Վրացիները կառուցում են հայերի ոսկորների վրա

by

Խոջիվանք. նախանձի բեռնակիրների թիրախը

Ապշեցուցիչ, տարօրինակ բաներ են կատարվում Վրաստանում: Վրացիներն աշխարհին ներկայանում են որպես քաղաքակիրթ, ժողովրդավար եւ բարեհաճ նկարագրի տեր, բայց իրականում թշնամաբար ու բարբարոսաբար են վերաբերում վրաստանաբնակ այլազգիների, հատկապես, հայերի նկատմամբ:
Այդպիսի վերաբերմունքի հիմնական շարժառիթը նախանձն է, մաղձն ու մրցակցության հիվանդագին մղումը՝ հիմնովին անտեսելով հայերի քաղաքակրթական վիթխարի ավանդը: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ օտարերկրյա զբոսաշրջիկներն այդպիսի աղաղակող փաստերը նշում են զարմանքով եւ զայրույթով: Այդպիսի մի դեպքի ականատեսը եղավ կանադահայ լեզվաբան Րաֆֆի Տիգրանյանը: Վերջինիս այցը Թիֆլիս պատահական էր եւ համընկավ սբ. Երրորդություն (Սամեբա) տաճարի համալիրի տարածքում լրացուցիչ կառուցապատմանը: Նա հնությունների մոլի սիրահար էր եւ ամեն քայլափոխի հիանում էր հին Թիֆլիսի հրաշքներով՝ շենքերով, կամուրջներով, քանդակներով, ճաղաշարերով, սալարկուղիներով եւ այլն:

Շրջագայելիս նա տեսավ խիստ մտահոգիչ եւ զարհուրելի պատկերներ: Բանն այն է, որ սբ. Երրորդություն տաճարը կառուցվեց հայերի ոսկորների վրա: Այսպես, Տիգրանյանը տեսավ, թե ինչպես էր էքսկավատորը քանդում հողը եւ հանում ննջեցյալների կմախքները; Հոգեւոր սեմինարիայի հիմքը փորելիս գոյացել էր մի հսկայական փոսորակ՝ հենց Հայ մշակույթի գործիչների պանթեոնի հարեւանությամբ: Մեկ այլ փոսորակ այժմ փորվում է հանգստարանի մյուս կողմից եւ նախատեսված է ջրամբարի համար:

Այդ ժամանակ հայտնաբերվեցին նաեւ հայերի տապանաքարեր, որոնցից մեկը 17-րդ դարի էր: Մի խումբ հայրենասեր թիֆլիսահայեր պատմության այդ լուռ վկաները հոգատարությամբ տեղափոխեցին վերոհիշյալ պանթեոնի բակ: Րաֆֆին սահմռկեցուցիչ այդ տեսարանները համբերատար լուսանկարեց, որպեսզի համոզիչ եւ փաստերով կարողանա ապացուցել աննախադեպ վանդալիզմը:

Որոշ ժամանակ անց կանադական ­”Բագին Ինֆո­” տեղեկատվական գործակալությունն ի լուր աշխարհի լրատվություն տարածեց այդ մասին: Այսպես բացահայտվեց ճշմարտությունը հայաբնակ Հավլաբար թաղամասի ճակատագրի մասին: Մ. Սահակաշվիլին ծրագրել է ամբողջովին հողին հավասարեցնել բոլոր շինությունները եւ կառուցել ընտրյալների նոր շրջան: Կառավարությունն արդեն զգուշացրել է տեղի հայերին, որ նրանց կվճարվի որոշակի գումար (906 դոլար 1քմ-ի համար) եւ որ նրանց կտեղափոխեն Թիֆլիսի ծայրամասեր: Այս մերկացմանը խիստ թունոտ եւ հիվանդագին արձագանքեցին վրացական շրջանակները (մինչդեռ այս երկիրը հավակնում է դառնալ տարածաշրջանի ամենաժողովրդավարն ու օրինակելին): Զարմանալին այն է, որ այդ հրապարակումը վիրավորել էր նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ իշխանությունների հլու կամակատար Վան Բայբուրթին, ով իսպառ ժխտում է հայոց այդպիսի գերեզմանատան գոյությունը:
Վրաց մամուլն անմիջապես հարձակման անցավ եւ գործի դրեց վարկաբեկման՝ ունեցած ամբողջ զինանոցը: Ըստ նրանց, հայերը յուրացրել են իրենց մշակույթը: Մինչդեռ ճիշտ հակառակն է. վրացիները զբաղված են պատմաշինարարությամբ եւ անպատկառ ձեւով սեփականում են հայոց քաղաքակրթությունը: Վրացական պաշտոնական տեսակետով, հայերը պետք է հավերժ երախտապարտ լինեն վրացիներին՝ ապաստան ստանալու համար: Իսկ պատմությունը հավաստում է, որ վիրահայերը տեղաբնիկ են, այսինքն՝ ունեն իրենց ճակատագիրը տնօրինելու բոլոր հիմքերն ու իրավունքները:

Մեզ մեղադրում են 1795թ. պարսից գահակալ Աղա Մահմադ խանի արշավանքների ժամանակ Թիֆլիսի դարպասները բացելու մեջ (­”Սաքարթվելոս Ռեսպուբլիկա­” 20.09.2007): Բայց իրականում այդ դժնդակ ժամանակ թիֆլիսահայերը (նաեւ Սայաթ-Նովան) հերոսական պաշտպանություն են կազմակերպել թշնամու դեմ: Չմոռանանք, որ Թիֆլիսը դարեր շարունակ եղել է գերազանցապես հայաբնակ: Պարզապես ուժերը խիստ անհավասար էին, եւ սա է պատմական ճշմարտությունը:
Ինչ վերաբերում է երբեմնի հռչակավոր գերեզմանատան գոյությանը. դա բնավ էլ կասկած չի հարուցում, այն Թիֆլիսի հայության անցյալի ճշմարտապատում արտացոլումն է: Այդտեղ ամփոփված երեւելի մարդկանց մասին լավագույնս վկայում են պատմական վավերագրերը եւ ժամանակի մամուլը:
Այս առումով հիշատակության արժանի ենք համարում վաղամեռիկ թիֆլիսահայ ֆիզիկոս եւ անխոնջ հետազոտող Միքայել Փեշտմալջյանի հուշերը գերեզմանատան մասին: ­”Խոջիվանք. թիֆլիսեցու սրտում այդ բառի մեջ ինչքան հույզեր են կուտակված: Խոջիվանքը ոչնչացված է, բայց հնարավոր չէ ոչնչացնել այն մարդկանց հիշատակը, ովքեր ամփոփված են այդ հողում: Խոջիվանքում իրենց վերջին հանգրվանը գտան հազարավոր թիֆլիսեցիներ, ովքեր ստեղծեցին այս քաղաքը: Նրանք այն կրկին կառուցեցին 1795թ. Աղա Մահմադ խանի ավերիչ արշավանքից հետո:

Այստեղ էին թաղված եռանդուն վաճառական-գործարարները, ովքեր դարձան քաղաքի տնտեսության եւ բարեկեցության հիմնադիրները:

Այստեղ էին ննջում ինքնուս եւ տաղանդավոր արհեստավորները, ովքեր իրենց սեփական ձեռքով ստեղծեցին քաղաքի անկրկնելի գեղեցկությունը (կենցաղային առարկաներ, ոսկերչական զարդեր եւ այլն):

Այստեղ էին հանգչում Թիֆլիսի պատվավոր քաղաքացիները, ովքեր կառուցեցին եվրոպական նոր տիպի քաղաք:

Այստեղ էին թաղված քաղաքի լավագույն թաղամասը՝ Սոլոլակը կառուցած հայորդիները՝ առաջին կամուրջների, թատրոնների, թերթերի եւ դպրոցների, մի խոսքով, քաղաքի փառքն ու հպարտությունը ներկայացնող ամեն ինչ կերտողները:

Հին Թիֆլիսի պատմության մեջ շատ բան եզակի եւ անզուգական էր, եւ այդ արժեքների ստեղծողները գրեթե ամբողջովին նիրհում են Խոջիվանքում:

Եվ փոխանակ խորությամբ եւ անհապաղ զբաղվենք այդ անկրկնելի գերեզմանատան պատմության ուսումնասիրությամբ, հանցավոր կերպով ինչ-որ բանի ենք սպասում, քանի որ ժամանակի ընթացքը կորստաբեր է Հին Թիֆլիսի պատմության պահպանության համար­”…

Ատոմ Կարինյան

“Լուսանցք­” Թիվ 35, 23 — 29 նոյեմբերի, 2007թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: