Հայկը մեր նահապետն է

Շնորհակալ ենք, որ Panorama .am-ը արագ արձագանքեց Հայ Արիական Միաբանության հերթական հայտարարությանը եւ հարցումներ ուղղեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորներին:

Խոսքը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին ջերմ ողջույններ հղելու մասին է, ով հայ-արիականներիս քաջալերանքին է արժանացել Բոլիվիայի հնդկացիների նախնյաց հավատը վերականգնելու նախաձեռնության համար: Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահը հրապարակայնորեն նշել էր, որ իր երկիրը կհրաժարվի կաթոլիկ (քրիստոնեական) կրոնից, որպես պետական կրոն եւ կվերադառնա հնդկացիների հին հավատին: 

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյան նշել էր, թե “նման հայտարարություններ կարող են տարածել միայն հանրության ուշադրության անհագուրդ պահանջ ունեցող մարդիկ կամ մարդկանց խումբ, ովքեր, հավանաբար, գերագույն նպատակ ունեն իրենց գոյության մասին իրազեկ պահելու հանրությանը”: Զարմանալ կարելի է տիկնոջ նման դատողության վրա: Հայ Արիական Միաբանությունը վաղուց “հագուրդ” է տվել իր պահանջներին եւ հայտնի է ինչպես ՀՀ հասարակական-քաղաքական ոլորտում, այնպես էլ Սփյուռքի հայության եւ այլազգիների ամենատարբեր շրջանակներում: Եվ հավատքային, աշխարհայացքային լուրջ հայտարարություն անելը զուտ “շոու” դիտարկելը պարզապես անտեղյակության եւ հանրային կյանքից

հեռու գտնվելու հետեւանք է: Սա՝ ժողովրդից կտրված լինելը, հատուկ է այսօրվա եկեղեցու որդեգրած քաղաքականությանը, որի պատճառով էլ աղանդավորականները վխտում են երկրում եւ սպասարկում օտարների շահերը՝ հենց քրիստոնեության անվամբ պատսպարվելով: 

Այնուհետեւ Մամլո դիվանի պատասխանատուն հայտնում է, որ “ի տարբերություն Բոլիվիայի, Հայաստանը հրաժարվել է հեթանոսությունից եւ քրիստոնեական մկրտություն է ստացել դեռեւս 17 դար առաջ՝ Տրդատ Մեծ արքայի օրոք: Իսկ մեր երկրում աննշան տոկոս են կազմում մարդիկ, ովքեր, ինքնատիպ լինելու համար կամ այլ պատճառներից դրդված, որոշել են դավանել հեթանոսական կրոնի ինչ-ինչ սկզբունքներ”: 

Ափսոս Panorama.am-ի հնարավորությունները թույլ չեն տալիս հանգամանալից ներկայացնել, թե ինչպես են քրիստոնյաները հրով ու սրով մտել Հայք, եւ ինչպես են ավերել ու այրել հայոց հինավուրց տաճարներն ու գրավոր մատյանները: Պատմիչները կարողացել են տողատակերում ներկայացնել քրիստոնեության “սիրով մտնելու” իրական պատկերը՝ “սրով մտնելը”… Այնպես որ, հայ ազգի մկրտությունը պարզապես կռտություն է եղել, կռտել են ու կտրել ամեն բանից: Իսկ Տրդատ արքայի մասին սին պատմությունները դեռ իրական լուսաբանման կենթարկվեն, ինչպես այսօր լույսի այլ քողի տակ է մեկնաբանվում Վարդանանց պատերազմը… Իսկ այն, որ մենք Բոլիվիայից շուտ ենք “ընդունել” քրիստոնեությունը, դա գլուխգովալու տեղիք չի տալիս: Եվ ամենակարեւորը, քրիստոնյա հոգեւորականները այդպես էլ չհասկացան, որ հեթանոսությունը (հեթանոս-էթնոս-ազգ) կրոն չէ, այլ հավատք, ազգային հավատք: Կրոնի հետեւորդները կարող են տարբեր ազգերի ներկայացուցիչներ լինել, իսկ ազգային հավատքի (սեփական աստվածային համակարգով) հետեւորդներ միայն տվյալ ազգի ներկայացուցիչները կարող են լինել: 

Նույն հարցի առնչությամբ Տեր Դանիելն ասել է, որ “միանշանակ լավ չէ, որ այսօր Հայաստանում այս տեսակ խնդիր կա: Որպես հոգևորական վտանգ եմ տեսնում այս հայտարարության մեջ՝ այսինքն ծափ են տալիս այն մարդկանց համար, որոնք հեռացել են քրիստոնեությունից: Վաղը, եթե ինչ-որ մի հայ քրիստոնյա գնա ու մուսուլման դառնա, ինչ է‘ պետք է ազգովի ծափ տա՞նք. ինչ լավ է գնացել ու մուսուլման է դարձել”: 

Այստեղ տարակուսանքն ավելի շատ է: Եթե Տեր Դանիելը Հայաստանում քրիստոնեությունը տեսնում է միայն հայտարարված լինելով, թե՝ տեսեք 17 դար առաջ “ընդունել” ենք այն որպես պետական կրոն, ապա լավ կանի հարցում կազմակերպի եւ համոզվի, որ Հայաստանում Բիբլիա-Աստվածաշունչ կարդացածների թիվը եւ առհասարակ քրիստոնեությունից իրապես բան հասկացողների թիվը գրեթե չի տարբերվում արիադավանություն-հեթանոսությունից հասկացողների թվից: Իսկ ձեւականորեն էնքա՜ն քրիստոնյաներ կան, որ ավելի լավ է չմանրամասնենք… Իսկ մուսուլման դառնալը հայոց հին հավատքի հետեւորդը լինելու հետ համեմատությունը ամենաքիչը մեր հինավուրց պատմության անարգում է նշանակում: Հուդայականությունից առաջացած քրիստոնեությունն ու մուսուլմանությունը իրար հետ ավելի սերտ կապեր ունեն, քան հայոց հին հավատը:

Մենք վստահ ենք, որ Տիեզերական Գարնան ընթացքում անկասելի են համատիեզերական փոփոխությունները, եւ մեզ էլ կհասնի Ամենայն Զարթոնքի արձագանքը, ուստի՝ ավելի լավ է բոլորս պատրաստվենք Հայ Աստվածների վերադարձին եւ ապավինենք ոչ թե հուդայական Եհովա Աստծուն, այլ՝ Տիեզերքի Արարչին ու մեր Հայր Արային: 

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

04.02.2009թ.

 Հ.Գ — Իսկ ինչ վերաբերում է ՀԱՄ հայտարարության վտանգավոր լինելուն, ինչպես Տեր Դանիելն է ասում, ապա վտանգավորը հենց իր եւ իր նմանների կարծիքն է, որով փորձում են կոծկել, չթույլատրել պատմական իրականության պարզաբանումը, քանզի հասկանում են, թե ինչ հետեւանքներ կունենա դա, երբ մարդիկ իմանան, թե իրապես ինչպես է Հայաստան մուտք գործել քրիստոնեությունը: Վտանգավորն այն է, որ երբ ՀՀ ԱԺ-ն փորձում է օգոստոսի 11-ը որպես Ազգային Ինքնության տոն հռչակել՝ ի պատիվ Հայկ նահապետի՝ Բելի նկատմամբ տարած հաղթանակի, գտնվում են պատգամավորներ, ովքեր դա համարում են հեթանոսության վերադարձ եւ ընդվզում են: Ստացվում է՝ 1700 տարուց այն կողմ պիտի ջնջել, չփառաբանել, քանզի քրիստոնեական չէ: Այնպես որ, վտանգն այլ տեղ պիտի փնտրել, որ մեր ազգը չզրկվի իր անցյալից ու ապագայից, իրական հավատից… ՀԱՄ-ը ողջունում է նաեւ ՀՀ ԱԺ-ին՝ Ազգային Ինքնության տոնը մեր փառահեղ նահապետի հաղթանակի օրը համար, որին պիտի հաջորդեն Նավասարդյան խաղերը: Փա՛ռք մեր մեծ նախնուն:

 “Լուսանցք” Թիվ 90, 6-12 փետրվարի, 2009թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: