Լիլիթի ծնունդը

by

Հասունացել էր Արին: Առողջ, ուժեղ եւ կենսասեր պատանի էր դարձել: Բայց ինչ-որ մի կարոտ ալեկոծում էր նրա հոգին: Եվ թախծում էր Արին: Արիի թախիծը չվրիպեց Մայր Անահիտի ուշադրությունից, եւ նա դիմեց Հայր Արային: 

— Ո՜վ, Մեծդ Արարի՛չ, քո Արի որդին հասուն է արդեն սիրելու համար: 

Արարիչը բռնեց Երկրից դեպի վեր սուրացող կրակը եւ նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից կերտեց Լիլիթին: 

Զվարթ էր Լիլիթը եւ կյանքով լի: Նա թեթեւասահ ճեմում էր Արարատի ծաղկազարդ հովիտներում, սառնորակ առվակներից ջուր էր խմում, արձագանքում էր սոխակների հմայող դայլայլին: Գեղեցիկ էր Լիլիթը, եւ գեղեցիկ էր ամեն ինչ նրա շուրջը: Եվ նա ուրախ էր, որ ապրում էր, քայլում էր, որ շրջապատված էր այս հրաշալիքներով: Եվ նա զգում էր իրեն էլ մի հրաշալիք այդ հրաշալիքների մեջ: 

Լիլիթը սառնորակ աղբյուրի մոտ նստած՝ ականջը դրած նրա բյուրեղյա նվագին՝ նայում էր Արարատի աստղազարդ երկնքին: Եվ աստղերի հրաբորբ ողկույզները արբեցնում էին նրա սիրտը մի խորհրդավոր տենչով: Եվ Լիլիթը, աստղերով արբած, քուն մտավ ծաղիկների մեջ եւ զարթնեց սոխակների սիրահույզ դայլայլներից: 

Ցնորագեղ շնորհներով ծագեց արշալույսը եւ ծավալվեց Արարատի վրա: Լիլիթը բացեց աչքերը եւ իր գլխավերևում մի հրաշալի կերպարանք տեսավ: Դա պատանի Արին էր, որ ամբողջ գիշեր զմայլված կանգնած էր Լիլիթի մոտ եւ հիանում էր նրա գեղեցկությամբ: Գիշերվա մթին Լիլիթի դեմքը ճառագում էր կրակի պես եւ լուսավորում շրջապատը: Եվ հրե Լիլիթը հուր բոցավառեց Արի աստծո պատանի հոգու մեջ: 

Ոտքի կանգնեց Լիլիթը ու հիացած դիտեց Արիին: Արիի արեւշող դեմքը, բոցե աչքերը գերեցին Լիլիթին: Նա ժպտաց, եւ նրա ժպիտից շրջակա բոլոր ծաղիկները պայծառացան: 

Դու Լիլիթն ես, ո՜վ, չքնաղ գեղուհի՛, — հուզումնալից ձայնով ասաց Արին:

— Այո, — քնքշորեն ասաց Լիլիթը, — բայց դու ո՞րտեղից գիտես ինձ:

Ես Արին եմ՝ Արայի որդին եւ երկրային աստվածը: Եվ քեզ Հայր Արան կերտել է ինձ համար: 

Երջանիկ էր Արին, երջանիկ էր եւ Լիլիթը: Ձեռք ձեռքի տված, պատանի սիրահարները երանությամբ ճեմում էին Արարատի գեղասքանչ բնության մեջ: Ամենուր գեղեցկություն էր: Եվ Լիլիթը բերկրության մեջ էր, հատկապես, որ իր ափի վրա զգում էր Արիի այնքան հարազատ ու ջերմ ձեռքի սեղմումը: 

— Ի՜նչ գեղեցիկ է ամեն ինչ Արարատում, — հաճախ հիացած բացականչում էր Լիլիթը: Արին ժպիտով հաստատում էր նրա ասածը: 

Բայց մի անգամ Լիլիթը խորամանկ ժպտաց ու հարցրեց.

— Ո՜վ, Հայգ Արի՛, ասա ինձ, ես է՞լ եմ գեղեցիկ այս գեղեցիկների մեջ: 

Արին դարձյալ ժպտաց: Լիլիթը չբավարարվեց Արիի ժպիտով եւ հարցը կրկնեց: Արին նայում էր Լիլիթին: Նրա աչքերի փոխարեն սիրավառ սիրտն էր կերտում Լիլիթի կերպարանքը, եւ շուրթերի փոխարեն սիրահարված պատանու սիրտը խոսեց.

— Օ՜հ, դու գեղեցիկների թագուհին ես, դու զարդն ես Արարատի, դու աստվածային հրաշալիք ես, եւ քո գեղեցկությունը միայն Անմահ Աստվածուհուն է վայել: 

Շոյված էր Լիլիթը: Այդ խոսքերը հաճելի էին նրա ականջներին: Եվ այնուհետեւ Լիլիթը հաճախ էր նույն հարցը տալիս, հարկադրելով Արիին նորանոր ներբողներ ասելու իր գեղեցկության մասին: Եվ ինքն էլ էր համոզվում, որ ինքն է ամենագեղեցիկը ողջ Արարատում: Եվ ցանկացավ ինքն իր աչքերով տեսնել իր գեղեցկությունը:

Արին Լիլիթին տարավ լեռնային մի պարզ լճի ափ, որի ջրերի վրա նազում էին ձյունափետուր կարապները: 

Լիլիթը ծնկի իջավ եւ ջրերի վրա տեսավ իր ցոլքը: Նա համոզվեց, որ հրաշալի, հրաբողբոջ գեղեցկություն է ինքը, սքանչացավ իրենով: Նա հիացած ու նորից հիացած նայում էր իր պատկերին ու չէր հագենում: 

Կապույտ երկինքն իր արեւով եւ Արարատյան դրախտից մի կտոր ցոլացած էին լճակի հայելու մեջ: Եվ տեսավ Լիլիթը, որ արեւը այնքան հրեղեն չէ, ինչքան իր աչքերի կրակը, եւ երկինքը այնքան խորունկ չէ, ինչքան իր աչքերի հունը: Ինքն է ամենակատարյալը, եւ լճակն ու Արարատը լցված են իր դեմքի լույսով: Եվ հենց այդ պահին նրա մեջ մեռավ սերը, ու անհագ գոռոզությունը իշխեց նրան: Նա ինքնագոհ ժպտում էր: 

Հանկարծ լճակի ջրերի վրա Լիլիթի պատկերին խառնվեց Արիի ցոլքը: Լիլիթը, որ իրենով հիանալու միջոցին մոռացել էր Արիին, հանկարծ զայրացած ոտքի ելավ եւ աչքերի ցասկոտ հուրը վառեց նրա վրա: 

Ի՞նչը վրդովեց քո քնքուշ հոգին, — զարմացած հարցրեց Արին:

— Քո գռեհկությո՛ւնը, — վրդովված պատասխանեց Լիլիթը, — դու երբեք չես կարող տեսնել ու գնահատել իմ գեղեցկությունը, թե չէ չէիր անպատվի այն՝ քո պատկերի ցոլքը խառնելով նրան: 

Եվ հասկացավ Արին, որ փոխվել է Լիլիթը, եւ մեռել է սերը նրա հոգու մեջ:

Դու գեղեցիկ ես, Լիլի՛թ, — ասաց վրդովված Արին, — բայց քո գեղեցկությունը քեզ չի պատկանում: Քո գեղեցկությունը տեր ունի, եւ քո գեղեցկության տերը ես եմ:

— Ես եմ ամենագեղեցիկը Արարատում, — ըմբոստացավ գոռոզ Լիլիթը, — եւ ամենը, ինչ որ կան, իմ գեղեցկությունը ընդգծելու համար են ծառայում: Ես եմ ամենակատարյալը եւ ես եմ բոլոր գեղեցիկների տիրուհին: Եվ դու էլ պիտի երկրպագես իմ գեղեցկությանը: 

Եվ Լիլիթն իր տիրական հրե հայացքով փորձեց ընկճել Արիին, բայց բախվեց Արիի աչքերի արեւային հրավառությանը: Սարսափեց Լիլիթը: Նա զգաց, որ մի ահավոր ուժ է կուտակված Արիի աչքերի մեջ, եւ որ այդ ուժով Արին կսանձահարի իր գոռոզությունը եւ իր պատրանքները կփշրի հնազանդեցման հրե աքցանի մեջ: 

Եվ փախավ Լիլիթը, փախավ Արիի ուժից սարսափած, փրկելու համար իր գեղանի կատարելության պատրանքը: 

Երկար, շատ երկար վազում էր Լիլիթը, եւ իր ճամփին անխնա տրորում էր ծաղիկներն ու ջարդոտում ծառերը: Նա այլեւս չէր նկատում դրանց գեղեցկությունը եւ չէր ափսոսում դրանց: Եվ Լիլիթն ընկավ Խավարի տիրապետություն, ուր ամեն ինչ գորշ էր ու մռայլ, եւ Վիշապն էր տիրակալ այդ բոլորին: 

— Չքնաղ Լիլի՛թ, — լսեց նա Վիշապի ձայնը, — իմ թագավորության մեջ միայն քո գեղեցկությունը կգնահատվի քեզ արժանի խնկարկումով: 

Խիստ շոյվեց Լիլիթի ինքնասիրությունը, եւ նա հետեւեց Վիշապին: Վիշապը նրան տարավ Տիտանի մոտ եւ դիմելով Տիտանին, ասաց.

— Ահա քեզ ընկեր՝ գեղեցիկ Լիլիթը: Իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերները եւ իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց: Աճեցեք ու բազմացեք: Եվ դու, Տիտան, որ տերն ես այս անապատի, քո բոլոր օրերիդ մեջ հետեւիր Լիլիթին, քանզի Լիլիթը տիրուհին է քո: 

Լիլիթը ուշի ուշով նայեց Տիտանին, եւ կավի հոտը խփեց իր քթին: Եվ նա զգաց, որ Տիտանի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի եւ ուսերի վրա: 

Տիտանը զգաց, որ իր սիրտը կապվեց Լիլիթին՝ անբաժան ու անմեկին: Եվ նա քնքշորեն բռնելով Լիլիթի ձեռքը, ասաց.

— Օ՜, չքնաղդ բոլոր չքնաղների մեջ, այս թագավորության մեջ ամեն ինչ ծառայելու է քո գեղեցկությանը: Դու տիրուհին ես իմ եւ ամբողջ Խավարի թագավորության: 

Բավարարված էր Լիլիթի փառասիրությունը՝ նա տիրուհի էր, թեկուզ Խավարի:

Փուշ ու տատասկ խոնարհվում էին նրա գեղեցկության առջեւ: Օձ ու կարիճ սվսվալով նրա գեղեցկության գովքն էին հյուսում: Իսկ Տիտանը մեծագույն հավատարմությամբ ծառայում էր նրան, հետեւում նրան ամենուր: 

Բայց Տիտանի կավաբույր շունչը ճնշում էր Լիլիթին: Եվ Լիլիթը տհաճ զգացումով ցնցվում էր Տիտանի ամեն մի հպումից: Եվ նույնիսկ ադամանդների ու գոհարների շլացուցիչ փայլը չէր կարողանում մեղմել այն խորշանքը, որ նա զգում էր Տիտանի գրկում: Իսկ տիրուհու այնքան բաղձալի վիճակը այլեւս ծանր բեռի պես ճնշում էր նրան: 

Զղջումի փոթորիկն էր ալեկոծում նրա հոգին. “Մի՞թե Լույսի սպասուհի լինելն ավելի հաճելի չէր, քան Խավարի տիրուհի լինելը. մի՞թե Երկրային Աստված Արիին հնազանդվելը ավելի հաճելի չէր, քան կավաբույր Տիտանին հնազանդեցնելը”: Եվ զղջումի արցունքները հոսում էին նրա աչքերից:

Տիտանը զգում էր, որ իր անմնացորդ նվիրումը չի արժանանում Լիլիթի ամենաթույլ ժպիտին անգամ եւ զգում էր, որ Լիլիթը իրենը չէ: Եվ դա հուսահատեցում էր նրան: 

Եվ մի գիշեր հանկարծ գալարվեց Լիլիթը՝ ազատելով իրեն Տիտանի հյուծող համբույրներից, ցատկեց, թռավ նրա տաղավարից դուրս եւ անհետացավ գիշերային բավիղների մեջ: Նա այլեւս չվերադարձավ:

Անհույս էր Տիտանի հոգին, նզովելով աստված եւ անմահություն՝ մահ էր տենչում: Վիշապը խղճաց Տիտանին, հասկացավ, որ Լիլիթը փախել է անդարձ: Եվ Արարչի կամքով, նա թմրություն բերեց Տիտանի վրա եւ նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Տիտանին, կարողանա սիրել միայն նրան եւ բազմացնի Չարի Տիտանի ցեղը: 

Իսկ Լիլիթը վերադարձավ Արարատ եւ անմիջապես տեսավ այն շլացուցիչ գեղեցկությունը, որ փթթում էր Արարատում: Նա եկավ Արիի մոտ: 

Արին նստած էր, հենված Կենաց Ծառի բնին եւ խորասուզված էր իր վիրավորված զգացմունքների մեջ: Լիլիթի հայտնվելը անսպասելի էր: Արին լուռ նայում էր Լիլիթին եւ ոչինչ չէր խոսում: 

— Ո՜վ, Երկրային Աստվա՛ծ, — խոսեց Լիլիթը, եւ նրա ձայնի մեջ միախառնված էին զղջումն ու գոռոզությունը, — իմ գեղեցկությունը միայն քեզ է արժանի: 

Արին լուռ բռնեց Լիլիթի ձեռքից ու տարավ նույն լեռնային լճակի մոտ, ուր տարել էր մի ժամանակ: Լիլիթը կռացավ, նայեց լճի ջրերին եւ սարսափեց. ջրերի մեջ արտացոլվում էր իր պատկերը: Բայց մի օտարոտի կերպար էր դա՝ խամրած աչքերով, կապտած շուրթերով: Անհետացել էր նրա երբեմնի գեղեցկությունը, որի ցոլքը ընկել էր ջրի վրա: Վշտացավ Լիլիթը: 

— Այս ի՞նչ է պատահել ինձ, — հարցրեց նա, — չէ՞ որ ես հրեղեն եմ:

Արին հեգնորեն ժպտաց եւ ասաց.

— Այո, դու հրեղեն էիր: Բայց հուրը սիրով է բոցավառվում: Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, եւ գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը: 

Լիլիթը ամոթահար ծածկեց երեսը ու փախավ: Նա փախավ լեռները, ամաչելով երեւալ նույնիսկ կենդանիներին: Նա մեծ վիշտ էր ապրում, նա զղջում էր իր արածը, եւ այդ զղջումը նրա մեջ ձեւավորում էր անհանդուրժողականություն ամեն մի գեղեցիկի նկատմամբ: 

ՀատվածՈւխտագիրք Արորդյաց“-ից 

“Լուսանցք” Թիվ 55, 25 ապրիլի — 10 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: