I GITOUTYUN ЛЕЗВИ ПЕТАКАН ТЕСЧУТЯН ПЕТ ПАРОН ЛАВРЕНТИЙ МИРЗОЯНИН
Մեսրոպյան այբուբենն իր հայրենիքում աղբանոց գցվելու ապրանքի՞ է վերածվել
Ընթերցողը թող չփորձի սխալներ փնտրել այս գրության ոչ-մեսրոպատառ խորագրում: Ամեն ինչ պարզ է ու հստակ: Հայոց լեզուն Սահմանադրությամբ եւ օրենքներով պետական միակ լեզու հռչակած ՀՀ կոչված պետության մեջ մեսրոպյան այբուբենին ոչ միայն օրեցօր, այլեւ վայրկյանից վայրկյան դուրս են մղում կյուրեղյան ու նամանավանդ լատինական այբուբենները:
ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է (ի դեպ՝ 1. Սահմանադրության մեջ չի շեշտվում, թե հայերենը պետական ՄԻԱԿ լեզուն է, 2. այս հոդվածը չի ընդգրկվել ՀՀ սահմանադրության‘փոփոխման ենթակա չեղող հոդվածների շարքում): Իսկ հայերեն՝ նշանակում է մեսրոպյան այբուբեն: Անհնար է այսօրվա հայերենն անգամ երեւակայել ուրիշ այբուբեններով՝ արաբական, լատինական, կյուրեղյան, չինական ու ճապոնական հիերոգլիֆներ եւն.:
Սակայն, պարզվում է, որ դա ոչ միայն աներեւակայելի է, այլեւ… շատ էլ իրական: Էլեկտրոնային գերժամանակակից հաղորդակցության միջոցներով հայոց լեզուն եթե նույնիսկ երբեւէ օգտագործվում է, ապա ջախջախիչ մեծամասնությամբ գրվում է ոչ մեսրոպյան այբուբենով: Այս այլանդակ երեւույթին տուրք են տալիս նույնիսկ ՀՀ պետական մարմինները՝ դրանով կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության հիշյալ հոդվածը, “Լեզվի մասին” ՀՀ օրենքի պահանջները, եւ, իհարկե, հայկական պետականության սրբազան գաղափարն ու հայոց ազգային արժանապատվությունը:
Այս խայտառակությանը վերջին շրջանում մասնակցում է նաեւ Մայր աթոռ Ս. Էջմիածինը՝ Հայ եկեղեցու գլխավոր կենտրոնը, որը դարեր առաջ սրբացրել է անմահանուն Մեսրոպ Մաշտոցին ու նրա աջակից Սահակ Պարթեւ հայրապետին: Արդարեւ, այս կենտրոնը իր էլեկտրոնային գրագրությունների կարեւոր տոկոսն անում է ոչ մեսրոպյան այբուբենով:
Սա պարզապես ամոթալի եւ խայտառակ երեւույթ է, անհարիր՝ առաքելական դավանանքի հայոց սրբություն սրբոց կենտրոնին:
Խոսքս որոշակիացնեմ վերջին օրինակներից մեկով:
Ս. թ. հունվարի 6-ին, երբ Մայր աթոռի սփյուռքահայ բարերարներից մեկի հետ ուղղվում էի երեւանյան մի եկեղեցի՝ սուրբ ծննդյան պատարագին ներկա գտնվելու, երկուսս էլ մեր բջջային հեռախոսներով (իմը՝ Արմենտելի, իսկ իմ բարեկամինը՝ Վիվասելի համարներով) ստացանք Մայր աթոռի շնորհավորական հաղորդագրությունը՝ լատինատառ “հայերենով”: Մեր ուրախությունը տեղում վերածվեց տխրության, մեր սրտերի ջերմությունը միանգամից սառեց շրջապատի ցրտից էլ ցածր ջերմաստիճանով: Սփյուռքահայ բարերար բարեկամս ապշելուց տեղում քարացել էր…
Իհարկե, հաճելի է, որ Մայր աթոռն էլ օգտագործում է հեռահաղորդակցության էլեկտրոնային ժամանակակից միջոցները, բայց դա պետք է արվեր եւ պետք է արվի հայոց այբուբենի հաշվի՞ն: ՍԱ ՀԻՄՆՈՎԻՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է: Հայոց լեզուն գրվում եւ գրվելու է միայն եւ միայն մեսրոպյան այբուբենի տառերով, այլապես՝ դա ամեն ինչ է, բայց ոչ հայերեն: Այսպիսի հաղորդագրություններ ուղարկող Մայր աթոռի գահակալը, միաբաններն ու աշխատակիցները, վստահաբար, սիրով կխաչակնքեն ու կխնկարկեն հայոց մեծագույն սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա ու նրա հիշատակին (ամեն պատարագի՝ Հայ եկեղեցու սրբերի շարքում աղաչանքով հիշատակվում է նաեւ “Մեսրոպ վարդապետը”, որի համար Աստծուց հիշատակություն եւ ողորմություն է խնդրվում), բոցաշունչ եւ հուզախռով խոսքեր կարտասանեն Մաշտոցի հասցեին եւն.: Ով նորին անսուրբ կեղծավորություն, թող ես թքնեմ քո ճակատին…
“Լեզվի մասին” ՀՀ օրենքը պարտադրում է, որ ՀՀ-ում հաղորդակցությունը լինի հայոց լեզվով, այսինքն (եւս մի անգամ շեշտենք)՝ մաշտոցյան այբուբենի տառերով: Սակայն, ինչպես օրենսդրական շատ պահանջներ ու պարտավորություններ, սա եւս մնում է թղթի վրա՝ եթե արդեն աղբանոց չի նետվել ՀՀ պետական շրջանակների, մասնավորաբար Լեզվի պետական տեսչություն կոչվող մեռյալ կառույցի հանցավոր անտարբերության պատճառով: Ի դեպ, այստեղ տեղին է հարց տալ հիշյալ տեսչության պետ պր. Լ. Միրզոյանին, թե ի՞նչ արդյունքներ է նա արձանագրել անցյալ տարվա ընթացքում, որը նա հռչակել էր “հայոց լեզվի տարի”: Երեւանյան վաճառատների, հայրենական արտադրանքների պիտակների եւ բազմատասնյակ տաքսու ծառայությունների ավտոմեքենաների գրությունները բավարար են վկայելու, թե լավրենտիմիրզոյանական “լեզվի տարին” ավելի ճիշտ կլիներ բնորոշել իբրեւ “հայոց լեզվի թշնամիների համար ամենաթողության տարի”: Հասել ենք այնտեղ, որ հայոց լեզվով ու մեսրոպյան այբուբենի տառերով գրություններ գտնելը ավելի դժվար է դարձել, քան՝ տիեզերքում նոր համաստեղություններ հայտնաբերելը:
Այս վիճակն անընդունելի է:
Հավելեմ, թե Սիրիայի հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադը արգելել էր երկրում բջջային հեռախոսի ծառայությունների գործունեությունը մինչեւ չլուծվեր երկու հարց՝ ազգային անվտանգությանը դրանով սպառնալիքների բացառումը եւ հեռախոսակապի բոլոր ծառայությունների բացառապես պետական միակ լեզվով՝ արաբերենով կիրառման տեխնիկական ապահովումը: Այսինքն, այս իմաստուն ղեկավարը նույն հարթության վրա էր դիտարկում երկրի ազգային անվտանգությունն ու լեզվական անվտանգությունը:
Այո, լեզվական անվտանգությունը որեւէ պետության պետական ու ազգային անվտանգությունների համակարգի անբաժան եւ էական մասն է: Սա գիտակցում են աշխարհի երեւի բոլոր երկրներում՝ ի բացառություն ՀՀ-ի, որի՝ ՆԱՏՕ-ի (այսինքն՝ Թուրքիայի) օժանդակությամբ գրված եւ “Ազգային անվտանգության հայեցակարգ” կոչվող խայտառակ փաստաթղթում հեռավոր ակնարկ իսկ չկա հոգեւոր եւ լեզվական անվտանգությունների մասին…
ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով, այլեւ հայ ազգի անդամ լինելու իմ բնածին իրավունքով պահանջում եմ ՀՀ-ում ինձ ապահովել մեսրոպյան տառերով հայերենով հեռախոսակապի ծառայություններով: Այդ տեխնիկական հարցի լուծումը ոչ միայն դժվար չէ, այլեւ վաղուց կարծես թե լուծված էլ է. ամիսներ առաջ հայկական մի հեռուստածրագրով հյուրընկալվում էր մի երիտասարդ մասնագետ, որի ասածի համաձայն, ինք կազմել է նման ծրագիր, սակայն ՀՀ իշխանությունները չեն ցանկացել այդ ծրագիրը ներդնել բջջային հեռախոսակապի մեջ:
Հայտնենք նաեւ, թե այս բոլոր խայտառակությունները կատարվում են իրենք իրենց նժդեհական, ցեղակրոն եւ ազգայնական հռչակող ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների‘մոտ տասնամյա իշխանության տարիներին, իշխանություններ, որոնք Մայր աթոռի ու նրա այսօրվա գահակալի հետ ընդամենը մի քանի տարի առաջ մեծ շուքով (ավելի ճիշտ՝ ցուցք-շոուներով) “տոնեցին” հայոց գրերի գյուտի 1600-ամյակը, որից հետո ժամ առ ժամ եւ վայրկյան առ վայրկյան հայոց լեզուն նահանջում է իր իսկ հայրենիքում՝ նման “տոնակատարողների” լռելյայն եւ բացահայտ մեղսակցությամբ:
Հայոց այբուբենը թանգարանային նմուշ չէ, մեռած լեզուների սեպագիր կամ հիերոգլիֆ: Մեսրոպյան այբուբենը հայոց լեզվի էությունն է, իսկ հայոց լեզուն՝ հայ ազգի էությունը: Հետեւաբար, չկա հայություն եւ հայկականություն՝ առանց մեսրոպյան այբուբենի:
Այսօրվա կեղծ նժդեհական-ազգայնական իշխանավորները եւ սքեմավոր “մաշտոցասերները” տարրական ազնվություն եւ գիտակցություն ունե՞ն հասկանալու այս պարզ ճշմարտությունը: Կասկածում եմ: Երանի սխալած լինեմ:
Գեւորգ Յազըճյան
Պատմական գիտությունների թեկնածու
Հ. Գ. — Ի դեպ, նույն պահանջը ներկայացնում եմ էլեկտրոնային հաղորդակցության մյուս բոլոր միջոցների, մասնավորաբար Համացանցի համար (օրինակ՝ Ֆրանսիայի ներսում Համացանցի ֆրանսերենով հեռահաղորդակցությունը պարտադիր է եւ խախտողները մեծ տուգանքների են ենթարկվում): Թող չփորձվի առարկել պետական բյուջեի միջոցների անբավարարությամբ. “արվեստի գործչի” պիտակի տակ լեսբուհիների եւ արվամոլների՝ ռուսաստաններից ՀՀ հրավիրելու փող կա, բայց հայության մեծագույն սրբություն հայոց լեզվի կիրառման օրենսդրական պահանջի բավարարման համար փող չկա՞…
“Լուսանցք” Թիվ 42, 25 – 31 հունվարի, 2008թ.
Թողնել պատասխան