Դիվանագետը հիվանդություն չի բուժում

by

Մոսկվայի տանը մեր ամոթն էր 

Հետաքրքրությունից մղված` ներկա եղա ավելի քան երկու ժամ տեւած այս հանդիպմանը։ 

Նախ` մի քանի նկատառում ներկաների մասին։ Նրանց արտաքինից երեւում էր, որ ջախջախիչ մեծամասնությամբ ռուսներ էին, առնվազն, սլավոնական ազգի մարդիկ, հիմնականում` կանայք, առավելաբար` բալզակյան տարիքի։ Հարցուպատասխանից պարզվեց, որ վերջիններիս կարեւոր տոկոսը խառն ամուսնություններում գտնվող կանայք են, մեծ մասամբ` ՀՀ քաղաքացիներ, մեր երկրում հաստատված առավելաբար ամուսնությունից հետո։ Կային նաեւ ՀՀ հայազգի քաղաքացիներ, ում հուզում էր երկրից փախուստ տալու կամ, նվազագույնը, ՌԴ քաղաքացիություն ստանալու “երջանիկ” հեռանկարը (ամո՜թ նրանց)։ Հարցերի էությունը ոչ մի կասկած չէր թողում, որ ներկաները` ՀՀ թե՛’հայազգի, թե՛’ռուսազգի քաղաքացիները, բոլորը, առանց բացառության, ՌԴ քաղաքացիություն են ուզում ձեռք բերել։ Նրանց մի մասը, այդուհանդերձ, վերջինս ստանալու դեպքում, ցանկություն էր հայտնում որպես ՌԴ քաղաքացի ապրել ՀՀ-ում։ 

Մտահոգում էր հատկապես հայոց լեզվի նկատմամբ ներկաների վերաբերմունքը։ Որ խնդիրն արծարծվելու էր, կասկած իսկ չունեի։ Սակայն, դա բարձրացրեց առաջին իսկ հարցադրողը` ռուսազգի մի տիկին, ով ներկայացավ որպես ՀՀ ԳԱԱ ինչ-որ գիտահետազոտական ինստիտուտում 40 տարի աշխատած գիտաշխատող. երկու որդիները, ինչպեսեւ ինքը, ՀՀ քաղաքացիներ են, բազմաթիվ բարձրագույն դիպլոմներ ունեն, սակայն ՀՀ-ում աշխատանք չեն գտնում հայերեն չիմանալու պատճառով։ ՌԴ դիվանագետը բացատրեց, որ Հայաստանը 1991թ. սեպտեմբերից ինքնիշխան պետություն է, ունի իր պետական լեզուն, որի գործառույթները պարտավոր են բոլորը, առաջին հերթին` ՀՀ բոլոր քաղաքացիները հարգել` անկախ ազգային պատկանելությունից։ “Գիտնական” տիկինը կատաղեց. ինչպե՞ս թե, ռուս դիվանագետը չի՞ պաշտպանում ռուսների եւ ռուսաց լեզվի շահերը ՀՀ-ում։ Վերջինս բազմիցս բացատրեց, որ, իրավական տեսակետից, ՀՀ ռուսազգի քաղաքացիներն իր եւ իր ներկայացրած պետության համար օտարերկրացիներ են, իսկ իրենք իրավունք չունեն միջամտելու ուրիշ պետությունների եւ դրանց քաղաքացիների ներքին գործերին,։

Նա ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրի քաղաքացի պարզապես պարտավոր է իմանալ իր պետության պետական լեզուն։ Նա, որպես այլընտրանք, առաջարկեց տեղափոխվել ՌԴ, ստանալ ՌԴ քաղաքացիություն եւ համապատասխան աշխատանք գտնել արդեն ռուսական հայրենիքում։ 

“Գիտնականը” համառեց. ինքը եւ իր որդիներն ուզում են ՌԴ քաղաքացի դառնալ, բայց ապրել ՀՀ-ում, որդիներն պիտի այստեղ աշխատեն`‘ռուսաց լեզվով, իսկ ինքը ՌԴ կենսաթոշակ ստանա եւ ոչ թե ՀՀ “ողորմելի կենսաթոշակը”։ Ռուսաստանցի դիվանագետն ստիպված բացատրեց. ինքը չի զբաղվում քաղաքական խնդիրներով, այլ հանդիպման է եկել է ազգակիցներին (ՌԴ, ՀՀ կամ այլ քաղաքացի) պարզաբանելու որոշ հարցեր, որոնց նրանք բախվում են ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնում։ Հարձակման “հերթն” անցավ ռուսազգի մեկ այլ տիկնոջ. պահանջում էր, որ Պուտինը կամ նրան հաջորդած Մեդվեդեւը, ոչ ավել, ոչ պակաս, ճնշում գործադրեն Ռ. Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի վրա, որպեսզի ռուսերենն ազատ գործառնի ՀՀ-ում։ Դիվանագետը բացատրեց, որ ճնշումների գործադրումը միջազգային հարաբերություններում անընդունելի է, եւ մի անգամ եւս պահանջեց իրեն քաղաքական բնույթի հարցեր չտալ։ Նա հազիվ խոսքն ավարտած` տեղից վեր կացավ մի երրորդ տիկին եւ հայտարարեց բառացիորեն հետեւյալը. “ՀՀ ռուսների շահերի դավաճանները, պարզվում է, ոչ թե ՀՀ իշխանություններն են, այլ`‘ՌԴ-ն ու նրա իշխանությունները”։ Ռուսազգիների մի մասը, ազգուրաց որոշ հայեր, հավանության բացականչություններով արձագանքեցին “հերոս” տիկնոջը։ 

Իսկապես խղճացի ռուս դիվանագետին։ Նա ավելի քան կես ժամ բացատրում էր, որ քաղաքացիությունը ենթադրում է ոչ միայն իրավունքներ, այլեւ պարտավորություններ, հաճախ առաջարկելով այդ խնդիրները նպատակային լուծելու համար տեղափոխվել ՌԴ, քաղաքացիություն ստանալ եւ այնտեղ էլ շարունակել կենսագործունեությունը: Սակայն նա միշտ էլ բախվում էր համառ պնդաճակատությանը. պահանջում էին իրենց լեզվական, կենսաթոշակային, քաղաքացիության, աշխատանքի եւ այլ խնդիրները լուծել ՀՀ իշխանությունների վրա ճնշում բանեցնելու, ՀՀ ներքին գործերին միջամտելու եղանակով։ Ռուս դիվանագետը նույնիսկ ստիպված էր խոստովանել, որ իր հետ անհուսորեն վիճողների մտածելակերպը չի փոխվել սովետական ժամանակների մտածելակերպից։

Նա նույնիսկ համեմատություն արեց ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ,‘քաղաքացիության խնդրով դիմողներից պահանջվող լեզվական իմացության պարտադիր նորմի առումով. ՌԴ քաղաքացիության դիմորդը պարտավոր է ռուսերենի իմացության քննություն անցնել եւ համապատասխան տեղեկանքը ներկայացնել դիմումը քննարկման ընդունող պետական մարմնին։ Ռուս դիվանագետը հայտնեց, որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող հայերը սիրահոժար կերպով կատարում են այս պահանջը, մինչդեռ ՀՀ ռուսազգի քաղաքացիները չեն ուզում հայերեն սովորել` ՌԴ իշխանություններից հետեւողականորեն պահանջելով իրենց լեզվական խնդիրները լուծել միջպետական հարաբերություններում անընդունելի եղանակներով։ 

Հակառակ տեւական բանավեճին, դիվանագետն ու նրա‘ՀՀ քաղաքացի ազգակիցները լեզվական հարցում շատ հեռու մնացին համաձայնության սկզբունքներից։ 

Հանդիպմանը ներկաների լեզվամտածողության իմ դիտարկումից եզրակացրի. ՀՀ սլավոնական ազգության քաղաքացիների ավելի քան 95-%-ը հայերեն չգիտի նույնիսկ տարրական խոսակցության մակարդակով, ուր մնաց խոսենք հայոց լեզվին, այսինքն, ՀՀ պետական միակ լեզվին տիրապետելու մասին։ Այս ամոթալի փաստը եթե մի կողմից նշյալ խմբի քաղաքացիների համառությունն է վկայում, մյուս կողմից էլ հաստատում է, որ Հայաստանի իշխանությունն ու հանրությունն առհասարակ նրանց չի ստիպում հարգել երկրի միակ պետական-պաշտոնական լեզուն, ընդհակառակը. օտարամոլություն եւ ստրկամտություն դրսեւորելով` ընդառաջում է նրանց անօրինական եւ մեծապետական մտածելակերպից բխող պահանջներին (ցավով հաստատում եմ, որ ՀՀ բարձրաստիճան ղեկավարների մեծ մասն այս երեւույթի գերին է, այն էլ,‘նույնիսկ ՀՀ հայազգի, բայց օտար լեզվամտածողության տեր քաղաքացիների հետ շփվելու ընթացքում)։ 

ՀՀ պետական համապաստասխան մարմինները պետք է անհրաժեշտ հետեւություններ անեն հայոց լեզուն հետեւողականորեն արհամարհելու‘ՀՀ քաղաքացիների մի մասի խայտառակ վարք-փաստից: Այս ամոթալի իրականությունը պետք է անհապաղ շտկվի, այլապես կկորցնենք պետականությունը կամ, առնվազն, անկախ պետականությունը։ ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ ազգությունից, պարտավոր են տիրապետել հայերենին։ ՀՀ-ն, որպես պետություն, պարտավոր է իր քաղաքացիների համար պետական միակ լեզվի իմացության բավարար մակարդակ ապահովել։ 

Վատ չի լինի, եթե ՀՀ քաղաքացիների համար սահմանվեն հայերենի իմացության հնգամյա քննություններ` ձախողածներին զրկելով քաղաքացիությունից։ Վերջապես, սա էլ պետության` ինքնապաշտպանվելու ձեւերից է։

Գեւորգ Յազըճյան

Պատմագիտության թեկնածու 

“Լուսանցք” Թիվ 53,  11 — 17 ապրիլի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: