Archive for the ‘Պետականություն’ Category

Թուրքիայի ծպտյալ հայերը սկսել են ավելի ակտիվորեն աշխատել ինքնության վերահաստատման ուղղությամբ

June 30, 2011

ռատիոլուր
02.2011

Աննա Բալյան
,Ռադիոլուրե

Թուրքիայում երկար տարիներ բնակվող եւ իրենց ազգային պատկանելության մասին միայն շշուկով խոսող հայերը սկսել են ավելի ակտիվորեն աշխատել ինքնության վերահաստատման ուղղությամբ: Դերսիմցի հայ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը մկրտվել է քրիստոնեական կրոնով, անգամ դատական կարգով վերականգնել իր ,հայե ազգությունը:

Ապա հիմնել է Դերսիմի հայերի միությունը, որպեսզի մյուս հայերնակիցներին եւս հնարավորություն տրվի առավել կազմակերպված հանդես գալ` կողոպտված ինքնությունը վերագտնելու ուղղությամբ: Այս օրերին Միհրան Փրկիչ Գյուլթեքինը Հայաստանում է:

Նշում է, որ Դերսիմի գյուղերի 75 տոկոսը հայկական են: Միությանը անդամագրվել են մոտ 900-ը, բայց ակտիվորեն առայժմ աշխատում են 80-ը: Գյուլթեքինը նաեւ ուսումնասիրություն է անցկացում` ծպտված հայերին բացահայտելու ուղղությամբ: Միայն 15 օրում հայտնի են դարձել 200 ընտանիք:

Միության մոտակա ծրագրերից է օգոստոսին կազմակերպվող ամենամյա փառատոնին մեծաթիվ հայերի ներկայություն ապահովելը Դերսիմում, որպեսզի հայրենիքի հետ շփումը մեծանա: Նշում է, որ դերսիմցիները եւս պատրաստ են այցելելու Հայաստան, միայն թե պետք է կոտրվի նրանց մեջ առաջացած վախը, թե իրենց իսլամացման պատճառով հնարավոր է Հայաստանում թշնամանքի արժանանան:

ՀԱՄ Հաղորդագրություն – Ազգայնական Հավաք

June 28, 2011

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) հունիսի 27-ին Կոտայքի մարզային գրասենյակում կազմակերպեցին Հայաստանի եւ Սփյուռքի ազգայնական կառույցների ու անհատների միասնական հավաք:
Մասնակցեցին նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմինների ու ՀՀ մարզային կառույցների կազմակերպիչները եւ ներկայացուցիչներ Արցախից, Ջավախքից, Իրանից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից:
Հյուրի կարգավիճակով ներկա էին Ադրբեջանի (փախստականներ), Վրաստանի եւ Թուրքիայի հայության եւ ՀՀ եզդի ու քուրդ համայնքների ներակայացուցիչներ:

Քննարկվեցին բոլոր առաջարկները՝

1. ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խնդիրներ:
ա) ՀԱՄ, ՀԱՀ եւ այլ ազգայնական ուժերի ներկայացուցիչների հետ մեկ ազգայնական թիմով՝ □Հայաստանի Հայ-Արիական□ կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով հանդես գալու հարցեր:
բ) ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, բանակցելու հարցեր:
գ) ՀՀ իշխանական կազմակերպությունների հետ հանդիպման (առանձին) եւ որոշակի խնդիրների քննարկման հարցեր:
դ) ՀՀ ԱԺ ընտրություններին քաղաքական դաշինքով մասնակցության հարցեր:
ե) ՀՀ ԱԺ ընտրություններին որեւէ քաղաքական միավորման աջակցելու հարցեր:

Որոշվեց՝
ա) Մինչեւ հոկտեմբեր՝ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել վերոնշյալ խնդիրներով զբաղվելու համար:
բ) ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին լիազորել՝ ՀՀԱԿ ընտրացուցակում առաջադրված թեկնածուների հետ հանդիպելու համար:
գ) Հոկտեմբերի կեսերին հրավիրել նոր միասնական հավաք՝ միասնական ու վերջնական տեսակետի հանգելու համար:

2. Հայաստան-Սփյուռք՝ հայ ազգայնական ուժերի համագործակցության ծավալման հարցեր:
3. Հայաստան-Սփյուռք՝ հայ արիադավան-հեթանոսական համայնքների աշխուժացման հարցեր:
4. Երեւանում Արիական տաճարի կառուցման խնդիրներ:
5. Երեւանում համաարիական եւ համաազգայնական (հայ ուժերի) համաժողովներ կազմակերպելու խնդիրներ:
6. Վիրահայության եւ ջավախքահայության հրատապ խնդիրներ:
7. Ադրբեջանի եւ Թուրքիայի հայության խնդիրներ:
8. Արեւմտյան Հայաստանի տարածքում արհեստական □Քուրդիստան□ պետություն ստեղծելու վտանգներ եւ խնդիրներ, Արեւմտյան Հայաստանի հայապատկանության գործողություններ:
9. Արցախյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում հայ ազգայնականության մասնակցության հարցեր:
10. Մասոնական ու նմանատիպ կազմակերպությունների, ինչպեսեւ կրոնական ու սեռական փոքրամասնություն կոչվածների նկատմամբ միասնական վերաբերմունք ձեւավորելու հարցեր:

Որոշվեց՝
ա) ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել՝ վերոնշյալ բոլոր հարցերի շուրջ ընդունված որոշումներն իրականացնելու համար:
բ) Կատարված եւ նախաձեռնված աշխատանքները ներկայացնել հոկտեմբերի կեսերին նախատեսվող նոր միասնական հավաքի ժամանակ:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
28.06.2011թ. Կոտայքի մարզ-Երեւան

«Երբ ասում են, որ արտագաղթի և ժողովրդագրական խնդիր չկա, մեղմ ասած՝ տգիտություն է»

June 27, 2011

Վերջերս հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել էր, թե Հայաստանում միգրացիոն հոսքերն անհանգստացնող չափերի հասնելու մասին լուրերը տարածվում են քաղաքական շահարկման նպատակով։

«Դա այդ մասին խոսողների անտեղյակության մասին է փաստում։ Այդ թվերը ներկայացնողները չեն մատնանշում իրենց աղբյուրը։ Այն անձինք, ովքեր նման հրապակումներ են անում, թող բարի լինեն նաև հղումը կատարել»,–ասել էր Գագիկ Եգանյանը։

Հայաստանից զանգվածային արտագաղթի մասին ահազանգողներից մեկն էլ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն է, ով «7օր»–ի հետ զրույցում ընդգծել է, որ անգամ պաշտոնական տվյալներն են վկայում այդ մասին։

–Ազգային վիճակագրական ծառայության և միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ 2008թ. միգրացիայի տարեկան բացասական մնացորդը կազմել է 23 հազ., 2009–ին՝ 25 հազ., 2010–ին՝ համարյա 30 հազ. մարդ։ Այնինչ 2006թ. դրական մնացորդը 7 հազ. էր, իսկ 2008–ին արդեն դառնում է բացասական 23 հազ., իսկ 2010–ին հասնում է 30 հազ.–ի։ Եթե անգամ ընդունենք սրանք որպես ճշմարիտ թվեր, արդեն շատ խոսուն են։ Եվ երբ ասում են, որ արտագաղթի և ժողովրդագրական խնդիր չկա, մեղմ ասած՝ տգիտություն է, բայց փաստորեն պարոն Եգանյանի պարագայում չի կարող տգիտություն լինել, այլ հստակ քաղաքական նպատակներով է արվում,–ասել է Ա. Ենիգոմշյանը՝ ավելացնելով, սակայն, որ արտագաղթի ծավալները շատ ավելի մեծ են, քան թե ներկայացվում են պաշտոնական թվերով, քանի որ վերջիններն իրական կլինեին, եթե Հայաստանի բնակչության թիվը 3 մլն 800 հազ. է, որոնցից 3 մլն 260 հազ.–ը բնակվում է Հայաստանում։

–Բոլորս գիտենք, որ դա նկարված թիվ է։ Նույնիսկ եթե ընդունենք իրենց տված թվերը, հստակ երևում է, որ մենք մեծ արտագաղթի մեջ ենք,–ավելացրել է Ա. Ենիգոմշյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից շահավետ պայմաններով իրականացվող վերաբնակեցման ծրագրին, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամն ընդգծել է, որ դեռևս նախորդ տարեվերջին պաշտոնական տվյալներով 5 հազ. ՀՀ քաղաքացի է այդ ծրագրով մեր երկրից բնակության մեկնել Ռուսաստան։

–Դա այն ժամանակ, երբ Հայաստանում այդ ծրագրի մասին ոչ մի գովազդ չկար։ Իսկ 8–9 ամիսների ընթացքում դրա մասին և՛ հրապարակվեց, և՛ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և այլն, գրասենյակներ են բացվել, գովազդվում է։ Մենք արդեն կարող ենք պատկերացնել, թե մեկնածներն ինչ թիվ է կազմում։ Ասեմ նաև, որ այստեղ էլ իրենք փորձում են փոքրացնել թվերը, քանի որ մոտ 2 ամիս առաջ նույնպես պաշտոնապես ասում էին՝ 600 ընտանիք է մեկնել։ Հիմա հարց պետք է տալ՝ ինչպե՞ս է, որ հոկտեմբերին 5 հազ. էր, և այդքան գովազդից, քարոզչությունից հետո մեկ էլ պակասեց թիվը։ Կարո՞ղ է՝ հետ եկան։ Իհարկե, ես հեգնական ձևով եմ ասում սա։ Բոլոր թվերը, որ ներկայացվում են, կեղծ, սուտ թվեր են, և բոլորիս համար հստակ է, թե ինչ իրավիճակում ենք մենք գտնվում արտագաղթի ոլորտում,–նշել է Ա. Ենիգոմշյանը։

7or.am

Մոսկվայից մինչև Կազան

June 27, 2011

7or.am
26.06.2010

Երբ Սերժ Սարգսյանն, իր լեգիտիմության մեծ դեֆիցիտը լրացնելու նպատակով, սկսեց Թուրքիայի նկատմամբ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարել, ակնհայտ էր, որ հայկական դիվանագիտությանը չէր հաջողվելու լուծել առաջ քաշած խնդիրները (Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում)։ Ավելին՝ այդ խնդիրները, մեր գնահատմամբ,  ոչ միայն չէին լուծվելու, այլ ճիշտ հակառակը՝ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը մեծանալու էր՝ սպառնալով Հայաստանի անվտանգությանը (տե՛ս http://www.youtube.com/watch?v=ySMXTTWEKtU

Մոսկվա–Երևան–Բուրսա

Քաղաքական և փորձագիտական որոշակի շրջանակների, այդ թվում՝ իմ կողմից կանխատեսվել էր ՀՀ–ի համար սպասվող անցանկալի զարգացումները դեռևս այն պահից սկսած, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայից հայտարարեց, թե Գյուլին հրավիրում է Երևան՝ «ֆուտբոլային» դիվանագիտություն խաղալու։ Մեր բոլոր զգուշացումները, սակայն, հաշվի չառնվեցին «նախաձեռնող» և քաղաքականությունը խաղամոլության հետ շփոթող ՀՀԿ «ճկուն» ղեկավարի կողմից։ Արդյունքում՝ ՀՀ իշխանությունը գնաց քաղաքականապես անգրագետ ու անհեռանկար գործողությունների, և մենք հասանք այսօրվա վիճակին։

Եթե նպատակդ նախագահական մրցապայքարի ժամանակվա մրցակցիդ գաղափարական դրոշը խլելն ու աթոռը պահելն է լինում, այլ ոչ թե պետական շահը, ապա ստացվում են այսպիսի ելքային տվյալներ։

Պարզ էր, որ եթե դու «էն գլխից» ընդունում ես թուրքական նախապայմաններից մեկը՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասով և այդ գնով ուզում ես Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորել, ապա օսմանյան կայսրության ժառանգները դա գնահատելու են ոչ թե որպես բարի կամքի դրսևորման, այլ թուլության նշան և անցնելու են գրոհի։ Որպես հետևանք՝ հայ–թուրքական «մեղրամսից» հետո Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի դադարեցվեց՝ վերածվելով Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա միջպետական վեճի առարկայի։ Սա հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման բացասական հետևանքներից մեկն է։

Հայ–թուրքական «ֆուտբոլի» բերած հաջորդ և ամենամեծ բացասական հետևանքը՝ Ղարաբաղի հարցում տեղի ունեցող գործընթացներն են։ Ճիշտ է, կան նաև այլ պատճառներ (ՀՀ նախագահի ու վարչապետի համատեղ իրականացրած խայտառակ տնտեսական քաղաքականություն, հինգերերոդ շարասյան ֆունկցիա կատարող տիտղոսային ընդդիմության առկայություն և այլն), որոնք հանգեցրել են Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերի թուլացմանը, բայց, մեծ հաշվով, հիմնական մեղավորությունը Սարգսյանինն է։

Օգտվելով Ս. Սարգսյանի կոպիտ սխալից՝ պաշտոնական Անկարան հնարավորություն ստացավ լեգիտիմ դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։ Աներկբա է, որ այն ինչ Սարգսյանի նախագահության օրոք տեղի է ունենում ղարաբաղյան ճակատում՝ բացառապես «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունք է։

«Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից»,– քաղաքական անմեղսունակի համոզվածությամբ  հայտարարել էր Սերժ Սարգսյանը Գյուլի հետ երևանյան հանդիպումից հետո (տե՛ս http://www.hhk.am/arm/interview.php?action=fullnews&id=10109)՝ աննորմալ համարելով Գյուլի օժանդակությունից հրաժարվելը։

Դժվար չէ հասկանալ, որ նմանատիպ նվեր ստանալուց հետո թուրք–ադրբեջանական տանդեմն անցնելու էր հարձակման և միջնորդների վրա ուղղակի կամ անուղղակի ճնշումներ կիրառելով՝ հայ–թուրքական արձանագրությունների տարածքից գնդակը տեղափոխելու էր Ղարաբաղի հարցով բանակցային սեղանի վրա՝ Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու հստակ մտադրությամբ։

Սերժ Սարգսյանին դրանից հետո այլ բան չմնաց, քան թուրքերից երեխայի պես նեղանալը, ինչպես նաև Ռուսաստանի գիրկը նետվելն ու ռուսական ռազմաբազաների Հայաստանում տեղակայման կեսդարյա պայմանագիր կնքելը։

Բնականաբար, Սարգսյանը հիմա արդեն «մոռացել» է այն մասին, որ Գյուլի երևանյան այցից հետո, համաձայն իր խոսքի, ինքը Բուրսա պետք է մեկներ Թուրքիա–Հայաստան պատասխան ֆուտբոլային հանդիպումը դիտելու միայն այն դեպքում, երբ մենք կունենայինք բաց սահման կամ կլինեինք սահմանի բացման նախաշեմին։  Հիմա ճիշտ ժամանակն է հարցնելու՝ պարո՛ն նախագահ, մենք բաց սահման ունե՞նք, թե՞ գտնվում ենք բացման նախաշեմին։

Արտաքին քաղաքական այս ձախողումներից հետո «հայրենասիրությո՛ւնը» դարձավ «ֆուտբոլասեր» նախագահի վերջին հանգրվանն ու միակ զբաղմունքը, չհաշված, իհարկե, ներքաղաքական դաշտում Լևոն Տեր–Պետրոսյանին «երկխոսացնելն» ու իր ուզածը ստանալուց հետո՝ ՀԱԿ առաջնորդին «քցելը»։

Բուրսա–Երևան–Կազան

Եթե «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում մենք դիվադադար էինք լինում գիշերային որոշումների պատճառով, ապա այժմ, երբ Ղարաբաղի խնդիրն է դարձել օրակարգային,  հայ ժողովուրդը քարոզչական տեռորի է ենթարկվում արդեն օրը ցերեկով։

Ղարաբաղի հարցով Կազանից սպասվող լուրերը սթրեսի աղբյուր էին։ Պարզ էր, որ ստատուս քվոն խախտելու որևէ փաստաթուղթ չէր կարող ստորագրվել, բայց  քանի որ Հայաստանի «նախաձեռնող» նախագահից ամեն ինչ էլ սպասելի էր, ուստի՝ ահագին անհանգստացանք, բայց այս անգամ էլ շունչներս տեղը բերեցինք։ Ժամանակավորապես։

Պետք է արձանագրել, որ Կազանում մեզ հերթական անգամ փրկեց ոչ թե սարգսյանական դիվանագիտության հմտությունը, այլ Ալիևն իր հիմարությամբ և ագահությամբ, ինչի համար պետք է շնորհակալ լինել նրանից։ Այնպես ինչպես հայ–թուրքական գործընթացի բուռն շրջանում, այնպես էլ այժմ՝ Ադրբեջանի նախագահը միանգամից է ուզում ստանալ այն, ինչը Սարգսյանը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հրապարակավ պատրաստակամություն է  հայտնում տալ փուլային տարբերակով։

Ստացվում է, որ ՀՀԿ–ական Սերժ Սարգսյանի «խաղաղասիրության» հիմքում ընկած է մուրացկանությունը և «Մեր ուժեղությունը մեր թուլության մեջ է» հականժդեհական կարգախոսը, իսկ արտաքին քաղաքականությունը կառուցվում է հետևյալ հաշվարկով. հայկական կողմը Ղարաբաղի հարցով  «այո» է ասում դրսի ուժերի բոլոր տիպի հակահայկական առաջարկներին՝ հույս ունենալով, որ Ադրբեջանը կասի «ոչ» ու հարևան պետության այդ կոշտ պահվածքի ֆոնին Սարգսյանի գլուխը կշոյեն աշխարհի մեծերն ու կգնան հերթական ավելի հակահայ մի որոշում բերելու, որպեսզի սիրաշահեն կոշտ Ալիևին, իսկ Սարգսյանն այդ ընթացքում ժամանակ կշահի և «ոչ» կասի Հայաստանի հասարակությանն ու կշարունակի «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գործը։ Առայժմ այդ մեթոդն աշխատում է և Հայաստանը ֆորմալ առումով խուսափում է վատթարագույն սցենարներից, բայց ինչքա՞ն կարելի է ապրել կատաստրոֆայի հետաձգման զգացումով։ Ինչքա՞ն կարելի է հույս ունենալ, որ Ալիևը էշություն կանի։ Չէ՞ որ Հայաստանի՛, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահը պետք է ապահովի մեր անվտանգությունը։

Իսկ այն, որ այս անգամ էլ մեզ հաջողվեց գլուխներս պրծացնել Ալիևի շնորհիվ՝ պարզ դարձավ նաև Կազանի հանդիպմանը հետևած պաշտոնական Երևանի  մեկնաբանություններից։

«Դովիլում եռանախագահող երկրները կոչ էին արել նախագահներին համաձայնության գալ Կազանում: Նախագահների հետ հեռախոսազրույցներում նախագահ Օբաման էր նույն կոչն արել: Նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձներ էր հղել նախագահներն: Սակայն ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»,– մի փոքր ափսոսանքով ու սեփական «նախաձեռնողականությունը» դրսին ցույց տալով ասել է Էդուարդ Նալբանդյանը՝ ակամայից հաստատելով, որ հնարավոր է դարձել վիճակը փրկել միայն ու միայն Ադրբեջանի ղեկավարի օգնությամբ։

Նալբանդյանի ասելով ստացվում է, որ մենք Կազանում, ինչպես Ցյուրիխում, որտեղ ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները, կստորագրեինք Հայաստանի կապիտուլյացիան նախատեսող թուրք–ադրբեջանական լոբբինգի շնորհիվ ծնված առաջարկների տակ, բայց քանի որ Ալիևը, ոգևորվելով Սարգսյանի «խաղաղասիրությունից», է՛լ ավելի շատ բան է պահանջել, ուստի՝ այդ իսկ պատճառով բեկում չարձանագրվեց։

Հետաքրքրիր է, թե ի՞նչ բեկման մասին կարող էր խոսք լինել, եթե սեղանին առկա փաստաթղթով Հայաստանը պետք է գնար միակողմանի զիջումների։ ՀՀ իշխանությունը բեկու՞մ էր ակնկալում։

Բոլոր հարցերը լուծվելու են Երևանում

Ակնհայտ է, որ այսպես չի կարող երկար շարունակվել։ Մի օր Ալիևը կարող է դուրս գալ իր իսկ քարոզչական թակարդի տակից ու «այո» ասել միջնորդների առաջարկներին։ Հեռու մնալու համար նման հեռանկարից՝ պետք է օր առաջ գնալ այս ռեժիմի ու դրա «պահապան–հրեշտակների» փոփոխության։

Հայաստանի համար ներկա իրավիճակի ամբողջ վտանգավորությունն այն է, որ փորձ է արվում Սարգսյանի այլընտրանք ներկայացնել 2008ի նախագահական ընտրություններից մնացած իներցիայի, ինչպես նաև սերժսարգսյանական նեղ թիմի շնորհիվ տիտղոսային ընդդիմության իր դիրքերը պահպանող Լևոն Տեր–Պետրոսյանին, ով Հայաստանի շահերին հարվածում է ոչ պակաս, քան ադրբեջանական դիվերսանտը կամ թուրքական լոբբին։

Ես նույնիսկ կասեի, որ Հայաստանի համար Տեր–Պետրոսյանի բացասական դերն ավելին է, քան ոխերիմ հարևանների արածները, քանի որ վերջիններիս դեպքում թշնամին հայտնի է, իսկ ահա թրքաբոլշևիկյան գաղափարախոսությամբ առաջնորդվող ՀԱԿ առաջնորդի պարագայում մենք գործ ունենք շատ ավելի վտանգավոր երևույթի՝ հինգերորդ շարասյան հետ, որին հայաստանցիներից ոմանք կարող են նաև չնկատել, այնպես ինչպես չի նկատվում քաղցկեղը, երբ հիվանդությունը նոր–նոր է գլուխ բարձրացնում։

Կազանի հանդիպումից առաջ Տեր–Պետրոսյանն իր «МН»–ին տված հարցազրույցով, կրկնելով թուրք–ադրբեջանական զույգի ասածները, թիկունքից  այնպիսի հարված հասցրեց Հայաստանի Հանրապետությանը, որ կարելի է արդեն խոսել շատ–շատերի համար մեր երկիրը ներսից քայքայող քաղցկեղի բացահայտ դառնալու մասին։ Իսկ դա նշանակում է, որ միայն քաղաքական վիրահատություն ենթադրող միջամտությամբ է հնարավոր ազատել ՀՀ–ն թրքաբոլշևիկյան այդ չարիքից և նրա կողմից պաշտպանվող «ֆուտբոլասեր» կառավարիչներից։ Այլ տարբերակ չկա։

Ինքնին հասկանալի է, որ հանրային լայն կոնսոլիդացիայի օգնությամբ երկխոսագլուխներ Սարգսյանին ու Տեր–Պետրոսյանին քաղաքական դաշտից հեռացնելուց հետո պետք է սկսել Հայաստանի արդիականացման լայնամասշտաբ գործընթաց՝ նպատակ ունենալով ստեղծել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության և զարգացման կայուն երաշխիքներ, զարգացած քաղաքացիական հասարակություն ու մրցունակ տնտեսություն։

Անդրանիկ Թևանյան

Հունիսի 30-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կզբաղեցնի իր պատվավոր տեղը հայկական երաժշտական գործիքների շարքում

June 26, 2011

Նախագահների Կազանյան հանդիպումն ավարտվեց` ըստ էության ոչինչ չփոխելով բանակցային գործընթացում: Հերթական անգամ միջնորդները գոհունակություն հայտնեցին ու առաջընթաց արձանագրեցին, հերթական անգամ ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց միջնորդներին, հերթական անգամ Ալիև պուճուրը նեղացավ ու գնաց: Վերջին օրերին ներքաղաքական դաշտում ամենասպասվող իրադարձությունը այդպես էլ չարդարացրեց սպասողների հույսերը, արդյունքում օգտվեց Արցախի ժողովուրդը, ստատուս քվոն շարունակեց շարունակվել: Ներքաղաքական կուլիսների հույսերը չարդարացրեց նաև ՀՅԴ ժողովը: Մեծ հաշվով դաշնակցությունը ոչ մի նոր բան չասեց և ոչ էլ սկանդալային հայտարարություն արեց, ինչին սպասեսում էին շատերը: Այս Առումով Կազանից նախագահ Սարգսյանը վերադարձավ ավելի վստահ քան մեկնել էր: Նախ Կազանում ոչ մի փասթաթուղթ չստորագրվեց և այս պարագայում ստատուս քվոյի պահպանումը, իրականում հայկական դիվանագիտության հաղթանակն էր արտաքին ճակատում, իսկ ներքաղաքական դաշտում լարվածությունը մեղմված է. ՀՅԴ-ն չի գնա արմատական լուծումների ճանապարհով:

Այս ֆոնին ՀՀ ներքաղաքական ամենքննարկվող թեման է դարձել ՀԱԿ նախաձեռնած համագումարը Հունիսի 30-ին: Հենց այս հանրահավաքի ժամանակ էլ ՀԱԿ առաջնորդը կպատասխանի Սերժ Սարգսյանի հայտարարությանը կապված ՀԱԿ-ՀՀԿ երկխոսության հետ, այսինքն Հունիսի 30-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կպատասխանի  համաձայն է  Սերժ Ազատիչի առաջարկած գնին, թե ինքն իրեն ավելի թանկ է գնահատում: Քաղաքական շրջանակների մտահոգությունները, ենթադրությունները ու հույսերը գլոբալ առումով չեն կարող իրականանալ: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող հունիսի 30-ին գնալ կտրուկ գործողությունների, որովհետև նախ և առաջ նա նման քայլի գնալու ոչ ցանկություն, ոչ էլ մտադրություն չունի և երկրորդ` նա վաղուց արդեն զրկված է այն կրիտիկական զանգվածից, որը ժամանակին վստահում ու հավատում էր նրան: ՀԱԿ-ից սկսված ինտելեկտուալ զանգվածի արտագաղթը դեպի Ազատ դեմոկրատներ, նվազեցրել է ՀԱԿ-ի վարկանիշը, թե երկրի ներսում, թե` արտաքին աշխարհում: Գլոբալ առումով ՀԱԿ-ը դադարել է լինել ընդիմադիր հատվածի գլխավոր ուժը, առավել ևս, որ հենց իրենք են դա ընդունում հայտարարելով որ արմատական ընդիմությունից անցում են կատարում դեպի Կարապետիչի հատված: Միաժամանակ ՀԱԿ-ի ամենավստահելի ստնտուներից մեկը` Քեռի Սեմը սկսել է խաղադրույքներ կատարել այլ ուժի վրա, դրա մասին բացահայտ հայտարարելով: Այս մասին էր վկայում նաև ԱՄՆ նախկին դեսպանի հանդիպումը Ազատ դեմոկրատների հետ:

Միանշանակ չէ նաև իրավիճակը ՀԱԿ-ի ներսում: Նախ Լևոն Տեր-Պետրոսյանը դադարել է լինել ՀԱԿ-ի Խորհրդանիշը: ՀԱԿ-ում արդեն հաճախացել են խոսակցությունները , որ Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինող է պետք, որ <<Ծերուկն արդեն անտանելի է դառնում>>: Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումները սկսել են անհասկանալի դառնալ ինչպես ՀԱԿ ակտիվիստների, այնպես էլ ղեկավար շրջանակների համար:

Այսպիսով իր դիրքերը կորցրած ՀԱԿ-ի հեղինակազրկված առաջնորդը, ով կորցրել է իր թիմի ինտելեկտուալ կոհորտան, հենված լինելով գագիկջհանգիրյանական հատվածի վրա, չունի այլ ճանապարհ քան համաձայնվել իրեն առաջարկված գնին և գնալ հերթական ընտրությունների` ստանալու իրեն բաժին պատգամավորական մանդատները ու զբաղեցնելու իր պատվավոր տեղը հայկական երաժշտական գործիքների շարքում: Այնպես որ ՀԱԿ հանրահավաքից շատ բան չարժի սպասել: Ելույթներ… կոչեր…. Մոնղոլ թաթարներ…կիսաբաց լուսամուտ…և հանրահավաքն ավարտվեց… հաջորդ հանրահավաքը օգոստոսին… այսքան բան:  Ու այսպես `մինչև հերթական ընտրություններ, կամ մինչև ուժի նոր բևեռի ի հայտ գալը:

Վահագն Հարությունյան

5 երեխաների մայր հայուհին քաղաքական ապաստան է խնդրել Թուրքիայից

June 23, 2011

neonews

Մարիամ Գիշյանն իր 6 հոգանոց ընտանիքի համար Թուրքիայից ապաստան է խնդրել, իսկ նախագահ Սարգսյանին գրել է, որ օվիրին վճարելիք պետտուրքի գումարը չունի, ուստի խնդրում է զրկել իրենց ՀՀ քաղաքացիությունից: «Քանի որ իմ եւ իմ 5 երեխաների նկատմամբ իրականացրել եք սպիտակ եղեռն` զրկելով բնակարանից, ապրուստից եւ մարդու իրավունքներից… Ես իմ տղաներին թույլ չեմ տալիս անբարոյական երկրում զինվորներ լինել»,- գրել է բազմազավակ Գիշյանը եւ նշել, որ ինքը հասցե չունի, հետեւաբար ստիպված է Սերժ Սարգսյանի պատասխանը ստանալ հենց նախագահականից: «Ինձ շատերը մեղադրում են, բայց թող ելք ցույց տան` ի՞նչ անեմ: Ինչքա՞ն կարելի է փողոցում ապրել: 8 տարի երեխաներս փողոցից են դպրոց գնացել: Որտեղ ասես, որ չենք գիշերել` ընդհուպ նախագահականի մոտի «Սիրահարների» այգում: Տուն ենք վարձում, գումարը չեմ կարողանում վճարել, ուշացնում եմ, շպրտում են դուրս»,- պատմում է Մարիամ Գիշյանը: Նրա 5 երեխաներն էլ չափահաս են, բայց չեն աշխատում, որովհետեւ, ինչպես մայրն է ասում, անձնագիր չունեն: Ավելին` նույն պատճառով 3 տղաները չեն զորակոչվում. «Ինձ զինկոմիսարիատից ասում են` թող հին հասցեով բանակ գնան, ես էլ ասում եմ` չէ, հին հասցեով անձնագիր չեք տալիս, բանակ ո՞նց եք տանում»: Իսկ Մարիամի ավագ որդին, երբ բանակից զորացրվել է, ընտանիքն արդեն անտուն էր:

Լալայանց 30 հասցեում գտնվող Մարիամ Գիշյանի 6 սենյականոց տունը ներառվել է Հյուսիսային պողոտայի օտարման գոտում: Պետության կարիքների անվան տակ ԾԻԳ-ի հայցով 2003 թ. դեկտեմբերին Կենտրոնի դատարանը որոշել է երկրորդ կարգի հաշմանդամ Գիշյանին պարտավորեցնել կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր եւ նրան ու իր ընտանիքի անդամներին Լալայանց 30 հասցեից վտարել` «Երեւանի վարչական սահմաններում 4 սենյականոց բնակարանի հատկացմամբ»:

«Գիշյան Մարիամը դատին չի մասնակցել, նա այս վճռից տեղյակ չի եղել եւ հնարավորություն չի ունեցել այն բողոքարկել: 15 օր հետո վճիռը ստացել է օրինական ուժ, եւ հարկադիր կատարողներն անմիջապես անցել են գործի: Նրանք ընտանիքին պետք է տրամադրեին 4 սենյականոց բնակարան, նոր վտարեին, ինչպես դատարանն է վճռել: Սակայն ԴԱՀԿ-ն բազմազավակ մորն իր փոքր երեխաների (2003 թ. Գիշյանի 5 երեխաներից 4-ն անչափահաս էին) հետ գցել է փողոց, իսկ բնակարանի հարցը ոչ մի ձեւ չեն լուծել»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

ԾԻԳ-ի այն ժամանակվա տնօրեն, ներկայումս կադաստրի պետի տեղակալ Կարեն Դավթյանն այս իրադարձություններից մոտ 1 տարի անց` 2004 թ. նոյեմբերին, դիմումներից մեկին գրավոր պատասխանել է, որ Կենտրոնի «դատարանի վճռով Մարիամ Գիշյանն իր ընտանիքի անդամների հետ 20 հազար 805 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (4 սենյականոց բնակարանի միջինացված արժեք) փոխհատուցմամբ վտարվել է Լալայանց 30 հասցեից»: Ուշագրավն այն է, որ այս պատասխանն ուղարկվել է Գիշյանի քանդված տան հասցեով:

«Դավթյան Կարենն աշխարհի ամենասուտասան մարդն է. դատարանի վճռի մեջ այդպիսի թիվ` 20,805 ԱՄՆ դոլար, գրված չէ: Որտեղ՞ից են այն վերցրել, ոչ ոք չգիտի»,- ասում է Ս. Բաղդասարյանը:

ԾԻԳ-ի ներկայիս տնօրեն Լեւոն Հակոբյանը Մարիամ Գիշյանին ուղղված գրավոր պատասխաններից մեկում նշել է, որ վերը «նշված գումարը փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին»: Սակայն Գիշյանն իր տան օտարման եւ ընտանիքի վտարման դիմաց ոչ մի լումա չի ստացել: Շատ հնարավոր է, որ ԴԱՀԿ-ում գումարն ուղղակի գրպանել են:

Պարզելու համար, թե իրականում ինչպես է տնօրինվել մոտ 21 հազար ԱՄՆ դոլարը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն դիմել է թե ԴԱՀԿ ծառայությանը, թե Երեւանի քաղաքապետարանին: ԴԱՀԿ-ից պատասխանել են, թե ոչինչ ասել չեն կարող, «քանի որ 2004 թ. կարճված կատարողական վարույթները ՀՀ արդարադատության նախարարի 24.02.2010 թ. թիվ 26-Ա հրամանի համաձայն` ոչնչացվել են»:

«Հետքի» խնդրանքով արդարադատարության նախարարությունը տրամադրել է նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հիշյալ հրամանի պատճենը: Դրանով հաստատվում է, որ «պահպանության ժամկետը լրացած եւ պահպանության ոչ ենթակա» մի շարք փաստաթղթեր, այդ թվում` Մարիամ Գիշյանի գործով հարուցված կատարողական վարույթի նյութերը, ոչնչացվել են: Ստացվում է, որ 20 հազար 805 դոլարի ճակատագիրը պարզել հնարավոր չէ:

Երեւանի քաղաքապետարանին, ավելի կոնկրետ` ԾԻԳ-ին, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն խնդրել է հայտնել, թե Մարիամ Գիշյանի տան շուկայական արժեքի գնահատումն ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս է կատարվել, որ ժամանակի դրությամբ է այն կազմել 20,805 դոլարին համարժեք դրամ, երբ եւ ում կողմից է այդ գումարը փոխանցվել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին:

Քաղաքապետարանը որեւէ պատասխան չի տվել: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն էլ, նշյալ տեղեկությունները ստանալու եւ Գիշյանին օգնելու ակնկալիքով, դիմել է դատարան: Ավելի քան 6 ամիս է` գործը դատարանում է: Այս ընթացքում 2 նիստ է եղել, իսկ ԾԻԳ-ի ներկայացուցիչը խոստացել է պահանջվող տեղեկատվությունը տրամադրել: Բայց գործն այդպես էլ առաջ չի գնում:

«Դատավարության հետ ես բոլորովին հույս չեմ կապում,- ասում է Մարիամ Գիշյանը,- 2-3 տարի առաջ դիմեցի Հայաստանի բոլոր դեսպանատներին: Բոլորն էլ մերժեցին: Հիմա Թուրքիային եմ դիմել, որ էս իշխանություններից վրեժ լուծեմ»:

Մարիամի պատմելով` արդեն 2 անգամ եղել է Թուրքիայում, հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներկայացրել իր հետ կատարվածի հիմնավորումները թե փաստաթղթերով, թե նաեւ լուսանկարներով:

«Մինիստրի հետ եմ հանդիպել, բայց նրա անունը դեռ չեմ ուզում բացահայտել: Ինձ հյուրանոցում համար էին տվել, թարգմանիչով էին ապահովել, թիկնապահներ էին վարձել, որ քրդերը խաթրիս չկպնեն: Էդ մարդն ասաց` արխային, ինչ-որ Հայաստանում կորցրել ես, մի բան էլ ավել կտանք, գումարով էլ կօգնենք, երեխաներիդ կրթություն կտանք ու աշխատանքով կապահովենք»,- պատմում է Մարիամը:

Նրա խոսքերով` մոտ օրերս նորից պետք է մեկնի Թուրքիա, քանի որ նախորդ անգամ չի կարողացել ընտանիքի ապաստան ստանալու համար անհրաժեշտ բոլոր գործերն ավարտել:

«Ամեն ինչ կիսատ թողեցի ու վերադարձա, որովհետեւ Հայաստանից լուր ստացա, որ երեխաներս հիվանդացել են: Ու եթե ճիշտն ասեմ` հետ եկա, որ էս իշխանություններին վերջին շանսը տամ, որ ունեցվածքս ինձ տան: Բայց մեկ ա, էսքանից հետո էլ դրանք մարդ չդարձան»,- ասում է Մարիամը:

Քաղաքացիությունից զրկելու` Սերժ Սարգսյանին հասցեագրված նրա դիմումին պատասխանել է նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի պետ Աիդա Ասատրյանը: «Ձեր կողմից արծարծված հարցի լուծումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- գրել է նա:

«Էս գրածից ոչ մի բան չհասկացա, մտածեցի, որ երեւի բնակարանի հարցն են որոշել լուծել: Գնացի տիկին Աիդայի մոտ, հարցրի` Ձեր գրածն ի՞նչ ա նշանակում, ասաց` Դուք հարց եք բարձրացրել, որ երեխաների հետ միասին Ձեզ ՀՀ քաղաքացիությունից զրկեն, էդ գործն ընթացքի մեջ է: Այսինքն` քաղաքացիությունից են զրկում»,- ասում է Մարիամը:

«Հետքի» հետ զրույցում Աիդա Ասատրյանը վստահեցրեց, որ ինքը Գիշյանին չի հանդիպել եւ նման բան չի ասել: «Նրան տրվել է միայն գրավոր պատասխան»,- ասաց Ասատրյանը` հրաժարվելով մեկնաբանել, թե կոնկրետ ինչ է ասվում այդ գրավոր պատասխանով: «Ավելացնելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց նախագահականի աշխատակիցը: Աղբյուր` hetq.am:

Չի կարող ուսուցիչը իր դաստիարակած և իրեն փոխարինած աշակերտին ընդդիմություն լինել

June 23, 2011

Դա երկխոսություն չէ, այլ թատերականացված ներկայացում, որ միասին խաղարկում են երկու անհատ: Մեկն իշխանությունը յուրացրել է, սակայն ներքին և արտաքին վստահության մեծ պակաս ունի, ինչպես նաև պետությունը արդյունավետ կառավարելու դժվարություն: Մյուսն իրեն միակ ընդդիմություն է ներկայացնում, որպեսզի քողարկի այն փաստը, որ դեռ երեկ իր ամբոխահաճ կարգախոսների հետևից գնացողների մեծ մասն այսօր իրենից երես են թեքել: Այսօր նրանք միմյանց կարիքն ունեն` յուրաքնաչյուրն իր դիրքը պահպանելու համար, որովհետև իրականում ոչ «իշխանությունն» է իշխանություն, ոչ էլ «ընդդիմությունն» է նրա ընդդիմությունը: Սերելով միևնույն ակունքից, տևական ժամանակ գործելով նույն թիմում` «երկխոսող բարձր կողմերը» ոչ արտաքին, ոչ ներքին կամ տնտեսական, ոչ էլ որևէ այլ էական հարցում տարբեր դիրքորոշումներ մինչ օրս չեն դրսևորել, հայ ժողովրդի նկատմամբ գործել են նույն սխալները և նույն հանցանքները: Վերջապես չի կարող ուսուցիչը իր դաստիարակած և իրեն փոխարինած աշակերտին ընդդիմություն լինել:

Անձամբ, խոշոր հաշվով, անտարբեր եմ եղել ինչպես նրանց հակամարտությանը, նույնպես էլ հիմա անտարբեր եմ սիրախաղին:

Ազատագրված տարածքներին վերաբերող միջնորդների նախաձեռնությունները մինչ այս էլ երբեք խորհրդարանում չեն հանդիպել ոչ լուրջ, ոչ էլ որևէ այլ դիմադրության: Ինչպես համանախագահներն են սիրում պարբերաբար կրկնել. «իշխանությունները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ»: Կարծում եմ անգամ միակուսակցական խորհրդարանի դեպքում, միևնույն է, «ժողովուրդը պատրաստ չի լինի» ու գնալով ավելի անպատրաստ կդառնա: Իշխանության որևէ քայլ, որը կենթադրի տարածքային զիջում, կունենա երկու հետևանք` նախ պատերազմ` անկանխատեսելի հետևանքներով, և, երկրորդը, անկախ պատերազմի արդյունքից, դա կլինի այդ դավաճանած իշխանության քաղաքական ինքնասպանությունը:

Հիմա ազգայնական կամ ազգային ուժերի ենթադրյալ պարտության մասին: Ազգայնական ասելով մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Ազգային գերազանցության գաղափարի հիման վրա գործող և իրենց ազգայնական կոչող խմբակները երբեք էլ քաղաքական իմաստով մեծ ազդեցություն չեն ունեցել և դժվար թե երբևէ ունենան: Միաժամանակ, գոյություն ունի օտարամոլությամբ կամ նյութապաշտությամբ չտառապող, գլխավորապես ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող, սակայն ոչ ազգայնամոլ գործիչների ու խմբակների բավականին մեծ շերտ, որոնք ոչ իրենք են իրենց ազգայնական համարում, ոչ էլ հանրությունն է նրանց այդպես կոչում: Այստեղ ես  կարող եմ խոսել միայն այս երկրորդ տեսակի մասին, որը կնախընտրեի կոչել ազգային, կամ հայաստանակենտրոն, բայց ոչ ազգայնական:

Այս ազգային կամ հայաստանակենտրոն բևեռը, փաստորեն, մի կողմից այնքան ներուժ ունի, որ տապալում է, օրինակ, տարատեսակ ճանապարհային քարտեզներ, քիուեսթյան համաձայնությունները կամ սերժ-թուրքական արձանագրությունները, մյուս կողմից Հայաստանի քաղաքական դաշտում, որպես ինքնուրույն և ամբողջական միավոր, այն ներկա չէ: Ու քանի դեռ ներկա չէ, չի կարող ընտրություն կատարել պայքարի քաղաքական կամ ուժային մեթոդների միջև: Իհարկե կան փոքր կազմակերպություններ, որոնց կարելի է նաև ազգային բևեռի կառույցներ համարել, որոնք չնայած քաղաքական դաշտի լուսանցքում են, բայց կարող են ընտրել պայքարի «քաղաքական» կամ «ուժային», կամ բոլորովին այլ մարտավարություններ: Սակայն նրանք դա կանեն ոչ որպես ազգային բևեռի ներկայացուցիչներ: Օրինակ` «Սարդարապատը» դա անում է որպես ընդհանուր ընդդիմադիր շարժման մի միավոր:

Իսկ եթե մի օր ազգային բևեռում ձևավորվի ազդեցիկ քաղաքական կազմակերպություն, որը դուրս կգա քաղաքական դաշտի լուսանցքից և իշխանության հայտ կներկայացնի, ապա այն վստահ եմ, որ կընտրի պայքարի քաղաքական միջոցները, քանի դեռ դրանք առկա են և չի մերժի ուժային դիմադրությունը, եթե դա լինի ազգային դավաճանությունը կանխելու միակ տարբերակը:

Իրականում ազգային ուժերը այնքան էլ պառակտված չեն, համենայն դեպս մյուս ուժերից ավելի պառակտված չեն: Պարզապես, նրանք կազմակերպված չեն որպես միասնական քաղաքական կառույց: Դա էլ ունի իր առարկայական պատճառները և, կարծում եմ, պայմանավորված չէ անձնական հավակնություններով, թեև այլ բնույթի անձնական խնդիրներ միշտ էլ կարող են ծագել:

Նախ նկատենք, որ քաղաքական դաշտի ազգային բևեռը գաղափարական կամ կադրային առումով կայանալու խնդիր չունի: Միակ խնդիրը նյութական ռեսուրսների խիստ պակասն է` քաղաքական գործունեության բավականին ծախսատարության համեմատ: Հասկանալի է, որ ոչ երկրի մեծահարուստները, ոչ էլ օտար կենտրոնները նրանց չպետք է ուզենան ֆինանսավորել, որովհետև իսկապես ազգային գործիչները չեն ուզենա դառնալ ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների գործակալները: Հույսը մնում է ժողովրդի վրա, որը նախ աղքատ է և, երկրորդը, առայժմ չի վերականգնել իր քաղաքական ինքնակազմակերպման մշակույթը, որը կորցրել ենք խորհրդային տարիներին:

Ահա այս պայմանների պատճառով է, որ ազգային ուժերը առայժմ չեն հայտնվում քաղաքական պայքարի գլխավոր առանցքում: Եվ քանի որ իշխանությանը մարտահրավեր նետողը դեռ իրենք չեն, ապա փնտրում են քաղաքական կյանքին մասնակցելու այլ, երբեմն շատ երկիմաստ հնարավորություններ: Նշեմ դրանցից հիմնական երկուսը` 2008թ-ի օրինակով: Ազգային գործիչների մի մասը, որը իրավամբ շատ մեծ սպառնալիք էր համարում իշխանության վերարտադրությունը հանձինս Սերժ Սարգսյանի, որոշեց ընտրել իր կարծիքով չարիքի փոքրագույնը` մարտավարական նկատառումներով միացավ Տեր-Պետրոսյանի շարժմանը, հավատալով, որ այն կարող է տապալել իշխանական բուրգը, և հուսալով, որ խոստացվող ավելի ժողովրդավարական պայմաններում ազգային ուժերը ավելի մեծ ազդեցություն կունենան: Ազգային գործիչների մեկ այլ խումբ, ավելի մեծ սպառնալիք համարեց Տեր-Պետրոսյանի վերադարձը և չարիքի փոքրագույն համարեց Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը: Ու թեև ձևական առումով չմիացավ վերջինիս սատարողներին, սակայն նրանցից արդյունավետ լծվեց հակատերպետրոսյանական քարոզչությանը: Փաստորեն, այս երկու խմբերը հայտնվել էին այս կամ այն ճամբարում ոչ թե դրա առաջնորդին պաշտպանելու ցանկությամբ, այլ մյուս ճամբարի առաջնորդին ավելի ատելու պատճառով, ինչը և հաստատվեց հետագայում: Երբ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ ստորագրեց նախ ճանապարհային քարտեզը, հետո արձանագրությունները, ապա հանդիպեց ոչ թե տեր-պետրոսյանական ընդդիմության, այլ հենց վերջինիս դեմ պայքարող ազգային խմբերի դիմադրությանը: Իսկ երբ Տեր-Պետրոսյանը նորից սկսեց կրկնել Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների մասին իր հայտնի դիրքորոշումը ու փաստորեն սատարեց վարչախմբին, ապա նրա դեմ էլ առաջին հերթին դուրս եկան այն ազգային գործիչներն ու խմբերը, որոնք մինչ այդ սատարել էին նրան իշխանափոխության պայքարում:

Թվում էր, թե այդ օրերին, երբ ակնհայտ դարձավ իշխանության և ընդդիմության ղեկավարների նույնականությունը, հնարավոր կդառնա միավորել ազգային բևեռի այս երկու թևերը` ընդդեմ երկգլխանի ընդհանուր հակառակորդի: Սակայն, ցավոք, մենք բախվեցինք երկու ճամբարների ազգային գործիչների փոխադարձ անվստահության խնդրին: Նրանք, ովքեր ատում էին Տեր-Պետրոսյանին չկարողացան ներել նրանց, ովքեր հավատացին այդ մարդուն ու փորձեցին որպես «գործիք» օգտագործել: Իսկ նրանք, ովքեր ավելի մեծ սպառնալիք էին տեսնում Սերժ Սարգսյանի կերպարում, իշխանության գործակալներ էին համարում նրանց, ովքեր ակամա օգնում էին վերջինիս` պայքարելով Տեր-Պետրոսյանի վերադարձի դեմ: Սա է ազգային բևեռի պառակտվածության միակ օրինակը:

Որքանով է այս վիճակը բնութագրական քաղաքական դաշտի ազգային բևեռին` չգիտեմ: Բայց պետք է հաստատեմ, որ ամեն դեպքում բոլոր թևերի գործիչներն էլ, խմբակներն էլ անում են մոտավորապես նույն գործը, որոշ իմաստով փոխլրացնում են միմյանց, և եթե առաջընթացով բավարարված չենք, բայց հետընթաց էլ չենք նկատում:

Այո, մեր առաջարկությունը ենթադրում է հիմնարար կազմակերպական շինարարություն, սակայն ոչ անպայման և ոչ այնքան երկարաժամկետ: Այն երկարաժամկետ է թվում միայն նրանց, ովքեր հենց հիմա իշխանությունը գրավելու ցանկություն ունեն` անհասկանալի է թե ինչպես, անհասկանալի է, թե ում համար: Փոխարենը այն չափից ավելի արագ և ժամանակավրեպ է թվում նրանց, ովքեր կարծում են, թե Երկրում ազգային մտածողությունը դեռ փոքրամասնական է և տարիների դաստիարակչական աշխատանքից և բազմանալուց հետո միայն այն հնարավոր կլինի ձևակերպել որպես քաղաքական շարժում:

Նկատենք, որ նախաձեռնության հեղինակները մարդիկ էին, որոնք 2008-ին չուզեցին չարիքի փոքրագույն ընտրել, չառանձնացրեցին և նախապատվություն չտվեցին ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի դեմ տարվող պայքարին, այլ դրանք դիտարկեցին որպես մեկ ամբողջական պայքար` ընդդեմ 1991թ-ից այսկողմ Հայաստանում տիրապետող միևնույն քաղաքական վերնախավի, նրա օտարամոլության և նյութապաշտության, ազգային խնդիրները ընկալելու անընդունակության, շարունակական կործանիչ արտաքին և ներքին, տնտեսական և մշակութային քաղաքականության:

Նախագիծը նաև քաղաքական դաշտը վերաձևելու առաջարկություն էր: Այն, ինչպես արդեն ասեցի, այդ օրերին բաժանված էր ոչ թե գաղափարական այլ անձնական հակասությունների հիման վրա: Երկու` թե հակալևոն, թե հակասերժ ճամբարներում էլ կային ներքին գաղափարական հակասություններ: Մասնավորապես, երկու ճամբարներում էլ կային տարածք հանձնողներ և չհանձնողներ: Մենք առաջարկեցինք, որ երկու ճամբարի «չհանձնողները» միավորվեն և հանդես գան որպես մեկ ազգային բևեռ, քաղաքական առանցքի մյուս կողմում թողնելով «հանձնողներին»` փաստորեն, թե իշխող վարչախմբին, թե հրապարակի կեղծ ընդդիմությանը: Քանի որ դա տեղի չունեցավ, մեր առաջարկությունը պետք է որոշ փոփոխությունների ենթարկվեր: Նախ մենք հասկացանք, որ ոչ թե միմյանց չվստահող գործիչներին է պետք միավորել, այլ պետք է փորձել կազմակերպել նրանց ընդհանուր համակիր զանգվածին կամ դրա հնարավորինս մեծ մասին: Նաև մենք առանձնացրեցինք այն խնդիրները, որ պատրաստվում էինք լուծել մեկ փաթեթով, և հիմա դրանք (քաղաքական պլատֆորմի առանձին դրույթները, ներկազմակերպական ժողովրդավարության մշակույթի տարրերը, ինքնավար և ինքնաբավ կազմակերպական շինարարության տեխնոլոգիաները) հանդես են գալիս որպես առանձին առաջարկություններ և մարդիկ մի կետի հետ անհամաձայն լինելու պատճառով ամեն բան չեն մերժում: Վերջապես, մենք հասկացանք, որ կան տարածված բարդույթներ, որոնք պետք է ինչ-որ կերպ շրջանցել, ինչպես, օրինակ, ատելությունը «կուսակցություն» բառի նկատմամբ, կամ կասկածները որևէ առաջարկի հեղինակների թաքուն մտադրությունների մասին ու կարծես թե գտել ենք որոշ տարբերակներ: Հիմա մենք շարունակում ենք աշխատել բոլոր այս ուղղություններով և ուրախ ենք, որ լավ արձագանք ենք ստանում հատկապես երիտասարդության, սակայն ոչ միայն երիտասարդության շրջանում:

Ինչ վերաբերում է նրան, թե «ազգայնական շրջանակներում» ավելի մեծ ժողովրդականություն է վայելում ուժային մեթոդներով իշխանության զավթումը, ապա ես նման բան ուղղակի չեմ տեսնում: Այդպիսի տենդենց կա միայն տեր-պետրոսյանական շարժման ներսում, սակայն անգամ այնտեղ դա «երկխոսությունից դժգոհող» փոքրամասնության ձգտումն է: Գուցե նման երևույթ կարելի է նկատել նաև այդ շարժումից հիմա հեռացած ազգային գործիչների կամ խմբակների մի մասի մոտ: Սակայն դրանով էլ սպառվում է ուժային գործողությունների սիրահարների ցուցակը:

Գուցե այն պատճառով, որ մարդիկ չեն համարում, թե ընտրակաշառքը հետամնացության նշան է: Եվ իսկապես, միթե՞ դա մեր ժողովրդին վատ է բնութագրում:

Անգամ եթե համարենք, որ «զարգացած ժողովրդավարություններում» ուղղակի ընտրակաշառքը բացակայում է, ինչը բոլորովին էլ այդպես չէ, միթե այնտեղ քաղաքական ուժերը ընտրողներին մշտապես չեն խաբում, և միթե ժողովուրդների այդ զանգվածային հիմարացումը հիմնված չէ մեծ փողի վրա: Իսկ եթե այդպես է, ապա մենք պետք է հպարտ լինենք, որ մեր քաղաքացին ամերիկացուց կամ եվրոպացուց ավելի լավ է հասկանում, որ ընտրության արդյունքը իրենից կախված չէ, իսկ ինչ չափով, որ կախված է, այն անիմաստ է: Որովհետև, եթե քեզ առաջարկում են ընտրել, մի կողմից, Քոչարյանի, մյուս կողմից, Դեմիրճյանի տղայի կամ Գեղամյանի միջև, ապա դա ընդունենք, որ լուրջ ընտրություն չէ: Քաղաքական տեսակետից ընտրությունը նույնքան անիմաստ է, երբ թեկնածուները Տեր-Պետրոսյանն ու նրա դաստիարակած գործիչ Սերժ Սարգսյանն են:

Վերջապես, պետք է ընդունենք, որ ընտրության իրավունք ունեցողների զգալի մասը, անգամ եթե ցանկանա, չի կարող ոչ իր, ոչ էլ երկրի շահերից բխող տրամաբանական և հիմնավոր ընտրություն կատարել, ոչ «հետամնաց» Հայաստանում, ոչ էլ որևէ «զարգացած ժողովրդավարությունում»: Բայց նրա ձեռքն են տալիս քվեաթերթիկ և ասում են ծիտիկ նկարիր: Հայն այդ ծիտիկը նկարելու համար փող է վերցնում, իսկ ամերիկացին գուցե դեռ ինքն է վճարում:

Ես էլ չեմ մասնակցում անիմաստ քվեարկություններին: Ճիշտ է ընտրակաշառք էլ չեմ վերցնում, բայց միաժամանակ չեմ էլ մեղադրում այն վերցնողներին: Տվեք մարդկանց իսկապես այլընտրանքային ընտրություն, որը նա գիտակցում է և ընդունակ է կատարել ու նա հաստատ կաշառք չի վերցնի, ինչքան էլ աղքատ լինի:

Հետևաբար տվյալ դեպքում ամոթը ոչ թե ընտրակաշառքն է, այլ այն քաղաքական համակարգը, որն ընդօրինակել ենք նույն «զարգացածներից»: Հիմա ումի՞ց ամաչենք:

Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում «զարգացում և ուժեղացում» ասելով: Եթե նկատի ունենք տնտեսական զարգացումը, ապա տարածքային և այլ կարգի պահանջների բոլոր հիմքերն ունեցող, բայց դրանցից փաստորեն հրաժարվող ՀՀ-ն, կարծես թե, այնքան էլ չի զարգանում:

Գուցե՞ պատճառն այն է, որ մեր ղեկավարները դեռ քիչ են զիջել: Եթե Ադրբեջանին նվիրենք Արցախը, Սյունիքը ու Սևանի ափը, իսկ Թուրքիայից էլ ներողություն հայցենք մի քանի երիտթուրքի ու նույնքան էլ դիվանագետների սպանության համար, գուցե այդ դեպքում զարգանանք: Այսինքն, երբ մեզ ներեն, գուցե՞ թույլ տան ապրել, աշխատել կամ առևտուր անել իրենց թուրքական տարածաշրջանում: Արդյո՞ք դա կարելի կլինի զարգացում համարել և արդյո՞ք նման զարգացումը կարելի կլինի կոչել Հայաստանի զարգացում: Կարծում եմ Հայ ժողովրդի փակուղին հենց նման «զարգացումը» կլինի, որի արդյունքում մենք կվերածվենք թուրքական շրջապատում ձուլվող 2-3 տոկոսանոց փոքրամասնության, որն անգամ Երևանի շուկայում թուրքերեն կխոսի: Թեև ունենք այլընտրանք` կարող ենք արտագաղթել և ձուլվել ավելի հաճելի ամերիկյան, եվրոպական կամ ռուսական միջավայրում:

Հայաստանի իրական զարգացումը և ուժեղացումը կարող է լինել միայն ի հեճուկս իր թուրքական շրջապատի: Սա առարկայական հանգամանք է: Ի դեպ, թշնամական շրջապատի առկայությունը, դրա դիմադրության հաղթահարման հրամայականը ինքնին մեծ խթան է զարգացման համար, եթե, իհարկե, բավարար կամք և վճառականություն ցուցաբերենք:

Միաժամանակ, Հայաստանը հարևան, այդ թվում թուրքացված ժողովուրդների համար կարող է և պետք է դառնա քաղաքակրթական այլընտրանք, մշակութային փարոս, ինչպիսին եղել է դարեր շարունակ: Դրա ներուժը մենք մինչ օրս պահպանում ենք: Եվ երբ հայկականը վերստին բացահայտի իր գերազանցությունը թուրքական քաղաքակրթության և մշակույթի նկատմամբ, ապա հարևան ժողովուրդները նույնպես կկարողանան թերթել իրենց պատմության մութ էջը: Սա է թշնամական շրջապատի հետ բարեկամանալու միակ հնարավորությունը:

Հայաստանի զարգացման երկու ռազմավարությունները` «ինտեգրացիոնը» և  «ի հեճուկս թշնամական շրջապատի» զարգացումը տարամետ են: Նրանց միջև փոխզիջում չի կարող լինել, բայց մենք տարիներ շարունակ խարխափում ենք դրանց հակասական խառնուրդի մեջ և չենք կարողանում վերջնական ընտրություն կատարել «պայքարի» և «ինքնասպանության» միջև:

Մի կողմից, նյութապաշտությունն, օտարամոլությունն ու հոգնածությունը մեզ, և առաջին հերթին իշխող վարչակազմերին, մղում են դեպի ինտեգրացիոն ինքնասպանության: Ճիշտ է, նրանք խոսում են եվրոպական ինտեգրացիայի մասին` փորձելով քաղցրացնել թույնը: Բայց դրանից էությունը չի փոխվում, որովհետև եվրոպականին նախորդում և հաջորդում է տարածաշրջանային ինտեգրացիան, տվյալ դեպքում թուրքականի մեջ մեր ներառնվելը:

Մյուս կողմից, բոլորս տեսնում ենք, որ այդ ուղղությամբ կատարվող յուրաքանչյուր խոշոր զիջում կամ քայլ լուրջ դժգոհություն և դիմադրություն է առաջացնում: Բացի այդ մենք շարունակում ենք հպարտանալ մեր արցախյան կամ, օրինակ, սարդարապատյան հաղթանակներով, որոնք «ի հեճուկս» ռազմավարության զարգացման նշանակալի դրսևորումներ են:

Այդ ռազմավարությունը կարելի է կոչել նաև «ազգային սուբյեկտության պահպանման» ռազմավարություն: Այսօր բազմաթիվ ազգեր, առաջին հերթին փոքրերը, կորցնում են իրենց սուբյեկտությունը, անգամ եթե նրանց պետությունները ձևականորեն շարունակում են գոյություն ունենալ բարեկամական շրջապատում: Զարգանալուց առաջ հայությունը նախ պետք է պահպանվի որպես ինքնուրույն ազգային նպատակներ սահմանող և լուծող հավաքականություն: Դա է զարգացման գլխավոր նախապայմանը: Առանց դրա ցանկացած զարգացում փուչ է և կեղծ, քանի բացակայում է զարգացող սուբյեկտը: Իսկ երբ որևէ մեկը փորձում է ազգային նպատակներ ձևակերպել, երբեք չի կարող շրջանցել հայրենիքի կամ ազգային կենսատարածքի վերականգնման նպատակը, որը նաև բնակչության թվի աճի, ազգային անկախության ու սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու, հարազատ հոգևոր-մշակութային միջավայրը պահպանելու նախապայման է:

Արմատական փոփոխություն իրականացնելու որևէ ցանկություն ես չեմ տեսնում: Իսկ ինչ փոփոխություն էլ, որ տեսնում եմ, դա էլ դժվարանում եմ ոչ միայն արմատական համարել, այլև ընդհանրապես մեծ վերապահումով եմ փոփոխություն համարում: Այնպես որ հասցնել-չհասցնելու խնդիր չկա:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել քոչարյանական իշխանության մեղքերի պատասխանատվությունից և ներկայանալ նոր, ավելի ընդունելի դիմակով: Միաժամանակ նա փորձում է կանխել անձամբ Քոչարյանի վերադարձը: Կարծում եմ փոփոխությունների մասին վարչախմբի կողմից եկող ազդանշանները գլխավորապես այս նպատակն ունեն:

Այս գործում բավականին ակտիվ է իրեն դրսևորում Տիգրան Սարգսյանը, ով ոչ միայն վարչապետ է, այլև Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդատուն: Ավելի ուշ նա պատրաստվում է ժառանգել իշխանությունը, իսկ մինչ այդ փորձում է փոխել` իր կերպարով և նմանությամբ ձևավորել ամբողջ իշխանությունը: Վարչապետի համար նաև կարևոր է, որ Սերժ Սարգսյանը չկորցնի իշխանությունը, որպեսզի ավելի ուշ այն փոխանցի իրեն, մինչ այդ կատարելով յուրօրինակ անցումային փուլի դերը:

Ինչ կապ ունի այս ամենի հետ ԼՏՊ-ն: Ուղղակի կապ չունի: Պարզապես նա էլ իր խնդիրներն ունի, որ պետք է լուծի նախքան վերջնական հեռանալը: Նախ, առաջին նախագահն անպայման պետք է հաղթած հեռանա, եթե ոչ Սերժ Սարգսյանին, ապա գոնե Ռոբերտ Քոչարյանին: Նրան այլ հաղթանակներ էլ են պետք, ինչպիսին եղան քաղբանտարկյալների ազատումը կամ հանրահավաքների տեղափոխումը Ազատության հրապարակ: Ավելի նշանակալի հաղթանակ կլինի Դաշնակցության և Ժառանգության դուրս մղումը խորհրդարանից և ՀԱԿ-ին միակ ընդդիմության դերում հաստատելը: Բայց այսօրվա ժողովրդական աջակցությունը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար: Ուրեմն պետք է ստանալ իշխող վարչախմբի աջակցությունը: Իսկ փուշը հանած և օրեցօր հեղինակազրկվող ՀԱԿ-ը, խորհրադարանական ընդդիմության դերում, Սերժ Սարգսյանի համար ոչ միայն անվտանգ է, այլև օգտակար` գաղափարական նմանության պատճառով:

Ահա թե ինչու ասում եմ, որ «երկխոսությունը» լուծում է անձերի, այլ ոչ թե երկրի խնդիրները: Կարծում եմ, որ ԼՏՊ-ի հետ կայացած գործարքի մեջ երկրում ինչ-որ փոփոխություններ իրականացնելու մասին կետեր չեն կարող լինել:

Պետրոս Գետադարձից մինչև բոլշևիզմ և Լևոն Տեր-Պետրոսյան. ինչպես է երկիր վաճառելու քաղաքականությունը ժառանգաբար փոխանցվել

June 20, 2011

zham.am

Եկեղեցի, բոլշևիզմ և լևոնական ՀՀՇ-ը (շեշտում եմ, քանի որ այլ էր մինչ լևոնական ՀՀՇ-ն)- Հայոց պատմության վերջին հազարամյակի ընթացքում առաջացած այն երեք ուժերը, որոնք պատրաստ են վաճառել Հայաստանը իրենց կամ մեկ այլ շահերի համար: Այս երեք ուժերը այլ ուժերից տարբերվում են նրանով, որ ոչ թե Հայաստանը հանձում են պատերազմում պարտություն կրելու արդյունքում, այլ խաղաղ պայմաններում, այն դեպքում, երբ հնարավոր է չհանձնել, նույնիսկ, երբ երկիրը հաղթող կողմն է լինում կամ գոնե չի զիջում իր ուժերով թշնամուն, բայց հանձնում են. Ինչի՞ համար, դա կարևոր չի` կամ նեղ խմբակային շահերի կամ գաղափարի համար, կարևորը որ հանձնում են:

Առաջին երկուսին դա հաջողվել է, երրորդը պայքարում է դրան հասնելու համար:

Այս երեք ուժերի մյուս ընդհանրությունը այն է, որ երկիրը վաճառելուն զուգընթաց ամենադաժան պայքարն են տարել այն հայրենակիցների դեմ ովքեր չեն կիսում իրենց հայացքները:

Բայց երկիր ծախելու ավանդույթը բարոյականության է դարձրել ու արդարացրել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, մյուսները դարձել են նրա դրած կարգից օգտվողներ ու ուղղակի դարձել եկեղեցու քաղաքակնության հետևորդները:

1. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

Միջնադարում Հայաստանին հասած երկու գլխավոր աղետները կապված են Հայաստանյայց եկեղեցու և նրա երեք կաթողիկոսների հետ:

Մեկը 1604-1605թթ. Շահ Աբասի կազմակերպած Հայաստանի տեղահանումն էր, երբ 300 հազար հայ քշվեց Պարսկաստան:

Պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ այդ տեղհանաության պատճառը Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսներն էին, ովքեր գնացին Շահ Աբասի մոտ, մատնեցին Հայաստանի բոլոր գաղտնիքները, դիրք ունեցող մարդկանց տեղերը, որ նրա միջոցով երրորդ կաթողիկոս Սրապիոնին հեռացնեն. ««Խորհուրդ արին, բայց ոչ տիրոջ միջոցով, ըստ գրվածի, ի կորուստ իրենց և ի կործանում և տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին իրենց միջև արված հաստատությամբ. Որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ»: Ապա նաև Մելքիսեթի մասին գրում է.«Շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց»: (Այս մասին ավելի մանրամասն տես`«Բենթլիի վկաները. ինչպես էին հայ կաթողիկոսները իրար «կոկորդ կրծում»:

Մյուս աղետը այս տեղհանաությունից վեց հարյուր տարի առաջ Անին ծախելն էր:

Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երեք անգամ Անին վաճառում է Բյուզանդական երեք տարբեր կայսրերին:

Առաջին անգամ Անին հանձնում է 1022թվին, Տրապիզոնում հանդիպում է Բյուզանդիայի կայսր Բարսեղ (Վասիլ) Բ-ին ու ձևակերպում է Հովհաննես Սմբատ թագավորի կտակը, որ իր մահից հետո Անին անցնելու է Բյուզանդիային: Արիստակես Լաստիվերցին գրում է, որ այնտեղ Տրապիզոնում «գրվեց հայերի կորստյան կտակ-նամակը, որովհետև Հովհաննես Սմբատը պատվեր էր տվել հայրապետին թե գրություն գրիր և կտակ տուր թագավորին, որ իմ մահից հետո իմ քաղաքաներն ու ու երկիրը նրան եմ հանձնում որպես ժառանգություն»:

Հովհաննես Սմբատն էլ ինչ է թե թագը չանցնի իր եղբորը` Աշոտին, այն կտակում է Բյուզանդիային:

Ապա, Բյուզանդիայի կայսր Կոնստանտինը, ով ազգությամբ հայ էր, մահվանից առաջ կտակը հետ է վերադարձնում թագավորին հայ հոգևորական Կիրակոսի միջոցով, սակայն նա այն տեղ չի հասնում և ծախում է հաջորդ կայսրին: Լաստիվերցին գրում է. «Երբ մեծ Կոնստանդինը պառկած էր այն հիվանդությամբ որից և մեռավ հրաման տվեց մոտը եղածներին. «Դուրս եկեք փնտրեցեք մի մարդ հայոց աշխարհից և ում որ գտնեք բերե՛ք այստեղ »: Խնդրակները գնալով գտան Կիրակոս անունով մի երեցի, որը կաթողիկոսարանի հյուրընկալն էր, և բերին թագավորի մոտ: Թագավորը հայոց աշխարհի վերաբերյալ նամակը տվեց նրան ու ասաց. «Այս գրությունը տար և տուր հայոց թագավորին ու ասա՛ թե որովհետև բոլոր հողածինների նման մահվան հրավերը մեզ հասավ, ա՛ռ քո գրությունը և քո թագավորությունը տուր որդուդ, իսկ քո որդին իր որդիներին մինչև հավիտյան»: Եվ ինքը մահճում պառկած վախճանվեց: Իսկ Կիրակոսը նամակը պահեց իր մոտ մինչև Միխայիլի թագավորելը և նրան վաճառելով ստացավ շատ գանձեր: Ավա՜ղ այն ցավալի առևտրին որքան մարդկանց արյունապարտ դարձավ, ինչքա՜ն եկեղեցիներ ավերվեցին այդ վաճառքի պատճառով, քանի՜ գավառներ դարձան անմարդաբնակ ու ամայի, քանի՜ մեծանիստ ավաններ զրկվեցին բնակչությունից»:

Պատմաբան Բաբկեն Հարությունյանը գրում է, որ Կիրակոս երեցը Պետրոս Գետադարձի մարդն էր ու ամենայն հավանականությամբ հենց Պետրոսն է վաճառել կտակը Միքայել Դ Պափլագոն կայսրին:

Ուրեմն Պետրոսը երկրորդ անգամ է հանձնում Անին: Լաստիվերցին այդ վաճառքը բնութագրում է.«Այս վաճառքն ինձ ավելի անմարդկային է թվում, քան Հուդայինը»:

Կտակից քսան տարի անց Հովհաննես Սմբատի մահից հետո Բյուզանդիան արշավում է Անիի վրա տեր կանգնելու իր կտակին: Այդ ժամնակ Հայաստանի թագավոր է օծվում թագի օրինական ժառանգը` Աշոտ 4-րդի որդի Գագիկ 2-րդը:

Բյուզանդիան մի քանի անգամ փորձում է գրավել Անին, սակայն ուժեղ հակահարված ստանալով նահանջում է: Ի՞նչ անի-ի՞նչ չանի Կոստանդին 10-րդ Մոնոմախոս կայսրը, որոշում է ֆռցնել Գագիկին, մի կերպ բերել Կոնստանդնուպոլիս ու արգելափակել: Կայսրը խաչով ու ավետարանով երդվում է, թե պատրաստ է նրան թողնել Հայաստանը և հրավիրում իր մոտ հետևյալ նամակով. «Միայն քեզ տեսնելուց հետո թագավորությունդ կտամ քեզ և քո քաղաքին ու երկրին հավիտենական ժառանգ կհաստատեմ»: Բաբկեն Հարությունյանը գրում է, որ կայսրին այդ նենգությունը հուշած կլինի Պետրոս Գետադարձը:

Երկրին հաղթանակներ բերած Վահրամ Պահլավունի սպարապետը ու մյուս իշխանները Գագիկին համոզում են որ չգնա, որ դա ծուղակ է, բայց թագավորը նրանց չի լսում ու մեկնում է. «ենթարկվեց նենգավոր Սարգսի(Վեստ Սարգիս) սադրանքին`դուրս եկավ քաղաքից ու գնաց Հունաստան անդառնալի ուղևորությամբ»: Իսկ Անիի բանալիներն ու իշխանությունն էլ Գագիկը փոխանցում է Պետրոս Գետադարձին: Մոնոմախոսը բնականաբար խոսքը չի պահում, Գագիկին արգելափակում է ուԱնին ուզում, փոխարենը խոստանալով այլ այլ տեղ մի տարածք: Գետադարձն էլ Սամոսատի բյուզանդական կառավարչի միջոցով կայսրին հայտնում է, որ Անին կհանձնի լավ գումարի դիմաց.«Հայտնիր թագավորին, թե փոխարենը ի՞նչ կտա մեզ հատուցում, եթե ես հանձնեմ նրան այս քաղաքն ու մյուս բերդերը» Այս լսելով թագավորը գանձերով ու ու իշխանությամբ գոհացնելով հայրապետին` տիրեց Անիին ու ամբողջ երկրին»(Լաստիվերցի):

Այսպես, Պետրոս Գետադարձը երրորդ փորձից հետո Անին վերջնական վաճառում է 1045թվին:

Լաստիվերցին շեշտում է «Առնվեց Անին, բայց ոչ թե պատերազմական կարգով, այլ խաբեական խոսքերով»:

Անին հանձնելուց հետո հայկական զորամիավորումները առանց միջամտության սկսում են քայքայվել ու մի քանի տարի անց սելջուկյան արշավներին անկարող են լինում դիմադրել:

Պետականության կորուստը Հայաստանը գլորեց ու հասցրեց 1915թ. ցեղասպանությանը:

Լաստիվերցին ներկայացնելով, թե ոնց է Պետրոս Գետադարձը երկիրը մի քանի անգամ վաճառքի հանում, որի արդյունքում ինչպես են ավերվում բնակավայրերը, այսուհանդերձ նրա հասցեին ոչ մի թթու խոսք չի ասում, հակառակը ներկայացնում է թե ինչպես նա հրաշք գործեց, երբ գետի մեջ մյուռոն լցրեց ու «հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից»: Այս հրաշքը այլ պատմիչներ ավելի են ճոխացնում ու ներկայացնում թե իբր Պետրոսը գետը հակառակ ուղղությամբ է հոսեցրել, այստեղից էլ նրա Գետադարձ անունը:

Բայց Լաստիվերցին հայհոյանքների տարափ է թափում թոնդրակեցիների վրա, ովքեր ոչ երկիր են ծախել, ոչ էլ որևէ վնաս տվել, մենակ առաքելական եկեղեցու դավանանքը սկսել են չընդունել:

«Թոնդրակեցիների չար աղանդի մասին» գլխում Լաստիվերցին բերանը բացել ու լուտանքի հեղեղ է թափում ` «կեղծ», «խոսքերը ճարակում են քաղցկեղի նման», «վնասակար որոմ», «պիղծ», «շուն», Իսկ Թոնդրակ ավանը «սատանայի բնակարան», «գազանների որջ»: Թե ի՞նչ են ասում թոնդրակեցիները, Լաստիվերցին շատ քիչ տեղեկություն է տալիս: Բայց այդ քչից էլ որոշ պատկերացում կազմում ես, այսպես.« Հայտնի է , որ Նիկիական կանոններում, գրված է` թեպետև մեկը չափազանց մեղավոր լինի. պետք է նրա խոստովանությունն ընդունել, տերունական մարմնի ու արյան հաղորդություն տալ նրան և պատարագներին ու քրիստոնեական բոլոր ծեսերին արժանացնել. Նա(թոնդրակյան եպիսկոպոս Հակոբոսը) այդ ամենը չէր էլ ուզում լսել, այլ այսպես էր ուսուցանում. Եթե մեղանչողը ինքը անձամբ չապաշխարեց, նրան ո՛չ մատաղները կօգնեն և ոչ էլ պատարագները, և իր կամարարներով անասունը առաջ բերելով` կանգնեցնում և հեգնելով ու ծաղրելով այսպես էին ասում. «Ա՜յ տառապյալ չորքոտանի՛, ասենք թե նա իր ժամանակին մեղք գործեց ու մեռավ, դո՞ւ ինչ մեղք ես գործել, որ նրա հետ մեռնում ես»:

Տրամաբանական է, եթե մեկը մեղք է գործել, էն խեղճ անմեղ ոչխարը խի պիտի մորթվի: Լավ, ասենք բանավեճ է կրոնական, թող վիճեն, բայց ինչի՞ ոչնչացնել, մի նպատակով` որ չխարխլվի եկեղեցու իշխանությունը, որ նաև մեծ հարստություն էր բերում(Պետրոս Գետադարձը իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից է եղել, ունեցել է 500 անվանի գյուղեր, իսկ հայրապետի տանը գտնվել են 12 եպիսկոպոս, 4 վարդապետ, 60 կուսակրոն քահանա և 500 ամուսնացած երեց, իսկ կաթողիկոս է օծել քրոջ որդուն` Խաչիկին։):

Ուսումնասիրություններ կան, որ ապացուցում են, թե Եվրոպայում ռեֆորմիստական-բողոքական շարժումը առաջացել է թոնդրակեցիներից: Եթե այդպես է, ապա Հայաստանում գործող քրիստոնեական ոչ ավանդական կազմակերպությունները թոնդրակեցիներն են, որ Եվրոպայում մոդեռնիզմի հիմքերն են դրել, պտտվել ու վերադարձել են հայրենիք:

Հիմա էլ եկեղեցին նույն քաղաքականությունն է տանում` Լևոնը և նախագահ եղած ժամանակ և հիմա անընդհատ Ղարաբաղը հանձելուց է խոսում, եկեղեցին լռում է, իշխանությունը օտարալեզու դպրոցներ է բացում, տնտեսությունը ավերում, Եկեղեցին ոչ միայն լուռ է, այլև իշխանության գլխավոր հենարաններից է, միևնույն ժամանակ ամբողջ թափով պայքարում է աղանդների` մեր ժամանակների թոնդրակեցիների դեմ, այսինքն ամեն ինչ անում է, որ մոտ 150 հազար այլադավան հայրենակիցներ հեռանան Հայաստանից:

Աղանդների վտանգներից խոսող հայ մտավորականը կարո՞ղ է պատասխանել, թե 11-րդ դարում ո՞վ էր երկրի համար իրական վտանգ ներկայացնում` Հայաստանյայց եկեղեցի՞ն իր կաթողիկոսով, թե՞ թոնդրակեցիների աղանդը: Ու եթե այդ հարցին պատասխանի, ապա եթե մտածելու ցանկություն ունենա կհասկանա, որ հազար տարի անց իրավիճակը շատ չի փոխվել ու գուցե հրաժարվի աղանդների դեմ պայքարից:

Վերադառնանք 11-րդ դար. Եկեղեցին թոնդրակեցիների մեջ մատնիչ է ղրկում ու բռնում Հակոբոսին. «Եսայի անունով մի կրոնավոր, բարեպաշտ տոհմից, ձևացրեց նրան արտակարգ մտերիմ ու հավատարիմ, և ուսումնասիրելով նրա մծղնեական(Հայաստանի մեկ այլ աղանդ) կրոնն ու իրազեկ դառնալով` անմիջապես գնաց պատմեց սուրբ հայրապետ Սարգսին»: Իսկ Սարգիս հայրապետն էլ, ով ձեռնադրել էր երկիր ծախող Պետրոս Գետադարձին, խաբելով մոտն ա կանչում Հակոբոսին, բռնում, բանտը գցում ու երեսին աղվեսանկար խարանում:

Գրիգոր Մագիստրոսն էլ, ինչպես Պետրոս Գետադարձը, իր Բջնիի բերդի բանալիները ու բոլոր կալվածքները ծախում է Բյուզանդիայի կայսրին, տեղը ստանալով «մագիստրոսական պատիվ ու բնակության տեղ Միջագետքի սահմաններում»(մի տարբերությամբ, որ դա անում է այն բանից հետո, երբ տեսնում է որ իր թագավորը իշխանությունից զրկվել, արգելափակված է Կոնստանդնուպոլսում), միևնույն ժամանակ թոնդրակեցիներին դնում-կոտորում է, Թոնդրակ գյուղը ավերում: Բաբկեն Հարությունյանը նկատում է. «Երկիրը կանգնած էր սելջուկ-թուրքերի նոր ներխուժման առաջ, իսկ Մագիստրոսն իր ողջ ուժերը նետեց թոնդրակեցիների դեմ և ճնշեց նրանց շարժումը»,նաև, որ Գրիգոր Մագիստրոսը հիացած էր Պետրոս կաթողիկոսով, քանի որ մտնելով բյուզանդական ծառայության մեջ՝ միանգամայն այլ ձևով էր ընկալելու կաթողիկոսի գործելակերպը։

Մագիստրոսը հիշեցնում է Վազգեն Սարգսյանին, ով ադրբեջանական ճակատում պարտություններ կրելով հրաժարական տվեց, բայց Երևանում 1995թ. ջարդել տվեց կրոնական ութ կազմակերպությունների հավատացյալներին, նրանց գույքն էլ թալանել տվեց: Նաև Ղարաբաղ հանձնող Լևոն Տեր-Պետրոսյանին երդվել էր, որ նրան է ծառայելու իր ամբողջ կյանքում, իսկ Լևոնն էլ ԱԺ-ում հայտարարեց` ոչ ոք Վազգեն Սարգսյանի ճկույթը չարժի(թեև Վազգենը հետո դավաճանեց իր շեֆին ու գահընկեց արեց):

Հայաստանյայց եկեղեցին երկիր վաճառողին` Պետրոս Գետադարձին հրաշագործ դարձնելով փաստորեն երկիր վաճառելը մեղքերի միջից հանեց ու դարձրեց բարոյական արարք, և հնարավորություն ընձեռեց իր հաջորդներին տեղն էկած ժամանակ առանց երկնչելու երկիրը հանգիստ ծախել:

Ժամանակակից աշխարհում եկեղեցու ժառանգորդը դարձան սկզբում բոլշևիզմը ապա լևոնական ՀՀՇ-ն:
2. Հայ բոլշևիկներ

Առաջին հանրապետության երրորդ տարում, 1920թ. հայ բոլշևիկները սկսեցին կազմաքանդել հայկական պաշտպանությունը ագիտացիա տանելով, թե թուրքերն ու ադրբեջանցիները իրենց եղբայրներն են և թշնամին Հայաստանի բուրժուական իշխանությունը: Նրանք հիմնական աջակցությունը ստանում էին արդեն Սովետական Ադրբեջանից:

Բոլշևիկների ագիտացիայի պատճառով մի քանի անգամ քեմալական բանակը գերազանցող հայկական ուժերը չկռվեցին ու հանձնեցին Կարս բերդաքաղաքը:

1920թ. սեպտեմբերին երբ թուրքերը նոր սկում էին հարձակումը հայ բոլշևիկները իրենց շարքերին հետևյալ հրահանգն են տալիս.

Հույժ գաղտնի

Հայաստանի կոմունիստների(բոլշևիկների) Կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցական բոլոր կազմակերպություններին, թե թիկունքում թե ռազմական գոտիներում և հատկապես Կարսի գարնիզոնը մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե այդ հնարավոր է, ինչպես նաև գրավոր թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով`

Առաջին, որ ներկա Թուրքիան այլևս նախկին սուլթանական Թուրքիան չէ և Հայաստանի հանդեպ ագրեսիվ նպատակներ չունի:

Երկրորդ , Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակից է և պայքարում է իր ազգային ազատության համար ընդդեմ իմպերիալիստական պետությունների` Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի:

Երրորդ Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա այդ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի Հեղափոխության հաղթանակն Անդրկովկասում, իսկ ընդհակառակը, Հանրապետական Հայաստանի պարտությամբ կարագացվի ողջ Անդրկովկասի, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:

Չորրորդ Հայ բոլշևիկ-կոմունիստների խնդիրը պետք է լինի` արագացնել Հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագցվի Հայաստանի խորհրդայնացումը:

Այս նպատակի համար պետք է.

1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է

ա. Կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին

բ. Ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ, լքելով դիրքերը, վերադառնան թիկունք:

գ. Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:

2. Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել Հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասկյարը հեղափոխական ասկյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ բռնի գործողություն պարտված երկրի վերաբերյալ, չի վնասի ազգաբնակչությանը, այլև կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցականների տիրապետությունից:

3. Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով, Հայաստանն անմիջապես կկապվի Խորհրդային Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջջ կտրվի պատերազմին և սովի ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա Համաշխարհային հեղափոխության մեծ գործին:

Գրությունը կարդալ սահմանփակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել:

Հայաստանի կոմունսիտական բոլշևիկների կուսակցության կոմիտեի անդամներ Սարգիս Կասյան, Ասքանազ Մռավյան, Ավիս Նուրիջանյան, Շավարշ Ամիրխանյան, Դովլաթյան, Աշոտ Հովհաննիսյան:

Բաքու1920թ. սեպտեմբերի 20(Հայաստանի ազգային արխիվ, ֆ 1022),

Այս հանձնարարության կատարումը որպես նվիրական գործ ներկայացված է հայ ժողովրդի սիրելի ֆիլմում` «Նվագախմբի տղաներում», որ մինչև այժմ էլ չի իջնում հայկական հեռուստատեսությունների էկրաններից, իսկ հրահանգը գրողներից մեկի` Կասյանի անունով փողոցը ամենաբանուկներից է:

Եվս մի մեջբերում Ալեքսանդրապոլի բոլշևիկների կոմիտեի տարածած թռուցիկ-կոչից, երբ արդեն քեմալկան բանակը հասնում էր Ալեքսանդրապոլ.

Եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ հայ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկեր թուրք աշխատավորներն են: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակների ձեռքից ազատելու(տպագրվել է «ճակատամարտ» թերթի 1920թ. դեկտեմբերի 20ի համարում` «Ինչպես խաբեցին հայկական զորքը» նյութի մեջ):

Հենց այս ագիտացիայի զոհ դարձավ Հայաստանը, բանակը չկռվեց, երեք գեներալ, և մի ամբողջ գունդ` մոտ չորս հազար հոգի գերի ընկան և գնդապետ Մազմանովը անհուսությունից ինքնասպան եղավ: Այդ կապակցությամբ ժողովրդական երգ ստեղծվեց.

Կարաբաքիր փաշեն գրեց հրաման

Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան

Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան

Հայերն ինչ մարդիկ են, որ դառնան իշխան

Մազմանովը գրեց Քերզնբեկ փաշին

Օլթին կդատարկես մինչև ի ճաշին

Օլթին կդատարկես մինչև ի ճաշին

Եթե ոչ կջնջեմ մինչև Օմբաշին

Մազմանովը ըզգաց Ղարսի վտանգը

Կողքից քաշեց հանեց ատրճանակը

Կողքից քաշեց հանեց ատրճանակը

Եվ այսպես վերջ տվեց յուր ջահել հասակը

Մազմանովի դիակը բերին ըստանցին

Ախ անիծյալ հայերը թողին գնացին

Ախ հայեր հայեր ողջդ կոտորվեք

Մազմանովի դիակը գերի չթողնեք

Մազմանովի դիակը թուրքին չթողեք

Հայաստանի խորհդայնացումից հետո էլ հայ բոլշևիկները պատրաստ էին հայ ժողովրդին զոհել հանուն համաշխարհային հեղափոխության: Ահա ինչ են ասում Ասքանազ Մռավյանը և Գևորգ Աթարբեկյանը Հայկական ՍՍՀ արտասահմանյան գործերի կոմիսար Ալեքսանդր Բեկզադյանին. «Մենք ժամանակավոր ստիպված ենք զոհել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի: Հիշեք ընկերներ, մենք չենք պատրաստվում պատերազմել Հայաստանի համար ում հետ էլ լինի, հատկապես Քեմալի»(Геноцид армяан, ответственность Турции и обязательство мир. сообщества, Москва,2003):

Այս նույն մտայնությունը դեռ իշխում էր, երբ 1921թ. Կավբյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը տվեցին Ադրբեջանին: 1921թ. Հուլիսի 4-ին Կավբյուրոն որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանին, սակայն մեկ օր անց Ադրբեջանի ճնշմամբ`հուլիսի 5-ին Նազարեթյանը և Օրջոնեկիձեն հայց են հարուցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պլենումի նախորդ որոշումը վերանայելու վերաբերյալ, և նոր նիստում որոշվում է «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ՍԽՀ-ի սահմաններում»:

Իհարկե, Հայաստանի կառավարությունը բողոքեց այդ որոշման դեմ, բայց ինչպես գրում է պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանը. «Չնայած բողոքին, այնուամենայնիվ պետք է նշել, որ Հայաստանի ղեկավարությունը, ինչպես հարկն է, և պետք է, տվյալ պահին չպայքարեց Լեռնային Ղարաբաղի համար, ինչպես դա արեց հարևան պետությունը»:

Իսկ չորս ամիս անց` հոկտեմբերի 13-ին հայ բոլշևիկները կնքում են թուքերի հետ Կարսի պայմանագիրը, որով Ադրբեջանին են հանձնում Նախիջևանը և ևս մեկ անգամ համաշխարհային հեղափոխությանը զոհում հայ ժողովրդի շահերը:

Հայ բոլշևիկներին չէր հետաքրքում ազգային շահը, նրանք համոզված էին, որ համաշխարհային հեղափոխությունը հես ա կլինի ու սահմանները կվերանան:

Ի՞նչն է պատճառը, որ և քանակով և ազդեցությամբ ամենաշատ բոլշևիկներ տված երկիրը ամենաշատը կորցրեց սովետական կարգերից:

Կարելի՞ է ենթադրել, որ ազգային շահերն անտեսելը հանուն համաշխարհային հեղափոխության, ազգային շահը բուրժուական նացիոնալիզմ որակելը բնորոշ էին ընդհանրապես բոլշևիկներին: Ոչ: Իրականում նույն դասակարգային պայքարի գաղափարներով առաջնորդվող ադրբեջանցի ու վրացի բոլշևիկները իրենց ազգային շահերն էին հետապնդում ու արդյունքում սովետականացումից հետո ավելի ընդարձակ երկրներ ստանում, ավելին, Հայաստանը հանուն դասակարգային պայքարի զիջում էր հայաբնակ տարածքներ, իսկ Ադրբեջանը և Վրաստանը այդ հայաբնակ տարածքները յուրացնում կրկին նույն դասակարգային պայքարի անունից:

Այսպիսով, հստակ երևում է տարբեր ազգերի բոլշևիկների տարբերությունը. հայ բոլշևիկները իրենց քաղաքականությամբ շատ ավելի մոտ էին հայ եկեղեցուն, քան կուսակից ադրբեջանցիներին ու վրացիներին: Բայց այդ մոտիկությունը չխանգարաեց հայ բոլշևիկներին Գրիգոր Մագիստրոսի պես «այլադավան» հայրենակիցներին ոչնչացնել` քանդել եկեղեցիները, խեղդել կաթողիկոսին, կացնահարել առաջին հանրապետության ղեկավարներին, աքսորել հայ սպաներին, գնդակահարել մտավորականներին:

3. Լևոնական ՀՀՇ

Թվում էր թե դասակարգային պայքարի խայծը մի անգամ կուլ տված ու այդ պայքարին երկիր զոհաբերած ժողովրդի մեջ այլևս նման աֆյոռա անցկացնելը անհնար կլինի:

Բայց` ոչ, անցյալ տարի Հայ ազգային կոնգրեսի փոքր խորհրդի նիստում արվեստաբան Վարդան Ազատյանը կրկին առաջարկում է դասակարգային պայքարով Անդրկովկասյան տուն ստեղծելու գաղափարը.

«Հարկ է գիտակցել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ապրող աբխազ, ադրբեջանցի, աջարացի, ասորի, գնչու, եզդի, հայ, մալական, վրացի, քուրդ (կին և տղամարդ) աշխատողների, ծառայողների, գյուղացիների, ուսանողների միացյալ դաշինքն հնարավոր կդարձնի իրական հարավկովկասյան միությունը»:

Ու նոր բառերով երգում է ժանգոտած «Ելիր ում կյանքը անիծյալ է»` թվարկելով նրանց, ովքեր պիտի անկախ ազգությունից միանան ու ղեկավարեն նոր Կովկասը. «Տարածաշրջանի գործարաններում աշխատող չվճարված բանվորները, տաքսու և միկրոավտոբուսների շահագործված վարորդները, անընդհատ բռնության զոհ դարձող մարմնավաճառները, սուպերմարկետներում աշխատող անքուն ծառայողները, խմորեղենի ցեխում կեղեքվող կանայք, ուսման վարձը վճարելու համար գիշերային ակումբներում ու բարերում աշխատող ուսանողները, իրենց գյուղերում բատրակ դարձած գյուղացիները, միանգամից երեք տեղ աշխատող դասախոսները, բանակում անմարդկային վերաբերմունքի արժանացած զինվորները, խոպանի ճանապարհները բռնած գյուղացիները ու տանը երեխաների հետ մնացած նրանց կանայք»(տես` այստեղ):

Աղքատության վրա մտավոր մակաբույծները տնտեսությունը զարգացնելուն և աշխատավորների վիճակը բարելավելուն ուղղված տնտեսական ու սոցիալական իրատեսական ծրագրեր մշակելու անկարողությունը փոխարինում են ժամկետանց կոմունիստական նաղլներ պատմելով, միայն նրա համար, որ պահեն իրենց մտավորական դիրքը, հաշիվ չտալով, որ հանուն այդ դիրքի թմրեցնեում են ադրբեջանական սպառնալիքը` դահճին ներկայացնելով դասակարգային եղբայր:

Այլ կերպ ասած, Ազատյանը վերակենդանացնելով խոտան դարձած բոլշևիզմի դասակարգային եղբայրության գաղափարները միայն կարող է բթացնել ազգային զգացումները ու երկիրը ավելի խոցելի դարձնել` պրոպագանդելով, թե ադրբեջանցի դիպուկահարը քո եղբայրն է, իսկ թշնամին` աշխատավարձը ուշացնող գործարանատերը: Ի վերջո այս քարոզչությունը աշխատավորին կոպեկի օգուտ չի տալիս, փոխարենը` երկրին ու մարդկանց կյանքին սպառնալիք կարող է դառնալ. հայ շահագործվող բանվորներին ու գյուղացիներին արխայանացնելով, թե թշնամիները Երևանում են և ոչ թե Բաքվում, նրանց ադրբեջանցի շահագործվող բանվորների ու գյուղացիների գյուլլի բերան դարձնում ու կրկին զոհում Ղարաբաղը, ինչպես դա եղել է արդեն մի անգամ 90 տարի առաջ:

Պատահական չի, որ Ազատյանը իր ելույթներում հաճախ փառաբանում է բոլշևիկ պատմաբան Աշոտ Հովհաննիսյանին, ում ստորագրությունն է դրված բանակը կազմաքանդելու բոլշևիկների վերը մեջբերված հրահանգի տակ(lragir.am-ում արվեստաբան Անժելա Հարությունյանը գրում է.«Բացառությամբ Վարդան Ազատյանի՝ չի վերանայվում, օրինակ, այնպիսի մեկի գործունեությունը, ինչպիսին էր Աշոտ Հովհաննիսյանը»):

Ազատյանի համախոհ, ՀԱԿ-ի ակտիվիստ նկարիչ Արթուր Պետրոսյանը ավելի բաց է ու լրացնում է նրան, ֆեյսբուքում գրելով. «Եթե կօգնի ՀՀ Հախագահին, ՊՆ նախարարին, ՆԳ_ի նախարարին մահապատժի ենթարկել հենց էսօրվանից պետք ա միանալ ադրբեջանական բանակին։ Ներքին թշնամին ավելի վտանգավոր ա քան արտաքինը դրա համար ոչ մի հանցագործություն չկա եթե համագործակցես արտաքին թշնամու հետ ընդդեմ ներքին թշնամու»։

Արթուր Պետրոսյանն ու Ազատյանն էլ օդից չընկան, նրանց ստեղծեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` ով ադրբեջանցիներին քիրվա է համարում, իսկ տեղի իշխանություններին մոնղոլ-թաթար:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին վերադարձավ Ղարաբաղը հանձնելու ծրագրով, իր վերադարձի հենց առաջին ելույթում 2007-ի սեպտեմբերի 21-ին Մարիոտ հյուրանոցում նա խոստանում էր բացել սահմանները.« ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, եթե մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան: Չխաբվենք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է: Եթե այսպես փակված մնանք, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ ավելի աղետալի կարող է լինել»(այս նույն մտքերը նա հաճախ է ասել, նաև իր 97թ. նոյեմբերի մեկի «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածում: Նաև 1998թ. հունվարի 8-ի անվտանգության խորհրդի նիստում իր ելույթում մեջբերելով ու հակադարձելով հետևյալ պնդումներին. «Մեզ համար անընդունելի է մնալ Ադրբեջանի կազմում»(Լեոնարդ Պետրոսյան), «Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Ամեն ինչ կախված է կառավարման աշխատանքի ճիշտ կազմակերպումից»(Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան), Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայցնում է 94-97թթ. տնտեսական զարգամցան տեմպերը(միայն վերջին երկու տարին ներկայացնեմ` ՀՆԱ-ի աճը 96թ. 5,8 տոկոս, 97թ. 3 տոկոս) և «գուժում». «Աղյուսակից պարզորոշ երևում է, որ թեև գրեթե բոլոր ցուցանիշների գծով աճը դեռևս շարունակվում է, բայց արդեն առկա է նրա տեմպերի դադարեցման միտում: Եվ ամբողջ դժբախտությունն այն է, որ այս պրոցեսը ոչ միայն շարունակվելու է, այլև մեկ-երկու տարուց մեր տնտեսոության մեջ դրսևորվելու են անկման միտումներ», սակայն պատմությունը ցույց տվեց, որ նա չարաչար սխալվել է, հենց մեկ-երկու տարուց հետո երկիրը սկսեց արագ զարգանալ` այդ փակ սահմաններով և պարզ երևաց, որ զարգացման խոչընդոտը ոչ թե Ղարաբաղն է, այլ ինքը և այժմ էլ տնտեսության անկմանը հետևելով հստակ երևում է, որ զարգացման խոչընդոտները բոլորովին այլ տեղ են: Իր սխալ կանխատեսումների համար պատասխան չտալով և տասնամյակի փորձը անտեսելով կրկին սպառնում է , թե Ղարաբաղը չտալու դեպքում աղետ կլինի):

Իհարկե, թե ինչպես պետք է Ջուլֆայի երկաթգիծը բացեր, նա ուղղակի չէր ասում, բայց բոլորին հասկանալի էր նրա ենթատեքստը, որ դա կլինի Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելով: Այդ մասին նա բացահայտ ասել էր դեռ 1992թ. «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում. ««Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը»: Իսկ երբ 1997-98-ին նա դա փորձեց իրականացնել` Ղարաբաղը փուլային տարբերակով Ադրբեջանին հանձել, նրան գահընկեց արեցին, ու պարզվեց 92-ին «սխալվել էր», «Ղարաբաղին դա չէր բավարարում» և այս տարի BBC-ին տված հարցազրույցում ասաց.«1997թ.–ին կար հնարավորություն լուծելու հիմնահարցը։ Այսինքն, ինչ–որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, հաշտություն հաստատել և այլն, ձևավորել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետև լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը… Ղարաբաղցիները դա քիչ էին համարում, մաքսիմալիստական մոտեցում ունեին: Մտածում էին կարելի է ավելի սեղմել և ավելին ստանալ :Ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ թիմում կային մարդիկ, որ համոզված էին, թե այդպես է»(իրականում այդ փուլային տարբերակում Ղարաբաղի միջնակյալ ստատուսի հարցն էլ չկա):

Ղարաբաղը հանձնելը նրա համար դարձել է մոլուցք և անցյալ տարի ՀՀՇ-ի համագումարում արդեն Էրդողանի մատը բռնած երկրի վրա է թափ տալիս.«Այլեւս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու մինչեւ չավարտվի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ այդ գործընթացում զգալի առաջընթաց չարձանագրվի։ Որքան պիտի Թուրքիայի ղեկավարները կրկնեն այս բանը, որպեսզի բոլորը վերջապես հասկանան իրականությունը»։ Ու նույն ելույթում նաև Ալիևի մատը բռնած սպառնում է պատերազմում պարտվել:

Իսկ վերջին հանրահավաքում մայիսի 31-ին նա կրկին Ղարաբաղը հանձնելու մասին խոսեց, հայտարարելով, թե հնարավոր չի այլևս ստատուս քվոն պահել(այս պահին ստատուս քվոյի այլընտրանքը Ադրբեջանի պահանջները բավարարելն է): Անընդհատ շեշտելով, որ ստատուս քվոն չի պահպանվելու, կարծես ինքն ու իր շրջապատը սպասում են, թե երբ իշխանությունները Ղարաբաղը կհանձնեն, որ դրա արդյունքում իրենք գան իշխանության, կամ էլ, ինչպես Արթուր Պետրոսյանն է ասում` Ադրբեջանը հարձակվի Հայաստանը պարտվի ու իշխանությունները տապալվեն ու իրենք իշխանության գան, ինչպես եղավ 1920թ.:

Ղարաբաղը հանձնելով սահմանները բացելու ծրագիրն էլ 2008-ին նրա շուրջը համախմբեց այն հայ բուրժուազիային, որը ապրանքաշրջանառությունը լայնացնելու նոր ճանապարհներ է փնտրում ու հանուն եկամուտների բազմապատկման պատրաստ է սահմանը բացելու դիմաց երկրի մի մասը ծախել Ադրբեջանի ու Թուրքիայի: Հիմնականում այդ բուրժուազիայի ֆինասավորմամբ էլ Լևոնը մասնակցեց ընտրություններին ու լևոնական PR-ը նրա շուրջը հավաքեց տասնյակ հազարներ: Ահա և Պետրոս Գետադարձի նույն վարքը դրսևորվեց հայ բուրժուազիայի որոշ շրջանակներում` երկիրը ծախել սեփական շահի համար:

Ու նաև ինչպես Պետրոս Գետադարձին հրաշագործ դարձրեցին` թե գետը հետ է հոսեցրել, այնպես էլ Լևոնին սրբացրեցին ու նրան հրաշք վերագրեցին, թե նա է Հայաստանի հանրապետությունը հիմնադրել:

Ինչպես Եկեղեցու ու բոլշևիկների բարեկամները նրանք են, ովքեր Հայաստանը ուզում են գրավել(Բյուզանդիա, Թուրքիա, Պարսկաստան, Ռուսաստան), իսկ թշնամիները` հայրենակիցները, այնպես էլ Լևոնի ելույթներում հստակ զգացվում է, որ նա բարեկամական զգացումներ ունի Էրդողանի ու Ալիևի նկատմամբ, ադրբեջանցիներին քիրվա է ընդունում, իսկ իր քաղաքականությունը չընդունող հայրենակիցներին ատում է, անվանելով` տականքներ: Իհարկե, լևոնականների թշնամիների ստվար մասը ղարաբաղցիներն են, ում Լևոնի զինակից Մակեյանը անվանեց ենիչերիներ: Թշնամի են, քանի որ մի կողմից թույլ չեն տալիսս երկիրը հանձնել, մյուս կողմից էլ, որ իրենք կրկին իշխանության գան:

Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանը և Վարդան Ազատյանը հանդես են գալիս հակամարտող դասակարգերի անունից`մեկը բուրժուազիայի, մյուսը աշխատավորության, բայց նույն քիրվայական քաղաքականությունն են տանում` ազգային շահերը, երկիրը զոհում հանուն դասակարգի: Տարբերությունը միայն այն է որ զոհում են հանուն տարբեր դասակարգերի, բայց դրանից նրանց վարքագծի էությունը չի փոխվում` երկուսն էլ զոհում են (ինչպես Լևոնը 1991թ. հայտարարեց` «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», այնպես էլ Ազատյանը անցյալ տարի ՀԱԿ-ում հայտարարեց «ժողովրդավարական ազգային պետությունը սնանկ է»): Եվ պատահական չի, որ Ազատյանը իր «բոլշևիկյան» ելույթը ունենում է հենց «բուրժուազիայի» անունից հանդես եկող ՀԱԿ-ում. նեոբոլշևիզմը հենց ՀԱԿ-ի գրասենյակում իր տեղը կարող է գտնել ու դրական արձագանքներ ստանալ, քանի որ, կրկնեմ, նրանք հակասություններ չունեն:

Ուրեմն, հայ քաղաքականության մեջ հակամարտության սահմանագծերը անցնում են ոչ թե դասակարգերի, այլ երկիր հանձնողների ու չհանձնողների մեջ, և սահմանի մի կողմում են հենց լևոնականներն ու բոլշևիկները:

1988թ. Լևոնը մտավ երկիր չհանձնողների` Ղարաբաղյան շարժման մեջ, վերակառուցման շրջանում հրապարակում միլիոնանոց ցույցերը նրան հուշեցին լավ կարիերա անելու շանսերը, որի համար պետք էր միայն երրորդ ուժից` Մոսկվայից պահանջել Ղարաբաղը ու Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու համար կարգախոս հռչակեց` «պայքար պայքար մինչև վերջ»-ը: Այդպես շարժումը տրամպլին դարձնելով` ընտրվեց երկրի նախագահ, բայց հենց Սովետը փլվեց ու երբ պարզվեց որ Ղարաբաղի հարցը պետք է ինքնուրույն լուծել, էլ հնարավոր չի երրորդ ուժից` Մոսկվայից խնդրել, նախագահ դառնալուց մի քանի ամիս անց սկսեց խոսել Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու մասին: Սակայն նա այդ ժամանակ չէր կարող իրականացնել գետադարձյան գաղափարը, քանի որ ղարաբաղյան շարժման ուժի իներցիան շատ ավելի հզոր էր: Շատերը խնդիր են առաջադրում` եթե Լևոնը համոզված էր, թե Ղարաբաղը հնարավոր չի պահել, ապա պատավոր էր հրաժարական տալ, քանի որ Ղարաբաղի միացման գաղափարով էր եկել իշխանության: Սակայն պարզ է, որ նրա գաղափարը ոչ թե Ղարաբաղն է եղել այլ իշխանությունը, ինչպես Գետադարձինը ոչ թե պետականությունն էր, այլ իր իշխանությունն ու շահերը:

Հանձնելը չհասցրեց, բայց կարողացավ թուլացնել Ղարաբաղի դիրքերը միջազգային ասպարեզում. 1992թ. Գերագույն խորհրդում վիժեցնելով Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, ապա հետագայում պատերազմում հաղթանակի կապիտալը բանակցային գործընթացում վատնելով Ղարաբաղը հանձնելու փուլային տարբերակով նա երկրի զիջած դիվանագիտական դիրքերի պատանդը դարձրեց հաջորդ ղեկավարներին(քաղաքագետ Վահան Դիլանյանը այս կապակցությամբ «Ղարաբաղյան հարցը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում. երկընտրանք» տեքստում ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք բանակցությունների մեջ մտցվեց տարածքներ հանձելու ու զորքերը հետ քաշելու սկզբունքը, որոնք ստիպված պետք է ժառանգեին հաջորդ նախագահները բանակցությունների գործընթացը չտապալելու համար):

Այլ երկրներում երկիր վաճառող որևէ կազմակերպություն չէր կարող ունենալ համաժողովրդական աջակցություն ու ամենաշատը մարգինալացված իր գոյությունը քարշ կտար: Հայաստանում այդպես չէ, եկեղեցին այլ հոգևոր մշակույթ է ձևավորել. և առաքելական եկեղեցին, և բոլշևիզմը(կամ կոմունիստական անցյալը), և լևոնականները վայելում են լայն զանգվածների աջակցությունը:

Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարազատության զգացումը մյուս երկու երկիր հանձնողների նկատմամբ հաճախ է արտահայտվում. Անցյալ տարվա սեպտեմբերի 17-ի ելույթում դաշնակցությանը մեղադրում էր, որ 1920թ. մայիսյան ապստամբության ժամանակ իշխանությունը չհանձնեցին բոլշևիկներին, որի հետևանքով իբր երկիրը տարածքներ չէր կորցնի (կարծես հետադարձ սպառնալով դաշնակցությանը` եթե իշխանությունը չտաք, Հանրապետության բանակը կկազմաքանդենք ու չեք կարողանա պահել Ղարսը):

Իսկ նախագահ եղած ժամանակ էլ ԼՏՊ-ն անպատիժ էր թողնում ոչ առաքելական կրոնական կազմակերպությունների դեմ հալածանքները, 1994թ. ի նպաստ առաքելականի, կրոնական ազատությունները սահմանափակելու մասին հրամանագիր ստորագրեց, իսկ 95-ին հովանավորեց հավատացյալների ջարդը ու ցույց տվեց, որ ինքը նաև առաքելական եկեղեցու ժառանգորդն է: Կրոնական կազմակրպությունների մի շարք հավատացյալներ վկայում են, որ Լևոնի պաշտոնանկությունից հետո կրոնական ազատությունները շատացան երկրում:

Եկեղեցին ու բոլշևիկները հաջողացրին երկիրը վաճառել, Լևոնին դեռ դա չի հաջողվել: Բայց քանի նա հանգիստ բարձրանում է հարթակ ու ելույթ ունենում, քանի դեռ նրա հանրահավաքներին 50 հազար մարդ կարող է հավաքվել, քանի դեռ Հայաստանում այնպիսի իշխանություն է, որ Լևոնին դարձնում է իր դաշնակիցը ընդդեմ մյուս քաղաքական ուժերի, քանի դեռ երկրի վարչապետն էլ եկեղեցական ու բոլշևիկյան քաղաքականության կրողն է ու երկիրը ողողել է եկեղեցական մեռելոցի օրերով, դեռ պետականությունը չամրապնդված երկրում հայտարարում է, թե պետությունները վերանում են(ինչպես բոլշևիկներն էին հայտարարում ու փոքրացնում Հայաստանը), քանի դեռ երկրի նախագահը օտարալեզու դպրոցներ բացելով երկրի լեզվական տարածքն է զոհաբերում, և քանի դեռ մյուս հարևանին` Վրաստանին հանգիստ տարածքներ է զիջում թույլ տալով, որ վրացի զինվորները գրավեն հայ գյուղացու դաշտերը, Ղարաբաղը վաճառքի հանելու վտանգը միշտ կախված կմնա օդում:

Վահան Իշխանյան

«Փախստականների խնդիրը ԼՂ բանակցային գործընթացի օրակարգում երբեք չի եղել»

June 20, 2011

Այսօր՝ փախստականների միջազգային օրվա առթիվ, «Հենարան» ակումբում լրագրողների հետ են հանդիպել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ադրբեջանահայերի համագումարի կազմկոմիտեի անդամներ Նիկոլայ Բաբաջանյանը և Արարատ Ծատուրյանը։

Հ. Խառատյանը սկզբում ցանկացել է անդրադառնալ մեր հուշարձանների փախստականության խնդրին։

–«ՅՈՒՆԵՍԿՕ»–ն կարողացավ իր մեջ «ուժ գտնել», խախտել իր իսկ կողմից ընդունած բոլոր նորմերը և հայկական խաչքարերի ցուցադրության ժամանակ այդ խաչքարերի պատկանելության տարածքների բոլոր անունները հանել,–ասել է նա՝ հավելելով, թե այս արարքով «ՅՈՒՆԵՍԿՕ»–ն վերջակետ դրեց իր այն դիրքորոշմանը, երբ տարիներ առաջ Նախիջևանում աշխարհի աչքի առաջ ջարդվեցին ու փշրվեցին հայկական խաչքարերը։

–Ի՞նչ է եղել, որ ՄԱԿ–ը այսօր հանգիստ ականատես չլինի փախստականության նման խնդրին,–նկատել է ազգագրագետը։

Հ. Խառատյանն ասել է, որ Հայաստանն արդեն երկու տասնամյակից ավելի ունի փախստականների խնդիր՝ նշելով, որ այժմ ընդհանուր առմամբ կա 360 հազ. փախստական, որոնք ապրում են ոչ միայն Հայաստանում, և նրանցից միայն 80 հազ.–ն ունեն Հայաստանի քաղաքացիություն։

Ադրադառնալով Կազանում կայանալիք նախագահների հանդիպմանը՝ բանախոսը վստահորեն նշել է, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը քննարկման օրակարգում ամենևին չկա, ինչպես քննարկման օրակարգերում չի եղել՝ սկսած 1996թ. մինչ այսօր։

Նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է ՀՀ նախագահը ոչ Հայաստանի քաղաքացիների անունից հայտարարել, թե երկիրը փախստականների հետ կապված քաղաքական խնդիր չունի։

Հ. Խառատյանը շեշտել է, թե Հայաստանը դավաճանում է հայ փախստականների շահերին։

7or.am

«Դա խաղ է, որի կանոններն ուղղված են ժողովրդական շարժումը խեղդելուն, քնեցնելուն»

June 20, 2011

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Հայ ազգային կոնգրեսին «Սարդարապատ»–ի նախազգուշացումների դառը ապացույցն է համարում։

–Մարդկանց ծովը դարձրեցին գետ, հետո առու, հետո էլ ճահճացրին, և հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանը գործ ունի ճահճացած մի իրավիճակի հետ։ Իրավիճակ, որին նա ձգտում էր, որով մարվեց ժողովրդական ճնշումը՝ իր ընդդիմախոսների օգնությամբ։ Ընդդիմախոսն էլ պետք է օգտագործել չակերտներում, որովհետև երկու կողմերն էլ առաջնորդվում են ժողովրդի հետ վարվելու ավտորիտար, համարյա սովետական ոճով,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքերով՝ պետք է չէ «ղուշ» ու «գիր» գցել՝ գուշակելու համար, թե Սերժ Սարգսյանն իր այս պատասխանով համաձայնե՞լ է ՀԱԿ–ի առաջարկներին, թե՞ մերժել.

–Դա խաղ է, որի կանոններն ուղղված են ժողովրդական շարժումը խեղդելուն, քնեցնելուն։ Այս առումով երկու կողմերն էլ կատարեցին այդ խաղի կանոնները։ Սա ժամանակ շահելու, սեփական իշխանությունն ու սեփականությունը պահպանելու, երկարացնելու համար է. ընդամե՛նը։ Սերժ Սարգսյանի պատասխանը չի նշանակում հարցերի պատասխան (ոչ թե ՀԱԿ–ի, այլ՝ մարտահրավերների)։ Իսկ մենք ընդամենը ժամանակ ենք կորցնում։ Երեք տարի կորցրեցինք՝ 2011թ. մարտի 1–ին կարող էինք հասնել նպատակներին։ Մարդիկ, ովքեր առաջնորդում էին ժողովրդին, նրանց շարունակ տուն էին ուղարկում, էլի երևի ինչ–որ նպատակներ ունեին, ես չգիտեմ, չեմ էլ ուզում այդ մասին խոսել։ Կարևորը՝ որ իրենք օգնեցին Սերժ Սարգսյանին ժամանակավորապես հասնել իր նպատակներին, իսկ մեզ բոլորիս խանգարեցին հասնել այն նպատակներին, առանց որոնց ամեն օր մենք շարունակում ենք պարտվել, ամեն օր առնվազն 200 մարդ արտագաղթում է Հայաստանից։

Տիգրան Խզմալյանն ավելացրել է նաև, թե այսօր մեր հասարակության մեջ աճում են այն ուժերը, հիմնականում երիտասարդների՝ 20–40 տարեկաննների հատվածում, ովքեր այլևս չեն խոսելու նման ձևով, ովքեր նման վերաբերմունքը չեն ընդունելու, և ովքեր վերաձևակերպելու են և՛ սեփական պահանջները, և՛ երկրի վիճակի գնահատականը, մարտահրավերներին դիմակայելու, նպատակներին հասնելու եղանակը, իսկ «Սրադարապատ» շարժումն էլ իր միջոցներով քաղաքացիական հասարակությանն օգնելու է հասնելու այդ նպատակներին։

7or.am

Երբ սփյուռքը ցանում էր

June 19, 2011

1in.am

Երկու օր է Լոս Անջելեսում եմ: Հետևում եմ դասական սփյուռքի մի քանի ուշագրավ դրսևորումներին: Այն, որ սփյուռքահայությունը երկու տարի առաջ առանց ջանք խնայելու բողոքում էր հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի և մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ, ըստ էության, հասկանալի է: Մի փոքր անհասկանալի է, երբ Սփյուռքի այս բողոքին միացել են սփյուռքահայ կազմակերպությունները, որոնք կապ ունեն կամ ուղղակիորեն ներկայացնում են ավանդական հայկական կուսակցությունները:

Խնդիրը նրանում է, որ այս կազմակերպություններն ու նրանց բյուրոկրատական ապարատը ընդհանրապես կապ չունեն Սփյուռք հասկացության, այսինքն` սփյուռքահայության հետ, ինչը կարելի է ապացուցել միայն թեկուզ Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրությանը հաջորդած արձագանքի օրինակով: Բանն այն է, որ այդ ընտրությանը, հատկապես դրան հաջորդած մարտի 1-ին Սփյուռքի տված արձագանքը միանգամայն այլ էր, իսկ կազմակերպություններինը` միանգամայն այլ:

Սփյուռքահայության անհատ ներկայացուցիչները, շարքային հայերը, որ ապրում էին արտերկրում, միանգամայն դժգոհ և ընդվզող էին այն անօրինականությունների դեմ, որ կատարվում էին այդ օրերին Հայաստանում, դառնալով տասը զոհի պատճառ: Իսկ սփյուռքահայ կազմակերպությունների արձագանքը միանգամայն այլ էր: Նրանք գրեթե միահամուռ կերպով ողջունում էին Ս.Սարգսյանի այդօրինակ ընտրությունը, ողջունում էին ընտրության արդյունքը, բացարձակապես ուշադրություն չէին դարձնում, որ այդ ընտրության արդյունքը ձևավորվել է բազմաթիվ կեղծիքների, ահաբեկումների և անօրինականությունների միջոցով, որ դրանցից հետո եղել է մարտի 1, և միայն տասը զոհի և հարյուրավոր վիրավորների արյան գնով է հաջողվել հաստատել կեղծիքների և բռնությունների գնով ձեռք բերված արդյունքը: Սփյուռքահայ կազմակերպությունների, ավանդական կուսակցությունների սփյուռքյան կառույցների համար, ինչպես որ տեղի կառույցների, չկային այդ ամենը, չկային բռնություններ ու սպանդ, կար միայն ընտրություն, ընտրության պաշտոնական արդյունք և ողջունելու սուբյեկտ` Ս.Սարգսյան: Ավելին` սփյուռքյան այդ կազմակերպությունները նույնիսկ իրենց լծակներն ու հնարավորություններն էին ծառայեցնում Ս.Սարգսյանի արտաքին լեգիտիմությունը ապահովելու, արտերկրում նրան ընդունելի և ընկալելի դարձնելու համար: Հիմա այդ կազմակերպությունները բողոքում են, դժգոհում են, Ս.Սարգսյանին գրեթե մեղադրում են ազգային դավաճանության համար, իհարկե դեռ ոչ ուղղակի: Մինչդեռ փաստն այն է, որ այդ կազմակերպություններն ընդամենը հնձում են այն, ինչ ցանել են: Ս.Սարգսյանը նրանց ընտրած ու ողջունած նախագահն է: Ս.Սարգսյանին նրանք են ընդունել և կոչ են արել նույնիսկ հայաստանցիներին, որ ընդունեն նախագահ Սարգսյանին: Ո՞ւմ դեմ են նրանք հիմա բողոքում` իրենց իսկ ընտրյալի՞: Հետևաբար, Սփյուռքի հայկական կազմակերպությունները կամ ընդամենը պետք է խոստովանեն, ի լուր Հայաստանի, որ սխալվել են աչք փակելով Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող անարդարությունների ու սպանդի վրա, կամ էլ ակնհայտ է, որ նրանք ընդամենը հերթական ծառայությունն են մատուցում Ս.Սարգսյանին արտերկրում` ընդդիմության ֆոն ստեղծելով միջազգային հանրության աչքին բարձրացնելով նրա գինը:

Եթե Սփյուռքի որևէ կազմակերպություն հավակնում է իրապես ներկայացնել սփյուռքահայության մոտեցումները, իրապես դժգոհ է ներկայիս արտաքին քաղաքականությունից, ապա պետք է գիտակցի աներկբա, որ այդ ամենի լուծման բանալին Փարիզում, Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում, Բեյրութում կամ որևէ այլ տեղ ցույց անելն ու բղավելը չէ, երբ գալիս է Ս.Սարգսյանը: Արտաքին աղետալի քաղաքականության հանգուցալուծման բանալին Հայաստանի ներքին կյանքն է: Սփյուռքը պետք է Հայաստանի իշխանությանն իր ձայնը լսելի դարձնի միայն մի միջոցով` ինքը պետք է լսի Հայաստանի քաղաքացիների, քաղաքացիական Հայաստանի ձայնը, որը համարում է, որ մեր բոլոր խնդիրները գալիս են պետության ներսի անկարգությունից, անօրինություններից և բռնություններից: Հայաստանում քաղաքացիա-իրավական հարցերի կարգավորումը, օրինական հասարակության և օրենքի միջոցով ձևավորվող պետական կառավարման համակարգի առկայությունը կարող է փոխել արտաքին քաղաքականության որակն ու կշիռ հաղորդել դրան, այն դարձնել Հայաստանի հասարակության, ոչ թե քրեաօլիգարխիկ համակարգի կամարտահայտիչը նաև արտաքին աշխարհում:

Քանի դեռ Սփյուռքը անհաղորդ է Հայաստանի ներքին կյանքին, Հայաստանի պետության որակական աստիճանին, քանի դեռ Սփյուռքը իր գլխավոր և միակ խնդիրը համարում է Հայաստանին Ցեղասպանության ճանաչման կամ պահանջատիրության հարցում օգնելը, քանի դեռ դա է համարում հայության կյանքում իր անելիքը կամ քանի դեռ միայն դա է համարում Հայաստանի պետության հզորացման գործում իր միակ առաքելությունը և ոչ թե այդ պետության ժողովրդավարացմանը նպաստելը, Հայաստանի իշխանությունը միշտ էլ օգտագործելու է Սփյուռքը ներքին նպատակների համար ու արհամարհելու է արտաքին քաղաքականության հարցերում: Սա է իրականությունը: Սփյուռքի համար սա պետք է լինի խնդիր, ոչ թե հայ-թուրքական արձանագրություններին ընդդիմանալը: Այդ արձանագրությունները հետևանք են, իսկ պատճառը պետք է Սփյուռքը փնտրի իր մեջ, Հայաստանի ներքին կյանքի, Հայաստանի քաղաքացիների համար տեղի ունեցող պրոցեսների հանդեպ իր բացարձակ անտարբերության մեջ: Նրանց թվում է, որ եթե Հայաստանի ներսում իշխանությունը հարվածում է քաղաքացիներին, ապա նույն այդ իշխանությունից լինելով հեռու, իրենք երբեք հարված չեն ստանա, այլ միշտ կլինեն պահանջված` որպես եկամտի, բարեգործությունների հանգանակության կամ զբոսաշրջության հումք: Այսինքն` Սփյուռքը մտածում էր, որ Հայաստանի իշխանությունից միշտ էլ կարող է փողով ազդեցություն գնել: Պարզվում է, որ միշտ չէ, որ կարող է լինել այդպես, և եթե կան ավելի լուրջ խնդիրներ, ապա Հայաստանի իշխանությունը բավականին հարուստ է Սփյուռքի փողերին չմնալու համար:

Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը չեն զիջում Ադրբեջանում առկա իսրայելական անօդաչուներին

June 19, 2011

news.am
19.06.2011

Ադրբեջանում առկա անօդաչու թռչող սարքերը իսրայելական արտադրության են, եւ ֆունկցիոնալ առումով հետախուզական, ֆոտո կամ վիդեոնկարահանող թռչող սարքեր են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ներկայումս Հայաստանն ունի նմանատիպ սարքեր, որոնք, սակայն հայկական արտադրության են։

«Նմանատիպ այլընտրանք Հայաստանն էլ ունի, սակայն այն հայկական արտադրության է, ինչը տակտիկական առավելություն է արդեն, քանի որ երրորդ կողմի մասնագետի խնդիր չկա»,-մանրամասնեց փորձագետը՝ ընդգծելով, որ Բաքուն ձեռքի տակ չկան մարտավարական լայն հնարավորություններ ունեցող անօդաչու սարքեր, ինչպես ադրբեջանական քարոզչամեքենան երբեմն փորձում է համոզել։

Երբ Ադրբեջանում առաջին անգամ իմացել էին հայկական անօդաչուների մասին ծիծաղում էին, հիմա իրենք էլ լավ գիտեն և այլևս իրենց սարքերով շատ չեն հպարտանում:

Նժդեհին նկարելու համար կառավարությունը 1.5 մլն դրամ կհատկացնի

June 16, 2011

news.am
Հունիս 16, 2011

Հայաստանի կառավարությունը 1.5 մլն դրամ կնվիրի «Աշխարհի հայ նկարիչների միություն» հ/կ-ին` Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված պատկերագրքի հրատարակմանն աջակցելու նպատակով:

Գումարները կհատկացվեն կառավարության պահուստայի ֆոնդից: Այս հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Նշենք, որ «Աշխարհի հայ նկարիչների միություն»-ը ստեղծվել է 2009 թ.: Հիմնադիրներն են` Անահիտ Մխիթարյանը, Ղազար Միրզոյանը եւ Հրաչյա Բունիաթյանը:

Անհարկի սպասումներ Կազանից

June 15, 2011

7or
15.06.2011

Այն քաղաքական ուժը, որը ներքաղաքական դաշտում հաջողության հասնելու համար երազում է, որ իր երկիրը ծանր պարտություններ կրի ռազմի դաշտում կամ արտաքին քաղաքականության ոլորտում, իրավունք չունի մասնակցել երկրի կառավարման գործին կամ մասնակցել քաղաքական գործընթացներին: Ավելին` այն կառավարող ուժը, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է տարատեսակ «նախաձենողականություններ» հանդես բերել` էական վնաս հասցնելով պետության շահերին, պետք է օր առաջ հեռանա քաղաքական թատերաբեմից եւ դադարի զբաղվել քաղաքականությամբ:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ այդ ուժերն իսկական չարիք են ժողովուրդների համար: Այսպես, բոլշեւիկներն իրենց նպատակին հասնելու համար անում էին ամեն ինչ, որ Ռուսաստանը պարտություն կրի առաջին աշխարհամարտի ընթացքում, որպեսզի ուժեղանա հասարակության դժգոհությունը, եւ իրենք կարողանան հեշտությամբ իրականացրել ծրագրված հեղաշրջումը:

Բոլշեւիկներն առանց ամաչելու ամեն ինչ անում էին ռազմաճակատում կռվող զինվորների ոգին կոտրելու համար: Ի վերջո իրենք հասան իրենց նպատակին: Իշխանության հասնելուց հետո նրանք աննկարագրելի զիջումների գնացին` իրենց իշխանությունը պահելու համար: Թե ինչ եղավ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ՝ հայտնի է բոլորին: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի Ռուսաստանից մի քանի տասնյակ անգամ ավելի փոքր Հայաստանի հետ, եթե թույլ տանք պատեհապաշտներին որոշել մեր երկրի ներկան եւ ապագան:

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ նրանց շուրջը պտտվող, այսպես կոչված, քաղաքական գործիչները վերջին երեք տարիների ընթացքում իրենց ապաշնորհ կառավարմամբ բերեցին այն բանից, որ Հայաստանը զգալիորեն թուլացավ։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է վկայում, թե ինչ սարսափելի վիճակում է հայտնվել մեր երկիրը, եւ թե ինչ ծանր պայմաններում են ապրում ՀՀ քաղաքացիները:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ավելի ճիշտ կվարվենք այս մասին շատ չխոսենք: Արտաքին ճակատում մեր արձանագրած անհաջողությունների մասին խոսելն էլ ավելորդ է: Բավական է հիշել, թե ինչպես էր Սոլանան քաշքշում Հայաստանի արգործնախարարի այտերից: Որոշ հանրապետականներ կշտապեն ասել, թե թմբլիկ թշիկներ էին, քաշքշում էին, բայց դե մենք գիտենք չէ, որ ավելի թմբլիկ այտիկներով արտգործնախարարներ էլ կան, որոնց այտերից, գոնե էկրանների առաջ, որեւէ մեկը չի քաշքշում: Խորհրդանշական իրադարձություններ են լինում, որից հետո մանրանալու կարիք չի զգացվում: Հիմա, այս ամենից հետո, թվում էր, թե պետք է վարչախումբը գլուխը կախ հեռանա, բայց ոչ, նրանք դեռ մտածում են վերարտադրվելու մասին՝ հույսը դնելով Հայ ազգային կոնգրեսի եւ միջազգային հանրության վրա: Հաշվարկը շատ պարզ է` Կոնգրեսը ամեն ինչ կանի ներքին դժգոհությունները զսպելու համար, իսկ արտաքին ճակատում էլ մի քանի անգամ էլ կքաշքշեն արտգործնախարարի այտիկները, եւ դրանով հարցերը կլուծվեն: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Միջազգային հանրությունը չի պատրաստվում բավարարվել միայն այտիկներ քաշքշելով: Այսպես շարունակվելու դեպքում, նրանք ավելի մեծ ցանկություններ կունենան: Բնականաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի հեղինակությունն այդ աստիճան ընկնի: Պարզ է, որ դրա հետեւանքները շատ ծանր կլինեն:

Ինչ կապված է Կոնգրեսի հետ, ապա հատկապես մայիսի 31-ի տխրահռչակ «շքահանդեսից» հետո Կոնգրեսն այլեւս քաղաքական դաշտում լուրջ դերակատարում չունի: Եւ այստեղ պետք է հատուկ շեշտենք, որ բարեբախտաբար այլեւս լուրջ դերակատարում չունի: Չի կարելի թույլ տալ, որ երկրի կառավարմանն այսպես, թե այնպես մասնակցի մի ուժ, որը պատրաստ է Ղարաբաղի հարցում գնալ անսահման ու միակողմանի զիջումների, եւ որը հանուն նեղ անձնական շահերի՝ պատրաստ է գործարքի գնալ այն իշխանության հետ, որին բնորոշում էր որպես մոնղոլ-թաթարական տիպի ավազակապետություն, իսկ ավելի ուշ նաեւ խուժանապետություն:

Իսկապես բարեբախտություն է, որ իշխանության չեկավ այն ուժը, որի շարքերում կան «փորձագետներ», որոնց դուր չի գալիս անգամ Հայաստանի զինանշանը, քանի որ այնտեղ պատկերված են արիական խորհրդանիշներ` առյուծը եւ արծիվը:

Վերջին երեք տարվա ձեռքբերումներից մեկը հենց սա է, որ Կոնգրեսը հայտնվեց այնտեղ, որտեղ պետք է մշտապես լիներ: Ճիշտ է, հիմա կոնգրեսականները դեռ հույսեր են կապում Կազանի հետ: Պատահական չէ, որ հաջորդ հանրահավաքը նշանակել են հունիսի վերջին, բայց քթի տակ էլ ասում են, թե կարող է չնախատեսված հանրահավաք լինել: Պարզ է, որ չնախատեսվածը կլինի այն ժամանակ, եթե հանկարծ Կազանում Սերժ Սարգսյանը ստորագրի այն փաստաթուղթը, որին երկար ժամանակ սպասում են կոնգրեսական առաջնորդները:

Վստահաբար կարող ենք ասել, որ Կազանում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, որը ուրախացնի կոնգրեսականներին, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական վիճակը հուշում է, որ այդ հարցում առաջիկայում կտրուկ տեղաշարժեր չեն լինի: Եւ մեկ անգամ եւս շեշտենք, որ հուրախություն մեզ, Ադրբեջանում իշխանության գլխին են էլ ավելի ապաշնորհ ուժեր, քան Հայաստանում:

Եւ հենց այս իրավիճակում Հայաստանում պետք է զարգանան եւ արդեն իսկ զարգանում են այնպիսի գործընթացներ, որոնց արդյունքում ձեւավորվելու է նոր եւ բավական հզոր քաղաքական լայն դաշինք, որն ի վիճակի է լինելու արմատապես փոխել Հայաստանի քաղաքական դաշտը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իհարկե, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, բայց ժամանակն է, որ մենք ազատվենք գորշ եւ կեղտոտ քաղաքական դաշտից եւ այն գործիչներից եւ ուժերից, որոնք երանության մեջ են իրենց զգում, երբ քաղաքական դաշտի մթնոլորտը կեղտոտ է:

Հիմա ոմանց համար մի փոքր անհավատալի է թվում, բայց շատ շուտով Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքից բռնած, մեղմ «երկխոսելով» և հուշիկ քայլերով, կհեռանա քաղաքական թատերաբեմից:

Վարդան Մխիթարյան

Համակարգային փոփոխություններ իրականացնելու համար միակ ճանապարհը իշխանափոխությունն է

June 14, 2011

«1991թ. ստեղծված Հայաստանի երրորդ հանրապետությունը խարսխված է այնպիսի սոցիալ–տնտեսական և պետաիրավական սկզբունքների վրա, որոնք անխուսափելիորեն բերեցին առկա քաղաքական, տնտեսական, մշակութային, գաղափարախոսական, արժեքային ճգնաժամի, որն արդեն սպառնում է մեր ազգային պետականությանը»,–այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։

Նրա համոզմամբ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու և համակարգային փոփոխություններ իրականացնելու համար չկա ուրիշ ձև, բացի իշխանափոխությունից։

Այն դիտարկմանը, թե արդարադատության նախարարը վերջերս հայտարարել էր՝ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման և սոցիալ–տնտեսական վիճակի պատճառով սրացումների համար իրավական ոչ մի հիմք չկա, նշանակում է՝ այդ դեպքում իշխանափոխությունը հակասահմանադրական ճանապարհով է լինելու, Տ. Խզմալյանն ասել է. «Երբ 1988թ. սկսվեց ազգային–ազատագրական պայքարը, մենք չէինք հարցնում թույլտվություն արդարադատության կամ մեկ այլ նախարարից։ Երբ արաբական աշխարհում մեկը մյուսի հետևից փլվում են բռնատիրական համակարգերը, այնտեղ ո՛չ կուսակցություններն էին, ո՛չ քաղաքական առաջնորդներն էին ղեկավարում, ուղղակի ժողովուրդը թելադրում է իր կամքը, և դա այստեղ անելու ենք մենք»։

Ըստ բանախոսի՝ այն կատարվելու է քաղաքացիական անհնազանդության ճանապարհով՝ նշելով, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել այդ նպատակին, քանի որ դրանք ուղղակի ծուղակ են։

7or.am

Ինքնասպանությունները սոցիալական լարվածության բարոմետրերն են

June 14, 2011

iravunk.com
10.06.2011
Զրուցեց Գայանե Զարգարյանը

Վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ինքնասպանությունների, ինքնասպանության փորձ կատարողների թիվը գնալով ավելանում է: Ինչո՞ւ է մարդը ընտրում կյանքին այդ կերպ վերջ տալու դժվար կամ գուցեեւ` ամենահեշտ ճանապարհը, ի՞նչը կարող է նրան հասցնել նման հոգեկան ծայրահեղ վիճակի: Աշխարհում մի տեսակ ստանդարտ դարձած այս հարցերին մեր երկրում գումարվում են նաեւ նորերը: Ասենքª որքանո՞վ է այս հարցում մեծ աղանդների դերը: Արդյոք այսօրվա անհայտ ծագումնաբանությամբ շարժումների, ասենքª տարբեր էմոների ՙուսմունքի՚ հիմքերից չի՞ նաեւ գալիս, որ աղաղակող չափով աճել են ինքնասպանություններն ու դրանց փորձերը դեռահասների մոտ… Այս հարցերի պատասխանը ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում փորձեցինք ստանալ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ:
-Ընդհանրապես ինքնասպանությունները շատ լայն պատճառականություն ունեն: Այնպես որ, դրա ակունքները մի ուղղությամբ որոնելը, կարծում եմ, մի քիչ սխալ է: Ըստ էության, ինքնասպանությունը անձնային ճգնաժամի արդյունք է: Մենք ուղղակի տեսնում ենք, որ ինքնասպանությունների աճ է նկատվում, իսկ դա մեզ մղում է մտածել նաեւ այդ քայլի սոցիալական պատճառների մասին: Այսինքնª գուցե մեր հասարակության մեջ մի բան է կատարվում, որը նպաստո՞ւմ է դրան: Ընդհանրապես հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ կա համաչափություն սոցիալական, տնտեսական դեպրեսիաների եւ ինքնասպանությունների աճի միջեւ: Այն երկրներում, որտեղ գործազրկության աստիճանը բարձր է, ինքնասպանությունները աճ են ապրում: Ընդ որում, հետաքրքիր է, որ սոցիալական դեպրեսիայի մեջ գտնվող երկրներում ինքնասպանության աճը վերաբերում է ինչպես աղքատ շերտերին, այնպես էլ հարուստներին: Միայն ոչ նպաստավոր ֆինանսական վիճակներում գտնվող մարդիկ չէ, որ գնում են ինքնասպանությունների: Այսինքն` կա այդ կապը, քանի որ նույնիսկ սոցիոլոգները հակված են ասելու, որ սոցիալական լարվածության բարոմետրեր են ինքնասպանությունները: Բայց սա ընդամենը պատճառներից մեկը կարող է լինել:
Պատճառներից է նաեւ միայնակության զգացումը. երբ որեւէ մեկը քեզ չի հասկանում, դու միայնակ ես քեզ զգում…
Մի հարց էլ, որ շատ կարեւոր է, կապված է լրագրողական համայնքի հետ: Պարզվում է, որ լրատվամիջոցներում երբ շատ են լուսաբանում ինքնասպանությունների դեպքերը, դա իր ետեւից բերում է վերթերի էֆեկտը, նամանավանդ` պատանիների շրջանում: Այսինքն` դա դառնում է վարքի մի ձեւ, որը մի տեսակ մոդելային է դառնում:
- Ուզում եք ասել, որ այդ դեպքերի լուսաբանումը պետք է սահմանափակվի՞:
- Հարցը պետք է դնել այսպես. ի՞նչ է տալիս ինքնասպանությունների մասսայական լուսաբանումը: Համենայնդեպս, տեսնում ենք, որ շատանում են ինքնասպանությունները, որի ժամանակ կարող է վերը նշած այդ մոդելը իրագործվել: Հետեւաբար, պիտի խնդրեի, որպեսզի ավելի զուսպ եւ լակոնիկ ձեւերով լուսաբանվեն ինքնասպանության դեպքերը: Ի վերջո, դա անձնական եւ ընտանեկան հարց է:
- Ձեր կարծիքով` այսօր հոգեկան ճգնաժամն ավելի շատ տարիքային ո՞ր խմբերի մոտ է նկատելի, եւ ո՞ր խումբն է ավելի շատ դիմում հոգեբանին: Սոցիալական անարդարության պատճառով կրիտիկական վիճակի մեջ հայտնված մարդկանց ի՞նչ դեղատոմս եք առաջարկում:
- Կան ընդհանուր օրինաչափություններ, թե ովքեր են ավելի շատ դիմում հոգեբաններին: Մեծ մասամբ երիտասարդ մարդիկ` մոտավորապես 20-ից մինչեւ միջին տարիքի: Ըստ իս, ավելի խոցելի է երիտասարդությունը, որովհետեւ ինքնության ձեւավորման ու կենսական նպատակների իրականացման շրջանն է եւ այլն: Իսկ եթե խոսենք սեռային տարբերությունների մասին, ապա ամբողջ աշխարհում ընդունված է, որ հոգեբաններին ավելի շատ դիմում են կանայք, քան թե տղամարդիկ: Եվ եթե նորից շոշափենք ինքնասպանության թեման, ապա ավելի շատ այդ քայլին գնում են տղամարդիկ, իսկ կանայք ավելի շատ հակված են գնալ դեպի մասնագետները: Ինչ վերաբերում է առաջարկվող դեղատոմսին ընդհանրապես, ապա ցանկացած ճգնաժամ հաղթահարելու ելքը նախ եւ առաջ ճգնաժամը առաջացնող պատճառների նվազեցումն է: Օրինակ, միջին տարիքի տղամարդիկ ինչո՞ւ են գնում ինքնասպանության. որովհետեւ այն ֆունկցիան, որը դրված է նրանց վրա, չեն կարողանում ապահովել: Մարդը իրեն զրոյացված վիճակում է զգում ու ընկնում է խորը դեպրեսիայի մեջ: Բայց քանի որ սա անձի ճգնաժամ է, այստեղ առաջ է գալիս պրոֆեսիոնալ օգնության հարցը:
- Բազում առիթներով խոսել ենք նաեւ այն մասին, որ մարդուն հոգեկան անհավասարակշիռ վիճակների են հասցնում նաեւ աղանդ կոչվածները` իրենց վտանգավոր ու չնախատեսված հետեւանքներով: Ձեր կարծիքով` ինչո՞ւ ենք աղանդների դեմ պայքարելու գործում մի քիչ դանդաղում: Արդյոք ժամանակը չէ՞ այդ հարցը օրենսդրորեն կարգավորել եւ աղանդների գործունեությունը սահմանափակել, որպեսզի օրը ցերեկով Եհովայի վկան չփորձի ՙկրծել՚ Հայ առաքելական եկեղեցու սպասավորի կոկորդը:
- Աղանդների վնասները այնքան շատ են, որ եթե նրանք նույնիսկ ինքնասպանություն չեն գործում, ուրեմն անձնասպան են դառնում, քանի որ աղանդի մեջ գտնվող մարդը հոգեբանորեն ոչնչանում է: Կան աղանդներ էլ, որոնք գովերգում են խմբակային ինքնասպանությունը: Աղանդները մարդու մեջ ներարկում են վախի զգացում: Այª այդ Արմագեդոն կոչվածը եւ այլն: Վախի զգացում են ներշնչում եւ մարդուն կախվածության մեջ են գցում, եւ դա դառնում է այն դեպքը, երբ դու ինքդ քո վրա ձեռք ես բարձրացնում: Չհաշված, որ նրանք իրենց գործունեության ընթացքում այնքան են լկտիանում, որ իրենց պահվածքով անցնում են բոլոր սահմանները: Այնպես որ, ես միանշանակ կողմ եմ, որպեսզի աղանդների դեմ պայքարը օրենսդրորեն կարգավորվի եւ հնարավորինս սահմանափակվեն նրանց լիազորությունները: Նրանցից ինչքան հնարավոր է` պետք է հեռու մնալ, նրանք ուղղակի չարիք են հասարակության համար:

Պահանջատիրություն

June 13, 2011

Սեվրի Պայմանագրի Մասին (TV)
Մեր իրավունքը չի կարող մեզ որպես պարգևական տրվել
Պայքարի շեշտադրումները  փոխելու անհրաժեշտությունը
Հայկական հարցի լուծման հայեցակարգ
Պետությունների և պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության  հարցը
Խիստ Շահեկան Հարցազրույց Արա Պապյանի Հետ (TV) Մաս 1
Խիստ Շահեկան Հարցազրույց Արա Պապյանի Հետ (TV) Մաս 2
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի ներկա կարգավիճակը
Վիլսոնի Իրավարար Վճռի Հետքերով(TV)   Մաս 1
Վիլսոնի Իրավարար Վճռի Հետքերով(TV)   Մաս 2
Թուրքիան «թասիբի է գցում» հայերին, հայերը կուլ են տալիս խայծը
Հայտարարություն(Աշխարհասփյուռ ՌԱ կուսակցության)
Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը որպես միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում

Քանանյան. «Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը»

June 13, 2011

7or.am
13.06.2011

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկայիս բանակցային գործընթացին՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը «7օր»–ին ասել է, թե ժամանակն է դուրս պրծնել մինչ այսօր տևած բանակցային գործընթացի արատավոր շրջանակից, քանի որ այն մի օր մեր գլխին չարաչար ջարդվելու է.
«Հայաստանի հանրությունը պետք է հասկանա, որ արցախյան հակամարտության լուծումը հանձնողական, կապիտուլյացիոն ճանապարհով, ՀՀ-ի համար կլինի ոչ թե զարգացման, այլ վերահաս համապետական կործանման երաշխիք: Կարգավորման «հիմնարար սկզբունքների» իրականացման յուրաքանչյուր փորձ կհանգեցնի վատթարագույն ելակետային պայմաններով նոր արյունահեղ պատերազմի: Առկա է բանակցային գործընթացն իրապաշտական նոր հիմքերի վրա փոխադրելու հրամայականը: Վերջերս Ստեփանակերտում հասարակական դաշտի հայտնի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը խոսել է «Ստեփանակերտյան» սկզբունքները ձևակերպելու անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով պաշտոնական Ստեփանակերտի հանցավոր կրավորականությունը` ինքս էլ պատեհ եմ գտնում հանդես գալ «Քարվաճառյան սկզբունքների» դիրքերից` Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած ցեղասպանական պատերազմում լիակատար ձախողման շնորհիվ ձևավորվել է այժմյան «ստատուս քվոն»։ Մեր վերահսկողությունից դուրս մնացել են նախկինում հայաբնակ և պատմաիրավական առումով Հայաստանին պատկանող ընդարձակ տարածքներ: Տեղի է ունեցել հայ և ադրբեջանական բնակչության վերատեղաբաշխում՝ ըստ վերահսկողության գոտիների: Համանման լուծումներ կիրառվել և վավերացվել են միջազգային հանրության կողմից 1945թ. Եվրոպայի հետպատերազմյան կարգավորման ժամանակ Սիլեզիայում, Պոմերանիայում, Արևելյան Պրուսիայում և Սուդետներում, իսկ վերջերս` Բոսնիայիում, Խորվաթիայում, Կոսովոյում: Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը և բավարարվի այդ երկրին մեր շնորհած մեծագույն զիջմամբ՝ հրադադարով և վերջինիս ամրագրած տարածքային` հայկական կողմի համար առավել քան «փոխզիջումային», իրողություններով: Հարկ է վերսկսել 2007թ. վերջնականապես կասեցված ազատագրված տարածքների համապարփակ վերաբնակեցման գործընթացը: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ու «ճգնաժամային խմբի» փորձագետները խնդրի առթիվ գանգատվում են, թե վերաբնակեցումը ստեղծում է «ֆե ակոմպլի»` «կատարված փաստի» դրությունը: «Կատարված փաստի» դրությունն ամրապնդելու ուղղությամբ ակամա պիտի գործի նաև անձամբ ՀՀ նախագահը, քանզի «հանճարեղ բլեֆի» կամ հանձնելու դիվանագիտությունը շարունակելու դեպքում Սերժ Սարգսյանը, ողջ շրջապատով հանդերձ, անխուսափելիորեն կհանձնվի դաշտային իրողության անողոք դատաստանին: Իսկ սեփական երկրի ու ժողովրդի դեմ օգտագործվելուց հետո Հաագայում հայտնվելն էլ ՀՀ նախագահի համար պետք է նկատվի իրեն սպասվող դժնդակ ճակատագրի մեղմագույն հանգուցալուծում, թեև դրա «շանսերը», ըստ երևույթին, առավել քան սակավ են»։

Հայտարարություն (Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության)

June 10, 2011

Հիմք ընդունելով Հայոց Պահանջատիրության երկարամյա ուսումնասիրությունները եւ միաժամանակ Հայաստանի Հանրապետության Պահանջատիրության ու Ցեղասպանության հարցի լուծման պետական ծրագրի բացակայությունը, Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը (հետագայում` Խորհուրդ) որոշեց ներկայացնել իր մշակված “ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ” հարցերի լուծման հայեցակարգ ու ներկայացնել այն հանրային քննարկման:

Հանձնախումբը իր ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված իրավունքների` հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցման գործընթաց միայն կարող է իրականացնել Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Այդ գործառույթը լավ արդյունքի հասցնելու համար անհրաժեշտ է հարցը տարանջատել երկու ուղղությունների` քաղաքական եւ իրավական:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ուղղությունը ներառում է նախապատրաստական գործընթացներ, որոնցից են.

-հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրության չեղյալ հայտարարում, քանի որ հայկական կողմը վավերացնելով այն` խախտել է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքը (հիմնավորումները հաջորդիվ),

-ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքների ընդունում, որոնք հնարավորություն կտան դիմելու ՄԱԿ-ի հովանու տակ գործող Միջազգային Դատարան եւ ճանաչել վերջինիս որոշումների գերակայությունը,

-Հայաստանի Հանրապետության կողմից Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին ներկայացնել պահանջ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված իրավունքների` հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցման վերացման համար առանձնացված դատարան ստեղծելու (ինչպես ժամանակին ստեղծվեցին Նյուրենբերգի, Տանզանիայի դատարանները` կոնկրետ ցեղասպանությունների համար):

-ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունել “Հայոց ցեղասպանության մերժողականությունը քրեորեն պատժելու մասին” օրենք:

ԻՐԱՎԱԿԱՆ ուղղությունը իր մեջ ներառում է նախապատրաստական գործընթացներ, որոնցից են.

-հայրենազրկման վնասների վերացման համար հիմք ընդունել ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի Իրավարար վճիռը,

-ցեղասպանության վնասների վերացման համար հիմք ընդունել ՄԱԿ-ի ընդունած հետեւյալ կոնվենցիաները.

ա) 1948 թվականին ընդունած “Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին” կոնվենցիան,

բ) 1968 թվականին ընդունած “Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին” կոնվենցիան եւ դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթները:

-ՀՀ կառավարության կողմից աշխարհասփյուռ հայության եւ օտար շրջանակներից միջազգային իրավունքի մասնագետների հավաքագրում, որոնք պետք է ձեւակերպեն ՀԱՅՑ ընդդեմ թուրքական կառավարության եւ հետապնդեն այն Միջազգային դատարանում (հայկական կողմի մեղադրողներ),

Պարզաբանումներ` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անօրինականության վերաբերյալ

Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը ուսումնասիրելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ”հայ-թուրքական երկու արձանագրությունների” համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաեւ այդ գործընթացին նախորդած նախապատրաստական աշխատանքները, դրանք որակում է ՀՀ օրենքներին հակասող գործառույթներ:

Ստորեւ ներկայացված ուսումնասիրությունները հիմնված են Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի վրա:

Հիմնավորում թիվ 1.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ ենթակետի, Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններն իրենց էությամբ միջազգային պայմանագրեր են, որոնց մասին բացահայտ չի խոսվում, այլ ՀՀ կառավարության կողմից ներկայացվում են որպես արձանագրություններ:

Հիմնավորում թիվ 2.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվում են`
այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքային հարցեր լուծելու, միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Հայաստանի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ:

Ստացվում է, որ ընդգծված բոլոր արտահայտություններն առկա են հայ-թուրքական արձանագրությունների մեջ: Ընդգծված արտահայտություններից հետեւում է, որ որքան էլ ՀՀ կառավարությունը փորձում է աշխարհասփյուռ հայությանը համոզել, թե արձանագրություններում սահմանային կամ տարածքային որեւէ հարց չկա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման խնդիրն առկա է:

Հիմնավորում թիվ 3

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի “ա” ենթակետը, որտեղ ասվում է.

-Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն :

Հակառակ պարագայում ՀՀ Նախագահը կօգտվեր ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 16-ով իրեն վերապահված իրավունքից, որտեղ նշված է.

Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել դրանք:

Վերը նշվածից հետեւում է, որ արձանագրություններում առկա է տարածքային-սահմանային խնդրի կարգավորում, հակառակ պարագայում ՀՀ Նախագահը արձանագրությունները չէր հանձնի ՀՀ Ազգային Ժողովի վավերացմանը, այլ կիրականացվեր այն ընթացակարգը, որը ՀՀ անկախացումից հետո իրականացվեց բազմաթիվ միջպետական դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատելու պարագայում` առանց ՀՀ Ազգային Ժողովի վավերացման: Առավելեւս` առկա է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:

Հիմնավորում թիվ 4.

Արձանագրությունների տեսքով նմանատիպ միջազգային պայմանագիր կնքելուց առաջ, համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթների` եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա պետք է կայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներ:
Վերը շարադրվածից հետեւում է, որ հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստական գործընթացում, որեւէ նախագահական կամ կառավարական որոշում չի կայացվել, այլ գաղտնի պայմաններում իրականացվել է արձանագրությունների նախապատրաստական գործընթաց եւ կատարվածը հանրությանը կանգնեցրել է փաստի առջեւ, որն արտահայտվեց.

- 2009 թվականի ապրիլի 23-ին ” ճանապարհային քարտեզի” մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ` ի դեմս երկու երկրների արտգործնախարարների,

-2009 թվականի օգոստոսի 31-ին “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրման մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ` ի դեմս երկու երկրների արտգործնախարարների:

Գաղտնի գործելու պարագայում խախտվել է նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 18-ի 5-րդ ենթակետը, որտեղ նշված է.

Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի նախաստորագրումից կամ այլ ձեւով դրա տեքստի փոխհամաձայնեցումից հետո` ստորագրումից առնվազն 10 օր առաջ, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ կառավարությանը՝ հնարավորինս հայտնելով դրա ստորագրման վայրի եւ ժամկետի, ինչպես նաեւ ստորագրման պահին այդ պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
ՀՀ արտգործնախարարի կողմից նմանատիպ գործառույթ իրականացնելու պարագայում ՀՀ քաղաքացիները կիրազեկվեին օգոստոսի 31-ին նախաստորագրվելիք “հայ-թուրքական երկու արձանագրությունների” ե’ւ բովանդակության, ե’ւ վայրի, ե’ւ ժամկետների մասին: Ստացվում է` ՀՀ արտգործնախարարը բացահայտ խախտել է վերը նշված օրենքը:

Հիմնավորում թիվ 5.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծին ընթացք տալը իրականացվում է հետեւյալ հերթականությամբ.
-համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն, որը չի արվել մինչ օգոստոսի 31-ը` “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրումը:

Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է հաջորդ օրինախախտումը, որտեղ նշվում է, որ, համաձայնեցման նպատակով ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարությանը:

Վերը շարադրվածից հետեւում է, որ միջպետական պայմանագրի`”հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախագիծը պետք է ՀՀ Սահմանադրական դատարան գնար փորձաքննության, այլ ոչ թե արդեն ստորագրված արձանագրությունները, հետեւաբար խախտվել է օրենքի այս դրույթը եւս:

Շարադրվածի մասին է փաստում նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նշված այն դրույթը, ըստ որի
-միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքով նախատեսված բոլոր գործողություններն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու հանձնարարականով:

Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է եւս մեկ օրինախախտում, որտեղ կա հետեւյալ պահանջը` շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները կամ դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Մինչ օրս հանրությանը հայտնի չէ` “հայ-թուրքական երկու արձանագրություններին”
առնչություն ունեցող հայկական-պետական գերատեսչությունների որեւէ կարծիք` երկու երկրների միջեւ բազմակողմանի հարաբերություններ հաստատելու մասին, ինչը եւս փաստում է օրենքի խախտման մասին:

Ուսումնասիրությունները փաստեցին, որ “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրման եւ վավերացման գործընթացը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից բազմակի օրինախախտումներով, հետեւաբար սխալն ուղղելու կապակցությամբ Խորհուրդը առաջարկում է, որպեսզի ՀՀ կառավարությունը հանդես գա ստորեւ ներկայացված հայտարարությամբ, որտեղ կնշվեն ամենակարեւոր խախտումները, որոնք առնչություն ունեն թե Թուրքիային, թե Ադրբեջանին :

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 57-ի 2.1-րդ ենթակետի, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել եթե` Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով պատերազմական կամ այլ ռազմական դրության մեջ, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ, օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները,

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը
հայտարարում է.

-ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ե’ւ պատերազմական գործողությունների մեջ (քանի որ 1994 թվականից գործող զինադադարը նույնպես համարվում է պատերազմի առկայության փաստարկ), ե’ւ տնտեսական շրջափակման մեջ (որը իրականացվում է ՀՀ-ի հանդեպ 1993 թվականից), հետեւաբար մինչ տարածաշրջանային կայունությանը խանգարող գործոնները չվերանան, Հայաստանի Հանրապետությունը չի կարող միջազգային պայմանագիր կնքել տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունների հետ.

-տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունները մոտ ապագայում իրենց գործելաոճից չհրաժարվելու պարագայում, ՀՀ կառավարությունը սկսելու է գործընթաց` տարածաշրջանային բոլոր վեճերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարան տեղափոխելու ուղղությամբ.

-ՀՀ կառավարությունը Հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնում բոլոր միջնորդ կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք փորձեցին տարածաշրջանային խնդիրները լուծել զուտ բանակցային գործընթացներով, սակայն ոչ հայկական կողմի մեղքով գրանցվեցին բոլորիս համար ոչ ցանկալի արդյունք:

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության

Հայ Դատի Իրավաց Խորհրդի պատասխանատու

Հարություն Առաքելյան

Երեւան, 7 հունիսի, 2011 թ.

Կոչով դիմում են ՀՀ-ում, ՌԴ-ում և արտերկրի այլ վայրերում բնակվող հայրենակիցներին

June 9, 2011

Ռուսաստանի հարավային Սոչի քաղաքի Լազարեւյան շրջանի Վոլկոնկա գյուղում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ` մայիսի 28-ին պետք է տեղի ունենար լեգենդար գեներալ, Արևմտյան Հայաստանում հայկական ազգային ազատագրական շարժման ղեկավարներից մեկի, զորավար Անդրանիկ Օզանյանի արդեն իսկ տեղադրված արձանի բացման արարողությունը: Արձանի հեղինակն էր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը:

Արձանի ստեղծման նախաձեռնությունը Սոչիի հայերինն է, որոնցից շատերի նախնիները եղել են Անդրանիկի զինակիցներն ու զինվորները, և այս փաստը կարևորելով, չորս տարի առաջ հանգանակություն կատարելով` պատվիրել էին մոտ 4 մետրանոց զորավար Անդրանիկի արձանը:

Արձանի տեղադրումից հետո Սոչիի քաղաքապետի հրահանգով հայերին պարտադրվում է ապամոնտաժելու արձանը և մայիսի 27-ի երեկոյան այն ապամոնտաժվում է: Իր հրամանը չկատարելու դեպքում քաղաքապետ Անատոլի Պախոմովը հոխորտում է և խոստանում, որ բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի, այլ նաև մինչ այդ տեղադրված Ցեղասպանության զոհերին հիշատակին և Մեսրոպ Մաշտոցին նվիրված արձանները, ինչպես նաև մի քանի խաչքարեր:

«Կտրականապես արգելվում է նման քայլ անել, թուրքերն ասել են` եթե Անդրանիկի արձանը տեղադրեք, մենք կտապալենք Սոչիի 2014 թ. կայանալիք օլիմպիադան, նկատի ունենալով, որ թուրքական մի շարք ընկերություններ շինարարական աշխատանքներ են կատարում քաղաքում, դրա համար կարծում ենք, որ Սոչիում այդ արձանը չի կարող տեղադրվել»,- ասել է քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

2010թ. Հայաստանի Հանրապետություն ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցի ժամանակ մեծ շուքով տեղի ունեցավ Օսմանյան կայսրության դեմ մարտնչած և զոհված հայ և ռուս զինվորների աճյունի` «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը, որին մասնակցեց նաև Դմիտրի Մեդվեդևը: Հայաստանում այսպես են հիշում և պատվում զոհված ռուս զինվորներին, իսկ Ռուսաստանի Դաշնությունո±ւմ… Միգուցե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է, որ ՀՀ-ում և հայաշատ աշխարհի տարբեր վայրերում համարժեք վերաբերմունք ցուցաբերվի ռուս զինվորների, զորավարների հիշատակին և աճյունների նկատմամբ:

Այն, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական իշխանությունները և տեղական ինքնակառավարման մարմինները գործում են համաձայնեցված, կասկածի տեղիք չի թողնում և զորավար Անդրանիկի արձանի ապամոնտաժումը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական մերձեցման դրսևորման հերթական ապացույցն է։

Պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները կրկին անգամ գտնվեցին իրենց ցածրության վրա և կատարվածին իրապես որևէ արձագանք չտվեցին, բացառությամբ ապամոնտաժման փաստին չորս օր ուշացմամբ արձագանքած Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի`որն ընդամենը դատապարտեց քաղաքապետի որոշումը: ՀՀ Սփյուռքի նախարարությունը ինչպես կար, այնպես էլ մնաց իրեն հոգեհարազատ ամորֆ վիճակում, իսկ հայ «քաղաքական գործիչները» զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությամբ: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ նրանք չհամարձակվեցին ընդունել նետված մարտահրավերը և ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին։

Հայությունը ստացավ հերթական ապտակը, առաջին հերթին ոչ նրա համար, որ առկա է ռուս-թուրքական նոր սիրախաղ, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի իրապես պետություն, չկան նպատակին ծառայող պետական ինստիտուտներ, և որ Հայաստանը ներկայացնող պետական կոչվող այրերը բացի օտարին լիուլի քծնելուց, շողոքորթելուց և անձնական բարեկեցության համար պետական շահը զոհաբերելուց, այլ խնդիր չեն լուծում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության նման կեցվաքը հետևանք է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախի հարցի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ վարվող ապիկար արտաքին քաղաքական վտանգավոր խաղերի։

Կատարված փաստի կապակցությամբ կոչով դիմում ենք ՀՀ-ում, ՌԴ-ում և արտերկրի այլ վայրերում բնակվող մեր հայրենակիցներին, իրենց վրդովմունքի և բողոքի ձայնը բարձրացնելու Սոչիի իշխանությունների կողմից հանիրավի ապօրինի և քաղաքական կարճատեսության ու տգիտության վրա հիմնված որոշման դեմ, և անհողդողդ մնալ, մշտապես պաշտպանելով հայ ազգի արժանապատվությունը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի լրատվության բաժին
08.06.2011թ


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 72 other followers