Կնունք եւ մկրտություն. Արմատների մասին… Կրոնա-աղանդավորակ

Կնունք եւ մկրտություն. մեկի արմատը պահում են, մյուսինը՝ քոքահան անում

Այսօր հայության մի՝ փոքրամասնություն կազմող ազգայնական, ազգային հինավուրց ավանդույթներին հետամուտ հատվածը երեխայի՝ քառասունքից դուրս գալը խորհրդանշում է կնունքով: Իսկ մյուս՝ մեծամասնություն կազմող՝ ազգային ավանդույթները մոռացած եւ քրիստոնեության՝ 301-ից հետո հայոց մեջ դրսից մտցված այդ կրոնի թելադրանքով ստեղծված սովորույթներով առաջնորդվող հատվածը՝ երեխայի քառասունքից դուրս գալը նշում է մը-կրտությամբ: Իհարկե, այսօր մեզանում ավելի հաճախակի են ուշացումով՝ չափահաս անհատների կնունքն ու մկրտությունը, որի պատճառի մասին ստորեւ կիմանանք:

Տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում մերօրյա հայ կյանքում լայնորեն տարածված (ոչ համատարած, քանզի կան ոչ քիչ հայեր էլ, ովքեր ոչ կնքվում են եւ ոչ էլ մկրտվում) կնունք եւ մկրտություն խորհուրդները, որն է հային հարազատ, որը՝ ոչ:

Ամեն մի բառ որոշակի իմաստ (խորհուրդ) է արտահայտում: Բացառություն չեն նաեւ կնունք-ը եւ մկրտություն-ը: Ուստի՝ նախ բառերի լեզվաբանական իմաստի մասին:

Կնունք բառը կազմված է կըն, ուն բառարմատներից եւ ք վերջածանց մասնիկից: Կըն բառարմատի նախաձեւը գեն-ն է (բառակազմության ընթացքում երկրորդը փոխակերպվել է առաջինին), որը նշանակում է ծագումնաբանական՝ ի բնուստ ազգի մեջ դրված որակ: Ուն-ը (նախաձեւը ան-ն է) նշանակում է ծագում, սերում, առաջացում: Ք մասնիկը ներկա պարագայում հաստատումի իմաստ է արտահայտում (ոչ հոգնակիացնող, ինչպիսի իմաստ դա սովորաբար արտահայտում է): Հետեւաբար՝ կնունք-ը անհատի մեջ ազգային որակի հաստատումի իմաստ է արտահայտում:

Մկրտություն բառն առաջացել է մը-կրտել (մկրատել) բառից, որն էլ իր հերթին կազմված է մ-ը՝ լրումի, ամբողջության իմաստ արտահայտող մասնիկից եւ կրտել բառից: Վերջինս հոմանիշ է կտրել բառին: Բայց եթե կտրելը պարզապես կտրելու, օրինակ՝ մազերը կտրելու, իմաստ է արտահայտում, ապա կրտելը՝ հիմնովին կտրելու, տվյալ մասը ամբողջից քոքահան անելու: Այսպիսով, մկրտել բառը ինչ-որ օրգանական ամբողջից նրա մի մասը լիովին կտրելու, անդամահատելու իմաստ է արտահայտում:

Անցնենք կնունք եւ մկրտություն՝ բուն խորհուրդների ներկայացմանը:

Կնունքը անհատի՝ որպես ազգային անհատի, որպես բնականորեն տրված, որոշակի ծագումնաբանական որակի հաստատումի, օծումի խորհուրդն է պարունակում: Հայի սուրբ գրքում՝ Ուխտագրքում կարդում ենք. «Ըստ բնական օրինաչափության, ծնված երեխան մտնում է իր կյանքի մի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: Եվ երեխան, նախքան իրական կյանքի մեջ մտնելը, պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին, պատկեներին… Մեր նախնյաց իմաստությունը հաստատել է, որ երեխան նոր միջավայրին հարմարվում է քառասուն օրում: Այդ ընթացքում երեխային պահպանում են արտաքին այլեւայլ շփումներից ու ազդեցություններից: Եվ երեխային քառասունքից հանելիս, կնքում են՝ հաստատում են նրա ծագումը, օծում են նրա մարմինը պահպանիչ ծաղկայուղով եւ հանձնում են Կյանքին ու Աստվածների հովանավորությանը: Հենց սա է Կնունք-ի իրական ու նախնական խորհուրդը»: Չափահասների կնունքը ուշացումով կնունք է. դա կրոնների ազդեցության հետեւանք է, կրոններ, որոնք ամեն մի բնականության թշնամին են, եւ որոնց հետաքրքրում է միայն անհատի՝ իրենց նվիրումը, անկախ բնակենսաբանական հիմունքներից: — Ասվածը մասնավորեցնենք: Հայ երեխայի կնունքը նրա՝ որպես հայի, որպես հայ ծագում, հայ հոգի ու մարմին ունենալու, հայոց աշխարհին ու հայոց հավատքին, հայոց նախնիներին ու Աստվածներին պատկանելու, ասել է թե՝ նրա ինքնության հաստատումի խորհուրդն է պարունակում:

Հրեա-ասորի-հռոմեացի քրիստոնյաները 301-ին Հայաստանում հոգեւոր ու քաղաքական իշխանություն հաստատելով (որը տարբեր դրսեւորումներով ու տարբեր կրողներով շարունակվում է նաեւ մեր օրերում)՝ հրով ու սրով ջանացին հայոց աշխարհում ըստ ամենայնի ոչնչացնել ամեն ազգային բան, հային կտրել իր արմատներից, իր Աստվածներից ու իր աշխարհից: Եվ նրանք կնունքի փոխարեն մեջտեղ բերեցին մկրտությունը: «Մկրտությունը իր խորհրդով խիստ տարբեր է Կնունքից,-կարդում ենք Ուխտագրքում: Մկրտությունը իր հիմքում ունի մկրատ բառը եւ նշանակում է՝ մը-կրտել: Ըստ այդմ՝ մկրտությունը նույնանում է թլպատումին, որ կատարում են հրեաներն ու մահմեդականները: Բայց նրանք կատարում են մարմնական մը-կրտություն: Իսկ հայ քրիստոնեական եկեղեցին, փաստորեն, մը-կրտում է հոգին»: Այդպես հային դարձնելով ոչ հայ, մանկուրդ, իսկ լավ մշակելով՝ նաեւ հակահայ, ենիչեր «հայ»,-ավելացնենք մեր կողմից: Ի հավելումն ասենք նաեւ, որ մկրտությունը հրեաներին ու մահմեդականներին անցել է հին եգիպտացիներից, որոնք դա նախասկզբնապես կիրառել են զուտ առողջապահական նպատակներով: Կան թեեւ փաստեր նաեւ այն մասին, որ հին Եգիպտոսում մկրտությունը կիրառվել է նաեւ սեռականությունից զրկելու՝ ամորձատելու իմաստով: Այդպես նրանց որոշ քրմեր մկրտվել են, որ որպես թե լիովին նվիրվեն իրենց Աստվածներին: Իսկ հին եգիպտացիները մկրտության այս ձեւը, ամենայն հավանականությամբ, վերցրել են խաշնարածներից, ովքեր իրենց անասուններին երբեմն կրտում էին՝ ապահովելու համար դրանց մսեղենությունն ու իրենց հլու-հնազանդ ծառայելը (եզներ ու ամուլ ցուլեր, օրինակ, նրանք այսպես էին ստանում…): Կան փաստեր նաեւ այն մասին, որ սկզբնական շրջանում Հայաստանում քրիստոնյաների կողմից հայերին քրիստոնյա դարձնելն ուղեկցվում էր նաեւ թլպատումով (տե՛ս Հովհան Մամիկոնյան), որը հետագայում եկեղեցին ստիպված եղավ թողնել, քանզի դիմադրությունը բուռն էր լինում…

Քուրմ Մանուկ

«Լուսանցք» թիվ 32 (208), 2011թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: