Յո՞ երթաս, Հայաստա՛ն-1

by

Հունական ժողովրդական մի հին խոսք կա. ասում է. — Մինչեւ Բյուզանդիոնի խելոք գլուխները դեմոկրատիայի քողի տակ, սեփական շահերի համար առճակատ պայքարում էին պառակտելով հասարակությունը, քոչվոր մոնղոլը մտավ կայսրություն ու պաշարեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։ 

Արդյո՞ք այսօր թշնամի հարեւաններով շրջապատված, պատերազմի ու զինադադարի միջնամասում դեգերող նորամանուկ անկախ Հայաստանը չի կրկնում Բյուզանդիոնի օրինակը։ Յո՞ յերթաս Հայաստան։ Արդյո՞ք մենք այդպես էլ ի վիճակի չենք մեր իսկ պատմությունից դասեր քաղել։ Չէ՞ որ պատմության ընթացքում մեր պարտությունների ու Հայաստանի “շագրենու կաշվի” նման փոքրանալու բուն պատճառները եղել են ներքին երկպառակությունները։ 

Վերջին մի քանի ամիսներին, նախընտրական ու հետընտրական ՀՀ-ում տեղի ունեցածը թե՛ երկրում, թե՛ սփյուռքում ձեւավորել է ժողովրդի վտանգավոր երկփեղկվածություն, պառակտվածության եզրային երեւույթ։ Կործանարար արդյունքների չհասնելու համար անհրաժեշտ է բացատրել եւ խոսել ժողովրդի հետ բացեիբաց՝ իրերն իրենց անուններով կոչելով եւ այս ամենի պատճառ-հետեւանքները վերլուծելով ու բացահայտելով։ 

Եվ 1-ին հերթին, ըստ իս, անհրաժեշտ է պարզաբանել գունավոր կամ երգ ու պարի “հեղափոխությունների” իրական բնույթն ու նպատակները, ինչպես նաեւ ՀՀ ժողովրդի մի ստվար մասի ըմբոստության պատճառները։ 

Գունավոր հեղափոխություններ 

Արդյո՞ք Ուկրաինայում, Ղրղստանում, Վրաստանում տեղի ունեցած հեղափոխություններն իսկապես հեղափոխություններ էին։ Նույնիսկ դպրոցականին պետք է որ հայտնի լինի. հեղափոխություն նշանակում է՝ տնտեսական կացութաձեւի, սեփականության ձեւի եւ արտադրական հարաբերությունների փոփոխություն։ Վերոնշյալ երկրներում սեփականության ձեւի փոփոխությունն արդյո՞ք ժողովրդի կամ ժողովրդական որեւէ խավի նպատակակետն է եղել։ Ո՛չ։ Ակնհայտ ճշմատություն է, որ “գունավոր հեղափոխությունները” արեւմտյան ուժերի կողմից նախատեսված են միայն նախկին ԽՍՀՄ երկրների համար, որպեսզի իրենց համար ապահովեն տնտեսական նոր շուկաներ, գոտիներ եւ ուղիներ՝ կտրելով ՌԴ-ին իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում գտնվող կարեւորագույն տարածքներից։ Թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում “գունավոր հեղափոխության” արդյունքում՝ ակնհայտ է։ Ժողովրդավարության փոխարեն նրանք ստացան իշխանության լծակները տիրապետող մի խումբ մարդկանց փոխարինում մի ուրիշ խմբով եւ անգլո-ամերիկյան կողմնորոշում, որն ի վերջո բերելու է Վրաստանում ազգային խոշոր բուրժուազիայի չկայացմանն ու արեւմտյան բանկային կայսրությունների կողմից Վրաստանի ամենակարեւոր տնտեսական լծակների եւ ուղիների զավթում (միայն մեկ օրինակ. Բրիտանական ընկերության կողմից Վրաստանի ներքին երկաթուղու 100% -ով բաժնետոմսերին տիրանալը արդեն շատ խոսուն է)։

Ցավոք, այսօր ՀՀ-ում նույնիսկ գիտական աստիճան ունեցող քաղաքագետները չեն հասկանում, թե ի վերջո ի՞նչ են “արեւմուտք” եւ “արեւմտյան քաղաքական շահեր” հասկացությունները՝ խառնելով դրանք այս կամ այն երկրի շահերի հետ։ “Գլոբալիզացիա”, “Նոր ուխտ. համաշխարհային մեկ կառավարություն” վերնագրերով պրոցեսը սկսում է թեւակոխել կայացման հաջորդ փուլը։

“Արեւմուտքն” արդեն վաղուց դարձել է համաշխարհային բանկային կայսրությունների սեփականություն, որոնց շահերը պարտադիր չէ որ բխեն այս կամ այն երկրի շահերից։ Խմբավորումներ կազմած այս բանկիրները եւ նրանց կոսմոպոլիտ շահերը (Bilderberg Group, Round Table Group, Cecil Group եւ այլն) չունեն ո՛չ ազգային, ո՛չ պետական պատկանելություն։ Ինչպես ամերիկյան խոշորագույն պատմաբան, պրոֆեսոր Ք. Քուիգլին է ընդգծում “Ողբերգություն եւ հույս” գրքում (Carroll Quigley, “Tragedy And Hope”, 1966, NY, p. 326), փոքրաթիվ մարդկանց այս խմբերը ձգտում են “Իրենց ձեռքում ունենալ, ոչ ավել ոչ պակաս, քան համաշխարհային ֆինանսական վերահսկում եւ տիրապետում քաղաքական ու տնտեսական իշանությամբ՝ յուրաքանչյուր երկրում եւ ամբողջ աշխարհում որպես մեկ ամբողջություն”։

Ուկրաինայում, Ղրղստանում եւ, հատկապես, Վրաստանում տեղի ունեցած “գունավոր հեղափոխությունների” հոգեհայր Ջորջ Սորոսը անգլո-ամերիկյան հավաքական անունով բանկային խմբավորման ներկայացուցիչն է։ 

Առաջավոր մարդկությունը՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպական երկրների քաղաքական, հասարակական կառույցներում ընդգրկված մտավորականությունը, իրենց երկրների շահերից ելնելով պայքարում են այս ուժերի դեմ։ 

Մյուս կողմից, արդյո՞ք ռուսական կայսրության շահերը Հայաստանի նկատմամբ կրում են “անշահախնդիր” բնույթ։ Ո՛չ, իհարկե ո՛չ։ Սակայն ՀՀ “արեւմո՞ւտք, թե՞ արեւելք” կողմնորոշվելու աշխարհաքաղաքական խնդիրը կարելի է չէ՞ վերլուծել ու ի վերջո բացատրել ժողովրդին։

Այս ամենի հիմքում աշխարհի տնտեսաքաղաքական շահերն են։ 

Բրիտանական ընկերությունը 100%-ով գնելով Վրաստանի ներքին երկաթուղին, կատաղության մեջ է, որ ռուսները շտապեցին 20 տարվա վարձակալությամբ “վերցնել” հայկական երկաթուղին։ Թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի ներքին երկաթուղիներն այսօր վնասով աշխատող ու անեկամտաբեր են։ Սակայն մոտ ապագայի հեռանկարով պատկերը լրիվ այլ է։ Հիշեցնելով ընդգծեմ, որ 1-ին համաշխարհային պատերազմի իրական պատճառները՝ Բեռլին-Բաղդադ երկաթգծի պայմանագրից սկսեց, որ համարվում էր դարի մեծագույն շահութաբեր գործարքը (Բրիտանական կայսրությունը գերմանացիներին չթողեց դա անել)։ Մոտ ապագայի ռազմավարությամբ պայմանավորված, Սեւ ծովից մինչեւ Պարսից ծոց (Հնդկական օվկիանոս) “Եվրոպա-Ասիա” տրանսկոնտինենտալ առեւտրական ուղին խնդիրներ է ստեղծում “արեւմուտք-արեւելք” շահերի հակամարտության մեջ։ Եվ ՀՀ-ն, որպես միջանկյալ տարածք, կրկնակի կարեւորվում է այս տնտեսաքաղաքական բարդույթում։ Իսկ երբ սրան ավելանում են ՀՀ-ում իրանական նավթի վերամշակման գործարանի կառուցման, ինչպես նաեւ “ռուս-իրանական գազի” ապագա խոշոր ծրագրերը, որտեղ ՀՀ տարածքը ապահովում է “արեւմուտք-արեւելք” միջանցքային կապի հնարավորությունը, ապա պատկերը պարզ է դառնում։ 

Այսպես, եթե Հայաստանը Վրաստանի նման հայտնվի “անգլո-ամերիկամետ” ճամբարում, ապա ՀՀ քաղաքական ակցիաները արժեզրկվում են, որովհետեւ արեւմուտքի քաղաքական ճամբարում են արդեն գտնվում տարածաշրջանում թե՛ Վրաստանը, թե՛ Թուրքիան եւ, մասամբ, Ադրբեջանը։ ՀՀ-ն, անգլո-ամերիկյան կողմնորոշում որդեգրելով, Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամական “քիրվայությունը” ձեռք չի բերելու։ Ավելին, միանգամից ձեռք կբերի Ռուսաստանի Դաշնության թշնամությունը (“վրաց-ռուսական” հարաբերությունների տարբերակը մեր առջեւ է), եւ Իրանի նկատմամբ ամերիկյան թշնամական դիրքորոշմամբ՝ մեր արեւելյան հարեւանի բարեկամության կորուստը։ 

Փաստորեն, ՀՀ համար նման կողմնորոշում որդեգրելը հավասարազոր է ինքնասպանության։Մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնության գավառային կալվածք դառնալը անհեռանկար անմտություն է։ Արցախի հիմնահարցը մեզ համար ո՛չ “արեւմուտքը” եւ ո՛չ էլ Ռուսաստանը չի լուծելու։

Գերտերություններին Արցախի առկախ վիճակը “ձեռք” է տալիս։ Ռուսաստանի համար Արցախի չլուծված խնդիրը իր հարավում գտնվող երկու երկրներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին իր ազդեցության տակ պահելու միջոց է, իսկ ԱՄՆ-ի կամ “արեւմտյան ուժերի” շահերը թույլ չեն տալիս ՀՀ համար ոտնահարել Թուրքիային ու Ադրբեջանին։ 

Եթե անգլո-ամերիկյան բանկիրները սատարում էին Լ. Տեր-Պետրոսյանին, որ ՀՀ-ում մի նոր “գունավոր հեղափոխություն” հաղթանակի, ապա չի բացառվում, որ Ռուսաստանն էլ էր սատարում ՀՀ 1-ին նախագահին, որ հեղափոխության ալիքն անպայման բարձրանա, բայց չհաղթի, որպեսզի արդյունքում ՀՀ-ն, խզելով կապերը “արեւմուտքի” հետ, առհավետ նետվի ՌԴ խեղդող գիրկը։

Աշխարհաքաղաքական շահերի հակամարտության այս բարդույթում “կոմպլեմենտար քաղաքականությունը”, որ վարում էր Ռ. Քոչարյանը, ՀՀ համար միակ, բայց չափազանց վտանգավոր տարբերակն է։ Փաստը՝ ՀՀ-ում նախընտրական եւ հետընտրական շրջաններն են, իրենց հետեւանքներով ու հնարավոր շարունակությամբ։ 

Աշխարհաքաղաքական շահերի հակամարտության այս բարդույթում գոյատեւելու եւ սեփական շահեր ունենալու միակ հնարավորությունը Հայաստանի (եւ Արցախի) եւ Սփյուռքի ժողովրդի անսասան միասնականությունն է, որ իր հետ հաշվի նստել է պարտադրում նույնիսկ ամենահզոր գերտերություններին՝ անկախ ՀՀ մեծ կամ փոքր պետություն լինելու հանգամանքից… 

Յո՞ յերթաս Հայաստան — 2 

Լեւոն ՏերՊետրոսյան, կեղծ ընդդիմություն, հեղափոխություն 

Ժամանակին՝ 1988-1992թթ., “արեւմտյան ուժերը” սատարում էին “Ղարաբաղ” կոմիտեին, որովհետեւ նրանց նպատակը ԽՍՀՄ-ի փլուզումն էր։ Այսօր, “արեւմտյան ուժերը” հետապնդում են նոր նպատակներ։ Տերերի ծրագրերը միշտ են փոփոխվում՝ ըստ իրենց շահերի, սակայն նրանց գործակատարները միշտ են մնում գործակալի կարգավիճակում եւ պարտադրված են կատարել իրենց տերերի կամքը։ Ընդհանրապես, եսվրոպական բանկերում գործակալի ունեցած կապիտալի սառեցման հնարավորությունը եւ դրա վերահսկողությունը “դոսիեներով”, գործակալի համար բացառում է տերերի կամքը չկատարելու հնարավորությունը։ 

Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ինքն էր հանրահավաքներում արտահայտվում, 10 տարի ինքն իր սիրած գործն էր անում։ Եվ հանկարծ, 10 տարի լռելուց հետո, որոշեց “համաժողովրդական շարժում” եւ հեղափոխության բացահայտ փորձ անել՝ հարթակում տնկելով իրականացած “գունավոր հեղափոխության” սիմվոլները՝ Ուկրաինայի եւ Վրաստանի դրոշները։ Որեւէ տնտեսական-կառուցվածքային ծրագիր չունի, որեւէ քաղաքացիական իրավունքների, պետական կառավարման ձեւաչափերի փոփոխության տարբերակ չի առաջարկում։ Կադրերի հարցով. խոսում էր միայն իր տխրահռչակ “էշելոնի” վերադարձի ու Վանո Սիրադեղյանի մասին սաղմոսներ արտասանելով։ Արցախի հարցով. նորի՛ց իր հին կապիտուլիացիայի նկրտումներով տոգորված երգն էր երգում, որի համար լուսահոգի Վազգեն Սարգսյանը նրան պարտադրեց հրաժարական գրել։ Երբ երկիրը զինադադարի պայմաններում դեռեւս պատերազմական իրավիճակում է, այս նախկին նախագահը ժողովրդի մեջ շրջանառում է՝ “համաժողովրդական շարժում”, “հեղափոխություն”, “թշնամու հետ քիրվայություն”, “բանակը մինչեւ 10-15 հազարի կրճատել” կարգախոսները։ 

Ո՞վ է այս մարդը։ Բացեք որեւէ համապատասխան, նույնիսկ ուսումնական գիրք եւ համանման արարքներ կատարող անձի բնութագրման դիմաց միայն կկարդաք՝ “դավաճան”, “պրովոկատոր” բնորոշումները։ Հարց է առաջանում, ինչպե՞ս կարողացավ նման մեկը հրահրել ժողովրդի մի ստվար զանգվածի ըմբոստությունը։ 

Էվոլյուցիա՞, թե՞ ռեւոլյուցիա. հեղափոխություն հանուն ինչի՞ 

Նախկին ԽՍՀՄ-ից անջատված երկրներում, արեւմտյան հասարակական վերլուծումների գիտական կենտրոն-ինստիտուտների “գունավոր հեղափոխություններ” անելու դասագիրք-ձեռնարկը շատ պարզ եւ աշխատող համակարգ-բանաձեւ է։ Քանի որ նախկին ԽՍՀՄ-ից անջատված եւ նոր կացութաձեւ ձեւավորող երկրներում անցման շրջանին հատուկ ժողովրդական ընդվզումների պարարտ հող կա, ժողովրդական զանգվածների մեջ տարածում են անվստահություն եւ դժգոհություն՝ հեղինակազրկելով երկրում եղած բոլոր՝ հասարակական, հոգեւոր, պետական կառույցներին, արդյունքում ստեղծում են ժողովրդական ըմբոստության ալիք, որի հիմքի վրա երկրում իշխանության լծակներին են տիրանում արեւմտյան դրածոները։ Վրաստանի կամ Ուկրաինայի ժողովուրդն իր զգացական ընդվզման մեջ այդպես էլ չհասկացավ, որ վերջնական արդյունքում ոչ թե իր անորոշ ցանկությունները լուծում ստացան, այլ կատարվեց եւ իրականացավ միայն արեւմտյան ուժերի նպատակները։ Երկիրը աշխարհա-քաղաքական մի դաշտից անցավ մյուս դաշտ։ Իսկ կապիտալիզմին հատուկ սոցիալական կտրուկ շերտավորումներն ու անտոգոնիզմը, որ գրգռում ու ընդվզում է նախկին սովետական մարդուն, իր ամբողջ “համեմունքներով” հանդերձ մնաց նույնը։ Արդյո՞ք սա էր Վրաստանի ժողովրդի հեղափոխություն անելու նպատակը։ 

Հայաստանի թերթերում շատ են խոսվում մարդու իրավունքների, հանցագործ մենաշնորհային հովանավորչության, կաշառակերության ու նման բաների մասին։ Եվ զավեշտալին այն է, որ անգլո-ամերիկյան կամ եվրոպական միջնորդական խմբերն են այս մասին խոսում ու դատում, երբ ԱՄՆ-ում սահմանադրական խախտումով հանդերձ, երկրի դրամը արտադրում է մասնավոր ընկերություն Federal Reserv-ը, որը եւ է՛ երկրի իրական տերը: Երբ հովանավորչությունը, կաշաքն ու կոռուպցիան օրենքներով կարգավորված օրինական բնույթ են կրում, երբ ամբողջ լրատվությունն ու հեռուստատեսությունը պատկանում է մի քանի խոշորագույն ընկերությունների, որոնց տերերը վերնախավի խմբերում ընդգրկված մարդիկ են եւ այլն։ Աշխարհում մարդու իրավունքներ իրականացնող ԱՄՆ-ն Իրաքում իր 5 տարիների ներկայությամբ խլել է 650 հազար մարդու կյանք։ Եվ սա՝ ըստ իրենց պաշտոնական հաղորդագրության։ Իսկ FAX News-ի խոսնակներ Բ. Օ՛րեյլին, Շ. Համաթին ու սրանց նմանները, հեռուստաէկրանից բացեիբաց հայտարարում են, որ կարեւորը ԱՄՆ-ի ազգային շահերն են… Այն դեպքում, երբ իրաքյան պատերազմի համար վճարում է շարքային ամերիկացին, իսկ պատերազմով պայմանավորված պետական պատվերների շնորհիվ հարստանում են միայն մասնավոր ընկերությունների տերերը՝ մի փոքր խումբ մարդիկ։ Ինչպես “Բժիշկ Մահը” կինոնկարում ամերիկացի հանրահայտ փաստաբան Ջոֆրի Ֆայգրն է ասում, “Ազատությունը կամ իրավունքները ԱՄՆ-ում երբեւիցե հավասարաչափ բաշխված չեն եղել. միշտ էլ հարուստները կամ լավ դիրք ունեցողները օգտվում են ավելի մեծ իրավունքներից եւ ազատություններից։ Ավելին, ԱՄՆ-ում կա ե՛ւ ռասիզմ, ե՛ւ էթնիկ ու սոցիալական խտրականություն”։ 

ՀՀ-ում, “կապիտալիստական երկիր” ասելով, մարդն իր մտապատկերում պատկերացնում է ԱՄՆ-ն կամ որեւէ եվրոպական երկիր, բայց ոչ ասենք՝ Պակիստան։ Ակնհայտ ճշմարտություն է, որ որեւէ երկրում ժողովրդի ցանկություններն աճում են ոչ թե այդ երկրի հնարավորությունների համեմատ, այլ աշխարհի ամենաբարձր զարգացած էկոնոմիկա ունեցող երկրների կենսամակարդակի համեմատ։

Սակայն, մեքսիկական ու բրազիլական կինոներ նայելով, հայաստանցուն, ըստ իր տեսած կինոնկարների, թվում է, թե աղքատ ու անճարակ Մեքսիկայում բոլորն ապրում են շքեղության մեջ։ ԱՄՆ տուրիստ գալով, նրանք իհարկե չեն այցելում Լոս Անջելես քաղաքի South Central թաղամաս, եւ չգիտեն այստեղ ապրող բազմահազար ժողովրդի սոցիալական սարսափելի վիճակի մասին։ Չեն շփվում, չգիտեն ԱՄՆ-ում հանրային դպրոցների ուսումնական խայտառակ ծրագրերի, մասսայական անգրագիտության մասին, եւ չգիտեն, որ այդ ամենը ծրագրավորված է վերեւից։ 

Արդյո՞ք ՀՀ-ում մարտի դեպքերը սոված ժողովրդի հեղափոխության փորձ էր։ Ո՛չ։ Ոտքից գլուխ “Ադիդաս” կամ “Պումա” թանկանոց հանդերձանք ու բջջային հեռախոս ունեցող հեղափոխական երիտասարդները ավտոմեքենա ջարդելո՞վ պիտի լուծեին ժողովրդի սոցիալական խնդիրները, թե՞ նախկին հանցագործ, այսօրվա միլիոնատեր կիսագրագետ գեներալներն ու այլոք պիտի լուծեին քաղաքացիական իրավունքին առնչվող ժողովրդին հուզող հարցերը։ 

Մոռացե՛ք խորհրդային տարիներին հեղափոխության մասին դպրոցներում մեզ հրամցված պրոպագանդիստական կեղծ կարգախոսները։ Համաշխարհային պատմությունը բաց ափի նման ցուցում է՝ որեւէ երկրում, որեւէ ժամանակ, որեւէ հեղափոխություն չի լուծել այդ ժողովրդի տնտեսական, իրավական ու քաղաքացիական իրավունքի հարցերը, հակառակը՝ հեղափոխությունները միշտ վնասել են հասարակության առաջընթացները։ 

Հեղափոխություն նշանակում է՝ արյո՛ւն, հեղափոխություն նշանակում է՝ քաղաքացիական պատերա՛զմ։ Ես ցանկանում եմ հարց տալ Ազատության հրապարակում կանգնած իմ հայրենակիցներին. հեղափոխություն հանուն ինչի՞։ Որ արդյունքում՝ վերեւում գտնվող մի խումբ մարդկանց փոփոխություն լինի՝ մի քիչ վատ կամ մի քիչ “լավ” համանման մի ուրիշ խմբո՞վ։ Սխալմամբ “ընդիմություն” կոչված այս խումբն իր գործունեության ընթացքում, արդեն մի քանի տարի է բացի նախագահական աթոռը զավթելուց ուրիշ խնդրականով հանդես չի եկել ժողովրդի առջեւ։ Եվ այս անգամ էլի՛ նույնը. Լ. Տեր Պետրոսյանի գլխավորությամբ “ընդդիմությունը” այդպես էլ չուզեց կամ չկարողացավ ժողովրդի ցանկությունները ձեւակերպել հասարակական, քաղաքական պահանջների ձեւով։ Չէ՛, իրենց պետք է նախագահական աթոռը, որն ի դեպ ՀՀ 1-ին նախագահը ժամանակին ուներ եւ 6 տարվա ընթացքում կարողացավ ՀՀ-ն տնտեսապես քայքայելով լուծարել, սարքելով այն մի խումբ ապաշնորհ ու անբարոյական ապերոների ագարակ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ այս “ընդդիմության” կողմից չհնչեց արհմիություններ ստեղծելու իրավունքի, 12 ատենակալներով ազատ դատարանի ձեւավորման, նվազագույն աշխատավարձի չափի որոշման եւ այլ եւ այլ պահանջներ։

Ինչո՞ւ համանման պահանջներ չհնչեցին։ Դե որովհետեւ դա ընդդիմադիր դաշտում ամենօրյա, տեւական, անընդհատ, տարիների աշխատանք է պահանջում, իսկ սրանց դա պետք չէ. էշի պես աշխատել ո՞վ է սիրում որ, թեկուզ ժողովրդի համար։ Իսկ ՀՀ ժողովուրդը, հասարակությունը, իսկապես իրական ընդդիմության կարիքն ունի, որպեսզի ոչ թե ռեւոլուցիոն, այլ էվոլուցիոն ճանապարհով, քայլ առ քայլ լուծի իր քաղաքացիական իրավունքների խնդիրները։ Համաշխարհային փորձը վաղուց ձեւակերպել է՝ որեւէ պետության տնտեսական եւ հասարակական կառույցը նաեւ ուժեղ է այնքանով, որքանով ուժեղ ու կարող է տվյալ երկրի հասարակական ընդդիմությունը։

Ուրեմն… Յո՞ յերթաս Հայաստան։ 

Արթուր Արմին

Լոս Անջելես, ԱՄՆ 

“Լուսանցք” Թիվ 54,  18 — 24 ապրիլի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 55,  25 ապրիլի  — 10 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: