Հայ ծագումը — Ով չենք մենք

<Ազգի ծագումը ազգի հայելին է, եւ ազգը, եթե ազգ է, հենց այդ հայելու մեջ պետք է նայի, որ իմանա՝ ինքն ով է եւ ինչպես պետք է ապրի: Եվ հենց ազգը դադարեց իրեն իր այդ հայելու մեջ նայել եւ սկսեց ուրիշների՝ իրեն տրված հայելիների մեջ փնտրել իր ով լինելը, ապա իրեն ձեւախեղված ու պղծված կտեսնի, եւ ի վերջո՝ կկորչի, կանհետանա: Դարեր ի վեր, մինչ մեր օրերը, ինքնուրաց հայը, օտար ի՜նչ հայելու մեջ ասես իրեն չի փնտրել ու փնտրում է. արդյունքում այդ հայելու մեջ իր ինչ պատկեր ասես չի տեսել: Ուստի, հարկ է նախ կրկին անդրադառնալ այն հարցին, թե ով չենք մենք:

Նախ՝ մարդկության պատմության հուդդա-քրիստոնեական ընկալումից եկող այն կեղծիքի ու, լավագույն դեպքում, մոլորության մասին, ըստ որի բոլոր մարդկային տեսակները, այդ թվում՝ արիականը, ծագել են Ադամից, ով է, ըստ այդմ ստացվում է, բոլոր մարդկանց նախահայրը: Այդ տեսակետի հիմքը եբրայական Բիբլիան է: Տեսնենք ինչ է ասում դա: Գիրքը պատմում է, որ երբ Եհովա Աստվածը «հողի փոշուցը շինեց մարդը»՝ Ադամին, նրան հետո «դրեց» «արեւելքի կողմը՝ Եդէմի մեջ»՝ իր տնկած պարտեզում: Հետազոտողների մի զգալի մասի կարծիքով, գրքում հիշատակված դրախտավայրը իր զգալի մասով գտնվում է Հայկական լեռնաշխարհում: Ստացվում է՝ Եհովան Ադամին ստեղծելով երկրի ոչ արեւելյան կողմում՝ հետո նրան տեղափոխում է այդտեղ (թե ինչու՞ Գիրքը հիմք չի տալիս դա որոշակիացնել. միգուցե մինչնոյյան ջրհեղեղը տեղի ունեցած մեկ այլ մեծ ջրհեղեղի հետեւանքով), որից էլ հետեւում է այն, որ Դրախտավայրը՝ Հայկական լեռնաշխարհը, Ադամի ծննդավայրը (բնօրրանը) չէ: Նույն Ծննդոցի մեկ այլ էջում Բիբլիան դա հաստատում է՝ ասելով, որ երբ Ադամը արգելված իմացության ծառի պտուղը ճաշակում է, Եհովա Աստվածը նրան, որպես պատիժ, Դրախտավայրի պարտեզից հանում եւ այն երկրում է տեղավորում, «որտեղից որ առնուած (այսինքն՝ որտեղ որ ծնված,- Ս.Մ.) էր» (Ծննդոց, Գ 23): Այն, թե որտեղ հետագայում դեգերեցին,- դարձյալ ըստ նույն Բիբլիայի,- Ադամի սերունդները, վկայում է այն մասին, որ նրա հայրենիքը եղել է Միջագետքը՝ երկրագնդի անապատային այդ գոտին: Ասվածներից սակայն դեռեւս պարզ չէ, թե Ադամից ու նրա սերունդներից բացի երկրի վրա, մասնավորապես Դրախտավայրում, ապրող այլ մարդիկ կայի՞ն, թե՞ ոչ: Դարձյալ նույն Գիրքը՝ մարդկությունը մի նախնուց սերելու տեսակետի կեղմնակիցների գլխավոր ապավեն գիրքը, վկայում է, որ կային: Գրքի Ծննդոց բաժնի Զ գլխում գրված է, որ «Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամենն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում»: Ովքե՞ր էին այդ Աստծո (ավելի ստույգ՝ Արարչի) որդիները, այսինքն՝ Աստվածամարդիկ, ովքեր գոյություն ունեին հողածին մարդկանց՝ Ադամի սերունդների հետ միաժամանակ: Միանշանակ է, որ Բիբլիան դրանց հողածին Ադամի սերունդների հետ չի նույնացնում (սրանց գիրքը ներկայացնում է որպես պարզապես մարդ-մահկանացուներ եւ ոչ անմահ աստվածամարդիկ, որպես Աստծուն՝ Եհովային նման եւ ոչ նրա պես, ինչպիսին պետք է լինեին, եթե նրա որդիները լինեին): Ծննդոցում կարդում ենք, որ երբ Եհովան Ադամին «դնում» է Դրախտավայրի պարտեզի մեջ՝ նրան արգելում է ճաշակելու իմացության ծառի պտուղը: Ինչ խոսք, իմացության ծառը Աստված դրախտավայրում աննպատակ եւ անիմաստ տեղը չէր տնկել: Անհեթեթություն կլինի նաեւ կարծել, որ ծառը տնկվել էր, որ ինքը՝ տնկողը դրա պտուղը ճաշակեր ու այդպես իմանար չարն ու բարին: Այդ պարզ տրամաբանությունից հետեւում է, որ ծառը դրախտավայրում տնկվել էր այդտեղ ապրող այլ մարդկանց համար: Որոնք եւ, ըստ նույն Բիբլիայի, Աստծո (Արարչի) որդիներն, այսինքն՝ երկրային աստվածներն էին: Հենց դրանց, որպես իմացության ծառի պտուղը ճաշակողներին եւ, ըստ այդմ, չարն ու բարին իմացողներին նկատի ունի Բիբլիայի «Օձը», ով Եվային դրդելով պտուղը ճաշակելուն՝ նրան ասում է. «Այն օրը, որ նորանից ուտէք, ձեր աչքերը կբացուին, եւ Աստուծոյ (այսինքն՝ աստվածամարդկանց,- Ս.Մ.) պէս կլինիք՝ բարին եւ չարը գիտացող»: Հենց Աստծո որդիների, որպես Դրախտավայրի բնիկների ու տերերի, օգնությամբ է Եհովա Աստվածն իր ստեղծած Ադամ-Եվային Դրախտի պարտեզից վտարում եւ Դրախտավայրի շուրջը ամրություններ կառուցել տալիս՝ «ամեն կողմ դարձող բոցեղէն սուր» դնում՝ Արարչի որդիների համար նախատեսված մյուս՝ «Կենաց ծառի ճանապարհը» փակելու համար: (Նկատենք, որ սեմական հնագույն աղբյուրներին ընդհանրապես հատուկ է Հայկական լեռնաշխարհում ապրողներին աստվածներ (ոչ միայն պարզապես աստվածամարդիկ) համարելը: Օրինակ՝ շումերա-աքքադական էպոսում՝ Գիլգամեշում, որը հիշատակված Բիբլիայի Ծննդոց բաժնի հիմք-գրքերից է, պատմվում է, որ դեպի Արատտա՝ «անմահության երկիր», այսինքն՝ Արարատյան աշխարհ ուղեւորվող Գիլգամեշը ճանապարհին հանդիպում է Սիդուրին՝ «աստվածների տնտեսուհուն», ում մոտ աստվածները գալիս էին «տնական գարեջուր» հյուրասիրվելու: Պարզ է, որ խոսքը Արատտայի՝ «անմահության երկրի» բնիկների մասին է): — Այսպիսով, ակնհայտ է, որ հիշատակված կեղծիքին եւ մոլորությանը տուրք տվողների «փաստարկների» գլխավոր աղբյուր եբրայական Բիբլիան անգամ փաստում է, որ նախասկզբնապես Դրախտավայրում ապրելիս են եղել երկու մարդկային ցեղեր՝ հողածին մարդիկ եւ Աստծո (Արարչի) որդիները: Գիրքն, իհարկե, միայն ասում է (մեկ-երկու տեղ էլ հասկացնել է տալիս) Աստծո որդիների մասին եւ վերջ, այնուհետեւ նրանց չի անդրադառնում, քանի որ այդ Գիրքը միայն Ադամի (հետո Նոյի) սերունդների կյանքի գիրքն է: (Նկատենք, որ Բիբլիայի «ծպտված» Աստծո որդիներին նկատել է Նարեկացին, ով իր «Մատյանում» գրում է, որ «դրախտի փափկության մեջ կենաց պտուղն էի քաղում ես), ի տարբերություն Ադամի, ով զրկված էր այդ «շնորհաց պտղից»:

Մեր ազգային ինքնության ըմբռնման հարցում ոչ պակաս կեղծապատիր ու մոլար է մյուս տեսակետը, որը մեր ծագումն ու ինքնությունը կապում է սեմականների մեկ այլ նախնու՝ Նոյի հետ: Հիմք ընդունելով դարձյալ եբրայական Բիբլիան (դարձյալ սխալ հասկացված)՝ ենթադրվում է, որ Մեծ ջրհեղեղից հետո Նոյի Տապանը, որպես թե, հանգրվանել է Մասիսի գագաթին: Որից էլ արվում է այն եզրակացությունը, որ ջրհեղեղից վերապրում է միայն Նոյի ընտանիքը, որն էլ հետագայում ծնունդ է տալիս մարդկային բոլոր ցեղերին ու ազգերին: Իրականում՝ նույն Բիբլիայի ջրհեղեղյան առասպելում նշվում է, որ Նոյի Տապանը կանգ է առել Արարատյան լեռներում (ռուսերեն թարգմանությունում՝ «ծՈ չՏՐՈւ ԸՐՈՐՈՑրՍՌւ»), այսինքն՝ Արարատյան լեռնաշխարհում: Միայն հետագայում՝ ինչ-ինչ դավադիր նպատակներից ելնելով՝ Արարատ անունը վերագրվեց Մասիս սարին, ու այդպես կեղծվեց մեր ծագումը (այն կապվեց Նոյի հետ) ու բնօրրանը (կապվեց Միջագետքի հետ, որտեղից դուրս էր եկել Նոյը): Ու այսօր հայության մեծամասնությունը այդ կեղծիքի գերին է դարձել: Այն դեպքում, երբ հենց մեր օրերում պատմաբան Արտակ Մովսիսյանը հարցի սպառիչ պատասախանը տվել է, եւ ըստ ամենայնի հիմնավորել, որ Նոյի տապանը հանգրվանել է ոչ թե Մասիս լեռան գագաթին, այլ Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող լեռներում եւ, հետեւաբար, Հայկական լեռնաշխարհն իր հիմնական մասով ջրհեղեղից դուրս է մնացել (այդտեղ ապրողների կյանքը, պարզ է, շարունակվել է), իսկ Լեռնաշխարհի հարավային լեռները փրկության վայր են դարձել Նոյի ընտանիքի համար: «Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ, այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»,- հիշատակում է պատմաբանը ջրհեղեղի մասին հայտնաբերված ամենավաղ՝ շումերական պատմության մեջ Արատտային (Արարատյան աշխարհին) ու նրա բնակիչներին բնութագրող այդ դրվագը: Ի դեպ՝ բնագիտորեն էլ հիմնավորված է, որ ջրհեղեղի ջուրը մինչեւ Մասիսի գագաթը չի հասել (որպես հիմնական փաստարկ այս դեպքում բերվում է այն, որ ջուրը Մասիսի գագաթ, կամ անգամ ստորոտ, հասնելու դեպքում երկիրը չափից դուրս ծանրանալու հետեւանքով իր ուղեծրից դուրս կգար):

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: