Այսպես ասած “սրբազան պոռնկության” մասին
Խորհրդային բանակում հայերի եւ այլազգիների (հատկապես սլավոնների) ծեծկռտուքների մեծ մասը պայմանավորված են եղել վերջիններիս՝ հայերին տված սլավոնական, մոր հետ կապված հայտնի, ըստ իրենց՝ անմեղ, անդեմ ասված, հայհոյանքով: Շատ բան ասող փաստ այն մասին, որ հայի համար մայրը սրբություն է, բացարձակություն, ում վրա չի կարելի եւ ոչ մի ստվեր, բիծ գցել (հայ մայրը ինքն էլ է հաստատում իր այդպիսին լինելը): Իսկ հինավուրց իմաստությունն ասում է. “Ասա ո՛վ է Աստվածդ, ասեմ ո՛վ ես դու”: Հայի մեջ մոր, որպես բացարձակության, սրբության ու անբծության պաշտամունքը գալիս է նրա դիցարանի երկրորդ գլխավոր (Արա Արարչից հետո) Զորությունից՝ Աստվածամայր Անահիտից, հայի Մեծամորից, նրան ի սկբզանե լույս աշխարհ բերողից, նրանում մայրականը պահող-պահպանողից, եւ ընդհանրապես՝ ամենայնը ծնող-պահպանող, տիեզերական կյանքը նորոգող-հավերժող զորությունից: Իսկ Մեծամոր՝ տիեզերական ծնող գերագույն զորության պաշտամունքը հայի մեջ այնքան է խորը, որ նա անգամ խորհրդային աստվածամերժական ժամանակներում է դա բացեիբաց արտահայտել. ինչպես հայտնի է, այդ ժամանակներում կառուցված “Մայր Հայաստան” կոթողը հենց խորհրդանշում է Աստվածամորը: Անահտական պաշտամունքը հայի մեջ հեթանոս՝ ազգահավատ ժամանակներում բա որքա՜ն խորն է եղել:
“Ծնումի խորհուրդն է Անահիտը՝ Ան (ծնում)-Ահ (հզոր) ծնող Զորություն՝ Աստվածամայր:
Արարչագործությունը՝ դա արարումի եւ ծնումի միասնությունն է: Եվ արարումը ծնումով է հաստատում իր նորոգումը… Թե ծնունդ չլինի, էլ ի՜նչ արարում… Մայր Անահիտը՝ ծնունդի խորհուրդ, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ”,- կարդում ենք հայոց ժամանակակից հավատո հանգանակ գրքում՝ Ուխտագրքում: Նաեւ, որ “Աստվածամայր Անահիտը մերժում է ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ. ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ մի որբ անտոհմիկ, ընտանիքից դուրս ամեն մայրացում՝ չարիքի ծնունդ: Մայրը մայրացումն է լոկ ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: Եվ Անահիտը միայն տոհմածին մորն է պաշտպանում”. “Դատապարտելի է այն Տոհմը, որն իր անառողջ կամ պղծված աղջկան հարսնության է տալիս ուրիշ Տոհմի”,-սա էլ ասում է հայոց մեջ Անահիտի դրած եւ Միհր աստծով հաստատված Արտի օրենքը: Հայի ու հայկականի հանդեպ անհանդուրժողական “հայ” եկեղեցական պատմագրությունն անգամ չի զլանում ասելու, որ Անահիտը հայի համար “ոսկեծղի” (այսինքն՝ բացարձակ, կատարյալ), “անբիծ”, ամեն մի աստվածային ու մարդկային “զգաստությանց պահապան”, “հայոց աշխարհի կենուցիչ աստվածուհի է”. եւ հայ մայրն էլ, հայ կինն էլ իր սիրելի Աստվածամոր, իր ցեղատեսակը ծնող Զորության պատկերով է, նա իր մեջ նրան է տեսնում, նրանում՝ իրեն:
