(Այս նյութը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր իրենց համարում են սեռադաստիարակված, սեռաչդաստիարակված, ուզում են կամ չեն ուզում, դեմ կամ կողմ են սեռական դաստիարակությանը)
Դեռահասների հոգեբան Կարինե Քոչարյանն այդ առիթով հարցիս պատասխանեց.
- Դաստիարակությունը մեկն է, անդաստիարակ մարդը չի կարող լինել սեռապես կրթված: Սեռերի հարաբերությունն առաջանում է վաղ տարիքից, իսկ դպրոցում դրան անդրադառնալը շատ ուշ է:
Լեւոն Շանթի անվան թիվ 4 միջն. դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանի տեսակետը. ”Կտրականապես դեմ եմ դպրոցում սեռական դաստիարակություն անցնելուն: Մենք ավանդապաշտ ազգ ենք, կարիք չկա այդքան վաղ տարիքից երեխաներին սեռերի հարաբերություն բացատրել: Տարրական գիտելիքները, որոնք, որ նրանք ստանում են կենսաբանությունից, բավական են”:
Կ. Քոչարյան. ”Սեռական բառը լսելիս մարդիկ միանգամից պատկերացնում են անկողին, բայց մինչ այդ սեռահարաբերումն ավելի կարեւոր է. ինչպե՞ս մոտենալ սիրած էակին, առաջին համբույր, գրկախառնում… Նախ սրանք պիտի սովորեն”:
4-րդ դպրոցի 8-րդ դասարանցի Անի. ”Կամաչեմ լսել որեւէ բան իմ հակառակ սեռին վերաբերող”:
Անիի դասընկեր Արթուր. ”Մեր ինչի՞ն է պետք իմանալը, տնօրենն էլ չի թողնի”:
Ի՞նչ, ուզում եք ասել՝ ”Պտուղը ծառից հեռու չի ընկնում” (տվյալ պարագայում տնօրենը ծառն է, աշակերտները՝ պտուղը) ասացվածքն ապացուցվե՞ց, բա ”Կրթության մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվա՞ծը: Ըստ որի, դեռահասներն իրավունք ունեն. 1. սեռական դաստիարակության, սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման, 2. իրազեկ լինել սեռական հասունացմանը, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, իմունային անբավարարվածության վարակի կանխարգելման ժամանակակից մեթոդներին: 3. Դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում իրականացնում են մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք:
Տնօրենի խոսքերով՝ ”Պարտադրված այդպիսի օրենք չկա, դա դպրոցի հայեցողությանն է թողնված”: Իսկ ըստ ԿԳՆ նախադպրոցական եւ դպրոցական վարչության աշխատակից Անահիտ Մուրադյանի՝ ”Սա օրենք է, որը շատ շուտով կկիրառվի”: Հոգեբանը հարցնում է. ”Ո՞վ պիտի դասավանդի սեռական դաստիարակություն. կի՞ն, թե՞ տղամարդ, միգուցե սեռական հարաբերությունների լավ փորձ ունեցող մե՞կը”: Ըստ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի դաստիարակչական բաժնի աշխատակից Լուսինե Ալեքսանյանի, ”Ուսուցիչները հատուկ դասընթաց են անցնում, թե ինչպե՞ս աշակերտների հետ խոսեն այդ թեմայով: Արդեն 29 դպրոցներում այն փորձում են անցնել ”Կյանքի հմտություններ” առարկայի շրջանակում”:
Վերջապես հասանք իմ ”ուզած” հատվածին՝ Գրիգոր Զոհրապի անվան 43 միջն. դպրոցում եմ, դպրոց, որը փորձում է սեռապես դաստիարակված շրջանավարտներ տալ: Ուսուցչուհին քիմիայի մասնագետ Լյուդմիլա Թադեւոսյանն է. ”Ես ստանձնեցի այս գործը, քանի որ դա շատ է պետք, մենք շատ բան չգիտենք մեր մասին, որոշ բաներ էլ նոր եմ իմանում: Երեխաները մի քիչ անլուրջ կպահեն իրենց, բայց կհափշտակեն գիտելիքը, իսկ անլրջությունը միայն բարդույթներից է, որը կփորձենք հաղթահարել”: Նույն դպրոցի 8-րդ դասարանի դասղեկ Լյուդա Ղազարյանն ասում է. ”Այս թեման մայիսի համար է նախատեսված, բայց բացառություն կանենք եւ հիմա կխոսենք դրա մասին, միայն թե երեխաների արձագանքը կարող է եւ լավ չլինել հիմա, իսկ մինչեւ մայիս դեռ մի քանի ամսով էլ հասունացած կլինեն”:
Շնորհակալություն, ընկեր Ղազարյան: Հա՛, ուրեմն՝ 8-րդ դասարանցիներն ասում են՝ ”Լավ կլիներ, որ դպրոցում անցնեինք, թե չէ դրան տեղեկանում ենք փողոցում, ամսագրերից”, ”Ավելի ճշգրիտ գիտելիք եմ ուզում”… Աղջիկները լռում են, տղաները կես լուրջ, կես կատակով են խոսում: Ավելի լավ է՝ խնդրեմ անանուն նամակի ձեւով կարծիք գրեն:
Ստացվեց, իսկ սրանք մեջբերումներ են նամակներից. ”Մայրիկիս չեմ կարող տալ ինձ հուզող հարցերը, կամաչեմ, համարյա ոչինչ չեմ հասկանում սեռական կյանքից, իսկ դա ինձ շատ է խանգարում որոշումներ կայացնելիս”: ”Կուզենայի, որ աղջիկներն առանձին, տղաներն առանձին անցնեն այս առարկան, որ իրարից չամաչենք”: ”Մեզ շատ պետք կգան գիտելիքներն ապագայում, լավ կլիներ, որ դպրոցում անցնեինք եւ առանց ամաչելու կամ ցինիկություններ անելու”:
Նորից Կ. Քոչարյանն է խոսում. ”Սեռական դաստիարակությունը սկսվում է հասարակ շփումից, որից էլ ձեռք ենք բերում որոշակի վարքագիծ: Սխալ մտայնություն է, թե վարքագիծը ժառանգվում է, ոչ, դրանով վարակվում են ծնողներից: Նրանց վարքագիծը պիտի լինի սեռադաստիարակված, պիտի խոսեն իրենց երեխաների հետ, մասնագիտական, կյանքի խորհուրդներ պիտի տան նրանց”: Բայց ծնողներից շատերն ամաչում են երեխաներից. ”Ավելի լավ է՝ դպրոցից ստանան գիտելիք, ես չեմ կարող երեխաներիս հետ խոսել այդ մասին, բայց հարեւանիս երեխային կասեմ”,- խոստովանեց նրանցից մեկը: ”Երբեմն խոսում եմ աղջկաս հետ, տալիս խորհուրդներ, թե ի՞նչ անի՝ չսխալվելու համար, ինչպե՞ս կողմնորոշվի”, – ասաց մեկ այլ մայրիկ: Հոգեբանի կարծիքով՝ ”դա կարծրատիպ է, որը պիտի հաղթահարի ծնողը: Կարելի է շատ հեռվից գալ, զգուշությամբ անցնել բուն նյութին: Օրը 15 րոպե՝ եւ 1 ամսից սեռադաստիարակված երեխա կունենան:
Մեղքս ինչ թաքցնեմ, վերջին եմ հասել, պիտի ասեմ. էս աշակերտներն ինձ դրեցին լավ սեռադաստիարակվածի տեղ, հետո էլ, թե. ”Բա, ընկեր Փառանձեմ, մյուս ժամին կգաք, մեր գրավոր հարցերին բանավոր կպատասխանեք: Մենք երիտասարդ ուսուցչուհի ենք ուզում այս առարկան ավելի լավ յուրացնելու համար”: Իսկ ինձ ուղղված հարցերից մեկը սա էր. ”Ինչու՞ է մարդ սեռական գործողության կարիք զգում, սեռական հարաբերությունից հետո թուլություն զգու՞մ է, թե՞ ոչ”: Դե ես էլ պրպտել եմ գրքերը, խոսել սեռաբանի հետ, այցելել նրանց, պատասխանել հարցերին: Եթե ձեր գլխում էլ են հարցեր ծագում, դիմեք ինձ՝ ”մասնագետիս”:…
Փառանձեմ Հովհաննիսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս
Խմբ. կողմից. – Այս թեման դաստիարակության կարեւոր խնդիրներից է: Բայց նկատի ունենանք, որ մարդու կյանքում ամեն ինչ հրահանգավորելու օտարի թելադրած մոլուցքը լավ բանի չի հանգեցնում, մանավանդ, եթե նկատի ունենանք նաեւ այն դասագրքերը, որոնցում սեռադաստիարակության փոխարեն սեքսադաստիարակություն է եւ որոնցով ԿԳՆ պատասխանատուները որոշել են կազմակերպել ուսուցումը: Նախապես ակնհայտ է, որ դրսից պարտադրված այս ”կրթությունը” նպաստելու է միայն մեր ընտանեկան եւ ազգային ավանդույթների, դրանցով պայմանավորված հարաբերությունների հետագա այլասերմանը:
”Լուսանցք” Թիվ 38, 14-20 դեկտեմբեր 2007թ.
