Author Archive

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

June 3, 2012

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

Ինքնորոշման իրավունքը գերտերությունների մենաշնո՞րհն է

__ Միջազգային հարաբերություններում նոր գործընթաց է սկսվում, որը կարելի է անվանել կիսաճանաչված պետությունների ժամանակաշրջան: Նոր իրավիճակը խուճապ է առաջացրել Բաքվում, որովհետև առաջին անգամ կասկածի տակ է դրվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս նախադեպի հենքին ի՞նչ հեռանկար կունենա ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը:

__ Պետք է հիշենք, որ գերտերությունների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունելի ու կիրառելի է միայն այն դեպքում, եթե դա բխում է նրանց շահերից: Եվ այսօր այդ սցենարի ականատեսն ենք: Կոսովոն, որպես անկախ պետություն, ճանաչել են միայն մի խումբ երկրներ, մյուսները մերժել են, այսինքն` ինքնորոշման իրավունքն ընտրովի է մեկնաբանվում: Նույնն է Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչման պարագայում. առայժմ միայն Ռուսաստանն է ճանաչել նրանց անկախությունը: Բայց նույն Ռուսաստանը չի ճանաչել Արցախի, Կոսովոյի, Մերձդնեստրյան Հանրապետության անկախությունը:

Օրերս ԵՄ-ն ընդունեց մի որոշում, ուր նշվում է, որ վրացական հակամարտությունը պետք է լուծվի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, և ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին, այսինքն` այդ ամենը միայն մեծ պետությունների շահերով է պայմանավորված: Ինչ վերաբերում է Արցախին` վերջին զարգացումները մեզ համար, անշուշտ, նպաստավոր են, քանի որ ավելանում է նախադեպերի թիվը: Իսկ Հարավային Օսիան ու Աբխազիան այն երկրներն են, որոնք Արցախյան հիմնախնդրի հետ շատ ընդհանրություններ ունեն, ավելին` Արցախի պարագայում ինքնորոշման կռվանները` իրավական, պատմական, ժողովրդագրական (Արցախում հայությունը միշտ մեծամասնություն է կազմել), շատ ավելին են: Բայց կրկնում եմ` այդ առավելություններով հանդերձ ինքնորոշման իրավունքի խնդիրը դարձյալ գալիս ու հանգում է գերտերությունների շահերին: Սակայն կասկած չկա, որ ապագայում տարածաշրջանային կամ միջազգային քաղաքականության մեջ դարձյալ կլինեն նման լուրջ տեղաշարժեր, ինչպիսին եղավ 2008-ի օգոստոսին: Մեկ տարուց հետո, թե 20 տարուց` միևնույնն է` լինելու են, մեզ մնում է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգությունը` ռազմական և հատկապես ժողովրդագրական առումով, և սպասել մինչև հաջորդ տեղաշարժը:

__ Այս օրերին շատ է խոսվում Ռուսաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին, այդ քայլը բխո՞ւմ է մեր ռազմավարական գործընկերոջ շահերից, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր` Ռուսաստանը Հարավային Օսիայում ու Աբխազիայում ձեռք բերած փորձը կկիրառի՞ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

__ Այսօր դժվար է տալ դրա պատասխանը, քանի որ ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից: Ինչո՞ւ Ռուսաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը. դարձյալ գործ ունենք շահերի հետ` Ադրբեջանը կարևոր գործոն է Ռուսաստանի համար, իսկ ԼՂՀ ճանաչմամբ տեղի կունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի բախում, Արցախի ճանաչման դեմ կընդվզեն նաև Թուրքիան ու Արևմուտքը: Բայց մենք չպետք է կենտրոնանանք միայն Ռուսաստանի վրա, չնայած նա ամենահավանական թեկնածուներից է, որ կարող է ապագայում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Միջազգային տեղաշարժերը կարող են այնպիսին լինել, որ առաջին ճանաչողը լինի, օրինակ, Չինաստանը: Իսկ այսօր թե’ Ռուսաստանը, թե’ մեկ այլ պետություն առայժմ շահագրգռված չեն ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Հայաստանը դեռ չունի այն ուժը, որը կգրավեր հավանական դաշնակիցներին ու նրանց կդրդեր դիմել այդ քայլին: Բայց մենք չպետք է ընկնենք տվայտանքների գիրկը, թե ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս կճանաչի Արցախը: Մեզ համար առաջնայինը պետք է լինի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, այն պետք է ապահովվի շնորհիվ Հայկական բանակի, շնորհիվ այն տարածքների, որ ազատագրել են մեր զորքերը, և շնորհիվ ժողովրդագրության` Արցախը պետք է արագ վերաբնակեցվի:

__ Մինչ օրս Հայաստանը ԼՂՀ ճանաչման հարցը չի շոշափել, հիմնավորումը եղել է այն, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են ընթանում, ու պետք չէ խանգարել խաղաղ գործընթացին: Սակայն, երբ այսօր Հարավային Կովկասում նոր իրավիճակ է ստեղծվել, գուցե Ժամանա՞կն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:

__ Նախ պետք է մտածել, թե այսօր Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը դրական ազդեցություն կարո՞ղ է ունենալ: Այս պահին ես դրական ակնկալիքներ չունեմ: Շտապել պետք չէ, չմոռանանք, որ մենք ունենք Խորհրդային Հայաստանի ԳԽ-ի և ԼՂ ինքնավար մարզի խորհրդի 1989-ի դեկտեմբերի 1-ին ընդունած որոշումը` Արցախի վերամիավորման մասին: Գուցե ինչ-որ պահի գործի դնենք հենց այդ որոշումը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին` ես համամիտ չեմ Հայաստանի` ամեն գնով խմբի շրջանակներում մնալու քաղաքականության հետ: Եղել են պահեր, երբ Հայաստանը պետք է դուռը շրխկացնելով հեռանար, գոնե ժամանակավոր, բայց մենք կորցրել ենք այդ պահերը: Օրինակ` Բուդապեշտում հայ սպայի սպանության ու Ադրբեջանի արձագանքից հետո կամ Նախիջևանի հուշարձանների ոչնչացման ժամանակ բացարձակ անիմաստ էր բանակցությունները շարունակելը, եթե մի կողմը կատարում էր ցեղասպանական գործողություններ: Մինչդեռ մենք նման հարցերին շարունակում ենք «դիվանագիտորեն» մոտենալ, մոռանալով, որ դիվանագիտության մեջ կան ոչ միայն զիջումներ ու կլոր-կլոր խոսքեր, այլ վերջնագրեր և կտրուկ քայլեր:

__ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն կոչերին, թե Հայաստանը պետք է անմիջապես ճանաչի Հարավային Օսիայի, Աբխազիայի, Կոսովոյի, անգամ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը:

__ Հայաստանի կողմից Կոսովոյի ու Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը համարում եմ սխալ: Ինչո՞ւ. Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի կողմից օկուպացված տարածք է և այն ճանաչելով` մենք Թուրքիային ընդամենը հնարավորություն կտանք ևս մեկ պետության միջոցով իրականացնել իր հակահայկական գործունեությունը, իսկ Հյուսիսային Կիպրոսը, բնականաբար, բոլոր միջազգային ատյաններում կրկնելու է թուրքական դիրքորոշումները: Նույնը վերաբերում է և Կոսովոյին: Ինչ վերաբերում է Հարավային Օսիային ու Աբխազիային` պետք է հաշվարկել մեր օգուտներն ու վնասները, հարկ եղած դեպքում նաև առևտրի մեջ մտնել կողմերի հետ` ի՞նչ ենք ստանալու ճանաչման դիմաց: ԼՂՀ-ի կողմից ևս Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը պետք է հիմնվի փոխհամաձայնության վրա` դու ինձ, ես քեզ: Կարծում եմ` ճիշտ կլինի այդ երկու պետությունների անկախությունը ճանաչել, եթե նրանք համաձայնեն ճանաչել Արցախի անկախությունը:

__ Ձեր կարծիքը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այն դիտարկման առնչությամբ, թե «նոր իրադրությունը Ղարաբաղի համար նման է երկսայր դաշույնի», քանի որ այն նպաստելու է, որ ռազմաշունչ գործողություններն այլևս չհանդուրժվեն, բայց միաժամանակ` ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ սաստկացնելու է միջազգային հանրության վերաբերմունքը:

__ Սաստկացման մասին խոսք չկա, որովհետև ինքնորոշման իրավունքի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրոպայի դիրքորոշումը միշտ էլ եղել է բացասական, եթե դա չի բխել իրենց շահերից: Այնպես որ այսօր էլ նույն վերաբերմունքը պահպանվելու է: Համամիտ չեմ նաև Օսկանյանի այն մտքի հետ, թե ռազմական գործողություններն այսուհետ չեն հանդուրժվելու: Հարվային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիան խրախուսել են արևմտյան որոշ ուժեր, իսկ արդյո՞ք ներքին կամ արտաքին պատճառներով պայամանավորված` նրանք չեն ցանկանա մի «փոքր» հակամարտություն էլ բորբոքել Ռուսաստանի ու Իրանի հարակից տարածքներում (նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը): Ուրեմն չի կարելի նման դիտարկումներով մեր զգոնությունը թուլացնել: Այսօր միջազգային քաղաքականությունը դարձել է չափազանց անկանխատեսելի ու մեր ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել չի կարելի:

Հարցազրույցը վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Ա. Այվազյանի` “Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի սղագրությունը

June 3, 2012

Հարավային Օսիայի իրադարձությունների շուրջ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, ք. գ. դ. Ա. Այվազյանի` “Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի
սղագրությունը (12.08.2008թ.)

– Ինչպե՞ս կնկարագրեք ստեղծված իրավիճակը:

Իրավիճակը կորակեմ որպես հերթական սրում. այս անգամ սառեցված հակամարտությունը վերաբռնկվեց: Հասկանալի է` ում նախաձեռնությունն էր դա: Վրաստանն էր, որ փորձեց բլիցկրիգի, այսինքն` արագ ռազմական հաղթանակի ճանապարհով լուծել Հարավային Օսիայի խնդիրը; Լուծել` ընդուպ էթնիկական զտման ճանապարհով, որովհետեւ Վրաստանի ձեռնարկած գործողությունների արդյունքում զոհվեցին հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հարավային Օսերը, բնականաբար, չէին կարող ապրել այդ տարածքում: Ռուսաստանի պատասխանը կանխատեսելի էր շատերի համար, բայց ըստ երեւույթին, Վրաստանի ղեկավարության, հավանաբար նաեւ, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար անկանխատեսելի էր Ռուսաստանի այդպիսի հուժկու հակահարվածը:
Այստեղ առաջ է գալիս պատերազմների սկսվելու պահին նախաձեռնողների սխալ հաշվարկների հանգամանքը: Մենք էլ պետք է հասկանանք, որ կարող են սխալ հաշվարկներ լինել Բաքվում, եւ նրանք հանկարծ որոշեն նմանատիպ արագ հարձակման ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Բայց մենք, ի տարբերություն օսերի, առհասարակ իրավունք չունենք մեկ օրով նույնիսկ ուշանալու: Այս դեպքում ռուսական զորքերն ընդհամենը մեկ օր ուշացան, եւ դա շատ ծանր հետեւանքների հանգեցրեց Հարավային Օսիայի եւ օսերի համար: Ցխինվալը, մի շարք գյուղեր ավերված են եւ դրանց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի: Մենք այս ամենը պետք է դիտենք որպես դաս մի շարք առումներով.

• Անվտանգության 100 տոկոսանոց միջազգային երաշխիքներ առհասարակ չկան` ինքդ պետք է լինես քո անվտանգության երաշխավորը: Բարեբախտաբար, մեր պարագայում այդպես է. Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրենք են իրենց երաշխավորը նախեւառաջ Ադրբեջանի կրկնվող սպառնալիքների եւ ռազմական պատրաստությունների առաջ: Բարեբախտաբար, այստեղ չկա որևէ խաղաղապահ ուժ, որը կարող է պարզապես չկռվել, ինչպես շատ-շատ դեպքերում այդ ուժերը չեն կռվել: Այս դեպքում, իհարկե, ռուս խաղաղապահները դիմադրություն ցույց տվեցին, բայց դա բավարար չեղավ: Մենք պետք է հասկանանք, որ մեր անվտանգության երաշխավորը, նախ և առաջ՝ մեր ազգային բանակն է եւ այն տարածքները, որ ազատագրել ենք: Հերթական դասն այն է, որ եթե ազատագրված տարածքը հանձնվի Ադրբեջանին, ապա Ստեփանակերտը, որը գտնվում է ԼՂԻՄ նախկին ինքնավար մարզից, սահմանից 18 կմ-ի վրա` կհայտնվի այնմիջապես հրետակոծության ներքո, Մարտակերտն ու Հադրութը կհայտնվեն 5 կմ հեռավորության վրա եւ բազմաթիվ այլ գյուղեր կհայտնվեն անմիջապես սահմանի վրա: Ուրեմն, այդ ազատագրված տարածքն այն անվտանգության գոտին է, որ մեծ նշանակություն ունի: Խոսել ազատագրված տարածքը մասնակիորեն հանձնելու ինչ-ինչ «լուծումների», անհասկանալի «երաշխիքների», խաղաղապահ ուժերի մասին` սխալ է եւ անհեթեթ:

• Մյուս դասը. Հայաստանում եւ նաեւ սփյուռքում կան որոշ քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, որ ասում են` ինչպե՞ս կարող են 21-րդ դարում ցեղասպանություններ լինել: Չէ՞ որ աշխարհը փոխվել է՝ մեծ պետությունները թույլ չեն տա: Խնդրեմ, մեծ պետությունները ոչ միայն թույլ տվեցին, այլ որոշ մեծ պետություններ, կարելի է ասել նաեւ խրախուսեցին եւ նույնիսկ գուցե մասնակցեցին նախապատրաստական աշխատանքներին: Վրացական հարձակումից մի քանի օր առաջ տեղի էին ունենում վրաց-ամերիկյան ռազմական զորախաղեր, Վրաստանը գնում էր սպառազինություն տարբեր պետություններից, վրացական բանակը մարզվում էր ամերիկյան, իսրայելական, թուրքական լավագույն մասնագետների կողմից: Այսինքն` նրանք էլ որոշ չափով պատասխանատու են հերթական ռազմական բռնկման համար: Սա էլ հերթական դասը մեզ, որ այսօր, 21-րդ դարում էլ կարող են լինել ցեղասպանություններ, փոքր ժողովուրդների ոչնչացումներ եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք: Այս առումով մտահոգիչ է անվտանգության հարցերի շուրջ Հայաստանում այն թմբիրը, որ տիրում է, մեր եթերում, կարծես ոչ մի խնդիր չկա, միայն երգ ու պարի խնդիրներն են մնացել:
• Մենք ապրում ենք շատ վտանգավոր մի տարածաշրջանում, որտեղ ընթանում է «մինի» սառը պատերազմ, որ երբեմն բռնկվում, դառնում է տաք պատերազմ: Այդ մինի սառը պատերազմն ընթանում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան դաշնակիցների միջեւ: Կողմնակի մասնակիցներ էլ կան` Իրանը և Թուրքիան, որ միաժամանակ ԱՄՆ-ի դաշնակիցն է: Հասկանալով մեր տարածաշրջանում այսպիսի լարված իրավիճակը, որ այսօր չէ, վաղը կարող է բռնկվել, վաղը չէ, վաղը չէ մյուս օրը կարող է բռնկվել, մենք պետք է լրջորեն անհանգստանանք մեր անվտանգության մասին: Սա նշանակում է, որ նաեւ ներքին դաշտում պետք է լուրջ վերաբերմունք ցուցաբերենք ե՜ւ սոցիալական, ե՜ւ ժողովրդագրական, ե՜ւ քարոզչական խնդիրներին: Չի՜ կարելի գիշեր-ցերեկ զբաղվել միայն հաճույքների ու կազինոների քարոզով:

– Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության դիրքորոշումը: Հարյուրավոր մարդիկ են մահանում, սակայն, օրինակ ՄԱԿ-ում միայն հայտարարություններ են հնչում, գործնական քայլեր չեն ձեռնարկվում: Աշխարհը լռու՞մ է:

Երբ պատերազմը սկսվում է, ժամանակ է պահանջվում մինչեւ միջազգային համայնքը շարժվում է, մինչեւ գալիս է համաձայնության: Ի՞նչ է տեղի ունենում: Հիմա վարագույրների հետեւում ընթանում են բանակցություններ: Ինչու՞ [միջնորդությամբ հանդես եկող Ֆրանսիայի նախագահ] Սարկոզին երկու-երեք օր է գնում է, բայց դեռ չի հասել Մոսկվա: Ո՞րն է խնդիրը: Ռուսաստանի հետ ընթանում են բանակցություններ. եթե Սարկոզին հասներ երեք օր առաջ, այցն անարդյունք կլիներ, որովհետեւ Ռուսաստանը դեռ իր հիմնական նպատակներին չէր հասել: Ֆրանսիայի նախագահը կժամանի Մոսկվա, երբ առաջիկա օրերին հակամարտության թեժ փուլն ավարտվի Վրաստանի խայտառակ պարտությամբ:
Պետք է հասկանանք, որ միջազգային համայնքը միաձույլ միավոր չէ: Այն բաղկացած է տարբեր պետություններից, որոնք տարբեր շահեր ունեն: Այդ շահերը բախվում են, այդ երկրներն էլ են բախվում: Միջազգային համայնք ասելով չպետք է հասկանալ միայն արեմտյան պետություններն ու նրանց դաշնակիցներին: Ռուսաստանն էլ է միջազգային համայնքի մաս: Չինաստանն էլ դեռ իր խոսքը չի ասել այս համակարտության առիթով, բայց օլիմպիական խաղերի ավարտից հետո այս երկիրն էլ, կարծում եմ կարձագանքի, քանի որ սա ինչ որ առումով նաեւ օլիմպիադայի դեմ ուղղված գործողություն էր։ Գոնե արդյունքում այդպես է՝ օլիմպիադայի առաջին իսկ օրից աշխարհի ուշադրությունը շեղվեց դեպի հակամարտություն:
Կարեւոր է ևս մի հանգամանք. նրանք, ովքեր կարծում էին, որ Միացյալ Նահանգները, արեւմուտքն այս տարածաշրջանում արդեն վերացնում են, կամ վերացրել են Ռուսաստանի ազդեցությունը` չարաչար սխալվում էին: Մեզանում արդեն անհեթեթ կոչեր էին հնչում, թե Հայաստանը պետք է ձգտի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Վերջին դեպքերը եկան ապացուցելու, որ Ռուսաստանն այս տարածաշրջանից չի հեռացել, չի պատրաստվում հեռանալ եւ հակառակը` գնալով կամրապնդի իր դիրքերը: Որքան էլ ԱՄՆ-ն հզոր պետություն է, ամենահզորն է այսօր աշխարհում ե՜ւ ռազմական, ե՜ւ տնտեսական, ե՜ւ այլ, հատկապես` տեղեկատվական առումով, որ այսօր շատ կարեւոր բաղադրիչ է, այնուամենայնիվ` ԱՄՆ-ն այս տարածաշրջանից հեռու է, Եվրոպան հեռու է: Ռուսաստանը մոտ է, հարեւան է: Թուրքիան էլ է մոտ:

– Այս իրադարձություններն ի՞նչ ապացուցեցին:

Ապացուցեցին, որ այս տարածաշրջանի հարեւանությունը Ռուսաստանին ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ի առկա հոզորությունն ամբողջ աշխարհում: Սա ապացուցվեց, թեեւ չեմ կարծում, որ ԱՄՆ-ի դիրքերը այս տարածաշրջանում միանգամից ոչնչացվեցին, բայց Վրաստանի հետ միասին ԱՄՆ-ն լուրջ պարտություն կրեց բոլոր հարցերով:

– Առաջիկա օրերին ի՞նչ հիմնական սցենարներ կզարգանան:

Կարծում եմ, մի քանի օրից ռազմական խոշոր գործողությունները կդադարեն, այնուհետեւ կսկսվեն բանակցություններ եւ այդ փուլը ավելի կերկարի: Այնուհետեւ, քարոզչական պատերազմը կշարունակվի` ինչպես սկսվել է. Ռուսաստանն այս անգամ փորձելու է կիրառել իրավական լծակներ` նաեւ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների շրջանակում։ Վրաստանի ղեկավարությունը հայտնվելու է բավականին ծանր վիճակում: Այն փաստերը վրացական զորքերի գործողությունների մասին Ցխինվալում եւ օսական գյուղերում, որ այսօր արդեն սկսել են հավաքել, այդքան էլ դյուրին չի լինելու հերքել: Չեմ կարծում, որ կստեղծվի առանձին միջազգաին տրիբունալ, քանի որ այսօր էլ Հաագայի միջազգային դատարանը գտնվում է արեւմտյան ուժերի ազդեցության ներքո, սակայն, կրկնում եմ, Վրաստանի ղեկավարության եւ արեւմուտքի համար այդքան ել դյուրին չի լինի վրացական զորքերի վայրագ գործողությունների անտեսումը:

– Վերջին իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերություններին:

Կանդրադառնան այնպես, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու մասին խոսակցությունները լուրջ չեն ընկալվի այլեւս: Թեեւ կան միջազգային լրատվամիջոցներ, գործիչներ, որոնք ասում են, որ այս գործողություններից հետո Վրաստանին պետք է ավելի շուտ ընդունել ՆԱՏՕ-ի կազմում , սակայն ես համոզված եմ, որ այս իրադարձություններից հետո, Վրաստանի` ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու գործընթացը երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ խափանվեց, որովհետեւ եվրոպական երկրները, ժողովրդական լեզվով ասած, խելքները հացի հետ չեն կերել, որ Վրաստանին ընդունեն ՆԱՏՕ: Չէ՞ որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը նշանակում է, որ նման գործողությունների կրկնման դեպքում իրենք պարտավոր են զորքով պաշտպանել Վրաստանի տարածքը, ինքնիշխանությունը: Ոչ մի երկիր նման պատասխանատվություն չի ցանկանա ստանձնել, որովհետեւ դա կնշանակի խոշոր պատերազմ Ռուսաստանի հետ:

– Այսօր մի շարք լրատվամիջոցներում խոսվում է Վրաստանի` ԵՄ Նոր Հարեւանության ծրագրից դուրս մնալու մասին:

Չեմ կարծում: Վրաստանը կշարունակի լինել Միացյալ Նահանգների ու Եվրոպայի դաշնակիցը: Վրաց հասարակությունը հակառուսական տրամադրություններ ունի, իսկ վերջին գործողությունները կարող են է՜լ ավելի սրել այդ տրամադրությունները: Սակայն վրացական իշխանությունները, կարծում եմ, 1-2 ամիս անց վրաց ընդդիմության շատ սուր քննադատության առարկա կդառնան:

– Վրաստանում իշխանափոխություն հնարավո՞ր է:

Այո, հնարավոր է, որովհետեւ Սահակաշվիլիի թույլ տրված սխալը ճակատագրական էր: Առանց այն էլ լուրջ ընդդիմություն կար Սահակաշվիլիի իշխանության դեմ, իսկ սյդ սխալը հանգեցրեց հարյուրավոր զոհերի, տնտեսության քայքայման, նաեւ` նոր տարածքների կորստի: Սահակաշվիլին խոստացել էր Վրաստանի վերամիավորում, ամբողջականության վերականգնում, բայց դրա փոխարեն կորցրեց լրացուցիչ տարածքներ` տալով հարյուրավոր անիմաստ զոհեր: Այս առումով, կարծում եմ, պատերազմի ավարտից հետո, Վրաստանի հասարակությունն իր գնահատականը դեռ կտա Սահակաշվիլիի գործողություններին:

– Ինչպե՞ս կանդրադառնան այս իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Հնարավոր համարու՞մ եք նման սցենարի կիրառումն Ադրբեջանի կողմից:

Այո: Եթե Վրաստանը հասներ հաջողության, ապա Բաքվում սա կդիտվեր իբրեւ ոգեւորիչ նախադեպ եւ այն նախապատրաստությունները, որ Ադրբեջանն իրականացրել է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով կարգավորելու համար` կարող էին գործի դրվել: Հիմա, ինչ-որ չափով, այդ տաք գլուխները պետք է որ հանգստանան, առավել համարժեք գնահատեն իրավիճակը: Խոսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` Վրաստանի կազմում լինելու մասին այլևս անիմաստ է: Սահակաշվիլիի սխալ հաշվարկի շնորհիվ նրանք լրացուցիչ երկարաժամկետ երաշխիքներ ստացան իրենց դե-ֆակտո անկախության համար: Այդ առումով, Արցախը, հայկական կողմը նունպես շահում է, որովհետեւ, իրենց տարբերություններով հանդերձ, սրանք միանման հակամարտություններ են ու, եթե Հարավային Օսիան եւ Աբխազիան ամրապնդում են իրենց անկախությունը, եթե մի քանի պետություն, կամ Ռուսաստանի պես հզոր մի պետություն ճանաչում է նրանց անկախությունը, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունները զգալիորեն աճում են: Այդ առումով մենք շահեցինք:
Շահեցինք նաեւ այն առումով, որ Հարավային Օսիայի հարցն իր ձեւով լուծելուց հետո, Սահակաշվիլին կարող էր շատ ավելի խիստ միջոցներով փորձել ճնշել ջավախահայության` իր մշակութային արժեքների և իրավունքների համար մղվող պայքարը: Այդ առումով, հուսանք, որ Սահակաշվիլին եւ վրաց ղեկավարները կսկսեն ավելի զգույշ քաղաքականություն իրականացնել Ջավախքում:

– Տարածաշրջանային անվտանգությունն այսօր վտանգվա՞ծ է:

Մեծապես վտանգված է: Կարծում եմ, այդ իրավիճակը մի քանի օրից կհանդարտվի: Բայց եթե Վրաստանում հաջողվեր` կար Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու վտանգ, կար Ջավախքում իրավիճակի սրման վտանգ: Ռուսաստանի գործողությունների շնորհիվ, նվազում է տարածաշրջանի ամբողջովին բռնկվելու հավանականությունը: Միաժամանակ, չի նվազում Իրանի միջուկային հարցի շուրջ լարվածությունը: Առաջիկա ամիսներին, մինչեւ Բուշի հեռանալը, հնարավոր է լարվածության նոր սրացում Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ անկանխատեսելի հետեւանքներով, այդ թվում՝ նույն Հարավային Օսիայում եւ Արցախում: Պետք է պատրաստ լինել: Պետք է մտածել Հայաստանի պաշտպանունակության մասին: Մտածել համալիր ձեւով, ոչ միայն զորքի, բանակի, սպառազինության, այլեւ ժողովրդի համախմբվածության, ժողովուրդ-իշխանություն հարաբերություններն առավել ներդաշնակ իրավիճակի բերելու, սոցիալական արդարության մասին: Այս բոլոր ուղղություններով աշխատանքները պետք է տասնապատկել, քանի դեռ իրավիճակը եւս մի անգամ չի սրվել:

– Եթե Վրաստանում տեղի ունենա իշխանափոխություն, կփոխվի՞ արդյոք այդ երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը:

Առայժմ ոչ, որովհետեւ եթե տեղի ունենա իշխանափոխություն, կրկին գալու են արեւմտամետ եւ թուրքամետ ուժեր: 2005 թվականին ընդունած իր Ազգային անվտանգության հայեցակարգում Վրաստանը սեւով սպիտակի վրա գրել է, որ Թուրքիան և Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակիցներն են: Հայաստանի մասին նման բան չկա գրված, այլ նշված է ընդհամենը Հայաստանի դրացի պետություն լինելը: Կարծում եմ, որ նոր ուժերը շարունակելու են առայժմ նույն` արեւմտամետ, թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքականությունը: Սակայն սա` կարճաժամկետ առումով, իսկ երկարաժամկետ՝ դժվար է ասել: Տարածաշրջանը բավական անկայուն է: Թե ինչպիսին կլինեն վրաց իշխանությունները 5, 10 տարի հետո, դժվար է ասել, գուցե նորից վերադառնան ռուսամետության: Սակայն եթե իսկապես ցանկանան կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա պետք է փորձեն մի կարգով նվազեցնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ:

Սարդարապատ. Առանց Պարտության Իրավունքի

June 3, 2012

Մենք՝ հայերս, գորովանքով ենք վերաբերվում հիշարժան տարեթվերին, հատկապես եթե դրանք առնչվում են փառապանծ ճակատամարտերին՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, որը զբաղվում է հայոց ռազմական արվեստի պատմությանն ու Հայաստանի աշխարհաքաղաքական իրողություններին առնչվող ռազմավարական ու հոգեբանական խնդիրների ուսումնասիրությամբ, համոզված է. Սարդարապատի շնորհիվ ի դերեւ ելան այն թյուր պատկերացումները, որ փորձում էին մեզ ներարկել մեր հակառակորդները, թե իբր համաշխարհային պատմության եւ քաղաքականության մեջ մենք անզոր ու անօգնական ենք։ Սարդարապատը, վերջին շրջանում նաեւ Ղարաբաղյան ազատամարտը, ցույց տվեցին, որ հենց մենք ենք մեր պատմության կերտողը։

__ Որքանո՞վ ենք հաշվի առնում այսօր մեր պատմության դասերը։

__Այդ դասերը դեռ լիովին չեն վերլուծվել ու յուրացվել ոչ մեր պատմական մտքի, ոչ, առավել եւս, մեր քաղաքական էլիտայի կողմից, որն, ի դեպ, ծանոթ չէ անգամ գոյություն ունեցող պատմական գրականությանը։ Մինչդեռ ռազմավարությունը կիրառական դիսցիպլին է, որը կապում է անցյալը, ներկան ու ապագան։ Ժամանակային այս երեք տարածքների փոխադարձ կապի ընկալումը կարող է դառնալ այն տիրույթը, որտեղ ռազմավարությունը սկսում է ներգործել իրականության վրա։
__Ասվածի համատեքստում, մեր ռազմական պատմության մեջ ինչպե՞ս են սովորաբար փոխներգործում ռազմավարությունն ու մարտավարությունը։
__Մեր ռազմավարական միտքը թույլ է հենց այն պատճառով, որ հաճախ ռազմավարական միտքը նենգափոխվում է մարտավարականով։ Ընդ որում, վերջինս ռազմավարական միտքը փոխարինում է բավական տեւական ժամանակով, այնուհետեւ այլ մարտավարական միտք է ծագում ու փոխարինում ռազմավարականին։ Իսկ ռազմավարությունն այդպես էլ չի հաջողվում զարգացնել։ Այստեղ տեղին է խոսել նաեւ մեր ռազմավարական «դիմադրության կուլտուրայի» մասին։ 20-րդ դարում այն բավական հակասական էր։ Մենք հասանք մինչեւ Սարդարապատի ճակատամարտ՝ մի կողմից ձեռք բերելով 19-րդ դարի վերջին ֆիդայական ազգային-ազատագրական շարժմամբ ամրապնդված ռազմական պատմության զորեղ ավանդույթներ, իսկ մյուս կողմից չհաղթահարելով թույլ զարգացած քաղաքական ու ռազմավարական միտքը։
__Հայաստանում միշտ կարեւորվել են զինված ուժերը…
__Հին եւ միջնադարյան հայոց պետության ռազմական ավանդույթներն ու բանակը այնքան ուժեղ էին ու խորը արմատներ էին ձգել, որ վերապրեցին պետականության կորուստը եւ նույնիսկ առավել մռայլ ժամանակներում պահպանվեցին Հայաստանի՝ միմյանցից կտրված որոշ շրջաններում։ Այդ ուժերի գոյությունն ինքնին, երբ Հայաստանը գտնվում էր իսլամական երկու գերտերությունների՝ Իրանի ու Թուրքիայի լծի տակ, արդեն պատմական հրաշք է։
__Իսկ որտե՞ղ էին դրանք պահպանվել։
__Արեւելյան Հայաստանում՝ հիմնականում Արցախում եւ Սյունիքում, իսկ Արեւմտյան Հայաստանում՝ Սասունում, Վասպուրականում, Զեյթունում եւ որոշ այլ շրջաններում։ Թեեւ երբեմն փորձեր են արվել միավորելու հայկական պետության այս մնացորդները, բայց դրանք հաջողությամբ չեն պսակվել։ Պատճառները հիմնականում օբյեկտիվ են. այդ ուժերը չունեին այն հզորությունը, ինչպիսին ունեին Թուրքիան ու Իրանը։ Նրանց տրված չէր ինքնակազմավորվելու Հայաստանի ազատագրման առավել հզոր բանակի։ Միայն մեկ անգամ՝ 1720-ականներին, Արեւելյան Հայաստանում հաջողվեց կազմավորել զինված ուժեր։ Այդ տարիներին շատ կարճ ժամանակաընթացքում Սյունիքում, Արցախում, Երեւանում վերստեղծվեց հայկական բանակը։ Բայց դարձյալ ուժերի հարաբերակցությունը թույլ չտվեց հայկական զորքերին միավորվելու եւ վերահսկողություն հաստատելու ողջ Արեւելյան Հայաստանի վրա։
__Ազատագրական բոլոր ճակատամարտերը կենաց-մահու պայքար են, այլ կերպ չէր էլ կարող լինել…
__Երբ խոսում ենք Սարդարապատի մասին, պետք է նկատի ունենալ նաեւ եւ Բաշ Ապարանի, եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերը։ Բայց, իհարկե, Սարդարապատը կենտրոնական մարտն էր՝ Երեւանի համար մարտը։ Այս ճակատամարտում վճռվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ ես կուզենայի ընդգծել հենց սա։ Որովհետեւ ի՞նչ էր իրենից ներկայացնում Սարդարապատի ճակատամարտը։ Մի կողմից՝ ռազմական արիություն, հերոսություն, զորավարական տաղանդ, մարտական ոգի, մարտավարական հաղթանակ, իսկ մյուս կողմից՝ սա ճակատամարտ էր Հայաստանի ու հայ ժողովրդի գոյության համար։ Այսինքն՝ այս ճակատամարտում ռիսկը մեզ համար անթույլատրելիորեն բարձր էր։ Բայց չէ՞ որ նույն ուժերով կարելի էր կազմակերպել եւ Հայաստանի սրտից՝ Երեւանից հեռու գտնվող բնակավայրերի պաշտպանությունը, ընդ որում՝ առավել բարենպաստ բնական ու աշխարհագրական դիրք ունեցող վայրերում։ Ուզում եմ ասել, որ եթե Հայաստանը տանուլ տար Սարդարապատի ճակատամարտը, այսօր չէր լինի Երեւանը, չէր լինի եւ ընդհանրապես Հայաստանը։ Սակայն միշտ պետք է ձգտել կանխել «կենաց-մահու» նման ճակատամարտերը։ Նման ճակատամարտերը պետք է կազմակերպել ոչ թե մայրաքաղաքի մատույցներում, այլ կռվի սկզբնական փուլերում։ Ղարաբաղում էլ նույնը կատարվեց։ Եթե Հայաստանը Ղարաբաղը կորցներ, ապա այսօր ինքն էլ գոյություն չէր ունենա։ Այս ամենը ժառանգել ենք 1915-1920-ական թվականներից։ Այսուհետ Հայաստանը անգամ մեկ խոշոր պարտություն կրելու իրավունք չունի։ Մենք կարող ենք շահել բազում ճակատամարտեր, բայց մեն-միակ պարտությունը կարող է դառնալ մեր պատմության ավարտը։ 1918թ. հայ զինվորներից շատերն Արեւմտյան Հայաստանը՝ Կարինը (Էրզրումը։, Մուշը, Սասունը որպես հայրենիք չէին ընկալում։ Տեղայնացված աշխարհայացքը իր արդյունքը տվեց 1918թ. , երբ գրեթե առանց կռվի հանձնվեցին եւ Էրզրումը, եւ Արեւմտյան Հայաստանի այլ բնակավայրերը։ Եվ ստիպված եղանք թշնամուն դիմագրավել արդեն Երեւանի մատույցներում։
… Պատերազմը չափազանց բարդ, բազմաշերտ երեւույթ է, ամեն մի պարտության մեջ կա հաղթանակ եւ հակառակը։ Ամեն դեպքում, պետք է վերլուծել սեփական սխալները, սովորել սառնասրտորեն, հանգիստ վերաբերվել դրանց։ Այսօրվա հետ համեմատություն անելով՝ նման արհեստական բաժանումը «հայաստանցիների» եւ «ղարաբաղցիների»,- եթե կանխապես համապատասխան միջոցներ չձեռնարկվեն,- կարող է հանգեցնել նույնպիսի ողբալի արդյունքի։ Եվ այդ միջոցները պետք է լինեն ինչպես տեղեկատվական բնույթի, այնպես էլ հոգեբանական, նաեւ ուժային միջամտություն ներառող ամենակտրուկ իրավական բնույթի։ Այսօր մեր ողջ ներուժը պետք է գործադրել՝ ուժեղացնելու համար մեր պետությունն ու բարձրացնելու ազգային ինքնագիտակցությունը։
__Հոգեբանական մակարդակով, ի՞նչ տվեցին հայերիս Սարդարապատի, Ավարայրի ճակատամարտերը, ինչպես նաեւ Ղարաբաղյան ազատագրական շարժումը։
__Հոգեբանական ասպեկտը պակաս կարեւոր նշանակություն չունի, քան զուտ ռազմականը։ Բոլոր ազատագրական պայքարները, ճակատամարտերը, շարժումները հայոց ապագա պետության ստեղծման հիմքը գցեցին։ Դրանք ստեղծեցին անկախության գաղափարախոսության, ազատագրության գաղափարախոսության հիմքը, ինչ-որ չափով՝ ժողովրդավարության գաղափարախոսությունը, քանի որ ժողովրդավարությունը ենթադրում է ազգի համախմբում, հիմնական հարցերում ազգի համերաշխություն։ Ազգի բոլոր մասերի ու մասնիկների միջեւ այս փոխհամագործակցությունը հիմք է ծառայում ժողովրդավարության զարգացման համար։
__Եվ այնուամենայնիվ, արտառոց, ծայրահեղ լարված, տենդային իրավիճակներում մենք առավելագույնս ենք դրսեւորվում։ Գուցե հենց դա է մեզ փրկում…
__Այդ տենդը ավելի շատ թերություն է, քան առավելություն։ Մենք պետք է սովորենք գործել մեր ռազմավարական իրականության բոլոր հիմնական կատեգորիաների համաձայն։ Հատկապես վտանգավոր է, երբ քաղաքական ընտրախավը ազգային անվտանգության հարցերում համապատասխան պատրաստվածություն չունի, ռազմավարական միտքը թույլ է զարգացած։
Պետք է նկատի առնել եւս մի փաստ. Հայաստանի համար կարող են ծագել այնպիսի իրավիճակներ, երբ կպարզվի, որ դաշնակիցներ չունենք։ Նման բան մեզ հետ արդեն եղել է, եւ մենք պետք է հասկանանք, որ կարող են լինել խիստ անբարենպաստ իրավիճակներ, երբ մեր հայտնի հակառակորդների հետ կհայտնվենք դեմ դիմաց։ Սարդարապատից ավելի վատ իրավիճակ դժվար է պատկերացնել, բարդագույն իրավիճակ էր նաեւ Ղարաբաղյան պատերազմում, հատկապես դրա սկզբում, երբ Ղարաբաղը լիովին շրջափակված էր, Հայաստանի հետ ցամաքային կապ չուներ եւ հենց Ղարաբաղի ներսում հակառակորդը ուժեղ դիմադրություն էր ցույց տալիս։
Եվ չնայած հակառակորդի ունեցած ակնհայտ առավելությանը, այնուամենայնիվ, մենք հաղթեցինք։ Նույնն էր եւ Սարդարապատում։ Մեր ուժերը, Էրզրումից սկսած, նահանջում էին, եւ հանկարծ գրեթե Երեւանի մոտ մեր բանակը գլխավոր ճակատամարտը տվեց եւ շահեց այն։ Իհարկե, մենք պետք է հպարտանանք եւ Սարդարապատով, եւ Ղարաբաղյան ազատամարտով եւ այն հարյուրավոր մարտերով, որոնք տվել է հայոց բանակը։
Դրանց մի մասը տանուլ է տվել, մի մասը՝ շահել եւ հաղթել, բայց յուրաքանչյուր մարտ մեր հպարտությունն է, մեր կոլեկտիվ հոգեբանության մասը եւ ազգի մտավոր, գաղափարախոսական ու հոգեբանական ռեսուրսների մոբիլիզացիայի աղբյուրը։
__Բնույթով մենք զինվորակա՞ն ազգ ենք։
__Այո, իհարկե։ Հազարավոր ճակատամարտեր ենք մղել վերջին հինգ հազար տարում։ Անհնար է, որ այդ մարտերը, թափած արյունը հայի մեջ ռազմիկի ոգի չդաստիարակեին։

Հարցազրույցը՝ ԿԱՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ

«Եթեր» N21, 22.05.2008

«Այսօր մեր խաղը պայքարն է»

June 3, 2012

Ս.թ. մայիսի 15-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությունը՝ «Հայկական ինքնության արդի հիմնախնդիրները կամ ո՞վ է հայը» թեմայով: Այն կազմակերպել էր «Պատրիոտ» ակումբը` ՀԱՀ-ի շրջանավարտների ընկերակցության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին շուրջ 40 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, այլ հետաքրքրված անձինք։

Բանախոսը նախ և առաջ ուրվագծեց այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանն ու հայ ազգը։ «Խորհրդային Միության փլուզմամբ Հայաստանը հայտնվեց այնպիսի խոցելի, պաշտպանական խորությունից զուրկ սահմաններում, որ ռազմական մեկ խոշոր պարտությունը և Արցախի կորուստը կարող էին նշանակել Հայաստանի վերջը: 1990-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու չեզոքացնել ադրբեջանական ագրեսիան: Բայց այսօր կրկին Հայաստանը կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի և թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգի առաջ: Ուստի հենց ա՛յս իրավիճակից ելնելով էլ պետք է քննել հայկական ինքնության հարցը», – մեկնաբանում է Արմեն Այվազյանը:

Անժխտելի է, որ հայոց նորանկախ պետականության ամրապնդման գործում ազգային ինքնությունը ռազմավարական արժեք ու ռեսուրս է։ Այսօր տարբեր սխալ ու թերի ընկալումներ կան հայկական ինքնության բովանդակության, կառուցվածքի, դիմադրողականության մասին։ Խիստ կարևոր է, սակայն, հիմունքային նշանակության հարցերում ընդհանուր համաձայնության հասնելը, հենվելով իրականության սթափ և ճշգրիտ գնահատականի վրա:

Ա. Այվազյանը ներկայացրեց հայկական ինքնության չափանիշները: Հայ է նա, ով` /Հայը նա է, ով`
1. Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում` ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական և արդի սահմաններում։

Այսօր կան հայկական ծագում ունեցող մարդիկ, որոնք ցավոք կորցրել են հայրենիքի ճիշտ ընկալումը: Ծնվելով մի երկրում, բնակություն հաստատելով մյուսում և քաղաքացիություն ստանալով երրորդում` նրանք ասում են, որ ունեն մի քանի հայրենիք, որոնցից Հայաստանը` ընդամենն իրենց պապերի հայրենիքն է: Մինչդեռ հայրենիքը այն երկիրն է, որում կազմավորվել է տվյալ ազգը, կառուցվել է նրա պետականությունը, ստեղծվել և զարգացել է նրա մշակույթը։ Հայրենիքին մարդիկ նվիրվում են անմնացորդ: Խաթարվել է Հայաստան հայրենիքի բուն գաղափարը։ Շատերը սխալմամբ կարծում են, թե Արևմտյան Հայաստանը արևմտահայերի հայրենիքն է, իսկ Արևելյան Հայաստանը՝ արևելահայերինը։ Այսպիսի աղճատված մոտեցումների հետևանք է նաև «արցախցի-հայաստանցի» արհեստական բաժանումը: Արմեն Այվազյանը բացատրում է. «1991թ.-ին Արցախի Հանրապետության հռչակումը մարտավարական և դիվանագիտական քայլ էր ընդամենը` հետագայում Հայաստանի հետ վերամիավորման համար: Սակայն այդ մարտավարական հնարքն այսօր, 17 տարի անց, դարձել է հիմք, և հասարակ քաղաքացիներն ու նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն սկսել են Հայաստանն ու Արցախը դիտել որպես ռազմաքաղաքական առանձին միավորներ»:
2. Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ:
3. անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջեւ քաղաքական պարտավորություններ:
4. արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր եւ իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները։

Այսօր ցավոք հայկական Սփյուռքը նահանջ է ապրում հայապահպանության առումով, մինչդեռ հայկական ինքնության պահպանման միակ ու վերջնական տարբերակը հայրենադարձությունն է: «Մեր նպատակը պետք է լինի հայկական պետականության ամրապնդումը և հայերի վերամիավորումն այդ պետականության ներքո՝ հայրենի հողի վրա»:
5. Հայոց լեզվի և մշակույթի կրողն է, կամ ձգտում է դառնալ այդպիսին, քանի որ անժխտելի փաստ է, որ լեզուն է հայկականության պահպանման գլխավոր միջոցը, և մեր ազգային համակարգն էլ հիմնված է լեզվի վրա:
6. ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր զավակներին փոխանցելու միջոցով եւ նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով։

Այս չափանիշները գիտական մոտեցումների վրա են հիմնված և զերծ են հուզականությունից։ «Հայկական պետությունը դեռևս կայացման փուլում է։ Հայաստանի աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ յուրաքանչյուր հայ մարդ պատասխանատվություն է կրում հայրենիքի ճակատագրի համար: Մեր օրերում հայն անդամ է մի թիմի, որի խաղը պայքարն է, ավելի ստույգ՝ գոյապայքարը։ Անհնար է միաժամանակ և՛ ազգ-թիմի լիարժեք անդամ լինելը, և՛ մեզ պարտադրված այդ խաղից դուրս գալն ու դիտորդի դեր ստանձնելը»,- ասում է քաղաքագետը: Ընդհանրացնելով ասվածը, Արմեն Այվազյանը եզրակացրեց. «մերօրյա պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով»։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն
19 մայիսի, 2008թ.

Մտորումներ Արցախեան Գոյամարտի 20ամեակին Առիթով

June 3, 2012

«Հայաստանը չի կարող դառնալ կենսունակ,
պետութիւն՝ առանց Արցախում հայկական
իշխանութեան եւ զինուած ուժերի մշտական եւ
անկաշկանդ գոյութեան»:
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ

Յայտնապէս խօսքը կը վերաբերի՝ ազգային հիմնահարցերու նկատմամբ զգացականութենէ եւ կարգախօսային տզրուկ պարունակէ դուրս գալու հրամայական պահանջին:
Աւելի՛ն. քաղաքական տարտամ, անհեռատես եւ պարտուողական վարքագիծերէ միանգամընդմիշտ ձերբազատելու կամքի արտայայտութեան ամրագրումին մասին կը խօսի ան:
Եւ, մասնաւորաբա՛ր, անիկա կը վերաբերի ժամանակակից ազգային կեանքի արտասովոր կացութիւններու դէմ յանդիման, գիտակից հայրենասէրի եւ ոգեկան բարձրութեամբ յատկանշուող տիպար անհատականութիւններու առաւել ուժական ներկայութեան եւ տարազաւորումին,
Ինչպէս նաեւ յստակատեսաբար, ընկերատնտեսական համակարգի եւ պետականութեան ամրակայման համազգային կռուաններու եւ համապատասխան կառոյցներու էապէս ու աստիճանական բարգաւաճումին,
Հուսկ, ազգ, պետութիւն եւ անհատ-ղեկավարութիւն ներդաշնակ, անարգել եւ նպատակաուղղուած հայեցակարգերու յարատեւ շեշտադրումին:
Անցնինք:
Շատերու համար, սկսելով յօդուածի խորագիրէն՝ չափազանցուած մեկնակէտային ալիք մը կարելի է նկատել, իսկ, անոր դրդապատճառը՝ տակաւ վերացող երեւոյթ:
Միւս կողմէ, հայազգի նուիրեալ ակադեմականին, հայատրոփ պատմագէտին, աշխարհաքաղաքական մերօրեայ անցուդարձերուն եւ ամբողջ համակարգին՝ ներքին ու թաքուն ծալքերուն եւ տարածքներուն քաջատեղեակ քաղաքագէտին՝ Արմէն Այվազեանին վերոյիշեալ մտածումին կամ հաստատումին նկատմամբ, գէթ ընթերցասէր հասարակութեան մօտ ստեղծուին անմիջական հակազդեցութեան առիթ՝ յայտնելով, որ առկա՞յ են նմանօրինակ հասկացողութիւններու հակառակի մօտեցումներ կամ այսպէս ասած քաղաքական գործընթացներ:
Դժբախտ եղելութեամբ՝ հաստատական է փաստարկումը:
Որովհետեւ, քաղաքագէտի պատմուճանը հանդերձած եւ կամ ղեկավարի շքերթին ծառայող անհատներ, ամուլ եւ շատ անգամ ապազգային վարքագիծերու համընթաց, նոյնիսկ նուազագոյնին իրազեկ ըլլալու ափսոսանքը չեն ապրիր՝ հեռու մնալով հաստատագրուած իրողութիւնները՝ լոյսին բերելու յանդգնութենէն:
Հապա, վերոնշեալի կենդանի դրսեւորումը, հայկական շրջապատով հանդերձ, եւ դասականացած միջավայրերու կողքին, մինչեւ հայրենիքի քաղաքական առօրեան, ազգովին ականատես ենք, առանց դոյզն չքմեղանքի:
Սակայն, փափաքելին տեսնելու եւ ակնկալուածին նպաստաւոր չափորոշիչները ուրուագծելու բեմահարթակն անգամ այլայլող եւ անարձագանգ կը մնայ իր տարողութեամբ:
Այդուհանդերձ,
Իցիւ թէ, իրականութեան դարպասին բախող ամէն մարտահրաւէր ունենար ըմբռնելի բացատրելիութիւն, անհրմշտուկ իրավիճակ, տողատակի պատգամ, քաղաքական ոլորապտոյտ շրջածիրէ դուրս գալու զգաստ կեցուածք, խանդավառ ճիգ եւ նախանձախնդիր մտայղացք, աւելի՛ն. հակոտնեայ քաղաքական ոլորտ, ընդելուզուած հորիզոններու պայծառութեամբ:
Ասոր համար սերունդներ ամբողջ երախտագիտութեան իրենց գրաւչութիւնը արտայայտէին դժնդակ պայմաններու մէջ անգամ, եւ, այսպէս բոլոր ժամանակներուն:
Արդ,
Հայութեան համար վիճակուած իրողութիւն է ըստ ամենայնի յիշեցման կարգով ընթանալու, գոյութենական պայքարէի հանգրուանին իսկ, բացառաբար բոլոր բնագաւառներու համատեղելիութեամբ:
Ապա նաեւ, ներքին զսպուածութեամբ, բայց մանաւանդ աշխարհաքաղաքական ընկալումներու համեստ եւ ժուժկալ հասկացողութիւն ցուցաբերելու՝ ժողովրդային, հասարակական, կրօնական եւ քաղաքական շերտերու մասնակցութեամբ, որպէսզի պատմութեան ընձեռած կարելիութիւններուն եւ պատեհութիւններուն անկորնչելիութիւնը ապահովուի:
Ուստի,
Պատմութեան մեր տեսակի շտեմարանին շողարձակ իրաւութիւնը, իր տեղատուութիւններով հանդերձ, ժողովուրդին սեփականութիւնը դարձնելու գիտակցութեամբ, հասած է պահն ու գրաւը, առաւելագոյնս օգտուելու անկէ՝ այս պարագային ոգեւորուած եւ ազգային շունչով դաստիարակուած մեր ժողովուրդի իմաստութենէն, ասպետական ու քաջասիրտ պահուածքէն, որպէսզի գալիքի հաշուոյն, ամրապնդուին լիարժէք կեանքի մը կենսունակութիւնն ու անվտանգ ապրելու տարրական հասկացողութիւնը:
Հիմա,
Շնչասպառ ներածականէ ետք, ըսել ու անցնի՞լ, որ քսանամեակ մը բաւարար ժամանակ կþենթադրուի ըլլալ, մեր արդի պատմութեան այսօրուան հոլովոյթը սահմանելու եւ Արցախեան Գոյամարտի ամբողջ տեսադաշտը բնորոշելու:
Որովհետեւ,
Կրկնութեան իրաւունքին համապատասխան, գոռա՛լ պէտք է ամբողջ մարդկութեան պաստառին, թէ հայ բազուկի հրաշակերտ հարուածներուն շնորհիւ Հայաստանն ու հայութիւնը իր հերոսական Արցախով փաստեց.-
Իր առհաւական եւ անկորնչելի դիմագծային անաղարտութիւնը:
Հայ ազատամարտիկի ասպետական ոգիին թարմութիւնն ու հայավայել տոկունութիւնը:
Գաղափարանուէր սերունդի մը աւետաբեր ներկայութիւնը:
Հայ շինականին կառչածութիւնն ու հողի պաշտամունքը:
Արցախեան խոյանքին ազգային տիպականութիւնը, որ իր կարգին, հայ քաղաքական մտքին փոխանցեց իրատեսական հանգրուանի մը հաստատագրումը, պետական մտածողութեան առաւե՛լ ամրապնդումը, ազգի յարատեւութիւնն ու ցեղային առանձնայատկութիւններու անկաշկանդ շարունակականութիւնը:
Ուրեմն,
Այս հիմնաւորումով եւ տեսակէտի յստակութեամբ, երբ ականջալուր կþըլլանք հայ ակադեմականներու, մտաւորականներու թէ գործիչներու նմանատիպ կողմնորոշումին, հպարտութեան աւիւնն ու զգացողութիւնն է, որ կը տողանցէ նեարդներէ ներս, բացագանչելով լպիրշ եւ անփառունակ պետական այրերու երեսն ի վեր.- թէ՝
Հայ ժողովուրդը շնորհիւ իր անձնուրաց, խիզախ ու գաղափարանուէր հերոսներուն, փշրեց արուեստական պատուարները, ջրդեղեց ազգային արժէքները եւ հայութեան հետագայ սերունդներուն վերադարձուց թշնամիին դէմ կռուելու ոգեկան արիութիւնը, թուրք-ազերիին բարբարոսութիւններուն դէմ դնելու եւ յաղթելու ամենանուիրական զգացողութիւնը, կամքը:
Սակայն,
Վերադառնալով էականին, այսօրուան կացութեամբ ստեղծուած իրավիճակին, քաղաքական այլանդակ պատկերին եւ աշխարհաքաղաքական նկրտումներուն, հարկ է, երկու հիմնական եւ պատճառական հասկացողութեամբ, հայ ժողովուրդի մտային ու զգացական աշխարհին կիզակէտը դարձնել հետեւեալ իրողութիւնները.
ա) Զանգուածային լրատուական թէ ընդհանրապէս քարոզչական տարաբնոյթ աշխատանքով անընդհատ լոյսին բերել Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջութիւնն ու անփոխարինելիութիւնը, անվտանգութեան հայեցակարգի ընդգծեալ իրականութեամբ:
Նաեւ, այս շրջածիրին մէջ, թուրք-ազերիական վտանգի հասանելիութիւնը նկատել ամէնօրեայ ահազանգ, որուն չէզոքացման, ձախողութեան եւ պարտութեան մեծագոյն երաշխիքը հայ բանակի եւ ազատամարտիկի որակային եւ արհեստագիտական զարգացումն է:
բ) Հաւանական ամէն փորձութենէ խուսափելու համար, պատրաստ ըլլալ դիմակայելու ներքին թէ արտաքին ճնշումներու ստեղծուած կացութիւնները: Փաստօրէն, երբ պետական այրերու ճահճահուտ եւ սին մտածումներուն մէջ, այսպէս ասած փոխդրացիական, հողատարածքներու զիջումին, բարի կամեցողութիւններու թէ առեւտրաշահակցական թաքուն եւ բացայայտ միտումներ կը տեսնուին, պարտաւոր է ազգի պարունակը իր շառաչիւն կեցուածքն ու դիմագիծը յայտնաբերելու, համապատասխան գործելակերպային ոճաւորումով:
Այլապէս,
Ցաւ ի սիրտ, թուրքի զազրութիւնը խորամանկութեան վերածուած, հայրենիքի թէ Սփիւռքի տարածքին, թէեւ անհատական մակարդակի վրայ, այդուհանդերձ, կարմրաթուշ եւ գաճաճ մարդոցմով փերեզակներու վոհմակը կը պատրաստէ: Այո՛, ներքնապէս ջլատելու եւ գրաւելու ամրոցը:
Իսկ, պատմութեան ընթացքին, նուազ թուային պատկեր ունեցած են նման հերետիկոսներ:
Իրօք, միւս կողմէ ալ, ազգը իր ծոցէն ծնունդ կու տայ հաւատաւոր հայորդիներու փաղանգի մը, մշակութային թէ քաղաքագիտական, մտաւորական թէ ազնուազարմ պատրաստուածութեամբ, որոնք օրն ի բուն իրենց հոգեմտային բիւրեղ հարստութիւնը կը կարկառեն յանուն ազգի գոյատեւման եւ վերապրելիութեան:
Հաւանաբար,
Արցախեան Գոյամարտին ամբողջական արժեւորումը դեռ իր լրումին չհասաւ: Հակառակ, կարգ մը փայլուն իրագործումներու, ատիկա ըլլայ գրականագիտական թէ արուեստի բնագաւառներէ ներս: Սակայն, բացորոշ է մէկ բան, որքան ժողովրդականացուին ազգային արժէքներու շտեմարանային հարստութիւնները, այնքան փառահեղ են ապագայի տեսլականները:
Հոս, տեղին է յիշել, թէ հայ ժողովուրդին աշխարհահայեացքին ամէնէն բոցկլտուն պահուածքը ազնուադրոշմ եւ հայրենասէրի տարրերն են, որոնց ջրդեղումը կþապահովուի գիտակցական հայրենանուիրումի եւ խիզախ արեւելումի բարացուցական եղելոյթով:
Հետեւաբար,
Հայ Դատի ամբողջական խորապատկերին եւ անոր հասանելիութեան երաշխիքը՝ առաջին հերթին, ազգային ներուժի անմնացորդ օգտագործումն է, ժողովրդային շերտերու մասնակցութեամբ եւ առաւել շեշտադրումով:
Ատոր համար ժողովրդականացնել ամէն արժէք, որ պիտի սպառազինէ հաւաքական յիշողութիւնն ու պատկանելիութեան անկրկնելի զգացողութիւնը:
Արցախեան գոյամարտը փաստեց ըսուածին իրաւացիութիւնն ու ճանաչողութիւնը:

ՀԱՄԲԻԿ ՊԻԼԱԼԵԱՆ

«Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկման լուսաբանումը ԶԼՄ-ներում

June 3, 2012

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ, 30 Ապրիլի

Ըստ Արմեն Այվազյանի, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ը հայկական պետականության փուլային պարտության ծրագիր է

Հայաստանի համար մեկ թշնամու` Թուրքիայի, հետ տարվող չհաշվարկված ու աղետներով հղի ներկա պարտվողական քաղաքականությունը սկզիբ է առնում ՀՀ առաջին նախագահի պարտվողական գաղափարախոսությունից: Նման կարծիք «Հայ-թուրքակական միջպետական ներկա գործընթացի եւ այսպես կոչված ճանապարհային քարտեզի մասին» խորագրով ապրիլի 30-ի քննարկմանը հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ըստ նրա, հայ-թուրքակական «Ճանապարհային քարտեզ»-ը այլ բան չէ, քան «հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր», իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է:

Ա.Այվազյանի խոսքերով, հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում, մասնավորապես, վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ:

«Ապրիլի 23-ին հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ի հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին, խորհրդանշելով Հայաստանի երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային եւ գաղափարական վախճանը: Այդ օրը մենք զարթնել ենք այլ Հայաստանում, մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում»,- ասաց Ա.Այվազյանը:

Նրա կարծիքով, այս պայմաններում անհրաժեշտ է ձեռնարկել հետեւյալ քայլերը. ՀՀ արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ի անհապաղ դադարեցում, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցում` մինչեւ վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը:


PanARMENIAN.Net, 30 Ապրիլի

 

Թուրքիան իր բաժինն է պահանջում Հայաստանի ապագա ԱԷԿ-ու՞մ

Այսօր «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հայ հասարակայնության մասնակցությամբ կայացավ «Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ներկա վիճակը եւ «ճանապարհային քարտեզը» թեմայով քննարկում, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների եւ մտավորականության ներկայացուցիչներ:

«Ինչպես ցույց է տվել մեր կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցումը, հայ հասարակայնության ներկայացուցիչներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, շատ անհանգստացած եւ վրդովված են հայ-թուրքական միջպետական բանակցությունների գործընթացով, որն անվանվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»,- ասել է «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, իշխանությունների հակահայկական քաղաքականության պատճառով հնարավոր է դարձել Հայաստանի կողմից նախապայմանների ընդունումը, որոնք պարտադրվում են Թուրքիայի կողմից: Արմեն Այվազյանը հիշատակեց պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը, Թուրքիայի այժմյան տարածքների ճանաչումը եւ ընդգծեց Թուրքիայի առանձնահատուկ ուշադրությունը նոր հայկական ԱԷԿ-ի շինարարության նկատմամբ:

«Հայաստանի համար շատ վտանգավոր է այն փաստը, որ Թուրքիան ձգտում է դառնալ Հայաստանի նոր ԱԷԿ-ի բաժնետերը: Դա առաջին հերթին սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը»,- հայտարարեց Այվազյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ապրիլի 24-ի նախօրեին, երբ ողջ աշխարհի հայությունը սգալու էր Ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ-թուրքական փաստաթղթի ստորագրումը բոլորովին անտեղի էր:

Իրենց կարծիքը հայտնեցին նաեւ մտավորականության, տարբեր հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդության ներկայացուցիչները: Քննարկման վերջում ընդունվեց փաստաթուղթ, որի տակ կարող էին ստորագրել բոլոր ցանկացողները:

«2009-Ի ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԱՐԹՆԵԼ Է ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

 

«Ապրիլի 23-ին հրապարակվել է իր բովանդակությամբ անհայտ, սակայն ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»»,- ««Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Ըստ նրա, ապրիլի 24-ի նախօրեին այդ հայտարարության հրապարակումը կատարվել է Թուրքիայի պահանջով մի քանի պատճառներով` «փորձում է ստվերել հայերի համար ապրիլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը, նվաստացնել հայության ազգային արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստել հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծված հրաժարմանը, ինչպես նաև, համաձայնագիրը նպաստել է, որ ԱՄՆ նախագահը չգործածի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը» և այլն:

«Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլիացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին` Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօերին, այդ կապիտուլիացիայի առաջին ակտն է: Այս ծրագրի մաս կարող է լինել նաև Հայաստանի ազատազրկված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում են վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- ասաց նա:

Նրա խոսքով, 2009-ի ապրիլի 23-ին հայ ժողովուրդը զարթնել է այլ Հայաստանում, «մի երկրում, որը հայտնվել է թշնամում դիվանագիտական և գաղափարական ճիրաններում»: Նա առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը. «Հայաստանի արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» անհապաղ դենոնսացիա, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցնում, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցում»:


ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՎ ՌՈՄԱՆՏԻԿ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

 

«Երբ որ պետք է լինում, մեր իշխանությունները դառնում են զգացմունքային: Օրինակ, ինչու հանկարծ շատ մարդիկ, որոնք կոչ են անում մեր ժողովրդին շատ չշարժվել ազգային զգացմունքներով, հանկարծ մոռանում են ոչ զգացմունքային «Ցեղասպանություն» բառը ու անցնում են զգացմունքային «Մեծ եղեռն» բառակապակցության գովաբանմանը` ասելով, թե դա համարյա նույն բանն է (խոսքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հնչեցրած «Մեծ եղեռն» բառակապակցության մասին է)»,- ««Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը:

Նա չի հասկանում քաղաքական գործիչների ռոմանտիզմը: Ըստ նրա, Հայաստանն այսօր կրկնում է 1909-15 թթ. քաղաքական գործիչների սխալները: Այն ժամանակ, ինչպես նշեց նա, ասում էին, որ 20-րդ դարն առաջընթացի դար է, ջարդեր չեն կարող լինել, իսկ այժմյան գործիչներն էլ ասում են` 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն: «Հայերի համար ցանկացած նոր դար երազանքների, հեքիաթների դար է: Իսկ հետո, երբ դարն անցնում է, մի նոր հուշարձան են կառուցում ու լաց ու կոծ են անում: Չի կարելի պարեբարաբար նման փորձությունների ենթարկել սեփական ազգը»,- ասաց նա:

Ըստ նրա, այս վիճակից ելնելու համար պետք է անհապաղ ընդունել Ազգային անվտանգության իրական հայեցակարգ` նոր մարտահրավերներին դիմագրավելու համար:
Հ. Մեսրոբյանը կարծում է, որ պատմական հիշողության, Ցեղասպաության, ղարաբաղյան հակամարտության հետ կապված շատ-շատ հարցերը պետք է հասարակական քննարկման առարկա դառնան, քանի որ վերաբերում են բոլորին` հայերին, ղարաբաղցիներին, սփյուռքահայերի:

Ապրիլի 22-ին (թեև ինքը պնդում էր ապրիլի 23) Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ստորագրած հայտարարության մասին էլ նշեց. «Հայաստանը մեսիջ ուղարկեց ողջ աշխարհին, որ Ցեղասպանությունը իր համար դառնում է սակարկության առարկա, ինչպես նաև Ցեղասպանության հետևանքները: Սա նշանակում է` ուղղակի շատ դաժան ձևով թաղել հայկական հարցն ամբողջությամբ: Այսինքն, մենք ուզում ենք ապացուցել, որ բոլոր հարցերում առևտրական ենք: 1991 թվականի դախլներից սկսեցինք, 2009-ը թվականին վաճառում ենք Հայաստանը, հիշողությունը, պատմական պահանջները, իրավաբանական փաստարկները»,- ասաց նա:


«Ռադիոլուր»

 

Հայկական ռոմանտիզմը վտանգավոր է. քննարկումներ «ճանապարհային քարտեզի» շուրջ

Մինչ հայրենի իշխանությունները, ի վերջո, կպատռեն «ճանապարհային քարտեզի» խորհրդավորության քողն ու կգաղտնազերծեն առեղծվածային այս փաստաթղթի նշանակությունն ու բուն բովանդակությունը, փաստաթղթի վերաբերյալ ամենատարբեր ենթադրությունները, կանխատեսումներն ու մեկնաբանություններն անպակաս կլինեն:

Կարծիքներն առայժմ բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ լավատեսների, ովքեր համոոզված են, որ փաստաթուղթը, այնուամենայնիվ, անվնաս է ու մեզ խոստանում է լուսավոր ապագա, եւ, այսպես ասած՝ հոռետեսների, որոնց կողմից, հիմնականում, ահազանգեր ու սթափության կոչեր են հնչում:

Նման կոչեր էլ հնչել են այսօր «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնած քննարկման ընթացքում, ինչպես նաեւ «Դե ֆակտո» ակումբում:

Վերջինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար ու, ինչպես այսօր բացահայտվեց, նաեւ գաղթականի թոռ Ռուբեն Թովմասյանի արտահայտած դիրքորոշումը կոշտ էր ոչ միայն «ճանապահրայի քարտեզ» կոչվածի նկատմամբ, այլեւ հայ-թուրքական մերձեցմանն ընդհանրապես:

«Թուրքական քաղաքականությանը վստահել չի կարելի, ցեղասպանությունը նրանց արյան մեջ է»,- համոզված է կոմկուսի առաջնորդը, ում ձեւակերպմամբ ստեղծվել է աշխարհաքաղաքական մի իրավիճակ, որտեղ խաղաքարտին են հայտնվել տարբեր երկրների շահերը, իսկ Հայստանի շահն առայժմ խիստ անորոշ է:

Միաժամնակ՝ Ռուբեն Թովմասյանը կոչ արեց իշխանություններին վերջապես գաղտնազերծել այն փաստաթուղթը, որն ալեկոծել է ողջ հայությանը:

Առեղծվածային այս «քարտեզին» էր նվիրված նաեւ «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնած քննարկումը:

Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված այսօրվա գործողությունները Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն այսօր որակեց տեղապտույտ£ Ըստ նրա՝ Հայաստանի շահի մասին խոսելն այս դեպքում, ընդհանրապես ավելորդ է:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն այս հարաբերություններում հայկական կողմի դրսեւորած ռոմանտիզմը ոչ միայն անհասկանալի, այլեւ վտանգավոր է համարում

«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի ձեւակերպմամբ՝ հայ- թուրքական «ճանապարհային քարտեզն» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն էր:

7or.am, 30.05.2009
Արմեն Այվազյան. «Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն»

 

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացը և այսպես կոչված Ճանապարհային քարտեզը» թեմայով հասարակական քննարկում էր կազմակերպել Էրեբունի պլազայում, որտեղ հայտարարություն էր տարածել, պահանջելով՝ «անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են «ճանապարհային քարտեզի» ընդունմանը»։

Ինչ վերաբերում է նախաձեռնությունից հետագա քայլերին, ապա «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը «7օր»-ին ասել է.

-Մեր հետագա քայլերը պարզ կլինեն ստորագրահավաքից հետո, գործընթացը թող ավարտվի՝ հետո կտեսնենք։

Հռակ ատենապետ Հարություն Առաքելյանը նույնպես հորդորել է սպասել.

–Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն,–ասել է նա։



Ապրիլ 30, 2009 17:48

 


ՀՅԴ–ն արտգործնախարարի հրաժարականի հարցը չի քննարկել

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած քննարկման մասնակիցների արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ, «7օր»-ի հետ զրույցում ասել է.

-Մենք չենք քննարկել արտգործնախարարի հրաժարականի հարցը։ Իսկ հասարակական կազմակերպությունների պահանջը իրենց գործն է։

Ապրիլ 30, 2009 17:31

Է. Նալբանդյանի հրաժարականի համար Է. Շարմազանովը որևէ հիմք չի տեսնում

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ մասնակիցները պահանջել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

Այս կապակցությամբ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ հարգում է քաղաքական բազմակարծությունը և կարծիք հայտնելու մարդկանց իրավունքը, սակայն չի կիսում նրանց պահանջը։

-Այս ընթացքում արտգործնախարարությունը որոշակի հաջողությունների հասել է նախագահի գլխավորությամբ իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքում։ Դրա վառ ապացույցը վերջերս հայ-թուրքական հարաբերություններում նաև Ամերիկայի պետդեպարտամենտի հայտարարությունն է, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատի առանց նախապայմանների։ Դա այն դրույթն է, որի մասին մշտապես խոսել է հայկական կողմը։ Ես որևէ հիմք չեմ տեսնում, որ արտգործնախարար պրն. Նալբանդյանը հրաժարական տա,- ասել է Է. Շարմազանովը։

Արամ Սաֆարյանն Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի համար պատճառներ չի տեսնում

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, ՀՌԱԿ կուսակցությունը և մի շարք այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով պահանջել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

Այդ կապակցությամբ՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7 օր»-ին ասել է.

-Ես զերծ կմնամ այդ կապակցությամբ որևէ հայտարարություն անելուց։ Դրա համար առայժմ պատճառներ չեմ տեսնում։

Ապրիլ 30, 2009 19:53

Լևոն Զուրաբյանը՝ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի մասին

«Ինչպես եք գնահատում մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպությունների՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը»,- «7օր»-ի հարցին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

-Մենք ամբողջ իշխանության հրաժարականն ենք պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մեր պահանջն ավելի մեծ է. մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ,- ասել է Լ. Զուրաբյանը։

Aravot.am, 01.05.2009
«ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է»

 

«Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ երեկ նման կարծիք հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը

«Ճանապարհային քարտեզ». այս արտահայտությունը վերջին շաբաթվա ընթացքում ամենաշրջանառվողներից է: Երեկ «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հասարակական քննարկում՝ հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի եւ, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, որին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ: «Առավոտի» հետ զրույցում պարզ դարձավ, որ նրանց մեծամասնությունը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բացասական դիրքորոշում ունի: Օրինակ՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նկատեց. «Այն, ինչ կատարվում է հիմա հայ-թուրքական հարաբերություններ կոչված գործընթացում, կարելի է Հայաստանի համար որակել որպես տեղապտույտ: Որեւէ օգուտ չկա, չկա ազգային շահ, սա ուղղակի խայտառակություն է…»: Անդրադառնալով խնդրահարույց այս փաստաթղթի թափանցիկության հարցին, պարոն Առաքելյանն ասաց. «Վարչապետը ճամարտակում էր, մեծ-մեծ խոսում, որ ոչ մի գաղտնիք չի մնալու: Աբսուրդ է այն, որ մինչեւ այսօր «ճանապարհային քարտեզը» կամ շվեյցարական փաստաթուղթը գաղտնիք է. ի՞նչ են արել՝ դեռ ոչ մեկին հայտնի չէ, դեռ մուննաթով էլ խոսում են, թե բոլորն իմանալու են դրա մասին…. բայց ե՞րբ, ինչի՞ մասին է խոսքը՝ չգիտենք: Այնինչ, թուրքական կողմը՝ գեներալները երեկ շտապեցին հանգստացնել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցով… Այնինչ, նույն վարչապետը, որ այս գործից ընդհանրապես բան չի հասկանում, փորձում էր ձեւակերպել, որ Ղարաբաղն այս հարցում չկա»: Հ. Առաքելյանը հարցերի լուծման ճանապարհ է համարում այն, որ ԼՂՀ հարցի լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխվեն միջազգային դատարան. «Ի դեպ, Ադրբեջանը երեկվանից գործընթաց է սկսել՝ Ղարաբաղի հարցը միջազգային դատարան տեղափոխելու … Ախր մենք զոհից դարձել ենք ագրեսոր՝ Վարդան Օսկանյանի վարած քաղաքականության պատճառով»:

Զրուցեցինք նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ, որը նշեց. «Մտահոգիչ է այն, որ թուրքերը սկզբնական փուլում բանակցությունների ժամանակ որոշեցին նախապայմաններ չդնել, բայց բանակցությունների զարգացմանը զուգընթաց՝ այլ ձեւակերպումներով, նույն նախապայմանը ներկայացրին Հայաստանին: Մտահոգիչ էր նաեւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը. նա հիշեցրեց վարչապետ Էրդողանի խոսքերը՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, մենք սահմանը չենք բացի՝ շեշտելով, որ հարցը Ադրբեջանի շահերն անտեսելու գնով չպետք է լուծվի: Այստեղ պիտի հաշվի առնել միջազգային գործոնների դերը: Հայաստան-Թուրքիա շփումներն անընդհատ ողջունվում են՝ համարձակ քայլ որակվելով: Այսինքն՝ նախաձեռնությունն ավելի շատ ոչ թե հարաբերվող անմիջական կողմերի, այլ միջազգային ուժերի ձեռքում է»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն, ինչ կատարվում է հայ-թուրքական հարաբերություններում, հայկական հարցի փոշիացումն է: Մենք գործ ենք ունենում մի թշնամական պետության հետ՝ չկառուցելով մեր ազգային անվտանգության համակարգը: Մենք մտնում ենք մի մեծ խաղի մեջ, որտեղ ոչ թե խաղացող, այլ կատարող ենք: Իսկ այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ ցանկացած ելք կարող է լինել ի վնաս Հայաստանի: Ցանկացած փաստաթղթից կարելի է ինչ-որ կերպ հրաժարվել. կա գրագետ հրաժարվելու ձեւ եւ ձեւ, երբ քո դեմքը միջազգային հասարակության աչքին «վատանում» է: Մտավախություն ունեմ, որ վերջինն էլ կլինի»: Այնուհետեւ զրուցակիցս վրդովվեց. «Մենք կրկնում ենք 1909-1915թթ. սխալները: Եթե այն ժամանակ ասում էինք՝ 20-րդ դարն առաջընթացի դար է, այդ ժամանակ չեն կարող լինել ջարդեր, ապա հիմա ասում ենք՝ 21-րդ դարում փակ սահմաններ չկան: Ստացվում է՝ 20-րդ եւ 21-րդ դարերը ընդամենը մեկ մասնիկով են տարբերվում իրարից»: «Ճանապարհային քարտեզի» մասին էլ պարոն Մեսրոբյանն ասաց. «Փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 23-ին, ընդունենք՝ գաղտնիք չկա, իսկ ո՞ւր է փաստաթուղթը: Ի՞նչն է պրոբլեմը. թարգմանության խնդի՞ր կա: Գուցե սա մեր վերնախավի ոչ պրոֆեսիոնալի՞զմն է… Իրականում պատճառն այն է, որ այդ փաստաթուղթն ունի իրավաբանական որոշ հետեւանքներ: Ցանկացած գրագետ իրավաբան միշտ էլ կարող է չեզոք փաստաթղթից դիվիդենդներ կորզել»:

«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն իր ելույթում ասաց. «Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է: Հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել նաեւ Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը…»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Yerkir.am, 05.05.2009

 

Արթնացանք թշնամու ճիրաններում

«Ապրիլի 23-ին մենք արթնացանք այլ Հայաստանում` մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում: Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին` խորհրդանշելով Հայաստանի երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային եւ գաղափարական վախճանը»,- ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Փաստորեն, մեր իշխանությունները նահանջեցին ու նահանջեցին խայտառակ կերպով` ընդունելով թուրքի առաջադրած նախապայմանները, այն էլ` «ոչ նախապայմանային» խաղում:

Բովանդակությամբ անհայտ «ճանապարհային քարտեզն» ունի լուրջ հակահայկական բնույթ, եւ ակնհայտ է, որ հրապարակվել է Թուրքիայի պահանջով` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հենց նախօրեին: Այս քայլով փորձ է արվում ստվերել հայերի համար ապրիլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը եւ ապրիլ ամիսը զուգորդել ոչ թե Թուրքիայի դեմ հայության բողոքի ու պայքարի, այլ հայ-թուրքական «հաշտեցման» հետ եւ հայ ժողովրդին բարոյապես նախապատրաստել ազգային շահերից հետագայում հրաժարվելու ծրագրին:

Իսկ բացի հեռահար նպատակներից, ունեցանք նաեւ շոշափելի հետեւանքներ. «Ժողովրդի թիկունքում կնքված այդ համաձայնագիրը նպաստեց նաեւ ԱՄՆ նախագահի խոստմնադրժությանը` ապրիլի 24-ի նրա հայտարարության մեջ իրավական կշիռ ունեցող «Հայոց ցեղասպանություն» բառեզրույթը չգործածելուն: Անապահովության զգացում առաջացրեց հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության լայն զանգվածների մեջ»,- նշեց Ա. Այվազյանը:

«Ճանապարհային քարտեզի» հրապարակումը ենթադրում է մեկ այլ նախապայմանի ընդունում` ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության կողմից Թուրքիայի ներկա սահմանների ճանաչում եւ մեզ հասցված աղետալի վնասի դիմաց փոխհատուցման (տարածքային եւ այլ) պահանջից հրաժարում: Ապրիլի 24-ի իր ուղերձում ՀՀ նախագահը, խոսելով Մեծ Եղեռնի մասին, չհիշատակեց Արեւմտյան Հայաստանը` ցեղասպանության իրականացման հիմնական տարածաշրջանը:

Հաշվի առնելով ՀՀ նախագահի դիտավորյալ այս բացթողումը, ինչպեսեւ նրա նախորդ հայտարարությունները Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու եւ Արեւմտյան Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին համարելու մասին, ըստ քաղաքագետ Ա. Այվազյանի, կարելի է եզրակացնել, որ մեր իշխանությունը փորձում է Արեւմտյան Հայաստան տերմինը ջնջել ինչպես իրավաքաղաքական բառապաշարից, այնպես էլ պատմաքաղաքական գիտակցությունից. «Հարված հասցնելով Հայաստանի արեւմտյան մասը բռնազավթված հայրենիք համարելու բնական եւ ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ ընկալումին, գիտակցում են դա թե ոչ, մեր պետության ղեկավարները քայքայում են հայության աշխարհընկալման ողջ համակարգը, դրանով իսկ նպաստելով թուրք-ադրբեջանական դաշինքի` Հայաստանը ոչնչացնելու հեռահար նպատակներին»: Իսկ բացի այս` Հայաստանի բռնազավթված արեւմտյան մասից հրաժարումը սեպ է խրում ինչպես Հայաստանի ներսում քաղաքական վերնախավի եւ ժողովրդի լայն զանգվածների միջեւ, այնպես էլ Սփյուռքահայության եւ ՀՀ իշխանությունների միջեւ:

Եվ ամենակարեւորը` «Հայաստանը զրկվում է միջազգային ասպարեզում Թուրքիայի դեմ ճնշում կիրառելու կռվանից, միաժամանակ, անզեն մնալով նույն Թուրքիայի կողմից իրեն ներկայացվող` Արցախն իբր բռնազավթելու չդադարած մեղադրանքների առջեւ»:

Ինչպես նշեց քաղաքագետը, «ճանապարհային քարտեզը» հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր է, որի մի մասը կարող է լինել նաեւ Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը. «…սրա մասին են վկայում վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ Թուրքիայի անվտանգության խորհրդի ապրիլի 28-ի որոշումը, որը դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կապում է Արցախից հայկական զորքերի դուրսբերման, այլ կերպ ասած` այս անգամ արդեն արցախյան ճակատում Հայաստանի միաժամանակյա կապիտուլյացիայի հետ»:

Հաշվի առնելով տեղի ունեցող եւ ունենալիք հայավնաս իրողությունները` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ապրիլի 30-ին հրապարակեց մի հայտարարություն, որին իրենց ստորագրությամբ միացան մի շարք կազմակերպություններ եւ այս խնդրով մտահոգ անհատներ:

Հայտարարությունը հետեւյալն է. «Մենք` հայ հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, խիստ անհանգստացած եւ վրդովված ենք «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով եւ հատկապես ս.թ. ապրիլի 23-ին հրապարակված` իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «ճանապարհային քարտեզով»: Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը եւ նրանց կողմից պահանջների ուղղակի ոտնահարումը:

Մենք պահանջում ենք ՀՀ նախագահից` 1. անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»,

2. անհապաղ դադարեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիայի հետ տարվող բոլոր բանակցությունները` մինչեւ վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի Հայոց ցեղասպանության փաստը եւ չստանձնի դրա հետեւանքները վերացնելու պատրաստակամությունը,

3. անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին եւ պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են նշված համաձայնագրի ընդունմանը,

4. հրահանգել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը` մինչեւ ս.թ. մայիսի 7-ը (Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը) մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաեւ սահմանված կարգով եւ ժամկետներում այն ընդունել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի խորհրդարաններում` հետադարձ ուժ ունեցող օրենքների տեսքով»:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Hetq.am, 30.04.2009
Աստղիկ Խաչատրյան 

Արտգործնախարարի հրաժարականը ելքերից մեկն է

 

«2009թ ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական և գաղափարական ամուր ճիրաններում: Այս պայմաններում կարծում եմ, որ այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը, ՀՀ արտգործնախարարի հրաժարականն է, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» դենոնսացիան, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցումը, մինչև վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական հարաբերությունների դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը»,-հայտարարեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը այսօր հրավիրված հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացին վերաբերող քննարկման ժամանակ:

Արմեն Այվազյանի խոսքերով` Հայաստանի բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչներ, հաշվի չառնելով հայ ժողովրդի կենսական շահերը, ընդունել են Թուրքիայի կողմից վաղուց առաջադրվող նախապայմանները. «ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների ներհայկական լսարանի համար հնչեցվող ճառերն ու հավաստիացումներն ակնհայտորեն հակասում են միջազգային ասպարեզում նույն պաշտոնյաների իրական քայլերին և հայտարարություններին»,-համոզված է նա:

Նրա կարծիքով` իշխանությունը համաձայնել է ստեղծել հայ և թուրք պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողով Հայոց ցեղասպանության իրողությունը վիճաբանության առարկա դարձնելու համար, որով միջազգային ասպարեզում կասկածի տակ է դրվելու է Հայոց ցեղասպանության փաստը:

«Առհասարակ պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթական երթը տորպեդահարվեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն թույլ տվեց իրեն ներքաշել մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ, որի ընթացքում որևէ պետություն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտ չի ստորագրել»,- մեկնաբանեց Արմեն Այվազյանը:

Արմեն Այվազյանին առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացություն անել, որ Հայասատանի իշխանությունները պատրաստվում են ճանաչել Թուրքիայի ներկա սահմանները` հրաժարվելով տարածքային և քաղաքական փոխհատուցումներից:

«Խոսքը վերաբերում է Կարսի պայմանագրի վերահաստատմանը, անկախ նրանից` հիշատակվելու է այդ պայմանգիրը բուն տեքստում, թե ոչ»,- ասաց նա:

Արմեն Այվազյանը համոզված է, որ իշխանությունները տեղի են տվել նաև Թուրքիայի գաղտնի նախապայմանին` հրապարակայնորեն հայտարելով իրենց համաձայնությունը` թույլ տալու թուրքական ընկերություններին դառնալ Հայկական ատոմակայանի բաժնետեր:

«Դրա հետևանքով Հայաստանի ազգային անվտանգության համակարգը դադարում է իր գոյությունը, խաթարվում է հայ ժողովրդի հոգեբանական անվտանգությունը, քողարկվում է Թուրքիայի թշնամի լինելը, դյուրացվում են թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունները»,- շարունակեց Արմեն Այվազյանը:

Իսկ ինչ վերաբերում է «իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «Ճանապարհային քարտեզին», ապա դրա հրապարակումը, ըստ Արմեն Այվազյանի, եղել է Թուրքիայի պահանջով` «նվաստացնելու հայության արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստելու հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծած հրաժարման նպատակով»:

Արմեն Այվազյանը նշեց, որ պատրաստել են իրենց պահանջները ներառող մի հայտարարություն, որը կտեղադրվի կենտրոնի կայքում և հայ-թուրքական հարաբերություններում առկա մտահոգությունները կիսողները կարող են միանալ հայտարարությանը:

7or.am, 01.05.2009
Արմեն Այվազյան. «Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն»

 

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացը և այսպես կոչված Ճանապարհային քարտեզը» թեմայով հասարակական քննարկում էր կազմակերպել Էրեբունի պլազայում, որտեղ հայտարարություն էր տարածել, պահանջելով՝ «անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են «ճանապարհային քարտեզի» ընդունմանը»։

Ինչ վերաբերում է նախաձեռնությունից հետագա քայլերին, ապա «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը «7օր»-ին ասել է.

-Մեր հետագա քայլերը պարզ կլինեն ստորագրահավաքից հետո, գործընթացը թող ավարտվի՝ հետո կտեսնենք։

Հռակ ատենապետ Հարություն Առաքելյանը նույնպես հորդորել է սպասել.

–Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն,–ասել է նա։



Ապրիլ 30, 2009 17:48

 


ՀՅԴ–ն արտգործնախարարի հրաժարականի հարցը չի քննարկել

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած քննարկման մասնակիցների արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ, «7օր»-ի հետ զրույցում ասել է.

-Մենք չենք քննարկել արտգործնախարարի հրաժարականի հարցը։ Իսկ հասարակական կազմակերպությունների պահանջը իրենց գործն է։

Ապրիլ 30, 2009 17:31

Է. Նալբանդյանի հրաժարականի համար Է. Շարմազանովը որևէ հիմք չի տեսնում

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ մասնակիցները պահանջել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

Այս կապակցությամբ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ հարգում է քաղաքական բազմակարծությունը և կարծիք հայտնելու մարդկանց իրավունքը, սակայն չի կիսում նրանց պահանջը։

-Այս ընթացքում արտգործնախարարությունը որոշակի հաջողությունների հասել է նախագահի գլխավորությամբ իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքում։ Դրա վառ ապացույցը վերջերս հայ-թուրքական հարաբերություններում նաև Ամերիկայի պետդեպարտամենտի հայտարարությունն է, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատի առանց նախապայմանների։ Դա այն դրույթն է, որի մասին մշտապես խոսել է հայկական կողմը։ Ես որևէ հիմք չեմ տեսնում, որ արտգործնախարար պրն. Նալբանդյանը հրաժարական տա,- ասել է Է. Շարմազանովը։

Արամ Սաֆարյանն Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի համար պատճառներ չի տեսնում

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, ՀՌԱԿ կուսակցությունը և մի շարք այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով պահանջել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

Այդ կապակցությամբ՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7 օր»-ին ասել է.

-Ես զերծ կմնամ այդ կապակցությամբ որևէ հայտարարություն անելուց։ Դրա համար առայժմ պատճառներ չեմ տեսնում։

Ապրիլ 30, 2009 19:53

Լևոն Զուրաբյանը՝ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի մասին

«Ինչպես եք գնահատում մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպությունների՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը»,- «7օր»-ի հարցին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

-Մենք ամբողջ իշխանության հրաժարականն ենք պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մեր պահանջն ավելի մեծ է. մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ,- ասել է Լ. Զուրաբյանը։


Армен Айвазян и участники форума требуют отставки главы МИД Эдварда Налбандяна

 

Analitika.at.ua. Центр стратегических исследований «Арарат» провел в бизнес центре «Эребуни плаза» общественные обсуждения по поводу современных процессов в армяно-турецких межгосударственных отношениях и так называемой «дорожной карты».

Участниками обсуждений являются доктор политологии, директор центра стратегических исследований «Арарат» Армен Айвазян, лидер Либерально-демократической партии Армении Арутюн Аракелян, эксперт, к-т техн. наук Арутюн Месробян и директор эл. библиотеки Armenianhouse.org Карен Варданесян. В обсуждениях участвовали также общественные деятели и представители интеллигенции.

Участники обсуждений требуют отставки главы МИД Армении Эдварда Налбандяна.


«Ժամանակ», 2.05.2009

 

Էդիկ Նալբանդյանի սիմվոլիկ նշանակությունը

«2009թ. ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում: Այս պայմաններում այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը` ՀՀ արտգործնախարարի հրաժարականն է, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզի» դենոնսացիան, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցումը, մինչեւ վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական հարաբերությունների դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը», – նախօրեին նման հայտարարություն արեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը` հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացին վերաբերող քննարկման ժամանակ:

Արմեն Այվազյանից երեկ հետաքրքրվեցինք` ինչու են պահանջում ԱԳ նախարարի հրաժարականը, եթե մեր երկրի արտաքին քաղաքականությունը ՀՀ նախագահի մենաշնորհն է, հետեւապես` նպատակահարմար չէ՞ պահանջել նրա հրաժարականը: «Ներկա պահին` մեր երկրի համար առաջնային խնդիրը ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի կապիտուլյացիոն քաղաքականության դադարեցումն է, այլ ոչ թե նախագահի հրաժարականը: Որովհետեւ կարելի է ինչ-ինչ պայմաններում հասնել նախագահի հրաժարականին, բայց տարվող քաղաքականությունը կարող է շարունակվել: Նրանք, ովքեր կարծում են, թե նախագահի հրաժարականով այս խնդիրը կլուծվի եւ այս քաղաքականությունը կլուծվի, նրանց հետ ես համամիտ չեմ: Ընդ որում` նախագահի հրաժարականը շատ ավելի բարդ ու երկարաժամկետ պրոցես է: Բայց միաժամանակ այդ բարդ խնդիրը լուծելուց հետո կարող է այդ քաղաքականությունը շարունակվել», – ասաց Ա.Այվազյանը` հավելելով, թե իր հայտարարության մեջ շեշտը դրված է ոչ թե հրաժարականի վրա, այլ` տարվող քաղաքականության դադարեցման: Իսկ եթե չեք բացառում, որ նախագահի հրաժարականով կդադարեցվի հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ ընթացող քաղաքականությունը, այդ դեպքում գուցե ԱԳ նախարարի հրաժարականի հա՞րց էլ օրակարգից հանեք, միեւնույն է, դրանից որեւէ բան չի փոխվելու: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` Ա.Այվազյանն ահա թե ինչ պատասխանեց. «Դիվանագիտական պրակտիկան այսպիսին է` եթե դու փոխում ես քո քաղաքականությունը, օրինակ` արտաքին քաղաքականության ասպարեզում, դու դա անում ես ԱԳ նախարարին փոխելով: Կամ` ինչ-որ մի դեսպանի կամ ինչ-որ կարեւոր դիրք զբաղեցնող դիվանագետի հեռացնելով: Դրանով դու ազդանշան ես տալիս, որ դու փոխել ես քո հայացքը»: Պրն Այվազյանը առաջարկեց չսեւեռվել ԱԳ նախարարի հրաժարականի վերաբերյալ իրենց բարձրացրած հարցի վրա` նշելով. «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականն այն սիմվոլիկ եւ պրակտիկ կետն է, որը օգնելու է լուծել մնացած չորս հարցերը»: Այդ դեպքում` ի գործ:

Հ.Մ.

 

Ցեղասպանության ճանաչու՞մ, թե հայկական հարցի արծարծում – Մամլո ասուլիս

June 3, 2012

Սույն թվականի ապրիլի 23-ին «Հայացք» ակումբում տեղի ունեցավ քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի մամլո ասուլիսը` «Ցեղասպանության ճանաչու՞մ, թե հայկական հարցի արծարծում. վերադիրքորոշման հնարավորությունները ՀՀ արտաքին քաղաքականության մեջ»:

Քննարկման ընթացքում բանախոսն արծարցեց խնդրին առնչվող հետևյալ հարցերը.

1. Ցեղասպանության ճանաչումը` ռազմավարական անվտանգության խնդիր. 1998թ. ի վեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակվել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր: Սակայն մինչև հիմա թե՛ ՀՀ պետական և թե՛ սփյուռքահայ կառույցները ցեղասպանության ճանաչումը դիտում են որպես բարոյական գնահատականի հարց և անջատ` Հայաստանի ռազմավարական անվտանգության խնդիրներից: Այնինչ, ցեղասպանության քաղաքականության ուղղակի շարունակությունն են և՛ Ղարաբաղյան հակամարտությունը, և՛ ադրբեջանաթուրքական տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, և՛ թուրքական աջակցությամբ ադրբեջանական նոր ագրեսիայի բացահայտ ծրագրումը, և՛ Հայստանի ժողովրդագրական ներկա ճգնաժամը, և՛ Ջավախքի հայության անապահով վիճակը: Հետևաբար` ցեղասպանության հարցն, նախ և առաջ, Հայաստանի ռազմավարական անվտանգության խնդիր է:

2. Ցեղասպանության նպատակը և դրա հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հայաստանի համար. Չպետք է մոռանալ, որ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության բուն նպատակն էր հողային հարցի լուծումը` հայերին իրենց պատմական հայրենիքում բնաջնջելը և Հայաստանի տարածքն այնպիսի նվազագույնի հասցնելը, որ այլևս անկարելի լինի կենսունակ հայկական պետականության հնարավոր ապագա ստեղծումն ու գոյությունը պատմական Հայաստանի որևէ հատվածում: Այսպիսով, ցեղասպանությունն ստեղծել է հայ ժողովրդի անվտանգ գոյության համար ծայրագույն տարածքային խնդիր: Հայաստանը չի կարող երկարատև և անվտանգ գոյատևել ներկայումս միջազգայնորեն ճանաչված 29.800 կմ2 տարածքի վրա (այն է` Խորհրդային Հայաստանի տարածքում)` առանց Արցախի և ազատագրված տարածքի: Արցախյան հիմնահարցը ցեղասպանության ուղղակի հետևանք է, Հայաստանի անվտանգության և հողային խնդիր: Այսօր հայոց զինուժի վերահսկած 40.000 – 42.000 կմ2 –ն այն նվազագույն տարածքն է, որն ապահովում է արդի Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) անվտանգ գոյության անհրաժեշտ երաշխիքները:

3. ՀՀ արտաքին քաղաքականության հրամայականը. Անհրաժեշտ է ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից վերադիրքորոշվել Հայկական հարցի ճանաչման և արծարծման վրա, քանի որ ցեղասպանության խնդրի հիմքում ընկած է Հայկական հարցը: Իսկ Հայկական հարցի լուծումը ոչ թե ցեղասպանության միջազգային ճանաչումն է, այլ հողային հարցի լուծումը` հայոց լիարժեք և կենսունակ պետականության վերականգնումը պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ տարածքում, որտեղ հայոց քաղաքակրթության երկարատև և անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի:

4. Թուրքական ներկայիս քաղաքականությունն ընդդեմ ցեղասպանության միջազգային ճանաչման: Հողային պահանջները` քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցեղասպանության հարցը կապի ներկա աշխարհաքաղաքական իրողությունների և Հայաստանի անվտանգության արդի մարտահրավերների հետ: Ցեղասպանությունը երբեք չպետք է դիտվի որպես անցյալի խնդիր: Ի տարբերություն մեզ` Թուրքիան ցեղասպանության ժխտումը կատարում է, կապելով այն ներկայի խնդիր և արդյունքում Հայաստանի հետ խոսում նախապայմանների, շրջափակման, ճնշումների կիրառման, հոգեբանական-տեղեկատվական պատերազմի և Արցախի հարցում Ադրբեջանին բացահայտ աջակցելու քաղաքականության լեզվով:

Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը հնացած և անարդյունավետ մոտեցում է. այն ոչ մի քաղաքական շահ չի բերում Հայաստանի անվտանգության արդի խնդիրների լուծմանը: Չնայած ցեղասպանության արդեն մոտ երկու տասնյակի հասնող միջազգային ճանաչումներին` 1990-ական թվականների սկզբից մինչ օրս միջազգային հանրությունը չի ճանաչում և հետևողականորեն անտեսում է Հայաստանի անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերները, մասամբ` որովհետև ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փորձել այս խնդրին ուշադրություն դարձնել:

Մինչդեռ, որդեգրելով Հայկական հարցի արծարծման քաղաքականությունը` ՀՀ-ը լծակ է ստանում մեղմելու Թուրքիայի ճնշումները Հայաստանի վրա, հատկապես` Արցախի հարցում: Անթույլատրելի է հրաժարվել Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներից` առանց որևէ ռազմավարական շահի: Բազմաթիվ պետություններ միմյանց միջև տարածքային վեճեր ու հողային խնդիրներ ունեն, որոնք ձգվում են տասնամյակներով: Բերենք մի քանի օրինակ` Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Հունաստան, Թուրքիա-Կիպրոս, շուտով հնարավոր է նաեւ՝ Թուրքիա-Իրաք, Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Իսրայել-պաղեստինցիներ, Սիրիա-Հորդանան (հիմնականում լուծվել է 2004 թ. պայմանագրով), Սիրիա-Լիբանան, Իրան-Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան-Պակիստան, Հնդկաստան-Չինաստան, Հնդկաստան-Նեպալ, Հնդկաստան-Բանգլադեշ, Ինդոնեզիա-Ավստրալիա, Ռուսաստան-Ճապոնիա, Ռուսաստան-Էստոնիա, Ռուսաստան-Լատվիա, Ռուսաստան-Նորվեգիա, Ռուսաստան-Չինաստան (այս դարավոր վեճը հիմնականում լուծում ստացավ 2005 թ. կնքված պայմանագրով), Չինաստան-Մոնղոլիա, Կանադա-Դանիա, Ֆրանսիա-Մադագասկար, Ֆրանսիա-Վանուատու, Ֆրանսիա-Կոմորյան Կղզիների Հանրապետություն, Ֆրանսիա-Մավրիտանիա, Իսպանիա-Մարոկկո, Չինաստան-Թայվան-Վիետնամ-Ֆիլիպիններ-Մալայզիա (Սփրաթլի կղզիների պատկանելության վերաբերյալ), Չինաստան-Թայվան-Ճապոնիա, Չինաստան-Հյուսիսային Կորեա, Ճապոնիա-Հարավային Կորեա, Արգենտինա-Մեծ Բրիտանիա, Մեծ Բրիտանիա-Իսպանիա, Սոմալի-Եթովպիա, Եթովպիա-Էրիտրեա, Մարոկկո-Արեւմտյան Սահարա, նախկին Հարավսլավիայից անջատված պետություններ եւ այլն։ Այս վեճերն ընդգրկում են մեծ եւ փոքր, հզոր եւ թույլ պետություններ, բայց նրանցից որեւէ մեկի մտքովն անգամ չի անցնում հեշտությամբ, «հենց այնպես» հրաժարվել իրենց հողային իրավունքներից ու պահանջներից (ինչպես, ցավոք, փորձում է անել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը), որովհետեւ բոլորն էլ հասկանում են տարածքի ռազմավարական անգերազանցելի նշանակությունը։ Հաճախ այս պետությունների միջեւ զուգահեռաբար զարգանում են տնտեսական, քաղաքական ու մշակութային աշխույժ հարաբերություններ։ Օրինակ, նույն Սիրիան Թուրքիայի հետ բավականին զարգացած հարաբերություններ ունի, բայց վճռականորեն շարունակում է իր տարածքի մաս համարել 1939 թ. Թուրքիայի կողմից անեքսիայի ենթարկված Ալեքսանդրետի (Իսկենդերուն) սանջաքը։
Հայկական հարցի մի բաղադրամասը լուծված է՝ վերականգնված է Հայկական պետությունը, մնում է ամրագրել և պաշտպանել նրա գոյության տարածքային երաշխիքները։

24 ապրիլ 2008թ.
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն


ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Հայոց Աշխարհ», 24 ապրիլի 2008 թ.

ՇԵՂՈՒՄ ԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Էդ.Նալբանդյանին ուղղված Թուրքիայի արտգործնախարարի՝ Ա. Բաբաջանի շնորհավորական ուղերձում ոմանք դրական շեշտադրումներ նկատեցին: Մինչդեռ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ կարծիքով, դա հերթական խաբկանք է. «Ամեն տարի ապրիլի 24-ից առաջ Թուրքիայի պետական պաշտոնյաները մի քանի նմանատիպ դրական արտահայտություններ են անում: Իբր, ուր որ է, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու են:

Դա արվում է մեկ նպատակով՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը: Ասելով, թե մենք արդեն խոսում ենք Հայաստանի հետ եւ խնդրում ենք մեզ վրա ճնշումներ մի բանեցրեք»:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԱՐԾԱՐԾՈՒՄ

«Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե՞ Հայկական հարցի արծարծում. վերադիրքորոշման հնարավորությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ»: Երեկ հյուրընկալվելով «Հայացք» ակումբում՝ այս թեմայի շուրջ խոսեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Ըստ քաղաքագետի, 1998-ից ի վեր մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր հռչակված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մինչ օրս թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքի կազմակերպությունները հասկացել են շատ նեղ իմաստով՝ որպես բարոյական գնահատականի հարց: Փաստորեն այս հարցում ՀՀ-ն որդեգրեց սփյուռքահայ կազմակերպությունների քաղաքականությունը, որը մշակվել ու կիրառվել էր նախքան Խորհրդային Միության փլուզումը: Եւ իներցիայի ուժով, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակի ոչ համարժեք գնահատման պատճառով այդ նույն քաղաքականությունը անքննադատաբար շարունակվում է մինչ օրս:

Ա.Այվազյանի համոզմամբ. «Նոր պայմաններում այս քաղաքականության կիրառումը հնացած է, տանում է փակուղի: Ցեղասպանության ճանաչումը դիտվում է Հայաստանի ռազմավարական անվտանգության բոլոր խնդիրներից անջատ, այնինչ ցեղասպանության քաղաքականության ուղղակի շարունակությունն են ե՛ւ Ղարաբաղյան հակամարտությունը, ե՛ւ թուրքական շրջափակումն ու դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, ե՛ւ ադրբեջանա-թուրքական տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, ե՛ւ թուրքական աջակցությամբ ադրբեջանական նոր ագրեսիայի բացահայտ ծրագրումը, ե՛ւ Հայաստանի ժողովրդագրական ներկա ճգնաժամը, ե՛ւ Ջավախքի հայության անապահով վիճակը»:

Ըստ բանախոսի, արդյունքում այժմ ունենք մոտ երկու տասնյակ երկրների կողմից պետական տարբեր ատյանների մակարդակով միջազգային ճանաչումներ, որոնք, սակայն, որեւէ ուղղակի նպաստ չեն բերում Հայաստանի արդի անվտանգության սուր խնդիրներին. «Որեւէ կերպ չեն անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակին, չեն դնում մարդկության առջեւ այդ մեծագույն ոճրագործության համար պատասխանատվության եւ փոխհատուցման խնդիրներ: Այդ բոլոր ճանաչումները մնում են բարոյական մակարդակի վրա:

Մինչդեռ Ցեղասպանությունը ստեղծել է հայ ժողովրդի անվտանգ գոյատեւման համար ծանրագույն տարածքային խնդիր, որը 1990-ականների սկզբից մինչ օրս հետեւողականորեն անտեսվում է միջազգային հանրության կողմից»: Եւ դարձյալ համոզմունք հայտնեց, որ ,այս քաղաքականության շարունակությունից Հայաստանն ու Սփյուռքը լուրջ դիվիդենտներ չեն շահում»:

Քաղաքագետի կարծիքով, ժամանակն է Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից վերադիրքավորվելու Հայկական հարցի ճանաչման եւ արծարծման վրա: Իսկ ո՞րն է Հայկական հարցը: Ինչպես անցյալում, այնպես էլ այժմ Հայկական հարցի էությունը նույնն է՝ հայ ժողովրդի իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծում: «Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը՝ Հայոց լիարժեք պետականության վերականգնում պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ հողատարածքում, որտեղ հայոց քաղաքականության երկարատեւ անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի: Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգության հարցն է»,- նշեց նա:

Եւ մանրամասնեց, որ հարցի լուծումը պահանջում է երկու նախադրյալի ապահովում.
առաջին՝ հայկական լիարժեք եւ ամուր պետականության ստեղծում:
Երկրորդ՝ այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունը ամրագրող տարածքային երաշխիքներ: Ընդ որում՝ մի նախադրյալի ապահովումը առանց մյուսի անիրագործելի է:

Այսպիսով՝ «Հայկական հարցի լուծումն ամենեւին էլ հայերի ցեղասպանության ճանաչումը չէ, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը: Հայկական հարցը ամենից առաջ հողային հարց է»:

Իսկ թե ինչու ենք հրաժարվում հողային պահանջներ ներկայացնելուց, այս մոտեցումը քաղաքագետի համար անհասկանալի է: Այն դեպքում, երբ այսօր էլ կան միմյանց միջեւ տարածքային սուր վեճեր ու հողային խնդիրներ ունեցող բազմաթիվ պետություններ, որոնց խնդիրները ձգվում են տասնամյակներով: Եւ թվարկեց մի քանի հանրածանոթ դեպքեր. Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Հունաստան, Թուրքիա-Կիպրոս, Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Սիրիա-Լիբանան, Հնդկաստան-Պակիստան, Ռուսաստան-Ճապոնիա եւ այլն:

«Ինչպես տեսնում ենք, այս վեճերն ընդգրկում են մեծ եւ փոքր, հզոր եւ թույլ պետություններ, բայց նրանցից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հեշտությամբ, ,հենց այնպես» հրաժարվել իրենց հողային իրավունքներից ու պահանջներից: Ինչպես, ցավոք, փորձում է անել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը»,- նկատեց Ա.Այվազյանը:

Բանախոսին զարմացնում է եւ այն, որ հայկական կողմն իր նախապայմանները չի առաջադրում. «Թուրքիան մեր նկատմամբ առաջ է քաշել նախապայմաններ: Մենք ասում ենք, որ մենք ինքներս ոչ մի նախապայման չունենք Թուրքիայի նկատմամբ: Որքանո՞վ է այս քաղաքականությունը արդյունավետ: Վերջին 17 տարին ցույց է տալիս, որ այս քաղաքականությունը լիովին սնանկ է: Այնինչ մենք ինքներս էլ պետք է ունենանք բազմաթիվ նախապայմաններ, որոնց մասին նույնպես պետք է խոսվի»:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

———————–

«Ազգ» օրաթերթ, 24 ապրիլի 2008թ.

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԱՅԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»

———————-

«Հայոց Աշխարհ», 24 ապրիլի 2008թ.

ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿ ՍՈԿՈՐՆԵՐԸ

Օրերս ադրբեջանական «Day. Az»-ին տված հարցազրույցում ամերիկյան քաղաքագետ Վլադիմիր Սոկորը հայտարարել էր, թե «այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ պետությունն է, որը տարածքային պահանջներ է առաջ քաշում»:
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով երեկ անդրադառնալով Վ.Սոկորի հայտարարությանը՝ քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.

«Նախ՝ իրավական տեսանկյունից հայկական կողմը երբեք առաջ չի քաշել տարածքային պահանջներ: Թեպետ, իմ կարծիքով, լիովին իրավասու է եւ ունի բազմաթիվ անհերքելի պատմաիրավական հիմքեր նման պահանջներ առաջադրելու համար:

Այն, որ բացի ԼՂ-ի տարածքից հայկական զինուժը ազատագրել եւ վերահսկում է մի շարք այլ շրջաններ, տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի պայմաններում: Այդ ագրեսիայի պատճառով այդ տարածքները հանձնելու որեւէ հիմքեր գոյություն չունեն, քանի որ խոշոր հայաբնակ շրջաններ էլ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, այդ թվում՝ Նախիջեւանը եւ ամբողջ Դաշտային Ղարաբաղը:

Ադրբեջանական ագրեսիան կասեցնելու միակ հնարավոր միջոցը հենց այդ տարածքները ազատագրելն էր: Այս հարցը լուծեց նաեւ ՀՀ-ի եւ ԼՂ-ի ռազմական անվտանգության խնդիրը: Եւ դրա շնորհիվ է, որ 14 տարի շարունակ չկա պատերազմ: Եթե վաղը Ադրբեջանը սանձազերծի նոր ագրեսիա, դարձյալ նրան զսպելու միակ հնարավոր միջոցը, անկախ նույնիսկ մեր ցանկությունից, լինելու է հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի ընդլայնումը:

Պետք է հանգիստ վերաբերվել նման հայտարարություններին: Թեեւ ամեն մի դուրսպրծուկ «քաղաքագետ» չպետք է իրեն թույլ տա ադրբեջանա¬թուրքական պատվեր կատարել: Պարզապես պետք է հիշել յուրաքանչյուր նման ելույթների հեղինակներին, քանզի հնարավոր է սոկորները ապագայում հայտնվեն նաեւ Հայաստանում եւ նրանց հետ հանդիպումների ժամանակ տեղյակ լինենք՝ ով ով է»:

Սեփ. լրտվ.

2008

«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքները (14 ապրիլի, 2009թ.)

June 3, 2012

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»,14.04.2009

Փոխե՞լ է քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը

Թուրքիան բարեկա՞մ, թե՝ թշնամի երկիր է մեզ համար. հարցը մի քանի կողմերից պետք է դիտարկել:

Ի՞նչ կտա մեզ սահմանի բացումն ու որքանով կվնասի, համատեղելի՞ են արդյոք հայն ու թուրքը, հոգեկերտվածքի ինչպիսի՞ էական տարբերություններ կան, որ թուլյ չեն տալիս հարաբերություններ հաստատել եւ, ի վերջո, ի՞նչ քաղաքականություն է այժմ վարում Թուրքիան Հայաստանի նկատմամբ:

Նշված հարցերի անտեսմամբ հարաբերություններ հաստատելն անհեռատես քայլ է համարում «Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը. Պարզվում է հարցման մասնակիցների մեծ մասը համամիտ է նրա այս կարծիքի հետ:

«Հայ- թուրքական ներկա միջպետական զարգացումները գնում են ի վնաս Հայաստանի շահերի: Ժամանակին, երբ սկսվում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, մենք նախազգուշացնում էիք, որ Թուրքիան չի կարող որեւէ կերպ աջակցել Ղարաբաղյան խնդրի լուծմանը, որովհետեւ Թուրքիան է հաճախ ղեկավարում Ադրբեջանին հակահայ գործողությունները: Այդ առումով՝ եռակողմ հանդիպումները ուղղակի զավեշտ էին»:

Հայաստանի կողմից առանց նախապայամնների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության պայմաններում Թուրքիան սկսել է նախապայման դարձնել Ղարաբաղյան խնդրի ադրբեջանամետ լուծումը: Եվ որքան ավելի շատ է խոսվում հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման մասին, այնքան հիմնավորվում են Թուրքիայի նախապայմանները:

Այստեղ հոգեբան Ալբերտ Նալչադյանը հիշեցնում է թուրքի հոգեկերտվածքը: Սովորաբար՝ ցանկացած հարաբերություն հաստատելուց առաջ հարկ է նախ իմանալ ում հետ հետ գործ ունես: Թուրքը նենգ ու խորամանկ է ու հետին մտքերով է առնչվում հայի հետ:

«Թուրքերը մյուս էթնոսների շարքում աչքի են ընկնում ագրեսիվության ավելի բարձր աստիճանով: Հաճախ հայ առեւտրականները գալիս եւ ասում են, թե թուրքերը բարեհաճ են մեր նկատմամբ, խաղաղասեր են: Նրանք կարող են իրենց այդպես ցույց տալ: Թուրքերը երկար ժամանակ՝ դարերի ընթացքում, ունեցել են մեծ, հզոր պետություններ եւ սովորել են քաղաքագետ լինել: Շարքային թուրքն ավելի խելոք քաղաքագետներ են, քան մեր քաղաքական գործիչներից շատերը»:

Գոյություն ունի էթնիկական անհամատեղելիության խնդիր, այնպես որ՝ պետք է ի գիտություն ընդունել` հայն ու թուրքն անհամատեղելի են, միանշանակ պնդում է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանն էլ, ըստ էության, համամիտ լինելով հնչեցրած վերլուծություններին, իր կողմից եւս մի նկատառում արեց. «Որեւէ մեկն այսօր Հայաստանում չի կարող ասել, թե քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը փոխել է Հայաստանի հարցում: Երիտթուրքերը ցեղասպանություն իրականացրեցին: Քեմալը, որ մերձավոր էր երիտթուրքերին, իրականացրեց եւ այժմ էլ իրականացվում է քեմալիզմի դրոշով արդյունքների իրացման գործընթացը»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ որոշումները ֆիլտրով անցկացնելու անհրաժեշտության մասին էր բարձրաձայնում. «Օրինակ ազգային անվտանգության, էթնիկական, տնտեսական ֆիլտրով պետք է անցնեն»:


Նոյյան Տապան, 14.04. 2009թ.

Արմեն Այվազյան. Հայաստանի եւ Սփյուռքի գործիչները դժգոհ են Թուրքիայի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Հայաստանում եւ Սփյուռքում անցկացրած հարցումները վկայում են, որ հայ գիտնականների, փորձագետների, հասարակական գործիչների մի պատկառելի հատված խիստ դժգոհ է Թուրքիայի հանդեպ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին ապրիլի 14-ի քննարկմանը նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, մարտի 12-ից ապրիլի 10-ն անցկացված հարցման մասնակիցներին առաջարկվել է երեք հարց կոնկրետ թեմաների շուրջ:
«Ինչպե՞ս եք վերաբերվում իբր հայերի կողմից կազմակերպված ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրմանը Թուրքիայում» հարցին «խիստ բացասական» պատասխան է տվել հարցվածների 96%-ը: Այն հարցին, թե «Ռ.Էրդողանի հայտարարություններից հետո Հայաստանը պե՞տք է շարունակի մերձեցման քաղաքականությունը», հարցման մասնակիցների 61%-ը տվել է բացասական պատասխան: Իսկ «ինչպե՞ս եք վերաբերվում հայկական նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու` Թուրքիային հղած ՀՀ կառավարության հրավերին» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 81%-ը: Ա.Այվազյանը նշեց, որ հարցվածներից ոմանք այդ հրավերը համարել են հայ պաշտոնյաների հումորի դրսեւորում:
«Արարատի» ղեկավարի խոսքերով, այսօր Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք վտանգում են երկրի ապագան: Առաջին սխալը, ըստ Ա.Այվազյանի, այն է, որ «իշխանությունները Թուրքիային չեն ընկալում այնպես, ինչպես այն կա` որպես թշնամի»: Երկրորդ սխալն այն է, որ Հայաստանի ղեկավարները թուրք պաշտոնյաներին եւ Ադրբեջանի նախագահին անվանում են «նորմալ մարդ», մինչդեռ հենց Ադրբեջանի նախագահի հրամանով է, որ այդ երկրում ոչնչացվում են հայկական կոթողները: Իսկ երրորդ սխալը, ինչպես հայտարարեց քաղաքագետը, «ոչ պալատական» հայ փորձագտեների կարծիքներն անտեսելն է:


Նովոստի-Արմենիա, 14. 04.2009
Երևանում կայացավ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով անցկացված 200 հարցազրույցի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը

Երևանում կայացավ «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը, որն անցկացնում էր «Արարատ» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը։
«2009թ.-ի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը հարցազրույցների շարք է անցկացնում վերջին շրջանում հայ-թուրքական պետական հարաբերությունների վիճակի ու զարգացման մասին»,- շնորհանդեսի ժամանակ հայտնեց Կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
Նրա խոսքերով, հարցազրույցները երեք թեմա են շոշափում՝ Թուրքիայի քաղաքականությունը հայերի ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում և Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը մասնակցելու՝ հայկական կառավարության հրավերը Թուրքիային։
Հարցման ենթարկված 200 մասնակցից 45-ը գիտնականներ և փորձագետներ են (22,5%), 104-ը՝ հասարակական գործիչներ ու մտավորականներ (52,3%), 15-ը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ (7,5%) և 35-ը՝ ուսանողներ (17,6%)։
Հարցվածներից 127-ը Երևանից են, 21-ը՝ ՀՀ մարզերից, 52-ը սփյուռքի ներկայացուցիչներ են։
Այվազյանը նշեց, որ այն հարցին, թե ինչպես եք դուք վերաբերվում թուրքական կառավարության կողմից այն քարոզչությանը, թե իբր թե հայերը թուրքերի նկատմամբ ջարդեր են կազմակերպել ու այդ թեմայով տեսաֆիլմ ցույց տվել, հարցվածների 96 տոկոսը բացասական գնահատական է տվել Թուրքիայի գործողություններին, միայն 3,5 տոկոսն է համեմատաբար մեղմ արտահայտվել այդ մասին՝ նշելով, որ դա սպասելի քայլ էր՝ ուղղված ավելի շուտ արտաքին, ոչ թե ներքին լսարանին։
Այվազյանի խոսքերով, այն հարցին, թե Հայաստանը պետք է շարունակի մերձեցումը Թուրքիայի հետ այն հայտարարություններից հետո, որ Ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը լիովին համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ, միայն հարցվածների 11 տոկոսն է մերձեցման քաղաքականության շարունակմանը կողմ հանդես եկել, 61 տոկոսը՝ դեմ, 6,5 տոկոսը հստակ պատասխան չի տվել, 1,5 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել, իսկ հարցվածների 20 տոկոսը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն լուրջ վերապահումներով։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։
Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։


Երկիր, 14.04.2009

Հայաստանի վարած քաղաքականությունից դժգոհ են

Երեւան – «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից Հայաստանում եւ Սփյուռքում անցկացված հարցումները վկայում են, որ հայ գիտնականների, փորձագետների, հասարակական գործիչների մի պատկառելի հատված խիստ դժգոհ է Թուրքիայի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ապրիլի 14-ի քննարկման ժամանակ նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով` հարցման մասնակիցներին առաջարկվել է երեք հարց` կոնկրետ թեմաների շուրջ:

«Ինչպե՞ս եք վերաբերվում իբր հայերի կողմից կազմակերպված ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրմանը Թուրքիայում» հարցին «խիստ բացասական» պատասխան է տվել հարցվածների 96 տոկոսը:

Այն հարցին, թե «Էրդողանի հայտարարություններից հետո Հայաստանը պե՞տք է շարունակի մերձեցման քաղաքականությունը», հարցման մասնակիցների 61 տոկոսը տվել է բացասական պատասխան:

Իսկ «Ինչպե՞ս եք վերաբերվում հայկական նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու` Թուրքիային հղած ՀՀ կառավարության հրավերին» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 81 տոկոսը: Ա.Այվազյանը նշեց, որ հարցման մասնակիցներից ոմանք այդ հրավերը համարել են հայ պաշտոնյաների հումորի դրսեւորում:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավարի խոսքերով` այսօր Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք վտանգում են երկրի ապագան: Առաջին սխալը, ըստ Ա.Այվազյանի, այն է, որ «իշխանությունները Թուրքիային չեն ընկալում այնպես, ինչպիսին այն կա` որպես թշնամի»: Երկրորդ սխալն այն է, որ Հայաստանի ղեկավարները թուրք պաշտոնյաներին եւ Ադրբեջանի նախագահին անվանում են «նորմալ մարդ», մինչդեռ հենց Ադրբեջանի նախագահի հրամանով է, որ այդ երկրում ոչնչացվում են հայկական կոթողները: Իսկ երրորդ սխալը, ըստ քաղաքագետի, «ոչ պալատական» հայ փորձագետների կարծիքներն անտեսելն է:


Կապիտալ, 15.04.2009թ
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը մտահոգ է
Երեկ Երևանում կայացել է «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի հետազոտման արդյունքների շնորհանդեսը: Հարցազրույցների շարքը անցկացրել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:

Հարցազրույցը ներառել է երեք թեմա՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը և ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային՝ մասնակցել Հայկական աէկի նոր էներգաբլոկի կառուցմանը: Հարցման մասնակիցների թվում եղել են հասարակական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ՝ Հայաստանից և Սփյուռքից։

Հարցին, թե ինչպես են հարցման մասնակիցները վերաբերվում Թուրքիայի դպրոցականներին այն ֆիլմի ցուցադրմանը, որտեղ իբր հայերը սպանում էին թուրքերին, 96 տոկոսն այդպիսի գործողությունները բնութագրել է որպես թշնամական և ռասիստական:

Հարցվողների 61 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ մերձեցման Հայաստանի ներկա քաղաքականությանը, մնացածը կա՛մ կողմ է հարաբերությունների կարգավորմանը, կա՛մ դժվարացել է պատասխանել: Հարցման մասնակիցների 81.5 տոկոսը դեմ է, որ Թուրքիան մասնակցի Հայկական աէկի նոր էներգաբլոկի կառուցմանը:

«Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները Թուրքիային որպես թշնամի երկիր չեն դիտարկում, որի ռազմավարական նպատակը մեր պետության ոչնչացումն է: Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի և Եվրոպայի միջև հավասարության նշան է դրել: Սակայն երբեմն այդ լավատեսությունը ոչնչով հիմնավորված չէ»,- հայտարարեց «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Իսկ «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյանը հայտարարեց, թե հայերի և թուրքերի միջև գոյություն ունի էթնիկ անհամատեղելիության երևույթ:

Անդրադառնալով սահմանի բացման շուրջ հայ-թուրքական բանակցությունների հարցին՝ հոգեբանը նշեց, որ ժամանակակից էթնոհոգեբանության մեջ կա ազգերի միջև այսպես կոչված էթնիկ անհամատեղելիության երևույթ: Այդ առումով, ըստ հոգեբանի, մեր քաղաքական գործիչները պատշաճ ուշադրություն չեն դարձնում մի շարք հանգամանքների վրա, մասնավորապես՝ «թուրքական էթնոսի էթնոքաղաքական նպատակներին, թուրք ազգի չափազանց ագրեսիվությանը»:


Հետք, 14.04.2009թ.
Ա. Այվազյան. «Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս կոպիտ սխալներ»
«Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ, «թվաբանական» սխալներ, որոնք կարող են ունենալ կործանարար հետեւանքներ: Այդ սխալ ուղեգծի ջատագով է նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: Խոսքը վերաբերում է հայ-թուրքական հակամարտության խնդիրներին»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Քաղ. գիտ. դոկտոր, «Արարատ» ռազմագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Նա ներկայացրեց սխալների շարքը, որը մտահոգիչ է, քանի որ մեր իշխանությունները Թուրքիան դիտում են ոչ այնպես, ինչպես կա` թշնամի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները շարունակաբար գնահատվում են իբրեւ «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ». «Ապրիլի 9-ին ՀՀ նախագահը հենց այդպես` «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թ. Նախիջեւանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը»:

Անդրադառնալով նախագահի` իր պաշտոնավարման մեկամյակի առթիվ ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ նա նշել էր, թե մինչ այժմ չգիտի, թե Թուրքիան ինչպիսի իրական նպատակներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ որ «իհարկե, հնարավոր է», որ «ֆուտբոլային դիվանագիտության» հույսերն ու հաշվարկները սխալ դուրս գան, Արմեն Այվազյանը մի շարք հարցեր է առաջադրում:

«Եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչու չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, ինչու չեն կազմակերպում հրապարակային բանավեճեր: Եթե դեռ չգիտեն Թուրքիայի նպատակները, ինչու էր նախագահն անցյալ աշնանը համաձայնում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումներում, ինչու էր հայտարարում, որ նրանք, ովքեր չեն հավատում Թուրքիայի` Ղարաբաղյան խնդրում աջակցելու կարողությանը, «աննորմալ են»»,- հարցնում է Արմեն Այվազյանը:

«Ինչու»-ների շարքը շարունակական է, օրինակ` ինչու են հայկական հեռուստաեթերում թուրքամետ անզուսպ արշավ կազմակերպել, ինչու են թուրքական ընկերություններին առաջարկում դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր, ինչու հասարակությունը տեղյակ չէ հայ-թուրքական բանակցություններից, ինչ բովանդակություն ունի ՀՀ Հանրային եւ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունների միջեւ 2008 թ. աշնանը կնքված պայմանագիրը եւ այլն:

Արմեն Այվազյանը նշեց, որ հայ-թուրքական հակամարտության կարգավորումն այսօր քարոզվող արագ, «սպորտային» միջոցներով անհնար է:
«Այս իրավիճակը հայ հասարակության ավանդական-հայրենասիրական դիրքորոշումներ ունեցող շերտերի մեջ առաջացրել է անապահովության, անպաշտպանվածության սուր զգացում, ազգային արժանապատվությունն ու կենսական շահերը պետական մակարդակով ոտնահարելու դառը մտորումներ, իբրեւ արդյունք` ՀՀ կառավարության նկատմամբ խոր անվստահություն»,- եզրափակեց բանախոսը:

Շուշան Ստեփանյան


7or.am, 14.04.2009
Արմեն Այվազյան. «Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված խիստ դժգոհ են ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից»

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 12-ից անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ՝ «Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում», «Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում», «ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային՝ մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը» թեմաների շուրջ։ Ըստ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի՝ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից և ոչ մեկը, բացի Հարություն Առաքելյանից չի համաձայնվել մասնակցել հարցմանը։
-Դա վկայումէ, որ քաղաքական կուսակցությունները խուսափում են հստակ դիրքորոշումներ հայտնել ազգի և պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հայ-թուրքական հակամարտության մասին,-ասել է նա և հավելել. որ հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված, այդ թվում՝ գիտական և մտավորական խավերի լայն շերտերը, խիստ դժգոհ են ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից։

Ալբերտ Նալչաջյան. «Հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների լուծման գործում, մեղմ ասած, թույլ են տրվում անզգույշ քայլեր»

Ըստ «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ Ալբերտ Նալչաջյանի՝ «հայկական դիվանագիտությունն այսօր որոշ չափով թուրքերի լարած ծուղակում հայտնվելու շեմին է»։ Նրա պնդմամբ, հաշվի առնելով թուրք էթնոսի կայուն հոգեկերտվածքն ու էթնոքաղաքական նպատակները, Հայաստանի և Թուրքիայի միջև հյուպատոսական ծառայությունների մակարդակից ավելի բարձր կարգի դիվանագիտական հարաբերություններ չի կարելի հաստատել։
-Պետք է թուրք գործարարներին և պետությանը մոտ չթողնել Հայաստանի ռազմավարական ծրագրերին, օրինակ, նոր ատոմակայանի կառուցմանն ու ֆինանսավորմանը,-ասել է Ալբերտ Նալչաջյաը և հավելել, որ որոշ հայ գործիչներ շահագրգռված են Թուրքիայի արևելյան նահանգների զարգացմամբ՝ թշնամուն ուժեղացնելու պարադոքսալ հակում հանդես բերելով։

Էդվարդ Դանիելյան. «Քաղաքական գործիչները աղավղում են տերմինները»

Պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Դանիելյանի կարծիքով, մեր քաղաքակն գործիչները աղավաղում են տերմինները, ինչի արդյունքում ժողովուրդն ընկնում է թյուրիմածության մեջ։
-Սխալ է «սահմանների բացում» տերմինի օգտագործումը, ոչ մի երկիր, իր սահմանները չի կարող բացել, խոսքը Արևմտյան Հայաստանի շրջափակման մասին է։ Տերմինի փոփոխումը խնդրին այլ կեցվածք է տալիս,-նշել է նա և հավելել, որ շատ կարևոր է պատմագրությանը ուշադրություն դարձնելը, «քանի որ ամեն ինչ այդտեղից է սկսվում»։

Հարություն Մեսրոբյան. «Թուրքիայի ցանակցած շարքային քաղաքացի ավելի լավ քաղաքագետ է, քան մեր քաղաքական գործիչները»

Ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի՝ ցանկացած ռազմավարական–քաղաքական որոշում իրագործվում է միայն փորձագիտական զննման դրական արդյունքի դեպքում։
-Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված ցանկացած ռազմավարական–քաղաքական որոշում անհրաժեշտ է անցկացնել առնվազն 3 ֆիլտրով՝ պատմաքաղաքակրթական, ազգային անվտանգության, հայկական հարցի. մեզ մոտ դա չի եղել,-ասել է նա և հավելել, որ այս ֆիլտրերի առկայության դեպքում՝ տնտեսական շահավետությունը կրում է երկրորդական բնույթ, առավել ևս, որ մինչև օրս ներկայացված և քննարկված չէ հաշվարկներով հիմնավորված որևէ պաշտոնական փաստաթուղթ։ Հարություն Մեսրոբյանը վստահ է, որ եվրոպական ստանդարտներով առաջնորդվող, կիրթ թուրքերն ավելի վտանգավոր են, քան 1915թ.-ի տրեխներով թուրքերը։
-Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի ցանակցած շարքային քաղաքացի ավելի լավ քաղաքագետ է, քան մեր քաղաքական գործիչները և այն, ինչ ժամանակին անկիրթ թուրքերը արեցին յաթաղանով, նույնը հիմա քաղաքակիրթ ձևով կանեն ժամանակակից թուրքերը,-հավելել է նա։

Լևոն Շիրինյան. «Պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն»
Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ այսօրվա քաղաքագետները, ոչ մի ուսումնասիրություն չկատարելով, ամպագորգոռ արտահայտություններ են անում հայ-թուրքական հարաբերությունների մասին։
- Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա՝ «արևմտականացած» և բոլշևիզմը թոթափած, շարունակում է անշեղորեն իրականացնել քեմալիզմի ռազմա-քաղաքական դոկտրինան,-ասել է նա և հավելել, որ պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն։ –Ինչպես երևում է մեր քաղաքական գործիչներն այդ դասերը չեն սովորել,– ասել է Լևոն Շիրինյանը։


Բիզնես 24, 15.04.2009
Սոնա Ավագյան

ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 90%-Ը ԴԵՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած հարցումնների արդյունքներով՝ մեծամասնությունը` 81.5%-ը, բացասական գնահատական է տվել 2009թ. փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի՝ Թուրքիային արած հրավերին՝ մասնակցելու Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 92.0%-ը, դեմ է նաև թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին։ Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1.5%-ը: Իսկ 4%-ը կողմ է, սակայն վերապահումներով:

«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցումը անցկացվել է Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Վերջին մեկ ամսվա ընթացքում հարցաշարին պատասխանել է ավելի քան 200 մարդ՝ գիտնականներ, փորձագետներ, մտավորականներ, ուսանողներ։ Հարցվողների թվում է 45 գիտնական և փորձագետ։ Այս մասին ապրիլի 14-ին հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։

«Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի նախագիծը, որով Թուրքիան իրավունք է ստանում գնելու նոր ատոմակայանի բաժնետոմսերը, արդեն Ազգային ժողովում է։ Ա. Այվազյանը նշեց, որ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությունը կհանգեցնի Հայաստանի տնտեսական կախվածության Թուրքիայից, արհեստականորեն առաջացած տեխնոգեն աղետի, ճնշումների, սպառնալիքների։

Անդրադառնալով քննարկման մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, որ թող Հայաստանը բաժնեմաս ունենա Թուրքիայի որևէ ռազմավարական օբյեկտում՝ Ա. Այվազյանը ասաց, որ Թուրքիան արգելեց ռուսական «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը բաժնեմաս ունենալ իր ոչ ռազմավարական օբյեկտներից մեկում, քանի որ այդ ընկերության ներկայացուցիչներից մեկը ազգությամբ հայ էր։

Ինչ վերաբերում է Հայաստանի ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի քննարկվող մասնակցության տնտեսական շահավետությանը, ապա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ասաց, որ մինչ այժմ այդ մասնակցության խնդիրը դիտարկված չէ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից, և ներկայացված ու քննարկված չէ հաշվարկներով հիմնավորված որևէ պաշտոնական փաստաթուղթ։


Azatamtutyun.am, 15.04.2009
ՀԱՐՑՎՈՂՆԵՐԻ 61%-Ը ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ

Ռազմավարագիտական հետազոտությունների «Արարատ» կենտրոնը ներկայացրել է իր հետազոտության արդյունքները, որի շրջանակում «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա հիմնախնդիրները» թեմայի շուրջ ավելի քան 250 հարցազրույց է անցկացվել: 200 մասնակիցների 11%-ն անվիճելիորեն և անվերապահորեն կողմ է Հայաստանի և Թուրքիայի մերձեցման ներկա քաղաքականությանը: 61%-ը դեմ է Թուրքիայի հետ մերձեցման Երևանի ներկայիս քաղաքականությանը, 6,5%-ը հարցին որոշակի պատասխան չի տվել, իսկ 1,5%-ը «չգիտի» ` արժե՞ արդյոք մերձենալ Անկարային, թե՞ ոչ: Հարցվածների 20%-ը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց` լուրջ վերապահումներով:


Հայոց Աշխարհ, 16.04.2009

ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Կրկնվում են մեկ դար առաջ թույլ տրված սխալները

Հայ-թուրքական հարաբերություններում վերջին կես տարվա ընթացքում կատարված տեղաշարժերի վերաբերյալ մեր հանրային կարծիքը ճշտելու շարունակական փորձերը սկսել են հիշեցնել մութ սենյակում «կատու բռնելու» մտադրությունը:
Ավելին՝ դրանք ոչ միայն անիմաստ, այլեւ խիստ վտանգավոր են հայ հասարակության համար, որն ի տարբերություն ադրբեջանականի, մասամբ էլ՝ թուրքականի, իր բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ տեղավորվում է «հասարակություն» հասկացության շրջագծում: Քանզի մեզանում, ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի, բացակայում է այն միատարր զանգվածը, որը «մտածում է» պետության կամ հոգեւոր առաջնորդների թելադրանքով:
Կասկած չունենալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ հանրային կարծիք ձեւավորելու ներկա փորձերի հեղինակների անկեղծության ու ազնվության հարցում, այնուամենայնիվ, կարծում ենք, նրանք պարտավոր են ավելի խորը քննել հարցի էությունը:
Հայաստանում, մանավանդ աշխարհացրիվ հայության շրջանում, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կատարվող ցանկացած հարցում, որոնցից վերջինն իրականացրել է «Արարատ» կենտրոնը, անխուսափելիորեն հանգում է այս խնդրի շուրջ գոյություն ունեցող ազգային ու պետական պատկերացումների բախման:
Եւ համապատասխան տեղեկատվության բացակայության պայմաններում տվյալ «հասարակական կարծիքը» սկսում է առաջնորդվել «գետը չտեսած՝ բոբիկանալու» տրամաբանությամբ: Այդ պատճառով էլ հասարակության մի մասը կտրուկ բացասական գնահատականներ է տալիս ենթադրյալ «բարելավմանը», իսկ մյուս մասը, հակառակը, հույսեր է կապում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման տնտեսական հեռանկարների հետ:
Ստացվում է, որ փորձելով հասարակական կարծիք ձեւավորել «ընդդեմ» կամ «հանուն» հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, մեր սոցիոլոգիական ընկերությունները կամ էլ քաղաքական ուժերը իրենց կամքից անկախ պառակտում են հայաստանյան հասարակությունը, մյուս կողմից էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում օբյեկտիվորեն ստեղծում են որոշակի պրոբլեմներ:
Որպեսզի մեր հանրային կարծիքը առանց պառակտվելու կարողանա հստակորեն դիրքորոշվել այդ տարբերակների հանդեպ, պետք է որոշակի «շփման եզրեր» ունենա հակառակորդի տրամադրությունների հետ, այսինքն՝ հասկանա, թե ի՞նչ են մտածում իր մասին սահմանի մյուս կողմում: Մինչդեռ Թուրքիայում «հանրային կարծիք» հասկացությունը ներկայումս սահմանափակվում է Հայկական հարցի մասին պետական թելադրանքով չառաջնորդվող մտավորականության նեղ շերտի եւ որոշ գործարարների շրջանակով, իսկ Ադրբեջանում փաստորեն դա էլ գոյություն չունի:
Ինչպե՞ս պետք է մեր հանրությունը դատողություններ անի մի հարցի շուրջ, որի իրական բովանդակությունն անհայտ է իրեն: Պարզ է, որ ստեղծված պայմաններում պետք է պառակտվի, առաջնորդվի տարբեր ենթադրություններով ու հիպոթեզներով:
Ու եթե այսպես շարունակվի, մի օր արձանագրելու ենք, որ մեր իսկ սոցիոլոգների թեթեւ ձեռքով սկսել ենք աստիճանաբար տարանջատվել «թրքատյացների» ու «թրքասերների», երբ սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում, գոյություն ունեն բոլորովին այլ պատկերացումներ եւ իրողություններ: Այստեղ ամեն ինչ որոշում է պետությունը՝ առաջնորդվելով միայն ու միայն սառը դիվանագիտական հաշվարկներով, որից հետո տվյալ որոշումը այնպես է մատուցվում հանրությանը, որ նրա առնվազն 2/3-ը կողմ է արտահայտվում դրան:
Վերջին օրինակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցի նախօրեին այդ երկրում հստակորեն վերեւից ձեւավորված հանրային կարծիքն էր Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Ընդամենը մի քանի օրում պարզվեց, որ թուրքական այն նույն հասարակությունը, որը 100 հազարներով «սգում» էր Հրանտ Դինքի մահը, վայրկենապես կարող է համախմբվել «Առանց Ղարաբաղի սահմանը չենք բացի» կարգախոսի շուրջ:
Այս ամենի գաղտնիքը թուրքական «հասարակության», իսկ ավելի ճիշտ՝ ամբոխի կառավարելիությունը, իր հիմքում պայմանավորված է ոչ միայն այդ երկրի վարչակարգի բնույթով, այլեւ ավելի խորը քաղաքակրթական արմատներով, որոնք վաղուց արդեն բացահայտվել են Մեծ եղեռնի եւ ընդհանրապես մեր բոլոր ձախողումների պատճառները խորությամբ քննած քաղաքական գործիչների ու հետազոտողների կողմից: Իր բնույթով եվրոպական, այսինքն՝ պլյուրալիստական հայ հասարակության եւ թուրք-ադրբեջանական կամ ուղղակի թուրքական միատարր զանգվածների դիմակայության ընթացքում ժամանակին մեր կրած պարտությունների հիմնական պատճառներից մեկը եղել է հակառակորդի տրամադրություններն ու հնարավորությունները սեփական չափանիշներով գնահատելու սխալը, ինչը կրկնվում է նաեւ հիմա:
Հայ-թուրքական երկխոսությունը հնարավոր է միայն իրենով հասարակությանը փոխարինող թուրքական պետության այնպիսի «հայկական համարժեքի» միջոցով, որը թույլ չի տալիս մեր ներքին պլյուրալիզմը դարձնել արհեստականորեն «թրքատյացների» ու «թուրքասերների» պառակտվող հայ հանրույթի «աքիլլեսյան գարշապարը» :

Վարդան Գրիգորյան


Առավոտ, 18.04.2009
Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ

200 հարցվածների 92%-ը դեմ է արտահայտվել թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1,5%-ը:

2009 թվականի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրել է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, վերլուծաբաններ, ուսանողներ՝ շուրջ 200 հոգի: Արծարծված թեմաներից մեկն էլ վերաբերում է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը հայկական նոր ատոմակայանի կառուցմանը: Ներկայացնենք որոշ պատասխաններ այս թեմայով տրված հարցերին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցության պարագայում, համաձա՞յն են թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի արժեթղթերի վաճառքի գաղափարին:

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության վարչության ատենապետ Հարություն Առաքելյան. «Անիմաստ է նույնիսկ քննարկել, թե ազգային անվտանգության ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ: Մի պետության հետ, որ տարբեր հարթություններում խնդիրներ ունենք, ինքներս ենք ընկնում էներգետիկ կախվածության մեջ, եթե նա իր բաժնետոմսերը վաճառի, ասենք, Ադրբեջանին, ինչպե՞ս ենք դրա դեմն առնելու… Ի՞նչ միջազգային չափանիշներով ենք հիմնավորելու մեր անհամաձայնությունը… Ունի՞ այս հարցերի պատասխանը ՀՀ վարչապետը… Եթե նմանատիպ գործընթաց սկսվի, ապա դրա դեմ պայքարողներից մեկն եմ լինելու եւ չեմ զլանալու այդ պայքարում ներգրավել սփյուռքի իմ ընկերներին, ԶԼՄ-ներին»:

«Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյան. «Որքան էլ հարգում եմ Տիգրան Սարգսյանին՝ մեր վարչապետին (բանիմաց, լավ ֆինանսիստ է, լավ եռանդով աշխատում է), ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ այդ քայլը անզգույշ էր նրա կողմից։ Թուրքիան գործ չունի Հայաստանի ատոմային էներգետիկայի հետ: Թուրքիային պետք է ընդհանրապես հեռու պահել Հայաստանի առավել կարեւոր եւ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող գործերից»: Նա նաեւ նշել է. «Թուրքիայի հետ նման ռազմավարական, հեռահար պայմանագրեր չի կարելի կնքել, եթե նույնիսկ գործարքը ֆինանսական առումով ձեռնտու էլ լինի: Մենք Թուրքիայից պիտի որեւէ կախվածություն չունենանք, որպեսզի կարողանանք մեր ազգային խնդիրները բարձրացնել նրա առաջ: Ցանկալի է, որ վարչապետը հայտարարություն անի եւ հրաժարվի իր նախկին հայտարարություններից: Թուրքիայի հետ խաղ չեն անում. նրա հեռահար նպատակը Հայաստանը մեջտեղից վերացնելն է, Ադրբեջանի հետ միավորվելը եւ պանթուրքական մեծ պետություն ստեղծելը: Ես ոչ միայն դեմ եմ ատոմակայանի խնդրում Թուրքիայի մասնակցությանը, այլ նույնիսկ դեմ եմ սահմանի բացմանը, քանի որ մեր տնտեսությունը շատ թույլ է: Սահմանի բացումը պետք է հնարավորինս հետաձգել, այլապես մեր տնտեսությունը կխեղդվի, կուլ կգնա»:

Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյան. «Անընդունելի եւ անտրամաբանական է ռազմավարական նշանակության կառույցի կազմավորմանը մասնակից դարձնել մի երկրի, որի հետ չկան տարրական դիվանագիտական կապեր, եւ որը ներկայումս համարվում է մեր երկրի հավանական հակառակորդ եւ սպառնալիք»: Հարցին, թե ինչո՞ւ իր առաջին հայտարարությունից 20 օր անց՝ մարտի 12-ին, ՀՀ վարչապետը փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ Թուրքիայից ակնկալվում է միայն ֆինանսական մասնակցություն՝ Հայկական նոր ատոմակայանի բաժնետոմսերի մի մասը թուրքական ընկերություններին վաճառելու միջոցով, Թաթուլ Մանասերյանը, որն այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է՝ պատասխանել է. «Փոփոխական կեցվածքը բնորոշ է վարչապետին: Տարիներ շարունակ նա մերժել է Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ձեւավորելու մեր կողմից ներկայացրած առաջարկը: Սակայն բավական էր Ոուսաստանի Դաշնությունից (մասնավորապես, Իգոր Լեւիտինից) լսել նման խորհուրդ եւ հանդես գալ որպես նման գոտիների ձեւավորման նախաձեռնող»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան. «Ընդհանրապես չի կարելի թողնել, որ թուրքը ոտք դնի Հայաստան. դա լի է չափազանց անկանխատեսելի հետեւանքներով: Մենք պետք է զգոն լինենք, մենք պատմություն ունենք, չպետք է այն մոռանանք: Մենք գիտենք՝ Եղեռնն ինչպես է եղել… Եվ հետո՝ ինչո՞ւ պիտի գան, ի՞նչ գործ ունեն նրանք մեր ատոմակայանի հետ, թուրքը ե՞րբ է շինարար եղել. նրա գործը քանդելն է, ավերելն է, ի՞նչ պիտի կառուցի մեզ համար: Մեզ պետք չէ նրա կառուցածը: Մի խարդախ բան էլ այդտեղ կանեն»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյան. «Բացարձակապես պարտադիր չէ պայթյուն կազմակերպել ատոմակայանում (թեեւ դա նույնպես չեմ բացառում): Բավական է, ասենք, ռադիոակտիվ արտահոսք կազմակերպել դեպի Արարատյան արտեզյան ջրամբարը, որը գտնվում է հենց կայանի տակ»:

Լրագրող, կովկասյան հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյան. «Մեր պաշտոնյաները շատ լավ են զգում, թե որտեղից է փչում քամին: Եթե Քոչարյանի ժամանակ որոշ պաշտոնյաների, քաղաքական ուժերի եւ լրագրող-վերլուծաբանների համար թուրքերին եւ Թուրքիային քննադատելն էր ձեռնտու, ապա այդ նույն խմբերի համար դա այսօր այլեւս ձեռնտու չէ: Պաշտոնյան, լրագրող-վերլուծաբանը, կուսակցականը տեսնում է, թե ինչպես է օդակայանում Էդվարդ Նալբանդյանը դիմավորում Աբդուլա Գյուլին, տեսնում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մարզադաշտում լայն ժպտում եւ ձեռք սեղմում Գյուլին, եւ դա բավարար է, որպեսզի նրանց համար Թուրքիան դառնա հարեւան պետություն: Կոնկրետ հարցին պատասխանելով՝ ասեմ, որ վարչապետի հրավերը նաեւ ժեստ է միջազգային հանրությանը, թե տեսեք՝ այսօրվա Հայաստանի իշխանությունները անգամ նման զգայուն հարցում են պատրաստ համագործակցել Թուրքիայի հետ»:

Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ


Երկիր, 17․04․2009
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թուրքը թշնամի է, ու վերջ

«Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ՀՀ իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ «թվաբանական» սխալներ, որոնք կարող են կործանարար հետեւանքներ ունենալ:

Ընդ որում` արտաքին քաղաքականության այդ սխալ ուղեգծի ջատագով է նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումներին:

Դիվանագիտական սխալների շարքում նշվում են հետեւյալ քայլերը. նախ այն, որ չհիմնավորված լավատեսությամբ` մեր իշխանությունների կողմից Թուրքիան ոչ թշնամի պետություն է ընդունվում, ավելին` հավասարեցվում է եվրոպական երկրներին: Հեռուստաեթերում ոչ միայն մոռացության է մատնված հայ-թուրքական հարաբերությունների ողջ պատմական փորձը, այլեւ անտեսվում են ներկայումս Հայաստանի դեմ ուղղված թուրքական թշնամական գործողությունները:

Թուրք եւ ադրբեջանցի պետական գործիչները գնահատվում են իբրեւ «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ» (ապրիլի 9-ին ՀՀ նախագահը «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թվականին Նախիջեւանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը):

«Հայ քաղաքական վերնախավի պատմական եւ ներկա իրականությունից կտրվածությունը, տեղեկատվական դաշտում արմատավորվելուց հետո, աստիճանաբար սկսում է ընդգրկել նաեւ ժողովրդային խավերը»,- ասաց Ա. Այվազյանը:

Նա մեջ բերեց ՀՀ նախագահի խոսքերը իր պաշտոնավարման առաջին տարվա առթիվ ունեցած ելույթում. «Հնարավոր է, որ թուրքերը փոխեն իրենց դիրքորոշումը, հետ կանգնեն մեր ձեռք բերած պայմանավորվածությունից, նրանց փոխարեն ես չեմ կարող պատասխանել ու պատասխանտու լինել», «հնարավոր է, որ իմ լավատեսությունը չարդարանա» (սահմանների բացվելու առումով), մենք մեր հաշվարկներում սխալված լինենք… Իհարկե, հնարավոր է»:

Հենց այս խոսքերն էլ մի շարք «ինչո՞ւ»-ների տեղիք են տալիս. «Եթե ՀՀ իշխանությունը չգիտի, թե ինչ նպատակներ ունի Թուրքիան, ինչո՞ւ էր ՀՀ նախագահն անցյալ տարվա աշնանը համաձայնում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումներում անձամբ իր եւ իր արտգործնախարարի մասնակցությամբ, ինչո՞ւ էր հայտարարում, որ նրանք, ովքեր չեն հավատում Թուրքիայի` Ղարաբաղյան խնդրում աջակցելու կարողությանը, «աննորմալ են»:

Իսկ հիմա Թուրքիայի ղեկավարները, օգտագործելով այդ հանդիպումներն աշխարհի աչքին թոզ փչելու ու նաեւ հայ հասարակությանը բթացնելու նպատակներով, մատ թափ տալով` հայտարարում են իրենց առաջնահերթ նպատակի մասին, որը, ոչ ավելի, ոչ պակաս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանին Լեռնային Ղարաբաղի օկուպանտ ճանաչելն է եւ հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը…:

Եթե ՀՀ իշխանությունը չգիտի, թե ի՞նչ է ուզում Թուրքիան, ինչո՞ւ են հետեւողականորեն Թուրքիայի մասին չհիմնավորված դրական պատկերացումներ ստեղծում հայ հասարակության մեջ, ինչո՞ւ են հայկական հեռուստաեթերում թուրքամետ անզուսպ արշավ կազմակերպել, ինչո՞ւ են թուրքական ընկերություններին առաջարկում դառնալ հայկական նոր ատոմակայանի բաժնետեր, ինչո՞ւ հասարակությունը տեղյակ չի պահվում հայ-թուրքական բանակցությունների բովանդակության մասին, եւ մենք ստիպված ենք այդ մասին տեղեկանալ արեւմտյան ու թուրքական մամուլից, ի՞նչ բովանդակություն ունի ՀՀ Հանրային եւ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունների ղեկավարների միջեւ 2008 թվականի աշնանը կնքված պայմանագիրը…

Եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչո՞ւ չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, որը շատ էլ լավ գիտի Թուրքիայի անցյալ եւ ներկա հակահայկական քաղաքականության էությունը: Բարեբախտաբար, դեռեւս կան այս հարցի մասնագետներ…»:

Հասկանալու համար, թե վերոնշյալ խնդիրներն ի՞նչ արձագանքներ են ունենում հասարակության մեջ` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 12-ից սկսել է հարցազրույցներ անցկացնել գիտնականների, փորձագետների, մշակութային մտավորականության, ուսանողների հետ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված 200 հարցարզույցների ամփոփ պատկերը ներկայացվեց ապրիլի 14-ին: Հարցվողների 22,5%-ը գիտնականներ ու փորձագետներ են (45 մարդ), 52.3%-ը հումանիտար եւ տեխնիկական գծով մտավորականությունը եւ հասարակական գործիչները (104 մարդ), 7.5%-ը (15 հոգի)` լրատվամիջոցների ներկայացուցիչներն են, եւ 17.6%-ը (35)` ուսանողներ:

Ի դեպ` հարցաշարը ուղարկվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, արտգործնախարարություն, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակ, սակայն ոչ մի պատասխան չի ստացվել: Հարցվողների 74%-ը (148 մարդ) Հայաստանից են, իսկ 26%-ը (52 մարդ)` Սփյուռքից: 64.5% (129 մարդ) տղամարդիկ են, 35.5% (71)` կանայք:

Հարցաշարը բաժանված է երեք թեմատիկ բաժինների: Առաջին թեման վերաբերում է Հայոց ցեղասպանության` Թուրքիայի ժխտմանը եւ Հայաստանի հակադարձության բացակայությանը: Նախ ներկայացվում է այն, որ սկսած 2007-ի դեկտեմբերից` Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի դպրոցականների շրջանում ցուցադրում է տեսաֆիլմ, որում պատկերվում է, թե ինչպես են հայերը, իբր, կոտորել թուրք ժողովրդին: Տեսաֆիլմն արդեն դիտել է շուրջ 12 միլիոն թուրք աշակերտ, ներառյալ` տարրական դասարաններում:

Եվ այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Թուրքիայի կառավարության այս քայլին, հարցվողների 96%-ը խիստ բացասական պատասխան է տվել` որակելով այն թշնամական, ռասիստական, հակահայ եւ այլն, եւ միայն 3.5%-ն է հարաբերականորեն մեղմ արտահայտվել այդ քայլի մասին` նշելով, օրինակ, որ այդպիսի քայլը կանխատեսելի/ակնկալելի է, կամ որ այն ուղղված է ներքին, այլ ոչ արտաքին լսարանին:

Երկրորդ թեման է «Թուրք-ադրբեջանական դաշինքը եւ Հայաստանի վերաբերմունքն այդ դաշինքին»: Մեջ է բերվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի 2009 թ. փետրվարի 19-ին հայտարարությունը, ըստ որի` ա) Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են, բ) այդ քաղաքականությունը Թուրքիան եւ Ադրբեջանը մշակել եւ իրականացնում են համատեղ:

Այնուհետեւ տրվող «Արդյոք այս հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի՞ Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությունը» հարցին ի պատասխան` 61%-ը հստակ դեմ է արտահայտվել ՀՀ-ի` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությանը, 6.5%-ը հարցին կոնկրետ պատասխան չի տվել, իսկ 1.5%-ը պատասխանել է` «չգիտեմ»: Հարցվածների 20.0%-ը կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը, սակայն լուրջ վերապահումներով, եւ միայն 11.0%-ն է առանց վերապահումների կողմ արտահայտվել:

Հարցման արդյունքները վերլուծելուց հետո «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հետեւյալ եզրակացությանն է հանգում. «Հայաստանի եւ Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված, այդ թվում գիտական եւ մտավորական խավերի լայն շերտերը, խիստ դժգոհ են ՀՀ իշխանության Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից: Հասարակության այդ շերտերի բացասական վերաբերմունքն ունի հետեւյալ դրսեւորումները. նրանք չեն հասկանում ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանությունը, նրանք չեն վստահում Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ՀՀ քաղաքականության արդյունավետ լինելուն, նրանք չեն ընդունում այդ քաղաքականության կրավորականությունը»:


Tert.am, 14.04.2009
Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին
«Արարատ» ռազմավարական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էր հրավիրել՝ խոսելու Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ, մասնավորապես, «ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ արվող կոպիտ սխալների» մասին։

«Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի խոսքերով, «այդ սխալ ուղեգծի ջատագով է նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը»։ Նա պնդում է նաև, որ հայ-թուրքական հակամարտության խնդիրների նկատմամբ Հայաստանի քաղաքական դաշտում ներկա ուժերը հիմնականում միանման դիրքորոշումներ ունեն։

Վերջին շրջանում ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում ՀՀ նախագահը, վարչապետը և էներգետիկայի նախարարը, Արմեն Այվազյանի կարծիքով, իրենց հայտարարություններում Թուրքիայի և եվրոպական երկրների միջև հավասարության նշան են դրել, մինչդեռ «Թուրքիայի նպատակներից մեկը Հայաստանի ոչնչացումն է»։

Բանախոսը անթույլատրելի է համարում Հայաստանի նախագահի՝ հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավար, 2005 թ. Նախիջևանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակ Իլհամ Ալիևին տված «նորմալ մարդ» գնահատականը։

Այվազյանը նշեց, որ «այժմ Թուրքիայի ղեկավարները, օգտագործելով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումները աշխարհի աչքին թոզ փչելու ու նաև հայ հասարակությանը բթացնելու նպատակներով՝ հայտարարում են իրենց առաջնահերթ նպատակի մասին, որը ոչ ավելի, ոչ պակաս՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Հայաստանին Լեռնային Ղարաբաղի «օկուպանտ» ճանաչելն է և հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը»։

Քննարկման մասնակից քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով, «հայ-թուրքական վիրտուալ «մերձեցման» ներկա ընկալման վիճակը մերօրյա Հայաստանում և հայ ժողովրդի որոշակի /շահագրգիռ/ շրջանակներում հիշեցնում է «հայ-թուրքական հարաբերությունների «եղբայրության» սահմանադրական (1908-1911/1913թթ) շրջանը, որը ավարտվեց 1909-ի ապրիլին կիլիկիահայության նախճիրով, 1915-ին` արևմտահայոց սպանդով և Հայաստանի ողջակեզով»։

Որպես ևս մեկ օրինակ, Շիրինյանը նշեց 1920 թվականի աշունը, «երբ հայ-թուրքական պատերազմի արդյունքում, համաշխարհային կոմունիզմի (այսօր` դեմոկրատիայի) սպասումով հոկտեմբերի 30-ին Կարսը հանձնվեց ցնցոտիավոր ու սովալլուկ, սակայն ռուսական կոմունարկա հագած ասքյարին, իսկ Արևելյան Հայաստանը տրվեց անդամահատման` արդեն «բոլշևիկ» թուրք-քեմալականներին»:

Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա, իր առօրյա և հեռագնա նպատակադրումներով, ըստ քաղաքագետի, խիստ կանխատեսելի է՝ մնալով անկայունության ու անորոշության աղբյուր տարածաշրջանային նկրտումներում և համաշխարհային քաղաքականության մեջ:


16.04.2009, 
Մարտնչող նեոբոլշեվիկները
Պատասխան Թերթ․ամ-ի հրապարակմանը
Մի քանի օր առաջ Կոնգրես հյուրանոցում կայացավ «Արարատ» կենտրոնի կազմակերպած քննարկումները նվիրված հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակին: Ներկայացվեցին կենտրոնի կողմից կազմակերպած բաց, շեշտում եմ բաց հարցումների արդյունքները ըստ որի ակնհայտ է դառնում, որ ներկայիս քաղաքականությունը Թուրքիայի հարցում աջակցություն չի վայելում` ո՜չ Հայաստանում, ո՜չ էլ Սփյուռքում: Ընդ որում ամեն ինչ ներկայացվեց գրագետ, հանգիստ տոնով, ինչքան հնարավոր է կառուցողական մոտեցումներով, որը շատ հազվադեպ երևույթ է հայ քաղաքական բանավեճներում, որտեղ հիմնականում գերիշխում է ցածրամակարդակ վիրավորանքները ու հախուռն զգացմունքային զեղումները:

Բայց չգիտես ինչու դա այնքան էլ չոգևորեց հայկական հեռուստաընկերություններին, որոնք իսպառ բացակայում էին միջոցառմանը: Ամեն տեսակ Ճ դասի միջոցառում, սեմինար պատրաստ են ժամերով լուսաբանել ու ծամծել, պատրաստ են իրենց եթերը տրամադրել զանազան անարխիստների, որոնք ամենավերջին խոսքերով վիրավորել են ու շարունակում են վիրավորել հայկական պետականությունը հագնելով ընդդիմադիրի դիմակ, բայց հենց գործը հասնում է լուրջ խոսակցություններին ու լուրջ կառուցողական ընդդիմախոսությանը ապա մեր լրագրողների մի մեծ մասը սկսում են իրենց տարօրինակ պահել: Լավագույն դեպքում չտեսնելու են տալիս, իսկ վատագույն դեպքում նրանց մեջ վերազարթնում է նեոբոլշևիկյան ու կոմերիտական բնազդները, ինչպես օրինակ կատարվեց Թերթ.ամ-ի հետ: Որը միջոցառման լուսաբանումը վերնագրեց այսպես Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին

Հիշեցնում է հին ու բարի 1988-ը, երբ սովետական համակարգի լրագրողները պիտակավորում էին մարդկանց նացիոնալիստներ, մի խումբ սեպարատիստներ, էքստրեմիստներ …. նույնիսկ եթե նրանց մեջ էին մտնում պատվավոր մարդիկ, ակադեմիկոսներ, ակտիվ հասարակական գործիչներ և սփյուռքում հարգանք վայելող անձինք:

Համշենի Եղնովիտ-Էլեվիթ բնակավայրի պատմությունը և տեղանվան ստուգաբանությունը

June 3, 2012

Լուսինե Սահակյան
Բանասիրական. գիտ. թեկնածու,
Հոդվածը լույս է տեսել «Ձայն համշենական» ամսաթերթում, 2011, NN 9-10 սեպտեմբեր-հոկտեմբեր։

2011թ. ամռանը ևս բարբառագիտական և ժողովրդագրական հետազոտություններ կատարելու նպատակով այցելեցինք Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառ և Չայելի (հնում՝ Մափավրի) գավառի Սենոզի շրջանի համշենցիների բնակավայրեր։ Մեր խմբի կազում էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը։

Սենոզի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են XVI դարի օսմանյան աշխարհագիր (Tahrir) մատյաններում։ Այն գրանցվել է Էքսանոս տարբերակով՝ որպես Համշեն գավառի գյուղախմբերից (նահիյե) մեկը[1], իսկ հայկական աղբյուրներում հիշվում է Սենոզոր[2] կամ Սենեձոր-Սէնէզ-դեր[3] անունով։ Անցնելով Մեսահոր (Քափթանփաշա), Բաբիք գյուղերը՝ մի քանի օր հյուրընկալվեցինք Ջութինչ (իմա՝ Ճութնիք) գյուղում՝ Քեմալ Նաբի Ունալի տանը: Հաջորդ օրը նրա ուղեկցությամբ, հետևում թողնելով Հոհունչ/Խոխունչ գյուղը, Չեմերոց (իմա՝ Ձմեռոց) բնակավայրը, Մաքրիբուդամ գյուղը, Չերմեչի (իմա՝ Ջրմեջի), Շեմշողուտի, Բալթաշի արոտավայրերը, բարձրացանք Քաչքարի երրորդ բարձր գագաթի` Թահֆուր (իմա՝ Թագվոր<Թագավոր) լեռան[4] (3400մ) ամենավերին լանջը, որտեղ էլ գտնվում էր համանուն արոտավայրը։ Այնտեղից մեր դիմաց բացվեց Քաչքարի մյուս բարձր գագաթը՝ Վերչենիկը/Վարշամբակը (3711մ ներկայիս անունը՝ Ուչդորուք), իսկ ներքևում՝ ձորի մեջ, երևում էր հին Համշենը կամ Բաշ Համշենը՝ իր Բաշքյոյ, Օրթաքյոյ և Աշաղըքյոյ գյուղերով։ Թահֆուրի արոտավայրն անմիջապես Բաշքյոյի վերևում է գտնվում։ Նշենք, որ Քաչքարի ամենից բարձր գագաթը Քավրոնն է, որն ունի 3937մ բարձրություն։

Մեր թվարկած այս բոլոր վայրերում հիմնականում համշենցիներ են բնակվում։ Ջութինչ գյուղում Քեմալ Նաբիից և գյուղապետից՝ Թեմելից, որի ազգանունը նախկինում Խաչիկօղլու է եղել, գրանցեցինք դեռևս այսօր էլ շրջանի և իրենց գյուղի բնակիչների խոսակցական թուրքերենում Համշենի բարբառից մնացած բազմաթիվ կենցաղային, մեղավապահությանը վերաբերող բառեր, ինչպես նաև` միկրոտեղանուններ։ Այնուհետև Ռիզեի Իքիզդերեի գավառով, հատելով Օվիթի լեռնանցքը, հասանք Սպեր (Իսփիր), այնտեղից էլ՝ Խոտորջուր։ Մեր ճանապարհորդության ընթացքում եղանք նաև Խոփայ գավառի համշենցիների բնակավայրերում՝ Քեմալփաշայում, Շանա և Չավուշլու գյուղերում։ Մի քանի օր հնարավորություն ունեցանք բարբառային գրանցումներ կատարել նաև Չամլըհեմշին (նախկինում՝ Ներքին Վիժե) գավառի Գիթո (Քիթ+ո) և Ջրովիտ (Ջուր+հովիտ) արոտավայրերում։

Այս այցելության ընթացքում ժողովրդագրական, տեղանվանական և տեղագրական նոր, կարևոր փաստեր գրառեցինք նաև հայոց Համշեն գավառի Եղնովիտ/Էլեվիթ (այժմ՝ Յայլաքյոյ) պատմական բնակավայրում, որն այսօր Ռիզեի նահանգի Չամլըհեմշին (նախկինում՝ Ներքին Վիժե) գավառի կազմում է։ Այնտեղ հասանք Չամլըհեմշինի կենտրոնից դեպի Շենյուվա (նախկինում՝ Շնչիվա, Չինչիվա), ապա Զիլ քալե (Զիլ կամ Ներքին ամրոց), Ջանջիկ (Ճանճիկ) և Չաթ (նախկինում՝ Տափ) գյուղերը ձգվող ավտոճանապարհով։ Եղնովիտը Չամլըհեմշինի կենտրոնից գտնվում է 34.5կմ, իսկ Չաթից ընդամենը 7-8կմ հեռավորության վրա։ Այն ծովի մակերևույթից ունի 1800մ բարձրություն[5]։

Եղնովիտ/Էլեվիթ գյուղը, որ ծվարած է Խաչիվանաքի (տեղանունը կազմվել է խաչ+ի (սեռ. հոլ)+վանք, հայկական աղբյուրներում հիշվում է՝ Խաչիվանք) և Թիրօվիթի կամ Թըրօվիթի (կարծում ենք տեղանվան մեջ Տէր+հօվիտ բաղադրիչներն են՝ տէր>տիր>թիր>թըր հնչյունափոխությամբ) արոտավայրերի խաչմերուկում, ինչպես տեղում պարզեցինք, շրջապատված է Ջագութ/Ջագաթ (Ճակատ), Թավթենի և Սեր (Սար) կոչվող բարձր սարերով։ Թավթենի սարը ամբողջովին ծածկված է դարավոր ստվարախիտ անտառով։ Կարծում ենք, որ տեղանվան մեջ թավ (խիտ անտառ բնորոշմամբ)+ուտ+ենի բաղադրիչներն են հետագայում աղավաղվելով՝ դարձել Թավթենի։ Հենց այս սարի ստորոտում էլ գտնվում է Եղնովիտի Թավթենի կոչվող թաղը։

Եղնովիտից Ջագաթ և Թավթենի սարերի միջև ընկած ճանապարհը բարձրանում է դեպի Թըրօվիթի (Տեր հովիտ), Փալօվիթի (Բալհովիտ), Քարունչի, Ամլաքիթի, Սամիսթալի (ունի նաև Զարգեստալ տարբերակը, Գիթոյի (Քիթո) արոտավայրում գրանցեցինք տեղանվան Ջարգիսթալ, Ջարգիստան, Ջարգսթան տարբերակները) արոտավայրերը։ Այդ բարձրադիր վայրերից հոսող գետը՝ Եղնովիտը, որին տեղացիներն ասում են Էլեվիթի գետ, խառնվելով Խաչիվանաք (Խաչիվանք) գետին, թափվում է Տափ (Չաթ) գյուղի ստորոտով անցնող Համշեն գետը, որն էլ Տափից ներքև՝ դեպի Զիլքալե, միախառնվում է Ֆորթունա գետին։ Վերջինս էլ, անցնելով Չամլըհեմշինը, հասնում է Սև ծով։

Եղնովիտը՝ նախկին հայկական այս գյուղը, այժմ վերածվել է ամառանոցային կենտրոնի, որտեղ մայիսից մինչև հոկտեմբերի վերջը համշենցիները գալիս են հանգստանալու, նաև` Վարդավառը նշելու, որն այսօր նրանց համար վերածվել է յուրահատուկ ազգագրական երգուպարի տոնակատարության։ Իսկ ձմռանն այստեղ առատ տեղումների պատճառով մարդ գրեթե չի մնում։ Շրջանում միայն Էլեվիթն է, որն ունի գյուղապետարան և ներկայիս անունն էլ թուրքական պաշտոնական արձանագրություններում Յայլաքյոյ (Yaylaköy) է, որ նշանակում է արոտավայր-գյուղ։ Չնայած պաշտոնապես փոխվել է բնակավայրի անունը, սակայն շրջանառության մեջ շարունակում է մնալ տեղանվան հին` տեղական-բարբառային Էլեվիթ տարբերակը։

Հայկական աղբյուրների վկայությամբ՝ Եղնովիտը դեռևս XV-XVI դարերում հայտնի էր որպես հայ հոգևոր մշակույթի, հայ գրչության կարևոր օջախներից մեկը։ Մեզ են հասել գրիչ Կարապետի՝ 1499-1528թթ. այստեղ ընդօրինակած «Բժշկարանի», «Տոնացույց-Ավետարանացույցի», տարբեր նյութերի մի ժողովածուի, Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» պոեմը, երկու Մաշտոցի, երեք շարակնոցի, ինչպես նաև` գրիչ Հովհաննես Մալազի/Մաղազի` 1517թ. ընդօրինակած «Բժշկարանի» և 1523թ.՝ Ավետարանի ձեռագրերը, որոնց մեջ հստակ նշված են դրանց ստեղծման տեղն ու թիվը, գրիչների անունները։ Համշենում կազմված ձեռագրերը հանգամանորեն քննել և մեկնաբանել են Մխիթարյան միաբանության անդամ Հ. Տաշյանը[6] և ակադեմիկոս Լ. Խաչիկյանը[7]։Եղնովիտ գյուղի մոտ գտնվող Խաչեքարի կամ Խաչիկ հոր վանքում գրիչ Կարապետի 1504թ. ընդօրինակած ձեռագրից Հ. Տաշյանի բերած հատվածում կարդում ենք. «Արդ գրեցաւ սա ի յերկիրս Համշինու, ի գիւղս Եղնովտա, ի յանապատս Սբ. Խաչիկ հաւրն հոգեւորի»[8]։Համաձայն Լ. Խաչիկյանի՝ Խաչեքարի կամ Խաչիկ հոր վանքը «Համշենի վանական հաստատություններից ամենանշանավորն էր, բայց ոչ միակը։ XV դարի կեսերին Համշենում եղել է 2 այլ վանք ևս՝ Քոշտենց և Խուժկա վանքերը…», որտեղ նույնպես հայ գրիչներն ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր[9]։Ինչպես գրում է Լ. Խաչիկյանը, «Չպետք է տարակուսել, որ Համշենում ստեղծվել են տասնյակ ու հարյուրավոր այլ ձեռագրեր ու մշակութային արժեքներ, որոնք, սակայն վերջին հարյուրամյակների ընթացքում ոչնչացվել են բարբարոս տիրապետողների կողմից, կամ դեռ հայտնի չեն գիտական աշխարհին»[10]։

Հ. Տաշյանը կարծում է, որ Եղնովիտի վանքի Խաչիկ հոր անունը ծագել է Քաջքար լեռան անունից՝ Քաջքար>Խաչքար>Խաչիկ հոր փոփոխությամբ[11]։Իսկ Քաջքարը, ավելի հավանական է, որ քաջք (դևեր, ոգի, փերի)[12] և քար բաղադրիչներից է կազմվել (ի դեպ, տեղանվան այսպիսի մեկնաբանությունը մեզ հուշել է Սերգեյ Վարդանյանը)։Հավելելով՝ նշենք, որ մեր կարծիքով տեղանունը որևէ կապ չունի Լ. Խաչիկյանի առաջադրած կովկասյան Կաշգարիի հետ[13]։Հայ մատենագրության մեջ Համշենն իր անանցանելի, մշուշապատ անտառների համար կոչվել է նաև «անլույս աշխարհ», իսկ Քաջքարը՝ «Քաջքարու դև»[14]։ Քաջք արմատից հայերենն ունի քաջքոտ, քաջքոտիլ, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար[15] բառերը։ Այսօր էլ տեղացիները հստակորեն պահպանել են լեռնաշղթայի Քաչքար անվանումը՝ տեղական խոսվածքին բնորոշ բառամիջի ջ>չ հնչյունափոխությամբ։ Բացի այդ՝ պատահական չպետք է համարել այն հանգամանքը, որ համշենցիների բանահյուսության մեջ տարածված են ոգիների և փերիների հետ կապված բազմաթիվ պատմություններ:

Եղնովիտի բնակավայրն ու վանքը հայտնի են նաև պատմական այլ արժեքավոր տեղեկությամբ. V դարում՝ Վարդանանց պատերազմի վերջին, պատմական Խաղտիք գավառի այս տարածքում՝ Քաջքար լեռան ստորոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված հայ ռազմիկների և նրանց զորավար Վարդան Մամիկոնյանի եղբայր Հմայակ Մամիկոնյանի նշխարները[16], ինչպես հաստատում են Համշենում գրված ձեռագրերը, պահվել են Եղնովիտի Խաչեքարի կամ Խաչիկ հոր վանքում։ 1504թ. գրիչ Կարապետ երեցը իր ընդօրինակած ձեռագրում հիշատակում է, որ Համշինու երկրի Եղնովիտ գյուղի Խաչիկ հոր անապատում, «ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի եւ Սուրբ Սիովնի և նշխարաց Սրբոց Վարդանանց, որ աստ կան հաւաքեալ ի պահպանութիւն երկրին մերոյ»[17]։

Մեծանուն գիտնական Ղ. Ալիշանն այս առիթով գրում է. «Գլխաւոր աւանն Համշէն որ և Պաշ-Համշէն կայ ի ստորոտս Տէմիրտաղ լերին. առ որով և Խաչէքար լեառն, յորում մենաստան հին, ուր պահէին նշխարք Վարդանանց»[18]։

Ցավոք, Եղնովիտի մասին տեղեկությունները կցկտուր են, բայց դատելով վերոբերյալ փաստերից, անկասկած, Եղնովիտի վանական այս անապատը եղել է հանրահայտ ուխտատեղի առնվազն մինչև XVIII դարը՝ Համշենի հայ բնակչության բռնի իսլամացումը և, ինչպես ստորև կտեսնենք, անգամ դրանից հետո՝ ընդհուպ մինչև XX դարը։ Մինաս վարդապետ Բժշկյանը վկայում է, որ «Խաչիկքար վանքը մեծ ուխտատեղի է Հայոց եւ այլազգեաց։ Այս վանքին քով գտան մեծ զանգագ մի. ուր կայ մեծ գերեզման … հայ և տաճիկ վրան ուխտ կերթան մինչև հիմա»[19]։ «Մինչև հիմա» ասելով` Բժշկյանը նկատի ունի XIX դարի սկիզբը։ Իսկ նրա հիշատակած տաճիկներն իսլամացած/թուրքացած համշենցիներն էին։ Այդ է հաստատում փոքր-ինչ վաղ գրված Ղ. Ինճիճյանի հետևյալ հիշատակությունը, որ թեև XVII-XVIII դարերում Համշենի «ամբողջ շրջակայ գիւղօրէիւք դարձան ի տաճկության, սակս բռնութեան հարկապահանջութեան, բայց գտանին տակաւին ի նոսա և քրիստոնեաք, յորոց գիւղօրէս կանգուն կան տակաւին եկեղեցի իւրեանց ի վաղուց մնացեալ, չունին երէց ի հովուել, միայն քանի մի անգամ յամին գայ առ նոսա երէց Յեվողիւտ գեղջէ։ Իսկ տաճիկք խօսին մինչև ցայժմ հայերէն, … պահէն պահս և զայլ ծէսս և օրէնս քրիստոնէական հաւատոց, յաճախեն յեկեղեցիս ևն. . . »[20]։

Էլեվիթ գետից այն կողմ` դեպի Ջագութ/Ջագաթ (Ճակատ) լեռան ուղղությամբ՝ բարձրադիր բլրի վրա գտնվում են վանքի փլատակները։ Բնակավայրից 45 րոպե քայլելուց հետո մենք բարձրացանք այդ բլուրը և տեսանք ցավալի իրողությունը. վանքից մնացել էին միայն հիմքը, այս ու այն կողմ ցաքուցիր ընկած տաշված քարեր և խոտով ծածկված աղբյուրի գուռը, ինչպես համշենցիներն են ասում՝ ավզոնը (ավազան)։ Կային նաև տեղ-տեղ փորված փոսեր։ Տեղացիները մեզ պատմեցին, որ ոսկի փնտրելու նպատակով տարբեր վայրերից մարդիկ են եկել և ավերել վանքն ու շուրջբոլորը։ Հիմքի մնացորդների ծավալից երևում է, որ Խաչիկ հոր վանքը բավականին մեծ շինություն է եղել։ Տպավորիչ էր նաև վանքի համար ընտրված բարձրադիր տեղանքը, որտեղից նախկինում այս շինությունն իր ամբողջ շուքով իշխող դիրք է ունեցել գրեթե ողջ Ներքին Վիժեի (Չամլըհեմշինի) հովտի նկատմամբ։ Օ. Օզթուրքի կազմած «Սևծովյան հանրագիտարանային բառարանի» համաձայն` Եղնովիտի վանքը բնակիչները կոչել են նաև Սուհուփ Մինաս քիլիսեսի (Suhup Minas Kilisesi)՝ Սուրբ Մինասի եկեղեցի[21]։ Թե որտեղից է առաջացել վանքի այս անվանումը, առայժմ չենք կարող ասել։ Այդ հարցը լրացուցիչ հետազոտության կարիք ունի։ Նույն հանրագիտարանում նշվում է, որ Եղնովիտը ժամանակին հայտնի է եղել նաև դարբնոցներով, որտեղ մշակել են Համշենի Դեմիրդաղ կոչվող լեռան երկաթե հանքերից բերված հումքը[22]։

Ժողովրդագրական տեղեկություններ

Հայկական աղբյուրները վկայում են, որ Եղնովիտ գյուղի բնակիչները ամենաերկարն են դիմադրել Օսմանյան կայսրության իսլամացման քաղաքականությանը։ Ղ. Ինճիճյանի հաղորդմամբ՝ «Եվողիւտ կամ Եղիովիտ։ Գիւղ ի գլուխ վիճակին Համշինի, որոյ բնակիչք յառաջագոյն առհասարակ էին յազգէս հայոց, այլ այժմ կիսոյն դարձան ի տաճկութիւն…»[23]։Հ. Տաշյանն էլ, հենվելով Ղ. Ինճիճյանի այս հաղորդման վրա, գրում է, որ 1806թ. գյուղի բնակչության կեսն ընդունում է իսլամ[24]։Պ. Թումայանցը վկայում է, որ համշենցիները «քրիստոնեության ամեն նշան կորսուցած են, և այդ մեծ գավառում միայն նշանավոր Եղնովիտ (Էլեհովիտ) գյուղում է մնացել քրիստոնեությունը պահպանած քսան ընտանիք»[25]։ Պ. Թումայանցի այս տեղեկությունները վերաբերում են XIX դարի երկրորդ կեսին։

Եղնովիտ բնակավայրի մասին որոշ կցկտուր տեղեկություններ են հաղորդում նաև օսմանյան և թուրքական աղբյուրները։ 1831թ. Օսմանյան կայսրությունում տղամարդկանց հաշվառելու համար անցկացվել է մարդահամար։ Մահմեդականներն ու քրիստոնյաները գրանցվել են առանձին դավթարներում (մատյաններում)[26]։ Օսմանյան արխիվում պահվում են նաև Համշենի կազային պատկանող մարդահամարի մատյանները, որոնք ունեն հետևյալ թվագրությունն ու փաստական ընդգրկումները.

1252 (1836)թ. Համշենի կազայի ռայա բնակչության մարդահամարի մատյան,

1254 (1838)թ. Համշենի կազայի իսլամ բնակչության մարդահամարի մատյան,

1258 (1842)թ. Համշենի կազայի իսլամական մատյան,

1258 (1842)թ. Ռիզեի կազայի իսլամական մատյան և ռայայի, Համշենի կազայի ռայա բնակչության մատյան,

1265 (1848)թ. Համշենի կազայի ոչ իսլամ հպատակների մատյան[27]։

1848թ. մատյանի համաձայն` Էլեվիթում գրանցվել է 10 տուն, 39 տղամարդ բնակիչ, որոնցից 9-ը առևտրի նպատակով տեղափոխվել են Ունիե, Տրապիզոն, Ղրիմ, Էրզրում, Քութայիս։

1876թ. Տրապիզոնի վիլայեթի օսմանյան տարեգրքերում (Salname) Եղնովիտը գրանցվել է Էլեվիդ քարյեսի (Elevid karyesi)՝ Էլեվիդի գյուղ տարբերակով, այսինքն՝ դեռ այդ ժամանակ ունեցել է գյուղի կարգավիճակ։ 1876թ. դրությամբ այնտեղ արձանագրվել է 17 տուն, 21 մահմեդական շունչ[28]։1877թ. տարեգրքում Էլեվիթում գրանցվել է 11 տուն, 31 մահմեդական շունչ[29]։ Մեկ տարվա տարբերությամբ գրանցված տարեգրքերի այս տվյալները հակասական են և կասկածելի։ Այդուհանդերձ, եթե 17 տան վրա 21 շունչը բաժանենք, ապա յուրաքանչյուր տուն ունեցել է 1,5 տղամարդ բնակիչ։ Իսկ 11 տան վրա 31 շունչը բաժանելիս յուրաքանչուր տան բաժին է ընկնում 2,5 տղամարդ բնակիչ։ Եթե հաշվի առնենք, որ Եղնովիտի բնակչությունը նախկինում քրիստոնյա հայեր էին, ապա հայ ավանդական ընտանիքի միջին թիվը (ընտանիքի բոլոր անդամները միասին), ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հայկական և օտար աղբյուրները, առնվազն պետք է հաշվել տասով[30]։Իսկ այդ դեպքում միայն 17 տան դիմաց կարող ենք հաշվել 170 շունչ։ Իսլամ ընդունելուց հետո էլ բազմազավակության ավանդույթը պահպանվել է համշենցիների ընտանիքում[31]։Մեր կարծիքով նաև բնակավայրի բազմամարդությունն է եղել պատճառներից մեկը, որ Եղնվիտ բնակավայրը կարողացել է երկար ժամանակ պահպանել իր ազգային դիմագիծը։

Պատահական չէ նաև, որ նույն օսմանյան տարեգրքում որևէ խոսք չկա այդ շրջանում անգամ` Էլեվիթում քրիստոնյա հայ բնակչության փոքրիկ կղզյակի մասին։ Եթե 1806թ. միայն գյուղի կեսն էր ընդունել մահմեդականություն, և համաձայն Պ. Թումայանցի՝ դեռևս XIX դարի երկրորդ կեսին 20 ընտանիք մնացել էր քրիստոնյա, ապա կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ մոտավորապես 20 ընտանիք էլ, այսինքն` գյուղի կեսը, բռնի կրոնափոխված համշենցիներ պետք է լինեին։ Իսկ օսմանյան տարեգրքում Էլեվիթի դիմաց նշված են միայն իսլամական տները, այն էլ` բնակիչների կասկածելի թվով։

Ավելին` ըստ «Սևծովյան հանրագիտարանային բառարանի»` XX դարի սկզբում Էլեվիթում ապրել են «փոքր թվով» հայեր։ Այս առիթով հեղինակը մի հետաքրքիր պատմություն է բերում. ծեր մոր հետ բնակվող Պետրոս անունով երեսուն տարեկան մի հայ (ի դեպ` այնտեղ ապրողներին դուր չի եկել, երբ իրենց էրմենի են ասել, նրանց հայ են անվանել) Քոլունա գյուղից կնության է վերցնում մի համշենցի կնոջ։ Առանց որևէ կրոնական պարտավորությունների այս ամուսնությունից որոշ ժամանակ անց Պետրոսը որոշում է կրոնափոխ լինել։ Մայրը շատ ծանր է տանում որդու կրոնափոխությունը։ Մի օր մարդիկ նրան տեսնում են ջրաղացի մոտ արտասվելիս և Թալին հորաքրոջը հարցնում լաց լինելու պատճառը։ Իսկ նա պատասխանում է. «Ինչպե՞ս լաց չլինեմ, քա՛ (աղջիկ), որդիս Հիսուսից երես է թեքել, հիմա էլ եթե Մուհամեդին նեղացնի, կզրկվի հանդերձյալ կյանքից»[32]։Կարծում ենք՝ այդ կինն իր խոսքի երկրորդ մասն ասել է ճարահատյալ՝ վախենալով իսլամական միջավայրի ճնշումներից։

Տեղեկացանք նաև, որ այսօր Եղնովիտ/Էլեվիթ գյուղը բաժանված է երեք թաղի և, ըստ «Սևծովյան հանրագիտարանային բառարանի», ունի 200 տուն[33]։

Այնտեղ հիմնականում իրենց ամառային հանգիստն են անցկացնում Քյուշուվե (Քուշիվա), Մոլլավեյիս (Մոլեվից), Զիլ քալե, Չաթ (Տափ), Շենքյոյ գյուղերի բնակիչները, ինչպես նաև` նախկին էլեվիթցիները։ Ժամանակի ընթացքում հին ավանդական քարե հիմքերի վրա` փայտաշեն տների կողքին, կառուցվել են ժամանակակից տներ։ Ամռան ընթացքում այնտեղ ապրող բնակչության հետ մեկտեղ Ստամբուլից, Իզմիրից և Անկարայից եկող համշենցիների թիվը հասնում է մինչև 500-ի։ Հատկապես օգոստոս ամսվա սկզբին` Վարդավառի օրերին, բնակչության թիվը երբեմն հասնում է մինչև 1000-1500-ի, և Էլեվիթը համարվում է Չամլըհեմշինի ամենից բազմամարդ գյուղը։ Բայց ձմռանը շատ տեղումների պատճառով բնակավայրը գրեթե դատարկվում է։ Անցյալում ևս առատ ձյան տեղումներն ու ձնհալները մեծ անհանգստություն են պատճառել եղնովիտցիներին։ Կարապետ երեցի ձեռագրից շատ արժեքավոր մի տեղեկություն է հրապարակել Հ. Տաշյանը։ Գրիչը պատմում է, որ Համշենի լեռները ձմռանը ձնառատ են եղել, և 1500թ. Եղնովիտը ձնահյուսերի հետևանքով մեծ վնասներ է կրել. «Աստուածասաստ բարկութիւն տեղ(ե)աց ի վրայ գեղջիս մերոյ Եղնովտա, գաւառիս Ս. Խաչիկ հաւրն մերոյ, զի եկն Ջվկայձորն հուսի եւ աւար եհար զեկեղեցին Ս. Սիոն ժամատնովն, եւ զՌըստագենց կալն սարպովն և մարագովն եւ զհացն եւ զռնակն ամենայն ցիր եւ ցան արար»։ Նույն հաղորդումից տեղեկանում ենք, որ մեծապես տուժել են Պատրիկ թավաքալու և հոռոմ Ստեփանոսի ընտանիքները[34]։Հետաքրքրական է, որ Ռիզեի համշենցիների առօրյա թուրքերենում այսօր էլ գործածական են մարագ և սարբին/սարբեն (մթերքի պահեստ) բառերը։

Եղնովիտում բնակիչները մեզ ցույց տվեցին նաև բնակավայրին շատ մոտ հայկական գերեզմանոցի տեղը, ուր ամեն ինչ տակնուվրա էր արված, և ոչինչ չէր մնացել։ Պատմում էին, որ այստեղ էլ ոսկի փնտրելու նպատակով քանդել են բոլոր գերեզմանները։ Մեր զրուցակիցներն ասում էին, որ իրենք թուրքական ցեղերից սերված համշենցիներ են, բայց չէին ժխտում, որ այնտեղ նախկնում հայեր են ապրել։ Իսկ «Քարթալ» փոքրիկ հյուրատան տիրուհի Հալիդե Յըլդըրդմը պատմեց, որ իր մայրը հիշում էր, որ մորեղբայրները հայեր են եղել, և այդ ժամանակ` երեք սերունդ առաջ, այնտեղ մոտավորապես 50-60 տուն հայ և 5-6 տուն թուրք բնակիչ է ապրել։ Մորից լսել է նաև, որ հայերը հավատարիմ էին իրենց կրոնական ծեսերին (Զատիկի տոնին նրանք ձու էին ներկում), չէին հաշտվում թուրքերի պարտադրած օրենքներին, դիմադրում էին։ Ըստ իր մոր պատմածի, քանի որ հայերը չէին ընդունում թուրքերի պահանջները և կառչած էին իրենց կրոնական սովորություններին, այդ պատճառով էլ մի օր թուրք զինվորները նրանց քշում են գետից այն կողմ` դեպի լեռները, որտեղ էլ նրանցից շատերը զոհվում են։ Թե որ թվականներին է վերաբերում տիկնոջ պատմածը, չկարողացանք պարզել։ Սակայն, մոտավոր հաշվումներով, այն պետք է տեղի ունեցած լիներ XIX դարի վերջին կամ XX դարի սկզբին, այսինքն՝ երեք սերունդ առաջ։ Սրանք, հավանաբար, XX դարի սկզբի հայության այն վերջին բեկորներն են եղել, որոնց գոյության մասին հիշատակում է նաև «Սևծովյան հանրագիտարանային բառարանը» [35]։

Եղնօվիտ-Էլեվիթ տեղանվան ստուգաբանությունը

Հայկական աղբյուրներում Եղնօվիտը հիշատակվում է նաև Եղնհովիտ, Եղնահովիտ, Եղիովիտ, Եղովիտ, Եվողյուտ, Էլեհովիտ տարբերակներով։ Ինչ վերաբերում է Եղնովիտ տեղանվանը, ապա այն բնիկ հայկական է։

Թուրք հեղինակ Ս. Արըջըն, որն իր գրքում հիմնականում զբաղվել է Համշենի միկրոտեղանունների հայկական ծագումը մերժելու անտեղի ջանքերով, իր գրանցած տեղանվանական ցանկում անդրադառնում է նաև Եղնովիտին։ Ս. Արըջըի հրապարակած ցանկում այն արձանագրվել է Էլօվիդ տարբերակով։ Թուրք հեղինակն այս դեպքում ընդունում է, որ տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ օվիդը, հայերեն է։ Ապա փորձում է բացատրել օվիդ բառի նշանակությունը՝ հենվելով հայերեն բառարանի վրա. «Իհարկե, հայերեն բառարանում յայլան որպես «լեռնաթաշ» է նշվում»[36]։ Թե հայերեն որ բառարանից է թուրք հեղինակը օգտվել և վերցրել այս անհասկանալի բացատրությունը, նշված չէ։ Ապա անմիջապես հավելում է, որ օվիդը յայլա (արոտավայր) իմաստով միայն թուրքերն են օգտագործում։ Իսկ տեղանվան Էլ արմատին ընդհանրապես չի անդրադարձել։

Հարկ ենք համարում նշել, որ հայերեն հոմանիշների բառարանում որպես հովիտի հոմանիշներն են տրված լեռնագոգ, գետահովիտ, հարթավայր բառերը, և ինչպես ցույց են տալիս Համշենի միկրոտեղանունները՝ Եղնօվիտ, Բալօվիտ, Ջըրօվիտ, Թիրօվիտ, Ձեղօվիտ, Մէձօվիտ, Խաչօվիտ և այլն, սրանք մաքուր հայկական են և հայտնի են որպես արոտավայրերի անուններ։

Եղնովիտ տեղանունը, մեր ստուգաբանության համաձայն, կազմվել է եղ+ն-(եղջերու) + հովիտ բաղադրիչներից, որ նշանակում է եղնիկների հովիտ։Եղն բառը բնիկ հայկական է, որը, ըստ լեզվաբան Հ. Աճառյանի, հնդեվրոպական նախալեզվի elno ձևից է, և որից էլ՝ եղնոտ (եղնիկի ոտք), եղնորթ (եղնիկի ձագ), նոր գրական հայերենում է միայն գործածվել եղնիկ ձևով։ Տեղանվան մեջ տեղի է ունեցել էլն>եղն անցումը, հնչյունափոխական մի երևույթ, որը բնորոշ է հայերենին։ Հ. Աճառյանը նշում է նաև նույն elno հիմքից «ռուսերենում елень, олень «եղջերու», еленица «եղնիկ», … գերմ. El‎en, … ֆրանս. el‎an «հյուսիսային եղջերու» բառերի գոյության մասին[37]։ Եղնի -ն ածանցը Գ. Ջահուկյանը համարում է հնագույն, և հայերենում այս ածանցով կազմվել են միայն գոյականներ, այն հանդես է գալիս որպես հոլովման հիմքի ձևական ցուցիչ, ինչպես եղն, եզն, երկն, ողն, անձն և այլ [38]։ Հայկական աղբյուրներում հիշվում է տեղանվան գրաբարյան ձևը՝ Եղնահովիտ, Եղնովիտ, Եղիովիտ (երբեմն երկրորդ բառի բառասկզբի հ-ի անկումով), որը նույնպես հայերենին բնորոշ երևույթ է։ Մեր կարծիքով համշենցիներն իրենց բարբառում պահպանել են տեղանվան հնագույն, վաղնջական ձևը՝ էլեվիտ>Էլեվիթ։

Տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ հովիտը, որը բնիկ հայկական հով արմատից է կազմվել, նշանակում է «ձոր», «ցածր բլրակ», ունի նաև ովիտ տարբերակը և «երկու ձևով էլ մտնում է բազամաթիվ հայկական տեղանունների մեջ, ինչպես` Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ և այլն[39]։ Լեզվական արագաբանության և ձայնավորների ներդաշնակության հետևանքով Էլեվիտ տեղանվան առաջին բաղադրիչի էլ-ի ճնշմամբ հովիտը վերածվել է էվիտի, որից էլ՝ Էլեվիտ>Էլեվիթ՝ բառավերջի տ>դ>թ հնչունափոխությամբ։ Հենց այս կերպ էլ տեղանունը գրանցվել է օսմանյան տարեգրքերում։ Ըստ մեր հետազոտությունների` օսմանյան մատյաններում հանդիպող տեղանունները հիմնականում գրանցվել են տեղական բարբառային հնչարտասանական տարբերակով և օսմաներեն տառադարձմամբ։

Եղնովիտում բնակիչները նույնպես հետաքրքրված էին իրենց տեղանվան ստուգաբանությամբ։ Լսելով մեր բացատրությունը՝ նրանք ոչ միայն ընդունեցին, այլև հավելեցին, որ դեռ այսօր էլ գյուղի դիմահայաց Սեր (Սար) կոչվող լեռան ստորոտին ամեն առավոտ` լուսադեմին, հանդիպում են եղնիկներ, քարայծյամներ, որոնք գալիս են մոտակա գետից ջուր խմելու։ Նշենք նաև, որ Ղ. Ինճիճյանը ևս հիշատակել է, որ Էլեվիթի հարևանությամբ գտնվող Բալովիտը «Հովիտ անտառախիտ լի էրէովք և գազանօք յորում գտանի վայրի այծ, որ աճէ մինչ ի չափ որթու. Յամին երիցս փոխէ զմորթ իւր, ի ձմերայնի ի սեաւ գոյն, ի գարնան ի կարմիր, և յաշնան ի սեաւ. . . »[40]։

Արոտավայրի ներկայիս բնակիչները հիշում են նաև շրջակա լեռների, հարևան արոտավայրերի, հանդերի, բլուրների հին անունները։ Եղնովիտում Հալիդե Յըլդըրդմից հաջողվեց գրառել նաև շրջակա վայրերի մի քանի հայկական միկրոտեղանուններ՝ Զովքու գյոլու (Zovku gölü) – գտնվում է Կարմիք արոտավայրից վերև, կազմվել է ծովք և թրք. գյոլ-լիճ բառերից, Խաչիլեր (Xaçiler) – կազմվել է Խաչ+ի+լեռ բաղադրիչներից, մարգագետնի անուն է, Խաչելենիգին դուզու (Xaçelenigin düzü)- մի հարթ տարածության անունն է, Հափիվանաքի արոտավայր-(Hapivanak yaylası) – կարծում ենք Ափիվանք տեղանունն է՝ բառասկզբի՝ հ-ի հավելումով, Հորդուկ-Խորդուկ (Horduk), Հողուտ (Hoğut)-կազմվել է հող+օտ բաղադրիչներից, Մաթուրի արոտավայր-(Matur yaylası)-տեղանվան մեջ մատուռ բառն է, Նավքարի արոտավայր (Navkar yaylası)- կազմվել է բնիկ հայկական նավ+քար բառերից, Չարքենի (Çarkeni), Քարգելող (Kargeloğ ) – դաշտի անուն է, կազմվել է քար+գլուխ բառերից, Խորթաք գետ (Xortak) – կազմվել է Խոր+տակ բառերից, Քոցգուդուն դուզու (Kotsgudun düzü) – կազմվել է կոճղ+ուտ+ուն և դուզու՝ հարթավայր, բառերից։

Այսպիսով` բերված լեզվապատմական փաստերն անվիճելիորեն հաստատում են, որ Համշեն գավառի Եղնովիտ-Էլեվիթ բնակավայրը, հնագույն ժամանակներից լինելով հայոց հոգևոր և գրչության օջախներից ու հայտնի ուխտատեղիներից մեկը, իսլամաթուրքական միջավայրում կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծն` ընդհուպ մինչև XIX դարի վերջը։ Համշենի բազմաթիվ բնակավայրերը կարոտ են ուսումնասիրությանª լրացնելու հայ ժողովրդի պատմության սպիտակ էջերը, և մենք նախատեսում ենք այս ուղղությամբ շարունակել մեր հետազոտությունները։

————————————–

[1] A. Taşpınar, Rize Tarihi, Rize, 2004, s. 137.
[2] Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ», Վաղարշապատ, 1895, թիվ 7, էջ 296։
[3] Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1980, էջ 4։
[4] Նշենք, որ Թագավոր/Թագվոր անունով տեղանունները տարածված են եղել Մեծ Հայքում։ Թագվոր անունով ձորահովիտ և ամառանոցավայր է հիշվում նաև Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումի նահանգում Խոտորջրի շրջանում։ Այն պատկանել է Վերին Մոխրակուտ գյուղին (տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1988, էջ 384)։
[5] Այդ մասին տե՛ս նաև Can Uğur Biryol, Kaçkarlar’da Bulut Olsam, Ankara, 2011, s. 42.
[6] Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1980, էջ 67, նույն տեղում, էջ 64-73։ Այդ մասին տես նաև Լ. Խաչիկյան, Էջեր համշինահայ պատմությունից, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, թիվ 2, էջ 133։
[7] Լ. Խաչիկյան, նույն տեղում, էջ 133։
[8] Յ. Տաշեան, նույն տեղում, էջ 64-73։
[9] 1422թ. Քոշտենց վանքում N 1617 ընդօրինակված ձեռագիրը գտնվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության գրատանը։ 1460 թ. Խուժկա վանքում N 7263 ընդօրինակված ձեռագիր հիշատակարանը գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում (այդ մասին մանրամասն տե՛ս Լ. Խաչիկյան, նշվ. աշխ., էջ 126-128։
[10] Լ. Խաչիկյան, նույն տեղում։
[11] Յ. Տաշեան, նշվ. աշխ., էջ 68։
[12] Քաջ հայերենում նշանակում է նաև՝ ազնիվ, առաքինի, արի, կտրիճ, դյուցազն, հսկա, ավելի մեծ, շատ մեծ (տե՛ս Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ., Երևան, 1979, էջ 554։
[13] Լ. Խաչիկյան, նշվ. աշխ., էջ 132։
[14] Յ. Տաշեան, նշվ. աշխ., էջ 101։
[15] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ .4, էջ 555։
[16] Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, թարգմանությունը և ծանոթագրությունները Ե. Տեր-Մինասյանի, ԵՊՀ հրատ., Երևան, 1989։ Մ. Չամչյանց, Հայոց պատմություն, հ. Բ, Երևան, 1984, էջ 79։
[17] Յ. Տաշեան, նույն տեղում, էջ 67-68։
[18] Ղ. Ալիշան, Տեղագիր Հայոց Մեծաց, Ս. Ղազար, 1855, էջ 39։
[19] Մինաս Վարդապետ Բժշկեան, Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով, Վենետիկ, 1819, էջ 97։

[20] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 396։

[21] Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, İstanbul, 2005, c. 1, s.
[22] Öztürk Ö., նույն տեղում, էջ 351։
[23] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 397։
[24] Յ. Տաշեան, Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին, Վիեննա, 1921, էջ 31։ Տես այդ մասին նաև Լ. Խաչիկյան, Էջեր համշինահայ պատմությունից, էջ 138։
[25] Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 156։
[26] İ. G. Güvenlioğlu, M. U. Hiçyılmaz, M. Gürdal, Rize Hemşin İlçesi, Tarihi mezar Kitabeleri, İstanbul, Kaknüs yayınları, s. 52.
[27] Նույն տեղում։
[28] Trabzon Vilayeti Salnamesi, Hazırlayan: Kudret Emiroğlu, Ankara, 1993, c. 8, s. 375-377.
[29] Trabzon Vilayeti Salnamesi, Hazırlayan: Kudret Emiroğlu, Ankara, 1995, c. 9, s. 317.

[30] Այդ մասին մանրամասն տե՛ս Լ. Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, «Լուսակն» հրատ., Երևան, 2007, էջ 61-63։ Տե՛ս նույն՝ Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, Երևան, 2006, էջ 215։

[31] Նույն տեղում, էջ 215-216։
[32] Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, s. İstanbul, 2005, c. 1, s. 351-352.
[33] Ö. Öztürk, նույն տեղում,
[34] Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, էջ 65։
[35] O. Öztürk, a.y., I. cilt, s. 315.
[36] S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-Purim Etimolojik Sözlüğü, 1. Basım, İstanbul. Kızkulesi yayıncılık, 2008, s. 269.
[37] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. II, ԵՊՀ հրատ., Երևան, 1973, էջ 21 -22£
[38] Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան, Երևան, 1987, էջ 238։
[39] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. III, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 554։
[40] Ղ. Ինճիճեան, նշվ, աշխ., էջ 397։

Հայկական հետախուզության գաղտնի գործողությունները՝ 1720-ական թթ.

June 3, 2012

Հոդվածս նվիրում եմ հայրենասեր գործիչ,Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի պայծառ հիշատակին

Առհասարակ որքանո՞վ է արդարացված մի հետախուզական ցանցի մասին խոսելը, որը 1720-ական թթ. կատարում էր Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զինված ուժերի ղեկավարության առաջադրանքները։ Իսկ եթե այդ մասին կան վավերական պատմական տեղեկություններ (իսկ դրանք կա՛ն), ապա ո՞վ և ե՞րբ է ստեղծել հայկական այդ արտաքին հետախուզությունը։ Ու՞մ է այն ենթարկվել իր գոյության տարբեր փուլերում։ Ո՞ր պետություններում, շրջաններում և քաղաքներում է այն գործել։ Ինչպիսի՞ խնդիրներ են նրա առջև դրվել մինչև ապստամբության սկսվելը` 1722 թ. և դրանից հետո։ Ի՞նչ գաղտնի գործողություններ է այն հաջողությամբ իրականացրել և որոնցու՞մ է ձախողում կրել։ Արդյո՞ք մեզ հայտնի են այդ տարիներին գործած գոնե մի քանի հայ հետախույզների անուններ։ Ահա ընդամենը մի քանիսն այն հարցերից, որոնք ես ավելի մանրամասն քննում եմ հրատարակության պատրաստվող գիտական առանձին ուսումնասիրության մեջ։ Իսկ թերթային սույն հրապարակման մեջ ընդհանուր առմամբ ուրվագծված է հայկական հետախուզության գործունեությունը 1720-ական թթ., ինչպես նաև համառոտաբար ներկայացված է նրա հզոր գործակալական կայանը (ռեզիդենտուրա)՝ Ռեչ Պոսպոլիտայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։

Սկզբում, սակայն, հիշեցնենք պատմական իրադրությունը։ Ինչպես արդեն ներկայացրել եմ «Հայաստանի զրուցակցի» մի շարք հրապարակումներում (թիվ 155, 181, 205), 1722-ից մինչև 1724 թ. հայ ապստամբական ուժերին հաջողվեց ամուր վերահսկողություն հաստատել Արցախի (Ղարաբաղ) և Սյունիքի (Ղափան) վրա։ Հայ ռազմաքաղաքական իշխանության տարածագոտու (մասնավորապես՝ երևանյան և նախիջևանյան ուղղություններով) ընդլայնման փորձերը հաջողություն չունեցան մի շարք պատճառներով։ Դրանցից գլխավորը 1723 թ. սկսված օսմանյան ներխուժումն էր Իրան, այդ թվում՝ Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ Բայց օսմանյան բանակները տարածաշրջանում գտնվելու ամբողջ տևողության ընթացքում, այսինքն՝ ընդհուպ մինչև 1735 թ., որքան էլ հարձակողական խոշոր արշավանքներ ձեռնարկեցին ու նաև խուլ շրջափակում հաստատեցին հայկական այդ ինքնակառավարվող նահանգների դեմ, չկարողացան կոտրել նրանց դիմադրական ներուժը։

1722 թ. նախորդող առնվազն երկու տասնամյակի ընթացքում հայկական ընդհատակյա դիմադրության ղեկավարությունը մեծ նախապատրաստական աշխատանք էր կատարել, այդ թվում՝ ստեղծել էր գաղտնի գործակալների միջազգային ցանց, որը գործում էր Սեֆյան Իրանում, Օսմանյան կայսրությունում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Թեև որոշակի հիմքեր կան կարծելու, որ այդ աշխատանքը նախաձեռնվել էր տակավին 17-րդ դարի երկրորդ կեսին, սակայն նպատակասլաց ու եռունդուն կերպով այն սկսեց իրագործվել Իսրայել Օրու՝ Եվրոպայից Արևելյան Հայաստան վերադառնալուց ու նրա ներկայացրած ազատագրական հստակ ծրագրերի նախնական կիրարկման պահից (1699-1701 թթ.)։ Այդուհետ ու մինչև 1722 թ. հայրենիքում և արտասահմանում իրականացվող հայկական գաղտնի գործողությունների բոլոր թելերը տանում էին, վերջիվերջո, դեպի ազգային ընդհատակի կենտրոնական երեք դեմքերը՝ Իսրայել Օրին (սպանվել է Աստրախանում՝ 1711թ.), Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը (մահացել է Արցախում՝ 1728թ.) և Օրու մահվանից հետո Ռուսաստանում հայ ազատագրական շարժման լիազոր ներկայացուցիչ դարձած Մինաս վարդապետ Տիգրանյանը (մահացել է Մոսկվայում՝ 1740թ.)։

Ներկայացված հարցերը քննելիս պետք է նկատի ունենալ էական մի հանգամանք։ Քանի որ 1720-ական թթ. ազատագրական շարժումը չհասավ նախնական նպատակին՝ ազատագրությանը Սեֆյան Իրանի ու, առաջին իսկ հնարավորության դեպքում՝ նաև Օսմանյան կայսրության լծից, ապա նրա պատմության, կարևոր զարգացումների, ղեկավարների և շարքային մասնակիցների մասին եղած տեղեկատվության մեծ մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակին ոչնչացվել է հենց հայ գործիչների ձեռքով։ Ընդ որում, դեռ այն ժամանակ ամենից խիստը պահպանվում (ու առաջինն էլ ոչնչացվում) էր, բնականաբար, այն տեղեկույթը, որը վերաբերում էր հակառակորդի տարածքում կամ երրորդ պետություններում հայկական ուժերի իրականացրած հետախուզական և այլ գաղտնի գործողություններին։

Հայկական ընդհատակյա դիմադրությունն աշխատում էր չափազանց վտանգավոր պայմաններում՝ պարսկական և օսմանյան իշխանության պահնորդների և նրանց տեղական մանկլավիկների անխոնջ և անդադար հսկողության ներքո։ Այսպես՝ 1722 թ. դեռ շատ առաջ՝ 1703 թ. մայիսի 27-ին Պետրոս Ա ցարին առաքված նամակում հայ մելիքները նշում էին՝ «շրջապատված ենք անհավատների լրտեսներով» (“окружены шпионами неверных”)։ Ճիշտ այդ պատճառով էլ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը՝ 1718 թ. սեպտեմբերի 24-ին Մինաս Տիգրանյանին հասցեագրված իր նամակում բազմիցս նախազգուշացնում էր հույժ գաղտնիություն պահպանելու անհրաժեշտության մասին (ռուսերեն թարգմանությամբ պահպանված այս նամակից մեջ ենք բերում մեզ հուզող խնդիրը լուսաբանող մի հատված).

«մեր անկյալ ազգը՝ բոլոր հայ քրիստոնյաները, մեծավորներն ու փոքրավորները, ազատություն են տենչում…. որքան ուժեր ունենք՝ բոլորը պատրաստության մեջ են գտնվում և ակնկալում հասնել այն օրվան, երբ հնուց ի վեր սպասված ազատությունը նորից ամբողջ սրտով կստանանք:

մյուս հարցերի մասին Այվազը ձեզ բանավոր կզեկուցի: Թեև ցանկանում էինք այս նամակն առավել մանրամասն շարադրել, սակայն բազմաթիվ պատճառներով չհամարձակվեցինք: Սա էլ գրեցինք, անսալով Այվազի թախանձագին խնդրանքներին, հավատ ընծայելով նրա երդմանը: Նրան նաև համառոտաբար մեր ձեռնարկի մասին պատմեցինք: …եթե հանկարծ մեր ժողովրդից որևէ չար մարդ կամ լրտես տեսնի կամ լսի այս նամակների մասին՝ իմացած եղեք, որ մեր վերջն արդեն եկավ, իսկ Տունն այս հիմքից կքանդվի: Այդ իսկ պատճառով էլ՝ բարեհաճեք աչալրջորեն գործել և մեր ձեռնարկն այնպիսի գաղտնիության մեջ պահել, որ որևէ մեկին բացահայտ չլինի ու, կրկնում եմ, հայտնի չդառնա: Դուք էլ գիտեք, որ մեր թշնամիներն ամենուր շատ են: Դարձյալ հաստատում եմ, վարդապե՛տ. եթե այս նամակների մասին իմանան, մեզ կոչնչացնեն: Գործն այնպես տեսեք, որ մեր մահից հետո էլ անգամ այն հայտնի չդառնա»։

Հետաքրքիր է, որ Եսայի Հասան-Ջալալյանի զգուշացում-առաջադրանքը, թե՝ «գործն այնպես տեսեք, որ մեր մահից հետո էլ անգամ այն հայտնի չդառնա», Մինաս վարդապետը կատարում է անթերի, մինչև իր կյանքի վերջը: Այսպես՝ 1740 թ., վախճանվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ, նա կտրուկ հրաժարվում է բացահայտել ռուս չինովնիկներին պարսկերեն լեզվով գրված մի փաստաթղթի բովանդակությունը՝ ասելով, որ այդ մասին որևէ մեկը չպետք է իմանա. ինչպես նրանք պատմում էին՝«Սնդուսված մեծ թղթի վրա՝ պարսկերենով գրված մի թերթ, իսկ թե ի՞նչ գործի մասին է այն գրված՝ Վարդապետը հրաժարվեց բացահայտել՝ ասելով, որ այդտեղ գրված գործի մասին որևէ ոք չպետք է իմանա»։

Չնայած ձեռնարկված բոլոր նախազգուշական միջոցներին, 1720 թ. տեղի է ունենում տեղեկույթի լուրջ արտահոսք, որի հետևանքով, հնարավոր է, բացահայտվում է հայ գործակալներից ոմանց ինքնությունը, ըստ այդմ՝ ինչ-ինչ գործողություններ էլ ձախողվում են։ Այդ մասին է վկայում, մասնավորապես, հայկական ընդհատակի հին գործիչներից մեկի՝ Մինաս վարդապետին 1725 թ. առաքած նամակի հետևյալ հատվածը. «Հայր սուրբ, այժմ ամենուրեք հայտնի եղավ մեր բանը. այսքան տարի ոչ ոք չգիտեր քո խորհրդի և գործունեության մասին, այլ և այն բանի մասին, որի համար դու այդտեղ ապրում ես: Ահա այժմ հինգ տարի է, ինչ մեր բանը հայտնի դարձավ բոլոր դավաճաններին…»։

Սակայն հայկական արտասահմանյան գործակալական ցանցի հետ աշխատանքի պայմանները 1722-1724 թթ. ենթարկվեցին մեծ ցնցումների և ձևափոխման ։

Նախ՝ խստագույնս գաղտնակալված հայկական դիմադրությունը, մեկեն վերածվելով ժողովրդական ազգային-ազատագրական ընդվզման, ռազմաքաղաքական ասպարեզ բերեց նոր ղեկավար գործիչների, որոնք մինչ այդ որևէ կապ չէին ունեցել հայկական ընդհատակի, առավել ևս՝ արտասահմանում գտնվող նրա գործակալների հետ։ Սա հասկանալի բարդությունների տեղիք էր տալիս ինչպես «հին գվարդիայի» և նոր մարտիկների հարաբերություններում, այնպես էլ արտաքին հետախուզության կառավարման գործում։ Այդ առումով որոշակի դժվարություններ առաջացան այն հայ հետախույզների համար, որոնք մինչև 1722 թ. գործակցել էին ազգային ընդհատակի կենտրոնացված ղեկավարության հետ։ Ավելին՝ ռազմավարական իրադրության ծայրահեղ վատթարացման պատճառով 1722-1735 թթ. չհաջողվեց ստեղծել արցախյան և սյունյաց բոլոր զորքերի միասնական օպերատիվ մի հրամանատարություն, որը կարող էր ի թիվս այլ խնդիրների՝ իր վրա վերցնել արդեն իսկ առկա արտասահմանյան գործակալական ցանցի կայուն ղեկավարումն ու անհրաժեշտ համադրումը։ Բայցևայնպես՝ այդ ցանցի հետ տարվող աշխատանքը շարունակվում էր և երբեմն, ինչպես ստորև ցույց կտրվի, շատ արդյունավետորեն։ Թվում է, թե Եսայի կաթողիկոսի որոշակիորեն թուլացած դիրքն ու ազդեցությունն Արցախի հայկական ուժերի քաղաքական ղեկավարության կազմում հաջողվեց պահպանել շնորհիվ նաև հայ հետախույզների հետ նրա ունեցած հին կապերի և նրանց շրջանում վայելած հեղինակության։ Չէ՞ որ նա այն քչերից էր, ովքեր կանգնած էին հայկական հետախուզության ստեղծման ակունքներում։ Ապստամբած Արցախում և Սյունիքում գտնվող հայկական դիմադրության նախկին ղեկավարներից նա ամենատարեցն էր և ամենաբարձրաստիճանը։ Ուստի հե՛նց նրան էլ՝ իրենց նախկին ղեկավարին (նորագույն տերմինով ասած՝ «շեֆին») հայ հետախույզները կարող էին ամենից շատ վստահել ու նրա կամ նրա երաշխավորած անձանց հետ համարձակորեն շարունակել աշխատել։

Երկրորդ՝ մի կողմից օսմանյան ներխուժման, մյուս կողմից Պետրոս Ա-ի՝ ռուսական բանակը դեպի Հայաստան ու Վրաստան չշարժելու խոստումնադրուժ քայլի հետևանքով Արցախում և Սյունիքում հայկական ուժերը շուտով հայտնվեցին օսմանյան շրջափակման մեջ։ Այդպիսով՝ մեծապես խաթարվեց մշտական և ապահով կապը հայրենիքից դուրս գտնվող հայկական դիմադրության գործակալների հետ։ Հայկական զորքերի և Ռուսաստանում, Եվրոպայում ու նույնիսկ Օսմանյան կայսրությունում գտնվող նրանց հին ու նոր գաղտնի գործակալների միջև ամենահասանելի և վստահելի կապող օղակն ըստ ամենայնի մնում էր Ռուսաստանում ապստամբած հայության շահերը պաշտոնապես ներկայացնող Մինաս Տիգրանյանը։ Նրան էին ուղարկվում հետախուզական տեղեկություններն ու ամփոփագրերը՝ Անդրկովկասում, Իրանում, Օսմանյան կայսրությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև հայկական գործակալական ցանցի գործունեության մասին։ Իսկ այն հետախույզներին, ոովքեր տևականորեն կամ ընդմիշտ կտրվեցին «կենտրոնի» հետ կապից ու նրա ուղղակի ցուցումներից, մնում էր գործել սեփական հայեցողությամբ։ Ընդ որում, 1722 թ. դրությամբ արտասահմանում աշխատող պատրաստված և փորձառու հայ գործիչներից ոմանք հետագայում այդպես էլ չկարողացան վերադառնալ հայրենիք և անմիջական մասնակցություն բերել այնտեղ ծավալված ազատագրական պատերազմին։

Իսկ 1720-ական թթ. հայոց ազատամարտի մասին մեզ հասած տեղեկությունները պահպանվել են շնորհիվ մի քանի արժեքավոր պատմագրական երկերի, ինչպես նաև այն բավականին ծավալուն գաղտնի նամակագրության, որը վարում էին ըմբոստ հայության ղեկավարները Ռուսաստանի, Վատիկանի, Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության, գերմանական Պֆալցի իշխանապետության, Լեհաստանի (Ռեչ Պոսպոլիտա) պաշտոնական իշխանությունների հետ և որը պահվում է արտասահմանյան պետական պատմական դիվաններում։ Նույն դիվաններում պահվում է նաև իրենց՝ հայ գործիչների միջև ընթացած գաղտնի գրագրության մի մասը։

Այդ տարանջատ, հատվածական, բազմալեզու, բազմատեսակ ու ցրված տեղեկությունների համադրումն ու վերլուծությունը ծայրաստիճան բարդ լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ հնարավորություն է տալիս վստահաբար եզրակացնել, որ ազատամարտի նշված ժամանակահատվածում հայկական զինված ուժերի ղեկավարությունը հաճախ էր ձեռնարկում գաղտնի գործողություններ, որոնց թվում էին.

1. Տարատեսակ արտասահմանյան ատյանների և դեմքերի հետ գաղտնի կապի հաստատումն ու պահպանումը, այդ թվում.

1.1. Մերձկասպյան շրջաններում գտնվող ռուսական հրամանատարության, երբեմն էլ՝ նրա միջոցով ուղղակիորեն Ս. Պետերբուրգի և Մոսկվայի հետ.

1.2. հյուսիսային Իրանում պարսկական փոքրաթիվ ուժերով ապաստան գտած Թահմասպ Բ շահի հետ.

1.3. մշտապես Ռուսաստանում գտնվող վերոհիշյալ Մինաս վարդապետ Տիգրանյանի հետ.

1.4. հայ ազատագրական շարժման խստագույնս գաղտնակալված այն գործակալների հետ, որոնք գտնվում էին Արևմտյան Հայաստանում, Ղրիմում, Իրանում, Լեհաստանում և մի քանի ուրիշ եվրոպական պետություններում, ինչպես նաև օսմանյան ռազմակալման տակ հայտնված Անդրկովկասի և հյուսիսային Իրանի տարածքներում.

1.5. Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում և Քրդստանում բնակվող ասորիների և եզդիական որոշ ցեղախմբերի ղեկավարության հետ։

2. Հայ երիտասարդության զորահավաքների գաղտնի կազմակերպում հայկական զինված ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այդ թվում՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանում, Ղրիմի, Լեհաստանի, Հունգարիայի, Վալախիայի, հնարավոր է նաև՝ հայերով խիտ բնակեցված այլ վայրերում։

3. Հայ երիտասարդության գաղտնի գործուղումը ռազմական կրթություն ստանալու։ Բոլոր հիմքերը կան կարծելու, որ 1720-ական թթ. արտասահմանում գաղտնի զորահավաքների ենթարկվող հայ երիտասարդության մի մասը մինչ այդ Հայաստանից ու տեղի գաղթօջախներից գործուղվել էր ստանալու և 1722 թ, դրությամբ արդեն ստացել էր ռազմական կրթություն (ցանկալի էր համարվում եվրոպականը), ամենասկզբից իմանալով դրա բուն նպատակի՝ առաջիկայում Հայաստան ուղարկվելու և այնտեղ ազատագրական կռիվներին մասնակցելու մասին։

4. Արտասահմանում զինվորագրված հայկական ջոկատների գաղտնի փոխադրումը Հայաստան։

5. Տեղեկույթի գաղտնի հավաքումն ու վերլուծությունը, այդ թվում՝ հատկապես ռազմաքաղաքական, տնտեսական և ժողովրդագրական տեղեկությունների ձեռքբերումը, ներառյալ հակառակորդի զորքերի տեղաբաշխման, թվաքանակի, սպառազինության, պարենային ապահովվածության, զորատեսակների և բարոյահոգեբանական վիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքական իրադրության մասին։

6. Զենքի, զինամթերքի, մարտական դրոշների (այս մասին տե՛ս «Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը» հոդվածս, ՀԶ, թիվ 205), դրամի, անձնագրերի և այլ անհրաժեշտ պարագաների գաղտնի ձեռքբերումն ու փոխադրումը Հայկական Սղնախներ (կամ ինչպես այն ժամանակ նաև անվանում էին՝ Հայկական բանակ), այսինքն՝ Արցախում և Սյունիքում շուրջանակի պաշտպանություն իրականացնող հայկական զորքերին։

Հայկական հետախուզությանը հետաքրքրող տեղեկույթը

Պահպանված արխիվային վավերագրերում կան բազմաթիվ զեկուցագրեր և ամփոփագրեր, որոնք կազմել են հայ հետախույզները կամ նրանց վերադասները՝ հավաքված տեղեկությունների հիման վրա։ Որպեսզի ընթերցողը գոնե ինչ-որ պատկերացում կազմի դրանց բովանդակության, ոճի և հետաքրքրությունների շրջանակի մասին, համառոտաբար թվարկենք այն հարցերը, որոնք Պետրոս Ա-ին 1722 թ. դեկտեմբերի 9-ին ներկայացված զեկուցագրում լուսաբանում է Մինաս Տիգրանյանը (այս տեղեկությունները հավաքել էին երկու հայ «լեգալ հետախույզները», ում 1722 թ. սեպտեմբերին Մինասը հատուկ ուղարկել էր Թիֆլիս՝ Ի. Ա. Տոլստոյի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում).

  • Իրանի մայրաքաղաք Սպահանում և մյուս քաղաքներում տիրող ռազմական իրադրությունը. «շահի մայրաքաղաքում նստած է Միրվեիզի որդին (նկատի ունի՝ աֆղանական զորքերի հրամանատար Միր-Մահմուդին. – Ա.Ա.), ինքը շահը՝ ձերբակալված է, իսկ թագաժառանգը՝ Ղազվինում է»։
  • Հայկական զորքերի թվաքանակն Արևելյան Հայաստանում ու նրանց տեղաբաշխման վայրերը. «առաջ հայկական զորքի թիվը 20 հազար էր, իսկ այժմ արդեն 30 հազար է հավաքվելՆրանք պատրաստ կանգնած են Արարատում (իմա՝ Երևանի նահանգում. – Ա.Ա.), Գողթան գավառում, Ղափանում…»։
  • Կանխավ արված հավաստի նախազգուշացում օսմանյան ներխուժման վտանգի և պարսկական Հայաստանի սահմաններին օսմանյան զորքեր մոտեցնելու մասին. «իսկ այդ Պաղեստինը (նկատի ունի՝ Ս. Էջմիածինն ու Երևանի նահանգը. – Ա.Ա.) թուրքական սահմանից շատ մոտ է, այդ պատճառով մեծ մտավախություն կա… Կարսից և Էրզրումից թուրքերը եկել-մոտեցել են ճիշտ սահմանի եզրին»։
  • Ծանր դրությունը, որում հայտնվել էր Ս. Էջմիածինը, և կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու ժամանակավոր ձերբակալումը պարսկական իշխանությունների կողմից։
  • Քարթլիի և Կախեթի տիրակալներ (թագավորներ) Վախթանգ VI-ի և Մահմեդ-ղուլի խանի (Կոնստանտինի) միջև լարված հարաբերությունները և հաշտեցման փորձերը։
  • Օսմանյան բանակի գլխավոր հրամանատարի՝ Վախթանգին առաքած գրավոր բողոքն ու նախազգուշացումը՝ պարսից շահի նկատմամբ իր վարքագիծը բացատրելու պահանջով, որն արվել էր հայկական և վրացական զորքերի զորահավաքի, զորաշարժերի և ընդհանուր ռուսամետ տրամադրվածության առիթով։
  • Պարսկաստանում անվտանգության ընդհանուր իրադրության վերահսկողությունից դուրս գալը. «իսկ այժմ պարսից տերության տարածքում ճանապարհորդելը չափազանց վտանգավոր է»։
  • Այն լուրը, որ 1723 թ. գարնանը հնարավոր է աֆղանական զորքերը միանան կովկասցի լեռնականներին՝ ընդհանուր դավանանքի՝ սունիականության հողի հիման վրա։

Հարցերի այս լայն թեմատիկ ընդգրկումն ինքնըստինքյան խոսում է հետախուզության տեղեկատվական բաղադրիչի նկատմամբ հայկական դիմադրության ղեկավարության, ինչպես նաև հետախուզական ցանցի բավականին մասնագիտական մոտեցման մասին։

Թավրիզում հայկական հետախուզական ցանցի ճակատագիրը

Արցախ և Սյունիք զենքի ու զինամթերքի գաղտնի տեղափոխումը տեղի է ունեցել, ամենայն հավանականությամբ, դեռևս մինչև 1722 թ.։ Իսրայել Օրու՝ նորագույն զենք ձեռքբերելու նկատմամբ դրսևորած հետաքրքրության մասին կխոսենք փոքր-ինչ ավելի ուշ, բայց նրա՝ Շամախիից դեպի Ղարաբաղ զենքի տեղափոխում կազմակերպելու մասին գրում էր խորհդային ճանաչված պատմաբան Վ. Պ. Լիսցովը (ցավոք, առանց իր օգտագործած սկզբնաղբյուրը մատնանշելու)։

Սակայն ունենք խիստ արժեքավոր կոնկրետ տեղեկություն առ այն, որ զենքի և զինամթերքի գաղտնի տեղափոխումն Արցախ ու Սյունիք շարունակվել է նաև 1722 թ. հետո։ Ռուսական հրամանատարության կողմից հետախուզական առաքելությամբ հյուսիսային Իրան ուղարկված Ապել անունով մի ագուլիսցի հայ, վերադառնալով Բաքու, 1724 թ. հունիսի 16-ին զեկուցում էր, մասնավորապես, հետևյալը. «Եղել է նա Թավրիզում (1724 թ.) ապրիլ ամսվա վերջին օրերին, և մինչև նրա Թավրիզ ժամանելը շահի հրամանով ղափանցի 30 հայ են մահապատժի ենթարկել այն բանի համար, որ նրանք արճիճե գնդակներ և վառոդ են գնել ու տեղափոխել Ղափան»։

Փաստորեն, խոսքը վերաբերում է Թավրիզում գործող հայկական հետախուզական ցանցի բացահայտմանը։ Ընդ որում, 1722 թ. երկրորդ կեսից սկսած հիմնականում հե՛նց Թավրիզում էին գտնվում ինչպես անձամբ շահ Թահմասպ Բ-ը, այնպես էլ նրա զորքերի շտաբը։ «Անլեգալ հետախուզների» այդպիսի լայն ցանց (30 ղափանցի հայ) անհնար էր ստեղծել 1724 թ.՝ հայոց ապստամբության բռնկումից երկու տարի անց, այն էլ՝ Սյունիքում (Ղափանում) պարսից և հայկական զորքերի միջև ընթացող կռիվների ամենաթեժ միջոցին։ Հետևաբար, այդ ցանցը ստեղծվել էր շատ ավելի վաղ` դեռ մինչև 1722 թ., և հասցրել էր մի շարք հաջող գործողություններ իրականացնել, այդ թվում՝ սյունյաց հայոց զորքերին զենք և զինամթերք մատակարարելու ուղղությամբ։ 1720-ական թթ. սյունեցիներն իրենց ընտիր հրազենային սպառազինվածությամբ, հնարավոր է, զգալիորեն պարտական էին հե՛նց հայկական դիմադրության թավրիզյան գործակալական կայանին։Զենքի տեղափոխումը Ղափան ենթադրում էր գաղտնի գործողությունների բարդ շղթայի առկայություն, ներառյալ՝ թավրիզյան գործակալական կայանի և սյունյաց «Կենտրոնի» միջև հնարավորին չափ կայուն կապի պահպանում, անհրաժեշտ միջոցների հայթայթում, հուսալի իրացնողների և միջնորդների հայտնաբերում, գնված ապրանքի ժամանակավոր պահեստավորում Թավրիզում, ապա կենսականորեն կարևոր այդ բեռների փոխադրում թշնամական տարածքի միջով Ղափան՝ Դավիթ Բեկի գործող զորքերին։ Այդ շղթան, ըստ ամենայնի, Թավրիզով չէր սահմանափակվում և մինչև 1722 թ. (Սպահանի գրավումը աֆղանների կողմից) հասնում էր հավանաբար հայոց Նոր Ջուղա՝ Սպահանին կից քաղաք, որն Իրանում հայկական կապիտալի և առևտրային խոշորագույն ընկերությունների կենտրոնն էր։ Սպահանի դեմ աֆղանական հարձակման տագնապալի օրերին պարզվեց, որ ջուղայեցիները նորագույն զենքի մի մեծ զինանոց ունեն։ 1722 թ. փետրվարի 20-ին, շահի հրամանով, քաղաքապետն ու մեծահարուստները դյուրությամբ զինում են 300 ընտիր հայ տղամարդու («լեվ տղայմարթ Խայ») հրացաններով, ատրճանակներով, թրերով, վահաններով և դաշույններով, ընդ որում՝ բոլոր հրացաններն ու ատրճանակները լինում են անգլիական և հոլանդական նորագույն արտադրության՝ «թամամ թֆանկըն և թափանջէքն Ինկլիզի և Յօլանդզի գընի»։ Իսկ եթե նկատի ունենանք, որ 18-րդ դարի հայ ազատագրական շարժման ակտիվ մասնակիցների թվում են եղել նաև որոշ ջուղայեցի վաճառականներ, ապա պետք է գրեթե աներկբա համարել հայկական հետախուզության Թավրիզի և Ջուղայի գործակալական կայանների համագործակցությունը՝ Սյունիք և Արցախ զենքի գաղտնի փոխադրման հարցում։

«Խլուրդը» շահի շքախմբում

Միաժամանակ, հիմքեր կան կարծելու, որ Թավրիզի գործակալական կայանի մի մասին հաջողվել է փրկվել։ Այսպես՝ ճիշտ այն ժամանակ, երբ Թավրիզում մահապատժի էին ենթարկում 30 ղափանցիներին, Թահմասպ Բ շահի շքախմբում ամենաբարձրաստիճան զորահրամանատարներից մեկն էր թիֆլիսեցի հայ Փարսադան-բեկը, որը նույն Ապելի հաղորդման համաձայն՝ «շահի ծառայության մեջ գեդալիբեկի կոչում ուներ»։ Իսկ ո՞վ էր Փարսադան-բեկը։ Բոլորովին այլ սկզբնաղբյուրներից տեղեկանում ենք, որ 1718 թ. այդ նույն Փարսադան-բեկը՝ Վախթանգ VI-ի հանձնարարությամբ, Սպահանում, Ռաշտում և Շամախիում հույժ գաղտնի բանակցություններ է վարել Իրանում Պետրոս Ա-ի դեսպան Արտեմի Վոլինսկու հետ՝ պարսկական լծից Արևելյան Հայաստանի և Վրաստանի ազատագրության հարցով։ Փարսադանի որդիներից երկուսը՝ Ռաֆայել-բեկն ու Թաղի-բեկը, 1724 թ. ապրիլին գտնվում էին հոր ենթակայության տակ՝ հրամանատարական պաշտոններով, բայց նույն թվականի վերջին նրանք որոշում են դուրս պրծնել շահական զորքերից և միանում են հայկական ջոկատներին, որոնք գտնվում էին ռուսական ռազմական զորախմբի կազմում՝ մերձկասպյան շրջաններում և այնտեղ էլ հիմնում են «Վրացական էսկադրոնը», որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած էր վիրահայերից (պարզապես այդ ժամանակներում նրանց ընդունված էր «վրացի», այն է՝ «վրաստանցի» կոչել)։ Մինչդեռ Փարսադանի երրորդ որդին՝ Աբդուլմասեհը, դարձյալ հրամանատարական պաշտոնով, 1722 թ. ի վեր Դավիթ-բեկի գլխավորությամբ մարտնչում էր Ղափանում՝ սկզբից պարսիկների, այնուհետև օսմանցիների դեմ, այնտեղ էլ՝ Խոտի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում զոհվելով ու թաղվելով։ Բայց ամենաապշեցուցիչ փաստն այն է, որ Փարսադան-բեկը ղափանցի հայերի առաջնորդի՝ հռչակավոր Դավիթ-բեկի աներն էր։ Այլ կերպ ասած՝ ոչ միայն Փարսադան-բեկը, այլև իր ընտանիքն ամբողջովին և անդառնալիորեն ընտրել էին ազատագրական պայքարի ուղին։

Վերը նշվածից պարզ է դառնում, որ Փարսադան-բեկը, լինելով շահին առանձնապես մոտ կանգնած անձ, իրականում, մերօրյա տերմինով ասած՝ «խլուրդ» (թշնամու պետական կամ ռազմական կառույցներում գործող բարձրաստիճան գործակալ) էր, ում հայկական հետախուզությունը թողել էր Իրանում։ Երկար ժամանակ գտնվելով շահի կողքին Թավրիզում` Արցախի և Սյունիքի մերձակայքում՝ նա անտարակույս շարունակում էր հայ ապստամբների հետ համագործակցությունը և նրանց արժեքավոր տեղեկությունների փոխանցումը։ Թահմասպ Բ-ի ճամբարում նա միաժամանակ կատարում էր հայ ազգային-ազատագրական շարժման ազդեցության գործակալի դերը՝ թաքուն կերպով նպաստելով հայկական շահերի առաջխաղացմանը։ Բացի այդ, նրա՝ շահ Թահմասպի մերձավոր շրջապատում լինելը հնարավորություն էր ընձեռում Սյունիքից և Արցախից դուրս՝ պարսից խանական իշխանության տակ հեծող հայերին օրինապաշտ հպատակ ներկայանալ, պնդելով, որ ոչ բոլոր հայերն են զենք բարձրացրած ապստամբներ, այլ կան նաև Փարսադան-բեկի պես շահի հավատարիմ զինվորներ։ Այդ տարիներին Փարսադան-բեկն այն քչերից էր, ումից հայերը կարող էին օգնություն ակնկալել։ Առնվազն մեկ անգամ՝ 1723 թ. ամռանը Փարսադան-բեկը բացեիբաց պաշտպանեց Երևանի հայ բնակչությանը, որին պարսից իշխանությունները ենթարկում էին իսկական ահաբեկման։ Մի արժանահավատ սկզբնաղբյուր այդ պահին արձանագրել է հետևյալ իրողությունը. «Երևանի հայերին ու վանքերին շատ նեղություն են տվել, նրանք էլ մեկ խնդրագիր են գրել Փարսադան-բեկին՝ թե այսպիսի նեղության մեջ ենք՝ մեզ համար մի ճար տես։ Փարսադան-բեկն այդ մասին շահին զեկուցել է, շահից կարողացել է մի հրովարտակ (ռաղամ) ձեռքբերել և այն Երևան ուղարկել։ Նրանում ասվում էր, որ հայերին այլևս վնաս չտան»։

Արդեն իսկ իր զբաղեցրած դիրքով Փարսադան-բեկը պետք է Թավրիզի հայկական գործակալական կայանի ղեկավարներից մեկը լիներ։ Բայց այն, որ նրա անձն ու պաշտոնը որևէ կերպ չտուժեցին անգամ Թավրիզում հայկական հետախուզական ցանցի խոշորագույն տապալումից հետո, ու նա շարունակում էր վայելել շահի լիակատար վստահությունը և լինել նրա մերձավոր նեղ շրջանակի անդամը, լավագույնս է փաստում Փարսադան-բեկի՝ որպես հետախույզի՝ բարձր պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև այդ չափազանց արժեքավոր կադրի հետ գաղտնապահության խստագույն սկզբունքներով աշխատելու հայկական հետախուզության որդեգրած գործելաոճը։

Իրադրությունն առավել պարզելու համար պետք է պատասխանել մեկ լրացուցիչ հարցի։ Պարզ է, որ շահ Թահմասպը տեղյակ չէր այն գաղտնի բանակցությունների մասին, որ 1718 թ. Փարսադան-բեկը վարել էր ռուս դեսպան Ա. Վոլինսկու հետ։ Բայց արդյո՞ք նա չգիտեր, որ Դավիթ-բեկը Փարսադան-բեկի փեսան է։ Կա երկու հնարավոր տարբերակ։ Առաջին և ավելի հավանական տարբերակն այն է, որ ելնելով արտակարգ իրավիճակի առանձնահատկություններից՝ Դավիթ-բեկի ամուսնությունը Փարսադան-բեկի դստեր (ի դեպ՝ հայտնի չէ, թե երկու քույրերից որի՝ Հուսնիբերի, թե Ալամի-սուլթանի) հետ չի հրապարակվել, այլ գաղտնի է պահվել։ Եթե նկատի ունենանք, որ Դավիթ-բեկի զոքանչն ու քենին (Փարսադան-բեկի կինն ու դուստրերից մեկը) մնացել և ապրում էին օսմանցիների ռազմակալման տակ գտնվող Թիֆլիսում, որտեղ և մահացել ու հուղարկավորվել են, ապա այս տարբերակն ավելի հավանական է թվում, որովհետև մեր ունեցած տեղեկություններով՝ նրանք վախճանվել են բնական մահով։ Սա նշանակում է, որ օսմանյան իշխանություններն այդպես էլ չեն իմացել նրանց՝ Դավիթ-բեկի հետ ունեցած ազգակցական մոտ կապի մասին, այլապես կենթարկեին նրանց ամենավայրագ վերաբերմունքի։ Քննարկենք նաև երկրորդ՝ պակաս հավանական, բայց միանգամայն հնարավորտարբերակը։ Շահը գիտեր Դավիթ-բեկի և Փարսադան-բեկի ազգակցական հարաբերությունների մասին, բայց շարունակում էր վստահել Փարսադանին՝ հաշվի առնելով Սեֆյանների համար այդ ծանր ճգնաժամային ժամանակաշրջանում անձամբ իրեն և գուցե նաև իր հորը նրա մատուցած մեծ ծառայությունները։ Հետախույզ Ապելը հաղորդում էր, որ շահի անձնական գվարդիայում ընդամենը մի քանի ընտիր ջոկատ կար ու նախևառաջ 300 «վրաստանցիներից» (վրացիներից և վիրահայերից) ու 25 «դերբենդցիներից» բաղկացած ջոկատը, ընդ որում՝ դրանց հրամանատարը (յուզբաշի) հայ էր։ Այդ լավագույն զինվորները և, բնականաբար, նրանց բոլորին գլխավորող, նրանց սերն ու հարգանքը վայելող ծերունազարդ Փարսադան գեդալիբեկն օդի պես անհրաժեշտ էին ծայրաստիճան աննախանձելի վիճակում հայտնված շահ Թահմասպին։ Մյուս կողմից՝ Փարսադանը պետք էր Թահմասպին, որպեսզի վերջնականապես չկորցներ Իրանի ազգաբնակչության զգալի մասը կազմող հայ ազգի վստահությունը և ապագայում գուցե նույնիսկ օգներ՝ կապ հաստատելու հայկական նորաստեղծ մարտունակ զինված ուժերի հետ՝ իր տերության սահմանները ներխուժած օսմանյան բանակների դեմ համատեղ պայքար ծավալելու համար։ Եվ իսկապես՝ մի քանի ամիս անց, ավելի ստույգ՝ 1724 թ. հուլիս-օգոստոսից շահ Թահմասպն սկսում է կամուրջներ գցել Ղափանի հայոց զինվորության հետ, իսկ երեք տարի անց՝ 1727 թ., նույն հակաթուրքական հենքի վրա տեղի է ունենում նրա լիակատար հաշտեցումը Դավիթ-բեկի հետ։ Թահմասպը ճանաչում է Դավիթ-բեկին՝ որպես Ղափանի տիրակալ ու հարակից շրջաններում գտնվող հայկական ու պարսկամետ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ շնորհելով նրան նույնիսկ սեփական դրամ հատելու իրավունք։ Այս վերջին իրադարձություններում Փարսադան-բեկն արդեն հազիվ թե որևէ դերակատարում է ունեցել, որովհետև նա, ամենայն հավանականությամբ, արդեն կենդանի չէր։ Գիտենք, որ նա վախճանվել էր և հուղարկավորվել Արդեբիլում։ Ու թեև մեր սկզբնաղբյուրը չի նշում նրա մահվան տարեթիվը, սակայն Իրանից 1724 թ. վերջերին Ռաֆայել-բեկի և Թաղի-բեկի փախուստը և նրանց անցումը պարսկականից ռուսական ծառայության մեջ հուշում են, որ Փարսադանն իր մահկանացուն մինչ այդ պետք է կնքած լիներ։ Անհնար է պատկերացնել, որ որդիները հորը լքել էին ու մենակ թողել Իրանում, ինչը հավասարազոր կլիներ նրա դեմ մահապատժի վճիռ արձակելուն։ Այսպիսով, առայժմ հնարավոր չէ վստահաբար ասել, թե վերոհիշյալ երկու տարբերակներից ո՞րն է համապատասխանում պատմական իրականությանը։ Սակայն, ամեն դեպքում, իր ազդեցությունն է գործել նաև այն, որ Փարսադան-բեկը, բնականաբար, հրապարակայնորեն ժխտել է հայության ազատագրական ձգտումները և առերես ներկայացել որպես շահական իշխանության կատաղի ջատագով, ու հաստատ դա արել է վարպետորեն և համոզիչ կերպով։

Վերադառնալով ռուսների կողմից Իրան ուղարկված հետախույզ Ապելի պատմությանը, դժվար չէ նկատել, որ նա անմիջապես հարմարավետորեն տեղավորվել էր Փարսադան-բեկի մոտ և այնուհետև նրա հետ միասին, գրեթե կատարյալ անվտանգության պայմաններում, ուղեկցել էր շահին Թավրիզից Արդեբիլ («за шахом следовал при Парсадим бекове»)՝ընդսմին հավաքելով ամենաթարմ և հավաստի տեղեկություններ։ Պարզ է, որ Ապելը գիտեր Փարսադան-բեկի իսկական առաքելության մասին, ինչպես նաև Փարսադանը գիտեր Ապելի ով լինելը։ Բայց այն օղակը, որն Ապելին դուրս էր բերել Փարսադան-բեկի վրա և կապել նրանց՝ հայկական, այլ ոչ թե ռուսական հետախուզությունն էր, որն Իրանում այդ ժամանակ առհասարակ որևէ գործակալական ցանց չուներ։ Ապելի՝ ռուսական հրամանատարությանը տված զեկույցի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ռուսները նրան գուցեև չէին տեղեկացրել 1718 թ. Փարսադան-բեկի հետ վարած գաղտնի բանակցությունների մասին, թեև այդ փաստը նրան կարող էր հայտնի լինել հայ-վրացական աղբյուրներից։ Բայց առավել հետաքրքիր է այն, որ նա գեթ մեկ բառ չի ասել Փարսադան-բեկի՝ հայ ապստամբական ուժերի հետ ունեցած առնչությունների, նրա որդիների և փառաբանված փեսայի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես և ինչու է նա ընդհանրապես հայտնվել Փարսադան-բեկի շրջապատում։ Այս ամենից կարելի է մակաբերել, որ 1724 թ. հայկական հետախուզության ինքնուրույնությունը պահպանվում էր՝ Արցախում և Սյունիքում հայկական զինված ուժերի անկախ գոյությանը զուգահեռ։ Ապելը և նրա հայ պետերը չեն ուզեցել ռուսներին ներկայացնել Փարսադան-բեկի գաղտնի գործունեությունը՝ շահի շտաբում նրան մշտապես սպառնացող բացահայտմանը որևէ կերպ ակամա չօժանդակելու համար։

Համառոտաբար՝ հայկական հետախուզությունում ենթակարգության ու գաղտնեգործունեության մասին

1720-ական թթ. ապստամբած հայությունն ակնդետ սպասում էր, թե ուր որ է սկսվելու են ռուսական բանակի հարձակումն ու միացումը Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զորքերի հետ։ Այդ ժամանակաշրջանում հետախույզ հայերը՝ վերոհիշյալ Ապելի նման, ռուսական հրամանատարության համար աշխատում էին ընդամենը «համատեղությամբ», ելնելով հայ ազատագրական շարժման շահերից և զուգահեռաբար կատարելով նրա ղեկավարների առաջադրանքները։ Այդպես էին վարվում նաև կամավորական սկզբունքով կազմավորված ու կամավորապես էլ ռուսական մերձկասպյան զորախմբի մեջ մտած հայկական առաջին ջոկատների հրամանատարները։ Ուշագրավ է, որ այդ ջոկատներից մեկը բնութագրական անուն ուներ՝ «հետախուզական ջոկատ»։ Հայկական էսկադրոնի առաջին հրամանատար Պետրոս դի Սարգիս Գիլանենցը՝ հետախուզական ամփոփագրերի իր կազմած մատյանը, որտեղ գրանցված էին 1722 թ. փետրվարի 20-ից մինչև 1723 թ. օգոստոսի 21-ը տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ուղարկել էր ինչպես Մինաս վարդապետին՝ հայերենով, այնպես էլ՝ Գիլանում ռուսական զորքի հրամանատար բրիգադիր Վ. Լևաշովին՝ ռուսերեն թարգմանությամբ։ Սակայն իր անմիջական պետ Գիլանենցը համարում էր Մինաս վարդապետին («Դու ես մեզ ուղարկել այստեղԱյսօր մեր տերը Դուք եք…»)։ Միաժամանակ, նա ակնարկում էր, որ գոյություն ունի նաև Մինասից բարձր հայկական ղեկավարություն. «Լուր կա, որ մեր մեծավորները Ձեզ էլ, [Աստրախանի] նահանգապետ Արտեմի Պետրովիչին էլ գրել են, որ շուտով Այվազին հետ ուղարկես»։ Տվյալ դեպքում, «մեր մեծավորներ» ասելով՝ Գիլանենցն անկասկած նկատի ուներ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանին և արցախյան ու սյունյաց հայոց զորքերի բարձրագույն հրամանատարությանը։

Կարևոր է նաև դիտել, որ երկարամյա ընդհատակյա աշխատանքի արդյունքում մշակված ենթակարգության, կոնսպիրացիայի ու կարգապահության սկզբունքները պահպանվում էին հայկական գաղտնի կազմակերպության նույնիսկ ամենահին ու նվիրված անդամների հարաբերություններում։ Այսպես՝ 1723 թ. Պետրոս Գիլանենցը, լինելով արդեն Հայկական էսկադրոնի հրամանատար, այսինքն՝ Ռուսաստանում ամենաբարձրաստիճան հայերից մեկը, և գտնվելով Մոսկվայից հազարավոր մղոնների հեռավորության վրա՝ Գիլանում, չէր համարձակվում բացել Մինաս վարդապետի կնքած՝ գաղտնի բովանդակությամբ նամակները և այդ կապակցությամբ գրում էր նրան. «Ինձ հանձնած Ձեր նամակներից գեթ մեկն էլ չեմ ուղարկել, բոլորն էլ ինձ մոտ են։ Մտավախության մեջ եմ՝ ուղարկե՞մ։ Ճանապարհները փակ են, իսկ հայի թշնամիները՝ շատ։ Բայց չէ՞ որ դրանք պետք է ուղարկել։ Դուք ինձ բոլոր նամակները կնքած եք տվել։ Քանի անգամ եմ խնդրել՝ գրավոր թույլտվություն տաս, որ բացեմ՝ պատճեններն ուղարկեմ, բնագրերն ինձ մոտ պահեմ, որպեսզի Աստված չանի՝ մեկը հանկարծ կորի, մյուսը մեր ձեռքում մնա։ Իսկ Դուք ինձ այդ նամակների հարցով ոչինչ չեք պատասխանում»։

Հայկական հետախուզության կառուցվածքային զարգացման և կադրերի ընտրության մասին

Նույն նամակում Գիլանենցն ուշադրություն է հրավիրում նոր, օժտված կադրերով հայկական հետախուզությունը համալրելու անհրաժեշտության վրա. «Հայր Սուրբ, խնդրում եմ շնորհ անես՝ շտապ Այվազի խնդիրներին լուծում գտնես, նրան էլ մեզ մոտ ուղարկես, որպեսզի այնպես չլինի, թե տեղիս պետերի առջև սուտ դուրս գա՝ ինչը լավ չի լինի ո՛չ իր, ո՛չ էլ մեզ համար։ Ողորմությամբն Աստուծոյ՝ երբ պարոն Այվազն ճանապարհ ընկնի, նրա հետ մի քանի լավ ճարպիկ տղաներ ուղարկիր։ Այստեղ երիտասարդներ շատ կան, բայց անպիտան են։ Իսկ նրանք, ովքեր պարոն Այվազին խոսք էին տվել [գործի մեջ մտնելու], ոչ մեկն էլ մեր գործի յուրահատկությանը չի համապատասխանում, ինչի մասին ինքը Ձեզ կտեղեկացնի» ։

Այս նամակում եղած ժլատ խոսքերը ինչ-որ երիտասարդների մասին, որոնք պետք է Այվազի (կամ, ինչպես Գիլանենցը բազմիցս հարգանքով նշում է՝ «պարոն Այվազի») մոտ գործի անցնեին ու համեմատելով դրանք մեր ունեցած ընդհանուր տեղեկությունների հետ, կարելի է հավաստիության բավականին բարձր աստիճան ունեցող միանգամից մի քանի կարևոր եզրակացություն անել։

Առաջին, գործի «յուրահատկություն» ասելով՝ Գիլանենցը միանշանակորեն նկատի ուներ ոչ այլ բան, քան հայկական հետախուզությունը։

Երկրորդ, Այվազը, հավանաբար, խոստացել էր ռուսական հրամանատարությանը կազմակերպել հետախուզական առաքելություններ դեպի թշնամու թիկունք։ Այդ պատճառով էլ Գիլանենցն անհանգստանում էր նրա ուշանալու համար՝ «որպեսզի այնպես չլինի, թե տեղիս պետերի առջև սուտ դուրս գա»։

Երրորդ, Այվազը ոչ միայն հայ ազատագրական շարժման ամենահին վստահված անձանցից և թղթատար-սուրհանդակներից մեկն էր (իր երկու եղբայրների հետ նա տակավին կատարում էր Իսրայել Օրու կարևոր հետախուզական առաջադրանքները), այլ, ամեն ինչից դատելով, նաև նրա սուրհանդակային գաղտնի ծառայության առաջին պետը։ Այդ թղթատար-սուրհանդակները, չափազանց վտանգավոր պայմաններում, ապահովում էին կապը տարբեր երկրներում հաստատված հայկական գործակալական կայանների ու Գանձասարում գտնվող նրանց գլխամասային «Կենտրոնի», ինչպես նաև Սյունիքում, Սբ. Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում գտնվող ճյուղային կենտրոնների հետ։ Ժամանակագրորեն ու գործառութային առումներով, սուրհանդակային ծառայությունը հայկական գործակալական-օպերատիվ հետախուզության նախատարրն ու կորիզն էր, մերօրյա տերմինաբանությամբ՝ նրա «գլխավոր վարչությունը»։ Մենք հականե-հանվանե գիտենք հայկական դիմադրության թղթատար-սուրհանդակներից մի քանիսին՝ նրանց, ովքեր «տեղ էին հասցնում Սղնախներ գնացող-եկող, ինչպես նաև այլ հայկական նամակները» («в переводе сигнатских и протчих армянских писем»)՝ Այվազ, Ավետ Թասալմով, Պողոս Զենենց, Հակոբ Կասպարով և ուրիշներ։ Ընդ որում, գերգաղտնի հրամաններն ու տեղեկությունները նրանց հանձնարարվում էր հասցեատիրոջը հաղորդել ոչ թե գրավոր, այլ բանավոր կերպով։ Ինչպես, օրինակ, 1718 թ. գրում էր Մինաս վարդապետին Եսայի Հասան-Ջալալյանը՝ «մյուս հարցերի մասին Այվազը ձեզ բանավոր կզեկուցի»։ Նույնը 1723 թ. Մինասին գրում էր և Գիլանենցը ՝ «Ամեն ինչ մանրամասն կիմանաք պարոն Այվազից»։

Չորրորդ, գոյություն ուներ կադրերի ընտրության և ուսուցման ինչ-որ մի համակարգ՝ յուրօրինակ «հետախուզական դպրոց», որի պետը նույն Այվազն էր, առնվազն մինչև 1724 թ., որից հետո նրա հետքը կորչում է։ Փաստորեն, Այվազի տնօրինության տակ էին և՛ սուրհանդակային ծառայությունը, և՛ գործակալական հետախուզությունը, և՛ կադրերի պատրաստումը։ Հայկական հետախուզությունում օպերատիվ աշխատանքի կառավարման այդպիսի կենտրոնացումը լիովին արդարացված էր խոր գաղտնապահության պահպանման, ինչպես նաև մասնագիտական, կազմակերպչական և դրամական ռեսուրսների սուր պակասի տեսանկյունից։ Այվազը, ինչ խոսք, ունեցել է օգնականներ («աշխատակիցների խումբ»). հաստատ գիտենք նրանցից երկուսի՝ նրա եղբայրների մասին, որոնք նրա հետ միասին, Իսրայել Օրու հանձնարարությամբ 1706 կամ 1707 թ. ուղարկվել էին Թերեք՝ «լեռնցի ժողովուրդների մասին տեղեկություններ հավաքելու համար»։ Պատահական չէ, որ վճռորոշ պահերից մեկին՝ 1723 թ. ամռանը, երբ հայերը լիահույս (ավաղ՝ իզուր) սպասում էին, որ ռուսական զորքերն ուր որ է կմտնեն Շամախի, Այվազի եղբայրներն այդ ռազմավարապես հույժ կարևոր քաղաքում էին՝ ռուսական և հայկական զորքերի ճիշտ մեջտեղում։ Իսկ Շամախիի նշանակությունը նշում էին բոլոր հայ ղեկավարները՝ սկսած Իսրայել Օրուց, որը պատկերավոր էր արտահայտվել՝ «սա է հայոց հողի առաջին բանալին և մուտքը»։ Հետևաբար՝ Այվազի եղբայրները, թեև ծանր («դառն աղքատ») պայմաններում էին, և, ըստ երևույթին, նաև անլեգալ վիճակում, այդուհանդերձ այնտեղ էին մնացել՝ կատարելով տարբեր տեսակի հետախուզական առաջադրանքներ։

Հայ հետախույզների երդում տալու և անվանափոխության մասին

Հայկական գաղտնի կազմակերպության անդամները, այդ թվում նաև հետախույզները, ըստ ամենայնի, տվել են պաշտոնական ու հանդիսավոր երդում՝ Հայաստանի ազատագրության գործին անձնվիրաբար ծառայելու մասին։ Այս խիստ հետաքրքրական դրվագը նշված է վերն այլ առիթով արդեն մեջբերված նամակում, որը 1718 թ. սեպտեմբերի 24-ին Եսայի կաթողիկոսն ուղարկել էր Մինաս վարդապետին.«Թեև ցանկանում էինք այս նամակն առավել մանրամասն շարադրել, սակայն բազմաթիվ պատճառներով չհամարձակվեցինք: Սա էլ գրեցինք, անսալով Այվազի թախանձագին խնդրանքներին,հավատ ընծայելով նրա երդմանը»։

Պարզ է, որ Եսայի կաթողիկոսը մեծ արժեք էր տալիս զինվորական երդմանը։ Բայց ո՞վ է ընդունել Այվազի երդումը։ Ե՞րբ և որտե՞ղ է նա տվել այդ երդումը։ Ինչպիսի՞ արարողությամբ է այն ուղեկցվել։ Այս հարցերին կարելի է պատասխանել միայն ենթադրաբար։ Բայց եթե հիշենք, որ միջին դարերից սկսած մինչև 20-րդ դար (որոշ պետություններում՝ մինչև մեր օրերը) զինվորական երդումն ընդունում են հրամանատարները՝ հոգևորականների ներկայությամբ, ապա կարելի է ընդունել, որ Այվազի երդումն ընդունել է անձամբ Եսայի կաթողիկոսը, որը տվյալ դեպքում հանդիսանում էր և՛ բարձրագույն հոգևոր պաշտոնյա, և՛ հայ ընդհատակյա դիմադրության գլխավոր ղեկավարներից մեկը։ Այդ պարագայում՝ նման մի արարողություն կազմակերպելու համար ավելի համապատասխան վայր, քան Գանձասարի կաթողիկոսանիստ վանքն էր, դժվար կլիներ գտնել։ Իսկ երդումն Այվազը տված պետք է լիներ ոչ թե 1718 թ., այլ շատ ավելի վաղ, քանի որ նա, ըստ ամենայնի, առաջին անգամ չէր գաղտնի առաքելությամբ այցելում Գանձասար։ Այս միտքն է հուշում ինչպես 1718 թ. դրությամբ Այվազի ունեցած ավելի քան տասնամյա հետախուզական աշխատանքային փորձը, այնպես էլ Եսայի կաթողիկոսի նամակում եղած երանգները։

Քննենք այս եռանդուն գործչին վերաբերող ևս մեկ էական հարց։ 1719 թ. ապրիլի 5-ին Պետրոս Ա-ին հղված նամակում Մինաս վարդապետը նրան անվանում է ոչ այլ կերպ, քան «մեր հավատարիմ մարդը՝ Այվազը, որը հայ է, բայց հունադավանություն ընդունելուց հետո կոչվում է Սեմյոն Ռոմանով»։ Այսպիսով, պարզվում է, որ մինչև 1719 թ. Այվազն ընդունել է հունական ուղղափառ դավանանքը, ընդսմին հրաժարվելով ազգային հավատքից և եկեղեցուց և համապատասխանաբար փոխելով իր անունն ու ազգանունը։ Առաջին հայացքից, անհավատալի է թվում, որ հայկական ընդհատակի առանցքային դեմքերից մեկը, նրա գործակալական-օպերատիվ հետախուզության փաստացի ղեկավարը, մշտապես գործ ունենալով Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանցից մեկին՝ Գանձասարի կաթողիկոսին երդում տալով՝ Հայաստանի ազատագրությանը ծառայելու մասին, կարող էր միաժամանակ հեշտորեն ուրանալ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը` հայադավանությունը, և հանգիստ խղճով հունադավան դառնալ։ Իրականում, Այվազի այս պարադոքսալ թվացող քայլը բավական պարզ բացատրություն ունի։ Հայ ազատագրական շարժման գործիչները, երբեմն բարձրագույն հոգևոր պաշտոններ զբաղեցնողներից ոմանք անգամ, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, միանգամայն հանդուրժելի էին համարում առերես ընդունել քրիստոնեական մեկ այլ դավանանք, եթե այն գերիշխող էր մի պետության մեջ, որը Հայաստանի ազատագրությանը խոստանում էր ռազմաքաղաքական աջակցություն ցույց տալ։ Այդ վարքագծի վառ օրինակ է Իսրայել Օրին, որն իր Եվրոպայում եղած տարիներին առերևույթ դավանափոխ լինելով՝ կաթոլիկություն ընդունելով, ինքն իրեն պատկերում էր դրա մոլի ջատագով, ով իբրև թե նույնիսկ թեժ վեճերի մեջ է ներքաշել հայ եկեղեցականներին՝ քննադատելով նրանց դավանանքային և արարողակարգային ենթադրյալ «սխալները»։ Սակայն կաթոլիկ պետություններից ռազմական օգնություն ստանալու նրա ունեցած հույսերի ի դերև ելնելուն պես՝ հոդս ցնդեց նաև Օրու ցուցադրական կաթոլիկ ջերմեռանդությունը։ Քաղաքական օգտակարության ճիշտ այսպիսի նկատառումներով էլ առաջնորդվել է, անշուշտ, Այվազը՝ ընդունելով Ռուսաստանում գերիշխող ուղղափառ հունադավանությունն ու փոխելով իր անունը։ Ի դեպ, հորինված է կամ անճանաչելիության չափ դիտավորյալ աղճատված հե՛նց Իսրայել Օրու՝ 18-րդ դարի հայի համար չափազանց անսովոր անուն (բայց սա արդեն առանձին քննարկման նյութ է)։

Այն փաստը, որ հայկական ընդհատակյա դիմադրության ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր գործիչները (Գանձասարի կաթողիկոս Եսային, Մինաս վարդապետը, Պետրոս Գիլանենցը և մյուսները) միանգամայն անվրդով են վերաբերվել Այվազի «ուրանալուն», հուշում է, որ հենց իրենք՝ հայ ղեկավարներն էին կարգադրել նրան բացառության կարգով այդպիսի քայլ անել։ Հունադավանություն ընդունելով՝ ռուսների համար Այվազը դառնում էր քաղաքականապես առավել վստահելի, Ռուսաստանում ձեռք բերում իր անվտանգության լրացուցիչ (թեև ոչ բացարձակ) երաշխիքներ, ինչպես նաև ռուսական պաշտպանություն ստանալու առիթ՝ արտասահմանում իր հերթական առաքելություններից մեկի հնարավոր ձախողման դեպքում։ Բայց իր վտանգավոր աշխատանքի համար, թերևս, գլխավոր ձեռքբերումը, հետախույզների ժարգոնով ասած՝ լավ առասպելն էր, այսինքն՝ ուրիշ (այս դեպքում՝ ռուսական) անունը և ըստ այդմ հնարված կենսագրությունը, որոնք գաղտնապահական նպատակներից ելնելով ներկայացվելու էին իբրև սեփական՝ նոր անձնագրով հանդերձ։ Այսպիսով, Այվազի «ուրացման» պատմությունը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու նրա ունեցած կենտրոնական դերը հայկական հետախուզական ծառայության կազմակերպման գործում։

Միաժամանակ, Այվազի անվանափոխության մասին հաղորդումը հիմք է տալիս մեզ մերժելու հայկական պատմագիտության (ներառյալ «Հայկական սովետական հանրագիտարանի») մեջ ընդունված տեսակետը, ըստ որի հետախույզ Այվազը նույնացվել է մերձկասպյան ռուսական զորախմբում հայկական առաջին երեք ջոկատներից մեկի հրամանատար Այվազ Ավրամովի (Աբրահամովի) հետ, որը սպանվել է 1725 թ. վերջերին, Գիլանում։ Եթե սա լիներ միևնույն անձը, ապա ռուսական հրամանատարությունը նրան անպայման կկոչեր Սիմեոն Ռոմանով, այլ ոչ թե Այվազ Ավրամով։ Բայց բոլոր վավերագրերում ռուսները կոչել են նրան միայն Այվազ Ավրամով՝ առանց գեթ մեկ անգամ հիշելու նրա պաշտոնապես ընդունած ռուսական անուն-ազգանունը։ Այն դեպքում, երբ հայադավան մնացած մյուս հրամանատարների անունները տրվում էին ռուսացված տարբերակներով՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենցը՝ Պյոտր Սերգեև, Աղազար դի Խաչիկը՝ Լազար Խրիստոֆորով, Պողոս Զենենցը՝ Պավել Զինովյեվ։ Չեն համապատասխանում նաև երկու Այվազների ազգանունները. եթե դավանափոխության ժամանակ առաջին անունը կարելի էր փոխել ցանկացած անվամբ և Այվազը կարող էր դառնալ Սիմեոն, ապա ազգանվան (հոր, պապու, ցեղի անվան) հետ նունկերպ վարվել չէր լինի, այսինքն՝ Ավրամով/Աբրահամովը չէր կարող դառնալ Ռոմանով։

Մյուս փաստարկն այս երկու Այվազների տարբեր անձեր լինելու մասին (ի դեպ, այդ տարիներին եղել են մեզ հայտնի այլ Այվազներ ևս) կայանում է նրանում, որ հետախույզ Այվազը Իսրայել Օրու և Մինաս վարդապետի ամենառաջին զինակիցներից ու հայկական ընդհատակի ամենափորձառու գործիչներից մեկն էր։ Հետևաբար, Հայկական էսկադրոնի կազմավորման պահին նա չէր կարող պաշտոնով երրորդը լինել (Պետրոս Գիլանենցից ու Աղազար դի Խաչիկից հետո), ում 1725 թ. տրվել է պորուչիկի, մինչդեռ Աղազար դի Խաչիկին ավելի բարձր՝ ռոտմիստրի կոչում։

Հետախույզ Այվազին սկզբնաղբյուրներում վերջին անգամ հանդիպում ենք Արցախի Շոշ ամրոցում՝ 1724 թ. հունվարի 5-ին։ Այվազը՝ Պետրոս Ա-ի պատվիրակ Իվան Կարապետի, Արցախի հայկական զորքերի գլխավոր հրամանատար Ավան-յուզբաշու ու նրա մերձավոր հրամանատարների հետ միասին, մասնակցել է մի կարևոր ժողովի և իր կնիքը դրել ընդունված փաստաթղթի տակ։ Սա ևս մեկ վկայություն է առ այն, որ Այվազը (ըստ այդմ՝ նաև հայկական հետախուզական ծառայությունն ամբողջությամբ) շատ բարձր դիրք էր գրավում ազատագրական շարժման ղեկավարության աստիճանակարգում։ 

Հայկական հետախուզության հիմնական խնդիրները

Նախքան հայկական հետախուզության առավել խոշոր գաղտնի գործողությունների վերլուծությանն անցնելը՝ հատուկ ուշադրություն է պետք դարձնել նրա առջև դրված հիմնական խնդիրներին, որոնք էին՝ մինչև ապստամբության սկիզբը ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում կանխապես զորակոչել հայ երիտասարդության ընտիր ներկայացուցիչներից մոտավորապես 2000 մարդ, արտասահմանում կազմակերպել նրանց ռազմական ուսուցումը, զինել նորագույն հրազենով և ճիշտ պահին տեղափոխել Հայաստան։

Այդ խնդիրները դնում էր դեռևս Իսրայել Օրին՝ 1699-1711 թթ. հայոց ընդհատակյա դիմադրության պաշտոնական առաջնորդը։ Պետք է, վերջապես, ընդունենք, որ Օրին նախևառաջ փայլուն հետախույզ էր, որը բարդ իրադրության մեջ մոտ երեք տասնամյակ արդյունավետորեն գործել է Եվրոպայի տարբեր երկրներում, Ռուսաստանում, Իրանում, իսկ իր կարիերայի սկզբում՝ Օսմանյան կայսրությունում։ Օրու՝ խորապես գաղտնակալված առաքելության մասին կարող է վկայել թեկուզ միայն մի առիթով նրա արած խոստովանությունն առ այն, որ Եվրոպայում քսան տարի գտնվելով (1680-1699 թթ.)՝ միայն մեկ անգամ է նամակ ուղարկել իր հարազատներին՝ 1684 թ. Փարիզից։ Միաժամանակ Օրին նաև բարձրակարգ ռազմական մասնագետ էր, որը եվրոպական մարտավարությանն ու նորագույն սպառազինությանը ծանոթանալու նպատակով՝ 1681-1696 թթ. ծառայել էր իտալական, ֆրանսիական և գերմանական (պֆալցյան) բանակներում՝ և՛ որպես մատակարարման պետ, և՛ որպես մարտական սպա։ Նա իր քաջությամբ և ձեռնհասությամբ աչքի էր ընկել մի քանի պատերազմներում։ Պֆալցի կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմը (1690-1716) Օրու մասին գրում էր հայ մելիքներին. «Բարձրացրե՛ք պարոն Իսրայել Օրիին՝ նա մասնակցել ու փորձ է ձեռքբերել մեր պատերազմներում։ Մենք ինքներս ականատես ենք եղել ու ճշգրիտ տեղեկացել նրա՝ մեր բանակում ցուցաբերած քաջությանը։ Հավատացե՛ք նրան, ով արդեն տաս տարի է, ինչ վարժված է մեր կռինվներում»։ Ուստի պատահական չէ, որ 1704 թ. Պետրոս Ա արքան համաձայնվեց բավարարել Օրու խնդրանքը և նրան հրացանակիրների գնդապետի աստիճան շնորհեց։

Օժտված լինելով ռազմավարական մտածողության ու հատկապես երկարաժամկետ ծրագրման մեծ տաղանդով՝ Օրին տակավին 1703 թ. տեղեկացնում է Պետրոս Ա-ին, որ ցանկանում է Հայաստանում հավաքագրել ավելի քան 2000 ընտիր տղամարդու ու այդքան էլ նժույգ և ուղարկել Ռուսաստան՝ այնտեղ նրանցից իր սեփական ծախսով հրացանակիրների մի հեծյալ գունդ կազմավորելու համար։ Նախատեսվում էր, որ այդ գունդը ռուսական բանակի հետ միասին կմտնի Հայաստան և միանալով հայկական հիմնական ուժերին՝ իր մասնակցությունը կբերի նրա ազատագրությանը։ Այդ նպատակների համար Օրին մտադիր էր Ամստերդամում գնել 15-20 հազար ռուբլուն համարժեք զենք ու հանդերձանք։ Թե որքանով էին այդ ծրագրերն իրագործվել՝ դժվար է ասել, սակայն արդեն 1707 թ. Օրին խնդրում էր Պետրոս Ա-ից թույլ տալ իրեն անմաքս Պարսկաստան անցկացնել «հրազենի երեք մեծ արկղ՝ կայծքարի հրացաններ և ատրճանակներ, երկաթյա վեց փոքր թնդանոթ»։ Իսկ 1709 թ. սեպտեմբերին Շամախիում հանգրվանելով՝ Օրիի շխախումբը ուներ արդեն մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ 12 «փոքր թնդանոթ»։ Վստահաբար, զենքի հայթայթման ուղղությամբ լուրջ աշխատանքը շարունակվել էր նաև Օրու մահվանից հետո։ Այդ մասին կարելի է դատել արդեն նրանից, որ 1722-1723 թթ. Ռուսաստանում հայոց միջոցներով կազմավորված հայկական հեծելազորային ջոկատները, որ կամավորապես մտել էին ռուսական մերձկասպյան զորախմբի մեջ, ունեին ռազմական լավ պատրաստություն ու հրաշալիորեն զինված էին։ Իսկ նրանց առաջին զորահրամանատարները, որոնք մինչ այդ զբաղվել էին իբր միայն վաճառականությամբ, անմիջապես դրսևորեցին իսկական հրամանատարական որակներ ու սպայական կոփվածք։ Ընդ որում, այդ ջոկատների, ապա և Հայկական էսկադրոնի շուտափույթ ստեղծումը, նրանց զինումը և ապահովումն անհրաժեշտ ամեն ինչով մոտ երեք տարի շարունակ կատարվում էր հայերի ծախսերով։ Ինչպես 1725 թ. հայտնում էր գեներալ-լեյտենանտ Մ. Ա. Մատյուշկինը՝ «իրենց հաշվին էին պահում մարդկանց և ձիերին»։ Առաջին տարիներին հայկական այդ ջոկատներն ստիպված էին իրենց համար նույնիսկ վառոդ գնել։ Այսպես՝ 1723 թ. օգոստոսին Պետրոս Գիլանենցը հայտնում էր Մինաս վարդապետին, որ իրենց վառոդը գրեթե ամբողջությամբ վերջացել է և խնդրում էր Այվազի հետ միասին ուղարկեն իր բաժին վառոդի տակառը ու նաև արճիճ։ Գիլանենցը նաև խնդրում էր մի նամակ էլ գրել բրիգադիր Լևաշովին, «որ մեզ թէ բարութ [=վառոդ] պէտք լինի՝ տա»։

Այս փաստերից կարելի է եզրակացնել. (ա) գոյություն ուներ հայկական կազմակերպություն, որը համադրում էր իր անդամների գործունեությունը, (բ) նախապես ընտրված հայոց խմբեր մասնագիտացել էին ռազմական գործում, (գ) հայկական դիմադրության կողմից այդ նպատակների համար կանխավ ֆինանսական միջոցներ էին տրամադրվել։ Ճիշտ է, այդ գործողությունների ընթացքում գրեթե ամբողջությամբ ծախսվել էր նաև Հայաստանի ազատագրության նվիրյալներից մի քանիսի անձնական ամբողջ կարողությունը, ինչպես, օրինակ, Հայկական էսկադրոնի առաջին հրամանատար Պետրոս դի Սարգիս Գիլանենցինը, որ սպանվեց Ռեշտի գրավման ժամանակ՝ 1724 թ.։

Վերադառնանք, սակայն, 1703 թ. Իսրայել Օրու արած առաջարկությանը՝ Ռուսաստանում կազմավորել 2000-անոց հայկական գունդ։ Հետաքրքիր է նկատել, որ երեք տարի անց՝ 1706 թ., Օրին անհայտ պատճառներով նույն նպատակի համար առաջարկում էր արդեն ոչ թե 2000, այլ ընդամենը 300-400 մարդ։ Այս առթիվ առաջադրենք կարևոր մի հարցադրում. ինչու՞ Օրին որոշեց, որ Ռուսաստանում կազմավորվելիք հայկական գունդը պետք է լինի նախապես իր իսկ առաջարկածից շատ ավելի փոքրաթիվ։ Թեև սկզբնաղբյուրներում դժվար թե երբևէ գտնվի այս հարցի ուղղակի բացատրությունը, բայց ավելի ուշ՝ 1720-ական թթ. տեղի ունեցած իրադարձությունները կարելիություն են ընձեռում հետադարձ հայացքով պատասխանելու դրան՝ հավաստիության բավականին բարձր աստիճանով։ Բանն այն է, որ ինչպես ստորև կներկայացվի՝ 1720-ական թթ. սկզբին հայկական ջոկատներ են կազմավորվել Ղրիմում, Պոդոլիայում (Ռեչ Պոսպոլիտա), Վալախիայում, Հունգարիայում ու չի բացառվում` նաև այլ երկրներում ու շրջաններում։ Այդ իսկ պատճառով Օրիի նախնական մտադրության փոփոխության ամենահավանական բացատրությունը պետք է համարել նրա ձգտումը՝ հայկական ուժերի ռազմական պատրաստությունն իրականացնել՝ բաժանելով դրանք մանր խմբերի ու ցրելով տարբեր երկրներում։ Պետրոս Ա-ի պարսկական արշավանքը հետաձգվում էր անորոշ ժամանակով, ուստի Ռուսաստանում 2000-անոց հայկական խոշոր զորամասի ստեղծումը, այն էլ ռուսական կառավարության գիտությամբ, կարող էր վտանգավոր լինել՝ այդ փաստը իրանական և օսմանյան իշխանություններից երկար ժամանակով գաղտնի պահելու տեսանկյունից։ Մեծ վտանգի կարող էր ենթարկվել ամբողջ ազատագրական շարժումը և, առաջին հերթին, բռնագրավված հայրենիքում գտնվող նրա ղեկավարությունը։ Մինչդեռ տարբեր երկրներում և շրջաններում մանր խմբերով հայ զինվորների գաղտնի պատրաստումը միանգամից մի քանի առավելություն ուներ. առաջին, ապահովվում էր գաղտնեգործունեության առավել բարձր աստիճան, երկրորդ, հայ ղեկավարությունն ավելի մեծ ինքնուրույնություն ու ճկունություն էր ստանում այդ լավ պատրաստված ուժերի օգտագործման ժամանակի և ձևի վերաբերյալ որոշումներ ընդունելու հարցում, երրորդ, այդ ջոկատների արագ տեղափոխումն Արևելյան (Պարսկական) Հայաստան հնարավոր էր դառնում ոչ միայն Ռուսաստանով՝ Աստրախանի և ապա մերձկասպյան շրջանների վրայով, այլև այլընտրանքային երթուղիներով՝ Օսմանյան կայսրության տարածքով։

Ղրիմի գործողությունը.285 հայ զինվորի տեղափոխումը Ղրիմից Հայաստան

1720 թ. աշնան վերջին՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվող Ղրիմում, ուր բնակվում էր հայկական մեծաթիվ գաղութ, «Տրապիզոնի նավով», վաճառականների անվան տակ ժամանում են հայ ազատագրական շարժման սուրհանդակները և հաղորդում իրենց գործակալական կայանի ղեկավարներին Արևելյան Հայաստանում զինված ապստամբություն սկսելու մոտավոր ժամանակը։ Դրվում է խնդիր՝ ղրիմահայ երիտասարդության միջից շտապ կազմել ու հանդերձավորել մի ջոկատ և առաքել այն հայրենիք՝ հայկական զորքերին օգնության։ Տեղում այդ գործողության ղեկավարներ են նշանակվում երկու ավագերեց՝ Տեր-Բարդուղիմեոսը՝ Կաֆայից (Թեոդոսիա) և Տեր-Մարկոսը՝ Կեոզլևից (Եվպատորիա)։ Նրանք՝ «գաղտնի հաճությամբ յուրյանց առաջնորդի՝ աստապատեցի Վարդան եպիսկոպոսի»՝ հանձնելով հովվական պաշտոնն իրենց քահանացյալ որդիներին, զբաղվում են «անեցիների» ջոկատի հավաքագրությամբ և պատրաստությամբ (ղրիմահայերն իրենց համարում էին Հայաստանի ավերված մայրաքաղաք Անիից դուրս եկածների սերունդ)։ Այդ տարիներին Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչներ ներգրավված էին ազատագրական նախապատրաստական աշխատանքներում։ Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը, ինչպես նաև, ըստ երևույթին, նրանց թեմական առաջնորդը, վաղուց էին կապված հայկական ընդհատակի հետ, որի գլխավոր կենտրոններից մեկը Սբ. Էջմիածինն էր։ Իսկ այն, որ հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում հաջողվեց զորակոչել 285 տղամարդ և նրանց հետ 1722 թ. առաջին կեսին ճամփա ընկնել, խոսում է այդ մեկուկես տարում ղրիմահայ կամավորների գաղտնիաբար անցկացրած ռազմական լրջագույն հավաք-պարապմունքների մասին։

Բուն անցումը Ղրիմից Արևելյան Հայաստան կատարվել է դեպի Մշո Սուրբ Կարապետի վանք ավանդական ուխտագնացության պատրվակով։ Առաջին նշանակման կետը Տրապիզոնն էր։ Ազատորեն տեղաշարժվելու համար հայ հետախույզները սովորաբար քողարկվում էին իբրև վաճառականներ, հոգևորականներ կամ ուխտավորականներ։ Կաֆայից առաջինը նավով դուրս է եկել Տեր-Բարդուղիմեոսը՝ «վաճառականի անվամբ», երկրորդը՝ Կեոզլևից Տեր-Մարկոսը՝ «աշխարհականի զգեստ հագած»։ Նրանց հետևից «մի մի, երկ երկու» նավով ծովն անցել են և մյուսները։ Տրապիզոնում բոլորի հավաքվելուց հետո՝ 285 զինվորներին բաժանել են 24 ջոկատների՝ յուրաքանչյուրում 8-15 հոգի։ Նշանակվել են ջոկատների հրամանատարները՝ օնբաշի (տասնապետ) կոչումով, որոնց մեծ մասի անուններն, իրենց հայրերի անունների հետ, մեզ հայտնի են. Հովհաննես՝ կաֆացի Քարաքաշ Գևորգ-աղայի որդին, Հակոբ՝ Խաթրան չեքեն Սուրղաթցի Ալեքսանի որդին, Անդրեաս՝ Տեր-Մարկոսի ազգական Շահինյան մահտեսի Պողոս-աղայի որդին, Սաղաթել՝ Խայալը Ստեփան-աղայի որդին, Վարդանը՝ Նազիրյան Հովհաննես-աղայի որդի և այլն։

Ամեն տեսակի կասկածները վանելու և իրենց ուխտագնացության մասին առասպելը պահպանելու նպատակով՝ այս խմբերն անմիջապես չեն ճանապարհվում դեպի Արևելյան Հայաստան, այլ սկզբից «զանազան ճանապարհներով» գնում են Սբ. Կարապետի վանքը (նշանակման երկրորդ կետը), այնտեղ կատարում իրենց ուխտը և միայն դրանից հետո Կարսի (նշանակման երրորդ կետը) և Անիի վրայով մտնում Հայաստանի պարսկական մասը։ Երկու վերջապահ ջոկատների կազմում կար ընդհանուր առմամբ 29 հոգի, մեկում՝ Տեր-Բարդուղիմեոսն էր, մյուսում՝ Տեր-Մարկոսը՝ Ղրիմի գործողության ընդհանուր ղեկավարությունն իրականացնողները։ Ուշագրավ է, սակայն, որ այդ ջոկատների հրամանատարներն այլ անձինք էին՝ Հայրապետյանն ու Աբրահամը։ Այս փաստը վկայում է այն մասին, որ հրամանատարներ նշանակվում էին նրանք, ովքեր ունեին ռազմական որոշակի պատրաստություն, որը Բարդուղիմեոսն ու Մարկոսը չունեին, ընդ որում՝ առաջինն արդեն «ծերունազարդ» էր։ Բայց այս երկու դեմքերի ամբողջ գործունեությունը փաստում է, որ նրանք հրաշալի պատրաստված էին այլ՝ հետախուզության և ընդհատակյա աշխատանքի բնագավառում։ Հենց այս երկուսի ղեկավարությամբ էր կատարվել կազմակերպչական ու գաղափարական ամբողջ աշխատանքը Ղրիմում։ Այս երկուսն էին, որ մյուսներից առաջ ժամանել էին Տրապիզոն, ապահովելու համար կապը արևալահայաստանյան «Կենտրոնի» գաղտնի գործակալների հետ։ Թեև ղրիմահայոց ջոկատի պատմությունը ներկայացնող մեր սկզբնաղբյուրն այս գործակալներին չի հիշատակում, բայց 1720-ական թթ. նրանց գոյությունն Արևմտյան Հայաստանում մեզ հայտնի է այլ աղբյուրներից։ Տեղանքին անծանոթ ղրիմահայոց համար նրանք պետք է ծառայեին որպես ուղեկցորդներ, ընտրեին անվտանգ ուղիներ ու գիշերային դադարների վայրեր և այլն։ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» մենագրությանս (2003 թ.) մեջ կա մի առանձին գլուխ, որտեղ կողմնակի տեղեկությունների հիման վրա, ենթադրություն է արվել առ այն, որ Սբ. Կարապետի առաջնորդ (հետագայում՝ 1730-1734 թթ., Սբ. Էջմիածնի կաթողիկոս), արքեպիսկոպոս Աբրահամ Մշեցին սերտորեն կապված է եղել հայ ազատագրական շարժման հետ՝ դեռևս 1719-1722 թթ.։ Սբ. Կարապետում ղրիմահայոց ջոկատի կանգառը կարելի է համարել լուրջ լրացուցիչ փաստարկ հօգուտ այս ավելի վաղ առաջադրված վարկածի։

Այստեղ չենք քննի «անեցիների» ջոկատի հետագա մարտական ուղին, որը (Գաբրիել Պատկանյանի (1802-1889) անտիպ ձեռագրում պահպանված և տակավին Վ. Ա. Պարսամյանի կողմից հատվածաբար հրապարակված) մեր սկզբնաղբյուրի համաձայն` անցել է Դավիթ-բեկի, իսկ նրա մահվանից հետո՝ Մխիթար սպարապատի զորքերի կազմում։ Սկզբնաղբյուրի հաղորդումների այդ հատվածում եղած մի շարք անճշտություններն ու անպարզությունները, կրելով հետագա խմբագրումների ազդեցություններ, պահանջում են առանձին քննություն։ Սակայն որևէ կասկած չեն հարուցում վերը նկարագրված փաստերը՝ Ղրիմում (չմոռանանք՝ Օսմանյան կայսրությունու՛մ) մարտունակ հայկական ջոկատի կազմավորման, ինչպես նաև այն Հայաստան փոխադրելու մանրակրկիտ մշակված ու անթերի իրականացված ծրագրի վերաբերյալ։ Ուստի Ղրիմի գործողությունը կարելի է համարել հայկական հետախուզության բացարձակ հաջողությունը, ինչպես նաև նրա ղեկավարների գործին մասնագիտորեն մոտենալու լավագույն վկայությունը։

Հետախույզների երդումը՝ Քրիստոսի գերազմանին

1720 թ. վերջին ելույթ ունենալով ղրիմահայերի առջև և կոչ անելով նրանց օգնել՝ ով ինչով կարող է, ապստամբությանը նախապատրաստվող արևելահայերին, որոնք «հոժարել են սուր ի ձեռին մարտնչիլ ի թշնամեաց», Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը պարզ խոստովանում են իրենց վաղեմի կապը հայ ընդհատակի հետ. «Մենք՝ երկու քահանայք, Քրիստոսի գերեզմանի վրա ուխտադիր եղանք օգնել մեր ազգակցաց և հայրենակցաց»։ Խոսքը վերաբերում է, փաստորեն, Հայաստանի ազատագրությանն անձնուրաց ծառայելու պաշտոնական երդմանը։ Բայց այս անգամ այն տրվել էր ոչ թե Գանձասարում, ինչպես Այվազի հետ վերն արդեն քննարկված դեպքում, այլ Երուսաղեմում։ Այնտեղ էր գործում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որի սպասավորների մեջ կարող էին լինել հայ ազատագրական շարժման կապավորներ։ Այնպես որ՝ Երուսաղեմում կարող էին գտնվել նաև մարդիկ, ովքեր ընդունել են Տեր-Բարդուղիմեոսի ու Տեր-Մարկոսի Քրիստոսի գերեզմանին կատարված երդումը։ Մենք ունենք նաև հայկական հետախուզության մեկ ուրիշ խոշոր գործչի՝ եպիսկոպոս Պետրոս Խաչատուրովի վավերագրական ցուցումն այն մասին, որ 1720-ական թթ. սկզբին նա ևս որոշ ժամանակով գտնվել է Երուսաղեմում։ Ավելի ուշ՝ 1728 թ. նա, ինչպես դրանից վեց տարի առաջ Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը, զենքը ձեռքին իր «եղբայր» Գրիգոր Ստեպանովի գլխավորած ընտիր ջոկատի կազմում ժամանում է Արցախ՝ հայկական զորքին օգնության։ Սակայն նրանց երթուղին տարբեր էր՝ սկսվում էր Ռեչ Պոսպոլիտայից և անցնում Ռուսաստանի միջով (այդ մասին՝ հաջորդիվ)։ Ուրեմն՝ հետախույզ, ապա և զինվոր դարձած այս երեք հոգևորականների հնարավոր հանդիպումը Երուսաղեմում նույնպես բացառել չի կարելի։

Վասպուրականի գործողությունը.գաղտնի խորհրդաժողով՝ Լիմ անապատում

Մխիթար աբեղայի հիշատակարանը հնարավորություն է ընձեռում գրանցելու Արևելյան Հայաստանում ապստամբության ճիշտ նախօրեին հայկական հետախուզության իրականացրած ևս մեկ խոշոր գործողություն։

1722 թ. գարնանն Օսմանյան կայսրության սահմաններից ներս՝ Վանա լճի Լիմ կղզու նույնանուն մենաստանում («անապատում») գումարվել է մի գաղտնի խորհրդաժողով՝ արևմտահայկական Վասպուրական նահանգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների մասնակցությամբ։ Գաղտնի քննարկումները կամ, ինչպես դրանք բնութագրում է Լիմ անապատի սպասավոր Մխիթար աբեղան՝«զրոյցք գաղտնի եւ ծածկախորհուրդս» տևել են ընդհանուր առմամբ յոթ օր։ Լիակազմ նիստեր տեղի են ունեցել երեք անգամ, հավանաբար, յուրաքանչյուր անգամ նոր մասնակիցների ընդգրկումով։ Գլխավոր ելույթով հանդես է եկել «քաջահամբաւ եւ արիասիրտ» մի ռշտունեցի վարդապետ՝ Ներսեսանունով։ Նա հուզառատորեն ներկայացրել է «դառնակսկիծ վիճակս համօրէն ազգիս Հայոց» և ցնծությամբ հայտնել, որ Դավիթ-բեկը սկսել է զորահավաքն ու ռազմական նախապատրաստությունները՝ «վասն հալածելոյ նեղիչք եւ կշտամբիչք մեր, միտս ունելով ազատագրելոյ արիւնածուփ զաշխարհն Հայաստան»: Ներսես վարդապետի կոչը Մխիթար աբեղան գրանցել է բառացի (մեջբերում ենք՝ վերածելով աշխարհաբարի).«Այժմ, ո՜վ բարեմիտ և հայրենապաշտ ժողովականներ, շրջե՛ք ձեր գավառներով, խրախուսե՛ք խավարի և տանջանքների մեջ քնած ձեր ժողովրդին, որպեսզի թոթափենան իրավ բռնության լուծը, և երբ մենքմարտի հրավեր կարձակենք, ապստամբության ձայն բարձրացնեն մեր մարդակեր և  խաչահալածթշնամիների դեմ»։

Ներսես վարդապետի այն ակնարկը, որ ինքը մաս է կազմում ինչ-որ ղեկավար մի մարմնի, որտեղից որոշակի պահին պետք է գա ապստամբություն բարձրացնելու հրամանը («երբ մենք (sic!) մարտի հրավեր կարձակենք»), կասկած չի թողնում, որ Վասպուրականում զորաժողով կազմակերպելու առաքելությունը նրան լիազորել ու հանձնարարել էր Արևելյան Հայաստանում գտնվող ազատագրական շարժման Կենտրոնը։

Այնուհետև Մխիթար աբեղան հայտնում է. «Եվ եղան բազում ելույթ ունեցողներ, բազմազան կարծիքներ,անհամար առաջարկներ»։ Արդյունքում ընդունված որոշումը հետևյալն էր՝ Վասպուրականում սկսել զորահավաքային միջոցառումներ, որոնց թվարկումն ինքնին մեծապես հետաքրքրական է.«համաձայնվեցին պատերազմական նպատակներով հավաքագրել բազում քաջակորով և մարտունակ տղամարդկանց, հայթայթել նպարեղենուտեստս կռուապաշարոյ»), բազում սայլեր, նժույգներ, բազմազան պետքական իրեր, առճիճ, նավակներ, բուրդ, ցորեն և ոչխարներ»։

Յոթերորդ օրվա գիշերը՝ Ավանց գյուղից ժամանած նավակով (մի սկզբնաղբյուրի համաձայն, XVII դ. վերջին Վանա լճում կային 50-60 մեծ և փոքր նավեր) գաղտնի խորհրդաժողովը պատվիրակներ է ուղարկել Աղթամարի կաթողիկոս Հովհաննես Ձորեցու մոտ։ Աղթամարի կղզում նրանց ընդունելով՝ կաթողիկոսը խանդավառությամբ օրհնում է ազատագրական ձեռնարկը։ Զորահավաքային միջոցառումների հետագա զարգացումների մասին որևէ բան հայտնի չէ։ Սակայն ոչ Վասպուրականում, ոչ էլ Արևմտյան Հայաստանում ապստամբություն տեղի չի ունենում։ Դրա պատճառները հիմնականում երկուսն էին. 1) արևելահայկական զինված ուժերին չհաջողվեց ընդլայնել իրենց վերահսկած տարածքն Արցախից և Սյունիքից դուրս, 2) շատ շուտով՝ օսմանյան մեծաթիվ բանակները կենտրոնացվեցին կայսրության արևելյան շրջաններում, այդ թվում՝ Վասպուրականում և ապա ներխուժեցին Սեֆյան Իրան։

Լիմի խորհրդաժողովի որոշ արդյունքների մասին կարելի է դատել կողմնակի տեղեկություններից։ 1727 թ. հոկտեմբերին հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանից հայտնում էին, որ ասորիներն ու եզդիները, որոնք ապրում էին Վասպուրականի և Տիգրանակերտի (Դիարբեքիր) շրջաններում, դեռևս հավատարիմ են հայերի հետ նախկինում կնքված հակաօսմանյան դաշինքին՝ «ընդ մեզ [են] որպէս առաջի»։ Ասորիների հետ դաշինքի կնքմանն իր անձնական կապերով կարող էր մասնավորապես նպաստած լինել Մինաս վարդապետ Տիգրանյանը, որի ծննդավայրը նշված էր նրա ազգանվան մեջ, կամ ինչպես ինքն էր ասում մի ռուսերեն վավերագրում՝ «ծնվել եմ ես Տիգրանի քաղաքում՝ Ասորիքում (родился я в граде Тиграна в Ассирии)»։ Նույն դերը կարող էր կատարած լինել նաև Վասպուրականում արևելահայկական Կենտրոնի ներկայացուցիչ Ներսես վարդապետը, որը Վասպուրականի Ռշտունիք գավառի ծնունդ էր։ Իմիջիայլոց, Ներսես վարդապետին էլ հայկական հետախուզության աշխատանքների մեջ կարող էր ներգրաված լինել նրա արևմտահայ համերկրացին՝ Մինաս վարդապետը։

Ըստ առկա բոլոր տվյալների, Լիմ անապատի գաղտնի խորհրդաժողովը երբեք չի բացահայտվել, որն ինքնին հայկական հետախուզության անվիճելի հաջողություն է։ Հասկանալի է, որ այդպիսի խոշոր հավաքի ծածուկ կազմակերպումը նախատեսում էր նախապատրաստական մանրակրկիտ աշխատանք, արհեստավարժություն և գաղտնեգործունեության բարձր մակարդակի պահպանում։

Եվս մեկ փաստ։ 1763 թ. Մշո Ս. Կարապետի վանահայր Հովնան արքեպիսկոպոսը հաղորդում էր հայ ազատագրական շարժման անզուգական գործիչ Հովսեփ Էմինին (1726-1809) հայերի, ասորիների և եզդիների միջև գոյություն ունեցող ռազմաքաղաքական գործող դաշինքի մասին։ Այս տեղեկությունը ստիպում է կարծել, որ 1720-ական թթ. հայկական հետախուզության ստեղծած գաղտնի կապերը Վասպուրականի և Տարոնի ազատագրական կենտրոնների և ասորիների ու եզդիական ցեղերի միջև՝ անցած քառասնամյակում չէին անհետացել և պատրաստ էին վերագործարկման։

Հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանն ու զինյալ կազմակերպությունը

Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիվանում (АВПР) պահպանվել են հույժ արժեքավոր վավերագրեր հայ զինվորականների՝ Ռեչ Պոսպոլիտայից Ռուսական կայսրության տարածքով Հայկական Սղնախներ (կոնկրետ՝ Արցախ) անցնելու, Կամենեց-Պոդոլսկում բազավորված նրանց ղեկավարների հետ Մինաս վարդապետ Տիգրանյանի նամակագրության, ինչպես նաև Մոսկվայում նրանց ուղարկած պատվիրակների հարցաքննությունների մասին։ Այդ փաստաթղթերի մանրամասն քննությունն ու հանգամանալից գնահատականը կներկայացվի ուսումնասիրությանս գիտական տարբերակում։ Իսկ թերթային այս հրապարակման շրջանակները թույլ են տալիս շարադրելու ընդամենը մի շարք հիմնական փաստեր և եզրակացություններ։

Այս արխիվային վավերագրերը հրապարակվեցին, մեծավ մասամբ, 1960-ական թթ.։ Այնուհետև հայ մի քանի պատմաբանների (Վարդան Պարսամյան, Համո Խաչատրյան, Աշոտ Հովհաննիսյան) միջև սկսվեց բանավեճ, որում շոշափվում էին ինչպես դրանց գիտական հրատարակման մեթոդաբանական և բարոյական կողմերը, այնպես էլ պատմաառարկայական որոշ հարցեր, այն է՝ արդյո՞ք այդ հայ զինվորականները տեղացի՝ լեհահայե՞ր էին, թե Արևելյան Հայաստանից գաղթածներ, որոնք բնակություն էին հաստատել Կամենեց-Պոդոլսկում և մերձակա քաղաքներում, իրենց պնդմամբ, 1722 թ.՝ Պարսկաստանում խառնակություններ սկսվելուց հետո։ Նրանց նպատակը հայկական զորքերին օգնության գնա՞լն էր թե իրենց ընտանիքների գիրկը վերադառնալը։

Բանավեճն ի հայտ բերեց նոր կարևոր պատմական փաստեր, սակայն, հայեցակարգային առումով եղավ ոչ լիարժեք, քանի որ հետազոտողների ուշադրությունից զարմանալիորեն (ընդ որում՝ ցայսօր) վրիպել է ամենակարևորը՝ արևելյան Եվրոպայում հայկական ընդհատակյա կազմակերպության գոյությունը։ Կազմակերպությունը ղեկավարվում էր Կամենեց-Պոդոլսկում գտնվող կենտրոնակայանից, որը ենթարկվում էր հայ ազատագրական շարժման արևելահայաստանյան Կենտրոնին։ Վավերագրերից մի քանիսն այնքան պերճախոս կերպով են նկարագրում հայկական այդ գաղտնի կազմակերպության իրական նպատակները, գործունեության շարժառիթներն ու ձևերը, որ հաճախ լրացուցիչ մեկնաբանության կարիքը պարզապես անհետանում է։

Տակավին 1721 թ. Ռեչ Պոսպոլիտայում հայկական հետախուզության կայանը Միքայել անունով մի սուրհանդակ էր ուղարկել Մինաս Տիգրանյանի մոտ՝ նրան տեղեկացնելով իր ենթակայության տակ արդեն պատրաստ վիճակում գտնվող զինյալ խմբերի մասին, որոնք, ակներևաբար, նախատեսված էին Հայաստան տեղափոխելու համար։ Հետևաբար, գործակալական կայաններն արևելյան Եվրոպայում ստեղծվել էին դեռևս խաղաղ ժամանակներում, համենայն դեպս՝ ավելի վաղ, քան 1722 թ. կփլուզվեր Սեֆյան կայսրությունը և կսկսվեր արևելահայոց ապստամբությունը։ Մինչ այդ արդեն ահռելի աշխատանք էր կատարվել ռազմական կադրեր՝ հիմնականում Հայաստանից ուղարկված երիտասարդներին գաղտնաբար հավաքագրելու և պատրաստելու ուղղությամբ։

Ինչպես ցույց են տալիս առկա արխիվային նյութերը, 1727 թ. հայկական գաղտնի կազմակերպությունը միավորում էր մոտավորապես 500 հայ պրոֆեսիոնալ զինվորականների, որոնց գլխավորում էր Կամենեց-Պոդոլսկի կայանի ղեկավար եռյակը կամ, ինչպես նշում է սկզբնաղբյուրը՝ «նրանք երեք պետ ունեն՝ Իսահակը, Մարտիրոսը և Մանուկը»։ Կազմակերպության հրամանատարական կառուցվածքն օգտագործում էր ցանցային կառավարման տարրեր և էականորեն ապակենտրոնացված էր. այդ 500 զինվորականները (որոնցից ավելի քան 300-ը Ռեչ Պոսպոլիտայում էր) բաժանված էին մանր ջոկատների և ցրված«Կամենեց-Պոդոլսկում և մերձակա լեհական քաղաքներում, ինչպես նաև Վոլոսկի (Վալախիայի) երկրում, Հունգարիայում և այլ երկրներում և քաղաքներում», «իսկ վերոհիշյալ պետերն ու նրանց ենթակայության տակ գտնվող մյուս հայերը բոլորը զինվորականներ են, բայց այդ թաքցնում են ու տեղից տեղ թափառում առևտրական գործերով ու թշվառ տեսքով»։

Ինչպես տեսնում ենք, այս ընդհատակյա կազմակերպության ենթակառուցվածքը սփռված էր Եվրոպայի մի քանի պետություններով, ընդ որում՝ դրանցից ոչ բոլորն են թվարկված։ Կամենեց-Պոդոլսկի կայանի հինգ պատվիրակները, որոնց հարցաքննել էին Մոսկվայում՝ Արտաքին գործերի կոլեգիայում, հայտնում էին, որ զինյալ խմբերի մասին տեղեկություններն ամբողջությամբ գաղտնիացված են և կենտրոնացված միայն ղեկավար եռյակի՝ Իսահակի (նույն ինքը՝ Եսայի), Մարտիրոսի և Մանուկի մոտ. «իսկ թե ո՞ր վայրերում են նրանք այժմ գտնվում ու որտե՞ղ քանի հոգի կա՝ այդ մասին գիտեն վերոհիշյալ երեք պետերը, որոնք նրանց ուղարկել են Կամենեց-Պոդոլսկից»։

Կազմակերպության ղեկավարների նպատակը շարադրված է շատ հստակ՝ Ռուսաստանի միջով անցնել մարտնչող Հայկական Սղնախներ (Արցախ և Սյունիք). «Իսկ նրանց Կամենեց-Պոդոլսկից ուղարկել են հիշյալ գլխավոր հայերը նորին կայսերական մեծության (ն.կ.մ.) մոտ խնդրագրով, որպեսզի ն.կ.մ.-ը ողորմածաբար նրանց իրավունք շնորհի Ռուսաստանի պետության վրայով, առանց արգելքի, ազատորեն անցնելու Պարսկաստան՝ Հայկական Սղնախներ։ Եվ այս է միայն նրանց գլխավոր պետերի միակ ցանկությունը և միմիայն այս մասին են խնդրում ն.կ.մ.-յանը (ընդգծումն իմն է՝ Ա.Ա.)»։ Ավելի ուշ Մոսկվա ժամանած հայ զինվորականների տարբեր խմբեր առավել մեծ հստակություն են մտցնում այս հարցում, հայտարարելով, որ իրենք «…ցանկանում են հայոց բանակին օգնության գնալ», «իսկ իրենք բոլորը ցանկանում են գնալ Հայկական Սղնախներ՝ հայկական բանակին օգնության», «իսկ մտադրվել են Ռուսաստանի միջով Սղնախներ ճանապարհվել, մտածելով, որ քրիստոնյա պետության միջով ավելի դյուրին կլինի անցնելը»։

Կոնսպիրացիայի բարձրագույն աստիճանը պահպանելու նպատակով, պետերի եռյակը, ինչպես նաև հայ զինվորականների մի մասը մշտապես փոխել են իրենց բնակության վայրերը. «նրանք ապրում են քաղաքից քաղաք և տեղից տեղ փոխադրվելով, որպեսզի թաքցնեն իրենց մտադրությունը»։ Կազմակերպության ներսում գաղտնեգործունեության բարձր մակարդակն արտահայտվում էր նաև նրանում, որ նրա անդամների մեծամասնությունը չէր ճանաչում գլխավոր պետերին։ Ոչ միայն տարբեր քաղաքներում և շրջաններում, այլև տարբեր պետություններում գտնվող իր բջիջների վրա ամենօրյա օպերատիվ վերահսկողություն իրականացնելու անհնարինությունը կարող էր փոխհատուցվել միայն ներքին երկաթյա կարգապահությամբ։ Ամեն դեպքում պետերի եռյակն ուներ գաղտնի կապի ինչ-որ համակարգ, որով արդյունավետորեն իրազեկվում էր իր գործող կառույցների գտնվելու վայրերի և ընդհանուր վիճակի մասին, այլապես չէր կարող 1727-1728 թթ. ձմռանն արագորեն գումարել բոլոր (կամ առնվազն Ռեչ Պոսպոլիտայում եղած) ջոկատների ընդհանուր հավաք։

Հատկանշական է նաև այն, որ այս զինվորները ճանապարհվել են Հայաստան ռազմական տեսակետից ամենաանհուսալի ժամանակ, հրաշալիորեն տեղյակ լինելով, որ օսմանյան բանակը գրավել է ամբողջ Անդրկովկասը, իսկ Արցախն ու Սյունիքն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում են խուլ շրջափակման, փաստացիորեն՝ պաշարման մեջ։ Ամենայն հավանականությամբ, այս ծանրագույն վիճակը ստիպել է Կենտրոնին, այն է՝ Արցախի և Սյունիքի հրամանատարությանը պահանջել իր հետախուզության արևելյան Եվրոպայում ներդրված կայաններից՝ շուտափույթ օգնության ուղարկել բոլոր պատրաստ զինյալ ջոկատները՝ քանի դեռ դիմադրությունը երկրի ներսում չի ոչնչացվել։ Հենց այդ կտրուկ հրամանը, ավելի ստույգ՝ Սղնախներից հասած SOS ազդանշանը ստիպում էր հայկական հետախուզության կայանապետերին շտապել Հայաստան ջոկատները ուղարկելու գործում։ Հիշեցնենք, որ այդ զինյալ ջոկատներն ստեղծվել էին Իսրայել Օրիի մտահղացմամբ՝ դեռևս մինչև ապստամբության սկիզբը Հայաստանից Եվրոպա ուղարկված և այնտեղ ռազմական ուսուցում ստացած ընտիր երիտասարդներից (տե՛ս «Հայաստանի Զրուցակից», 8 (217)

1727-1728 թթ. ձմռանը Ռեչ Պոսպոլիտայում կազմակերպվեց ջոկատների ընդհանուր հավաք՝ շտապ Հայաստան մեկնելու նպատակով։ Իզուր չէ, որ Կամենեց-Պոդոլսկից Մոսկվա ուղարկված պատվիրակներն «աղերսանքով» թույլտվություն էին խնդրում ռուսաց կայսրից, «որպեսզի նրանք ներկա ձմեռային ճանապարհով կարողանան շարժվել Մոսկվա»։ Ձմռանը՝ռուսական սառնամանիքի և անանցանելիության պայմաններում, ճանապարհ ընկնելու հաստատակամ ցանկությունը կարող է բացատրվել միայն Սղնախներից ստացված շտապելու հրամանով։ Սակայն պետական սահմանների հատումը կազմակերպելու արտակարգ բարդությունների պատճառով այդ ջոկատները դարձյալ տարակենտրոնացվեցին։ Ինքը՝ «հավաքը», ըստ երևույթին, գումարվել էր Ռեչ Պոսպոլիտայի առևտրային կենտրոններից մեկում, ամենայն հավանականությամբ՝ նույն Կամենեց-Պոդոլսկում։ Այդ հավաքի ընթացքում գաղտնեգործունեության կաննոնները պահպանվել են ողջ խստությամբ. ջոկատներն ու նույնիսկ ջոկատների հրամանատարները, ինչպես հայտնում էին Մոսկվա ժամանած հայերը, «միմյանց միջև քննարկումներ ու ժողովներ չեն արել և հնարավորին չափով միմյանցից թաքցրել են Ռուսաստանի վրայով Սղնախներ մեկնելու իրենց ցանկությունը»։

 

Հայ զինվորականները զգուշանում էին լեհական իշխանություններից, որոնք խոչընդոտներ էին առաջացնում Ռուսաստան մեկնել փորձող նույնիսկ փոքր խմբերի համար. «իսկ եթե Լեհաստանում հայերի շարժումը չկասեցնեին, ապա այստեղ արդեն հասած կլինեին ավելի քան 300 հոգի», – հայտնում էին ռուս պաշտոնյաներին 1728 թ. սեպտեմբերի 8-ին Մոսկվա ժամանած հինգ հայ զինվորականները։ Ընդ որում, հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանը բավականին լավ տեղեկացված էր միջազգային քաղաքական իրադրության, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների մասին և ըստ այդմ հույսեր չէր տածում Ռուսաստանից կամ որևէ այլ պետությունից ռազմական օգնություն ստանալու վերաբերյալ։ Դեպի Հայաստան իր ջոկատների երկար ճանապարհը հաղթահարելու համար հայոց պետերի եռյակը ռուսաց իշխանություններից անգամ նյութատեխնիկական օժանդակություն չէր հայցում. «Նրանցից ոմանք ձիեր ու հրացաններ ունեն, իսկ ուրիշները չունեն, բայց երբ ն.կ.մ. հրամանով նրանց թույլ տրվի Ռուսաստան գալ, ապա բոլորը կգան՝ ով ինչքանով իրեն կկարողանա զինելկգան իրենց սեփական ծախսերով, չցանկանալով ն.կ.մ.-ից Ռուսաստանով անցնելու համար որևէ օժանդակություն ոչ դրամով, ոչ սննդով, ոչ սայլերով, միայն թե իրենց Ռուսաստանով անցնելու ազատ և անհապաղ իրավունք տրվի»։ Այսպիսով՝ կայանն ի վիճակի էր ինքնուրույնաբար լուծելու իր ջոկատների զինման, ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման հարցերը։ Միաժամանակ, Ռուսաստանով անցնելու ընթացքում ձգտելով պահպանել գաղտնիությունը և չվտանգել ամբողջ արևելյան Եվրոպայում գործող հայկական ընդհատակյա կազմակերպությունը, հայկական հետախուզութան Կամենեց-Պոդոլսկի կայանի պատվիրակները համառորեն խնդրում էին, որպեսզի դեպի Մոսկվա ճանապարհին հայ զինվորականներից որևէ մեկին չհարցաքննեն, և միայն այն ժամանակ, երբ հիշյալ պետերը Մոսկվա կժամանեն, «իրենց վիճակի և նպատակների մասին կզեկուցեն նրան, ում կհրամայի ն.կ.մ.-նը»։

Մոսկվայում հարցաքննված հայ զինվորականներից ոմանք գուցեև անձամբ ճանաչում էին իրենց գլխավոր պետերին, սակայն նրանց ինքնության, բնակվելու վայրի և ամենօրյա գործունեության մասին գաղտնիքը չհրապարակելու խիստ հրաման ունեին։ Այսպես, 1728 թ. սեպտեմբերի 8-ին «Լեհաստանից Կիևի վրայով» Մոսկվա հասած հայ զինվորականներ Հովհաննեսը (Իվանը), Գրիգոր Իվանովը, Պետրոս Ղազարյանը (Պետր Լազարև), Բաբուն Նիկիտինը հայտարարում էին ռուս պաշտոնյաներին. «Գլխավոր պետերից ճանաչում են միայն Եսայուն, որն իրենց այստեղ մեկնելուց հետո մնացել է Կամենեց-Պոդոլսկում։ Նրա մոտ իրենց զինակիցներիցեղբայրներից») մնացել են մինչև 60 մարդ, իսկ մյուս պետերին՝ Մարտիրոսին և Մանուկին նրանք չեն ճանաչում»։ Եսայու մասին տեղեկացնելու այս պատրաստակամությունը հավանորեն բխում էր նրանից, որ նա պատրաստվում էր նույնպես Մոսկվա ժամանել՝ Ռեչ Պոսպոլիտայից բոլոր հայ զինվորականներին ուղարկելուց անմիջապես հետո։ Ի դեպ, նրանք, ավելորդ ուշադրություն չգրավելու համար, այնտեղից դուրս էին գալիս «երկուական կամ երեքական» խմբերով։ Այս կապակցությամբ ուշագրավ է, որ ղրիմահայոց ջոկատն էլ Սև ծովն անցնում էր ճիշտ այդպես՝ «մի մի, երկ երկու» հոգով (տե՛ս «Հայաստանի Զրուցակից», 8 (217))։ Սա վկայում է հայկական հետախուզության մեջ մասնագիտական փորձի փոխանցման և օգտագործման կանոնավորված համակարգի գոյության մասին։

АВПР-ում պահպանվել են նյութեր 1728 թ. Ռեչ Պոսպոլիտայից Ռուսաստան դուրս եկած հայկական մի ջոկատի մասին, որը գլխավորում էին «գնդապետ» Գրիգոր Ստեփանյանը (Ստեպանովը) և եպիսկոպոս Պետրոս Խաչատրյանը (Խաչատուրովը)։ Իմիջիայլոց, Գրիգոր Ստեփանյանին գնդապետի աստիճան էին շնորհել ոչ թե Ռուսաստանում, այլ ըստ երույթին Ռեչ Պոսպոլիտայում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է մեր առաջադրած վարկածը, թե շատերը նրանցից, ում հայ ազատագրական շարժման կենտրոնն ուղարկում էր արտասահման, հատկապես այն բանից հետո, երբ այդ կենտրոնի գլուխ կանգնեց Իսրայել Օրին, ինչպես և ինքը, մտածված կերպով եվրոպական բանակներում ծառայության մեջ էին մտնում՝ ռազմական առաջավոր ուսուցում և փորձ ձեռքբերելու նպատակով։ Անցնելով Կիև-Մոսկվա-Ցարիցին-Չորնի Յառ-Թերեք երթուղով՝ Գրիգոր Ստեփանյանի 23 «զինվորականներից» բաղկացած ջոկատը հասնում է Դերբենտ 1728 թ. սեպտեմբերին։ Չի բացառվում, որ ջոկատի մի մասը հետախուզական կամ այլ նպատակներով անմիջապես անցած լինի Արցախ։ Մինչդեռ հրամանատարները և, ըստ ամենայնի, ջոկատի մեծ մասը, մեզ առայժմ անհայտ պատճառներով, անցել են Արցախ միայն 1729 թ. վերջին կամ 1730 թ. սկզբին։ Այնտեղ ջոկատը մասնակցել է օսմանյան զորքերի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերին ընդհուպ մինչև 1730 թ. օգոստոսի կեսերը։ Իրադրության հետագա վատթարացումը, սակայն, ստիպում է նրանց, արցախյան ուժերի մի խոշոր ջոկատի հետ, ճեղքել շրջափակումը և մտնել ռուսական վերահսկողության տակ գտնվող մերձկասպյան շրջանները։ Հայ զորապետերը (յուզբաշիները) խնդրում են ռուսաց հրամանատարությյանը՝ ռազմական օգնություն տրամադրել և նրանց ետ ուղարկել՝ օժանդակ «զորախմբի» (команда) հետ միասին, սակայն մերժում են ստանում։

Այսպիսով, հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանը հայ ազատագրական շարժման ինքնավար ու ինքնաբավ մի ստորաբաժանում էր։ Այն ոչ միայն ղեկավարում էր եվրոպական մի շարք պետություններում և Օսմանյան կայսրությունում գործող ճյուղավորված ընդհատակյա գործակալական ցանցը, այլև իր ենթակայության տակ ուներ զինված ջոկատներ, որոնց ընդհանուր թվաքանակը հասնում էր 500 հոգու։ Սրանք լավ մարտական պատրաստություն, բանակային կարգապահություն և բարձր շարժառիթավորում (մոտիվացիա) ունեցող զինվորականներ էին։ Փաստորեն, խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես հայկական հետախուզության կայանին, այլև նրա ղեկավարած ռազմականացված գաղտնի խմբավորմանը, որը գործում էր հեռավոր արտասահմանում, լինելով թերևս խոշորագույն նմանատիպ էթնիկ կազմակերպությունը՝ XVIII դարի Եվրոպայում։ Կամենեց-Պոդոլսկի հետախուզական կայանի մասին տեղեկություններն ընդհատվում են 1728 թ., իսկ արդեն 1730-ական թթ. իր գոյությունն է դադարեցնում այն ստեղծած Կենտրոնը։ Այդուամենայնիվ կարելի է ենթադրել, որ կայանի ղեկավարած ընդհատակյա հայկական կազմակերպությունը կարող էր որոշ ժամանակ ևս իր գործունեությունը շարունակած լինել՝ այս կամ այն ձևով և փոփոխված նպատակներով։

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«Հայաստանի զրուցակից»,

1937 թվական 75 տարի ա՞նց. մեկ անգամ եւս հայաստանյան պատմագիտության բարոյականության հարցերի մասին

June 3, 2012

«Ազգ» օրաթերթի ս. թ. փետրվարի 25-ի հասարակական-պատմագիտական «Ներդիրում» լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու (այժմ՝ արդեն նորաթուխ, բայց դեռեւս չհաստատված դոկտոր) Հայկ Դեմոյանի «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության «պաշտպանները»» վերտառությամբ գրությունը՝ «Գեւորգ Յազըճյանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» հոդվածի շուրջ (լույս է տեսել «Ազգ» 2011 թ. ապրիլի 9-ին)» ենթավերնագրով: Խմբագրությունն այս նյութը հրապարակել է «Պատասխանի իրավունքով» խորագրի տակ:

Հեղինակն իր երկարապատում «պատասխանում», ըստ էության, անտեսել՝ անպատասխան է թողել իմ հատկապես հետեւյալ փաստացի քննադատությունները.
- Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ ուղղումը, թե Օսմանյան կայսրության սուլթանները ֆեթվա չէին արձակում, այլ՝ ֆերման:
- Չի հերքել (եւ չի կարող հերքել) հայերի ոչնչացման նպատակով 1725 թ. սուլթանական ֆերմանի (եւ ոչ թե ֆեթվայի) չգոյության վերաբերյալ իմ նշումը,
- Չի հերքել (եւ չի կարող հերքել) ադրբեջանցի անգո ազգի պայմաններում Ադրբեջանն իբրեւ ազգային պետություն ներկայացնելու իմ քննադատությունը:
- Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ ուղղումը, թե 1990-ականների սկզբին «ադրբեջանական բանակի ընդհանուր թվաքանակը չէր բավարարի 10 թուրք գեներալի համար: Ընթերցողին մնում է տարակուսել, թե Դեմոյանը որտեղի՞ց է հայթայթել այդ՝ բացահայտորեն չափազանցված թիվը»:
- Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ դիտողությունը, թե Հայաստանն ու Ղարաբաղն առանձին երկրներ ներկայացնելը քաղաքականապես սխալ է եւ հույժ վտանգավոր (թեկուզեւ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական վերնախավում տարածված մոտեցում է):
- Համացանցում ավելի վաղ տարածած իր «պատասխանի» տարբերակում սույն անձը «տեխնիկական վրիպակ» էր համարել իմ այն քննադատությունը, որ իր «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածում ինքն իր «Турция и Карабахский конфликт в конце XX–начала XXI веков: историко-сравнительный анализ» (Ер.: Авторское издание, 2006) գրքի հրատարակության տարեթիվը հետ է տարել… 11 տարով՝ 2006-ի փոխարեն նշելով 1995 թվականը: Ըստ իս՝ 4 թվանշանից 4-ի շփոթումը ոչ թե վրիպակ է, այլ Արմեն Այվազյանի 1997 թ. հրապարակած գրքից բանագողությունը կոծկելու անհաջող ու ձախավեր հնարք:
- Չի պատասխանել իմ բազմաթիվ առարկայական քննադատություններին՝ իր հոդվածի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում առկա բազմաթիվ հակասական մտքերի, լեզվաոճական թերությունների եւ օտարաբանությունների վերաբերյալ:
- Չի ընդունել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջում այս հիմնարկի անգլերեն անվան մեջ տեղ գտած կոպիտ ու ողբերգա-կատակերգական սխալի առկայությունը:

Սրանց մասին՝ «Պապանձումն Զաքարիայի», ինչպես ասում են արեւմտահայերը:

Փոխանակ պատասխանելու այս քննադատություններին եւ թեկուզ կեսբերան շնորհակալություն հայտնելու այդ մատնանշումների համար, սույն անձն ընտրել է իրեն հասու միակ ճանապարհը՝ վիրավորել, սադրել, խեղաթյուրել եւ մասամբք սոցին…

Այդուհանդերձ, հատուկ շնորհակալություն՝ «Ազգի» խմբագրությանը. ապագա դոկտորացուի հիշյալ հրապարակմամբ երեւան հանեց վերջինիս «տաղանդի» բազմաթիվ նոր դրսեւորումներ՝ հնարավորություն տալով նրան գնահատելու «ի բերանոյ քումմէ դատեցար» սկզբունքով:
Գրության նախնական օրինակը սույն անձը դեռ անցյալ տարվա ապրիլին տարածել էր Համացանցում՝ «Նոյյան տապան» գործակալության եւ hetq.am կայքերում, ուղարկել տարբեր հասցեներով ու նաեւ ներկայացրել «Ազգի» խմբագրություն՝ հրատարակելու պահանջով: Սակայն պր. Հակոբ Ավետիքյանը կտրականապես մերժել է՝ այս մասին «Անկախ» թերթի թղթակցին հայտնելով հետեւյալը. «Նախ՝ ես ասացի, որ նրա հոդվածում 25–26 անձնական բնույթի վիրավորանքներ կան, եւ եթե նա գրի մի նոր նյութ, որում այդ վիրավորանքները չլինեն եւ նրա պատասխանը լինի ըստ բուն նյութի, ապա ես պատրաստ եմ տպել, թեկուզեւ ոչնչացնի Յազըճյանին» (Անի Գասպարյան, «Պետական հանցագո՞րծ, թե՞ զրպարտիչ. կպարզվի դատարանում», http://ankakh.com/2011/04/113427/): «Ազգի» ս. թ. փետրվարի 25-ի «Ներդիրում» ապագա դոկտորացուի գրությունը դույզն-իսկ չէր համապատասխանում պր. Ավետիքյանի պայմանադրած չափորոշիչներին: Այդուհանդերձ, չեմ զարմանում. վայրիվերո արժեչափերի մեր ժամանակներում շատերը բնական են համարում մի բան ասելը, սակայն տրամագծորեն հակառակն անելը…

Ստորեւ կետ առ կետ կլուսաբանեմ սույն անձի «պատասխանում» բազմաթիվ խեղաթյուրումներից ու հերյուրանքներից մի քանիսը:
Ա. Պարզվում է, որ սա օժտված է բազմաթիվ բացառիկ հատկություններով, այդ թվում՝ պայծառատեսությամբ. նայելով մարդու դեմքին՝ անսխալ բնութագրում է նրան հոգեբանորեն, բացահայտում նրա բարդույթները: Բարձրագույն կրթությամբ սույն պատմաբան անձը, կարծում եմ, հանրապետության գլխավոր հոգեբույժի լավագույն հավակնորդն է, փնտրված կադր…

Բ. Սույն անձը ձեռնածություն է անում ազգանվանս հետ՝ ի ցույց դնելով իր… տգիտությունը: Թուրքերեն «յազըճը» բառը թարգմանել է «գրող»: Խմբագրությունն ստիպված ծանոթագրել է այն՝ «գրագիր»: Այսինքն՝ ըստ սրա՝ նույնն են գրողն ու գրագիրը: Այս երեխայական վարմունքն ինձ հիշեցրեց խաղախորդի եւ մորթեգործի մասին հայկական միջնադարյան առակը. խաղախորդը, անցնելով մորթեգործի տան մոտով, նրան նախատում էր եւ ժահահոտ անվանում: Ես էլ կարող էի ձեռնածություններ անել ու քրքջալ: Ասենք՝ մի տառ ավելացնել սրա ազգանվանը կամ պակասեցնել (պարկեշտ չէ, օրինակ, թուրքերեն «դեմ» բառն այս պարագայում հայերենի թարգմանելը): Բախտս բերել է, որ ազգանունս առնչված չէ մարմնական կամ բնական ճանապարհով մարմնից հարկադրված դուրս եկող ինչ-որ բանի, առավել եւս՝ հոգեկան թերության կամ արատի հետ, այլապես սույն անձը «հիմնավոր» փաստարկ կունենար մինչեւ յոթ պորտս ինձ վարկաբեկելու համար:

Գ. «Ականավոր» դոկտորացուն իր «պատասխանում» մի քանի անգամ մերժում է իմ գիտնական լինելու փաստը եւ ինքնախոստովանում, որ իր՝ իմ քննադատած հոդվածը պարզապես «թռուցիկ» է, իսկ իր ղեկավարած հիմնարկի (ՀՀ ԳԱԱ ինստիտուտ) էլեկտրոնային պարբերականը՝ սոսկ «լրատու»: Այսինքն՝ ակադեմիական այդ պարբերականը սոսկ լրատու է, իսկ այնտեղ զետեղված հոդվածները թռուցիկներ են՝ ըստ ՀՑԹԻ-ի ղեկավարի խոստովանության… Սա, ինչ խոսք, բավական «լուրջ» գիտություն է…

Դ. Պայծառատես-հոգեբույժ-գուշակ սույն անձը հայտարարում է, որ իմ քննադատականը գրել եմ «Արմեն Այվազյանի դրդմամբ» կամ էլ նրա հեղինակած հոդվածը հրապարակել եմ իմ անունով («պատասխանում» ոչ մեկ անգամ հանդիպող սուտ): Սույն անձը կամ չգիտե, կամ էլ միտումնավոր մոռանում է, որ Արցախի 18-րդ դարի պատմությունն ինձ համար ո՛չ խոպան է, ո՛չ էլ անապատ. խմբագրել եմ պատմ. գիտ. դոկտոր Էդուարդ Դանիելյանի «Գանձասարի պատմութիւն» (2005) գիտական ծավալուն մենագրությունը եւ «Գանձասարի վանքը» (2009) գիտահանրամատչելի հատորը (յուրաքանչյուր աշխատությունը մանրակրկիտ կերպով ընթերցել եմ առնվազն հինգ անգամ՝ հաճախ համեմատելով սկզբնաղբյուրների հետ), գրախոսել պատմ. գիտ. թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII–XIX դդ.» արժեքավոր մենագրությունը («Ազգ-ներդիր», 20. 09. 2008) եւ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքում» (2007) խեղաթյուրումներով հարուստ ռուսերեն գիրքը («Լուսանցք», 2009 թ., թիվ 16 եւ թիվ 18):
Ե. Ապա հետեւում են սույն անձի ճամարտակությունները գիտական բարոյականության մասին: Իսկ ո՞վ է բարոյականության մասին գրողը: Ապագա դոկտորացուն, որը 2005 թ. ապրիլի 21-ին «Գոլոս Արմենիում» գրել է Աթաթուրքի՝ հայ կանանց ու երեխաներին այրելու մասին, իսկ 2008 թ. սեպտեմբերի 25-ին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլա Գյուլի երեւանյան այցից հետո «Էկոնոմիստ» հանրահայտ հանդեսում նույն Աթաթուրքի՝ հայ կանանց ու երեխաների փրկելու մասին… Քաղաքական այս անզուսպ պատեհապաշտի կարծիքով՝ ես ձեւաւորվել եմ «ճղճիմ» միջավայրում: Ինչպես հայտնի է, մարդը ձեւաւորվում է (մեծ մասամբ) նաեւ դպրոցում: Հայերենի ու հայոց պատմության իմ ուսուցիչներն են եղել հայ գրականության, պատմագիտության եւ պարբերական մամուլի երախտավորներ Վահե Վահյանը, Օննիկ Սարգիսյանը, Գերսամ Ահարոնյանը, Լեւոն Վարդանը, Հակոբ Չոլաքյանը, գրաբարի ուսուցիչս՝ «Ազգի» հիմնադիր-գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, դպրոցի տնօրեններս՝ հայ կրթության անխոնջ մշակներ Երվանդ Պապայանն ու Արա Թոփճյանը… Երեւի այս պատկառելի ու վաստակաշատ մարդիկ էլ ճղճիմ էին կամ են, քանզի իմ ձեւավորման համար այդպիսի միջավայր են ստեղծել՝ ըստ սույն անձի:

Զ. Իմ գիտնական «չլինելն» ապացուցելու համար սա դիմում է բացահայտ, թուրքավարի խեղաթյուրման: Այսպես՝ մեջբերելով իմ «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները» գրքի առաջաբանից մի հատված՝ կտրում է հույժ կարեւոր շարունակությունից, ինչպես նաեւ անտեսում էջատակի ծանոթագրությունը: Առաջաբանում նշել եմ, որ այս գիրքը գիտահանրամատչելի ոճով է գրված ու անմիջապես ավելացրել. «Դա այնպիսի գործ է, որն արտացոլում է իմ հաւատամքը, թէ «գիտութիւնը, արուեստը, մշակոյթը եւ, առհասարակ, ամեն ինչ ոչ միայն պէտք է, այլ պարտաւոր է ծառայել ազգի եւ ազգային պետութեան շահերին»: Գրել եմ, որ «ուսումնասիրութիւնը կատարելու եւ, ամենակարեւորը, այն հրապարակելու բուն նպատակս» է «զգուշացնել հայ հասարակութեանը գալիք արհաւիրքից» (էջ 3, ընդգծումները՝ ըստ բնագրի – Գ. Յ.): Իսկ այդ արհավիրքը, ի թիվս ՀՀ-ում այսօրվա բարոյահոգեբանական անկումային վիճակի խորացման, կարծես դարձել է անխուսափելի. վկաներից մեկն էլ ՀՀ ակադեմիական հայագիտության մեջ անբարոյական դրսեւորումների օրեցօր արմատավորումն է:

Սույն անձն անտեսել է նաեւ հետեւյալ ծանոթագրությունը՝ հենց նույն էջի տողատակում. «Գիտական ոճը պահպանել ենք այս գրքոյկի կրճատ տարբերակում, որը լոյս է տեսել քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այվազեանի կազմած ու խմբագրած «Ռազմավարութեան եւ անվտանգութեան հարցեր» յօդուածների ժողովածուում (Երեւան, 2007), էջ 481–549»:

Ոչ միայն իմ, այլեւ Արմեն Այվազյանի ու նրա ղեկավարած «ոհմակի» (այս արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է Դեմոյանին) նկատմամբ անթաքույց ատելությամբ լցված արարածը, իհարկե, չտեսնելու էր տալու այս ծանոթագրությունը:

Է. Սա ինձ վերագրում է հայոց լեզուն տարբեր ոտնձգություններից պաշտպանելու «սրբազան առաքելություն»: Իր դոկտորական ատենախոսությունը ռուսերենով, այսինքն՝ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ գրած սույն անձն այս արտահայտությունը, իհարկե, գրել է հեգնանքով, սակայն դա միակ ճիշտ արտահայտությունն է նրա ողջ սադրագրում: Այո՛, ես անխնա եմ եղել եւ այսուհետ էլ անողոք եմ լինելու հայոց լեզուն հատկապես ՀՀ-ում անարգողների նկատմամբ, եւ վաստակաշատ հրատարակիչ, ազգային-հասարակական գործիչ Թորոս Թորանյանի նման հպարտ եմ հայտարարելու, թե «Մեսրոպ Մաշտոցի բեռնակիրն եմ»:

Ը. Սույն անձը «հայտնագործել» է, որ վերը նշված իմ գրքի վերնագիրը «շատ նման է» Մ. Ավետյանի՝ 1954 թ. Փարիզում լույս տեսած գրքի «առանձին ենթագլխի վերնագրին» («Կարսի աղէտին դրդապատճառները»), եւ ինձ մեղադրում է այդ աղբյուրին հղում չանելու, այսինքն՝ բանագողության համար: Նա երեւի իրեն շփոթում է… ինձ հետ, որը մահացու վիրավորական է ինձ համար: Ես այդ աշխատությունը չեմ կարդացել (իմ գրքի հրատարակումից տարիներ անց այդ գործից մեջբերումների հանդիպել եմ ակադ. Հրաչիկ Սիմոնյանի՝ իմ խմբագրած «Ազատագրական պայքարի քառուղիներում» բազմահատորյակի էջերում): Եթե չեմ օգտվել, բնականաբար, նաեւ հղում չեմ արել: Մյուս կողմից՝ եթե, բացի Կարս քաղաքի անունից, նմանության պատրանք ստեղծել են «դրդապատճառ» եւ «խորքային պատճառ» բառերը, ապա նշանակում է՝ աշխարհում ստեղծագործությունների անվանումներում չպետք է կրկնվեն շատ բառեր, որպեսզի դեմոյանների «տրամաբանությամբ» օժտվածները կրկնողներին չմեղադրեն… բանագողության համար (ասենք, եթե Մոցարտը «Ռեքվիեմ» վերնագրված ստեղծագործություն ունի, Սիլվա Կապուտիկյանն իրավունք չուներ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, նահատակ Լեւոն Էքմեկչյանին նվիրված իր բանաստեղծությունը «Գիշերային ռեքվիեմ» վերնագրելու, նմանապես՝ Տիգրան Մանսուրյանը՝ երաժշտական ստեղծագործություն հորինելու «Ռեքվիեմ» վերնագրով եւ այլն): Համենայն դեպս, շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Արա Սանճյանին՝ Մ. Ավետյանի գրքի «առանձին ենթագլուխը» սույն անձի միջոցով ինձ «հուշելու» համար…

Թ. Սա ինձ խորհուրդ է տալիս «ստուգել հայերեն գրագետ տեքստ շարադրելու իմ կարողությունները»: Բայց ո՛վ եւ ու՛մ է խորհուրդ տալիս: Նախ՝ հարկավոր էր հայերեն գրագետ գրելուց առաջ դոկտորական ատենախոսությունը շարադրել հայերեն, հետո միայն «մեյդան» կարդալ, պարոն նորաթուխ դոկտո՛ր (գուցե չես էլ իմացել, որ, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ պետական լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ է, իսկ Սահմանադրությունը պարտավոր են հարգել եւ նրանով առաջնորդվել բո-լո-րը՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ՝ սկսած ՀՀ նախագահից): Իմ ավելի քան 700 հոդված-հրապարակումները, հրատարակած շուրջ 25 գիտական հոդվածները, 7 գրքերն ու գրքույկները (այդ թվում՝ հայաստանյան նորագույն պարբերական մամուլի մասին 2 գիտական մենագրություն), ռուսերենից եւ արաբերենից թարգմանած 2 գրքերը, կազմած, խմբագրած, ծանոթագրած եւ/կամ արեւմտահայերենի վերածած ավելի քան 70 հրատարակությունները (վերջինը՝ ճանաչված լրագրող եւ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի «Հայեացք Արարատէն. Հայերը Եւ Թուրքերը» մենագրությունը մի քանի օր առաջ լույս է տեսել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարանում), բազմատասնյակ հրատարակված գրախոսությունները վկայում են հայերենին (ընդ որում՝ արեւելահայերեն ու արեւմտահայերեն տարբերակներով) տիրապետելու իմ կարողությունների մասին, եւ դեմոյանական գնահատականի կարիքը չունեմ: Բավական է ասել, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը լույս ընծայեց եւ իր կայքէջում տեղադրեց ՀՀ Սահմանադրության արեւմտահայերեն տարբերակը՝ իմ աշխատասիրությամբ, որտեղ նշված է ի՛մ անունը: Իսկ նշածս 70 գրքերի ավելի քան կեսը ծանրակշիռ գիտնականների մենագրություններ, կազմած գրքեր կամ փաստաթղթերի ժողովածուներ են, որոնք առնչվում են հայագիտական տարբեր ուղղությունների՝ հայոց պատմություն, դիցաբանություն, բանահյուսություն, ազգագրություն, բանասիրություն, գրականություն, գրականագիտություն, բարբառագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն եւ այլն, նաեւ՝ հայոց ցեղասպանագիտություն: Իմ խմբագրած կամ արեւմտահայերենի վերածած գրքերից են ակադ. Հրաչիկ Սիմոնյանի «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» մենագրությունը, նույնի՝ «Ազատագրական պայքարի քառուղիներում» կոթողային մատենաշարի 3-րդ եւ 4-րդ հատորները (երեքը միասին՝ շուրջ 3000 էջ), պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Էդուարդ Դանիելյանի վերոնշյալ երկու գրքերը, բան. գիտ. դոկտոր Մարգարիտ Խաչատրյանի կազմած «Արամ Հայկազ. Նամակներ» ժողովածուն եւ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» մատենաշարի Ա եւ Բ գրքերը (Գ-ն տպարանում է), փիլ. գիտ. դոկտոր Արամ Սարգսյանի «Ուրվագիծ XIX դարի հայ իմաստասիրության» գիրքը, փիլ. գիտ. թեկնածուներ Աշոտ Պետրոսյանի եւ Վարդան Նիկողոսյանի, բան. գիտ. թեկնածուներ Արմեն Սարգսյանի եւ Դավիթ Գյուրջինյանի, պատմ. գիտ. թեկնածու Հակոբ Չոլաքյանի մի քանի գրքերը եւ այլն, եւ այլն: Միայն 2011 թ. սեպտեմբերից մինչեւ օրս լույս է տեսել իմ կազմած, խմբագրած եւ/կամ ծանոթագրած եւ/կամ արեւմտահայերենի վերածած տասը աշխատություն (Երեւանում, Բարսելոնայում, Թեհրանում եւ Անթիլիասում), երկուսն էլ տպագրության փուլում են: Ահա թե ո՛ւմ է սույն անձը համարձակվում հայտարարել գիտությունից հեռու, անգամ՝ գիտության հետ առհասարակ կապ չունեցող մարդ, նույնիսկ՝ «քաբաբանոցի աշխատող» («Երկիր», 27. 02. 2012): Իսկ եւ իսկ 1937 թվական… ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտներում բացահայտ դավաճանությունը հայոց լեզվին լցրեց ակադեմիական համակարգում շահատակություններից եւ ապօրինություններից առանց այն էլ գերհագեցած իմ համբերության բաժակը եւ, որպես բողոքի արտահայտություն, հրապարակավ հրաժարվեցի պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից: Սակայն, հիասթափեցնելու համար Դեմոյանին եւ իր համախոհներին, ասեմ, որ շարունակելու եմ զբաղվել հայագիտությամբ՝ առանց գիտական աստիճան-մաստիճաններ կրելու’ ինքս ինձ մեկուսացնելով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից եւ այնտեղ գործող 004 մասնագիտական խորհրդի’ ամեն սրբություն տրորելու պատրաստ անդամների ապականված միջավայրից (հայտնեմ, որ այդ խորհրդում ընդգրկված են ոչ միայն Պատմության ինստիտուտի, այլև Երեւանի պետական ու Հայկական պետական մանկավարժական համալսարանների, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներ, Մաշտոցի անվան Մատենադարանի մեկ գիտաշխատող ու տիտղոսակիր ուրիշ պատմաբաններ, որոնք պատմության համար արձանագրեցին հավերժ ամոթալի փաստը’ հայոց լեզվի հոշոտումը ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտներում…):

Սույն անձն ինքն է ցույց տվել հայերենի իր կարողություններն իր «պատասխան»-զազրախոսության մեջ: Այսպես’ հակառակ նրա շարադրանքի լեզուն «մաքրելու» Հ. Ավետիքյանի ակնհայտ ջանքերին’ վերջինիս աչքից վրիպել է կարեւոր մի «մանրուք». սա չգիտե անգամ հայոց տառերի թվային արժեքները, եւ իր սադրագրում, 11 թվանշանը համարակալել է «ի»-ով (որ իրականում 20-ն է), իսկ 12-ը’ «լ»-ով (որ իրականում 30-ն է): Սրա «տրամաբանությամբ»’ հայոց այբուբենի վերջին’ «Ք» տառի թվային համարժեքը 36-ն է, այսինքն’ հայերը կարողացել են հաշվել մինչեւ 36-ը… Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են միջնադարի հայ գիտնականները թվաբանական ամենաբարդ հաշվարկներ կատարել մաշտոցյան 36 գրերով… Համբակին հարիր այս փաստը հերիք է ոչ միայն ապացուցելու սույն անձի բացառիկ «կարողությունները» հայոց լեզվից, այլեւ պատկերացում կազմելու համար ակադեմիական այն փտած միջավայրի մասին, որը կարող է հայագիտական տարրական գիտելիքներ չունեցող նման մեկին (եւ ոչ միայն նրան) պատմական գիտությունների թեկնածուի, այնուհետեւ նույնիսկ դոկտորի գիտական աստիճան շնորհել, վաղն էլ ակադեմիկոս դարձնել…

Ժ. Սույն անձն ինձ վերագրում է նաեւ «փոքրոգություն եւ անսկզբունքայնություն», նույնիսկ’ «թուլակամություն»’ հայտարարելով, թե ես իբր հրաժարվել եմ իր հասցեին իմ գրած «պալատական պատմաբան» որակումից: Էժանագին սո՛ւտ: Երբ, պատահաբար հանդիպելով ինձ, սույն անձն այդ որակման մասին հարցրեց, պատասխանեցի’ «պատմաբան» բառի համար, կարծում եմ, ինքն առարկություն չունի, իսկ ինչ վերաբերում է «պալատական» բառին, հավելեցի, որ հայոց լեզվում «պ» տառով սկսվող ուրիշ բառեր էլ կան’ ներողություն խնդրելով նրան ուղեկցող օրիորդից…

ԺԱ. Սույն անձն ինձ մեղադրում է ՀՀ-ում «այլատյացություն ու անհանդուժողականություն տարածելու համար»: Իր սադրագրի վերջում, հետգրության կարգով, նա մի քիչ մանրամասնում է ասելիքն ու բացահայտում անցյալ տարվա հունիսից ՀՀ իրավապահ մարմիններին իմ դեմ դրդելու գործում իր անմիջական մասնակցությունը’ թաքնվելով Արմինե Ադիբեկյան կոչեցյալի թիկունքում (ամո՛թ. հայ տղամարդու համար նվաստացուցիչ քայլ է…): Սա հայտարարում է, որ ՀՀ ոստիկանությունը «երեւանյան գրախանութներից առգրավել է Գ. Յազըճյանի հեղինակած եւ ՀՀ օրենսդրության բազմաթիվ կետերին հակասող այլատյացություն ու անհանդուրժողականություն քարոզող գրականության նմուշները» (այսպես է տպվել «Ազգում, «հակասող» բառից հետո ստորակետ չկա – Գ. Յ.), ու ավելացնում. «Եվս մեկ փայլուն ապացույց գիտական բարոյականության «պաշտպանի» իրական դեմքը բացահայտելու համար»:

Սույն անձը հիշյալ օրիորդի միջոցով փորձել ու շարունակում է փորձել ինձ մեղադրել… հրեա եւ ամերիկացի «ազգերի» նկատմամբ այլատյացություն տարածելու համար, այն դեպքում, երբ նման ազգեր պարզապես… գոյություն չունեն (իսրայելացի ու ամերիկացի հանրույթները ազգակերտման երկար գործընթացի մեջ են): ՀՀ ոստիկանության փորձն ավարտվեց կատարյալ ու խայտառակ ձախողությամբ, քանի որ ՀՀ-ում Լիբանանի դեսպան (այժմ’ թոշակառու) Գաբրիել Ժաարան ինձ խոստացավ «Լիբանանի Հանրապետության ամբողջական աջակցությունն ու պաշտպանությունը» (դեսպանի բառերն են): Ներկայումս Դեմոյանի հրահրումով եւ/կամ մասնակցությամբ իմ դեմ «սարքած» գործը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում է, եւ քննիչները, կարդալով «Ազգում» լույս տեսած դեմոյանական սադրագիրը, ոչ միայն լավ հասկացան «ինչն ինչոց է», այլեւ հույժ վրդովվեցին, որ սույն անձն իրեն վերագրել է նաեւ քննիչի, դատախազի ու դատավորի գործառույթներ: Դե ինչ, եթե մարդը ինքն իրեն պայծառատես, հոգեբույժ եւ գուշակ է պատկերացնում, ինչու՞ նաեւ իրավաբան ու իրավապահ չլինի…

Էջատակի ծանոթագրությամբ «Ազգի» խմբագրությունը, ըստ էության, ստախոս ու սադրիչ է հայտարարել սույն անձին’ վերոնշյալ տողերի համար: Խմբագրությունը, սակայն, չի նկատել սրա եւս մեկ ստախոսությունը, այն, որ ե՛ս չեմ առգրավման խուլիգանական փորձի թիրախ դարձած երեք գրքերի (ա. «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները», բ. Գերի Կահ, «Աշխարհի գրավման ճանապարհին», գ. «Ամերիկյան իմպերիալիզմը եւ իսրայելական սիոնիզմը Հայաստանի եւ հայության դեմ», հոդվածների ժողովածու) հեղինակը… Այդ գրքերի խմբագիրն եմ ու հրատարակիչը, հեղինակել եմ դրանց առաջաբանները, նաեւ’ վերջին ժողովածուի 16 հոդվածից միայն մեկը, մեկն էլ թարգմանել եմ արաբերենից: Նորաթուխ «հայագետ-դոկտորացուն» չգիտե «կազմել, խմբագրել եւ հրատարակել» ու «հեղինակել» բառերի բովանդակային տարբերությունը: Հայտնեմ նաեւ, որ «պատասխանում» սա իր կազմած ու խմբագրած եւ’ բանագողություններով հարուստ «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգեւներ» գրքույկ-ալբոմը հայտարարում է… «մենագրություն»… Ողբամ զքեզ, հայաստանյան հայագիտություն…

Սույն անձն ինձ սեւացնելու իր մոլուցքի մեջ չի հասկացել, որ «ձեռի տակով» ծանրագույն վիրավորանք է հասցրել ինձ’ երդվյալ հակասիոնական եւ հակաթուրք անձս Սիոնի իմաստունների շարքին դասելով… Ի դեպ, ավելորդ չէ հայտնել, որ սույն «դոկտորի» անմիջական մասնակցությամբ, 1937 թվականի ոգով ու ոճով թխված գործով ես մեղադրվում եմ նաեւ… արաբ ազգի նկատմամբ այլատյացություն քարոզելու համար… Լա՞ս, թե՞ խնդաս ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով դատապարտելի այս ափաշկարա սուտ մատնության համար:

ԺԲ. «Երկիր Մեդիա» հեռուստակայանի հայտնի տեսագրությունը (Գյուլի’ երեւանյան այցի գիշերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հայտնվել է խավարածիրում) սույն անձի, շեշտենք’ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կյանքը վերածել է մղձավանջի: Սա ամեն ինչ է անում հայ միլիոնավոր նահատակների հիշատակը պղծած այս ամոթալի իրողությունը կոծկելու համար’ կարծելով, թե մարդկանց հիշողությունը շատ է բթացել: Իր «պատասխանում», այս մասին սույն անձը հոխորտանքով հարց է ուղղում ինձ. «Ո՞ւր էիք դուք, պարոն Յազըճյան» եւ այլն: «Ազգն» այս ազգուրացությունն էլ է ծանոթագրել’ հաստատելով լուսավորության անջատման իրողությունը’ նշելով որ այս խայտառակ փաստի աղբյուրը ոչ թե թուրքակա՛ն լրատվամիջոցներն են, ինչպես իր «բարձունքից» մանկամտորեն փորձում է «ապացուցել» սույն անձը, այլ «Երկիր Մեդիա» երեւանյան հեռուստակայանը: Սա հաջողությամբ այդ սուտը կրկնեց աշխարհի «ամենաարդար»’ ՀՀ դատարանում’ ներկայացնելով այն ոչ ավել, ոչ պակաս’ Ա. Այվազյանի (հիմա արդեն կասի’ նաեւ «Ազգի» խմբագրության) ձեռքով անձամբ իրեն, իր ղեկավարած թանգարան-ինստիտուտին, ՀՀ նախագահին եւ ՀՀ պետականությանը հասցված անարգանք…

ԺԳ. Սույն անձն ինձ վերագրում է նաեւ իր դեմ Ա. Այվազյանի հայցի դատաքննության ժամանակ «մամուլում առաջին հրձիգի դերը»: Իրականում «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի հանձնարարությամբ կատարել եմ լրագրողիս պարտականությունը’ անաչառորեն ներկայացնելով ողջ դատական գործընթացը:

Սույն անձը պետք է գոնե այս մասին լռեր, քանի որ իր կաշին փրկելու համար դատարանը դիմեց ամոթալի հնարքների… Օրինակ’ նիստերից մեկից առաջ հոսանքազրկվել էր դատարանի շենքը’ տեսանյութի դիտումը ձախողելու համար, իսկ նիստը հետաձգելուց 10 րոպե էլ չանցած շենքի էլեկտրամատակարարումը վերականգնվել էր…

ԺԴ. Հետաքրքրական է սույն անձի ատելությունը լոսանջելեսյան հայկական հեռուսատատեսությունների եւ հեռուստաժամերի նկատմամբ, որոնց պատասխանատուներին վիրավորում է միայն իրեն վայել արտահայտություններով’ մոռանալով, որ նաեւ ինքն է բազմիցս հյուրընկալվել նրանց: Գաղտնիք չէ, որ Սփյուռքում հայկական լրատվամիջոցների մեծագույն մասը գոյատեւում է անասելի դժվարություններով. աշխատանքի ողջ ծանրությունը մի քանի նվիրյալների, ոչ քիչ դեպքերում’ նույնիսկ մեկ հոգու ուսերին է: Այս ամենը շատ լավ իմացող, բայց չհասկացող սույն անձը, փոխանակ շնորհակալ լինելու նրանց հայապահպան ջանքերի համար, չարախնդում է ու վիրավորում: Ի՞նչ անես, սա էլ մարդու տեսակ է…
ԺԵ. Ինձ լավագույնս «մշակելուց» հետո սույն անձն անցնում է Արմեն Այվազյանին. նույնպիսի անհիմն ու խեղաթյուրված «փաստեր» հրապարակ հանելով’ ճգնում է ապացուցել, թե Այվազյանն է իրենից բանագողություն արել, եւ ոչ թե ընդհակառակը… Սա ինչպես ինձ, Այվազյանին նույնպես բնութագրել է «անհանդուրժողական» մակդիրով’ համեմված «ամենառասիստ» պիտակով: ՀՀ-ում հայոց արժեքների պահպանման համար նախանձախնդիր լինելը հենց մե՛ր հանրապետությունում այսուհետ համարվելու է «ռասի՞զմ»…

ԺԶ. Իր զազրախոսության ավարտին սույն անձը հայտնում է, թե Այվազյան-Յազըճյան զույգի ««վաստակն» ու դրանց հետեւանքները շատերին են հայտնի», եւ Այվազյանի հետ ինձ էլ դասում անցավորների շարքում: Այո՛, շատերին է հայտնի Ա. Այվազյանի եւ իմ վաստակը: Իսկ թե ո՞վ է անցավորը, ցույց կտա ամենաանաչառ ու ամենաճիշտ դատավորը’ ԺԱՄԱՆԱԿԸ, եւ ոչ թե այսօրվա խեղված, խաթարված, գրեթե բոլոր բնագավառներում անբարոյականությամբ գերհագեցած միջավայրը, ավելի ճիշտ’ «Իմ դեմ խաղ չկա» աղետաբեր կարգախոսով զինված, մեզ անխուսափելի կործանման տանող իրականությունը: Կավելացնեի, որ միմիայն ՀՀ այսօրվա իշխանությունների վարչահրամայական զինանոցի վրա հենված սույն անձի «վաստակը» շատերին է հայտնի’ ՀՀ-ից մինչեւ Սփյուռքի գաղթօջախներ… Նա կարծում է, թե մոռացվե՞լ են իր ծլվլոցները «ֆուտբոլային դիվանագիտության» «հաղթարշավ»-քծնարշավի շրջանում, մինչդեռ տողերիս հեղինակը, բողոքելով այդ ընթացքի ու այդ անամոթ մարաթոնում ԵՊՀ ղեկավարության ընդգրկվածության դեմ’ 2009 թ. հոկտեմբերի 5-ին հրապարակավ հրաժարվեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչի պաշտոնից’ ռեկտոր Արամ Սիմոնյանին ուղղված հրաժարականում մասնավորապես գրելով. «Ինձ համար աներեւակայելի խայտառակութիւն է լինել աշխատակիցը – այն էլ’ Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնում – մի կառոյցի, որի ղեկավարութիւնը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատուութիւնը հիմնայատակ քանդող դաւաճանական գործընթացի (յետագայում էլ հաւանաբար լինի անմիջական յանցակիցը’ «պատմութեան վիճելի հարցեր քննարկելու» պիտակի տակ), փոխանակ լինելու առաջամարտիկը դա տապալող համահայկական շարժումի» (հրաժարագիրս լույս է տեսել Բեյրութի «Արարատ» օրաթերթի 2009 թ. հոկտեմբերի 28-ի համարում): Ահա՛ սույն անձի «վաստակի» եւ իմ վաստակի ընդամենը մեկ օրինակը…

«Ազգ-ներդիրի» 2011 թ. ապրիլի 9-ի իմ հրապարակման մեջ գրել եմ. «Եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ում գիտությունն ապագա ունենա, ապա գիտական բարոյականության բոլոր տեսակի խախտումներին պետք է տալ ամենախիստ ու անաչառ գնահատականները»: ՀՀ ԳԱԱ-ի, նրա հայագիտական հաստատությունների, մասնավորաբար Պատմության ինստիտուտի ղեկավարները ոչ միայն լիովին անտեսեցին այս հույժ կարեւոր առաջարկությունը, այլեւ ս. թ. փետրվարի 28-ին հենց իրենք ոտքի տակ տալով հայոց լեզուն իր իսկ հայրենիքում’ ապացուցեցին, որ մեր երկրում շարունակվում է հայագիտության (նաեւ անկախ պետականության) փլուզման գործընթացը: Դա է վկայում նաեւ ՀՀ ԳԱԱ ՊԻ-ում գործող եւ պատմական գիտությունների թեկնածուի ու դոկտորի աստիճան շնորհող 004 մասնագիտական խորհրդի անդամներից մեկի արտահայտությունը սույն անձի ատենախոսության պաշտպանության ժամանակ. «Մեկ է, Դեմոյանին տալու եք դոկտորական աստիճանը, այնուամենայնիվ, ասելու եմ իմ ասելիքը»: Պարզ խոստովանություն, որ այս խորհրդի անդամները (կամ առնվազն նրանց մեծ մասը) պարզապես «կոճակ սեղմողներ» են, հեռակառավարվող մարդամեքենաներ’ հանդիպակաց շենքում ծվարած Ազգային ժողովի պատգամավորների հանգույն…

Ուղղակի բախտս բերել է, որ ես եւ Հայկ Դեմոյանը չենք հանդիպել տխրահռչակ 1937–38 թվականներին: Սա ինձ’ երդվյալ հակաթուրքիս, հաստատապես կմատուցեր «Եռյակին»’ 12 պետության, այդ թվում’ Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու «անսակարկելի» եւ «անհերքելիորեն ապացուցված» մեղադրանքով …

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Երեւան, 20-ը մարտի, 2012 թ.

Հ. Գ. 1. Այս գրությունը «Ազգի» խմբագրության է հանձնվել 2012 թ. մարտի 21-ին:
Հ. Գ. 2. Հաջորդ օրը’ մարտի 22-ին, «Գոլոս Արմենիի» թերթում իր հրատարակած հոդվածը Դեմոյանն ստորագրել է արդեն «պատմական գիտությունների դոկտորի» աստիճանով’ այն դեպքում, երբ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը դեռեւս չի հաստատել նրան «շնորհված» այդ գիտական աստիճանը: Այսինքն’ ինքնահաստատման խնդիր ունեցող սույն անձը ոտնատակ է տվել նաեւ ԲՈՀ-ի կանոնադրությունը, որին հղում է արել իր օտարալեզու ատենախոսության թույլտվության համար: Դեհ ինչ, 004 մասնագիտական խորհրդի անդամներն ու ԲՈՀ-ի ղեկավարությունը արժանի են Դեմոյանի ոչ միայն այս նոր «նվերին», այլեւ’ շատ ավելիին: Սա ինձ հիշեցրեց Ալիի եւ խալիի վերաբերյալ թուրքերեն հայտնի ասացվածքը: Ուրեմն, բարի վայելում… Ի դեպ, «Ազգ.ներդիրի» փետրվարի 25-ի համարի իր սադրագիրը սույն պարոնը համացանցում տարածել է ոչ թերթում լույս տեսած վերնագրով, նշելով, թե այն լույս է տեսել «Ազգի» փետրվարի 25-ի համարում’ իհարկե զեղչելով թերթի խմբագրության երեք ծանոթագրությունները: Սա էլ ի գիտություն հատկապես պր Հակոբ Ավետիքյանին:

Համշենահայեր

June 3, 2012

Ամատունիներու Շարաւիղը եւ Համշէնցիներ…


Համշէնեան Պարադոքսներ Հայր Դանիէլ Կուկույեան
Համշէնահայերի Էթնոմշակութային Աւանդոյթները  Ալլա Տէր – Սարգսեանց
Համշէնական Պարերը Եւ Նրանց Առանձնայատկութիւնները  Ժ. Կ. Խաչատրեան
Համշէնցիների Տարեկան Տօներն Ու Խաղերը  Ժենիա Խաչատրեան, Էմմա Պետրոսեան
Աբխազիայի Հայերը Անցեալում եւ Ներկայում Ալեքսանդր Սկակով
Հայ Էթնոկրօնական Տարրը ՙԱնատոլիայում՚  Կարէն Խանլարի
Մահմեդական Համշէնահայերի Մի Կարեւոր Վկայութիւն Սերգէյ Վարդանեան
Հոփա – Հեմշիլներ Եւ Բաշ – Հեմշիլներ Արտաւազդ Թուլումջեան
Պոնտոսի Հայութեան Գողգոթան Պետրոս Յովհաննիսեան
Համշէնցիները, Պոնտոսը Եւ Հայաստանը  Ռիչարդ Գ. Յովհաննիսեան
Համշէնահայերի Պատմութիւնից Բաբգէն Յարութիւնեան
Համշէն Պատմաաշխարհագրական ակնարկ  Աշոտ Մելքոնեան
Ովքե՞ր եՆ Համշէնահայերը Հայկազուն Ալվրցեան
Օսկան Ալպերը «Դրօշակ»-ի խմբագրատանը Հայկազուն Ալվրցեան
Հայը կարո՞ղ է մուսուլման լինել
Համշենի Հայկական Միկրոտեղանունների Իմաստակառուցվածքային Քննություն Լուսինե Սահակյան
Համշենի Եղնովիտ-Էլեվիթ բնակավայրի պատմությունը և տեղանվան ստուգաբանությունը  Լուսինե Սահակյան
Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողության դրսևորում Լուսինե Սահակյան
Համշենահայերը` Որպես Հայ Էթնոսի Հավասարազոր Մաս  Ք. Միրզոյան

Ձայն Համշենական «Համշէն» Հայրենակցական Բարեգործական Հասարակական Կազմակերպութեան ամսաթերթ

Համշենի Հայկական Միկրոտեղանունների Իմաստակառուցվածքային Քննություն

June 3, 2012

Լուսինե Սահակյան

բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ,

ԵՊՀ հայագիտական

հետազոտությունների ինստիտուտի

օսմանագիտական բաժնի ղեկավար

Ուղևորություն Թուրքիայի Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների բնակավայրեր

2010թ. հուլիսին մի փոքր խմբով[1] այցելեցինք Թուրքիայի Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների բնակավայրերը։ Կարճ ժամանակամիջոցում հնարավո­րություն ունեցանք որոշակի դաշտային աշխատանք կատարել Արդվինի նահանգի Խոփայի (Հոփա) գավառի Քեմալփաշայի (նախկին Մաքրիյալ) ենթաշրջանի համշեն-ցիների միջավայրում։ Նրանց նախնիները բռնի մահմեդականացվել են դեռևս 18-րդ դարում[2] և հետագայում հաստատվել այս վայրե­րում։ Այցելեցինք նաև Բիլբիլան կոչվող նրանց ամառային արոտավայրը` յայլան, որը գտնվում էր Արդահանի գավառում։ Ճանապարհին՝ Բաղդաշան քրդաբնակ գյուղի մոտ, մեր առջև խո­յացավ մի ազդեցիկ, կիսականգուն բերդ, որը տեղացիներն անվանում էին Բագրա­տունի քալեսի (Բագրատունու բերդ)։ Շարունակելով մեր ճանապարհը՝ հասանք գրե­թե ամպամերձ լեռների գրկում գտնվող Բիլբիլանի արոտավայրը։ Այստեղ սպասվում էր չափազանց հետաքրքիր հանդիպում։ Խոփայի գավառի տարբեր գյուղերից եկած տարեցները հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքով երգե­ցին դարերի խորքից մեր օրերը հասած ինքնատիպ մեղեդիներով խաղիկներ, ինչպես նաև պատ­մեցին հեքիաթներ ու զրույցներ[3]։ Այնուհետև Արդահանից գնացինք Արտանուջի գա­վառ, ճանապարհին կանգ առանք հայտնի Ջեհեննեմ դերեսի (Cehennem Deresi) -Դժոխքի ձոր կիրճում, որտեղ ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր են կոտորվել։ Հասնելով Արտանուջ՝ բարձր բլրի վրա տեսանք նշանավոր բերդը։ Եղանք նահանգի կենտրոն Արդվին քաղաքում, ապա Քեմալփաշայի շրջանում, ուր երեք օր հյուրընկալվեցինք Ստամբուլի «Վով ա» երաժշտախմբի ղեկավար, համշեն­ցիների մի շարք երգեր գրառող ու կատարող Հիքմեթ Աքչիչեքի և նրա ազգական­ների տանը, ուր վայելեցինք Համշենի բարբառով խոսքն ու խաղիկ-ները։

Եղանք նաև Ռիզեի[4] նահանգի Չամլըհեմշին (Ներքին Վիժե) և Արտաշեն[5] գա­վառների համշենցիների բնակավայրերում, հյուրընկալվեցինք Համշեն գավառի Զուղա/Զուգա (այժմ՝ Չամլըթեփե) գյուղում` ստամբուլցի գրող և լրագրող Ադնան Գենչի ազգականների տանը։ Նշենք, որ Ռիզեի վարչական միավորներից են նաևՉայելիի (հին անունը՝ Մափավրի), Ֆընդըքլըի (հին անունը՝ Վիչե>Վիժե), Իքիզդերեի (հին անունը՝ Քուրա-ի Սեբա), Փազարի (հին անունը՝ Աթինա), Իյիդերեի (հին անունը՝ Ասփեթ), ԴերեփազարիԳյունեյսուի (հին անունը՝Պոտոմիա) գավառները։

Կանգ առնելով Չամլհեմշին գավառաի Այդերի (Արտեր) ամառային արոտա­վայրում, որն այսօր զբոսաշրջության կենտրոն է, այցելեցինք պատմական Զիլ (Ներքին) բերդը[6], Մաքրևիս, Չինչիվա (Շնչիվա), Չաթ (Տափ) գյուղերը։ Ողջ ուղևորու­թյան ընթացքում առանձնակի տպավորություն էր գործում Համշենի բնաշխարհն՝ իր յուրահատկություններով։ Թավշյա կանաչ, անանցա­նելի և ստվարախիտ դարավոր անտառների գլխին քողի նման իջնող մուժը, արագա­հոս Ֆորթունա, Խալա, Համշեն գետերը, նրանց վրա կառուցված հնագույն կամուրջ­ները անասելի հմայիչ էին։

Չամլըհեմշինում ինձ հաջողվեց գրառել ու ձայնագրել ժողովրդագրական և ազգագրական բացառիկ նյութեր, գրանցել տեղանուններ և միկրոտեղանուններ, անձնանուններ, խաղիկներ, Համշենի բարբառի նմուշներ, նկարահանել պարեր, լուսանկարել գյուղեր, կամուրջներ, աղբյուրներ, ջրվեժներ։ (Նշեմ, որ դաշտային աշխատանքների իմ բոլոր ձայնագրություններն ու նկարահանումները գտնվում են իմ անձնական արխիվում)։

Մասնավորապես, սույն ուսումնասիրության միջոցով առաջին անգամ գիտա­կան շրջանառության մեջ են դրվում առանձնակի արժեք ներկայացնող բազմաթիվ միկրոտեղանուններ[7]։

* * *

Նկատենք, որ Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցի­ները՝ 25-30,000 մարդ, խոսում են հայերենի Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով։ Միաժամանակ, նշենք, որ նրանք հայերեն տառերը չգիտեն, բացառու­թյամբ մի քանի մտավորականների, ովքեր գիտաճանաչողական նպատակներով սովորում են մեսրոպյան այբուբենը։ Շնորհիվ Համշենի բարբառի պահպանման՝ այս շրջանների համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։ Առհասա­րակ Խոփայի և Բորչկայի գավառներում տարածված են մարքսիստական, ըստ այդմ՝ աթեիստական գաղափարները, որոնք, մեր կարծիքով, որոշակի հոգեբանական ինքնապաշտ-պանական դեր են կատարում իսլամական-թուրքական միջավայրում։ Սակայն նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց ծագման մասին խոսել, կամ իրենց համարում են թուրք, իսկ լավագույն դեպքում՝ համշենցի (հոմշեցի)[8]։

Այլ է պատկերը Ռիզեի նահանգի համշենցիների շրջանում։ Այստեղ թուրքա­ցումն առավել խոր արմատներ է գցել։ Ռիզեի համշենցիները մոռացել են իրենց մայ­րենին՝ հայերենը, և խոսում են թուրքերեն։ Ոմանք, թեև ընդունում են իրենց հայկա­կան ծագումը, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են։ Նրանց միջավայրում շրջանառվում է այն տեսակետը, որ նրանք սերվել են թյուրքական ցեղերից[9]։

Չամլըհեմշինցի լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլը, որի գրչին է պատկանում «Համշենցիներ, արտագնա աշխատանք և հրուշակագործություն»[10] արժեքավոր պատմաազգագրական ուսումնասիրությունը, իր հոդվածներից մեկում գրում է. «Այսօր համշենցիների մեծամասնությունը մերժում է իր հայ լինելը։ Իրակա­նում, շրջանում օգտագործվող տեղանունների և առօրյա կյանքում կիրառվող առար­կա­ների անունների չափ է նրանց տեղական հայերենը»[11]։ Սակայն այստեղ էլ կան այնպիսիները, ովքեր իրենց թուրք չեն համարում, այլ ուղղակի՝ համշենցի (Hemşinli)։ Նշենք, որ այսօր էլ Ռիզեի մի շարք շրջաններում արմատական իսլամը շարունակում է ամուր դիրքեր ունենալ[12]։

Տեղացիների հետ մեր զրույցներից պարզվեց, որ Ռիզեի նահանգի Սև ծովի առափնյա շրջաններում գերակշռում են լազական բնակավայրերը, իսկ նահանգի խորքում` լեռնային հատվածներում, հիմնականում համշենաբնակ գյուղեր են։ Սակայն պետք է արձանագրենք, որ Ռիզեի նահանգի Չամլըհեմշինի գավառի համ­շենցիների գյուղերի մի մասն արդեն դատարկված է։ Ինչպես մեր ուղեկիցներն էին ասում, գավառի բնակիչներից շատերը կենսական ծանր պայմանների հետևանքով և աշխատանք գտնելու հույսով դուրս են եկել իրենց բնօրրանից և տեղափոխվել ավելի մեծ քաղաքներ£ Ամռանը նրանք հանգստի նպատակով ետ են վերադառնում։ Համա­ձայն Ջ. Ու. Բիրյոլի՝ Չամլըհեմշինում ձմռանը բնակչության թիվը 2400 է, իսկ ամռան ամիսներին հասնում է 6-7 հազարի։ Նրանից տեղեկացանք, որ ամբողջ Թուրքիայում չամլը­հեմշինցիների թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, հասնում է 30 հազարի։ Քոբոշ գյուղն ունի մշտական բնակելի 15-16 տուն, ամռան ամիսներին բնակչության թիվը հասնում է 40-50 մարդու, Մաքրևիսում 60 տնից այժմ բնակելի է միայն 10-ը, Չաթ գյուղում (հնում՝ Տափ) ձմռան ամիսներին ոչ ոք չի ապրում, իսկ ամռանը՝ մոտ 50 հոգի։ Ըստ Ադնան Գենչի՝ դեռևս 25 տարի առաջ Համշեն գավառի 80 տուն ունեցող Զուգա/Զուղա (այժմ՝ Չամլըթեփե) գյուղից դուրս է եկել 40 տուն, այժմ այնտեղ մշտական բնակելի է ընդամենը 10 տուն, իսկ 30 տուն ծառայում է որպես ամառանոց։

Միկրոտեղանունների պատմամշակութային և լեզվական արժեքը

Թեև Ռիզեի նահանգում ապրող նախկինում բռնի մահմեդականացված համ­շենցիների ներկայիս սերունդներն այսօր մոռացել են իրենց նախնիների մայրենին՝ հայոց լեզուն, կորցրել են հայկական ինքնությունը, բայց շարունակում են գործածել իրենց բնակավայրերի՝ մեծերից ավանդված տեղանուններն ու միկրոտեղանունները, ինչպես նաև բազմաթիվ կենցաղային բառեր։ Կան այնպիսի տեղանուններ, որոնք երբեմն ենթարկվելով բառապատկերի լրիվ աղճատման՝ առաջին հայացքից թվում են օտար, անհասկանալի։ Իրականում, սակայն, տեղական բարբառային կամ օտար հնչյունական շղարշով պատված տեղանվան մեջ անթեղված է մաքուր հայկական բառն՝ իր ձևույթներով հանդերձ։ Ըստ այդմ էլ՝ Համշենի տեղանունների վերա­կանգ­նումը բարդ խնդիր է, քանի որ դրանք հիմնականում կազմվել են տեղական բարբա­ռային բառապաշարից՝ խոսվածքային հնչարտասանական նստվածքով։ Նշենք, որ Համշենի բարբառը համարվում է հայերենի ամենից խրթին բարբառներից մեկը։ Ըստ մեծանուն հայագետ Հ. Աճառյանի՝ այն «հարուստ է գրաբարի այնպիսի հազվագյուտ բառերով, որ ոչ մի բարբառի մեջ կարելի չէ գտնել»[13] և նրանում պահպանված գրաբա­րյան լեզվական շերտերը[14] վկայում են բարբառի հնագույն լինելու մասին։ Ինչպես ստորև ցույց կտանք, այդ են փաստում նաև տարածաշրջանի տեղանուններում առկա վաղնջահայկական արմատներն ու ածանցները։

Հ. Աճառյանը, ուսումնասիրելով Օսմանյան կայսրության հայահալած քաղա­քականության հետևանքով Սև ծովի հյուսիսային ափերում հաստատված քրիստոնյա համշենահայերի խոսակցական լեզուն, այն համարում է Համշենի ինքնուրույն բար­բառ[15], որը պատկանում է հայ բարբառների արևմտյան խմբակցության կը ճյուղին։ Խոսվել է Համշենի, Տրապիզոնի, Սամսոնի (Ջանիկ), Կիրասունի, Օրդուի տարածք­ներում և հարակից վայրերում, Ճորոխի ավազանի բնակավայրերում։ Համշենի բար-բառն ունի իր խոսվածքային յուրահատկություններն ու տարբերությունները[16]։ Ցայսօր համա­պարփակ չեն ուսումնասիրված Համշենի բարբառով խոսող մահմեդա­կան համշենցիների խոսվածքները, թեև եղել են առանձին անդրադարձներ և հոդվածներ[17]։ Այս բացը զգալի չափով լրացրեց Ս. Վարդանյանի 2009թ. լույս տեսած արժեքավոր մենագրությունը[18]։ Գրքում հեղինակը հրապարակել է 1944թ. Աջարիայից Միջին Ասիա աքսորված նախկինում կրոնափոխ համշենցիներից դեռևս 1980-ական թթ. իր հավա­քած բարբառային, բանահյուսական նյութերը։ Աշխատությունում տեղ են գտել նաև Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիներից գրառ­ված մի շարք խաղիկներ, ինչպես նաև հեղինակի տարիների անխոնջ աշխա­տանքի արդյունքում հավաքված Խոփայի խոսվածքի բառարանը։ Հ. Աճառյանի և Ս. Վարդանյանի այս ուսումնասիրությունները կարևոր բանալի են եղել տեղան­վանական մեր ճշգրտումների և բառաքննությունների համար։

Ինչպես ցույց են տալիս լեզվական փաստերը, Համշենի տեղանուններն ունեն հնչյունական տարբերակներ՝[19]Թեջինա>ԹեզինաԹոլենինչ>Թուլանըչ, Թոլե-նես>Թոլոնիս, Ջութինչ>ՉութնիչՋոթնես>Չոթինուր,Բալախոր>ԲելահորԲիլա-հոր>Փարա­հոլ, Մեսահոր>Միսահոր, Մաքրևիչ>Մաքրևիս և այլն[20]։ Այս օրինակ-ները վկայում են, որ ներկայիս Ռիզեի նահանգի համշենցիների խոսակցական լեզուն ունի խոսված­քներ։ Նշենք, որ Ռիզեի նահանգի համշենցիների խոսակցական թուրքերենը ևս բարբառային դրսևորում է, և իր հնչյունական համակարգով տարբերվում է գրական թուրքերենից։ Գրառման ընթացքում պարզ դարձավ, որ Չամլըհեմշինի գավառում թե´ թուրքերեն, և թե´ Համշենի բարբառային բառերն արտաբերելիս նրանց խոսակցականում առկա է չ>ց, ջ>ձ, ծ>ձ բաղաձայնների հնչյունափոխությունը։ Թուրքերեն չիմեն (մարգագետին) բառն արտասանում են ցիմենչայ (թեյ) > ցայհայերեն խաչ՝ խաց, ծեղ>ձեղ և այլն։ Ըստ այդմ էլª այս տարածքի տեղանունների բառա­քննության համար խիստ կարևոր է հաշվի առնել նաև բարբառից եկող հնչյու­նական առանձնահատկությունները։

Համշենի հայկական տեղանուններ են հիշատակում Մխիթարյան միաբաններ Մինաս Բժշկյանը, Ղուկաս Ինճիճյանը[21], Ղևոնդ Ալիշանը[22], Հակոբոս Տաշյանը[23], ինչպես նաև Տեր Պողոս քահանա Թումայանցը[24] և համշենահայ ազգագրագետներ ու բանահավաքներ Սարգիս Հայկունին[25] և Բարունակ Թոռլաքյանը[26]։

Տարածաշրջանում հանդիպում ենք նաև հունական ու լազական ծագում ունեցող բազմաթիվ տեղանունների։ Ավելի ուշ այնտեղ հաստատվել են թյուրքական ցեղերը՝ բերելով իրենց տեղանունները կամ եղածների վրա հավելել լեզվական մակա­շերտեր։ Հետագայում Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի ղեկավար շրջանակներն այլ նահանգների տեղանունների հետ պաշտոնապես փոխել են նաև Ռիզե կազայի գրեթե բոլոր գյուղանունները£ 1913թ. դեկտեմբերի 16-ին (2 Kanûn-ı evvel 1329) Գավառային վարչության խորհրդի կազմած Ռիզեի կազայի նահիյեների հին և նոր տեղանունների ցուցակը գտնվում է Թուրքիայի գլխավոր արխիվում[27]։ Այդ ընթացքում փոխվել են նաև Համշենի նահիյեի գյուղանունները[28]£ 1916թ. հունվարի 5-ին Էնվեր փաշայի՝ երկրում հայկական, հունական, բուլղարական և այլ ոչ մահմեդական տեղանունների փոփոխման հրամանագրից հետո նույն թվականի հուլիսի 3-ին Տրապիզոնի նահանգապետարանը կազմել է 23 էջանոց մի ցուցակ, որում ընդգրկված էին Սամսոնից մինչև Արդվին ընկած տարածաշրջանի գյուղերի հին ու նոր անունները[29]։ (Տեղանունների թուրքացման այս քաղաքա­կանությանն ավելի մանրամասն անդրադարձել եմ առանձին գրքով)[30]։

Բ. Թոռլաքյանը ժամանակին այս առիթով գրել է, որ Համշենի շրջանի և «հետա­գայում ողջ Պոնտոսով մեկ սփռված համշենահայերի հիմնադրած կամ նրանցով բնա­կեց­ված բնակավայրերի մեծ մասի անվանումները թուրքական իշխանությունների կողմից կա՛մ հիմնովին փոխվել են, կա՛մ էլ աղավաղվել այնպես, որ հայկականի ոչ մի նշույլ չի մնացել»[31]։

Այդուհանդերձ, կատարածս գրանցումները հաստատում են, որ թուրքական իշխանություններին այդպես էլ չի հաջողվել Չամլըհեմշինի և Արտաշենի գավառների բնակչու­թյան հիշողությունից ամբողջությամբ արմատախիլ անել դարերի խորքից եկած տեղանունները, մասնավորապես՝ միկրոտեղանունները։

Ադնան Գենչի «Համշեն երկրի աշխատասեր կանայք» թուրքերեն գրքի վերջում կցված բառարանում ևս բերված են Համշենի մի շարք միկրոտեղանուններ[32]։ Որոշ միկրոտեղանուններ կան նաև համշենցի ուսումնասիրող Իբրահիմ Քարաջայի «Համշենպատմությունլեզուավանդույթներ և սովորույթներ» գրքում[33]։ Իրենց մայրենին մոռացած մահմեդական բաշ-համշենցիների խոսակցական թուրքերենում հոլանդացի գիտնական Ուվե Բլեսինգը ևս բազմաթիվ բարբառային բառերի հետ գրի է առել մի շարք միկրոտեղանուններ՝ Ագինչօյ,ԱղփէնօչԱղվէչուրԱնուշդէղԱյդէր (Արտէր), Բուչէղաչօյ, Էնթիփօս, Սանթիփօս, Հէդիփօս, Քէթմէչ, Փալաքչուր, Փալհօվիթ, Սալ, Սալէչուր, Արդէշէն, Ավէլօր, Ջէմաքդափ, Չէյմաքչուր, Գաղնութ, Գալէր, Քօյդութ, Մայք, Մէչօվիթ, Մէղվօր, Փօքութ, Սօխօվիթ։ Անձնանուններից Ու. Բլեսինգը գրանցել է՝ Ափէլ, Ավէդիք, Առաքէլ, Արաթին-օղլու, Խօշօր-Խօշօր, Մէղդէսի-օղլու, Մաթիլ[34]։

Սույն ուսումնասիրության շրջանակում կներկայացնենք Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառում գտնվող Այդերի (իմա՝ Արտեր, բարբառին բնորոշ ր>յ հնչյունափոխությամբ) յայլայում (ամառային արոտավայր), Մաքրևիս (ըստ Ղ. Ինճիճ-յանի՝ Մակրեվինց[35]) և Չինչիվա (ըստ Ղ. Ինճիճյանի՝ Շնչիվա[36]), Արտաշենիգավա­ռի Օջե (իմա՝ Օձե-Լ. Ս.) գյուղերում գրանցած շուրջ հարյուր հայկական միկրո կամ այլ բնորոշմամբ՝ ժողովրդական տեղանունները, որոնք գալիս են լրացնելու տեղան­վանական վերոնշյալ ցանկերը։

Ցավոք, կան այնպիսի թուրք «գիտնականներ», ովքեր բացահայտ հայկական միկրոտեղանվան մեջ արհեստականորեն փնտրում են թյուրքական, ղրղզական, կարաչայական արմատներ և ածանցներ՝ նպատակ ունենալով ժխտել Համշենում հայկականության որևէ հետքի գոյությունը։ Այդպիսի նկրտումներով աչքի է ընկնում թուրք հեղինակ Ս. Արըջըն, որը 2008թ. հրատարակած իր «Դամբուրի պատմու­թյուն…»[37] գրքում, հետևելով հայտնի թուրք կեղծարարներ Քըրզըօղլուի[38] և Սաքաօղլուի[39] մեթոդներին, Համշենի տարբեր շրջանների անգամ ակնհայտ հայկա-կան տեղանուններն ու բառերը (մի քանի բացառությամբ) հայտարարում է թյուր­քա­կան ծագման։ Թուրք հեղինակների այդօրինակ կեղծիքները նկատել և քննա­դատել են նաև Ու. Բլեսինգը[40] և Ն. Մկրտչյանը[41]։

Նշենք, որ հայկական աղբյուրներում, հասկանալի պատճառներով, շատ քիչ տեղեկություններ են պահպանվել միկրոտեղանունների մասին։ Հիմնականում ուշա­դրու­թյան կենտրոնում են եղել վարչական ավելի մեծ ու հայտնի միավորները, լեռներն ու լեռնաշղթաները, գետերն ու լճերը։ Միանգամայն իրավացի է Ս. Տեր-Սիմոնյանը, գրելով. «…ազգագրական բազմաժանր և լայնածավալ աշխատանք­նե­րում բացակայում են ժողովրդական տեղանունների պահպանման, նրանց ծագում­նա­բանական, պատմահնագիտական, մշակութային և լեզվական հարցերին վերա­­բերող և պարզաբանող գիտական ամբողջական հետազոտություններ»[42]։ Ուստի, մեր սույն ուսումնասիրությունն ունի նաև այս բացն ինչ-որ չափով լրացնելու նպատակ։

Այժմ համառոտ անդրադառնանք տեղանուն և միկրոտեղանուն հասկացու­թյուններին։ Ինչպես հայտնի է, toponym (տեղանուն) տերմինն առաջացել է հունարեն «topos»-տեղ և «onoma»-անուն բառից։ Ելնելով օբյեկտների մեծությունից՝ տեղա­նուն­ները բաժանվում են երկու գլխավոր խմբի՝ մակրոտեղանուններ և միկրո­տեղա­նուն­ներ։ Մակրոտեղանունները բնության և մարդու ստեղծած խոշոր օբյեկտների, վարչաքաղաքական միավորների անուններն են։ Կախված օբյեկտների բնույթից՝ տեղանունները բաժանվում են հետևյալ տեսակների՝ բնակավայրի անուն­ներ՝ օյկոնիմներ (ծագել է հունարեն «oikos»-բնակարան, տուն բառից),հիդրոնիմներ (հունարեն «hydro»-ջուր բառից) և օրոնիմներ (լեռնանուններ՝ հունարեն «oros»-լեռ բառից)։

Միկրոտեղանունները հայտնի են միայն մարդկանց որոշակի խմբին։ Դրանք փոքր միավորների՝ արոտավայրերի, կալերի, ճահիճների, անտառների, բլուրների, գետակների, առվակների, հանդերի, ձորակների, ջրհորների անուններ են[43]։ Մասնա-գիտական գրականության մեջ ավելի հաճախ կարելի է հանդիպել միկրոտեղանուն տերմինի գործածությանը։ Ն. Պոդոլսկայան այն բնութագրում է հետևյալ կերպ. «…ավելի հաճախ բնության, ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտին տրվող հատուկ անուն է, ավելի հազվադեպ՝ մարդու ստեղծած օբյեկտին տրվող հատուկ անուն է, որ ունի գործածության նեղ ոլորտ և գործում է միայն միկրո­տարածքներում, հայտնի են տվյալ անվանադրված միկրոօբյեկտների մոտ ապրող մարդկանց…»[44]։ Միկրո-տեղանուններից շատերը բավական հին լեզվական իրողու­թյուններ են, և ինչպես տեղանունը, միավորվում են տեղանվանական համակարգի մեջ[45]։

Ժողովրդական տեղանունները հատուկ անունների (ономастика) ամենից շարժուն և հաղորդակցական բաժինն են։ Լեզվական այս փաստերը գտնվում են աշխարհա­գրության, պատմության, հասարակագիտության, ազգագրության սահմա­նա­­գծում և այս բոլոր գիտակարգերի համար ներկայացնում են հատուկ հետա­­քր­քրություն՝ մեծ հնարավորություններ ընձեռելով խորը ուսումնասի­րության համար։

Դրանք հիմնականում կազմվում են տեղական բարբառային բառապաշարից և տեղական աշխարհագրական տերմիններից[46], որոնց ձևավորման մեջ որոշակի դեր ունեն նաև հատուկ գոյականների տեսակները՝ բնակավայրերի, գետերի, լճերի և այլ անունները։ Միկրոտեղանունների աղբյուր են համարվում նաև անձնանուններն ու ազգանունները[47]։

Տեղանվանական այս տեսակը դրսևորվում է որոշակի շարահյուսական հարա­բերությամբ, ունի իր խոսվածքային տարատեսակները, հաճախ հանդես է գալիս որպես բառակապակցություն, հիմնականում կազմավորվում է բարբառային բառա­պաշարից։ Միկրոտեղանունը, համընդհանուր ճանաչում ձեռք բերելով, կարող է վերած­վել մակրոտեղանվան[48]։ Կախված տվյալ տարածքի յուրահատկություններից՝ միկրո­տեղանուններն ունեն իրենց դրսևորման առանձնահատկությունները։ Այսպես, օրինակ՝ թեև նրանց հատուկ է միալեզվությունը, սակայն Ռիզեի համշենցիներից կատարածս գրառումներում առկա են նաևթուրքերեն+բարբառային բառ կամ բար­բառային բառ+թուրքերեն կաղապարաձևերը, օրինակ՝ Բաշթուր, Թեքինդուզի, Խաչին­դուզի և այլն։ Բնականաբար, բառակազմական այս կաղապարաձևն առաջացել է լեզվական ձուլման արդյունքում[49]։

Միկրոտեղանուններն ավելի մանրամասն պատկերացում են տալիս տվյալ տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսականության, բնակչության զբաղմունքի, լեզվական իրողությունների մասին։ Առավել հաճախ օգտագործվում են առօրյա խոսակցա­կան լեզվում։ Ըստ ռուս տեղանվանագետ Ա. Սուպերանսկայայի՝ դրանք «բնության կամ արհեստականորեն ստեղծված ոչ մեծ օբյեկտների անհատական անվանումներն են, որոնք սովորաբար արտացոլում են նրանց բնույթն ու էությունը։ Միկրո­տեղանունները մեկ լեզվի փաստ են և մեկ ժողովրդի ստեղծագործության արդյունք»[50]։ Դրանք գոյություն ունեն ինքնուրույնաբար և ավելի շատ տեղական բարբառի ծնունդ են։ Մասնագիտական գրականության մեջ միկրոտեղանունը բնու­թագրվում է որպես լեզվական և պատմական փաստ, բայց ոչ համակարգված-տեղան­վանական։ Կա նաև տեսակետ, որ միկրոտեղանունները սովորաբար ապրում են այն­քան, որքան տվյալ տարածքում շարունակում է ապրել այդ լեզուն կրող բնակչու­թյունը[51]։

Մեր ուսումնասիրությունների և այս նոր գրանցումների ընթացքում պարզ դարձավ մի կարևոր երևույթ. եթե տարածագոտու առավել մեծ վարչական միավոր­ների անունները՝ շրջան, ավան, գյուղ, ժամանակի ընթացքում կրել են մասնակի կամ ամբողջական փոփոխություններ, զանազան աղավաղումներ (այս հարցերին կանդրա­դառնանք մեր հաջորդ հրապարակումներում), ապա Չամլըհեմշինի և Արտա­շենի գավառների բլուրների, ձորերի, դաշտե­րի, արտերի, այգիների, հանդերի, անտառների, արոտավայրերի, գետակների, առուների, աղբյուրների համշենցիների միկրոտեղանունները, չնայած իրենց բարբառային հնչարտասանական դրսևորում­ներին, զարմանալիորեն մնացել են ավելի մաքուր, երբեմն` անաղարտ։

Դաշտային աշխատանքի ընթացքում գրառված միկրոտեղանունների իմաստակառուցվածքային քննություն

Այդերում (Արտեր), որն այսօր Չամլըհեմշինի զբոսաշրջության գեղեցիկ կենտրոններից է, Գելին օրթուսու (Gelin örtüsü-Հարսի քող) ջրվեժի ճանապարհի երկարությամբ ձգվում էին փոքրիկ վաճառանոցներ։ Աշխատողները հիմնականում տարեց համշենցիներ էին։ Այստեղ հաջողվեց նոր գրառումներ կատարել[52]։ Նրանցից մեկը հիշեց հետևյալ բնիկ հայկական բառերը գաթի սէր (կաթի սեր), էձբէդուկ (այծպտուկ, իծապտուկը՝ խաղողի տեսակ է[53]), նաև՝ միկրոտեղանուններ՝ Բէղլուտ (կազմվել է բաղեղ+ն+ուտ, բառամիջին>լ հնչյուանփոխությամբ, որը լեզվական արագա­բանությամբ աղավաղվել է՝ դառնալով բեղլուտ),Մեղո>Մեղու։

Այդերում (Արտեր) որոշ միկրոտեղանուններ գրառեցի տիկին Հանիֆե Վազիֆից (ծնվ. 1933թ., Չամլըհեմշինում)։ Զրույցի հենց սկզբում նա շեշտեց, որ այդ բառերը լսել է իր մեծերից, և որ դրանք շատ հին ժամանակներից են գալիս։ Նա սկսեց արագությամբ թվարկել Չամլըհեմշինի կենտրոնից մինչև Այդեր ձգվող հողերի, բլուրների, որոշ արոտավայրերի, այգիների, հանդերի իր մտապահած անունները։ Սակայն լեզվական ձուլումն այս շրջանում այնքան խորն է, որ դրանց մի մասի իմաստներն արդեն մոռացվել էին ու անհասկանալի էին Հանիֆեի և զրույցի ժամա­նակ մեզ շրջապատած մյուս համշենցի կանանց համար։

Ստորև ներկայացվում են այդ միկրոտեղանունները՝ մեր բացատրու­թյուններով։

Աղփիափ (Ağpiap) - արոտավայրի անուն է, կարծում ենք տեղանունը կազմվել է աղբյուր>աղբրի՝ ր-ի անկումով և ափ բառերից՝ աղբրիափ։ Ա. Գենչի բառարանում ևս հանդիպեցինք Ահփիափ, ինչպես նաև Ահբուրտեղանունների, որոնց հիմքում հայերեն աղբյուր բառն է։ Ահփիափը, ըստ նրա, ջրառատ մարգագետնի անուն է[54]։ Չամլըհեմշինում աղբյուր բաղադրիչով տեղանուն է գրանցել նաև Ս. Արըջըն՝ Ջանջաղփուր/Չենչաղփուր(Cancağpur/Çençağpur)։ Այն Վարոշ բերդի, որ հայտնի է նաև Բալայի բերդ (Kale-i Bala-Վերին բերդ) անունով, մոտակայքում գտնվող մի շրջանի անուն է։ Կասկածից վեր է, որ այս տեղանունը կազմվել է ճանճ (մեղրա­ճանճ)+աղբյուր բառերից։ Եվ իզուր են թուրք հեղինակի՝ այս տեղանվան մեջ կարա­­չայական կամ ղրղզական արմատներ փնտրելու բոլոր ճիգերը[55]։

Աղփէնօս (Ağpenos) – կազմվել է աղբ>աղփ+անօց>էնօց>էնoս բաղադրիչներից՝ այսինքն՝ գոմաղբով ծածկված վայր։ Ու. Բլեսինգը նման տեղանուն է գրանցել նաև հարևան Չայելի գավառում։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում աղփ բառը նշանակում է բացառապես գոմաղբ, թրիք, իսկ կենցաղային աղբին ասում են ավելուսք[56]։ Աղբ արմատով տեղանուններն անսովոր չեն համշենցիների շրջանում։ Հոլանդա­ցի գիտնականը նշում է, որ թուրքերենը հայերենից փոխառել է աղբ բառը, և թուրքական բարբառներում հանդիպում են՝աղփուն, աղբուն, ահբուն, ահբըն, աքբուն տարբերակները։ Այս ձևերը նա նույնպես համարում է հայերենից փոխառյալ։ Աղբ բառից անգամ կազմվել են բայաձևեր՝ ahbunlamak-հողը պարարտացնել, ahbun­luk/ahpunluk-պարարտացում, ahbin tarla-պարարտացված դաշտ։

Տրապիզոնի նահանգի Արաքլը գավառի Քիզիրնոս գյուղի համշենցիների խոսակցական թուրքերենում նույնպես պահպանվել է ահբուն[57] բառը, իսկ Վաքֆը­քեբիրի խոսվածքում գործածական է աղբ տարբերակը[58]։ Այս բոլորին հավելենք նաև, որ Չայելի (հնում՝ Մափավրի) գավառի Ռաշոտ (այժմ՝ Քարաաղաջ) գյուղի մահմե­դա­կան համշենցիներն օգտագործում են աղբ բառի ախփօն բարբառային տարբերակը[59]։

Այրիքուր (Ayrikur) - արոտավայրի անուն է։ Կարծում ենք՝ տեղանունը կազմվել է այր+ի (սեռ. հոլ.)+քարբաղադրիչներից։ Այսինքն՝ քարայր բառն է, դրափոխության օրենքի համաձայն տեղի է ունեցել բառերի տեղաշարժ։ Ըստ Հ. Աճառյանի՝ այր նշանակում է «1.քարայր, 2. ավերակ տեղեր»[60]։ Գ. Ջահուկյանն այրբառը դնում է վաղնջահայկական բառերի շարքում[61]։ Երկրորդ բաղադրիչը բնիկ հայկական քար բառն է՝ հնչյունափոխված քուր տարբերակով։ Քար բառը հայերենի բարբառներում ունի նաև քօյ, քոր, քուր բարբառային հնչյունափոխված դրսևորումները[62]։ Այրիքար տեղանուն է հիշվում նաև Գեղամա լեռներում։ Նշենք, որ այրարմատով կան նաև մի շարք հայկական տեղանուններ՝ Այրիգետ, Այրիձոր, Այրիսար, Այրիտակ, Այրիվան, Այրի­վանք, Այրեվանք և այլն[63]։

Ավզաք (Avzak) – հավանաբար կազմվել է ավազան բառից։ Խոփայի համշեն­ցիներն ավզօն են ասում գուռին, ջրավազանին[64]։

Ացկօղ (Aç’koğ) կազմվել է աջ+կող/կողմ բաղադրիչներց՝ խոսվածքին բնորոշ ջ>չ>ց բաղաձայնների հնչյունափոխությամբ և մ-ի անկումով։

Բաշթուր (Baştur) – կազմվել է բաշ (թուրք. գլխավոր, գագաթ, գլուխ, սկիզբ)+դուռ>թուր բաղադրիչ­ներից՝ բառասկզբի դ>թ և բառավերջի ռ>ր փոփոխութ-յամբ, այսինքն՝ գլխավոր դուռ։

Դօձղաբակ (Dodzğabak) - կազմվել է տոսախ>դոցխի (ծառատեսակ)+բակ բառերից։ Խոփայի համշենցիների խոսվածքում ևս պահպանվել է դոսխի ծառա­նունը[65]։ Ղ. Ինճիճյանը, հիշատակելով Համշենի բազմատեսակ ծառերով լի թավ անտառ­ների մասին, նշում է նաև տոսախ ծառատեսակը. «յորս լինի և տօսախ զարմանալի»[66]։ Բակ նշանակում է «տան շուրջը եղած գավիթ», նաև ունեցել է «ոչխարների փարախ իմաստը»[67]։ Այս դեպքում՝ Դոձղաբակ նշանակում է տոսախի ծառե­րով լի բակ, տարածք։

Գալէր (Galer) - միկրոտեղանունը կալ+էր բառն է՝ բառասկզբի կ>գ հնչյունափոխությամբ։ Կալ նշանակում է «ցորեն կամնելու տեղ»[68], այսինքն՝ ցորենը կամով մաքրելու, հատիկները ծղոտից ազատելու տեղ[69]։ Ըստ Բ. Թոռլաքյանի՝ համշենցիները կալ են ասում վայրի կաղինը (խոզակաղին) կալսելու վայրին[70]։ Քրիստոն­յա համշենցիների բարբառում Հ. Աճառյանն առանձնացնում է նաև -էր հոգնակի­ակերտը[71]։ Ս. Վարդանյանը Խոփայի համշենցիների խոսվածքում նույնպես գրանցել է էր հոգնակիակերտը[72]։ Գալեր/Գալիր անունով գյուղ է եղել նաև Բաբերդի գավառում[73]։

Ընգէզութ (Ingezut) - կազմվել է ընկույզ+ուտ բաղադրիչներից։ -Ուտ տեղանվանակազմ վերջածանցը Գ. Ջահուկյանը համարում է հնդեվրոպական ծագման։ Այն կենսունակ ածանց է եղել նաև վաղնջահայերենում[74]և բնորոշ է հայկական տեղանուններին՝ Թեղուտ, Կաղնուտ, Լորուտ, Տանձուտ և այլն£ Համշենի գավա­ռում շատ տարածված է ուտ>ութ տեղանվանակերտ ածանցը։ Հետա­քրքրական է, որ Չամլըհեմշինում պահպանվել է ընկույզ տարբերակը։ Խոփայի համշենցիները ընկույզին ասում են գագալ, կակալ[75]։ Հ. Աճառյանն ընկույզբառը համարում է հայկական, և հարևան լեզուներում այն փոխառված է հայերենից, քանի որ Հայաստանը եղել է ընկույզի մշակության նշանավոր երկիր[76]։ Ինչպես գրում է ծնունդով Տրապիզոնի Կյուշանա գյուղից համշենահայության ազգագրության խորա­գիտակ մասնագետ Բ. Թոռլաքյանը, Համշենի անտառները հարուստ էին ընկույզի ծառերով. «Ընկուզենիներ հատուկենտ տնկում էին արտերի, կաղնուտների եզրերին, …կային բավականին տնտեսություններ, որոնք իրենց տնամերձ հողերը կամ առանձ­ին հողամասեր հատկացնում էին ընկույզի մշակմանը, որի հետևանքով այդ վայրերը կամ թաղերը կոչում էին ընկզնուտ կամ ընկուզնոց»[77]։

Թօլիքցօր (Tolik ç’or) – տեղանվան մեջ առկա են Թօլիք+ջուր>ջոր>ցոր բաղադրիչները՝ տեղական բնորոշ հնչյունափոխությամբ։ Հավանաբար տեղանվան առաջին բաղադրիչի մեջ թոլ/թուլ բառն է, որ հայ բարբառներում նշանակում է գլոր-գլոր, գործածական է նաև թոլ անել բայական կառույցը, որ նշանակում է գլորվել[78]։ Իսկ երկորդ բաղադրիչը՝ ցորը, հայերեն ջուր բառն է՝ ջուր>ջոր>ցոր ՝ խոսվածքային իր դրսևորումով։ Ըստ այդմ էլ՝ Թօլիքցօր<Թոլիքջուր նշանակում է գլգլացող, գլոր-գլոր իջ­նող ջուր, առվակ։ Ու. Բլեսինգը ևս նկատել է, որ համշենցիների թուրքերեն խոսվածքներում ջուր բառն ունի՝ ջօր, չօր, ցօրդրսևորումները։ Իսկ Հալա և Մոլավեիս (Մոլեվիչ) գյուղերում ջուր-ի բառավերջի ր-ն վերածվել է յ-ի՝ջուր>չոյ[79], մի երևույթ, որ բնորոշ է Համշենի խոսվածքներին։ Քրիստոնյա համշենցիների բարբառում ջրի դիմաց Հ. Աճառյանը գրանցել է ճուր[80]։ Խոփայի խոսվածքում օգտագործվում են չուր և չույ տարբե­րակները[81]։ Մեր ուղեկից Ուղուր Բիրյոլի հետ զրույցից տեղեկացա նաև, որ Չամլըհեմշինում՝ մոտավորապես 2600մ բարձրության վրա գտնվում է Ջէր-հօվիտ<Ջըրհօվիտ անունով արոտավայր, որտեղ կան եկեղեցու հետքեր։ Հետա­քրքրական է, որ այս տեղանվան մեջ պահպանվել է ջուր արմատի ջէր հնչյունա­փոխված ձևը։

Լօրութ (Lorut) – կազմվել է լօրի (ծառատեսակ)+ուտ>ութ բաղադրիչներից։ Տարածա­շրջանը հարուստ է լորենիներով։

Խացթուր (Khaç’tur) - կազմվել է խաչ>խաց+դուռ>թուր բաղադրիչներից՝ տեղական խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ։ Ըստ Ղ. Ինճիճյանի՝ Տրապիզոնի հայոց բարբառում եկեղեցի բառին որպես հոմանիշ օգտագործում էին խաչտուր բառը. «…զի զամենայն եկեղեցիս խաչտուր անուանեն անդէն գիւղականք…»[82]։Համաձայն Հ. Աճառյանի՝ քրիստոնյա համշենցիների բարբառում նույն­պես գործածական է խաչդուռբառակապակցությունը, որ նշանակում է եկեղեցու դուռ[83]։ Հայերենի հոմանիշների բառարանում ևսխաչդուռը նշվում է որպես եկեղեցու հոմանիշ[84]։ Մինչև 1915թ. Սամսոն քաղաքի շրջակայքում եղել էԽաչդուռ անունով համշենահայերի գյուղ[85]։

Ձէղօվիթ (Dzeğovit) - կազմվել է ծէղ>ձէղ+հովիտ>oվիթ բաղադրիչներից։ Ծեղ, ծիղ հայերենի որոշ բարբառներում նշանակում է հարդի շյուղ։ Համշենի բարբառում ձէղ են ասում եգիպտացորենի ցողունին, որն օգտագործում են իբրև ձմեռվա անասնա­կեր[86]։ Խոփայի համշենցիների խոսվածքում պահպանվել է ձաղտարբե­րակը[87]։ Տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ հովիտ, որը բնիկ հայկական հով արմատից է կազմվել, նշանակում է «ձոր», «ցածր բլրակ», ունի նաև օվիտ տարբերակը և «երկու ձևով էլ մտնում է բազմաթիվ հայկական տեղանունների մեջ՝ ինչպես՝ Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ և այլն»[88]։

Ձիվաղնութ (Dzivağnut) - կազմվել է ձիվաղ (ձիվաղէնի-ծառատեսակ)+ն+ուտ բաղադրիչներից։ Ծվաղենիիհնչյունափոխված ձևն է։ Խոփայի համշենցիները ձէվաղնի ասում են դափնեկեռասենուն[89]։ Ունի բալի կամ կեռասի մեծության պտուղներ, որոնք հասունանալիս սևանում են։ Ի. Քարաջայի բառարանում գրանցվել էՁևանութ տարբերակը (դաշտի անուն՝ Խաչափիթ գյուղում)[90]։

Մաղլութ (Mağlut) - կազմվել է մաղօլ բաղադրիչից՝ -ուտ>ութ ածան­ցի հավե-լումով, և լեզվական արագաբանությամբ սղվել է բառի երկրորդ վանկի օ ձայնավորը՝ դառնալով մաղլութ։ Ղ. Ալի­շա­­նի՝ 1895թ. Հրա-տարակած «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» ար­ժե­քա­վոր ուսումնա-սիրության մեջ նշվում էմաղոլ տարբերակը. «Մորենոյ նման պտուղ վայրի. Տեղն այլ Մողլուտ կըսեն ի Պոնտոս։ Նույնն է և ժուղ/ժոխ»[91]։

Ըստ «Հայոց լեզվի բարբառային բառարանի»՝ 1. մորենու թփի տեսակ է, 2. եր­կար վազերով փուշ[92]։ Համշենի բնակիչներն ունեն նաև մի ասացվածք. «Եթե տղա չունենք, մեր տան ծուխը կմարի (բառացի թարգմ.՝ տունը կփակվիԵթե մեր այգիները ծածկվեն մաղոլով, ապա մեր օջախները կխեղդվեն / Oğlumuz olmazsa evimiz kapanır. Bağımız, bahçemiz mağolluk olur, ocağımız batar»[93]։ Խոփայի համշեն-ցիների խոսվածքում պահպանվել է մաղուլ տարբերակը[94]։ Այսպիսով, Մաղ-լութ>Մաղլուտ նշանակում է մաղոլի թփերի աճելու տեղ։

Մաղլութի թումբ (Mağluti tumb) - կազմվել է մաղօլ (մորենու թուփ)+ուտ>ութ+ի (սեռ. հոլ.) և թումբ բաղադրիչներից։ Թումբը բնիկ հայկական բառ է՝ թում արմատից։ Նշանակում է «գետի առաջ շինուած պատնէշ»,… «գերեզմանի վրայ բարձրացրած հողաթումբ», «…բլրակ, … բարձրություն, …լեռ»։ Հայերենից փոխառել են թուրքական բարբառները, նաև քրդերենը, ասորերենը՝ «թումբ», «բլրակ, կոյտ», «մարգագետնի կամ արտի եզերքը խրամ քաշել» իմաստներով[95]։

Մաղլութփօս (Mağlutpos) - կազմվել է մաղօլ (մորենու թուփ)+ուտ>ութմաղլութ+փօս (հարթավայր) բաղադրիչներից։ Խոփայի համշենցիները փօս ասում են հարթա­վայրին, հարթ տարածքին[96]։ Այն տարածված տեղանվանակերտ բաղադրիչ է։

Մէձկափօս (Medzkapos) - կազմվել է մէձ+կա+փօս (հարթավայր) բաղա­դրիչներից, մեծ>մէձ՝ Համշենի բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ[97]։ Հ. Աճառ­յանը մեծ բառը նշում է որպես բնիկ հայկական[98]։ Ու. Բլեսինգը գրանցել է Miç’i-ç’or -Միցի ցօր տեղանունը, որը, մեր կարծիքով, կազմվել է մեծի+ջուրբաղադրիչներից, այսինքն՝ մեծ գետ իմաստով։ Նշենք, որ Գ. Ջահուկյանը մեծ, մեծա, մեծի հիմքերով տեղանվանական կառույցները համարում է վաղնջահայկական ծագման[99]։

Մէձօվիտ (Medzovit) – կազմվել է մեծ>մէձ+հովիտ>օվիթ բաղադրիչներից։ Այս տեղանվանը հանդիպում ենք նաև Ս. Արըջըի ցանկում, և կրկին նա մաքուր հայ­կական բառերի մեջ փնտրում է կարաչայական արմատներ, ինչը հանգեցնում է անհեթեթ բացատրության։ Հայերեն մեծ բառի մեջ նա տեսնում է հինգ տարեկան ցուլ կամ ձի[100]։

Մացութ/Մօցութ (Motsut) - տեղանունը կազմվել է մացառ+ուտ բաղադրիչներից։ Հայկազյան բառարանում նշվում է, որ այն ունի գավառական տարբերակ՝ մոցառ, մատնանշում է «բազմութիւն շառաւիղաց առ արմին ծառոց»[101]։ Ունի նաև միցեռ, մացակ տարբերակները։ Համշենի բարբառում Հ. Աճառյանը նշում էմացառ[102]։ Սակայն Չամլըհեմշինում գրառումներ կատարելիս նկատեցի, որ որոշ բառերում տեղի է ունեցել բառամիջի ա>օ հնչյունափոխություն։ Եվ լեզվական արագա­բանությամբ մացառուտ բառը սեղմվել է՝ դառնալով մօցուտ-մացառների՝ փշոտ թփերի տեղ։ Հետաքրքրական է, որ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների բարբառում գրանցել է «մացառլանմաք» – փայտը կամ տախտակը փշփշոտիլ, ճղճըղուիլ»բայը[103]։

Սալ (Sal) - տեղացիները սալ ասում են անընդհատ հոսող ջրի հետևանքով կոկված կարծր քարին։ Սալ նշանակում է «տափակ քարի մեծ հատոր»[104]։ Քրիստոնյա համշենահայերի բարբառում ևս պահպանվել է սալ ձևը՝ «մեծ և տափակ սալ քար իմաստով»[105]։ Խոփայի համշենցիները օգտագործում են սալուշ(սալարկել) բայը[106]։

Սօթ (Sot) սոթ նշանակում է «ուժեղ, մրրկաշունչ քամի»[107]։ Հայաստանում անսովոր չեն Սոթ անունով բնակավայրերը։ Սոթ անունով գավառ է եղել Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի հյուսիսարևմտյան կողմում։ Համապատասխանում է նախկին ՀԽՍՀ Վարդենիսի շրջանին։ Սոթ անունով ձմեռանոց է եղել նաև ՀԽՍՀ Թումանյանի շրջանում[108]։ Հ. Աճառյանը, մեջբերելով տեղանվան Ստեփանոս Օրբելյանի ստուգա­բանությունը՝ «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք» («որ մշտական բուքերի և ցրտաշունչ եղանակների պատճառով կոչվել է Սոթք»[109]), հավելում է, որ ՆՀԲ-ի՝ սոթ բառի «պինդ, կարծր» իմաստով, բացատրության հետ որևէ կապ չունի[110]։

Ցաքութ (ՑախութՑախ+ուտ տեղանունն է, որը Համշենի բարբառում նշանակում է անտառ։ Հ. Աճառյանըցախ բառը համարում է բնիկ հայկական[111], Խոփայի համշենցիները ևս անտառին ասում են ցախուդ[112]։ Ինչպես գրում է Ղ. Ալի­շանը, ցախ ասում են «ըստ ոմանց Բիծխի ծառն, ըստ այլոց Հացի ծառն։ Տրապի­զոնի կողմեր Ցախ կոչեն Խալանչը, Erica Arborea Beruyere arborescente, որոյ երկայն բարակ ճղերուն տերեւներն խիտ խիտ մանրիկ մազեր են, և վայելուչ տեսք մընծայեն թուփին, ասկէ կու շինեն աւել»[113]։

Փագէնդէղ (Pagendeğ) - կազմվել է փակ+են+տեղ>փագ+էն+դէղ բաղա­դրիչներից։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում փագէն ասում են փայտաշեն խոտանոցին, պահեստին[114]։ Ի տարբերություն սերենդերների (փայտե սյուների վրա կառուցված մթերանոց)[115], սարբենների (սյուների վրա կառուցված փայտյա մեկ հարկանի շինու­թյուն՝ խոտ պահելու համար) և փացխաների[116], փագենները կառուցվում են անմի­ջապես հողի վրա։ Չամլըհեմշինում կա նաև Փագէն / Բագէն անու­նով գյուղ[117]։

Փիլինձութ (Pilindzut) - կազմվել է փիլօնչ (խոտաբույսի տեսակ)+ուտ բաղադրիչներից։ Խոփայի համշենցիները պահպանել են փիլոնչ ձևը[118]։ Ա. Գենչի բառացանկում գրանցվել է Փիլունչ - Pilunç (որպես բուսատեսակ)[119]։

Ղ. Ալիշանը նշում է փիլունց տարբերակը՝ տալով հետևյալ նկարագիրը. «Տրապիզոնեցիք այս անուամբ և յատուկ մակդիրներով այլ կոչեն քանի մի տեսակ խոտեղէն Պտերներ, որ շարք մ’են տերեւոց, որոց իւրաքանչիւրն բաժնուած ի մանրա­ձեւ երկայն սրածայր մասեր, իւրաքանչիւր մասն այլ դարձեալի փոքրիկ տերեւներ բաժնուած է դէմ առ դէմ, և ոմանց նա եւ այս տերեւիկքն այլ ամենամանր բաժանմունք կամ մասեր ունին, և ամենքն ալ սուր ծայրով մի վերջանան. մէջտեղի ջիղն կամ կոթն այլ՝ որոյ եզերքին շարուած են, նույնպէս սուր ծայր մ’ունի. շատ գեղեցիկ մանրաշար տեսք մի կ’ընծայեն, ունի նաև Արջփիլունցն ավելի լայն է տեսքով կամ երկայն մատներով, Եղափիլունցն կոչուի էջ Պտեր»[120]։

Փօղփադութ (Poğpadut) - կարծում ենք, որ տեղանունը կազմվել է փօղ + փայտ > փադ բառերից և -ուտածանցից, այսինքն՝ փողփայտ>փօղփադ+ուտ>ուդ։ Խոփայի համշենցիների մոտ պահպանվել է հօղփադէնիտարբերակը[121]։ Ա. Գենչի բառա­րանում գրանցվել է Փօհփէդէն - Pohpeden (որպես բույս)[122]։

Չափազանց հետաքրքրական է, որ փօղփէտնի տարբերակով, որպես ծառանուն, արձանագրված է նաև Ղ. Ալիշանի՝ «Հայբուսակում», որի դիմաց նա գրում է. «Պօղ աղաձի. այսպէս կոչուած ի Պոնտոս, քննութեան կարօտի տեսակն»[123]։ Բառի առաջին արմատը հայերեն փող բառի հնչյունափոխված պող տարբերակն է, երկրորդ բաղադրիչը թուրքերեն աղաջ (իմա՝ ağaç)- ծառ բառն է, որը տեղական խոսվածքի օրինա­չափությամբ հնչյունափոխվել է աղաձի (ağadzi), այսինքն՝ փող աղաձի, նշանա­կում է փողի ծառ։

Ինձ հաջողվեց Չամլըհեմշինի Մաքրևիս գյուղում, գրանցել, որ փօղփադի>փօղփէդի են ասում մի ծառատեսակի, որի ճյուղերը փողի պես սնամեջ են։ Այս ծառի ճյուղից Չամլըհեմշինի Մաքրևիս գյուղում, ինչպես ցույց տվեցին և թուրքերենով բացա­տրեցին տեղացի կանայք, պատրաստում են մի սնամեջ գործիք, որով փչում ու բորբո­քում են կրակը և այն կոչում են փող։ Ըստ թուրքական «Սևծովյան հանրա­գիտարանային բառարանի»՝ ունի նաև փուղ տարբերակը[124]։ Տեղանվան եր­կրոդ արմատը՝ փայտ բառը, Համշենի բարբառում ունի փադ>փաթ>փէդ>փիթ հնչյունա­փոխված դրսևորումները։ Խոփայի համշենցիների խոսվածքներում ևս պահ­պանվել են փայտ բառի փադ, փաթ հնչյունափոխված ձևերը[125]։

Քամիքէլօղ (Kamikeloğ) - կազմվել է քամի+գլուխ>քելօղ բաղադրիչներից։ Ըստ Բ. Թոռլաքյանի՝ համշենցիները կանեփի սերմերը չորացնելուց հետո, այն մաքրում էին կալմաղերով ու քամուն էին տալիս թեփերից անջատելու նպատակով։ «Քամուն տալու համար կանգնում էին բարձր պատվանդանի վրա ու ամանից սերմացուն քիչ-քիչ թափում»[126]։ Կարծում ենք, որ Քամիքէլօղը նման մի վայրի անուն է։

Քաշված - հավանաբար կազմվել է հայերենի քաշ բառից, որը նշանակում է ցած, ոչ բարձր[127]։ Հայաստանի տեղանունների բառարանում քաշ արմատով նշված է շուրջ երեք տասնյակ տեղանուն՝ այսպես, օրինակ՝Քաշունիք, Քաշաթաղ, Քաշաղ, Քաշինմարգ և այլն[128]։

Քարափ (Karap) - տեղանունը կազմվել է քար+ափ բաղադրիչներից։ Նշենք, որ Չամլըհեմշինում Քարափ տեղանուն է գրանցել նաև Ա. Գենչը[129]։ Քարափի թաշ>Քերափ թաշ տեղանուն է հիշվում նաև Արդվինի նահանգի Յուսուֆելի (նախկին Կիսկիմ) գավառում, տեղացիներն այդպես են անվանում ժայռային զանգված ունեցող այս տեղանքը[130]։

Քարէդօղ (Karedoğ) – տեղանունը կազմվել է քար+ե+դօղ>տեղ բաղադրիչներից։ Տարածագոտում քարարմատով պահպանվել են նաև այլ միկրոտեղանուններ, ինչպես, օրինակ՝ Քարօց (ամառային արոտավայր՝ Չայելի գավառում), Քարունչ (ամառային արոտավայր՝ Չամլըհեմշին գավառում, որն ունի 13 տուն)։ Մեծ Հայքի Սյունյաց աշխարհում Քարունջ անունով քաղաքագյուղ է հիշատակում 9-10-րդ դարերի հայ նշանավոր պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին[131]։ Ի դեպ՝ Քար­ունջ/Քարունչ, Քարահունջ/Քարահունչ լեռան, գետի և գյուղի անուններ կան Սյունի­քում և Լեռնային Ղարաբաղում[132]։ Նշենք, որ քար արմատով հարյուրից ավելի տեղանուն է եղել Մեծ Հայքում և Կիլիկիայում[133]։

Քարէդօղ տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ տեղ բառը, բնիկ հայկական է, որն աղավաղվելով՝ վերածվել էդօղ-ի։

Քէթմէց (Ketmeç’) - կազմվել է գետ>քէթ+մեջ>մէց բաղադրիչներից՝ տեղական խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ։ Ի դեպ՝ 903թ. Գետամեջ տեղանուն է հիշատակվում Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Գեղարքունիք գավառում[134]։

Օցութ (Otsut) - տեղանունը կազմվել է օձ>օց+ուտ>ութ բաղադրիչներից։ Հայաստանի այլ գավառներում ևս գրանցվել են օձ արմատով տեղանուններ[135], այդ թվում՝ վերոնշյալ Օձուտ կաղապարաձևով տեղանուններ են եղել Համշենի հարևան Խոտոր­ջրում, Սպեր գավառում, ինչպես նաև Կարսում, Չմշկածագի շրջանում[136]։

* * *

Հետաքրքիր լեզվական փաստեր գրառեցի Մաքրևիս գյուղի բնակիչ, տիկին Գյոնուլ Գյուլայից։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ նրա մայրական կողմից պապը՝ Վարդանը, հարևան գյուղի քահանան (քեշիշը) էր։ Նա վկայեց նաև, որ գյուղի մոտակայքում ժամանակին եղել է վանք, որից այժմ միայն ավերակներ են մնացել։ Նա իր թուրքերեն խոսքում հենց վանք բառն էլ օգտագործեց։ Շրջակա միկրո­տեղանուններից թվարկեց` Ակուփի դաղ-Հակոբի լեռ, Արանի չայըր (մարգա­գետին), Դoվoր/Դoվէրի (տավար)՝ թաղամաս Չամլըհեմշինի Չինչիվագյուղում, Խացի­նա>Խաչինա, Հացինհէդէվ>խաչի (եկեղեցու) հետևի կողմ (մի այգու անուն է, թարգ­մա­նաբար ասում են նաև Քիլիսե բոսթան), Հէդէն փօս>հետևի կողմում գտնվող հարթա-վայր, Մարկօսի լէռ (ամառային արոտավայր), Մարանի (Մառանի) լէռ (ամառային արոտավայր), Մէղօյի յայլա (Մեղվի յայլա), Մէլիքի փօս, Քօբօշ-գյուղանուն, հավանաբար կոկոշ/գոգոշ բառի աղավաղված ձևն է, Համշենի բար­բառում այդպես են ասում խխունջի պատյանին[137], Շաղդէղ (կազմվել է շաղ – ցող, եղյամ և տեղ բառերից), Մէէվօր-Մաղհավoր(likapa – բույս, որը համշենցիներն օգտագոր­ծում են որպես դեղամիջոց սակավարյունության բուժման համար[138]), Չուլինա (թաղամաս, Չամլը-հեմշինի Չինչիվա գյուղում) տեղանունները։

Հին գերդաստաններից, ընտանիքներից, տներից հիշատակեց Ալէքսի տուն, Անտօնի տուն, Ավէթիքի տուն, Բէգիի տուն, ԲօղօսիՊողոսի տուն, Գավազի (ինչպես բացատրեց Գյոնուլ Գյուլայը, գավազան բառի կրճատ ձևն է) տուն, Գինօսի տուն, Խաչիկի տուն, Կիրակօսի տուն, Դարբինի տուն, Քօզիքի / Քօզիսի տուն, Փէտրէսի(Պետրոսի) տուն, Փիրիկի տուն, Մազիկի տուն, Մուսիկի տուն, Փիսիկի տուն, Փօլադի տուն, Խաչիկի տուն,անձնանուններից հիշատակեց Գասպար, Թաքուշ (Թագուհի), Խաթուն, Խաչա­տուր, Մարի, Մուչան, Վարդան։Հիշեց, ինչպես ինքն էր ասում, իր քերեգինի (keregin) – քեռակնոջ՝ Միրիէի անունը։ Հավելեց նաև Շամիրանդանունը՝ ասելով, որ Շամիրամի փոփոխված տարբերակն է։ Նշենք, որ Չամլըհեմշին գավառի Մոլավեյիս (Մոլեվիչ) գյուղի բնակիչներն իրենց խոսակցական թուրքերենում մի շարք հայերեն բառերի հետ պահպանել են նաև գերդաստանների հայերեն անունները, օրինակ՝ Գիրագոսանչ[139]՝ տեղական խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ՝ Կիրա­կոս>Գիրա-գոս+ենց>անց>անչ։ -Անց>ենց>ոնց ածանցը հայերենի անք>ենք>ոնքածանցն է՝ սեռա-կան հոլով։ Այն գործածական է եղել նաև գրաբարում։ Ցույց է տալիս անեզական գոյականներ՝ ստացական նշանակության, ինչպես, Խաչոյենք>Խաչոյենց (Խաչոյի ընտանիքի մարդիկ) և այլն[140]։

Այնուհետև, պատմական Զիլ քալեն այցելելուց հետո բարձրացանք հայկական աղբյուրներում հիշատակված Տափ գյուղը, որը, ինչպես գրում է Ղ. Ինճիճյանը, «տաճիք կոչեն Չաթ»[141] (այժմ ենթակա է Չամլըհեմշինին, նոր անունը՝ Սաաթ), մեզ ուղեկցողներից իմացանքոր բնակավայրին դիմահայաց վեր է խոյանում Գարմի[ր] սա[ր]-ը (Garmisa[r])-Կարմիր սարը։ Այդպես է կոչվում իր կարմիր քարերի պատճառով։

Այդ բարձրադիր լեռան գագաթից ահագնացած իջնում է ջրվեժը, կամ ինչպես համշենցիներն են ասում,չախչախանը։ Կարծում ենք՝ բառահիմքում չախչախ բառն է, որը տարածված է նաև հայ բարբառներում, ունի չախչախիկ ձևը։ Ըստ «Հայոց լեզվի բարբառային բառարանի»՝ նշանակում է «ջրաղացի մաս, որն իր ցնցումներով կար­գա­վորում է աղացվող հատիկի հոսքը դեպի ջրաղացքար»[142]։ Ջրաղացից անընդհատ գալիս են չախչախանների ձայնը և ջրի խոխոջը։ Ենթադրում ենք, որ ջրվեժի արագա­հոս ջրի աղմուկը տեղացիները նմանեցրել են ջրաղացի չախչախի ձայներին, այդպիսով՝ ջրվեժները կոչելով չախչախան։ Օ. Օզթուրքն իր բառարանում գրանցել է չաքչաքա, չամչաքա բառերի հնչարտասանական տարբերակները։ Նա ևս այս բառերը բացատրում է որպես ջրաղացի մաս, որը եգիպտացորենի հատիկներն ուղղում է դեպի ջրաղացքար[143]։

Կարմիր սարի չախչախանը թափվում է սարի ստորոտվ հոսող գետըհենց այստեղ, ըստ Ղ. Ինճիճյանի,միախառնվում են Բաշհամշեն և Եվողիւտ (Եղնովիտ) գետերը ու թափվում Սև ծով[144]։ Գյուղի մոտակա գետի վրա պահպանվել է մի հնագույն կամարա­ձև կամուրջ։ Տափ գյուղը սարի լանջին՝ տափարակ մի հատվածի վրա է։ Տների մեծ մասը լքված է։ Կանգուն են քարե հիմքերի վրա կառուցված ընդամենը մի քանի փայտաշեն տներ։ Գյուղում հիմնականում հին տների և շինությունների ավերակներ են։ Գյուղն ունի սառնորակ աղբյուր։ Այնտեղ հանդիպեցինք մի համշենցի ընտա­նիքի, որը եկել էր ամառային արձակուրդն անցկացնելու։

Նշենք, որ Արդվինի նահանգի Յուսուֆելի (Կիսկիմ) գավառի Ափիշեն (Ափ+ի+շեն) գյուղի (նոր անունը՝ Քընալըչամ) թաղերից մեկի հին անունը ևս կարմիր արմատով է՝ Կարմիր ցեխ, որ աղավաղվելով՝ դարձել էՔարմիսէր՝ բառասկզբի կ>ք հնչյունա­փոխությամբ։ Գյուղի կարմիր հողերի միջով հոսող գետը նույնպես ստացել է Կարմիրջուր անունը[145]։

Մեզ ուղեկցող Ջան Ուղուր Բիրյոլից տեղեկացանք, որ Չամլըհեմշինի հին անունը եղել է Հէմէգէդուր(Hemegedur)։ Հէմէգէդուր տեղանվան երկրորդ բաղադրիչը հայերեն կտուր բառի բարբառային դրսևորումն էկտուր>գէդուր, առաջին բաղադրիչը հավանաբար կարող է լինել Համամ աձնանունը (Համշենի իշխանության հիմնադիր Համամ Ամատունու անունից)՝ բառավերջի մ-ի անկումով, այսինքն՝ Համամի կտուր, տանիք, որ փոխաբերական իմաստով կարող է նշանակել Համամի տուն։ Կարծում ենք, որ լեզվական արագաբանությամբ և տեղական խոսվածքի ազդեցությամբ դարձել է Հեմեգեդուր, ինչպես օրինակ՝ Համամաշենը դարձել է Համշեն, (հետագայում՝ թուրքերենով՝ Հեմշին։ Ավելացնենք, որ կտուր>գթուր արմատով՝ Karagtur – Քարա (սև)+կտուրլեռնանուն է հիշվում Համշենում։ Ըստ Հ. Տաշյանի տեղադրության՝ Քարա+կտուր բարձր գագաթը գտնվում է «Բաշ – Քէօյ եւ անկէ վեր ուղիղ հյուսիսակողմը կ’իյնայ բուն Համշէն ալ եւ իր կողերէն կը բղխի Համշէնի գետը՝ անցնելով նախ Սոգորնի և անկէ Համշեն, որոնք իրարմէ շատ հեռու ալ չեն»[146]։

Նշենք, որ 16-րդ դարի օսմանյան աշխարհագիր (tahrir) մատյաններում ներկայիս Չամլըհեմշինի տարածքը կոչվել է Քարա-Հեմշին (Kara-Hemşin)[147], ավելի ուշ՝ Վիչե Աշաղը կամ Աշաղը Վիչե (Viçe Aşağı,Aşağı Viçe-Ներքին Վիժե

* * *

Չափազանց հետաքրքիր հանդիպում էր սպասվում Արտաշեն գավառի Օջե գյուղում, որն այժմ ունի 140 տուն։ Այն գտնվում է Սև ծովին դիմահայաց բլրի վրա և թաղված է պտղատու այգիների մեջ։ Գյուղացիներն արդեն տեղյակ էին մեր գալստյան մասին։ Զառիվեր ճանապարհով բարձրացանք Օջեի կենտրոնուր մեզ պարկա­պզուկի նվագակցությամբ իրենց շուրջպարով (հորոն) դիմավորեցին գյուղի երիտա­սարդները։ Հավաքվել էին նաև մեծահասակները։ Կատարյալ եռուզեռ էր։ Այնտեղ գրառումներ կատարեցի 1934թ. Փազարի[148]գավառում ծնված Նուրեթթին Քեփենեքից։ Նա թվարկեց Արտաշեն գավառի ներկայիս համշենաբնակ գյուղերը. դրանք են՝ Չուքուլիթայժմ` Ասլանդերե, Ցուփեայժմ` Բեյդերե (կազմում են Աբուի շրջանը) և Բաքոս, Զենիմոշ, Ղանյա, Փիցխալա (այժմ՝ Յայլաջըլար), Քուրուփիթ/Գուրուփիթ (այժմ՝ Շենքյոյ), Օջե։ Նշեց նաև, որ այժմ Արտաշենում ապրում է շուրջ երեք հազար համշենցի։ Նրանց մի մասը այստեղ է հաստատվել՝ հեռանալով Չամլըհեմշինի լեռ­նային գյուղերից։ Նուրեթթին Քեփենեքը պատմում էր, որ ընդամենը 50-60 տարի առաջ գյուղում, ինչպես նաև իրենց ընտանիքում, բոլորը խոսում էին Համշենի բարբառով։ Այսօր թեև մոռացել են իրենց մայրենին, բայց խոսակցական թուրքե­րենում դեռևս պահպանել են տեղական բարբառային բառեր, ինչպես օրինակ՝ ակիշ (թոնրի շիշ), բարդի, գօդիմ (կոտեմ), դութ (թութ), էղինջ (եղինջ), խաչաչուր[149](խաչաջուր-տանձի տեսակ), մէսուր (մսուր), ղօյիզ (կորիզ), ժօխ (մոշ), փիլունց (փիլունձ-պտերազգի ծառի տեսակ), փուչակ (փչակ), քէթաման (կաթի ամանև այլն։ Հետաքրքիր է նաև, որ Օջե գյուղում առ այսօր պահպանվել է համշեն­ցիների՝ սուլելով հաղորդակցվելու յուրահատուկ ավանդույթը։

Ստորև ներկայացվում են նաև Նուրեթթին Քեփենեքից գրանցած միկրո­տեղանունները՝ մեր բացատրություններով։

Ասրաթ/Արսաթ (Arsat) - արծաթ բառն է ծ>ս հնչյունափոխությամբ, առաջին տարբերակում տեղի է ունեցել բառամիջի բաղաձայնների դրափոխություն, մի երևույթ, որ հատուկ է հայ բարբառներին։

Բախէդագ (Bakhedag) - կազմվել է բարխ (պարեխ)+տակ բաղադրիչներից, այսինքն՝ ժայռի տակ։ Խոփայի համշենցիների բարբառում ևս ժայռին ասում են բարխ[150]։ Պարեխ նշանակում է «ժայռ, լեռան ցցված մասը, քարքարոտ տեղեր[151] ։

Բախէնօղ (Bakhenoğ) - տեղանունը կազմվել է բարխ (ժայռ) և օղ բաղադրիչներից։ Օղ Համշենի բարբառում ասում են բլրին։ Նուրեթթին Քեփենեքի նկարագրությամբ՝ խոսքը վերաբերում է ժայռոտ գագաթ ունեցող բլրի։

Գլինչխաչ (Glinçkhaç) - տեղանվան երկրորդ բաղադրիչը խաչ բառն է։ Խաչ արմատով մակրո և միկրոտեղանվանական կառույցները տարածված են Ռիզեի համշենցիների շրջանում, օրինակ՝ Խաչ, Խաչիքար>Խաչքար, Խաչիվանք>Խաչի-վանաք, Խաչափայտ>Խաչափիթ, Խաչկուն, Խաչին+տեղ>Հազինդաղ, Խաչի բակ>Խաչի ավլա, Խաչի թիկունք-Խաչի սիրթի (թրք.՝ սըրթ նշանակում է թիկունք) և այլն։ Այս տեղանունները մեկ անգամ ևս հաստատում են, որ Համշենը նախկինում եղել է հայ քրիստոնեական հոգևոր կենտրոններից մեկը։

Զէմագ (Zemag) - ծմակ բառն է, որն, ըստ Հ. Աճառյանի, նշանակում է «արև չտեսած՝ շուք տեղ ձորի մեջ»[152]։ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենահայերի բարբառում գրանցել է ձմագ տարբերակը[153]։

Թասիգօնդուզի (Tasigonduzi) - տեղանունը կազմվել է թասիկ>թասիգ (աման) + օն (սեռ. հոլ.) և դուզ (թուրք. թարգմ. հարթավայր)+ի (ածանցբաղադրիչներից։ Հավանաբար նախնականը եղել է Թասիգօն+փօս+ի։ Փօս բառը, որ Համշենի բարբառում նշանակում է հարթավայր, հետագայում թուրքերեն է թարգմանվել։ Ն. Քեփենեքի նկարագրությամբ՝ տեղանքի մակերեսը թեև հարթ է, բայց ունի թասի նման մի փոքր գոգավորություն։ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների բարբառում գրանցել է սեռական-տրական հոլովի օն մասնիկը, որը համարժեք է հայերենի այլ բարբառների ան վերջավորությանը, ինչպես՝ ճնճղուկջինջըղգօն, աղջիկախճգօն, մուկմգօն, էզէզօն, աշունաշնօն և այլն։ Լեզվաբանը նշում է, որ գրական հայերենում, ինչպես և բարբառներում այս հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ քիչ է, իսկ Համշենի բարբառում քսանից ավելի է[154]։ Հետաքրքրական է, որ տեղանվան առաջին բաղադրիչը պահպանել է բարբառի ձևաբանական օրինաչափությունը։ Տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ դյուզ (düz) բառը, ստացել է թուրքերենի երրորդ դեմքի պատկանելության -i ածանց՝ առաջին բաղադրիչի հետ կազմելով գոյականա­կան կապակցություն՝ հատկացուցիչ հատկացյալ փոխհարաբերությամբ (Birinci Tamla­ma)։ Թուրքերենի բարբառներում, ի տարբերություն գրական լեզվի, բացակայում է ձայնավորների ներդաշնակության օրենքը, ուստի՝ դյուզ բառը –ու (-ü) ածանցի փոխարեն ստացել է –ի (-i)։

Թէքինդուզի (Tekinduzi) - տեղանունը կազմվել է թեք+ին և դուզ բառերով։ Ն. Քեփենեքի նկարագրությամբ՝ տեղանքն ունի թեքություն։

Խաչինդուզի (Khaçinduzi) - տեղանվան մեջ առկա են խաչ+ին և դուզ+ի (հարթավայր) բառերը։ Հնում հավանաբար եղել է Խաչինփօս։

Խօթութ (Khotut) - կազմվել է խոտ>խոթ+ուտ>ութ բաղադրիչներից։

Մամինօղ (Maminoğ) - կազմվել է մամ (մայր, մեծ մայր)+ին և օղ (բլուր) բաղադրիչներից, այսինքն՝ Մեծ մոր բլուր։

Մութիկամօդու (Mutikamodu) - տեղանվան մեջ առկա են մութին+կա (մթնկա- մութ, խավար[155]) և մոտբաղադրիչները։ Խոփայի համշենցիների խոսվածքում ևս պահպանվել է լուսինկա բառի լուսնիկա տարբերակը՝ «լուսնիկա էրօնդ քիշէր» – լուսն­կա գեղեցիկ գիշեր։ Նշենք, որ մութ արմատով տեղանուններ են եղել Համշենի հարևան Խոտորջրում, նաև Բիթլիսում, Խարբերդում, Կիլիկիայում և այլն։ Օրինակ՝ Մութ, Մութձոր, Մութնա, Մութուն[156]։

Ջինջուն դաղը (Cincun dağı) - կազմվել է ճնճղուկ>ճնճուղ>ջինջուղ և դաղը (թարգմ.՝ սար) բաղադրիչներից։ Հայ բարբառներում կան ճնջուղ, ճունջուղ, ջունջիղ, ջնջօղ և այլ դրսևորումներ[157]։

Վարինթէվ (Varintev) - կազմվել է վար (ներքև)+ին (սեռ. հոլ.)+թև բաղադրիչներից` ներքևի կողմ իմաստով։

Վէթքար (Vetkar) - կազմվել է վէթ (վերին)+քար բաղադրիչներից։ Խոփայի համշենցիները ևս վերևին ասում են վէթի, վէթու[158]։ Վէթքար տեղանուն գրանցել է նաև Ա. Գենչը[159]։

Չը[ր]քէլօղ (Çı[r]keloğ)/Չէ[ր]քէլօղ (Çı[r]keloğ) - կազմվել է ջուր>չըր+գլուխ>քէլօղ բառերից, որ նշանակում է աղբյուրի վերևի մաս։ Այդպես են ասում նաև Խոփայի համշենցիները աղբյուրի վերևի մասին, կամ այն վայրին, որտեղից բխում է ջուրը[160]։

Սալէէս (Salees) - կազմվել է սալ (ողորկ)+երես բաղադրիչներից։ Համշենի բարբառի օրինաչափությամբ բառամիջի ր սղվել է։

Սալչուր (Salçur) - կազմվել է սալ+ջուր>չուր բաղադրիչներից։ Ա. Գենչի բառարանում սալ արմատով գրանցվել է մեկ այլ տեղանուն՝ Սալահփուր (Salahpur), այսինքն՝ սալ+աղբյուր[161]։

Փագինդագ (Pagindag) - կազմվել է բակ>փագ+ին+տակ>դագ բաղադրիչներից։

Քօփթուր (Koptur) – կարծում ենք, որ տեղանվան մեջ կոպ>քօփ (փակ)+դուռ բաղադրիչներն են։

Օ[ղ]թնափուր (O[ğ]tnapur) - տեղանունը կազմվել է օղթն (յոթ)+աղբյուր բաղադրիչներից՝ Համշենի բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ։

Համեմատության համար ավելացնենք, որ Տրապիզոնի Արաքլը[162] գավառի Քիզիրնոս (նոր անունը՝ Քայաջըք)[163] գյուղի համշենցիները, որոնք բռնի իսլամացման արդյունքում կորցրել են իրենց ինքնությունն ու մայրենին, մինչև այսօր իրենց խո­սակցական թուրքերենում գործածում են հայերեն բառեր[164] ու միկրոտեղանուններ՝ կարծելով, որ դրանք հունարեն են[165]։ Բնակիչների պատմածի համաձայն նրանց նախնիները Քիզիրնոս են տեղափոխվել Չամլըհեմշին գավառից։ Թե երբ են Քիզիր­նոսի համշենցիները մահմեդականացվել, ստուգ տեղե­կություններ չունենք, սակայն տեղացիների վկայությամբ, նրանք այնտեղ հաստատվել են 17-18-րդ դարերում[166]։ Ինչպես արդեն նշել ենք, հենց այդ դարերում է Համշենում իրագործվել զանգա­վածային բռնի մահմեդականացումը[167]։ Եվ այդ ժամանակ էլ բնակչության մի մասը ստիպված լքել է իր հայրենի բնօրրանն ու հաստատվել հարևան Քարադերե (Սև գետ) և Սուրմենե գավառներում։ Սակայն հետագայում այդ գավառները ևս չեն խուսափել իսլամացման դաժան քաղաքա­կանությունից։

Քիզիրնոսի միկրոտեղանունները, թեև կրում են տեղական խոսվածքներին բնորոշ հնչյունական մակաշերտեր, հնչյունական աղավաղումներ, սակայն դրանք հայերեն են ինչպես իրենց բաղադրիչներով, այնպես էլ կառուցվածքով։ Այսպես օրինակ՝ Գարնութ (Garnut) - կազմվել է կաղին+ուտ բաղադրիչներից, կաղնուտ >գարնութ։ Գումդէղ (Gumdeğ) – կազմվել է գոմ>գում+տեղ>դէղ բաղադրիչներից։ Էղրութ – կազմվել է էղի կամեղի+ութ բաղադրիչներից։ Համշենի բարբառում էղի են ասում դեռահաս կաթնահաս ցորենին[168]։ Թէհքութ(Tehkut) – կազմվել է թեղի+ուտ բաղա­դրիչներից։ Լէնդէրէվ (Lenderev) – կազմվել է լայն>լեն+տերև>դէրեվբաղա-դրիչներից։ Հաչօվիթ (Haçovit) – կազմվել է խաչ+հովիտ>օվիթ բառերից։ Ղօրղուտ - տեղանվան մեջ առկա է կորկոտ (ձավար) բառը։ Խոփայի համշենցիների խոսվածքում գործածա­կան է գորգոտհնչարտասանական տարբերակը[169]։ Մօնութ (Monut) – կազմվել է մոնի (կաղնու տեսակ)+ուտ>ութբաղադրիչներից։ Վէժօն (Vejon) – կազմվել է վիժ արմատից և -ան ածանցից։ Հայերեն վէժ նշանակում է «հոսանք, սահանք, ցայտումն»[170]։ Վէժ>Վըժ արմատով տեղանունները տարածված են եղել նաև Մեծ Հայքում՝ ՎժանՎժնա դաշտՎժնաջուրՎժանա վանքՎժանիսՎժենիսՎժնաբերդՎժինիս[171]։Վէրիփօս (Veripos) – կազմվել է վերի+փոս (հարթավայր) բառերից։ Ուս - հավանաբար սա նույն՝ Համշենի բար­­բառի Խոփայի խոսվածքում գործածվող ուսի բառն է, որ ասում են ձնահյուսին[172]։ Բառի բացատրությունն ավելի է հիմնավորվում այն հանգամանքով, որ լեռնային Քիզիրնոսում ձմեռը խստաշունչ է և ձնառատ[173]։ Քէրէնքաշ - կազմվել է քերեն>գերան+քաշելկտրել բառերից, այսինքն՝ գերան կտրելու տեղ։

Քիզիրնոսի շրջակա միկրոտեղանուններն իրենց կառուցվածքով, հնչյունական դրսևորումներով հար և նման են Չամլըհեմշին և Արտաշեն գավառներում մեր գրա­ռած տեղանուններին։ Լեզվական այս նմուշները ևս հաստատում են, որ Քիզիրնոսի համշենցիների նախնիները եկել Համշենի գավառից։

* * *

Այսպիսով, սույն ուսումնասիրության մեջ քննության ենթարկված միկրոտեղանունները, թեև կրում են տեղական խոսվածքներին հատուկ հնչարտա­սանական մակաշերտեր և ժամանակի ընթացքում ենթարկվել են նաև թուրքերենի հնչյունական որոշակի ազդեցությանը, այդուհանդերձ, նրանցում պահպանվել են հայկական արմատներ, տեղանվանակազմ և քերականական հատկանիշներ, որոնք կարևոր նյութ կարող են մատուցել հայ տեղանվանագիտությանն ու բարբառա­գիտությանը, լույս սփռել Համշենի պատմության մի շարք խնդիրների պարզաբան­ման վրա։

Ինչպես ցույց տվեց կատարված վերլուծությունը, Համշենի տեղանունների բա­ռաքննության համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանցում առկա տեղական խոս­վածքային հնչյունական յուրահատկությունները, իմաստային, քերականական, բա­ռա­կազմական առանձնահատկությունները, ինչը հիմնականում անտեսում են թուրք հեղինակները։ Մասնավորապես, սույն տեղանվանագիտական քննությամբ հերքվում են որոշ թուրք գիտնականների մտացածին բացատրությունները։

Միկրոտեղանունները, կամ ժողովրդական տեղանունները, հայոց պատմա­կան հիշողության և մշակութային ժառանգության մասն են։ Հետևաբար, դրանց ուսումնասիրությունը պետք է ընդգրկվի հայ պատմաբանասիրության օրա­կար­գում, հատկապես այն պատճառով, որ դրանց մեծ մասը, գտնվելով թուրքական միջա­վայ­րում, ժամանակին չգրանցվելու դեպքում սերնդափոխության հետևանքով դատա­պարտված է մոռացության։

Ծանոթագրություններ

[1] Մեր խմբի կազմում էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսա­թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստի­տուտի գիտաշխատող, բանասեր Քեյթի Գունդակչյանը, «Լուսակն» հրատարակչության տնօրեն, բանա­սեր Ռուզան Սահակյանը և ուրիշներ։ Խոփայում մեզ միացան Ստամբուլի «Ակօս» շաբաթա­թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգյանը և նրա տիկինը։
Խորին շնորհակալություն ենք հայտնում ուղևորության ընթացքում մեզ աջակցող և Բիլբիլանում ու Քեմալփաշայում հյուրընկալող մեր համշենցի բարեկամներին և նրանց ազգականներին՝ Ստամբուլի «Վով ա» երաժշտախմբի ղեկավար, երգիչ Հիքմեթ Աքչիչեքին, գրող Մահիր Օզքա­նին, ինչպես նաև Չամլըհեմշին և Համշեն գավառներում մեզ հյուրընկալող ստամբուլցի լրա­գրող ու գրող Ադնան Գենչին և Անկարայում բնակվող լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլին։
[2] Ղ. ԻնճիճեանԱշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 397։ Ս. Հայկունի,Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ» ամսագիր, Վաղարշապատ, 1895, թիվ 7, էջ 239-243, թիվ 8, էջ 295-297։ Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 174-175։ Լ. Խաչիկյան, Էջեր համշինահայ պատմությունից, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, թիվ 2, էջ 136-139։ Ս. Վարդանյան, Կարևոր սկզբնաղբյուր մահմեդականացված հայերի մասին, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 2004, թիվ 3, էջ 159-170։ ԼՍահակյան, Օսմանյան կայսրու­թյունում համշենահայերի բռնի մահմեդա-կանացման քաղաքականության հետևանքները, Թուրքագի­տա­կան և օսմանագիտական հետազոտու-թյուններ, հ. IV, Երևան, 2006, էջ 207-228։ ԱՄելքոնեան, Համշէն, պատմաաշխարհագրական ակնարկ (16-20-րդ դարեր), Համշէն եւ համշէնահայութիւն (գիտաժողովի նիւթեր), Երեւան, Պէյրութ, 2007, էջ 26-33։
[3] Բիլբիլան ամառային արոտավայրում և Խոփայի գավառում Սերգեյ Վարդանյանի հավաքած բանահյուսական նյութերը տե՛ս ՍՎարդանյան, Բանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, «Ձայն համ­շե­նա­կան» ամսաթերթ, Երևան, 2011, թիվ 1-2։
[4] Այսօր Ռիզեի նահանգը զբաղեցնում է 3920 կմ քառ. տարածք, ունի 11 գավառ, 349 գյուղ, 21 ավան, 2000թ. մարդահամարի համաձայն՝ 365.938 բնակիչ։
[5] Արտաշենն ունի նաև ԱրդաշենԱրտաշինԱրդաշին հնչարտասանական տարբերակները, և ըստ տեղական ժողովրդական ստուգաբանության՝ տեղանունը բաղկացած է արտ (դաշտ)+ա+շեն (բնակա­վայր) բաղադրիչներից (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlükİstanbul, 2005, c. 1, s. 93-94)։ Հայաստանի և հարակաից շրջանների տեղանուն­ների բառարանում այն նույնացվում է Արտաշեկ գյուղի հետ, որը գտնվում է Արդվին քաղաքից 70-75 կմ արևմուտք (տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 498)։ Արտաշենը Սև ծովին ափամերձ գավառ է, որը մտնում է Ռիզեի նահանգի մեջ և գտնվում Ռիզե քաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա՝ արևելքում, սահմանակից լինելով Ֆըն­դըք­լը (Վիժե), հյուսիսարևմուտքում՝ Փազար (Աթինա), արևմուտքում՝ Չամլըհեմշին (Ներքին Վիժե) գավառ­ներին, հարավում՝ Քաջքարի լեռներին և Էրզրումի նահանգին։ Մակերեսը 742 քառ. կմ է։ Ունի 58.588 բնակիչ, 1 ավան, 38 գյուղ։ Տարվա բոլոր եղանակներին այստեղ տեղումնալից է։ Համարվում է Թուրքի­այի ամենից խոնավ շրջանը։ Բնակչության հիմնական զբաղմունքը թեյամշակումն է։ Լեռնային գոտի­ներում զբաղվում են անասնաբուծությամբ և անտառագործությամբ (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlükc. 1, s. 93-94)։
[6] Համշենահայ ազգագրագետ Ս. Հայկունին, իր գրառած մի ավանդության համաձայն, Զիլ քալեն նույնացնում է Արտաշենի բերդի հետ, գրելով, որ Բագրատունյաց թագավորական ցեղից սերած «երկու անու­անի մարդ կը լինեն Համշէնի մեջ՝ Գրիգոր և Մարտիրոս»։ Մարտիրոսը որոշում է Գրիգորի աղջկան կնության վերցնել իր որդու՝ Արտաշենի համար։ Գրիգորը, սակայն, չի համաձայնվում, այդ­ժամ՝ «Մարտիրոս զինու զօրութեամբ Գրիգորի երկիրը կը մտնէ, կը պատերազմի, կը յաղթէ, կառնէ աղջիկը, կպսակե Արտաշէնի վերայ։ Արտաշէն Գրիգորի երկրի մէջ, Համշէնի մեծ գետի վերի ակներուն մօտ մի հսկա բերդ կը կառուցանէ, որ այսօր ևս Արտաշէն կասուի» (Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռա­ցու­ած հայեր, «Արարատ» ամսագիր, Վաղարշապատ, 1895, թիվ 8, էջ 296-297)։
[7] Այս ուսումնասիրության համառոտ տարբերակները տե՛ս Սահակյան Լ., Այցելություն Համշեն, մոռաց­վող տեղանուններ և անձնանուններ, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2010, թիվ 9-10, նույնի՝ Ճանա­պար­հորդություն Համշեն, «Լուսակն» հանդես, Երևան, 2010, թիվ 2, էջ 12-13։
[8] Հոմշեցի ինքնանվանման մասին տե՛ս ՍՎարդանյան, Թուրքիայի կրոնափոխ հայության թվաքանակի վերաբերյալ, հայախոս համշենցիներ, «Հանրապետական» ամսագիր, Երևան, 2009, թիվ 10, էջ 8։
[9] Այդ մասին տե՛ս նաև Özkan M., Hemşinli Kişiliği Üzerine, Hemşin Toplumunun Travmasıhttp://hamshentsi.blogspot.com/2009/01/։ Can Uğur Biryol, Hemşinliler Ermeni mi?, Radikal, İstanbul, 2005, Haziran, 12. Տե՛ս նույնի հայերեն թարգմանությունը, Ջ. Ու. Բիրյոլ, Հեմշինցիները հայե՞ր են, հեմշին-ցիների մասին։ Թուրքերենից թարգմանեց Լ. Սահակյանը«Ձայն համշենական» ամսաթերթ, 2006, թիվ 12։ Տե՛ս նաև նույնի՝ Etnik Bir Kimlik Olarak Hemşinliler, http://hamshentsi.blogspot.com/2009/01/։
[10] C. U. Biryol, Hemşinliler Göç ve Pastacılık, Gurbet Pastası, İletişim Yayınevi, İstanbul, 2007.
[11] «Bugün Hemşinliler’in büyük bir çoğunluğu Ermeni olduğunu reddediyor. Bölgede kullanılan yer adları ve gündelik yaşantıda kullanılan eşyaların isimlerine kadar yerleşik bir Ermenice var aslında» (Տե՛ս C. U. Biryol, Etnik Bir Kimlik Olarak Hemşinliler, http://hamshentsi.blogspot.com/2009/01/.
[12] Քեմալ Նաբի Ունալ, Սենոզ (էքսանոս), մեկ այլ Համշեն, թարգմանեց և ծանոթագրեց Լ. Սահակյանը,«Ձայն համշենական» ամսաթերթ, 2010, թիվ 7-8։
[13] Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1947, էջ 12։
[14] Նույն տեղում։
[15] Նույն տեղում։
[16] Նույն տեղում, էջ 14։
[17] G. Dume՛zil, Notes sur le parler d’un Armenien musulman d’ Ardala. (Vilayet de Rize), Revue des E՛tudes Arme՛niennes, tome 2, Paris, 1965, p. 135-142. Նույնի՝ Trois re՛cites dans le parle der Arme՛niens musulmans de Hemşin. Revue des E՛tudes Arme°niennes, tome 4, Paris, 1967, p. 19-39. Նույնի՝ Dokuments Anatoliens sur les langues et les traditions du Caucase, IV. Recits lazes en dialecte d’ Arhavi (parler de Şenköy). Bibliotheque de l’E՛cole des Hautes E՛tudes, Section des Sciences Religieuses; Volume LXXIV. Paris, 1967. Նույնի՝ Un Roman Policier en Arme՛nien d’Ardala. Revue des E՛tudes Arme՛niennes, tome XX, Paris, 1986-87, p. 7-27. Bert Vaux, Homshetsma. The language of the Armenians of Hamshen, The Hemshin, Edited by Hovann H. Simonian, London and New York, 2007, p. 257-278.
[18] ՍՎարդանյանԿրոնափոխ համշենահայերի բարբառըբանահյուսությունը և երգարվեստը (նյութեր ևուսումնասիրություններ), ԵՊՀ հրատ., Երևան, 2009, 428 էջ։ Ս. Վարդանյանն, ուսումնասիրելով Խոփայի համշենցիների լեզուն, եզրակացնում է, որ այն Համշենի բարբառի առանձին խոսվածք է և ունի երկու ենթախոսվածք՝ արդըլեցիների և թուրցևանցիների (այսինքն՝ Արդալա գյուղի բնակիչների և դրսեցիների), նշվ. աշխ., էջ 68։
[19] O. Yaman, Etniklik ve Hemşin Üzerine, Halkbilimi, Orta Doğu Teknik Üniversiti, Türk Halk Bilimi Topluluğu, 1998, Güz, 7, s. 56.
[20] Քեմալ Նաբի Ունալ, Սենոզ (էքսանոս), մեկ այլ Համշեն, նույն տեղում։
[21] Ղ. ԻնճիճեանԱշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։ Տե՛ս այդ մասին նաև՝ Ա. Մելքոնյան, Համշեն, պատմաաշխարհագրական ակնարկ (19-20-րդ դարեր), Համշեն և համշենահայություն (գիտաժողովի նյութեր), Երևան-Պէյրութ, 2007, էջ 32-33։
[22] Ղ. Ալիշան, Տեղագիր Հայոց Մեծաց, Ս. Ղազար, 1855, էջ 39։
[23] Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1980, էջ 20-21, 71-84։
[24] Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 175։
[25] Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ», 1895, թիվ 8, էջ 296։ Նշենք, որ ցարական Ռուսաստանի, Խորհրդային Միության ռազմական, ինչպես նաև թուրքական և հայկական քարտեզների հիման վրա Համշենի հայկական տեղանունների մի ցուցակ է կազմել և հրապարակել Ա. Եղիազարյանը, տե՛ս Համամաշեն-Համշենի հայկական տեղանունները, «Ձայն համշենական», 2008, թիվ 9-10, 11-12, 2009, թիվ 1-2£ А. Егиазарян, Армянские топонимы hАмамашена-hАмшена,“Амшен-Понтос”, Выпуск второй, Краснодар, 2009, с. 94-100.
[26] ԲԹոռլաքյանՀամշենահայերի ազգագրությունըհայ ազգագրություն և բանահյուսություն, նյութեր ևուսումնասիրություններ, հ. 13, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1981, էջ 29։
[27] A. Yüksel, Doğu Karadeniz Araştırmaları, Bayrak Matbaası, İstanbul, 2005, s. 12։
[28] K. Hoşoğlu, Köylerin Eski İsimleri, Eski İsimler Hakkında bilgiler, Rize Halk Eğitim Yayınları, 2001.
[29] A. Yüksel, նշվ աշխ., էջ 14։ Տե՛ս նաև M. Safi, Rizede Tahrir Öşür Envanteri, էջ 6-7։ A. Taşpınar, Rize Tarihi, Rize, 2004, s. 576-580.
[30] L. Sahakyan, Turkification of the Ottoman Empire and the Republic of Turkey (անգլերեն, հայերեն, ռուսերեն), Montreal, Arod Books, 2010.
[31] ԲԹոռլաքյաննույն տեղում։
[32] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, 2 basım, İstanbul, 2010, s. 114-152.
[33] İ. Karaca, Hemşin, Tarih, Dil, Gelenek ve Görenekler, İstanbul, 2006, s. 76-124.
[34] U. Bläsing, Armenisches Lehngut im Türkeitürkischen am Beispiel von Hemşin, Amsterdam-Atlanta, GA, 1992, p. 91-95. Տե՛ս նույնի՝ Armenisch-Türkish Etymologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet nebst einigen Anmerkungen zum Armenischen, insbesondere dem Hemşindialekt, Amsterdam-Atlanta, GA, 1995. p. 124-139. Նույնի՝ Armenian in the vocabulary and culture of the Turkish Hemshinli (տե՛ս The Hemshin. History, society and identity in the Highlands of Northeast Turkey, Edited by Hovann H. Simonian, London and New York, 2007, p. 282, 283, 285, 287, 288, 289, 293).
[35] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։
[36] Ղ. Ինճիճեաննույն տեղում։
[37] S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-Purim Etimolojik Sözlüğü, Kızkulesi Yayıncılık, I Basım, İstanbul, 2008.
[38] M. F. Kırzıoğlu, Selim Çağında Hopa ile Arhavi Köyleri, TFA içinde, yıl 17, cilt 10, no. 201 (Nisan 1966), İstanbul, s. 4104.
[39] M. A. Sakaoğlu, Dünden Bugüne Hemşin. Karadeniz’den Bir Tarih, Yeniyurt Yayınları, Ankara, 1990.
[40] U. Bläsing, Armenisch-Türkish Etymologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet nebst einigen Anmerkungen zum Armenischen, insbesondere dem Hemşindialekt, p. 129.
[41] Ն. Մկրտչյան, Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում, «Ասողիկ» հրատ., Երևան, 2007, էջ 44-46։
[42] ՍՏեր-Սիմոնյան, Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարան, «Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 2008, էջ 13։
[43] Э. М. Мурзаев, Очерки топонимики, Мысль, Москва, 1974. с. 23. Ю. А. Карпенко, Свойства и источники микротопонимии//Микротопонимия, Москва, 1967.
[44] Н. В. Подольская, Словарь русской ономастической терминологии, Наука, Москва, 1978, с. 86.
[45] Н. В. Подольская, Словарь русской ономастической терминологии, с. 86.
[46] А. И. Ященко, Лингвистический анализ микротопонимов определенного региона. Курс лекций для студентов филологических факультетов педагогических институтов, Гос. пед. ин-т, Вологда, 1977, с. 24-27.
[47] Е. М. Адамович, О принципах составления региональных словарей белорусских
микротопонимов // Перспективы развития славянской ономастики, Наука, Москва, 1980, с. 182-183.
[48] [48] В. С. Картавенко, Проблемы и перспективы развития топонимической терминологии, Русский язык, Известия Смоленского государственного университета, Смоленск, 2008, №3, с. 90-91.
[49] Համշենցիների լեզվական ձուլման մասին տե´ս Լ. Սահակյան, Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողություն և դրսևորում, Թյուրքագիտական և օսմանագիտականհետազոտություններ, հ.V, Երևան, 2008, էջ 243-260։
[50] А. В. Суперанская, Что такое топонимика?, Наука, Москва, 1985, с. 48.
[51] А. В. Суперанская, նույն տեղում, էջ 47։
[52] Համշենցի ամուսինները տեղում յուրահատուկ կարկանդակներ էին պատրաստում վաճառքի համար։ Նրանք սիրով պատասխանեցին մեր հարցերին։ Երբ փորձեցի ճշտել, թե ինչ են մտածում իրենց ծագման մասին, ամուսինը սկսեց պատմել համշենցիների մասին կեղծարար Քըրզըօղլուի տեսակետները (Քըրզըօղլուի կեղծարարությունների մասին տե՛ս Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, էջ 208-211)։
[53] Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների բարբառում այծի դիմաց գրանցել է աձ, էձ (Հ. Աճառյան,Հայերեն արմատական բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1971, էջ 170)։ Ըստ Բ. Թոռլաքյանի՝ էծպտուկ են ասում ծվաղի (ձիվաղ) տեսակներից մեկին, որն «իր անվանն է արժանացել հատիկների՝ այծի պտուկներին նման լինելու պատճառով» (Բ. Թոռլաքյան, Համշենահայերի ազգագրությունը, էջ 134)։ Համշենահայերի բարբառում էծպուտուկ են ասում նաև խաղողի տեսակին (տե՛ս Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2002, էջ 168)։
[54] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, s. 115.
[55] S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-purim etimolojik sözlüğü, s. 240-241.
[56] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 273, 339։
[57] Saklı Ezgiler Kizirnos, Derleme, Collection, Mecit Çeliktaş, Proje Yönetmeni: Birol Topaloğlu, İstanbul, Temmuz, 2010, s. 7. Տե՛ս նաև Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2011, թիվ 1-2։
[58] Տե´ս U. Bläsing, Armenisch-Türkisch Etimolodische…, pp. 124-125. Հմմտ. K. Emiroğlu, Trabzon-Maçka Etimoloji sözlük, Ankara, 1989, s. 33.
[59] Տե´ս Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. I, İstanbul, 2005, s. 33-34.
[60] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 174-175։
[61] ԳՋահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1987, էջ 258։
[62] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 559։
[63] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 241-243։
[64] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 275։
[65] Նույն տեղում, էջ 334։
[66] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 396։
[67] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 390-391։
[68] ՀԱճառյանՀայերեն արմատական բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1973, էջ 483։
[69] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Գ, Երևան, 2004, էջ 12։
[70] Սովորաբար այն լինում էր թեք վայրում, որպեսզի տեղումների ժամանակ ջուրը չկուտակվի։Կաղինը փռում էին կալում, արևի տակ չորացնում, որից հետո կալվորները կաղնի հա­տիկ­ները անջատում էին կեղևից (Բ. Թոռլաքյան, նշվ. աշխ., էջ 132)։
[71] Ըստ Հ. Աճառյանի՝ Համշենի բարբառն ունի երեք հոգնակիակերտ ածանց՝ «-իր կամ -էր, -նիր կամ -նի և -ք» (տե՛ս ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 79)։
[72] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 156-158։
[73] ԼՍահակյան, Բարձր Հայքի ԲաբերդՍպերԴերջան գավառների տեղանուններն ուժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, «Լուսակն» հրատ., Երևան, 2007, էջ 148։
[74] ԳՋահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, էջ 415։
[75] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 353։
[76] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 130-131։
[77] ԲԹոռլաքյանՀամշենահայերի ազգագրությունըհայ ազգագրություն և բանահյուսություն, էջ 132-133։
[78] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2002, էջ 123։
[79] U. Bläsing, Armenisch-Türkisch Etimologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet, p. 126.
[80] ՀԱճառյանՔննություն Համշենի բարբառի, էջ 252։
[81] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 383։
[82] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 387։
[83] ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 260։
[84] Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, ԵՊՀ հրատ., Երևան, 2003, էջ 263։
[85] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ, Երևան, 1988, էջ 664։
[86] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, էջ 400-401։
[87] Լ. Սահակյան, Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողություն և դրսևորում, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. V, էջ 259։
[88] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 166-177։
[89] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 334։
[90] İ. Karaca, Hemşin, Tarih, Dil, Gelenek ve Görenekler, s. 80.
[91] Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, Վենետիկ-Ս. Ղազար, 1895, էջ 413։
[92] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Դ, Երևան, 2007, էջ 18։
[93] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, İstanbul, 2005, s. 804.
[94] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 304։
[95] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 206։
[96] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 325։
[97] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, էջ 295։
[98] ՀԱճառյան, նույն տեղում։
[99] ԳՋահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, էջ 414։
[100] S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-purim etimolojik sözlüğü, s. 331.
[101] Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1981, էջ 231։
[102] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 290։ Տե´ս նաև նույնի՝ Քննություն Համշենի բարբառի, էջ 244։
[103] ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 244։
[104] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ., Երևան, 1979, էջ 155։
[105] ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 252։
[106] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 315։
[107] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 238։
[108] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ, Երևան, 1998, էջ 651։
[109] Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմ., ներածությունը և ծանոթագրությունները Ա. Աբրահամյանի, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986, էջ 70։
[110] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 238։
[111] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 446-447։
[112] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 320։
[113] Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 613։
[114] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 322։ Տե՛ս նաև՝ Ս. Վարդանյան,Բանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2011, թիվ 1-2։
[115] Սերենդերները 2-3 մ բարձրության, շուրջ 40 քմ, չորս կողմից բաց պատշգամբով շրջափակված փայտաշեն կառույցներ են։ Օդ խաղալու համար փոքրիկ պատուհանները ցանցկեն են, երբեմն հանդիպում են զարդանախշերով։ Այնտեղ պահում են եգիպտացորեն, կարտոֆիլ, լոբի, սոխ և այլն։ Մթերքը կենդանիներից ապահով պահելու համար, սերենդերի սանդուղքը շարժական է (տե´ս Վար­դան­յան Ս., Կրոնափոխհամշենահայերի բարբառը…, էջ 317)։ Բացի Ռիզեից՝ սերենդերները կառուց­վում են նաև Տրապիզոնի, Գյումուշխանեի, Էրզրումի, Օրդուի, Գիրեսունի (իմա՝ Կիրասուն), Զոնգուլ­դաքի շրջաններում։ Ունի նաևսերանդեր (Տրապիզոն), սելենդեր (Գյումուշխանե, Էրզրում), սերենդի (Օրդու, Գիրեսուն, Ռիզե) սերեն(Զոնգուլդաք), սարանդեր (Համշեն, Չամլըհեմշին) հնչարտա­սանական տարբերակները (Ö. Öztürk, Karadeniz,Ansiklopedik Sözlük, c. II, İstanbul, 2005, s. 1022։
[116] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, s. 967.
[117] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. I, s. 154.
[118] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 324։
[119] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, İstanbul, 2005, 2 basım, s. 143.
[120] Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 628։
[121] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 334
[122] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, s. 143.
[123] Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 633։
[124] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, s. 966, 967.
[125] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 322։
[126] Բ. Թոռլաքյան, Համշենահայերի ազգագրությունըէջ 130։
[127] Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 4, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1980, էջ 709։
[128] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, ԵՊՀ հրատ., Երևան, 2001, էջ 298-300։
[129] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, էջ 135։
[130] Ö. ÖztürkKaradeniz, Ansiklopedik Sözlük, c. 2, s. 626.
[131] Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Գ. Թոսունյանի, ԵՊՀ հրատ., Երևան, 1996, էջ 334-335։
[132] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 314-315։
[133] Նույն տեղում, էջ 309-335։
[134] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 843։
[135] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 471-475։ Լ. Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, էջ 210, ։
[136] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 475։
[137] Հ. Աճառյանը Համշենի բարբառի գավառական բառերի շարքում գրանցել է նաև կոկոշ [գոգոշ] բառը (տե՛ս ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 261)։
[138] H. Aksu, Hemşinlilerin hastalıkları tedavi yöntemleri, “Bir Yaşam”, Karadeniz’in Yerel Tarih, Folklor, Biyo-grafi ve Coğrafya Dergisi, Sayı 12 Eylül-Ekim, Hopa, 2010, s. 35.
[139] А. Тулумджян, Хопа-хемшилы и баш-хемшилы: материалы экспедиции, «Ձայն համշենական», 2006, թիվ 1-2։ Տե՛ս նույնի՝ Земля и корни, “Анив”, журнал, Минск, 2005, N 3, с. 10.
[140] Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, հ. Զ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 207։
[141] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։
[142] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Դ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2007, էջ 372։
[143] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. 1, s. 241.
[144] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 396։
[145] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. 2, s. 632.
[146] Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, էջ 18-19։
[147] A. Taşpınar, Rize Tarihi, Rize, 2004, s. 124.
[148] Փազարի (Աթինա) գավառը Ռիզեի նահանգի վարչական միավորներից է։ Գավառի արևելքում Արտաշենն է, արևմուտքում՝ Չայելին (Մափավրի), հարավում Չամլըհեմշինի և Համշենի գավառներն են, իսկ հյուսիսում՝ Սև ծովը։ Գավառը նահանգային կենտրոն Ռիզեից գտնվում է 38 կմ հեռավորության վրա։ Ունի 315 քառ կմ. մակերես, 32.215 բնակիչ և 20 գյուղ։ Այստեղով հոսում է Համշեն գետը, պահպանվել են հնագույն շինությունների հետքեր (Öztürk Ö., նշվ. աշխ., c. 2, s. 940-941)։
[149] Ըստ Ղ. Ինճիճյանի՝ խաչաջուր տանձի տեսակը տարածված է եղել նաև Տրապիզոնում, «որ է հիւթեղ և մեծ, մինչև երից նաև երբեմն երկուց կշռել մի օխայ…» (Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 382)։
[150] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 277։
[151] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 59։
[152] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 463։
[153] Հ. Աճառյան, նույն տեղում, էջ 464։
[154] Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 95-96։
[155] Տե՛ս Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 3, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 528։
[156] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ., Երևան, 1998, էջ 882։
[157] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, էջ 207-208։
[158] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 319։
[159] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, 2 basım, s. 147.
[160] Ս. ՎարդանյանԲանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, Մանկական խաղերգեր, «Ձայն համշենական», 2011, թիվ 1-2։
[161] A. Genç, նույն տեղում, էջ 144։
[162] Կա տեսակետ, որ Արաքլը անունը ծագել է հունական Հերակլես հերոսի անունից (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, Heyamola Yayınevi, İstanbul, 2005, I c., s. 88)։ Սակայն կարծում ենք, որ տեղանվան հիմքում Առաքել իշխանի անունն է, որը մաքուր հայկական է և աղավաղվելով՝ դարձել է Արաքլը։ Դա է հաստատում նաև 15-րդ դարի իսպանացի ճանապարհորդ Ռուի Գոնսալես դե Կլավիխոյի մի հաղորդումը, ըստ որի՝ Սամարղանդ գնալու ճանապարհին նրա պատվիրակությունը մինչև Տրապիզոն հասնելը, անցել է Առաքելիերկրով։ Առաքելն այդ հողերի տերն էր, ու «թեև նրա բնակիչները քրիստոնյա հայեր էին, սակայն վատ մարդիկ էին և ավազակաբարո»։ Նրանք մինչև հարկ չէին վերցնում, թույլ չէին տալիս, որ իրենց հողերով պատվիրակներն անցնեն։ Այստեղից Կլավիխոն անցնում է Սյուրմենե, ապա՝ Տրապիզոն (Տե՛ս Руи Гонсалес де Клавихо, Дневник Путешествия в Самарканд ко двору Тимура (1403-1406), “Наука”, Москва, 1990, с. 160.)։
[163] Այն գտնվում է գավառի կենտրոնից 30-37 կմ, իսկ նահանգի կենտրոնից 60 կմ հեռավորության վրա։ Քարադերե (Սև գետ) գավառից մոտ 30 կմ հեռավորությամբ Քիզիրնոսի կամուրջն է, որից մինչև գյուղի կենտրոն 7 կմ է: Այսօր գյուղն ունի 2.185 խառը բնակիչ (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, II c., s. 680-681)։
[164] Saklı Ezgiler Kizirnos, Derleme, Collection, Mecit Çeliktaş, Proje Yönetmeni: Birol Topaloğlu, İstanbul, Temmuz, 2010, s. 10. H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü, “Bir Yaşam”,Sayı 12, Eylül-Ekim, Hopa, 2010, s. Տե՛ս նաև Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, «Ձայն համշենական», 2011, թիվ 1-2։
[165] “Saklı Ezgiler Kizirnos” («Քիզիրնոսի թաքնված երգեր», Ստամբուլ, 2010) խտասկավառակում ընդգրկված երգերի գրառող Մեջիթ Չելիքթաշն իր իմացած այս բառերից մոտավորապես 50-ի իմաստները հարցրել է հունարեն իմացող իր համագյուղացի ընկերոջը և պարզել, որ դրանք ոչ թե հունարեն են, այլ հայերեն (տե՛ս H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü, s. 59, Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, նույն տեղում)։
[166] H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü։
[167] Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, էջ 207-228։
[168] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Ա, էջ 368։
[169] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 283։
[170] Նոր բառգիրք հայկազեան լեզուի, ԵՊՀ հրատ., Երևան, 1981, հ. 2, էջ 820։
[171] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, էջ 804։
[172] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…,, էջ 322։
[173] Saklı Ezgiler Kizirnos, s. 10։

«Թյուրքագի­տա­կան և օսմանագիտական հետազոտություններ»,հ. VII, Երևան, 2011, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (հանձնված է տպագրության որոշ կրճատումներով

Հայը կարո՞ղ է մուսուլման լինել

June 3, 2012

Այն հանգամանքը, որ համշենցիները, չնայած մահմեդական լինելուն, հայերեն են խոսում և կրում են հայկական մշակույթի և սովորույթների տարրեր, տարբեր քննարկումների տեղիք է տվել:

Հայերն իրենց բնորոշելիս գլխավոր առանձնահատկություններից մեկը, որը շեշտում են, քրիստոնյա հավատքի դավանումն է: Այն, որ համշենցիները, չնայած մուսուլման լինելուն, հայերեն են խոսում, կրում են հայկական մշակույթի և ավանդույթների տարրեր, օրակարգային է դարձրել այն հարցը, թե ինչպես պետք է բնորոշվի «հայը»: Համշենցիների վերաբերյալ Արամ Արքունի գրչին պատկանող առաջին համապարփակ գիրքը վիճաբանությունների տեղիք է տվե հայերի շրջանում:

Համշենցիները, որոնց թիվն այսօր շուրջ 150 հազար է, բնակվում են Թուրքիայում, Ռուսաստանում, Վրաստանում և որոշ արևմտյան հասարակություններում, որտեղ սփյուռք կա: Արքունը «Համշեն. պատմությունը, հասարակությունը և ինքնությունը հյուսիսարևելյան Թուրքիայում» գրքում անդրադառնում է Թուրքիայում ապրող համշենցիներին: Ըստ գրքի` մ.թ. 790 թ., երբ Հայաստանը գրավվել է արաբների կողմից, հայկական ցեղը, առաջնորդներ Շապուհ Ամատունու և վերջինիս որդու` Համամի առաջնորդությամբ, գաղթել է Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Պոնտոս: Այստեղի մայրաքաղաքը Համամի անունով կոչվել է Համամաշեն, հետագայում ողջ շրջանը սկսել է անվանվել Համշեն:

Համշենցիների պատմությունը

Այսօր Ռիզեի Չամլըհեմշին գավառում համշենցիները բնակվում են բարձրադիր լեռներում: Համշենը 1480-ականներին անցավ Օսմանյան տիրապետության տակ: 16-րդ դարում սկսել են այս շրջանի երեխաներին դևշիրմեի (մանկահավաքի) ենթարկել, իսկ համշենցիների մահմեդականացման պատմության ակունքները գալիս են 1600-ականներից: Նրանք սկսել են մուսուլման դառնալ` իրենց մահմեդական հարևան լազերի հետ հավասար դիտվելու, ջիզիե տեսակի հարկը չվճարելու համար: Այս շրջանում առաջին մզկիթը կառուցվել է 1640-ական թթ.: 19-րդ դարի վերջերին Համշենից դուրս են եկել բազմաթիվ հոգևորականներ, բանակի հրամանատարներ: Այդ տարիներին համշենցիներից շատերը այլևս չի կարողացել տիրապետել հայերենին, սակայն հայոց լեզուն բառապաշարով և բարբառով ազդել է համշենցիների խոսած թուրքերենի վրա:

Այսօր Ռիզեում ապրող համշենցիները խոսում են թուրքերենով, որում առկա են հայերեն բառեր, իսկ Արդվինում բնակվողները` հայերենի բարբառներից մեկը եղող հոմշեցմա լեզվով: Ազատագրական պայքարի ժամանակ համշենցիները սևծովյան շրջանի մնացած բնակիչների պես աջակցել են Աթաթուրքին, սակայն Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին անցել են ընդդիմադիրների ճամբարը: 1926 թ. Աթաթուրքի դեմ կազմակերպված անհաջող մահափորձի մեջ էլ առաջատար դեր է ունեցել համշենցի Զիա Հուրշիդը: Գրքում նշվում է նաև, որ Մեսութ Յըլմազն ու Մուրադ Քարայալչընը նույնպես համշենցիներ են:

Տարբեր մեկնաբանություններ` հայերից

Հայերը իրարից տարբեր մեկնաբանություններ տվեցին այս գրքին: Այն դեպքում, երբ նրանց մի մասն ասաց, թե համշենցիները հայ են` անկախ իրենց դավանանքից, մյուս մասը պնդեց, թե նրանք այլևս թուրք են:

Մի քանիսն էլ նշեցին, որ հայերը գոյություն են ունեցել նախքան Քրիստոսի ծնունդը, քրիստոնեությունն ընդունվել է հետագայում, այդ պատճառով էլ հայերին բնորոշելիս չպետք է առաջնահերթություն տրվի կրոնին:

Օսկան Ալպերը «Դրօշակ»-ի խմբագրատանը

June 3, 2012

Բեմադրիչ և սցենարիստ համշենահայ Օսկան Ալպերը ծնվել է Արտվինում (Խոփա), ավարտել Տրապիզոնի լիցեյը: 1992 թ. սովորել է Ստամբուլի համալսարանի բնագիտության ֆակուլտետի ֆիզիկայի բաժնում, իսկ 1996 թ.` ընդունվել Ստամբուլի համալսարանի գիտության պատմություն բաժինը, որն ավարտել է 2003 թ.: 1996 թ. սկսած ասիստենտություն է արել այնպիսի տեղերում, ինչպիսիք են Միջագետքի մշակութային կենտրոնը, Նազըմ Հիքմեթի անվան մշակույթի տունը: 2000 թ. ասիստենտություն է արել տարբեր գեղարվեստական ֆիլմերում, այդ թվում` Յեշիմ Ուստաօղլուի նկարահանած ֆիլմերում: Բեմադրիչի առաջին ինքնուրույն ստեղծագործությունը «Մոմի»-ն է, որը Համշենի բարբառով նկարահանված կարճամետրաժ ֆիլմ է, իսկ «Մելանխոլիան և ռապսոդիան Տոկիո քաղաքում» վավերագրական ֆիլմը նկարահանվել է Ճապոնիայում: Ռեժիսորի նկարահանած մեկ այլ փաստագրական ֆիլմ է «Մի գիտնականի հետ ճանապարհորդություն` ժամանակի մեջ»-ը: «Աշուն»-ը այս բեմադրիչի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որ մրցանակների է արժանացել բազմաթիվ փառատոներում:

Հայկազուն Ալվրցյան – Ինչո՞ւ դարձաք ռեժիսորԻ՞նչ հարց ունեիք լուծելու:

Օսկան Ալպեր – Սկզբում մասնագիտացել եմ ոչ թե կինեմատոգրաֆիայի, այլ` ֆիզիկայի մեջ: Միաժամանակ շատ հետաքրքրված էի գրականությամբ, համաշխարհային գրականությամբ, որոշ չափով էլ` գրաքննադատությամբ: Հետո նկատեցի, որ շատ չեմ տիրապետում գրելու արվեստին, քանի որ իմ մայրենի լեզուն եղել է համշենահայերենը. թուրքերենին ավելի ուշ եմ տիրապետել: Մտածեցի, որ այն, ինչ ուզում եմ ներկայացնել, ավելի լավ է ստացվում տեսողական ձևով: Թուրքիայում կա Յըլմազ Գյունեյ անունով կինոռեժիսոր, որի ֆիլմերը ցուցադրվում էին պետական հեռուստատեսությամբ: Ցուցադրվում էին նաև հին եվրոպական և ռուսական ֆիլմեր: Դրանց շնորհիվ որոշ չափով ծանոթ էի համաշխարհային կինոյին: Նկատեցի, որ ինձ ավելի շատ դուր են գալիս ոչ թե ամերիկյան, այլ եվրոպական ու ռուսական ֆիլմերը: Կամաց-կամաց սկսեցի զբաղվել կինեմատոգրաֆիայով` միաժամանակ սովորելով պատմության բաժնում: Բայց և այնպես, պատմություն սովորելուս տարիներին ավելի շատ հետաքրքրվում էի կինոյով: Հաճախեցի կինեմատոգրաֆիայի դասընթացների: Հետո` 90-ականների վերջին, նկարահանեցի կարճամետրաժ մի ֆիլմ` «Մոմի»-ն, որը ցանկացա ներկայացնել Համշենի բարբառով, որովհետև այդ ֆիլմն առնչվում էր իմ մանկությանը, և քանի որ մանկության տարիներիս մենք խոսում էինք համշենահայերենով, ուզեցի այդ պատմությունը ներկայացնել իմ ծնողների խոսած լեզվով: «Մոմի» ֆիլմի նկարահանումից հետո սկսեցի ասիստենտություն անել պրոֆեսիոնալ ռեժիսորների մոտ: Այնուհետև սկսեցի կամաց-կամաց գրել «Աշուն» ֆիլմի սցենարը: Երկու տարի հետո նկարահանեցի նաև «Աշուն»-ը: Այսինքն` ցանկացա զբաղվել կինեմատոգրաֆիայով, որպեսզի ներկայացնեմ իմ ներաշխարհը:

Հայկազուն Ալվրցյան Ի՞նչ էիք ուզում գրելոր չստացվեց:

Օսկան Ալպեր – Ըստ էության 90-ական թվականները Թուրքիայում նույնպես շատ աշխույժ տարիներ էին: Մի կողմից` աշխարհը փոխվում էր, մյուս կողմից էլ` Թուրքիան քաղաքական առումով շատ հետաքրքիր տեղ էր զբաղեցնում. այդ տարիներին ձախակողմյան լինելը իրականում մեծ հանցանք էր համարվում: Մեծ գրողներ, ռեժիսորներ, ձախ հոսանքներին հարող երիտասարդների մեծ մասը գտնվում էր բանտում: Որոշ չափով ես էլ էի այդ ընդդիմադիր երիտասարդների շարքում: Թերևս մի քիչ այդ պատճառով, որոշ չափով էլ` աշխարհը փոխելու ցանկությունից մղված, ինչպես նաև` թե´ ներաշխարհս ներկայացնելու և թե´ մեր երկիրը ավելի ժողովրդավար և ազատ դարձնելու նկատառումից ելնելով ընտրեցի ռեժիսորի մասնագիտությունը:

Հայկազուն Ալվրցյան – Համշենցի լինելուդ հանգամանքը այդ ընտրությանդհետ որևէ կապ ունե՞ր:

Օսկան Ալպեր – Այո᾽, ուներ: Քանի որ Թուրքիան ավելի ազգայնական երկիր է, պետական կառույցները հիմնված են թուրքականության գաղափարախոսության վրա: Այդ իսկ պատճառով ընդդիմադիրների շարքերում, բնականաբար, ավելի շատ ընդգրկվում են այլ էթնիկական խմբերի անդամներ: Ըստ իս` մենք` համշենահայերս, մեր տարբեր մշակույթի և ինքնության պատճառով ավելի ընդդիմադիր կեցվածք ենք ընդունել, այսինքն` ավելի ձախական ենք: Թուրքիայում այնպիսի էթնիկական խմբեր, ինչպիսիք են քրդերը, համշենահայերը, հույները, գտնվում են առավել ընդդիմադիր շարքերում: Եթե պետությունը նման կեցվածք է ընդունում, բնականաբար այդ խմբերն էլ առավել ընդդիմադիր շարքերն են անցնում:

Ռուբեն Հովսեփյան Պատմաբաններիգրողներիայսինքն`մտավորականխավի մեջ իրենց պատմությունը վերանայելու կամ մի քիչ ավելի ճիշտմեկնաբանելու նկատելի շարժում կաԿինոյում կա՞ նման բանթե՞ չէ:

Օսկան Ալպեր – Եթե խոսքը Թուրքիայի պատմության մասին է, ապա պաշտոնական պատմագրությունը, հատկապես 80-ականների վերջերից և 90-ականների սկզբներից սկսած, ավելի շատ է հարցման ենթարկվում մտավորական խավի կողմից: Օրինակ` մի քուրդ ռեժիսոր, որը այժմ ապաստան է գտել Ֆրանսիայում, ավելի ճիշտ է ներկայացրել պատմությունը: Բացի այդ` վերջերս մարդիկ ավելի շատ են տեղեկացվում համացանցի միջոցով:

Ռուբեն Հովսեփյան – Արդյոք նման թեմաներով գեղարվեստական ֆիլմեր նկարահանվո՞ւմ են:

Օսկան Ալպեր – Գեղարվեստական ֆիլմեր չեն նկարահանվել, սակայն սկսել են ստեղծել վավերագրական ֆիլմեր` Հայոց ցեղասպանության, քրդական խնդրի և այլ նման թեմաներով: Կա ձախակողմյան դիրքորոշում ունեցող մի սցենարիստ, որը գնացել է Երուսաղեմ և փաստագրական նյութեր հավաքել Հայոց ցեղասպանության թեմայով:

Ռուբեն Հովսեփյան – Ձեր կարծիքով թուրքական կինոն բա՞րձր մակարդակ ունի:

Օսկան Ալպեր – Մինչև 80-ականների հեղաշրջումը հիմնականում նկարահանվել են հասարակական թեմաներով ֆիլմեր: Զինվորական հեղաշրջումից հետո ավելի զգուշավոր դարձան: 80-ականներին նկարահանվում էին առավելապես անհատական, ոչ հասարակական թեմաներով ֆիլմեր, բայց վերջերս երիտասարդ սերունդը սկսել է վերադառնալ հասարակական թեմաներին:

Ռուբեն Հովսեփյան – Օրհան Փամուքի ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր նկարահանվո՞ւմ են:

Օսկան Ալպեր – Առայժմ Փամուքն ինքը չի ցանկանում, որ իր գրքերի հիման վրա ֆիլմեր ստեղծվեն: Փամուքն իր վեպերում ուղղակի կերպով չի շոշափում քաղաքական թեմաներ, սակայն քանի որ Փամուքը շատ ճանաչված գրող է, իր հարցազրույցներում երբեմն քաղաքականությանն առնչվող բավականին բացահայտ բաներ է ասում: Օրինակ` երբ ասաց, որ եղել է Հայոց ցեղասպանություն, բավականին մեծ աղմուկ հանեց:

Ռուբեն Հովսեփյան – Փամուքի գործերում նկատվում է չանտեսելու սկզբունքըՕրինակԿարսում տեսնում էհայկական շենքնշում է դրա հայկական լինելու հանգամանքըԱրդյո՞ք նման բան նկատվում է նաև կինոյում:

Օսկան Ալպեր – Կամաց-կամաց նման միտումներ նկատվում են: Օրինակ` ընկերներիցս մեկը ֆիլմ էր նկարահանել Քուրթուլուշի մասին: Այդ ֆիլմում կա նաև մի հայի կերպար: Հատկապես Հրանտ Դինքի թաղման արարողությունից հետո շատ բան փոխվեց: Այդ թաղումը մեծ ազդեցություն ունեցավ. բավականին փոփոխություններ նկատվեցին: Իրականում թաղման արարողության բոլոր մասնակիցները չէ, որ հայ էին: Ասենք` նրանց կեսը կամ մեկ երրորդը թող հայ լիներ, բայց մնացածը թուրք էր: Թուրքիայում արդեն շատերը չեն ցանկանում հավատալ այդ ստերին: Այդ թաղման արարողության ժամանակ կարծես ժայթքեց այն ամենը, ինչ կուտակվել էր տարիներ շարունակ:

Կարեն Խանլարյան - Ձեր «Մոմի» ֆիլմըչնայածհաջողված լինելունկարծես թե միջազգային բեմի վրաշատ չարծարծվեցսակայն Ձեր մյուս երկու ֆիլմերը,որոնք նկարահանել էիք Յեշիմ Ուստաօղլուի հետմեկտեղբավականին մեծ աղմուկ հանեցինՁերկարծիքով ի՞նչն էր դրա պատճառըՆաև ուզում եմհարցնելթե Յեշիմ Ուստաօղլուն համշենահա՞յ էթե՞իսլամացած հույն:

Օսկան Ալպեր - Յեշիմ Ուստաօղլուն տրապիզոնցի է: «Մոմի» ֆիլմն ավելի սիրողական է եղել: Այն իմ առաջին ստեղծագործությունն է, կարճամետրաժ է և որոշ չափով սիրողական բնույթ է կրում: Ուստաօղլուի հետ աշխատել եմ, նրա ասիստենտն եմ եղել: Հունական ցեղասպանության մասին Տրապիզոնում նկարահանված ֆիլմը բավականին մեծ աղմուկ է հանել, քանի որ այդ թեմաներն առաջին անգամ էին արծարծվում: Ինչ վերաբերում է «Աշուն» ֆիլմին, այն դիտել է 250 հազար մարդ, և ավելի մեծ աղմուկ է հանել: Կարելի է ասել, որ թեև գրեթե իմ առաջին ֆիլմն էր, սակայն բավականին մեծ ճանաչում բերեց ինձ: «Աշուն» ֆիլմում օգտագործել եմ համշենահայերենը: Հանդիսատեսները սկսեցին հետաքրքրվել, թե որտեղի՞ց է այն ծագել, և սկսեցին ավելի շատ խոսել համշենահայերենի մասին: Թեև «Մոմի» ֆիլմը շատ կարճ ու սիրողական ֆիլմ էր, սակայն 2001 թ.` այս ֆիլմի նկարահանումից հետո, Անվտանգության դատարանը սկսեց ինձ անհանգստացնել: «Աշունը» ավելի երկար ֆիլմ է, բայց առանձնապես հետապնդումներ չեղան, քանի որ հասկացան` ինչքան շատ են ճնշումներ լինում, այնքան մեծ աղմուկ է հանում տվյալ ֆիլմը:

Կարեն Խանլարյան – Յեշիմ Ուստաօղլուի «Նրանց կյանքը ուսերի վրա» վավերագրական ֆիլմում թեևհամշենահայեր էին ներկայացվածսակայն կարծես նվիրված լիներ իսլամացած հույներին:

Օսկան Ալպեր – Այդ ֆիլմն իրականում մահմեդականացված հույների մասին է: Քանի որ ֆիլմի նկարահանումը Տրապիզոնում բավականին բարդ կլիներ, նկարահանվեց Համշենում. բոլոր տեսարանները համշենական են:

Հայկազուն Ալվրցյան Ի՞նչ պատմություն է ընկած «Աշուն» ֆիլմի հիմքումև ի՞նչ նպատակովնկարահանեցիք այն:

Օսկան Ալպեր – «Աշուն» ֆիլմում տեղ է տրված նաև քաղաքական տեսակետներին, սակայն ես, ի վերջո, արվեստի գործիչ եմ: Ես շատ եմ կարևորում տան թեման, սակայն տունն ինձ համար չի սահմանափակվում զուտ շինություն լինելով: Տունը մարմնավորում է անցյալի պատմությունը, մշակույթը, լեզուն: «Աշուն» ֆիլմում ներկայացվում է մի համշենցու պատմությունը, որը տասը տարի տևած բանտային կյանքից հետո վերադառնում է Խոփա` իր տուն: Նա իր մոր հետ խոսում է համշեներենով, հանգամանք, որը պետք է կարևորել: Նա մեռնելուց առաջ անում է երկու կարևոր բան. մաթեմատիկա է սովորեցնում իր ընկերոջ երեխային և վերանորոգում է պարկապզուկ երաժշտական գործիքը: Ի դեպ` նրան թաղում են հենց այդ գործիքի նվագակցությամբ: «Աշուն» ֆիլմի հիմքում իրական պատմություն է ընկած: Խոսքը իմ համալսարանական ընկերներից մեկի` Ջեմիլ Աքսուի մասին է, որը կալանավորված է եղել, նրան սպանում են գազով թունավորելու միջոցով:

Ռուբեն Հովսեփյան – Ֆիլմում ինչո՞ւ էին նրան բանտարկել:

Օսկան Ալպեր – 90-ական թվականների ընդդիմադիրներից էր:

Հայկազուն Ալվրցյան – Գիտենքոր ֆիլմի հերոսի նախատիպըՋեմիլ Աքսունողջ է և ապրում է Խոփայում:Դուք ի՞նչ նկատառումով ֆիլմում սպանեցիք գլխավոր հերոսին:

Օսկան Ալպեր – Ջեմիլ Աքսուն հացադուլ էր հայտարարել` ի նշան բողոքի, քանի որ բանտի պայմանները խիստ ծանր էին: Դա միևնույն ժամանակ խորհրդանշական էր. թեև գլխավոր հերոսը մահանում է, սակայն կյանք է տալիս պարկապզուկ երաժշտական գործիքին:

Հայկազուն Ալվրցյան – Ձեր թե´ «Մոմի» և թե´ «Աշուն» ֆիլմերում դրված է համշենցիների խնդիրը:

Օսկան Ալպեր – Գլոբալիզացիայի հետևանքով համշենական մշակույթն աստիճանաբար կորչում է: Այդ ֆիլմերը ես ստեղծում եմ, որպեսզի համշենական մշակույթը չանհետանա, քանի որ համշենական մշակույթը շատ հարազատ է նաև ինձ: Կինոն շատ մեծ հնարավորություններ է ընձեռում որևէ բան մեծ թվով մարդկանց հասցնելու առումով: Այդ իսկ պատճառով հետզհետե ավելի շատ եմ ֆիլմեր նկարահանում, որպեսզի համշենական մշակույթը չոչնչանա և հասնի ավելի մեծ թվով մարդկանց: Եթե համշենական մշակույթն անհետանա, իմ տունն էլ կվերածվի ավերակի:

Հայկազուն Ալվրցյան – Կա՞ն այլ համշենցիներորոնք նույն գործն են անում:

Օսկան Ալպեր – Հիմնականում` երաժշտական խմբերը, անգամ ռոք խմբեր, որոնք երգում են Համշենի բարբառով: Կան այնպիսիք, ովքեր կատարում են ուսումնասիրություններ, գրում գրքեր, բառարաններ, հավաքում ժողովրդական երգեր, համշենական հեքիաթներ` թեկուզև լատինատառ համշենահայերենով:

Ռուբեն Հովսեփյան – Հոգեկանմշակութային կապ կա՞ , արդյոքԹուրքիայի համշենահայության ևռուսաստանաբնակ համշենցիների միջև:

Օսկան Ալպեր – Այո´, նման կապ կա: Կան նաև մարդիկ, ովքեր ազգականներ ունեն, օրինակ, Ղազախստանում:

Ռուբեն Հովսեփյան – Ինչպես Դուք նշեցիքՀամշենը Ձեզ համար տան պես էԱրդյո՞ք կա նման հավաքականգիտակցություն:

Օսկան Ալպեր – Կա, և շատ ուժեղ: Հակառակ դեպքում այսօր անհետացած կլինեինք: Եթե երկու համշենցի հանդիպում են իրար, հասկանում և զգում են միմյանց: Օրինակ` երբ մտնում ես որևէ խանութ և իմանում, որ վաճառողը նույնպես համշենցի է, այնպես ես զգում, կարծես ոչ թե նոր ես ծանոթացել այդ մարդու հետ, այլ հանդիպել ես հին ծանոթներիցդ մեկին: Այսինքն` գոյություն ունեն շատ ամուր հոգեկան կապեր:

Հայկազուն Ալվրցյան - Խոփայի համշենցիների և Աբխազիայի համշենցիների միջև նման կապ գոյությունունի՞:

Օսկան Ալպեր – Թեև տեղյակ են միմյանց գոյության մասին, սակայն շփումները շատ չեն: Այնուամենայնիվ, այդ կողմեր գնացողները վերադառնալուց հետո պատմում են նրանց մասին:

Ռուբեն Հովսեփյան – Ձեր ֆիլմերը մինչև այդ կողմերհասնո՞ւմ են:

Օսկան Ալպեր – Հավանաբար հասել է «Մոմի»-ն: Ռուսաստանից և այլ վայրերից խնդրել են իմ ֆիլմերը: «Աշուն»-ը մրցանակ է շահել նաև Երևանում: Աբխազիայում մի փոքր խառն է: Քանի որ ֆիլմերս ցուցադրվել են Գերմանիայում և Հունաստանում, կցանկանայի, որ դրանք ցուցադրվեին նաև Աբխազիայում:

Ռուբեն Հովսեփյան – «Երկիր մեդիա» հեռուստաալիքնարդեն սփռվում է նաև արբանյակային հեռարձակմամբ:Եթե հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներչկանապա կարող ենք Ձեր ֆիլմերը ցուցադրել նաև «Երկիրմեդիա» հեռուստաընկերության միջոցով:

Օսկան Ալպեր – Իմ ֆիլմերի հեղինակային իրավունքը պատկանում է մի գերմանական ընկերության: Ես այդ հարցը կքննարկեմ այդ ընկերության հետ: Թերևս եթե խոսքը վերաբերեր միայն Հայաստանում ցուցադրվելուն, ապա կարիք չէր լինի այդ հարցը քննարկել, բայց քանի որ տվյալ հեռուստաալիքը սփռվում է ողջ աշխարհով, ես կդիմեմ այդ ընկերությանը` հեղինակային իրավունքի հարցով: Կպարզեմ և կգրեմ Ձեզ:

Կարեն Խանլարյան – Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները բաշհամշենցիների հետ:

Օսկան Ալպեր – Երիտասարդները ավելի շատ են իրար ճանաչում, հանդիպում, որովհետև երիտասարդները դիտել են իմ ֆիլմերը: Նրանք գրում են իմ ֆիլմերի մասին, հրապարակում իմ հարցազրույցները: Երիտասարդ սերունդն ավելի շատ է հարաբերություններ ստեղծում մեզ հետ, իսկ նախորդ սերունդը չի ցանկանում շատ խոսել այդ մասին: Երիտասարդներն են ավելի ակտիվ:

Ռուբեն Հովսեփյան – Դուք ճանաչո՞ւմ եք հայկական կինոն:

Օսկան Ալպեր – Ցավոք հիմնականում տեղյակ ենք միայն Փարաջանովի ֆիլմերի մասին, քանի որ Թուրքիայում դիտել ենք միայն նրա ֆիլմերը: Բայց և այնպես, կամաց-կամաց սկսում ենք ճանաչել: Ես տպագրվում եմ կինեմատոգրաֆիային նվիրված մի ամսագրում, մտադիր եմ գրել նաև հայկական կինոյի մասին: Իհարկե, անհրաժեշտ է որոշ թարգմանություններ անել: Ես մի երիտասարդ ընկեր ունեմ, որն աշխատում է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրությունում, նա և´ լրագրող է, և´ կինոգործիչ: Մենք միասին որոշել ենք հայկական կինոյի պատմության մասին հոդված թարգմանել և հրապարակել:

Կարեն Խանլարյան – Թուրքիայում եղել են հայ ռեժիսորներօրինակՔենան ՓարսըՀիմա կա՞ն նմանհայեր:

Օսկան Ալպեր - Քենան Փարսը ավելի շուտ դերասան է, որը խաղացել է հին թուրքական ֆիլմերում: Ինչպես հայտնի է, հիմնվել է Թուրքիա-Հայաստան կինոյի պլատֆորմը: Ես էլ եմ ընդգրկված այդ պլատֆորմում, ընդգրկված է նաև մի հայ աղջիկ: Կամաց-կամաց համագործակցում ենք իրար հետ: Կա մեկ այլ կինոգործիչ, որը սցենարներ է գրել. նրան էլ ենք աջակցում: Նոր ֆիլմումս, որ դեռ պետք է նկարահանեմ, առաջին անգամ հնչելու է հայերենը (ոչ միայն Համշենի բարբառը):

Հայկազուն Ալվրցյան – Կա՞ մի բանոր մեր զրույցի ընթացքում չհարցրեցինքբայց դու կցանկանայիր ասել:

Օսկան Ալպեր - Ըստ էության այն, ինչ չեմ ասում, ներկայացնում եմ իմ ֆիլմերի միջոցով: Ճիշտն էլ հենց դա է:

Ռուբեն Հովսեփյան - Երբ մանուկ Կոմիտասին բերում են Էջմիածին, որպեսզի ուսում ստանա ճեմարանում, նրան ընդունում է կաթողիկոսը: Այն ժամանակ Կոմիտասը հայերեն բառ իսկ չգիտեր: Սկսում է երգել թուրքերենով: Կաթողիկոսը ցնցվում է: Առաջին անգամ էր հայկական եկեղեցում թուրքերեն հնչում: Սրբապղծության նման մի բան էր հայկական եկեղեցում թուրքերեն երգելը: Կաթողիկոսը փաթաթվում է մանուկ Կոմիտասին և արտասվում ու ընդունում ճեմարան: Հիմա Ձեր` այստեղ թուրքերեն խոսելը շատ նմանություն ունի այդ դեպքին. «Դրօշակ» ամսագրի խմբագրությունում թուրքերեն է խոսվում:

ԴՐՕՇԱԿթիվ 07, Հուլիս, 2010

 

 Հարցազրույց Օսկան Ալպերի հետ` «Աշուն» ֆիլմի մասին

Բեմադրիչ և սցենարիստ համշենահայ Օսկան Ալպերը ծնվել է Արտվինում (Խոփա), ավարտել Տրապիզոնի լիցեյը: 1992 թ. սովորել է Ստամբուլի համալսարանի բնագիտության ֆակուլտետի ֆիզիկայի բաժնում, իսկ 1996 թ.` ընդունվել Ստամբուլի համալսարանի գիտության պատմություն բաժինը, որն ավարտել է 2003 թ.: 1996 թ. սկսած ասիստենտություն է արել այնպիսի տեղերում, ինչպիսիք են Միջագետքի մշակութային կենտրոնը, Նազըմ Հիքմեթի անվան մշակույթի տունը: 2000 թ. ասիստենտություն է արել տարբեր գեղարվեստական ֆիլմերում, այդ թվում` Յեշիմ Ուստաօղլուի նկարահանած ֆիլմերում: Բեմադրիչի առաջին ինքնուրույն ստեղծագործությունը «Մոմի»-ն է, որը Համշենի բարբառով նկարահանված կարճամետրաժ ֆիլմ է, իսկ «Մելանխոլիան և ռապսոդիան Տոկիո քաղաքում» վավերագրական ֆիլմը նկարահանվել է Ճապոնիայում: Ռեժիսորի նկարահանած մեկ այլ փաստագրական ֆիլմ է «Մի գիտնականի հետ ճանապարհորդություն` ժամանակի մեջ»-ը: «Աշուն»-ը այս բեմադրիչի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որ մրցանակների է արժանացել բազմաթիվ փառատոներում:

Թարգմանաբար ներկայացնում ենք ՙԲիրյաշամ՚ ամսագրի հարցազրույցը Օ.Ալպերի հետ:

Հարց-Ըստ էության, ֆիլմում բազմաթիվ խնդիրներ են բարձրացված: Ֆիլմում արտացոլված են թե’ Թուրքիայի նորագույն պատմությունից հատվածներ, թե’ կործանված սոցիալիզմի իրականությունը և թե’ պատկերներ` դրան սահմանամերձ գավառից: Ինչպե՞ս եք կարողացել մեկտեղել այդ բոլոր թեմաները:

Պատասխան-Իրականում երբ արվեստի ոլորտին վերաբերող որևէ նախագիծ ես սկսում, դա չես անում միանգամից : Դա ստացվում է տարիներ շարունակ քեզ վրա ներգոծություն ունեցած բազմաթիվ երևույթների ամբողջության արդյունքում: Իմ դեպքում այդ ամբողջության հիմքում ընկած է այն, որ մանկությունս անցել է այն գավառում, որը սահմանակից էր այնպիսի մի երկրի, ինչպիսին էր Խորհրդային Միությունը: Եվ իհարկե, չնայած Խորհրդային պետության սոցիալիզմի փլուզմանը, 90-ականների համալսարանական երիտասարդությունը, որոնց շարքերում էի նաև ես, նախընտրում էին ձախակողմյան շարժումները: Այդ շարժումները, ինչպես նաև` առավելապես Սևծովյան շրջանում իրեն զգացնել տվող այնպիսի սոցիալական երևույթներ, ինչպիսին էր, օրինակ, «Նատաշայի խնդիրը», որի ազդեցությունն ավելի շատ զգալի էր/է կանանց ու երեխաների, ինչպես նաև` երիտասարդների վրա, այդ ամենը, ինչին ականատես էի դառնում նաև ես` որպես փլուզման համար վճարված գին, երբ գործի անցա` այդ ամենը բացատրելու համար, կամաց-կամաց ձևավորվեց այս պատմությունը: Վերջինիս հիմնասյուներից մեկը հենց դա էր: Արդեն իսկ երբ հայացք ենք գցում հերոսների վրա, հասկանում ենք, որ պատմությունը կառուցված է չորս չափանիշներով: Առաջինը` Էքան, խորհրդանշում է փլուզված սոցիալիզմը, երկրորդը` Յուսուֆը` Թուրքիայի վերջին քսանամյակի երիտասարդության պատմությունը, երրորդը` մայրը` գավառը և ոչնչացման եզրին գտնվող համշենական մշակույթը, իսկ չորրորդը` ինքը գավառը, բայց ոչ որպես հովվերգություն, այլ գավառի ներսում եղած տաղտուկն ու նեղությունը, որը խորհրդանշում են Միքայելը և գավառացի կին Ասիյեն, որին ֆիլմում առաջնային պլան մղելը, ըստ էության, ինձ մոտ առանձնապես չի հաջողվել…

Ֆիլմի սցենարը կազմել եմ այս բոլոր խնդիրների վերաբերյալ դիտարկումներիս, կարդացածիս և ուսումնասիրություններիս հիման վրա:

 

Հարց-Չնայած ֆիլմում տեղ գտած դեպքերին` այստեղ նկատելի է անընդհատ ընդգծվող մի իրականություն` տեղադրությունը և լեզուն, որոնք հանդես են գալիս որպես ինքնապահպան միակ երևույթներ: Ի՞նչ եք ուզում ասել դրանով:

Պատասխան-Երևույթներից մեկը, որն ուզում եմ ֆիլմում ընդգծել, տվյալ շրջանում այն գործընթացների արտացոլման խնդիրն է, որոնք արտահայտվում են գլոբալիզացիա, ուրբանիզացիա և արևմտականացում հասկացություններով, ինչպես նաև` մշակույթների ոչնչացումը, բոլոր վայրերի` իրար նման լինելը, տարբերությունների վերացումը, ամեն ինչի նույնացումը: Ես այդ պատճառով էլ կածում եմ, որ դրա դեմ անչափ կարևորվում են տեղական լեզուներն ու մշակույթները: Ըստ իս`այդ ամենը շատ որոշիչ է պատմությանս հերոսների կերտման առումով: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այդ տեղական մշակույթներին պետք է վերաբերվել որպես մեկական հարստության` ազգային կամ ազգայնամոլ մոտեցումից հեռու դիրքորոշմամբ: «Մոմի» կարճամետրաժ ֆիլմում ևս, որը նկարահանել եմ 8 տարի առաջ, ցանկացա տեր կանգնել իմ լեզվին ու մշակույթին և նպաստել դրանց պահպանմանն ու զարգացմանը: Դրա համար էլ իմ նկարահանած ֆիլմերում կարևորում եմ համշեներենի կիրառումը: Տեղական մշակույթի պահպանման գործում որոշիչ են լինում կանանց կերպարները: Այս ֆիլմում ևս մոր կերպարը պատկերացրել եմ որպես մշակույթի հարատևության, տարիներ շարունակ դրա պահպանման խորհրդանիշ:

Ուզում եմ նաև հավելել, որ եթե անգամ «Աշուն» ֆիլմում արտացոլված մյուս թեմաները հաշվի չառնենք էլ, միայն ոչնչացման եզրին գտնվող և ոչնչացված համարվող մի մշակույթի և լեզվի արտահայտումն այս ֆիլմում բավարար է` այն քաղաքական ֆիլմ դիտարկելու համար: Սա քաղաքական վարվելակերպ է, մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված վարվելակերպ…

Հարց-Այս հարցը տալիս եմ, քանի որ խոսք բացվեց լեզվի մասին. լազերենով հաղորդակցվող լազերը տարիներ շարունակ համատեղ ապրել են համշենցիների հետ: Այն, որ ֆիլմում դրա մասին, այդ առնչությունների վերաբերյալ որևէ ակնարկ չկա, արդյոք թերի չի՞ դարձնում ֆիլմը:

Պատասխան-Այո’, անկասկած, իրականությունն այդպիսին է, սակայն եթե այդ իրականությունն արտացոլվեր ֆիլմում, այն կդառնար էկլեկտիկ: Ես լազերենին կամ լազերին չեմ անդրադարձել ոչ թե անտարբերության պատճառով, այլ ուղղակի ֆիլմն ունի իրեն հատուկ պատմություն, բացի այդ` այն փաստագրական ֆիլմ չէ և նպատակ չունի ճանաչողական տեղեկություններ հաղորդել շրջակայքի մասին:

Հարց-Ֆիլմում բնության պատկերներ կան: Այս պատկենրեն անգամ տխրություն են արտահայտում: Որտեղի՞ց է առաջանում այդ թախիծը:

Պատասխան-Ես կարծում եմ, որ բնությունն իմաստավորվում է մարդու միջոցով արվեստի բոլոր ճյուղերում, լինի դա կինեմատոգրաֆիա, թե լուսանկարչություն: Դրա համար էլ բնությունն օգտագործել եմ Յուսուֆի հոգեվիճակը մեկնաբանելու համար: Այդ բնապատկերը Յուսուֆի հոգեկան աշխարհն է: Նրա ներքին ձայնն է, ներքին փոփոխությունները, թե’ ձմեռնամուտը, թե’ մահը, բոլորը Յուսուֆի հոգեվիճակներն են:

Թախիծը սևծովյան շրջանի մշակույթի հետ էլ առնչություններ ունի: Ոչ միայն համշենցիների, այլև լազերի և անգամ կովկասյան մյուս մշակույթների հիմնական առանձնահատկությունն է թախիծը: Պուշկինը մի բանաստեղծություն ունի, որում ասում է, թե «Ի՞նչ կլինի, ինձ մոտ վրացական թախծոտ երգեր մի’ երգիր»: Կովկասցիները, չնայած իրենց հրաշալի բնական պայմաններին, թախծոտ են, որովհետև այս կողմերում շատ են եղել պատերազմներ, աքսորներ ու կործանումներ: Մևնույն ժամանակ առկա է անելանելիությունը, որը նույնպես թախիծ է բերում:

Մյուս կողմից էլ այս պատմության մեջ այն մելանխոլիկ Յուսուֆն է, որը մեռնելու վրա է: Յուսուֆի առնչությունն այս վիճակի հետ մելանխոլիկ է… Ո’չ հասարակությանն է հարմարվել, ո’չ էլ կարողացել է այն փոխել: Մելանխոլիայի պատճառը հենց այս բազմաթիվ իրավիճակներից է բխում:

Հարց-Մենք կարծում ենք, որ ֆիլմում պատկերված բնության տեսարանները կարևորվում են նաև թե’ այդ շրջանի մարդկանց և թե’ մեր կողմից բնության հանդեպ օտարացման հաղթահարման, ամենօրյա տեսարաններին այլ աչքով նայելու տեսանկյունից: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:

Պատասխան-Արվեստի նպատակն է բացահայտել գեղեցիկի հանդեպ մարդու մեջ եղած զգացումը և զարգացնել գեղագիտական ընկալումը: Բնության գեղեցկության ընկալումը կարող ենք տարածել կյանքի բոլոր բնագավառների վրա: Ֆիլմն իհարկե ունի նման դեր: Այդպես ենք վարվում անտարբերության հաղթահարման նկատառումով: Քանզի այսչափ գեղեցիկ բնության մեջ այդքան տգեղ իրականություն թերևս աշխարհի ոչ մի անկյունում հնարավոր չէ գտնել: Դա շատ մեծ մշակութային էրոզիայի վկայությունն է… Բաթումի և Խոպայի միջև համեմատությունն անգամ բավարար կլինի դա հասկանալու համար: Այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են կարիքավոր վիճակից դուրս գալու համար, իրենց ձեռքից փախցնում են իրենց ամենամեծ հարստությունը` բնությունը:

 

Հարց-Ֆիլմը հուսահատեցնո՞ղ է:

Պատասխան-Ո’չ: Չնայած Յուսուֆի ու բնության մահին` նրա մահվանից քիչ առաջ ի հայտ եկած սերը, Օնուրին տրված մաթեմատիկայի դասը և խոստումը պահելը, պարկապզուկին նոր շունչ հաղորդելը և լեզվի ու մշակույթի պահպանման մասին ուղերձը, որ տալիս է ֆիլմը դրսից… մի՞թե սրանք իրական ու մեզ տրված միակ հույսը չեն:

 

Հարց-Այն, որ ներկայացրել ես քեզ քաջապես ծանոթ տարածքն ու մարդկանց և այդ ամենը մեկնաբանել այդ մարդկանց և նրանց ապրած վայրերի միջոցով, առավելությու՞ն է եղել քեզ համար, թե՞ խնդիրներ է հարուցել:

Պատասխան-Մի խոսք կա, որը շատ եմ սիրում և հաճախ կրկնում: Ուզում եմ հիշեցնել Չեխովի հետևյալ խոսքը. «Նախ պատմիր քո փողոցի մասին»: Մի արտահայտություն, որը կիրառելի է իր առաջին ֆիլմը նկարահանող, առաջին անգամ երաժշտություն ստեղծող յուրաքանչյուրի համար: Չեխովը հենց դա է խորհուրդ տալիս երիտասարդ գրողներին: Այստեղ իմ փողոցն է, այն վայրերը, որտեղ անցել են մանկությունս ու պատանեկությունս: Իմ լեզուն, մշակույթը, քաղաքական նախասիրությունները որոշած այս տարածքը, բնությունը, մի խոսքով` սևծովյան շրջանը հենց իմ փողոցն է: Այդ պատճառով էլ ես, այստեղից ճամփա ընկնելով, ուզեցի ստեղծել թե’ տեղական և թե’ տիեզերական մի պատմություն: Դա շահավետ է բոլոր տեսակետներից…

Ձգողականության գործընթացի տեսանկյունից ևս ինձ ծանոթ մարդկանց մեջ լինելու առումով նույնպես բազմաթիվ առավելություններ տեսա: Այն, որ շատ մարդիկ անփոխադարձ նվիրումով և կամավոր կերպով ինձ օգնեցին, նպաստեց, որ գործն արագ առաջ գնա:

 

Հարց-Ի վերջո ի՞նչ ճանապարհ կառաջարկեք այն երիտասարդներին, ովքեր ուզում են զբաղվել արվեստով, կինեմատոգրաֆիայով կամ գրականությամբ:

Պատասխան-Հեռուստատեսությամբ տարածվող պոպուլյար մշակույթը կարծիք է ձևավորել, թե արվեստ ստեղծելը հեշտ և արագ հասանելի մի բան է: Դա ճիշտ չէ: Արվեստը պահանջում է տարիներով կուտակված փորձ: Նախ որոշենք, թե ինչ ենք ուզում անել, ապա մեր մեջ զարգացնենք ընթերցելու մշակույթ: Հնարավորինս շատ և տարբեր մարդկանց ճանաչելու համար պետք է հետևել ավելի հանգամանալից մշակութային ստեղծագործությունների և աշխատել հասկանալ դրանք: Սեփական փողոցի մասին պատմել կարողանալու համար պետք է ճանաչել ուրիշ փողոցներ: Դրան կարելի է հասնել գրքերի կամ իրական ուղևորությունների միջոցով: Այլ մշակույթների ուսումնասիրությունը, դրանք հասկանալու ձգտումը շատ մեծ առավելություն է տալիս երիտասարդ արվեստագետներին:

Վերջում մի բան էլ հավելեմ: Այն մի քանի օրը, որ ֆիլմիս ցուցադրության կապակցությամբ անցկացրի այստեղ, բավարար եղավ, որ հասկանամ, թե որքան դժվար է գավառում արվեստի և մշակույթի գործերով զբաղվելը: Այս համատեքստում, ըստ իս, հրաշալի է, որ այստեղ լույս է տեսնում այնպիսի ամսագիր, ինչպիսին «Բիրյաշամ»-ն է: Մաղթենք, որ դա կարճ ժամանակում բոլորը հասկանան:

Այս հանդեսի ապագա ընթերցող ծնողներին հետևյալն եմ ուզում ասել. շատ կարևոր են պատանիներն ու երեխաները: Կործանվող բնության հետ մեկտեղ մարդիկ էլ են կործանվում: Այստեղից-այնտեղից լսում եմ այնպիսի բաների մասին, ինչպիսիք են թմրանյութերի տարածումը լիցեյներում կամ անհավատալի այլասերության առաջացումը մարդկային հարաբերություններում: Դրա համար էլ պետք է ավելի շատ զբաղվել երեխաներով: Դա երբեմն կարող է արտահայտվել` նրանց իրենց սեփական լեզուն կամ այլ լեզուներ սովորեցնելով, երեխաների համար մշակութային միջոցառումներ կամ արշավներ կազմակերպելով: Նման փոքր, բայց համատեղ կազմակերպված միջոցառումները երիտասարդների մեջ խրոխուսում են այլ զգացմունքների և հակումների զարգացումը: Տղամարդիկ ուզում են ամեն բան միայնակ անել, մինչդեռ ընտանիքի կամ ընկերների հետ որևէ բան ստեղծելը ավելի հաճելի է: Պետք է երեխաների և պատանիների մեջ խրախուսել արվեստի, գրականության կամ նյութական որևէ բան ստեղծելու ձգտումը: Թեև քաղաքապետարանը դաշնամուրի անվճար դասընթացներ է կազմակերպում, սակայն ընտանիքները հետաքրքրություն չեն ցուցաբերում դրանց հանդեպ: Դա ուղղակի անհավատալի է: Այլ դեպքում նման հնարավորություն ունենալու համար մադիկ ստիպված են լինում բավականին մեծ գումարներ ծախսել, արդեն իսկ նման հնարավորություն, հարուստներից բացի, մյուսները չեն ունենում: Իսկ այս դեպքում դաշնամուրը փտում է: Հետո էլ երիտասարդներին քննադատում ենք, թե անհարգալից են կամ դատարկապորտ: Իսկ ի՞նչ անեն, եթե մենք նրանց օրինակ չենք ծառայում` արվեստին, բնությանը, հողին ներդաշնակ կյանք վարելու առումով: Անգամ երբեմն նման միջոցառումներ կազմակերպելը ոչ կարևոր, անկապ բաներ ենք համարում:

Ովքե՞ր եՆ Համշէնահայերը

June 3, 2012

Հայկազուն Ալվրցեան

ԵՊՀ Հայագիտական հետազոտութիւնների ինստիտուտի գիտաշխատող

Համշէնահայերը մինչեւ 19-րդ դարի 90-ական թուականները հիմնականում բնակուել են Թուրքիայի Սամսուն քաղաքից մինչեւ Բաթում ընկած ծովափնեայ ընդարձակ տարածքներում: Պատմիչ Ղեւոնդի վկայութեամբ` 788 թ. Մեծ Հայքի Կոտայք եւ Արագածոտն գաւառներից մօտ 12000 մարդ, չդիմանալով արաբական իշխանութեան ճնշումներին, Աբաս Ամատունու եւ նրա որդի Համամ պայազատի գլխաւորութեամբ հեռանում է Հայաստանից եւ բնակութիւն հաստատում Բիւզանդական կայսրութեան մաս կազմող Պոնտոսում: Ի դէպ` Պոնտոսում հայերն ապրում էին հնագոյն ժամանակներից: Յետագայ դարերում նրանց թիւն աւելանում է քաղաքական եւ տնտեսական ճնշումների հետեւանքով Հայաստանի տարբեր գաւառներից արտագաղթածների հաշուին:

Նման մի խոշոր արտագաղթ էր նաեւ այս մէկը: Բիւզանդիայի կայսր Կոստանդինը սիրով ընդունում է հայերին, բնակեցնում բարեբեր հողերում, իսկ հայ նախարարներին նուիրում Տամբուր քաղաքը, որը կարճ ժամանակ անց պատերազմի հետեւանքով հիմնովին աւերւում է: Համամ Ամատունին այն վերականգնում է եւ իր անունով կոչում Համամաշէն (այստեղից էլ` Համշէն):

Համամ Ամատունու հիմնադրած իշխանութիւնը գոյատեւեց ուղիղ եօթը դար եւ կործանուեց 1489 թ.: Այն Բիւզանդական, յետագայում՝ 13-րդ դ., Պոնտական կայսրութեան կազմում ունէր կիսանկախ դրութիւն: Օսմանեան կայսրութեան ստեղծումից կարճ ժամանակ անց հայերի եւ կայսրութեան քրիստոնեայ միւս ազգութիւնների նկատմամբ սկսուեց գործադրուել կրօնական եւ ազգային անհանդուրժողականութեան քաղաքականութիւն, որը յաճախ յանգեցնում էր պատերազմական գործողութիւնների: Թէեւ Համշէնի իշխանութիւնը բաւականին հզօր էր, իսկ ժողովուրդը՝ քաջ եւ ազատատենչ, բայց հասկանալի է, որ Օսմանեան հզօր կայսրութեան մի քանի դար տեւած ճնշումներին ու հալածանքներին չէր կարող դիմակայել:

Համշէնահայերի դիմադրութեան պատմութիւնից յայտնի են բազմաթիւ հերոսական էջեր, սակայն սրանք յաճախ աւարտւում էին նրանց պարտութեամբ, բռնի մահմեդականացմամբ ու կոտորածներով: Այս քաղաքականութիւնը վճռական փուլ մտաւ 18-րդ դարի սկզբներին, ինչի հետեւանքով համշէնահայերը, խուսափելով կոտորածներից, սփռւում էին Սեւ ծովի ափով մէկ: Իսկ մահմեդականութիւն ընդունածները փրկւում էին հետագայ ճնշումներից ու կոտորածներից:

Դիմադրութեան ամենահզօր միջոցներն էին լեզուի, կրօնի, մշակոյթի, սովորոյթների, ծէսերի պահպանումն ու խառն ամուսնութիւնից խուսափելը: Համշէնահայերը այս հարցերում խիստ հետաւողական էին: Թուրքական իշխանութիւնները հայերէն խօսելու համար սահմանել էին խոշոր տուգանքներ ու պատիժներ, անգամ կտրում էին հայերէն խօսողի լեզուն, ինչը վկայում է հզօր դիմադրութեան մասին: Վկայութիւններ կան, որ նոյնիսկ մէկ դար անց որոշ բնակավայրերում հայերն ընդվզում ու վերադառնում են իրենց հաւատքին: ՙՊատմութիւն Պոնտոսի՚ աշխատութեան հեղինակ Մ. Բժշկեանը 19-րդ դարի սկզբին շրջագայել է այդ վայրերում եւ իսլամացած համշէնահայերի մասին գրել. ՙՀամշէնցիք կէս-կէս են (կէս քրիստոնեայ, կէս իսլամ), շատերը դարձած են, բայց քրիստոնէութեան սովորութիւնը կը պահեն, ժամոց եւ ողորմութիւնը պակաս չեն ըներ. գրեթէ ամէնքը Վարդավառին եւ Վերափոխման կ’երթան եկեղեցին, մոմ կը վառեն, մատաղ կ’ընեն իրենց պապերուն հոգուն համար… Կան ծերեր, որ գիտեն քրիստոնէութիւն, կը պատուեն խաչը եւ ծածուկ ողորմութիւն կու տան ժամերուն՚:

Բազմաթիւ նման վկայութիւններ կան նաեւ օտար աղբիւրներում: Ամերիկացի բողոքական միսիոնարներ Սմիթն ու Դուայթը ճամբորդել են այս կողմերում եւ 1831 թ. Լոնդոնում, ապա` 1833 թ. Բոստոնում հրատարակած ճամբորդական նօթերում գրում են. ՙՀայերի մէջ նոյնպէս …մի զգալի մասը դաւանում է մահմեդականութիւն: Շրջանը, որտեղ նրանք բնակւում էին… կոչւում է Համշէն: Մեր զրուցակիցը՝ տրապիզոնցի մի կաթողիկէ հայ, ասաց, որ բնակչութիւնը մօտ 3-4 հազար հայ ընտանիք է, որոնք բնակւում են 70 կամ 80 գիւղերում: Մեծամասնութիւնը մահմեդականութիւն է ընդունել մօտ 200 տարի առաջ, բայց նրանք առ այսօր խօսում են հայերէն, եւ շատերի կանայք ուրիշ լեզու չգիտեն՚:

Չնայած մշտական ճնշումներին, բռնութիւններին ու հալածանքներին՝ համշէնահայերի կիսանկախ վիճակը դեռ երկար պահպանւում է: Յենուելով 19-րդ դարի հեղինակ, Համշէնում ճանապարհորդած Կ. Կոխի վկայութիւնների վրայ` Յ. Տաշեանը գրում է. ՙԱյդպիսի դժուարամուտ լերանց մէջ դիւրին էր իշխանաց կէս-անկախ դրութիւն մը պահել: Նաեւ օսմանեան տիրապետութեան տակ երկար տեւած է այս վիճակը, եւ Քոխ գեղեցիկ կը նկարագրէ տակաւին իւր ուղեւորութեան ատեն շարունակուող այս դրութիւնը՚ (19-րդ դրի 40-ական թթ.):

Ըստ ժամանակակցի վկայութեան` այս կիսանկախ վիճակը հետեւանք էր այն բանի, որ բոլոր համշէնահայերը ՙզինուոր գրուած են որդւոց որդի. եւ ունին զօրապետ հայ իշխան, որ զիրենք կը կառավարէ. մարդէ ահ չունին. միայն տերեպեկիին հետ պատերազմ կ’երթան, եւ զօրաւոր մարդիկ են՚ (ՄԲժշկեան):

Տրապիզոնի նահանգում մինչեւ 1915 թ. որոշ տուեալներով հաշուըւում էր 100 հազարից աւելի քրիստոնեայ հայ, իսկ իսլամացածների թիւը աւելի մեծ էր: Վերջիններս թէեւ արդէն շատ էին հեռացել քրիստոնէութիւնից ու եկեղեցուց, բայց գիտակցում էին իրենց ազգային պատկանելիութիւնը, հիմնականում հայախօս էին եւ իրենց անուանում էին հեմշիլ` մատնանշելով հայկական ծագումը: Հայկական էին նաեւ բնակավայրերի մեծ մասի անուններն ու այլ տեղանուններ:

Տարածման արեալները19-րդ դարի 60-70-ական թթ. սկսւում է քրիստոնեայ համշէնահայերի արտագաղթը դէպի Ռուսական կայսրութեան ծովափնեայ շրջաններ՝ առաւելաբար Եկատերինոդարի (Կրասնոդար) մարզ եւ Աբխազիա: 1890-ականների կոտորածների եւ յատկապէս 1915 թ. ցեղասպանութեան հետեւանքով վերապրած քրիստոնեայ համշէնահայերի բեկորները ապաստան են գտնում հիմնականում Ռուսաստանում, Աբխազիայում, նաեւ` եւրոպական մի շարք երկրներում, մասամբ էլ՝ Հայաստանում (ի դէպ` Ցեղասպանութեանը զոհ են գնացել նաեւ մահմեդական հայեր, քանի որ նրանց մի մասը հայախօս էր):

Եթէ մինչեւ 19-րդ դարի վերջերը եւ 20-րդ դարի սկզբները համշէնահայութիւնը հիմնականում բնակւում էր Սեւ ծովի պոնտական ափերին, ապա հատկապէս 1915 թ. յետոյ նրա տարածման արեալն ընդարձակուեց. Ցեղասպանութիւնից փրկուած քրիստոնեայ համշէնահայերի բեկորները հաստատուեցին Սեւ ծովի ռուսական ափերին` այստեղ հիմնելով նոր գաղութներ: Ընդ որում` պէտք է նշել, որ նոր բնակավայրերը տարածւում էին Աբխազիայից մինչեւ Անապա ընկած ծովափնեայ շերտով մէկ: Այս տարածքները բնակլիմայական պայմաններով նման էին պոնտական ափին` լինելով սրա բնական շարունակութիւնը:

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ բռնի իսլամացման երկարատեւ ու հետեւողական քաղաքականութեան, հալածանքների ու Ցեղասպանութեան հետեւանքով համշէնահայութիւնը բաժանուեց երկու մեծ խմբի.

1. Թուրքիայի պոնտական ափին բնակուող իսլամացած համշէնահայեր,

2. Սեւ ծովի աբխազական եւ ռուսական ափին բնակուող քրիստոնեայ համշէնահայեր:

Նման բաժանման հիմքում ընկած է երեք կարեւոր գործոն.

աբնակութեան վայրը,

բդաւանանքը,

գլեզուական-մշակութային հանգամանքը:

Իսլամացած հատուածը բնակւում է Թուրքիայի պոնտական ափին, դաւանում է սուննի իսլամը, գտնւում է լեզուական-մշակութային միեւնոյն դաշտում:

Քրիստոնեայ հատուածը բնակւում է Սեւ ծովի ռուսական ափին` դարձեալ մէկ պետութեան կազմում: Հայ Առաքելական եկեղեցու դաւանանքի հետեւորդ է, գտնւում է լեզուական-մշակութային միեւնոյն դաշտում:

Այստեղ պէտք է կատարել մէկ պարզաբանում. թէ Ցարական Ռուսաստանը, թէ Խորհրդային Միութիւնը, ըստ էութեան, նոյն պետութիւնն էին, իսկ Աբխազիայի` Վրաստանի կազմի մէջ կամ անկախ լինելը այս տեսակետից էական չէ: Այսօր էլ Աբխազիան փաստօրէն գտնւում է Ռուսաստանի տիրապետութեան տակ:

Հարկ է անդրադառնալ նաեւ լեզուական հարցում գործող մի հետաքրքիր օրինաչափութեան. իսլամացած հատուածի համար թուրքերէնը մայրենի լեզու է, ընդհանուր` բոլորի համար: Սակայն Խոփայի 35-40 հազար հայութիւնը տիրապետում է նաեւ Համշէնի բարբառին, թէեւ վերջին 25-30 տարում այն որոշ նահանջ է արձանագրում:

Համանման գործընթաց է նկատւում քրիստոնեայ հատուածի մէջ. եթէ 50-60 տարի առաջ հայոց լեզուն (նաեւ` գրական հայերէնը) հասկանալի էր գրեթէ բոլորին եւ կենցաղում հիմնական գործածական լեզուն էր, ապա այսօր նոյնը չի կարելի ասել. յատկապէս քաղաքաբնակ համշէնահայութեան մէջ ռուսերէնը դարձել է գերիշխող նաեւ կենցաղում: Իսկ երիտասարդ սերունդը գրեթէ ամբողջութեամբ ռուսերէն լեզուի ազդեցութեան տակ է:

Համշէնահայութեանն ըստ բնակութեան վայրերի, դաւանանքի եւ լեզուի այսօր բաժանում են նաեւ երեք հիմնական խմբերի (Բերտ Վուքս).

աԱրեւմտեան համշենահայեր. ապրում են թրքական Սամսոն, Օրդու, Կիրասոն, Տրապիզոն եւ Ռիզէ նահանգներում: Սրանք հիմնականում թրքախօս են: Դաւանում են սուննի իսլամը:

բԱրեւելեան համշէնահայեր. բնակւում են Արդուինի նահանգում, յատկապէս Խոփա քաղաքում եւ մերձակայ 30 գիւղերում, մասամբ էլ` նահանգի Բորչկա քաղաքում: Հայախօս են. պահպանել են համշէնի բարբառը: Դաւանում են սուննի իսլամը:

գՀիւսիսային համշէնահայեր. զանգուածաբար բնակւում են Աբխազիայում եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, խօսում են Համշէնի բարբառի Օրդուի, Ջենիկի, Տրապիզոնի խօսուածքներով, տիրապետում են ռուսերէնին, մեծ մասը՝ նաեւ գրական արեւելահայերէնին: Քրիստոնեայ ենª Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ:

ԱԲԽԱԶԻԱ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍ

Նման բաժանումը որոշ տրամաբանութիւն ունի, սակայն անտեսում է առաւել ընդհանուր օրինաչափութիւնները, քանզի եթէ որպէս պայման ընդունենք լեզուական փաստը, Խոփայի հայերին կարելի է մտցնել երկրորդ խմբի մէջ, իսկ դաւանանքի և տարածուածության արեալի հաշուառմամբ նա առարկայօրէն առաջին խմբում է:

Համշէնահայերի համայնքներ կան նաեւ Ամերիկայի ու Եւրոպայի մի քանի երկրներում: Վերջին տասնամեակներին Թուրքիայից արտագաղթած մահմեդական համշէնահայերի (հեմշիլների) նոր համայնքներ են ձեւաւորւում եւրոպական երկրներում, որոնցից ամենամեծը Գերմանիայում է:

Բացի իրենց պատմական հայրենիքից` բազմաթիւ համշէնահայեր բնակւում են նաեւ Թուրքիայի այլ բնակավայրերում՝ Իզմիթի շրջանում, Կենտրոնական Ասիայի տարբեր քաղաքներում, յատկապէս խոշոր բնակավայրերում` Էրզրումում, Անկարայում, Իզմիրում, Ստամբուլում եւ այլն:

Իսլամացած համշէնահայերն իրենց կոչում են հեմշիլ (համշէնցի). նրանց այսպէս են կոչում նաեւ թուրքերն ու միւս ժողովուրդները£ Սա խիստ հետաքրքիր փաստ է. կորցնելով հաւատը, մեծ մասը` նաեւ լեզուն, նրանք չկորցրին իրենց ինքնութեան գիտակցութիւնը, չթրքացան եւ թուրքերին էլ պարտադրեցին իրենց կոչել այլ կերպ` իրենց հայրենիքի անունով:

Տեղեկութիւններ համշէնահայերի թուի մասին: Այս հարցի վերաբերեալ հետազօտողների կողմից յայտնուել են տարբեր կարծիքներ, որոնցից ոչ մէկն էլ, բնականաբար, չէր կարող յենուած լինել քիչ թէ շատ յստակ հաշուարկների վրայ: Խնդիրը բարդանում է նաեւ այն պատճառով, որ համշէնահայերը տարբեր խմբերի են բաժանւում ոչ միայն ըստ բնակութեան վայրերի, այլեւ, ինչպէս տեսանք, ըստ դաւանանքի ու լեզուի, որն էլ, յատկապէս Թուրքիայի պարագայում, լուրջ դժուարութիւններ է առաջացնում: Հարցի հետազօտողներն էլ հիմնականում անդրադարձել են լեզուի, բանահիւսութեան, դաւանափոխութեան որոշ խնդիրների, քանի որ թուրքական իշխանութիւններին հաճոյ չի եղել հարցի արծարծումը:

Տարբեր հետազօտողներ նշում են տարբեր թուեր` մի քանի տասնեակ հազարից մինչեւ 1.5-2 միլիոն եւ նոյնիսկ աւելի: 25-40 հազար թիւն ընդունողները հաւանաբար նկատի ունեն միայն Խոփայի շրջանի հայախօս համշէնահայերին: Հաւաստի են թւում Ալիէ Ալթի տուեալները. նրա հաշուարկներով Թուրքիայում բնակւում է աւելի քան մէկ միլիոն իսլամացած համշէնահայ:

Հեմշիլներ բնակւում են նաեւ Միջին Ասիայում եւ Ռուսաստանում£ Սրանց ընդհանուր թիւը մօտ է 5 հազարի: Գրեթէ բոլորն էլ տիրապետում են մայրենի բարբառին:

Աբխազիայում բնակուող համշէնահայերի թիւը 1992-93 թթ. վրաց-աբխազական պատերազմից յետոյ նուազեց մօտ 25 հազարով` իջնելով 65-70 հազարի: Արտագաղթածները հաստատուեցին Ռուսաստանում:

Բաւականին դժուար է որոշ եզրակացութիւն անելը ռուսաստանաբնակ համշէնահայերի թուի մասին. այն տարբեր հաշուարկներով տատանւում է 300-ից 400 հազարի միջեւ: Առաւել հաւանական է թւում 300 հազարը:

Հայաստանում չճշտուած տուեալներով ապրում է 4-5000 համշէնահայ:

Որոշ տեղեկութիւններ կան Ցեղասպանութիւնից յետոյ Եւրոպայի տարբեր երկրներում եւ ԱՄՆ-ում համշէնահայերի՝ բնակութիւն հաստատելու մասին, սակայն այդ ուղղութեամբ ուսումնասիրութիւններ չկան:

Այս տուեալներով համշէնահայերի ընդհանուր թիւը մօտ մէկ ու կէս միլիոն Է, որը, բնականաբար, չի կարող արտացոլել իրական վիճակը: Որքան էլ այն ուռճացուած լինի, այնուամենայնիւ մի բան պարզ է. մենք գործ ունենք հայութեան (մահմեդական թէ քրիստոնեայ) մի ստուար զանգուածի հետ: Թերեւս ժամանակն է, որ, ի թիւս համշէնագիտութեան այլ բնագաւառների, լուրջ ուշադրութիւն դարձուի նաեւ համշէնահայութեան թուին ու սփռուածութեան աշխարհագրութեանը:

Համառօտ տեղեկանք համշէնագիտութեան վերաբերեալՀեմշիլները թէեւ զգալի չափով գտնւում են թուրքական մշակոյթի ազդեցութեան տակ, բայց հիմնականում պահպանել են ազգային ծէսերը, սովորոյթները, երգն ու երաժշտութիւնը, պարերը, կենցաղավարութեան շատ իւրայատկութիւններ, շատերը` նաեւ մայրենի բարբառը: Յատկանշական է, որ հիմնականում խուսափում են խառն ամուսնութիւններից եւ օտար գերեզմանատներում թաղումներից: Իսլամից քրիստոնէութիւն դարձ կատարած եւ նախնիների ազգանունը վերականգնած արձակագիր Տիգրան Կոստանեանը վկայում է. ՙՄեր ծննդավայր Ռիզէ քաղաքին բնակիչներէն շատեր գիտէին, թէ հայեր են: Մենք գերեզմանատուն չենք ունեցած թուրքերուն հետ, այլ մեր հանգուցեալները կը թաղենք մեր պարտէզներուն մէջ՚ (ՙԴիտակ՚, 2002, Մարտ – Ապրիլ):

Ազգային ինքնութեան գիտակցումն ու այն պահպանելու ջանքերն ունեն հետաքրքիր ու ինքնատիպ դրսեւորումներ: Դրանցից թերեւս պէտք է կարեւորել հետեւեալները.

ա) Մայրենի լեզուի (բարբառի) պահպանումը: Անգամ թրքախօս (արեւմտեան) համշէնահայերի մի մասը տիրապետում է համշէնի բարբառին, իսկ արեւելեան (Արդուինի նահանգի) համշէնահայերը հիմնականում պահպանել են մայրենի բարբառը:

բ. Մեծ չափով պահպանել են աւանդոյթները, ծէսերը, սովորոյթները, բանահիւսութիւնը, ժողովրդական երգերն ու պարերը, երաժշտական գործիքները, տարազը եւ այլն: Խիստ ուշագրաւ է հետեւեալ արտառոց փաստը. բոլոր իսլամացած համշէնահայերը (թէ հայախօս, թէ թրքախօս հեմշիլները) իւրաքանչիւր տարի` յուլիսի 15-22-ը, Ռիզէի նահանգի Չամլիհեմշին բնակավայրում տօնում են Վարդավառը (Վարթիվոր): Թէեւ հասկանալի պատճառներով կրօնական ծիսակարգը վերացել է, բայց այն վերածուել է ազգային երաժշտութեան, պարի ու աւանդոյթների թատերականացուած իւրայատուկ տօնի (երգերի մի մասը թրքաբառ է, սակայն Խոփայի հայերը պահպանել են նաեւ հայաբառ երգերը):

Ընդհանրապէս շատ ու շատ հարցեր դեռ սպասում են իրենց ուսումնասիրողներին` պարզելու, թէ յատկապէս վերջին 2-3 դարերի ընթացքում էթնոմշակութային ինչ օտար ազդեցութիւնների են ենթարկուել իսլամացած համշէնահայերը (հեմշիլները), ինչ են կորցրել, ինչ են պահպանել եւ այլն:

Այս հարցերի (եւ ընդհանրապէս պոնտահայութեան) նկատմամբ 19-րդ դարում եւ 20-րդ դարասկզբին հայագիտութեան մէջ մեծ հետաքրքրութիւն դրսեւորուեց. հրատարակուեցին բազմաթիւ աշխատութիւններ հայ եւ օտարազգի հեղինակների կողմից (Ս. Հայկունի, Ն. Խշտեան, Բ. Կիւլէսերեան, Պ. Թումայեանց, Վ. Դաշեան, Մ. Բժշկեան Ղ. Ինճիճեան, Ն. Մառ, Ն. Դերժավին, Պ. Կորոլենկօ, Ս. Մինցլով, Կ. Կոխ եւ այլք): Յետագայ 50-60 տարիներին այս հետաքրքրութիւնը տեղի տուեց. այդ շրջանից կարելի է յիշատակել մի քանի անուն` Հր. Աճառեան, Լ. Մելիքսեթ-Բեկ, Ջ. Դումեզիլ…

Սակայն 70-ականներից սկսած որոշ դրական տեղաշարժ է նկատւում համշէնագիտութեան մէջ: Ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ աճող հետաքրքրութիւնը չշրջանցեց նաեւ համշէնահայերին. հայ, ռուս, գերմանացի, հոլանդացի, ամերիկացի, թուրք, վրացի եւ այլ մասնագէտներ (Լ. Խաչիկեան, Բ. Թորլաքեան, Վ. Բդոյեան, Ս. Վարդանեան, Ա. Տէր Սարգիսեանց, Ժ. Խաչատրեան, Հ. Սիմոնեան, Ջ. Դումեզիլ, Ջ. Ռասսել, Ջ. Վայտենբերգ, Ու. Բլեսինգ, Ռ. Էդուարդս, Բ. Վուքս, Ի. Կուզնեցով, Մ. Սաքաօղլու, Ծ. Բածաշի, Ի. Շիլակաձէ եւ այլք) վերջին 20-30 տարում հրատարակեցին մի շարք ուսումնասիրութիւններª նուիրուած Համշէնի եւ համշէնահայութեան պատմութեանը, ազգագրութեանը, բարբառին, դաւանանքին, մշակոյթին, տարազին եւ այլն:

Վերջին տարիներին այս հարցով հետաքրքրուողների թիւը գնալով մեծանում է, եւ ուրախալի է, որ ուսումնասիրողների թւում կան նաեւ բուն հեմշիլներ: Յիշատակեմ մէկի անունը` Ալիէ Ալթը, որը ծնուել եւ մեծացել է Ռիզէ քաղաքում, սովորել է Ֆրանկֆուրտի համալսարանում: Մկրտուելուց յետոյ ընդունել է նախնիների ազգանունը` Կոստանեան (Ալիս Կոստանեան): Գերմաներէն լեզուով արժէքաւոր աշխատութիւն է հրատարակել իսլամացած համշէնահայերի մասին, որը թարգմանուել է նաեւ յունարէն:

Եթէ Աբխազիայում եւ Ռուսաստանում բնակուող հիւսիսային համշէնահայերը պատմութեամբ, լեզուական, էթնոմշակութային, կրօնական գիտակցութեամբ հայկական ինքնութեան կրողներ են եւ հայ ժողովրդի միւս հատուածներից, որպէս մէկ էթնոմշակութային հանրութեան մաս, չեն տարբերւում, ապա իսլամացած համշէնահայերի դէպքում վիճակն այլ է: Ալիէ Ալթը բաւականին դիպուկ է բնութագրում այդ վիճակը. ՙՀամշէնահայերը գտնւում են լճացման առանձնայատուկ մի փուլում, որտեղ խանգարուած է մշակութային ուժերի ազատ փոխկապակցութիւնը. նրա խթանումն ու խրախուսումը դարձել է ժամանակի անհրաժեշտ պահանջ:

Որպէսզի կարողանանք վերարտադրել մեր մշակոյթը, որտեղ պահպանուած է ամենակարեւորը, համշէնահայերը որոշել են համշէնցիների խորհրդանիշներով ու ծէսերով ամրապնդել ընդհանուր ոգին եւ դրանով ուժեղացնել միասնութեան զգացողութիւնը. դրանք իրականութեան նրանց հասկացողութեան, աշխարհընկալման կարեւոր բաղադրիչ մասերն են, նրանք դա ուզում են, թէ ոչ:

Լռածների ու լռակեացների բերանից ելնող խօսքը համարւում է հզօր էներգիայի աղբիւր, որի միջոցով մենք մեր կեանքին, գիտութեանը, բնութեանն ու ամբողջ տիեզերքին իմաստ ենք տալիս: Խօսքի ուժի շնորհիւ մենք կարող ենք ինքներս մեզ ազատել մեր ներքին ու արտաքին վախերից ու բռնութիւններից կամ թողնել մեզ ստրկացնելու… Խօսքը, ինչպէս նաեւ բառերը մարդկային ինքնագիտակցութեան հիմնաքարերն են, որոնք բաղկացած են գիտական բոլոր ուղղութիւններից՚:

Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007

Համշէն Պատմաաշխարհագրական ակնարկ (16-20-րդ դարեր)

June 3, 2012

Աշոտ Մելքոնեան

ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն,պատմական գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր

1915 թ. Հայոց մեծ եղեռնից, հայ ժողովրդի հայրենազրկումից յետոյ, երբ հայերի պատմական հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստանը, երիտթուրքական իշխանութիւնների կողմից իրականացուած ցեղասպանութեան հետեւանքով լիովին հայաթափուեց, ինքնին հասկանալի է, որ Հայկական Հարցը, որը որպէս միջազգային դիւանագիտութեան հարց ասպարէզ էր իջել 1878 թ. Սան-Ստեֆանոյի եւ Բեռլինի վեհաժողովների ժամանակ՝ որպէս Օսմանեան կայսրութեան հայկական նահանգներում հայանպաստ բարեփոխումների իրականացման խնդիր, կորցրեց իր նախկին բովանդակութիւնը: Սակայն աշխարհասփիւռ հայութեան համար այն դարձաւ հայկական հողերի՝ հայրենիքի վերադարձման պայքարի հարց, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ արտայայտուեց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու հատուցմանն ուղղուած շարժման ձեւով՝ ստանալով Հայ Դատ պայմանական անուանումը:

1965 թ. Հայոց ցեղասպանութեան 50-ամեայ տարելիցի նշումից եւ յատկապէս 1998 թ. անկախ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ պետականօրէն այդ խնդրի ընդգրկումից յետոյ Հայ Դատի համար պայքարը թեւափեց նոր փուլ: Փաստօրէն միջազգային ասպարէզում քաղաքական եւ ՙգիտական՚ շրջանակների ահռելի նիւթական միջոցների ներդրման պայմաններում իսկ թուրքական կողմը տանուլ տուեց հայութեան դէմ տարուող պայքարը՝ Հայոց ցեղասպանութեան իրողութեան հերքման, հայ ժողովրդի պատմութեան հիմնաքարային խնդիրների խեղաթիւրման հարցում: Աշխարհի մօտ երկու տասնեակ առաջատար երկրներ, առաջնորդուելով արդարութեան, ժողովրդավարութեան, ազգերի իրաւահաւասարութեան ու իրաւունքների յարգման համամարդկային սկզբունքներով, խորհրդարանական մակարդակով ճանաչեցին ու դատապարտեցին 20-րդ դարի սկզբին մարդկութեան դէմ իրագործուած առաջին ցեղասպանութիւնը՝ յորդորելով թուրքական իշխանութիւններին հետեւել իրենց օրինակին: Անկասկած, քանի դեռ Միաւորուած ազգերի կազմակերպութիւնը, աշխարհի ուժեղագոյն երկրներից ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ չեն դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը (թէեւ ԱՄՆ 38 նահանգներ այդ արել են նահանգային մակարդակով), չի կարելի խօսել Հայ Դատի համար պայքարի այդ փուլում ձեռք բերուած վերջնական յաղթանակի մասին, այնուամենայնիւ մի բան յստակ է, որ հասունացել է պայքարի յաջորդ` շատ աւելի վճռական՝ Թուրքիայի կողմից հայութեանը հատուցելու փուլին նպատակամղուելու ժամանակը: Այդ իմաստով կարեւոր է ընդգծել, որ ճանաչման գործընթացը Հայ Դատի հետապնդման ռազմավարութեան միայն մարտավարական աստիճանն է, իսկ վերջնական նպատակը՝ կորուսեալ հայրենիքի վերադարձը:

Ելնելով ժամանակի նոր մարտահրաւէրներից եւ գիտակցելով ու իրատեսօրէն գնահատելով հայ ժողովրդի ազգային իդէալների իրականացման համար մղուող պայքարի ճանապարհին նշմարուող նոր պայմանների հեռանկարները` այսօր կենսական է դառնում նոր մօտեցումների, մարտավարական ձեւերի ընտրութեան խնդիրը: Այդ տեսանկիւնից անհրաժեշտ է նորովի մեկնաբանել նոյնիսկ այնպիսի մի աքսեօմատիկ իրողութիւն, որպիսին 1915 թուականից յետոյ մեր հայրենիքի ի սպառ հայաջնջման հանգամանքն է: Բանն այն է, որ այդ իրողութիւնը գերազանցապէս վերաբերում է քրիստոնեայ հայութեանը: Իսկ մահմեդականացած հայութիւնը, որն օտարացման ուղին բռնել էր դեռեւս միջնադարում, զարմանալի կենսունակութիւն դրսեւորուելով, իր ազգային դիմագծի շատ կողմերով, անգամ ազգային ինքնագիտակցութեամբ, դիմակայելով դարեր, գոյատեւեց ցայսօր: Ցաւալիօրէն մինչեւ այժմ մենք աչքաթող ենք արել Հայ Դատի համար մղուող պայքարի նոր փուլում բացառիկ կարեւորութիւն ներկայացնող այս հանգամանքը: Միայն նշենք, որ վերջին շրջանում արուած հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ այսօր Թուրքիայի Հանրապետութեան արեւելեան եւ կենտրոնական նահանգներում, այսինքն՝ պատմական Արեւմտեան Հայաստանում ու յարակից գաւառներում մօտաւոր հաշուարկներով իսլամացած հայութեան շառաւիղների թիւն անցնում է մէկ միլիոնից, իրենց արմատները դեռ յիշող, երբեմն էլ հայ զգացող, այսպէս կոչուած ՙթաքուն՚ հայերինը՝ 750 հազարից: Դա այն դէպքում, երբ պաշտօնապէս ճանաչուած քրիստոնեայ հայերի թիւը նոյն տարածքում պակաս է 5 հազարից1: Չմոռանաք, որ Եւրոմիութեան մէջ ընդգրկուելու ուղին բռնած Թուրքիան, որն ակամայից պարտադրում է հասարակութեան որոշ ազատականացում, աւելի ու աւելի նպաստաւոր պայմաններ է ենթադրում այդօրինակ հայութեան գոյութեան ու գործունէութեան լեգալացման համար:

Օսմանեան կայսրութիւնում դարեր շարունակ տեղի ունեցած էթնոկրօնական երեւոյթները հասկանալու համար փորձենք համառօտակի անդրադառնալ հայութեան ազգային ու հաւատքային վերակերպումների հարցին, որը խիստ տիպական է եղել Արեւմտեան Հայաստանի ու յարակից մի շարք գաւառների, մասնաւորապէս Համշէնի համար:

Մինչեւ ԺԶ դարը, ինչպէս երեւում է սկզբնաղբիւրների վերլուծութիւնից, օտար ծանր տիրապետութիւնների պայմաններում Հայաստանը հիմնականում շարունակում էր մնալ էթնիկապէս միատարր երկրամաս: Օսմանեան դժնդակ գերիշխանութեան հաստատումը, որն ի սկզբանէ ուղեկցւում էր քրիստոնեաների զանգուածային կոտորածներով եւ բռնի մահմեդականացման գործողութիւններով, չէր կարող իր բացասական ազդեցութիւնը չթողնել ինչպէս Արեւմտեան Հայաստանի, այնպէս էլ ամբողջ Փոքր Ասիայի էթնոժողովրդագրական պատկերի վրայ: Պատահական չէ, որ արդէն 16-17-րդ դարերում Արեւմտեան Հայաստանում նկատելի դարձան նախորդ ժամանակաշրջանում յայտնուած օտար էթնիկ տարրերի ստուարացման միտումները2:

19-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնում ապրող մօտ 3 մլն. հայերի կողքին (այդ թւում՝ կիսամահմեդականացած), ստեղծուած քաղաքական անբարենպաստ պայմաններում հետզհետէ ուժեղանում էին թուրքալեզու եւ քրդալեզու ժողովուրդների ներհոսքի միտումները: Պատահական չէ, որ հայ բնակչութիւնից յետոյ առանձին նահանգներում եւ գաւառներում զգալի թիւ էին կազմում քրդական ցեղերը, առանձին քաղաքներում՝ թուրքերը: Հայաստանի հարաւում նկատելի էին ասորիները, Կարսի նահանգում՝ կարափափախները, Պոնտական լեռների շրջանում՝ յոյները, լազերը եւ վրացիները: Ոչ հայանպաստ էթնիկ գործընթացների նման զարգացումները պայմանաւորուած էին առաջին հերթին թուրքական իշխանութիւնների վարած քաղաքականութեամբ, որն օրէցօր աւելի ու աւելի ընդգծուած էր դառնում՝ կազմելով Արեւմտեան Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնական բովանդակութիւնը:

Ուշագրաւ է, որ բռնի մահմեդականացման արդիւնքում էթնոկրօնական վերակերպումների ենթարկուած բնակչութիւնը երկար ժամանակ շարունակել է պահպանել իր ազգային նկարագրի բազմաթիւ տարրեր՝ լեզուն (զտարիւն կամ թուրքախառն ու քրդախառն տարբերակով), կենցաղը, սովորոյթները եւ, որ շատ աւելի կարեւոր է, ազգային ինքնագիտակցութիւնը: Ուստի Արեւմտեան Հայաստանի եւ յարակից գաւառների բնակչութեան թուաքանակը ճշտելիս, ընդհուպ մինչեւ մեր օրերը, հարկ է լրջօրէն հետազօտել ամէն մի տարածաշրջանի էթնոժողովրդագրական նկարագրի խորքային, յաճախ՝ թաքուն կողմերը, որի արդիւնքում միայն հնարաւոր է այս կամ այն էթնոկրօնական համայնքին (մեսխեթցի, ֆրանկ, հայ – լազ, իսլամ, համշինլի, տաճիկ, ՙազ­գաւ եւ կրօ­նիւն վրա­ցի, բայց հա­յախօսներ՚, կէսկէսներ՝ կէս հայ – կէս մահմեդական եւ այլն) վերագրել ազգային պատկանելիութիւն: Ցաւօք այս հանգամանքը յաճախ վրիպել է շատ ուսումնասիրողների ուշադրութիւնից եւ սխալ եզրայանգումների տեղիք տուել:

Օսման­եան տի­րա­պե­տութեան շր­ջա­նում Արեւմտեան Հա­յաս­տա­նում նկատուել են էթնիկ զար­գա­ցում­նե­րի հետեւեալ մի­տում­նե­րը.

1. Բռնի մահմեդականացում, որի արդիւնքում՝

ա)կէսկէսների առաջացում, այնուհետեւ՝ նրանց մի մասի տաճկացում (այս տերմինի տակ երբեմն հասկացւում էր կիսաթուրքացած տարրը, այն է՝ նոյն կէսկէսը), ապա՝ թուրքացում: Այս երեւոյթը նկատելի էր Երզնկայի, Կամախի, մասամբ՝ Էրզրումի եւ յատկապէս Պոնտական լեռներին յարող գաւառներում (Սպեր, Թորթում, Կիսկիմ, Համշէն եւ այլն):

բ) Քրդացում (Քղի, Խնուս, Բայազէտ, Ալաշկերտ, Հաքեարի, Դիարբեքիր եւ այլ գաւառներ):

գ) Լազ էթնոկրօնական հանրութեան ձեւաւորում (հիմնականում՝ Պոնտոսի շրջակայք):

2. Հայերի դաւանափոխութիւն, որի արդիւնքում՝

ա) ուղղափառացում, մասամբ՝ վրացացում (Տայք, Սամցխէ, Ջաւախք, մասամբ՝ Լոռի)3:

բ) Կաթոլիկացում: Ստա­նա­լով ո­րոշ ա­ջակ­ցութ­իւն եւ ան­ձի ու գոյ­քի ա­պա­հո­վութեան խոս­տում­ներ եւրոպական կաթոլիկ քարոզիչներից՝ հայութեան մի մասը կա­թո­լի­կա­նում է: Ի վերջոյ այդ կաթոլիկների մի մասն էլ, զրկուելով ինքնապաշտպանական կարողականութիւնից, ժամանակի ընթացքում թուրքանում է (Ալաշկերտ, Արդ­ուի­ն, Ար­դա­հա­ն եւ այ­լուր)4:

Դեռեւս միջնադարում բռնութեամբ մահմեդականացած, սակայն հարիւրամեակներ իր ազգային ինքնութեան բազմաթիւ տարրեր պահպանած հայ բնակչութեան շերտերից կարելի է առանձնացնել Հայկական լեռնաշխարհի հիւսիսարեւմտեան սահմանը եզերող Պոնտական լեռներին յարող ընդարձակ տարածաշրջանի՝ պատմական Կարնոյ աշխարհի եւ Տայքի, Խոտորջուրի ու Համշէնի հայութեանը, որի վերաբերեալ ստեղծուել է բաւական հարուստ գրականութիւն5: Թուարկուած տարածաշրջանների հայութեան մէջ անշուշտ ամենակենսունակը, ինչպէս ցոյց տուեց ժամանակը, եղան համշէնահայերը:

Համշէնը հանդիսանում էր հնագոյն պատմական Խաղտիք աշխարհի մէկ մասը եւ տարածւում էր Պոնտական լեռնաշղթայի արեւելեան շարունակութիւնը կազմող Պարխարի բարձրաբերձ լեռների հարաւային անտառոտ ու ջրառատ լանջերից մինչեւ Սեւ ծով՝ հիմնականում ընդգրկելով Ֆորթունա, Եվողիւտի (Եղիովիտհ, Եուղհովիտ) եւ Խաչեվանա գետակների աւազանը: Բնաաշխարհագրական պայմաններով այս գաւառակը բաժանւում էր երկու մասի՝ Բաշ Համշէնի կամ Վերին Համշէնի, որը զբաղեցնում էր նրա հարաւարեւմտեան լեռնային շրջանը, եւ Խոփա Համշէնի կամ Ներքին Համշենի, որն ընկած էր հիւսիսարեւելքում եւ ձգւում էր մինչեւ Սեւ ծով:

Պատմական գրականութեան մէջ կայ այն թիւր կարծիքը, թէ իբր հայերն այստեղ յայտնուել են միայն 8-րդ դարում, երբ, արաբական հալածանքներից խուսափելով, 789-790 թթ. Շապուհ Ամատունի իշխանի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ 12 հազ. գաղթականներ Արտազ, Արագածոտն, Կոտայք գաւառներից տեղափոխուել են բիւզանդահպատակ Խաղտիք: Իրականում Խաղտիքը, յաճախ մաս կազմելով Տայք աշխարհին, հնագոյն ժամանակներից եղել է հայաբնակ: Պատահական չէ, որ այստեղ ապրող առաջին բնակիչներին յոյներն անուանել են արմէնօխալիբներայսինքն՝ Խաղտիք-Խալիբ երկրի հայ բնակիչներ: Ի դէպ` նման հայերը կազմել են ոչ միայն Խաղտիքի, այլեւ ողջ Տայքի ու հիւսիսարեւմտեան Հայաստանի բնակչութիւնը Ք.Ա. 9-3-րդ դարերում` Արարատեան թագաւորութեան եւ Երուանդականների ժամանակներում:

Բիւզանդական կայսր Կոնստանդին 6-րդի յատկացրած Տամբուր վայրում կառուցուած բնակավայրերից մէկը, ապա ամբողջ գաւառակը Համամ իշխանի անունից ստացել են Համամաշէն-Համշէն, իսկ բնակիչները՝ համամաշէնցիներ, համշէնցիներ անունները: 8-9-րդ դարերում Համշէնում կազմաւորուած կիսանկախ իշխանութեան սահմանները ձգուել են Պարխարի Վերջնբակ (3711 մ) եւ Քաջքար գագաթներից մինչեւ Սեւ ծով ընկած տարածքը՝ արեւմուտքում հասնելով Պոնտական լեռներ:

Համշէնի իշխանութիւնը, փաստօրէն Բիւզանդական կայսրութիւնից ձեռք բերելով լիակատար անկախութիւն, ժամանակ առ ժամանակ ենթարկւում էր Տայքի կիւրապաղութեանը: 1000-1001 թթ. վերջինիս գրաւումից յետոյ էլ Համշէնը, շնորհիւ իր ազատատենչ բնակչութեան եւ աշխարհագրական նպաստաւոր դիրքի, հիմնականում պահպանեց կիսանկախ վիճակը նաեւ 11-րդ դարի երկրորդ կէսին՝ սելջուկ – թուրքերի, եւ 13 – րդ դարում՝ մոնղոլների արշաւանքների շրջանում: Նոյնիսկ 15-րդ դարում, երբ Հայաստանի ողջ տարածքը յայտնուել էր թուրքմէնական կոյունլու ցեղերի տիրապետութեան տակ, Համշէնը շարունակում էր գոյատեւել՝ չենթարկուելով նաեւ հարեւան Տրապիզոնի Յունական կայսրութեանը: Այդ ժամանակ յիշատակւում են տեղի իշխաններ պարոն Առաքելը, Դաւիթ Ա-ն, Վարդը, Դաւիթ Բ-ն եւ ուրիշներ: Միայն Դաւիթ Բ-ի օրօք` 1489 թ., օսմանեան թուրքերին յաջողւում է գրաւել Համշէնի իշխանութիւնը եւ առժամանակ վերջ տալ նրա մօտ 700-ամեայ գոյութեանը: Նկատենք, որ միջնադարեան Հայաստանի պատմութեան մէջ նման երկարակեցութեան դէպքերը հազուադէպ են:

Համշէնի մեծ մասը շուտով մտցւում է նորաստեղծ Տրապիզոնի էյալէթի (հետագայում՝ վիլայէթ) չորս գաւառներից (սանջակ) Լազիստան գաւառի Աթինա գաւառակի (կազա) մէջ: Նախկին իշխանութեան արեւելեան մի փոքր հատուած մաս է կազմում նոյն գաւառի Խոփա, արեւմտեան մասը՝ Ռիզէ գաւառակների: Համշէնի հայ բնակչութեան օրինակով, որի թիւը 17-րդ դարի սկզբին հասել էր մօտ 10 հազ. տան (մօտաւորապէս 70-80 հազ. մարդ) Տրապիզոնի նահանգի, այսինքն՝ ողջ պոնտահայութեանը յաճախ սկսեցին կոչել համշէնահայեր:

Թուրքական տիրապետութիւնը, ինչպէս վերը նշուեց, աղետալի եղաւ ամբողջ Արեւմտեան Հայաստանի, այդ թւում՝ Համշէնի համար: Բնակչութիւնը ենթարկուեց քաղաքական ու կրօնական անդուլ հալածանքների, քրիստոնեաների համար սահմանուեցին անտանելի ծանր հարկեր: Այս ամէնի ազդեցութեամբ այստեղ տեղի ունեցան էթնոկրօնական լուրջ վերակերպումներ: Այդ մասին Ղ. Ինճիճեանը գրում է. ՙԲնակիչք երկրին յառաջագոյն հայ էին, այլ ի յելս ԺԷ դարուն եւ ի սկիզբն ԺԸ երրորդին՝ առ հասարակ հանդերձ ամենայն շրջակայ գիւղօրէիւք դարձան ի տաճկութիւն սակս բռնութեան հարկապահանջութեան…՚6: Ոմանք էլ, յատկապէս 1708-1710 թթ., խուսափելով բռնութիւններից, հաստատուեցին Տրապիզոնում, Բաբերդում եւ այլուր7:

Սակայն նման մահմեդականացումը կամ տաճկացումը, նոյն հեղինակի վկայութեամբ, որքան էլ համապարփակ բնոյթ կրէր, չդիմազրկեց գաւառակի հայեցի նկարագիրը. ՙԲայց գտանին տակաւին ի նոսա եւ քրիստոնեայք, յորոց գիւղօրէս կանգուն կան տակաւին եկեղեցի իւրեանց ի վաղուց մնացեալ, այլ չունին երէց ի հովուեալ…՚: Իբրեւ հոգեւոր հովիւ` ժամանակ առ ժամանակ Եւողիւտ գիւղից քահանայ է եկել եւ կատարել ծիսական արարողութիւններ: Ինչ վերաբերում է մահմեդականացած հայերին՝ արդէն տաճիկներին, նրանք ՙ…խօսին մինչեւ ցայժմ հայերէն, ի գործ ածեն ի գիւղօրէս ինչ անուանս կնքահայր եւ կնքամայր, պահեն պահս, եւ զայլ ծէսս եւ օրէնս քրիստոնէական հաւատոց, յաճախեն յեկեղեցիս եւ այլն. ոմանք կէսկէս են հաւատովք, արտաքուստ միայն ցուցանելով զտաճկութիւն…՚8:

Ուշագրաւ է, որ եթէ արեւմտահայ գաւառների մեծ մասում՝ Կիսկիմում, Թորթումում, Սպերում, Երզնկայում եւ այլուր, այդ կէսկէսների զգալի մասը հետզհետէ կորցրեց իր ազգային նկարագրի գրեթէ բոլոր տարրերը, ապա Համշէնի հայութիւնը, առերես մնալով ՙմահմեդական՚, շարունակեց դարերով հաւատարիմ մնալ իր ազգային արմատներին:

Իրականում համշէնցի կէսկէսների զգալի մասը գրեթէ ոչնչով չէր տարբերւում մնացած հայ բնակչութիւնից: Նրանցից շատերը ոչ միայն վարժ չէին խօսում թուրքերէն, այլեւ ընդհանրապէս չգիտէին այդ լեզուն: Մի մասն էլ խօսում էր թուրքերէնի հետ խառն հայերէնով9: Կարելի էր հանդիպել բազմաթիւ կէսկէսների, որոնք ունէին հայկական անուններ եւ ազգանուններ՝ միայն թուրքական օղլի վերջաւորութիւնով. օրինակ՝ Կիրակոսօղլի, Պետրոսօղլի, Գրիգորօղլի եւ այլն: Ճանապարհորդների այն հարցին, թէ ինչ ազգութեան են պատկանում, հետեւում էր ՙիսլամ եմ՚՝ նրանց ազգութեան մասին ոչինչ չասող պատասխանը, տերմին, որի տակ 19-րդ դարի 40-ական թուականների գերմանացի ուղեգիր Կարլ Քոխի արտայայտութեամբ՝ Թուրքիայում ընկալւում էր միմիայն օսմանլին՝ թուրքը10:

Համշէնին խիստ բնորոշ էր նաեւ մէկ այլ հանգամանք՝ աշխարհագրական տեղանունների եւ ծառերի ու բոյսերի տեսակների նախնական՝ հայկական (հայկազունք) եզրերի յարատեւումը: Գաւառակի ամենաբարեբեր հովիտները այնտեղով հոսող գետակների անուններից շարունակում էին կոչուել Եղնովիտ (Եուղհովիտ) եւ Բալովիտ (Բալհովիտ): Եղնովիտում էին համանուն գիւղն ու նրա նշանաւոր վանքը: Բալովիտը յայտնի էր իր խիտ անտառներով, ուր բազմանում էին տարին բոլոր մորթու գոյնը փոխող հազուագիւտ այծեր, գորշ արջեր եւ այլ կենդանիներ: Յայտնի էին Վերջնբակ եւ Քաջքար լեռնագագաթները, Խաչեվանա վանքն ու համանուն գետակը, Ճորոխի վտակ Պեժանկերտը, Համշէն, Տափ, Քոշտենց, Մեծմուն, Ժանընտնոց, Մոշեվինց, Ուսկուրտու, Շնչիվա, Որդնենց, Մակրեւինց, Խապագ, Խալա, Վերին եւ Ներքին Վիժա գիւղերը: Ըստ որում` այս բնակավայրերի մի մասը թէեւ 18-րդ դարի վերջին հայաբնակ չէր կամ լաւագոյն դէպքում կէսկէսաբնակ էր, շարունակում էր մնալ հայանուն11:

Համշէնահայերի ազգային ինքնութեան հիմնական գծերի յարատեւման գաղտնիքներից մէկը պայմանաւորուած էր նրանց աշխարհագրական միջավայրով: Ապրելով լեռնոտ ու խիտ անտառներով պատուած տարածքում` համշէնցիները զբաղւում էին փակ բնատնտեսութեամբ՝ անասնապահութեամբ, այգեգործութեամբ, մեղուապահութեամբ, մասամբ՝ հողագործութեամբ: Յատկապէս նշանաւոր էր Համշէնի մեղրամոմը, որի դիմաց սուլթանական կառավարութիւնը գանձում էր գաւառից ստացուող հարկերի զգալի մասը՝ տարեկան 2000 օխա: Փաստօրէն որոշակի տուրքեր վճարելու պայմանով ինչպէս լեռնային այլ համայնքներ՝ Սասունը, Զէյթունը, Մոկսը, այնպէս էլ Համշէն գաւառակը ձեռք էր բերել կիսանկախ կարգավիճակ: ՙՏէրութիւն երկրին է ի ձեռս երկուց աղայից, – կարդում ենք աղբիւրներում, – յորոց մին դարձեալ է ի հայոց՚12:

Յատկանշական է, որ նման պայմաններում համշէնահայերը քիչ էին յարաբերւում ոչ միայն հարեւան թուրքերի, լազերի, յոյների, այլեւ՝ լիարիւն քրիստոնեայ հայերի հետ: Այդ ձեւով նրանց մեջ հետզհետէ ձեւաւորւում էր արտաքին աշխարհից զատորոշուելու եւ սեփական՝ ՙհամշէնցի՚ կամ ՙհամշինլի՚, այսինքն՝ հպարտ լեռնեցու ինքնութեամբ յարատեւելու ֆենոմենը: Փաստօրէն տուեալ դէպքում կէսկէս լինելու հանգամանքը ոչ միայն ճանապարհ չէր հարթում դէպի թուրքացում, այլեւ հանդիսանում էր հզօր պաշտպանական վահան՝ իշխանութիւնների կողմից նրանց ինքնութեան դէմ ձեռնակուող ոտնձգութիւնների հանդէպ: Մինչեւ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը Համշէնի գաւառակում հաշուըւում էր աւելի քան 13 հազար հայախօս բնակիչ, որոնք տեղաբաշխուած էին 33 գիւղերում:

Այսպէս` Պոնտոս-Լազիստանի հայերն ընդհանրապէս, համշէնահայերը՝ մասնաւորապէս իրենց իւրայատուկ ինքնութիւնը պահպանեցին մինչեւ 1915 թ. հայոց մեծ եղեռնը՝ յաճախ՝ թաքուն, ժամանակ առ ժամանակ էլ՝ բացայայտօրէն թուրքական իշխանութիւններին հակադրուելով իրենց իրական հայեցի նկարագրով: Նման գործելակերպի արտայայտութիւն էին 19-րդ դարի 70-ական թուականներին համշէնցիների` մեծ չափեր ընդունած արտագաղթերը, որոնք արտայայտւում էին կամ ընտանեօք տեղափոխութիւնների, կամ միայն տղամարդկանց` ժամանակաւոր պանդխտութեան մեկնելու եղանակով:

Արտագաղթողներն առաւելապէս նախընտրում էին Ռուսաստանի սեւծովեան առափնեայ շրջանները՝ Բաթումի մարզը, Աբխազիան, մինչեւ Նովոռոսիյսկ ու Ղրիմ ընկած շրջանները, ուր կարելի էր դիւրութեամբ վերականգնել քրիստոնէական ապրելակերպն ու ազգային կեանքի մնացած տարրերը, ինչպէս եւ վաստակել հանապազօրեայ հացը: Եթէ Ռուսաստան արտագաղթելն ինչ-ինչ պատճառներով հնարաւոր չէր լինում, ապա համշէնցիները տեղափոխւում էին Արեւմտեան Հայաստան ու յարակից հայաշատ գաւառներ, ուր աւելի դիւրին էր շրջանցել Օսմանեան կայսրութիւնում գործող այն օրէնքը, ըստ որի իսլամացածներին սպառնում էր խստագոյն պատիժ՝ իրենց կրօնին վերադառնալու պարագայում13:

20-րդ դարի սկզբին, անկախ այն հանգամանքից, որ համշէնահայերի ու պոնտահայերի զգալի մասը իսլամադաւան էր, տարածաշրջանի բնակչութեան կենցաղը, լեզուն, բարքերը, ծէսերը, մնում էին գերազանցապէս հայկական14: Առաջին աշխարհամարտի նախօրեակին ամբողջ Տրապիզոնի նահանգի հայութեան թիւն ըստ Բ. Թորլաքեանի, որոնց հետազօտողը լայն իմաստով անուանում է հիմնականում համշէնահայեր, հասնում էր աւելի քան հարիւր հազարի, որոնցից զուտ համշէնցիներ՝ 65342-ը: Համշէնահայերն ամբողջ Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութիւնում, առանց քաղաքային բնակչութեան հաշուառման, կազմում էին 81458 մարդ կամ 11606 ծուխ, որոնք տեղաբաշխուած էին 322 գիւղերում15:

Ինչպէս 1890-ական թուականներին, այնպէս էլ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին երիտթուրքական իշխանութիւններն իրենց հայակուլ գործունէութեան մէջ խտրականութիւն չդրեցին նաեւ մահմեդականացած համշէնահայերի նկատմամբ: Զանգուածային ջարդերի հետեւանքով նրանց զգալի մասը կոտորուեց տեղում կամ տեղահանուեց: Մնացածներին յաջողուեց պատսպարուել լեռնային անտառներում եւ 1916 թ. փետրուարին ռուսական զօրքերի կողմից Աթինայի ու Ռիզէի, իսկ ապրիլին՝ Տրապիզոնի գրաւումից յետոյ, փրկուել: 1918 թ. գարնանը Կովկասեան բանակի կազմալուծումից յետոյ պոնտահայ գաղթականների նոր ալիքը հեղեղեց Սեւ ծովի արեւելեան առափնեայ շրջանները եւ Հիւսիսային Կովկասը:

Իրենց նոր հայրենիքում՝ Սեւ ծովի արեւելեան ափերին՝ Աջարիայում, Աբխազիայում, Ադլերում, Սոչիում, Անապայում, Նովոռոսիյսկում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերում ապրող նախկին պոնտահայերը, որոնց հաւաքական առումով աւելի յաճախակի սկսեցին կոչել համշէնահայեր, պահպանեցին ու նոր զարգացման հասցրեցին հայ մշակոյթը:

Այսօր՝ հայոց մեծ եղեռնի 90-ամեայ հեռաւորութիւնից, մենք հպարտութեամբ կարող ենք ասել, որ մեր կորուսեալ հայրենիքի՝ Արեւմտեան Հայաստանի նկատմամբ նոր սերունդների պատմական յիշողութիւնը շատ թարմ է, իսկ արեան կանչը՝ զօրաւոր: Ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնում, Ջաւախքում, Սեւ ծովի առափնեայ շրջաններում ապրում են հարիւրհազարաւոր հայեր, որոնք երբեք չեն մոռանում օտարի ձեռքում մնացած իրենց հայրենիքի` այսօր յուշ ու հեքիաթ թուացող պատմութիւնը: Սակայն պատմութիւնն ունի իր անակնկալները, ժամանակներն՝ իրենց քաղաքական մարտահրաւէրները: Այդ պատմական յիշողութեամբ զինուած` մենք պէտք է պատրաստ լինենք ընդունելու պատմութեան մարտահրաւէրները եւ արժանի լինելու հայրենի հողի տառապալից կանչին, առաւել եւս, որ ինչպէս իրաւացիօրէն նշում է մեր մեծ գրող Մուշեղ Գալշոյեանը, հողը երբեք չի մոռանում իր իրական տիրոջը: Արժանի լինենք այդ հողին տէր դառնալու առաքելութեանը:

Ծանօթագրութիւններ

1. Խանլարի ՀԿարէն, Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի հանրապետութիւնում (1923-2005), Ե., 2005, էջ 104:
2Մելքոնեան Ա., Ժողովրդագրական տեղաշարժերի միտումները Էրզրումի նահանգում (16-րդ դ. սկիզբ – 20-րդ դ. սկիզբ), ՊԲՀ, 1999, թիւ 2-3, էջ 122-129, նոյնի՝ The Demography of the Province of Erzerum: Sixteenth-Twentieth Centuries. Armenian Karin/Erzerum, Edited by Richard G. Hovannissian, California, 2003, pp., 134-145 եւ այլն:
3. Վերջիններիս զգալի մասը Սամցխէ-Ջաւախքում 17-18-րդ դդ. մահմեդականացաւ եւ տարածաշրջանի՝ Մեսխեթի (Սամցխէ, Ախալցխայի գաւառ) անունից ստացաւ աշխարհագրական ինքնանուանում՝ մեսխեթցիներ, որը շուտով ձեռք բերեց էթնոկրօնական բովանդակութիւն: Հայերի վրացացման մասին նշանաւոր աշխարհագէտ Ղուկաս Ինճիճեանը գրում է. ՙԲազ­մու­թիւն իշ­խա­նաց մե­րոց, նաեւ հա­սա­րակ ժո­ղովր­դեան, որք ա­պա սա­կաւ առ սա­կաւ սո­վո­րեալք ի՜ լե­զու, ի՜ բարս, նաեւ ոմանք ի՜ ծէսս վրաց, փո­խե­ցան յազգ նո­ցա՚ (Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վենետիկ, 1806, էջ 123: Այսօ­րի­նակ վրա­ցա­դա­ւան հա­յե­րի մասին դեռ ԺԷ. ­դա­րի հե­ղի­նակ Յա­կոբ Կար­նե­ցին գրում է. ՙԱզ­գաւ եւ կրօ­նիւն վրա­ցի, բայց հա­յի լե­զո­ւաւ խօ­սէին՚ (Մանր ժամանակագրութիւններ, հ. Բ, Ե., 1956, էջ 554):
4. Արեւմտեան Հայաստանում օսմանեան տիրապետութեան ժամանակ տեղի ունեցած էթնոկրօնական վերակերպումների մասին տե՜ս Մելքոնեան Ա., Հայ բնակչութեան էթնոկրօնական դիմախեղման գործընթացներն Արեւմտեան Հայաստանում 16-19-րդ դարերում, Հայոց պատմութեան հարցեր, գիտական յօդուածների ժողովածու, հ.5, Ե., 2005, էջ 47-60:
5. Koch K., Wanderungen im Oriente wՊhrend der Jahre 1843 und 1844, Weimar, 1846, Տաշեան Յ., Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին, Վիեննա, 1921: Նոյնի՝ Տայք, դրացիք եւ Խոտորջուր, Վիեննա, 1978,Ատրպետ, Ճորոխի աւազանը, Ե., 1934 եւ այլն:
6. Ինճիճեան Ղ., նշվ. աշխ., էջ 396: Համշէնի մահմեդականացման մասին տե՜ս Թորլաքեան Բ.Գ., Էջեր համշէնահայերի 17-18-րդ դարերի պատմութիւնից, ՊԲՀ, 1972, թիւ 4, էջ 133-136:
7. Տաշեան Յ., Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին, էջ 34:
8. Ինճիճեան Ղ., նշվ. աշխ., էջ 396:
9. Տե՜ս Տաշեան Յ., Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին, էջ 78-82:
10. Տե՜ս Koch K., նշվ., աշխ., էջ 57-59:
11. Ինճիճեան Ղ., նշվ. աշխ., էջ 396-397:
12. Նոյն տեղում:
13. Гиргас В., Права христиан на Востоке по мусульманским законам, 1865, с. 96.
14. Համշէնահայերի կենցաղի, տարազի, բարբառի եւ այլ հարցերի մասին տե՜ս ՙՊոնտական ուսումնասիրութիւնք՚, Վիեննա, 1919, Թորլաքեան Բ.Գ., Համշէնահայերի տարազը 19-րդ դարի վերջերին, ՊԲՀ, 1976, թիւ 3, էջ 145-156, Աճառեան Հ., Քննութիւն Համշէնի բարբառի, Ե., 1947, Արշակունի,Պատմութիւն հայկական Պոնտոսի, Պէյրութ, 1967, Բդոյեան Վ., Պոնտոսի հայերի վարող գործիքները, ՊԲՀ, 1971, թիւ 4, էջ 197-205, ինչպէս նաեւ Յակոբոս Տաշեանի վերոնշեալ աշխատութիւնները :
15. Թորլաքեան Բ.Գ., Համշէնահայերի եւ պոնտահայերի բնակավայրերն ու թուաքանակը 1914 թուականին, ՊԲՀ, 1970, թիւ 2, էջ 213-214:

Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007

Համշէնահայերի Պատմութիւնից

June 3, 2012

Բաբգէն Յարութիւնեան

ԵՊՀ Հայ ժողովրդի պատմութեան ամբիոնի վարիչ,պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Աւելի քան մէկ հարիւրամեակ առաջ տասնեակ հազարաւոր համշէնահայեր վերաբնակուեցին այժմեան չճանաչուած Աբխազիայի Հանրապետութեան եւ Ռ.Դ. Կրասնոդարի երկրամասի տարածքներում: Սոյն զեկուցումը նուիրւում է համշէնահայերի ծագման, զարգացման եւ հետագայ ճակատագրի պատմութեանը, որոնց գերակշիռ մասը, բռնի կերպով ընդունելով իսլամը, մինչեւ այսօր բնակւում է Սեւ ծովի հարաւարեւելեան ափին` այժմեան Թուրքիայի տարածքում:

Հայերի` 774-775 թթ. հանրայայտ հակաարաբական ապստամբութիւնից յետոյ արաբները ազատասէր հայ ժողովրդի համար ստեղծեցին տառացիօրէն անտանելի պայմաններ, ինչը շատերին ստիպեց ապաստան փնտռել հարեւան Բիւզանդական կայսրութիւնում: Ուժեղացաւ հարկահաւաքութիւնը, եւ անվճարունակ բնակչութիւնը ենթարկուեց հալածանքների ու տանջանքների` ընդհուպ մինչեւ ստրկութեան վաճառուելը: Հայաստանի ոստիկան Օբայդուլլահ իբն-ալ-Մահդիի եւ նրա տեղապահ Սուլէյմանի կառավարման տարիներին պարզապէս ստեղծուեց անտանելի կացութիւն:

Ըստ հայ պատմիչ Ղեւոնդի տեղեկութեան` 12 հազար հայ` տղամարդ, կին եւ երեխայ, Ամատունեաց տոհմի նախարար Շապուհի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ` այլ հայ նախարարների եւ իշխանների, նաեւ` նրանց հեծելազօրի հետ թողնում են Հայաստանի կենտրոնական շրջանները եւ ուղեւորւում Յունաց աշխարհ, այսինքն` Բիւզանդիա: Արաբական զօրքերը հետապնդում են երկրից հեռացող հայերին, որոնք Կոխ գավառումնրանց պարտութեան մատնեցին, իսկ իրենք, անցնելով Ակամսիս կամ Ճորոխ գետը, Եգերների երկրով մտան Պոնտոս: Բիւզանդական կայսր Կոնստանտինը նրանց ընդունեց բարեհոգաբար, հաստատեց նրանց նախարարական իրաւունքները եւ նրանց բնակեցրեց բարեբեր երկրամասում1: Այդ արտագաղթի առիթով յիշատակւում են ոչ միայն Շապուհ եւ Համամ իշխանները, այլեւ` հայոց կաթողիկոս Եղիպատրուշեցին (775-788), արաբ ոստիկան Օբայդուլլահը, սրա տեղապահ Սուլէյմանը (788-790) եւ բիւզանդական կայսր Կոնստանտին 6-րդը (770-797), հետեւաբար արտագաղթը եւ Համշէնի հայկական իշխանութեան ստեղծումը կարելի է թուագրել 789 կամ 790 թուականներով` կաթողիկոս Եսայի Եղիպատրուշեցու մահուանից յետոյ(մահացել է 788 թ.):

Չնայած արտագաղթի գլխաւոր կազմակերպիչը Շապուհ Ամատունին էր, սակայն Համշէնի, աւելի ճիշտ` Համամաշէնի անունը կապւում է նրա որդի Համամի անուան հետ: Այս իրադարձութիւններից մէկ կամ երկու դար յետոյ ձեւաւորուած քաոսային պատմական աւանդոյթը վկայում է, որ Համամ Ամատունին նախապէս հիմնաւորւում է Տամբուր քաղաքում, որը հետագայում գրաւում է պարսիկների հետ համագործակցող (պէտք է հասկանալ` արաբների) վրաց իշխան Վաշդեանը, իսկ նրան դաւաճանութեան մէջ մեղադրող Համամ իշխանը ձերբակալւում է եւ անդամահատւում (հատում են նրա ձեռքերն ու ոտքերը)2: Այս իրադարձութիւններից յետոյ վրաց իշխանի կողմից աւերուած Տամբուրի տեղում Համամ իշխանը կառուցում է նոր քաղաք եւ իր անունով անուանակոչում Համամաշէն3, որը դարերի ընթացքում ընդունում է Համշէն կամ Հեմշին ձեւը: Դատելով տարբեր աղբիւրներից` Սեւ ծովի անտառածածկ ափերից հարաւ ընկած տարածքները գրեթէ բնակեցուած չէին, ինչը հայ վերաբնակներին հնարաւորութիւն տուեց համեմատաբար հեշտ հիմնաւորուել այժմեան Համշէնի շրջանում, թէեւ տեղացի հայերի եւ եկուորների միջեւ ընդհարումները չեն բացառւում: Մեր կարծիքով համշէնահայերի թեւաւոր ասացուածքը, թէ աշխարհի արարումից ի վեր Համշէնը մարդ չէր տեսել4, հաստատում է մեր վարկածն այն մասին, որ հայ վերաբնակները հիմնաւորուել են անմարդաբնակ կամ քիչ բնակեցուած տարածքներում: Վերածուելով բաւականին հզօր իշխանութեան` յետագայ դարերում Հայաստանից, յատկապէս Բարձր Հայքից եկող նոր վերաբնակների համար Համշէնը դառնում է ապաստան:

Համշէնը շրջակայ տարածքներով արտաքին աշխարհից կտրուած, մեկուսացած, ստուերոտ ու խոնաւ երկրամաս է: 13-րդ դարի հայ պատմիչ Հեթումը, որը եղել է Համշէնում, արձանագրել է այդ իւրայատկութիւնները, նաեւ տեղեկացնում է, որ երկրամասը գործնականում զուրկ է ճանապարհներից5: Նոյնը նշում է իսպանացի դիւանագէտ եւ ճանապարհորդ Ռուի Գոնզալես դը Կլավիխոն, որը Իսպանիա է վերադարձել Համշէնով. նա իր աշխատութեան մէջ արժէքաւոր վկայութիւններ է պահպանել երկրամասի եւ նրա բնակչութեան պատմութեան ու բարքերի մասին6: Երկրամասի տեղադրութեան, նրա աշխարհագրական եւ կլիմայական պայմանների, ճանապարհների եւ այլ հանգամանքների մասին արժէքաւոր տուեալներ կարելի է գտնել նաեւ հայ եւ օտարերկրացի հեղինակների աշխատութիւններում (Կ. Կոխ, Ս. Հայկունի, Պ. Թումայեանց եւ այլք):

Այն մասին, թէ նախապէս որտեղ են հիմնաւորուել 12 հազար վերաբնակները, ոչինչ յայտնի չէ: Ցաւօք, միջին դարերը, բացի Համամաշէնի մասին յիշատակութիւնից, այլ տեղեկութիւններ չեն պահպանել: Մենք ընդամէնը գիտենք, որ 15-րդ դարում Համշէնի իշխանութիւնը հարաւից սահմանակից էր Սպերին` Արեւելապոնտական լեռնաշղթային: Քիչ թէ շատ հանգամանալից տեղեկութիւններ ունենք սկսած 19-րդ դարից: Ըստ գերմանացի գիտնական Կ. Կոխի` Համշենի երկրամասը կիսանկախ տարածք էր` վոյեվոդի իշխանութեան ներքոյ: Համշէնի սանջակի մէջ, բացի բուն Համշէնից, որը զբաղեցնում է կենտրոնական դիրք, մտնում էր երեք ձորապետութիւն, որոնց կենտրոններն էին` Ջեմիլ գիւղը` Կալապոտամոս գետի ակունքների մօտ, Օրթաքէօյը` Մապավրա գետի ափին, եւ Մարմանդ գիւղը` ոչ հեռու առափնեայ Աթինա քաղաքից7: Առաւել հանգամանալից են ազգագրագէտ Ս. Հայկունու տեղեկութիւնները: Ըստ նրա` Համշէնի երկրամասը գտնւում է Սպերի եւ Ռիզէի միջեւ եւ ընդգրկում է երկու գետերի եւ նրանց վտակների հովիտները` շրջապատուած հսկայական անտառածածկ լեռներով: Ջեմիլ գետը թափւում է Կալապոտամոս գետը: Բուն Համշէնն սկսւում է Էթ-փարա գիւղից, որը գտնւում էր Ռիզէից 24 ժամուայ ոտքի ճանապարհի հեռաւորութեան վրայ: Մապավրա գետը թափւում է Սեւ ծովը, իսկ Վերին Կալէ գետը` Աթինայից ոչ հեռու Սեւ ծովը թափուող Ֆորտունա գետը: Կ. Կոխի տուեալներով այն ժամանակ Համշէնի բնակչութիւնը կազմում էր մօտ 8000 մարդ:

Ընդհանուր գծերով ծանօթանանք Համշէնի իշխանութեան պատմութեանը: Տեղեկութիւնների իսպառ բացակայութեան պատճառով անհնար է ճշտել, թէ Ամատունի իշխանները Համշէնում ինչքան ժամանակ են իշխել: Համաձայն արաբական աղբիւրների` Տրապիզոնը յարակից տարածքներով մտնում էր հայ Բագրատունիների տէրութեան կազմի մէջ. հետեւաբար` առնուազն 9-րդ դարի վերջերին ու 10-րդ դարի սկզբներին Համշէնի իշխանութիւնը հանդիսանում էր Հայկական թագաւորութեան տարածք: Մինչեւ 19-րդ դարի վերջերը պահպանուած աւանդութիւնն ասում է, որ Գրիգոր եւ Մարտիրոս իշխանները սերում էին արքայական տոհմից: Իշխան Մարտիրոսը իր որդի Արտաշէնի համար խնդրում է իշխան Գրիգորի դստեր ձեռքը: Գրիգորը հրաժարւում է դստերը կնութեան տալ Արտաշէնին, սակայն Մարտիրոսը յաղթում է Գրիգորին եւ նրա աղջկան ամուսնացնում իր որդու հետ: Համշէնի մեծ գետի բարձրադիր ակունքների մօտ Մարտիրոսը կառուցում է մեծ ամրոց, որը մինչեւ 19-րդ դարի վերջը կոչւում էր Արտաշէն8: Մեկնելով այն հանգամանքից, որ Մարտիրոսն ու Գրիգորը սերում էին արքայական տոհմից, եւ հաշուի առնելով, որ այդ դարաշրջանում վերոնշեալ տարածքում իշխում էին Բագրատունիները, կարելի է ենթադրել, որ նրանք Բագրատունիներ էին կամ նրանց հետ կապուած էին խնամիական կապերով:

13-րդ դարի սկզբներին Համշէնի իշխանութիւնը յայտնւում է խաչակիրների 4-րդ արշաւանքից յետոյ ստեղծուած Տրապիզոնի կայսրութեան կազմում` կիսանկախ տարածքի կարգավիճակով: Երբ 1223 թ. բախուեցին Կոնիայի սուլթանութիւնն ու Տրապիզոնի կայսրութիւնը, համշէնահայերը կամ, ըստ աղբիւրների տեղեկութեան, Խաղտիքի եւ Մացուկա մարզի բնակիչները սոսկալի հարուած հասցրին թշնամուն` գերի վերցնելով բազմաթիւ զինուորների եւ նժոյգներ: Նկատի ունենալով նաեւ Խաղտիքի յիշատակութիւնը` պէտք է ընդունել, որ հակառակորդին ջախջախիչ պարտութեան մատնելու մէջ մասնակցել են ոչ միայն Համշէնի, այլեւ Ճորոխ գետի աւազանի հայերը:

Սկսած 14-րդ դարի 60-ական թուականներից` Ճորոխ գետի միջին հոսանքներում ձեւաւորւում է Բաբերդի կամ Բայբուրդի էմիրութիւնը, որը, հնարաւոր է, Համշէնի իշխանութեան հետ միասին եղել է նախ` Ջելաիրների, ապա` Թեմուրի գերագոյն իշխանութեան ներքոյ:

15-րդ դարի սկզբներից Համշէնի իշխանութիւնը յիշատակւում է Առաքել (Arraquiel) անուան հետ: Դէպի հայրենիք ճանապարհին իսպանացի դիւանագէտ Կլավիխոն հիւրընկալւում է Սպերի մուսուլման էմիրի կողմից եւ այստեղից ուղեւորւում Առաքելի երկիրը` որը այդպէս էր կոչւում իշխան Առաքելի անունով: Կլավիխոն գանգատւում է, որ Առաքելի բնակիչները, որ հայ քրիստոնեաներ էին, նրանց չէին ցանկանում թոյլ տալ անցնել երկրով` առանց տուրք վճարելու: Առաքելի ենթակայութիւնը Սպերի էմիրին զուտ անուանական բնոյթ էր կրում, որովհետեւ Սպերի էմիրի կողմից յարգանքով ընդունուած Կլավիխոն ստիպուած է եղել Առաքելի երկրով անցնելու համար տուրք վճարել:

Դեռեւս մինչեւ 1422 թ. Համշէնի իշխանութիւնը յայտնւում է այլ տիրակալի իշխանութեան տակ` դարձեալ Առաքել անունով9: 1425 թ. Համշէնի պարոնը կամ իշխանը Դաւիթն էր` հաւանաբար վերոնշեալ Առաքելի որդին: Նա իշխել է հայոց Պօղոս կաթողիկոսի օրօք` Իսկանդար-բեկ Կարա-Կոյունլուի թագաւորութեան շրջանում: Այդ մասին յիշատակարան է գրուել Համշէնի երկրամասի Կոշտենց վանքում10: Կարա-կոյունլուների պետութեան հզօրացման պայմաններում, չնայած երկրամասի դժուար անցանելիութեանը, Համշէնը ձեռք է բերում որոշակի կարեւորութիւն` Տրապիզոնի կայսրութեան եւ Կար-կոյունլուների պետութեան միջեւ առեւտրում: Խոջա Շամշադինը, որը շահագրգռուած էր այդ առեւտրի մէջ, 1431 թ. վերակառուցում է Տրապիզոնի Չարխափան հայկական եկեղեցին, իսկ մէկ տարի անց հայաբնակ Կաֆա (Թեոդոսիա) քաղաքից ոչ հեռու գտնուող Անտոնի վանքում պատուիրում Ն. Շնորհալու բանաստեղծութիւնների ձեռագիրը11: Պահպանուել է Խոջա Շամշադինի նամակը Համշէնի Դաւիթ իշխանին, որտեղ նրան յորդորում է բաւարարուել սահմանուած տուրքերով եւ չձգտել աւելիին, ապահովել ապրանքների անվտանգութիւնը, նաեւ դիմել Սպերի էմիրին` խնդրելով հետեւել այդ սկզբունքներին: Դժուար չէ համոզուել, որ Դաւիթ իշխանը Իսկանդարի թագաւորութեան տարիներին մեծ հեղինակութիւն ունէր եւ ի վիճակի էր յորդորելու հարեւան Սպերի էմիրին: 1440 թ. Դաւիթ իշխանը իր որդի Վարդի հետ դեռեւս կառավարում էր Համշէնը: Այդ մասին տեղեկութիւններ է պարունակում Խուժիկ վանքում գրուած յիշատակարանը:

Երկու տասնամեակ անց Համշէնի իշխանութիւնը յայտնւում է ծանր կացութեան մէջ: Վարդի անչափահաս որդի Վեկէն (հնարաւոր է` Վիգէն) պարտութիւն է կրում ոմն Շահալիից, գերեվարւում է եւ յանձնւում շէյխ Հայդար Սեւեվիին (1456-1488): Լ. Խաչիկեանի կարծիքով վերոնշեալ Շահալին, ամենայն հաւանականութեամբ, Բայբուրդլու ցեղի առաջնորդն էր12: Սակայն իշխանութիւնը չի վերանում: Երկիրը սկսում է կառավարել հաւանաբար Վեկէնի եղբայր Դաւիթ իշխանը:

1489 թ. Համշէնի իշխանութիւնը կամ Առաքելը դադարեց գոյութիւն ունենալուց: Դաւիթի իշխանութեան տարիներին Համշէն-Սպերի գավառը դեռեւս գտնւում էր Եակուբի` Ակ-կոյունլուների շահի իշխանութեան ներքոյ, սակայն օսմանեան թուրքերը աստիճանաբար ընդարձակում են իրենց տիրոյթները եւ 1489 թ., գուցէ եւ մի փոքր շուտ, նուաճում են Համշէնի իշխանութիւնը:

Ամենայն հաւանականութեամբ Համշէնի իշխանական տոհմից էր սերում յայտնի գիտնական-մանկավարժ Յովհաննէս Համշէնցին, քանի որ գործընկերներն ու աշակերտները նրան անուանում են պարոնորդի կամ թագաւորական տոհմից: Այս վկայութիւնը մէկ անգամ եւս հաստատում է, որ առնուազն 9-րդ դարից սկսած Համշէնի իշխանութիւնը կառավարում էին կամ Բագրատունիները, կամ նրանց հետ խնամիական կապեր ունեցող Համշէնի Ամատունի իշխանները: Յովհաննէս Համշէնցին Գրիգոր Տաթեւացու աշակերտն էր եւ փայլուն կրթութիւն էր ստացել Տաթեւի համալսարանում: Ձեռնադրումից յետոյ նա հաստատւում է Երզնկա քաղաքից ոչ հեռու գտնուող Աւագ վանքում: Յայտնի րաբունապետի մօտ են հաւաքւում աշակերտներ Հաղպատից, Տարօնից, Դարանաղից, Սեբաստիայից, Տիվրիկից, Տրապիզոնից, Ղրիմից եւ այլ վայրերից: 1489 թ. նրա գլխաւորած համալսարանը տեղափոխւում է Ս. Յակոբի կամ Կապոսի վանքը: Համալսարանի ռեկտոր րաբունապետ Յովհաննէսը վախճանուել է 1497 թ.:

Աւագ վանքը եւ Կապոսի վանքը գտնուել են Համշէնի իշխանութեան տարածքից դուրս, սակայն 15-16-րդ դարերում այնտեղ նոյնպէս կային վանքեր եւ գրչութեան կենտրոններ: Ըստ Ոսկեանի` Համշէնի սահմաններում կար երեք վանք` Խաչեքարի, Ս. Խաչիկ հօր եւ Վարշամակի կամ Վարսամբեկի վանքերը: Սակայն յայտնի եւ նոր տուեալների հիման վրայ Լ. Խաչիկեանը յանգեց այն եզրակացութեանը, որ դրանք նոյնն են: Խաչեքարի վանքը գտնւում էր Եղնովիտ գիւղում: Այդ վանքում է ստեղծագործել Կարապետ երեցը:

Խաչեքարի վանքը Համշէնի միակ վանական համալիրը չէր: 15-րդ դարի կէսերին այնտեղ յիշատակւում են նաեւ Կոշտենց եւ Խուժկա կամ Խուժիկ վանքերը, թէեւ դրանց մասին Ոսկեանը տուեալներ չունի: Անկասկած Համշէնում ստեղծուել են տասնեակ կամ հարիւրաւոր ձեռագրեր, որոնց մեծ մասը ոչնչացուել է նուաճողների կողմից կամ պարզապէս ծանօթ չէ գիտական աշխարհին: Հայ մշակոյթի բազմաթիւ համշէնահայ ներկայացուցիչներ ստեղծագործել են պատմական Հայաստանի տարբեր վանքերում: Յայտնի են Յովհաննէս եպիսկոպոս համշէնցին, Յակոբ համշէնցին, Մովսէս վարդապէտը եւ այլք:

Համշէնահայերի համար ողբերգական հետեւանք ունեցաւ բնակչութեան զգալի թուի բռնի իսլամացումը: Ս. Հայկունին բանահիւսութեան հենքի վրայ վերականգնել է Կարա-դերէի հայութեան իսլամացման գործընթացը, որը նրա կարծիքով տեղի է ունեցել 1708-1710 թթ.: Հետեւաբար բուն Համշէնի բռնի իսլամացումը, որը տեղի է ունեցել տասնամեակներ առաջ, կարող էր կատարուած լինել 17-րդ դարում: Համաձայն Պ. Թումայեանցի` ցաւօք այսօր անարդար կերպով մոռացութեան մատնուած հետազօտողի` Կարա-դերէի հայերը այստեղ են վերաբնակուել Սպերից, Բաբերդից եւ, մասամբ, Համշէնից` մօտ 170-180 տարի առաջ` խուսափելով բռնի իսլամացումից: Իսլամացումից յետոյ ուժեղացաւ հալածանքը Կարա-դերէի այն բնակիչների նկատմամբ, որոնք չուրացան հաւատը, եւ հազարաւոր հայեր, զրկուելով ամէն ինչից, փախան Տրապիզոնի, Օրդուի, Չարշամբայի, Սինոպի եւ, անգամ, Ադաբազարի գիւղերն ու քաղաքները13: Ըստ Լ. Խաչիկեանի ճշտած տուեալների` բուն Համշէնի բնակչութեան իսլամացումը տեղի է ունեցել 1690-1700 թթ., իսկ Կարա-դերէի հայութեան իսլամացումը` 1780 թ.: Մօտաւորապէս նոյն ժամանակաշրջանում էլ իրականացուել է Ճորոխ գետի հովտում բնակուող համշէնահայերի` այսպէս կոչուած` խոպա-հեմշիլների իսլամացումը: Իսլամացումն իրականացուեց միայն հայ բնակչութեան հերոսական դիմադրութեան ճնշումից յետոյ, որը տեւեց տասնամեակներ: Դեռեւս 19-րդ դարի սկզբներին Հ. Բժշկեանը նկատում է, որ համշէնցիները կէս-կէս են, այսինքն` լինելով մուսուլմաններ` գաղտնի հետեւում են քրիստոնէական դաւանանքին: Այսպիսին էին նաեւ Կարա-դերէի հայերը: Կէս – կէս լինելու արտայայտութիւն էին նաեւ կրկնակի անունները. Ալի-Սարգիս Կարապետ-օղլի, Մահմուդ – Յովհաննէս օղլի եւ այլն: Իսլամը յաղթանակեց միայն 19-րդ դարի վերջին տասնամեակներին: Ըստ Պ. Թումայեանցի` 19-րդ դարի վերջին միայն Եղնովիտ գիւղում պահպանուել էր 20 քրիստոնեայ ընտանիք:

Իսլամ ընդունած քրիստոնեաները սովորաբար իրենց անուանում էին մուսուլմաններ կամ օսմանցիներ, սակայն համշէնահայերը, անգամ իսլամացումից յետոյ, պահպանեցին իրենց լեզուն` հայոց լեզուի Համշէնի բարբառը, նաեւ բանահիւսութիւնն ու գետերի, ձորերի, լեռների անունները, իրենց անուանում էին հեմշիններ: Համշէնցիները առ այսօր ընտանիքում խօսում են իրենց բարբառով: Ջ. Դիւմեզիլը 1962 թ. մի համշէնցի ուսանողից գրի առաւ երեք հեքիաթ` Համշէնի բարբառով: Այժմ էլ համշէնցիները աչքի են ընկնում խիզախութեամբ, արդարամտութեամբ, անկաշառութեամբ, անկեղծութեամբ եւ ամուսնական կապեր չեն հաստատում օտարների հետ: Իրենց անուանելով հեմշիններ` նրանք ընդգծում են ոչ այնքան իրենց հայրենի երկիրը, որքան հայկական ծագումը: 19-րդ դարի վերջերին նրանց թիւը մօտ 16 հազար էր: Հր. Աճառեանի տվյալներով մինչեւ հայոց ցեղասպանութիւնը Թուրքիայում բնակւում էր 20 հազար քրիստոնեայ համշէնցի եւ մօտ նոյնքան էլ մուսուլման համշէնցի: Այսօր, անշուշտ, վերջիններս զգալիօրէն շատ են: Նրանք բնակւում են Ֆորտունա գետի եւ նրա վտակների հովտում, նաեւ` Կարա-դերէի հովտում: Խոփա – հեմշինները բնակւում են Խոփայի շրջանում` լազերի բնակավայրերից հարաւ: Սակայն համշէնցիներ կան նաեւ լազերի գիւղերում, որոնք ապրում են մեկուսացած կեանքով:

Աշխարհագրական պայմանների, մշակովի հողերի անբաւարարութեան պատճառով համշէնցիները դեռեւս վաղ ժամանակներում տարածուել են Սեւ ծովի ափերին` ստեղծելով նոր բնակավայրեր: Նոր հողերում հաստատուելիս նրանք յաճախ ընդհարւում էին յոյների եւ լազերի հետ: Այդ ընդհարումներն իրենց արտայայտութիւնն էին գտնում ժողովրդական բանահիւսութեան մէջ, սակայն ժողովրդական զրոյցները, ցաւօք, չէին գրի առնւում: Հայ բնակչութեան արտագաղթը Համշէնից յատկապէս ուժեղացաւ հայութեան բռնի իսլամացման տարիներին: Այդ ժամանակ նրանք, ինչպէս վերեւում նշուեց, տարածուեցին Սեւ ծովի ողջ հարաւային ափով մէկ: Հր. Աճառեանի տուեալներով ցեղասպանութիւնից առաջ Տրապիզոնում կար 800 հայ ընտանիք, Դեիրմեն-դերէից մինչեւ Եամբոլի գետը` 2340 մարդ, Սիւրմենէում` 100 ընտանիք, Ախչեբադում` 4000 մարդ, Տրիպոլիում` 40 ընտանիք, Կերասունտում` 400 մարդ, Ջանիկում` 2000 ընտանիք: Համշէնցի վերաբնակները հաստատուել էին նոյնիսկ Իզմիթում (Նիկոմեդիա):

Քրիստոնեայ համշէնահայութիւնը հայոց ցեղասպանութեան ժամանակ դարձաւ թուրք վանդալների զոհը: Բացառուած չէ, որ նրա մի մասը ընդունել է իսլամը եւ առ այսօր բնակւում է Թուրքիայի տարբեր վայրերում` պահպանելով իր բարբառն ու սովորոյթները:

Շատ համշէնահայեր գաղթեցին Ղրիմ եւ Սեւ ծովի կովկասեան ափերը: Վստահ կարելի է ասել, որ 14-րդ դարից սկսած Ղրիմի թերակղզին համշէնցի վերաբնակների համար եղել է սիրուած վայր: Դա են ապացուցում Ղրիմի հայերի բարբառի հետքերը նորնախիջեւանցի հայերի բարբառի մէջ, որը մի քանի պարամետրերովզարմանալի կերպով յիշեցնում է Համշէնի բարբառը: Համշէնահայերը Ղրիմի միջոցով կապեր էին հաստատում նաեւ հիւսիսային երկրների հետ` մինչեւ Էստոնիա:

Սկսած 19-րդ դարի 60-ական թթ., բայց առաւել զանգուածաբար` 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից յետոյ համշէնահայերն սկսեցին վերաբնակուել Սեւ ծովի հիւսիսարեւելեան ափերում եւ հաստատուեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Շապշուղում, Նոր Աֆոնում եւ այլ բնակավայրերում: Հետագայում նրանք տարածուեցին Կուբանի եւ Եկատերինոդարի ուղղութիւններով` հիմնելով նոր բնակավայրեր: Սեւ ծովի ռուսական ափի զարգացումը նշանակալի չափով պայմանաւորուած է հայութեան ներհոսքով: Հայերը առանձնայատուկ դերակատարութիւն ունեցան Սեւ ծովի ռուսական ափերին ծխախոտագործութեան զարգացման մէջ: Հայերի ջանքերի շնորհիւ տարածաշրջանում աշխուժացաւ տնտեսական կեանքը, չորացուեցին դարաւոր ճահիճները, շատ անտառային զանգուածներ վերածուեցին հարուստ ագարակների: Տուեալ տարածաշրջանում հայերի նուաճումների մասին սկսեցին խօսել այն ժամանակ, երբ նրանք ընդամէնը 15 հազար էին: Նրանց թիւը աւելացաւ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի տարիներին եւ հայոց ցեղասպանութեան շրջանում: 1944 թ. համշէնահայերի թիւը 60 հազար էր, իսկ այժմ ամենահամեստ հաշուարկներով անց է 140, գուցէեւ` 150 հազարից, թէեւ վերջին ողբերգական իրադարձութիւններից յետոյ նրանց զգալի մասը վերաբնակուեց Ռուսաստանի Դաշնութեան ներքին շրջաններում: Անհամեմատ մեծ է Թուրքիայի իսլամացած համշէնցիների թիւը. ամենայն հաւանականութեամբ այն նուազագոյնը 200 հազար է: Ճիշդ քարոզչութեան դէպքում, օգտագործելով հեռուստատեսութիւնը, ռադիօն, զանգուածային լրատուութեան այլ միջոցներ, մեր կարծիքով նրանց մեծ մասին կարելի է վերադարձնել հայ ժողովրդի հարազատ գիրկը:

Ծանօթագրութիւններ

1. Պատմութիւն Ղեւոնդայ Մեծի վարդապետի հայոց, Ս. Պետերբուրգ, 1877, գլ. 42, էջ 168-169:
2. Յովհան Մամիկոնեան, Պատմութիւն Տարօնոյ, Երեւան, 1941, էջ 284:
3. Նոյն տեղում, էջ 285:
4. Ս. Հայկունի, Համշէն, տե՜ս ՙԱրարատ՚, 1895, էջ 297:
5. Հեթում պատմիչ թաթարաց, Վենետիկ, 1842, էջ 15:
6. Рюи Гонзалес де Клавихо. Дневник путешествия ко двору Тимура в Самарканде в 1403 – 1406 гг. СПБ, 1881, с. 382-384:
7. Dr. K. Koch Wanderungen im riente Wahrend der Jahr 1843 und 1844, II, Reise in Pontishen Gebirge und Turkisch-Armenien, Weimar, 1846, s. 22-25.
8. Ս. Հայկունի, Համշէն, տե՜ս ՙԱրարատ՚, 1895, էջ 295-297:
9. ԺԷ. դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ, մասն Ա., Երեւան, 1955, էջ 365:
10. Նոյն տեղում, էջ 365:
11. Լ. Խաչիկեան, էջեր համշէնահայ պատմութիւնից, տե՜ս ՙԲանբեր Երեւանի
համալսարանի՚, 1969, թիւ 2, էջ 127:
12. Նոյն տեղում, էջ 128:
13. П. Тумянц, Армяне Понта, см. ՙԼումա՚, 1899, II, с.175-177.

Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007

Համշէնցիները, Պոնտոսը Եւ Հայաստանը 1914-1921 թթ.

June 3, 2012

Ռիչարդ ԳՅովհաննիսեան

Հայոց եւ Մերձաւոր Արեւելքի

պատմութեան պրոֆեսոր, Կալիֆորնիա

1914-1921 թթ. ընկած ժամանակահատուածը վճռորոշ նշանակութիւն ունեցաւ Պոնտոսի Ճորոխ գետի հովտից Տրապիզոն, Գիւմուշխանէ եւ Սամսուն ընկած տարածքի համշէնահայ բնակչութեան համար: Համշէնի բնակչութիւնը կրօնափոխ էր եղել` ընդունելով մահմեդականութիւնը դեռ մի քանի սերունդ առաջ, մինչդեռ նրանց համշէնցի քրիստոնեայ հայրենակիցների մեծ մասը պահպանել էր իր կրօնը` գաղթելով Համշէնի իրենց հայրենի բարձրաւանդակներից եւ Ղարա-դերէից (Սեւ գետ, Սիւրմենէի մոտ) դէպի արեւմուտք, ուր բազում գիւղեր էր հիմնել Տրապիզոնի, Օրդուի եւ Չարշամբայի շրջակայքում: 1915-ի ցեղասպանութեան ժամանակ, որն իրականացւում էր առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, հեմշինլիները չենթարկուեցին տեղահանութեան եւ կոտորածների, մինչդեռ համշէնցիները արժանացան միեւնոյն բախտին, ինչ Օսմանեան կայսրութեան ամբողջ տարածքի հայութիւնը: Հեմշինլի առաջնորդները որոշ վայրերում փորձում էին աջակցել համշէնցիներին, եւ մի քանի վկայութիւնների համաձայն` ոմանք նոյնիսկ միացան հայ ֆեդայիներին` փորձելով դիմադրութիւն ցոյց տալ թուրքական զինուած ուժերին: Երբ Օսմանեան կայսրութիւնը պարտուեց դաշնակից պետութիւններից, եւ երիտթուրքերը 1918 թ. հոկտեմբերին փախան արտասահման, լուրջ հարցեր ծագեցին Պոնտոսի շրջանի եւ նրա չափազանց խառն էթնոկրօնական բնակչութեան ապագայի վերաբերեալ:

 

Տրապիզոնի վիլայէթը եւ Ջանիկի սանջակը

Վարչական առումով սեւծովեան մերձափնեայ շրջանը Լազիստանից մինչեւ Տիրեբոլի եւ դէպի ցամաքի խորքը` Դվեվեզլիկ ու Գիւմուշխանէ, միաւորուած էին Տրապիզոնի վիլայէթի կազմում 1864-ին, իսկ արեւմուտք ընկած մերձափնեայ տարածքը միաւորուած էր որպէս Ջանիկի սանջակ (գաւառ), որի կենտրոնն էր նաւահանգստային Սամսուն քաղաքը: Այս երկար ու նեղ միջանցքում քսաներորդ դարագլխին կային մօտ 60000 համշէնցիներ եւ այլ քրիստոնեայ հայեր: Տրապիզոնում եւ մերձակայքում ապրում էին շուրջ 15000, Գիւմուշխանէում` 2500, Տիրեբոլիում` 800, Գիրասունում` 1500, Օրդուում` 5000, Ունիէում` 2000, Սամսունում` 10000 եւ այլն: Համշէնցիների լեզուն եւ աւանդոյթները պահպանուել էին հիմնականում գիւղական վայրերում, ուր բնակիչները հազիւ էին ապրուստ վաստակում: Չնայած ամէն գիւղում մի համեստ եկեղեցի կամ մատուռ կար, դպրոցներ չկային մինչեւ 19-րդ դարի վերջը: Առափնեայ քաղաքները, ուր հայ բնակչութեան միայն մի մասն էր ծագումով համշէնցի, աւելի բարեկեցիկ եւ առաջացած վիճակում էին: Տրապիզոնի առաջին հայկական դպրոցը բացուել էր 19-րդ դարի սկզբներին, եւ առաջին տպագիր մամուլը երեւաց 1850-ականներին: Այս տարածքում յայտնուեցին նաեւ հայ կաթոլիկ եւ բողոքական համայնքներ, թէեւ ոչ առանց սուր բախումի առաքելական եկեղեցու հետ:

 

Հայերն էական դեր էին խաղում շրջանի տնտեսական կեանքում: Տրապիզոնի առեւտրի եւ արհեստների բոլոր ճիւղերը գտնւում էին հայերի ձեռքում, իսկ Սամսունում ծխախոտի եւ ալիւրի արտադրութիւնը գրեթէ հայկական մենաշնորհ էր: Քանի որ Տրապիզոնն ու Սամսունը հայկական գաւառների` Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Ամասիայի, Թոխաթի եւ Սեբաստիայի, ինչպէս նաեւ Իրան գնացող եւ եկող քարաւանների նաւահանգիստ էին, ապա այստեղ միջնորդ գործակալները, բանկիրներն ու օտարերկրեայ ձեռնարկութիւնների թարգմանիչները նոյնպէս հայեր էին:

19-րդ դարի իրար յաջորդող ռե‎ֆ‎որմների եւ ռեպրեսիաների շրջանն իր գագաթնակէտին հասաւ 1890-ականներին: Կառավարութիւնն ամրապնդող եւ կայսրութիւնը փրկող բարեփոխումներ իրականացնելու փոխարէն, ինչպէս որոշուած էր 1878 թ. Սան Ստե‎ֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերով, Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն դիմեց խաբէութեան եւ արիւնահեղութեան: Իր հերթին այս իրավիճակն սկիզբ դրեց այնպիսի հայ ինքնապաշտպանութեան միութիւնների ստեղծմանը, ինչպիսիք էին Հնչակեան կուսակցութիւնը (1887) եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (1890), որոնք միտուած էին խորը սոցիալտնտեսական եւ քաղաքական փոփոխութիւններ իրականացնելու Օսմանեան կայսրութիւնում` յատկապէս հնարաւոր դարձնելու համար հայ ժողովրդի անհատական եւ հաւաքական զարգացումը: 1894 թ., երբ Սասունի կոտորածներից յետոյ եւրոպական իշխանութիւնների կողմից ճնշման ենթարկուելով, սուլթանը բարեփոխման դեկրետ հրապարակեց, նա նաեւ ուզեց հայերին դաս տալ: Եւրոպացիներին բարեփոխումների ծրագիրն ընդունելու իր որոշման մասին յայտնելու հետ գրեթէ միաժամանակ` 1895 թ. հոկտեմբերին, Տրապիզոնում սկսուեցին կոտորածները եւ հետագայ շաբաթներին ու ամիսներին տարածուեցին ծովափով Ռիզէից դէպի Սամսուն եւ դէպի հարիւրաւոր հայաբնակ գիւղեր ու քաղաքներ` Հայկական բարձրաւանդակով մէկ: Ամէնուր յարձակւում էին հայ բնակչութեան վրայ, տղամարդկանց սպանում էին, թալանում հիմնարկները, այրում խանութները` հայերին թողնելով թշուառ վիճակում:

 

Տրապիզոնի բրիտանական հիւպատոսի զեկոյցը նկարագրեց խուժանի վայրագութիւնները, որ սկսուեցին 1895 թ. հոկտեմբերի 8-ին շեփորի ձայնով. ՙՈչինչ չկասկածող մարդիկ, որոնք անց ու դարձ էին անում փողոցներում, դաժանօրէն գնդակահարուեցին: Իրենց խանութի դռանը հանգիստ նստած տղամարդիկ գլխին կամ սրտին ուղղուած գնդակի հարուածով վայրկենապէս վայր ընկան… Ոմանց մահու աստիճան խոցեցին սրերով… Հինգ ժամ շարունակ տեւեց ահաւոր անմարդկային սպանդը… Այնուհետեւ հրաձգութեան ձայները մարեցին, եւ սկսուեց թալանը: Շուկայում իւրաքանչիւր հայի խանութ այրուեց, եւ այս ստոր եւ դաժան պատերազմի յաղթանակողները վայելում էին իրենց աւարը: Ժամեր շարունակ կտորեղէնի, բամբակեղէնի հակերը եւ ամէն տեսակ ապրանք փողոցներով անկաշկանդ տեղափոխւում էր դէպի թալանչիների տները: Ակնյայտօրէն նպատակ կար սնանկացնել եւ, որքան հնարաւոր է, շատ հայերի դուրս մղել այս քաղաքից: Ոստիկանութիւնն ու զինուորները, ինչպէս երեւում էր, բացայայտօրէն աջակցում էին այս վայրենութեանը: Նրանք խառնուել էին զինուած մարդկանց, եւ մենք տեսնում էինք, որ դոյզն իսկ ջանք չէին գործադրում` սաստելու նրանց՚:

 

Առաջին համաշխարհային պատերազմ

Չնայած այս հարուածին` համշէնցիները լաւատեսութեան մի նոր փուլ մտան եւ կրկին աշխուժացրին կրթական, քաղաքական եւ մշակութային կեանքը` որպէս հետեւանք 1908 թ. երիտթուրքերի յեղափոխութեան` իր ՙԱզատութիւն, հաւասարութիւն, արդարութիւն՚ կարգախօսով: Բայց այս մթնոլորտը երկար չտեւեց: Շուտով յեղափոխութիւնը ձախողուեց, եւ Իթթիհադ վէ Թերաքի (Միութիւն եւ Առաջադիմութիւն) կոմիտէի ծայրայեղ շովինիստական թեւը զաւթեց իշխանութիւնը 1913 թ. սկզբներին: Այնուհանդերձ, 1914 թ. փետրուարին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի աջակցութեամբ, թուրքական կառավարութեանը պարտադրեց վերջին ռեֆորմի մի պլան: Այդ ռեֆորմի ծրագրային դրոյթներից էր հայկական երկու մեծ նահանգների ստեղծումը եւրոպական վերահսկիչներով` անհրաժեշտ փոփոխութիւնները գործադրելու համար: Այդ որոշման համաձայն` Տրապիզոնի վիլայէթը միաւորուելու էր Սվազի եւ Էրզրումի վիլայէթների հետ եւ կազմելու էր երկու հսկայական նահանգներից մէկը` այսպիսով ամրապնդելով Պոնտոսի եւ Հայկական բարձրաւանդակի կապը: Երկրորդ նահանգը բաղկացած էր Խարբերդի, Դիարբեքիրի, Բիթլիսի եւ Վանի վիլայէթներից: Սակայն 1914 թ. ամռանը Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով եւ Թուրքիայի` դրանից մի քանի ամիս անց որպէս Գերմանական կայսրութեան դաշնակից պատերազմի մէջ մտնելով ի դերեւ ելան օրինական ռեֆորմների վերջին յոյսերը` ապահովելու հայերի կեանքն ու ունեցուածքը Օսմանեան կայսրութիւնում: Էնվերի, Թալեաթի եւ Ջեմալի ղեկավարած երիտթուրքերի կառավարութիւնը անմիջապէս չեղեալ յայտարարեց ռեֆորմի նախագիծը եւ պատրաստուեց Հայկական Հարցը լուծել հայ բնակչութեան վերացման միջոցով:

1915 թ. ապրիլին Տրապիզոնում զէնք թաքցնելու պատրուակով ձերբակալուեցին հասարակութեան մի շարք ականաւոր դէմքեր: Այնուհետեւ` յունիսի 11-ին, 40-ից աւելի հայ ղեկավարներ ուղարկուեցին դէպի Սամսուն` իբր թէ դատուելու նպատակով, բայց ճանապարհին սպաննուեցին: Երկու շաբաթ անց` յունիսի 26-ին, կառավարութիւնը հրապարակեց Տրապիզոնի հայերի տեղահանութեան պաշտօնական յայտարարութիւնը: Այս որոշումը փոխելու կամ առնուազն դրա գործադրումը յետաձգելու բոլոր դիմումներն ու խնդրանքները ապարդիւն էին: Պոնտոսի կործանումն սկսուեց: Իտալական հիւպատոս Գոռինին գրում էր, որ հրամանները գալիս էին կենտրոնական կառավարութիւնից, եւ որ այս փաստը բազմիցս հաստատուած է. ՙՀիւպատոսութիւնը միջամտում եւ փորձում էր գոնէ կանանց եւ երեխաներին փրկել: Փաստօրէն մենք ապահովեցինք մի ամբողջ շարք զիջումներ, բայց դրանք չգործադրուեցին, քանի որ կային ՙՄիութիւն եւ Առաջադիմութիւն՚ կոմիտէի մասնաճիւղի միջամտութիւնը եւ Կոստանդնուպոլսից եկող նորանոր հրամանները՚:

 

Յուլիսի 1-ին առաջին քարաւանը դուրս եկաւ քաղաքից, ապա յաջորդեցին երկրորդը եւ երրորդը յուլիսի 3-ին եւ 5-ին: Յուլիսի վերջին Տրապիզոնից արտագաղթած հայերի թիւը կազմում էր 10000: Դժբախտների մի մասը բարձուեց նաւերը եւ ջրասոյզ արուեց ծովում, իսկ մեծ մասը ոտքով շարժուեց լեռներով դէպի Գիւմուշխանէ: Նման բախտի արժանացան Տրապիզոնի վիլայէթի եւ Ջանիկ սանջակի բոլոր հայկական քաղաքների եւ գիւղերի բնակիչները` բացառութեամբ տղամարդկանց մի փոքրաթիւ խմբի, որը թաքնուեց լեռներում:

 

Հայ գաղթականների ողբալի պատկերը անջնջելի տպաւորութիւն էր թողել իտալական հիւպատոս Գոռինիի վրայ. ՙԵս ոչ քնում էի, ոչ ուտում, տառապում էի նեարդային լարումից ու նողկանքից: Այնքան ահաւոր էր այս անպաշտպան եւ անմեղ արարածների մեծաքանակ բնաջնջումը տեսնելու տառապանքը:

 

Հայ աքսորեալների խմբերը անցնում էին հիւպատոսարանի դռների եւ պատուհանների մօտով, նրանք օգնութիւն էին խնդրում, բայց ոչ ես, ոչ որեւէ այլ ոք չէր կարող որեւէ բան անել` ի պատասխան նրանց. քաղաքը պաշարուած էր. ամէն քայլափոխին հսկում էին կատարելապէս սպառազինուած 15 հազարանոց զօրքը, հազարաւոր ոստիկանական գործակալները, հրոսակախմբերը եւ ՙՄիութիւն եւ Առաջադիմութիւն՚ կոմիտէի անդամները: Ողբն ու արցունքները, ինքնասպանութիւններն ու սարսափից վայրկենապէս վրայ հասած մահը, անակնկալ խելագարուածները, հրդեհները, զոհերի գնդակահարութիւնը, տների եւ այգիների վայրագ խուզարկութիւնները, աքսորի ճանապարհին ամէն օր հարիւրաւոր դիակները, ուժով կրօնափոխուած կամ միւսների նման աքսորուող երիտասարդ կանայք, իրենց ընտանիքներից կամ քրիստոնէական դպրոցներից բռնի պոկուած եւ մուսուլմանական ընտանիքներին յանձնուած երեխաներ, կամ այնպիսիք, որոնք հարիւրներով լցւում էին նաւերը` բոբիկ ու մի շապիկով` տարւում խեղդուելու Սեւ ծովում կամ Դեյիրմէն Դերէ գետում… Ահա սրանք են Տրապիզոնի իմ վերջին անջնջելի յիշողութիւնները: Յիշողութիւններ, որոնցից անգամ մէկ ամիս անց տառապում է հոգիս, եւ թւում է, թէ խելագարւում եմ՚:

 

Անտանտի տէրութիւնների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) գաղտնի համաձայնագիրը Օսմանեան կայսրութեան հետագայ ճակատագրի վերաբերեալ նախատեսում էր, որ Ռուսաստանին է անցնելու Հայկական բարձրաւանդակի արեւելեան կէսը եւ Տրապիզոնի նահանգի մեծ մասը: 1916 թ. գարնանը ռուսական բանակի մուտքը դէպի այս շրջանները յանգեցրեց Վանի, Մուշի, Էրզրումի ու Երզնկայի նուաճմանը. միաժամանակ ապրիլ ամսին գեներալ Լեախովի զօրագնդերը մտան Ռիզէ, Սիւրմենէ, Օֆ եւ Տրապիզոն: Դրանից յետոյ հայ ֆեդայիները ի վիճակի եղան իջնելու լեռներից եւ մուսուլմանական տներից դուրս բերելու բազմաթիւ կանանց եւ երեխաների: Այս աշխատանքներին աջակցում էին Ռուսաստանի եւ Կովկասի հայկական բարեգործական միութիւնները: Փրկուածներն ի վերջոյ հասնում էին նաւահանգստային քաղաքներ, որոնք ընկած էին Բաթումի եւ Սոչիի միջեւ կամ Ղրիմի թերակղզում: Այս ընթացքում որոշ հեմշինլի առաջնորդներ մեծ հետաքրքրութիւն էին ցուցաբերում իրենց հայ համշէնական արմատներին վերադառնալու նկատմամբ, եւ եթէ այդ շրջանը մնար Ռուսաստանի ազդեցութեան տակ, ապա հաւանաբար հեմշինլիները կրկին կը դառնային քրիստոնեայ համշէնցիներ:

 

1917 թ. ռուսական յեղափոխութիւնների հետեւանքով եւ ռուսական զօրքի` կովկասեան ճակատի լքումով իրավիճակը կտրուկ փոխուեց: Թի‎ֆլիսում, այսպէս կոչուած, Անդրկովկասեան կոմիսարիատի եւ սէյմի փորձերը` պահպանել Տրապիզոնի եւ Լազիստանի դիրքերը, ինչպէս նաեւ Էրզրումի, Բիթլիսի ու Վանի գրաւուած տարածքները, յաջողութիւն չունեցան: Վրացական ու հայկական փոքրաթիւ ուժերը, որոնք փորձում էին պահպանել ռուսական բանակի թողած ճանապարհները, հաւասար չէին թուրքական զինուած ուժերին: 1918 թ. փետրուարի վերջին, երբ Սովետական Ռուսաստանը Գերմանիայի եւ նրա դաշնակիցների հետ խաղաղութեան բանակցութիւններ էր վարում, թուրքական բանակը վերագրաւեց Տրապիզոնը: Այնուհետեւ Սովնարկոմը Օսմանեան կայսրութեանը զիջեց ամբողջ Արեւմտեան Հայաստանը` Կարսի, Արդահանի եւ Բաթումի հետ միասին` համաձայն 1918 թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագրի: Մինչ թուրքական բանակը կը հասնէր Բաթում, ուրիշ զօրագնդեր ետ նուաճեցին ամբողջ Արեւմտեան Հայաստանը, մտան Կարսի մարզ եւ Թիֆլիսի ու Երեւանի նահանգների արեւմտեան շրջաններ:

 

Միայն Հայկական այս կորուստների գնով թուրքական կառավարութիւնը համաձայնեց ճանաչել փոքրիկ Հայաստանի Հանրապետութիւնը, որը կազմաւորուեց Երեւանի շուրջ 1918 թ. մայիսին: Այդ փխրուն պետութիւնը իր գոյութիւնը պահպանեց ծայրայեղ խախուտ պայմաններում, մինչեւ որ Օսմանեան եւ Գերմանական կայսրութիւնների պարտութիւնը Անտանտի ուժերից նրան շնչելու հնարաւորութիւն տուեց: Երբ թուրքական զօրքերը ետ քաշուեցին Անդրկովկասից, Հայաստանի Հանրապետութեան տարածքի մէջ մտան ամբողջ Երեւանի նահանգը եւ Կարսի մարզի մեծ մասը:

 

Հայաստանի Հանրապետութիւնը եւ Պոնտոսը

Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակիցների յաղթանակը նոր հեռանկարներ բացեց հայ ժողովրդի համար: Դաշնակից ղեկավարները հայ ժողովրդի վերականգնման ու վերակենդանացման բազմաթիւ խոստումներ էին տուել ու հաստատել, որ հայերը այլեւս երբեք չեն ենթարկուի թուրքական բռնակալութեանը: Ամբողջ աշխարհով մէկ հայերը հաւատացին, որ դաշնակիցների յայտարարութիւնները հայերի համար ապահովում են անկախ կամ ինքնավար պետութիւն եւ թոյլ են տալիս միաւորել Արեւմտեան Հայաստանի վեց նահանգները` Վանը, Բիթլիսը, Դիարբեքիրը, Էրզրումը, Խարբերդը եւ Սեբաստիան, հաւանաբար նաեւ Կիլիկիան` իր միջերկրածովեան նաւահանգիստներով:

 

Երբ Երեւանի կառավարութիւնը պատրաստւում էր Աւետիս Ահարոնեանին ուղարկել` Փարիզի Խաղաղութեան վեհաժողովին ներկայացնելու հայկական պահանջները, Հայաստանի Խորհուրդն այդ պահանջները ձեւակերպեց որպէս Արեւելահայաստանի (Ռուսահայաստանի) եւ Արեւմտահայաստանի (Տաճկահայաստանի) միաւորում` ելքով դէպի Սեւ ծով: Չնայած հայերը Պոնտոսի շրջանում փոքրամասնութիւն էին կազմում, տնտեսական նկատառումներով հիմնաւորւում էր նաեւ դրա միացումը նոր Հայկական Հանրապետութեանը:

 

Հայկական պահանջների հետ մրցակցում էր Վրացական Հանրապետութիւնը, որը յայտարարեց, որ Տրապիզոնի վիլայէթի արեւելեան կէսը` Լազիստանը, բնակեցուած է վրացիներով, որոնք բռնի կրօնափոխ եղած վրացիներ էին եւ այժմ պէտք է միացուէին իրենց հարազատ հայրենիքին: Աւելի լուրջ առարկութիւն էր եւ այն, որ պոնտական յոյների մեծ մասը, որոնք թուով գերակշռում էին հայերին, չէին կամենում ենթարկուել որեւէ հայկական իշխանութեան: Նրանց առաջնորդը` արքեպիսկոպոս Քրիզանթոսը, դիմեց Փարիզի Խաղաղութեան վեհաժողովին` առանձին Եւքսինեան Պոնտոսի պետութեան ստեղծման խնդրանքով: Սակայն իրականում այնտեղ բնակչութեան մեծամասնութիւնը ո՜չ հայեր էին, ո՜չ յոյներ, այլ` մուսուլմաններ, թէեւ այդ մուսուլմանական բնակչութիւնը բաժանուած էր լազերի, հեմշինլիների, թուրքերի, քրդերի եւ այլ էթնոլեզուական խմբերի:

 

Երբ Հայաստանի ներկայացուցիչներ Աւետիս Ահարոնեանը եւ Պօղոս Նուբարը (վերջինս ներկայացնում էր արեւմտահայերին) 1919 թ. փետրուարին Փարիզում կանգնեցին դաշնակից պետութիւնների գլուխների առջեւ, նրանք պահանջեցին Տրապիզոնի պարգեւումը Հայաստանին այն նոյն հիմնաւորումով, որով Բալթիկ ծով տանող Դանցիգի անցքը տրւում էր նորաստեղծ Լեհական պետութեանը: Նրանք խրախուսուած էին այն բանով, որ Յունաստանի վարչապետ Էլեւթերիոս Վենիզելոսը յայտարարել էր, թէ Յունաստանը Տրապիզոնի նկատմամբ յաւակնութիւններ չունի, որով ընդունում էր, որ այդ տարածքով Հայաստանը պէտք է ապահովի իր տնտեսական կենսունակութիւնը: Իր հերթին Վենիզելոսը բաւարարուած էր հայերի հաւաստիացումներով այն մասին, որ Պոնտոսի շրջանին կը տրուի հնարաւորինս լայն ինքնավարութիւն:

 

Չնայած հայկական յաւակնութիւնները յետադարձ հայեացքով կարող են թուալ խիստ անիրապաշտ, յատկապէս այն բանից յետոյ, երբ Պօղոս Նուբարի պնդումով Ահարոնեանը համաձայնուեց ծաւալել հայկական պահանջը` Կիլիկիան միաւորելու վերաբերեալ, այս երազանքը փաստօրէն համապատասխանում էր ամերիկեան եւ բրիտանական` խաղաղութեան գաղտնի նախնական ծրագրերին: Բրիտանական կառավարութեան Արեւելքի գործերի կոմիտէն, որը ղեկավարում էր արտաքին գործոց նախարար լորդ Ջ.Ն. Կուրզոնը, կրում էր Օսմանեան կայսրութեան հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու խորհրդատուութեան պատասխանատուութիւնը:

 

Կոմիտէն կողմնակից էր Փոքր Ասիայում պահպանել մի Թուրքական պետութիւն` առաջարկելով, սակայն, որ այդ երկիրը չտարածուի աւելի արեւելք, քան սեւծովեան Սամսունից դէպի միջերկրածովեան Սելեվկիա ձգուող գիծը: Իսկ Գիրասուն-Սուազ-Մերսինա գծից արեւելք ընկած խառն բնակչութիւն ունեցող տարածքները պէտք է անջատուեն եւ ստանան իրենց պատմական անունը` Հայաստան: Նախատեսւում էր, որ Հայկական պետութեան արեւմտեան սահմանը պէտք է դուրս գայ Սեւ ծով` Տրապիզոնի եւ Տիրեբոլուի նաւահանգիստների միջեւ: Յուշագրին կցուած քարտէզում Հայաստանը ձգւում էր Օրդուից Տաւրոս լեռների վրայով մինչեւ Միջերկրական ծովի կիլիկիան ափը: Արեւելքի գործերի կոմիտէն այնուհետեւ առաջարկեց, որ Տրապիզոնը, Բաթումը, Փոթին եւ անգամ Բաքուն պէտք է վերածել ազատ նաւահանգստային գօտիների:

Փարիզի խաղաղութեան վեհաժողովի ամերիկեան պատուիրակութեան Արեւմտեան Ասիայի բաժանմունքը նոյնպէս խորհուրդ էր տալիս Հայաստանը անջատել ապագայ մնացորդ Թուրքական պետութիւնից, որի արեւելեան սահմանը Անդրտաւրոս լեռները պէտք է լինէին: Այդ բաժանմունքը, որը գլխաւորում էր պրոֆեսոր Վիլյամ Լ. Վեստերմանը, նաեւ նշում էր, որ Հայաստանի անդրկովկասեան շրջանները պէտք է միանան Օսմանեան կայսրութեան հայկական նահանգներին: Այդ նոր պետութեան արեւմտեան եւ հարաւային սահմանները արդէն իսկ որոշուած էին բնութեամբ` Անդրտաւրոսի եւ Տաւրոսի լեռնաշղթաներով: Այսպիսով` Հայաստանը տարածւում էր Կիլիկիայից դէպի Տրապիզոնի շրջակայքը, Կարս, Ախալցխա, Ախալքալաք եւ Երեւան: Նշւում էր, որ ահռելի կոտորածների եւ տեղահանութեան, ինչպէս նաեւ հայերի նկատմամբ պատմական անարդարութեան ֆոնի վրայ ինքնորոշման սկզբունքի լիբերալ մեկնաբանութիւն պէտք է կիրառել այս դէպքում: Հայաստանը պէտք է դրուէր Ազգերի լիգայի կողմից մանդատատէր երկրի պաշտպանութեան ներքոյ:

 

Աւելի ուշ` 1919 թ. ամռանը, ամերիկեան Քինգ Քրէյն կոմիսիան Կոստանդնուպոլիս, Կիլիկիա եւ Սիրիա-Լիբանան-Պաղեստին այցելելուց յետոյ մտահոգութիւն յայտնեց, որ հայերի չափազանցուած յաւակնութիւնները խախտում են մեծամասնութեան սկզբունքը: Կոմիսիան առաջարկեց, որ ի շահ հէնց հայերի` նրանց պետութիւնը պէտք է սահմանափակուի Ռուսահայաստանով եւ Արեւելեան վիլայէթների այն մասով, որը ռուսական բանակը գրաւել էր 1916 թ.: Սա նշանակում էր, որ անգամ այսպիսի աւելի փոքր հայկական պետութիւնը այնուհանդերձ պէտք է ներառէր համշէնցի-հեմշինլիների տարածքները մինչեւ Տրապիզոն քաղաքն ու նաւահանգիստը:

 

Դաշնակիցների նահանջը

Հայաստանի ապագային վերաբերուող բոլոր ծրագրերի իրականացումը եւ ելքը դէպի ծով կախուած էին դաշնակիցների վճռականութիւնից ու կարողութիւնից, որը պէտք էր թուրքական զինուած ուժերը հանելու համար այն տարածքից, ուր նրանք շարունակում էին տիրապետել: Եւ, որ աւելի կարեւոր էր, առաջին համաշխարհային պատերազմից յետոյ թուրքական ղեկավարութեանը պատած ֆատալիզմին ու յոռետոսութեանը եկել էր յաջորդելու Մուստաֆա Քեմալ փաշայի` ռազմատենչ առաջնորդի` թուրք ժողովրդին ներշնչած նոր կեանքը: Կամքի եւ խորամանկութեան իր բացառիկ ունակութեամբ նա կարողացաւ կազմակերպել այնպիսի դիմադրութիւն, որի հիմնական նպատակն էր արգելել հայերին եւ յոյներին որեւէ տերիտորիալ զիջում անելը: 1919 թ. ամռանը Էրզրումի եւ Սուազի մուսուլմանական աւագանու հաւաքներին Քեմալը պնդում էր, որ Թուրքական պետութեան բնական սահմանները ներառում են բոլոր արեւելեան նահանգները եւ ամբողջ Տրապիզոնի վիլայէթը: Թուրք նացիոնալիստները մերժում էին իրենց թուրքական հայրենիքի մասնատմանն ուղղուած դաշնակից պետութիւնների բոլոր փորձերը:

 

Դաշնակից պետութիւնների միջեւ լարուած մրցակցութիւնը եւ քեմալիստական շարժումը ջախջախելու համար զինուած ուժեր տրամադրելու դժկամութիւնը 1919 թ. աւարտին յանգեցրեց Հայկական Հարցի վերաբերեալ նահանջին: Դաշնակիցներին ուղղուած հայերի բոլոր դիմումները` զինաթափել թուրքական բանակը արեւելեան նահանգներում եւ ջարդերից փրկուած աքսորեալներին հայրենիք վերադարձնել, դրական արդիւնքներ չունեցան: Աւելին` պարզ դարձաւ, որ Միացեալ Նահանգները չի ընդունում հայկական մանդատը եւ անգամ չի կամենում մասնակցել Թուրքիայի հետ խաղաղութեան պայմանագրի մշակմանը: Ամերիկացիները շրջուեցին Եւրոպայից եւ մտան ՙերջանիկ մեկուսացման՚ շրջան: Պրեզիդենտ Վուդրօ Վիլսոնը չկարողացաւ ամերիկեան կոնգրէսին համոզել` ընդունել հայկական մանդատը կամ գոնէ վաւերացնել Գերմանիայի հետ Վերսալի պայմանագիրը: Վերջինս ստորագրուեց 1919 թ. յունիսին եւ ներառում էր Ազգերի լիգայի կոնվենցիան` նախկին գաղութային նոր պետութիւնների նկատմամբ զարգացած պետութիւնների կողմից պրոտեկտորատների կամ մանդատների սահմանմամբ հանդերձ:

 

Զրկուելով Միացեալ Նահանգների մասնակցութիւնից` բրիտանական, ֆրանսիական եւ իտալական ղեկավարները որդեգրեցին մի քաղաղաքականութիւն, որով փորձում էին խաղաղեցնել ինչպէս Կոստանդնուպոլսի պաշտօնական թուրքական կառավարութեանը, այնպէս էլ քեմալիստների ընդդիմադիր կառավարութեանը Անգորայում (Անկարա): Նրանք ետ կանգնեցին թուրքերին Կոստանդնուպոլսից եւ վերջին Եւրոպական տերիտորիաներից արտաքսելու նախնական մտադրութիւնից եւ ընդունեցին, որ Կիլիկիայի շրջանը մնայ թուրքական տիրապետութեան ներքոյ: Որոշուեց նաեւ կրճատել Հայաստանի սահմանները` ընդգրկելով Անդրկովկասում առկայ հայկական պետութեան տարածքները եւ Տաճկահայաստանի նախկին նահանգների արեւելեան մասը: 1920 թ. սկզբին, Բրիտանիայի ատաքին գործերի նախարար Կուրզոնի բառերով ասած, պարզ էր, որ Հայաստանը պէտք է լինի պարփակ, եւ հարցը այժմ այդ պարփակ պետութեան համեմատական մեծ կամ փոքր լինելն է:

 

Լոնդոնում 1920 թ. փետրուարեան խորհրդակցութիւններին Կուրզոնն ընդունեց, որ Միջերկրական ծով դուրս եկող Մեծ Հայաստանի գաղափարը այլեւս հնարաւոր չէր: Այժմ քննարկւում էր այն հարցը, թէ արդեօք Էրզրում բերդաքաղաքն ու Տրապիզոնի նաւահանգիստը պէ՞տք է պատկանեն Հայաստանին: Նա տրամադրուած էր Հայաստանին Լազիստանով ելք տալ դէպի ծով, թէեւ այնտեղի բնակչութեան մեծ մասը վրացական մուսուլմաններ էին: Ենթադրւում էր, որ Բաթումը պէտք է լինէր ազատ նաւահանգիստ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Բերտելոն առաջարկեց, որ Հայաստանը հետեւի Շուէյցարիայի օրինակին` ապահովելով երկաթուղային կապ եւ առեւտրական արտօնութիւններ` սեւծովեան մի նաւահանգստից օգտուելու համար:

 

Բրիտանական կառավարութեան ներքին յուշագրերից պարզւում է, որ արտգործնախարարութիւնը հաւանութիւն էր տալիս Տրապիզոնը Հայաստանին միացնելու առաջարկին: Վ.Ս. Չայլդը դա բացատրում է հետեւեալ կերպ. ՙՏրապիզոնն ունենալով իր կազմում` Հայկական պետութիւնը կը դառնայ պարփակ, ամբողջական, անկախ տնտեսական միաւոր, որի շահերն ու համակրանքը ուղղուած կը լինեն դէպի մեզ: Այն պետութեան համար եկամուտի աճող աղբիւր կը դառնայ: Այն կը նպաստի ազգային գիտացութեան ամրապնդմանը, ինչպէս եւ Բաթումի կամ այլ օտարերկրեայ նաւահանգստի նկատմամբ ոչ մի պայմանագրային իրաւունք չի կարող ապահովել… Հայաստանը ո՜չ ազգագրական, ո՜չ պատմական յաւակնութիւններ չունի Տրապիզոնի ծովային ելքի նկատմամբ, եւ այս շրջանի միացումը հիմնաւորւում է միայն տնտեսական նպատակայարմարութեամբ: Բայց ես վստահ եմ, որ այս նպատակայարմարութիւնը մեծ է, եւ որ Տրապիզոնի նման քաղաք ունենալը (աշխարհագրօրէն այն Հայաստանի բնական նաւահանգիստն է) աւելին կÿանի այդ պետութեան կայունութեան, միասնականութեան եւ բարգաւաճման համար, քան ցանկացած այլ տերիտորիայի միացումը՚:

 

Որպէսզի այս եւ յարակից հարցերը ուսումնասիրուեն եւ առաջարկներ ներկայացուեն, Լոնդոնի կոնֆերանսը որոշեց ստեղծել, այսպէս կոչուած, Հայաստանի յանձնաժողով: Ահարոնեանի, Նուբարի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցութիւններից եւ հարցազրոյցներից յետոյ յանձնաժողովը փետրուարի վերջին ներկայացրեց իր առաջարկութիւնները: Որքան էլ որ ցանկալի լինի Տրապիզոնը տեսնել Հայաստանի կազմում, նման լուծումը իրատեսական չէ, որովհետեւ հայերին այնպէս հիմնաւոր էին բնաջնջել, որ նրանք հազիւ թէ ի վիճակի լինէին նորից բնակեցնել բոլոր տարածքները: Ռազմավարական առումով Տրապիզոնի միացումը Հայաստանին կÿօգնէր ապահովել Հայկական բարձրաւանդակի մատոյցը եւ կը հեշտացնէր նրա պաշտպանութիւնը: Սակայն քաղաքական եւ ազգագրական նկատառումներից ելնելով` դա հնարաւոր չէր անել: Հայաստանին յատկացուող տերիտորիան պէտք է բաւականաչափ փոքր լինէր, որպէսզի կարճ ժամանակում հայերը այնտեղ կարողանային մեծամասնութիւն կազմել: Ապահովութեան համար թուրքերին մնացող հողերը Տրապիզոնի եւ Տիրեբոլու միջեւ պէտք է ապառազմականացուէին, եւ Տրապիզոնի բոլոր ամրոցները պէտք է վերացուէին: Այսպիսով` Հայաստանի սահմանը ձգուելու էր Տրապիզոնի եւ Էրզրումի վիլայէթների սահմանագծի Պոնտական լեռներից հարաւ` դէպի Բայբուրտ, Մուշ, Սասուն, Բիթլիս եւ Վան: Դէպի ծով ելք ունենալու Հայաստանի պահանջը պէտք է բաւարարուէր նրան Ճորոխ գետի հովտի միջով` Կարս-Արդահան-Արդուին գծով երկաթուղի կամ մայրուղի կառուցելու իրաւունք տալու միջոցով: Իսկ Բաթումը պէտք է լինէր միջազգային ազատ գօտի: Հնարաւոր էր նաեւ, որ Լազիստանը անուանապէս կը միանար Հայաստանին` որպէս ինքնավար մարզ: Նշւում էր, որ լազերը չեն համակրում վրացիներին եւ կը գերադասէին հնարաւորինս ազատ կարգավիճակ ունենալ: Այսպիսի լուծումը Հայաստանին հնարաւորութիւն կը տար օգտուել Բայբուրտից Ռիզէ եւ Օֆ փոքր նաւահանգիստները տանող ճանապարհներից: Ի լրացումն այս ամէնի` Հայաստանը կÿօգտուէր Էրզրումից ու Բայբուրտից դէպի Տրապիզոն յատուկ տրանզիտային արտօնութիւններից` այդ նաւահանգստում ներմուծման եւ արտահանման երաշխաւորուած տրանզիտի իրաւունք ունենալով:

 

Ամերիկեան գործօնը

Չնայած Միացեալ Նահանգները հրաժարուեց խաղաղարարական գործընթացից, այդուհանդերձ շարունակում էր պրոհայկական լոբբիի ճնշման ներքոյ եւրոպական դաշնակիցներից պահանջել` որքան հնարաւոր է առատաձեռն լինել նորաստեղծ հայկական պետութեան հանդէպ: 1920 թ. մարտին, երբ Սենատը երկրորդ անգամ հրաժարուեց վաւերացնել Վերսալի պայմանագիրը, պետքարտուղար Բէյնբրիջ Կոլբին կոչ արեց ճանաչել հայ ժողովրդի օրինական պահանջները եւ ՙմասնաւորապէս նրան ազատ եւ անարգել ելք տալ դէպի ծով՚: Նա նշում էր, որ միայն Լազիստանի նկատմամբ տրուող յատուկ իրաւունքները Հայաստանին չեն ապահովի այդպիսի ելք: Հաշուի առնելով, որ Տրապիզոնը միշտ էլ եղել է Հայաստանով անցնող առեւտրական ուղիների մեկնակէտը, եւ որ վարչապետ Վենիզելոսը պոնտական յոյների անունից նախընտրել է միացումը Հայաստանին, քան Թուրքիային, Միացեալ Նահանգները պնդում է, որ եւրոպական դաշնակիցները Տրապիզոնը տան Հայաստանին:

 

1920 թ. Ապրիլին, երբ իտալական Սան Ռեմօ հանգստավայրում դաշնակիցները շարունակում էին իրենց քննարկումները, նրանք Վաշինգտոնին պատասխանեցին, որ խորապէս կիսում են անկախ Հայկական պետութիւն ստեղծելու զգացմունքները եւ կամենում են Հայաստանին տալ իր կարիքներին եւ հետագայ բարգաւաճմանն անհրաժեշտ պահանջուած տարածքները: Բայց քանի որ Միացեալ Նահանգները չէր կարող օժանդակել թուրքական բանակների հեռացմանը եւ ապահովել Հայաստանի անվտանգութիւնը, Հայաստանի նորաստեղծ պետութեան համար շահեկան չէր շատ մեծ տերիտորիա ունենալը: Առաւելագոյնը հայերին դէպի ծով ելք կը տրուէր Բաթումով, ինչպէս նաեւ Լազիստանը (Տրապիզոնից արեւելք) Հայաստանին միացնելու միջոցով եւ Տրապիզոնի նաւահանգստում տրանզիտային իրաւունքներ եւ արտօնութիւններ ունենալով:

 

Դաշնակիցների` Սան Ռեմոյի խորհրդակցութիւնների ժամանակ բրիտանական արտաքին գործերի եւ ռազմական նախարարութիւնների միջեւ մեծ տարաձայնութիւններ առաջ եկան. Լորդ Քերզոնը կողմնակից էր Էրզրումը Հայաստանին տալուն, իսկ ռազմական նախարար Վինստոն Չերչիլը դէմ էր դրան: Էրզրումը կամ Տրապիզոնը Հայաստանին տալու հետեւանքների պատասխանատուութիւնից խուսափելու համար, խորամանկօրէն խուսանաւելով, պրեմիեր մինիստր Լլոյդ Ջորջը 1920 թ. ապրիլի 24-ին կրկին որոշեց դիմել ԱՄՆ նախագահ Վիլսոնին` չորս արեւելեան վիլայէթներում` Տրապիզոնում, Էրզրումում, Բիթլիսում եւ Վանում Հայաստանի սահմանների որոշման հարցում դատաւորի դերում հանդէս գալու խնդրանքով: Օսմանեան կայսրութեան հետ յառաջիկայ խաղաղութեան դաշնագրում Թուրքական պետութիւնը պարտաւորւում էր կանխաւ համաձայնել այդ չորս վիլայէթներում ԱՄՆ-ի ցանկացած սահմանաբաժանմանը:

 

Որքան էլ որ զարմանալի թուայ, նախագահ Վիլսոնը մայիսի 17-ին ընդունեց դաշնակիցների հրաւէրը: Պետդեպարտամենտին մի քանի շաբաթ էր անհրաժեշտ, որպէսզի հարցի ուսումնասիրութեան եւ առաջարկութիւնների համար փորձագէտների խումբ ստեղծի: 1920 թ. օգոստոսի 10-ին սուլթանական կառավարութեան թուրք պատուիրակութիւնը հրաւիրուեց Փարիզ` ստորագրելու Սեւրի պայմանագիրը, որի 89 յօդուածը սահմանների մասին ասում էր. “Թուրքիան եւ Հայաստանը, ինչպէս նաեւ պայմանագիրն ստորագրած բոլոր պետութիւնները, համաձայնում են Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի վճռին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Էրզրում, Տրապիզոն, Վան եւ Բիթլիս վիլայէթներում սահմանների որոշման հարցում եւ ընդունում են վերոյիշեալի շուրջ նրա իւրաքանչիւր որոշում, ինչպէս նաեւ ընդունում են Հայաստանի` դէպի ծով ելքի եւ նշուած սահմաններին յարող ցանկացած թուրքական տերիտորիայի ապառազմականացման վերաբերեալ նրա կարգադրութիւնը”:

 

Այդ միջոցին Վիլեամ Վեստերմանի գլխաւորած ամերիկեան մասնագէտների խումբ կատարում էր նախագահի յանձնարարութեանը եւ իր զեկոյցը ներկայացրեց պետդեպարտամենտին 1920 թ. սեպտեմբերի 28-ին (Սեւրի համաձայնագրի ստորագրումից վեց շաբաթ անց): Յանձնաժողովը բացատրում էր, որ առաջարկութիւնների ձեւակերպման համար հաշուի են առնուել աշխարհագրական, տնտեսական եւ ժողովրդագրական նկատառումները: Հայերի համար նախատեսուած տերիտորիան պահանջածի կէսից պակաս էր, սակայն վերջին ամիսների իրադարձութիւնները յանգեցրել էին այդ ուղղումներին: Ինչ վերաբերում էր Հայաստանի` դէպի ծով ելք ունենալուն, ապա յանձնաժողովը մի քանի հնարաւորութիւն էր քննել. Ճորոխ գետի հովտով Բաթում տանող ճանապարհը առեւտրական ուղի էր բացում միայն նախկին ռուսական կայսրութեան կազմում եղած շրջանների համար, մի բան, որ խնդրայարոյց էր այդ երկրում քաղաքական անկայունութեան պատճառով: Արեւմուտքում` Լազիստանի ափի երկայնքով, երկու փոքր նաւահանգիստներ կային` Օ‎ֆ եւ Ռիզէ, որոնք, սակայն, դաժան կլիմայական պայմաններում էին գտնւում եւ այնքան վատ կայանատեղեր ունէին, որ որոշակի ամիսների բեռնափոխադրումները դադարեցւում էին, չկային նաեւ երկրի խորքերը տանող համապատասխան ճանապարհներ: Նկատի ունենալով նախագահ Վիլսոնի տրամադրութիւնը` յանձնաժողովը յանգեց այն եզրակացութեան, որ դէպի ծով ելք ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանին տալ Տրապիզոնը, չնայած որ հայերը էթնիկական գերակշռութիւն չունէին ո՜չ քաղաքում, ո՜չ վիլայէթում: Տնտեսական պահանջը ՙբացարձակ եւ վճռորոշ էր՚: Քանի որ Տրապիզոնի նաւահանգստից ուղիղ Բայբուրտ եւ Էրզրում տանող քարաւանային ուղու երկայնքով երկաթուղու կառուցման ցանկացած ծրագիր անյաղթահարելի դժուարութիւնների էր հանդիպելու, անհրաժեշտ էր մինչեւ Տիրեբոլի ձգուող Խարշուտ գետի հովիտը միացնել Հայաստանին` որպէս ծովը հայկական լեռնաշխարհին կապող միակ կենսական ուղի: Թուրքական եւ պոնտական յոյների յաւակնութիւններն այս տարածքների նկատմամբ ՙպէտք է համարուեն որպէս երկրորդական երեք վիլայէթների` Վանի, Բիթլիսի, Էրզրումի քուրդ, թուրք եւ հայ բնակչութեան շահերի նկատմամբ՚: Այդ պատճառով Տրապիզոնն ու Տիրեբոլին պէտք է տրուեն Հայաստանին եւ ապառազմականացուեն թուրքական կողմից սահմանամերձ գօտու ստեղծման միջոցով:

 

Յանձնաժողովի առաջարկած սահմանների վերջնական տարբերակը Հայաստանին էր թողնում Տրապիզոնի եւ Էրզրումի վիլայէթների մեծ մասը` ներառեալ Էրզրում քաղաքը, ինչպէս նաեւ Վանի եւ Բիթլիսի վիլայէթների երկու երրորդը: Հայաստանի սահմանը սկսւում էր Տիրեբոլի եւ Գիրասոնի միջեւ, Պոնտական լեռներով բարձրանում էր դէպի Գիւմուշխանէից արեւմուտք եւ Շապին-Գարահիսարից արեւելք ընկած Քելքիդ գետի ակունքը, այսպիսով` Տրապիզոնից արեւմուտք գտնուող Խարշուտ գետի հովիտը մտնում էր Հայաստանի հանրապետութեան մէջ, ուստի հարկ չէր լինում մտածել Հայաստանի համար նաւահանգստային եւ տրանզիտային յատուկ արտօնութիւններ ստեղծելու մասին, քանի որ այժմ այն ծովային ելք էր ունենալու Տրապիզոնի եւ Լազիստանի այլ նաւահանգիստների միջոցով:

 

Արդիւնքը

Թէեւ պետական դեպարտամենտը 1920 թ. սեպտեմբերի վերջին ստացաւ զեկոյցը, պրեզիդենտ Վիլսոնին եւս երկու ամիս պէտք եղաւ, որպէսզի թելադրանքները հասցնի դաշնակիցներին: Այդ ընթացքում պարզ դարձաւ, որ դաշնակիցները չեն իրագործելու ո՜չ այս յանձնարարականները, ո՜չ էլ Սեւրի պայմանագրի բազմաթիւ այլ բաժիններ: Հայերի համար դառն հեգնանք դարձաւ այն փաստը, որ հէնց Տրապիզոնի եւ Լազիստանի փոքր նաւահանգիստների վրայով էր, որ Մուստաֆա Քեմալը ստացաւ Սովետական Ռուսաստանի քաջալերանքը, ապա նաեւ` սովետական զէնքի եւ դրամի օգնութիւնն ընդդէմ համընդհանուր իմպերիալիստական թշնամիների:

 

1920 թ. ամռանը Բեքիր Սամի Բէյի գլխաւորած պատուիրակութիւնը ժամանեց Մոսկուա, որպէսզի ստանայ Սովնարկոմի աջակցութիւնը եւ պայմանագրեր կնքի նրա հետ: Օգտուելով այն նախապատրաստական աշխատանքից, որ կատարել էին փախստական երիտթուրքերը` Էնվեր եւ Ջեմալ փաշաները, Բեքիր Սամին բարեյաջող կերպով բանակցեց սովետա-թուրքական պայմանագրի նախագծի շուրջ, որը ստորագրուեց օգոստոսի 24-ին: Պայմանագրի առաջին յօդուածը երկու կողմերին պարտաւորեցնում էր չճանաչել իրենցից որեւէ մէկին պարտադրուած որեւէ պայմանագիր կամ թելադրանք: Ռուսաստանը, մասնաւորապէս, ճանաչում էր Անկարայի ազգային կառավարութիւնը` որպէս Թուրքիայի միակ ներկայացուցիչ, եւ պարտաւորւում էր այդ իշխանութեան կողմից չվաւերացուած ցանկացած միջազգային ուժամիջոց անօրինական համարել, ինչպէս, օրինակ, Սեւրի պայմանագիրը: Նախագիծը, սովետական ռազմական եւ ֆինանսական օժանդակութեան վերաբերեալ գաղտնի յաւելումների հետ մէկտեղ, Տուապսէից Լազիստան ուղարկուեց պատուիրակութեան անդամ Ալի Քեմալ Բէյի միջոցով: Վերջինս Սեպտեմբերի կէսերին համաձայնագրի պայմանները հեռագրեց Անգորայում գտնուող Մուստաֆա Քեմալին եւ վստահեցրեց, որ Ռուսաստանը չի միջամտի, եթէ գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութեան դէմ թուրքական ռազմական գործողութիւններ սկսուեն:

 

Միայն այս բարեբաստիկ լուրերը իմանալուց յետոյ էր, որ Քեմալը գեներալ Քեազիմ Քարաբեքիրի տասնհինգերորդ կորպուսի զօրագնդերին հրամայեց մտնել Կարս եւ ջարդել հայկական բանակը` որպէս Սեւրի պայմանագրի եւ դրա յաւակնութիւններին ուղղուած ազդեցիկ պատասխան: 1920 թուականի սեպտեմբերի վերջից նոյեմբեր տուած կարճատեւ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Եւրոպայի հայասէր շրջանակները աղերսում էին, որպէսզի դաշնակիցները կամ յունական ուժերը ծովային դեսանտ իջեցնեն` Տրապիզոնի թուրքական առաջխաղացումը կանգնեցնելու համար: Թէեւ այսպիսի կոչեր հնչում էին Ազգերի լիգայի սրահներում եւ յայտնւում որոշ արեւմտեան լրագրերում, որեւէ գործուն քայլ չձեռնարկուեց, եւ պարտուած հայկական կառավարութիւնը այլ ելք չունէր, քան իշխանութիւնը սովետներին յանձնելու միջոցով եղածը փրկելը` ստորագրելով, թէեւ այժմ անօրինական, Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Դրանով օսմանեան տերիտորիաների նկատմամբ հայկական բոլոր պահանջները վերացւում էին, եւ կորչում էր նաեւ Ռուսահայաստանի կէսը: Այն յոյսը, թէ Սովետական Ռուսաստանը կը յարգի իր պարտաւորութիւնները եւ կը ստիպի, որպէսզի թուրքական բանակները վերադառնան իրենց նախապատերազմական դիրքերին, շուտով նոյնպէս ջախջախուեց, երբ Սովետական Ռազմայեղափոխական Կոմիտէն Երեւանում դրժեց Հայաստանի Հանրապետութեան վերջին կառավարութեան հետ եղած համաձայնագրերը:

 

Մուստաֆա Քեմալը շարունակեց իր յաղթական երթը` իրար դէմ հանելով Դաշնակիցներին, ու Սովնարկոմը կարողացաւ իւրաքանչիւր կողմից իր համար առաւելագոյն օգուտներ շահել: Թուրք ազգայնականների յաջողութիւնները իրենց գագաթնակէտին հասան, երբ 1921 թուականի մարտին եւ հոկտեմբերին պսակուեցին սովետների հետ կնքած Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերով: Արեւմուտքում 1921 թուականի հոկտեմբերին կնքուեց ֆրանս-թուրքական համաձայնագիրը Կիլիկիայի վերաբերեալ, իսկ 1923 թուականի յուլիսին կնքուեց Լոզանի պայմանագիրը, որը չեղեալ դարձրեց Սեւրի պայմանագիրը: Լոզանում Հայկական հարցը գետնահարուեց, քանի որ ո՜չ ՙՀայաստան՚, ո՜չ էլ ՙՀայ՚ բառերը դրանում չկային:

Երեք տարի տեւած թուրք-յունական կոնֆլիկտին եւ Իզմիր քաղաքի հրդեհին յաջորդած 1922 թուականի` բնակչութիւնների ստիպողական փոխանակումը վերջ դրեցին Պոնտոսի քրիստոնէական վերածննդի վերաբերեալ բոլոր երազանքներին ու ծրագրերին: Յունական բնակչութիւնը ուժով վերաբնակեցուեց Յունաստանում, իսկ ողջ մնացած համշէնահայ բնակչութիւնը անցաւ դէպի Սեւ ծովի արեւելեան եւ հիւսիսային ափերը, որտեղ պէտք է փորձեր վերածնուել եւ իր ինքնութիւնն ու կենսաձեւը շարունակելու միջոցներ գտնել սովետական համակարգի տնտեսական եւ գաղափարախօսական ճնշման պայմաններում:

Միւս կողմից` մուսուլման հեմշինլիները, զրկվելով իրենց ազգային-կրօնական ժառանագութիւնը վերադարձնելու հնարաւորութիւնից, իջան թուրքական իրականութեան ընդյատակը, որտեղ նրանց սպասում էր ձուլման պետական քաղաքականութիւնը: Թէեւ խոշոր հաշուով քեմալիստական ռեժիմը յաջողութիւններ ունեցաւ թուրքացման ոլորտում, հեմշինլիները ամբողջութեամբ չվերացան, եւ ներկայումս, երբ քրդերի, թուրքմէնների, լազերի, ալավիների եւ այլ էթնիկական խմբերի ինքնութեան հարցը նորից այժմէական է դարձել, հեմշինլիների` իրենց հայկական պատմամշակութային, լեզուական, նոյնիսկ կրօնական արմատները վերագտնելու եւ հետազօտելու հնարաւորութիւնները նոր հրապուրիչ հեռանկարներ են բացում եւ մարտահրաւէրներ ծնում:

Համշէն Եւ Համշէնահայութիւն

(գիտաժողովի նիւթեր)

ԵՐԵՒԱՆ – ՊԷՅՐՈՒԹ, 2007

Պոնտոսի Հայութեան Գողգոթան

June 3, 2012

Պետրոս Յովհաննիսեան

Երեւանի պետական համալսարան,

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

Դարեր շարունակ հայերը հոծ զանգուածներով բնակւում էին Սեւ ծովի հարաւարեւելեան ափերին, մասնաւորապէս Տրապիզոնից Սամսուն ձգուող ծովեզրեայ նեղ շրջանի մէջ: Հայկական զգալի ներկայութիւն կար ոչ միայն այս երկու քաղաքներում ու նրանց միջեւ տարածուող բազմաթիւ գիւղերում, այլեւ ամբողջ Պոնտոսում: Զուտ հայաբնակ գիւղերի թիւն անցնում էր երկու հարիւրից: Միայն Օրդուի գաւառակում 23 հայաբնակ գիւղ է եղել1:

Թէ որքան հայութիւն է ունեցել Տրապիզոնի կուսակալութիւնը Առաջին աշխարհամարտի նախօրեակին, դժուար է հաստատապէս որեւէ թուաքանակ նշել, քանզի վիճակագրական տուեալները հակասական են: Այդ հակասութիւնը յատկապէս իրեն զգացնել է տալիս, երբ յստակ ու որոշակի չէ, թէ արդեօք խօսքը գնում է կուսակալութեա՞ն, թէ գաւառի կամ գաւառակի մասին: Այսպէս` 1908 թ. թուրքական պաշտօնական Սալնամէի համաձայն` Տրապիզոնի նահանգն ունէր 46789 հայ բնակչութիւն2: Հ.Յ.Դաշնակցութեան տրամադրութեան տակ եղած վիճակագրական տուեալների համաձայն, տուեալներ, որ կազմուել են 1911 թուականին, Տրապիզոնի նահանգում բնակուել է 64966 հայ3: Տրապիզոնի նահանգի հայ ազգաբնակչութեան թիւը Թէոդիկը հաշւում է 65000 հոգի4, իսկ դոկտոր Ի. Լեփսիուսը՝ 53000 հոգի5: Նոյն ժամանակաշրջանի աղբիւրներում խօսք է գնում 50000 հայ ազգաբնակչութեան մասին6: Մերօրեայ որոշ ուսումնասիրողներ (Մ. Գուշակճեան, Մ. Արզումանեան եւ այլք) կարծում են, որ Տրապիզոնի շրջանում պատերազմի նախօրեակին բնակուել է 60000 հայ, որից 14000-ը` բուն քաղաքում, Սամսունի շրջանում՝ 30000 հայ, որից բուն քաղաքում` 50007: Ա. Մելքոնեանի հաշուարկներով եղեռնի նախօրեակին Տրապիզոնի կուսակալութիւնում, այդ թւում եւ Սամսունում, հայերի թիւը կազմել է 70000 հոգի8:

Ինչպէս ակներեւ է, տարբերութիւնը կազմում է 43211 հոգի՝ առաւելագոյնը 90000 եւ նուազագոյնը 46789 հոգու հաշուարկով: Տրապիզոնի հայութեան թուաքանակի վերաբերեալ վիճակագրական տուեալների հակասութիւնն ակնյայտ է հէնց հաշուեկշռի մեծ տարբերութեամբ: Մեզ այնպէս է թւում, թէ Տրապիզոնի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ տուեալները ներկայացնելիս յաճախ Տրապիզոնն ու Սամսունը զատ-զատ են ներկայացւում եւ կամ էլ միասին, որտեղից էլ` շուրջ 47000 հոգու տարբերութիւնը: Իրականում դրանք պէտք է ներկայացնել միասին` որպէս նոյն կուսակալութեան կազմի մէջ մտնող գաւառներ: Որոշ ուսումնասիրողներ էլ Տրապիզոն ասելով հասկանում են ոչ թէ կուսակալութիւնը (վիլայէթ), այլ գաւառը (սանջակ): Հետեւաբար թուաքանակն էլ կարող է մի դէպքում վերաբերել վիլայէթին, միւս դէպքում՝ գաւառին: Կարծում ենք, որ իրականութեանը առաւել մօտ է Ա. Մելքոնեանը, որի առաջարկած թուաքանակը (70000 հոգի) վերաբերում է վիլայէթին: Հետեւաբար, երբ ստորեւ խօսք կը գնայ Մեծ եղեռնին Տրապիզոնի հայութեան բերած տուրքի մասին, ապա կորուստները պէտք է ներկայացուեն 70000 հոգու հաշուարկով:

Ինչպէս յայտնի է, 1915 թուականին Օսմանեան կայսրութիւնում հայերի ցեղասպանութեան մեկնարկը տրուել է դեռեւս փետրուարի 12-ին, երբ բարձրագոյն կարգադրութեամբ պաշտօնանկ յայտարարուեցին կայսրութեան հայ պաշտօնեաները, եւ սկսուեց բանակի հայ զինուորականութեան զինաթափումը: Նոյն ժամանակ էլ սկսուեցին հայերի առաջին բանտարկութիւններն ու բռնագրաւումները9: Փետրուար-մարտ ամիսներին երիտթուրքերը եռանդուն կերպով նախապատրաստւում են` սկսելու եւ իրագործելու հայերի զանգուածային կոտորածները: Իսկ դրանք սկսուեցին ապրիլի 4-ին եւ շարունակուեցին մինչեւ դեկտեմբերի վերջերը, երբ արդէն համարեա՜ ամէն ինչ աւարտուած էր:

Հայոց ցեղասպանութեան սեւ տարեգրութեան էջերում իր ուրոյն տեղն ունի նաեւ Տրապիզոնի հայութեան Գողգոթան: Իր ռազմական դիրքի շնորհիւ քաղաքը իրադարձութիւնների կիզակէտ դարձաւ հէնց պատերազմի առաջին օրերին: 1915 թ. յունուարին ռուսական ռազմանաւերը մօտեցան Տրապիզոնին եւ անարգել ռմբակոծեցին ռազմական օբյեկտները: Բնականաբար զգալի էր նաեւ քաղաքացիական շինութիւնների, բնակարանների թիւը, որ աւերուեցին ռուսական ռմբակոծումների հետեւանքով: Խաղաղ ազգաբնակչութեան մէջ եղան զոհեր եւ վիրաւորներ: Ռազմական հրամանատարութիւնն ու կուսակալ Ջեմալ Ազմին հակառուսական եւ, մասնաւորապէս, հակաքրիստոնէական լայն հիստերիա սկսեցին: Հայերը համարւում էին գլխաւոր մեղաւորները մուսուլմաններին հասած այս անսպասելի դժբախտութիւնների համար: Քաղաքում եւ նահանգում անզուսպ հակահայկական պրոպագանդա էին ծաւալում կուսակալի նշանակած գործակալները, դրանք աւելի սաստկացան, երբ ռազմաճակատներում սկսուեցին թուրքական բանակների պարտութիւնները, իսկ ռազմաճակատի գիծը սկսեց մօտենալ Տրապիզոնին: 1915 թ. փետրուար-մարտ-ապրիլ ամիսներին անպակաս էին հայերի անհատական ձերբակալութիւնները, առեւան­գումները, սպանութիւնները, որոնք գնալով դառնում էին զանգուածային:

Ապրիլի 19-ին կուսակալի հրամանով սկսուեցին Տրապիզոն քաղաքի եւ շրջակայ հայկական գիւղերի վաղօրօք ծրագրուած խուզարկութիւնները10: Այդ գործողութիւնները շարունակուեցին երեք օր՝ նպատակ ունենալով իբր գաղտնարաններում պահուող զէնքեր յայտնաբերելը: Խուզարկութիւնները որեւէ արդիւնք չունեցան, սակայն իշխանութիւնները համոզուեցին, որ հայերը զինուած չեն:

Ընդհանուր տեղահանութիւնից եւ ջարդերից առաջ Ջեմալ Ազմիի կարգադրութեամբ սպաննուեց Տրապիզոնի հայութեան հոգեւոր առաջնորդ եռանդուն եւ գործունեայ Գէորգ վարդապետ Թուրեանը: Ապրիլին ձերբակալուեցին նշանաւոր 42 մտաւորականներ, որոնց Սամսուն տանելու պատրուակով դուրս հանեցին քաղաքից եւ դաժանօրէն խոշտանգելով` բոլորին էլ սպաննեցին: Ահա այս դէպքերով են սկսուել Տրապիզոնի հայութեան կոտորածները11: Պարզից էլ պարզ էր, որ շուտով դրանք կրելու էին համընդհանուր բնոյթ, եւ կառավարութիւնն անցնելու էր տոտալ կոտորածների քաղաքականութեանը:

1915 թ. յունիսի կէսերին Կ. Պոլսից հրաման ստացուեց` սկսել տրապիզոնահայութեան տեղահանութիւնը: Ջեմալ Ազմին եւ իր օգնականները, որոնց մէջ իր դաժանութիւններով յատկապէս աչքի էր ընկնում նախկին քրէական բանտարկեալ Թեքքէշ Նեշադը, ձեռնամուխ եղան Տրապիզոնի հայութեան տեղահանութեանը12: Պատմագրութեան մէջ Տրապիզոնի հայութեան տեղահանութեան ժամանակի վերաբերեալ տեղ են գտել անճշտութիւններ եւ հակասութիւններ: Այսպէս՝ ըստ Յ. Տաշեանի եւ Ջէյմս Բրայսի` տեղահանութեան հրամանը տրուել է յունիսի 26¬ին13, ըստ Հայկազն Ղազարեանի եւ Հ. Յովակիմեանի՝ յունիսի 13-ին14, ըստ Մ. Գուշակճեանի՝ յունիսի 12-ին15 եւ այլն: Մ. Արզումանեանի կարծիքով դա տեղի է ունեցել յունիսի 17-ին16, Ջոն Կիրակոսեանն առաջարկում է յունիսի 23-ը17 եւ, վերջապէս, Լեւոն Վարդանը՝ յուլիսի 1-ը18: Թւում է, թէ այստեղ գործ ունենք պարզ թիւրիմացութեան հետ: Միմեանց հետ են շփոթուել տեղահանութեան հրամանն ու գործադրումը: Իրականում հրամանը տրուել է յունիսի 13-ին, իսկ տեղահանութիւնը սկսուել է 5 օր անց՝ յունիսի 18¬ին: Շփոթմունքի տեղիք են տուել նաեւ հին եւ նոր տոմարների խառն օգտագործման դէպքերը, որով Լեւոն Վարդանի ճշգրտած յուլիսի 1-ը պարզորոշ դառնում է միւսների օգտագործած յունիսի 17-ը19:

Այսպիսով` Տրապիզոնի հայութեան տարագրութիւնը սկսուել է յունիսի 18-ին: Մէկ օր առաջ՝ երեկոյեան, ձերբակալուել եւ ծովամոյն էին արուել կուսակցական 40 հայ գործիչներ, աւելի վաղ գնդակահարուել էին Տրապիզոնի թուրքական կայազօրում ծառայող 500 հայ զինուորները20:

Յունիսի 13-ի հրամանագրում նշուած էր, որ քաղաքի եւ նահանգի հայութիւնը պէտք է պատրաստ լինի տեղահանութեան: Տարագրուողներն իրաւունք ունէին իրենց հետ վերցնելու միայն առաջին անհրաժեշտութեան առարկաներ եւ դրամ: Արդէն յունիսի 17-ին կազմուած կարաւանը քաղաքից դուրս եկաւ 18-ի վաղ առաւօտեան: Սկսուեց Գողգոթան: Կարաւանը, որը հաշուըւում էր 6000 հոգի, կանգ առաւ քաղաքից քիչ հեռու՝ ծովեզերքին: Յունիսի 19-ին կարաւանում գտնուող 14-60 տարեկան բոլոր տղամարդկանց դուրս բերեցին ճամբարից, կապեցին ձեռքերը եւ բաժանելով 50-60 հոգանոց խմբերի` տարան Կալաֆկա գետի հունով ի վեր՝ դէպի Ջանիկ լեռը: Ճանապարհին՝ Ջեւիզլիկ գիւղի մօտ, բոլորին կոտորեցին: Տարագրուածների մնացեալ խումբը, որն հիմնականում բաղկացած էր երեխաներից, կանանցից եւ ծերունիներից, շարունակեց ճանապարհը դէպի Սրղանլի դաշտը: Այստեղ կարաւանն անմիջապէս շրջապատուեց չեթէնների կողմից: Գեղեցիկ աղջիկներին, հարսներին ու մանկամարդ տղաներին զատեցին եւ բաժանեցին միմեանց միջեւ: Տրապիզոնի առաջին կարաւանից Երզնկա հասաւ ընդամէնը 700 հոգի, որոնց մեծ մասն էլ այստեղ՝ Կամախի կիրճում նահատակուեց: Յունիսի 20-ին Տրապիզոնից դուրս բերուեցին երկրորդ եւ երրորդ կարաւանները՝ իւրաքանչիւրը 500-600 հոգանոց խմբերով, որոնք բոլորն էլ բաժանեցին առաջին կարաւանի դաժան ճակատագիրը: Շատերը նահատակուեցին Ճեւիզլիկ կոչուած վայրում. նրանց դիակները նետւում էին Դէիրմէն Դերէ գետը: Երեւելի եւ հարուստ շատ հայերի, որոնք տարագրութեան առաջին օրերին տարբեր պատճառաբանութիւններով զերծ էին մնացել գաղթից, յունիսի վերջերին ծովամոյն արեցին, ինչպէս նաեւ 60-ից աւելի յղի կանանց ողջ-ողջ ծովը թափեցին: Պէտք է նշել, որ Ջեմալ Ազմին կողմնակից էր տրապիզոնահայութեանը խեղդամահ անել ծովում, քան սպանել ճանապարհներին: Վերջին դէպքում դիակները թաղելու անհրաժեշտութիւն էր զգացուելու: Սարսափելի էր յատկապէս Տրապիզոնի 600 հայ երեխաների զանգուածային բնաջնջումը: Տեղահանութիւնից ինչ-ինչ կերպ զերծ մնացած 600 որբ ու անտէր մանուկների ի մի հաւաքելով՝ յոյների Խրիստաֆ մետրոպոլիտը ցանկանում էր նրանց տեղաւորել որբանոցներում: Թէեւ իշխանութիւնները սկզբում համաձայնուել էին, սակայն յուլիսի կէսերին թուրք զինուորները երեխաներին խլեցին յոյն խնամակալներից եւ բոլորին տարան ծովափ: Այստեղ նրանց յանձնեցին նաւավար Բայրաքտար Օղլի Ռահմանին, որի կարգադրութեամբ երեխաներին լցրեցին ջուալների մէջ, ամուր կապեցին դրանք եւ տանելով բաց ծով՝ նետեցին ջուրը: 600 երեխաներից հրաշքով փրկուեցին ընդամէնը ութ հոգի21: Նոյն ճակատագրին արժանացան նաեւ այն 500 հայերը, որոնք, կաշառելով թուրք նաւավարներին, ցանկացել են փախչել Սամսուն, սակայն բոլորն էլ ծովամոյն եղան: Սահմռկեցուցիչ է Տրապիզոնում ԱՄՆ-ի հիւպատոս Քրաուֆորդի ջանքերով փրկուած 450 երիտասարդ հայուհիների ճակատագիրը: Թուրքերը նրանց խլել են հիւպատոսարանից, անարգել եւ Ջեմալ Ազմիի հրամանով մահմեդականացրել: Աղջիկներից մի քանիսը, չցանկանալով մահմեդականանալ, ինքնասպանութեամբ վերջ են տուել իրենց կեանքին22:

Մինչեւ 1915 թ. վերջերը Տրապիզոն քաղաքում եւ կուսակալութիւնում այլեւս հայ բնակչութիւն չկար: Տրապիզոնում Իտալիայի ընդհանուր հիւպատոս Պ. Գորինին 1916 թ. Փետրուարին ՙՄեսաջերօ՚ թերթի թղթակցին տուած հարցազրոյցի ժամանակ շեշտել է, որ արդէն 1915 թ. վերջերին քաղաքի 14 հազար հայերից մնացել էր ընդամէնը 100 հոգի, մնացածները ՙկամ Սեւ ծովն էին թափուել, կամ Դէիրմէն Դերէ գետն էին նետուած՚23: Երբ 1916 թ. Ապրիլին ռուսական բանակը մտաւ Տրապիզոն, այստեղ բնակւում էին ընդամէնը 15 հայ կին եւ 50 որբ հայ երեխաներ:

Տրապիզոնի եւ շրջակայքի 70 հազար հայերից մօտաւոր տուեալներով փրկուել է միայն 2800 հոգի, որոնք էլ ցրուել են ամբողջ աշխարհով մէկ:

Տրապիզոնի հայութեան տեղահանութիւնն ու կոտորածները երբեմն հանդիպեցին դիմադրական ելոյթների, որոնց մասին, ցաւօք, սուղ տեղեկութիւններ ունենք: Այսօր հանրայայտ են Վանի, Մուսա լեռան, Եդեսիայի դիմադրական մարտերը: Ենթադրելի է, որ ինքնապաշտպանական մարտեր կամ դիմադրութեան փորձեր եղել են նաեւ այլուր: Պատշաճ է յիշատակել նաեւ Տրապիզոնի հայութեան դիմադրական ճիգերի մասին, որոնց մասին ակնարկները տեղ են գտել յուշագրութիւններում:

Տարագրութեան առաջին իսկ օրերին՝ յունիսի 20-ին, երբ կուսակալի հրամանով 40 հայ տղամարդկանց դուրս են բերել ծով՝ խեղդամահ անելու համար, նրանք յարձակուել են ուղեկցող ոստիկանների վրայ եւ ոչնչացրել նրանց: Թէեւ իրենք էլ են ունեցել զգալի կորուստներ, այնուհանդերձ մի քանիսը փրկուել են եւ անցել Ռուսաստան: Յատկապէս նշանակալից է Գուրգէն եւ Պարոյր Սարգսեան եղբայրների անվեհեր փորձը՝ Ջեմալ Ազմիին սպաննելու ուղղութեամբ, թէեւ մահափորձն անցաւ անյաջողութեամբ, սակայն վկայութիւն է այն բանի, որ տրապիզոնահայերը հլու-հնազանդ չեն գնացել սպանդանոց:

Ուշագրաւ է Գիւմուշխանէ-Երզնկա խճուղու Թեքքէ կայարանում տեղի ունեցած անվեհեր ելոյթը: Տրապիզոնցի տարագիր 100 տղամարդիկ յարձակուեցին ուղեկցող ոստիկանների վրայ, ոչնչացրեցին նրանց եւ հեռացան լեռները:

Անձնական հերոսութեան փայլուն օրինակ են ցոյց տուել Սեդրակ Սէյրանեանն ու Երուանդ Տէրտէրեանը, որոնք, չհնազանդուելով տեղահանութեան հրամանին, դիրքաւորուել են իրենց տների տանիքներին եւ դիմադրել թուրք զինուորներին ու ոստիկաններին՝ զգալի կորուստներ պատճառելով նրանց: Ի վերջոյ, երբ սպառուել է նրանց զինամթերքը, նրանք ինքնասպան են եղել: Առանձնապէս յայտնի են Տրապիզոնի մօտ գտնուող Խնէ, Թրմէ, Չար, Շամպա լեռներում ամրացուած 600-ից աւելի տրապիզոնահայերի դիմադրական կռիւները: Մարտեր, որ ղեկավարում էին Զիլ Օհանները, Միքայէլ Զէյթունճեանը, Յակոբ Քէհեանը24: 1915 թ. յուլիս-հոկտեմբեր ամիսներին կանոնաւոր բանակի զօրամասերը՝ հրանօթներով եւ գնդացիրներով զինուած, փորձել են ընկճել նրանց, զինաթափել Կոնկայի անտառներում ամրացուած հայ քաջամարտիկներին, սակայն պարտութիւն կրելով՝ յետ են նահանջել: Ի դէպ` որոշ ընդմիջումով նրանք մարտնչել են մինչեւ 1923 թ. նոյեմբերը, երբ նաւակներով ճեղքելով Սեւ ծովի ալիքները՝ հասել են ռուսական ափ: Նրանք վերջին 700 հայերն էին, որ զէնքը ձեռքներին, չպարտուած հեռացան հայրենի եզերքից25:

Սոչիի եւ Տուապսէի համայնավար իշխանութեան մարմինների կողմից 40-օրեայ բանտարկութիւնից յետոյ թէեւ նրանք ազատ են արձակւում, սակայն պայմանով, որ չբնակուեն ծովափնեայ շրջաններում26: Ահա այսպիսի աւարտ ունեցաւ տրապիզոնահայութեան վերջին հերոսական մղումի այդ փառաւոր էջը: Իսկ դիմադրական այլ փորձերի մասին, ցաւօք, մենք տեղեակ չենք, թէեւ ենթադրելի է, որ դրանք եղել են:

Ինչպէս հայոց Մեծ եղեռնի պատասխանատուներից շատերը, այնպէս էլ Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչներն ստացան իրենց արժանի պատիժը: Նահանգապետ Ջեմալ Ազմին սպաննուեց 1922 թ. ապրիլի 17-ի գիշերը Բեռլինում` Արշաւիր Շիրակեանի կողմից27: Հայ վրիժառուի գնդակի զոհ դարձաւ Ազմիի մերձաւորագոյն օգնականը՝ հայակեր Թեքքէշ Նեշադը: Կ. Պոլսի պատերազմական ատեանի կողմից 1919 թ. տարբեր ժամկէտներով Մալթա աքսորուեցին Ազմիի գործակիցներ Մեհմեդ Ալին, Իմամ զադէ Մուստաֆան, Նիազին եւ ուրիշներ: Իսկ Տրապիզոնում երիտթուրքերի կուսակցութեան կոմիտէի պատասխանատու Նայիլ բէյը 1918 թ. զինադադարի օրերին փախաւ Ադրբեջան, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն՝ ընկնելով վրէժխնդիր հայի գնդակից: Հայոց Նեմեսիսի զինուորագրեալներից էր նաեւ տրապիզոնցի Միսաք Թորլաքեանը, որը 1921 թ. Յուլիսի 18-ին Կ. Պոլսում դիմահար կրակոցով սպանեց Ադրբեջանի ներքին գործոց նախկին նախարար Բեհբուտ խան Ջիւանշիրին, որը Բաքուի 30 հազար հայութեան 1918 թ. կոտորածների կազմակերպիչներից էր, եւ որի անձնական հիւրն էր Տրապիզոնի հայութեան դահիճներից Նայիլ բէյը28:

Ծանօթագրութիւններ

  1. 1915 թ. դէպքերից առաջ Տրապիզոնի նահանգի տարածքում բնակուող հայութեան վերաբերեալ մօտաւոր պատկերացում կարող է տալ Յ. Տաշեանի՝ ՙՀայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին՚ (պատմական-ազգագրական հարեւանցի ակնարկ մը) ուսումնասիրութիւնը (Վիեննա, 1921):
  2. Տե՜ս ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, պատմագրեց Յովակիմ Յովակիմեան (Արշակունի), Պէյրութ, 1967, էջ 27:
  3. Նոյն տեղում, էջ 28:
  4. Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, Կ. Պոլիս, 1922:
  5. Յ. Լեփսիուս, Հայաստանի ջարդերը, թարգմ. Մ. Շամտանճեան, Կ. Պոլիս, 1919:
  6. ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, էջ 29:
  7. Մ. Գուշակճեան, Տրապիզոնի եւ Սամսունի նահանգներու տեղահանութիւնն ու ջարդերը, տե՜ս ՙՅուշամատեան Մեծ եղեռնի՚, Գ. հրատ., Պէյրութ, 1987, էջ 466: Մ. Արզումանեան, Հայաստան, 1914-1917, Երեւան, 1969, էջ 383:
  8. Ա. Մելքոնեան, Տրապիզոնի նահանգ, տե՜ս ՙՀայկական հարց. հանրագիտարան՚, Երեւան, 1996, էջ 445:
  9. Հայկազն Ղազարեան, Ցեղասպան թուրքը, Պէյրութ, 1968, էջ 21-22: Յովհաննէս Նազլեան, Յուշերս, Պէյրութ, 1960, էջ 56-67: Լեւոն Վարդան, Ժամանակագրութիւն Հայկական տասնհինգին, Պէյրութ, 1975, էջ 29-30:

10. Մ. Թորլաքեան, Օրերուս հետ, Պէյրութ, 2001, էջ 240:
11. ՙՅուշամատեան Մեծ եղեռնի՚, էջ 468:
12. ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, էջ 222-224:
13. Յ. Տաշեան, Հայ ազգի տարագրութիւնը գերմանական վաւերագիրներու համեմատ, մասն Ա., Վիեննա, 1921, էջ 58: G. Bryce, The Trecetment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916, Beirut, 1972, էջ 86, 291:
14. Հ. Ղազարեան, նշվ. աշխ., էջ 75-78: ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, էջ 227:
15. Մ. Գուշակճեան, նշվ. աշխ., էջ 470:
16. Մ. Արզումանեան, նշվ. աշխ., էջ 384:
17. Ջ. Կիրակոսեան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայութիւնը, 1914-1916 թթ., Երեւան, 1967, էջ 345:
18. Լեւոն Վարդան, Ժամանակագրութիւն Հայկական տասնհինգի, 1915-1923, Պէյրութ, 1975, էջ 45:
19. Աւելի մանրամասն տե՜ս Ղ. Մակունց, Տրապիզոնի հայութեան տեղահանութիւնը, Թեհրան, 1963, էջ 63-65:
20. ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, էջ 228-229:
21. Նոյն տեղում, էջ 224-228:
22. Նոյն տեղում:
23. Սեպուհ Ակունի, Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը, Կ. Պոլիս, 1921, էջ 178:
24. Մ. Թորլաքեան, նշվ. աշխ., էջ 317:
25. ՙՅուշամատեան Մեծ եղեռնի՚, էջ 475:
26. Մ. Թորլաքեան, նշվ. աշխ., էջ 325:
27. Մանրամասն տե՜ս Ա. Շիրակեան, Կտակն էր նահատակներուն, Պէյրութ, 1975:
28. Այդ ակտի մանրամասների մասին լայնօրէն տե՜ս Մ. Թորլաքեանի՝ ՙՕրերուս հետ՚ յուշագրութիւնում:

Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 89 other followers