Եվ, այս ամենով հանդերձ, զայրացուցիչ է, որ որոշ “հայ” մտավորականներ, պետական, քաղաքական այրեր, լրագողներ համարում են, որ հեթանոս Հայաստանում հայոց Անահիտ աստվածամորը նվիրված մեհյաններում, իբր թե, ընդունված է եղել, այսպես ասած “սրբազան պոռնկությունը”,- սրանով նրանք վիրավորում են թե Աստվածամորը, եւ թե հայ կնոջը, մորը, քրոջը… Այդպիսի՝ չգիտես հայերի թե ոչ հայերի մտքինը պարզ է. հայերի մեջ մինչեւ 301-ը ընդունված “սրբազան պոռնկությունը” վերջ տրվեց դրանից որպես թե իսպառ հեռու քրիստոնեությամբ…
Անշուշտ, նմանների այդ քստմնելի արարքի նախապատճառը իրենց՝ Հային, ներկա դեպքում՝ հայ կնոջը չճանաչել-չզգալը, հայ կյանքի առանցքային խորհուրդներից՝ ընտանիքի ու ընտանեկան սեռային սիրո խորհուրդներին անտեղյակ (անհաղորդ) լինելն է: Բայց քանի որ դա անձնական խնդիր է, դրան անդրադառնալը մի կողմ թողնենք (ի՜նչ ասես այդպիսիններին): Սակայն նրանց ասածը պատմական ինչ-որ “փաստ”-ով “հիմնավորում” ունի: Որի քննությանն էլ ստորեւ կանդրադառնամ: Քանզի այդպիսի “փաստ”-երի վերստին շրջանառության մեջ դնելն արդեն շա՜տ վտանգավոր է դառնում…
Խոսքն առաջին դարի հույն աշխարհագրագետ (պատմիչ) Ստրաբոնի “Աշխարհագրության” մեջ տեղ գտած մի “փաստի” մասին է, որը եւ “մեր” վերը նշվածների “խելքը կերել է”: Բերենք այդ “փաստ”-ը (որքան էլ որ այն տհաճ ու մտացածին է). “Արդ, պարսից բոլոր սրբավայրերը պաշտում են նաեւ մարերը եւ հայերը. բայց Անահիտի սրբավայրերը հայերը (պաշտում են) առանձնահատուկ. տարբեր վայրերում, եւ հատկապես Ակիլիսենեում հաստատված են նրա (սրբավայրերը), որտեղ կարգված են ստրուկներ եւ ստրկուհիներ: Զարմանալին այս չէ, այլ այն, որ ամենաերեւելիները դիցուհուն նվիրաբերում են կույս դստրերին, որոնք, ըստ սովորության, երկար ժամանակ դիցուհու մոտ (այսինքն՝ որպես թե Անահտական մեհյանում-Ս.Մ.) պոռնկանալուց հետո, տրվում են ամուսնության. ոչ ոք անվայել չի համարում այսպիսիների հետ կենակցելը: Նման մի բան պատմում է նաեւ Հերոդոտոսը լյուդուհիների մասին. քանզի նրանք բոլորն էլ պոռնկանում էին: Նրանք այնքան բարեհաճ են վերաբերվում սիրեկաններին, որ թե՛ հյուրընկալության են շնորհումե եւ թե՛ փոխադարձ նվերներ տալիս, բազմապատիկ առավել, քան ստանում են, (քանզի) նրանց ապահովում են բարեկեցիկ տները: Նրանք օտարներից պատահածին չեն ընդունում, այլ առավելապես (իրենց) հավասար աստիճանի եղողներին”:
Ահա եւ Ստրաբոնի հիշատակած ադ “փաստն” էլ հիմք է եղել նշված “հայերի” մտքի երեւակայության համար՝ հեթանոս Հայաստանում “սրբազան պոռնկություն” տեսնելու համար:
Նախ դեռ տեսնենք, թե ով է Ստրաբոնը, ինչ աշխարհագրագետ /պատմաբան/ է նա:
Նա հռոմեացի (հույն) աշխարհագրագետ (պատմիչ) է: Ծնվել է այս թ.ա. 64/63թ.-ին եւ մահացել 23/24-ին, Փոքր Ասիայի Ամասիա քաղաքում (որն ասում է այն մասին, որ նա, ըստ երեւույթին, մաքուր հռոմեացի, հույն չի եղել եւ նրա երակներում նաեւ սեմական արյուն է հոսել, ինչպես վկայում են նրա “Աշխարհագրության” մեջ առկա սեմականության տարրերը): Նրա գիտական ասպարեզ մտնելու ժամանակաշրջանին հատուկ էր մինչ այդ սկսված հայ-հռոմեական հակամարտությունների սրումը. Հայաստանը համարվում էր Հռոմի “զորեղ թշնամին” արեւելքում եւ Հռոմը՝ Հայաստանի: Այսինքն՝ Հայստանը համաձայն Ստրաբոնի, ներկայանում է որպես թշնամական երկիր: Իսկ թշնամական երկրին, պարզ է, թե ինչ աչքերով նա կներկայացներ. պետք է մրոտեր նրան (հատկապես նրա սրբություն սրբոց մեհյաններն ու դրանց սպասավորներին), աղավաղեր նրա կյանքին վերաբերող իրական փաստերը, այլոց վարք ու բարքերին վերաբերող չը-ար, ո՛չ առաքինի փաստերը պետք է տարածեր (վերադրվագեր) նրա վարք ու բարքի վրա եւ այլն: Հային ու Հայաստանին թշնամական անհատի աչքի՞ն հավատալ (թեկուզեւ, որ դա “գիտնականի” աչք է/, թե՞ հայ կյանքի՝ հայի աչքերով դիտվածին:
Ասվում է, որ Ստրաբոնը իր ճանապարհորդությունների ընթացքում, իբր, եղել է Հայաստանում: Սակայն նրա “Աշխարհագրության” Հայաստանին վերաբերող մասում հաճախ օգտագործվող “ասում են”, “պատմում են”, “զրույցներն ասում են” արտահայտությունները կասկած են գցում այդ ասվածի վրա, մանավանդ որ նա՝ հատկապես աշխարհագրագետ լինելով՝ Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ ասում է փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը (օրինակ, որ Վանա լճի ջրերը ելք ունեն, եւ որ Տիգրիսը հոսում է այդ լճով): Փաստորեն, Ստրաբոնը Հայաստանը ներկայացնելիս առաջնորդվել է նաեւ ասեկոսեներով, որոնց արդյունքներից է վերը բերված “փաստը”: Իսկ ասեկոսեներով է առաջնորդվում նա, ով դրանում շահագրգռված է: Ստրաբոնը, ինչպես նկատվեց, շահագրգռված էր, քանզի իր երկրին թշնամի երկրի հետ գործ ուներ:
Սակայն, ինչպես ասում են, “անկրակ տեղը ծուխ չի ելնում”: Ինչի՞ հիման վրա Ստրաբոնը սարքեց իր՝ Անահիտի մեհյանի վերաբերյալ “փաստը”:
Գիտության մեջ ընդունված սկզբունքներից է անհայտի, չիմացվածի վրա հայտնին, իմացվածը տարածելու, երկրորդը առաջինի վրա վերադրվագելու սկզբունքը (գիտնականը դատում է իր իմացածի շրջանակներում միայն): Ստրաբոնին, այս առումով, հայտնի էին “սրբազան պոռնկությանը” վերաբերող շա՜տ փաստեր, որոնք էլ նրան դրդեցին Անահիտի մեհյանում էլ այն “տեսնել”-ուն, ա՜յն “տեսնել”, ինչը նրանում չկար:
Նախ լեզվական փաստի մասին: “Պոռնկություն” բառը հունական ծագում ունի, որն առաջացել է porne-–անառակ բառից եւ նշանակում է անառակ կյանքով ապրող: Վերջինս, իր հերթին, ենթադրվում է, աղերսվում է հունա-հռոմեական դիցաբանական Պերիապ աստվածության (որը սեմական ծագում ունի) անվան հետ, որի պաշտամունքին հատուկ է եղել ֆալոսապաշտությունը (ի դեպ, հունա-հռոմեական երկրներում այդ աստծո պաշտամունքի մասին տեղեկություններ հաղորդում է հենց ինքը՝ Ստրաբոնը): Պերիապ. նախասկզբնապես հենց նշանակել է ֆալոս: Ավելորդ չէ ասել, որ հռոմեական կայսրությունում, որում ապրում էր Ստրաբոնը, այս Պերիապ աստծո պաշտամունքը լայն տարածում էր գտել եւ նրան նվիրված տոները ուղեկցվում էին սեռական զանազան սանձարձակություններով ու շվայտանքներով, որոնց, գուցե, մասնակցել է կամ ցանկացել է մասնակցել ինքը՝ պատմիչ-աշխարհագրագետը: Այնպես որ, պոռնիկ բառը, ինչպեսեւ՝ դրան համապատասխանող հռոմեական իրականությունը, Ստրաբոնին շատ հարազատ էր, մնում էր միայն ըստ այդ բառաձեւի (իրողության) դատել այն երեւույթի մասին, որն իրեն տեսանելի ու մտահասու չէր (հելլենականությանը բնորոշ գիծ՝ դատել ըստ իր չափուձեւի)։
Ստրաբոնին Հայաստանում “սրբազան պոռնկություն” “տեսնելուն” դրդող այլ “հիմքեր” էլ կային։ Նրան լավ հայտնի էր Հերոդոտոսի “Պատմությունը”, որտեղ կա սեմական ազգերի՝ լյուդիացիների եւ ասորա-բաբելացիների հետ կապված պոռնկության սովորույթի մասին հիշատակություն: Լյուդիացիների սովորույթի մասին նրա գրքում կարդում ենք. “Լյուդիացիների բոլոր աղջիկները պոռնկանում են, իրենց համար օժիտ հավաքելով, մինչեւ ամուսնանալը. իսկ ամուսին իրենք են ընտրում իրենց համար… Լյուդիացիները պոռնկացնում են իրենց դուստրերին”։ Ասորա-բաբելացիների մասին էլ թե՝ “Բաբելոնացիների ամենավատ սովորությունը հետեւյալն է։ Տեղաբնիկ ամեն մի կին իր կյանքում մեկ անգամ պետք է նստի Ափրոդիտեի (այսինքն՝ ասորա-բաբելական “սիրո” աստվածուհու-Ս.Մ.) սրբավայրում եւ խառնվի օտարերկրացի (անտարակույս՝ հատկապես արիացի-Ս.Մ.) այրի հետ։ Շատ կանայք, ովքեր պարծենում էին իրենց հարստությամբ (այսինքն՝ ազնվական էին իրենց համարում-Ս.Մ.) եւ անարժան էին համարում խառնվել մյուսների (այսինքն՝ յուրայինների-Ս.Մ.) հետ, երկձի ծածկած սայլակներով գալիս եւ կանգնում են սրբավայրի մոտ: Նրանց հետեւում են մեծ թվով սպասավորներ: Կանանց մեծ մասը վարվում է հետեւյալ կերպ։ Նստում են Ափրոդիտեի սրբավայրում, գլուխներին պարանից հյուսած պսակ դրած: Նրանց մի մասը գալիս է, մյուսը՝ գնում։ Բոլոր ուղղություններով ուղղագիծ անցումներ կան հավաքված կանանց միջեւ, որոնց միջով անցնելով, օտարերկրացիները ընտրություն են կատարում։ Եթե կինն այստեղ նստեց, ապա նա չի կարող իր տուն վերադառնալ, մինչեւ որ օտարերկրացիներից մեկը նրա փեշի մեջ արծաթ նետելով, սրբավայրից դուրս չխառնվի նրա հետ։ Արծաթը նետելիս նա պետք է այսքանն ասի. “Ես քեզ կանչում եմ հանուն Մյուլիտտա աստվածուհու (համապատասխանում է հին սեմական, շումերա-աքքադական Իշտար-Աստարտա-Անուանիտա՝ մարմնական սիրո ու բեղմնավորումի աստվածուհուն-Ս.Մ.)”։
Ասորեստանցիները Մյուլիտտա անվանում են Ափրոդիտեին։ Արծաթի քանակը նշանակություն չունի։ Կինն իրավունք չունի այն մերժելու, քանզի ընդունված է, որ այդ արծաթը սրբազան է դառնում։ Կինը հետեւում է առաջին իսկ արծաթ նետողին, առանց որեւէ մեկին մերժելու։ Խառնվելուց հետո, իր սրբազան պարտքը աստվածուհու առաջ կատարած լինելով, նա վերադառնում է տուն, որից հետո նրան չես կարող տիրանալ, ինչքան էլ մեծ գումար տաս։ Արդ, գեղեցիկ եւ բարեկազմ եղողները շուտով տուն են վերադառնում, իսկ տգեղները երկար սպասում են՝ չկարողանալով ընդունված կարգը կատարել։ Եվ իրոք, նրանցից ոմանք այնտեղ մնում են նույնիսկ երեք կամ չորս տարի։ Նման սովորություն կա նաեւ Կիպրոսի (անշուշտ, դարձյալ սեմական-Ս.Մ.) մի քանի վայրերում”։
Ահա այսպիսի՝ հնուց “ընդունված կարգ”՝ “սրբազան պոռնկությամբ” տեսակը բուծելու սովորույթ էին հաստատել սեմականներն ըստ Հերոդոտոսի (նա հայոց մեջ այդ “վատ սովորության” մասին ոչինչ չի ասում, թեեւ անդրադառնում է նաեւ հայ սովորույթներին, իսկ ոչինչ չի ասում, քանզի այդպիսիք հայերը բնավ չեն ունեցել), – տեղեկություն, որի մասին Ստրաբոնը լա՜վ գիտեր:
(Ի դեպ, սեմական այդ հինավուրց սովորույթի մասին հիշատակություն կա նաեւ հայ էպոսում՝ “Սասնա ծռերում”, որտեղ պատմվում է, որ երբ Մսրա Մելիքը մահանալիս է լինում, իր կնոջը՝ Իսմիլին, պատվիրում է՝ “Թե Մհերից ու իր ձիուց ջինս չվերունք, /Մհերի ցեղն մեր քոքն տի կտրի”…)։
Բայց Ստրաբոնի՝ “սրբազան պոռնկության” մասին իմացածը ոչ միայն պատմագիտական էր, այլեւ իրական-տեսանելի. նրա ժամանակներում էլ սեմական հինավուրց “ընդունված կարգը” պահպանվել էր եւ նա իր իսկ աչքերով Հռոմեական կայսրության սեմական հատվածներում դա տեսնում էր։
Հիսուսի մոր՝ Մարիամի մայրը՝ Աննան, Ստրաբոնի ժամանակակիցն էր եւ ապրում էր նույն կայսրության ծայրագավառներից մեկում՝ Իզրայելում։ Ահա թե ինչ է պատմում քրիստոնեական տարականոն գրքերից մեկը՝ “Հակոբի պատմությունը Մարիամի ծննդի մասին”-ը նրա հղիանալու պատմության մասին։ Աննան եւ նրա ամուսինը՝ Հովակիմը, երկար ժամանակ զավակ չեն ունենում (Հովակիմը ամուլ էր)։ Նրանցից ջհուդական տոներին “տիրոջ” տաճարում զոհաբերություն չեն ընդունում, քանզի նրանք անզավակ էին, հուդա ազգը չէին շատացնում։ Մերժվածությունը ամուսիններին տրտմության մեջ է գցում։ Եվ ահա օրերից մի օր, երբ Աննան դրանից լաց է լինում, նրա ծառան՝ Յուդիֆը, նրան խորհուրդ է տալիս. “Մինչեւ ե՞րբ պետք է քո հոգին հալումաշ անես. Տիրոջ մեծ օրն է մոտենում, եւ չպետք է դու լաց լինես։ Վերցրու իմ գլխի ժապավենը (խոսքը Հերոդոտոսի հիշատակած “պարանից հյուսած պսակի”՝ “սրբազան պոռնկության” նշանի մասին է-Ս.Մ.), որը տիրուհին ինձ տվել է իմ աշխատանքի դիմաց. հարկ չկա ինձ այն կրել, քանի որ ես ծառա եմ, իսկ այն կրում են ի նշան ազնվականության”: Ասածից հետեւում է, որ ծառան իր տիրուհուն խորհուրդ է տալիս ժապավենը կապել գլխին ու գնալ տաճար՝ մի գուցե բախտը բերի։ Սեմական՝ զավակ ունենալու հինավուրց տեխնոլոգիային քաջատեղյակ լինելով՝ Աննան հասկանալով իր ծառայի ակնարկի իմաստը, նրան պատասխանում է. “Հեռացի՛ր ինձանից. ես չպետք է դա անեմ (սա նշանակում է, որ այդ ժամանակների ջհուդների մոտ “սրբազան պոռնկությունը”, այնուամենայնիվ ինչ-որ չափով ամոթալի բան էր համարվում-Ս.Մ.)։ Գայթակղիչ չէ՞ (այնուամենայնիվ-Ս.Մ.) արդյոք դրդել քեզ գալ ու քո պես ինձ էլ ստիպել մեղք գործել (պարզ է, թե ի՜նչ մեղքի մասին է խոսքը-Ս.Մ.)”։ Այնուամենայնիվ, Աննան փոշմանում է իր ասածներից եւ հետեւում ծառայի խորհրդին։ Վարքագիրը այնուհետեւ գրում է. “Աննան հանում է իր զգեստները, զարդարում է իր գլուխը, հագնում իր ամուսնական զգեստները եւ գնում այգի, այնտեղ զբոսնելով մինչեւ ժամը իննը, եւ տեսնելով դափնու ծառը (այս ծառը, ըստ երեւույթին, ջհուդական սովորույթների համաձայն, “զուգավորման ծառ” է լինում-Ս.Մ.) նստում նրա տակ ու սկսում տիրոջը աղոթել՝ ասելով. “Իմ հայրերի աստված, օրհնիր ինձ ու ունկ դիր իմ աղոթքներին, ինչպես օրհնեցիր Սառային (ջհուդական “հավատքի հոր”՝ Աբրահամի կինն էլ էր նույն ճանապարհով զավակ ունեցել-Ս.Մ.) եւ նրան Իսահակ որդի պարգեւեցիր…”։ “Աստված” լսում է նրա աղոթքները եւ իր “հրեշտակին” ուղարկում է “ավետիս տալու” Աննային, որ նա բեղմնավորվելու եւ զավակ է ունենալու (նկատենք, որ այս նույն բանը գրեթե նույնությամբ հանդիպում ենք Աննայից ծնված Մարիամի պարագայում-Ս.Մ.), ով, ինչպես գիտենք, լինում է Մարիամը։ Այս ամենը տեղի է ունենում Աննայի ամուսնու՝ Հովակիմի տանից բացակայելու ժամանակ։ Բայց նա վերադառնալով եւ իմանալով “ավետիսը”՝ նույնպես ուրախանում է “Աստծո պարգեւով”, քանզի հուդայական հասարակական կառուցվածքում դիրքի խնդիր կար… Կրոնական նախապաշարումներից հեռու գտնվողի համար դժվար չէ հասկանալ (մանավանդ մի տեղ Հակոբը նշում է, որ Հովակիմը շատ ծեր էր), թե Աննան ինչպես հղիացավ եւ ինչ զավակ ունեցավ։ Այդ “ինչպես”-ը Աննայի հաջորդ սերնդի ժամանակներում երեւան եկած քրիստոնեության մեջ ստացավ “սուրբ հոգուց” հղիացում /այդպես էին հղիացել Հովհաննես Մկրտչի եւ Հիսուսի մայրերը/, իսկ “ինչ”-ը, ոչ ավել ոչ պակաս, “աստծո որդի” անվանումը:
Ստրաբոնն իր ապրած իրականության մեջ, դրա հատկապես սեմական հատվածում այս ամենը տեսնում էր։ Պարզ է, որ նա դա (դրան գումարած՝ “սրբազան պոռնկության” մասին պատմական գրքերից իր իմացածները), պետք է վերադրվագեր այն իրականության վրա, որը զգալ-հասկանալուց նա բավականաչափ հեռու էր։ Մտածողության հելլենական՝ հունա-հռոմեական տիպին, ինչպես վերը նկատվեց, ընդհանրապես հատուկ է կեղծ, տափակ վերադրվագումը. այն ինչը նա գիտի, ասենք, սեմական Իշտար-Աստարտա-Մյուլիտտա-Անուանիտա աստվածուհու, նրան նվիրված մեհյանում տեղի ունեցածի մասին, բավարար հիմք է համարում դատելու համար հայոց Անահիտ Աստվածամոր, նրա անվամբ մեհյանում տեղի ունեցածի մասին. նա միմյանց հետ շփոթու՜մ է գրեթե հակադիր խորհուրդներ պարունակող աստվածություններին։ Նույն բանը մենք տեսնում ենք նաեւ մյուս հելլենական պատմիչի՝ Հերոդոտոսի պարագայում. նա եւս Անահիտին շփոթում է Իշտարի հետ, ավելին՝ նրանում շփոթմունքը հասնում է այն աստիճանի, որ նա Աֆրոդիտային եւ Միթրային է անգամ նույնը համարում, դրսեւորելով իր իսկ աստվածուհուն անգամ ճանաչելու տարրական պահանջը. “Ասորեստանցիները Աֆրոդիտեին անվանում են Միուիտտա, արաբները՝ Ալիտատ, իսկ պարսիկները՝ Միթրա”, – գրում է նա։
Այսպիսով, Ստրաբոնի, որպես հելլենական չափ ու կշռույթով դատողի, մեջ բոլոր հիմքերը՝ լեզվական, արժեքային, պատմա-ճանաչողական, անմիջական-տեսողական, կային շփոթելու համար հայոց Անահիտ Աստվածամորը (նրա անվամբ մեհյանում առկա առաքինի վարքուբարքը) սեմական աստվածուհու (նրա անվամբ տաճարներում տիրող “սրբազան պոռնկության” իրողության) հետ։
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Ստրաբոնի ապրած ժամանակներին նախորդող, կամ նույնիսկ համընթաց ընթացող հայ կյանքի ժամանակը նույնպես, թերեւս, նպաստող դեր է կատարել նրանում այդ կեղծ պատկերացումի ձեւավորման հարցում։ Այդ ժամանակների Հայաստանն իրենում ընդգրկում էր, բացի իր բուն բնական տարածքներից, նաեւ սեմաբնակ զգալի տարածքներ. օրինակ՝ Ասորիքն ու Հրեաստանը, որոնք իրենք կամովին անցան “բարեպաշտ թագավորի”, տարածաշրջանում արքայից արքա հռչակված Տիգրան Մեծի տիրապետության տակ։ Դե, իսկ հելլենական մտածական շտամպներով դատող Ստրաբոնի համար բավական էր տեսնել կամ գրքերից իմանալ հայոց մեծ թագավորության սեմական հատվածներում գտնվող սեմական պտղաբերության ու սիրո աստվածուհու մեհյանում տիրող վարքուբարքը, եւ կեղծ աբստրակցիան պատրաստ էր բուն Հայաստանում հայոց Անահիտ Աստվածամոր մեհյաններում նույնպես նույնն է տեղի ունենում։ Բացի այդ, ինչպես պատմագիրներն են վկայում, Տիգրան Մեծը Ասորիքից ու Հրեաստանից բավականաչափ թվով (մոտ 300 հազարի հասնող) սեմականներ է տեղափոխում բուն Հայաստանի տարածքներ։ Եվ պարզ է, որ նրանք իրենց հետ Հայաստան բերեցին նաեւ իրենց “վատ սովորույթները”։ Եվ բացառված չէ, որ նրանք, իրենց “հնուց կարգի” համաձայն, իրենց նոր ապրելավայրում գտնվող Անահիտի եւ Աստղիկի մեհյաններին հարակից տարածքներում զբաղվում էին իրենց հինավուրց սովորույթով՝ “սրբազան պոռնկությամբ” (այդ ժամանակների Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը հելլենականությունն էր, որը դեմոսական մղումների առջեւ խստիվ արգելանքներ չէր դնում. այսպես ասած՝ հավատքի, խղճի, վարք ու բարքի “ազատություն” էր թույլատրվում)։ Որը եւ Ստրաբոնը տեսնելով (կամ որի մասին ըստ “ասածների ու պատմածների” իմանալով)՝ կարծել է, որ դա բուն հայոց Անահտական մեհյանների կողմից խրախուսվող “սովորույթ” է եղել։ Այս դեպքում էլ է փաստորեն նրանում խոսել հելլենական՝ չիմացածի մասին դատել ըստ իմացածի պատմա”գիտական” բարդույթը։
Բայց դե, նա ու իր հելլենական աշխարհընկալումը, ճանաչողական սահմանափակություններն ու գիտական “խղճմտանքը”։ Խնդիրն այստեղ հայն է, նա ու իր սրբությունները, բարոյականությունը, պատիվն ու արժանապատվությունը. նա՞ էլ այդ ամենի մասին դատի օտարի խեղված հայացքով, նրա պղտոր ու չարացած հոգու աչքերով: Տարօրինակ է, ինչո՞ւ են այդպիսի հայերը հայի մասին նույն հելլեն պատմիչների կողմից բերված դրական բազմաթիվ փաստերը անտեսում, իսկ ահա բացասականները բերաններն առած հա կրկնում են՝ ձեն-ձենի տված դրանք ասող բանսարկուներին։ Ե՞րբ պետք է հայ մտավորականը դադարեցնի բանսարկու օտարներից սովորելու սովորույթը։ Այնպես որ, բոլոր դեպքերում, հանգում ենք Անահիտի մեհյանում “սրբազան պոռնկություն” “տեսնողների”՝ անբարոյության, վատասերումի մասին եզրակացությանը։
Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
”Լուսանցք” Թիվ 90, 6-12 փետրվարի, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 91, 13-19 փետրվարի, 2009թ.
25 Հունիսի, 2013, ժ. 8:00 ե. |
Նախ՝ համոզված եմ , որ Հայոց կրթությունը բացառում է լակոտի առկայությունը հայ հասարակությունում, իսկ եթե կան իրենց լակոտավայել պահող երեխաներ, ապա նրանց հետ աշխատել է պետք, ու ոչ թե վռնդել-հեռացնել Ազգայինից : Երկրորդ՝ Արարատյան Երկրից հյուսիս գաղթած ժողովուրդներից մեկը, այս առումով դիպուկ ասածվացք ունի: -Каждый рассуждает о других по мере своей испорченности. Ստրաբոնը, պատմաբան է, բայց այնքանով որ նույնիսկ չի տեսնում Իշտարի, Շամիրամի կամ էլ Անահիտի ցեղային պատկանելիությունը: Հանուն Քրիստոսի սիրո հայերը գրադարաններ ու համալսարաններ էին կառուցում, իսկ նրանց ժամանակակից Խաչակիրները Հիսուն հազար մահմեդական մորթում… Անահիտի ու Անուանիտի տաճարներ սփռված էին ամբողջ Մերձավոր Արևելքում, և եթե մարերից ինչ որ մեկը շնանալ էր ուզում ու դա արադարացրել է Անահիտ Աստվածուհու պաշտամունքի միջոցով, դա դեռ չի նշանակում որ բուն Արարատյան Երկրում Հայերը իրենց թույլ են տվել շնանալ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒ ՏԱՃԱՐՈՒՄ ու դա հորջորջել Սրբազան պոռնկություն: Ի դեպ, այօր Ամերիկայում կան Պոռնո աստղեր բայց չկան բժիշկ աստղեր, Ուսուցիչ աստղեր… Պատմիչ համարվող Ստրաբոնը մոռացել է, որ Հայերը Հանձինս Արա Գեղեցիկ Արքայի, ընտանիքը ՍՈՒՐԲ են համարել ու իրենց զոհաբերությամբ իսկ քարոզել Հայուհու պաշտամունք Մարիամի որդի Քրիստոսի Լեռան քարոզից առնվազն ՀԱԶԱՐ տարի առաջ: Ի տարբերություն լիդիացիների, Հայերն ունեն ԸՆՏԱՆԵԿԱՆ «Կարմիր խնձոր»-ի ծիսակարգ, որ բնականաբար չեն ունեցել մարերն ու զարգացած «ֆեմենիստները»: Մեր Մամիկները՝ Մա աստվածուհու տոհմական քրմուհիները, հիանալի հոգ են տարել ապագա ՀԱՐՍԻ անձնական հիգիենայի ու ցեղի արյան մաքրության հարցերին: Հակառակ դեպքում այսօրվա Հայաստանի Հանրապետությունում չէին լինի այնքան շախմատիստներ, որոնց քանակն ու որակը տոկոսային առումով ինքնին պատիվ կբերեր Արևմտյան ցանկացած պետության: Իսկ այն, որ շամիրամաբարո կանայք ու «տղամարդիկ» փորձում են տեսականորեն ու նաև գործնականորեն թաղել «Կարմիր խնձորի» Ծեսը, ապա դրանով նրանք պարզապես վերագտնում են իրենց Նախնիներին Իշտարի կամ լիդիացիների տաճարում: Չի բացառվում, որ եղել է սեռական ծիսակարգ Քուրմ-Արքայի, կամ Գլխավոր Քրմի ու Արգասաբերության տաճարի քրմուհու միջև, բայց դա չէր կարող զանվածային լինել Մեր նախնիների մեջ, որովհետև մինչև օրս էլ, Հարսին՝ Նրա անարատությունը, պահում պաշտպանում են «Հարսնաքույրը», «Հարսնեղբայրը», «Քավորը»… -Մի´ խառնեք մեզ ցեղերին վայրի´…ասել է արարատյան մի Հանճարեղ Բանաստեղծ:
23 Հունիսի, 2013, ժ. 12:20 ե. |
Իսկ ինչու չեք գրում ղովտի պատմությունը:Սերգեյ Մանուկյան
23 Հունիսի, 2013, ժ. 11:56 ա. |
Բայց ինչու պետք է կարդանք այսպես կոչված հռոմեացի (հույն) այն ժամանակվա տառ չունեցող մշակույթ չունեցող մի ազգի զառացանքները, մենք ենք եղել առաջինը մեր հայ լեզուն 8 հազար տարեան է, մենք ենք ունեցել առաջին պատմիչները եւ նրանց գրքերը այրեցին ու այրում են մինչեվ հիմա: ք..ա.մեզ հասած շումերական,բաբելական եւ այլ աստվածաշնչային տեղեկւթյունների նախքան մարդու արարումը Հայկական Լեռնաշխարհը եղել է աստվածների բնակության վայր,ուր հիմնվել է դախտը եւ որում արարվել են մարդկության առաջնեկները: Ինչու Հայաստանը դառձավ առաջին քրիստոնեությունը 301թ. որպեսզի քրմությունը ոչնչացվեր որվհետեվ եթե պահպանվում է արամեական գիրը ուրեմն մեծ գաղտնիքներ են բացվում արամեական գիրը 301թ. ջնջվումա: պարսիկ գրիգոր խավարիչի կողմից կատարվում է առաջին ցեղասպանությունը կոտորելով քրմերին ծծկերից մինչեվ մեծահասակ :Ինչու չեք գրում իրականությունը , ՋԱԼԱԼԵԴԻՆ գրում է Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի…
Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…
Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…
/Ջալալեդդին/