Թե ինչու եկեղեցին Խորենացու ոսկորները գերեզմանից հանեց ու գետը թափեց Պատմահոր բուն "Հայոց պատմություն"-ը խեղված է
Անտարակույս “հայ” քրիստոնյան, ով՝
— Հայ-Հայաստանի փրկությունը եկեղեցու հետ է կապում ու դրանում դույզն անգամ թերություն չի տեսնում.
— քնած (երազում), թե արթմնի՝ եկեղեցականի ձեռքը, վեղարի փեշերն ու նրա պարզած՝ անթիվ, անհամար անգամներ թքոտած՝ խաչն է պաչպչում (մարդա-նյութա-կռապաշտությունը էլ ինչպես է լինում).
— քաղցած, թե չքաղցած եկեղեցու վարդապետության հիմնադրի “մարմինն ու արյունն” է ճաշակում (վամպիրն էլ ինչպես է լինում).
— օլիգարխ (ով միջնադարյան ավատատիրոջ մերօրյա տեսակն է) լինելու դեպքում՝ որպես թե իրենց մեղսագործ հոգու փրկության համար՝ եկեղեցու ապարանքներն է շատացնում եւ դա մինչեւ անգամ հայ մշակութային կենտրոնները քանդել, գետնին հավասարեցնելու գնով.
— բարձր իշխանավոր լինելու դեպքում՝ եկեղեցականի հետ է կիպ նստում-վեր կենում, քայլում` այդ ընթացքում մազաչափ անգամ չզգալով իր գոյությունը.
— նույնպիսին լինելու դեպքում՝ իր իշխանության լծակները կամովին հանձնում է եկեղեցականի ձեռքը (եկեղեցու հոտի անդամ է, չէ՞), – ամենեւին չի կասկածի, որ հայոց պատմագրության հիմնադրի նկատմամբ տեղի ունեցած մեծ եղեռնագործության հեղինակը ոչ այլ ոք է, քան իր սիրելի եկեղեցին, իհարկե այն օրերի, որի ժառանգորդն է այսօրվանը:
Բայց դե, պատմական փաստ կա, չէ՞, անառարկելի փաստ: Եվ այդ փաստը մեզ ներկայացնողը ոչ այլ ոք է, քան հենց եկեղեցական պատմիչը, ոչ հակաեկեղեցականը, կամ դրանից դուրս գտնվող որեւէ մեկը: Խոսքը Ղազար Փարպեցու մասին է: Ով եկեղեցու կողմից բազում հալածվողներից մեկը լինելով՝ օրերից մի օր, երբ համբերության բաժակը լցվում է, որոշում է իր վրա եկեղեցու տեղացրած թուք ու մուրը չասել անձրեւ է, եւ մեկիկ-մեկիկ թվարկել իր օրերի եկեղեցու արատները, Խորենացու պարագայում մեծ եղեռնագործությունը,- այդպես հանդես գալով որպես հին օրերի մեր Լեո Տաքսիլ: Մեր պատմիչը իր այդ խիզախումն արել է իր “Թուղթ Վահան Մամիկոնյանին”-ում: Այդ “Թղթից” մեզ հետաքրքրող հատվածների վրա ուշադրություն դարձնենք: Եկեղեցու ախտերը ջրի երես հանողը գրում է. “Երանելի փիլիսոփա Մովսեսը, որ արդարեւ, մինչդեռ ապրում էր իր մարմնական կյանքը, արդեն երկնային զորականներին էր քաղաքակից, չէ՞ որ տեղից-տեղ հալածվեց հայոց այդ աբեղաների ձեռքով: Չէ՞ որ նրա լուսավորող ու տգիտահալած գրքերը անգիտությունից փաթաղ-իկես էին համարում նրանք եւ էլի ուրիշ բաներով խայտառակեցին” (այս եւ ստորեւ մյուս ընդգծումներն իմն են): Ինչ է դուրս գալիս ասվածներից:
— Խորենացին իր ժամանակակից ոչ եկեղեցականների, ինչպես նաեւ Փարպեցու պես հայ եկեղեցականների կողմից փիլիսոփա (իմաստասեր)՝ այն ժամանակվա հռոմեա-բյուզանդական արժեհամակարգության՝ այդ ամենաբարձր կոչումն ունեցող է հռչակվել: Որի համար էլ “երկնային զորականների”՝ հրեշտակների շարքն է դասվել:
— Նա “լուսավորող ու տգիտահալած գրքեր” է գրած եղել (դրանցից մեզ է հասել միայն “Հայոց պատմություն”-ը, այն էլ՝ խեղված տեսքով), որոնք գիտության ու իմաստասիրության պահանջն ունեցողների համար հոգեւոր սնունդ են եղել, իսկ կրոնական անգիտության պահանջն ունեցողների, իմացությունը մեղք համարողների համար՝ պախարակիչ ու այպանող դեր են խաղացել: Այդ գրքերը, հաստատ, ոչ կրոնական, ավելին՝ նույնիսկ հակակրոնական բովանդակություն են ունեցել:
— Մեր պատմահոր հասցեին եկեղեցականները ի՜նչ պախարակիչ ու անվայելուչ բաներ (անգամ՝ “փաթաղ-իկես” գռեհիկ արտահայտությունը) ասես չեն ասել: Չբավարարվելով այդ բամբասանքներով՝ նրանք նրան սկսում են ֆիզիկապես էլ հալածել, տեղից տեղ քշել` չթողնելով, որ մի տեղ հանգիստ առնի, կենտրոնանա, նորանոր գրքեր երկնի: Ովքե՞ր են եղել այդ բամբասողներն ու հալածողները: Փարպեցին ասում է` “հայոց աբեղաները”: Ամենայն հավանականությամբ, այլածին եկեղեցական գրիչն է հայոց-ը ավելացրել. բուն տեքստում, ըստ երեւույթին, եղել է “եկեղեցու աբեղաները” (աբեղան “հայոց աբեղա” չի լինում, այլ լինում է եկեղեցու աբեղա, որը Փարպեցին, ինչ խոսք, լավ գիտեր ու ըստ որի էլ նա շարադրել է իր միտքը): Իսկ ովքե՞ր են եղել եկեղեցու այդ աբեղաները: Հաստատապես կարելի է ասել՝ ո՛չ հայ եկեղեցականներ, այլ եկեղեցու ճնշող մեծամասնություն կազմող խառնածին սեմականներ՝ ջհուդներ, ասորիներ…, որոնց ձեռքում էր այդ ժամանակ եկեղեցու իշխանությունը եւ որոնք էին հենց եկեղեցու մեջ գիտության ու լուսավորության ոխերիմ թշնամիները (եկեղեցական հայը, ինչ էլ որ լիներ, իր երբեմնի Իմաստության աստծո կարոտաբաղձությունն ուներ…):
— Բայց Փարպեցու վերը ասածները եկեղեցու՝ Խորենացու նկատմամբ արած չարությունների սկիզբն են միայն ներկայացնում: Ասվածից անմիջապես հետո կարդում ենք. “Սակայն հետո այլոց տված ամոթանքից՝ մի խաբեական եպիսկոպոսություն մահադեղի պես խմեցրին այն սրբին (Խորենացուն,-Ս.Մ.) եւ խեղդեցին”: Բացատրենք ասվածը:
— Ինչ-որ ուժեր (ըստ երեւույթին՝ իշխանական1) Խորենացու հանդեպ եկեղեցու հալածանքներից գրգռված՝ վերջինիս մեղադրանքներ են ներկայացնում: Սա կեղծորեն ընդունելով իր սխալը՝ Խորենացուն գավառներից մեկում ստիված է լինում եպիսկոպոս կարգել` ներքուստ մտածելով այդպես նրան իր տեսադաշտում պահել, որպեսզի օրերից մի օր ուժը պատելու դեպքում նրանից ազատվի: Խորենացին հոգնած նժդեհական դեգերումներից եւ նստակյաց ստեղծագործելու մղումից դրդված` եկեղեցու պարզած խայծը ընդունում է: Հետագայում իր “Ողբ”-ում նա եկեղեցական առաջնորդների վերաբերյալ կգրեր. “Գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը”: Ահա Խորենացին հայտնվեց այդպիսի գայլերի մեջ:
— Ըստ երեւույթին, երբ Խորենացուն սատարող քաղաքական ուժերը էլ չեն լինում, կամ թուլացած են լինում, եւ եկեղեցին իր քայլերի համար այլեւս պատասխանատու չի համարում այդ ուժերին, ահա եւ այդ կառույցը որոշում է ազատվել իր անհնազանդ, անընդհատ լուսավորությունից ու գիտությունից խոսող եպիսկոպոսից: Նրան թունավորելով սպանում են: Իհարկե, Փարպեցու ասածից դա միանշանակորեն չի հետեւում (թեեւ հնարավոր է, եկեղեցական գրիչները նրա գրածը այնպես են գրի առել, որ նախնականի միանշանակությունը վերացրել են…): Բայց պետք է հավատալ մեր լավագույն պատմաբանին` Լեոյին, ով քաջատեղյակ լինելով եկեղեցու անդրկուլիսային կյանքին` Փարպեցու ասածից միանշանակ եզրակացնում է, որ եկեղեցականները Խորենացուն սպանել են եւ սպանել են “թույն տալով” (տես Լեո, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ):
Շարունակենք Փարպեցու` իր “Թղթում” Խորենացու մասին ասվածներից մեջբերումները: Այնուհետեւ կարդում ենք. “Եվ թե նա վախճանի ժամին ի՜նչ ահավոր նզովքի գիր է թողել քահանայության գլխավորների վրա, գիտեմ, որ դուք լավ տեղյակ եք… (Նա իր կյանքը) անչափ անհանգիստ աշխատությունների եւ գիշեր-ցերեկ Հայոց աշխարհը լուսավորող վաստակի վրա դրեց: Նրա ոսկորները գերեզմանից հանել տվին եւ գետը թափեցին: Հրեշտականման այն Տերին նույն այդ անհանգիստ հալածանքներով մահու հասցրին եւ դեռ հիմա էլ անհագ քինախնդրությամբ մեռածի հետ են կռիվ տալիս”: Այս ասվածներից էլ իմանում ենք հետեւյալի մասին:
— Խորենացին զգացել է, որ եկեղեցին իրեն սպանելու է եւ մոտալուտ մահից առաջ որոշում է սերունդներին “գիր” թողնել (խոսքը “Ողբ”-ի մասին է), որ դրանով նրանք իմանան, թե իրականում ինչ է եղել “սուրբ” եկեղեցին, ովքեր են եղել դրա գլխավորները: Փարպեցու ասածը աներկբայորեն հիմք է տալիս ենթադրելու, որ Խորենացու սպանության պատվիրատուները հենց “քահանայության գլխավորներն” են եղել. աբեղաները ընդամենը կատարել են: Բացի այդ, ասելու որ` մեր պատմահոր “Ողբ”-ը ուղղված է “քահանայության գլխավորների” եւ, պարզ է, նրանց եկեղեցու դեմ: Ավելի որոշակի ասած (Փարպեցու ասածից հետեւում է)` Խորենացին ողբում է, որ հայոց ազգը` “հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը”, “քահանայության գլխավորների” ու նրանց եկեղեցու պես հոգեւոր առաջնորդներ ունի, որոնք երկիրը ի կորուստ են տանում (հայ պատմաբանները Խորենացու “Ողբ”-ի այս` բուն իմաստը, ավաղ, չեն հասկացել):
— Փարպեցիագետները պարզել են, որ ասվածի “Դուք լավ տեղյակ եք (խոսքն ուղղված է Վահան Մամիկոնյանին, -Ս.Մ.)” արտահայտությունից հետո “երկու թուղթ” բացակայում է (դրա համար թարգմանիչը բազմակետեր է դրել): Դժվար չէ կռահել, որ եկեղեցական գրիչների կողմից մկրատած այդ “երկու թղթում” Փարպեցին հանգամանորեն խոսել է Խորենացու կողմից “Ողբ”-ը գրելու դրդապատճառների, իմաստի ու նպատակների մասին, որոնք եկեղեցուն, պարզ է, շատ կատաղեցրել են: Գուցեեւ այդ “երկու թղթերում” Փարպեցին շարադրել է նաեւ իր` եկեղեցու հասցեին արած նոր` ավելի թունդ մեղադրանքները:
— Եկեղեցին այնքան է կատաղած լինում, “քինախնդրությամբ” լցված լինում Խորենացու դեմ, որ նրա ոսկորներին անգամ հանգիստ չի թողնում. դրանք բորենու պես գերեզմանից հանում եւ գետն է թափում (ոչ մի շնազգի անգամ նման բան չի անում):
— Փարպեցուց իմանում ենք նաեւ, որ եկեղեցականները “անհագ քինախնդրությամբ մեռածի հետ են անգամ կռիվ տալիս”: Արդարեւ` Խորենացին հետմահու էլ եկեղեցուն հանգիստ չէր թողնում եւ չի էլ թողնի, եթե հայը նրա թողած “Հայոց պատմություն”-ը հասկանա:
Դե, եթե եկեղեցին այդպես` չարագործորեն է վարվել կենդանի ու մեռած Խորենացու հետ, ապա ինչպե՜ս կվարվեր նրա երկերի հետ, որոնցով էլ մեր պատմահայրը հենց անմահանալու էր (դա եկեղեցին լավ էր զգում): Հաստատ կարելի է ասել` եկեղեցու բոցերի մեջ Խորենացու շատ երկեր են այրվել, գուցե նույնիսկ ավելի արժեքավոր, քան “Հայոց պատմություն”-ը: Բացի այդ, նրանից մեզ հասած “Պատմություն”-ը եկեղեցին հաստատ եղծել ու մկրատել է: Տեքստեր եղծելու փաստերի մասին վկայում է հենց Փարպեցին իր “Պատմության” մեջ` գրելով. “Ոմանք… գաղտագողի դիմում էին այդպիսի անամոթության. տգետ ու հանդուգն մարդիկ իրենք գրում էին դատարկ ու անպիտան ճառեր եւ իրար խառնելով դնում գիտունների գրքերի մեջ”: Կամ էլ` կարդում ենք նույն տեղում. այդպիսիք “պատշաճին անընդունակ լինելով”` “փոփոխելով փչացնում” էին տեքստերը եւ իրենց “սխալներով փորձում” էին “ծածկել” դրանց հեղինակների բարի անունը: Այն, ինչ Փարպեցին նկատել է այլ համբավավորների անունների եղծումի հետ, մի՞թե պարզ չէ, որ հետագայում տեղի էր ունենալու նաեւ իր ու իր սիրելի Խորենացու հետ: Սերգեյ Մանուկյան ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
1 Ըստ պատմավիպասան Ջոնիկ Մելիքյանի ենթադրության, մարզպան Վասակ Սյունին է լինում Խորենացու թիկունքին կանգնած գլխավոր իշխանական ուժը:
“Լուսանցք” թիվ 141, մարտի 19-25, 2010թ.
Թողնել պատասխան