Ջավախքի հարցը՝ ՄԱԿ-ում

by

Ինչպես ներկայացնում է ­”Ջավախք-ինֆո­”-ն, 2007թ. հոկտեմբերի 15-16-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 91-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցան Վրաստանի կողմից ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված լսումները:

Ի թիվս մարդու իրավունքների ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, քննարկվել է նաեւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վիճակը: Այդ քննարկումներին մասնակցել են նաեւ Հայրենադարձության եւ հիմնավորման ­”Երկիր­” հասարակական կազմակերպություների միության ներկայացուցիչները, եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ­”Երկիր­”-ին իրավունք է տվել նստաշրջանի շրջանակներում իր անունից կազմակերպել առանձին քննարկում‘ նվիրված խնդրո առարկային: Վրաստանում հայ փոքրամասնության վիճակին վերաբերող իրողություններից խոսեց ­”Երկիր­”-ի հրավիրած հայտնի փորձագետ, Ավստրալիայի Մըրդըքի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ դը Վառենը: Իրողություններն, ըստ նրա, հետեւյալն են. ­”վրացերենի անայլնտրանքային օգտագործումը պարտադրող Վրաստանի օրենսդրական դաշտը, լեզվական արգելքի հետեւանքով պետական ծառայության համակարգում հայերի ներկայացվածության հետզհետե նվազումը եւ հանրային կյանքին մասնակցության ոչ բավարար մակարդակը, պետական ուսումնական հաստատություններում վրացերենով դասավանդման համակարգի հետեւողական ներդնումը, լեզվական արգելքի հետեւանքով վրացական բուհեր հայ շրջանավարտների ճնշող մեծամասնության ընդունվելու անհնարինությունը, Վրաստանում Հայկական համալսարանի ստեղծման անհրաժեշտությունը եւ այլն­”:

­”Երկիր­” միության մասնաճյուղ՝ ­”Երկիր-Վրաստան­” կազմակերպության ներկայացուցիչ Լեւոն Իսախանյանը, ի թիվս այլ հարցերի, մասնավորապես ներկայացրեց Հայ Առաքելական Եկեղեցու վիրահայոց թեմի խնդիրները, որոնք են պետական գրանցում ստանալու համար իշխանությունների առաջացրած խոչընդոտները, խորհրդային տարիներին բռնագրավված եկեղեցական շինություններն ու գույքը հետ ստանալուն ուղղված ապարդյուն ջանքերը:

Քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ընդունեց եզրափակիչ փաստաթուղթ, որտեղ Վրաստանի կառավարությանը տրվեցին մի շարք հանձնարարականներ՝ մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ: Փաստաթղթում հստակ անդրադարձ է եղել նաեւ Վրաստանի էթնիկական փոքրամասնությունների եւ, հատկապես, հայ եւ ադրբեջանական համայնքներին հուզող խնդիրներին: Մասնավորապես, Կոմիտեն իր մտահոգությունն է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին երկրում գործող կրոնական միավորումներից միակն է, որն ունի Սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավիճակ՝ նշելով, որ դա կրոնական այլ միավորումների նկատմամբ խտրականության դրսեւորում է: Վրացական իշխանություններին պարտավորեցրել են լուծում տալ խորհրդային տարիներին կրոնական փոքրամասնություններից (իմա՝ Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիներից) բռնագրավված եկեղեցական շենքերն ու ունեցվածքը վերադաձնելու խնդիրներին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը վրացական իշխանություններին նաեւ մի շարք հանձնարարականներ է տվել, ասենք, քննել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում եւ վարչարարության բնագավառում փոքրամասնություններին իրենց լեզուների օգտագործումը թույլ տալու հնարավորությունը:

Ջավախքինֆո
12.11.2007թ.

“Լուսանցք” Թիվ 34, 16-22 նոյեմբեր, 2007թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: