panorama.am
15.03.2010
«Դպրոցներում ցանկացած կրոնական ուղղության ներկայացուցիչ իրավունք չունի քարոզչություն իրականացնելու, իսկ եթե քարոզչություն է տարվում, ապա իրականցնողները պետք է միանշնակ պատժվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
«Այսօր դպրոցներում անցնում են Հայ եկեղեցու պատմություն առարկան և դասընթացի ընթացքում չի կարելի կրոնական քարոզ իրականացնել, ուղղակի պետք է սովորեն եկեղեցու պատմությունը: Սակայն այսօր Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամի ընթացքում իրականացվում է կրոնական քարոզչություն: Ինչպես նաև կան դեպքեր, երբ դպրոցներում կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների հանդեպ բոյկոտներ են իրականացվում»,-հավելեց նա:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի ընթացքում ոչ մի քարոզչություն էլ չի իրականցվում, դա առարկա է, որ մեր աշակերտները պարտավոր են սովորել. դա իրենց եկեղեցու պատմությունն է:
«Ես դեմ եմ, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի ընթացքում քարոզչություն իրականացվի, ինչպես նաև դեմ եմ, որ այլ կրոնի ներկայացուցիչներ դպրոցներում իրականացնեն քարոզչություն, ինչից դպրոցը անպակաս չի մնացել»,-ասաց Ալեքսանդր Ամարյանը: