Նոյեմբերի 16-19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվեց ”Թուրքական պետությունների եւ հասարակությունների բարեկամության, եղբայրության ու համագործակցության” 11-րդ համագումարը: Պատվիրակներ էին ժամանել աշխարհի շուրջ 30 երկրներից: Երկար ժամանակ է ինչ Թուրքիան փորձում է կյանքի կոչել ”մեկ ազգ-վեց պետություն” կարգախոսը՝ փորձելով դառնալ առաջնորդ երկիրը Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան-Թուրքմենստան-Ուզբեկստան-Ղրղզստան համագործակցությունում:
Սակայն, տարիների ջանքերը դեռեւս ապարդյուն են, ավելին՝ մյուս 5 պետությունները էականորեն չեն աջակցում Թուրքիային՝ տարածաշրջանի առաջատարը դառնալու հարցում, չեն նպաստում թուրքերենի ծավալմանն ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության միջազգային ճանաչմանը:
Ուզբեկստանն առհասարակ չէր մասնակցում համագումարին, քանզի լարված են Թուրքիայի եւ Ուզբեկստանի նախագահների հարաբերությունները: Ուզբեկները թուրքերին մեղադրում են Ֆերգանայի հայտնի դեպքերն ու դրան հաջորդած ջարդերը հրահրելու մեջ, որից էապես տուժեց Ուզբեկստանի միջազգային վարկը: Իսկ Թուրքիայի ”մերձավոր եղբայր” Ադրբեջանն էլ բացահայտորեն հրաժարվեց ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, որի նախագահը գուցե թե մեծ հույսեր էր փայփայում այդ հարցում: Այս հանգամանքը, ինչպես եւ Ադրբեջանի ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի գերագույն խորհրդի՝ թուրքերեն հաղորդումների հեռարձակումն արգելելու որոշումը, շատ են վշտացրել ադրբեջանցիների եւ մնացյալ թուրքալեզուների ”ավագ եղբորը”: Թուրքիան եւս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանն ու Միջին Ասիայի 4 պետությունները գտնվում են Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, եւ այն տեսակետը, որ թուրքալեզուների համագործակցությունում ներգրավվեն նաեւ ոչ թուրքալեզու Վրաստանն ու Տաջիկստանը, առավելապես հռետորական հնչեց:
Եվրոպական երկրներից ժամանած թուրքական պատվիրակություններն էլ ըստ երեւույթին պիտի փորձեն առավել թափով աջակցել Թուրքիային՝ Եվրամիության կազմ մտնելու գործում, ինչը նույնպես հեռանկարում տեսանելի չէ: Առավել եւս, երբ դեռ նոր է գործադրվում Եվրոպայում թուրքալեզու ժողովուրդների համայնքների կապերի ամրապնդման ու ծավալման խնդիրը:
Համագումարում արծարծվել են նաեւ Իրաքի թուրքմենների իրավունքի պաշտպանության, թուրքալեզու երկրների համար ընդհանուր այբուբենի մշակման, թուրքերով բնակեցված երկրներում համապատասխան դասագրքերի ապահովման, տնտեսական, մշակութային ու քաղաքական կապերի կարգավորման եւ այլ խնդիրներ:
Դե իհարկե, քննարկվել են ”հայկական բռնազավթումների ու ադրբեջանցի փախստականների վերադարձի”, ”Արցախում ՄԱԿ-ի որոշումների չկատարման” եւ ”Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու” հարցերը նույնպես եւ, հատկապես, Թուրքիայի հին ու նոր նախագահները նկատել են, որ եթե միասնական չլինեն, ապա… ”մեզ կըբզկտեն”: Այս դեպքում պարզապես ասում են՝ ”սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում”: Տարբեր քննարկվող հարցերից մեզ՝ հայերիս, առնչվում էր նաեւ թուրք-մեսխերի ”հայրենադարձության” խնդիրն ու հայոց ցեղասպանության ճանաչման դեմ սկսված համակարգված պայքարը: Այս առումով հատկապես Թուրքիան ու Ադրբեջանը մտադիր են միավորել նաեւ իրենց սփյուռքի ջանքերը:
11-րդ համագումարի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը եւ ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանն արժանացել են ”Օրխոն-Ենիսեյ” մրցանակի:
Դե ինչ, մնում է համաթուրանականությանը դիմակայենք առավել կազմակերպված համահայկականությամբ: Ոչ թե ”համաշխարհային հայկական…” սին կառույցներով, այլ ամուր հայկական պետականության շուրջ համախմբված համայն աշխարհի հայության ներուժի օգտագործմամբ:
Իսկ թուրքական երկրների անհարթությունները մեզ չպիտի հանգստացնեն, քանի որ… համաթուրքական հաջորդ համագումարը կրկին կկայանա Բաքվում՝ 2008թ.-ին:
Հայկ Թորգոմյան
“Լուսանցք” Թիվ 35, 23 — 29 նոյեմբերի, 2007թ.
Թողնել պատասխան