Հայաստանը եւ համաշխարհային կարգը – 1

by

Հրապարակախոսություն  

Նամակ խմբագրությանը 

Լուսանցք“-ի 2008թ. թիվ 13 համարում սկսվել էր իմ՝Դեպի նոր գոյություն, դեպի նոր պետականությունհոդվածէսսեի տպագրությունը: Առաջին հատվածի տպագրությունից հետո մի նոր հայացքով նայեցի այդ աշխատությանը եւ տեսա, որ հանրային առանձին երեւույթների եւ անձերի գնահատականները, ինչքան էլ դրանք ճիշտ լինեն, իրենց մեջ ունեն հանրությունը տարաբաժանելու ներուժ, ինչն այժմ կարող է վնասել երկրի ընթացքին: Այդ պատճառով խնդրում եմ ընդհատել տպագրությունը եւ հայցում եմ ընթերցողի ներողամտությունը: Ներկայացնում եմ մեկ այլ աշխատություն, որը միտված է ՀՀ մշակութային ներուժի եւ պետականքաղաքական վերնախավի համագործակցությանը:

Լեւոն Դռնոյան   

Լուսանցք“-ի կողմիցՀարգելով հեղինակի խնդրանքը՝ դադարեցնում ենք վերոհիշյալ հոդվածաշարի հրապարակումը: Դրան կանդրադառնանք ըստ նպատակահարմարության…  

Հայաստանի 3-րդ հանրապետության պետական-քաղաքական կարգն իր սկիզբն առնում է Համազգային Շարժումից, այդ շրջանում նրա գաղափարաբանությանը հատուկ էին ազգային պետականության ստեղծման եւ ազգային մշակույթի զարգացման գերակայությունները, սակայն աստիճանաբար առավելություն ստացան միջազգային արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ազատ շուկա եւ դրանց հետ՝ զարգացման միջազգային եւ եվրոպական չափանիշները: Որեւէ նորանկախ երկրի համար սա կարող է ճիշտ ընտրություն լինել, եթե գործող համաշխարհային կարգը կրի մոլորակի հարաշարժ զարգացման, նյութական եւ ոգեկան սկիզբների ներդաշնակության, բոլոր ազգ-պետությունների հավասարաչափ առաջխաղացման հնարավորություններ: 

ՀՀ պետականությունն ընտրության մեջ ելնում էր այն կանխադրույթից, որ համաշխարհային կարգը եւ, մասնավորապես, դրա մի հատվածը՝ եվրոպական ընտանիքը, ազգ-պետությունների համագործակցության ու կազմակերպման առավել կայուն, ներդաշնակ ձեւն է, եւ Հայաստանը պետք է նպատակ դնի ինտեգրվել վերջինիս կառույցներին: Սակայն այս կանխադրույթի ճշմարտությունը լուրջ կասկածի է ենթարկվում մի քանի հայտնի հանգամանքների առկայության պատճառով. ինչու՞ համաշխարհային կարգը՝ միջազգային կառույցներով եւ հսկայական փորձառությամբ, չի ապահովում նոր անկախացած երկրի սահուն ու անցավ մուտքը իր կազմ, ինչու՞ “անցումային” կոչվող շրջանը պարտադրաբար ուղեկցվում է մշակութային, տնտեսական եւ սոցիալական փլուզումներով եւ արտագաղթով, ինչու՞ համաշխարհային կարգի տրամադրած 1 մլրդ-անոց վարկի 40-60%-ը խորհրդատվությունների վրա ծախսած ՀՀ-ն չի ստացել պետական շինարարության համար անհրաժեշտ գիտելիք եւ փորձառություն, ինչո՞ւ 17-ամյա անկախության շրջանից հետո երկրի ներքին սոցիալական ճգնաժամը, մշակութային, կրթական եւ էթիկական նահանջը շարունակվում են: Այս հարցադրումները կարող են ունենալ առնվազն մի քանի պատասխան: 

1. Համաշխարհային կարգը նպատակ չի դնում ապահովել նորանկախ երկրի լիարժեք զարգացումը՝ ելնելով առաջատար երկրների դիրքերի պահպանման եսակենտրոն շահերից եւ դրանցից երրորդական երկրների մշտական կախվածությունը ուժեղացնելու ձգտումից:

2. Համաշխարհային կարգը ի՛նքը էթիկապես հիվանդ է, չունի մոլորակային կյանքի ճիշտ կազմակերպման աշխարհահայացք եւ կազմակերպվածություն:

3. Ներկա միջազգային արժեքները եւ չափանիշները, որոնցով կառուցվում է մեր պետականությունը, նաեւ դրանց կիրառման ձեւերը, չեն համապատասխանում հայ ազգային հոգեկերտվածքին եւ թույլ չեն տալիս նրան ի հայտ բերելու իր իրական կերտողական ներուժը: 

Այսպիսի հարցադրումներ կարող է անել եւ պատասխաններ փնտրել արթուն, քաղաքակրթական ավանդույթներ, ինքնագիտակցության որոշակի մակարդակ ունեցող քաղաքական վերնախավը: Չենք պնդում, որ ՀՀ վերնախավը զուրկ է այս հատկանիշներից. ընդհակառակը, խնդիր պետք է դնել ինքնաճանաչման միջոցով տեսնել սեփական առողջության եւ ինքնագիտակցության տարրերը հազարամյակների հայ մշակույթում եւ կենսափորձում, դրանք նորովի համակարգել, ամբողջացնել ու գործի դնել եւ դուրս գալ զարգացման նոր ճանապարհ: Այդ նոր ճանապարհը չի հակադրվի համաշխարհային կարգին, այլ կունենա նաեւ դրա առողջացման հստակ հայեցակետ: 

Սակայն ՀՀ պետական-քաղաքական վերնախավը այսպիսի աշխարհաճանաչման եւ գիտակցության ընդլայնման մի փորձ հենց այնպես դժվար թե ձեռնարկի: Ցավոք, այդպիսի դանդաղումը կարող է ստեղծել պատմական հանգամանքների, իրավիճակի, շահերի բախման այնպիսի սուր կոլիզիա, որը հարցականի տակ կդնի երկրի անկախությունը կամ նույնիսկ գոյությունը, նաեւ վերնախավի կառավարչությունը, դիրքն ու սեփականությունը, ինչը կստիպի վերնախավին աճող քաոսում գտնել մի ամուր, սեփական հանգրվան, հայկական խարիսխ, որին կարող է կառանվել պետականության նավը: Դա հնարավոր է նաեւ, եթե ազգային զանգվածի եւ վերնախավի արթուն հատվածները վաղօրոք պատրաստած լինեն այդ խարիսխը՝ որպես գաղափարախոսություն, քաղաքականություն եւ գործելակերպ՝ ՀՀ-ին սպառնացող քաոսը դիմագրավելու համար: 

Ներկա համաշխարհային կարգը որեւէ նորանկախ երկրի, այս դեպքում՝ ՀՀ աչքին ներկայանում է որպես ինքնաբավ, արդար եւ արդարության ձգտող, կայացած, կայուն, վերահսկելի, կանխատեսելի համակարգ, որն իր կայացածությունը փաստում է կյանքի բոլոր ասպարեզները գնահատող “միջազգային չափանիշներով”, որոնց պետք է ձգտի եւ ենթարկվի իր կազմ մտնող որեւէ երկիր: ՀՀ-ն ընդունել է համաշխարհային կարգի պահանջները եւ ձգտում է իր ներքին ու արտաքին կյանքը ենթարկեցնել դրանք արտացոլող հիմնական արժեքներին՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն եւ ազատ շուկայական տնտեսություն: Այս 4 արժեքային համակարգերը աստիճանաբար ձեռք են բերում կրոնական դոգմային հատուկ ազդեցության եւ ինքնապահպանման ձեւեր, որոնք գրեթե բացառում են դրանց էության եւ գործառույթների նկատմամբ որեւէ կասկած, հակադրում կամ գործողություն: Այս “նոր հավատի” ֆենոմենն արտացոլվում է երկրների սահմանադրություններում, զարգացման հայեցակարգերում ու ծրագրերում: 

Չնայած կայացածության եւ կայունության արտաքին նշաններին, համաշխարհային կարգը եւ դրա վերազգային ատյանները վերջին երկու տասնամյակներում արձանագրում են սպառման ներկա տեմպերի, մոլորակային պաշարների հյուծման, վերահաս բնապահպանական աղետների վտանգավորությունը մոլորակի, նաեւ իր գոյության համար, ինչն իր արտացոլումը գտավ ՄԱԿ-ի 1992, 1997 եւ 2000թթ. վեհաժողովների ընդունած՝ Կայուն զարգացման հայեցակարգի փաստաթղթերում, ինչպես նաեւ այն փաստաթղթերում, որոնք արձանագրում են. հայեցակարգը չի գործում, եւ սահքը դեպի աղետ շարունակվում է: Մոլորակային կյանքի հավասարակշռության խախտումը հասել է ահռելի չափերի. զարգացած երկրների մեկ միլիարդ բնակչությունը (Հս. Ամերիկա, Արեւմտյան Եվրոպա, Ճապոնիա) ծախսում է մոլորակի պաշարների 70%-ը եւ տալիս է մոլորակային աղբի 70%-ը: Խզումը հարուստ ու աղքատ ազգերի միջեւ աճում է, տարեցտարի ավելանում է աղքատ եւ ճգնաժամում գտնվող ազգ-պետությունների քանակը: 

Հայաստանը եւ համաշխարհային կարգը – 2 

Արեւմտյան քաղաքակրթությունն ուսումնասիրող հետազոտողները եւ ապագայագիտական կենտրոնները (Օ. Շպենգլեր, Վ. Շուբարտ, Է. Ֆրոմ, Մ. Բուբեր, Օշո, Կ. Սվասյան, Հռոմեական Ակումբ) արձանագրվում են այդ քաղաքակրթության ճգնաժամը եւ մոտակա մայրամուտը, ինչն արտահայտվում է ազգային-համայնական համակարգերի քայքայումով, Մարդ-Բնություն օրգանական կապերի խզումով, անհատի ինքնօտարացումով եւ դեստրուկցիայով, էթիկական, մշակութային, կրթական, առողջապահական, ապրելակերպի համակարգերի դեգրադացիայով, կեղծ մշակույթի աննախադեպ աճով եւ դրա կողմից հանրային կյանքի բոլոր ասպարեզների եւ զանգվածների գիտակցության գրավումով: Քաղաքակրթության հարուստ ու խնամված ճակատը, զարգացած քաղաքական ու սոցիալական համակարգերը միայն ծածկում են ընդհանուր ետընթացի պատկերը, առաջատար երկրների կառավարությունները չեն ցուցաբերում քաղաքական կամք եւ չեն ձգտում գիտակցության ընդլայնման՝ դեգրադացիոն գործընթացները կանխելու համար: Թվում է, թե ՀՀ պետականությունը, նրա պետական-քաղաքական վերնախավը անտեղյակ են այդ գործընթացներին:

Աշխարհակարգի գլոբալացման եւ նրա արժեքներին ՀՀ ինտեգրման էթիկական, մշակութային եւ մնացած հետեւանքները ՀՀ պետականության եւ մտավորականության կողմից չեն ուսումնասիրվել, համալիր գնահատական չեն ստացել եւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա չեն ազդել ու չեն ազդում: 

ՀՀ կողմից ներկա քաղաքակրթության արժեքների անվերապահ ընդունման եւ դրանք ներկայացնող համաշխարհային կառույցներին ինտեգրման ուղեգիծը՝ դրանից բխող ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, ծնել են խոր ճգնաժամեր եւ արդեն իսկ դարձել են զարգացման արգելակող գործոններ մի շարք ասպարեզներում: Ստորեւ բերում ենք այն դիտարկումները, որոնք բխում են հեղինակային խմբի հետազոտություններից: 

Կրթություն. — Կրթական համակարգը առանց վերապահումների ընդունել է կրթության մեջ “միջազգային չափանիշներին” հետեւելու պահանջը: Կրթականի գլխավոր որակային հատկանիշը դառնում է գիտելիքների ստուգման թեսթային համակարգը, որը մասնատում եւ ալգորիթմացնում է կրթության օբյեկտը՝ Բնությունը, երեխան իր մեջ այլեւս չի կրում որեւէ Առարկայի ամբողջությունը, այլ միայն հիշողություն նրա հարյուրավոր տարանջատ մասերի մասին: Սա մասնատում եւ հյուծում է երեխայի անձը, խեղում նրա զգացմունքը, երեւակայությունը, գիտակցությունը: Թեսթային համակարգը ապամշակութացվող եւ դեգրադացվող քաղաքակրթության ծնունդն է: Այն աստիճանաբար տարածվում է գեղարվեստի ու գրականության ուսուցման վրա, ինչը խեղում է երեխայի Գեղեցկության զգացումը, հաշմում նրա կենսաէներգետիկ համակարգը: Կրթական բարեփոխումների նոր փուլը ենթադրում է թեսթային համակարգի աստիճանական ներդնում նաեւ հիմնական դպրոցում (5-9 դաս.), ինչը կբերի ճգնաժամի խորացման: Ազգային բնիկ (տոհմիկ) մշակույթն է երեխայի կենսաէներգետիկական համակարգի, մարմնական եւ հոգեկան առողջության խնամքի հիմնական միջոցը, մինչդեռ այն գրեթե վտարված է կրթությունից. երգն ու պարը երեխան անցնում է միայն տարրական դպրոցում, մնացյալ տարիներին նա հանձնված է կյանքի դպրոցի ապամշակութային ազդեցությանը: Հիմնական եւ միջնակարգ դպրոցներ ավարտած պատանին ու աղջիկը Մայր Մշակույթի կրողները չեն: Կրթական համակարգը չի կատարում Կրթության օրենքի առանցքային` ազգային դպրոց ստեղծելու պահանջը: 

Կրթական համակարգում իրականացվող քաղաքականությունը այլեւս դուրս է եկել ՀՀ կառավարության ազդեցության տիրույթից, այն որոշվում է միջազգային պարտավորություններով, վարկային ծրագրերով, եւ միայն ՀՀ պետականության արտահայտված քաղաքական կամքը կարող է կանգնեցնել դեգրադացիոն գործընթացները: 

Առողջապահություն. — Ժամանակակից համաշխարհային պաշտոնական բժշկության հիմնական սկզբունքներն են՝ պայքարել հիվանդությունների ծնած հետեւանքների-ախտանիշների դեմ՝ օգտագործելով քիմիական դեղորայքի եւ վիրահատության եղանակները եւ գործնականում ոչինչ չանել պատճառների վերացման ասպարեզում: 

Ներկա բժշկությունը մարդուն դիտարկում է միայն որպես ֆիզիկական մարմին, չի ընդունում կենսաէներգետիկ համակարգի ինքնուրույն գոյությունը եւ պատճառական դերը հիվանդությունների ծագման մեջ, ալգորիթմացնում է մարդու ֆիզիկական մարմնի մասին գիտելիքը եւ բժշկական օգնությունը՝ ախտանիշ-դեղորայքային եւ/կամ վիրահատական միջամտություն սկզբունքով: Ախտորոշումը եւ միջամտությունը հիմնականում վստահվում են հետազոտության եղանակներին եւ բուժման ալգորիթմին, բայց ոչ բժշկին, նրա կլինիկական մտածողությանը եւ կարեկցանքին, հիվանդի ապրելակերպի առողջացմանը եւ ապաքինման ձգտմանը, ինչը դեգրադացնում է բժշկի անձը եւ հիվանդի անձը, խզում նրանց միջեւ առաջացող ապաքինող կապը, բացառում իրական կանխարգելման եւ առողջության վերականգման հնարավորությունը: Սա դեգրադացվող քաղաքակրթության բժշկությունն է, ՀՀ-ն այսօր պատճենահանում է այդ բժշկությունը: Այս իրավիճակը բացառում է ՀՀ առողջապահության մեջ նոր որակի ստեղծումը, բժշկության եւ բժշկական կրթության մեջ առողջ ապրելակերպի կանխարգելիչ համակարգի ներդնումը: 

Մշակույթ. — ՀՀ պետական-քաղաքական կարգը չունի այն գիտակցությունը, որ ազգային-մշակութային առողջ համակարգն է ազգ-պետականության անվտանգության առաջին գործոնը եւ իր նշանակությամբ գերազանցում է նույնիսկ տնտեսական, ռազմական կամ դիվանագիտական գործոններին: Ահա թե ինչու խոսքի ազատություն քաղաքակրթական արժեքը հանգեցրել է իր էությանը հակառակ երեւույթի. ՀՀ-ում ազատ շրջանառվում է ներկա հակամշակույթը՝ մարդատյացության, ատելության եւ բռնության դրսեւորումներով, խեղված լեզուն, եղծ երգն ու պարը, գռեհիկ հումորը: Մանուկ սերնդի դաստիարակության մշակութային միջավայրը խեղված է եւ հերոսազրկված, էպիկական հերոսներին փոխարինել են ներմուծված եւ տեղական ծագման “աստղերը” եւ հակահերոսները: 

Հայաստանի կյանքի տարբեր ասպարեզների վերլուծությունը կարելի է շարունակել, սակայն եզրակացությունը արդեն ակնհայտ է. երկրի պետական-քաղաքական կարգը բռնել է հիվանդ քաղաքակրթության համակարգերի պատճենահանման ուղին, ՀՀ-ն դառնում է կախյալ, աշխարհակարգի վերջին շարքերում ընթացող երկիր: 

ՀՀ պետական-քաղաքական վերնախավը իր երկու թեւերի՝ իշխանության եւ ընդդիմության պայքարի միջոցով չի կարող գտնել վերը բերված մարտահրավերների պատասխանը, քանի որ այդ երկու թեւերի վեճը զուրկ է գիտական, աշխարհահայացքային եւ էթիկական բաղադրիչներից, ըստ այդմ՝ անպտուղ է. — ընդդիմությունը եւ իշխանությունը գործում են նույն քաղաքակրթական արժեքների տարածքում:

Իրավիճակից միակ ելքը պետական-քաղաքական վերնախավի գիտակցության ընդլայնումն է՝ նրա կրթության, աշխարհայացքի փոփոխման եւ ճանաչողության նոր բանալիների ձեռքբերման միջոցով: ՀՀ մշակութային ներուժի ու վերնախավի հնարավորությունների համատեղումով եւ ռազմավարական դաշինքով, գիտակցության համատեղ ընդլայնումով հնարավոր է ՀՀ-ն կողմնորոշել դեպի նոր, առողջ քաղաքակրթություն եւ նոր արժեքներ, ինչով ՀՀ-ն կարող է համաշխարհային կարգի առողջացման կենտրոնի դեր ստանձնել եւ առաջնայնություն նվաճել արդի աշխարհում:

 Լեւոն Դռնոյան

Արուսյակ Նալյան 

“Լուսանցք” Թիվ 53,  11 — 17 ապրիլի, 2008թ.

 “Լուսանցք” Թիվ 54,  18 — 24 ապրիլի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: