28.06.2011
Հասմիկ Հարությունյան
Նրանց գործունեությունը վտանգում է ազգի ինքնությունը
Հակոբիկյան ասորական, ղպտի եգիպտական, հաբեշ եւ հնդիկ մալաբար եկեղեցիներ: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր Եսայի քահանայի փոխանցմամբ` Հայ առաքելական եկեղեցուն քույր եկեղեցի են համարվում միայն վերոնշյալ չորսը: Դրանք դավանաբանական նույն հիմքի վրա են Հայ առաքելական եկեղեցու հետ:
«Նոր սերունդ», «Ավետարանական», «Կյանքի խոսք» կրոնական կառույցների հետ քույրության մասին Հայ առաքելական եկեղեցին երբեք չի հայտարարել:
«Վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ Հայ առաքելական եկեղեցին աղանդավոր չի համարում Ավետարանական եկեղեցուն, սակայն այնտեղ ընդգծվում էր, որ Հայաստանում Ավետարանական եկեղեցին գործում է աղանդակերպ` զբաղվում հոգեորսությամբ: Եթե փողոցում քարոզող Եհովայի վկաներն առանց թաքցնելու նշում են իրենց կրոնական պատկանելությունը, ապա ավետարանականները ներկայանում են Հայ առաքելական եկեղեցու անունից»:
Տեր Եսայի քահանան նշում է, որ գրանցվել են դեպքեր, երբ կրոնական կառույցների «եկեղեցիները» կառուցվում են Հայ առաքելական եկեղեցիների հարեւանությամբ, կրում Հայ առաքելական եկեղեցի անվանումը, որպեսզի շփոթության մեջ գցեն քաղաքացիներին: Տեր Եսայի քահանայի փոխանցմամբ` քույր եկեղեցիների փաստն ամենաշատն է շահարկվում ընդդեմ հակափաստարկ Հայ առաքելական եկեղեցուն: Վերջին շրջանում աղանդավորական շարժման ակտիվությունն անհանգստացնում է քահանային: «Եթե այս տեմպերով շարունակվի, ազգի ինքնությունը կկորցնենք», անհանգստանում է նա:
Կրոնական կառույցները, որոնք ավանդական եկեղեցու գաղափարախոսությունից շեղվում են, համարվում են աղանդ: Աղանդներ գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայաստան նրանք թափանցեցին խորհրդային կարգերի փլուզումից հետո: Աղանդավորները գործում են թաքուն, գաղտագողի, իսկ որջերը, որտեղ նրանք հավաքվում են, անվանում են եկեղեցի: Աղանդավորական «եկեղեցիներում» օտարի, անծանոթի մուտքն արգելված է: Մինչդեռ եկեղեցին չպետք է թաքնված գործի ու բաց լինի բոլորի համար:
Կառույցները փակ գործելը «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն» ՀԿ տնօրեն Ալեքսանդր Ամարյանը համարում է շատ վտանգավոր:
«Ոչ ոք չի կարող որեւէ տեղեկատվություն տրամադրել նրանց անդամների, գործելաոճի մասին: Այդ գաղտնիությունը քայքայիչ է», ասում է նա:
Հայաստանում աղանդավորների թիվը հասնում է 350.000-ի: Նրանց թիվը աճում է օրեցօր, որովհետեւ կա օրենսդրական լուրջ բացթողում.
«Կրոնական ոչ մի կազմակերպություն Հայաստանում իրեն ճնշված չի զգում, որովհետեւ օրենքը հսկողություն չի սահմանում, պարզաբանումներ չի տալիսՙ որն է աղանդը, որը` հոգեորսություն»:
Տեր Եսային վստահ էՙ ոչ ոք ինքնակամ աղանդավոր չի դառնում: Բոլոր աղանդավորական կազմակերպությունների գործելաոճում առկա է հոգեորսություն: «Եթե քարոզիչները կանգնում են եկեղեցի տանող միակ ճանապարհին, որպեսզի առաքելական եկեղեցու հետեւորդներին շեղեն, դա ի՞նչ է, եթե ոչ` հոգեորսություն:
Եկեղեցու տարածքում գործող աղանդավորների ամենացայտուն օրինակը մորմոններն են: Նրանք շրջում են եկեղեցու հարեւանությամբ` հայտարարելով, որ եկեղեցին հասարակական վայր էՙ եւ ոչ ոք չի կարող իրենց արգելել այնտեղ քայլել»:
Ալեքսանդր Ամարյանի գնահատմամբ` կրոնական հոգեորսություն որպես այդպիսին չկա: «Հոգեորսությունը նույն «վերբովկան» է, որը հատուկ ծառայությունների հիմնական խնդիրներից է: Բոլոր կրոնական կազմակերպությունները ղեկավարվում են միեւնույն սկզբունքով: Նրանք օգտվում են մարդու սոցիալական, հոգեկան ծանր կեցությունից, կյանքն իրենց կազմակերպությունում ներկայացնում շատ հանգիստ եւ զոհին ներքաշում իրենց խումբ, այնպես որ նա չի էլ հասցնում դա զգալ»:
Ամարյանի մեկնաբանությամբ` տղաները դառնում են Եհովայի վկա, որպեսզի բանակ չգնան կամ «գրին քարտ» շահեն: «Զուտ դավանանքի համար հոգեորսները շատ չեն»:
Բացի հոգեւորական քարոզիցՙ աղանդների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը խնդիրն օրենքի շրջանակներում լուծելն է: Իրավական դաշտում անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք հստակ կսահմանեն հոգեորսություն տերմինն ու դրա պատիժը:
Ամարյանը հիշում է, որ երբ Հայաստանի Հանրապետությունը սահմանում էր Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի օրենքը, ԱՄՆ պետդեպարտամենտից հովանավորվող աղանդավորական կազմակերպությունները միացան եւ հուշագիր ստորագրեցին` բոլոր օրենքների դեմ միահամուռ պայքարելու համար: Պետությունն այդ մասին իմացավ, սակայն ոչինչ չձեռնարկեց:
Ամարյանն առաջարկում է պայքարի արդյունավետության համար տեղեկատվական կենտրոն հիմնել, որն ինֆորմացիա կտրամադրի կրոնական բոլոր կազմակերպությունների մասին:
Հույսը միայն աղոթքին կամ օրենքին թողնելը միամտություն է: Աղանդավորների դեմ պայքարում պետք է միավորվեն պետությունը, քաղաքացիները, ոստիկանությունն ու եկեղեցին: