Նարեկացու Արան (Արարիչը) ու Արին (Արմենը)
Նարեկացու մասին մենք չէ, որ պիտի գրենք: Ու ոչ այն պատճառով, որ Նարեկացու մասին գրել ու նրա տողերը վերլուծել են հայ ու ոչ հայ մասնագետները: Ու, ի միջի այլոց, շատ էլ լավ են վերլուծել:
Նարեկացու մասին մենք չէ, որ պիտի գրենք: Հենց այն պարզ պատճառով, որ Նարեկացու մասին ժամանակին գրել են նաեւ… ավելի համարձակները: Նրանք, ովքեր Նարեկացուն, այսպես ասենք, քրիստոնյա երգիչ չեն համարել: Բայց չեն բարձրաձայնել այդ մասին: Էնպես, ինչպես Նարեկացին ինքը չէր բարձրաձայնում այդ մասին ու, օրինակ, կնոջ երգելիս այդ կնոջ անունն էր փոխում՝ “կոչելով” Մարիամ: Դե, վարդին որ դանակ կոչես, բարդի բույրը դրանից չի չքանա: Բայց իբր Մարիամին երգեր ձոնելը, անշուշտ, չէր նշանակում, թե Քրիստոսի մայրն է գովերգվում: Մասնագիտական աչք պետք չէ հասկանալու համար, որ Նարեկացին հաստատ Քրիստոսի մորը սիրառատ տղամարդու խոսքեր չէր ուղղի: Սերն ապրա՛ծ տղամարդու, ում խոսքերը (հանդգնեմ ասել) հաստատ կույսին չէին ուղղվի:
Նարեկացին պիտի երգեր, ու կարեւորը դա էր: Ինչ անունով կկոչվեր Կինը, արդեն ամենեւին էլ էական չէր: Իսկ սիրո խաղիկներն էլ, որ խինդ են սփռում, հաստատ կապ չունեին ու չունեն սեւ սքեմավորների ապրելաձեւի հետ: Ինչեւէ, Սեւակից լավ ոչ ոք չի ասի. “Մեր իմացած բոլոր մեծերի համեմատությամբ Նարեկացին ծերանում է ամենից եւ ամենքից պակաս, որովհետեւ երգիչն է չծերացողի՝ ոգու, եւ այդ բնագավառում չունի զույգ ու մրցակից՝ ոչ միայն իր ժամանակի մեջ եւ ոչ էլ միայն իր ազգակիցների…”:
Իսկ ոգու երգիչը հաստա՛տ իր տողերում գաղտնիքներ կթաքցներ… Հատկապես տվյալ ժամանակաշրջանում:
Ներկայացնենք այդ գաղտնիքները բացահայտելու համարձակ մեկ փորձ:
Արմենուհի Մելքոնյան
Նարեկացու “Մատյանում” կա մի գողտրիկ դրվագ, որը կարծես լինելով փոքր “Մատյան” մեծ “Մատյանում”՝ արտահայտում է երկի ամբողջ բովանդակությունը, նրա ցեղադրոշմ (հայադավան) էությունը1 : Մեր հանճարը այդ փոքր դրվագում պարզորոշ ու սեղմ արծարծում է իր երկի հավատքային գլխավոր խորհուրդները՝ Արան (Արարիչն) ու Արին (Արմենը), այդ խորհուրդների հարաբերությունը, դրանցից ածանցյալ ու դրանց հետ կապված մյուս խորհուրդները: Ահա “Մատյանի” խորախորհուրդ այդ՝ Նարեկացու իսկ խոսքերով ասած՝ “արարչակերտ այս խորհրդի” պատկերում հատվածը՝ բերված Մկրտիչ Խերանյանի թարգմանությունից.
Դու՛, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն սքանչելի,
Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,
Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,
Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, անբովանդակելի բարձրություն,
Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,
Պատճառ որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.
Քո միջոցով եւ անպարագիր քո զորության շնորհիվ
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,
Որ սպրդելով՝ մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց (Բան ԻԸ, Ե, 100-110):
Ի՞նչ են ասում այդ տողերը, եւ այդ տողերի թաքուն իմաստները, “որոնք չեն գրված… տողերի շարքում”, — ասում է Նարեկացին մեկ այլ կապակցությամբ (Բան Լ.Դ.Գ, 60 ) ընթերցողին: Նրան, ում հայ (արիական) դիցաբանական խորհուրդները հայտնի են (ու ով ապրում է դրանցով), ով ազգային (ցեղային) ոգու սրբատեղիներում օտարի աստվածաշունչ երբեք չի տեսնում, եւ, հետեւաբար, ով Նարեկացու “հեթանոսաշունչ” “Մատյանը” (Լ. Շանթ) չի կարդում որպես քրիստոնեական գիրք, այդ կրոնի՝ որպես թե հայկական տարբերակ…
— Առաջին տողով (“Դու՛, որ այսքան շատ հրաշքներ ես գործել“) Նարեկացին դիմում է Հայոց դիցարանի գլխավոր խորհուրդը մարմնավորողին՝ Արարչին, ով, ինչպես հայտնի է, թե քրիստոնեության, թե դրա մայր կրոնի՝ հուդայականության մեջ մոռացության մատնվեց, կամ, ինչպես հայ հանճարն է անուղղակիորեն ասում իր երկի մեկ այլ հատվածում, “սպանվեց” (այդ կրոններում, առաջինում՝ թույլ ձեւով, երկրորդում՝ շեշտված, առկա է արարչական ընտանիքի անդամներից մեկը՝ Եհովա՜ն միայն):
— Երկրորդ տողի՝ “հայր ամենաստեղծ” արտահայտությամբ շեշտվում է, որ խոսքը երկնային հոր՝ Արարչի՝ ամենայնը արարողի, եւ ո՛չ՝ այլոքի մասին է: Իսկ “անուն ահավոր” եւ “Ձայն սարսափելի” արտահայտություններում արդեն Արարչի անունն է խորհրդանշվում. առաջին դեպքում Արա, երկրորդում՝ Արա՜հ (հիրավի, այս դեպքում “հ”-ի լծորդումով ու բացականչական նշանով՝ Արա անունը դառնում է “ձայն սարսափելի”՝ Ար-ա՜հ, որտեղ “ահ”-ը նշանակում է հզոր, ամեհի):
— Երրորդ տողի՝ “կոչումն ընտանի” եւ “խոսք համբուրելի” արտահայտություններով մեր արարչատեսն ակնարկում է արդեն, որ Արարչի անունը՝ Արա, իր ցեղատեսակին հարազատ, ընտանի անուն, համբուրելի խոսք է, քանզի իր անունն էլ՝ Արի, Արմեն, մտերմիկ-փաղաքշական ձեւով՝ պարզապես Արա (ինչպես հայը, իր երկնային հոր անվամբ, հաճախ դիմում է հային), կամ էլ՝ Արայիկ, — սերում է Արարչի անունից: Տողի՝ “ազդումն սքանչելի” մասով դարձյալ Արարչի անունն է խորհրդանշվում, բայց այս անգամ անվան առաջին ձայնավորի շեշտադրումով՝ Ա՛րա, որով, հիրավի, Արա-ն դառնում է “ազդումն սքանչելի“՝ հորդորանքով ասված հրաման (ինչպես հայտնի է, ըստ հայ լեզվամտածողության, “ա՛րա” ազդու արտահայտությունը ենթակային հորդորանքով ասված արարող գործողության է դրդում): Ավելորդ չէ այս կապակցությամբ հիշել, որ ռուսների՝ նույնպես ազդեցիկ ու սքանչելի “ցՐՈ”-ն հենց սերում է մայր լեզվի “արա”-ից, որը բազում հաղթանակներ է բերել ռուսական բանակներին:
Շարունակելով Արարչի անվան գաղտնախորհրդի պեղումը՝ մեր հանճարը հաջորդ տողերում դրանում նորանոր շերտեր է երեւան բերում:
— Չորրոդ տողի առաջին արտահայտությամբ (“հրաման սոսկալի“) Արա-ն երեւակվում է արդեն որպես սոսկալի հրամայական խորհուրդ, այս անգամ՝ երկրորդ ձայնավորի շեշտադրումով՝ Արա՛’(հիրավի, հայ լեզվամտածողության մեջ անբեկանելի հրամանը այսպես է արտահայտվում): Խորախորհուրդ են տողի՝ “էություն անքննելի” եւ “գոյություն անճառելի” արտահայտությունները: Առաջինը խորհրդանշում է Արարչի անքննելի էությունը՝ Ար-ը (նկատենք, որ Չարենցի “արեւահամ բար”-ը հենց բխում է այդ խորհրդից), նրա՝ սերող, ստեղծող, զորացնող, ողջը բացարձակացնող ու ի մի բերող որակը (լեզվաբանական իմաստով “Ար-ը նշանակում է,- կարդում ենք Սլակ Կակոսյանի “Հայոց լեզվի խորհրդարան”-ում,- Սերում, Ծագում, Զորություն”, որը “հայերենում գրեթե ամենաշատ գործածվող արմատ է”): Իսկ երկրորդը նույն Ար-ն է՝ արդեն “անճառելի” գոյություն, հաստատուն իրողություն դարձած, որն է՝ Էր-ը:
— Հաջորդ երեք տողերի արտահայտությունները (“իսկություն անբավելի“, “զորություն անզննելի”, “կամք ամենաբարի”, “տերություն անսահմանելի”, “մեծություն անչափելի”, “բարձրություն անբովանդակելի”, “քանակություն անկշռելի”, “առավելություն անհասանելի“) խորհրդանշում են Արա-Արարչի բացարձակությունը, այդ բացարձակության տարբեր հատույթները. “Է”-ն “իսկություն անբավելի”-ի դեպքում, արիությունը՝ “կամք ամենաբարի”-ի, տերտերությունը՝ “տերություն անսահմանելի”-ի, ամեհիությունն ու ահավորությունը (այստեղ “որ”-ը “ար”-ն է՝ տառադարձության ենթարկված)՝ “զորություն անզննելի”-ի, անընդգրկելիությունն ու բյուր-բյուր (այստեղ էլ է “ար” խորհուրդը առկա՝ փոխարկված “ուր”-ի) լինելը՝ “մեծություն անչափելի”-ի, “բարձրություն անբովանդակելի”-ի, “քանակություն անկշռելի”-ի դեպքերում, եւ բարությունը՝ “առավելություն անհասանելի”-ի դեպքում:
— Հաջորդ տողով (“Պատճառ որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով“) մեր լինելիության խորհրդի վերականգնողը ավելի է որոշակիացնում արդեն երրորդ տողում արծարված՝ իր ցեղատեսակի ծագումնաբանության՝ Արի, Արմեն (նշանակում է Արարչի որդի, Արարչածին, Աստվածամարդ) խորհուրդը:
Ինչպես հայտնի է հողածին մարդկանց՝ ադամականների սուրբ գրքից, Եհովա աստվածը առաջին՝ սոսկական մարդ էակին՝ Ադամին ստեղծեց հողից, ստեղծեց թեր՝ իր նմանությամբ, բայց ոչ իր կերպ, ասել է, թե մահկանացու, Նարեկացու իսկ արտահայտությամբ ասած՝ ստեղծեց ոչ թե “հայրությամբ”, այլ իր ստեղծածից պարզապես “նախադաս լինելով” (պատահական չէ, նկատենք, որ ադամական ավանդույթներում, միմյանց դիմելու Եհովա, կամ՝ դրանից ածանցյալ որեւէ այլ ձեւը իսպառ բացակայում է):
Այն դեպքում, երբ Նարեկացու “հոգու խորհրդարանը” (արտահայտությունը “Մատյանից” է), ներքին ձայնն ասում է այն մասին, որ իրեն արարել (հենց արարել եւ ո՛չ՝ ստեղծել, կամ՝ “չլինել”, ինչպես ադամականին՝ իր աստվածը) է Գերագույնը՝ Արա-Արարիչը, արարել է որպես “պատճառ որդու՝ հայրությամբ”, այսինքն արարել է որպես իր որդի՝ Արի (Արորդի, Արմեն, Աստվածամարդ):
Իսկ որդին հոր կերպ, ներկա դեպքում՝ անմա՛հ է լինում: Նարեկացին, այսպիսով, իր ցեղատեսակը հստակորեն սահմանազատում է ադամականից:
— Առ Արարիչն (դրանով իսկ՝ նաեւ նրա նախ-արար որդուն՝ Արիին) ուղղված այս փառաբանականին հաջորդ տողերում հետեւում է ողբերգականը (ցավով պետք է նշել, որ ինչպես “Մատյանի” բերված դրվագը, այնպես էլ ամբողջ “Մատյանը” սերունդները այդ ծանրաբեռնվածությամբ են ընկալել միայն), որը Նարեկացու մեջ հարուցվում է իր երբեմնի արարչադրոշմ մարդատեսակի՝ Արիի ներկա տեսքին նայելուց: Մեր ցեղաճանաչը գիտակցում է, որ ինքն իր “նախնի”, “առաջին”, “հին”, “ի սկզբանե” եղած կերպը (արտահայտությունները “Մատյանի” այլ էջերից են) ուրացել եւ նմանակել է սոսկական մարդուն (ադամականին, “հոմանի”-ին): Որպես հետեւանք որի՝ իրեն է փոխանցվել նաեւ նրա հիվանդությունները: Ինքը “տառապեցնող ու դիվական2 տենդի” ջերմությամբ է ախտահարվել, “որ սպրդելով“, մարդ-ադամականի գործած “մեղքի3 հետ“, նրանից փախչելով, սողոսկել է իր մեջ, ինքն էլ, իր կողմից իրենում ճանապարհ է բացել նրա գործած (այդ) մեղքը իրենում ներառելու համար, այդպես դիվահար (դիվոտ) դառնալով ու … ադամականին, ի ուրախություն նրա, զգալիորեն ազատելով այդ ախտից…
— Ուստիեւ, մեր մեծ հավատավորը դիմում է իր ամենամեծ ապավենին՝ երկնային հորը՝ Արարչին, նրա “միջոցով” ու նրա “անպարագիր զորության շնորհիվ” ազատվելու իր հոգին ու մարմինը սպանող՝ մարդու (ադամականի) ախտածին տենդի ջերմությունից:
Մեր կողմից, դիմելով հայոց ու նարեկացիական հուսո պատգամարանի օգնությանը, ավելացնենք՝ “Տա՛ Արարիչ”:
Սերգեյ Մանուկյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
1 Նկատենք, որ մեր ցեղահավատքի (հայ հավատքի) միջնադարյան արձանացումը՝ “Մատյանը” որպես այդպիսին Ցեղի (Ազգի) Աստվածաշունչ, ամբողջության մեջ տակավին մնում է աննկատ (այդ առումով առանձին ակնարկներ են ցայսօր արվել միայն):
Ցեղի (Ազգի) Մեծ Գրքի մի փոքր դրվագի, այդ առումով, մեր կողմից ստորեւ արված մեկնաբանությունն, ըստ էության, եզակի փորձ է:
2 Ածանցված է “Մատյանի” Դեւ խորհրդից, որը, ինչպես նաեւ Բելիարը, Գոռոզը, Վիշապը, Ապստամբը (նկատի է առնվում արարչական ընտանիքի դեմ ապստամբությունը), Նարեկացին օգտագործում է թաքնատեսորեն Եհովա խորհուրդը արտահայտելու համար, որից, ո՜վ չգիտի, մեր ցեղատեսակը դարեր ի վեր, ընդհուպ մեր օրերը, տառապում է……
3 Նկատի է առնվում ադամականի գործած նախածին մեղքը՝ իմացության ծառի պտուղը ճաշակելը:
“Լուսանցք” Թիվ 67, 18 — 24 հուլիսի, 2008թ.
1 Հուլիսի, 2012, ժ. 4:13 ե. |
Աշխարհի ամենատափակ մեկնաբանությունը, որ կարդացի… Լրիվ հոգեբուժության կարիք ունեցող մարդու բարբաջանք… Մի խայտառակեք մեր Մեծերին Ձեր ցնդաբանություններով…