրիտանացիները (8,96%): Հաջորդում են Բուլղարիան, Իրանը, Հոլանդիան, Վրաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Իտալիան:
Զբոսաշրջիկների համար ամենանախընտրելին ամբողջ տարվա ընթացքում եղել է Միջերկրական ծովափնյա շրջանը: 2008թ. համեմատ 2009թ. Թուրքիայում արձանագրվել է զբոսաշրջության ծավալի 2,81%-անոց աճ, եւ սա այն դեպքում, երբ աշխարհում անկումը կազմել է 4,3%:
Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման հետեւանքով Թուրքիա այցելած իսրայելցի զբոսաշրջիկների թիվը 44%-ով կրճատվել է: Ամեն տարի 100 հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիա ուղարկող հրեական արհմիությունները սկսել են իրենց հաճախորդներին Թուրքիայի փոխարեն ուղարկել Ֆրանսիա, Իտալիա եւ Բուլղարիա: Այսօր Անկարայում մեծ եկամուտներ ստանալու հույսեր ունեն նաեւ հայ զբոսաշրջիկների թվաճի այցերից:

Գոհար Վանեսյան

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Ցեղին ձայնը

February 19, 2010


Ընկերային հոգեբանութիւնը մեզ կուսուցանէ, թէ զանգւածային շարժման ամենէն նպաստաւոր հիմքը բնազդներու ոգին է. վասնզի զատ-զատ գիտակցութիւններու միաւորման եւ ամբողջացման պայմանները առաւելապէս հոս է, որ երեւան կուգան: Այդ հիմքին ամենահարազատ կերպով մօտ է ազգային զգացումը: Այդ պատճառով ալ այդ զգացումը յաճախ յենարան հանդիսացած է ամենախոր եւ տարերային թելադրանքներու, որոնք միացուցած եւ բազմացուցած են ժողովուրդները՝ զանոնք մղելով յամառ եւ երկարատեւ պայքարներու: Էական նշանակութիւն չունի այն պարագան, թէ այդ բաղխումները առաջադիմակա՞ն են, թէ՞ ոչ կամ թէ ի՞նչ եղած է ատոնց արդիւնքը: Էականը ա՛յն է, որ այդ կռիւներուն մէջ արտայայտւած է նիւթական եւ հոգեկան վիթխարի ոյժ՝ բղխած ազգային կենդանի զգացումէն: Այս զգացումի զօրութենականութիւնն է, որ ժողովուրդները կը մղէ դէպի վերածնունդը, յաղթանակը: Նոյն այդ զգացումի տկարացումն է, որ կը նախապատրաստէ անոնց անկումը, պարտութիւնը:
Նոր ժամանակը վերստին առաջին գծի վրայ դրաւ ազգայնական գաղափարը: Ըլլայ կեանքի ընդհանուր կազմալուծման առաջընթացը, որ վախ կը պատճառէ ո՛չ միայն անջատ անհատներուն, այլեւ ժողովուրդներուն, ըլլայ կեանքը հաստատուն հիմքի վրայ կառուցելու պահանջը, որ զգալի է հակառակ բոլոր հակասութիւններու եւ անջատողական ոյժերու – այսօր կը մղէն ժողովուրդները վերադառնալու ազգային գաղափարին, ասոր մէջ փնտռելով ելք մը՝ դժւարութիւններէն եւ միջոց մը՝ հակասութիւնները յաղթահարելու: Չկայ աւելի հաստատուն եւ ապահով յենակէտ ա՛յն լծակի համար, որով կուզւի կատարել անցեալի աւերներու դարմանումը եւ ապագայի ճանապարհին բացումը, քան ազգային գիտակցութիւնը: Զուտ ընկերային յեղափոխութիւններն անգամ, որոնց մէջ կարծէք թէ ազգային պարագան դեր չի խաղար – ա՛յս, անգամ նման յեղափոխութիւնները, վերջին հաշւով կը ղեկավարւին ո՛չ թէ յանուն վարդապետութեան մը. այլ յանուն կեանքի կազմակերպութեան, որու պահանջը կառաջադրւի ազգային հաւաքականութեան կողմէ: Ատոր համար պատմութիւնը չի ճանչնար որեւէ ընկերային յեղափոխութիւն, որ վերջնական յաղթանակ տարած ըլլայ ազգային գաղափարի վրայ եւ որ վերջ ի վերջոյ հպատակած չըլլայ նոյն այդ գաղափարին: Այս տեսակէտով ամենաթարմ օրինակը ռուս ընկերային յեղափոխութիւնն է, որու ազգայնացումը դանդաղօրէն, բայց ապահով կերպով առաջ կընթանայ:
Որչափ ալ ռուսական եւ գերմանական յեղափոխութեանց մղիչ ոյժերը տարբեր ըլլան՝ անոնց հետապնդած վերջնական նպատակը միեւնոյնն է – հին անհատականութեան յաղթահարումը՝ նոր հաւաքականութեամբ: Հաւաքականութիւնը, սակայն, անգամ մը ստեղծւած՝ չի կրնար թէ հոս թէ հոն չամրապնդւել ազգային ոգիի ձեւով, եթէ այդ ժողովուրդները կուզեն ստեղծագործել:
Քանի դեռ մարդոց երակներուն մէջ արիւն կը հոսի եւ այդ արիւնը կը պարունակէ ցեղային տարր, քանի դեռ աշխարհի վրայ արեւ կայ եւ անիկա հաւասարապէս չի տաքցներ բոլորին, քանի դեռ ժողովուրդներու հոգե ֆիզիքական առանձնայատկութիւնները կան, եւ անոնց ոյժերը, զարգացման եւ մտածման չափանիշները կը տարբերին, քանի դեռ այդ ժողովուրդները տարբեր լեզուներ կը խօսին եւ անհամահաւասարօրէն կը տեսնեն ու կապրին երկինքն ու երկիրը, քանի դեռ անոնք իրենց գիտակցութեան խորքին մէջ պատմական տարբեր յիշողութիւններ ունին՝ այնքան ատեն, որչափ ալ ընկերային վարդապետութիւնները ճգնին զանոնք իրարու մօտեցնել, անոնց անցեալը պիտի բաժնէ զանոնք իրարմէ եւ ազգային զգացումն ու սկզբունքը պիտի չկորսւի:
Մեր ժողովուրդի նոր վերածնունդն ալ կը հիմնւի նոյն սկզբունքի վրայ: Մենք ալ կը խօսինք ազգային միութեան, ազգային լուսաւորութեան, ազգային մշակոյթի, ազգային պետութեան մասին եւ ջանքեր կը թափենք արթնցնելու ժողովուրդի հոգեկան ոյժը, անոր ստեղծագործ աշխատանքի կամքը եւ ազգային գիտակցութիւնը: Մեր ջանքերը, սակայն, արդիւնաւոր եւ գործունէութիւնը նպատակայարմար ըլլալու համար, պէտք է նախ բացատրենք ազգային գիտակցութեան էութիւնը, անոր հոգեբանական եւ բարոյական բովանդակութիւնը:
Ազգային գիտակցութիւնը յարատեւ քանակութիւն մը չէ: Իր զարգացման ընթացքին անիկա կանցնի քանի մը փուլերէ, որոնք շատ կը յիշեցնեն անհատական զարգացման աստիճանները: Անհատը կը գիտակցի իր գոյութիւնը իբր առանձին բան զինքը շրջապատող աշխարհէն, որ կը պարփակէ նաեւ ուրիշ անհատականութիւններ: Այս է “ես”ին նախնական բովանդակութիւնը: Աւելի ուշ անիկա կը գիտակցի իր անհատական առանձնայատկութիւնները, որոնցմով կը զանազանուի ուրիշ անհատներէ. հոս էականը կը դառնայ ինքնարժէք անհատականութիւնը: Վերջապէս այս անհատականութիւնը կը կազմակերպւի իբր գեղակերտ միութիւն, ուր հոգեկան ընդունակութիւնները լիովին ներդաշնակւած են, իսկ հոգեւոր արժէքները ստորադասւած են աշխարհայեցողութեան մը: Հոս գիտակցւած անհատականութիւնը կը վերածւի անձնաւորութեան:
Ամեն անհատ չի հասնիր զարգացման այս աստիճանին: Ազգային գիտակցութեան տարրական ձեւը կը համապատասխանէ առաջին փուլին: Անիկա ունի բնազդական եւ անբանական բնոյթ եւ անուղղակիօրէն կը վերածւի, այսպէս ըսւած, ազգային զգացումի: Քանի դեռ ժողովուրդը նահապետական վիճակի մէջ է եւ իր գոյութեան հետ իր բնաւորութիւնը, սովորութիւնները անպաճոյճ կերպով կարտայայտէ՝ անոր ազգային գիտակցութիւնը դեռ բաւական հեռու է այս զգացումէն: Ան ունի իր մտածելակերպը եւ զգացումը, իր ոճը, նիւթական եւ հոգեկան բոլոր արտայայտութեանց մէջ, բայց դեռ չունի այս ոճի եւ կերպի գիտակցութիւնը: Ասոր փոխարէն ան ունի լոկ զգացում մը՝ իր ցեղին հանդէպ, չնայած որ կապրի կենցաղային իր ոճով՝ տակաւին չի գիտեր, թէ ինչի մէջ կը կայանայ անոր էութիւնը, ո՛չ ալ կը գիտակցի թէ ի՞նչ բանի է պէտք ատիկա: Հոս ինքնապահպանումի ձգտումները նախատւեալ եւ գործօն չեն, այլ աւելի շատ կրաւորական ընդդիմութիւն մը, տեսակ մը առհաւական մղումն կայ: Հոս, կարծես ժողովուրդը կը զգայ, որ իր ոգին միասնական կենցաղավարութեան մէջ է, որուն եթէ դաւաճանէ՝ դաւաճանած կըլլայ իր “հաւատք”ին:
Ազգային զգացումը արդիւնք է հաւաքականութեան, որմէ դուրս անջատ անհատին մէջ ան չի կրնար երեւան գալ: Ազգային զգացումը կը բղխի ժողովուրդի ազգակցութենէն, տոհմային կապէն, հայրենիքի աշխարհագրական եւ կլիմայական պայմաններէն, անոր լեզւի ոգիէն, աշխատանքի բնոյթէն, դաւանութենէն, սովորութիւններէն, կարճ, անոր կեանքի ընդհանուր պայմաններէն: Հոգեւոր այս հաւաքականութեան ամենահարազատ բովանդակութիւնը ազգային զգացումն Է: Դա է ամենասերտ կապը հասարակութեան տարրերու եւ ասոնց անջատ-անջատ գիտակցութիւններու միջեւ: Ազգային զգացումը կը հանդիսանայ ժողովուրդի ամենախոր եւ ամենատեւական ոյժը:
Աւելի մեծ հետաքրքրութիւն կը ներկայացնէ ազգային գիտակցութեան զարգացման երկրորդ փուլը: Մինչդեռ առաջին փուլը կը կազմէ այս գիտակցութեան միամիտ, պարզունակ ձեւը, երկրորդը՝ կը ներկայացնէ անոր քննադատական ձեւը: Հոս ալ ազգային գիտակցութիւնը կը հիմնուի ազգային զգացումի վրայ, բայց հոգեբանական կառուցւածքը բոլորովին տարբեր է: Անիկա լոկ զգացում եւ բնազդ չէ, այլ բաւական բարդ, բազմամասն գաղափար: Ազգային առանձնայատկութիւնները այլեւս գիտակցւած են, հոս հասած ենք այլեւս ազգային անհատականութեան գաղափարին: Այս եւ ուրիշ ժողովուրդներու անհատականութեանց միջեւ բոլոր անջրպետները ստեղծւած են: Առանձնայատկութեանց պահպանումը գործօն եւ գիտակցւած բնոյթ ստացած է. հոս բոլոր ստեղծագործ ջանքերու եւ ժողովուրդի զարգացման հիմքը ցեղն է: Ազգային գիտակցութեան մասին խօսելու պարագային՝ ընդհանրապէս նկատի կառնենք գիտակցութեան քննադատական ձեւը: Այդ պատճառաւ ալ աւելի մանրամասնօրէն կանգ պիտի առնենք անոր վրայ:
Քննադատական ազգային գիտակցութեան բովանդակութեան մէջ առաջին գծի վրայ ի յայտ կուգայ ժողովուրդի հոգեւոր միութեան գաղափարը: Այս միութեան ակերը բազմաթիւ են, հոս մենք պիտի յիշենք միայն կարեւորագոյնները:
Ամենախորին եւ ամենահիմնական աղբիւրը արեան ազգականութիւնն է, այսինքն՝ միատեսակ ցեղային ծագումը: Երբեմն ազգային միութեան գաղափարը կապւած էր գերազանցապէս ծագումին: Աւելի յետոյ, սակայն, կենսաբանական այս ըմբռնումը տեղի տւաւ հոգեկանին եւ հազիւ այսօր, մանաւանդ Գերմանիոյ մէջ, անիկա վերստին ստացաւ իր հին նշանակութիւնը: Ըստ էութեան, որքան ալ հոգեկան կապերը եւ յարաբերութիւնները մարդկային հասարակութեան համար կարեւոր ըլլան՝ արեան ազգականութիւնն է, որ հիմնական նշանակութիւն ունի ազգային հաւաքականութեան եւ ազգային գիտակցութեան համար: Անկէ կախում ունին ժողովուրդի խառնւածքը, հոգե ֆիզիքական հակազդեցութեան բնոյթը, անոր կրաւորականութիւնը կամ ներգործօնութիւնը, անոր տոկունութեան եւ գիտակցութեան աստիճանաչափը, զննողական կարողութիւնը եւ այլն:
Ճի՛շդ է, կան ժողովուրդներ, որոնք տարբեր ցեղային բաղկացութիւն ունենալով հանդերձ՝ զօրաւորապէս կարտայայտեն ազգային գիտակցութիւնը, ասիկա կը ցուցանէ, թէ արեան ազգականութիւնը միակ ազդակը չէ, որմէ կախում ունի այս գիտակցութիւնը, ասիկա սակայն, չի կրնար ծառայել իբր հակաապացոյց ընդդէմ արեան ազգականութեան, որ կը կազմէ ազգային գիտակցութեան կենսաբանական հիմքը:
Ֆիզիքական ուրիշ ազդակ մը, որմէ կախում ունի ազգի մը հոգեկան միութիւնը, հայրենի երկիրն է, աշխարհագրական ընդհանուր պայմաններն են – կլիման, տեսարանները, դաշտավայրերը, լեռները, ջրերը: Ռուսաստանի կլիմայական պայմաններու ընդարձակ վետվետումներով կը բացատրւին ռուս ժողովրդի նկարագրի ծայրայեղութիւնները, անոր հակումը դէպի ջանասիրութիւնը եւ միաժամանակ դէպի անտոկունութիւնը: Անգլիոյ խոնաւ եւ մառախլապատ կլիմայով, որ տպաւորութիւնները անյստակ եւ անգոյն կընէ, կը բացատրւի անգլիացիներու ձեւի եւ գոյնի զգացողութեան պակասը: Ռուսաստանի անծայրածիր տափաստաններով կը բացատրւի ռուս հոգիի ընդարձակութիւնը, անոր հակումը կրօնականութեան եւ խորհրդապաշտութեան:
Ազգային միութեան գաղափարը կը պայմանաւորւի նաեւ լեզւի ընդհանրականութեամբ: Հոս ալ կրնանք օրինակներ ցոյց տալ, որոնք կարծէք կը հակասեն վերի տեսակէտին – օրինակ, Միացեալ Նահանգներ, Զւիցերիա, նախկին Աւստրեւհունգար կայսրութիւնը: Բայց հոս, լեզւի դերը այս ժողովուրդներու հոգեկան միութեան տեսակէտով, կը կայանայ միայն պաշտօնական լեզուն սովորելու ձգտումին մէջ, քանի որ ան պարտադրական է կեանքի եւ բանակի մէջ: Հոն, ուր ժողովուրդները կը գործածեն մէկէ աւելի լեզուներ եւ կը մնան իրենց տոհմային զանազանութիւններով՝ ազգային միութեան գիտակցութիւնը շատ կը դժվարանայ: Լեզւի նոյնութիւնը, անոր գործածութիւնը իբր ընդհանրացման միջոց, անուղղակի կերպով, հոգեկան բոլոր արժէքները կը յանձնէ ժողովուրդին: Առաջին պարագային լեզուն ժողովուրդի գիտակցութեան վրայ կազդէ մեքենայական կապով, երկրորդ պարագային՝ առանձնայատուկ արժէքով եւ ուրոյն գեղեցկութեամբ: Թէ առաջին եւ թէ երկրորդ պարագաներուն լեզուն ամենէն շատ կազդէ ազգային ոգիի յատկանշական յուզմունքով, իր զգացողական եւ արտաքին երանգով, կլիմայի եւ հայրենի տեսարաններու արտացոլումով եւ մտքի ու գաղափարներու բովանդակութեամբ, ուր պարփակւած են անցեալ սերունդներու, մեր նախահայրերու եւ հայրերու դարաւոր կեանքի փորձառութիւնները:
Ժողովուրդի մը հոգեւոր միութիւնը կախում ունի նաեւ անոր ընդհանուր պատմութենէն: Ինչպէս նոյնատեսակ վերապրումները անջատ անձնաւորութիւններ իրարու կը մօտեցնէ՝ այդպէս ալ պատմական ընդհանուր դէպքերը հոգեպէս իրարու կը կապէ ազգակիցները: Պատմական ընդհանուր փորձառութիւնը միատեսակօրէն կը մշակէ անջատ գիտակցութիւնները եւ զանօնք նոյնատեսակ յարաբերութեան մէջ կը դնէ աշխարհի եւ կեանքի հանդէպ: Այսպէս, սերունդներու վրայ կազդեն ո՚չ միայն անոնց անձնական վերապրումները, այլ եւ անցեալի պատմութիւնը եւ պատմական աւանդութիւնները: Ժողովուրդի պատմական յիշողութիւններն են, որ անցեալը կը կապեն ներկային՝ յանձնելով ապագային:

* * *
Ազգային գիտակցութեան, ժողովուրդի մը հոգեւոր միութեան համար էական գործօն է ե՛ւ կրօնը: Կար ժամանակ, որ կրօնի նշանակութիւնը շա՛տ աւելի մեծ էր, որովհետեւ ան իր մէջ կամփոփէր ժողովուրդի հոգեւոր բովանդակութեան ամբողջութիւնը – իմացական-ապրումնային բոլոր ա՛յն ոգորումները, որոնք այսօր անջատօրէն կարտայայտւին իմաստասիրութեան, գեղարւեստի եւ գիտութեան մէջ:
Վերոյիշեալ ազդակները որպէս ժողովուրդի հոգեկան միութեան տարրեր՝ իրենց արտացոլումն ունեցած են անոր կենցաղավարութեան, բարոյական եւ կրօնական զգացումի, գեղարւեստի, իմաստասիրութեան, ընկերային եւ քաղաքական կեանքի, երգ ու երաժշտութեան, կարճ՝ բովանդակ ստեղծագործութեան մէջ: Ահա՛ թէ ինչու՞ ազգային գիտակցութեան քննադատական ձեւը կենթադրէ ո՛չ միայն ազգային ոգիի եւ ասոր բոլոր առանձնայատկութիւններու գիտակցումը, այլեւ անոնց պահպանումի եւ մշակումի կամքը՝ որպէս օրգանական զարգացման հիմք, ոգիէն դէպի ազգը, ներսէն, էութենէն դէպի դուրսը, դրսերեւոյթը: Այսպիսի զարգացումն է միայն ստեղծագործական եւ առողջ: Մարդկութեան ընդհանրութեան գաղափարը, որու կրողը հանդիսացաւ աշխարհաքաղաքացիութիւնը, չունի զարգացման հիմք: Բաղդատմամբ ազգային ֆիզիքական եւ հոգեկան բնիմաստ եւ իւրարժէք ընդհանրութեան՝ աշխարհաքաղաքացիութիւնը կը մնայ վերացական գաղափար մը: Այս գաղափարը չի կրնար ջնջել ազգային զգացումի կենսաբանական հիմքը, ո՛չ ալ ազգային ոգիէն դատարկել այն բովանդակութիւնը, որ դիզուած է դարերու փորձառութիւններով եւ պատմական ճակատագրի նոյնութեամբ: Աշխարհաքաղաքացիական միութիւնը ստեղծւած է մտայնօրէն. ան մտացածին է եւ ո՛չ թէ գոյզգացական, ուստի եւ չի կրնար հանդիսանալ ստեղծագործական ազդակ, որովհետեւ ստեղծագործութիւնը կենթադրէ բնա-հոգեբանական որակ մը, այո՛, սուբստանցիէլ ոյժ մը եւ ո՛չ լոկ գաղափարական ընդհանրութեան ըմբռնում մը: Պատահականութիւն չէ, որ գրական, գեղարւեստական թէ այլ կարգի ամեն կարեւոր ստեղծագործութիւն, մի՚շտ ալ ազգային եղած է:
Ազգային գիտակցութեան աւելի՚ բարձր ձեւը ժողովուրդի անհատականութեան գաղափարն է, անոր ինքնարժէքութեան զգացումը: Ինչպէս որ անջատ մարդը աստիճանական զարգացումով կը յանգի այն հասկացողութեան, թէ ինքն առանձնայատկութիւններ ունի, որոնցով կը տարբերի ուրիշ անհատներէ եւ որոնք կը սահմանեն իր ինքնարժողութիւնը, այդպէս ալ ոգիի արթնութեան եւ մշակեալ ըմբռնումներու տէր ժողովուրդները ունին ազգային գիտակցութիւնը՝ իրենց անփոխարինելիութեան, անկրկնելիութեան Եւ ճիշդ ազգի մը ինքնարժէքութիւնը սահմանող այդ առանձնայատկութիւններն են, որոնք իբր ընդունակութիւն-արժէքներ ի պահ կը դրւին մարդկութեան ընդհանուր գանձարանին մէջ՝ որպէս տւեալ ազգի բաժինը: Ի հարկէ ազգային ամէն ընդունակութիւն չունի իր մեծ նշանակութիւնը եւ չի կրնար սահմանել ինքնարժէքութեան գիտակցութիւնը: Ինչպէս անհատը բնազդաբար կը զգայ, որ միայն ինքն ունի արժանաւոր այն ընդունակութիւնները, որոնցմէ հասարակութիւնը շահ ունի, այդպէս ալ ազգը ինքը կը զգայ ու կը գնահատէ ա՚յն, ինչ որ կը շեշտէ իր արժանիքը եւ կը գրաւէ ուրիշ ժողովուրդներու ուշադրութիւնը: Ասկէ առաջ կու գայ բարոյական բնոյթագծի ինքնարժէքութեան գիտակցութիւնը: Այս գիտակցութիւնը իր մէջ կը պարփակէ ինքնայարգանքի զգացումը, առանց որու բարոյական չկայ: Միայն ինքնայարգանքի զգացում ունեցողը մաքուր կը պահէ իր խիղճը եւ չի գործեր ասոր հակասող քայլեր. նմանը միայն կրնայ ուրիշներէն յարգանք սպասել: Այսպիսով՝ ազգային ինքնարժէքութեան զգացումը կը դադարի զուտ ցեղային-հոգեբանական գաղափար ըլլալէ եւ կը վերածւի բարոյական որակի: Աւելորդ է բացատրել, թէ ի՜նչ մեծ նշանակութիւն կունենայ բարոյական նման բովանդակութեամբ ազգային գիտակցութիւնը՝ ազգի մը ներքին կեանքի եւ անոր միջազգային յարաբերութիւններու տեսակէտով:
Ազգային ինքնարժէքութեան, որով եւ ինքնայարգանքի զգացումը կենթադրէ ազգային անկախութեան պահանջ: Այս անկախութիւնը նոյնպէս ազգային գիտակցութեան բաղկացուցիչ մէկ մասն է: Բաղկացուցիչ ա՚յն իմաստով, որ ազգային առողջ գիտակցութիւնը միշտ ի յայտ կուգայ որպէս հոգեբանական եւ բարոյական պայման նւաճումի կամ ազգային հոգեւոր թէ քաղաքական անկախութեան պահպանման: Պէտք չէ, ի հարկէ, մտածել, թէ անկախութեան ձգտումը կը յենւի բացառաբար ինքնարժէքութեան գիտակցութեան եւ ինքնայարգանքի զգացումի վրայ: Այս վերջինները աւելի յենարաններ են անկախութեան ձգտումի, որ աւելի՚ խոր կերպով արմատացած է ինքնապահպանումի բնազդի մէջ: Այդ պատճառով ալ ժողովուրդի մը ինքնարժէքութեան զգացումի տկարացումը, անոր անտարբերութիւնը՝ անկախութեան պրոբլեմի հանդէպ կամ անոր հակումը իր անկախութիւնը մասամբ կամ ամբողջութեամբ զոհելու՝ հիւանդութեան կամ այլասերումի նշան է: Միեւնոյն պատճառով պատմական որեւէ ցնցում, որ կասկածել կը մղէ ենթակային՝ սեփական ոյժերու վրայ կամ յուսալքում յառաջ կը բերէ – նման ցնցումներու պատճառած ապրումները կը հարւածեն ազգային գոյութեան կենսաբանական ջիղը:
Ինչպէս անհատի, նոյնպէս եւ ժողովուրդներու համար ինքնապահպանման ձգտումը ո՚չ միայն բնական մղում է, այլեւ բարոյական պահանջ: Իւրաքանչիւր ազգ, շնորհիւ իր անհատականութեան, ունի իր առանձնայատուկ պատմա-մշակութային առաքելութիւնը եւ ո՚չ մէկը կը գտնւի “Աստուծոյ ճանապարհին”, որ կուզէ ժխտել միւսի ինքնարժէքութեան եւ ինքնայայտնութեան իրաւունքը: Աւելին. ինչպէս անջատ մարդը՝ իր կեանքի մէջ նպատակի մը կրնայ հասնիլ իր ազգակիցներու օժանդակութեամբ, այդպէս ալ ժողովուրդ մը կրնայ պատմական իր առաքելութիւնը իրականացնել ուրիշ ժողովուրդներու աշխատակցութեամբ – աշխատակցութեա՚մբ, բայց ո՚չ հպատակեցումով, գերումով: Այս տեսակէտով ժողովուրդներու փրկութիւնը եւ իդէալական դրացիութիւնը հնարաւոր է միայն ա՚յն ատեն, երբ կապահովւի անոնցմէ իւրաքանչիւրի, որով՝ բոլորի ազգային անհատականութիւնը, երբ կը վերացւին անոնց պատմական զարգացման ճանապարհին ինկած խոչընդոտները: Իսկականապէս լուսաւորեալ ազգային զգացումը կը բովանդակէ այս իդէալը:
Ազգային գիտակցութեան երրորդ հիմնական բաղկացուցիչ տարրը անջատ ազգակիցներու համերաշխութիւնն է: Հասարակութեան մը պատկանելու համար ամեն բանէ առաջ անհրաժեշտ է համերաշխութեան զգացումը: Ասիկա հիմնական նշանակութիւն ունի ազգային ընդհանրական կեանքի բարոյական բովանդակութեան տեսակէտով, եւ ասով է, որ կը չափենք ժողովուրդի մը բարոյականը, անոր հասարակական կարգապահութիւնը: Ազգային համերաշխութեան գաղափարը կենթադրէ անհատի փաստացի ենթարկումը՝ հաւաքական ընդհանրութեան: Սերտ կապ կայ անհատի եւ ժողովրդի ճակատագրի միջեւ: Մասնաւորապէս աղէտներու ժամանակ այս ճակատագիրը միեւնոյնն է բոլորի համար: Վերջին հաշւով՝ անհատի ապահովութիւնը, բարիքը, չարիքը, արարքներու արդարացումը, յաջողութիւնը, ձախողանքը կախում ունի ժողովուրդի բարոյական վիճակէն, կարծիքէն, վերաբերումէն, դատաստանէն: Անհատը այն ատեն միայն իրաւունք ունի հակասութեան մէջ գտնւիլ հասարակութեան հետ, երբ բարքերու շօշափելի անկում կայ եւ հասարակութիւնը դէպի գոյութեան աւելի բարձր ձեւ մը մղելու պահանջ: Նման պարագաներուն հոգեւոր մեկուսացումը ողբերգական բնոյթ կը ստանայ եւ անյեղաշրջելի ժողովուրդի հետ կը խորտակւի նաեւ անհատը: Հոս ալ ազդու է կապը ճակատագիրներու միջեւ: Այդ կապը ամենապարզ կերպով կը զգացւի, երբ անհատը կը կտրւի իր միջավայրէն եւ ինքզինքը կը գտնէ օտար ազգային ընդհանրութեան մէջ: Հոս եւս հոգեւոր մեկուսացումը ողբերգական բնոյթ կըստանայ: Գաղթականի, տարագրի, մանաւանդ պանդուխտի հոգեբանութիւնը շա՚տ հրահանգիչ է այս ուղղութեամբ:
Անհատի ենթարկումը՝ ժողովուրդի ընդհանրութեան, կը գիտակցւի ազգային համերաշխութեան գաղափարով: Այս գաղափարը կը բովանդակւի ազգային գիտակցութեան մէջ եւ կը վերածւի ժողովրդական գործօն կամքի: Ազգային գիտակցութեամբ է, որ քաղաքացիները մասնաւորապէս վտանգի ատեն կը մղւին բարոյական ոյժերու պրկումին, անձնւիրաբար նետւելով պատերազմի կրակին մէջ: Հոս՝ անհատը կը զգայ ազգային ինքնարժէքութեան ծառայելու, պահակելու իր դերը – դեր մը, որ կը զօրացնէ հաւաքական ճակատագրի գիտակցութիւնը եւ կը շեշտէ միութեան զգացումը: Բարոյական ոյժերու լարումի շնորհիւ է, որ ռազմիկները յատկապէս զգայուն են ամեն կարգի աններդաշնակութեանց եւ անիրաւութիւններու հանդէպ, ուստի թիկունքը պարտաւոր է բարոյապէս միշտ արթուն գտնւիլ՝ գիտակցելով, որ իր կեցւածքը վճռական ազդեցութիւն ունի ճակատ գտնւող ռազմիկներու տրամադրութեան, որով եւ՝ պայքարի ելքի վրայ: Այսպէս՝ պատմական որեւէ յաջողութեան հիմքը ազգային գիտակցութեամբ պայմանաւորւած համերաշխութեան կամքն է:
Անջատ անհատի համար ժողովուրդի ընդհանրութիւնը “անուղղակի առարկայ” է: Անոր եւ ընդհանրութեան միջեւ յարաբերութիւնները “շարժառիթներ” են, որոնք կը սահմանեն անոր “ընկերային ընթացք”ը, կենցաղակերպը, աշխարհայեացքը: Բարոյական իրաշունչ այս մթնոլորտը չի կրնար ստեղծւիլ համամարդկային որեւէ ընդհանրութեան կողմէ: Բարոյական գիտակցութեան համար, ըստ ինքեան, սահման չկայ, բայց գործնական կեանքի մէջ անոր ստացած արտայայտութիւններուն համար մասնաւոր նշանակութիւն ունի ժողովուրդի ընդհանրութիւնը: Բարոյական ամեն արժէքի եւ գործի չափանիշը ազգային խղճմտանքն է: “Մարդկութիւն”ը, հակառակ ժողովուրդներու միջեւ գոյութիւն ունեցող նիւթական եւ հոգեկան կապերու, կը շարունակէ մնալ տրամաբանական վերացականութիւն մը կամ լաւագոյն պարագային հեռաւոր, անծայրածիր նպատակ մը, որ անհատի գործնական կեանքի համար էական նշանակութիւն չունի: Անհատը սեփական իր ժողովուրդի մէջ միայն ունի խստօրէն որոշւած իր տեղը եւ հոս է, որ ան միշտ կանգ կառնէ ընտանեկան, հասարակական, պետական կեանքէն բղխած բարոյական պարզ ու որոշ խնդիրներու առջեւ: Ազգային ընդհանրութիւնը, անհատի հետ ունեցած կենդանի իր յարաբերութիւններով, կը հսկէ ասոր բարոյական ընթացքի վրայ, մարդկութիւնը, սակայն, չի կրնար անհատին պարտադրել նման անուղղակի ենթակայութիւն կամ մօտէն հսկել անոր բարոյական ընթացքին:
Ազգային համերաշխութեան զգացումը իր բովանդակած բարոյական պարտականութիւններով երեւան կուգայ որպէս լաւագոյն հիմքը հասարակական եւ պետական կեանքի: Եթէ պետութեան մը մէջ քաղաքացիները իրենց փոխադարձ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ իրենց դիրքը հանդէպ պետութեան, պայմանաւորէին միայն այն բաներով, որ օրէնքները կը թելադրեն եւ եթէ բացի այդ օրէնքներէն չունենային բարոյական ուրիշ հակակշիռներ կամ չխանդավառւէին իրենց գործերով եւ նպատակներով – նման պարագային չէր կրնար գոյութիւն ունենալ որեւէ պետութիւն:
Այսպէս՝ ազգային գիտակցութիւնը ո՚չ միայն կենսաբանական եւ ցեղային արտայայտութիւն է, այլեւ բարոյական ոյժ, որ անընդհատօրէն պէտք է մշակւի, եթէ ժողովուրդ մը կուզէ զարգանալ եւ ամրապնդւիլ: Առա՚նց ազգային գիտակցութեան՝ արժէք եւ զօրութենականութիւն չունի որեւէ պետութիւն կամ օրէնք. առա՚նց ատոր ժողովուրդը կը տկարանայ, կը կազմալուծւի եւ ժամանակի ընթացքին՝ պատմականօրէն կը մեռնի:
Ազգային գիտակցութեան մշակումը հաւաքական եւ անհատական բարոյականի տեւական գործը պիտի ըլլայ: Եւ ճիշդ ատոր մէջ է ազգային դաստիարակութեան իմաստը: Ազգային դաստիարակութիւնը չի կայանար միայն ազգային ոճի եւ ձեւի մշակման, այլեւ անհատի ընկերային զգացումի եւ բարոյական գիտակցութեան դարբնումի մէջ: Որովհետեւ անհատներու յարաբերութիւններու եւ գործերու բնոյթով է, որ ժողովուրդի ընդհանրութիւնը կը դիմագծւի, կը կառուցւի եւ կամրապնդւի որպէս բարոյական անձնաւորութիւն: Պատմութիւնը կուսուցանէ, որ դարագլխի մը հիմնաքարին վրայ, ուր հոգեւոր մեծ ցնցումի մը հետեւանքով կը շեշտւի ազգային գիտակցութիւնը, ծնունդ կառնեն ժողովուրդի մը մեծ ներկայացուցիչները: Նման անձնաւորութիւններն են նոյն ժողովուրդի հարազատ ղեկավարները, անոնց ոյժն ու հմայքն են, որ կը գրաւեն ժողովուրդի սիրտը, միտքը եւ կամքը, որովհետեւ ատոնց խօսքերը պատգամներ են՝ բղխած ուղղակի ազգային գիտակցութեան հողէն: Ասիկա կը նշանակէ, որ ժողովրդական վարիչներ, ղեկավար մտաւորականներ ստեղծելու ճամբան ազգային դաստիարակութեան, ազգային գիտակցութեան պահպանման, հասնող սերունդներու բարոյական վերանորոգման ճամբան է:
Արմենակ Բարսեղյան
”Տարօնի Արծիւ”,
Սոֆիա, 1939թ., թիվ 9-10
”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 – 18, 2010թ.
“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Իսրայելն ու Ադրբեջանը` ու՞մ դեմ

February 12, 2010


Իսրայելն անընդհատ փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ հետխորհրդային տարածքի մահմեդական այլ երկրների հետ: Իսրայելի, Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ առկա հարաբերությունները ծառայում են որպես հրեական պետության եւ մահմեդական երկրների միջեւ համագործակցության ձեւ: Ադրբեջանի նախագահի եւ Իսրայելի ԱԳ նախարարի մի հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել համաձայնություն առ այն, որ Իսրայելի նախագահը Բաքու պաշտոնական այց կատարի, որն իրականացավ անցյալ տարի: Այցը Բաքվում անցկացվել էր “ամենաբարձր մակարդակով եւ մեծարանքներով”,- աղմկել էին ադրբեջանական զլմ-ները:
Իրանի ներկայիս վարչակարգը, որը ձգտում է ստեղծել միջուկային զենք եւ դառնալ ազդեցիկ երկիր Մերձավոր Արեւելքում, հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվի նման պարբերական այցերին: Պարսից Ծոցի երկրների եւ Իսրայելի միջեւ աճող լարվածության պայմաններում Իրանին հարեւան՝ աշխարհիկ մահմեդական Ադրբեջան այցելելու Իսրայելի նախագահին արված հերթական հրավերը վերահաստատում է, որ այդ 2 երկրները կերտում են ռազմավարական հարաբերություններ: Այս երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Ադրբեջանի (1992թ.) անկախացումից կարճ ժամանակ անց: Մեկ անգամ չէ, որ Իսրայելի բարձրատիճան պաշտոնյաները աշխատանքային այցով եղել են Ադրբեջանում:
Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների գլխավոր ոլորտը էներգետիկ անվտանգությունն է: Ներկայում Իսրայելի նավթի 20%-ը մատակարարում է Ադրբեջանը: Երկկողմ առեւտրում նավթաքիմիկատների բարձր համամասնության արդյունքում Ադրբեջանից ներմուծման ծավալը կազմում է 3,5 մլրդ. դոլար: Կա նաեւ ադրբեջանական բնական գազը Թուրքիայի միջով Հայֆա մատակարարելու ծրագիր: Ծրագրեր կան տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությոան, բժշկության բնագավառում գիտական հետազոտությունների եւ բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության եւ այլն:
2008թ. մայիսին Բաքվում տեղի ունեցավ իսրայել-ադրբեջանական գործարար համաժողով:
Գրեթե նույն ժամանակ Թել-Ավիվում կազմակերպվեց համաժողով՝ ավելի քան 20 ադրբեջանական կազմակերպությունների եւ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի առանցքային մասն Իսրայելի արտահանման ինստիտուտի եւ արտահանումն ու ներդրումը խրախուսող Ադրբեջանի հիմնադրամի (AzPromo) միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր: Այս համաձայնագիրը համակարգում է երկկողմ առեւտուրն ու ներդրումները:
2009թ. Իսրայելում տեղի ունեցավ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես (Agritech), որին մասնակցեց նաեւ ադրբեջանական պատվիրակությունը:
Դեռ 2008թ. սեպտեմբերի վերջին Ադրբեջանն արդեն համաձայնեց Իսրայելից գնել զենք ու զինամթերք: Հրեական զլմ-ները գրեցին, որ “Ադրբեջանը կգնի իսրայելյան զենք, ներառյալ զինամթերք, ականանետեր եւ հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ ռազմական ռադիո-սարքավորումներ: Սա առաջին հրապարակային հաստատումն էր 2 երկրների միջեւ աճող ռազմավարական հարաբերությունների, թեեւ այդ հարաբերություններն սկիզբ են առել դեռեւս Ադրբեջանի անկախության առաջին տարիներին:
Այս քաղաքականությունը բացահայտում է Ադրբեջանի նվիրվածությունն արեւմտյան կողմնորոշմանը եւ անկախությունը Մոսկվայից եւ Թեհրանից:
Իսրայելը փորձում է հիմնել սերտ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք այս տարածաշրջանի զարգացումներում ուժգնորեն ազդում են Մերձավոր Արեւելքի կայունության վրա: Սա պայմանավորված է աշխարհագրորեն մոտ գտնվելու եւ գերազանցապես մահմեդական բնակչության հանգամանքով եւս: Այսպես՝ Կենտրոնական Ասիայի (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան) եւ Ադրբեջանի պարագան համընկնում է հրեական շահերի հետ: Իսկ սա նշանակում է սիոնիզմ-պանթուրքիզմ (հաշվի առնենք նաեւ իսրայելա-թուրքական հարաբերությունները) նորովի ծավալում, որն ակնհայտորեն ու միշտ վտանգավոր է լինում Հայաստանի ու հայության համար: Կասպից ծովի շրջանը կարող է պարարտ հող դառնալ մահմեդական արմատականության եւ միջուկային զենքի տարածման համար: Այս փաստերը նույնպես համախմբում են Իսրայելին այդ պետությունների վերնախավերի եւ աշխարհիկ միջին խավի հետ: Իսկ տարածարջանի բնական պաշարներն էլ ավելի գրավիչ են դարձնում այս երկրների հետ նպատակային համագործակցությունը:
Այսպես Իսրայելը ձգտում է Եվրասիայում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում ամերիկյան ռազմավարությունն իրականացնելու համար կարեւոր միջնորդ դառնալ եւ դերակատարում ստանձնել: Իսրայելի ազդեցությունը նախկին խորհրդային ճամբարի երկրների եւ Ռուսաստանի վրա նույնպես ընդլայնվում է: Իսրայելի նախագահի հնարավոր այցն Ադրբեջան Իրանի կառավարության մոտ տարակուսանք է առաջացնում, իրանական կողմը նույնիսկ սպառնացել է Ադրբեջանին՝ ասելով, որ “Իսրայելի նախագահի այցը կլինի սխալ քայլ”:
Կարծում ենք` այս իրավիճակը պետք է հուզի ոչ միայն իրանական, այլեւ մեզ՝ հայկական կողմին, քանզի իսրայելական աշխուժացումները որեւէ տարածաշրջանում ուղեկցվում են “տաք” եւ “սառը” պատերազմներով…
Զլմ-ները վերջերս գրել են, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունը գաղտնի այցելել է Իսրայել: Ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Իսրայելի ռազմա-արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ եւ բանակցել է երկրի ռազմական ապահովման կառույցների հետ: Այցելության այլ մանրամասներ (ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակության կազմի մասին) հրապարակումներ չկան:
Նախկինում, հաշվի առնելով Իրանի եւ իսլամական այլ երկրների դիրքորոշումները, Ադրբեջանը զինվորական պատվիրակություն, այն էլ գաղտնի, չէր գործուղել Իսրայել, եւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները կարծես որոշակիորեն դանդաղել էին:
Սակայն, ըստ ադրբեջանական զլմ-ների, հատկապես ռազմական ոլորտում, Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության նոր որակներ են ձեւավորվում: Անցյալ տարի 2 երկրների միջեւ ստորագրվեցին ռազմական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր, մասնավորապես, Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանում պետք է կառուցվի անօդաչու հետախուզական ինքնաթիռների եւ արդիական ռազմական տեխնիկայի գործարան:
Ըստ իսրայելական աղբյուրների, այդ համաձայնագրերը կյանքի կոչելու համար 2 երկրների միջեւ վերջին տարիներին ընթանում են գաղտնի բանակցություններ:
“Հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորականների Իսրայել կատարած այցելությունը համագործակցության շրջանակներում է: Սակայն, կասկած չկա, որ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը պետք է անհանգստացնի հարեւան երկիրներին: Մոտ ապագայում ակնկալվում է նաեւ Իսրայելի արտգործնախարարի Բաքու այցելությունը”,- գրում է ադրբեջանական մամուլը:

Հայկ Թորգոմյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 – 18, 2010թ.

Ա՛զգը պետք է կերտի պետություն Պետությունը պարզապես միջոց է ազգի նպատակների համար

February 12, 2010


ՀՀ նախագահական, ԱԺ կամ ՏԻՄ ընտրությունները պարբերաբար հավաստում են, որ մեզանում ընտրություններ ասվածը դեռ հասկացվում է անհատական ու խմբակային շահերի միջեւ պայքար՝ անհատի ու խմբի շահերի հաստատման կամ վերահաստատման համար: Այսինքն՝ պետությունը ոչ թե ազգային, այլ անձնական միջոց է ծառայում…
Ցավոք, մեզանում այդպես էլ չհասկացվեց ներկայիս Պետական Սահմանադրության եւ Ազգային Գաղափարախոսության տարբերությունը: Իսկ իրականում դրանց միջեւ պետք է տարբերություններ չլինեն, սակայն … կան եւ նույնիսկ հակառակ բնույթի:…
Եթե Սահմանադրությունը իրավական փոփոխական փաստաթուղթ է եւ պետության գոյատեւման, գործունեության կառավարման լծակ, ինչն առնչվում է այդ պետությունում բնակվող բոլոր ազգերին, ապա Ազգային Գաղափարախոսությունը հաստատուն բնական-ավանդական փաստաթուղթ է՝ տվյալ տարածք-հայրենիքի տեր ազգի բոլոր իրավունքների պաշտպանության համար (եւ ոչ միայն այդ տարածքում):
Մեզանում Պետական եւ Ազգային Գաղափարախոսությունները տարբեր են, որովհետեւ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը զուտ հայկական ազգային պետություն չէ: Մեր երկրում ներկայումս իշխում են միջազգային հորջորջվող օրենքները, իրավունքները, նույնիսկ՝ ապազգային եւ անբարո, ինչը չի կարող որեւէ կերպ համադրվել ազգային (իրապես մարդկային) օրենքների եւ իրավունքների հետ: Հայ ազգը իր Հայրենիքում ապրում է օտարի պարտադրած օրենքներով եւ գաղափարաբանությամբ:
Ուստի, այժմ Ազգային Գաղափարախոսությունն իրապես ավելի առաջնային է Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադիր ու հիմնական ազգի համար, քան՝ միջազգային (այլազգային) պարտադրանքներ պարունակող ՀՀ Սահմանադրությունը:
Այսպիսի օրինակ կա նաեւ մեր օրերում՝ Իսրայելն է, որին հաճախ են սիրում օրինակ բերել ապազգայիններն ու այլասերները: Իսրայելը չունենալով Սահմանադրություն (դրա անհրաժեշտությունը չի էլ զգում)` գոյատեւեց ու հզորացավ իր Ազգային Գաղափարախոսության եւ “Թալմուդ”-ի օրենքներին համապատասխան: Եվ կարողացավ իր կամքը զորացնելով տիրապետող դերակատարում ունենալ աշխարհում: Հրեաները իրենց պետությունը միջոց դարձրեցին ազգային նպատակներին հասնելու համար:
Մենք՝ հայերս, ունենալով եւ՛ Սահմանադրություն եւ՛ “Բիբլիա-Աստվածաշունչ”, որեւէ դերակատարում չունեցանք աշխարհում: Պատճառը մեկն է՝ եւ՛ Սահմանադրությունն է ապազգային եւ՛ տիրող կրոնը՝ քրիստոնեությունը:
Իսրայելի ազգային գաղափարախոսությունը (սիոնիզմը) իրավական առումով էլ ազգային բնույթ ունի, իսկ “Թալմուդ”-ը զուտ ազգային հավատի քարոզիչ է ծառայում: ՀՀ Սահմանադրությունը եվրաքաղաքական ու ապազգային իրավական բնույթ ունի, իսկ “Բիբլիա-Աստվածաշունչ”-ը ո՛չ հայկական եւ վերազգային (եթե չասենք՝ այլազգային) հավատ է քարոզում (հրեաների ընտրյալությունը եւ նրանց նկատմամբ քրիստոնյաների հնազանդությունը, որն ամրագրված է նաեւ նորօրյա էկումենիստական փաստաթղթով): Իսկ Ազգային Գաղափարախոսությունը որեւէ դերակատարում չունի ՀՀ-ում: Ազգային հավատի մասին էլ չենք խոսում՝ այն շարունակվում է հալածվել, ապականվել պե-տա-կա-նո-րեն: իսկ շատ տխմարներ Հայ Աստվածներին չաստվածներ են որակում, կամ հրեաների Եհովա աստծո ու նրա որդի Քրիստոսի պատգամով՝ փնովում, կեղծում ու պախարակում են Նրանց:
Ազգի ստեղծումն արարչաբնույթ է՝ ազգն արարչածին է, ուրեմնեւ՝ բնական-տիեզերական արժեք, եւ այդ նույն ազգի հայրենիքում ստեղծված պետությունը սերնդեսերունդ վերաձեւավորվում է իր էությանը, նկարագիրը՝ կենսակերպին հարիր ազգային գաղափարախոսության ավանդական սկզբունքներով: Եվ միայն բնական ազգերը կարող են ունենալ ազգային պետություն՝ ազգ-պետություն: Եթե ազգը տվյալ ժամանակաշրջանում դեռեւս չի վերաձեւավորվել, ապա այն չի կարող ունենալ ինքնատիպություն ու ինքնատիպ ինքնիշխան պետություն: Իսկ պետության ստեղծումն ինքնանպատակ չէ, այն մարդկանց՝ ազգի ներկայացուցիչների ինքնապաշտպանության, համակողմանի զարգացման, իղձերի ու առաքելության իրականացման, բարգավաճման երաշխավորն է: Եթե ազգային գաղափարախոսությունը “կեղծ կատեգորիա է”, ապա ազգային պետությունը նույնպես այդպիսին է: Եթե հետեւենք նման կարգախոսներ “ստեղծողներին”, ապա նրանք (հայ եւ այլազգի)՝ ապազգայինները, հենց առանց ազգային ինքնության ու պատկանելության պետություններ էլ ուզում են ստեղծել: Նրանք կամ խառնածին են կամ փողածին……
Իրականում պետությունը չի կարող զերծ լինել բովանդակությունից, ինչն ազգային բնույթն է՝ պարուրված ազգային գաղափարախոսությամբ: Հանրահայտ է՝ ձեւն առանց բովանդակության չի լինում: Ձեւը պետությունն է: Կարեւոր չէ, թե նա ինչպիսին է ձեւի մեջ, կարող է տվյալ ժամանակի համահունչ ձեւն ընդունել: Իսկ պետության ինչպիսին լինելը կախված է ազգի՝ այդ պահի իրական վիճակից: Եթե չկա ազգային գաղափարախոսություն, ապա այն փոխարինվում է գաղափարների, արժեքների այլ համակարգով՝ հաճախ ապազգային, այդօրյա ուժեղի գաղափարախոսությամբ՝ իրեն բնորոշ լավ ու վատ օրենքներով, ինչն առավելապես օտարահաճ է:
Ազգային գաղափարախոսությունը ոչ միայն ազգաճանաչողության, այլեւ ազգը համախմբող արժեքների ամբողջությունն է: Դա համախմբում է հանուն տեսակի արյունի, լեզվի, հոգու ու մշակույթի պահպանման, մարդկանց ազատության ու առաջընթացի, ազգի ինքնատիպության, երկրի անկախության ու անվտանգության, սոցիալական եւ իրավական արդարության հաստատման, ազգի ու հայրենիքի հարատեւման:
Պետության Սահմանադրությունը չի կարող փոխարինել Ազգային Գաղափարախոսությանը: Թերեւս միայն իր բովանդակությամբ ու էությամբ եզակի Ազգային Սահմանադրությունը կարող է մասամբ փոխարինել Ազգային Գաղափարախոսությանը: Ասացինք, որ Սահմանադրությունը պետության կազմավորման իրավական նորմերի փաստաթուղթ է եւ` ոչ ավելին: Այն չի կարող ցույց տալ ազգի ծագումը, հայրենիքի գաղափարը, անցյալն ու ապագան (առավել եւս հոգեւոր կյանքն ու ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը), միայն որոշ չափով բացատրում ու կառավարում է ներկան, ծրագրավորում մոտ ապագան: Սահմանադրությունը պետք է կառուցվի օրենքի բարոյականության հիմքի վրա: Իսկ օրենքի բարոյականությունն առանց ազգային սովորույթների, ավանդույթների, ծեսերի ու այլ կարեւոր չափանիշների չի կարող ձեւավորվել ու գործել: Նախ՝ Ազգային Գաղափարախոսությունն իր դաստիարակությամբ պիտի ձեւավորի կամ վերաձեւավորի օրինապահ հանրություն, որից հետո այդ հանրությունը անվերապահորեն կհարգի եւ կապրի Սահմանադրության իրավական օրենքների բարոյականությամբ:
Ազգային Գաղափարախոսությունն ի տարբերություն Սահմանադրության՝ ներկան կանոնավորելու ու կառավարելու հանգամանքին, բացատրում է ոչ միայն այն, թե ինչ է պետությունը, պետական գործառույթը, այլ նաեւ՝ թե ինչու է ստեղծվում պետություն, ինչպես է այն ծառայելու ազգին, նրա առանձին քաղաքացուն, անհատի ազատությանն ու ազգի անկախությանը, պետության ինքնիշխանությանը, ազգի կեցությանն ու բարգավաճմանը, ազգային առաքելության իրականացմանը: Հակառակ դեպքում՝ այդ վեհ գաղափարները կկորցնեն իրենց իմաստն ու նշանակությունը եւ կփոխարինվեն այլոց դատարկաբանություններով: Ազգը հետզհետե կդիմազրկվի ու կայլասերվի ներկա պահի բարքերից, հատկապես երբ դրանք ապազգային բնույթի են եւ անբարո:
Ազգային գաղափարախոսությունը ազգային շահերի համախմբումն ու նպատակամղումն է ազգային նպատակներին (գերնպատակին) հասնելու համար: Ազգային գաղափարախոսությունը կոչված է ցույց տալու ազգի տեղն աշխարհի ազգերի ընտանիքում, նրանց հետ փոխհարաբերվելու ազգաշահ սկզբունքները, հարեւանների հետ ունենալիք հարաբերությունները, ազգի ներսում միմյանց հետ փոխհարաբերվելու կանոնները, ընտանիքի, երիտասարդների, ծերերի ու տոների, երեխաների տեղն ու դերը հանրության մեջ իրենց հիմնախնդիրներով հանդերձ: Ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը հայրենասիրության-ազգապաշտության դաստիարակությունն է պետության քաղաքացու մոտ: Ցանկացած փոխհարաբերության հիմքում պետք է ընկած լինի հայրենասիրությունը՝ դա ինչ է տալու մեր պետությանը, ազգին, նրա առանձին քաղաքացուն:
Միջազգային հարաբերությունները երկրների միջեւ կառուցվում են ազգային շահերից ելնելով: Այդ հարաբերությունների կառուցումն ու զարգացումը նման է շախմատի. ինչ քայլեր անել եւ վերջին հաշվով շահած դուրս գալ տվյալ իրավիճակներից:
Ազգային գաղափարախոսությունը կոչված է ապահովելու հստակ տարածքում ապրող մարդկանց՝ ազգի բարեկեցիկ կյանքը, նրա անվտանգությունը (քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլն), տնտեսության զարգացման առաջնահերթություններն ու սկզբունքները:
Ազգային գաղափարախոսությունը մարդկանց՝ ազգին այս կամ այն ոգով դաստիարակության համակարգ է, դաստիարակության ձեւ` ինչ ոգով դաստիարակել վաղվա քաղաքացուն, ինչ արժեքների համակարգով, գրականության որ հերոսներով, իմաստասիրական ինչ ուղղություններով եւ այլն:
Քաղաքացին կրթված ու դաստիարակված, մշակութային արժեքների որոշակի մակարդակ ձեռք բերած անձնավորությունն է: Առանց ազգային գաղափարախոսության հնարավոր չէ քաղաքացու դաստիարակություն: Անդաստիարակ քաղաքացի չի լինում (նմանն այլ անվանում ունի): Կրթվածությունն առանց դաստիարակության նույնն է, թե խելքն առանց ուժի:
Պետք է քաղաքացուն դաստիարակել, հետո նրանից պահանջել: Դաստիարակե՞լ ենք քաղաքացուն հարկ մուծել, որ պահանջում ենք, դաստիարակե՞լ ենք քաղաքացու մեջ հայրենասիրություն, որ պահանջում ենք հայրենիքին ծառայություն, դաստիարակե՞լ ենք քաղաքացուն բարեխիղճ լինել, չգողանալ, որ պահանջում ենք ազգային ու բարոյական լինել:
Խորհրդային տարիներին, ոչ հեռավոր անցյալում մարդիկ դաստիարկված էին կոմունիզմի ոգով, կար հավատ՝ հզոր երկրի նպատակներով, եւ մարդիկ գոնե գիտակցում էին հանուն ինչի են ապրում եւ աշխատում (սխալ էր, թե՝ ճիշտ, դա այլ խնդիր է): Ներկայումս ինչո՞վ ենք այն փոխարինել, ի՞նչ ենք ուզում մեր հանրապետության “քաղաքացիներից”: Ոչինչ, անորոշություն է, երբ աշխարհիկ ու հոգեւոր կյանքում օտարասիրությունն է իշխում եւ բացակայում է ազգային, ընդհանուր բաղձանքը, որը խաթարվել է քաղաքացիական ծառայամտությունից: Չկան հերոսներ, չկա հզոր պետության հավատ… Իսկ քանի դեռ չի ձեւավորվել հոգեւոր, կեցական ու գիտական մշակույթը, ապա ի՞նչ բարոյականությամբ ենք պահանջում դրանք “քաղաքացուց”:
Առանց Ազգային Գաղափարախոսության ԱԺ եւ գործադիր իշխանության առաքելությունը սին է, ընդունած օրենքները՝ ապազգային ու անտրամաբանական, նաեւ՝ անձնավորված……
Ի վերջո Ազգային Գաղափարախոսությունը պատասխան է տալիս` ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք ուզում եւ ու՞ր ենք գնում հարատեւ հարցադրումներին: Այս հարցերին մեր Պետական Գաղափարախոսությունը պատասխանում է միայն ներկայի առումով, այն էլ՝ անորոշ…
Ազգային Գաղափարախոսությունը պետք է մեր բոլորին՝ ազգային ինքնագիտակցության եւ վերազարթոնքի համար, ազգավերակերտման եւ պետականավերականգնման հաստատուն կամքի համար:

Արամ Ավետյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 – 18, 2010թ.

Ո՛վ սիրում է, ո՛վ էլ` սեքսվում…

February 12, 2010


Նախորդ թողարկումում “Լուսանցք”-ն անդրադարձել էր “Անտարես” հրատարակչության “Երեխաներին սեքսի մասին” գրքի գովազդին, որն իրականացնում էր ՀՅԴ-ական “Երկիր մեդիա” հեռուստաընկերությունը՝ որպես “Ամանորյա նվեր”:
Արձագանքներից պարզ դարձավ, որ եթե հեռուստաընկերության պատասխանատուները կարծես թե զղջացել են, ապա հրատարակչության պատասխանատուներից ոմանք հոխորտացել են, թե իրենք հետամնացների հետ գործ չունեն եւ հրատարակել են դաստիարակիչ գիրք երեխաների համար: Թե 10-13 տարեկան հայուհի աղջնակը ինչու՞ պիտի ծանոթանա “անվտանգ սեքսի” հետ եւ դեռ պաշտպանվի, որ աբորտ չանի… թողնում ենք “գերզարգացած” հրատարակիչների խղճին:
Եթե ամերիկաներում կամ եվրոպաներում, նույնիսկ ռուսաստաններում 10-13 տարեկան աղջիկները ինչ-որ անասնական կրքեր են սովորում իրենց մեծահասակներից եւ մի քանի անգամ աբորտ արած են լինում, քանի որ “աղջիկ մնալը պրեստիժնի չէ”, դա մեզ եւ, առհասարակ, մարդկային տեսակին չի վերաբերում: Իսկ եթե մեզանում ոմանց վերաբերում է, ապա թող միայն իրենց երեխաների “անվտանգ սեքսով” հրապարակայնորեն զբաղվեն……
Քավ լիցի, մենք կողմնակից ենք սեռական ճիշտ դաստիարակություն ստանալուն, սակայն ոչ հրապարակավ ու երեխաների բարոյական հոգեկերտվածքը ապականելու հաշվին: Այո՛, դպրոցում էլ, տանն էլ, բայց` երեխային հասկանալի եւ ընկալելի ձեւերով: Այլապես հրատարակիչներից ոմանց թվում է, թե երեխաները սեքսի հետեւանք են, սրանց ասենք, որ երեխաները սիրո եւ սեռական հարաբերությունների արդյունք են, իսկ սեքսի հետեւանքները կամ աբորտի “կադրեր” են դառնում, կամ էլ` ապօրինի զավակներ հիմնականում: Եթե հայկական սեր բառը ոմանք փոխարինել են օտար սեքս բառով, ապա թող սեքսվեն ինչքան ուզում են, բայց մարդկանցից հեռու:
Թե չէ անասուններն էլ են փողոցներում մեկ-մեկ սեքսվում` թքած ունենալով մարդկանց վրա… Սա գոնե հասկանալի է…
Մեր ընթերցողները կհիշեն, որ ժամանակին էլ անդրադարձել էինք ՀՀ դպրոցներում փորձարարական ձեւով (անմեղ բառ են ընտրել եվրապապաներն ու նրանց հայաստանյան հոգեզավակները) ուսուցանվող “Սեռական դաստիարակություն” դասագրքին, որում 4-րդ դասարանի երեխաներին ամենաանպատկառ նկարներով (էն էլ գունավո՜ր) բացատրվում էր, թե ինչը ոնց եւ որից հետո պետք է անել, նույնիսկ “գերզարգացած” (դե՜, ոչ հետամնաց, էլի) ձեւով հատուկ նշվում էր, թե բալի՜կ ջան, եթե կողքիդ նստածը “գալուբոյ” է կամ “լեզբի”, ապա դու նրան մի նեղացրու, այլ հասկացիր (իմա՝ ընդառաջիր)……
Վերոնշյալ հրատարակիչներին առաջարկում ենք այս գիրքն էլ արտատպել ու գովազդել եւ հատկապես նկարները մեծ-մեծ ցուցադրել… գուցե դրանից հետո մի կերպ կհանգստանան ոմանք ու իրենց երեխաները:
Երբ այս օրերին քննարկվում է հեռուստաեթերը “աղբից մաքրելու” քաղաքականությունը, ապա պետք է քննարկել նաեւ երկիրը նմանօրինակ աղբից ու աղբ արտադրողներից մաքրելու խնդիրը…

Նարե Մշեցյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 – 18, 2010թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 89 other followers