Ու՞մ է ծառայում եկեղեցին

Սեպտեմբերի 27-ին Երեւանի սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կայացավ էկումենիկ աղոթքի արարողություն՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Նորին ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի: Վերջինս Հայաստան էր ժամանել Մյուռոնօրհնության տոնակատարություններին մասնակցելու համար: 

Նախ՝ Մյուռոնօրհնության արարողության մասին, որն անցկացվեց սեպտեմբերի 28-ին: Զուտ հոգեւոր տոնը կատարվեց իսկական “գործարար” միջոցառումների ոգով: Բացի հոգեւոր դասի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ պետական պաշտոնատար անձինք՝ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների, վարչապետների, նախարարների եւ այլոց մասնակցությամբ: Ամբողջ տոնակատարությունն անցավ հրմշտոցների ու գոռգոռոցների մթնոլորտում, հաստավիզ ու անտաշ թիկնապահների մի ամբողջ կոհորտա էր մասնակցում այս միջոցառմանը, եւ նրանց հիմնական նպատակը կարծես այս ամեն ինչից հավատացյալ ժողովրդին հեռու պահելն էր: Ու դա թիկնապահներին հաջողվեց: Բարձրաձայն լսվում էին նրանց հոխորտանքներն ու վիրավորանքները, որոնք հատկապես տեղում էին տարեց մարդկանց հասցեին, ովքեր փորձում էին մոտենալ կաթողիկոսին, տեսնել արարողությունը: Մարդկանց դեսուդեն էին շպրտում: Այդ օրը վիրավորված ու խոցված հեռացան բազմաթիվ հայաստանահայեր ու սփյուռքահայեր, ովքեր չնայած իրենց քրիստոնեական համբերատարությանը՝ մի քանի… խոսքեր ուղղեցին պաշտոնյաների, հոգեւորականների ու նրանց թիկնապահների հասցեին… 

Այո, այսպես էլ եկեղեցին հեռանում է ժողովրդից՝ այդ առաքելությունը թողնելով աղանդավորականներին: Իսկ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերը սիրահոժար զբաղվում են միջազգային հանրության գործերով՝ էկումենիզմի քարոզով ու առաջընթացով: “Լուսանցք”-ը մի քանի անգամ անդրադարձել է, թե էկումենիկ փաստաթղթով ինչպես են “վերահաստատվել” հրեաների ընտրյալության եւ նրանց խոնարհաբար ծառայելու պատվիրանները: Ուստի, մեր եկեղեցին ճիշտ ու ճիշտ կատարում է իր միջազգային պարտավորությունները եւ էկումենիկ աղոթքով ապաշխարհում է հրեաների առջեւ, իսկ հայերի առջեւ էկումենիզմը պարտավորություն չունի… Դրա համար էլ հավատացյալ ժողովուրդը այդպես ոտնատակ եղավ Մյուռոնօրհներքին: 

Ի դեպ, նշենք, որ Մյուռոնօրհնությանը չեն մասնակցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսպոկոս Մութաֆյանը եւ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը (ներկայացուցիչներ էին ուղարկված): 

Այդ օրվա առիթով մի քանի հետաքրքիր դրվագներ ընդգծվեցին: Նախ՝ արարողության ընթացքում Մայր Աթոռի վարչա-կազմակերպչական գործերի կառավարիչ Փառեն սրբազանը ամբողջ ժամանակ չբացակայեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքից եւ գլխի “կախարդական” շարժումով “հրահանգում” էր ՀՀ նախագահին՝ երբ նստել կամ կանգնել աղոթքների ժամանակ: Եվ մարդկային բազմությունն էլ առաջնորդվում էր ըստ ՀՀ նախագահի “հոգեւոր” նիստուվերկացի… Հետո, ղեկավարներից աչք չկտրողների աչքից չվրիպեց, որ չնայած անձրեւի բացակայությանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը այդպես էլ իր հագից “խորհրդավոր” կերպով չհանեց նարնջա-թե վարդագույն անձրեւանոցը… Սակայն, ամենանշանակալիցը “գրանցվեցին” երկու դեպքեր:

Առաջինը՝ արարողությանը չմասնակցեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով միշտ խուսափել է նույնիսկ պաշտոնական արարողությունների ժամանակ համբուրել կաթողիկոսի ձեռքը (հիշում ենք, որ նա չհամբուրեց նաեւ Հռոմի Պապի ձեռքը, ով քրիստոնեության 1700-ամյակի արարողություններին մասնակցելու համար Հայաստան էր եկել), բայց հաջորդ օրը նա ՀՀ նախագահի հետ մասնակցեց Սարալանջի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը… Ի դեպ, կարծում ենք՝ ՀՀ 2-րդ նախագահն այս քայլով ցույց տվեց հայ եւ միջազգային հանրությանը, որ ինքն ու ՀՀ 3-րդ նախագահը դեռ միասին են: Ռոբերտ Քոչարյանը նաեւ “հանգստացրեց” ներկայիս ընդդիմությանը, թե չի պատրաստվում մեծ քաղաքականություն վերադառնալ, բայց եթե որոշի՝ կասի… 

Երկրորդը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հոգու խոսքն է՝ տրված ճեպազրույցի ժամանակ. “…Երեւի գիտեք՝ ես նաեւ Արարատյան թեմի ատենապետն եմ եւ Սուրբ Սարգսի հետ կապված եմ բոլոր առումներով”: 

Վստահ ենք սբ. Սարգիսը կլսի այս խոսքերը եւս… 

Հայկ Թորգոմյան

  “Լուսանցք” Թիվ  74, 3 – 9 հոկտեմբեր, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: