Հայոց Լեզուն՝ Խորհուրդների Համակարգ
Ո՜վ Արարչածին Հա՛յ, ավերակների վրա մի՛ ողբա երբեք եւ փլատակների մեջ մի՛ որոնիր քեզ: Այո՛, ավերված են քաղաքները քո. բայց մարդն է շինել, մարդն էլ կավերի. կործանված են Մեհյանները քո. բայց մարդն է կերտել, մարդն էլ կքանդի. այրված են բոլոր մատյանները քո. բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ, որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել. Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ. Արարչածին է Լեզուն Հայոց, եւ Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ եւ Աստվածամարդիկ:
Հայոց Լեզվի մեջ քո Ծագումը կա, եւ քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Արյունը կա, եւ քո Հայրենիքը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, եւ քո Արեւը կա Հայոց Լեզվի մեջ. ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծըփանք եւ առվի կարկաչ՝ այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ:
Հուրը Վահագնի, Սերը Աստղիկի, Մայր Անահիտի ժպիտը բուրող եւ Հայր Արայի տիեզերական Արարումը կան Հայոց Լեզվի մեջ: Քո պապերի ու թոռների զորությամբ օծված, դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ:
Մտիր Հայ Լեզվի խորհուրդների մեջ, եւ դու կմտնես հրաշքների աշխարհ, ու ինքդ կլինես հրաշալիքների մեջ մի վեհ հրաշալիք. էլ ի՞նչ ես փնտրում Հայոց Լեզվից դուրս:
Հավա՞տք ես ուզում՝ Գերագույն Հավատք է Հայոց Լեզուն: Ավետարա՞ն ես ուզում՝ Ավետարան է Հայոց Լեզուն. Տաճա՞ր ես ուզում՝ Հավատքի Տաճար է Հայոց Լեզուն. Աստվա՞ծ ես ուզում՝ Աստվածների Խորհրդարան է Հայոց Լեզուն.
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ է Հայոց Լեզուն:
Լեզու բառի մեջ ԷԶ /ԱԶ/ արմատն է, որը նշանակում է ծագում, սերում, արյունակցություն: Ըստ այդմ, Լեզուն նույնանում է Ազգին: Ազգային Լեզուն Ազգի ներքին գենետիկական որակ է:
Ի՞նչ է Հայոց Լեզուն Հայի համար:
Թե Արարչածին է Ազգն Արմենական, ապա Աստվածաշունչ է Հայոց Լեզուն: Աստվածային ծագում ունի նա: Այն Արարչից է գալիս: Եվ մեր նախահայր Արին Հայր Արայից իր արյան հետ ժառանգել է նաեւ Հայոց Լեզուն որպես իր հոգեւոր էություն: Եվ այդ Լեզվով են Արիները տարածվել աշխարհով մեկ եւ բազմաթիվ Արի Ազգեր ձեւավորել:
Այդ նույն Լեզուն են Հայր Արայից ժառանգել նաեւ բոլոր Աստվածները: Եվ Աստվածների հետ միայն Հայոց Աստվածաշունչ Լեզվով կարող ենք խոսել:
Հայոց Աստվածաշունչ Լեզուն ազգային բացարձակ խորհուրդների համակարգ է:
Հայ Ազգը, որպես բնական որակ, ի սկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի հետ, բնական բազմազան երեւույթների, էությունների հետ, բնական զորությունների, Աստվածների հետ… Եվ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգեւոր կերտվածքի, իր բնավորության, իր մտածելակերպի եւ այլ որակական դրսեւորումների միջոցով, յուրովի ընկալել է դրանց խորհուրդները եւ համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի մեջ ամեն խորհուրդ իր անունն ունի, եւ ամեն անուն իր խորհուրդն ունի: Եվ պատահական անուն չի լինում երբեք:
Ըստ այդմ, Հայոց Լեզուն, որպես Ազգի ներքին գենետիկական որակ, իրենից ներկայացնում է Ազգային Խորհուրդների Համակարգ: Այնինչ, բոլոր օտար լեզուները, որպես արտաքին հաղորդակցման միջոց, Հայ Ազգի մեջ ներկայանում են որպես Բառերի Քերականական Համակարգ:
Այսպես՝ հայերիս համար ռուսերեն Սոլնցե կամ անգլերեն Սան բառերի իմաստը որպես քերականական միավոր իմանալը բավարար է այդ լեզուներով արտահայտվելու համար: Այնինչ, հայերեն Արեգակ բառը որպես քերականական միավոր մեզ չի կարող բավարարել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչո՞ւ Արեգ, ի՞նչ է նշանակում Արեգը, ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ Արեգը, ի՞նչ կազմություն ունի եւ այլն:
Ըստ այդմ, Հայոց Աստվածաշունչ Լեզուն է, որպես ազգային խորհուրդների համակարգ, մշտապես արարումի հիմք հանդիսանում արարող Արմեն Ազգի համար, քանզի բնական օրինաչափությունների խորհուրդները զգալով է միայն, որ հնարավոր է արարել:
Սակայն, երբ Հայոց Լեզվի անունները մեր զգացողության մեջ կորցնում են իրենց խորհուրդները, ապա վերածվում են պարզապես անկենդան բառերի, իսկ Լեզուն վերածվում է բառային քերականական համակարգի: Եվ Հայոց Լեզուն հենց իր Ազգի մեջ որակազրկվում է եւ վերածվում արտաքին հաղորդակցման միջոցի՝ ստանալով օտար լեզուներին հավասար արժեք:
Վաղուց արդեն, որպես Հոգեւոր Եղեռնի հետեւանք, մենք օտարվել ենք մեր հոգեւոր էությունից: Մենք օտարվել ենք մեր Աստվածաշունչ Լեզվից: Եվ վաղուց արդեն մենք չենք զգում Հայոց Լեզվի խորհուրդները: Եվ ազգային խորհուրդների անունները մեր մեջ վերածվել են անկենդան բառերի, որոնք իրար հետ կապված են զուտ քերականական կանոններով:
Եվ վաղուց արդեն մենք օտարվել ենք մեր արյունից ու հոգուց. մեր միտքը աշխատում է զուտ անկենդան բառանշանների գործածությամբ, որպես արտաքին հաղորդակցման միջոց, այլ ո՛չ՝ ներքին հոգեւոր որակ. մեր միտքը աշխատում է թերի, անպտուղ, եւ մենք չենք կարող արարել եւ մենք չենք կարող խոսել Աստվածների հետ:
Եվ Հայ Ազգը դադարեց արարել: Անկենդան բառերի քերականական համակարգի մեջ մեռնում է նաեւ կենդանի արարչագործությունը:
Եվ Ազգի հոգեւոր եղեռնը շարունակվում է եւ դեռ կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ որ մենք վերականգնենք մեր զգացողության մեջ Հայոց Լեզուն որպես Ազգային Խորհուրդների Համակարգ եւ դրանով Ազգի սերունդների զգացողության մեջ հաստատենք այն որպես ազգային ներքին գենետիկական որակ:
Ազգային խորհուրդները արտահայտվում են լեզվի արմատների միջոցով (բառարմատներ եւ հունչարմատներ): Հայոց Լեզվի ամեն մի արմատ ունի իր ամենաբազմազան երանգավորումները. եւ այդ ամենաբազմազան երանգավորումներով կազմում է ամենաբազմազան խորհուրդները:
Եվ երբ վերականգնենք մեր մեջ Հայոց Լեզուն որպես Խորհուրդների Համակարգ, այն ժամանակ Հայոց Լեզուն կբացվի մեր առջեւ որպես աստվածային իմաստության ավազան, որի մեջ մենք կգտնենք մեր էությունը, մեր ծագումը, մեր անցյալն ու ապագան: Այն ժամանակ արարչագործությունը կդառնա մեր կյանքի բովանդակությունը: Եվ մենք ինքներս կզգանք, որ Հայոց Լեզվով մուրալ չի լինի, աղերսել չի լինի, աղոթել չի լինի: Քանզի Հայոց Լեզուն Աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում եւ չեն մուրում:
Հատված ”Ուխտագիրք Արորդյաց”-ից
“Լուսանցք” Թիվ 33, 9-15 նոյեմբեր, 2007թ.
Թողնել պատասխան