Պատմաբանները Վասակ Սյունու դատաստանի առաջ1

Վասակ Սյունու‘երկու արդարացի գնահատումների մասին, Դենշապուհի՝ Հայաստանում արած բարենորոգումները, Միհրներսեհի նամակը Հայոց աշխարհին, եկեղեցու պատասխանը այդ նամակին

Վասակի ու Վարդանի վարք ու բարքի մասին պատմող երկու հնագույն, նրանց ժամանակակից աղբյուրների՝ Եղիշեի ու Ղազար Փարպեցու կրոնա-եկեղեցական շահախնդրության տեսանկյունից գրված “Պատմություն”-ների ազդեցության տակ հայ՝ թե անցյալի եւ թե ժամանակակից պատմագրության, գրականության ու արվեստի մեջ ձեւավորվել է մի իշխող, թյուր կարծիք, ըստ որի Վասակը հայրենադավ, ուրացող է, իսկ Վարդանը՝ հայրենապաշտ, հայրենյաց ուխտը պահող: Այդ կարծիքը փոխանցվել է նաեւ հայի ոչ մտավորական տեսակին:

Սակայն հիշատակված նույն աղբյուրների, ինչպես նաեւ 451-ի հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված փաստերի՝ եկեղեցա-կուսակցական շահերից ձերբազատ եւ հայկականության տեսանկյունից արված վերլուծությունն ու իմաստավորումը բերում է տրամագծորեն այլ եզրակացության. Վասակ Սյունին՝ Հայաստանի բնիկ Սիսակյան նախարարական տան սերունդը, իր ժամանակի մեզ հայտնի գործիչների մեջ ամենահայրենապաշտ հայերից է եղել: Ինչ վերաբերում է Վարդան Մամիկոնյանին, ապա նա, եթե նույնիսկ ցանկանար էլ, չէր կարող Հայաստանը սիրող կամ պաշտող լինել, քանի որ նա ծագումով հայ չէր, Հայաստանը բուն նրա հայրենիքը չէր (նրա՝ Մամգուն կոչվող նախնիները, ինչպես հայտնի է, Ճենաց աշխարհից էին Հայաստանում հայտնվել)։ Նա իր համար օտար երկրում, իր պես շատ-շատ օտարազգիների նման, հատվածային շահեր էր միայն հետապնդում: Իսկ ինչ վերաբերում է 451-ին նրա հրահրած Ավարայրի ճակատամարտի (ոչ միայն դրա) գնահատումին, ապա, պետք է ասել, դա երկրի համար իսկը պատուհաս եղավ, այն մեծ ողբերգական ընթացք ու հետեւանքներ ունեցավ։

Ասվածները, ինչ խոսք, պետք է հիմնավորել:

Մինչ պատմագիտական հիմնավորումին անցնելը՝ արժե հիշատակել Վասակի մասին ամենավաղ արտահայտված գնահատումը՝ Կորյունինը: Նա “Վարք Մաշտոցի”-ում գրում է. Վասակը “քաջ…, խելացի ու հանճարեղ եւ կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ” էր։ Իսկ գալով արդեն 19-րդ դար, հիշենք նաեւ Րաֆֆու ասածները “Կայծեր”-ում՝ իր սիրելի հերոսի՝ Ասլանի շուրթերով ասված. “Վասակը իր ժամանակին նույնպես ամենանշանավոր մարդն էր։ Եթե բոլոր հայ նախարարների գլուխները թափ տալու լինեիր, նրա կեսի չափ խելք չէր դուրս գա… Նրա պատմությունը գրողները նրա հակառակ կուսակցությանն էին պատկանում։ Իսկ եթե նրա խորհուրդներին հետեւելու լինեին, նա մեծ օգուտներ կարող էր հասցնել իր հայրենիքին՝ Վասակին պետք է հասկանալ, իսկ նրան հասկանալու համար պետք է լավ ուսումնասիրել հայոց պատմությունը”։ Ասլանի զրուցակիցը՝ պատանի Ֆահրատը, լսելով այս ամենը ու ի վերուստ իրենում դոգմատիկական եկեղեցական կրթության ավեր-դրոշմն ունենալով, նրան պատասխանում է, թե միեւնույն է. “Սատանան երբեք հրեշտակ չի դառնա”։ Ասլանը, այս անգամ արդեն թաքնատեսական ճշմարտության ոլորտն անցնելով, ստիպված է լինում մեկ անգամ էլ բացել Ֆահրատի՝ “տեր-թոդիկյան դպրոցում” փակված աչքերը, ասելով՝ “Սատանան հենց առաջուց հրեշտակ էր, բայց հանգամանքները նրան սատանա շինեցին”2:

Անցնենք, սակայն, պատմագիտական հիմնավորումին:

Պարսկաստանում Հազկերտ Բ-ն գահին նստելով միջազգային նպաստավոր պայմաններից ելնելով (իր գլխավոր ախոյան Բյուզանդիան թուլացել էր)՝ որոշեց իր բոլոր լծակները օգտագործելով Հայաստանը մեկընդմիշտ կտրել Բյուզանդիայից եւ այն դարձնել իրեն բացարձակ հպատակ երկիր։ Բայց արքան տեսնում էր, որ դրան գլխավոր խոչընդոտող ուժը Հայաստանյայց եկեղեցին է, որը առիթը բաց չէր թողնում իր բյուզանդական կողմնորոշումը արտահայտելու, Հայաստանը դեպի այդ կայսրություն քարշ տալու, ավելին՝ նույնիսկ բուն պարսկական տարածքներում ու բանակի մեջ բյուզանդական կրոնը՝ քրիստոնեությունը քարոզելու համար: Սասանից արքան տեսնում էր, որ Հայաստանյայց եկեղեցին իր տնտեսական ահռելի հարստություններով, իր բավականաչափ դինամիկ ամբոխահաճո քաղաքական ու գաղափարական կառուցվածքով հզոր ուժ էր իր պետության, այդ թվում՝ դրա մաս կազմող Հայաստանի մեջ, որ այն յուրահատուկ պետություն էր պետության մեջ, յուրահատուկ դինամիտ՝ պարսից թագավորության ու Հայաստանյաց իշխանության մեջ։ Արքայի խորհրդականները նրան հասկացրել էին, որ Հայաստանյայց եկեղեցու հզորությունը ոչ այնքան նրա դավանանքի ու սուրբ գրքերի մեջ է, որքան նրա տնտեսական ահռելի կարողությունների, բուն՝ հայոց իշխանություններում նրա քաղաքական մեծ ազդեցության, ինչպես նաեւ՝ նրա ու նրա սպասավորների՝ պարսից դռան ու Հայաստանյաց իշխանությունների կողմից անվերահսկելի մնալու։

Ահա եւ Հազկերտը որոշում է եկեղեցու հենց այդ ուժին էլ նախ եւ առաջ դիպչել։ Նա Հայաստան է ուղարկում իր Դենշապուհ անունով ծառայողին, ով իր հետ է բերում “արքունի հրամանը” (տես՝ Եղիշե):

Պատմիչը պատմում է, որ Դենշապուհը “ամբողջ հայոց երկիրը աշխարհագիր արեց՝ իբր թե հարկերը ներելու եւ այրուձիու ծանրությունը թեթեւացնելու նպատակով”: Անշուշտ, դա ոչ թե “իբր թե” է եղել, այլ փաստացի:

Բայց քանի որ եկեղեցական պատմիչին բոլորովին չի հետաքրքրում տնտեսապես, ռազմականապես քայքայված, ազգագրական (նաեւ ժողովրդական) առումով դիմազուրկ դարձած այդ ժամանակների Հայաստանի ճակատագիրը, եւ որոնք բարելավելուն, անշուշտ, կնպաստեին նշված քայլերը, նա թվարկում է պարսից ծառայողի՝ անմիջապես եկեղեցուն դիպչող ձեռնարկումները: Թվարկենք դրանցից նրանք, որոնց հետեւանքներից բորբոքված՝ եկեղեցին հետագայում երկրին ոչ քիչ վնասներ էր բերելու.

“Առաջին, եկեղեցու ազատությունը հարկի տակ դրեց3 ։

Երկրորդ, վանքերում բնակված միայնակյաց քրիստոնյաներին նույն աշխարհագրի տակ գցեց4 ։”
Պատմիչը Դենշապուհի ձեռնարկումներից “հինգերորդն” է համարում “ամենից վատթարը” եւ անտանելին. “որովհետեւ նա, որ երկրի հազարապետն էր (խոսքը եկեղեցու “մարդ”, նախնի ծագումով ոչ հայ Վահան Ամատունու մասին է-հեղ.),- ասում է նա,- համարվում էր քրիստոնյա աշխարհականների վերակացու հայրը, սրա դեմ գրգռելով ամբաստանություն հարուցեց, եւ նրան գործից հանելով՝ նրա փոխարեն մի պարսիկ բերեց [մեր] աշխարհը, եւ մի մոգպետի էլ աշխարհիկ դատավոր [կարգեց], որպեսզի եկեղեցու փառքը նսեմացնեն”։ Ինչումն է բանը, ինչու է Եղիշեն Դենշապուհի այդ քայլից այդպես վրդովվում։

Հազկերտին նախորդող պարսից արքան Սահակ Պարթեւի խնդրանքով հայոց հազարապետ՝ երկրի հարկահավաքության եւ պետական շինարարության գործակալության գլխավոր էր նշանակել Վահան Ամատունուն, ով, դրանով իսկ, փաստորեն, եկեղեցու “մարդն” էր դարձել եւ նրա միջոցով եկեղեցին այդ գործակալությունը իր ձեռքն էր վերցրել։

Բացի այդ, մինչ Դենշապուհի բարենորոգումները, կաթողիկոսական աթոռին իբրեւ տեղապահ նստած էր եկեղեցու՝ բյուզանդամետ գրիգորյան թեւի ներկայացուցիչ Հովսեփ Հողոցմեցին, որը եւ վարում էր “մեծի դատաւորութեան” գործակալությունը։ Հետեւաբար, պարսից պաշտոնյայի “հինգերորդ” քայլով, փաստորեն, ի չիք էին դառնում եկեղեցու հզորության այդ երկու կարեւորագույն՝ հազարապետական եւ դատաիրավական լծակները։

Եկեղեցու դիրքերը թուլացնող մեկ այլ քայլով որոշ վերակառուցումներ տեղի ունեցան հայ իշխանական բուրգում. դրա ամրապնդման նպատակով եկեղեցամետ (նույնն է, թե բյուզանդասեր) նախարարական տների դիրքերը թուլացվեցին, իսկ ազգային կողմնորոշում ունեցողներինը՝ (սրանք հիմնականում պարսկամետ էին) ամրապնդվեցին:

Պարսից դռան այս ձեռնարկումի մասնավոր, եւ ամենակարեւոր, հետեւանքներից մեկի համաձայն՝ “Երկրում մնում էր մարզպանը՝ Վասակ Սյունին, որը հավատարիմ էր պարսից արքունիքին” (տես Հայ ժողովրդի պատմություն, ակադ. հրատ., հ. II)։ Փաստորեն, Պարսից դուռը տեսնելով Սյունյաց տան (արիական ծագմամբ)՝ բնիկ հայազուն տներից մեկի՝ պետական շինարարությանը միշտ հետամուտ լինելու, դեպի Պարսկաստանը՝ Հայաստանի բնական դաշնակիցը կողմնորոշումը, եկեղեցական մոլություններին չտրվելու ավանդական վարք ու բարքը, նրա ներկայացուցչին նշանակում է երկրի առաջին դեմք։

Եվ դա ոչ միայն Պարսից դռան համար էր օգտավետ, այլեւ Հայաստանի (Վասակ Սյունին բնիկ հայազուն, երկրի նախնի երեւելի տներից մեկից լինելով, ինչ խոսք, կնպաստեր երկրի հայ-ազգային հիմունքներն ու դեմք-դիմագիծը վերականգնելուն): Դեռ կտեսնենք, որ Սյունեցուն մարզպան նշանակելը Հայաստանի համար բախտորոշ նշանակություն կունենար, եթե եկեղեցու, Մամիկոնյան տան ու դրանց գործակիցների անձնապաշտական մղումները տեղի տային…

Պարսից դուռը չբավարարվելով Հայաստանում իսկապես բարենորոգումներ առաջ բերող այս ձեռնարկումներով մեկ այլ՝ այս անգամ զուտ դավանաբանական բնույթի ձեռնարկում էլ է անում, որը, ինչպես կտեսնենք դեռ, Հայաստանի համար ոչ այնքան էր շահեկան (թե ինչ իմաստով՝ ստորեւ կտեսնենք)։

Հետեւում է պարսից հազարապետ Միհրներսեհի նամակ-հրովարտակը քրիստոնյա հայերի հավատափոխության՝ զրադաշտական դառնալու մասին, որն ուղարկվում է “հայոց բոլոր մեծամեծներին” (Եղիշե)։ Ստույգ ասած՝ նամակում ըստ ամենայնի շարադրված է հավատափոխության վերաբերյալ բերած հիմնավորումներն ու դրդապատճառները, քրիստոնեական ու զրադաշտական դավանանքների տարբերությունները, եւ, ավելին, հայկական կողմին կոչ է արվում ելնել, գալ, հարցը ըստ ամենայնի երես առ երես քննել եւ դրան լուծում տալ (այս նամակը հայ պատմագրության մեջ, ցավոք, ինչպես որ հարկն է, չի վերլուծվել…)։

Հարուստ բովանդակությամբ, բուն հայի համար ինչպես ընդունելի, այնպես էլ անընդունելի կետեր պարունակող այդ նամակի5 վերջում հազարապետը ասում է. “Արդ, երկու բան կա ձեր առաջ, կա՛մ կետ առ կետ պատասխան տվեք այս նամակին եւ կա՛մ վեր կացեք Դուռն եկեք եւ ներկայացեք Մեծ ատյանին” (Եղիշե)։ Ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ երկընտրանքի առաջին մասում, ազնվորեն ասվում է նամակին “կետ առ կետ” պատասխանելու մասին,- մի բան, որից, ինչպես կտեսնենք, պատասխանող կողմը խուսափում է։

Ընդ որում, պետք է ասել, պարսից պաշտոնյայի այս նամակը պայմանավորված էր իր թագավորի վաղօրոք ունեցած այն մտահոգությամբ, ըստ որի նա՝ Հազկերտը, “բոլոր ուսմունքները հանդիսավոր քննություն էր կատարում, կշռադատում էր մոգությունն ու քավդեությունը (այսինքն՝ նույնիսկ զրադաշտական մոգությունը նա նախասկզբնապես բացարձակ պաշտելի կրոն չէր համարում,-Ս.Մ.) եւ իր աշխարհի բոլոր ուսմունքները։ …Մեջ էր բերում նաեւ քրիստոնեությունը, եւ ասում էր զայրացած. “Հարցրե՛ք, քննեցե՛ք, տեսե՛ք, որը լավն է՝ թող այն ընտրենք ու պահենք””։

Ահա այսպիսի հակասական երկրի համար թե՛ նպաստավոր, եւ թե՛ աննպաստ պայմաններում (վերջինս այն առումով, որ հավատափոխության պահանջը ուղղված էր ո՛չ միայն Հայաստանյայց եկեղեցու դավանաբանության՝ հայի համար օտար այդ կրոնի, այլեւ վերը բերված բուն հայոց հավատքի, այն հավատքի, որով հայը փաստացի ապրում էր, դեմ) հայտնվեց Վասակ Սյունին՝ իր մարզպանությունը հենց սկզբից։

Սերգեյ Մանուկյան

1 Գլխագիրը Ն.Ադոնցի հոդվածներից մեկի (“Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ”) վերնագրի հակադարձումն է։
2 Ավել ստույգ, ասենք, դարձրին։
3 Մինչ այդ եկեղեցին հարկից ազատված էր (եւ դա‘ եկեղեցու հիմնադրումից ի վեր), որն էր եւ նրա օրավուր աճող տնտեսական հզորության, որը գերազանցում էր նույնիսկ նախարարություններինին, պատճառներից մեկը։
4 Փաստորեն‘ մինչ այդ սրանցից պետությունը լրիվ անտեղյակ էր, նրանք պետության հանդեպ ոչ մի պարտավորություն չունեին, թեեւ օգտվում էին պետության բարիքներից…
5 Ցավոք տեղը չէ նամակը ըստ ամենայնի վերլուծելու համար։ Դա թողնենք մեկ այլ առիթի։

Եղիշեն եւ Փարպեցին վկայում են, որ Միհրներսեհի նամակը ստանալով, դրան ծանոթանալուց հետո Հայաստանյաց եկեղեցու առաջնորդները հավաքվում են Արտաշատ քաղաքում եւ գրում դրա պատասխանը, ըստ Եղիշեի՝ “հավանությամբ” “մեծամեծ նախարարների եւ աշխարհի ամբողջ բազմության”։ Նամակի պատասխանի փարպեցիական ներկայացումից դուրս է գալիս, որ, ի զարմանս առողջ բանականություն ունեցողի, պատասխանող կողմը՝ մեծամտանալով՝ հարկ չի համարում ոչ’միայն ծանոթանալ նամակի այն հատվածին, որը վերաբերում է զրադաշտական օրենքներին, այլեւ պատշաճ չի համարում նամակագրին ծանոթացնել նույնիսկ իր օրենքներին։ Այլ կերպ ասած, պարսից կողմի առաջարկը՝ “կետ առ կետ” պատասխանել նամակին, այսինքն՝ հարցի լուծումը նախ սկսել դավանաբանական ազնիվ բանավեճով, մնում է անպատասխան. պատասխանող կողմը “չորով” է կտրում եւ իր՝ “միակ ճշմարիտ Աստծուն” ծառայությունն է համարում իր միակ հավատքը։ Հայաստանյայց եկեղեցու այս՝ դավանաբանական վեճից խուսափումը չի՞ ասում այն մասին, որ նա հենց սկզբից ընդունում է իր պարտությունը, կռիվ չի տալիս, այն դեպքում, երբ որոշ ժամանակ անց իր դավանած կրոնը պաշտպանել տալու համար բյուր-բյուր հայերի է դրդելու, սադրելու արյունալից կռիվ (ոչ միայն պարսիկների, այլեւ միմյանց դեմ) տալուն – հանգամանք, որն ասում է այն մասին, որ եկեղեցուն հավատքը, որպես այդպիսին, չէ որ հետաքրքրում էր, այլ քաղաքականությունը, երկրում Գրիգորիսի ժամանակներից ձեռք բերած տնտեսական լծակներից չազատվելը, ահռելի չափերի հասնող հարստություններից չզրկվելը։

Միհրներսեհի նամակին եկեղեցու տված “չոր” պատասխանը վկայում է այն մասին, որ եկեղեցին եւ դրա շուրջ խմբավորված “հայ” իշխանական թեւը այդ ժամանակ երկրում ամենազորեղ ուժն էր, եւ նա էր եղանակ ստեղծում։ Պարզ է, որ եկեղեցին իր այդ իշխող ուժից ելնելով իր գրած պատասխան նամակը բուն հայ իշխանական թեւին, հայ ազգային շահերով առաջնորդվող իշխաններին ու նախարարներին, այդ թվում նոր-նոր մարզպան դարձած Վասակին ստիպելու էր “հավանության” արժանացնել, եթե, իհարկե, հավանության արժանացրել է…

Եկեղեցու գրած ու, որպես թե, “մեծամեծ նախարարների եւ աշխարհի ամբողջ բազմության” հավանությանը արժանացած պատասխան նամակին անկողմնակալ առաջին իսկ հայացքով ծանոթացումը վկայում է այն մասին, որ դա հայի պատասխան չի եղել, այլ, ստուգապես ասած, հուդայացու, նրա կրոնի՝ հուդայականության հետեւորդի (դա ասում է այն մասին, որ այդ ժամանակ Հայաստանում հուդայական տարրը գերիշխող դիրք էր գրավում…): Հիրավի՝ պատասխան նամակում, ըստ Եղիշեի, “մեր կրոն” ասելով (որին որպես թե հայերը դավանում են ու որի դիրքերից նամակը գրված է) նկատի է առնվում հենց բուն հուդայականությունը, դրա օրենքները՝ Հին կտակարանում ներկայացված. դա է նամակում “մեր կրոն”-ի անվան տակ գերակշռորեն ներկայացվում (չի մոռացվում, իհարկե, նաեւ, շուտասելուկի ձեւով ասած, քրիստոնեության մասին խոսելը, բայց ով չգիտի, որ այդ կրոնը հուդայականության մի ճյուղավորումն է։ Պատմիչը մի պահ անկեղծանալով ու պարզորոշ ներկայացնելով նամակագիրների ով լինելը՝ անգամ գրում է, որ “մենք (այսինքն՝ Արտաշատի ժողովին հավաքվածները,-Ս.Մ.) աշակերտ ենք մեծ Մովսես մարգարեի (հուդայականության “հոր”,-Ս.Մ.), որի հետ աստված Եհովան խոսեց մորենու մեջ՝ Սինայում, եւ դեմառդեմ օրենքներ գրեց եւ տվեց նրան” (ընդգծումն իմն է,-Ս.Մ.)։ Դա դեռ ոչինչ. Փարպեցու ներկայացրած պատասխան նամակից իմանում ենք նաեւ, որ “հայերը”, որպես թե, պատրաստ են “Քրիստոսի սիրո համար” անգամ իրենց ողջ ունեցվածքն ու իրենց մարմինները զոհաբերելու։ “Այս հավատից (քրիստոնեությունից,-Ս.Մ.),-կարդում ենք,- մեզ ոչ ոք չի կարող խախտել, ոչ հրեշտակները եւ ոչ մարդիկ, ոչ սուրը… Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքումն են, եւ մեր մարմինները քո առաջն են, քո կամքի համաձայն արա, ինչ ուզում ես… Քո կողմից տանջանք, իսկ մեր կողմից հանձնառություն, քո սուրը եւ մեր պարանոցները…”: Նկատենք, որ “ողջակիզման” այս պատրաստակամությունը նամակագիրները կապում են ոչ թե Հայաստանի, Հայի, նրա գալիք սերունդների, այլ առ Քրիստոսը՝ “իզրայելցիների փրկության համար” եկածի սիրո հետ։ Թվում է, թե Հայաստանյայց եկեղեցին էլ է իր սպասավորներով “մեծամեծ նախարարների եւ աշխարհի ամբողջ բազմության” հետ մեկտեղ իր պարանոցը դնում պարսից դռան սրի տակ (սա դեռ կարելի էր ինչ-որ տեղ ընդունել)։ Բայց ոչ, պարզվում է՝ բանը այդպես չէ. նա նախարարներին ու աշխարհի ամբողջ բազմությանն էր դեպի զոհասեղան հրում՝ իրեն դրանից հեռու պահելով։ Դա ակնարկվում է նամակի եղիշեական տարբերակում, որտեղ կարդում ենք. “Մենք բոլորս (այսինքն եկեղեցու սպասավորները,-Ս.Մ.) մեր եղբայրներին ու որդիներին ու բոլոր սիրելիներին նվիրել ենք եւ Իսահակի պես կապած դրել սուրբ սեղանի վրա. ընդունի՛ր, Տե՛ր, մեր այս կամավոր նվերը եւ մի՛ թույլ տա, որ այս անօրեն իշխանը քո եկեղեցին ծաղրուծանակի ենթարկի” (ինչպես հայտնի է Հին կտակարանից, Աբրահամը իր Իսահակ որդու զոհաբերությունն իրականում չարեց, նա ընդամենը զոհաբերության նմանակում արեց՝ փաստացի զոհաբերելով… ծառից կապված ամլիկ գառանը: Ասել է թե՝ եկեղեցին իրեն ու իր սպասավորներին, այնուաենայնիվ, զոհաբերության “սուրբ սեղանին” չդրեց, բայց դրա փոխարեն անթիվ հայերի գլուխը վերջի վերջո դրեց պարսից սրի տակ, շատ-շատերին երկրից տարագիր դարձրեց, ոչ քչերին էլ պարսից բանտերում գցել տվեց, այդ թվում նաեւ՝ երկրի գլխավորին՝ Վասակ Սյունուն)։

Պարսից դռան նամակի Հայաստանյայց եկեղեցու պատասխանը՝ որպես երկիրը ներքին ու արտաքին արյունաքամ պատերազմների մղող գործոն

Հայաստանյայց եկեղեցին Միհներսեհի նամակի պատասխան նամակում “քաջաբար” ասում է. “Ձեր օրենքների մասին,- որ գրել եք եւ տվել, որ բերեն մեզ,- մենք չենք ուզում ձեզ լսել: Թե որ այդտեղ՝ արքունիքում լինեինք, ծաղրելով կարհամարհեինք, ո՜ւր մնաց, թե ստիպեք կարդալ ու լսել այն գրածը, որ մեզ պետք չէ բնավ: Հարգելով ու պատվելով ձեր թագավորությունը, չկամեցանք անգամ բանալ կամ տեսնել ձեր գրածները… Որովհետեւ կարդալիս ստիպված կլինենք եւ ծաղրի ենթարկել, ուստի օրենքը, օրենսդիրները եւ այդպիսի խաբեության պաշտողները միասին են անարգվում: Այդ պատճառով էլ, ձեր հրամանի համաձայն, մեր օրենքները գրել եւ ձեզ ուղարկելը պատշաճ ու հարմար չհամարեցինք:

Որովհետեւ եթե ձեր սուտ ու ծաղրի արժանի օրենքները կարդալու արժանի եւ մերձենալի չհամարեցինք, որպեսզի չանարգենք ձեզ՝ ծաղրի ենթարկելով օրենքներդ,- մենք ինչո՞ւ այսպիսի աստվածահաճո ու ճշմարիտ օրենքները գրենք-ուղարկենք ձեզ՝ անգետներիդ՝ հեգնելու եւ անարգելու” (Փարպեցի): Նիցշեի խոսքերով ասած, “մութ անկյունների”, “բոլոր ծակ ու ծուկերի” աստծո հետնորդները, այսպիսով, գերադասում են ընդդիմախոսի առջեւ փակ մնալ, որ… չծաղրվեին: Բայց ո՜ւր էր, թե հարցը լիներ (ու մնար) եկեղեցու արժանապատվության հարց միայն. եկեղեցին իր պատասխանը ողջ երկրի, երկրի բնիկ՝ հայի պատասխան էր ներկայացնում եւ, հետեւաբար, ողջ երկիրն ու նրա բնիկը պետք է վերջ ի վերջո պատասխան տային դրան…

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Արտաշատյան եկեղեցական ժողովը այդպիսի՝ Հայաստան-Պարսկաստան առանց այն էլ սուր հարաբերությունները սրող՝ խելակորույս ու ինքնահավան վճիռ կայացրեց. ո՞ւր էր Հայը՝ վերջ ի վերջո դրա հետեւանքների համար պատասխան տվողը, ո՞ւր էին հայ նախարարներն ու Վասակ Սյունին: Միհներսեհը նամակը ուղղել էր “բոլոր հայ մեծամեծերին”։ Եվ, հետեւաբար, նրանք էլ պետք է պատասխան նամակը գրեին: Բայց անտարակույս է, որ պատասխան նամակի տեքստը գրել են միայն եկեղեցականները, եւ ապա, որպես թե, դրան բոլոր հայ մեծամեծերն ու “ամբողջ բազմությունը” հավանության էին արժանացրել: Պատմիչների ասածներից հետեւում է, որ նամակի բովանդակությունը միահամուռ եւ միահավան վճռի արտահայտություն է եղել եւ բոլոր հայերն էլ, մեծից-փոքր, նամակում պատրաստակամություն են հայտնել, հանուն Հիսուսի եւ նրա կրոնի սիրո, իրենց ամբողջովին հանձնել պարսից թագավորի գութին, իսկ հարկ եղած դեպքում ազգովին անգամ նահատակվել: Այդպե՞ս է եղել արդյոք: Նախ ասենք, որ ոչ բոլոր եկեղեցականների սրտով է եղել պատասխան նամակի բովանդակությունը: Ինչպես տեսանք, այն խիստ ընդգծված հակապարսկական եւ, անուղղակիորեն արտահայտված, բյուզանդամետ կողմնորոշում է արտահայտում (անտարակույս, նամակի բովանդակությունը Բյուզանդիայի քրիստոնեական ու աշխարհիկ իշխանությունների հետ համաձայնեցված է եղել…): Իսկ, ինչպես գիտենք, Հայաստանյայց եկեղեցու մի՝ հայազուն աղբիոնոսյան թեւը երբեք էլ այդպիսի կողմնորոշում չի ունեցել։ Հետեւաբար, այդ թեւը ինչ-որ ուժեղ ճնշման ազդեցության տակ է համաձայնել իր կնիքը դնել նամակի տակ (կամ էլ, պարզապես, նրա կարծիքը հաշվի չի առնվել, որի մասին պատմիչները հարկ չեն համարել ասել…): Իսկ այդ ճնշումը, պարզ է որ, տեղի էր ունենալու եկեղեցու մյուս՝ իշխող՝ գրիգորյան թեւի (սա ո՛չ հայազուններն էին կազմում) կողմից։ Թվում է, թե վերջինս բավականաչափ ուժ չպետք է ունենար ողջ եկեղեցուն (նաեւ երկրին) իր որդեգրած գիծը պարտադրելու համար, քանզի պարսից Դուռը զրկել էր նրան կարեւորագույն երկու ուժային՝ տնտեսական ու դատա-իրավական լծակներից: Այդուհանդերձ, չպետք է անտեսել, որ գրիգոր”լուսավորչական” թեւը, այնուամենայնիվ, մնում էր որպես մի հզոր տնտեսական, քաղաքական ու քարոզչական կառույց, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէր: Բացի այդ, եկեղեցու գրիգորյան թեւին էր պատկանում նաեւ ամենաազդու ուժային լծակը՝ ռազմականը, որն էր եւ գլխավոր հիմք հանդիսանում իր՝ երկրի համար որոգայթային՝ գիծը մյուսներին պարտադրելու համար: Եկեղեցու իշխող թեւի ռազմական գլխավոր հենարանը այդ ժամանակ, ինչպես վկայում են պատմիչները, ճենազն Մամիկոնյան տունն էր, որի տանուտերը՝ Վարդան Մամիկոնյանը հայոց զորքերի սպարապետն էր (նրա տրամադրության տակ էին գտնվում հայոց հիմնական զինուժերը): Թե՛ Փարպեցին, եւ թե՛ Եղիշեն փաստում են, որ Միհներսեհի նամակին պատասխանելու ժամանակ Վարդան Մամիկոնյանը գտնվել է Հայաստանում (այն, որ նա խուշաների դեմ պարսիկների մղած պատերազմը թողել-եկել է, վկայում է այն մասին, որ եկեղեցին է նրան հասե-հաս արել…) եւ նա, անտարակույս, Արտաշատյան ժողովում էական դերակատարում է ունեցել…

Դժվար չէ կռահել, որ եկեղեցու պատասխան նամակի բովանդակությանը կողմ են եղել նաեւ Հայաստանի խառնածին նախարարական տները (օրինակ՝ Արշակունիները, Ամատունիները, Պահլավունիները…) ու այն բուն հայ նախարարական տները, որոնք դժգոհ էին մնացել պարսից դռնից։ Բայց պարզ է, որ սրանց դիրքորոշման մեջ էական դերակատարում է կատարել ոչ թե դավանաբանական շահախնդրությունը (ինչպես ներկայացնում են պատմիչները), այլ տնտեսականն ու քաղաքականը։

Իսկ ինչպիսի՞ն է եղել Վասակ Սյունու մյուս հայ նախարարական տների եւ, ընդհանրապես Հայի, դիրքորոշումը։ Թե ըստ Եղիշեի, եւ թե ըստ Փարպեցու դուրս է գալիս, որ նրանք էլ են “միաբան ու միահավան” եղել “եկեղեցու սուրբ ուխտի” ներկայացրած պատասխան նամակին: Բայց այդպե՞ս է եղել արդյոք, ըստ էության, նրանք ամբողջովի՞ն են, արդյոք, համաձայն եղել պատասխան նամակի բովանդակությանը, նրա՞նք էլ են միթե պատրաստ եղել հանուն Հիսուսի, նրա կրոնի ու նրա եղեկեցու իրենց ու իրենց երկիրը նահատակության զոհասեղանին դնելու։ Պատասխանը անուղղակիորեն (բայց ըստ էության) տալիս է Եղիշեի ու Փարպեցու գրեթե ժամանակակից պատմիչը՝ Բուզանդը։ Նա գրում է. “Վաղուց ի վեր, երբ նրանք (հայերը-Ս.Մ.) քրիստոնեության անունն ստացան՝ այդ կրոնը հանձն առան հարկից ստիպված (այսինքն՝ արտաքին քաղաքական պարտադրանքից դրդված-Ս.Մ.)՝ իբրեւ մի մարդկային սովորություն (զերծ աստվածայինից-Ս.Մ.), իբրեւ մի մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի… (Կրոնն ընդունեցին) ոչ թե գիտությամբ, հուսով ու հավատով, ինչպես որ հարկն էր… նրանք… իրենց (ժամանակը) մաշում էին պարսավելի կրթություններով (նկատի է առնվում հայ ազգային-հեթանոսական “կրթությունները”-Ս.Մ.), հին հեթանոսական սովորություններով: Նրանք սիրում էին իրենց առասպելների երգերը, վիպասանությունները, նրանցով կրթվում էին, նրանց հավատում էին, նրանց մեջ հարատեւում… Աստվածների հին պաշտամունքները կատարում էին գիշերները (այսինքն՝ ծպտված, քանզի եկեղեցական ինկվիզիցիայի վտանգը կար-Ս.Մ.): Պատմիչի այս ասածը հատկապես վերաբերվում է Եղիշեի ու Փարպեցու ժամանակվա Հային, քանզի նա արդեն դուրս էր եկել իրեն քրիստոնեությունը պարտադրող կայսրության՝ Բյուզանդիայի քաղաքական իշխանության տակից (թեեւ “հոգեւոր” իշխանությունը դեռեւս պահպանվում էր) եւ անցել հակաքրիստոնեական դիրքորոշում ունեցող Պարսկաստանի տիրապետության տակ։ Ասել է, թե Վասակ Սյունին, հայ նախարարների ու իշխանների մեծամասնությունը (հայ բուն ազգայնական թեւը), ինչպես նաեւ հայ աշխարհիկ բնակչությունը բնավ էլ “միաբան ու միահավան” չեն եղել “եկեղեցու սուրբ ուխտի” հետ:

Ասվածը Վասակ Սյունու վերաբերյալ կոնկրետացնելով ավելացնենք հետեւյալը: Ինչ խոսք, պարսից Դռան կողմից նոր-նոր մարզպան նշանակված լինելով եւ, ըստ էության, հայ-պարսկական բարեկամության վերահաստատման կողմնակից լինելով՝ նա իր պաշտոնավարությանն անցնելու հենց սկզբից չէր ցանկանա փչացնել իր (իր ղեկավարած երկրի) եւ պարսից դռան, առանց այդ էլ ոչ այնքան բարիդրացիական, հարաբերությունները: Նա առնվազն կցանկանար դավանաբանական բանավեճի կարգով լուծել դավանաբանական խնդիրը, այսինքն “կետ առ կետ” պատասխանել Միհներսեհի նամակին, ինչպես նա պահանջում էր1 : Բայց փաստ է, որ Արտաշատյան ժողովում Վասակ Սյունին լռել է (հակառակ դեպքում պատմիչները հաստատ ինչ-որ բան կասեին): Իսկ ինչո՞ւ: Պատասխանը դժվար չէ կռահել. նա նոր-նոր էր դեռ մարզպան նշանակվել եւ չէր հասցրել իր դիրքերը երկրում ամրապնդել (դա նա հետո է կարողանում անել): Դրան հակառակ՝ մյուս կողմի՝ եկեղեցու եւ Վարդան Մամիկոնյանի դիրքերը, ինչպես նկատվեց, դեռեւս բավականաչափ ամուր էին: Այնպես որ, այդ իրավիճակում նրա խոսքը անցողունակ չէր լինի, խոհուն կլիներ պարզապես լուռ մնալը: Բացի այդ, ժողովում նրա պասիվությունը մեկ այլ դրդապատճառով էլ է բացատրվում: Պարսից դռան՝ երկրի հանդեպ անցանկալի քայլեր ձեռնարկելու դեպքում եկեղեցուն՝ հայ ազգային կյանքը սպանողին քավության նոխազ դարձնել (դեռ կտեսնենք, որ եկեղեցին այդ առումով առաջ ընկավ…): Այնպես որ, ժողովում Վասակ Սյունու լռությունը սպասողական ու դիվանագաիտական լռություն էր:
Չպետք է սակայն կարծել, որ մարզպանը կողմ էր Հայաստանի զրադաշտականացմանը: Նա պարզ գիտակցում էր, որ մազդեական կրոնը ընդունելը կնշանակեր պարսկական վարք ու բարքին անցնել, ասել է թե՝ հնուց, հայից ծագումից ի վեր նրանում հաստատված բարք ու բարքի, հոգետիպի, ավանդույթների, սովորույթների, կենցաղի ոտնահարում: Օրինակ, հնուց ի վեր հայի մեջ հաստատված էր մենամուսնության, ամուսնության՝ “յոթ պորտի” օրենքի կամ բնական տարերքների, այդ թվում՝ կրակի, մեջ ընդամենը աստվածայինի մասունք տեսնելու, կամ էլ՝ մի արարչականության (ոչ երկաստվածայնության) բնական խորհուրդները: Եվ ընդունել զրադաշտականությունը՝ կնշանակեր զանց առնել այդ խորհուրդները, որը ավանդապահ Սյունեցին, անտարակույս, իրեն թույլ չէր տա (Վասակ Սյունու համար ընդունել զրադաշտականությունը, պատկերավոր ասած, կնշանակեր, մրից ելնել, մրջուրն ընկնել): Այս առումով, հաստատ կարելի է ասել, նրա սրտով է եղել եկեղեցու պատասխան նամակի այն կետը, որում իրավացիորեն ասվում է. “Ներեցե՛ք մեզ, քանզի, ինչպես անհնար է, որ մարդկային բնությունը կարողանա մի այլ տեսակի փոխել երկնքի կարգավորությունը, այնպես էլ անհնար է, որ մենք՝ ի բնե (այսինքն՝ ծագումով պայմանավորված, ո՛չ կրոնով պարտադրված-Ս.Մ.) սովորած ու հաստատված այս օրենքում, լսենք այդպիսի հրամանը եւ համաձայնենք: Եվ այդ առթիվ լոկ խոսք անգամ լսել չենք կարող, քանզի եւ չենք կամենում” (Փարպեցի): Ինչ խոսք, Հայաստան աշխարհի բնիկ հայ սյունեցին “ի բնե սովորած ու հաստատված” օրենքի տակ բոլորովին այլ բան էր հասկանում, եկեղեցին ու Մամիկոնյաները՝ այլ. բայց եւ այնպես նաեւ վերջիններիս սրտամոտ այդ ձեւակերպումը հնարավորություն կտար հետագայում միասնաբար պարսիկներին տարհամոզել նրանց կոշտ պահանջների հարցում: Հետեւաբար, Վասակ Սյունու լռությունը մեկ այլ իմաստ էլ ուներ. նա դեմ էր Հայաստանի զրադաշտականացմանը, նա հույս ուներ հետագայում ուժ հավաքելով երկիրը դուրս բերել թե քրիստոնեության մահվան մահճից, եւ թե այն հեռու պահել ոչ պակաս վտանգավոր զրադաշտական կրոնից: Բայց եկեղեցին ու՜ր էր, որ նա իրագործեր իր այդ նպատակը:

1 Հետո կտեսնենք, որ Վասակ Սյունին, հետագայում իր դիրքերը ամրապնդելով, պարսից կողմի հետ այդպես էլ վարվում է (անգամ Միհներսեհի վերաբերյալ է հաջողվում հավատքային որոշ առանցքային հարցերում իր պատկերացումները թելադրել):

Եկեղեցու նամակից Հազկերտի կատաղելը եւ հայ տանուտերերին (ինչպես նաեւ ավագ սեպուհներին) պարսից Դուռ կանչելը, հայերի տիզբոնյան դրաման, հայերի (նաեւ՝ պատվիրակության քրիստոնյա անդամների) ձեւական ուրացումը, Հայաստանյայց եկեղեցու‘եղեռնաբեր որոշումը

Եկեղեցին հասավ իր ուզածին՝ իր նամակով է՛լ ավելի չարացնելով պարսից Դռանը Հայաստանի դեմ: Հազկերտը եկեղեցու նամակից հույժ կատաղելով՝ հրովարտակ է ուղարկում Հայաստան, որով հայոց բոլոր տանուտերերն ու ավագ սեպուհները կանչվում են1 արքունիք՝ իրենց հանդգնության համար պատասխան տալու: Հայերը հասկանում են, որ “չգնալը կհամարվի ապստամբություն” եւ որոշում են գնալ (Փարպեցի): Հազկերտը, պարզ է, ուրախությամբ չի ընդունում հայ պատվիրակությանը: Նա վերստին պահանջ է առաջադրում (այս անգամ անքննելի) ընդունել մազդեականությունը, հակառակ դեպքում՝ բյուր աղետներ է խոստանում հայ մեծամեծերին, նրանց ընտանիքներին ու աշխարհներին: Հետեւենք Վասակ Սյունու եւ Վարդան Մամիկոնյանի՝ պատվիրակության երկու գլխավորների՝ դրանից հետո դրսեւորումներին՝ նրանց ով լինելը իմանալու համար:

Փարպեցու ասածներից կարելի է կռահել, որ Վասակ Սյունին ամեն ինչ անում է ոչ իր մեղքով ծագած գորդյան հանգույցին ինչ-որ լուծում տալու համար: Նա խորհրդակցելով հայ պատվիրակության մյուս անդամների հետ (ի բացառություն Վարդան Մամիկոնյանի, ով հենց սկզբից դեմ է դուրս գալիս մեծամասնության կարծիքին), Հազկերտի պահանջին ի պատասխան, սկզբում հետեւյալ (նաեւ խելամիտ) մոտեցումն է ցուցաբերում. “Թող արքան մեզ ների, որպեսզի իրար հետ խորհենք մի քանի օր եւ հետո ձեզ հաստատ պատասխան տանք միաբանությամբ, քանի որ այդ պատասխանը մեզանից պահանջում է այնպիսի ընտրություն կատարել, որի առաջ կա հոգիների փրկության կամ հավիտենական կորուստ: Եվ կարիք չկա ստիպմամբ, կամ անքնին մտքով ձեզ տալ այդքան մեծ խնդրի պատասխանը, քանզի պահանջում եք մեր նախնի, սովորական ավանդության խախտումը եւ բռնությամբ ստիպում հանձն առնել օրենքներ, որոնք մենք, կամ մեր հայրերը ոչ ընդունել ենք, ոչ էլ սիրել” (Փարպեցի): Նկատենք, որ ասվածում, ի տարբերություն Միհներսեհի նամակի պատասխանի, խոսք է գնում՝ ոչ “անքնին մտքով” “խնդրի պատասխանը” տալու մասին: Այսինքն՝ պարսից արքունիքում հայ մեծամեծերը Վասակ Սյունու գլխավորությամբ (ով դրության տերն էր արդեն դարձել) ձգտում են պարսից արքայի ամենայն խստորեն առաջադրված պահանջին արդեն ըստ ամենայնի լուրջ պատասխան տալ, եւ ոչ անլուրջ, չկշռադատված, ինչպես Արտաշատյան ժողովում, որտեղ Վարդան Մամիկոնյանն ու եկեղեցին էին գլխավոր դերակատարը: Բացի այդ, շատ բան ասող է նաեւ այն, որ ասվածում խոսք է գնում ոչ թե քրիստոնեա-եկեղեցական (նույնն է թե՝ մովսեսական) օրենքների քակտման (ինչպես եկեղեցական նամակում), այլ՝ հայ “նախնի, հայրենի սովորական ավանդությունից” բաժանվելու եւ այնպիսի “օրենքներ հանձն առնումի մասին2, որ ոչ ընդունել ենք, ոչ էլ սիրել”: Դա աներկբայորեն ցույց է տալիս այն, որ ակամա պարսից դռանը հայտնված Վասակ Սյունուն ու բուն հայ իշխանական վերնախավին մտահոգում էր հենց ազգային խնդիրը, հնամենի հայրենականը եւ ոչ կրոնաեկեղեցականը՝ չարաբաստիկ մի օր պարտադրվածը:
Խորհելու համար “մի քանի օր” խնդրած հայերի ցանկությունը պարսից արքայի կողմից հավանության է արժանանում, եւ ատյանը արձակվում է:

Ի տարբերություն հայաստանյան պատվիրակության մյուս անդամների՝ Վարդան Մամիկոնյանը ատյանում, հարցին “անքնին մտքով” մոտենալով, արքայի պահանջը միանշանակ մերժում է, ասելով՝ “…Այն օրենքները, որ սովորել եմ իմ մանկությունից, անհնար է թողնել՝ նրանց դավելով մարդկային երկյուղից… Դրանք են իմ պատասխանները, որոնցով կուզենամ մեռնել, քան ապրել ուրացությամբ…” (Փարպեցի):

Զուգադրաբար ասենք, որ սկզբունքային տարբերություն կա, ինչ խոսք, Վարդանի այս՝ “մանկությունից”, այսինքն՝ հոգեւոր դաստիարակի՝ Սահակ Պարթեւի (ով նաեւ նրա պապն էր), ուսուցանած այդ օրենքների ու Վասակ Սյունու (մյուս հայ իշխանազունների) կողմից դավանած “նախնի, հայրենի սովորական ավանդության”՝ գենով ու մոր կաթով ստացածի միջեւ, որը նրանց ոչ թե ուսուցանել էին, այլ ի վերուստ ունեցել էին, նախնիներից որպես ժառանգական պարգեւ ստացել էին, ու որը նրանց համար դարձել էր “սովորական”, անքնին հարազատ ուենցվածք:

Այսպիսով, պարսից ատյանում արդեն նկատվում է Արտաշատյան ժողովի “միաբան ու միահավան” մասնակիցների կարծիքների տարամիտումը. բուն հայ իշխանական ընտրախավը, Վասակի գլխավոորւթյամբ, փորձում է Հազկերտի առաջադրած “կամ-կամ”-ին քննախույզ մոտեցում ցուցաբերել, այդ երկընտրանքին՝ ազգային, հայրենի շահերից բխող լուծում տալ. իսկ օտարածին Վարդանը փորձում էր (նրա թիկունքին, իհարկե, կանգնած էին Պարսկաստան գնացած, բայց ատյանին մասնակցելու “հրավերք” չստացած եկեղեցականները) հարցը կրոնա-եկեղեցական հարթության վրա միայն տեղափոխել, այն “քննելիս”՝ բացի կրոնա-եկեղեցական շահախնդրությունից (որը իր անձնականի հետ լիովին համընկնում էր…)՝ այլերը լիովին բացառել:

Խորհելու համար հայերի վերցրած օրերը ծանր, անելանելի վիճակից դուրս գալու փնտրտուքի օրեր են լինում: Իրար են խառնվում հայ պատվիրակության հետ Տիզբոն գնացած եկեղեցականները: Նրանք փորձում են իրենց հնամենի սովորույթով՝ կաշառքով հարցին լուծում տալ: Եղիշեի վկայությամբ, սակայն, արքունիքի ինչ-որ պաշտոնյաների տված “ահագին գանձերը” արդյունք չեն տալիս՝ Հազկերտը իր ասածների մեջ մնում է անդրդվելի:

Իսկ ի՞նչ էր մտածում ու ի՞նչ էր անում այդ ճակատագրական օրերին հայոց մարզպանը:
Կարծելի է՝ նա ակտիվ ջանքեր է գործադրել արքայի ավագանու՝ իրեն մոտ անդամների օգնությամբ փոխել տալու կամ գեթ մեղմելու արքայի վճիռը: Բայց պարսից Դռան գլուխը մնում է անդրդվելի: Ավելին քան մեկ այլը՝ Վասակ Սյունին գիտակցում էր, որ թագավորի հրամանին չենթարկվելը կնշանակեր Հայոց աշխարհի կորուստը: Միաժամանակ, նա հասկանում էր, որ Հազկերտի հրամանին անվերապահ ենթարկվելն էլ կնշանակեր հրաժարում հայ հոգուց, հայի ծագումից եկող հավատքից, ավանդույթներից ու սովորույթներից (ստույգ ասած՝ նրան հուզողը հենց դա էր, եւ ոչ թե այն, թե հայը քրիստոնեական զգեստի տակ կմնա, թե զրադաշտականի տակ կանցնի): Ահա թե ինչու նա որոշում է առերես ենթարկվել պարսից արքայի հրամանին՝ հետագայում դրան, պարսից արքունիքի վրա աստիճանաբար ազդելու ճանապարհով, ազգային (ոչ եկեղեցական) վարք ու բարքին համապատասխան ընթացք տալ, կամ պարսից Դռան համառության դեպքում, պարզապես ապստամբություն բարձրացնել՝ իհարկե ուժեր հավաքելով: Ինչպես դժվար չէ կռահել Փարպեցու ու Եղիշեի պատմածներից՝ մարզպանի այդ դիրքորոշումը կիսում են նաեւ մյուս հայ նախարարներն ու սեպուհները: Անշուշտ, դա էր պահանջում խոհեմ, հեռանկարային քաղաքականությունը:
Անդրդվելի է մնում, սակայն, Վարդան Մամիկոնյանը՝ Հայաստանի սպարապետը, առանց որի մեծամասնության դիրքորոշումը որոշումի ուժ չէր ունենա, Հազկերտն էլ չէր ընդունի դա: Բացի այդ՝ հայաստանյան պատվիրակությունը կերկպառակտվեր, որը գալիքի համար հույժ վտանգավոր էր: Ահա թե ինչու մեծամասնականները որոշում են սպարապետին համոզել իրենց միանալու համար: Որոշ ժամանակ համոզելու փորձերը անցնում են ապարդյուն: Վարդան Մամիկոնյանը հասկանում էր, որ մարզպանի համոզմամբ ու թելադրանքով է հայ մեծամասնականությունը որոշումը կայացրել, — մի բան, որը թե իր եւ թե իր թիկունքին կանգնած եկեղեցու հաշիվների մեջ չէր մտնում: Ահա թե ինչու Վարդան Մամիկոնյանը մեծամասնության որոշումին միանում է այն բանից հետո միայն, երբ նրանք իր սուրբ գրքի՝ Ավետարանի վրա երդվում են՝ ասելով. “Եթե դու միառժամանակ կարողանաս պատճառաբանություններով հանձն առնել թագավորի ասածները եւ մեզ ազատես որոգայթակիր թշնամու հարձակումներից, քո ամենայն ասածները կլսենք եւ կկատարենք (այսինքն՝ հետագա անելիքների գլխավոր նախաձեռնողի դերը վերստին իրեն՝ սպարապետին կհատկացվի-Ս.Մ.)՝ մեր անձերը դնելով սրբության ուխտի վրա եւ մեր արյունը հեղելով ամբողջ աշխարհի փրկության համար (Փարպեցի)”: Վարդանը առնելով այդ երդումը եւ համոզվելով, որ երեք աշխարհների (Աղվանքի եւ Վրաստանի մեծամեծերն էլ էին արքունիք կանչվել) մեծամեծերը հետագայում իր թելադրանքով են առաջնորդվելու (հետո կտեսնենք, որ բանը այդպես չի լինում. մարզպանը մեծամասնությանը կրկին իր կողմն է թեքում…)՝ որոշում է միանալ նրանց եւ առերես ուրանալ կրոնը՝ ընդունելով մազդեականությունը: Նկատենք, որ Վասակ Սյունուն՝ Վարդանին տրված այդ երդումը այնքան էլ չի անհանգստացնում. նրան նախ եւ առաջ հետաքրքրում էր միաբանությունն ու միակամությունը:
Հետեւաբար, պետք է վերանայել Վարդանի՝ իբր որպես ոչ ուրացողի՝ հայ պատմագրության ու պատմության փիլիսոփայության մեջ արմատավորված թյուր պատկերացումը…

Հայերի “ուրացումից” հետո պարսից կողմը ցնծության մեջ է ընկնում: Բայց դրանից բնավ ուրախ չէին հայերը: Նրանք գլխիկոր հայրենիք վերադարձան: “Ուրացողների” հետ Հազկերտը դնում է նաեւ մոգերի մի մեծ բազմություն, որը պետք է գլուխ բերեր արքայի հրամանը: Փարպեցին վկայում է, որ հետդարձի ճանապարհին հայ, վրաց եւ Աղվանքի պատվիրակությունները “բաժանվելով նաեւ միմյանցից՝ յուրաքանչյուրն իր աշխարհը գնաց՝ խոստանալով ժամանակին իրար հայտնել… այն գործերի մասին, որ ծրագրեցին կատարել”: Խոսքը միասնաբար ապստամբություն բարձրացնելու ծրագրի մասին է: Ինչպես հետագան ցույց տվեց՝ ապստամբելու անհրաժեշտությունը նախ եւ առաջ գիտակցում էր ոչ այլ ոք, քան պարսից Դռան նշանակած մարզպանը՝ Վասակ Սյունին, ով որպես պատանդ Տիզբոնում էր թողել իր որդիներին…

Եղիշեն հիշատակում է, որ հայ իշխանների հետ Հայաստան վերադարձող “քահանաները սրտերի բարկությունից այլեւս չկարողանալով համբերել, անջատվեցին, հեռացան նախարարներից եւ մեկին շտապով սուրհանդակ ուղարկեցին ձիով Հայոց աշխարհ: Սա գույժը բերանն առած եւ օձիքը պատառելով հասավ եպիսկոպոսների ժողովին, սաստիկ արտասվելով կանգնել, պատմում էր չարչարանքների բոլոր անցուդարձը”: Ընդ որում, պատմիչը առանց դույզն անգամ մեղադրելու սուրհանդակին, որ նա դեպքերի ոչ լրիվ պատկերն է ներկայացնում Հայաստանում, եւ նույնիսկ ամենագլխավորի՝ կեղծ ուրացության մասին չի հայտնում, – ավելացնում է, որ նա “նրանց չէր հայտնում (ուրացողների-Ս.Մ) ծածուկ մտադրության”, այսինքն կեղծ ուրանալու եւ, ըստ այդմ, հետագայում գործելու ներքին պայմանավորվածության մասին: Ինչ նպատակ էր հետապնդում Հայաստան վերադարձող քահանաների՝ այսպիսի սուրհանդակ ուղարկելը: Նրանք ցանկանում էին հայ նախարարներից առաջ ընկնելով ու, փաստորեն, իսկությունը նենգափոխելով՝ երկիրը, նրա բնակչությունը “ի յուրյանս” մշակել՝ ստեղծել իրենց համար ձեռնտու հասարակական կարծիք, եւ դա հայի ազգային զգացմունքները ըստ ամենայնի գրգռելու եւ շահարկելու ճանապարհով: Ըստ այդմ, քահանաների նպատակների մեջ էր մտնում նաեւ Պարսկաստան գնացած հայ իշխանների եւ երկրի բնակչության միջեւ սեպ խրելը: Եկեղեցին ստեղծված իրավիճակում, տեսնելով իրեն սպառնացող վտանգը, մինչ իշխանական պատվիրակությունը երկիր ոտք կդներ, շուտափույթ համագումար-ժողով է հրավիրում: Եվ ժողովը Հայաստանի եւ նրա բնակչի դեմ մի ահարկու վճիռ է կայացնում. “Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա … այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել աստծո պատվիրանի ուխտից, հայրը չխնայի որդուն եւ որդին չակնածի հոր պատվից: Կինը կռվի իր ամուսնու դեմ եւ ծառան դիմադրի իր տիրոջը…”, – գրում է Հայաստանում մեծ արյան հեղում տեսնելու ակնկալիքն ունեցող պատմիչը՝ Եղիշեն: Թեեւ Վասակ Սյունին հետագայում ամեն ինչ արեց, որ դա տեղի չունենա, եկեղեցին իր մտածածը անթերի, այնուամենայնիվ, ձեռնարկեց:

1 Ուշադրություն դարձնենք՝ Հայաստանի բուն տերերն են կանչվում եւ ոչ եկեղեցականները, որոնց ձեռքով գրվել էր նամակը:…
2 Ինչ խոսք, նկատի է առնվում ոչ միայն 301թ.-ից հետոյի, այլեւ դրանից առաջվա “հայրերը”:

 Եկեղեցու կողմից երկրի պառակտումը՝ “սեւ” ու “սպիտակի” բաժանումը, պարսից դեմ չնախապատրաստված ապստամբության նախանշանները, Վասակ Սյունու կողմից այդ ապստամբության ղեկը իր ձեռքը վերցնելը, Վարդան Մամիկոնյանի՝ Հայաստանից փախուստը (ապստամբությունից խուսափումը), նրան համոզել-ետ բերելը

Փաստորեն՝ եկեղեցին իր ժողովի որոշմամբ եւ, ըստ այդմ, իր գործողություններով երկիրը գլորում էր դեպի ինքնակործան ներքին պատերազմի անդունդը, որը կանխել հայրենասեր ուժերը, Վասակ Սյունու գլխավորությամբ, չկարողացան անել, ինչպես դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց։

Այնպես որ, հայրենիք վերադարձող “ուրացող” հայաստանյան պատվիրակությանը հարազատների ու հայրենակիցների սրերն էին դիմավորելու. էլ ինչպե՞ս նրանք նրանց համոզեին, որ իրենց “ուրացությունը” թվացողական է, որ իրենք այդ քայլին գնացել են ստիպողաբար եւ ժամանակ շահելու համար, որ՝ հայրենիք վերադառնալուց ետքը որոշել են գործել հայրենական շահերից ելնելով, որը չի բացառում նաեւ ապստամբությունը: “Երբ այս (խոսքը համաձայն եկեղեցական ժողովի որոշման՝ երկիրը “ուրացողների” դեմ հանելու մասին է — Ս.Մ.) այսպես հաստատվեց ու կարգավորվեց՝ բոլորն էլ զինված դուրս եկան՝ սաղավարտները գլխներին, ո՛չ միայն քաջ տղամարդիկ, այլեւ արիասիրտ կանայք”, — կարդում ենք Եղիշեի մոտ: Այսպիսի “ընդունելությունից” հայ նախարարներն ու սեպուհներն, ինչ խոսք, չէին կարող չզարհուրել եւ գազազած (ավելի ստույգ՝ գազազեցված) հավաքված ամբոխի առաջ չարդարանալ, թե՝ “մենք ձեր հետ ենք” (ավելացրած կլինեն, իհարկե, նաեւ, որ՝ “բայց մենք ձեզանից ավելի հեռուն ենք պարզապես տեսնում…):

Այս երկպառակության հաստատումին էլ եկեղեցին հենց ձգտում էր՝ նպատակ հետապնդելով գործող իշխանություններին իշխանազրկել, նրան իր կամքը թելադրել, դրա հետեւանքում՝ երկրում քաոս ստեղծել ու կրոնական մոլեռանդությունը խորացնել: Ի հետեւանք դրա՝ երկիրն ու նրա տերերը, փաստորեն, շոկի մեջ ընկան՝ ընդունակ չլինելով իրավիճակից ելնելով ճիշտ (ու իր ժամանակին) քայլեր անել: Որքան էլ որ Վասակ Սյունին ու նրա համախոհ հայ նախարարներ (ովքեր, կտեսնենք դեռ, մեծամասնությունն էին կազմում) կաշխատեին դեպքերի ընթացքի ղեկը իրենց ձեռքը վերցնել ու երկիրը կշռադատված ուղիով առաջ տանել, միեւնույն է՝ եկեղեցին իր ուզածն էր անում: Նա ներքին “թշնամու” դեմ պայքարը զուգակցում էր արտաքին՝ պարսից (նրանց կրոնի) դեմ պայքարը: Ամբոխը, օգտվելով տիրող քաոսից, երկրին պատած “խռովահույզ տագնապից”՝ “դագանակները ձեռքներն առած՝ մոգերի ու մոգպետների գլուխներն են ջարդում, ավերում են մազդեական ատրուշաններ, դրանց կրակները՝ թափում ջուրը (Եղիշե), որոնք, ըստ մազդեականության, համարվում էին մեծ սրբապղծություններ: Այս՝ երկիրը, փաստորեն, չնախապատրաստված ապստամբության տանող նախանշան գործողությունների դրդիչն ու կազմակերպիչը եկեղեցին էր։ Ըստ էության՝ նրա ակտիվ ջանքերով հօդս ցնդեց հայ իշխանական վերնախավի նախնական միասնական մտադրությունը՝ ստեղծված դրամատիկ իրավիճակում գործել ըստ ամենայնի կազմակերպված, կշռադատված ու խելամիտ: Պարզվեց՝ եկեղեցին ամեն ինչի գնաց իր շահերը պաշտպանելու, սասանված դիրքերը երկրում վերահաստատելու համար: Իզո՞ւր է պարսից մոգպետը, շատ զարմացած Հայաստանում տեսած կրոնական մոլեռանդության փաստից, ասում. “Եթե այս աշխարհի զորքն էլ մոգեր լինեին, նրանք1 ամենեւին չէին խնայի եւ սրանց էլ կսատկացնեին, ո՛չ միայն դրսից եկածներին, այլեւ իրենց եղբայրներին, որդիներին եւ բոլոր մերձավորներին, ինչպես նաեւ հենց իրենց: Մարդիկ, որոնք, որ բոլոր չարիքներից ամենից վատթարն է, մահը գերադասում են կյանքից,- ո՞վ է, որ կարող է նրանց դիմադնել” (Եղիշե):

Եկեղեցու հրահրած տարերային հայաստանակործան ապստամբական պատերազմի (հետո կտեսնենք, որ նա այս պատերազմը աստիճանաբար վերածեց ներքին պատերազմի) կրակը նրա իսկ ձեռքով գնալով բորբոքվում էր…

Տեսնենք, թե այս իրավիճակում՝ գրգռված հային ու ամբողջ երկիրը իրենց աչքի առաջ ունենալով՝ ինչ քաղաքականություն, գործելակերպ որդեգրեցին “հայոց” պատմագրության կողմից ուրացող եւ հայրենասեր դուրս բերած, համապատասխանաբար, Վասակ Սյունին ու Վարդան Մամիկոնյանը:
Վարդանը վերադառնալով Պարսկաստանից՝ իր մոտ է կանչում իր ազգատոհմին, պալատի ամբողջ բազմությանն ու նրանց բացատրում է, թե ինքը չի ուրացել, “այլ մի փոքր ժամանակ մինչեւ այս ժամը, ձեր բոլորի փրկության համար (ահա՜ թե ինչ. հայրենիքի համարի մասին այստեղ խոսք կա՞-Ս.Մ.) ինքս կորա պատճառոք, որպեսզի ինձ ձեզ հետ միասին փրկելով՝ ապաշխարեմ ու ապրեմ2 … Արդ, երբ պատճառանոք մի կարճ ժամանակ ձեզ համար թողել եմ, այժմ դրա փոխարեն կամենում եմ իսկապես թողնել այս կյանքի ամեն ինչը3 մինչեւ վերջ։ Եվ ձեզանից, ով որ կարող է լինել կամակից, արհամարելով աշխարհիս ամենայն սուտ վայելչությունները, հանձն եմ առնում՝ ձեզ հետ միասին, Քրիստոսի անվան համար ընտրել օտարության գնալը” (Փարպեցի): Ի դեպ՝ Վարդանն իր այդ վճիռը կայացնում է, պարզ է, բոլորովին էլ չխորհրդակցելով մարզպանի, նախարարների, նույնիսկ իր սիրելի եկեղեցու հետ. նրան միայն իր ու իր ազգատոհմի փրկության խնդիրն էր հետաքրքրում: Նա, ուրեմն, “Քրիստոսի անվան համար” (այդ անվան տակ, իհարկե, քողարկելով իր ու իր տոհմի շահը) իր ընտանիքով ընտրում է իր տոհմի համար մեկ այլ օտար երկիր՝ “հունաց կողմեր” գաղթելը։

Վարդանի փախուստը տարբեր առումներով Հայաստանի գլխին չարիքներ կարող էր բերել. նախ՝ հայոց (չշփոթել եկեղեցականի հետ) միաբանությունը կտրոհվեր. նա իր հետ միաբանությունից դուրս կբերեր իր կողմնակիցներին. հայոց բանակը կզրկվեր իր գլխավորից, որը բանակի տրոհման պատճառ կդառնար. պարսից կողմի համար դա ապստամբության նախանշան կդիտվեր. հնարավոր ապստամբության ծրագրի իրականացումը կխաթարվեր. հայոց կողմի ներքին մտադրությունները կմատներ…

Ահա թե ինչու, Հայոց մարզպանն ու նախարարները հասկանում են, որ Վարդանի այդ եսապաշտական քայլի հետեւանքով իրենք “կորան իսպառ, եւ ոչ մի հնար չունեն այս չարից ազատվելու” (Փարպեցի)։
Ուստի եւ որոշում են՝ նամակ գրել “հայրենասեր” սպարապետին եւ նրան հետ կանչել։ Նամակում, ըստ Փարպեցու, կարդում ենք. “Ահա դու՝ եղբայրներովդ ու քեզ հետ միաբանած ընտանիքովդ, որոնք համերաշխելով քեզ հետ, հոգացել են, որ քեզ հետ ապրեցնեն իրենց, ձեր անձերն եք պրծացնում: Իսկ մենք ամենեքյան մատնվում ենք հավիտենական կորստի… Ինչպես որ հոգալով խնամք եք տանում ձեր նկատմամբ, այնպես էլ մի՛ թողնեք, որ կորչեն այսքան մարդիկ: Եվ քանզի այստեղ են բազում մարդիկ՝ ձեր ազգից, ձեր արյունից…”:

Թվում է, թե այդ ընկերական սրտառուչ նամակից Վարդանը “դարձի” կգար:

Բայց դրա փոխարեն նրանում հայի հանդեպ (հիշենք, որ նա ծագումով հայ չէր, ճենաց աշխարհից էր) քինախնդրությունն ու վրեժխնդրությունն է գլուխ բարձրացնում եւ, հիշելով իր եւ իր նախնիների՝ Հայոց աշխարհում ապրած “ոդիսականը”, պատասխան նամակում գրում է. “Ես, իմ եղբայրները եւ իմ ընտանիքը որոշել ենք ընտրել աշխարհում եղած ամեն ինչից ամենավսեմը՝ հոգիների փրկությունը (անտարակույս՝ պետք է հասկանալ “ճենական” հոգիների իմաստով,-Ս.Մ.) եւ սովորած ենք հաստատ ու անփոփոխելի այն խոսքը, որն ասում է. “Ի՞նչ օգուտ այն մարդուն, որն ամբողջ աշխարհը պիտի նվաճի եւ իր անձը (ասվածը կրկին կոնկրետացնենք-Ս.Մ.) կորցնի… Հետո էլ, թող որեւէ մեկը չկարծի, թե մենք փախել ենք սրի երկյուղից, որից մեր տոհմի մեջ ոչ ոք ոչ մի ժամանակ չի վախեցել: Իսկ թե ինչպես ընկերոջ շահի համար առավել քան սեփական շահի մասին է հոգացել՝ իր անձնականը դրած այս տոհմը, այդ էլ դուք բոլոր հայերդ4 ճշգրտությամբ գիտեք ( ՞-Ս.Մ.)… Բայց ձեր այն նենգավոր խաբեությունից, որ դուք (այսինքն՝ Հայաստանի բնիկ տերերը՝ հայերը-Ս.Մ.) գործել եք միշտ մեր նախնիների նկատմամբ, — այդ բոլորը հիշելով էլ՝ գնացինք մեր անձերը պրծացնելու: Դուք շարունակ մեզ մղել եք նեղության, եւ ձեր անձերից հեռու մնալով՝ միայն մեր տոհմին են վիճակվել մեծ վշտերն ու մահերը…” (Փարպեցի):

Նամակից երեւում է, որ Վարդան Մամիկոնյանին ու նրա տոհմին, Հայաստանում մնալու պարագայում եւ դեպքերի ինչ-ինչ ընթացքի դեպքում, ինչ-որ վտանգ էր սպառնում:

Ինչո՞ւմն էր բանը. այդ ինչ անհանգստություն էր պատել երկրի զինուժերի գլխավորին:

Պարսկաստանից հետդարձի ճանապարհին նա զգացել էր, որ մարզպանի եւ հայ նախարարների մեջ ընդհանուր հայաստանաշահ մտայնություն էր ձեւավորվում՝ օգտվելով պարսկական հովանավորչությունից, ու պարզապես հրամանից, մեղմել եկեղեցու տնտեսական, քաղաքական ու հոգեւոր իշխանությունը երկրում, ասել է թե թուլացնել Մամիկոնյան տոհմի նեցուկի դիրքերը, որի հարստությունների փայատերն էր նաեւ այդ տոհմը:

Պարզ է, որ այս մտայնության իրականացումը ձեռնտու չէր կարող լինել Վարդանին: Բացի այդ՝ նա անհանգստանում էր, որ միգուցե հայ նախարարական տներից որոշները, հիշելով իրենց հանդեպ Մամիկոնյան տոհմի գործած հին ու նոր մեղքերը՝ օգտվելով նոր իրավիճակից՝ վրեժխնդիր կլինեն… Այդ անհանգստությունները պարզորոշ արտահայտում է Վարդանի եղբայրը՝ Հմայակը, ով փախուստից առաջ հրավիրված տոհմական ժողովում եղբորն ասում է. “Շտապի՛ր կատարել մտածածդ (փախուստի մտադրությունը-Ս.Մ.) եւ մի՛ հապաղիր, քանզի ոչ ոք չի կարող երաշխավոր լինել իր կյանքի համար, եւ ո՛չ մի ժամ” (Փարպեցի):

Ինչ խոսք, Մամիկոնյան տոհմը այն տոհմը չէր, որ Հայաստանում իր դիրքերի (սպարապետական դիրքերի) թուլացման հետ համակերպվեր. նա հեռանալով Հայաստանից, օրերից մի օր բյուզանդական ուժերով ուժովցած հաստատ կվերադառնար՝ վերհաստատելու համար իր երբեմնի գերիշխանությունը: Սա էր Վարդանի հեռագնա նպատակը: Ճիշտ է, նա էլ հետագայում, Վասակ Սյունու դրդմամբ, միացավ ապստամբությանը, բայց նրա այդ քայլը ավելի շատ ուղղված էր երկրի օրինական մարզպանի (նրա հետեւից գնացող հայ շատ նախարարների ու բազում հայ աշխարհականների), քան՝ պարսից դեմ…

Եթե Վարդանին զուտ անձնական խնդիրներն էին հուզում, ապա Վասակ Սյունուն ազգային համաբովանդակ շահն էր առաջնորդում, նրան հայ-պարսկական անլուծելի թվացող կնճիռը ազգովին (ու երկրում բոլոր ապրողներով) լուծելու խնդիրն էր հուզում: Այս առումով շատ բան ասող է նրա անձնական նամակը՝ Հայաստանից փախած Վարդանին,- նամակ, որում նա ստիպված է լինում, հանուն գերխնդրի, շա՜տ գաղտնիքներ բացել խռովարարի առջեւ, բացի մեկից, սրբազան գաղտնիքից՝ օգտվելով տարածաշրջանային հակասություններից Հայոց կորսված թագավորությունը հնարավոր վերականգնումի հեռագնա նպատակից:

Նամակում Վասակ Սյունին գրում է. “Ինչո՞ւ ես փախել, կամ ի՞նչն է այն սարսափելին, որից ինքդ այդպես վախենում ես եւ մեզ ոչ մի բան չասացիր։ Արդ, մի՛ փախիր եւ ոչ ոքից մի՛ վախեցիր։ Քանզի եթե Պարսից արքայից ու նրա ուժից ես սարսափել, մի՛ երկնչիր։ Վերադարձիր, մենք նամակ կգրենք կայսրին, մեզ կտանք նրա ծառայությանը (թագավորության կարգավիճակով-Ս.Մ.), եւ նա կհավատա, որ մեր կամքով այսպիսի մեծ աշխարհ ենք դնում իր տիրապետության ներքո, ուրախությամբ ու բարի կամքով հանձն կառնի եւ զորք կտա մեզ: Նրանք ու մենք միաբանված միշտ կնեղենք պարսիկներին: Իսկ թե կայսրն ուրիշ կերպ մտածի եւ իր օգուտը չճանաչի, ապա ես, որ մինչ Վրաց մարզպանն էի ու Աղվանից դուռն իմ ձեռքին էր, Հոնաց բազում զորապետներ ինձ հետ բարեկամացել էին ուխտով ու երդմամբ: Նրանք այսօր էլ նույն երդմամբ երթեւեկում են ինձ մոտ: Ամբողջ Հայաստան աշխարհի հարկն էլ ինձ մոտ է: Իմ ձեռքում են բոլոր գործակալները, այլեւ անհամար կահ-կարասի, որ խլել եմ այստեղ՝ Հայաստանում եղած պարսիկ գործակալներից: Իմ գանձարանում է գտնվում այդ բոլորը, որի մի մասը թե ուղարկեմ Հոնաց երկիր, այնտեղից այնքան հոներ կհանեմ, որ ավարի համար Պարսից հողն էլ չի բավականանա”5 (Փարպեցի):

Ինչ է դուրս գալիս: Աներկբայելի է, որ Վասակը նույնպես դեմ է եղել երկրի մազդեականացմանը եւ նա Վարդանին կոչ է անում, հետեւելով նախնական պայմանավորվածությանը, միասին հաղթահարել այդ ծանր փորձությունը, փաստորեն՝ ապստամբություն բարձրացնել:

Բայց Հայոց մարզպանը մտածում էր ապստամբության գործը ըստ ամենայնի նախապատրաստել՝ երկրի տարբեր ուժերը ի մի բերել, ապահովել աղվանների ու վրացիների օժանդակությունը, ստանալ հույների եւ հոների զինօգնությունը եւ ապա նոր միայն ապստամբել: Պարզ է, որ այդ դեպքում նոր ապստամբությունը իմաստ կունենար:

Վարդանը ստանալով Վասակ Սյունու եւ հայ նախարարների գրած նամակները, վախը հաղթահարում է եւ որոշում է վերադառնալ Հայաստան:

Բայց նրան այդ որոշումը կայացնելուն դրդում է ոչ այնքան Վասակ Սյունու անձնական նամակը (որից հետեւում էր, որ վերադառնալու դեպքում ինքը գործելու էր նրա իշխանության ներքո…), որքան նախարարների գրածները6, որոնք հույս էին տալիս նրան՝ վերադարձի դեպքում՝ նրանց քաշել իր կողմը եւ, ըստ այդմ, գործել Վասակից անկախ (հարկ եղած դեպքում՝ նաեւ ընդդեմ նրա), ապստամբության գործը առաջ տանել իրեն, իր կողմնակիցներին ու եկեղեցուն ձեռնտու հունով:
Բացի այդ՝ չմոռանանք նաեւ, որ Վարդանին հետ բերելու համար գնացած պատվիրակության թվում էին նաեւ եկեղեցու պատվիրակները, որոնց՝ Վարդանի հանդեպ եկեղեցու նվիրվածության հավաստիացումներն ու երդումները (իսկ եկեղեցին ուժ էր…) չէին կարող նրան վստահություն չներշնչել:

1 Ճշտենք՝ խոսքն, ինչ խոսք, երկրում ապրող խառնածինների մասին է, որոնց էր հենց հատուկ կրոնական մոլությունը……
2 “Անձդ փրկիր”,- սովորեցրել էր նրան նրա դավանած կրոնը……
3 Իհարկե՝ ո՛չ պապի՝ Սահակ Պարթեւի թողած ահռելի ժառանգություն ինչք-մինչքը……
4 Իմ կողմից ընդգծվածը կրկին ընդգծենք. դա ասում է ո՛չ հայը՝ հայերին……
5 Առաջ ընկնելով ասենք, որ հետագայում պարսից ատյանում Վարդանի կողմնակիցներից մեկը այս նամակը Հազկերտին ցույց տվեց՝ նպատակ հետապնդելով հենց նամակագրին ապստամբության գլխավոր մեղավոր հանել…
6 Հայ նախարարները եւս, Վասակ Սյունու հորդորանքով, Վարդանին առանձին-առանձին նամակներ են գրել:

Վարդան Մամիկոնյանի (նրա կողմնակիցների ու եկեղեցու) ինքնագլուխ ապստամբական քայլերը, Վասակ Սյունու՝ ճարահատյալ՝ ըստ ամենայնի չնախապատրաստվ ած ապստամբության գլուխ անցնելը, ապստամբության մեջ
նրա ու Վարդանանց (ու եկեղեցու) հետապնդած նպատակները, Վասակ Սյունու գլխավորած ազգային-հեթանոսական ու լուսավորչական շարժումը Վերադառնալով Հայաստան՝ Վարդանը սկսում է ապստամբության իր ծրագիրը համախոհների հետ մտմտալ՝ մարզպանի ծրագրից անկախ ու անկապ: Դրա իրավունքը նա չուներ. երկրի գլխավորը Վասակ Սյունին էր, ինքը՝ նրա ենթական: Բայց Վարդանը, Մամիկոնյան տոհմի ավանդույթներին հետամուտ, իրավունք հաշվի առնո՜ղ էր որ… Նրա համար “ապստամբության գործը” առնչվում էր ոչ թե հայ-ազգային (ինչպես նաեւ համերկրային) խնդիրների, այլ անձնական վրեժխնդրության, անձնական ինչ-ինչ շահերի բավարարման հետ եւ, հետեւաբար, նա չէր ցանկանա այդ գործի ղեկավարումը հանձնել մարզպանի ձեռքը, ում ղեկավարած ապստամբությունը, հաստատ, կդիպչեր իր անձնակենտրոն շահերին…

Վարդանին ապստամբության ծրագրի շուտափույթ իրականացման հարցում արագացնում էին եկեղեցին (որը զգում էր, որ Վասակ Սյունին ապստամբությունը
գլխավորելու դեպքում, հաստատ, իրեն դիպչելու էր) եւ որոշ հայ խառնածին նախարարական տներ, օրինակ՝ Ամատունյաց տունը եւ Կամսարական տունը, որոնք իր ենց հաշիվներն ունեին մարզպանի եւ պարսից Դռան հետ: Օրինակ, Ամատունյաց տանուտերի՝ Վահան իշխանի վերաբերյալ Փարպեցին գրում է, որ “նա, մերթ ինքն անձամբ, մերթ էլ ուրիշների միջոցով (Վարդանին-Ս.Մ) ստիպում էր շտապ հայտնել ապստամբության գործի վիճակի մասին…

Սակայն շատ էլ չմտածելով այդ հոգսի շուրջը, նա խոսքով շտապեցնում էր գործը՝ կուտակված այն թշնամության պատճառով, որ ունեին իրար դեմ Սյունյաց Վասակ իշխանն ու Ամատունյաց տեր Վահանը: Սակայն իր խորաթափանց մտքով տեսնում էր, որ Սյունյաց Վասակ իշխանը կամ չհամաձայնելով ապստամբել՝ կմեռնի իր ընկերների անարժան մահով, կամ վտանգից դրդված՝ կհամաձայնի՝ չարաչար վիճակի վտանգելով արքունիքում պատանդված երկու որդիներին1 (ինչպիսի չա-
րություն -Ս.Մ.): Այսինքն՝ Վարդանի համախոհներին եւս դեպի ապստամբություն տանում էր ներքին “թշնամին”՝ Վասակ Սյունին ու նրա պեսները:

Վարդանը, սակայն, ավելի հաշվենկատ էր, քան եկեղեցին ու Վահան Ամատունին. նա չէր շտապում ապստամբությունը արագ սկսել՝ մտածելով իր կողմնակիցների թիվը շատացնել, իր զինուժերը մեծացնել, ապա նոր միայն Վասակին ու նրա կողմնակիցներին հանկարծակի բերելով (երկընտրանքի առաջ կանգնեցնելով)՝ ստիպել նրանց կամ միանալ իրեն (իր առաջնությունը ընդունելով) կամ էլ՝ ոչ. այս երկրորդ դեպքում որոշակի առիթ էր ներկայանում, Վասակին ու նրա կողմնակիցներին “ուրացող” hանելով, հենց նրանց դեմ էլ ուղղել ապստամբության առաջին ալիքը…

Փաստորեն, եթե Վասակը Վարդանին առաջարկում էր միասին, երկրի ամբողջ ուժերով գործել, ապա նա, անջատողականություն դրսեւորելով, մենակ է գործում եւ
նրանից գաղտնի ապստամբական իր ուժերն է ձեւավորում, որոնց բուն թիրախը Վասակը եւ Վասակյաններն էին (այն ժամանակվա ազգայնական ուժերը):
Սակայն Վարդանի ու նրա կողմնակիցների՝ գաղտնիորեն ապստամբություն կազմակերպելու ծրագիրը շուտով Վասակին հայտնի է դառնում: Այդ մասին նրան հայտնում է “ոստանի տնից մի ոմն”, որի համար Վարդանանք նրան “քարկոծելով սատակեցնում են” (Փարպեցի): Դրանից հետո Վարդանն ու իր կողմնակիցները, գիտակցելով, որ “ապստամբության գործը” գաղտնի պահելը իրենց համար վատ կա-
րող է վերջանալ (Վարդանը ընդհատակյա ժողովներից մեկի ժամանակ, ըստ Փարպեցու, ասում է.
“Միչեւ երբ՞ հանդուրժենք, որ ճշմարտությունը թաքցվի ու մենք կորչենք”), ստիպված են լինում մտնել Վասակի մոտ եւ նրան հայտնել իրենց մտադրության մասին՝ այդպես, փաստորեն, ակամա ապստամբության ղեկը հանձնելով նրա ձեռքը (Վարդանը հասկանում էր, որ Վասակի ուժերը իրենին գերազանցում են):

Փարպեցին վկայում է, որ Վասակը լուրն առնելով՝ “ջանում էր հապաղել” (ուժեր հավաքելու խնդիր կար-Ս.Մ) եւ “թեպետ չէր կամենում, սակայն հարկադրաբար
հանձն առավ միաբանել նրանց հետ”, քանզի, մեր կողմից ավելացնենք, նրա ուշքն ու միտքը հենց միաբանությունն էր: Եվ կողմ երը միաբանության ուխտ են կապում2՝ ապստամբության մեջ միասնաբար գործելու համար:

Եվ այսպես, ստացվեց այնպես, որ իր՝ Վասակի կամքից անկախ, ապստամբությունը արագացվում էր եւ ժամանակ չէր մնում դրան ըստ ամենայնի նախապատրաստվել:

Հայաստանում հզոր երկրի՝ Պարսկաստանի դեմ տարերային ապստամբություն էր
սկսվում, որի գլուխ էր անցնում հենց պարսից Դռան նշանակած մարզպանը՝ Վասակ Սյունին:

Եկեղեցին ու Վարդանանք թեւավորվելով միաբանության ուխտից՝ ժողովրդին հրահրում են ավերել պարսից մոգական պաշտամունքի տունը, նրա ատրուշանի կրակը ջուրը թափել, մոգերին գերեվարել, նրանց մի մասին սպանել: Դրանով Հայաստանի եւ Պարսկաստանի հարաբերությունն երը խիստ սրվում են: Երկու կողմ
երն էլ ստիպված են լինում արագ գործել: Միհներսեհ պարսից հազարապետը, տեղեկանալով դեպքերի ընթացքին, գունդ է կազմում, որ Աղվանքի վրայով հարձակվի Հայաստանի վրա: Վասակը “անմիջապես ու շուտափույթնամակներ” է գրում հունաց կայսրին, Անտիոքի սպարապետին, երկրի ծայրամասերի իշխաններին՝ զինական օգնություն հասցնելու:

Դա անելուց հետո մարզպանը, Վարդանի համաձայնությունն առնելով, նրա գլխավորությամբ հայաստանյան զինուժերի մի մասը ուղարկում է Աղվանքի կողմերը՝ այնտեղ Միհներսեհի բանակի դեմն առնելու համար, միաժամանակ նրան հորդորելով հնարավորինս առճակատումից խուսափել՝ քանի դեռ զինօգնության խնդիրը լուծված չէր (բացի այդ՝ “մեծ խելքի տեր” մարզպանը չէր ցանկանում, հակառակ դեպքում, հետդարձի ճանապարհները լրիվ այրել):

Այդ գործողություններին զուգահեռ՝ Վասակը նամակային բանակցություններ է վարում Միհներսեհի հետ, որ մի գուցե նա հետ կանգնի պատերազմելու գաղափարից. քանի դեռ օգնության նամակների պատասխանը չէր եկել՝ նրան ժամանակ էր պետք:
Վասակի՝ ստեղծված այդ հույժ դրամատիկ իրավիճակում նուրբ դիվանագիտական քայլեր անելու մասին են վկայում նաեւ մինչ Միհներսեհին գրած նամակը Հայաստանում գտնվող պարսից մոգպետի հետ վարած բանակցությունները: Վերջինս տեսնելով մոգերի ու նրանց թիկնապահ զորքի գլխին մոլեռանդ ամբոխի բերածը՝
Վասակին մեղադրում է ասելով, թե՝ “Ես ահա անտեղյակ էի, որ այդ եկեղեցու ուխտը անքակտելի է միմյանցից… Դու, որ… գիտեիր այդ մարդկանց համառությունը, որ առանց շատ արյուն թափելու դրանք մեզ թույլ չեն տաձեռք տալու եկեղեցիներին, ինչու՞ այդ ամենը ճշտությամբ չասացիր թագավորին, իրեն: Քանի որ բոլոր նախարարներից մեծը դու էիր, եւ այս ամբողջ երկիրը քեզ էր հանձնված, որպես մարզպանի, ինչու՞ դու ինքդ հոգ չտարար մեծապես: Որովհետեւ ուրիշ ժամանակ իմաստուն էիր, եւ ես այդ գիտեի, բայց այս բանն իմաստությամբ չարիր: Եթե այդպես չէ, ապա հայտնի է, որ դու էլ նրանց համամիտ ես, եւ նրանք քո խորհրդով բերին այս անցքերը իմ ու զորքի գլխին”:

1 Կտեսնենք, որ հայրենապաշտ Վասակ Սյունին, ի զարմանս “անձդ փրկիր”-ով առաջնորդվող Վահան Ամատունու ու նրա պեսների, ընտրեց երկրորդ ուղին:

2 Նկատենք, սակայն, որ այդ ուխտը գաղափարական իմաստուներ եւ ոչ կրոնական. Վասակ Սյունին, հնամենի հայրենական հավատքն ունենալով, չէր կարող այն ուրանալ եւ օտար դավանանք ունեցողների հետ հավատքային ուխտ կապել:

Մոգպետն, ինչ խոսք, իրավացի էր. մարզպանի լուռ համաձայնությամբ էին տեղի ունեցել հակապարսկական դեպքերը: Ինչու՞ էր այդ դեպքում նա զանց առել իր պաշտոնական պարտականությունները: Հայոց մարզպանը ինքնուրույն կրոնական ու հավատքային քաղաքականություն էր ցանկանում վարել, նա փափագում էր 301-ից ի վեր արգելված հայոց հավատքը ազատորեն դավանելուն հասնել եւ, ընդհանրապես, երկրում հավատքի ազատություն հաստատել, ամեն ազգի՝ իր բնույթին համապատասխան հավատալիքներ ունենալուն հասնել: Այդ առումով նրա համար շատ ձեռնտու էին քրիստոնյա-զրադաշտական բախումները. դրանից կարող էր շահել այն հավատքը, որը պետականորեն վերականգնել ցանկանում էր մարզպանը:

Պարսից մոգպետը իր աչքերով տեսավ, որ Հայաստանի “համառ մարդկանց” զրադաշտականություն հնարավոր չէ պարտադրել: Վասակը ցանկանում էր, որ պարսկական կողմը ինքը զգար իր պահանջի սխալականությունը եւ, ըստ այդմ, թույլ տալ Հայաստանի բնակչին ու ապրողին (այլազգիներին) ինքը որոշեր իր՝ ինչ հավատքի լինելը: Դրանում մարզպանը ինքն էլ էր պարսիկ մոգպետին ըստ ամենայնի համոզում: Դրան նա, կարծես, հասնում է: Պարսից մոգպետը ստիպված է լինում հայ մարզպանին ասել. “Արդ, եթե այդ այդպես է, եւ դու չէս կամենում մոգությունն ընդունել, ամենեւին մի՛ քաշվի եւ մի՛ վախենա արքայից: Ես կգրեմ ու ցույց կտամ մովպետաց մովպետին եւ մեծ հազարապետին, որ թագավորին համաձայնեցնեն, որպեսզի թույլ տա վարվելու առաջին հրամանի համեմատ, եւ մարդկանց կամքին թողնվի, որպեսզի փոքր առ փոքր ընտելանան մոգական կրոնին, որպեսզի ովքեր ընդունեն այն, սիրով կատարած լինեն արքունի հրամանը: Որովհետեւ այս աշխարհը մի ծայրերկիր է. գուցե երբ նրանց վնաս հասցնեն, նրանք էլ վեր կենան ցրվեն օտարության” (Եղիշե): Վասակը գոհանալով մոգպետի ասածներից, որոնցից իր համար պարզ է դառնում, որ պարսկական կողմը պատերազմով հարցը չի լուծի եւ, ի վերջո, թույլ կտա, որ հայաստանցիները աստիճանաբար ընտելանան հեթանոսական կրոնին3, նրան պատասխանում է. “Այդ բոլոր խրատներդ, որ ասացիր, ճշմարիտ են. բայց ինչ որ մենք սկզբում չհասկացանք, դու տեսար, այժմ սաստիկ զղջացինք: Իսկ այժմ ինչ-որ ասում եմ արա՛ եւ քեզ լավ կթվա: Մի քիչ համբերություն ունեցիր եւ քո այս խորհուրդը ծածկի շատերից (մարզպանը չէր ցանկանում, որ այդ խորհուրդը չկիսողները, օրինակ՝ Հազկերտն ու եկեղեցին, այդ մասին իմանան-Ս.Մ), բայց հայտնի՛ր այն մարդկանց, որոնց ես կասեմ, մինչեւ որ ես ուժ հավաքեմ, օգնական զորք կանչեմ, գուցե կարողանամ եկեղեցու այդ ուխտը երկփեղկել: Եվ եթե այդ այդպես անեմ, այնուհետեւ գիտեմ, որ արքայական հրամանն էլ կարող եմ կատարել (պարզ է՝ այդ հրամանի կատարումից բոլորովին այլ բան էր դուրս գալու…-Ս. Մ.)” (Եղիշե):

Ասածից երեւում է, որ Վասակի գլխավոր նպատակներից մեկը խաղաղ ճանապարհով եկեղեցու երկփեղկումն էր: Ի՞նչ է նշանակում դա: Եկեղեցու սպասավոր շատ հայեր կային (սրանք հիմնականում երեցների դասն էին կազմում): Մարզպանը ցանկանում էր նրանց իր՝ ազգային թեւի կողմը քաշել (մյուսներին՝ այլազգիներին ու խառնազգիներին թողնելով եկեղեցու “գրկում”)՝ այդպիսով թուլացնելով եկեղեցու դիրքերը եւ դյուրացնելով երկրի ազգայնացման գործը: Խաղաղ ճանապարհով դա իրականացնելու հարցում մի վտանգ կար. Աղվանքի կողմերում գտնվող պարսից բանակը եւ նրան ընդառաջ գնացած Վարդանի բանակը. իր սպարապետին ճանաչելով՝ մարզպանը գիտեր, որ նա հաստատ պարսիկների դեմ կռիվ կտա՝ այդպես դժվարացնելով իր ծրագրերի իրականացումը: Ահա թե ինչու նա մոգպետին հորդորում է թուղթ ուղարկել Դուռը, որ Աղվանքում գտնվող տասը հազար այրուձին գա Հայաստան, որը ձեռքի տակ ունենալով “էլ ոչ ոք չի կարողանա արհամարհել արքունի հրամանը” (Եղիշե)… Այս հարցում մոգպետը, սակայն, չի համաձայնում Վասակի հետ:

Եղիշեն այնուհետեւ պատմում է, որ “մարզպանն ամենեւին չկամեցավ նրան (մոգպետին-Ս.Մ) լսել” եւ ձեռնամուխ եղավ երկրի հեթանոսացման ի՛ր ծրագրի իրականացմանը: Այդ ծրագրի մեջ էր մտնում եկեղեցու կողմից հետապնդվող հայի կենսասիրության բորբոքումը, նույն կառույցի՝ 301-ից ի վեր հալածվող ազգային երգ ու պարի, երաժշտության, առակ-առասպելների, բանասացությունների, ասք-էպոսների, ավանդույթների ու սովորույթների վերազարթոնքը: Եղիշե պատմիչը այնուհետեւ գրում է, որ Վասակ Սյունին “այնքան հիմարացրեց ու շվարեցրեց մոգպետի միտքը, որ նույնիսկ չթողեց, որ նա գործի հետեւանքները հասկանա, սկսեց մոգեր բաժանել նախարարների տները (նրանց իր կողմից ուսուցանելով…Ս.Մ.) եւ մեծ-մեծ ռոճիկներ նշանակել, կենդանիներ զոհել (եկեղեցին սա արգելելու էր-Ս.Մ) եւ… ստիպել կնքված մարդկանց, որ զոհած միս ուտեն եւ արեգակին երկրպագություն տան (սա հայ հինավուրց հավատքի՝ Վահագն Աստծո պաշտանմունքի մասնավոր արտահայտություններից է, որը շատ հեռու է զրադաշտական կրակապաշտությունից-Ս.Մ.):

Երկրում մարզպանի հովանավորությամբ ու ակտիվ ջանքերով հայ ազգային վարք ու բարքը, հավատալիքներն էին աստիճանաբար աշխուժանում, հայը բացահայտ սկսում էր իր կյանքով արդեն ապրել:

Մարզպանը ոչ քիչ ջանքեր թափեց նաեւ կուսակրոնության, անապատականության, անկյալության եւ զանազան այլ ախտերի վերացման հարցում: Եղիշեն խոստովանում է, որ երբ այս ամենը “սկսեց շատանալ ամբողջ երկրում, այն ժամանակ մինչեւ իսկ փշտիպանների (թիկնապահների-Ս.Մ.) կանայք հանդգնեցին կիրակի օրերը եկեղեցու ճրագները հանգցնել եւ հավատավոր կանանց շորերը պատառոտել”: “Հարկից դրդված… քրիստոնյա անունն առած” (Բուզանդ) հայը իր բուն կերպին էր գալիս…

Եկեղեցին, պարզ է, այս ամենը դիտողի դերում չէր:

Խարխլվում էին նրա դիրքերը, եւ նա պետք է փորձեր ամրապնդել դրանք: Դրա համար նա դարձյալ դիմեց իր ավանդական՝ խորամանկ քայլին՝ “բաժանի՛ր, որ տիրես”: “Իսկ երբ այս ամենը տեսան եպիսկոպոսները, էլ ավելի ուժեղ կերպով ամրապնդվեցին իրենց միաբանության մեջ եւ հնարագետ իմաստությամբ բանակը երկու մասի բաժանեցին”, — գրում է Եղիշեն: Խոսքը Վասակ-Վարդան (եւ նրանց կողմնակիցների)՝ վաղօրոք հաստատված միաբանության տրոհման մասին է:
Եկեղեցին երկիրը՝ ինքն իր դեմ հերթական պատերազմին էր տանելու:

3 Վասակ Սյունուն ժամանակ էր պետք: Դա լինելու դեպքում նա, ինչ խոսք, պարսից կրոնը այլ՝ դեպի հայ հավատքի կողմը կթեքեր (ինչպես եւ եղավ):

 Վասակ Սյունու վարած նուրբ ռազմավարական ու դիվանագիտական քաղաքականությունը, Աղվանքի կողմերում պարսիկների դեմ Վարդանի տարած հաղթանակը, դրսից զինօգնություն չստանալը, դրանով պայմանավորված՝ մարզպանի ստիպողական քայլերը, Հազկերտի կողմից իր հրամանի չեղյալ հայտարարելը, եկեղեցու կատաղելը եւ շուտափույթ Վարդանին կանչելը

Արդեն գիտենք, որ Աղվանքի վրայով դեպի Հայաստան եկող պարսից զորքի դեմն առնելու նպատակով Վասակ Սյունին հայոց զինուժերի մի մասը, Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ուղարկել էր Աղվանք: Վասակը հասկանում էր, որ ուժ սիրող պարսից կողմին դարձյալ պետք է ուժ ցույց տալ, որ նա հեռու մնա Հայաստանի վերաբերյալ իր հոռի մտադրություններից: Վարդանի ու նրա համախոհների զինուժերը հայոց միջնաշխարհից դուրս բերումը մեկ այլ՝ հայոց շահերից բխող նպատակ էլ էր հետապնդում. այդպես, փաստորեն, հակամարզպանական (նույնն է թե՝ հակահայկական) զինուժերը, իրենց գլխավորներով, երկրից հեռացվում էին (այդպես թուլացվում էր նաեւ մարզպանի մյուս գլխավոր հակառակորդի՝ եկեղեցու դիրքերը), որը հնարավորություն կտար մարզպանին գործել անկաշկանդ, երկրի շահերից բխող իրավիճակային վճիռներ կայացնել, հաղթահարել ստեղծված երկիշխանությունը:

Ստեղծված դրամատիկ իրավիճակը, երկրի արմատական շահերը պահանջում էին հզոր Պարսկաստանի դեմ երկակի մոտեցում ցուցաբերել, որը քաղաքական ու դիվանագիտական նուրբ խաղ էր ենթադրում: Դա մարզպանը փայլունս իրականացրեց. նա, մի կողմից, երկրի ուժերի մի մասը կամակոր սպարապետի գլխավորությամբ հանեց պարսիկների դեմ (“ատամ” պետք էր նրան ցույց տալ), մյուս կողմից սկսեց բանակցել պարսկական կողմի, նրա հազարապետի հետ (հետդարձի կամուրջները չայրելու հանգամանքը կար), թե “Ահա քանդեցի հայոց ուխտի միաբանությունը եւ երեք կողմերի վրա զորքը քանդելով բաժանեցի: Առաջին գունդը հեռացրի Հերի ու Զարհանդի կողմերը, երկրորդ գունդը իմ ձեռքի տակ է, որոնց թույլ չեմ տա որեւէ վնաս հասցնելու արքունական զորքին… Իսկ երրորդ գունդը՝ փոքրաթիվ եւ ոչ բազմաթիվ, Վարդանի հետ Աղվանք ուղարկեցի: Համարձակ դուրս արի նրա դեմ եւ ամենեւին մի՛ վախենա նրա դեմ պատերազմի ելնելուց. գիտեմ, որ պարտություն պիտի կրեն քո մեծ զորության առաջ” (Եղիշե):

Թվում է, թե Վասակն իր նպատակներին հասնելու համար ցանկանում էր Վարդանից (նաեւ նրա կողմնակիցներից) ընդհանրապես ազատվել՝ նրան պարսիկներին զոհ մատուցելով: Բայց իսկությունը այդպես չէ: Նախ, եթե մարզպանը ցանկանար Վարդանից ազատվել, ապա նրան՝ Հայաստանը լքելուց ետքը հետ չէր կանչի (սա, ինչ խոսք, ասում է այն մասին, որ Վասակը գնահատում էր Վարդանի ռազմական տաղանդը եւ դա ի բարօրություն երկրի օգտագործելու մտահոգությունն ուներ): Հետո էլ, թեկուզեւ ոչ Վարդանի գիտությամբ, նա բանակցելով պարսիկների հետ եւ նրանց հաղորդելով Վարդանի, որպես թե, սակավաթիվ ուժեր ունենալու մասին, դրանով թուլացնում էր նրանց զգոնությունը, որը եւ կարող էր նպաստել Վարդանի հաղթանակին (սա, ինչ խոսք, բխում էր նաեւ Վարդանի շահերից):

Դեպքերն ընթացան այնպես, ինչպես մարզպանը կանխատեսել էր. Աղվանքի կողմերում պարսկական զորագնդի եւ հայկականի միջեւ բախումը տեղի է ունենում եւ, չնայած պարսկականի գերակշիռ լինելուն, հայկականը հաղթում է՝ այդպես պարսից Դռանը ցույց տալով այնքան անհրաժեշտ “ատամը”:

Իր այս հաղթանակով ոգեշնչված՝ Վարդանը ուղղություն է վերցնում դեպի Ճորա պահակ՝ պարսկական կարեւոր սահմանային ամրություններից մեկը, եւ այն հիմնահատակ ավիրում (կարծելի է՝ Վարդանի այս քայլը նրա եւ Վասակի նախնական պայմանավորվածության մեջ չի եղել):

Ռազմական հաջողություն ունենալուց հետո Վասակ Սյունին, սակայն, ապստամբությունը շարունակելու աննպատակահարմարությանը դրդող լուր է առնում. դրսից՝ “հունաց կողմից” սպասվող ռազմական օգնությունը տեղի չի ունենում. բյուզանդական նոր կայսրը չեղյալ է համարում նախորդ կայսեր՝ Հայաստանին օգնելու խոստումը: Ստեղծված նոր իրավիճակը նոր ռազմավարություն էր պահանջում: Ելնելով դրանից՝ մարզպանը գիտակցեց, որ Պարսկաստանին էլի “ատամ” ցույց տալը հույժ վտանգավոր կարող է լինել երկրի համար: Ուստի նա իր բանագնացի միջոցով Հազկերտին հաղորդում է, որ ինքը “ապստամբ” Վարդանին, նրա կողմնակիցներին, նրան դաշնակից եկեղեցուն “կպատժի”, երկրում վերստին կարգ ու կանոն կհաստատի, դարձյալ “ձեռնամուխ կլինի” մազդեականությունը Հայաստանում տարածելու գործին: Ահա երկրի շահերից բխող ու այդ նպատակին ծառայող նրա հերթական քայլերը: Նա նախ դեսպան է ուղարկում Պարսկաստան ու հաստատում նրա հետ կապած ուխտը, այնուհետեւ, ինչպես վկայում է Փարպեցին, Վարդանի ու նրա հետ եղող իշխանների, նրանց ու եկեղեցու ազդեցության տակ գտնվող ամրոցների բերդակալներին արձակում՝ իր վստահելի մարդկանց է նշանակում՝ նրանց “զգուշացնելով”1 : Ապա Մամիկոնյան, Կամսարական եւ մյուս՝ Վարդանի հետ եղած “տանուտերերի երեխաներին հավաքում, անցկացնում է սյունյաց իշխանության ամուր բերդերը եւ հրամայում նրանց ամրոցներում պահպանել զգուշությամբ”, այսինքն՝ նրանց վնաս չտալ” (Փարպեցի): Դժվար չէ կռահել, որ Հազկերտը մարզպանից պահանջում էր ապստամբների երեխաներին ուղարկել Տիզբոն՝ դիտելով դա որպես նրանց սաստող անհրաժեշտ քայլ:

Վասակը ստիպված է լինում գոհացնել արքայի այդ պահանջը, ինչ խոսք,‘ներքուստ դրան դեմ լինելով (նկատենք, որ Վասակի այդ քայլը բոլորովին էլ չէր նշանակում երեխաներին մահվան դուռը ուղարկել. այն ժամանակներում հայ իշխանների երեխաներին պարսից թագավորի պալատում պահելը մտնում էր հայ-պարսկական ուխտի կանոնների մեջ): Այլ կերպ՝ Հայոց մարզպանը ստիպված է լինում ձեռնարկել քայլեր, որոնց նպատակն էր, մի կողմից, զսպել ռազմական հաջողություններից արբեցած Վարդանին ու նրա մոտի տանուտերերին, մյուս կողմից՝ չափավորել Հազկերտի կատաղությունը:
Ավելորդ չի լինի ասել, որ Վասակի ձեռնարկած քայլերի մեկ այլ պատկեր ենք տեսնում Եղիշեի “Պատմության” մեջ: Ըստ դրա, իբր, մարզպանը “առել, ավերել եւ կրակի է տվել Հայոց աշխարհի շատ տեղերը” (“մանավանդ արքունի ձմեռոցները, որոնք զորքի կայաններն էին”), Վարդանի ու նրա հետ եղողների “ընտանիքները փախցրել-հեռացրել է իրենց բնակությունից”: Նաեւ, որ “ձեռք է տվել սուրբ եկեղեցիներին, տարել է նաեւ եկեղեցու սեղանի սուրբ անոթները2, գերել է քահանաների ընտանիքներին, իսկ նրանց կապել ու բանտ է դրել. եւ ինքը ասպատակ սփռելով ու տարածելով ամեն կողմ՝ ամբողջ երկիրն ավերում է”: Ինչ խոսք, այս պատկերը ոչ բոլորովին է համապատասխանում իրականությանը. քանզի եթե դա այդպես լիներ, ապա Փարպեցին, ոչ պակաս քան Եղիշեն՝ Վարդանի թեւի ջատագովը լինելով, նույնը կնկարագրեր (նա պարզապես ավելի անկեղծ է): Բայց Եղիշեի ասածներում մի բան (որը Փարպեցին զանց է առել), իրոք, ըստ երեւույթին, իսկությունն է արտահայտում. Վասակն, իրոք, “ձեռք է տվել” եկեղեցուն, նրա թանկարժեք “անոթները” վերցրել է (պարզ է՝ պետական նպատակներով օգտագործելու համար), քահանաների (ինչ խոսք, մի քանի) ընտանիքներին գերել է: Այդուհանդերձ, նույնիսկ Եղիշեն չի ասում Վասակի կողմից քահանաների (ինչպես նաեւ Վադանի ու նրա մոտ եղող իշխանների) ընտանիքներին սպանելու մասին (սա նշենք, քանզի ստորեւ կիմանանք Վարդանանց ու եկեղեցու՝ Վասակյանների ընտանիքների նկատմամբ արած եղեռնագործությունների մասին):

Հայոց մարզպանի արած այս բոլոր քայլերը իրավիճակի թելադրանքով պայմանավորված քայլեր էին. դրանք էին պահանջում ընդհանուր երկրի շահերը: Բայց եկեղեցին ու~ր էր, որ երկրի ընդհանուր շահերը գերակա լինեին: Վասակ Սյունու՝ եկեղեցուն “կպնելն” (հատկապես նրա “անոթների” բռնագրավվումն) էլ հենց հանդիսացավ այն, ինչը նրա համբերության բաժակը լցրեց. նա արդեն լրի~վ մոռացավ պարսիկներին, նրանց կրոնափոխության պահանջը եւ իր թիրախում տեսավ միա՜յն Վասակին ու Վասակյաններին: Ահա թե ինչու, ելնելով իր այդ բուն նպատակից, եկեղեցին մարզպանի վերոնշյալ արածների մասին պատմող, դրանք համեմելով զանազան ասեկոսներով, գուժկան է ուղարկում Աղվանքում գտնվող Վարդանի մոտ: Լսելով փրփուրը բերանն առած գուժկանի պատմածը՝ հայազուն Վասակի ու Վասակյանների նկատմամբ առանց այդ էլ գենետիկական ատելություն ունեցող Վարդանը կատաղում է, նրա չարության բաժակը լցվում է եւ նա երկրի արտաքին սահմանների հսկողությունը թողած՝ աճապարանքով վերադառնում է բուն երկիր՝ իր վրեժը Վասակից ու Վասակյաններից առնելու:

Մինչ այդ մարզպանը պարսից Դռնից հույժ ուրախալի լուր էր ստացել . Հազկերտն իր` Հայաստանի մազդիականացման հրամանը չեղյալ էր համարել և երկրի բնակչության ու երկրում ապրողների կամքին էր թողել այս կամ այն հավատքին ու կրոնին դավանելը , -այն, ինչը 301-ից ի վեր հայը ցանկանում էր: Հայոց աշխարհում  հնուց ի վեր գործել էր հավատքի ազատության (հասկանալ բուն իմաստի և ոչ ժամանակակից խեղաթյուրվածի) օրենքը, որը առաջին անգամ խախտել էր Տրդատ 3-րդը (անմիջապես 301-ից առաջ, երբ արգելանք տակ էլ դրել` բացի երկրի բնիկների հավատքից բոլոր այլ հավատքներն ու կրոնները), հետո էլ՝ 301-ից հետո Գրիգորիսը՝ Տրդատի թագավորության զավթիչը, ով քրիստոնեությունը միակ պետական կրոն հռչակելով՝ արգելանքի տակ էր դրել բնիկների հավատքը՝ այդպես վրեժ լուծելով իր դավանած կրոնը՝ քրիստոնեությունը արգելող թագավորից: Ահա եւ Հազկերտը ցանկացավ “համառ հայերին” (նկատենք՝ ո՛չ միայն, այլ նաեւ օտարազն քրիստոնյաներին) դարձյալ հինավուրց այդ օրենքի մեջ տեսնել,-ցանկություն, որը նրանում հարուցվել էր ոչ թե կամովին, այլ ստիպողաբար. հայերի ու երկրում ապրող քրիստոնյաների ցույց տված “ատամը”, իր խորհրդականների՝ Միհներսեհի, մոգպետի… (սրանց Վասակ Սյունին, ինչ խոսք, լա՜վ մշակել էր) առողջ խորհուրդները, իր նշանակած մարզպանի՝ Վասակ Սյունու իմաստուն համոզումներն էին դրդել նրան դրան: Պարսից թագավորի նոր հրամանով բովանդակ հայոց աշխարհի ինքնահաստատման հեռանկարն էր բացվում, ընդհուպ մինչեւ Հայոց թագավորության վերականգնումը: Այդպես էլ կլիներ, եթե չլինեին երկրի օտարազն ու խառնածին ուժերն ու դրանց ստեղծած կառույցները (սրանց մեջ գլխավորը՝ եկեղեցին):

1 Այս ասվածը վկայում է այն մասին, որ Վասակն իր նոր նշանակած բերդակալներին հրամայել էր ամրոցների զինվորներին ու բնակչությանը չնեղել, անհարկի գործողությունների չդիմել, “զգույշ” լինել:

2 Նկատենք, որ մարզպանության տնտեսական կայացումին նպաստ բերող մարզպանի արած այս անհրաժեշտ քայլը հենց հատկապես գրգռեց եկեղեցուն՝ հետագայում երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար: 

Սյունիքում Վարդանի կատարած եղեռնագործությունները, եկեղեցու՝ դրանից ցնծություն ապրելը, Հազկերտի ներումը, մարզպանի կողմից Հայոց հավատքը իր մարզպանական հովանավորության տակ առնելը՝ Հայոց “դարձը”, Վասակ Սյունու ուժավորումը եւ Վարդանի ուժաթափումը

Նախորդ մասից իմացանք, որ Վարդանը իր զորքով թողնելով Աղվանքը՝ վերադարձավ Հայաստան: Սպարապետը չարացած, շատ էր չարացած մարզպանի վրա: Նա նախ շարժվում է Այրարատ գավառի ուղղությամբ, որտեղ գտնվում էին զորքի ձմեռային կայանատեղիները, որոնք մարզպանը վաղօրոք գրավել էր: Վասակի համար դժվար չէր կռահել, որ “իր” սպարապետը դրժելով միաբանության ուխտը, իր, իր կողմից ղեկավարվող հայոց ուժերի վրա է գալիս: Երկրի առջեւ ծառացավ քաղաքիացիական պատերազմի վտանգը, — այն, ինչին դեռ էն գլխից եկեղեցին ձգտում էր, ու որի համար նա հենվում էր Վարդանի ու Վարդանանց ուժի վրա: Հայրենյաց շահը մարզպանից պահանջում էր Վարդանի մարտահրավերը չընդունել եւ խույս տալ վտանգավոր առճակատումից, թեեւ հայոց զինուժերի գերակշիռ մասը իր տրամադրության տակ էր, եւ եթե դուրս գար Վարդանի դեմ, ապա անտարակույս կհաղթեր: Եղիշեն գրում է, որ քանի դեռ Վարդանը Վասակին չէր հանդիպել՝ վերջինս “մի գիշերից օգուտ քաղելով՝ փախավ-ընկավ իր երկրի ամրոցները, եւ այնպիսի տագնապի մեջ հեռացավ, որ Այրարատ գավառից վերցրած գերին ու ավարը, իրենն էլ ակամա վրան ավելացրած, թողեց ու փախավ”: Ինչ խոսք, միշտ մարզպանին վարկաբեկելուն միտված պատմիչը այստեղ էլ է իրեն հավատարիմ մնում: Իրականում՝ Վասակը ոչ թե փախչում է Վարդանից, նրանից, որպես թե վախենալով, այլ խուսափում է արյունահեղ կռվից։ Հետո էլ՝ նա ոչ թե աճապարանքից գերիներին ու ավարը թողնում է Վարդանին, այլ այդ ամենը վերադարձնում է նրան (հիշենք, որ “ապստամբ” Վարդանի դեմ գործողությունները Վասակը արել էր պարսից Դռան ստիպմամբ), այդպես հույս տածելով գոհացնել այդ՝ չարությունից փրփրածին՝ այդպես խուսափելով արյունահեղությունից: Բայց Վարդանի երակներում այն արյունը չէր հոսում, արյունռուշտ Մամգուն տոհմի (որը հայոց աշխարհում հայտնվելուց ի վեր հայոց մի շարք նախարարական տներ էր ջնջել-վերացրել), այդ սերունդը այն բնույթը չուներ, որ մարզպանի, փաստորեն, զիջումներին ընդառաջ գնար. մանավանդ որ՝ եկեղեցու օտարածին թեւը նրան հա բորբոքում էր արյուն հեղելու մեջ: Նա ոչ մի բանի առաջ կանգ չառավ իր քաղաքական ու տնտեսական նպատակները1 հօդս ցնդեցնող մարզպանից վրեժ լուծելու համար:
Աղվանքից վերադառնալով ու Այրարատ գավառը՝ զորքի ձմեռային կայանատեղին գրավելով, քանի որ ձմեռը սկսվում էր, Վարդանը որոշում է իր զորքին հանգստանալու համար դադար տալ, պատվիրելով “պատրաստ լինեն գարնան պահին” (Եղիշե): Ձմռանն ինքը՝ սպարապետը, սակայն, դադար չի առնում։ Այդ ընթացքում նա նախարարների մի մասի, իր տրամադրության տակ գտնվող տարածքների ժողովրդի մեջ անընդհատ հակավասակյան տրամադրություններ է հրահրում ու բորբոքում, որի արդյունքում “ավագ նախարարների խմբից քչերին իրեն գործակից է դարձնում2 ” (Եղիշե), իսկ ժողովրդի մի մասին (սրանք գլխավորապես խառնածիններն ու այլազգիներն էին կազմում) իր կողմն է քաշում: Այդ ամենն անելու համար Վարդանին օգնում էր եկեղեցին: Սա, ինչպես արդեն նկատվել է, չարացած, շա՜տ էր չարացած Վասակի դեմ, ով սասանում էր իր կրոնական միահեծան իշխանությունը, ով “տարել էր իր անոթները” (ասել է, թե դիպչել էր իր ահռելի հարստությանը) եւ կամենում էր վերականգնված տեսնել երկրի բնիկների՝ նախնի հայրենական հավատքը՝ նրանց բնական իրավունքը: Ահա թե ինչու եկեղեցին իր ձեռքից եկածն անում է Վարդանին ու Վարդանանց Վասակի ու Վասակյանների դեմ հանելու, ժողովրդի մեջ իր զանազան կեղծապատիր քարոզչությամբ հակավասակյան տրամադրություններ հրահրելու, դրանով իսկ՝ վերջիվերջո երկրում ներքին արյունահեղ պատերազմ հրահրելու համար:

Հայոց չարաբաստիկ սպարապետը հերթով կուլ է տալիս եկեղեցու տված խայծերը: Եվ կանգ չի առնում ոչ մի բանի առաջ: Եղիշեն սադիստական հրճվանքով պատմում է (եկեղեցական պատմիչ է, չէ՞). գարունը գալու պես Վարդանը “գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց երկիր, առնում ու ավերում էր շատ գավառներ. եւ այնպես նեղը լծեց Վասակին եւ նրա հետ եղած ամբողջ զորքին, որ սովի վտանգից անխտիր սատկած էշերի եւ ձիերի միս էին ուտում: Եվ շատ հարվածներ էր հասցնում ուրացյալին, այնպես, որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու քահանայության ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար տանջվածների վրա3, որովհետեւ բոբիկ ու ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց եւ շատ տղաների քարերին խփելով սպանեցին-գցեցին ճանապարհների վրա”:

(Տարրական զգացողություն ունեցողը սա կարդալով չի կարող չզարհուրել, սրտակեղեք ու սրտաճմլիկ հոգոցներ չհանել: Բայց թե ինչպե՜ս է այս ամեն եղեռնագործության գլխավոր հեղինակին՝ Սյունյաց աշխարհի գլխին հիրավի սեւ գարուն բերողին “հայ” պատմաբանը հետագայում հերոս, անգամ՝ առասպելական հերոս, սարքել, — մարդկային զգացողություններ, էլ չասած բանականություն, ունեցողի համար մնում է անհասկանալի):

Վարդանի եղեռնագործությունը եկեղեցուն, պարզ է, շատ է ուրախացնում (դա իսկը նրա սրտով էր), եւ նա իր այդ ուրախությունը, ինքնին հասկանալի է, իր տոնացույցում պարտադիր պետք է արտահայտեր, ինչպես սովորաբար արտահայտել էր (օրինակ՝ 301-ի եղեռնի հետ կապված) ու արտահայտելու էր (օրինակ՝ ողբերգական 451-ի հետ կապված): Եղիշեն անթաքույց գրում է. “Երբ աստծու երկյուղածներն այս ամեն հաջողություններն ունեցան (խոսքը Վարդանանց՝ Սյունյաց աշխարհում ունեցած “հաջողությունների” մասին է-Ս.Մ.), բոլոր եպիսկոպոսներն ու երեցները հրաման արձակեցին ժողովրդին՝ պատերազմների հաղթության տոնը4 խառնել Քրիստոսի Հայտնության տոնին, որպեսզի այս մեծ հիշատակը անխափան մնա աստվածային անանց տոնի հետ”: Հիրավի՝ արյուն թափելուց սադիստական հրճվանք ապրելու քայլ:

Հայաստանը բնիկներից ցնծությամբ բնաջինջ անելու (կամ նրանց ուծացնելու) իր քայլերի մասին Հայաստանյայց եկեղեցին միշտ էլ պարտաճանաչորեն զեկուցել է վերադասին, իրեն Հայաստանում 301-ին հիմնողին՝ Բյուզանդական քահանայապետությանը: Պարզ է, որ նա այս անգամ էլ չէր կարող չցնծալ ու այդ մասին հուզիչ հաշվետվություն չներկայացնել նրան՝ նրանից հերթական քաջալերանքներն ու հրահանգները ստանալու համար։ Եղիշեն, այդ առումով, բացելով եկեղեցու բազում գաղտնիքներից մեկը, գրում է. “Եվ աստծու այս բոլոր այցելությունները, որոնք մեծապես երեւացին Հայոց աշխարհի վրա (խոսքը Վարդանի՝ Սյունյաց աշխարհում արածների մասին է-Ս.Մ.), սուրբ եպիսկոպոսները գրեցին եւ ուղարկեցին Հույների երկիրը, մեծ քաղաքը՝ եկեղեցու սուրբ ուխտին, որպեսզի նրանք էլ աղոթք անեն եւ աստծուց խնդրեն՝ որ ինչպես սկսել ենք, այնպես էլ ավարտենք”:
Գանք սակայն Վասակին՝ Տրդատի ցանածի “պտուղը” ճաշակողին: Նա, ինչ խոսք, շատ ծանր է տանում իր աշխարհում Վարդանանց արած եղեռնագործությունները: Բայցեւայնպես՝ դրսեւորելով զարմանալի սառնասրտություն ու հեռատեսություն՝ նա Հազկերտի մոտ ուղարկած իր բանագնացների միջոցով նրան հաղորդում է, որ Հայաստանում “արքունի զորքի գլխով անցած բոլոր աղետների” բուն մեղավորը “եկեղեցու սուրբ ուխտն է”, եւ ոչ թե Վարդանը կամ նրա հետի նախարարները, — այդպես մտածելով “ապստամբ” Վարդանին ու նախարարներին գոհացնելով՝ միգուցե անջատել եպիսկոպոսների միաբանությունից: Իր կողմից մարզպանը դարձյալ խույս է տալիս իր զորքը Վարդանինի դեմ հանելուց՝ այդպես խուսափելով ավելի մեծ արյունահեղությունից: Նա հանուն երկրի շահերի կուլ է տալիս Վարդանանց հանցանքները:

1 Նրա պապը՝ Սահակ Պարթեւը, նրան ներշնչել էր հայոց թագավոր դառնալու մարմաջով,- մի բան, որի իրագործման համար նա պարսից Դռանը ոչ քիչ “նվերներ”, նույնն է թե կաշառք էր տվել:
2 Ուշադրություն դարձնենք՝ “միայն քչերին”, ովքեր հիմնականում խառնածին նախարարներն էին, ինչպես նաեւ՝ մարզպանից դժգոհ մնացածները:
3 Այստեղ պատմիչը հաստատ կեղծում է. ստորեւ կտեսնենք, թե ինչպես Բյուզանդիայի իր տերերին տված զեկույցում այդ մասին պատմելով՝ Հայաստանյայց եկեղեցին ի՜նչ հրճվանք է ապրում:
4 Խոսքը հայոց մեջ հնուց ի վեր տոնվող՝‘Զորության Աստված Վահագնին նվիրված տոնի մասին է (տոնվել է մարտի 21-ին ու այսօր էլ տոնվում է):

 Թագավորը երդումով ուխտում է, որ “Ամենեւին մտքովս չեմ անցկացնի վրեժխնդիր լինել: Ինչպես առաջները պահում էիք ձեր կրոնը, այսուհետեւ ավելի պահեցեք, միայն թե մեր ծառայությունից դուրս մի՛ գաք”: Թվում է, թե եկեղեցին պետք է լիովին գոհանար սրանից, բայց…
Մարզպանը, այսպիսով, պարսից Դռան կողմից ստանում է ցանկացածը՝ երկրի հոգեւոր կյանքն ինքնուրույնաբար տնօրինելու իրավունքը: Ավելին, նա Դռան երկրորդ մարդուց՝ Միհներսեհից Հայոց թագավորությունը իր՝ Վասակ Սյունու գլխավորությամբ վերականգնելու խոստում է անգամ ստանում. “Եվ խոստացավ (Միհներսեհը-Ս.Մ.) նրան ավելի մեծ իշխանություն, քան թե ուներ, եւ նրա ուշքը դարձրեց այնպիսի սնոտի բաների վրա, որ իր իշխանությունից վեր էր, իբր թե նրան վայել է թագավորական վիճակի հասնել”, — գրում է այդ բանը չցանկացող եկեղեցական պատմիչը՝ Եղիշեն:
Պարսից Դռան հետ կապված արտաքին հարաբերությունները հօգուտ Հայաստանի կարգավորելով՝ մարզպանն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է դեպի ներս: Նա տեսնելով, որ Վարդանին ու եկեղեցուն երկրի ընդհանուր շահերը դույզն անգամ չեն հետաքրքրում եւ նրանք անձնապաշտական վրիժառության մոլուցքով առաջնորդվելով շարունակում են իրենց ապստամբական քայլերը (որոնց անհրաժեշտությունն արդեն չկար)՝ սկսեց եռանդուն ջանքեր գործադրել կանխելու նրանց՝ երկրի ներսից ու դրսից ուժ հավաքելը: (Կտեսնենք դեռ, որ դա մարզպանին լավագույնս հաջողվում է): Փարպեցին վկայում է, որ այդ օրերին մարզպանը “երբեք չէր դադարում Հայոց աշխարհի իշխաններին, շինականներին ու քահանաներին նամակներ գրելու, ցույց էր տալիս արքունիքից բերած սուտ դաշինքներ ու դատարկ վկայություններ (պարզ է՝ այսպես պետք է արտահայտվեր եկեղեցու շահերն արտահայտող պատմիչը-Ս.Մ.), թե արքայից արքան քրիստոնեություն է շնորհել աշխարհին, իսկ մոգերին կոտորելու վնասը չի պահանջում: Եվ ապստամբության մասին,- ասում է,- բնավ չեմ էլ հիշի, միայն թե հեռանաք Վարդանի ուխտից եւ չկորչեք նրա հետ”: Մարզպանը իր կողմից էլ երդվում է, որ ինքն “այս ամենի միջնորդը” կլինի ու “անվնաս կպահի հայոց աշխարհը”: Երկրի բնակչությանն ուղղված նրա հորդորներին՝ հետ կանգնել ի կորուստ տանող ապստամբությունից՝ ունկ դնողները շատ-շատ էին, ավելի ստույգ՝ բնակչության գերակշիռ մասը: Դրանց մեջ քիչ չէին նաեւ եկեղեցու սպասավոր քահանաներ ու երեցներ (սրանք, ամենայն հավանականությամբ, հիմնականում հայկական ծագում ունեցողներն էին): Դրա մասին է վկայում Փարպեցու ասածն այն մասին, որ Վասակի հորդոր-հրամանները “ամբողջ երկրում տարածելու” գործը (սրա համար, ինչ խոսք, մունետիկների ոչ քիչ բազմություն էր պետք) հանձնառել էին ոչ քիչ քահանաներ ու երեցներ: “Ամբողջ երկրում շատ էին այնպիսիք, որոնք հավատում էին նենգավորի (այսինքն՝ Վասակի-Ս.Մ.) խոսքին”,- եկեղեցական պատմիչին հատուկ չարությամբ խոստովանում է նույնը։ Երկրում Վասակի կողմնակիցները գնալով շատանում էին, որն ասում է այն մասին, որ “ձայն բազմացը” հենց ինքը՝ մարզպանն էր արտահայտում եւ ո՛չ Վարդանն ու եկեղեցին, ինչպես պնդում է հայ սովորութային պատմագրությունը։ Այդ օրերին մարզպանի գործադրած ջանք ու եռանդի, դրա արդյունավետ ելքերի մասին խոստովանում է, պարզ է՝ քրիստոնեաբար, նաեւ Եղիշեն, ասելով՝ “Հնարներով (Վասակը-Ս.Մ.) կռիվ մղեց իմաստունների դեմ եւ մեծ խորագիտությամբ՝ գիտունների դեմ…

Շատ ուրիշ տեղեր էլ գողաբար սողոսկեց եւ օձի նման ներս մտավ (քրիստոնեական-Ս.Մ.) հավատի մեջ ամրացածների մեջ. եւ (քրիստոնեական-Ս.Մ.) ցանկապատի մեջ ճեղքվածք առաջացնելով՝ հայտնապես հափշտակեց-առավ ու դուրս հանեց բազմաթիվ ազատների եւ է՛լ ավելի բազմաթիվ շինականների, ինչպես եւ ուրիշ ոմանց, որոնք միայն անունով էին քահանա: Եվ ուրիշ շատ ազատ մարդիկ արքունի տնից, որոնց ոստանիկ են անվանում: Եվ իր ամբողջ երկիրը լիովին ապստամբեցրեց (քրիստոնեական կրոնի դեմ- Ս.Մ.) եւ ուրանալ տվեց ո՛չ միայն բազմաթիվ աշխարհականների, այլեւ շատերին եկեղեցու սուրբ ուխտից, մանավանդ սուտ երեցների միջոցով, որոնց ձեռքով գործում էր այն չարիքները”:

Այլ կերպ՝ Հայաստանը իր մարզպանի գլխավորությամբ արագորեն թոթափում էր աստվածամերժական քրիստոնեության լուծը ու դարձ էր կատարում իր աստվածապաշտական նախնի հավատքին: Էլ ո՜ւր մնաց Վարդանի՝ որպես թե հանուն քրիստոնեության՝ “համաժողովրդական ապստամբություն” բարձրացնելու կեղծապատիր պատկերացումը:
Եղիշեն մեկ այլ կարեւոր վկայություն էլ է բերում: Գրում է, որ մարզպանը աստվածաբանական վեճերի ժամանակ “իրեն եւ բոլոր ուրացողներին (բուն-Ս.Մ.) աստվածապաշտների կարգն էր դասում, իրեն ավելի հաստատուն էր ցույց տալիս (բուն հավատքի մեջ-Ս.Մ.), քան ամբողջ Հայոց զորքը (նկատի է առնվում Վարդանի զորքը-Ս.Մ.)”:

Ասելի է, թե՝ մարզպանը քրիստոնյաներին իրավացիորեն դուրս էր բերում որպես բուն հավատքի, բուն աստվածապաշտության հետ կապ չունեցողներ, որպես փաստացի աստվածամերժներ ու “մարդկային սովորույթների ու մոլորությունների”5 հետեւորդներ՝ դրանց հակադրելով իր եւ իր պես հայազուն հավատավորներին, ովքեր են հենց բուն իմաստով հավատավորներ ու աստվածապաշտներ:
Ավելացնենք, որ մազպանը իր՝ թե քաղաքական, եւ թե հոգեւոր առումով գծի ճշմարտացիությունն ու իրավացիությունը հիմնավորելու համար քարոզիչներ էր ուղարկում ողջ երկրով մեկ, որն իր համար խիստ շահեկան ելքեր էր ունենում:

“Այսպես էր վարվում (մարզպանը-Ս.Մ.) նաեւ աշխարհի բոլոր ամուր կողմերում, Տմորիքում եւ Կորդվաց աշխարհում, Արցախում եւ Աղվանքում, Վրաստանում եւ Խաղտյաց աշխարհում, մարդիկ էր ուղարկում, պնդացնում էր (իր գծի մեջ-Ս.Մ.), որ ոչ ոք նրանց (Վարդանանց-Ս.Մ.) հյուրընկալության արժանի չհամարի”:

Մարզպանը գնալով Վարդանի շուրջը պնդօղակը ձգում էր:

5 Արտահայտությունը Բուզանդինն է, որը նա բերում է արտահայտելու համար իր ժամանակակից հայերի փաստացի վերաբերմունքը քրիստոնեության հանդեպ:

Վասակ Սյունու եւ Վարդան Մամիկոնյանի ուժերը Ավարայրի նախօրյակին, Ավարայրի ճակատամարտի շեմին մարզպանի վերջին հորդոր — զգուշացումները Վարդանանց

Եղիշեի ու Փարպեցու հաղորդած տեղեկությունները վկայում են, որ Վարդանի ապստամբությանը կողմնակից չի եղել հայ նախարարական տների գերակշիռ մեծամասնությունը. նրանք բռնել են Վասակի կողմը: Եղիշեն, օրինակ, թվարկելով Վասակի ու Վարդանի կողմնակիցների անունները՝ ընդգծում է առաջինների իշխան (հիմնականում), սեպուհ կամ ոստանիկ (սա երկու անգամ է միայն հիշատակվում) լինելը, այն դեպքում, երբ երկրորդներին հիշատակելիս անուններն է միայն տալիս, –սա չի՞ ասում այն մասին, որ իրենց կարգով բարձր հայ իշխանները Վասակի հետ են եղել, եւ միայն ցածրակարգներն են Վարդանի հետեւից գնացել: Նույն բանի մասին է վկայում նույն պատմիչը իր նաեւ հետեւյալ ասածով. “Վարդանը հրաման տվեց ամբողջ զորքին հավաքվել Արտաշատ քաղաքում. այն ետ կացածների փոխարեն, որոնք գնացին Սյունյաց իշխանի հետեւից, կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբորորդիներին եւ ամեն մեկին տվեց նրանց զորքերը, որովհետեւ ամբողջ երկիրը դեռ նրա (այսինքն` Վասակի– Ս.Մ.) իշխանության տակ էր” (ընդգծ. իմն է):

Մեկ անգամ էլ ժխտելու համար Վարդանանց պատերազմի՝ որպես թե հայոց ապստամբություն լինելը (հայոց պատմագրության իշխող՝ այդ թյուր պատկերացումը), Եղիշեի այդ ասածները այդ պատկերացումն ունեցողների աչք-ականջը խոթենք. “Ամբողջ երկիրը” Վասակի “իշխանության տակ է եղել”,- լսո՞ւմ եք հիմարացածներ. հետո էլ՝ Վարդանի հետ եղած առանց այդ էլ քիչ իշխանների (հիշենք՝ մարզպանը սրանց Վարդանի հետ ժամանակին ուղարկել էր Աղվանք) մեծամասնությունն էլ նրան լքում է եւ գնում “Սյունյաց իշխանի հետեւից”: Վարդանի մոտ մնացածներից շատերն էլ նրան կլքեին, եթե նա նրանց զոռով չպահեր, այս եզրակացությանը հանգելուն օգնում է թե Եղիշեն, եւ թե Փարպեցին. Եղիշեն վկայում է Վարդանի “հետ միաբանվածներից շատերի երկմտության” փաստը, իսկ Փարպեցին խոսում է նրա “զորքի այն բազմության” մասին, որը “հարկից դրթված եւ ակամա, մանավանդ ուրիշներին էլ տարակուսանքի մեջ գցելու եւ ետ դարձնելու համար” էր նրա՝ Վարդանի զորքի մասը կազմել:

Փարպեցին կարեւոր փաստ է հիշատակում, որն օգնում է ավելի պարզորոշ պատկերացնելու սպարապետի ուժերի “հալվելու” հանգամանքը: Նա գրում է, որ “Մեծ զատկի տոնին” սպարապետը իր “ուխտապահներին” (անշուշտ ոչ բոլորին, այլ մի մասին) ազդարարում է, թե “տոնը կատարեցեք ձեր ընտանիքների հետ”: Ուղղելով ու լրացնելով պատմիչի ասածը՝ հետեւյալն է դուրս գալիս: Զատկի տոնին (դա Ավարայրի նախօրյակը՝ մարտ-ապրիլ ամիսներն են եղել) Վարդանի մոտ եղած իշխանները դիմում են նրան թույլ տալ գնալ ընտանիքների հետ տոնը տոնելու: Եվ Վարդանը ստիպված է լինում (հնուց կարգ կար…) նրանց ցանկությունը բավարարել. բայց մի պայմանով՝ թույլ չի տալիս իշխանների որդիներին ու մյուս հարազատներին նրանց հետ գնալ (այսինքն, փաստորեն, նրանց պատանդ է պահում իր մոտ…): Դուրս է գալիս՝ Վարդանից “հետ կացածները” եւ մարզպանին հարողները Զատկի տոնին իրենց տները գնացած իշխաններն են եղել (նրանք, օգտվելով բարեպատեհ առիթից, էլ Վարդանի մոտ չեն վերադառնում, չնայած նրա մոտ թողած իրենց հարազատներին), իսկ նրա մոտ մնացածները, պարզ է՝ ստիպողաբար մնացածները, այդ իշխանների “եղբայրները կամ որդիները կամ եղբորորդիներն” են լինում, որոնց Վարդանը իշխանների թողած զորքերը տալիս է, այդպես, փաստորեն, հարազատին հարազատի դեմ հանելով:

Վարդանը խելահեղ ապստամբության դրոշը բարձրացնելով՝ ի զորու չեղավ ապահովել նաեւ արտաքին օգնությունը. նա, ըստ էության, ապստամբության գնաց առանց արտաքին աշխարհից քիչ թե շատ ռազմական կամ բարոյական աջակցություն ստանալու: Եղիշեն ստիպված է լինում խոստովանել, որ “առավելապես ժամանակը հաջողեցրեց նրա (Վասակի – Ս.Մ.) գործերը, որովհետեւ Հայոց զորքին1 դրսից ոչ մի օգնող չեղավ, բացի այն հոներից, որոնց հետ խոսք էին կապել”: Սակայն այս վերջիններիս դեմ էլ, շարունակում է նույն պատմիչը, Վասակը պարսկական “բազմաթիվ հեծելազորն” է հանում՝ նրա միջոցով արգելելով ու փակելով հոնաց զորքի՝ Վարդանին օգնություն հասնելու ելքի ճանապարհը: Բացի այդ, մարզպանը նուրբ դիվանագիտություն բանեցնելով, Վարդանի հետ միաբանությունից բաժանում է Վրաց աշխարհը, նմանապես՝ “Աղվանիցն էլ չթողեց առաջ շարժվել”, ապա “Նույն ձեւով էլ պահեց նաեւ Աղձնյաց երկիրը” (Եղիշե): Թվում է, թե հունասեր Վարդանին պետք է օգներ այդ ժամանակ “Հունաց երկրի” ծառայության տակ գտնվող Ստորին Հայքը, որի սպարապետն էր Վարդանի տոհմակից Վասակ Մամիկոնյանը: Բայց պատմությունը փաստում է, որ “(Վասակը–Ս.Մ.) թուղթ գրեց նաեւ Հունաց երկիրը Վասակ անունով մի մարդու այն Մամիկոնյաններից, որոնք հույների ծառայության մեջ են գտնվում… Այս թշվառության (այսինքն՝ Վասակի – Ս.Մ.) ժամանակ այն մարդը Ստորին Հայքի սպարապետն էր եւ Հոռոմների զորքերին հավատարիմ մի անձ… Այս Վասակն իրեն գործակից գտավ այն Վասակին…, որի համար երկուսը միաբանվեցին” (Եղիշե): Հայոց մարզպանը, Ստորին Հայքի այդ Վասակին “գրում եւ շարունակ ապացուցում էր, … թե ամբողջ Հայաստանը միաբանվել է իրեն հետ”, եւ, հետեւաբար, նրա՝ Վարդանին օգնության ձեռք մեկնելը անիմաստ է եւ վտանգավոր:

Թվում է, թե Վարդանին գեթ բարոյական զորակցություն պետք է հայտներ Հունաց եպիսկոպոսարանը, զի նրա “քույր եկեղեցու”՝ Հայաստանյայց եկեղեցու շահերը պաշտպանելու խնդիրը կար… Բայց Հայոց մարզպանի կողմից ըստ ամենայնի տեղեկացված Ստորին Հայքի սպարապետը, ճիշտ կողմնորոշվելով, իրավիճակը ներկայացնող մի հիմնավոր զեկուցագիր է ուղարկում կայսեր թագավորանիստ քաղաքը, որով եւ սառեցվում է կայսրության քրիստոնյա հոգեւոր վերնախավի դրական վերաբերմունքը Վարդանի նկատմամբ եւ նա հրաժարվում է Վարդանին (ու … իր “քույր եկեղեցուն”) աջակցելու մտադրությունից (տե՛ս Եղիշե):

Այսպիսով, ստացվում է, Վարդանը գրեթե “մերկ” էր դեպի պատերազմ գնում, գնում էր՝ հաստատ իմանալով, որ դեպի մահ է գնում, բայց գնում էր…

Ըստ Եղիշեի՝ Վարդանը “վաթսուն եւ վեց հազար մարդ ձիավոր եւ հետեւակ” զորք է հանում: Սակայն, եթե այդ թիվը չափազանցված չէ (որն ավելի հավանական է … ), ապա, ենթադրելի է՝ այդ վաթսունվեց հազարի մեծ մասը զինվոր չի եղել, կամ էլ, եթե զինվոր է եղել, ապա դեպի Ավարայր է գնացել Վարդանի թելադրանքով, նրանից վախենալով: Եղիշեն է վկայում, որ, ինչպես վերեւում իմացանք, “Վարդանի հետ միաբանվածներից շատերը երկմտության” մեջ էին: Ըստ նույնի մեկ այլ վկայության՝ Վարդանանց զորագնդի մի մասը աղքատ շինականներն ու չունեւորներն են կազմել, ովքեր, պարզ է, պատերազմի փորձ չունեին… Այս երկրորդները Վարդանի բանակում էին հայտնվել կամ ստիպողաբար, կամ էլ՝ հարստանալու մարմաջից դրդված: Սրանց՝ Վարդանի կողմից “մշակման” ենթարկվելու մասին Եղիշեի մոտ մի “անմեղ” վկայություն կա. “զորականներից որը ոչինչ չուներ2, (Վարդանը– Ս.Մ.) հոգում էր իր սեփականությունից եւ ընկերներից. ով զենք չուներ (ա~յ “բանակ”– Ս.Մ.), զենք էր հայթայթում նրա համար, ում զգեստ էր պետք, զգեստ էր հագցնում, եւ ում ձի էր պետք, ձի էր տալիս: Եւ առատ պարենով ուրախացնում էր բոլորին, եւ ինքն իրեն զվարթ էր ցույց տալիս (թեեւ սրտից “արյուն” էր կաթում – Ս.Մ) ամենքին”:

Այսպես, ուրեմն, պարզվում է՝ Վարդանի “բանակը” ամենեւին էլ բանակ չէր, թե՛ ռազմական առումով եւ թե՛ բարոյակամային: Այդ “բանակին” եկեղեցու Գրիգորյան թեւը հանուն իրեն ի մահ էր մղում…
Հարց է առաջանում՝ ովքեր էին կազմում Վարդանի “բանակի” բուն՝ հոգով նրա հետ եղող կորիզը: Եթե մի կողմ թողնենք եկեղեցականներին (ովքեր Վարդանի հետ էին լոկ աղոթք ասելու եւ ոչ՛ կռվելու համար), ապա մյուսները գերակշիռ մասով ոչ՛ հայեր՝ խառնածիններ կամ այլազգիներ էին (հիշենք, որ Վարդանի “բանակի” մաս կազմող հայերը “հարկից դրթված եւ ակամա” էին դրանում հայտնվել): Այդ մասին է վկայում պատերազմից անմիջապես առաջ Վարդանի՝ իր զինվորներին ասած խոսքում այն, որ “այստեղ (Ավարայրի դաշտում-Ս.Մ.) գտնվողներից շատերը ոչ միայն աշակերտները, այլեւ տոհմակիցներն ենք նրա (այսինքն՝ Գրիգորիսի, ով, ինչպես պատմական աղբյուրներն են փաստում, սեմական ծագում ուներ-Ս.Մ.)” (Փարպեցի, ընդգծ. իմն է-Ս.Մ.):

Իսկ ովքե՞ր էին Վարդանանց հակառակ կողմում կանգնածները. պարսիկնե՞րը, աջակցությամբ Վասակյանների, թե՞ Վասակյանները (այսինքն՝ հայերը), աջակցությամբ պարսիկների: Այլ կերպ ասած՝ պատերազմը, բուն իմաստով, Հայաստանի եւ Պարսկաստանի միջե՞ւ էր, թե՞ հայաստանյան երկու հակադիր ուժերի՝ Վարդանանց եւ Վասակյանների: Ինչպես արդեն նկատել ենք՝ հայ պատմագրության իշխող կարծիքի համաձայն՝ այն հայ-պարսկական պատերազմ էր, որում “դավաճան” Վասակը իր կողմնակիցներով աջակցում էր պարսիկներին: Սակայն պատերազմի վերաբերյալ եղած պատմական փաստերի մանրակրկիտ վերլուծությունը բերում է այն համոզման, որ պատերազմը նախ եւ առաջ ներհայաստանյան, ժամանակակից հասկացողությամբ ասած՝ քաղաքացիական պատերազմ էր. երկրում ապրողների մի՝ փոքրագույն՝ այլազգիական ու խառնածնային մասը Վարդանի գլխավորությամբ (գումարած՝ սրանց կողքին ակամա հայտնված փոքրաթիվ հայերին) ելել էր հայերի ճնշող մեծամասնության՝ Վասակյանների դեմ. իսկ պարսկական կողմը պարզապես աջակցում էր երկրի օրինական մարզպանին ու նրա բանակին: Այս համոզումին հանգեցնող մի կարեւոր փաստարկ բերենք: Ինչպես վկայում են պարսկական պատմության գիտակները՝ պարսկական աղբյուրներում հայոց պատմագրության մեջ տարփողվող 451-ի՝ որպես թե հայ-պարսկական պատերազմի մասին քիչ թե շատ հիշատակություն չկա: Որն ասում է այն մասին, որ այդ պատերազմը, ըստ էության, եղել է ներքին՝ հայաստանյան պատերազմ, եւ այդ մասին հիշատակելը պարսից պատմաբանը համարել է ավելորդ, իր երկրի պատմության համար երկրորդական փաստ:

Անդրադառնանք, սակայն, անմիջապես Ավարայրի ճակատամարտին նախորդող օրերին Վասակ Սյունու ու Վարդանի դրսեւորած վարք ու բարքերին:

Եկեղեցու (սրա իշխող՝ Գրիգորյան թեւի) ու Վարդանի՝ ընդդեմ Վասակյանների ծրագրած պատերազմը հասունացվել-նախապատրաստական վերջին փուլն էր թեւակոխել: Վարդանանք, չնայած մարզպանի անընդմեջ արվող հորդորներին, ըստ ամենայնի պատրաստվում էին եղերական պատերազմին:

1 Խոսքը Վարդանի զորքի մասին է: Այստեղ ավելորդ չի լինի նշել Հայաստանյայց եկեղեցու մի կեղծիքի մասին՝ հայի եւ հայ քրիստոնյայի նույնացումը, ըստ որի ոչ քրիստոնյա հայերը հայեր չեն, — մի կեղծիք, որը հաճախ է ազգը պառակտել, հազար ու մի դժբախտությունների պատճառ հանդիսացել:
2 Պարզ է, խոսքը ոչ զորականների, այլ շինականների, կամ՝ նմանատիպ այլ պատահական մարդկանց մասին է:

Ավարայրի ճակատամարտի շեմին մարզպանի վերջին հորդոր-զգուշացումները Վարդանանց, Վարդանի (ու եկեղեցու)՝ արյուն հեղելու վճռականությունը, եղերական Ավարայրը եւ անմիջապես Ավարայրից հետոն, եկեղեցու՝ իր սարքած Հայաստանյան ողբերգությունից անկորուստ դուրս գալը

Անդրադառնանք, սակայն, անմիջապես Ավարայրի ճակատամարտին նախորդող օրերին Վասակ Սյունու եւ Վարդան Մամիկոնյանի դրսեւորած վարք ու բարքին:

Եկեղեցու (սրա իշխող՝ Գրիգորյան թեւի) ու Վարդանի՝ ընդդեմ Վասակյանների (հայերի) ծրագրած պատերազմը հասունացվել-նախապատրաստական վերջին փուլն էր թեւակոխել: Վարդանանք, չնայած մարզպանի՝ անընդմեջ արվող հորդորներին, ըստ ամենայնի պատրաստվում էին եղերական պատերազմին. նրանք, նրանց թիկունքին կանգնած եկեղեցին Հայաստանում իրենց միահեծան իշխանությունը վերականգնելու, դա խաթարողներից վրեժն առնելու մղումից դրդված, հետդարձի բոլոր կամուրջները այրած՝ գնում էին դեպի պատերազմ: Պատերազմը սկսվելուց անմիջապես առաջ Վարդանը եւ Ղեւոնդ Երեցը՝ “բանակի” հոգեւոր առաջնորդը, զինվորներին ուղղված քաջալերանքի խոսքեր են ասում, խոսքեր, որոնցում ոչ մի բառ չկա հայոց պատմության ու հայ հերոսների մասին ու որոնք միայն ու միայն համեմված են սեմական, սեմածին եբրայացիների պատմության դրվագներով ու նրանց նախնիների (մեր առաջին հայրերի, — ասում է Ղեւոնդ Երեցը)՝ Մակաբայեցիների, Մատաթիայի ազգատոհմի, Աբրահամի, Մովսեսի, Փենեհեզի, Եղիասի, Դավթի, Հեսուի, Գեդեոնի եւ դրանց նմանների “քաջագործությունների” ու “առաքինությունների” օրինակներով,- հանգամանք, որը ոչ մի կասկած չի թողնում Վարդանի բանակի՝ օտարածին ու խառնածին լինելու մասին:

Բնականաբար Վասակին ոչինչ չէր մնում, քան մարտահրավերը ընդունելը. նա էլ էր պատրաստվում խելահեղ պատերազմին, նա էլ էր գնում դեպի՝ ոչ իր կողմից սանձազերծված պատերազմ, բայց ակամա, չուզենալով, անընդհատ մտածելով, զանազան միջոցներ փորձելով ելք գտնել դա կանխելու համար: Մեծ հայրենասերը արյունահեղությունը կանխելու հույսը չէր կորցրել նույնիսկ այն ժամանակ, երբ երկու բանակները միմյանց դեմ էին կանգնել եւ ուր որ է պետք է ճակատամարտեին: Դրան հանգելուն ուղղակի հուշում է ոչ այլ ոք, քան ինքը՝ Վասակին թունդ ատող Եղիշեն, երբ գրում է. “Վասակը մի անգամ էլ (ճակատամարտից անմիջապես առաջ,- Ս.Մ.) սկսեց… հնարներ գործ դնել, նա երեցների հետ շրջում էր, նրանց միջոցով արքայի կողմից պատգամներ էր հայտնում, եւ երդմամբ հավատացնում էր, որ կարող են նորից քրիստոնեությունը պաշտել”: Սակայն,- շարունակում է պատմիչը,- մարզպանը այս բանը շատ օրեր փորձելով (խոսքը ճակատամարտին անմիջապես նախորդող օրերի մասին է,-Ս.Մ.)՝ “չկարողացավ միաբանությունը քանդել, մանավանդ եկեղեցու սուրբ ուխտը, որ զորքից հեռացած չէր”: Ուշադրություն դարձնենք “…մանավանդ եկեղեցու սուրբ ուխտը, որ զորքից հեռացած չէր” արտահայտության վրա. դա չի՞ ասում այն մասին, որ մարզպանը հակառակորդ կողմի ոչ եկեղեցական մասի մեջ, այնուամենայնիվ, կարողացել է երկմտության խայծը գցել, նրա մի մասին էլ, թերեւս, ապստամբությունից հետ է պահել տվել, ինչ իմանաս, գուցեեւ, նույնիսկ Վարդանի մեջ է ճակատամարտելու վճռականությունը մեղմել, քանզի սա որպես զորահրամանատար չէր կարող չհասկանալ, որ ճակատամարտելը իր համար ռազմական առումով լրիվ անիմաստ է, ինքը հաստատ պարտություն է կրելու: Բայց “զորքից չհեռացած” մոլեռանդ եկեղեցականների ամբոխը, երկրում իր միահեծան հոգեւոր իշխանությունը կորցնելու վտանգից դրդված, ի չիք է անում Վասակի ողջ ջանք ու եռանդը՝ Վարդանանց մղելով արյունահեղ պատերազմի: Այս առումով, պետք է ասել, արդարամիտ է եղել պարսից հազարապետ Միհրներսեհը, ով ճակատամարտից հետո պարսից Դռանը տեղի ունեցած ապստամբության գործի քննության ժամանակ ասել է, որ եկեղեցու քահանաները, դրանց մեջ հատկապես Ղեւոնդ երեց կոչվածը, իրենց “կախարդական քարոզչությամբ… կորստյան տարան այն օգտակար ու քաջ Վարդանին ու նրա ընկերներին” (տե՛ս Փարպեցի): Մեր կողմից եկեղեցական այդ սադիզմը ընդհանրացնենք. Հայաստանյայց եկեղեցին իր եսապաշտական շահերի համար յուրայիններին էլ է անգամ զոհաբերել:

Նկատենք նաեւ, որ պարսկական կողմը եւս, մարզպանի պես, աշխատում էր կանխել արյունահեղությունը: Դարձյալ նույն Եղիշեն է հաղորդում, որ պարսից բանակի զորավարը պատգամավոր-պատգամավորի ետեւից էր ուղարկում Վարդանանց ճամբարը, բայց երբ նա էլ տեսնում է, “որ մեջտեղն էլ պատգամավոր չմնաց”՝ “հույսն ու ակնկալությունը կտրում է” եւ ստիպված է լինում ընդունել Վարդանի մարտահրավերը: Պարսկական կողմի՝ հարցը խաղաղությամբ լուծելու մտադրության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ երբ պատերազմը ավարտվում է եւ չնայած Վարդանանք պարտություն են կրում, պարսից հրամանատարը “մեծ տագնապի մեջ է ընկնում”, նա “դեպքերն արդարությամբ գրել եւ հայտնել վախենում էր թագավորից, բայց թաքցնել էլ չէր կարող, որովհետեւ այդպիսի մեծ կռիվ ծածկել չէր լինի” (Եղիշե):

Հետեւաբար՝ 451-ին ու դրանից հետո Հայոց աշխարհում տեղի ունեցած մեծ արյունահեղության, երկրի (հատկապես Սյունյաց աշխարհի) ապրած անլուր տառապանքների համար գլխավոր մեղավորը եկեղեցին, հատկապե՛ս եկեղեցին է: Սա գիտեր, որ երկրի հետ ինչ էլ որ լիներ, ինքը քիչ կորուստներով ու ի վերջո որպես շահող դուրս կգար դրանից (ինչպես եւ եղավ):

Հայոց աշխարհի, նրա բնիկների գլխին եկեղեցու բերածի դրդապատճառը շատ պարզորոշ, ըստ Եղիշեի, բացատրում է Ղեւոնդ Երեցը՝ անմիջապես Ավարայրից առաջ Վարդանանց ուղղված իր քաջալերանքի խոսքերում: Սա Վարդանի բանակում հավաքվածներին հիշեցնելով սեմականների “առաջին հայրերին, որոնք նախքան Աստծու որդու (այսինքն՝ Հիսուսի,-Ս.Մ.) ծնունդը ապրել են զանազան ժամանակներում”, այնուհետեւ նրանց հիշեցնում է իրենց՝ հողածինների նախնու՝ Ադամի գործած առաջին մեղքի մասին, որի հետեւանքով “չարը (այսինքն՝ դրախտի բնիկը,-Ս.Մ.) իրենց հեռացրեց ու դուրս գցեց աստվածային տեղից (այսինքն՝ դրախտավայր Հայկական լեռնաշխարհից,-Ս.Մ.)”, եւ իրենք “անողորմ դատաստանի տակ ընկան այն հանցանքի ու մեղքի համար”: Ապա երեցը, հավաքվածներին պատմում է իր ազգի՝ եբրայացիների, վերջ ի վերջո Եհովայի կողմից “ընտրյալ ժողովուրդ” համարվածի, աստանդական կյանքի պատմությունը, նրա հերոսների ու մարգարեների մասին: Հրեածին այս երեցը եբրայացիների պատմությունը բերելով մինչեւ 3-4-րդ դար, երբ նրանք (ավելի ստույգ՝ նրանց մի մասը) իրենց թափառական կյանքին վերջ տվեցին ու վերադարձան “աստվածային տեղը” (ընդ որում՝ վերադարձան ու… դարձան այդ “տեղի” միահեծան տերը…), եւ ապա մինչեւ իր օրերը, երբ իրենք վայելում են այդ վերադարձի պտուղները,- հավաքվածներին զգուշացնում է. “Թո՛ղ ոչ ոք ձեր բաժինը1 (այս անգամ,-Ս.Մ.) ձեզնից չկտրի, եւ ձե՛զ (երկրից,-Ս.Մ.) օտար ու խորթ դարձնելով բաժնից զրկի”. ապա, խոսքն ուղղելով Հայաստանում պատվական տիտղոսներ ձեռք բերածներին` “իմ պատվական տերե՛ր, այս շատ վեր բարձրանալուց հետո նորից… չընկնենք ու թավալվենք (ինչպես մինչ 301-ն է եղել,-Ս.Մ.), այլ այդ նույն բարձրության վրա հաստատ կանգնած մնանք”: Եկեղեցին նույն բարձրության վրա էր ուզում մնալ եւ այն չէր ուզում կիսել երկրի բնիկի հետ անգամ: Ահա թե ինչու նա մի մեծաթիվ զորք ի մահ էր քշում (դրանից բխող ողբերգական անասելի հետեւանքներով հանդերձ), իսկ բանակի հրամանատարը՝ Վարդանն ու նրա արբանյակներն էլ, նրա դրդմամբ, գնում էին դրան, զի հետդարձի կամուրջներն արդեն իսպառ այրել էին:
Անխուսափելի ճակատամարտը տեղի ունեցավ:

Թե Փարպեցին, եւ թե Եղիշեն վկայում են, որ ճակատամարտի հենց սկզբում Վարդանի բանակի մի ստվար բազմություն (սա ստիպողաբար էր կռվի բերվել) պատերազմի տեղից փախուստի է դիմում2 : Վարդանի եսապաշտական գործը սրբացնողները ասվածի ճշմարտացիության վրա չկասկածելու համար խոսքն ուղղակիորեն տանք պատմիչներին. “Վարդանի զորքի այն բազմությունը, որ եկել էր հարկից դրթված եւ ակամա, մանավանդ ուրիշներին էլ տարակուսանքի մեջ գցելու եւ ետ դարձնելու համար, այնտեղից փախուստ տալով՝ հավիտենական կորստով չքվեց” (Փարպեցի). “(Վարդանի,-Ս.Մ.) զորքից ոմանք բաժանվել եւ ետ էին ընկել լեռների հովիտներում” (Եղիշե):

Երկու կողմերի համար էլ կանխատեսելի պատերազմի ելքը՝ Վարդանանց պարտությունը շուտափույթ (“մինչեւ արեւի մայր մտնելը”,- ասում է Եղիշեն) տեղի է ունենում:

Պատերազմի ողբերգական հետեւանքները շատ սրտաճմլիկ ու պատկերավոր է նկարագրում մի պահ մոռանալով իր՝ եկեղեցական պատմիչ լինելը, Եղիշեն. “Շատերն իրենց մահվան օրհասը գտան, — գրում է նա,- մանավանդ որ ընկածների դիակներն այնպես խիտ էին ու իրար մոտ թափված, ինչպես անտառի կտրատված փայտերը… Եվ որովհետեւ ժամանակը գարնանային էր, ծաղկալից դաշտերը լցվեցին հորդահոս արյունով: Մանավանդ երբ մեկը տեսնում էր ընկած բազմաթիվ դիակների կույտերը՝ սիրտը կտրտվում էր, եւ աղիքները գալարվում, լսելով խոցվածների մռմռոցը, եւ ջարդվածների մռնչյունը, վիրավորների թավալգլոր սողալն ու շարժվելը,…, սիրելիների ողբը, մերձավորների սուգը, բարեկամների վայնասունը…”:

Եկեղեցական այս պատմիչն անգամ չի կարողանում չասել այն տարրական ճշմարտությունը, որ Ավարայրը եղեռնական էր թե մի կողմի՝ Վասակյանների, եւ թե մյուս՝ Վարդանանց. դրանում ոչ մեկն էլ, ըստ էության, չհաղթեց, այլ երկուսն էլ պարտվեցին, քանզի նույն երկրում միմյանց կողքի ապրողները մեկ-մեկու արյունը թափեց: “Այնտեղ (Ավարայրի դաշտում,-Ս.Մ.) երկու կողմերն էլ իրենց պարտված էին զգում… Որովհետեւ ոչ թե մի կողմը հաղթեց, եւ մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին”,- այսպես՝ ողբերգական ճշմարտացիությամբ է գնահատում ճակատամարտի ելքը դրա մասին անմիջականորեն մեզ պատմող Եղիշեն:

(Թե ինչպես հետագայում “հայ” պատմագրությունը ողջ հայոց աշխարհի համար իր ժամանակին այդպես՝ անասելի ողբերգականորեն ընկալվող Ավարայրից ինչ-որ “բարոյական հաղթանակ” դուրս բերեց՝ սովորական կարդացող-հասկացողի համար անհասկանալի է: “Պապից էլ պապական”,- այսպիսին է եղել “հայ” պատմագիտությունը մեծ մասամբ):

Պատմիչը Ավարայրում զոհվածների թվաբանությունը ներկայացնելիս ասում է մի բան, որը դարձյալ ի չիք է անում պատերազմը, որպես թե, հայ-պարսկական լինելու մասին հայ պատմագետի աննորմալ գլխում ինքնիրեն առաջացած պատկերացումը: Գրում է, որ “ուրացողների կողմից այն օրը ընկավ երեք հազար հինգ հարյուր քառասունչորս մարդ”: Ինչ խոսք, Եղիշեն պարսիկներին չէր ասի “ուրացողներ”. այդպիսիք, ըստ նրա տրամաբանության, Վասակյաններն էին: Հետեւաբար, դարձյալ համոզվում ենք, Ավարայրը հայ-պարսկական պատերազմ չէր, այլ ներհայաստանյան պատերազմ էր. Վասակ Սյունուն՝ պարսից Դռան նշանակած մարզպանին օգնության եկած պարսկական բանակը, հավանաբար, հարկ չի համարել անգամ մասնակցել պատերազմին, բավարարվելով դրան փղերի մասնակցությամբ միայն:

Եկեղեցու եւ Վարդանանց՝ երկրում սանձազերծած քաղաքացիական պատերազմը շարունակվեց նաեւ Ավարայրից հետո, որը երկիրն, ի վերջո, կրախի մատնեց: Վարդանի զորքից կենդանի մնացածները,- գրում է Եղիշեն,- տեսնելով, որ իրենց գլխավորը էլ չկա, որ “ժողովեր մնացած զորքերը”, “ցանուցիր եղան եւ քաշվեցին երկրի զանազան ամուր տեղերը եւ ուժով տիրեցին շատ գավառների ու բերդերի”: Մարզպանը այս դեպքում էլ ջանք չի խնայում հետագա արյունահեղությունը կանխելու համար: Նույն պատմիչը ստիպված է լինում խոստովանել, որ նա “Երդումներ էր կնքում թագավորի հրամանով եւ իր անձի վկայությամբ…, պատգամավոր էր ուղարկում նրանց (ովքեր բերդերում էիք թաք կացել,-Ս.Մ.) եւ այնպես էր ցույց տալիս, թե ապստամբությունը ներված է, եւ կրկին իրավունք է շնորհված եկեղեցիները շինելու, եւ բոլոր կարգերը դարձյալ նորոգելու առաջվա սովորության համաձայն”: Ի դեպ, ապստամբներին մարզպանի դիմելու ձեւերի մեջ, ինչպես մի տեղ բերանից թռցնում է Եղիշեն, քիչ չէին նաեւ “անուշ խոսքերով դիմելու” ձեւերը: Թվում է, թե ապստամբները Վասակի ու պարսից Դռան կողմից ավելի մեծ մեծահոգության չէին կարող արժանանալ եւ պետք է որ նրանք դրանից դրդված բերդերից կամովին դուրս գային ու հանձնվեին երկրի օրինական իշխանություններին: Բայց եկեղեցական չար ուժը մտել էր նրանց մեջ եւ դուրս չէր գալիս. “մահ կամ ազատություն (այն էլ՝ բացարձակ,-Ս.Մ.)”,- այս էր նրանց առաջ տանում: Մարզպանին մնում էր բերդերում պատսպարված անիշխանականների հանդեպ ուժ գործադրել (նկատենք, որ նրան օգնում էին պարսիկները նաեւ): Նոր արյունահեղություն, նոր լաց ու կոծ:

Ապստամբների՝ մարզպանի ասածներին հավատ չընծայելը ծանր հետեւանքներ էր ունենում նաեւ նրանց տուն-տեղերի ու ընտանիքների վրա: Բերենք, այդ կապակցությամբ, Եղիշեի սահմռկեցուցիչ նկարագրությունը. “Այնուհետեւ յուրաքանչյուրը3 թողեց իր գյուղը, ավանն ու ագարակը: Հարսները դուրս եկան առագաստներից եւ փեսաները՝ սենյակներից, ծերերն ընկան աթոռներից, եւ երեխաները՝ ծնողների գրկերից, երիտասարդներն ու կույսերը եւ տղամարդկանց ու կանանց ամբողջ բազմությունը գնացին բռնեցին անմարդաբնակ վայրերի ամրոցներն ու լեռների ապահով տեղերը”:

Պատմիչը այս ահավոր ողբերգությունից, իհարկե, Ավարայրը արդարացնելու եկեղեցական դիրքորոշումից դրդված՝ սադիստական հաճույք է ստանում: Բայց մենք ասենք՝ ա՜խ-ա՜խ…
Ինքնաբերաբար հարց է առաջանում՝ 451-ի, դրան նախորդող ու անմիջապես հաջորդող, հայաստանյան մեծ ողբերգությունը որքանով դիպավ դրա գլխավոր մեղավորին՝ Հայաստանյայց եկեղեցուն, նա դրանից կորուստներ ունեցա՞վ, թե՞ ոչ:

Եթե հաշվի չառնենք նրա՝ այդ ընթացքում Հայաստանում իր միահեծան հոգեւոր իշխանությունը կորցնելը (որը միանգամայն բնական էր…), ապա մնացած դեպքերում նա իր սարքած սոդոմ-գոմորից “չոր” դուրս եկավ: Ամենագլխավորը՝ երկրում հեղված անչափ մեծ արյան մի կաթիլն անգամ եկեղեցուց չէր “հոսել” (եթե նա դույզն անգամ արյուն թափեր, ապա այդ մասին նրա պատմիչները անպայման կասեին…): 451-յան դեպքերի ամբողջ ընթացքում նա ընդամենը մի անգամ է արյուն թափելու վտանգի առաջ կանգնել, բայց դրանից հնարամտորեն խույս է տվել: Եղիշեն պատմում է, որ Ավարայրից հետո մարզպանի հետ ապստամբների նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնող պարսից զորահրամանատար Մուշկան-Նիսալավարտին գործողություններից մեկի ժամանակ ամրոցներից մեկում պատսպարված ապստամբներին գերելով՝ նրանց շարքերում հայտնաբերում է բազմաթիվ քահանաների, եւ դրանց մեջ` ապստամբության գլխավոր հոգեւոր կազմակերպիչներին՝ Հովսեփին ու Ղեւոնդին:

Այս եկեղեցական առաջնորդները, սակայն, վաղօրոք իրենց կյանքն արդեն ապահովագրել էին: “Բողոքել էին արքունիք եւ (ապստամբության,-Ս.Մ.) ամբողջ մեղքը գցել էին Վասակի վրա4 “: Պարսից զորահրամանատարը, իմանալով այս մասին,- գրում է պատմիչը,- “չհամարձակվեց նրանց մահվան պատիժ տալ. այլ… ծեծել տալով՝ հրամայեց զգուշությամբ պահել, որովհետեւ (սրանք,-Ս.Մ.) բողոքեցին արքունիք: Իսկ մյուս քահանաներին արձակեցին ամեն մեկին իր տեղը, հրաման տալով, որ աշխարհը շենացնեն ու խաղաղացնեն”:

1 Ինչ խոսք, դա ընդամենը “բաժին” չէր, այլ ամբողջ մի երկիր, այն էլ դրախտավայր երկիր:
2 Ա՜յ թե խորհրդահայ պատմավիպասան Դ. Դեմիրճյանը իր “Վարդանանք”-ում Վարդանանց այս՝ պատերազմի հենց սկզբում զգալիորեն նոսրացող “բանակի” կռիվը համաժողովրդական ապստամբություն է ներկայացրել. հասուն տարիքում էլ “մատնածծությամբ” զբաղվելը այ թե ինչ հետեւանքներ է ունենում:
3 Խոսքը Վարդանանց կողմից Ավարայրին մասնակցած զինվորների ու իշխան-սեպուհների ընտանիքների մասին է:
4 Վարդանը մահից առաջ, դժվար չէ ենթադրել, սրանց ձեռքն էր տվել Վասակի՝ իրեն գրած` վերեւում արդեն հիշատակված նամակը, որ շատ բան կարող էր ասել արքունիքում:

Ավարայրից հետո Հայաստանի կյանքի բարելավման քայլերը, պարսից Դուռ՝ ատյան ճանապարհին, ատյանը, ապստամբության ամբողջ մեղքը Վասակ Սյունու վրա գցելը, մեծ Սյունեցու հառաչանքն ու լացը բանտում, Դռան կողմից Սյունիքին պատիժներ հասցնելը

Ավարայրից հետո էլ շարունակվող Վարդանանց ապստամբությունն, այսպիսով, հայաստանյան իշխանության՝‘մարզպանության ու պարսից ուժերի կողմից ճնշվեց — երկիրը խաղաղեցվեց: Ստեղծված այս նոր պայմաններում պարսից Դուռը որոշեց փոխել Հայաստանի մարզպանին. քանզի Վասակ Սյունու եւ հակամարզպանական ուժերի միջեւ հակասությունները շատ հեռուն էին գնացել եւ առաջինի ձեռնարկած ցանկացած քայլ բուռն դիմադրության կարժանանար երկրորդների կողմից՝ դուռը մարզպանությունը հանձնում է “իր ավագ նախարարներից մեկին՝ Ատրորմիզդ անունով, որի իշխանությունը սահմանակից էր Հայոց աշխարհին” եւ ով Վարդանանց պատերազմում Վասակ Սյունու գործակիցն էր (Եղիշե): Սրա՝ Վասակ Սյունու գործակից լինելը հիմք է տալիս ենթադրելու, որ նրա՝ հայոց մարզպան նշանակվելու հարցում քիչ դեր չի կատարել հենց ինքը՝ Վասակ Սյունին:

Պատահական չէ, որ նոր մարզպանի ձեռնարկած քայլերը իր նախորդի՝ երկիրը խաղաղեցնող քայլերի շարունակությունը եղան: “Ատրորմիզդ մարզպանը եկավ,- գրում է Եղիշեն,- հայոց աշխարհը մտավ սիրով եւ խաղաղությամբ… Եպիսկոպոսներին հրաման տվեց, որ ամեն մեկն իր իշխանությունն ստանձնի եւ նախկին սովորության համաձայն հայտնի կերպով պաշտոն կատարի… Մինչեւ իսկ իրեն առջեւ կանչելով՝ ընծաների եւ պարգեւների արժանացրեց նրանց: Եվ որովհետեւ զորականներն առել ու ավերել էին շատ գավառներ, ուստի հրամայեց երկրի հարկերը ներել. արքունի այրուձին էլ միառժամանակ թեթեւացրեց… Աստվածապաշտության բոլոր կարգերը, ասում էր, հիմա էլ այնպես կատարեն, ինչպես որ կատարում էին առաջվա ժամանակներում: Եվ եթե մեկը որեւէ հեռու աշխարհ է գնացել, արքունիքից իրավունք եմ ստացել, ասում էր մարզպանը, որ ազատ լինեն նրանք, թե՛ շինական, թե՛ եկեղեցական, ինչ կայք էլ թողած լինեն, թող գան եւ յուրաքանչյուրը իր ունեցածին տեր կանգնի… Նաեւ, որ ամենից մեծ բանն է, եթե որեւէ մեկը բռնությամբ, իր կամքին հակառակ էր մոգություն ընդունել, արքունիքից հրովարտակներ ուղարկեց՝ նորից քրիստոնյա դառնալու: Եվ թագավորը խոսում էր արքունիքում եղածների դեմ-հանդիման, թե՝ “Ովքեր սիրով չեն ընդունում մազդեզն կրոնը, այդպիսիների վրա աստվածներն էլ են զայրանում, եւ ես էլ ամենեւին շնորհակալ չեմ. եւ այսօր նույն հրամանն եմ տալիս բոլորին՝ ամեն մարդու թողնել իր կամքի համաձայն վարվելու. ով ինչ կամենում է, թող այն պաշտի” (այս եւ այլ ընդգծումներն իմն են,-Ս.Մ.): Պարսից Դռանը այնքա՜ն մեծ կորուստներ պատճառած Հայաստանը, այսպիսով, նույն այդ Դռան կողմից ապահով ամբողջական զարգացման երաշխիքներ է ստանում (դրա մասին վաղօրոք երազելն անգամ անիմաստ էր),- այն, ինչին Վասակ Սյունին իր մարզպանության ամբողջ ընթացքում անդուլ ձգտել էր, ու որին նա ամբողջովին հասավ “իր մարդ” նոր մարզպանի օգնությամբ: Անգամ Եղիշեն է նկատում, որ երկիրը սկսեց “շենանալ”, հեռավոր տեղերում ցիրուցան եղած ապստամբության մասնակիցները “սիրտ առան” եւ “եկան ու տեր կանգնեցին իրենց սեփականությանը” (էլ ի՜նչ էին ուզում…):

Բայց որտեղ էր եկեղեցին, որ ամբողջ երկրի (ոչ միայն իր) համար լավ լիներ: Ինչպես արդեն գիտենք՝ այդ կառույցի գլխավորներ Հովսեփը եւ Ղեւոնդ Երեցը վաղօրոք բողոքել էին արքունիք եւ ապստամբության ամբողջ մեղքը գցել էին Վասակ Սյունու վրա: Սակայն վերջինս Դռանը կարողացել էր համոզել, որ ինքն անմեղ է, եւ ընդհանրապես էլ՝ լավ կլինի էլ մեղավոր-անմեղ չփնտրել, այլ մտածել երկիրը խաղաղեցնելու մասին (որը եւ անում էր նոր մարզպանը): Եկեղեցին, որն իր՝ վրիժառության հարցերին միշտ էլ հետեւողական է եղել, դա տեսնելով՝ դրդում է իրենց փախած տեղերից իրենց տներ վերադարձած Վարդանի զինակից նախարար-իշխաններին էլ բողոքել արքունիք, որպեսզի վերջնականապես պարզվի Վասակ Սյունու մեղավոր լինելը (տես Եղիշե): Որ եւ սրանք՝ մարզպանի դեմ ոչ պակաս լցվածները՝ անում են: Դռանը ոչինչ չէր մնում, քան հնարավոր մեղավորներին Վասակ Սյունու հետ մեկտեղ ատյան կանչել,- այն, ինչին եկեղեցին ձգտում էր (սա “գրպանում” պինդ պահում էր մարզպանին լիովին մեղավոր դարձնող “կոզր” ամբաստանագիրը՝ նրա իսկ Վարդանին գրած նամակը…): Երկրի խաղաղ կյանքի ու շենացման ընթացքը դարձյալ դադարեց, ու դարձյալ՝ նույնի պատճառով:

Վասակ Սյունին, զգալով եկեղեցու ու նրա գործակից նախարար-իշխանների պատրաստած “ձիու քայլը”, (որը նոր պատուհասներ կբերեր իր ու իր երկրի գլխին)՝ դեպի ատյան ճանապարհին փորձում է վտանգի գլխավոր աղբյուր Ղեւոնդ Երեցին երկրի ընդհանուր շահերին հաղորդ դարձնել, նրան բացատրել, որ Հայաստանի համար թագավորությունը վերականգնելու հեռանկար է բացվել, եթե … “Եթե նրանք (պարսիկները,-Ս.Մ.) ինչ-որ մոռանան էլ, ապա մնացած ամեն տեսակ պատիվներն ու գահը, առանց որեւէ երկբայության ու կասկածի, կստանամ եւ իմը կլինեն”,- ասում է Վասակ Սյունին Ղեւոնդին: Հայաստանյայց եկեղեցին իր հիմնումից ի վեր ամեն ինչ արել էր հայոց թագավորությունը վերացնելու համար. հիմա մի՞թե չէր խոչընդոտի դրա վերականգնումին: Ահա թե ինչու այդ եկեղեցու հարազատ ծնունդ Ղեւոնդ Երեցը Վասակ Սյունուց լսելով հիշատակվածը ու բացելով իր անիծալից բերանը, նրան ասում է. “Դեւը… քեզ մտածել է տալիս, թե այժմ Հայոց աշխարհի թագավորությամբ արյաց արքունիքը կարող է անել քո վաստակների արժանի հատուցումը: Նրանք փոխարենը քեզ ոչինչ չեն կարող տալ: Բայց, արդարեւ, թե որ դու կենդանի գլուխդ ուսերիդ վրա տանես Հայաստան, կնշանակի՝ Աստված ինձ հետ չի խոսել” (Փարպեցի): Ստացվել էր այնպես, որ այդ պահին հայոց թագավորության վերականգնման բախտը կախված էր եկեղեցուց: Ուստիեւ՝ Վասակ Սյունին լսելով Ղեւոնդի ասածները՝ “… վհատված կտրեց իր ամեն տեսակ հույսերը… Գիտեր, որ այդ սրբի խոսքը չի վրիպում, մինչեւ լրիվ չկատարվի”,- գրում է նույն պատմիչը:

Պարսից արքունիքում Վասակ Սյունուն “թագավորն ու արքունի բոլոր մեծամեծները… ընդունեցին մեծարանքներով ու շքեղությամբ, …, պատվում էին նրան՝ որպես հավատարիմ ու բարեգործ մարդու”,- գրում է Փարպեցին: Պարզ է, արքունիքում չէին կասկածում Վասակի անմեղությանը:

Եկեղեցու ուզածը՝ ատյանը բացվում է: Ինչպես ցույց է տալիս ատյանի ընթացքի պատմիչների նկարագրությունը՝ Վասակ Սյունու հակառակորդ կողմը ըստ ամենայնի նախապատրաստված է լինում ատյանում: Սրանք մարզպանի կատարած Հայաստանի՝ Պարսկաստանի նկատմամբ ինքնուրույն քաղաքականություն վարելուն (ընդհուպ մինչեւ թագավորության վերականգնմանը) տանող բոլոր քայլերը ատյանում մատնում են: Ամբողջ մեղքը բարդելով մարզպանի վրա՝ ասում են, թե՝ իբր իրենք չէին ցանկանում ապստամբություն բարձրացնել, նա է իրենց դրան դրդել1. որ նա ցանկանում էր Հազկերտից թագավորի տիտղոս ստանալ. որ նա է Վարդանին Հոնաց երկրից ետ կանչել եւ նրա հետ պարսիկների դեմ պատերազմելու ուխտ կապել. որ նա է Հայաստան եկած մոգերին նեղել-ձերբակալել, սպանել տվել նրանցից ոմանց. որ նա բարեկամացել էր Պարսկաստանի թշնամիների հետ՝ միաբան Պարսկաստանի դեմ դուրս գալու համար. որ նա արքունիքին հասանելի հարկերը լրիվ չէր տալիս եւ այլն (տես Եղիշե եւ Փարպեցի): Ասված այս ամենի համար հակավասակյանները բերում են փաստացի հիմնավորումներ՝ մարզպանի մատանիով վավերական թղթերը, նամակները (Վասակի թշնամիների գլխավորը՝ Ղեւոնդը դրանց հրապարակման պարտականությունը դրած է լինում Կամսարական՝ ոչ հայազուն նախարարական այդ տան իշխաններից մեկի՝ Արշավիր Կամսարականի վրա):

Բնականաբար՝ Պարսից թագավորության շահերով առաջնորդվող պարսից թագավորը՝ Հազկերտը, համոզվելով Վասակի դեմ բերված մեղադրանքների ողջ վավերականությունը, այն բանում, որ իր նշանակած մարզպանն է հենց եղել իր թագավորության դեմ ապստամբության նախասկզբնական կազմակերպիչն ու ոգեշնչողը,- հենց նրան էլ գլխավոր մեղավոր է ճանաչում: Թագավորի վճիռը դաժան ու միաժամանակ անխուսափելի էր. “Բայց լավ իմացիր,- ասում է նա՝ դիմելով Վասակ Սյունուն,- որ այսուհետ Սյունյաց տերը չես: Եվ այն չարիքները, որ մտածել ու կատարել ես, բոլորը պիտի կիտվեն քո չար գլխի վրա: Ե՛վ հայոց աշխարհի իմ հարկերը, եւ՛ սպանված պարսիկները, եւ՛ յուրացրած այնքան հարստությունը, կարգադրեցինք պահանջել քո տնից ու քո որդիներից, մինչեւ որ վճարես բոլորը” (Փարպեցի):

Այնուհետեւ Հազկերտը հրամայում է հենց ատյանում Սյունեցուց խլել բոլոր ունեցած պագեւները: “Եվ պայիկները ծաղրանքով մերկացրին նրան: Զրկելով տերության պատվո զարդարանքներից, խայտառակաբար դուրս տարան եւ արքունի հրապարակի սահմաններից էլ հեռացրին”,- հրճվանքով գրում է Փարպեցին: Այնուհետեւ արքան հրամայում է իր երբեմնի սիրելի մարզպանին Վրկանից աշխարհում “խիստ կալանքի տակ պահել” (Փարպեցի): Պարսկաստանի համար վտանգավոր անձը, թագավորության մեջ իր ազգային (նաեւ ընդհանուր-երկրային) շահերը գերակա համարողը, պարզ է, որ այդպիսի պատժի պետք է ենթարկվեր:

Եկեղեցական պատմագրությունը փաստում է նաեւ, որ ատյանում Հազկերտի ներկայացրած մեղադրանքներից ետքը “Վասակը թեպետեւ ցանկանում էր բան ասել, պատասխան տալ՝ բնավ ոչ ոք չէր ունկնդրում”:

Իսկ եթե ունկնդրելու լինեին, ապա հայաստանյան կողմը, թերեւս, կլսեր. “Ա՜յ ողորմելիներ, ինչո՞ւ չցանկացաք հայոց թագավորությունը վերականգնված տեսնել, պարսկական լծի տակ ապրելը մի՞թե բերկրալից է ձեզ համար, մինչեւ ե՞րբ պետք է երկիրը մսխեք ու ձեր անձնակենտրոն շահերին այն ծառայեցնեք…”: Իսկ պարսկական կողմը թե՝ “Այո՛, ես եմ եղել ապստամբության նախասկզբնական կազմակերպիչն ու ոգեշնչողը, բայց դա ես արել եմ երկիրը զրադաշտական ուծացումից, որը ոչ պակաս ուծացում է, քան քրիստոնեականը, հեռու պահելու համար: Բայց նաեւ, որ ես եմ եղել Ավարայրի ճակատամարտին դեմ եկողը, զի գիտակցում էի, որ այն իմ երկիրն ի կորուստ կտանի, ինչպես նաեւ՝ մեծ կորուստներ կպատճառի հենց Պարսկաստանին”:

Վասակ Սյունեցուն ուրացող ու դավաճան հանող “հայ” պատմագրությունից իմանում ենք նաեւ, որ նա զնդանում “իր կյանքն է մաշում՝ ամեն օր ամեն ժամ հառաչելով ու հոգոց հանելով (պատմիչի կողմից չնշվածը մեր կողմից ավելացնենք՝ նաեւ կատաղությունից մռնչալով,-Ս.Մ.)” (Փարպեցի): Ինչպես չհառաչեր ու հոգոց չհաներ, երբ գիտակցում էր, որ հայոց բախտի անիվը դարձյալ թարս շրջվեց, որ իր երկրում դարձյալ օտարներն են տեր-տնօրինություն անելու, որ՝ դրանց մտոք ու ձեռամբ գրած պատմագրությունը, դրանից ածանցված “հայ” պատմագրությունը, գրականությունը, լեզվաբանությունը հետագայում իսկությունը եղծելու են2 , Պարույր Սեւակի խոսքերով ասած՝ “գաջը” հային ներկայացնելով որպես “հոգեւոր հաց” հանապազօր: Իսկ մռնչում էր եկեղեցու, նրա արբանյակ՝ իր երկրում եկած-հաստատված օտարականների ու խառնածինների, նաեւ հայազուն որոշ թափթփուկների դեմ, ովքեր դարձյալ իրենց չար գործն արեցին իր Հայոց աշխարհի հանդեպ:

Այս առումով հիշենք ատյանից հետո եկեղեցու՝ Հայաստանում ապրող այլազունների ու խառնածինների, ինչպես նաեւ թափթփուկ հայերի “հոգեւոր” այդ որջի (“սրբազան ավազակաորջի”,-կասեր նույնի քույր մեկ այլ կառույցի վերաբերյալ Լեո Տաքսիլը) անդամների՝ Հայաստանի ու հայի գլխին 451-ին իրենց արածների ամփոփումը. “(Եկեղեցականները,-Ս.Մ.) Քաջալերում էին միմյանց եւ ասում. “Քանի որ այս բանը3 գիտենք, եղբայրնե՛ր, չվախենանք այս անաստված հեթանոս ազգից (այսինքն՝ հայերից,-Ս.Մ.), որ զայրացած ժամանակ մեղուներից շատ ավելի վատ են, որովհետեւ նրանց զայրույթն էլ սատակումն է լինելու իրենց անձերի համար: Իսկ մենք տիրոջ անունը կանչենք եւ ետ մղենք բոլորին”: Ինչպե՞ս, ինչպե՛ս չմռնչար,- կրկին անգամ ասենք,- մեր՝ զնդանում տառապող հայրենապաշտը:

Մյուս պատմիչը՝ Եղիշեն ավելացնում է նաեւ, որ զնդանում “խոստովանություն չերեւաց նրա (Վասակ Սյունու,-Ս.Մ.) շրթունքների վրա”: Ո՞ւմ խոստովաներ՝ Հազկերտի՞ն, ով ոչ արիական մեկ այլ կրոնի՝ զրադաշտականության գերին էր, եկեղեցո՞ւն, ով Հայաստանում հիմնվելուց ի վեր հայի ցանածներն էր առանց քրտինք թափելու յուրացնում, “հայ” կամ հայի անվամբ հանդես եկող դավաճանների՞ն ու մատնիչների՞ն. նրա խիղճը մաքո՜ւր էր իր աստվածների, իր հայրենիքի, իր մյուս սրբությունների, իր իսկ առաջ:

Հ.Գ. — Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր օրերի ազնիվ պատմաբաններից մեկին՝ Համլետ Դավթյանին, իր վերջերս լույս աշխարհ բերած “Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը” գրքի, դարձյալ մեր օրերի հայ պատմավիպասան Ջոնիկ Մելիքյանին՝ հարցի վերաբերյալ ունեցած անչափ ուսանելի զրույցների համար (մեր գրողը պատրաստվում է մեծ Սյունեցու վերաբերյալ ազնիվ-անաչառ ու արդարադատ վեպ գրել), որոնք դրդեցին սույն հոդվածաշարը գրելուն):

1 Նկատենք, որ այդ պահին ապստամբության ամբողջ մեղքը գցելով մարզպանի վրա՝ նույն այդ եկեղեցին այն հետագայում լիովին սեփականաշնորհեց ու դրանից իր համար պես-պես պսակներ հյուսեց…

2 Գրականության ոլորտից հիշենք Դ. Դեմիրճյանի տխրահռչակ “Վարդանանք”-ը, լեզվաբանությունից՝ “Հայոց լեզվի հոմանիշների բառարան”-ի հեղինակին՝ Ա. Սուքիասյանին, ով, լեզվաբանական հանցանք կատարելով, իր բառարանում Վասակ անունը դիտում է որպես… հոմանիշ դավաճան բառին:

3 Խոսքը եբրայացիների՝ “տիրոջ (Եհովայի,-Ս.Մ.) անունով միշտ նրանց (այլազգիներին,-Ս.Մ.) հաղթելու մասին է” (Փարպեցի):

 Սերգեյ Մանուկյան

“Լուսանցք” Թիվ 105  մայիսի 22-28 2009թ.
“Լուսանցք” Թիվ 106, մայիսի 29 – Հունիսի 4, 2009թ.
«Լուսանցք», թիվ 107, Հունիսի 5- 11, 2009թ.
«Լուսանցք», թիվ 108, Հունիսի 12- 18, 2009թ.
«Լուսանցք», թիվ 109, Հունիսի 19- 25, 2009թ.
«Լուսանցք», թիվ 110, Հունիսի 26- Հուլիսի 2, 2009թ.
«Լուսանցք», թիվ 111, Հուլիսի 3-9, 2009թ.
«Լուսանցք», թիվ 112, Հուլիսի 10-16, 2009թ.
«Լուսանցք», թիվ 113, Հուլիսի 17-23, 2009թ.
«Լուսանցք», թիվ 114, Հուլիսի 24-30, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 115, սեպտեմբերի 4 — 10, 2009թ.
 “Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 — 17, 2009թ.

Advertisements

2 Responses to “Պատմաբանները Վասակ Սյունու դատաստանի առաջ1”

  1. Հայկ Կարապետյան Says:

    Որոշ առումներով կարող եմ համաձայնել, սակայն հոդվածում ավելի շատ տեսնում եմ հակառակ բևեռը տանելու, քան ճշմարտությունը բացահայտելու ցանկություն:
    Ինչպես չեմ ընդունում Վասակին բացարձակ սև, Վարդանին սպիտակ ներկայացնեը, այնպես էլ դեմ եմ հակառակ մոտեցմանը: Նման մոտեցմամբ վաղն էլ կարող ենք Նժդեհին քննադատել (որի իրավունքը վստահ եմ չունենք) այն բանում, որ հաճախ դեմ գնալով գործող օրինական իշխանությանը, հրաժարվեց լքել Զանգեզուրը: Նա նույնպես (ինչպես Վարդանը) ուներ համակիրների փոքր բանակ (ոչ պրոֆեսիոնալ), բայց այնուամենայիվ, հաղթեց` զորքին ոգեշչելով Վարդանի և Մամիկոնյան (թեկուզ և “Ճենաց երկրից եկած”) տոհմի և ոչ Վասակի անունով:
    Կարծում եմ, ճշմարիտ անկողմնակալ ուսումնասիրությունը պետք է լինի այս և մինչ հիմա առկա “պատմագիտական” տեսակետների ոսկե միջինը:

  2. Armen Says:

    Շատ կցանկանայի Վարդանանց պատմության մասին անկողմնակալ հոդված տեսնել: Ցավով պետք է նշեմ, որ այս մեկն այդպիսին չէ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: