Հրածինն ու հողածինը

by

Արիի ծնունդը 

Մի օր Աստվածամայր Անահիտը զբոսնում էր հրաշակերտ Արարատում: Արեւն արդեն թեքվել էր սարերի հետեւը եւ իր ճաճանչներն էր հավաքում: Մի մանուկ ճաճանչ դեռ չէր շտապում հեռանալ Արարատից: Նա կայտառ խաղում էր ծաղիկների հետ եւ այնքան տարված էր իր խաղով, որ չէր զգում Արեւի հեռանալը: Նա մոռացել էր, որ արդեն իր քնելու ժամն է: 

Հանկարծ Արեւը դուրս պրծավ սարերի հետեւից ու երկնքում դես ու դեն վազելով, որոնում էր իր ճաճանչին: Գտավ նրան, առավ իր գիրկը եւ անհագորեն համբուրում էր նրան, ու երջանկության արցունքներ թափում աչքերից: Աստվածամայր Անահիտը տեսավ այդ բոլորը եւ թախծեց: Նա գնաց Հայր Արայի մոտ: 

— Այդ ինչո՞ւ է թախծել Աստվածների Մայրը, — հարցրեց Աստվածահայր Արան:

Եվ Անահիտը պատասխանեց.

— Ո՜վ, Մեծդ Արա, Հայրը Հայոց Աստվածների, ես երջանիկ եմ, որ անմահ Աստվածների Մայր եմ, որ իմ զավակները Տիեզերքի տերն են, սերն ու զորությունը, որ նրանք հավերժ են ու հզոր: Ամեն ինչ կատարյալ է: Բայց իմ մայրությունը կատարյալ չէ:

— Ի՞նչ է պակաս քո մայրության մեջ, — հարցրեց Աստվածների Հայրը:

— Տառապանքը, — ասաց Մայր Անահիտը, — այո, տառապանքը: Առանց տառապանքի էլ ի՞նչ մայրացում, առանց երկունքի ցավի էլ ի՞նչ մայրացում:

— Ի՞նչ ես կամենում:

— Ես կամենում եմ երկունքացավի մայրությամբ օժտվել: Ես կամենում եմ տառապել-երկնել, ցավով ծնել, որդուս պարուրել սիրո կարոտով, տենչալ, երազել, մտովի կորցնել, որոնել, ողբալ, երկյուղած դողալ եւ ապա գտնել, սեղմել իմ կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերիցս թափել որդուս մազերին ու ժպտա՜լ, ժպտա՜լ… Ես ուզում եմ երկրային աստված ծնել, որը միշտ ապրի Երկրի վրա եւ միշտ իմ մայրական խնամքին կարոտի:

Ժպտաց Հայր Արան եւ ասաց.

— Քո ցանկությունը հաճելի է ինձ համար: Ես կարարեմ երկրային աստված: Նա միշտ կապրի Երկրի վրա եւ մայրական խնամքի պահանջ կունենա: Բայց գիտցի՛ր, որ նա անմահ չի լինի Աստվածների պես: Նա որդիներ կունենա, թոռներ: Եվ մայրացումը կլինի երկրային կյանքի խորհուրդը: Եվ դու ինքդ կպարգեւես բոլոր մայրերին մայրացում՝ որպես շնորհ աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ: 

Եվ Արարիչը հավաքեց Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով եւ այդ բոլորով կերտեց Անահիտի Մայրացումը: 

Ու երկնեց Աստվածամայրը: Ցավով երկնեց ու հենց Երկրի վրա Աստվածների կերտած Օրոցքում ծնեց մի չքնաղ զավակ՝ արեւատես, լուսափայլ, առողջ եւ ուժեղ: 

Հայր Արան գրկեց մանուկին, հիացավ նրանով եւ ասաց.

— Իմ այս զավակը առաջին արարումն է Երկրի վրա որպես Հայգ: Եվ թող իմ անունը միշտ կրի իր վրա որպես Արի: Թող Հայգ Արին ապրի Արարատում անմահ Աստվածների հետ՝ որպես երկրային աստված: Բայց Աստվածների պես անմահ չի լինի: Նա իր կյանքով ժամանակ է հաստատելու, քանզի ժամանակը սպասումն է: Արին մշտապես սպասելու է եւ անընդհատ սպասելով, սպառվելու ու ծերանալու է: Եվ ապա մեռնելու է: Բայց մահը վերջ չի լինելու: Ես նրա հավերժությունը հաստատում եմ կյանքի ու մահի միասնությամբ: Նա կմեռնի եւ ապա նորից կծնվի իր թոռի թոռան մեջ: Այդպես անընդհատ մեռնելով ու վերածնվելով, նա հավերժ կլինի, ինչպես եւ նրա բոլոր սերունդները:

Բոլոր Աստվածները հավաքվեցին Արարատում, ծիրանափող հնչեցրին եւ ուս ուսի տված, ի զորակցություն նորածին Արիի, նրա շուրջը քառասուն օր ու գիշեր Քոչ-Արի պարեցին։

Արարատի խոյասլաց լեռները մեծ հրավառությամբ ողջունեցին ծնունդն Արիի։ Թե՛ ծառ, թե՛ ծաղիկ, թե՛ հավք, թե՛ գազան, բոլորը մեկտեղ շուրջպար բռնեցին՝ փառաբանելով ծնունդը իրենց երկրային տիրոջ…

Մեծանում էր Արին Արարատում հազարաբույր ու հազարատես ծաղիկների մեջ, լողանում էր Արարատի պարզ լճերի ու արագավազ գետերի ջրերում, մագլցում էր Արարատի երկնասլաց լեռներն ի վեր, խաղում արծիվների ու առյուծների հետ: Եվ Կենաց Ծառի շվաքում հանգիստ էր առնում: Եվ Կենաց Ծառի տերեւները մեղմ սոսափյունով կենաց աստվածային խորհուրդն էին հաղորդում նրան:

Եվ քանի որ Արին այնքան զորավոր չէր, ինչքան նրա Աստված եղբայրները, ուստի Մայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած, թե արթուն ժամանակ, աչքը չէր կտրում նրանից՝ գետում լողալիս կամ լեռները մագլցելիս եւ մայրական գուրգուրանքով սնում էր նրան: Գիշերները ծածկում էր նրան իր աստվածային թիկնոցով, որ հանկարծ չմրսի գիշերային հովից. օրորոցային էր երգում ու անուշ երազներ հղում նրան: 

Աստվածները սիրում էին Արիին, սիրով խաղում էին նրա հետ եւ հովանավորում էին նրան: 

Եվ աճում էր Արին առողջ, ուժեղ, կենսասեր ու իմաստուն… 

Հողածին Տիտանը 

Մենակ էր Վիշապը եւ՛ Երկնքում, եւ՛ Երկրի վրա: Խավար էր շուրջը, եւ ինքն էր միանձնյա Թագավոր այդ Խավարի մեջ: Սկզբում լավ էր զգում իրեն: Չէ՞ որ ինքն էր բացարձակ տիրակալ այդ Խավարի աշխարհում: Բայց հետո նա ձանձրացավ իր այդ վիճակից: Այո, նա բացարձակ Թագավոր էր, բայց ո՞ւմ էր իշխում, ո՞վ էր երկրպագում նրան, ո՞վ էր զոհ մատուցում նրան: 

Եվ տխրեց Վիշապը: Նա հաճախ իջնում էր Երկիր ու հեռվից հետեւում էր Արարատին, ուր ճախրում էին թիթեռներ, ճռվողում էին թռչուններ, վազվզում էին կենդանիներ, ուր ծառ ու ծաղիկ էր: Եվ նա նախանձում էր մյուս Աստվածներին, որ ուրախ զվարճանում էին այդ բնության մեջ եւ խաղում էին Արիի հետ: Իսկ ինքը մենակ էր: Եվ գեթ մեկը չկար, որի հետ խաղար ինքը, որի հետ զրուցեր, որին հովանավորեր: Եվ հենց դրա համար Վիշապը ավելի էր չարանում Արիի դեմ, որ նա կար եւ հենց իր լինելությամբ երջանկացնում էր Աստվածներին եւ ընդգծում էր Վիշապի դժբախտությունը: Երանի Արին չլիներ, կամ ինքն էլ ունենար այդպիսի մեկին: 

Եվ Վիշապը դիմեց Հայր Արային.

— Ո՜վ, Աստվածահայր, ես մենակ եմ, եւ տխուր է ընթանում իմ կյանքը: Արարատում կյանք կա եւ այնտեղ Արին կա, ի ուրախություն բոլոր Աստվածների: Ինձ էլ տուր Արիի պես մեկին, որ ես էլ հոգամ նրա մասին: Չէ՞ որ նույնիսկ Խավարի Տիրակալն էլ ուրախանալու պահանջ ունի:

— Ես կկատարեմ քո ցանկությունը, — ասաց Աստվածահայրը, — թունախառն քո շունչը ցայտիր շուրջդ, եւ անապատը կկենդանանա: Ապա անապատի կավը շաղախիր Հորդող գետի ջրով եւ շաղախից ծեփիր Արիի նման մեկին: Փչի՛ր նրա վրա, եւ նա շունչ կառնի: Բայց գիտցի՛ր՝ նա չի լինի Արի, այլ կլինի Չարի. նա չի լինի Հայգ, այլ կլինի Ադամ. նա չի լինի աստված, այլ կլինի տիտան: Եվ նա կլինի առաջին հողածին Տիտանը:

Վիշապը գոհ վերադարձավ Երկիր: Շուրջը տարածեց իր թունավոր շունչը, եւ տափաստանի ավազներից փուշ ու տատասկ աճեցին եւ բազում կարիճներ, օձեր, մողեսներ եւ այլ սողուններ կենդանություն առան ու լցրեցին անապատը: Ապա տափաստանի կավը շաղախեց Հորդող գետի ջրով եւ այդ շաղախով ծեփեց Չարի Տիտանին, փչեց նրա վրա, շունչ տվեց նրան:

Ուրախացավ Վիշապը՝ Խավարի Թագավորությունն էլ ունեցավ իր կյանքը եւ իր մարդուն: Վիշապը սիրում էր Տիտանին, գուրգուրում էր նրան եւ անվերջ խրատում էր.

— Դու կբազմացնես ադամորդի Տիտանների Ցեղը եւ իմ Խավարի տիրակալությունը կտարածես Երկրով մեկ: Եվ իմ Զորությանը ապավինած, կտապալես Արի Ցեղը Արարատում եւ խավարով կծածկես Արարատը, որ այնտեղ էլ իմ իշխանությունը հաստատվի: 

Եվ Չարի Տիտանը աճում էր թունավոր զորությամբ եւ մշտապես թշնամություն էր տածում Արարատում ապրող Արի աստծո դեմ: Նա մշտապես խորհում էր Արարատը նվաճելու եւ այնտեղ Խավարի թագավորություն հաստատելու մասին… 

Կենաց Պտուղը 

…Երանության մեջ էին Արին ու Արփին: Ձեռք ձեռքի տված զբոսնում էին Արարատի սքանչելի բնության մեջ, վազվզում էին դաշտերով, լողանում լեռնային գետակների մեջ: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար. հովի պես քնքուշ էր նրանց սերը, հողմի պես փոթորկող, արեւի պես ջերմ, ջրի պես մաքուր, երկնի պես անկիրք: Եվ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք: Երկյուղում էին նայել իրար աչքերի մեջ, երկյուղում էին դիպչել, անգամ իրար: Մեկը մյուսի զգացմունքների մեջ մի եթերային էակ էր, որ կարող էր հանկարծ գոլորշիանալ, անէանալ անդարձ: Եվ մեծագույն երկյուղածությամբ պահպանում էին իրար: 

Նրանց սիրով հիանում էր Աստղիկ Դիցուհին եւ հովանավորում էր նրանց սերը: Աստվածամայր Անահիտն իր մոտ կանչեց Աստղիկին եւ ասաց.

— Արիի եւ Արփիի եթերային սերը շատ գեղեցիկ է, մաքուր, բայց անցողիկ է այն: Դու պիտի ապահովես նրանց սիրո հավերժումը:

— Մի՞թե այս սերը հավերժական չէ, — զարմացավ Աստղիկը:

Եվ Աստվածամայր Անահիտն ասաց.

— Երկրային աստվածները ժամանակի ազդեցությունն ունեն իրենց վրա: Եթերային սերը պատանեկության մենաշնորհն է. պատանեկության գարունն է եւ գարնան պես լուսաշող է, փոթորկող եւ անկիրք: Բայց գարնան հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Պտղաբերումի սերն արտահայտվում է սերնդատվությամբ եւ փոխանցվում է նրանց զավակների միջոցով: Դա է սիրո հավերժումը:

— Մա՛յր, — ասաց Աստղիկը, — իսկ ինչպե՞ս ապահովեմ նրանց սիրո հավերժումը:

Եվ Աստվածամայր Անահիտն ասաց.

— Հենց որ նրանք ամաչեն իրենց մերկությունից, այն կծածկեն: Եվ հենց այդ պահից նրանք կերազեն դիմացինի մերկությունը եւ կձգտեն իրար:

Եվ Աստղիկը հարցրեց.

— Ասա ինձ, Մա՛յր, իսկ ինչպե՞ս նրանք զգան իրենց մերկությունը:

Եվ Աստվածամայր Անահիտն ասաց.

— Նրանք պիտի ճաշակեն Կենաց Պտուղը: Դա աստվածային սիրո հավերժական Ծիրն է, որի Սերմը ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ:

Աստղիկը հայտնվեց Արփիին եւ ասաց.

— Ո՜վ, չքնաղ քույրի՛կս, եթե ուզում ես հավերժացնել ձեր սերը, ապա պիտի կատարես իմ պատվերը, որ Մայր Անահիտից է գալիս: Գտիր Կենաց Պտուղը եւ այդ Պտուղի կեսը դու ճաշակիր, մյուս կեսը տուր Արիին ճաշակելու:

— Ո՜վ, Աստվածուհի՛, — ասաց Արփին, — սուրբ է ինձ համար Մայր Անահիտի կամքը, բայց ասա ինձ, թե Արարատի ամենաբազմազան պտուղների մեջ ինչպե՞ս գտնեմ Կենաց Պտուղը:

Եվ Աստղիկն ասաց.

— Դա միակ Պտուղն է, որ ձեռքով կիսվում է երկու հավասար մասերի: 

Ասաց Աստղիկ Դիցուհին եւ անհետացավ: Իսկ Արփին սկսեց որոնել Կենաց Պտուղը: Նա Արիին ոչինչ չէր ասում եւ, Արիի հետ զբոսնելիս, նա քաղում էր բազմազան պտուղներ ու փորձում էր կիսել երկու հավասար մասերի: Չէին կիսվում: Հանկարծ մի փարթամ ծառի կատարին նա նկատեց արեւագույն մի պտուղ: 

Արփիի խնդրանքով Արին բարձրացավ ծառը եւ պոկեց այդ միակ արեւաթուշ պտուղը: Արփին ձեռքով հեշտությամբ կիսեց այն, եւ նրա ուրախության ճիչը զարմացրեց Արիին: Պտուղը կիսվեց երկու հավասար մասերի, եւ կորիզն անջատվելով, ընկավ գետին: 

— Ո՜վ Հայր Արայի երկրային որդի՛, — ասաց Արփին, — սա Կենաց Պտուղն է: Մայր Անահիտի կամքով մենք պետք է ճաշակենք այն, որ մեր սերը հավերժանա:

Նա մի կեսը տվեց Արիին, իսկ մյուս կեսը դրեց իր բերանը: Եվ հանկարծ Արփին կարծես սթափվեց խոր թմբիրից, նայեց Արիին, նայեց ինքն իրեն, զգաց իր եւ Արիի մերկությունը, ամաչեց ու փախավ, թաքնվեց թփերի մեջ: 

Զարմացած էր Արին, ոչինչ չէր հասկանում: Եվ Արփին կանչեց թփերի միջից.

— Ճաշակի՛ր պտուղի այդ կեսը, ճաշակի՛ր, թե չէ հավիտյան կկորցնես ինձ: Ճաշակի՛ր եւ մենք երջանիկ կլինենք:

Արին ճաշակեց պտուղի իր բաժինը: Եվ հանկարծ զգաց իր մերկությունը, ամաչեց ու փախավ: Նա թափառում էր ծառաստաններում, չհամարձակվելով երեւալ Արփիին իր մերկությամբ: Նա կանգ առավ մի թզենու առջեւ, որը լայն եւ հաստ տերեւներ ուներ: Պոկեց թզի մի տերեւ ու ծածկեց իր ամոթը:

— Այսպես լավ է, — մտածեց նա եւ ուրախացավ:

Մի տերեւ էլ պոկեց ու տարավ Արփիին: Արփին էլ իր ամոթը ծածկեց թզի տերեւով եւ դուրս եկավ թփերի միջից: 

Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական եւ այնքան ձգող… Եվ սիրո հավերժումը հաստատվեց նրանց մեջ սերնդատվությամբ: Եվ նրանց սերնդատվությունը հովանավորում էր Աստվածամայր Անահիտը:

Իսկ Կենաց Պտուղը կոչվեց Ծիրան: 

ՀատվածներՈւխտագիրք Արորդյաց“-ից 

“Լուսանցք” Թիվ 53, 11 — 17 ապրիլի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: