Մայր Անահիտը դիմեց Հայր Արային.
— Ո՜վ, Մեծդ Արարի՛չ, քո Արի որդին սթափվել է արդեն խորտակված սիրո մղձավանջից: Մի նոր կին կերտիր նրա համար, որ լինի ավելի գեղեցիկ, քան Լիլիթը, ավելի նազելի, ավելի հեզ եւ ավելի սիրող, քան Լիլիթը, որ կարողանա գրավել Արիի սիրտը եւ լինի նվիրված ու հնազանդ:
Եվ Արան Աշխարհի բոլոր գեղեցիկներից կերտեց Արփիին՝ Արեւից՝ վառ սեր, Լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ Երկնից, հուզմունքը՝ Երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրեւից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք:
Եվ այդ գեղեցիկը իր հրաշագեղությամբ ու իր հեզությամբ շողարձակեց Արարատի աստվածային հրաշալիքների մեջ: Ծափ տվեցին բոլոր ծաղիկները, սոխակները զմայլված գեղգեղում էին նրա շուրջը: Եվ նույնիսկ Արեւը կապույտ երկնքում սիրո համբույրներ էր հղում Արփիին իր ջերմ ճաճանչներով: Միայն Լիլիթը, նախանձելով Արփիի գեղեցկությանը, չարանում էր նրա սիրո դեմ:
Բոլորը սիրում էին Արփիին: Եվ Արփին սիրում էր բոլորին ու ամենին հրաշք Արարատում: Բայց ամենից շատ նա սիրում էր պատանի Արիին: Իսկ Արին չէր նկատում նրան:
Արին սարերն էր մագլցում, առյուծների հետ մրցասպարեզ էր ելնում, արծիվների համար բույն էր շինում լերկ ժայռերի կատարին եւ ապա մինչեւ լուսաբաց Աստվածների հետ խնջույք էր անում: Եվ չէր նկատում Արփիին: Նա չէր նկատում Արփիի գեղեցկությունը, թեեւ Արփին ամենուր հետեւում էր նրան:
Այրվում էր սիրուց գեղեցիկ Արփին: Եվ Արիի սիրով աղոթք էր անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն, որ Արիի հայացքը իր վրա ուղղի եւ սեր արթնացնի Արիի սրտում:
Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր էր վառել Արփիի սրտում, սիրում էր նրա սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր եւ ազնիվ: Աստղիկը եկավ Արփիի մոտ եւ ասաց.
— Արին մինչեւ լուսաբաց Մասիսի վրա խնջույք է անում Աստվածների հետ, որից հետո գնում է Կապուտան լճի սառնորակ ու քաղցրահամ ջուրը խմելու եւ հագեցնելու իր ծարավը: Ես Կապուտան լճի մեջ մի բուռ աղ կցանեմ: Արին կխմի այդ աղի ջուրը եւ ավելի կծարավի: Դու կուժով լեռնային առվակներից սառնորակ ջուր կբերես. նա կխմի այդ ջուրը, կհագենա եւ կնկատի քո գեղեցկությունը:
Այդպես էլ արեց: Լիլիթը, որ հետեւում էր այդ բոլորին, չհանդուրժեց Արփիի մոտալուտ երջանկությունը եւ որոշեց խանգարել նրան: Նա մոտեցավ Արփիին եւ ասաց.
— Գեղեցիկ Արփի՛, Արին շատ զորեղ է, նա Աստված է, թեեւ Երկրային. մի բուռ աղը մեծ լճի մեջ ի՞նչ պիտի անի նրան: Մի բուռ աղ էլ դու լցրու այդ ջրի մեջ:
Եվ Արփիի գլուխը մտավ Լիլիթի խորհուրդը: Աստղիկից թաքուն մի բուռ աղ էլ ինքը լցրեց: Եվ լճի ջուրը չափից ավելի աղի դարձավ: Եվ երբ գիշերային խրախճանքից հետո Արին եկավ ու խմեց այդ ջուրը, սարսափելի այրոցք զգաց իր մեջ: Նա խեղդվում էր ծարավից:
Արփին կուժով սառը ջուր բերեց, բայց Արին չհագեցավ: Արփին նորից ջուր բերեց, դարձյալ Արին չէր հագենում: Նորից ու նորից Արփին վազում էր Արարատի մի ծայրից մյուսը՝ ջուր բերելու, բայց Արիի ծարավը ավելի ու ավելի էր սաստկանում:
Արփին ուժասպառ ընկավ գետին եւ հուսահատ լաց եղավ: Նա անիծում էր Լիլիթին եւ անիծում էր ինքն իրեն, որ լսեց նրա չար խորհուրդը:
Աստղիկը լսեց նրա լացի ձայնը եւ անմիջապես եկավ նրա մոտ: Նախ հանդիմանեց Արփիին, ապա բռնեց Արիի մի ձեռքից եւ պատվիրեց, որ Արփին բռնի մյուս ձեռքից: Եվ տարան Արիին դեպի այն լեռները, ուր քսանութ սառնորակ գետակներ են սկիզբ առնում:
Այդ գետակներն էլ չէին հագեցնում Արիի ծարավը: Աստղիկ Աստվածուհին կանչեց ճարտարագետ Տիր Աստծուն: Տիրը լեռների մեջ թմբեր կանգնեցրեց, որ մի տեղ կուտակվեն քսանութ գետակների ջրերը: Բայց որպեսզի ջուրը չնեխի անշարժությունից, նա մի անցք թողեց, որ ջուրը մշտապես հոսի: Այդպես գոյացավ լեռնային մի լիճ՝ քաղցրահամ ու սառնորակ ջրով եւ կոչվեց Սեւան: Իսկ Կապուտանն այսուհետեւ ունեցավ շատ աղի ջուր:
Արին լճից սառը ջուրը խմեց ու հագեցավ: Բարձրացրեց գլուխը եւ նայեց Արփիին:
— Դու այրեցիր սիրտս աղով, դու էլ հանգցրիր իմ միջի կրակը այս սառնորակ ջրով, — ասաց Արին, — բայց մի նոր հրդեհ բորբոքեցիր իմ մեջ քո գեղեցկությամբ: Ասա, ո՞ր աղբյուրը կարող է հանգցնել իմ այդ ներքին հրդեհը:
Հենց այդ ժամանակ Լիլիթը աննկատ մոտեցավ Արփիին եւ շշնջաց ականջին.
— Լուռ հեռացիր ու թաքնվիր նրանից, թող նա քեզ որոնի, որ շատ սիրի քեզ:
Արփին անմիջապես մոռացավ Լիլիթի նախկին խարդավանքը, եւ նրա գլուխը մտավ այս նոր միտքը: Եվ նա ոչինչ չպատասխանեց Արիին, ուսերը թոթվեց ու հեռացավ:
Զարմացավ Արին, չհասկացավ Արփիի արարքը: Իսկ նրա հոգու մեջ գամվել էր արդեն Արփին իր ամբողջ դաժան գեղեցկությամբ: Նա օրերով որոնում էր Արփիին, բայց Արփին միշտ փախչում եւ թաքնվում էր նրանից:
Արին վշտացած դիմեց Աստվածամայր Անահիտին:
— Երբ ես անտարբեր էի Արփիի նկատմամբ ու չէի նկատում նրա գեղեցկությունը, նա ինքը հետապնդում էր ինձ: Իսկ երբ ես սիրեցի նրան, նա փախչում է ինձանից եւ ստիպում է անհույս վազել նրա ետեւից:
Եվ Մայր Անահիտը ասաց.
— Դա Լիլիթի բնույթն է: Եվ այն ամենուր հետապնդում է Արփիին ու մշտապես խառնում նրա միտքը:
Եվ Լիլիթի բնույթը նրան դարձնում է թեթեւամիտ ու քմահաճ: Եվ նրա քմահաճությանը սահման չի լինելու: Ինչքան շատ բավարարես նրա քմահաճույքները, այնքան դրանք ավելանալու են, եւ քո անսահման սերը նա փաթաթելու է քո պարանոցին եւ դրանից բռնած, քեզ քարշ է տալու իր ետեւից: Թող երբեք նա չիմանա քո սիրո չափը: Այնժամ նա ինքը կհետեւի քեզ ու հնազանդ կլինի: Այդպես նա կերջանկացնի քեզ եւ ինքն էլ երջանիկ կլինի:
Եվ այնուհետեւ Արին մտովի որոնելով Արփիին, կարոտելով նրան, այրվելով սիրուց, բայց եւ այնպես չէր գնում Արփիի ետեւից: Սիրո զգացմունքի բուռն պահերին վազվզում էր Արարատով մեկ, խառնում էր իրար թռչուն եւ գազան, թաքուն երգեր էր հյուսում եւ Մասիսի լանջերին երգում էր իր սիրո ու կարոտի երգերը այնպես, որ միայն Աստվածները լսեն:
Վշտացավ Արփին՝ Արին այլեւս չէր որոնում իրեն: Իսկ Լիլիթը շարունակ խրատում էր նրան.
— Զսպի՛ր, մի քիչ է՛լ զսպիր: Կկոտրվի նրա համառությունը, եւ նա կգա քեզ մոտ:
Եվ զսպում էր Արփին, զսպում էր իր սերը, բայց Արին չէր գալիս: Եվ Արիին կորցնելու սարսափը խցկվեց նրա հոգու մեջ: Նա լաց էր լինում, անիծում էր Լիլիթին, անիծում էր ինքն իրեն, որ լսել է նրան եւ աղոթում էր Աստվածամայր Անահիտին:
Զգացվեց Մայր Անահիտը, եկավ Արփիի մոտ: Արփին ծնկի իջավ Աստվածամոր առջեւ եւ խնդրեց վերջ տալ իր տառապանքներին:
Անահիտը մայրաբար խրատեց նրան.
— Որքան դու հետեւես Լիլիթի բնույթին, այնքան կտառապես ինքդ եւ նույնքան էլ տառապանք կպատճառես Արիին: Գիտցի՛ր, որ Արարիչը քեզ բազմապիսի գեղեցկություններից է կերտել հենց Արիի համար: Դու չես քո գեղեցկության տերը, դու չես քո սիրո տերը: Արին է քո գեղեցկության ու սիրո տերը, Արին է քեզանից ծնված երեխաների տերը: Ուրեմն Արին է քո տերը: Այդպես է կամքը Հայր Արայի: Եվ դու միշտ հետեւիր Արիին, ու երբեք քո գոռոզությունը թող չիշխի քո սիրո վրա, որ Արիին է պատկանում:
Արփին համոզվեց, որ չարիք է նյութում իր դեմ Լիլիթը եւ որոշեց այլեւս երբեք չհետեւել նրա բնույթին: Եվ նա գնաց Արիի ետեւից: Եվ երբ Արին Սեւանա լճից ջուր էր ուզում խմել, Արփին կանգնեց նրա մոտ, կուժը ձեռքին:
— Ո՜վ, Երկրային Աստվա՛ծ, — դիմեց նա Արիին, — Հայր Արան ինձ կերտել է քեզ համար, եւ դու ես իմ տերը: Թույլ տուր ես հագեցնեմ քո ծարավը իմ կուժի ջրով:
Արին, որ իր հոգու մեջ մեծագույն բերկրանք էր զգում Արփիի տեսքից եւ ուզում էր թռչել ու փարվել նրան, այնուամենայնիվ, իր զորությամբ զսպեց իր մղումը եւ սառը ժպտաց.
— Այս լճի ջուրը սառն է ու հաճելի, քո կժի ջուրը արդեն տաքացել է եւ անհամ է:
Լիլիթը աննկատ շշնջաց Արփիի ականջին. “Նա վիրավորում է քո սերը”:
Եվ վիրավորվեց Արփին: Բայց անմիջապես հիշեց Մայր Անահիտի խրատը եւ ինքն իր մեջ ասաց. “Ումի՞ց եմ վիրավորվում, իմ սիրո՞ւց, որ նրան է պատկանում”: Եվ խոնարհ ձայնով դիմեց Արիին.
— Թույլ տուր կուժով ջուր վերցնեմ լճից եւ քեզ տամ:
— Ո՛չ, — մերժեց Արին, — կուժն ի՞նչ է, որ պահպանի այս ջրի համը:
Այն ժամանակ Արփին իր երկու ափերով ջուր վերցրեց լճից ու մոտեցրեց Արիի շուրթերին: Արին ժպտաց եւ խմեց այդ ջուրը:
Եվ այնուհետեւ Արփին ամենուր հետեւում էր Արիին:
Արփին երկրպագում էր Արիին ու երջանիկ էր իր հնազանդության մեջ: Բայց եւ այնպես մի օր, երբ նրանք զբոսնում էին պուրակում, Արփին հարցրեց.
— Ես գեղեցի՞կ եմ:
Եվ հասկացավ Արին, որ սիրելով Արփիին, մշտապես պիտի պաշտպանի իր սերը Լիլիթի բնույթից, որը անվերջ հետապնդում էր Արփիին:
Հատվածներ “Ուխտագիրք Արորդյաց”-ից
“Լուսանցք” Թիվ 56, 2 — 8 մայիսի, 2008թ..
Թողնել պատասխան