Եղածը պետության սաղմն է լոկ

by

Ասում են` արդար լինելու շնորհը տրված է ուժեղներին, իսկ արդար պետություն ունենալու շնորհը` ամենաուժեղներին 

Դարեր ի վեր պետականություն չունեցած հայության համար պետություն ունենալը շնորհ է: Սակայն այդ ունեցածը պահպանելն ու կայացնելն ավելի մեծ ջանք է ենթադրում: Հայերի քաղաքացիական իրավունքները խախտել են դարեր ի վեր, թե՛ օտարերկրյա կառավարողները, թե՛ իրենց իսկ իշխողներն ու առաջնորդները: Այդ գործընթացը, որքան էլ տարօրինակ թվա, շարունակվում է նաեւ մեր օրերում: Շատ հայեր հենց այդ պատճառով են լքել հայրենիքն ու հայտնվել օտար երկրներում:

Հայը պատմության ողջ ընթացքում պայքարել է հանուն Հայաստանում ազատ ու արժանապատվորեն ապրելու անհատական ու հավաքական իրավունքի, այնպես որ, նրա մարդկային, ազգային ու քաղաքացիական իրավունքները հարգվեն: Այստեղ եւս հաջողություն չի արձանագրվել‘ բռնապետական ուժերի‘ այդ նույն հային ներշնչած վախի, գործադրվող ապօրինության, ճնշումների եւ բազմաթիվ այլ պատճառներով: Նրա երազածն ազգային պետությունն է եղել, ոչ թե իշխանավորների փառամոլությանը հագուրդ տալու հնարավորություն ստեղծելը: 

Վերջին ամիսներին ականատես եղանք, թե ինչպես ի դերեւ ելան դարերի ընթացքում փայփայած այդ հույսերը: Ինչպես խնամիաբարեկամական կապերով սերտաճած փողատերերի, կաշառակերության մեջ թաղված բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց սպասարկող, այսպես կոչված, “կոալիցիան” փորձեցին խույս տալ մարտիմեկյան իրադարձությունների համար պատասխանատվությունից: Բայց նկատի ունենանք, որ եթե ժամանակակից պետությունների մի մասը հրաժարվել է մահապատժից, տուրք տալով արեւմտաեվրոպական արժեհամակարգին, ապա մեզ‘ հայերիս համար պետության անունից սեփական երկրի քաղաքացիներին կյանքից զրկելու անթույլատրելիությունը բխում է բազում պատմական արհավիրքներ եւ, վերջապես, եղեռն վերապրած ազգին բնորոշ ընկալումներից: 

Ժամանակն է, որ հայն ասպարեզ բերի իր “քաղաքացիական կամքը” եւ իր անձն ազատի օտար ուժերի ու հայրենի տիրապետողների նկատմամբ ունեցած վախից: Ամեն մեկիս խնդիրն է‘ հարկ եղած դեպքում համախմբվել եւ ցույց տալ իշխանությանն ու միայն հանուն դրա քաղաքական ասպարեզում հայտնված ընդդիմադիրներին, որ պետականություն ձեւավորողն ու դրան ուժ հաղորդողն այն անհատներն ու հանրային գիտակից շերտերն են, ովքեր չեն ցանկանում ստրկացվել: 

Արդեն ժամանակն է նաեւ, որ նոր նախագահը փորձի սահմանազատվել նախկին նախագահի տասնամյա կառավարման շատ սկզբունքներից: Դրա համար, նախ‘ անհրաժեշտ է ազատել բոլոր քաղբանտարկյալներին կամ հանրությունում որպես այդպիսին հայտնի անձանց, իրապես հետաքննել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, երաշխավորել զլմ-ների կողմից նաեւ ընդդիմադիր տեսակետների եւ դիրքորոշումերի լուսաբանումը, ինչպես նաեւ վերականգնել եթեր, ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքից օգտվելու կարգը: Հարկ է հատուկ մեթոդներով արմատախիլ անել այն անարդարությունը, որ ներթափանցել է հայի կյանքի բոլոր ոլորտները, ստեղծել այնպիսի հանրություն, որը վճիռ կկայացնի եւ կստեղծի ազգին բնորոշ ճիշտ ապրելակերպ, արդար հասարակություն եւ իսկապես ազատ երկիր: 

Վերջապես, արդար երկիր ունենալու նախապայման է բնական ընդդիմության առկայութունը, իսկ դրա համար հարկ կլինի արդյունավետ, ազգօգուտ քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Այս վերջինի հիմքում կողմերը պետք է դնեն, առաջին հերթին, ազգը հարգելու, մարդկանց սպասումներն ու հույսերը արդարացնելու պատրաստակամությունը եւ նոր միայն‘ սեփական կերպարը պահպանելու շահագրգռությունը: Այսպիսի համատարած անվստահության մթնոլորտում իշխանությունը պետք է ոչ պակաս հակված լինի կազմակերպված, ազդեցիկ, բողոքավոր ընտրազանգվածի ցակությունները բարձրաձայնող ընդդիմության առկայությունը խրախուսելու: Միայն այդպիսի իրական, հետեւողական ու սկզբունքային ընդիմության հետ երկխոսությունն է զորու բավարել հանրության սպասումները, ստեղծել ոչ թե զուտ իշխանություն, այլ արդար, ազգի խնդիրները լուծելու ունակ պետություն: Այնպես որ, այս պահին Հայաստանում առկա է լոկ իշխանություն, որը դեռ պետք է կարողանա պետություն ձեւավորել:

Արսեն Հախինյան  

“Լուսանցք” Թիվ 56,  2 -8 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: