Մերձավորարեւելյան գործընթաց

by

Մասնատվող Թուրքիան եւ մենք

Վերջին շրջանում եւ՛ արեւմտյան եւ՛ արեւելյան երկրների քաղաքագետների, քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիան: Ընթացող քաղաքական զարգացումները, թուրք-քրդական հակասությունները, ընդհուպ թուրքերի բախումը քուրդ ­”անջատողականների­” հետ, մերձավորարեւելյան նոր քարտեզի առաջ քաշումը մեծապես աշխուժացրել են ­”քրդական հարցի­” շահարկումը: Այս համապատկերում անհրաժեշտ է անդրադարձ կատարել թուրք-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումներին: Ընդհանոր առմամբ, այդ հարաբերություններն իրենց լավագույն օրերը չեն ապրում: Ինչը, կարծում եմ, պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

1. 2007թ. հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերն ու տեղահանությունները 1915թ. որակեց որպես ցեղասպանություն: Սա կարեւոր քայլ էր ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման ճանապարհին եւ մեծապես հարվածեց թուրք-ամերիկյան համագործակցությանը:

2. Այս տարվա ամռանն ԱՄՆ-ն որոշակիորեն ցույց տվեց իր նախանշած հակաիրանյան դաշինքը եւ հստակեցրեց տարածաշրջանի երկրներին տրվելիք ռազմական օգնության չափերը: Ամենամեծ օգնությունը, ինչպես եւ սպասվում էր, ստանալու է Իսրայելը՝ ընդհանուր նախատեսվածի գրեթե 50%-ը, մոտ 20%-ը հատկացվելու է Եգիպտոսին, իսկ մյուս 30%-ը՝ Պարսից ծոցի արաբական երկրներին: Հարց է ծագում՝ 63 մլրդ դոլարի հասնող ռազմատեխնիկական այս օգնությունից ինչու՞ ոչ մի դոլար չի հասնում տարածաշրջանում Իսրայելից հետո ԱՄՆ-ի մերձավորագույն դաշնակցին՝ Թուրքիային: Համոզված եմ, որ այս հանգամանքն էլ (որն ավելի խորը պատճառներ ունի) բացասական դեր խաղաց թուրք-ամերիկյան հարաբերություններում:

3. Եվ վերջապես ու, թերեւս, ամենակարեւորագույն հանգամանքն այն է, որ քրդական հարցում նոր ռազմա-քաղաքական տեղաշարժեր կան:

Հարկ եմ համարում հանգամանալից անդրադառնալ քրդական զարգացումներին, դրա հետեւանքներին ինչպես Թուրքիայի եւ քրդերի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների ու, իհարկե, Հայաստանի համար: Բացի այդ, հակված եմ կարծելու, որ վերոնշյալ 3 հանգամանքները սերտորեն կապված են միմյանց հետ: Հիշենք, որ սկզբնական շրջանում Թուրքիան սկսեց իրաքյան Քուրդիստանի հետ սահմանամերձ շրջանում տեղակայված զինված ուժերը ավելացնել ու կարճ ժամանակամիջոցում այստեղ տեղափոխեց հարյուր հազարների հասնող զինուժ: Որոշ մասնագետներ կարծում են, որ սա թուրք-ամերիկյան նպատակային բեմադրություն է, մի մասն էլ պնդում է, որ սա ընդամենը ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու փորձ է, եւ Թուրքիան չի համարձակվի իրաքյան Քուրդիստանի դեմ լայնածավալ գործողություններ սկսել: Այն, որ Թուրքիան նման գործողություններ չի սկսի, դժվար է բացարձակորեն պնդել, սակայն հակված չեմ լիովին ժխտելու այս տեսակետի իրավացիությունն ու կենսունակությունը: Բայց, այնուամենայնիվ, պիտի արձանագրեմ, որ 2007թ. հոկտեմբերի 7-ին Թուրքիայի կառավարության հատուկ որոշմամբ թուրքական զինուժը ներխուժեց Իրաքի հյուսիս, որն անմիջական հետեւանք էր այն բանի (գոնե երեւացող հետեւանք), որ այդ օրը, ըստ տվյալների, 13 թուրք զինվոր էր զոհվել քրդերի հետ բախման արդյունքում: Իհարկե, քրդերն էլ կորուստներ ունեցան: Սակայն, Թուրքիան չխորացրեց իր ռազմարշավը, քանզի վախեցավ Թուրքիայի քրդերի եւ Իրաքի քրդերի համատեղ ապստամբությունից: Բայց փաստ է, որ Թուրքիան կատարեց 1-ին քայլը՝ հաշվի չառնելով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կարծիքը, քանիզ հենց Թուրքիայի ղեկավար շրջանների հայտարարությունները հանգում են մի մտքի՝ եթե ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք, ապա ինչու մենք չենք կարող դա անել:

Դեպքերի սկզբնական ընթացքն, այնուամենայնիվ, չպատասխանեց այն հարցին, թե Թուրքիան կգնա՞ մեծածավալ գործողությունների, թե՞ ոչ: Հիմա՝ այդ մասին: Նախ՝ ո՞վ է շահագրգիռ այս հարցում: Թերեւս Թուրքիան եւ զինվորական խավը՝ բանակը առաջին հերթին: Գիտենք, որ թուրքական բանակը եւ դրա բարձրագույն հրամանատարությունը միշտ էլ երկրի ներքաղաքական կյանքում մեծ դեր է կատարել: Բանակը, որ այնքան էլ ոգեւորված չէ մահմեդական արժեքներ կրող Ա. Գյուլի նախագահ դառնալով, կարող է վճռական գործողություններ պահանջել: Դրա փորձը ունեն թուրքերը: Բայց մյուս կողմից էլ ռազմական գործողություններին դեմ են ԱՄՆ-ն, նաեւ ԵՄ-ն, ՌԴ-ն, Չինաստանը: Ռազմական գործողությունների կանխմանն էր ուղղված նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ք. Ռայսի այցը Թուրքիա, հանդիպումը վարչապետ Թ. Էրդողանի հետ եւ այլն: Բայց անգամ այս ամենը հաշվի առնելով՝ դժվար է վերջնականապես պնդել, որ մեծածավալ գործողություններ չեն լինի: Եթե անգամ չլինեն նման գործողություններ, ապա կլինի որոշակի փոխզիջում եւ Թուրքիան, թերեւս, կբավարարվի առանձին հարվածներ հասցնելով քրդական ռազմական թիրախներին: Սա կարվի նաեւ այն պատճառով, որ կանխարգելիչ քայլ կդիտվի՝ մերձավորարեւելյան նոր քարտեզում Թուրքիայի մասնատումը կանխելու ճանապարհին:

Մյուս կողմից պետք է նշել, որ սա չի վերաբերում միայն Թուրքիային եւ Իրաքին: Այստեղ կա նաեւ Սիրիայի եւ Իրանի գործոնը, քանզի մեծ քանակությամբ քրդեր են ապրում նաեւ այս երկրներում: Ռազմական գործողությունների ծավալման պարագայում քիչ հավանական է, որ բոլոր քրդերը միանգամից եւ կազմակերպված հանդես գան Թուրքիայի դեմ, սակայն անտեսել այն հանգամանքը, որ նրանք անարձագանք չեն մնա այս դեպքերին, առնվազն միամտություն կլինի:

Ինչեւէ, նման իրավիճակը որեւէ կերպ չի բխում Թուրքիայի շահերից: Հիշենք այս տարվա սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ի Սենատի համապատասխան բանաձեւը Իրաքը 3 շրջանների՝ քրդերի, սուննիների եւ շիաների բաժանելու մասին: Այսինքն՝ հստակ կարելի է արձանագրել կարեւորագույն մի փաստ՝ ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականությունում զգալի փոփոխություն է կատարվել: ԱՄՆ-ն հասկացել է, որ տարածաշրջանում անկախության ձգտող եւ մահմեդական արժեքներով կուսակցությամբ ղեկավարվող Թուրքիային հակակշիռ է պետք ստեղծել եւ նախատեսում է, որ դա լինի Քուրդիստան կոչվող նոր պետությունը: Այս նոր պետությունը տարածաշրջանում լինելու է ԱՄՆ մերձավորարեւելյան դաշնակիցը եւ շատ հարցերում ԱՄՆ-ն ստիպված չի լինելու այլեւս կախված լինել Թուրքիայից: Մեծ Քուրդիստանի ստեղծումը (քրդերից բացի) բխում է նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերից: Այս ստեղծվելիք պետությունն ունենալու է արեւմտամետ, գլխավորապես՝ ամերիկամետ քաղաքականություն եւ ղեկավարվելու է Իսրայելի կողմից, որի զինվորականներն արդեն աշխատում են իրաքյան Քուրդիստանում: Այսինքն՝ դա քրդական պետություն է լինելու՝ առանց արմատական իսլամական կողմնորոշման, բայց քրդերինը չի լինելու… 

Նախատեսվող Քուրդիստանը եւ մենք

Այժմ դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում հյուսիսային Իրաքը, որի տարածքում էլ պիտի ձեւավորվի միասնական Քուրդիստանը: Հյուսիսային Իրաքը, որ բռնել է ինքնորոշման ճանապարհը, ղեկավարվում է ­”Քուրդիստանի շրջանային կառավարության­” (ՔՇԿ) կողմից: Այն ունի վարչական կենտրոն՝ Էրբիլը, որտեղ էլ նստում է կառավարությունը եւ այն ղեկավարվում է Բարզանիի (Մամեդով) կողմից: Կարեւոր է նշել, որ ՔՇԿ ազդեցության ներքո են Իրաքի հյուսիսային քրդական 3 նահանգները՝ Էրբիլը, Սուլեյմանիան, Դոհուքը: ՔՇԿ-ն իշխանություն ունի նաեւ իրաքյան Քիրքուկ ու եւս 2 նահանգների որոշ հատվածների նկատմամբ:

Իրաքյան Քուրդիստանին է պատկանում շուրջ 60-65 հազ քառ.կմ տարածք, որի վրա բնակվում է մոտ 5 մլն քուրդ: Էլ չենք խոսում այդ տարածքների նավթի վիթխարի պաշարների մասին:

ՔՇԿ-ն բռնել է թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական ինքնուրույնացման ճանապարհ: Հոկտեմբերի սկզբներին Բարզանիի կառավարությունը հայտարարեց, թե իր ղեկավարած մարմնի իրավասության ներքո գտնվող նավթի ու գազի պաշարների օգտագործման համար պայմանագրեր է կնքելու օտարերկրյա կազմակերպությունների հետ: Չնայած իրաքյան կենտրոնական կառավարությունը հայտարարեց, թե դա օրենքի ուժ չի ունենա, բայց, այնուամենայնիվ, դա եւս լուրջ քայլ էր անկախության տանող ճանապարհին: Բարզանին Թուրքիային բազմիցս հավաստիացրել է, որ իր տարածքում ­”Քրդական բանվորական կուսակցության­” (ՔԲԿ) տարածքային ոչ մի կառուց չկա եւ իրենք չեն համագործակցում: Բայց այս հավաստիացումներին անգամ ինքը՝ Բարզանին չի հավատում: Այսօր արդեն օրակարգի հարց է անկախ Քուրդիստանի ստեղծումը: Բայց հարց է ծագում՝ ու՞մ է ձեռնտու Քուրդիստանի ստեղծումը: Ներկայացված նոր մերձավորարեւելյան քարտեզի համաձայն, այդ պետությունը զգալի տարածքներ է ներառում ինչպես Իրաքի տարածքից, այնպես էլ՝ Իրանից, Սիրիայից եւ, իհարկե, Թուրքիայից, ավելի ստույգ՝ Արեւմտյան Հայաստանից: Պարզ է, որ նշված ոչ մի երկիր շահագրգռված չէ այս նոր պետության ստեղծմամբ, եւ ամեն ինչ կարվի, որպեսզի դեպքերը նման հեռանկարով չզարգանան:

Ինչքանո՞վ է այն առնչվում մեզ՝ հայերիս: Նշեցինք, որ Քուրդիստանը զգալի տարածքներ է ­”վերցնելու­” Արեւմտյան Հայաստանից, եւ սա չի կարող չհուզել մեզ: Վերջին շրջանում հայ վերլուծաբանները շատ են անդրադարձել քրդական հարցին, սակայն հայերի ու Հայաստանի մասով քչերն են խոսում: Ի՞նչ դիրքորոշմամբ պիտի հանդես գա ՀՀ-ն: Գիտենք, որ մերձավորարեւելյան նոր քարտեզում նախատեսված է հայերին տալ Մեծ ու Փոքր Մասիսները՝ հարակից տարածքով, ինչպես նաեւ Անիի շրջանը եւ սրանով հայերի ­”բերանը փակել­”: Իհարկե, այս ամենը կարող է եւ կատարվել (եթե մենք հանդուրժենք) ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ դրանից բխող տարածքների պահանջատիրությունից բխեցնելով: Հասկանալի է, որ մեզ նման հեռանկարը ձեռնտու չէ: Թերի է եւ՛ պատմական, եւ՛ իրավական տեսանկյուններից: Իհարկե, ուրախությամբ կընդունենք Թուրքիայի թուլացումն ու մասնատումը՝ բայց ոչ մեր հողերը քրդերին տալու գնով: Մենք պահանջատեր ենք ոչ միայն միայն մեր սրբազան լեռան ու Անիի, այլեւ՝ ամբողջ Արեւմտյան Հայաստանի մասով: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է, որ եթե խնդիրը նման լուծում ստանա (ըստ քարտեզի), ապա դա ամենեւին էլ ձեռնտու չէ հայերիս… Քանզի այդ պարագայում շատ հնարավոր է, որ հայությունն ավելի երկար ժամանակ չկարողանա իր պատմական հայրենիքը միավորելու իղձն ի կատար ածել ու կշարունակի միացյալ Հայաստանը պատմական քարտեզներում տեսնել: Բանն այն է, որ նոր նախատեսվող քարտեզով սահման չենք ունենալու ոչ Իրանի եւ ոչ էլ մասնատված Թուրքիայի հետ: Առաջին դեպքում կորցնում ենք կարեւոր հարեւանին ու բարեկամին՝ դրանից բխող տնտեսական ու քաղաքական հետեւանքներով, իսկ երկրորդ դեպքում ումի՞ց ենք պահանջելու մեր տարածքները, ի՞նչ արժեք է ունենալու ցեղասպանության միջազգային ճանաչումն ու մեր պահանջատիրությունը, մի՞թե քրդերից ենք պահանջելու միջազգային ատյաններում: Մեզ գուցե նաեւ ասեն, որ արդեն վերոնշյալ հայկական տարածքների վերադարձումով արդեն կայացել է փոխհատուցումը… 

Հետաքրքրիր է, ի՞նչ է մտածում այս իրավիճակի մասին մեր արտաքին քաղաքական գերատեսչութունը: Ինչպե՞ս հանդես կգա մեր պետությունը այս զարգացումների պարագայում:
Վերջին շրջանում հայ վերլուծաբանները նաեւ շատ են անդրադառնում Թուրքիայում քրդացած եւ թրքացած հայերի խնդրին: Մեզ նրանց թվաքանակի մասին տարբեր թվեր են հասնում՝ հարյուր հազարներից մինչեւ միլիոններ: Սա կարեւորագույն մի հանգամանք է: Պետք է աշխուժացնել հայկական գործոնը, վերազարթնեցնել ծպտյալ հայերի ազգային ինքնագիտակցությունը եւ դեպքերի հետագա ճիշտ զարգացման պարագայում ամեն ինչ անել բացահայտելու ու ոտքի հանելու թրքացած, քրդացած կամ ասորացած հայերին: Նրանք կարող են Թուրքիայի՝ ներսից պայթեցնող գործոն լինել եւ մեծ դեր խաղալ՝ հանդես գալով նաեւ որպես պահանջատեր: Այս ամենին իհարկե պետք է մոտենալ շատ նուրբ: Մենք պիտի ճիշտ գնահատենք իրավիճակը, հաշվարկենք ու ձեւենք մեր քայլերը, օգտագործենք առկա եւ հետագա իրավիճակները, հակասությունները եւ ոչ մի դեպքում թույլ չտանք, որ մեզ օգտագործեն: Մե՛նք պիտի Հայաստանն առաջարկենք Քուրդիստանի փոխարեն։ Միացյա՛լ Հայաստանը։

Գեւորգ Վարդանյան
Երեւանի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող

“Լուսանցք­”  Թիվ 36, 37,  30 նոյեմբեր-6 դեկտեմբեր, 7-13 դեկտեմբեր 2007թ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: