Արարումի ավետարան

by

Խորհուրդ Ավետարանի

1. Բնությունը մի օրգանական ամբողջություն է: Մեզ համար — անսահման ամբողջություն է: Եվ Երկիր մոլորակը մի օրգանական բջիջ է Բնության օրգանիզմի մեջ: Որպես այդպիսին, Երկիրն ունի իր բնական որակները եւ իր բնական դերը Բնության օրգանիզմի մեջ:

2. Երկիրը օրգանական ամբողջություն է եւ իր օրգանական մասերի ամբողջություն է: Եվ Երկրի ամեն մի օրգանական մաս իր որոշակի որակական դերն ունի Երկիր մոլորակի ամբողջության մեջ:

3. Եվ Երկիրն անիմանալի է առանց իր օրգանական մասերի: Ուստի անհեթեթություն է Երկիր մոլորակի ամբողջության մեջ ինչ-որ օրգանական մասի սկիզբ որոնելը: Բոլոր օրգանական մասերը ի սկզբանե գոյություն ունեն Երկիր մոլորակի ամբողջության մեջ: Նաեւ՝ Մարդկությունը:

4. Որպես Երկրի ամբողջության օրգանական մաս, Մարդկությունը սկիզբ չունի: Նա կա Երկիր մոլորակի հետ միասին, նրա օրգանական մաս է կազմում եւ անպայման իր որակական դերն է կատարում Երկիր մոլորակի ամբողջության մեջ:

5. Մարդկությունն իր բնական դերին համապատասխան ունի իր առանձնահատուկ բնական որակները: Իր այդ բնական որակներով Մարդկությունն ընկալում է բնական խորհուրդները, իմաստավորում դրանք եւ ապրում ու գործում իր համար իմաստավորված այդ բնական խորհուրդներով:

6. Բնական խորհուրդները գոյություն ունեն ի սկզբանե եւ անկախ Մարդուց: Մարդկությունը պարզապես ինքն իր համար իմաստավորում է դրանք: Մարդկության կողմից իմաստավորված բնական խորհուրդների համակարգը կոչվում է ԱՎԵՏԱՐԱՆ:

7. Ավետ — կազմված է ԱՎ /կյանք, խորհուրդ/ եւ ԷՏ /ամփոփում, խտացում/ բառարմատներով եւ նշանակում է իմաստավորված խորհուրդ: Ավետարան — իմաստավորված բնական խորհուրդների համակարգ:
Բնական խորհուրդների իմաստավորումը կատարվում է ըստ այն բնական դերի, որ ունի Մարդկությունը Երկիր մոլորակի ամբողջության մեջ:

8. Երկիր մոլորակի ամբողջության մեջ ամեն տեսակի ստեղծագործում, նյութական եւ հոգեւոր արժեքների ամեն մի արարում իրագործում է Մարդկությունը: Մարդկությունն ինքնին մի ամբողջական օրգանիզմ է եւ Երկիր մոլորակի ամբողջության մեջ միակ արարող Որակն է:

9. Ամեն տեսակի արարում մտքի արդյունք է: Իսկ Երկրի ամբողջության միտքն ամփոփված է Մարդկության օրգանիզմի մեջ: Փաստորեն Մարդկությունը Երկիր մոլորակի միտք արտադրող ­”Ուղեղն­” է:

10. Մարդկությունը, որպես Երկիր մոլորակի ­”Ուղեղ­”, ունի իր ներքին որակները, իր ներքին կառուցվածքը, իր ներքին հարաբերությունները: Այդ իմաստով Երկրի ­”Ուղեղի­” օրգանիզմը համեմատելի է մարդ անհատի ուղեղի օրգանիզմի հետ:

11. Մարդու ուղեղը կազմված է բջջային տեսակներից: Կան ստեղծագործող բջիջներ, հիշողության բջիջներ եւ մոռացության բջիջներ: Բջիջների այդ բոլոր տեսակներն էլ խիստ անհրաժեշտ են մարդու մտքի օրինաչափ զարգացման համար:

12. Բջիջների յուրաքանչյուր տեսակ իր առանձնահատուկ բնական դերն ունի եւ իր դերին համապատասխան ունի իր առանձնահատուկ որակները, իր առանձնահատուկ որակական հարաբերությունները: Ըստ այդմ էլ, յուրաքանչյուր տեսակ ունի իր ապրելակերպի, իր գործելակերպի, իր դերի իմաստավորումը:
13. Ստեղծագործող բջիջների ապրելակերպն իմաստավորվում է արարումով: Հիշողության բջիջների ապրելակերպն իմաստավորվում է պահպանումով: Մոռացության բջիջների ապրելակերպն իմաստավորվում է ավիրումով:

14. Ի դեպ, չի կարելի այս տեսակներին արժեւորել՝ լավ կամ վատ: Այս երեք որակական տեսակներն էլ հույժ անհրաժեշտ են մտքի նորոգման ու զարգացման համար: Եվ եթե այդ տեսակներից որեւէ մեկը լիարժեք չի կատարում իր բնական դերը, մարդու միտքը հիվանդանում է:

15. Նույն օրինաչափությունը գոյություն ունի նաեւ Երկրի ­”Ուղեղի­”՝ Մարդկության օրգանիզմի ամբողջության մեջ: Մարդկությունը, որպես միտք արտադրող օրգանական ամբողջություն, ունի իր օրգանական մասերը՝ բնական Տեսակները, որ կոչվում են Ցեղ:

16. Ամեն մի բնական Տեսակ՝ Ցեղ, ունի իր որոշակի դերը Մարդկության օրգանիզմում: Եվ այդ բնական դերին համապատասխան ունի նաեւ իր բնական որակները:

17. Մարդկությունը, որպես միտք արտադրող օրգանիզմ, իր մեջ ունի արարելու, ավիրելու եւ պահպանելու հատկանիշներ: Եվ այդ երեք հատկանիշների համաչափ հարաբերությունների միջոցով է Մարդկությունը ապահովում իր մշտական նորոգումն ու պահպանումը:

18. Ըստ այդմ, Մարդկության օրգանիզմում բնականորեն կա եւ՛ արարող Տեսակ, եւ՛ արարումը ավիրող Տեսակ, եւ՛ արարումը պահպանող Տեսակ:

19. Ի դեպ, չի կարելի այդ Տեսակներին արժեւորել՝ լավ կամ վատ: Այդ բոլոր Տեսակներն էլ անհրաժեշտ են Մարդկության օրգանիզմի համար: Ամեն մի Տեսակ իր բնական դերն ունի, որ կատարում է համապատասխան ապրելակերպի միջոցով: Եվ եթե որեւէ Տեսակ լիարժեք չի կատարում իր բնական դերը, ապա Մարդկության օրգանիզմը հիվանդանում է:

20. Իր բնական դերին, իր որակներին համապատասխան ամեն մի Տեսակ յուրովի է ընկալում բնական օրինաչափությունները, յուրովի է ձեւավորում իր մեջ իր ծագումի զգացողությունը, իր բնական որակների զգացողությունը, իր բնական դերի զգացողությունը, իր ապրելակերպի զգացողությունը: Եվ այդ բոլորը իմաստավորվում են Տեսակի Ավետարանի մեջ:

21. Ամեն մի բնական Տեսակ՝ Ցեղ, անպայման ունի իր Ավետարանը: Եվ ամեն Ցեղի Ավետարանը ձեւավորվել է հենց այդ Ցեղի բնական դերի եւ բնական որակների զգացողությամբ:

22. Ըստ այդմ, ամեն մի Ավետարան անպայման Ցեղային է: Եվ ամեն Ցեղի Ավետարանը միայն ու միայն իր համար է:

23. Արի Ցեղը, իր արարչական ծագումին համապատասխան, Մարդկության արարող Տեսակն է: Հողածին Տիտանների Ցեղը Մարդկության ավիրող Տեսակն է:

24. Ըստ այդմ, Արի Ցեղն իր արարող դերը իմաստավորում է Արարումի Ավետարանով: Իսկ հողածին Տիտաններն իրենց բնական դերն իմաստավորում են Ավիրումի Ավետարանով:

25. Անշուշտ, պատմականորեն ձեւավորված տարբեր Կրոններ անպայման ստեղծվել են այս կամ այն Ցեղային Ավետարանի հիմքի վրա: Բայց ոչ մի Կրոն երբեք իր մեջ չի կրում Ցեղային Ավետարանի ամբողջությունը: Ցանկացած Կրոն, որպես գաղափարախոսություն, Ցեղային Ավետարանի մասնակի արտահայտություն է միայն: Ահա թե ինչու միեւնույն Ցեղային Ավետարանի հիմքի վրա կարող են ձեւավորվել մի քանի Կրոններ:

26. Արարումի Ավետարանի հիմքի վրա ձեւավորվել են Արիական Կրոններ՝ Զրադաշտություն, Բուդդայականություն, Հինդուիզմ: Ավիրումի Ավետարանի հիմքի վըրա ձեւավորվել են Հողածինների Կրոններ՝ Հուդաիզմ, Քրիստոնեություն, Մահմեդականություն:

27. Ավիրումի Ավետարանով են ապրում Հողածին Տիտանները: Դա նրանց ապրելակերպն է: Դա բնական է եւ ընդունելի Հողածին Տիտանների համար: Դա նրանց բնական դերի իմաստավորումն է:

28. Սակայն Ավիրումի Ավետարանը անընդունելի է արարող Արիների համար: Արարող Արին պետք է ապրի Արարումի Ավետարանով: Դա է նրա բնական դերի իմաստավորումը:
Արիներինը — ԱՐԱՐՈՒՄԻ ԱՎԵՏԱՐԱՆՆ է:

Արարումի ավետարան-2 

Խորհուրդ Արարման

1. Արարման Խորհուրդն է ԱՐԱ՜-ն՝ ԱՐ /սերում, արարում/ — ԱՀ /հզոր/՝ Արարող Զորություն՝ Արարիչ, ուր Ա՜ բացարձակ ձայնը չեզոքացնում է Հ հնչյունին եւ ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության՝ Արարչի Էությունը որպես ԱՐԱ՜:

2. Արա՜ն է միակ ու բացարձակ Արարիչը ամբողջի, ամենի. եւ ամեն ինչ Աշխարհում Արայից է գալիս ու դեպի Արա՜ն է գնում:

3. Արա՜ն ոգի է եւ նյութ, միտք է եւ մարմին, նա զգացական է եւ նյութական, էություն է ու երեւույթ:

4. Արա՜ն Գոյ է՝ Գոյության Ոգի. նա ով է, նա ինչ է, ամեն ոք, ամեն ինչ, ամեն:

5. Բացարձակ է Արա՜ն, անսկիզբ ու հավերժ, անսահման ու անժամանակ: Իրենն են, իր մեջ են երկինք, տիեզերք, ջերմություն եւ լույս, երկիր ու արեգ, միտք եւ հոգի:

6. ԱՐԵՎ է Արա՜ն՝ Կենաց Զորություն՝ ԱՐ /զորություն/ — ԱՎ /կյանք/:

7. Արա՜ն գերմեծն է ու գերփոքրը. եւ գերմեծն ու գերփոքրը նույնանում են Արայի մեջ:

8. Արա՜ն ամենազոր է, ճշգրիտ, հաստատուն: Նա ամենագոյն է, որ կյանք է տալիս ամեն գոյության. Նա ամենաուժն է, որ ուժ է տալիս ամեն զորության. Նա ամենանյութն է, որ խտանում է ամեն մարմնի մեջ. Նա ամենամիտքն է, որ արարումն է ամեն իմաստության. Նա ամենաոգին է, որ ճառագումն է ամեն երանության. Նա անժամանակն է, որ ժամանակն է հաստատում հաջորդականության. Նա անսահմանն է, որ սահման է հաստատում պարբերականության:

9. Արա՜ն անժամանակում է արարել Բնությունը եւ արարել է հենց իր էությանը համապատասխան: Եվ Բացարձակ Բնությունը նույնանում է Բացարձակ Արարչին:

10. Եվ բնական օրենքները նույնն են թե՛ մեզ համար եւ թե՛ Արարչի, քանզի Նա է ամենաճշգրիտ օրենքները սահմանել: Եվ նույնիսկ ինքը՝ Արա՜ն չի կարող իր հաստատած օրենքները խախտել:

11. Եվ Արա՜ն իր իսկ հաստատած օրինաչափությամբ անվերջ արարչագործությամբ նորոգում է ու պահպանում իրեն եւ իր մեջ բոլորը, ամբողջը, ամենը:

12. Արարումը նոր բան ստեղծել չի նշանակում, եւ ընդհանրապես Արարիչը ոչ մի նոր բան չի ստեղծում:

13. Արարիչը իր տիեզերքով, Աստվածներով, Աստվածամարդերով, մարդկանցով, ծառ ու ծաղկով, հավքով, գազանով մի ամբողջական Բնություն է:

14. Եվ եթե Արարիչը մի նոր բան ստեղծի, կնշանակի՝ Բնությունը անկատար է, Արարիչն էլ է անկատար: Բայց Արարիչը կատարյալ է, Բնությունը կատարյալ է, եւ կատարյալ են ամենը Բնության մեջ:

15. Անսկիզբ է Արա՜ն, եւ ամենն են անսկիզբ. հավերժ է Արա՜ն, եւ ամենն են հավերժ. բացարձակ է Արա՜ն, եւ ամենն են բացարձակ:

16. Եվ Արա՜ն իր արարչագործությամբ հենց բացարձակությունն է անվերջ արարում Բնության բոլոր Տեսակների մեջ, միշտ նորոգելով որակը նրանց:

17. Արա՜ն ինքն է անժամանակի մեջ ժամանակ հաստատում եւ ամեն սահման հաստատում անսահմանության մեջ: Եվ ժամանակի ու սահմանի մեջ կատարում է ինքնանորոգում իր բոլոր Տեսակների հավերժ նորոգմամբ՝ մահվան սահմանում եւ անմահության հավերժ ընթացքում:
18. Արա՜ն մշտապես զգում է իր բոլոր օրգանական մասերին եւ հենց նրանց մեջ է իրագործում իր ինքնանորոգումը մշտական արարչագործությամբ:

19. Արարումը անժամանակ է, Ծնունդն է հաստատում ժամանակ. Արարումը անսահման է, Ծնունդն է հաստատում սահման:

20. Եվ անսահման ու անժամանակ արարումի մեջ ամեն պարբերություն ծնունդով է հաստատում իր ժամանակն ու սահմանը:

21. Եվ թե Արարումի Խորհուրդն է Արա՜ն, ապա Ծնումի Խորհուրդն է Անահիտը: Եվ Արարչագործությունը՝ դա Արարումի եւ Ծնումի ամբողջություն է:

22. Եվ արարչագործությունը իրագործվում է Բնության բոլոր էակների մեջ եւ իրագործվում է հոր ու մոր միջոցով՝ հայրը՝ արարող, իսկ մայրը՝ ծնող:

23. Հայրը ծնվող զավակի մեջ արարում է նրա շարունակելիությունը, իսկ մայրը, ծնելով հոր զավակին, հաստատում է նրա կենաց շարունակելիության անսահմանության մեջ մի նոր պարբերություն:

24. Արա՜ն է Հայրը բոլոր Աստվածների եւ Աստվածամարդերի: Եվ Արայի կամքով է Երկիրը ծնել Տիտանին:

25. Արա՜ն է հենց Արարատում արարել իր երկրային որդուն՝ երկրային Հէգին /բացարձակ հուր, հրեղեն, աստված/ եւ իր անունով Արի անվանել:

26. Եվ Հէգ՝ Հայգ Արին մյուս Աստվածների պես անմահ չէ, բայց իր հավերժությունը հաստատում է սերնդատվությամբ՝ կյանքի ու մահվան անընդհատ հաջորդականությամբ:

27. Հէգ Արին Արայից սերված երկրային աստված է: Եվ հենց նրանից են առաջացել Աստվածամարդիկ, որ կոչվում են Հայամարդ կամ Արմեն:

28. Բացարձակ է Արա՜ն, եւ կատարյալ են զավակները նրա: Կատարյալ էր եւ Արին, որպես երկրային աստված. կատարյալ են եւ Հէգ Արիից սերված աստվածամարդիկ:

29. Արին Արայի հարազատ որդին է, Հէգ՝ բացարձակ հուր, հրեղեն է նա եւ Հայր Արայից արարչական զորություն է ժառանգել: Եվ Արիի սերունդները, որ նույնպես Հէգի բռնկումն ունեն իրենց մեջ, ժառանգել են նաեւ նրա արարչական զորությունը:

30. Արարիչ չի ընտրվում երբեք: Արարչի ընտրությունը արդեն Աստվածության ժխտում է, Բնության ժխտում է, բնականի ժխտում է եւ հոր ժխտում է:

31. Իմ արարիչը նա է, ով ինձ տվել է կյանք, ուժ, սեր եւ ում արյունն եմ կրում իմ մեջ: Դա իմ հայրն է, իմ պապը, ապուպապը, նրա պապը եւ այդպես մինչեւ Հայր Արա՜ն: Արա՜ն է իմ Բացարձակ Հայրը՝ Արարիչը, որ արարել է իմ բոլոր նախահայրերին:

32. Եվ ճանաչելով ինձ որպես Արորդի՝ Արայի որդի, ես զգում եմ իմ Արիական ծագումը, որ Հայր Արայից է գալիս. խնկարկում եմ իմ անարատ արյունը, որ Հայր Արայից է հոսում իմ երակներում. պայծառացնում եմ իմ ազնվական դիմագիծը, որ Հայր Արայից եմ ժառանգել եւ վեհացնում եմ իմ մեջ Վահագնա ոգին, որ արտացոլումն է Հայր Արայի էության:

33. Հայր Արա՜ն հենց Արարատում ինքն է արարել իմ Ցեղը Արի եւ դեռ արարում է անվերջ, անդադար Արի սերունդներ՝ արարում նրանց հենց իր կերպարով ու իր բնությամբ, որ լինելությունը արարումով լցվի, որ իմաստավորվի լույսը արեւի եւ աստվածային խորհուրդը կյանքի մարդկանց սրտերում անվերջ առկայծի:

34. Հայր Արա՜ն իմ Արարիչն է, իմ հայելին է. ես ինձ եմ տեսնում Նրա պատկերում. Նա ինձ է նման, բայց Նա նման է նաեւ բոլորին, եւ բոլորի նման բնական է Նա:

35. Ես զգում եմ Նրա զարկերը սրտի, ես Նրա կրծքի ջերմությունն եմ զգում. եւ Նա հենց իմ մեջ արարում է ինձ:

36. Եվ ապրել Արայով, կնշանակե՝ ապրել բնական, կնշանակե՝ զգալ, որ Բնության մեջ Ոչինչը չկա. կա Ամեն Ինչը, եւ ամեն ինչը հենց լինելությունն է. եւ լինելությունը Արայից է գալիս ու Արայով է լինելությունը հաստատվում:

37. Արարիչը մի ամբողջություն է, եւ Բնության մեջ ամենը Նրա օրգանական մասերն են. եւ ինչպե՞ս կարելի է ճանաչել Արարչին, երբ անտեսում ենք Նրա օրգանական մասերը:

38. Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, մեր պատկերացման մեջ են միայն առանձին. իրականում դրանք բոլորը մի ամբողջություն են: Եվ որ երեւույթի հետ էլ որ մենք առնչվում ենք, իրականում առնչվում ենք Բնության Արարչական Ամբողջության հետ:

39. Չէ՞ որ մենք, որպես բնական օրգանիզմ, մեր բոլոր օրգանական մասերի ամբողջություն ենք եւ պայմանականորեն ենք այդ մասերը դիտում առանձին — առանձին. իրականում դրանք բոլորը մեր ամբողջության օրգանական մասերն են:

40. Եվ մենք չենք կարող մեր մարմնի մի որեւէ մաս անտեսել. անտեսելով մեր մարմնի որեւէ մաս, մենք իրականում անտեսում ենք մեր ամբողջությունը:

41. Բնության մեջ ամենը ճանաչելով է, որ մենք ճանաչում ենք Արային. ամենը սիրելով է, որ մենք սիրում ենք Արային:

42. Մենք էլ ենք Արարչական Ամբողջության օրգանական մաս. ուրեմն մեզ էլ պահպանելով ու սիրելով այդ Ամբողջության մեջ, մենք պաշտում ու սիրում ենք Արային:

43. Մենք չենք կարող մեզ անջատել այդ Ամբողջությունից, հակառակ դեպքում մենք կկտրվենք հենց մեզանից եւ կդառնանք չարիք հենց Արարչի համար: Եվ ինչքան էլ աղոթենք ու ապաշխարենք, միեւնույն է՝ մենք չարիք կլինենք:

44. Եվ իրականը թողած, վերացական դատողություններով մենք երբեք չենք ճանաչի Արային: Արային մենք կարող ենք ճանաչել միայն մեր շրջապատի իրականի մեջ եւ նրա միջոցով:

45. Մենք, որպես Աստվածամարդիկ, մեր ամբողջությունը պիտի որոնենք մեր շրջապատի իրականության մեջ՝ ծառ ու ծաղկի, հավք ու գազանի, սար ու դաշտի, ջրի, արեգի, մարդկանց ու Աստվածների մեջ: Եվ մեր ամբողջությունը որոնելով, մենք այդ բոլորի մեջ պիտի որոնենք մեզ, նրանց մեջ էլ գտնենք մեզ եւ նրանցով էլ ամբողջանանք որպես Աստվածամարդ ու ճանաչենք Արային, սիրենք Արային, միանանք Արային: 

Խորհուրդ ծնումի 

1. Ծնումի Խորհուրդն է Անահիտը՝ ԱՆ /ծնում/ — ԱՀ /հզոր/՝ Ծնող Զորություն՝ Աստվածամայր:

2. Արարչագործությունը՝ դա արարումի եւ ծնումի միասնությունն է: Եվ արարումը ծնումով է հաստատում իր նորոգումը:

3. Եվ թե Հայրը արարման բացարձակություն է՝ Հ /բացարձակ/ — ԱՐ /արարում/, ապա Մայրը արարումի պահպանողն է՝ Մ /պահել/ — ԱՐ/արարում/: Եվ Մայրը Հոր արարումը պահպանում է ծնումով:

4. Արարումը ժամանակ չի պայմանավորում. ծնումով է մայրը նորոգում հոր արարումը ժամանակի մեջ:

5. Ծնունդով է սկսվում կյանքի նոր պարբերությունը. իսկ պարբերությունները անսահման անգամ կրկնվում են, եւ մոր մեջ ու մոր միջոցով են կրկնվում դրանք:

6. Թե չկա արարում առանց ծնումի, նույնպես եւ չկա ծնում արարումից դուրս:

7. Արարումից դուրս որեւէ ծնունդ ստեղծումն է նորի, որ հնարավոր չէ: Ծնունդը հենց արարումի նորոգումն է ժամանակի մեջ: Մայրը ծնում է եղածին. չեղածին նա ինչպե՞ս կծնի:

8. Թե ծնունդ չլինի, էլ ի՞նչ արարում՝ արարումը երբեք չի նորոգվի. թե արարումը չնորոգվի, նա չի պահպանվի, ուստի եւ արարում չի լինի երբեք:

9. Թե մայր չլինի, հայրն ինչպե՞ս նորոգի արարումը իր: Եվ հայրը իր որդու արարումը նորոգելու համար մայր է որոնում, որի մեջ եւ որի միջոցով նորոգի իր որդու արարումը: Եվ մայրը իր մեջ սնում է, ապա ծնում ու պահպանում է հոր զավակին:

10. Եվ Անահիտն է Մայրության Խորհուրդ: Հենց ինքը՝ Արան Մայրն է արարել Անահիտի մեջ ու հենց Մայրությամբ կերտել է նրան՝ Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմուքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, տառապանքի ծով — դա է Մայրությունը: Եվ այդ Մայրությամբ էլ նա Մայրն է կերտել Անահիտի մեջ:

11. Մայր Անահիտը՝ ծնունդի խորհուրդ, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր:

12. Եվ Անահիտը՝ ինքը տառապանք, ինքը մայրացում, Մայր Աստվածուհին ամեն երկունքի, ամեն ծնունդի, ամեն քնքշության ու նվիրումի:

13. Առանց երկունքի էլ ի՞նչ մայրացում, եւ էլ ի՞նչ երկունք առանց ցավերի: Եվ այդ ցավերով Մայր Անահիտը հենց ինքն է երկնում. եւ ինքն էլ բոլոր մայրերի նման գարուն է ծնում. եւ ինքն էլ բոլոր մայրերի նման երջանկանում է իր մայրացումով:

14. Ամեն մի ծնունդ գարուն է կյանքի՝ լինի տիեզերական անհունության մեջ, թե ամենափոքր մի էակի:

15. Գարուն է կյանքի ամեն պարբերության ծնունդը, եւ ձմեռ է վախճանը նրա:

16. Տարին էլ երկրի կենաց մի պարբերություն է, որը սկսվում է գարնան ծնունդով եւ ավարտվում է հարաբերական մահով՝ ձմեռով:

17. Ծնունդով է սկսվում երկրի կենաց պարբերության գարունը. եւ գարունն է երկրի վրա նոր ժամանակ սահմանում:

18. Գարուն է ծնում երկրի վրա Մայր Անահիտը եւ ձմեռվա գորշությունն է ցրում երկրի վրայից, կյանքի գույները իրարից զատում եւ շաղ է տալիս ամբողջ երկրով մեկ:

19. Զատիկ է հյուսում Անահիտն ամենուր: Եվ բազմագույն է աշխարհը դառնում. ամեն մի էակ իր գույնն է ստանում. ամեն մի էակ իր բույրն է ստանում, ամեն էակ իր համն է ստանում:

20. Եվ տոնախմբություն է Զատիկը գարնան. եւ՛ ծառ, եւ՛ ծաղիկ, եւ՛ հավք, եւ՛ գազան, եւ՛ մարդ, եւ՛ աստվածամարդ բոլորը մեկտեղ ժպիտ են հղում գարնան արեւին եւ փառաբանում Մայր Անահիտին:

21. Եվ Անահիտն է Աստվածածին Մայր. եւ Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ Անմահ Աստվածներ եւ մայրական ջերմությամբ սնում է նրանց:

22. Եվ Անահիտը՝ Մայրը բոլոր Անմահ Աստվածների, աղերսեց Արային, որ իրեն պարգեւի տառապալից մայրություն:

23. Եվ Հայր Արա՜ն հենց Անահիտի մեջ արարեց երկրային հրեղեն որդուն՝ Հէգին: Եվ երկնեց Անահիտը, ցավով երկնեց ու հենց երկրի վրա, Աստվածների կերտած Օրոցքում՝ Արարատում, ծնեց մի չքնաղ հրեղեն որդի՝ արեգատես, լուսափայլ, առողջ եւ ուժեղ: Եվ Արա՜ն նրան Արի անվանեց: 

Արարումի ավետարան – 3 

1. Արարչագործության Խորհուրդ է Արարատը՝ ԱՐԱՐ-ԱՏ /տեղ/՝ Արարման վայր: Արարատը հենց Հայկական Լեռնաշխարհն է: 

2. Արարատը ցամաքային կղզի է: Դրանով արդեն նա առանձնանում է Երկրի ընդհանրությունից: Արարատը Տիեզերական Էներգետիկ Դաշտի խտացումն է Երկրի վրա: Եվ Արարատի Հողը պայմանականորեն է հող կոչվում: Նա տարբերվում է Երկրի հողից: 

3. Արարատի Հողը իր մեջ կրում է եւ՛ տիեզերական, եւ՛ երկրային հատկանիշներ: Արարատը հագեցած է բավական բարձր ռադիոակտիվ լիցքավորումով, որ հատուկ չէ Երկրին: 

4. Եթե ամբողջ Երկրի հողը հիմնականում կրում է բացասական էներգիա, ապա Արարատը իր մեջ ունի եւ՛ դրական, եւ՛ բացասական էներգիա: 

5. Եվ Արարատը դրական էներգիայով կապված է Տիեզերական Էներգետիկ Դաշտի հետ, իսկ բացասական էներգիայով կապված է Երկրի հետ: 

6. Արարատը Երկրի վրա այն կենսավայրն է, որի միջոցով Երկիրը միանում է տիեզերական ամբողջությանը, կապվում է Տիեզերական Զորություններին եւ կենսական սնունդ ստանում մշտապես: 

7. Եվ հենց Արարատում են Աստվածամարդերի համար ապահովված կենսական ամենանպաստավոր բնական պայմանները: 

8. Հենց Արարատում է Երկրի տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափ հարաբերությունը հաստատված: 

9. Արարատից դեպի հարավ տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափությունը խախտվում է հոգուտ տաքության եւ լույսի: Եվ որքան հեռանում ենք Արարատից, այնքան պակասում են սառնությունն ու խավարը, այնքան ավելանում են տաքությունն ու լույսը: Եվ Արարատից որքան հեռանում ենք դեպի հյուսիս, այնքան պակասում են տաքությունն ու լույսը, եւ ավելանում են սառնությունն ու խավարը: 

10. Միայն Արարատում է օրինաչափորեն ընդգծված տարվա բոլոր չորս եղանակների հաջորդականությունը: Իսկ Արարատից դուրս տարվա եղանակները ընդգծված չեն, եւ աստիճանաբար չեզոքանում է նրանց անցումը:

11. Միայն Արարատում է աճում Կենաց Ծառը, որի պտուղն իր մեջ ունի կենսական նշանակության բոլոր հատկությունները: Այն իր մեջ կրում է բոլոր մրգերի որակները: Կենաց Ծառի պտուղը՝ Կենաց Պտուղը, կոչվում է Ծիրան՝ Ծիրի /տիեզերական/ Պտուղ: 

12. Ծիրանը միայն Արարատի պտուղ է, քանզի նա սնվում է եւ՛ Արարատի Հողի էներգիայից, եւ՛ տիեզերական էներգետիկ դաշտից: Այնինչ, նույն ծիրանի կորիզից Երկրի հողի վրա աճած ծառի պտուղը այլեւս ծիրան չէ. այն գենախեղվում է, կորցնում է ծիրանի շատ հատկություններ, քանզի այն սնվում է միայն Երկրի հողի բացասական էներգիայից: 

13. Եվ ընդհանրապես Արարատի բարիքները տարբերվում են Երկրի բարիքներից որակապես, թեեւ լինեն նույն տեսակի: 

14. Եվ եթե Երկրի բարիքները սնունդ են մարդկանց համար, ապա Արարատի բարիքները զուտ աստվածների սնունդ են: 

15. Աստվածավայր է Արարատը՝ Հայաստանը եւ Արարչական ծագում ունի:

16. Երկրի վրա արարումը հաստատելու համար է, որ Արարիչը Երկրի վրա տեղադրել է Արարատը: Եվ Երկրի արարչագործությունը հաստատելու համար է, որ Արարիչը հենց Արարատում արարել է Արիին, որպես Երկրային Աստված:

17. Արին է առաջին երկրային աստվածը, եւ Արին է իր սերունդներով արարումի բացարձակ ընթացքը հաստատում Երկրի վրա: 

18. Եվ արարումի վայր է Արարատը: Եվ Արարատից է սկսվում Երկրի ամեն հոգեւոր ու նյութական արարում: 

19. Եվ Արիներն են կապող օղակը Աստվածների ու մարդկանց միջեւ: Արարումի միտքը գալիս է Արայից Աստվածներին, Աստվածներից՝ Արիներին եւ Արիներից՝ մարդկանց:

20. Աստվածամարդիկ են Արիները եւ աստվածային սնունդով են զորանում: 

21. Երկիրը երկնքից մշտապես ստանում է օդ, ջուր, հուր, լույս, միտք: Եվ դրանք մշտապես շրջանառության միջոցով երկնքից գալիս են Երկիր մաքուր վիճակում եւ ապա օգտագործված, անմաքուր վիճակում նորից դեպի երկինք են գնում: 

22. Եվ Արարատն է անմիջականորեն սնվում երկնքից: Երկնքից իջած մաքուր ջուրն է սնում Արարատի աստվածային բարիքը եւ ապա բազմաթիվ գետերի միջոցով հոսում եւ թափվում է Արարատից դուրս: 

23. Արարատից արտահոսող ջրով սնվում են շատ ու շատ դաշտեր ու ծովեր: Եվ երբեք Արարատի հողը չի սնվում դրսի ջրով: 

24. Արարատից դուրս թափված ջուրը այլեւս նույն ջուրը չէ. այն արտաթորանք է: Եվ Արայի կամքով այդ արտաթորված ջուրը ետ դեպի Արարատ չի գալիս: 

25. Եվ ամենամաքուրն են Արարատի բարիքները, քանզի նրանք սնվում են միայն երկնային ամենամաքուր ջրով. եւ ամենամաքուրն է Արիների սնունդը՝ աստվածային սնունդ է այն: 

26. Իհարկե, Արարատից դուրս թափված ջուրը նորից գալիս է Արարատ, բայց գալիս է բնական շրջանառության միջոցով. այն գոլորշիանում է, բարձրանում երկինք, մաքրվում եւ բյուրեղացած թափվում է Արարատ: 

27. Այդպես բնականորեն կատարվում է ջրի մշտական շրջանառություն, որտեղ Արարատը ամենամաքուր ջրով է սնվում, սնելու համար Արարատի աստվածամարդերին: 

28. Եվ այն բույսերն ու պտուղները, որ ի սկզբանե Արարատի բնական ծնունդ չեն, չեն կարող աստվածների սնունդ լինել, նույնիսկ եթե դրանք տեղափոխենք Արարատ: Չէ՞ որ դրանք իրենց բնական սնունդը ստանում են գործածված, անմաքուր ջրից, եւ Արարատի մաքուր ջուրը նրանց համար բնական սնունդ չի կարող լինել: 

29. Մեր տեսանելիության սահմանում է ջուրը: Բայց երկրային կյանքի բնական պայմանն ապահովում են նաեւ մեր տեսանելիությունից վեր ջերմությունը, հուրը, լույսը, միտքը: 

30. Եվ այդ որակներով է մշտապես երկիրը սնվում տիեզերքից: Արարիչը մշտապես սնում է Երկիրը իր ջերմությամբ, իր հուրով, իր լույսով, իր մտքով:

31. Եվ արարչական կենսաջերմությունը, կենսահուրը, կենսալույսը տիեզերքից հենց Արարատ են գալիս, ապա Արարատից արտահոսում Երկրով մեկ: Եվ օգտագործված, անմաքուր այդ որակները գոլորշիանալով բարձրանում են երկինք, մաքրվում, զտվում եւ բյուրեղացած նորից իջնում Արարատ: 

32. Հենց Արարատն է տիեզերքից ամենամաքուր կենսաջերմությունը, ամենամաքուր կենսալույսն ու կենսահուրը ստանում: 

33. Եվ Արարատը, որպես Աստվածավայր, Տիեզերքից եկած ամենամաքուր ջրով, ամենամաքուր հուրով, ամենամաքուր լույսով է սնվում: Ահա թե ինչու Արարատի պտուղը եւ՛ մաքուր է, եւ՛ արեւահամ: Եվ միայն այդ պտուղներն են աստվածամարդերի սնունդը: 

34. Եվ Արարատը Տիեզերքից սնվելով ամենամաքուր կենսական ջրով, հուրով, լույսով, արդեն օգտագործված արտաթորում է իրենից դուրս, սնելով Երկիրը: 

35. Եվ Արարատից արտաթորված անմաքուր ջուրը, լույսը, հուրը ետ դեպի Արարատ չեն գալիս երբեք. նրանք բնական շրջանառությամբ բարձրանում են երկինք, մաքրվում, զտվում եւ բյուրեղացած իջնում Արարատ: 

36. Եվ Արիները, որ Արարատի բնական ծիլերն են ու Երկրի արարումը սնուցողները, իրենք էլ սնվում են անմիջապես տիեզերական մաքուր ջրով, մաքուր լույսով, մաքուր հուրով եւ իրենք էլ, ինչպես եւ ամենը Արարատում, մաքուր են ու արեւահամ: 

37. Երկրի վրա մարդկության մշտական արարումը ապահովելու համար, Արարիչը մշտապես Երկիրը սնում է նաեւ իր Բացարձակ Մտքով: 

38. Եվ Բացարձակ Միտքը Տիեզերքից իջնում է Արարատ, լուսավորում է աստվածամարդերի միտքը եւ մղում նրանց արարումի: Եվ արարումը երկրի վրա Արիներից է սկսվում: 

39. Արարատում Արիները անմիջականորեն սնվում են տիեզերական բացարձակ մտքից, եւ Արիների արարումը ամենամաքուրն է: 

40. Եվ Արիները իրենց արարումով սնում են երկրի մարդկությանը, լուսավորում նրա միտքը եւ նպաստում նրա արարումին: 

41. Եվ մարդկության արարումը իր որակը կարող է պահպանել միայն ու միայն մշտապես սնվելով Արարատի արարումից. հակառակ դեպքում այն կճահճանա ու կնեխի: 

42. Եվ չսնվելով Արարատի արարումից, մարդկության միտքը ճահճանում է, եւ նրա արարումը նեխահամ է լինում: Եվ այսօր բազմաթիվ անբնական “ամենագեղեցիկ” տեսությունները, գաղափարախոսությունները, կրոնները, որ ծնվում են Արարատից դուրս, երկրի մարդկությանը չնչին անգամ չափով չեն ազնվացրել, եւ աղետներն ու չարիքը գնալով ահագնանում են: 

43. Չէ՞ որ նեխած հողի մեջ աճած բույսը, ինչքան էլ հաճելի լինի, այնուամենայնիվ, հղի է հիվանդություններով. նեխած մտքի արարումը անպայման նեխահամ ունի եւ այլեւայլ հոգեկան հիվանդությունների հարուցիչ է: 

44. Արարատից է արարումի միտքը հոսում դուրս, սնելով Երկրի արարումը: Եվ Արարատից արտաթորված արարումի միտքը այլեւս Արարատ ետ բերել չի կարելի… Արարատից արտաթորված միտքը արդեն անմաքուր է: 

45. Եվ եթե փորձենք Արարատից արտաթորված արարումի միտքը ետ բերել Արարատ, մենք չարիք կգործենք, կվնասենք բնական արարումին, կփչացնենք նաեւ Արիների արարումը: 

46. Արարատից արտաթորված միտքը ամեն դեպքում վերադառնում է Արարատ բնական շրջանառության միջոցով. այն գոլորշիանալով բարձրանում է երկինք, մաքրվում է, զտվում, բյուրեղանում եւ ապա նորից իջնում Արարատ, սնելու Արիներին: 

47. Արարատը միայն Արիների Բնակն է. եւ միայն Աստվածամարդ Արիներն են Արարատում սնվում տիեզերական մաքուր մտքից եւ արարչական արարումով սնում մարդկությանը:

48. Եվ Արարատում ապրելով Չարին, միեւնույն է, Արի չի դառնա. եւ նա երբեք արմատ չի գցի Արարատում. եւ Չարին Արարատում երբեք չի սնվի արարչական մտքից: Եվ Չարին Արարատում միայն չարիք կգործի:

 49. Արարատում արարչական մտքից միայն Արին է սնվում, եւ այդ ամենամաքուր մտքով արարում է. ու բազմաթիվ “գետերով” այդ արարումը հոսում է երկրով մեկ: 

50. Արարատից արտագաղթող արիական խմբերն են, որ բազմաթիվ Արի ազգեր են ձեւավորել: 

51. Եվ հենց այդ Արի ազգերն են, որ զգալով իրենց Արմատը Արարատում, արյունով ու հոգով կապված են նրան, մշտապես սնվում են իրենց Արմատից եւ ապա սնում են մարդկությանը: 

Արարումի Ավետարան — 4 

Խորհուրդ Աստվածների  

1. Աստվածները Արայից բխող Գերագույն Խորհուրդներ են՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ — Վ — ԱԾ /պահել/՝ Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: 

2. Եվ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որեւէ Գերագույն Խորհուրդ՝ Սիրո, Զորության, Իմաստության եւ այլն: 

3. Եվ Աստվածները ինչ-որ վերացական, գերբնական կամ երեւակայական հասկացություն չեն. նրանք բնական կենդանի Տեսակ են, որ ապրում են նույն օրինաչափությամբ, ինչ եւ մյուս բնական Տեսակները: 

4. Արարիչը ե՛ւ Հուր է, ե՛ւ Օդ, ե՛ւ Ջուր, ե՛ւ Հող: Եվ ամբողջ Բնությունն է արարչական այդ չորս տարրերի համակցություն: 

5. Հուրն ու Օդը Արարչի հոգեւոր, զգացական զորություններն են, իսկ Հողն ու Ջուրը՝ նյութական: Եվ այդ բոլորը ամենաբազմազան հարաբերակցությամբ արտահայտվում են Բնության ամենաբազմազան Տեսակների մեջ՝ ստորինից մինչեւ ամենաբարձրը: 

6. Եվ թե քարը ամենաստորին Տեսակն է, ուր բացարձակ գերազանցում է Հողի տարրը եւ չեն նկատվում մյուս տարրերը, ապա Աստվածները ամենաբարձր կենդանի Տեսակն են, որոնց մեջ Հուրի եւ Օդի տարրերն են բացարձակ գերազանցում, իսկ Հողի եւ Ջրի տարրերը հասնում են նվազագույնի: 

7. Եվ Աստվածների մեջ շատ բարձր է զգացական, լիցքային որակը եւ շատ նվազ է նյութական որակը: Եվ այդ գերհզոր Աստվածներին մարդը պարզապես ի վիճակի չէ տեսնելու: 

8. Աստվածները անտեսանելի են, բայց գերհզոր են եւ կարող են ներգործել բնական բոլոր Տեսակների վրա, նաեւ՝ մարդու: 

9. Բայց Արայի կամքով Բնության Տեսակների միջեւ խիստ ընդգծված անջրպետ գոյություն չունի, եւ երկու իրարից հեռու Տեսակների արանքում միշտ միջանկյալ Տեսակներ կան: 

10. Եվ Աստվածների ու մարդկանց միջեւ անջրպետը շատ խոր կլիներ, եթե չլինեին Աստվածամարդիկ: 

11. Եվ որպես Աստվածների ու մարդկանց միջեւ միջանկյալ Տեսակ, Արարիչը արարել է Աստվածամարդուն: 

12. Եվ Արայից արարված Հէգ Արիի սերունդները, որ կոչվում են Հայք կամ Արմեն, որպես աստվածամարդիկ, միջանկյալ Տեսակ են Աստվածների ու մարդկանց միջեւ, իրենց մեջ կրելով ե՛ւ աստվածայինը, ե՛ւ մարդկայինը: 

13. Աստվածները նույնպես բնական էակներ են եւ իրենց մեջ, թեկուզ նվազագույն չափով, բայց ունեն Հողի ու Ջրի տարրեր եւ, այնուամենայնիվ, Աստվածներն ունեն որոշակի կերպարանք եւ այնքան էլ անտեսանելի չեն, գոնե Արիների համար:

14. Եվ միայն Արիները կարող են տեսնել Աստվածներին, միայն Արիները կարող են հարաբերվել նրանց հետ, քանզի իրենք աստվածամարդիկ են, միեւնույն ծագումը ունեն եւ որակապես շատ մոտ են Աստվածներին:

15. Իսկ հողածին Տիտանները որակապես շատ հեռու են Աստվածներից եւ միայն կրում են Աստվածների միակողմանի ներգործությունն իրենց վրա, առանց փոխադարձ հարաբերության: Եվ Տիտանները չեն ճանաչում Աստվածներին: Նրանք միայն զգում են ինչ-որ ներգործող մի Ուժ. եւ այդ ներգործող Ուժի համար մի կուռք են ստեղծում ու երկրպագում նրան: 

16. Եվ Արիների հնագույն նախնիները, որ բնական էին, որ զգում էին Հայր Արային եւ զգում էին իրենց որպես Արորդի, տեսնում էին Աստվածներին եւ հարաբերվում էին նրանց հետ: 

17. Ամեն մի Աստված՝ Արայի որդի, ամեն մի Աստված՝ լուսեղեն ոգի, ամեն մի Աստված՝ եթերային ուժ, ամեն մի Աստված՝ անմահ զորություն, ամեն մի Աստված՝ գերագույն խորհուրդ: 

18. Եվ Աստվածներն են Արայի կամքը հաստատում ամբողջ Աշխարհում, հովանավորում ամեն մի շարժում, հարաբերություն, զգացողություն, կամք, միտք, ուժ: 

19. Քանի՞ Աստված կա՝ մենք չգիտենք: Մենք ճանաչում ենք այնքան Աստված, որքան գերագույն խորհուրդների զգացողություն ունենք մեր մեջ. եւ ճանաչում ենք այն Աստվածներին, որոնք հարաբերվում են մեզ հետ, եւ որոնց հետ մենք ենք հարաբերվում: 

20. Մենք ճանաչում ենք ե՛ւ մեզ հովանավորող Աստվածներին, ե՛ւ մեզ վնասող Աստվածներին: 

21. Արիներին հովանավորում է Աստվածամայր Անահիտը՝ Մայրը բոլոր Աստվածների ու Արիների: 

22. Արիներին հովանավորում է Հուր-Աստված Վահագնը՝ Արայի ամենազորեղ Որդին եւ եղբայրը մեր նախահայր Հայգ Արիի: 

23. Արիներին հովանավորում է Աստղիկը՝ Աստվածուհին Գեղեցկության եւ Սիրո, քույրը մեր նախահայր Հայգ Արիի: 

24. Արիներին հովանավորում է Արտավազդ Միհրը, որն աստվածադիր օրենքներն է հաստատում Արիների մեջ եւ որ եղբայրն է մեր նախահայր Հայգ Արիի: 

25. Արիներին հովանավորում է իմաստության Աստված Տիրը՝ իմաստուն եղբայրը մեր նախահայր Հայգ Արիի: 

26. Արիների թշնամիներն են Մռայլի Աստված Վիշապը եւ Ստորգետնյա Աստված Յահվահը: 

27. Չար է Վիշապը եւ խորամանկ է Յահվահը. եւ Արիների դեմ գործում են համատեղ՝ խորամանկ չարությամբ: 

28. Նրանք ատում են լույսն ու արարումը. ատում են արարող Արիներին եւ ատում են Լույսի պահապան Վահագնին: 

29. Արիների Աստվածները պահպանում են արարումը Արարատում, իսկ Չարի Աստվածները ուզում են կործանել արարումը Արարատում:

30. Եվ հենց երկրի վրա հաճախ Աստվածների մեծամարտ է լինում՝ Արիների ու Չարիների աչքերի առաջ: 

31. Եվ Աստվածները զորավոր են մեր հավատքով: Չէ՞ որ փոխադարձ հարաբերությունը կենսահուրի փոխադարձ սնում է պայմանավորում: 

32. Հարաբերվելով մեր Աստվածների հետ, մենք նրանցից կենսահուր ենք սնվում եւ փոխադարձաբար մենք նրանց ենք սնում: Այդ ընթացքում զորանում ենք ե՛ւ մենք, ե՛ւ Աստվածները մեր: 

33. Բայց երբ մենք չենք հարաբերվում մեր Աստվածների հետ, մենք չենք սնվում նրանցից եւ չենք սնում նրանց. ե՛ւ մենք ենք տկարանում, ե՛ւ Աստվածները: 

34. Եվ Չարի Աստվածները զորանում են այն ժամանակ, երբ մենք մերժում ենք Լույսը եւ մեր հոգին ու աչքերը մռայլով ենք պատում: Մենք մեր կենսահուրով սնում ենք Չարի Աստվածներին. բայց նրանք փոխադարձաբար չեն սնում մեզ: Նրանք զորանում են մեզանով եւ զորացնում են Չարի Տիտաններին. եւ ապա մեր դեմ են գործում համատեղ զորությամբ, եւ մենք առավել տկարանում ենք: 

35. Որքան մենք հավատանք մեր Աստվածներին եւ հարաբերվենք նրանց հետ, այնքան նրանք զորավոր կլինեն: 

36. Որքան զորավոր լինեն մեր Աստվածները, այնքան զորավոր սնունդ կտան մեզ: 

37. Որքան զորավոր սնունդ տան մեզ Աստվածները, այնքան զորավոր կլինենք մենք: 

38. Որքան զորավոր լինենք մենք, այնքան առավել կզգանք մեր արարչական ծագումը: 

39. Որքան առավել մենք զգանք մեզ որպես Աստվածամարդ, այնքան չենք վախենա Չարի Աստվածներից: 

40. Որքան չվախենանք Չարի Աստվածներից, այնքան չենք երկրպագի նրանց ու չենք սնի նրանց: 

41. Եվ որքան չսնենք Չարի Աստվածներին, այնքան նրանք կտկարանան եւ չեն կարող վնասել մեզ:

Հատված 

Արարումի Ավետարան — 5 

Արտի Օրենքը

(Արիների կենսակերպը) 

Արին ծագումով Աստվածամարդ է: Եվ միայն Արտի՝ Աստվածադիր, — օրենքներով առաջնորդվելով, նա կապրի որպես լիարժեք Աստվածամարդ: Արտի օրենքներն են նրանը: 

Արտի՝ Աստվածադիր, Օրենքը 

Օրենքը մարդիկ են սահմանում, իսկ օրինաչափությունը՝ Արարիչը: Օրենքը կենսական է ու օգտակար, եթե ձեւավորվում է բնական օրինաչափությամբ: 

Օրենքները արդար կամ անարդար չեն լինում. օրենքները լինում են բնական կամ անբնական:

Բնական օրենքը զարգացնող օրենք է: Անբնական օրենքը ահաբեկող օրենք է, քանզի խաթարում է Ցեղի ու Ազգի նկարագիրը եւ իր իշխանությունը Ազգի վրա հաստատում է միայն ահաբեկման միջոցով: 

Բնական օրենքը օրինաչափության հաստատումն է, իսկ անբնական օրենքը օրինաչափության ժխտումն է: 

Օրինաչափությունը տարբեր է տարբեր Ցեղերի մեջ — եւ օրենքները տարբեր կլինեն նույնպես: 

Արի Ցեղի էությունը արարումն է, ուստի նա արարման օրինաչափությամբ պետք է ապրի: 

Արարումը եւ ոճիրը անհարիր են իրար. նրանք ժխտում են իրար: Որտեղ կա արարում — այնտեղ ոճիր չի կարող լինել. որտեղ կա ոճիր — այնտեղ արարում չի կարող լինել: 

Արին արարող է: Նա Աստվածամարդ է: Եվ նրա բնությունը ներկայանում է արարումը հաստատող հատկություններով՝ սեր, զորություն, իմաստություն, նվիրում, քաջություն, վեհություն, ազնվություն…

Իր բնությամբ Արին ոճրագործ չի կարող լինել:

Արիների մեջ ոճրագործության առկայությունը անբնական օրենքի հետեւանք է: Անբնական օրենքն է առաջ բերում ոճրագործություն, քանզի այդ անբնական օրենքը շեղում է Արիներին իրենց բնական օրինաչափությունից:

Արին Աստվածամարդ է եւ իր բնական ապրելակերպն ունի: Բայց երբ Տիտանների ապրելակերպը օրենքի ուժով պարտադրվում է Արիներին, ապա նրանք ապրում են անբնական կյանքով եւ այլասերվում են:

Աստվածամարդը պիտի ապրի աստվածավարի, եւ Արտի Օրենքն է նրա կենաց խորհուրդը: 

Հայր Արայից է տրված եւ Արտավազդ Միհրի կամքով հաստատված Արտի Օրենքը: Արի Ցեղի մեջ արարումը պաշտպանող բնական Օրենքն է դա, որ Ցեղի բնական օրինաչափությունների արտացոլումն է կյանքում: 

Արիներն իրենց կյանքում պիտի առաջնորդվեն այս Արտի Օրենքով, քանզի ապրել ցեղորեն, ապրել աստվածությամբ — կնշանակե՝ ապրել Արտով՝ Արդարության Աստվածադիր Խորհրդով: 

Ու թեեւ Արտի Օրենքը Հայր Արայի կամքով Արտավազդ Միհրն է հաստատում, բայց այդ Օրենքը անարդյունք կլինի, եթե չօծվի Վահագնի Զորությամբ: 

Արտի Օրենքը պաշտպանում է Արիների ծագումը, արյունը, ոգին, արարումը: 

Հայր Արայի կամքով — Ցեղի եւ Ազգի միջեւ ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ցեղինն է: 

Ազգի եւ Տոհմի միջեւ ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ազգինն է:

Տոհմի եւ Ընտանիքի միջեւ ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Տոհմինն է: 

Ընտանիքի եւ անհատի միջեւ ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ընտանիքինն է: 

Ցեղը պատասխանատու է Հայր Արայի առաջ: Ազգը պատասխանատու է Ցեղի եւ Արայի առաջ: Տոհմը պատասխանատու է Ազգի, Ցեղի եւ Արայի առաջ: Ընտանիքը պատասխանատու է Տոհմի, Ազգի, Ցեղի եւ Արայի առաջ: Անհատը պատասխանատու է Ընտանիքի, Տոհմի, Ազգի, Ցեղի եւ Արայի առաջ: Այդ պատասխանատվության զգացողությունն է մայրը բոլոր տեսակի առաքինությունների: 

Արտի Օրենքի համաձայն հանցանք է անհատի անպատասխանատվությունը Ընտանիքի հանդեպ. Ընտանիքի անպատասխանատվությունը Տոհմի հանդեպ. Տոհմի անպատասխանատվությունը Ազգի հանդեպ. Ազգի անպատասխանատվությունը Ցեղի հանդեպ. Ցեղի անպատասխանատվությունը Հայր Արայի հանդեպ: Դա է մայրը բոլոր տեսակի ոճրագործությունների: 

Տոհմի պատասխանատվությունը 

Իր ընտանիքներով ճանաչել Տոհմը եւ իր զավակներով գնահատել նրան: Դատապարտելի է այն Տոհմը, որի զավակները չեն հարգում Ազգի արյունը:

Դատապարտելի է այն Տոհմը, որի զավակները չեն նախապատրաստված Հայրենիքի պաշտպանության առաքելությանը: 

Դատապարտելի է այն Տոհմը, որի զավակները չեն նախապատրաստված ազգային կյանքին նվիրաբերվելու առաքելությանը: 

Դատապարտելի է այն Տոհմը, որի արու զավակները չեն նախապատրաստված իրենց Տոհմի շարունակելիությունն ապահովելու առաքելությանը: 

Դատապարտելի է այն Տոհմը, որի աղջիկները չեն նախապատրաստված ուրիշ Տոհմերի շարունակելիությունն ապահովելու առաքելությանը: 

Դատապարտելի է այն Տոհմը, որի ընտանիքները Տոհմի սերնդատվության դարբնոցները չեն:

Դատապարտելի է այն Տոհմը, որը տեր չի կանգնում իր զավակներին:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկանից ծնված ուրիշ Տոհմի սերունդն է սեփականացնում:

Դատապարտելի է այն Տոհմը, որի ընտանիքներում հարսի Տոհմն է տնօրինում:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկան ուրիշ Տոհմին հանձնելուց հետո, միջամտում է նրա ընտանեկան կյանքին:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր որդուն է փեսայության տալիս հարսի Տոհմին:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկա համար փեսա է ներս առնում:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր անառողջ որդու համար հարս է բերում:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր անառողջ կամ պղծված աղջկան հարսնության է տալիս ուրիշ Տոհմի: 

Ընտանիքի պատասխանատվությունը 

Դատապարտելի է այն Ընտանիքը, որն իր Տոհմի սերնդատվության օղակը չէ:

Լիարժեք չէ այն ընտանիքը, որի զույգը առնվազն իր կրկնապատիկը չի սերնդածնում: 

Տոհմի Ընտանիքը լիարժեք Ընտանիք է, եթե սերնդածնում է չորս կամ ավելի երեխաներ: 

Անսերունդ Ընտանիքը Ընտանիք չէ, եւ այն չպետք է պահպանել:

Չպետք է պահպանել այն Ընտանիքը, որից սերված երեխաները լիարժեք չեն:

Անթույլատրելի է ամուսնալուծությունը երեխա ունեցող Ընտանիքներում, քանզի ամուսնալուծությունը հանցանք է Ազգի, Տոհմի եւ երեխայի նկատմամբ: 

Խստիվ անթույլատրելի է երեխաներին իրենց Տոհմից կտրելը, նույնիսկ բաժանվելու կամ ամուսնու մահվան դեպքում: Երեխաները պատկանում են իրենց Տոհմին: Եթե կինը հեռանում է ամուսնու Տոհմից, նշանակում է՝ հեռանում է հենց իր զավակների Տոհմից: 

Տղամարդն իրավունք ունի բաժանվել իր կնոջից միայն երկու դեպքում — նախ՝ եթե կինն անբարոյական է եւ երկրորդ՝ եթե կինը չի ցանկանում առնվազն չորս երեխա ծնել: 

Անթույլատրելի է տղամարդուն բաժանվել կնոջից, եթե կինը ցանկանում է չորս երեխա ծնել, բայց չի կարող: Այս դեպքում տղամարդուն թույլատրվում է երկրորդ կին բերել: 

Արարչի կամքով, ամեն Արորդի այր պարտավոր է իր Տոհմին տալ առնվազն չորս երեխա: Եթե մի կինը անկարող է նրա համար ծնել չորս երեխա, տղամարդուն թույլատրվում է այդ քանակը լրացնել երկրորդ կնոջ միջոցով, առանց բաժանվելու առաջին կնոջից: 

Անհատի պատասխանատվությունը 

Անհատը ազգային օրգանիզմի օրգանական ամբողջությունների համակարգում վերջին օղակն է: Ըստ այդմ, անհատը պատասխանատու է միաժամանակ Ընտանիքի, Տոհմի, Ազգի առաջ: 

Եվ Անհատը իր բազմաթիվ բնական դերերն ունի այդ բոլոր ամբողջությունների մեջ: Եվ այդ բնական դերերը Անհատն ինքը չի ընտրում. դրանք նրա ծագումից են գալիս:

Անհատը ծնող է, որդի, եղբայր, ամուսին, հորեղբայր, մորեղբայր… Նա ազգական է, հարեւան, ընկեր, փեսա, խնամի, ծանոթ, բարեկամ… Նա ռազմիկ է, աշխատող, ստեղծող, սպառող… Եվ այդ բոլորը նույն Անհատն է. այդ բոլորը նրա մեջ են. եւ այդ բոլորի ամբողջությունն է նա: 

Եվ Արի Անհատը պետք է այդ բոլոր դերերը կատարի անթերի: Եվ նա պետք է պատասխանատվություն զգա այդ բոլոր դերերը կատարելու համար: Ըստ այդմ, Արին չի կարող ունենալ միայն Իրավունքներ. նա ունի Պատասխանատվություն, քանզի իրավունքն առանց պատասխանատվության անբարոյականություն է, չարիք է: Պատասխանատվությունը միավորում է Ազգը, իսկ Իրավունքը բաժանում, պառակտում է նրան: 

Սակայն պատասխանատվություն կարող է զգալ միայն ամբողջական Անհատը, երբ նրա մտածելակերպը համապատասխանում է նրա գենետիկական որակներին: Գենետիկական որակները բնական են՝ դրանք ազգային գենետիկական որակների մասնավոր արտահայտություններ են: Իսկ մտածելակերպը ձեւավորվում է արտաքին ներգործությունների միջոցով, որպես իմացության հետեւանք: 

Երբ Արիի մտածելակերպը չի համապատասխանում նրա գենետիկական որակներին, ապա այդ Արին ամբողջական Անհատ չէ. նա երկվության մեջ է, եւ նրա մեջ մշտական պայքար է գնում: Նա կիսատ է, ուստի եւ ազատ չէ որեւէ պատասխանատվություն կրելու: 

“Ազատություն” հասկացությունը անպայման կապված է պատասխանատվության զգացողության հետ: Ազատությունը ազատներին՝ ամբողջական Անհատներին է վերաբերվում, նրանց, ովքեր պատասխանատվություն են զգում իրենց բնական դերերի համար եւ իրենք կարող են իրենց վերահսկել: Նրանց իրավունքը պատասխանատվություն կրելու իրավունք է: 

Ոչ ամբողջական՝ Կիսատ անձերը, ովքեր որեւէ պատասխանատվություն չեն զգում իրենց բնական դերերի նկատմամբ, առաջնորդվում են միայն Իրավունքի պահանջով: Ըստ այդմ, “Մարդու Իրավունք” հասկացությունը — դա Կիսատ Անձերի՝ Անազատների, սկզբունքն է:

Անազատներին չի կարելի ազատություն տալ: Նրանցը անազատությունն է: Նրանց ոչ միայն որեւէ իրավունք չի կարելի տալ, այլև խստորեն պետք է վերահսկել նրանց, հակառակ դեպքում նրանք չարիք կսփռեն իրենց շուրջը: Անազատին ազատություն տալով, նրան իրավունք ենք տալիս անարգել չարիք գործելու, պղծելու շրջապատը: 

Ըստ այդմ, դատապարտելի է այն Արին, ով չի կատարում կամ թերի է կատարում իր բնական դերերը:

Արին պարտավոր է հարգել իր Արյունը, որ Ազգի միջոցով ժառանգել է Արարչից՝ Հայր Արայից: Եվ իր ազգակիցների հետ նա պետք է հարաբերվի միայն Արյան սկզբունքով, քանզի արյունակից են բոլորը, եւ բոլորի մեջ միեւնույն Ազգային Արյունն է, որ ժառանգել են Հայր Արայից: 

Նա, ով հեղում է ազգակցի արյունը, կատարում է քառակի հանցանք՝ նա հեղում է ազգակցի արյունը, նա հեղում է ազգակցի մեջ իր արյունը, նա հեղում է ընդհանուր նախնիների արյունը, նա հեղում է Հայր Արայի արյունը: 

Միայն Նամուսի համար կատարված սպանությունը կամ ինքնասպանությունը չի դատապարտվում:

 Երեխա սպանելը կամ բռնաբարելը ընդհանրապես արիական հատկություն չէ: Այդ ոճիրը կատարողն անպայման Արի չէ: Եվ Արիի անունով ամենազազրելի ոճիրը կատարող Չարին պետք է ամենադաժան պատիժը կրի: 

Արի Անհատի համար Ազգը պաշտամունքի առարկա է, քանզի միայն Ազգի մեջ եւ Ազգի միջոցով կարող ենք հարաբերվել Արարչի հետ: Ըստ այդմ, Ազգի զգացողությունը Արարչի զգացողություն է, Արարչի պաշտամունքը՝ Ազգի պաշտամունք…

Հայրենիքի պաշտպանությունը Արիի բնական դերերից մեկն է. դա նրա սրբազան պարտականությունն է: Երբ Հայրենիքը վտանգված է, Արի Անհատը ինքն իր մեջ Սրբազան Պատերազմ է երկնում եւ ապա մասնակցում է Հայրենիքի պաշտպանության Սրբազան Պատերազմին: 

Հայրենիքի պաշտպանությունից խուսափելը մահացու ոճիր է: 

Արի Անհատի համար պատվի հարց է Ազգային Բանակում ծառայելը: Բանակում չծառայած երիտասարդին չի կարելի աղջիկ տալ եւ չի կարելի նրան Ազգի մեջ որեւէ դեր վստահել: 

Արի տղամարդը ի ծնե Ռազմիկ Է: Ամեն ընտանիքում, որպես զորության խորհրդանիշ, Սուր պիտի լինի: Որ ընտանիքում Սուր չկա — այնտեղ տղամարդ չկա: 

Արի Անհատը պետք է մշտապես պատրաստ լինի զոհաբերության իր Ընտանիքի, իր Տոհմի եւ իր Ազգի համար: 

Հատված՝Ուխտագիրք Արորդյաց“-ից 

“Լուսանցք­”  Թիվ  38, 14-20 դեկտեմբեր,  2007թ.

“Լուսանցք­”  Թիվ  39, 21- 27 դեկտեմբերի 2007թ.

“Լուսանցք­”  Թիվ  40, 11- 17 հունվարի 2007թ.

“Լուսանցք”  Թիվ  43, 1 — 7 փետրվարի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 44,   8 — 14 փետրվարի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: