Հայաստանը Կարող Է Դառնալ Դավանաբանական Հակամարտությունների Թատերաբեմ

by

religions.am
Մամուլ 2009

Ահա այդպիսի ինտելեկտուալ մի փորձանքի առաջ է կանգնած հայ հասարակությունը` շնորհիվ ԱԺ պատգամավոր Արմեն Աշտոյանի, որը հերիք չէ պատգամավոր է, վերջերս էլ ընտրվել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Աշոտյանը, երևի շատ լուրջ ընդունելով օրեսդրական գործունեությամբ զբաղվելու իր կարողությունները, ԱԺ է ներկայացրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագիծ: Կարծես թե այս ոլորտում այս պահին փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկար. Հայ Առաքելական եկեղեցին բավարար չափով պաշտպանված է թե՜ օրենսդրորեն, թե՜ կազմակերպչական իմաստով: 
Սակայն Աշոտյանի այս նախաձեռնության շնորհիվ մյուս եկեղեցիները և կրոնական ուղղությունները ակտիվացման նոր խթան են ստանում: Նրանք այսօր միավորվում են` իրենց իրավունքները համատեղ պաշտպանելու Հայաստանի իշխանություններից և Հայ Առաքելական եկեղեցուց: Իսկ Աշոտյանի ներկայացրած փոփոխությունները այդ պայքարի համար լիակատար հիմք են ստեղծում: Եթե դրանք ընդունվեն և կիրառվեն, ապա Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները, իրենց բան ու գործը թողած, պետք է զբաղվեն հավատաքննությամբ, որպեսզի պարզեն, թո ով է զբաղվում հոգեորսությամբ, իսկ ով՝ քարոզչությամբ: Իրական են նաև այն կանխատեսումները, որ այս փոփոխությունների ընդունումը իրական սպառնալիք է Հայաստանի սահմանադրական կարգին, ըստ որի ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից, իսկ փոփոխությունների ընդունման դեպքում Հայաստանը կարող է դառնալ կրոնապետություն:
Իսկ ինչպե՞ս: Այսպես, Աշոտյանի նախագծում առաջարկվում է օրենքում ավելացնել այսպիսի կետ. «Քրիստոնեական դավանանքի դեպքում՝ դավանում են Հիսուս Քրիստոսին որպես Աստված և Փրկիչ և ընդունում են Սուրբ Երրորդությունը»: Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները համարում են, որ եթե պետությունը անջատ է եկեղեցուց, ապա պետությունը չպետք է միջամտի դավանաբանական խնդիրներին և օրենքով նման սահմանումներ տա: 
Գործող օրենքում այսպիսի կետ կա. «Արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպության վրա չի դրվում պետական որևէ ֆունկցիա»: Առաջարկվող փոփոխությամբ պետք է այս հոդվածին ավելացվի այսպիսի պարբերություն. «բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի»: Այսինքն ստացվում է, որ հնարավոր են դեպքեր, երբ եկեղեցու վրա կդրվի պետական ֆունկցիա: Սա հակասում է Սահմանդրությանը, որի 8-րդ հոդվածը ասում է. «ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից»,և ոչ մի բացառություն արված չէ: Կամ փոփոխություններով փորձ է արվում մտնել այնպիսի ոլորտ, ինչպիսին կրոնական խորհրդանիշների օգտագործման իրավունքն է: Առաջարկվում է 11-րդ հոդվածում ավելացնել այսպիսի կետ. «Արգելվում է առանց օրենքով սահմանված կարգով գրանցված և գործող տվյալ կրոնական կազմակերպության համաձայնության կրոնական խորհրդաբանության, կրոնական շինությունների (անկախ սեփականության ձևից) պատկերների և անվանումների, սրբերի անունների և պատկերների օգտագործումը ապրանքային և սպասարկման նիշերում, ֆիրմային անվանումներում կամ նշաններում, գովազդում, բացառությամբ՝ սոցիալական գովազդի»: Կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ մտահոգ են, որ այս արգելքի նպատակը կրոնական սիմվոլիկայի նկատմամբ Հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհի հաստատումն է: Օրինակ, եթե որևէ մեկը պետք է «Սուրբ Մարիամ» անունով կազմակերպություն ստեղծի, ապա անհասկանալի է, թե հատկապես ո՞ր կրոնական կազմակերպությունից պետք է թույլտվություն ստանա: Կամ վաճառքում կան սրբերի պատկերներով կենցաղային առարկաներ, անհասկանալի է, թե դրանց վաճառողները կամ արտադրողները և՞ս պետք է թույլտվություն ունենան:
Ամենամեծ խնդիրը, իհարկե, կապված է առաջարկվող փոփոխություններով հոգեորսությունը սահմանելու և դրա համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ: Ըստ առաջարկվող փոփոխության, «Հոգեորսություն է համարվում կրոնական կամ դավանաբանական այլ հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ քարոզչական այն ներգործությունը, որի ընթացքում ա) առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք»: Եկեղեցիներից շատերը զբաղվում են բարեգործությամբ: Մի պահ պատկերացրեք, որ որևէ եկեղեցու քարոզիչ քարոզի ժամանակ ասում է, որ իրենց եկեղեցու անդամները օգնում են իրար, ֆինանսական դժվարություններ ունեցողին տրամադրվում է օժանդակություն: Սա կարող է լինել կատարյալ հոգեորսության օրինակ, իսկ քարոզիչը` դատապարտվել ազատազրկման: Փոփոխության մեկ այլ կետում ասվում է. «ձևավորվում է անվստահություն կամ ատելություն կրոնական այլ կազմակերպությունների, նրանց դավանանքի կամ գործունեության նկատմամբ»: Օրինակ, երեկ «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում այս թեմայով քննարկման ժամանակ Ստեփան Դանիելյանը ասաց, որ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը սկսվել է կաթոլիկ հայերի ջարդով, որը հրահրվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից: Սա և՜ ատելության, և՜ անվստահության դրսևորում կարել է դիտարկել, և օրենքի փոփոխությունները ընդունված լինելու դեպքում` կարելի կլիներ Ստեփան Դանիելյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Աշոտյանը Քրեական օրենսգրքի 162 հոդվածում առաջարկում է այսպիսի փոփոխություն. «Հոգեորսությամբ զբաղվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով»:
Սրանով առաջարկվող փոփոխությունները չեն ավարտվում, սակայն բոլորը հանգեցնելու են մեկ բանի. առանց այն էլ պառակտված և միմյանց հետ հակամարտող հայ հասարակության առճակատմանը, հիմա էլ` կրոնական հողի վրա: Աշոտյանը կարծում է, թե պայքարում է աղանդների դեմ, համենայնդեպս ուզում է այդպես ներկայացնել, սակայն կա տեսակետ, որ այս փոփոխությունները նա ներկայացրել է կրոնական որոշ կազմակերպությունների ֆինանսավորման արդյունքում: Այդ կազմակերպությունների նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է, իսկ այս ճանապարհով նրանք կարող են լուծել իրենց գովազդի խնդիրը. թե հասեք, փրկեք, մեզ ուզում են ճնշել, Հայաստան պետությունը ոտնահարում է մեր իրավունքները, մեզ կալանավորում և դատում են: Իսկ էքստրեմալ իրավիճակներում հայտնվածներին անհրաժեշտ է օժանդակություն ավելի մեծ չափով, քան եղել է նախկինում: Այսպիսով, տուժողները կարող են ակնկալել միջազգային հասարակայնության և իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությունը: Հրանուշ Խառատյանն ունի առաջարկվող փոփոխությունների այլ բացատրություն: Նա ասում է, որ փոփոխության հեղինակները սրանով իրենց ազգային ինքնությունը հաստատելու անհաջող փորձ են անում:
Երեկ «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ Ավետարանչական եկեղեցու ղեկավար Ռընե Լևոնյանը պատմեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց մտահոգություններն այս փոփոխությունների նկատմամբ, իսկ նախագահը պատասխանել է, թե չէր պատկերացնում, որ դրանք այդքան խորը բնույթ ունեն: Հնարավոր է, որ նախագահի միջամտությամբ հնարավոր լինի կանխել այս փոփոխության ընդունումը, որի հետևանքը կարող է նոր ցնցումների և միջեկեղեցական բախումների պատճառ դառնալ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers