Մեհենականություն-Նժդեհյան ցեղակրոնության ակունքներում
«…Ամեն ինչ հոդ է: Դեպի մեր պապերուն: Որ է՝ դեպի աստվածները»
Որոշակիության համար ասեմ, որ խոսքը 1910-ականներին Արեւմտյան Հայաստանում (կենտրոնը՝ Կ. Պոլիս) սկիզբ առած մեհենական (ազգային-հեթանոսական) շարժման մասին է, որի հոգեւոր մշակութային դրսեւորումները կիզակետվեցին շարժման գլխավորների կողմից ստեղծված «Մեհյան» հանդեսում: Հանդեսի 1-ին համարը լույս տեսավ 1914թ. հունվարի 1-ին՝ պատահականորեն թե ոչ պատահականորեն՝ Նժդեհի (տարիներ անց նույն շարժումը Արեւելյան Հայաստանում շարունակողի ու զարգացնողի, հայ ցեղակրոնության հիմնադրի) ծննդյան օրը: Համարի հենց սկզբում լույս տեսավ մեհենականների հռչակավոր «Գրական հանգանակը»՝ ստորագրությամբ հայ հոգեւոր կյանքում մեծ հետք թողած այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Դանիել Վարուժանը, Կոստան Զարյանը, Օշականը, Գեղամ Բարսեղյանը եւ Ահարոն Տատուրյանը:
«Հանգանակը» հայ հոգեւոր կյանքի (հատկապես՝ գրական-գեղարվեստականի) գալիք ազգա-ցեղադրոշմ ընթացքը սահմանող, հայ կյանքի հիմունքներից ու նպատակներից բխող ծրագիր էր: Քանի որ «նոր շարժում» նախաձեռնողներն ունեին այն գիտակցումը, որ հայ մշակույթն իր տոհմիկ ազգային կերպին եղել է մեհենական (հեթանոս) ժամանակներում, երբ մեհյաններն էին հայ հոգեւոր կյանքի կենտրոնները (եւմեհյանների քրմերը՝ այդ կյանքի գլխավոր կրողները), շարժումը անվանեցին Մեհենական, հանդեսը՝ «Մեհյան», իրենց էլ՝ մեհենականներ:
«Հանգանակ»-ին՝ չնայած հայ հոգեւոր կյանքում եզակի երեւույթ լինելուն, հանուն հայության նվիրական իդեալների կյանքի կոչվելուն եւ, բացի այդ, իրենում զանազան ազգադրոշմ խորհորդներ պարունակելուն,- հայ մտածողը շատ թերի է ուշադրության արժանացրել: Մասնավորապես, ՀՀ-ի անկախացումից ի վեր հայ ցեղակրոնության ու նրա պատմության մասին բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, բայց դրանցում մենք չենք տեսնում այն արդար գիտակցումը, որ ցեղակրոնությունը սկիզբ է առնում «Հանգանակ»-ից:
Այս հանգամանքն է պայմանավորում մեր՝ խորախորհուրդ «Հանգանակ»-ին անդրադարձը:
«Հանգանակը» չորս առանցքային դրույթ-պահանջներ է ձեւակերպում, որոնք պետք է ընկնեին նոր՝ ազգային գրական շարժման հիմքում. «ա) պաշտամունք եւ արտահայտություն հայ հոգվույն. բ) ինքնուրույնություն եւ անձնականություն ձեւի մեջ. գ) մշակում՝ կենսանորոգ պատվաստումով մը‘հայ լեզվին. դ) զուտ գրականությունը հեռու պահել քաղաքականութենե եւ լրագրութենե»: Բայց մեհենականները այդ դրույթ — պահանջների կապակցությամբ ասում են նաեւ բաներ, որոնք թեեւ գլխավոր ասվածների լուսանցքում են մնում, սակայն, որոնք ոչ պակաս կարեւոր են, անգամ ավելի առանցքային են, քան որպես հիմնադրույթներ հռչակվածները: Այդպիսիններից է Մեհյան խորհուրդը, որն էլ հենց կքննարկենք:
Մեհյան խորհուրդը արծարծվում է «Հանգանակ»-ի թե՛ սկզբում եւ թե՛ վերջում: Ավելի ստույգ՝‘սկզբում «Արվեստի մեհյան»-ը՝ մասնավոր խորհուրդը եւ վերջում՝ «Մեհյան»-ը՝ ընդհանուր խորհորդը: Սկզբում՝ ուղղված նրանց, ովքեր «իրենց մեջ կզգան զորությունը ստեղծելու, կերտելու եւ կանգնելու»՝ ասվում է. «Ցանկալով, որ, վերջապե՛ս, «Արվեստի մեհյան»-ին ճակատը փողփողե ցեղին կուրծքին վրա, մենք՝ միացած մեր կամքերուն մեջ եւ բռնված ստեղծագործ խենդութեանց տենդովը, գիտակից այն ույժերուն, որ կը հանգչին տակավին այս ազգին հոգվույն խորը, կուգանք աղաղակել…»: Վերջում կարդում ենք. «Ցեղ մը, որ կ՛ուզե ապրիլ՝ պարտավոր է ստեղծել: Մեհյան մը պետք էր կանգնել: Մենք կ՛ուզենք ծառայել անոր կառուցման… Մեհյան մը պետք էր, որ ստեղծվեր. մենք կ՛ուզենք ստեղծել զայն: Ո՛վ որ կը հավատա՝ թող ներս մտնե, դրան առջեւ թողլով անցյալին ու ներկային հանդեպ կույրզկուրայնությունն ու նախապաշարումները, ներս տանելով երիտասարդություն, խանդավառություն եւ մանավանդ ստեղծագործական կորով»:
Այսինքն՝ մեհենականները փոքր տարողունակ իրենց «Հանգանակ»-ում արծարծելով Մեհյան խորհուրդը, ընդ որում, բառը միշտ խորհուրդի կարեւորությունն ընդգծելու համար մեծատառ գրելով, դրանով ասել կուզեն, որ խորհուրդը իրենց գիտակցության ծիրում հայտնվել է ոչ թե պատահականորեն, կամ որպես զուտ գեղարվեստական փոխաբերական պատկեր, այլ միանգամայն անհրաժեշտորեն, որպես հայ մշակույթի (մասնավորապես՝ գրական-գեղարվեստականի) բնույթն ու նորոգումի ուժագծերը սահմանող առանցքային խորհուրդ: Հայության գիտակից ուժերը,- «աղաղակում է» իրենց կամքերով ի մի եկած ու արարելու խենթությամբ տարված մեր մեհենականների հոգին,-մեհյան պետք է կառուցեն, մեհյան, որը պետք է լինի հայ հոգեւոր նորոգ տունը, իսկ այն կառուցողները՝ դրա նվիրյալները: Հայ ոգու նոր օթեւանի կառուցման գործին իրեն նվիրաբերած հայը իր գործին պետք է հավատա եւ հավատալով՝ ջարդուփշուր անի իր գլխում միջնադարից ի վեր «ձմեռելու նստած հինավուրց իդեաների թեւազուրկ փեթակները»,-ինչպես ավելի ուշ Կոստան Զարյանը այդ մասին պատկերավոր ասում է:
Պարզ է, որ եթե մեր մեհենականները իրենց կառուցելիք հայ ոգու նոր տունը համարում են մեհյան, ապա դա կառուցելուն ծառայողներին՝ իրենց էլ համարում են քուրմ (սա, իհարկե, «Հանգանակ»-ում ուղղակիորեն չի ասվում):
Պարզ է նաեւ, որ «Հանգանակ»-ի հեղինակների նպատակադրվելիքը՝ մեհյանի կառուցումը ու քուրմ հոգեւոր պաշտոնի ստեղծումը բացարձակ նոր բան չէր: Հեթանոսական Հայաստանում, ինչպես հայտնի է, հայի՝ նախնիների ոգիների ու աստվածների հետ հարաբերվելու, հայ հավատքը ու ավանդույթները պահել-զարգացնելու, դրանք հայի մեջ անընդհատ նորոգելու նպատակով կառուցված տաճարները կոչվում էին մեհյան*, իսկ դրա սպասավորները՝ քրմեր (քուրմ նշանակում է հուրը, զորությունը պահպանող), իսկ քրմերի ստեղծած կամ կազմած գրքերը՝ մեհենական գրքեր: 301թ. ու այդուհետ Հայաստանում տիրապետություն հաստատած օտար կրոնը՝ քրիստոնեությունը, ի զորու չեղավ հային իսպառ զրկել իր հավատքային ինքնությունից, այդ ինքնության խորհուրդներից: Դրանք, թեկուզ եւ փշրված ձեւերով ու զանազան կերպերով, հայ կյանքում միշտ պահպանվեցին: Ահա եւ մեր մեհենականները ձեռնամուխ լինելով վերականգնել հայ հավատքի խորհուրդները՝ դրանով իսկ ցանկանում էին սերնդե սերունդ իրենց փոխանցված հայ տոհմիկ հոգեւոր կյանքի բեկորներից վերականգնել հայ հավատքային ինքնությունն ու նրա խորհուրդները: «Մենք այնքան մեծ ենք՝ որքան որ հողեն կխմենք մեր զգացումները,-գրում է Վարուժանը «Հանգանակ»-ը լույս տեսնելուց դեռ տարիներ առաջ,- ամեն ինչ հոդ է: Դեպի մեր պապերուն: Որ է՝ դեպի աստվածները»:
* Ինչպես եւ մեհյան բառը նշանակում է՝ զորության պահպանում, ոգու օթեւան: Լեզվաբանորեն կազմված է մահ (զորություն, ոգի) բառով եւ ան (պահպանում) արմատով (տե՛ս «Ուխտագիրք»):
Սերգեյ Մանուկյան
«Լուսանցք» թիվ 13 (234), 2011թ
Թողնել պատասխան