Արվելաձեն երազախա՞բ է եղել, թե՞ դրա հույսով է ապրում

by

Այժմ վիրահայերի շրջանում տեղի են ունենում ուշագրավ գործընթացներ. նկատվում է ազգային զարթոնք եւ ինքնակազմակերպման բնական ձգտում: Սա բռնաձուլման եւ ծայրահեղ այլատյացության հետեւողական քաղաքականությանն դիմակայության օրինաչափ հետեւանքն է: Դրա լավագույն դրսեւորումը վիրահայոց թեմի առաջնորդարանում տեղեկատվական-վերլուծական կենտրոն հիմնելն էր, որի նպատակն ազգային ինքնության պահպանումն է եւ հայոց քաղաքական արժեքների քարոզչությունը մեր հայրենակիցների շրջանում: Դրան հետեւեց հոգեւոր, մշակութային, լրատվական “Նորաշեն” հանդեսի հրատարակումը 2006թ., որը նշանակալից իրադարձություն էր վիրահայերի կյանքում: Նկատի ունենանք, որ նախկինում այս թեմն աններելի կրավորական դիրքորոշմամբ էր հայտնի: 

Ձեռնարկված այս քայլերը հարուցում են վրացական շրջանակների խոր դժգոհությունը: Ի դեպ, մեզանում այս իրողությունը միամտորեն եւ անտեղյակորեն հենց այդպես էլ ընկալվում է: Հետեւանքն այն է, որ խորամուխ չենք լինում վրացական իշխանությունների հակահայկական քաղաքականության բուն դրդապատճառներին եւ չենք փորձում թափանցել դրանց թաքուն ծալքերը: 

Խնդիրն այն է, որ հայ-վրացական հարաբերություններում մեծ հմտությամբ եւ ռազմավարական հստակ ծրագրով աշխատում է 3-րդ ուժը: Վերջինս մեծ վտանգ է ամբողջ մարդկությանը: Այդ մութ, խորտակիչ ուժը լիակատար տիրապետող է Թուրքիայում եւ Ադրբեջանում` խորքային պետության ձեւով: Ավելորդ է նշելը, որ այս հանգամանքը լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը եւ կեցության հիմքերին:

Հենց այս առումով էլ հասկանալի է “հայագետ” Բոնդո Արվելաձեի հակահայկական հետեւողական, նպատակասլաց գործունեությունը: Այսպես, նա գրախոսական է հրապարակել”Լիտերատուրուլի Սաքարթվելո” պարբերականում (13.10.2006թ.), որտեղ փորձում է “գնահատել” “Նորաշեն” հանդեսի նշանակությունը: “Գիտնականը” նշում է, որ խմբագրությունը, իբր, ոչինչ չի գրում վրաց հասարակության եւ հոգեւոր աշխարհի հետ կապեր հաստատելու մասին: Նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ վիրահայ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մտադիր է վերականգնել հայոց ավերված եկեղեցիները, հայրենակիցներին ոգեւորել մեր պատմությամբ, հայրենիքով: 

Բ. Արվելաձեն զարգացնում եւ շրջանառում է մի “տեսություն”, ըստ որի, իբր, Վրաստանի հայկական համարվող շատ եկեղեցիներ նախկինում եղել են վրացական, որոնք հայերը պարզապես յուրացրել են:

Այնպես որ, այս տրամաբանությամբ, վրացական են Թիֆլիսի սբ. Նշանը (1720թ, Ծմինդա Նիկոլոզի), Նորաշենի սբ. Աստվածածինը (1737թ.), Մեյդանի Սբ. Գեւորգը (631) եւ այլն: “Պատմական” այս հիմքով էլ մի քանի տարի առաջ հանկարծ վրացական դարձան հայոց շատ եկեղեցիներ‘ սբ. Կուսանաց անապատ, սբ. Բեթղեհեմ, Վերայի սբ. Խաչ եւ այլն: 

Բայց սա դեռ ամբողջը չէ: Ճիշտ այդ իմաստասիրությամբ էլ վիրահայերից շատերն ունեն վրացական ծագում. օգտվելով Վրաստանի թուլությունից‘Հայ առաքելական եկեղեցու գործիչները նրանց զանգվածային ձեւով հայացրել են: Ավելին, Վրաստանի ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում գործում է հատուկ ծառայություն` կեղծ վավերագրերով հայերին վրացի դարձնելու համար: 

Սա հար եւ նման է Ադրբեջանում հայկական եկեղեցիների եւ ընդհանրապես պատմական ժառանգության “աղվանականացման” տեսությանը, որի հեղինակը “պատմաբան” Զիա Բունիաթովն էր: Նպատակը պարզ է, հասկանալի. հայեցակարգային պատերազմում հաղթել քաղաքակրթություն ստեղծող ու կրող հայերին` վերջականապես զավթելով նրանց բնակության միջավայրը, մշակութային հարուստ ժառանգությունը: Այսինքն` տեսությունները ստեղծվում են միեւնույն կենտրոնում եւ մեծ հաջողությամբ կիրառվում հայերի, պարսիկների եւ այլ` իսկական ազգերի նկատմամբ: 

Բ. Արվելաձեն կասկածի տակ է առնում նաեւ Թիֆլիսի սբ. Նշան հայոց եկեղեցու բակում թաղված, Բելգիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բ. Մեղվինյանցի ազգային պատկանելությունը: Ըստ “մասնագետի”`‘ վերջինս վրացի է` Մեղվինիշվիլի ազգանունով. պատմական դժվարին ժամանակաշրջանում հայ հոգեւորականի քարոզչությամբ հայ է դարձել, այնպես, ինչպես, Խատիաշվիլին դարձավ Խատիսով: Նույնպիսի ճակատագրի են արժանանում հայ ժողովրդի տաղանդավոր բազում ներկայացուցիչներ: 

Նա շարունակում է հակահայկական թունոտ բարբաջանքները. ի՞նչ իրավունքով են վիրահայերն իրենց հանդեսն անվանել “Նորաշեն”, երբ այն վրացական է: Փաստարկներն են. չկա շինարարական արձանագրությունը եւ այդ մասին չի հիշատակում Հերակլ Առաջինը (Նազարլիխանը): Արձանագրությունը վրացիները, “բնականաբար”, ոչնչացրել են, իսկ վրաց մահմեդականացած թագավորը, հասկանալի պատճառներով, այն վրացական պետք է համարեր: Սա է խարանող ճշմարտությունը: 

Իսկ թիֆլիսահայերը, իրենց ազգային իրավունքները պաշտպանելու ազնվաբարո մղումով, ընդվզեցին հայոց եկեղեցին վրացականացնելու վայրենի քայլերի դեմ եւ այդ պայքարի շնորհիվ փրկեցին այդ կոթողը: Սա լուրջ հայտ էր, որը խառնեց դիվային բոլոր ծրագրերը: Արվելաձեն կշտամբում է մեր համարձակ հայրենակիցներին, իբր, նրանք չհամբերեցին մինչեւ “վիճահարույց” խնդիրը լուծվի, այսինքն` ստրկամիտ, կրավորական չեղան: 

Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Արվելաձեին “բնորոշ է” ծավալային մտածողությունը: Հայերի զավթողական նկրտումներն ամենուրեք են. նրանք “յուրացրել են” անգամ‘ Երուսաղեմի Ծմինդա Յակոբի վրացական եկեղեցին: Խոսքը սբ. Հակոբ հայոց եկեղեցու մասին է, որը հին ժամանակներից եղել է հայկական: Այստեղ հայոց վանքեր եւ եկեղեցիներ հիմնվել են սկսած 4-րդ դարից: Այդ եկեղեցին գտնվում է սբ. Հակոբյանց միաբանության վանահամալիրի տարածքում: Երուսաղեմում գործում են հայոց պատրիարքությունը, հայկական տպարանը, Ժառանգավորաց վարժարանը, ձեռագրատունը: Այսինքն` այն մեզ համար հոգեւոր, մշակութային կարեւոր կենտրոն է: 

Սա դեռ քրիստոնեական շերտն է: Բայց չէ՞ որ կա նաեւ նախաքրիստոնեկան` հին հայկական շերտը, որը մեր թշնամիները համառորեն մերժում են: Վաղնջական ժամանակներում այս տարածքները եղել են Միտանի հայկական պետության կազմում: 

Պարզապես խուրիները նույն հայերն են` անվան օտար արտաբերմամբ: Դա են վկայում պատմական սկզբնաղբյուրները, հուշարձանները եւ այլն (խոսքը մ.թ. ա. 15-14-րդ դարերի մասին է): 

Այնուհետեւ մաղձոտ Արվելաձեն ասում է, որ Էջմիածինը մտադիր է 4 եկեղեցի վերադարձնել հայերին: Իսկ չէ՞ որ վրացական կողմը իրավունք ունի վերադարձնելու ՀՀ-ում հայտնված “վրացական հողը”` Լոռի-Տաշիրը, որտեղ վրացական բազմաթիվ եկեղեցիներ կան (Ախթալան, Հուջաբին եւ այլն):

Հասկանալի լինելու համար ասենք, որ Հուջաբին հայկական Խուճապի վանքն (13-րդ դար): Ճիշտ է, վրացական համայնք չկա այնտեղ, բայց, ըստ նրա, կարող են աշխատել վրացի վանահայրերը եւ կույսերը: Այս անգամ էլ խոսքը քաղկեդոնական հայերի պատմամշակութային արժեքների մասին է, որը հայերի քաղաքակրթության անկապտելի մասն է: Քաղկեդոնական հայը հայի գենոտիպով, հոգեկերտվածքով եւ ստեղծագործական տարերքով օժտված այն հայն է, ով, ինչ-ինչ հանգամանքների բերումով, այլադավան է դարձել եւ իր պատմությունը գրել վրացերեն: Սա Արվելաձեի համար շահարկելու եւ նենգափոխելու առարկա է. նա նկատի ունի անտեղյակներին ու անիրազեկներին: 

Ինչ վերաբերում է Լոռու եւ Տաշիրի “վրացական” պատմական տարածք լինելուն, ապա դա եւս անպատկառ սուտ է: Պարզապես, օգտվելով հայ արքաների թուլությունից, վրաց գահակալները կարճ ժամանակով զավթել են մեր բնօրրանի այդ հատվածը: Այսպիսով` վրացիների ձեռքով հիշատակված ուժը ձգտում է Հայաստանից պոկել եւս մեկ կտոր: 

Հայատյաց Արվելաձեին խիստ անհանգստություն է պատճառել ամսագրի էջերից մեկում տպագրված մեծն Գարեգին Նժդեհի մոգական խոսքերը. “Պետք է վերապրել եւ վերաիմաստավորել հայրենի պատմության ողջ հոլովույթը: Պետք է Հայկի հետ ծառանալ Նեբրովթի դեմ, Տիգրանի հետ ընդարձակել Հայաստանը, Արտաշեսի հետ բարեկարգել այն, Բագրատունիների հետ Անին հրաշակերտել եւ ապա նրա կործանումը ողբալ: Այսպես մինչեւ մեր օրերը: Այսպիսին է ճշմարտացի Հայ սիրտն ու գիտակցությունը: Այսպես է ստեղծվում համահայը, ամբողջական հայը”: 

Ատոմ Կարինյան 

“Լուսանցք” Թիվ 56,  2 -8 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: