Նախնյաց կանչ

by

Շարունակելիության խորհուրդը

Ո՜վ, Արորդի՛, քո շարունակելիությունը քո Ցեղի, քո Ազգի, քո Տոհմի մեջ է: Թե դու լինելություն ես այդ ամբողջության մեջ — քո շարունակելիությունն էլ այդ ամբողջության մեջ է կատարվում: Ցեղակրոնի շարունակելիությունը հենց ինքը՝ Ահեղաշունչ Վահագն է հովանավորում:

Թե դու ամուսնանում ես, ընտանիք կազմում — քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելիությունը չես ապահովում ընտանիքիդ միջոցով:

Թե դու երեխա ես արարում, տառապում, մեծացնում ես՝ քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելիությունը չես ապահովում երեխայիդ մեջ:

Թե դու պահպանում ես քո Տոհմը, զորացնում ես այն — քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելությունը չես ապահովում Տոհմիդ մեջ:

Թե դու պաշտում ես քո նախնիներին, հոգով կապվում ես քո նախնյաց ոգիներին եւ ունկնդրում ես նրանց ձայնին — քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելիությունը չես ապահովում քո նախնիների միջոցով:

Թե դու նվիրվում ես Ազգիդ ցավերին, տառապում ես, հալածվում, զոհվում — քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելիությունը չես ապահովում Ազգիդ մեջ:

Եթե վերածնունդ չկա, եթե շարունակելիություն չկա, եթե ոչինչ քեզ չի մնալու, դու էլ քեզ չես մնալու, եւ քո կյանքը անցողիկ մի պատահականություն է — ուրեմն չի լինի եւ՛ սեր, եւ՛ նվիրում, եւ՛ զոհաբերություն, եւ՛ արարում:

Ավելի հեշտ չէ՞ չծնել, չնվիրվել, չտառապել, չզոհվել, չսիրել եւ պարզապես վայելել անցողիկ կյանքի մարմնական վայելքները, եթե վաղը ոչնչանալու ես անդարձ:

Ի՞նչ խորհուրդ մոր համար երեխա ծնելը՝ հոգեւոր տառապանք, որ երջանկություն է բերում:
Ի՞նչ խորհուրդ բանաստեղծին քերթվածք արարելը՝ հոգեւոր տառապանք, որ երջանկություն է բերում:
Ի՞նչ խորհուրդ զինվորին Ազգի համար զոհվելը՝ մի ամբողջ կյանք, որ երանություն է բերում:
Ի՞նչ խորհուրդ այդ բոլոր երջանկաբեր տառապանքները մարդու մեջ՝ իր շարունակելիության զգացողություն:

Այդ ի՞նչ խորհրդավոր ուժ է, որ ծնողին մղում է ինքնազոհողության՝ հանուն զավակի ապահովության: Դա հենց բնական ինքնանորոգման զորությունն է, որ ծնողին մղում է իր շարունակելիությունը ապահովել զավակի միջոցով:

Այդ ի՞նչ խորհրդավոր ուժ է, որ մարդուն մղում է ինքնազոհողության՝ հանուն Ազգի եւ Հայրենիքի: Դա հենց բնական ինքնանորգման զորությունն է, որ մարդուն մղում է իր շարունակելիությունն ապահովել իր Հայրենիքում, իր Ազգի ամբողջության մեջ:

Նա, ով կվտանգի որդու կյանքը՝ իրենը փրկելու համար, նա կփրկի միայն իր այս մի կյանքը, բայց կվտանգի իր շարունակելիությունը, քանզի իր շարունակելիությունը որդու միջոցով է լինելու:

Նա, ով իր անձնական ապահովության համար կվտանգի իր Տոհմը, իր Ազգը, իր Հայրենիքը, նա կապահովի միայն իր այս մի կյանքը, բայց կվտանգի իր շարունակելիությունը, քանզի իր շարունակելիությունը իր Հայրենիքի, իր Ազգի եւ իր Տոհմի մեջ է լինելու:

Արարիչը հովանավորում է նրանց շարունակելիությունը, ովքեր իրենց ապահովությունը իրենց զավակների, իրենց Տոհմի, իրենց Ազգի եւ իրենց Հայրենիքի ապահովության մեջ են տեսնում:

Վերածնունդը հավերժող

Ո՜վ, Արորդի՛ — սիրիր դու կյանքը, բայց մահից էլ մի վախեցիր՝ ապրիր հավերժության զգացումով եւ հավերժ կլինես դու: Դա է Վահագնի աստվածային պատգամը:

Դու լինելություն ես, դու հավերժ ես: Եվ քո լինելությունը հենց կյանքի ու մահի միասնություն է — մահը կյանքի մեջ, կյանքն էլ մահի մեջ՝ հենց դա է լինելությունը, դա է հավերժությունը:

Մահ որպես չգոյություն, որպես ոչնչացում չկա: Մահը կա որպես կյանքի անդրադարձ: Կյանքը մեր ոգին է մարմնավոր, իսկ մահը՝ մեր ոգին անմարմին:

Ո՜վ, Արորդի՛, մի վախեցիր մահից — ապրիր ազատ եւ հավերժության հավատով: Հավերժության մեջ մի մահը ի՞նչ արժե որ՝ ոգիացած երազ միայն:

Երբեք մի ապրիր մի կյանքի համար: Բազմաթիվ կյանքեր ունես դու եւ բազմաթիվ մահեր: Նա, ով ծնվել է՝ որոշապես մի օր պիտի մեռնի. նա, ով մեռել է՝ որոշապես մի օր պիտի ծնվի:

Էլ ինչո՞ւ ես մի կյանքի սահմաններով ապրում: Ապրիր հավերժով: Անցողիկ չէ կյանքը, եւ անցողիկության վախով մի ապականիր քո ոգին, թե չէ նա կտկարանա, եւ կվտանգի քո վերստին ծնունդը:

Երազում էլ դու ապրում ես: Դու զգում ես քեզ, դու զգում ես մարդկանց՝ ողջ թե մեռած, խոսում ես նրանց հետ: Քո երազում բոլորը իրական են, բայց բոլորն էլ աննյութ են, դու էլ ես աննյութ: Դա քո հոգին է հարաբերվում ողջերի ու մեռածների ոգիների հետ:

Մահն էլ երազի պես՝ քո աննյութ ոգին ազատ հարաբերվելու է ոգիների եւ ողջերի հոգիների հետ: Դու տեսնելու ես ողջերին, լսելու ես նրանց. բայց նրանք քեզ կարող են տեսնել միայն հոգով:
Քեզ համար հաճելի չէ՞ միայն օրհնություն լսել ողջերից եւ ոչ՝ անեծք քո հասցեին: Ապրիր այնպես, որ մահից հետո անեծք չլսես:

Քո ամեն մի արարք տեսնում են քո նախնյաց ոգիները, որոնք պիտի ընդունեն քեզ մի օր: Եվ վ՜այ քեզ, եթե որպես ապականված ոգի մտնես նրանց մեջ — նրանք քեզ չեն ընդունի, կվռնդեն քեզ իրենց միջից, եւ դու կթափառես միայնության մեջ՝ լքված ու հալածված: Էլ ինչպե՞ս դու վերստին պիտի ծնվես:
Մահվան սարսափը հրեշ է ծնում քո մեջ. դու չես սիրի ոչ մեկի, դու չես սիրի նույնիսկ քեզ: Չարացած դու կհալածես ինքդ քեզ, քո հարազատներին, կլքես քո Տոհմն ու Ազգը, կսողաս սրա կամ նրա առջեւ՝ մի կերպ կյանքին կառչելու համար. դու կապականես քո շրջապատը եւ քո ոգին:

Եվ ապականված ոգուն Տոհմիդ ոգիները չեն ընդունի, եւ դու վերստին չես ծնվի: Միայն մի կյանքով ապրողը հավերժից է զրկվում:

Տոհմը վեմն է ազգի

Ո՜վ, Արորդի՛ — միայն տոհմական անհատը կարող է կատարելության հասնել, դառնալ Ցեղամարդ: Թե դու Տոհմ չունես՝ դու չունես եւ Ազգ, դու չունես եւ Հայրենիք: Այդպես է աստվածային կամքը Վահագնի:
Տոհմն է Ազգի հիմքը: Տոհմը Ազգի մանրապատկերն է, ընտանիքը՝ Տոհմի. Տոհմը Ազգի բնական մասն է, ընտանիքը՝ Տոհմի. Տոհմը Ազգի սերնդարանն է, ընտանիքը՝ Տոհմի. Տոհմը Ազգի արյունն է, ընտանիքը՝ Տոհմի. Տոհմը Ազգի պահպանիչն է, ընտանիքը՝ Տոհմի:

Քո Տոհմը հենց դու ես քո բոլոր նախկին, ներկա եւ գալիք սերունդների հետ մեկտեղ: Տոհմը — դա քո արյունն է, քո ծագումը որպես անհատ:

Տոհմը — դա քո ծագումի, արյան այն ընդհանրությունն է, որ ունես դու եւ ունեն քո հայրը, քո պապը, ապուպապը, որ ունեն քո եղբայրները, քո հորեղբայրը…

Նայիր քո հորը, քո պապին, քո հորեղբորը, եղբորն ու հորեղբորորդուն՝ ի՜նչ նման եք դուք իրար. քանզի դուք նույն Տոհմն եք, նույն տոհմական արյունն ունեք, նույն տոհմական ծագումն ունեք, նույն տոհմական Ես-երն եք դուք:

