Ասա`ով է երկրիդ պաշտոնյան, ասեմ`ով է երկրիդ ղեկավարը

by

Լուսանցքըպարբերաբար անդրադառնում է լեզվաքաղաքական խնդիրներին, քանզի հայերենի կենսունակությունը պայմանավորում է ազգի ապագան: Այն համոզմունքին ենք, որ Հայաստանի պետական համակարգը այդպես էլ չգիտակցեց խնդիրը լուծելու կարեւորությունը, այդ իսկ պատճառով երկիրը հասցրել է իրական աղետի եզրին. ճգնաժամը, փաստորեն, ներառում է հոգեւոր ողջ ոլորտը: 

Մամուլի “Տեսակետ” ակումբը վերջերս բանավեճ-ասուլիսի հրավիրեց “Տեղեկատվական տեխնոլոգիաներ հիմնադրամ”-ի նախագահ Գարեգին Չուքասզյանին եւ ԿԳՆ ԼՏՊ պետ Լավրենտի Միրզոյանին: 

Քանի որ արդեն հրապարակել ենք պարոն Չուքասզյանի տեսակետը (տես “Լուսանցք” թիվ 11 (50), “ՏՏ եւ գավառամտություն. հետագա հապաղումը կործանարար է լինելու”), նրա խոսքին հակիրճ կանդրադառնանք, սակայն ԼՏՊ պետի ասածը կներկայացնենք հնարավորինս ամբողջական, քանի որ նրա ու պետական այրերի դրիքորոշումն ու մտածողությունը նույնական են բոլոր առումներով (տես հրապարակման վերնագիրը): 

Լեզուն ինքնություն է 

Ըստ Գ. Չուքասզյանի, “ինքնությունն այն հիմքն է, որից կախված է ամեն ինչ, այդ թվում‘ քաղաքականությունը: Քաղաքական այս ճգնաժամը շատ առումներով բացատրվում է լեզվական եւ մշակութային քաղաքականության բացակայությամբ: ԽՍՀՄ տարիների համեմատ լուրջ ձեռքբերումներ եղան. դպրոցները հայացվեցին, ստեղծվեց Լեզվի պետական տեսչությունը, բայց հետո այդ ամենը դարձավ երկրորդական: Առհասարակ, համաշխարհայնացման գործընթացում ամեն օր լեզուներ են վերանում, մշակույթներ են անհետանում, այդ իսկ պատճառով, լեզուները եւ ժողովուրդներն էթնիկական տագնապի մեջ են: Արդյո՞ք մեր լեզուն վտանգվածների ցուցակում չէ… 

“Մեզ նորանոր տեխնոլոգիական նորամուծություններ են սպասվում, որոնք տարածվելու են շատ մեծ արագությամբ… Ինչ-որ իմաստով շփոթի մեջ ենք, եւ անկեղծորեն կարծում եմ, որ հայոց լեզուն վտանգված լեզուների շարքում է, թեպետ պետություն ունենք: Սա 3-րդ Հանրապետության չլուծված խնդիրներից է: Լեզուն մեր ժառանգության այն սրբագործված ուժն է, որը մեր ինքնությանը ոգի է տալիս եւ ստիպում պայքարել: Եթե այս արժեքները…, ինքնության պահպանությունը մեզ համար երկրորդական են, ապա մնացած քաղաքական խոսակցությունը ժամավաճառություն է”: 

Փոփոխությունների, գլոբալացման հիմքում ժամանակի հրամայականն է, դարաշրջանն է փոխվել. “տեղեկատվական հասարակություն” կամ “գիտելիքի հասարակություն” կոչվածը ենթադրում է նոր իրողություններ, նոր գործիքներ: “Այն ազգերը որոնք դա չեն գիտակցելու, չեն գոյատեւելու: 

Մշակութային տագնապից երկու արձագանք կլինի. ազգը կարող է ամփոփվել իր մեջ եւ կփորձի այդ կերպ գոյատեւել, մյուսն ավելի քաղաքակրթվածների արձագանքն է, օրինակ, էստոնացիներինը, որ, մշակութային արտադրություն, մշակութային ամբարտակներ ստեղծելով, կարողանում են ոչ միայն ապահովել իրենց տեղը, այլեւ հպարտորեն աշխարհի մեծ եւ փոքր ժողովուրդներին օրինակ տալ”: 

Արջը յոթ երգ գիտի 

ԼՏՊ պետը համաձայնեց, որ արծարծված խնդիրը “շատ հրատապ է”, բայց եւ “դիվանագիտորեն” նկատեց, որ “գուցե պարոն Չուքասզյանը գույներն ավելի խտացրեց”: “Լուսանցքը” ձեռնպահ է մնում պաշտոնյայի խոսքին միջամտելուց եւ նրա մտքերն ընթերցողին է հրամցնում հնարավորինս անաղարտ (մանավանդ, որ նրա խոսքը խմբագրելն անիմաստ գործերի թվից է): Եվ այսպես, Լ. Միրզոյան. 

-Մենք նշում ենք, որ լեզուն հասարակական երեւույթ է, ուստի, պետական, պաշտոնական եւ հրապարակային լեզվագործածությունը ենթակա է վերահսկողության, իսկ այդ վերահսկողությունը կարող է կատարվել միայն պետական գործառույթներով: Այսօր լեզվական հարաբերությունները կարգավորվում են պետության կողմից, այսինքն, պետության մենաշնորհն է: Լեզվական քաղաքականության ոլորտում իրոք մտահոգություններ ունենք, բայց որ այդպիսի տագնապումները բավական անհանգստացնող են, ես այդ կածիքը պարոն Չուքասզյանի հետ չեմ կիսում: Որովհետեւ մեր լեզուն մեր դիմագիծն է եւ դարեր շարունակ մեր լեզուն, մեր հավատը, մեր կրոնը բերել հասցրել է իրոք մի այնպիսի խելացնոր դարաշրջան, ինչպես 21-րդ դարն է, իսկ մենք գիտենք, որ 21-րդ դարը դա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների դար է լինելու: Այստեղ մենք որոշակի խնդիր ունենք կապված լեզուների ուսուցման հետ: Եթե լեզվի մասին օրենքում կամ Սահմանադրության 12-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ մեր հանրապետության պետական լեզուն հայերենն է, պաշտոնական լեզուն գրական հայերենն է, այստեղ որոշակի խնդիր կարող է ծագել, որովհետեւ այս տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը, որը այսօր մեր հանրապետության համար տնտեսական կարեւոր գերակա ուղություններից մեկն է զարգացնում եւ այդ տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող մեր երիտասարդները, շրջանավարտները չպետք է սահմանափակվեն միայն մայրենի լեզվի շրջանականերում: Այստեղ անհրաժեշտություն է ծագում, որպեսզի մեր երեխաները հրաշալիորեն տիրապետեն օտար լեզուներին, բայց ոչ մայրենի լեզվի հաշվին: Սա խնդիր է առաջացնում, որ հանրակրթության ոլորտում, դպրոցներում մենք պետք է հատուկ խորությամբ, հատուկ ծրագիր մշակվի` այդ ծրագրով օտար լեզուների ուսուցում կազմակերպելու նպատակով: Պատկերացրեք, 90-ական թվականների այս իրադարձությունների շրջանակներում հանրապետությունում բազմաթիվ ռուսական դպրոցներ փակվեցին, եւ այդ փակման հետեւանքով այսօր մեր երիտասարդները, ուսանողները խորությամբ չեն տիրապետում օտար լեզուներին, մասնավորապես, ռուսաց լեզվին: Ես չեմ պատկերացնում մի հայ երիտասարդ, որ մեր երկրի վաղվա ճակատագրով մտահոգ լինի եւ լեզուներ չտիրապետի: Մենք համակարգչային լեզվի հայերենացման գործընթացում որոշակի աշխատանքներ կատարել ենք, որոշ ծրագրեր մենք հայերենացրել ենք, շուրջ 2000 տերմիններ հայերենացվել են, բայց նաեւ ես ունեմ իմ անձնական կարծիքը, որ ամեն տերմին չէ, որ կարելի է հայերենացնել: Որովհետեւ այդ հայերենացման շրջանակներում մենք կարող ենք մեր լեզվին պարտադրել որոշակի շրջանակ եւ այդ խեղդելու պայմաններում, բնականաբար, լեզուն չի կարող զարգանալ: Որովհետեւ զարգացման փուլում լեզուն միշտ զարգացման փուլում է եւ, բնականաբար, մենք արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծենք այդպիսի հարցերի շուրջ, երբ որ մենք մտահոգություններ ունենում ենք: Այսօր ես կարծում եմ, որ մեր լրատվամիջոցներն այս հարցում բավական մեծ աջակցություն եւ օգնություն պետք է ցուցաբերեն, օգնելով նաեւ Լեզվի պետական տեսչությանը: Որովհետեւ այսօր մենք իրականացնում ենք ոչ միայն հայապահպանության խնդիր, ազգապահպանության խնդիր, որը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է, մայրենի լեզվի պահպանությունը, ուրեմն, բնականաբար, այդ ամեն ինչը ծանրաբեռնել Լեզվի պետական տեսչության ուսերին, կարծում եմ, որ ճիշտ չէ: Համատեղ ուժերով պետք է պայքարենք: Այսօր, իրոք, ունենք մտահոգություն մեր հանրապետությունում: Ամեն քայլափոխի մենք հանդիպում ենք օտարագիր նաեւ օտարանուն ցուցանակների, ցուցապաստառների, ցուցավահանակների եւ այլն: Եվ, բնականաբար, դրանց տերերը ովքե՞ր են, մեր համաքաղաքացիները, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հրաշալի իմանալով, որ մեր պետական լեզուն հայերենն է, իսկ օրենքը չի արգելում օտար տառադարձումով կամ օտար անուններով ցուցանակներ ու վահանակներ ունենալուն: Օրենքը պահանջում է հայերեն, ցուցանակի լեզուն հայերենն է, նաեւ գովազդատուի ցանկությամբ‘ նաեւ զուգորդված այլ լեզվով: Այս հարցում որոշակի դժվարություն ունենք: Ինչո՞ւ: 

Որովհետեւ տեղական ինքնակառավարման մասին օրենքով եւ Երեւանի քաղաքապետի արտաքին գովազդ տեղադրելու քաղաքային կարգի մեջ հստակ գրված է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն են թույլատվություն տալիս արտաքին գովազդներ տեղադրելու, առանց հայերեն շարադրանքը համաձայնեցնելու Լեզվի պետական տեսչության հետ: Խնդրեմ, մարդիկ տեսնում են հայերեն տառեր եւ թույլատվություն տալիս են եւ այդպիսի գովազդային վահանակների մեր մայրաքաղաքում, եւ մեր հանրապետության տարբեր վայրերում մենք կարող ենք միշտ էլ հանդիպել: Իսկ Լեզվի պետական տեսչությունը գործում է օրենքի շրջանակներում: 

Այնուհետեւ նա խոսեց “Բրաբիոնի”, տուգանքների, տառադարձելու եւ իր իմացած որոշ այլ բաների մասին: Պատկերացնո՞ւմ եք, ԼՏՊ-ն կարողացել է “Բրաբիոնի” վահանակը փոխել տալ, “Արմենթել”-ին եւ էլի մի քանի դրանց նմաններին տուգանել: Աներեւակայելի փաստեր են, չէ՞: 

Օրենքի պահանջը`‘”ՀՀ պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է երկրի կյանքի բոլոր ոլորտները…”, տեղեկատվական տեխնոլոգիաներին չի՞ վերաբերում: ԼՏՊ-ին չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ Էջմիածինը շնորհավորանքներ է ուղարկում լատինատառ հայերենով: 

Պետը պատասխանեց.

-Լեզվի պետական տեսչությանը կից գործում է նաեւՀայերենի բարձրագույն խորհուրդը, որը նախկին Տերմինաբանական կոմիտեի իրավահաջորդն է: Այսօր անվանումը փոխվածէ, կոչվում է Տերմինաբանական խորհուրդ: Նախկինում այն ղեկավարում էր Գեւորգ Ջահուկյանը: Հիմա խորհուրդը սկսել է իր գործունեությունը, եւ 18 տարվա ընդմիջումից հետո հրատարակել ենք տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատուն` 50 տարվա, այսինքն, 1956թ. մինչեւ հիմա ընդունված տերմինաբանական կոմիտեի բոլոր որոշումները: Ինչ մնում է Մայր Աթոռի դիվանից ստացվող բոլոր հաղորդագրություններին. տերմինաբանական կոմիտեի խորհուրդի որոշմամբ թույլատրված է եկեղեցական գրականության ազատ գործածություն, միայն եկեղեցական, դա ունենք տերմինաբանական կոմիտեի հատուկ որոշում: Եթե մենք բաղադրյալ հատուկ անունները ուսումնասիրելու ժամանակ ասում ենք, որ բոլոր բաղադրյալ անունների առաջին տառերն է գրվում մեծատառ, եթե պետությունների անվանումներ են կամ լրացյալը հատուկ անուն… 

Պետը… 

-Խոսքը լատինատառ հայերենի գործածության մասին է, -պետին մի բան հասկացնելու հուսահատ փորձ արեց լրագրողը: 

-Դուք SMS գործածո՞ւմ եք,-փորձեց պետի հնարավորությունները պարզել Գ. Չուքասզյանը: 

-Չէ, չենք օգտագործում: Կապի միջոցները հիմա էսպես պետք է հստակ պատկերացնենք: Լեզվի պետական տեսչությունը իր գործառույթների մեջ չէ, ենթադրենք հայ տերմինաշինությունը, բոլոր տերմինները մենք թարգմանենք եւ, ասենք, թարգմանենք հայերեն: 

-Դուք ասում եք, որ օտար լեզուների ուսուցումը պետք է խորացնել, բայց չէ՞ որ ժամանակին զուգընթաց պետք է զարգացնենք նախեւառաջ մեր լեզուն,-զրույցին իմաստ տալու փորձ արեց “Լուսանցքի” ներկայացուցիչը: 

-Բա, իհարկե, ես ասացի` շուրջ 2000 տերմիններ մենք հայերանացրել ենք: Կառավարության տեղեկատվական տեխնալոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդի հետ համատեղ “Մայքրոսովթ” ընկերության եւ “Բիլայնի” հետ համատեղ այդ բոլոր փաթեթներից հայերենացրել ենք, բայց այդ հայերենացվածը դեռեւս չի հաստատվել Հայերենի տերմինաբանական խորհուրդի կողմից, որ ընդհանուր գործածության դրվեն: Կան թարգմանություններ, որոնք բառացի թարգմանություններ են, որոնք որ պետք է քննարկվեն: Իսկ քննարկումը ոչ թե այս կամ այն ՍՊԸ-ի ղեկավարների կարծիքն է կամ թարգմանությունը, այլ պետք է համակողմանի ուղարկվի տարբեր կազմակերպությունների, ‘Լեզվի ինստիտուտ, արտաքին կարծիքի, տարբեր կազմակերպություններ, դրական կարծիքի դեպքում նոր այդ տերմինները շրջանառության մեջ դրվեն: Հո այնպես բառը մենք չենք վերցնում… Ժամանակին ձմերուկը կարելի է մեղրապոպ թարգմանել եւ Րաֆֆին ծաղրում է ոչ թե մեղրապոպ: Այսինքն`‘բուն անգլերեն (անգլերենում ձմերուկին ասում են Water-melon (ջրալի սեխ), իսկ թե պետը ուրիշ ինչ անգլերեն գիտի` պետք է պարզել-խմբ.) բառը վերցնել եւ նույնությամբ հայերեն… սա անգրագիտության կտանի: Ես այն կարծիքին չեմ, որ ամեն բառ կարող է… ուրիշ բան է……ամեն բանը կարելի է… օտար բառը մենք հայերեն տառադարձնել: Հիմա գլոբալիզացիա կամ չգիտեմ մենք “ումը” դնում ենք եւ դառնում է հայերեն բառ` գլոբալացում: Նման խնդիրներ ժամանակը նաեւ պետք է ցույց տա: Ամեն տերմին չենք կարող այս պահին պարտադրել եւ ասել, որ բառը պետք է շրջանառության մեջ…

-Ի՞նչ առաջարկներ ունեք, ի՞նչ անենք, որ հայերեն հաղորդագրություններ կարողանանք ուղարկել,-նորից ընդհատեցին նրա ելույթը: 

Խեղճացնենք “Բիլայնին” եւ… 

Հարցին պարոն Չուքասզյանը պատասխանեց ըստ էության. “Աշխարհում գոյություն ունի մի երեւույթ, որը կոչվում է թվանշանային ճեղքվածք: Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր դարաշրջանում սերունդների միջեւ ճեղքվածքն այնքան է խորանում, որ նրանք իրար չեն էլ հասկանում: Մենք այդ երեւույթի ականատեսը եղանք: Հայաստանում 1 մլն-ից ավելի մարդ ձեռքի հեռախոս է օգտագործում եւ Մայր Աթոռից ստանում լատինատառ հայերեն շնորհավորանքներ: Ես ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ լատինատառ հայերենով Հայաստանում տեքստ ավելի շատ է գրվում, քան`‘մեսրոպատառով: Նաեւ պնդում եմ, որ այն փոքրիկ դիմադրությունը, որ լեզվի տեսչությունը ցուցադրում է, բացարձակապես անբավարար է այս երեւույթների դեմն առնելու համար:

Որովհետեւ սա պետք է լինի պետության առաջին անձի… մտահոգության առարկան, դրա համար միջոցներ են հարկավոր: Լեզվի տեսչությունը միջոց չունի անգամ, որ կարողանա “Բիլայնին” ստիպել, որ “Բիլայնը” հայերեն գրվի: Տեխնիկական խնդիր կա, որը վաղուց լուծված է: Գործը կարելի է դպրոցներից սկսել. “Մայքրոսովթը” պետք է հայերեն լինի… Փոքրիկ ՍՊԸ-ներն ավելի շատ գործ են անում, քան պետական բոլոր մարմինները` համատեղ: Կա էլեկտրոնային անգլերենից հայերեն թարգմանության ծրագիրը, կա “Այ Թի Բի” հայկական ընկերությունը, որը համաշխարհային մրցանակներ բերեց Հայաստանին եւ աշխարհում համարվեց 20 000 լավագույն ծրագրերի մեջ “Բի Բի Սի”-ի, “Այ Բի Էմ”-ի մրցակից: Այդ ուժն ունենք: Օտար լեզուները մարդը շատ արագ է յուրացնում, եթե հպարտություն ու արժանապատվություն ունի: Եթե նա ձգտում է իր ազգն ու լեզուն մրցունակ դարձնելու: Այդ բոլոր ընկերություններն առանց ռուսերենի, անգլերենի իմացության մրցունակ ապրանք չէին կարող թողարկել: Ես հավատում եմ, որ սերը սկսում է արժանապատվությունից, իսկ մեզ մոտ արժանապատվության պակաս կա: Ես շարքային լուծում եմ տեսնում. պետությունը մեծ դեր եւ լծակներ ունի եւ նա պետք է ոչ թե մենակ աշխատի, այլ այն մարմինների, այն ՍՊԸ-ների հետ, որոնք արդեն, բարեբախտաբար, գոյություն ունեն: 

-Հնարավո՞ր է հեռախոսները հայերենացնել: 

-Անկասկած,-համոզված է Գ. Չուքասզյանը:- Այն բոլոր նախանձախնդիրները, ովքեր դրանով մտահոգ են, ստեղծել են էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիա` “ԷԲՀԱ”… Դա կմիավորի բոլոր ուժերը եւ կստիպի, որ նոր կառավարությունն առաջիկա նիստերից մեկում անդրադառնա դրան, քանի որ այդ խնդիրները չեն շոշափվել մինչ օրս: Ասում են`‘պետք է բոլոր դպրոցներն ինտերնետ ունենան…… Բայց ո՞վ է զբաղվելու այդ ամենի հայացումով, թե՞ դա սարքում ենք, որ հեղեղի պես գա-տանի մեզ: Մենք ապահովում ենք հեղեղի առաջն առնելու պայմանները… Կարելի էր մի ցուցադրական դատ անցկացնել. նպատակ դրեք “Բիլայն”-ին խեղճացնել, ցույց տալ, որ նա իրավունք չունի իր լատինատառ անունը տարածելու Հայաստանում: Մեկին խեղճացրեք, եւ բոլորը դաս կառնեն: Դա մեզ հարկավոր է մեր երկրում արժանապատվորեն ապրելու համար: 

Այդ “եւ”-ը, դիմագիծը փոխեք 

ԼՏՊ պետ.

-Շատ ներողություն, ուրեմն, գովազդի մասին օրենքում հստակ գրված է, որ մակնշվածները, մակնիշները, ապրանքանիշերը հայերեն չեն թարգմանվում: Այսինքն` հիմա “Բիլայնը” կարող է հայերեն տառադարձումով օգտագործել իրա…

Գ.Չ.-Չի՛ տառադարձում, եւ լատինատառ է գրելու, պարտադիր անելու է դա:

Պետ.-Ուրեմն, նա պետք է պարտադիր տառադարձի հայերեն:

Գ.Չ.-Չի՛’անելու:

-Հիմա ես պարոն Չուքասզյանի խոսքը շարունակեմ, ա՛յ, դա է, որ հիմա մենք մեկ տարուց ավել, չարչրվեցինք, այդ 2000 տերմինները հայերենացրինք եւ ես պաշտոնապես դիմեցի, որպեսզի “Բիլայնը” եւ “Մայքրոսովթ” ընկերությունը իրենց հայերենացված բառացանկը ներկայացնեն Լեզվի պետական տեսչություն, որպեսզի մենք տերմինաբանական խորհրդում քննարկենք, ընթացք տանք: Մարդիկ մինչեւ օրս չեն ներկայացրել եւ չեն էլ ներկայացնելու: Սա ամբողջ խնդիրը սա է, որովհետեւ ինչ ցանկանում, այնպես անում են: Լեզվի պետական տեսչությունը… (խոսքն անվերծանելի է) աշխատակցող միայն այս… (՞) չէ, լեզվական քաղաքականություն համատեղությունն… (՞) իրականացնի է, եթե երկու մարդ միմյանց հետ խոսում են եւ հայերեն չեն խոսում կամ բարբառով են խոսում, չգիտեմ ինչ, բոլորը մեղադրում են լեզվի տեսչությանը, պետական մարմին է…

-Մենք խոսում ենք լատինատառ չգրելու մասին, Դուք ասում եք` անհրաժեշտություն չկա՞ ինչ-որ բան անելու,- փորձ եղավ ճշտելու պետի կարծիքը:

Պետ.-Բացը կա, դա, ասում եմ, այն ներքին տագնապներն են, որ մենք գիտենք, այդ տագնապները մենք զգում ենք: Բայց այսօր անհարմար է, որ ԼՏ-ը հային հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում չի կարելի օտարատառ ցուցանակ փակցնել: Դիմագիծը մեր պետք է փոխվի, մարդը պետք է զգա, որ հայ է եւ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը պետք է…

Գ.Չ.-Բայց պատիժ պետք է հասնի՞, թե չէ…

Պետ.-Կա, բայց Լեզվի պետական տեսչությունը, որտեղի՞ց կարող է այդ պատիժը կիրառել, երբ որ մենք չունենք…

Գ.Չ.-Խոսքը մի ընկերության մասին է, “Բիլայնին” կարո՞ղ ենք պատժել:

Պետ.-Մենք կարող ենք հանձնարարագիր տալ եւ այդ հարցով կզբաղվեն: Հիմա պատկերացրեք` Երեւան քաղաքում ամեն քայլափոխին նման երեւույթներ կան:

Գ.Չ.-“Բիլայնը” մեկն է:

Պետ.-Չէ, դե խոսքը “Բիլայն”-ին չէ, “Բիլայն”-ի հետ միասին, ասենք, կարող է “Մերսեդես Բենսը” գալ, կարող է, ասենք, “Բե Էմ Վեն” գալ, չգիտեմ մյուսը՜…

Գ.Չ.-Մի հատ ցուցադարական դատ թող լինի…

Պետ.-Ես այստեղ նաեւ ուշադրությունը ձեր ուզում էի հրավիրել, որ մենք տեղեկատվական համացանցում, ինտերնետում եւ համակարգիչների համար մենք ունենք հատուկ տերմինաբանական կոմիտեի կողմից հաստատված գրանշանների, հայերեն գրանշանների հավաքածուն հաստատված: Բայց այսօր այդ որոշման մասին ոչ մեկը չգիտի, չի էլ ցանկանում իմանալ: Հատկապես խոսքը վերաբերվում է մեր լրատվամիջոցներին եւ հեռուստատեսության եւ մամուլին: Որովհետեւ մենք այսօր մոռացել ենք մեր տառաստեղծման ազգային մշակութային ավանդույթները: Մեր թերթերը շարունակում են օգտագործել այնպիսի տառատեսակներ, որոնք որ արգելված են, ենթադրենք “եւ”-ը չի կարելի “ե”-ն “ւ”-ի հետ օգտագործել, երբ որ այստեղ մենք ունենք մեկ տառով պետք է… Բոլոր թերթերը օգտագործում են, համակարգչում կա հատուկ ընդունված որոշում մեկ տառով: Կամ գրում են մեծատառ “Պ”` ձեռագիր “պ”-ի փոխարեն եւ այլն, նույնը եւ “Տ”-ին է վերաբերվում, տարբեր տառատեսակներ… Եվ անգամ մարդիկ իրենց անուն-ազգանունը, տառաստեղծողը իր անուն, ազգանունը գրում է փոքրատառ, սրանից երեխան ի՞նչ պետք է սովորի: 

Առաջին ծաղիկներն են 

-Տեղեկատվական հասարակության հետ կապված նոր հայեցակարգը կառավարությունում շուտով քննարկվելու է,-շարունակեց Գ. Չուքասզյանը:-Հարցրեք, թե ինչու առանձին տողով չեն նշվում հայկական էլեկտրոնային բովանդակության հարցերը: Դա տասերորդական հարցերի մեջ է դրված:

Գումարնե՛րը, որ հատկացվելու են առաջիկա տարիներին, այդ սխալի մասին է խոսքը, եթե այսօր աղմուկ չբարձրացնենք: Գիտակցենք վտանգի մեծությունը, վտանգն արդեն մեր մեջ է: Եթե Էջմիածինը բոլորին ուղարկում է լատինատառ… Դուք չեք ստանում, որովհետեւ չեք օգտագործում, բայց 1 մլն մարդ ստանում է: Պետք է դա՛’նկատեք. սրանք դեռ առաջին ծաղիկներն են: Հեռուստատեսությունը 3-4 տարվա ընթացքում թվանշանային է դառնալու, դրանից հետո՞ ինչ եք անելու: Այսօրվանից պետք է ուժերը միավորել դիմադրելու համար: Ոչ ոք չէր հավատում Մխիթարյանների հաջողությանը, քանի որ հայերը դեռեւս միջնադարի քարանձավում էին այն ժամանակ, բայց նրանք իրենց գործն արեցին` հայերին դարձրին ժամանակակից ազգ: Այսօր նույն խնդրի առաջ ենք կանգնած. ոչ թե եզրերը` տերմինները, այլ` գործիքները հայացնելու, որոնման գործիքներ ստեղծելու: Հայկական տառաձեւերն արդեն ստեղծված են, բայց համացանցում ունե՞նք որոնելու հնարավորություն: Պետություն ենք, ամոթ է մեզ: Եթե լիներ ազգային կամք, եթե իսկապես ազգային պետություն լինեինք, սկզբից պետք է այս ամենը ձեռնարկեինք:

 ԼՏՊ պետ.-Ես կարծում եմ, որ մենք պետք է բոլորս դեմքով շուռ գանք դեպի մայրենի լեզուն, որովհետեւ այսօր Լեզվի պետական տեսչությունը անգամ համացանց չունի, ինտերնետ չունի:

Գ.Չ.-Դե, սկսենք դրանից:

Պետ.-Դրանից պետք է սկսել, ես գումար չունեմ: Լեզվի մասին օրենքում հստակ գրված է, որ հայապահպանության խնդիրը Լեզվի տեսչությանն է, բայց գումար չունեմ, որ գնամ Ջավախքում տեսնեմ լեզվական հարաբերությունները… 

Մասսան չի որոշողը 

Հարց.-Ձեր վերաբերմունքը հեռուստասերիալների թարգմանությանը:

Գ.Չ- Թումանյանի “Վայրէջք” բանաստեղծոթյունը, թվում է, հուսահատական պետք է լինի, բայց իրականում լուսավոր է: Վայրէջքը նկարագրելու ժամանակ ոգու ամրության վիճակն է վեր հանում:

Պետք է ընդունենք, որ վայրէջքի մեջ ենք, բայց դա չի նշանակում, թե վերելք այլեւս չի լինելու: Շատերն այդ վայրէջքից արագ հեռանալու են, դավաճանելու են: Կարսը հանձնելիս 300 զինվոր չկրակեց, եւ ամբողջ քաղաքը կանանցով ու երեխաներով հանձնեցին թուրքերին: Երկու հայ սպա ինքնասպան եղան, երբ նրանց կրակելու հրամանը չկատարվեց: Այդ ինքնասպանություններն այն ժամանակ անիմաստ թվացին, որովհետեւ ազգը կարծում էր, թե իր վերջը եկել է: Անցան խառը ժամանակները, եւ մարդիկ սկսեցին այդ պատմություններին վերադառնալ, ու այդ երկու հոգին փրկեցին մնացածի պատիվը: Այսինքն, քանակը չի որոշում ազգի ապագան, այլ` որակները: Այն քանակները, որ այսօր թքած ունեն ամեն ինչի վրա, բոլոր արժեքների վրա. սրանք մասսաներ են, որակ չեն տալու: Ասում եք, որ մեր արածը ջուրն է թափվում, չի՛’թափվում: Դուք եւս պետք է միանաք այդ դիմադրությանը, պետք է ցանց ստեղծել, ոչ թե պետությունից պահանջել: Պետությունը տեսանք ինչ վիճակում է: Մարդը չունի ինտերնետ, SMS չի օգտագործում իսկ ամբողջ ծանրությունը դրված է նրա ուսերին: Ի՞նչ եք սպասում այս պետությունից: Եկեք մտածենք, որ մեր ժողովուրդը, մեր ապագան մեր ձեռքերում է: Պետությունից էլ պահանջենք. կարողանում են մեծ գումարներ գտնել օդապարիկներով բարձրանալու համար, բայց լեզվի խնդրի լուծմանը ոչ մի լումա չեն հատկացնում: Ո՞ւմ է պետք այդ քաղաքականությունը: Այդպիսի անկախությունն ո՞ւմ է պետք: 

Չհասկացա՞վ Պետը կամ պետությունը հարցին չպատասխանեց: 

Հայերը խոսում են 40 տարեկանից հետո…

(“Լուսանցք”-ի հարցերը ԼՊՏ պետին) 

— Սփյուռքի նախարարություն ստեղծելիս հաշվի առնվելո՞ւ է լեզվական գործոնը:

-Որեւէ հարց ինձ հետ չի քննարկվել: Ես բաց նամակով դիմել եմ հանրապետության նախագահին` Ռոբերտ Քոչարյանին, Աժ նախագահ պարոն Թորոսյանին, վարչապետին, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին եւ Հրանուշ Հակոբյանին` Ազգային ժողովի… Ներկայացրել ենք մեր այսօրվա իրավիճակը, որ մենք ԿԳՆ կազմում որպես առանձնացված ստորաբաժանում ենք, որպեսզի մեր կարգավիճակի հարցով քննարկում կազմակերպվի եւ առաջարկել ենք, որ մեզ տրվի պետական մարմնի կարգավիճակ, ինչպես Ջրային տնտեսության պետական կոմիտեն` տարածքային կառավարման նախարարության կազմում կամ Գիտության պետական կոմիտեն` ԿԳՆ կազմում: Նույն կարգավիճակով լեզվի տեսչությունը, որ մենք առանձին ֆինանսավորում ունենանք, եւ այդ ֆինանսները մենք նպատակաուղղենք մեր օրենքով սահմանված գործառույթները իրականացնելուն: Բայց ի պատասխան… Նախագահի աշխատակազմից տեղեկացել ենք, որ դա կառավարության իրավասության ներքո է եւ մենք առաջարկել ենք, որ մեր կարգավիճակը ԿԳՆ կազմում առանձին պետական մարմնի կարգավիճակով տեսչություն կամ Սփյուռքի եւ լեզվի նախարարություն, որովհետեւ երկուսն էլ հայապահպանության հարցերով ենք զբաղվելու: Հիմա եթե օրենքով իմ վրա է դրված, Սփյուքի նախարարությունն էլ պետք է այդ գործառույթը իրականացնի: Բնականաբար, ես առանձին եմ զբաղվելու, իրենք` առանձին: Այստեղ օրենքի դրույթը դրված է լեզվի տեսչության վրա կիրարկման կարգով, բայց հիմա նախարարությունը ինչպես է… Ոչ մի հարց մեզ հետ չի քննարկել: 

-Սփյուռքի հետ լեզվական անջրպետը գնալով մեծանում է:

-Որոշակի խնդիրներ ունենք արեւմտահայերենի կիրառման կարգի մասին, ուղղագրության միասնականացման մասին: Իհարկե, գնալով անջրպետը պետք է մեծանա: Հայրիկյանը ԼՊՏ պետին դատի է տալիս, դատարանից դատարան ենք գնում: Դատարանն է՞ որոշելու, թե ուղղագրությունը պետք է փոխել, թե չէ: Որոշողը ժողովուրդն է, ոչ էլ ԼՊՏ պետն է: Որովհետեւ ուղղագրության միասնականացում նշանակում է կրթական համակարգը մի 15-20 տարի հետ գցել: Այսօր հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեր ուղղագրությունը մեր պահանջները կատարում է: Հիմա ո՞վ պետք է այդ ամբողջ ուսուցումը կազմակերպի: Եվ հետո, դա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը գումար կտրամադրի, մենք կարող ենք ուղղագրությունը միասնականացնել, բայց Ռուսաստանում ապրող 3.5 մլն հայը երբեւէ դասական ուղղագրության չի անցնի, ո՞վ է նրան սովորեցնելու Յակուտիայում կամ որեւէ տեղեր: Սրանք պետք է խնդիրներ են, որ պետք է քննարկվի: Պարոն Հայրիկյանին ասում եմ` եկեք գիտաժողով կազմակերպենք Սփյուռքի, Հայաստանի լեզվաբաններով, հասարակագետներով քննարկենք: Առանց լրագրողների ցանկությունը հաշվի առնելու, առանց ժողովրդի ցանկությունը հաշվի առնելու, լեզվի տեսչության պետը ո՞վ է, որ դատարանը վճիռը կայացնի, ասի‘ գնա‘ ուղղագրությունը փոխի: Եթե ուզում են նման խնդիր լինի, պետք է հանրապետության նախագահը դնի համաժողովրդական հանրաքվեի: Ժողովուրդը ինքը կորոշի` ուղղագրությունը ուզում է փոխվի՞, թե՞ չէ: Որովհետեւ փոխելը բազմաթիվ խնդիրներ է առաջացելու: Պատկերացրեք. այդ հսկա գրականությունը պետք է փոխենք: Մարդիկ սկսելու են դժգոհել, չեն սովորելու: Ամբողջ աշխարհում մենք 8 մլնից ավելի ենք, որից 800 հազարն է արեւմտահայերեն խոսում: Մնացածները, հետո Սփյուռքում ժողովրդագրությունը փոխվել է, որովհետեւ Հայաստանից գնացած հայերն են Լոս Անջելոսում, պարսկահայերն են, որ այսօրվա գրական արեւելահայերենի բարբառին են մոտ: Այդ 800 հազար հայը… Այսօր ավելի կարեւոր խնդիր ունենք, որ արեւմտահայերենը որպես գրական լեզու անհետանում է: 40 տարեկանից ցածր հայը չի խոսում… Սրա մասին մտածեք: Հիմա սրա մասին չենք մտածում, ուղղագրությունը փոխենք… Մարդիկ էլ կան, ասում են` գրական հայերենը բերեք Սփյուռքի 800 հազար հային սովորեցրեք, ինչ է եղել, բոլորս էլ ազատ Վարուժան էլ ենք կարդում, Սիամանթո էլ ենք կարդում, 3-4 միլիարդ դոլար է մեր նախնական հաշվարկով: Այդքան գումարները մենք տրամադրենք եւ մարդկանց ստիպենք ուղղագրությունը փոխել, կարծում եմ, դեռեւս բան չի, բերեք քննարկենք, երբ որ կգանք ընդհանուր հայտարարի, նոր ընդհանուր մի հատ կորոշենք` փոխե՞նք, թե՞ չփոխենք: 

-Հայաստանում հնարավոր համարո՞ւմ եք երկրորդ պետական լեզվի առկայությունը: Ազգային որոշ փոքրամասնություններ դա են պնդում:

-Ոչ, ոչ, ոչ… ՀՀ պետական լեզուն հայերենն է: Հա, օրենքով հստակ ամրագրված է, որ Լեզվի պետական տեսչությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման խնդրում: Ինչ է եղել. այսօր մեր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն իրենց լեզուները ազատ օգտագործում են, հայերենի պարտադիր ուսուցմամբ, հայերենի… իրենց բոլոր կնիքները օրենքով թույլատրում է հայերեն, զուգորդված… 

-Բայց փոքրամասնություններին իրավունք է տրված, ասենք, ԼՏՊ պետին իրենց լեզվով գրություն ուղարկել եւ իրենց լեզվով էլ պատասխան ստանալ, դա է՞լ է օրինաչափ:

-Ոչ, Այդպիսի բան չի եղել:

 Եղել է:

-Որ իրենք իրենց լզվով էլ պահանջե՞ն: 

Այո:

-Այդ իրավունքը ես չգիտեմ: Լեզուների պահպանության առումով` այսօրվա լեզվական օրենսդրությունը ոչ մի խոչընդոտ չի հանդիսանում իրենց լեզուների պահպանման, զարգացման համար: Ընդհակառակը, ունենք ազգային դպրոցներ` քրդերը, եզդիները, ասորիները ազգային դպրոցներ ունեն: Ուրիշ բան է, որ այդ դպրոցների անվան տակ, դասարանների անվան տակ հայ երեխաներ… Օրինակ Պուշկինի թիվ 8 դպրոցում ասորիները ստիպել էին դասարան,…բայց ասորիների թիվը շատ քիչ է, քան, ենթադրենք, հայերը կամ ռուսները կամ չգիտեմ ինչ… Որովհետեւ այսօր ամեն մեկը գա, իր լեզվի հետ կատակ անի, չգիտեմ ինչ… Ամոթ չի՞, որ Երեւանում……(կրկին անդրադարձավ օտարալեզու ցուցանակներին (հիշենք, թե արջի նախընտրած երգն ինչ բովանդակության է լինում-խմբ.): 

Խմբ. կողմից.-Ընթերցողի ներողամտությունն ենք հայցում անճոռնի հրապարակման համար: Ստիպված ենք: Ստիպված ենք ուղղակի ներկայացնել պետական պաշտոնյայի մտածողությունը, որպեսզի պարզ լինի, թե ինչու ենք այս վիճակում, թե ինչու չենք կարողանում ոտքի կանգնել: ԼՏՊ պետից վատթարները կան ավելի վերեւներում, սակայն տխուր է, որ այս մարդուն` ԼՊՏ այս պետին, որը ցուցանակից այն կողմ ոչինչ չի տեսնում, որը դեռ 20-րդ դարի կեսերի մտածողության անհույս մնացորդն է, վստահվել է ազգի կարեւորագույն խնդրի լուծումը, ավելին, նա իրեն պատկերացնում է անգամ ավելի բարձր կարգավիճակով կառույցի ղեկավարի աթոռին…

Ի դեպ, պետի լեզվամտածողական որոշ դրսեւորումներ հրապարակման սկզբում միտումնավոր ընդգծեցինք` հետագա շարադրանքում ընթերցողի ուշադրությունը նաեւ դրան բեւեռելու նպատակով: 

Ձայնագրությունը տառապելով վերծանեց, գրառեց ու “Լուսանցք” ներկայացրեց

Լիլիթ Պողոսյանը 

“Լուսանցք” Թիվ 55,  25 ապրիլի  — 10 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: