Հայոց մեհենագրերն ապրում են ցայսօր
Համաձայն պ.գ.թ., դոցենտ Ա. Մովսիսյանի, դատելով մատենագրական տեղեկություններից՝ Ք.ա. VI դարից մինչև քրիստոնեության պետականացումն ընկած ժամանակամիջոցում հայկական մեհենագրությունն ունեցել է ավելի լայն գործածություն, քան պարզապես կրոնա-հմայական գրչաձև: Որպես ապացույց՝ Ա. Մովսիսյանը բերում է Հիպոլիտոսի՝ 234-235 թթ. գրված «Ժամանակագրությունը», որտեղ հայերը նշվում են՝ որպես սեփական դպրություն ունեցողներ, Ագաթանգեղոսի հաղոդումները նախաքրիստոնեական Հայաստանում դպրության աստծո՝ Տիրի պաշտամունքի, Մ. Խորենացու տեղեկությունը II-III դդարերում Դարանաղյաց Անի ամրոցում մեհենական պատմագրության արխիվի մասին, որից ասորի մատենագիր Բարդածանը թարգմանություններ է կատարել և այլն [1]:
Այս առումով, բնականաբար, շատ հետաքրքրական պետք է լինի հայոց մեհենագրերի ճակատագիրը քրիստոնեության՝ պետական կրոն ընդունումից հետո: Ինչպես նշում է հեղինակը, քանզի «մեհենագրությունն ընկալվում էր իբրև նախաքրիստոնեական պաշտամունքի հիմնական կրողը, ուստի պատահական չէ, որ քրիստոնյաների կողմից կործանվածներից առաջինը եղավ դպրության Տիր աստծո տաճարը» [2]: Սակայն հատկանշական է, որ այդկերպմեհենագրությունը ոչ թե իսպառ վերացվեց, ոչնչացվեց, այլ սկսվեց նրա պատմության գաղտնի փուլը, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչև մեր օրերը: Դրա արտահայտություններից են.
ա. հմայագրերը, որոնք բովանդակում են կախարդական և մոգական նշանակությամբ աղոթքներ, հմայանքի, թովչանքի բանաձևեր և նշանագրեր: Չնայած հմայագրության դեմ ՀԱԵ ակտիվ պայքարին՝ այն գոյություն ունի ցայսօր՝ հմայագրերով «կախարդություն» կատարող անձանց մոտ, թեև, հեղինակի վկայությամբ, իր հանդիպած այդ «կախարդները» չէին հասկանում իրենց իսկ արտագրած հմայագրերի, նշանների իմաստը: Հատկանշական է նաև, որ թեև հմայագրերը վերծանված չեն, նրանց մեկնաբանմանն օգնում են մեսրոպատառ հայերենով զուգահեռ գրված աղոթքներն ու բացատրագրերը:
բ. «Նշանագիրք իմաստնոց»-ը: Քրիստոնեական դարաշրջանում հայկական մեհենագրության դրսևորման կարևոր արտահայտություններից է միջնադարյան հայկական մատյաններում նշանագրերի ցանկերի առկայությունը, որոնցում ամեն նշանի դիմաց տրվում է նրա բացատրությունը [*]:
գ. Արհեստագործ վարպետների նշանները, որոնք կապված են դրոշմների կամ տոհմական նշանների ի հայտ գալու հետ: Ինչպես նշում է Ա. Մովսիսյանը, դրանք ներկվում, խզվում կամ փորագրվում էին տների պատերին, իրերի վրա: Այդկերպ ձևավորվեցին արհեստագործ վարպետների նշանները, որոնք դարեր շարունակ ժառանգաբար փոխանցվում էին նույն տոհմի ներկայացուցիչներին: Հատկանշական է, որ միջնադարյան այդպիսի նշանների մի մասը նույնությամբ առկա է նաև Վանի թագավորության ժամանակաշրջանում:
դ. Նշաններ դրամների վրա: Դեռևս Վարդան Արևելցին (XII-XIII դդ.) վկայում էր Մաշտոցի գյուտից առաջ հայաստանում սեփական գրի և դպրության առկայության մասին: Ըստ նրա, Լևոն Մեծ արքայի օրոք (1187-1219 թթ.) Կիլիկյան Հայաստանում գտնվել է դրամ՝ հեթանոս հայ արքաների հայերեն գրությամբ:Կիլիկյան դրամների ուսումնասիրության հիման վրա հեղինակը մի ուշագրավ դիտարկում է կատարում. «հենց Լևոն Մեծի ժամանակներից սկսած կիլիկահայ դրամների վրա հայտնվում են են նշաններ, որոնք կապ չունեն ո՛չ հայկական, ո՛չ եվրոպական, ո՛չ Առաջավոր Ասիայում այդ ժամանակաշրջանում գործածված այբուբենների հետ» [3]: Հավաքելով մինչ օրս հայտնի չորս տասնյակի հասնող դրամների նշանները, համադրելով դրանք հայկական մեհենագրության բոլոր փուլերի և դրսևորումների գրային միավորների հետ՝ հեղինակը փաստել է հայկական մեհենագրության և Կիլիկյան Հայաստանի դրամանշանների ժառանգական կապը:
Եվս մի ուշագրավ հանգամանք: Այդ նշանները կրող իրերը մինչև XII-XIII դդ. կարող էին հասնել Հայաստանում պահպանված նախաքրիստոնեական հավատքին ու ավանդույթներին հավատարիմ մնացած համայնքների միջոցով, ինչպիսին էր, օրինակ Ներսես Շնորհալու կաթողիկոսության շրջանում Հայաստանի հարավ-արևմտյան Սամոսատ քաղաքում պահպանված արևորդիների համայնքը:
ե. Մարմնին դաջված մոգական նշաններ: Հանրահայտ բանահավաք-ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցը հաղորդում է, որ անգամ մինչև XIX դ. վերջերը Հայաստանի հարավ-արևմուտքում՝ Տիգրանակերտի շրջանում պահպանվել էին նախաքրիստոնեական շրջանից եկող շատ ավանդույթներ, որոնցից մեկը մարմնի տարբեր մասերին մոգական համարվող նշանների դաջումն էր: Սա ևս կարելի է համարել հմայական գրչության դրսևորման ձև [4]:
—————————————
[1] Տե՛ս Մովսիսյան Ա. Ե., Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Եր., Երևանի համալսարանի հրատ., 2003, էջ 41:
[2] Նույն տեղում, էջեր 41-42:
[*] Ըստ Ա. Մովսիսյանի, նշանագրերի ամենամեծ ժողովածուն ցայսօր կազմել է Հր. Աճառյանը: Դրանց ուսումնասիրման գործում կարևոր ներդրում ունի նաև Ա. Գ. Աբրահամյանը: Տե՛ս, նշված աշխատությունում, էջ 44:
[3] Մովսիսյան Ա., նշված աշխատությունում, էջ 47:
[4] Հայոց մեհենագրության պահպանման այս դրսևորումների մասին առավել հանգամանորեն տե՛ս Մովսիսյան Ա., նշված աշխատությունում, էջեր 42-48:
Թողնել պատասխան