Ազգիդ արյունը քո Տոհմի միջոցով ես ստանում դու. քո Արի ծագումը Տոհմիդ մեջ ես ստանում դու եւ Ցեղիդ զգացողությունը Տոհմիդ մեջ ես ձեւավորում դու:

Եվ Ցեղամարդ լինել, ասել է՝ լինել տոհմական. Ազգին պատկանել, ասել է՝ պատկանել Տոհմին: Տոհմ չունեցողը ինչպե՞ս իմանա իր ով լինելը, իր ծագումը նա ինչպե՞ս իմանա, ինչպե՞ս իմանա, թե ինչ արյուն ունի:

Եվ վա՜յ այն Ազգին, որի առաջնորդն անտոհմիկ է — այդ Ազգն իր ճակատագիրը պատահականության գիրկն է գցում: Վստահություն՝ միայն տոհմական անհատին:

Քո ոգին քո Տոհմի մեջ է՝ տոհմական ոգի է նա: Եվ քո շարունակելիությունը միայն քո Տոհմի մեջ է՝ դու կվերածնվես միայն քո Տոհմում:

Քեզ արարել է քո հայրը, եւ ուրիշ ոչ ոք չէր կարող քեզ արարել: Իսկ քո հայրը քեզ արարել է ոչ թե ոչնչից, այլ նա քեզ արարել է հենց քո ոգուց, որ նույն Տոհմի մեջ է:

Դու քո շարունակելիությունը հաստատում ես քո Տոհմի միջոցով եւ Տոհմիդ մեջ: Եվ դու շահագրգռված ես քո Տոհմի զորության մեջ: Թե դու չզորացնես քո Տոհմը, թե Տոհմի սերունդ չտաս, էլ ինչպե՞ս դու վերածնվես, ո՞ւմից:

Դու արարում ես քո ապուպապին, քո թոռան թոռն էլ քեզ պիտի արարի: Հենց քո շարունակելիության զգացողությամբ ես դու սերունդ տալիս՝ Տոհմի սերունդ:

Հայրն իր Տոհմի մեջ է վերածնվում իր սերունդների միջոցով: Եվ հայրն է առաջին պատասխանատուն իր Տոհմի սերնդատվության եւ զորության համար: Հենց այդ պատասխանատվությամբ նա մայր է ընտրում իր սերնդի համար:

Եվ ինչպես ամեն սերմնացան բերրի հող է ընտրում իր սերմի համար, այնպես էլ հայրը բերրի, առողջ ու գեղեցիկ մայր է ընտրում իր սերնդի համար:

Մայրը ծնում է հոր զավակին: Եվ այդ զավակները հոր Տոհմի սերունդ են, հոր Տոհմի ոգիներն են: Եվ մայրը իր ծնած զավակների միջոցով միայն պիտի վերածնվի:

Եվ մոր ոգին, որ իր շարունակելիությունը իր զավակների միջոցով է ապահովում, այսուհետեւ իր երեխաների Տոհմի մեջ է:

Եթե հայրը միշտ վերածնվում է իր իսկ Տոհմում, ապա մայրը ամեն անգամ վերածնվում է տարբեր Տոհմում. ամեն անգամ նա վերածնվում է այն Տոհմում, որի զավակների մայր է լինում: Եվ Տոհմի զավակների մայրը հաջորդ անգամ վերածնվում է որպես այդ Տոհմի դուստր:

Եվ իր երեխաների Տոհմն է մոր հաջորդ վերածնունդին դառնալու հայրական Տոհմ: Ուստի մայրը իր երեխաների Տոհմի մայր է, եւ երեխաների Տոհմն է դառնում նրա համար հարազատ Տոհմ: Եվ մայրը նույնպես շահագրգռված է Տոհմի սերնդատվության եւ զորացման մեջ:

Եվ թե կինը չդառնա ամուսնու Տոհմի մայր, չնպաստի նրա զորացմանը եւ սերնդատվությանը, նա ինքն իրեն կկտրի իր շարունակելիությունից:

Երեխան որբանում է ոչ հորից եւ ոչ մորից. նա որբանում է իր Տոհմից, իր ծագումից: Զրկվելով ծնողներից, երեխան կմեծանա իր Տոհմի մեջ ազգականների խնամքի ներքո: Բայց զրկվելով իր Տոհմից, նա զրկվում է իր կենսական ուժից, իր ինքնանորոգման զորությունից, եւ վտանգվում է նրա շարունակելիությունը:

Տոհմական արժեքները դրական կամ բացասական չեն լինում, այլ լինում են բնական կամ անբնական: Բնական են, եթե իրենց մեջ խտացնում են ազգային արժեքները. անբնական են, եթե իրենց մեջ չունեն ազգայինը: Եվ ողբալի է հայրենասիրությունը այն Տոհմի, որը Ազգի մանրապատկերը չէ:

Միայն Տոհմի աղջիկը կարող է Տոհմի մայր լինել: Տոհմի այրը իր տոհմական սերնդի համար ընտրում է տոհմական աղջիկ, որն ունի հոգու, մարմնի, արյան անարատություն, որպեսզի իր սերուդը լինի առողջ եւ անարատ:

Տոհմի աղջիկն էլ ընտրում է տոհմական ամուսին, որն ունի հոգու, արյան անարատություն, որպեսզի իր ծնած սերունդը լինի առողջ ու անարատ. եւ այդ անարատությամբ ու առողջությամբ նա վերածնվի այդ Տոհմի մեջ:

Ընտանիքը սրբազան

Ո՜վ, Արորդի՛ — Ցեղաշունչ Ազգը Ցեղաշունչ Տոհմեր կունենա. Ցեղաշունչ Տոհմը՝ Ցեղաշունչ ընտանիքներ: Այդպես է կամքը Մայր Անահիտի:

Ընտանիքը Տոհմի ընտանիքն է: Ընտանիք չի ստեղծվում — ընտանիքը ճյուղավորվում է եւ հենց Տոհմի մեջ ճյուղավորվելով, բազմանում է:

Ընտանիքը Տոհմի սերնդատվության բջիջն է: Թե սերունդ չկա, թե մայրացում չկա՝ էլ ի՞նչ ընտանիք — դա սոսկական արուի ու էգի հարաբերություն է, բայց ոչ՝ ընտանիք:

Տոհմի սերունդը ընդհանրական է: Տոհմի բոլոր զավակները նման են իրար եւ՛ տոհմական դիմագծով, եւ՛ տոհմական հոգեբանությամբ, եւ՛ բարոյական զգացողությամբ, եւ՛ սովորույթներով:

Եվ Տոհմի ընտանիքները իրենց մեջ ունեն նույն տոհմական կենսափորձը, նույն բարոյական ու հոգեւոր արժեքները, նույն սովորությունները: Տոհմի բոլոր ընտանիքները նման են իրար:
Թե ընտանիքը կտրվի Տոհմից — նա կկտրվի տոհմական ավանդույթներից, բարոյական ու հոգեւոր արժեքներից: Թե ընտանիքը կտրվի տոհմական ավանդույթներից — անօրինությունը կտիրապետի ամբողջ ընտանիքի մեջ: Եվ երբ անօրինություն տիրի ընտանիքում — կապականվեն ընտանիքի կիները: Եթե ապականվեն կիները — իրար կխառնվեն Տոհմերը եւ ապա Ազգերն ու Ցեղերը:

Թե ընտանիքը կտրվի Տոհմից — ընտանիքի զավակները չեն միավորվի Տոհմի ամբողջությամբ: Եթե զավակները չմիավորվեն Տոհմով — տարբեր սովորություններ ու բարոյական արժեքներ կբախվեն ընտանիքում:

Եթե տարբեր բարոյական արժեքներ բախվեն ընտանիքում — ընտանիքի զավակները տարբեր անձնական շահերով կբախվեն իրար:

Եթե ընտանիքում բախվեն տարբեր անձնական շահեր — եղբայրների մեջ կձեւավորվի փոխադարձ անվստահություն, անհանդուրժողականություն, հոգեբանական պառակտում:

Եվ երբ ընտանիքում տիրի հոգեբանական պառակտում — այդ ընտանիքը կտկարանա եւ կքայքայվի:
Եթե ընտանիքը կապված է Տոհմին եւ տոհմական ամբողջության մաս է — ընտանիքի զավակները միավորվում են այդ ամբողջությամբ: Այդ ամբողջության մեջ նրանք զգում են իրենց զորությունը եւ վեհանում են. նրանք զգում են իրենց Տոհմի ուժը իրենց մեջ:

Այդ ընտանիքում տիրում են սեր, միություն, հարգանք, նվիրում, բարոյական բարձր արժեքներ եւ տոհմական պատվի զգացողություն: Այդ ընտանիքն իր զավակների համար սրբավայր է — ընտանիքը կայուն է ու զորավոր. զավակները հպարտ են ու բարի:
Ընտանեկան հարաբերությունները երբեք դրական կամ բացասական չեն լինում. դրանք լինում են բնական կամ անբնական: Բնական են, եթե իրենց մեջ ունեն Տոհմի արժեքները. անբնական են, եթե իրենց մեջ չունեն տոհմայինը: Ընտանիքը Տոհմի մանրապատկերն է:

Հատվածներ ­”ՈւխտագիրքԱրորդյաց­”-ից

Թիվ 36, 30 նոյեմբերի — 6 դեկտեմբերի, 2007թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: