zhamanak.com
25.03.2010
Արման Բաբաջանյան
«Կինոմոսկվայի» շուրջ սկսված աղմուկը ինձ ստիպեց կրկին հիշել այն ժամանակների մասին, երբ իշխանության բառապաշարի մեջ զգալի տեղ սկսեց գրավել երկխոսություն բառը:
Պաշտոնյաներից, իշխանական գործիչներից, եւ կցորդ եկեղեցականներից ով չէր ալարում` հայտարարում էր հասարակության հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Բայց նրանցից որեւէ մեկն այդպես էլ հստակ չներկայացրեց հասարակությանը, թե ինչ մեխանիզմներով, ինչ գործիքներով, ինչ հարթության վրա եւ ինչ պայմաններում պետք է տեղի ունենա երկխոսություն ասվածը: Իշխանությունը` իր բոլոր արբանյակներով առավոտից երեկո խոսում էր երկխոսության անհրաժեշտության մասին, բայց այդպես էլ չներկայացրեց դրա գործուն որեւէ տարբերակ, որեւէ առաջարկ:
Այն, ինչ տեղի է ունենում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետ, վկայում է այն մասին, որ իշխանությունն ու եկեղեցին, որոնք այսօր տանդեմով են հանդես գալիս, ոչ այն ժամանակ, ոչ առավել եւս հիմա այդպես էլ չեն հասկացել երկխոսության անհրաժեշտությունը հասարակության ամենալայն շերտերի հետ: Այժմ նույն իշխանական բառապաշարի մեջ սկսել է երկխոսությունից ավելի շատ հնչել հանդուրժողության մասին: Իշխանության ամենավերից մինչեւ լանջերը հայտարարում են, թե անհրաժեշտ է հանդուրժողություն: Ամեն ինչ, իհարկե, շատ լավ կլիներ, եթե գոնե այս դեպքում այդ հայտարարությունները լինեին ավելի կոնկրետ եւ առարկայական:
Խնդիրը նրանում է, որ հանդուրժողության անհրաժեշտությունից բացի, թերեւս, պետք է նաեւ ասել, թե ով ում պետք է հանդուրժի եւ ինչի համար: Կամ գոնե ասեն, թե իսկ ինչ պետք չէ հանդուրժել: Չէ՞ որ անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ բոլորը բոլորին հանդուրժում են: Հադուրժողությունը սահման ունի, որն անցնելու դեպքում այն դառնում է ուղղակի հասարակական եւ պետական աղետ: Հետեւաբար պետք է պարզել, թե որն է այդ հանդուրժողության սահմանը: Թերեւս որեւէ մեկը չի կարող առարկել, որ հանդուրժողության թե՛ սահմանումը, թե՛ սահմանը Քաղաքացու համար դա երկրի Սահմանադրությունն ու օրենքներն են: Դրանք են կանխորոշում, թե հասարակական-քաղաքական կյանքում ինչը պետք է հանդուրժել, իսկ ինչը հանդուրժել պետք չէ: Թերեւս կարիք չկա դրանից ավելի հեծանիվ հորինել: Հետեւաբար երեւի թե կարիք չկա կոչեր հնչեցնելիս որեւէ ավելի բան ասել, քան օրինականության եւ սահմանադրականության շրջանակում մնալու կոչերը:
Եթե հասարակական-քաղաքական կյանքի սուբյեկտները, առաջին հերթին իշխանությունը ու նաեւ եկեղեցին, մնան սահմանադրականության եւ օրինականության շրջանակում, ապա երկրում բացարձակապես չի լինի երկխոսության եւ հանդուրժողության մասին անընդհատ հիշեցնելու անհրաժեշտություն, առավել եւս` երբ ակնհայտ է, թե քաղաքական, իսկ հիմա նաեւ հասարակական պայքարի պարագայում որքան լղոզված են այդ հասկացությունները: Բայց իշխանությունը, չգիտես ինչու, ոչ թե սահմանադրականության եւ օրինականության կոչ է անում, այլ երկխոսության եւ հանդուրժողության: Այսինքն` իշխանությունը գնում է լղոզված եւ հարաբերական հասկացությունների, ոչ թե կոնկրետ սահմանումների եւ սահմանների ճանապարհով, որտեղ հստակ են բոլորի, այդ թվում իշխանության իրավունքներն ու պարտականությունները:
Հանդուրժողության մասին կոչերը ոչ այլ ինչ են, քան կոչ անօրինականությունները հանդուրժելու մասին: Իշխանությունը, եւ որքան ցավալի է` նաեւ եկեղեցին, չի ցանկանում քննարկել իր գործողությունների օրինականությունը, այլ դրանք քննարկելու բոլոր փորձերի պարագայում պաշտպանվում է հանդուրժողության եւ երկխոսության մասին կոչերով: «Եթե չեք երկխոսում, այսինքն` եթե չեք ցանկանում պայմանավորվել մեզ հետ, ապա պետք է հանդուրժեք», ահա թերեւս այն տրամաբանությունը, որ ամփոփված է երկխոսության եւ հանդուրժողության մասին իշխանական եւ արդի եկեղեցական կոչերի մեջ: Մինչդեռ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի գլխավոր եւ կոնկրետ խնդիրը ոչ թե երկխոսության եւ հանդուրժողության, այլ սահմանադրականության եւ օրինականության բացակայությունն է: Երկխոսությունն ու հանդուրժողությունը դրա հետեւանքն են: Հետեւաբար չեն կարող չլինել, եթե չկա սահմանադրականություն ու օրինականություն, եւ եթե իշխանությունն ու եկեղեցին պատրաստ չեն այդ դաշտի վրա անհրաժեշտ քննարկումների: