Բարքերի հորձանուտում մեր ապագան է

by

Մեկնաբանի սրահի հյուրն է Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի նախագահ Կարինե Անտոնյանը 

Բարքերի հորձանուտում մեր ապագան է 

Երեխայի իրավունքը պաշտպանելիս նկատի ունենո՞ւմ եք, որ նրանից է կախված երկրի ապագան:

-Որպեսզի մեր գործունեությունը հասկանալի լինի, թույլ տվեք սկսել մի քիչ “հեռվից”: 1992թ. Հայաստանն ընդունեց մարդու եւ երեխայի իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: 1994թ. ՀՀ նախագահը դրա հետ կապված մի շարք միջազգային պայմանագրեր ստորագրեց, իսկ 2 տարի անց ԱԺ-ն ընդունեց երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենքը: Սա շատ կարեւոր, լավ փաստաթուղթ է, պարզապես չի կիրառվում, բնակչությունն էլ տեղյակ չէ դրան կամ, ոչ պատշաճ ներկայացվելու պատճառով, ճիշտ չի ընկալում, այդ իսկ պատճառով էլ հարկ եղած դեպքում մարդիկ չեն կարողանում պաշտպանել իրենց երեխայի իրավունքը: Ընդհանրապես, մեր երկրում օրենք իմանալու, դրանով առաջնորդվելու խնդիրը շատ արդիական է, եւ Ձեր տված հարցն էլ դրա ապացույցն է: 

Իրավունքի իմացություն եք պահանջում մի հանրությունից, որի բջիջները` ընտանիքները, հիմնականում պատրաստ չեն դա ընկալելու: Այդ ընտանիքներում էլ ձեւավորվում են այն երեխաները, որոնց Դուք մտադիր եք պաշտպանել:

-Դպրոց մտնելու առաջին օրն իսկ երեխան պետք է տեղեկանա, որ ինքը որոշակի պարտականություններ ունի: 1990-ականների սկզբին շատ տուժեցինք հենց այն պատճառով, որ հրաժարվեցինք մնայուն բազմաթիվ արժեքներից: Հիմա մեծ մասամբ երեխայի, նրա ծնողի համար բջջային հեռախոսը, հագուստը եւ այլ պարագաներն են դրսեւորվելու հիմնական միջոցները: Իհարկե, հնից եկած որոշ բաներից հրաժարվել պետք էր, բայց փոխարենը հարկավոր էր ստեղծել նոր, մեզ անհրաժեշտ արժեհամակարգ, որն էլ կդառնար երեխա դաստիարակելու հիմքը: Մենք դեն նետեցինք հին հերոսներին, բայց նորը չունենք:… 

Այդ հերոսները կան

-Եթե չգիտեն, ուրեմն` չկան: Ստիպված ենք արձանագրել, որ երեխան դպրոց է գնում ոչ թե գիտելիք ստանալու, այլ ավարտական վկայական ձեռք բերելու համար, առանց որի ինքը բուհ չի կարողանալու ընդունվել: Նա շատ լավ գիտի, որ այդ նույն դպրոցում հնարավոր է բոլոր խնդիրները լուծել: 18 տարեկանն արդեն լիարժեք մարդ է, բայց նա չգիտի, թե ով է Կոմիտասը, նա կասի` “Անուշը” գրել է Գոհար Գասպարյանը: Այս մակարդակին ո՞նց հասանք: Իմ հիշատակած օրենքում ամրագրված է, որ, ընտանիքից բացի, առաջին հերթին պետությունը պետք է պաշտպանի երեխային: Այդ պետությունը պետք է բնականոն զարգանալու, կրթվելու, դաստիարակվելու պայմաններ ստեղծի: Փոխարենն այլ իրավիճակում ենք. կրթությունը, բուժումը, մշակույթը մատչելի չեն: Օրենքով նախատեսված է, որ, օրինակ, մինչեւ 16 տարեկան երեխան անվճար բուժվելու իրավունք ունի, բայց այդ շեմը հասցրին 3 տարեկանի, եւ միայն մեր բուռն միջամտությունից հետո դարձրին 7: Ինչ է, 7 տարեկանից երեխան գումա՞ր է վաստակելու բուժվելու համար: Պետությունը տալի՞ս է այդ հնարավորությունը: 

Այդ պետությունը, նախեւառաջ, ծնողի համար պետք է վաստակելու պայմաններ ստեղծի, իսկ նա արդեն կհոգա իր երեխայի կարիքները:

-Հայաստանում գործազուրկների բանակը շատ մեծ է, բնակչության հիմնական մասի եկամուտն էլ այնքան քիչ է, որ դա վաստակ համարելը սխալ կլինի: Նշանակում է ծնողների գերակշիռ մասը չի կարողանում երեխային կերակրել, հագցնել ինչպես հարկն է, բայց նա դեռ պետք է դաստիարակի, այսինքն` կարողանա հաղորդակցել թատրոնին, կինոյին, ամենակրեւորը` այնպես անի, որ նա գիրք կարդա: Իրենց ապագայով մտահոգ բոլոր պետություններն առաջին հերթին ամեն ինչ անում են հանուն երեխաների, որովհետեւ չկրթված, չդաստիարակված, իր արմատներին ու անելիքին, այսինքն, տվյալ ազգի արժեքային համակարգին անտեղյակ երեխան, ապագա չափահասը, ոչ մեկին պետք չէ, ավելին` վտանգավոր էակ է: Իսկ ի՞նչ են մեզ առաջարկում մեր մամուլն ու հեռուստատեսությունը: Մարդիկ փող չունեն թերթ, ամսագրեր գնելու, եւ լրատվության հիմնական միջոցը դարձել է հեռուստաէկրանը, ինտերնետը: Ինտերնետն, ընդհանրապես, մեծ ավերածություն է անում: Գուցե փորձեն տարիքային սահմանափակո՞ւմ մտցնել ակումբներ այցելողների համար, Բուքմեյքերական գրասենյակների պարագայում այդ սահմանափակումը չնայած կա, բայց 11-12 տարեկան շատ երեխաներ մեծ պարտքեր ունեն դրանց. այնտեղ նրանց ասում են‘ ոչինչ, որ փող չունեք, մենք ձեր փոխարեն խաղադրույք կանենք… Հետեւանքը պարզ է: Դե, ծնո՛ղ, գնա ու այդ պարտքերը մարիր: Մենք դատարան ենք մտնում նաեւ այդպիսի գործերով: Իսկ եթե գոնե կրթօջախներին կից անվճար ակումբներ, խմբակներ բացվեն, որոնք նախատեսված լինեն երեխաներին լրացուցիչ գիտելիք տալու, արվեստ ու արհեստ սովորեցնելու, պարզապես հասակակիցների հետ շփվելու համար, ապա շատերը չեն էլ հաճախի այդ վտանգավոր վայրերը: 

Իսկ երբ դիմում եք համապատասխան պաշտոնյաներին, նրանք հասկանո՞ւմ են իրավիճակի լրջությունը:

-Հասկանում են, բայց իրենք էլ չգիտեն անելիքը: Անվճար բուժօգնության հասցեատեր երեխաների տարիքային շեմը նվազեցնելուց հետո մանկական մահացության ցուցանիշը մեծացավ, ծնելիությունը կտրուկ նվազեց: Իսկ ի՞նչ է անում անվճարունակ ծնողը. հիվանդ երեխային տանում է հեքիմների, ինչ-որ մարդկանց մոտ, նրանց մի 1000 դրամ տալիս ու հետեւում տված խորհուրդներին, որից հետո հիվանդի վիճակն ավելի է բարդանում: Հիմա ծնողներն ամեն քայլի դիմում են զավակներին Հայաստանից դուրս բերելու համար: Պետությունն ամեն ինչ պետք է անի նորաստեղծ ընտանիքներին ապացուցելու, որ երեխա ունենալը նաեւ նյութապես է ձեռնտու, մինչդեռ հիշատակածս դժվարությունները ներընտանեկան բազմաթիվ անախորժությունների պատճառ են: Դատական գործերից շատերն ամուսնալուծության, երեխաների խնդիրներին են վերաբերում: Նշեմ, որ “Քաղաքացիական օրենսգիրքը” հակասության մեջ է երեխայի իրավունքը պաշտպանող օրենսդրության հետ, որից մեծ խնդիրներ են ծագում: Դիմել ենք դեռ վարչապետ Ս. Սարգսյանին, եւ նրա աշխատակազմից խոստացել են ընթացք տալ մեր առաջարկներին… 

Միջավայրը, այսպես ձեւակերպենք, նպաստավո՞ր չէ ընտանիք պահելու, երեխա դաստիարակելու համար:

-Քանի դեռ աշխատանք չկա, քանի դեռ մարդը վստահ չէ, որ պետական ատյաններում իր խնդրանքը կլսեն, իրեն չեն նվաստացնի, ոչինչ էլ չի փոխվելու: Մինչեւ համաբուժարանը (պոլիկլինիկա) մարդուն անվճար տեղեկանք չտա, նա չի հավատալու, որ բուժսպասարկումն անվճար է‘ պետպատվերով: Որովհետեւ այնտեղ վճարած փողը նա իր երեխայից է կտրում: Նույնը վերաբերում է դպրոցին, որն, իբր, անվճար է, բայց, փաստորեն, դրանք վերածվել են ամեն ինչ ուզող կառույցների: Շատ են այն երեխաները, ովքեր դպրոց չեն գնում միայն այն պատճառով, որ ծնողները փող չունեն ջեռուցման, նորոգելու, դասագրքերի, ինչ-որ ֆոնդերի ծախսերը հոգալու համար: 

Մինչդեռ հանրության բեւեռացումը խորանում է:

-Արդեն տեսնում ենք‘ փող չունե՞ս, արժանապատիվ մարդ չես: Մարդիկ չեն կարողանում երեխա պահել ու հրաժարվում են նրանից, ասում են‘ ինչ ուզում եք‘ արեք, չեմ ուզում, չեմ էլ ուզում տեսնել, որովհետեւ կնեղվեմ: Այսպիսի ծնողների թիվը մեծ է: Աղքատությունը մարդկանց հոգեպես է սպանում: Ուսուցիչներ կան, ովքեր բողոքում են, որ իրենց աշակերտներից ոմանք շատ շքեղ հագնված են դասի գալիս, իսկ երեխաներ էլ կան, որ ամաչում են գրատախտակի մոտ գնալուց, որովհետեւ հագուստը մաշված է, ու թեեւ դասը սովորած են դպրոց գալիս, բայց զգուշանում են ծաղրի ենթարկվելուց: Դեպքեր կան, երբ այդպիսի դպրոցականն ուսուցչին առաջարկել է տեղից պատասխանել, բայց նրան մերժել են եւ “2” նշանակել: 

Դրանով պետությունն իրեն զրկում է ապագայում մտածող մարդ ունենալուց:

-Իհարկե: Հասկանում ենք, որ պետությունը դեռ կայանում է, բայց 15 տարին մի քիչ շատ չի՞ դրա համար: Ասում են` տնտեսական երկնիշ աճ ենք գրանցում, բայց դա պետք է զգանք, չէ՞: Նկատի ունենանք, որ շատ մեծահասակներ արտագնա աշխատանքի են մեկնում, այնտեղ հարմարվում, նոր ընտանիք ստեղծում, իսկ այստեղ մնում են նրանց լքված երեխաները, որոնք մի կերպ գոյատեւում են “դրսի” մի 100-200 դոլարով` ապագայում նույնպես երկրից հեռանալու մտքով: 

Եզրակացնե՞նք, որ Ձեր ղեկավարած կազմակերպությունը շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է ուզում լուծել, քան զուտ երեխաների իրավունքները պաշտպանելն է:

-Այո, մեր առջեւ այն ամենն է, ինչն առնչվում է երեխային, ընտանիքին: Դրանք համակարգերին են վերաբերում: Որքան էլ տարօրինակ թվա, դատարաններում ոչ մի վճիռ հօգուտ երեխայի չի լինում: Բոլոր վճիռներն ի շահ ծնողի են: Իսկական խայտառակություն է: Ոչ մի դատավոր չի մտածում` այս երեխան ի՞նչ է շահելու: Օրենքն, օրինակ, սահմանում է, որ եթե ծնողը 6 ամիս չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ, ապա հնարավոր է նրա ծնողական իրավունքը կասեցնել: Վերջերս, մի կնոջ մայրական իրավունքից զրկեցին այն պատճառով, որ արդեն վաղուց ամուսնալուծված այդ կինը, որ միայնակ է մեծացրել իր երեխային, մեկնել է արտերկիր` փող վաստակելու, որպեսզի կարողանա փոքրիշատե տանելի պայմաններ ստեղծել երեխայի համար: Դատարանը որոշեց երեխային հանձնել հորը, այն հորը, որն այդ ընթացքում ընդամենը ալիմենտ էր վճարել…

Բարոյահոգեբանական առումով` ամենաքանդիչը, բարոյազրկողը մեր հեռուստաեթերն է: Խոսքը ոչ թե մասնավորի, այլ պետականի` “Հ1” եւ “Հ2”-ի մասին է: Դրանցով, զարմանալիորեն, մանկական հաղորդումները երթեր են հեռարձակվում այն ժամերին, երբ երեխաները դպրոցում են, իսկ երեկոյան, երբ նա պետք է հանգստանա, սերիալներ են ցուցա-դրում: Պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի դրանք երեխաների աչքից հեռու պահելը, հսկելը, որպեսզի անբարո վարքուբարքը մանուկների աչքով չընկնի: Դիտավորությո՞ւն է: Թող գիրք կարդալը քարոզեն, բնությանը վերաբերող կինոնկարներ ցուցադրեն, բայց էժանագին սերա՞լ… Հայկական լավ ֆիլմեր կան, այդ թվում‘ պատմական, թող դրանք ցուցադրեն, նորերը նկարահանեն, բայց գումարը Հայկոներին ու Մկոներին են տալիս: Մենք արդեն կորցրել ենք 90-ականների սերունդը, եւ այսպես շարունակելը տխուր հետեւանքով է հղի: Նկատի ունենանք, որ այժմյան երեխան շատ տարբեր է 10-20 տարի առաջվա երեխայից: Նրան, օրինակ, անկյուն չես կանգնեցնի, որովհետեւ չի ենթարկվելու, մնում է բացատրելը, գիտակցությանը հասցնելը, որը շատ ավելի դժվար գործ է այս պայմաններում: Ծնողը չի հասցնում, չի կարողանում, որովհետեւ հնարավորություն չունի, դրա համար էլ ասում եմ` հիմա դաստիարակողը դպրոցն է ու հեռուստատեսությունը: Տեսեք, թե ինչ լեզվով են խոսում մեր երեխաները, ուշադրություն դարձրեք նրանց վարքին. ամեն ինչ թելադրված է հեռուստաէկրանից, եւ այդ հեղեղի առաջն առնելու ցանկության նշույլներ կան միայն: Բարեբախտաբար երեխայի իրավունքը պաշտպանող ռազմավարական ծրագիրը կա, պետությունն սկսել է դպրոցները նորոգել, հայտարարել է, որ առաջնային բուժօգնությունն անվճար է (տեսանք‘ ինչպես) եւ այլն: Բայց անելիքը դեռ շատ-շատ է, իսկ ամենակարեւորը, արդեն ասացի, երեխաներին օգտակար գործով զբաղվելու հնարավորություն ընձեռելն է, որը կլինի պետության հաշվին, չի ծանրաբեռնի նրանց` առանց այն էլ մի կերպ գլուխը պահող ծնողներին: 

Տպագրության պատրաստեց Լիլիթ Պողոսյանը 

Խմբ. կողմից.- ԽՍՀՄ ղեկավարներն ի սկզբանե որդեգրել էին մի սկզբունք. երեխան պետք է այնպես դաստիարակվի ու կրթվի, որ պատրաստ լինի հանուն պետության եւ ԽՍՀՄ ժողովրդի զոհաբերել ամեն ինչ, անգամ‘ կյանքը: Բոլշեւիկյան կայսրությունը պետք է ոչ միայն գոյատեւեր, այլեւ “հասներ եւ անցներ” մյուսներին, դառնար ամենահզորը, տիրեր աշխարհին: Իսկ այդ հզորության հիմքում մարդն էր, ում հարկավոր էր դաստիարակել ու նպատակամղել: Մեր օրերում այդպես են անում, մասնավորապես, Միացյալ Նահանգները, Ճապոնիան: Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունն այդպես էլ չի գիտակցում, որ կրթահամակարգը, ընտանիքները քայքայելով` երկիրը դատապարտում է, առնվազն, չորեքթաթ գոյատեւելու: Այն ծրագրերը, որոնք, իբր, միտված են կենսամակարդակը բարելավելուն, ինչ-որ բան շտկելուն, ոչ միայն շատ են ուշացած, այլեւ այնքան վախվորած են, որ հավատ չեն ներշնչում, թե որեւէ բան կփոխվի: Ավելին, դրանք, հատկապես‘ ծրագրերը, թելադրված են արտերկրից, որտեղ մեր “բարեկամներն” անդուլ աշխատում են, իսկ նրանք թույլ չեն տա, որ Հայաստանը “հասնի եւ անցնի”: Ելքը մեկն է. կառավարությունն անհապաղ պետք է խոշոր միջոցներ հատկացնի կրթահամակարգն ազգային պետականության զորեղացմանը ծառայեցնելու համար նախատեսված ծրագրերին` ազգային հստակ գաղափարախոսությամբ: Բայց հայտնի է, որ, առանձին վերցրած, համակարգում արմատական փոխոխություն ձեռնարկելն անիմաստ գործ է, իսկ մեր քաղաքական վերնախավն ընդունակ չէ ընդգրկուն ու խորը վերափոխման: Նշանակում է` առաջիկայում վերը նշված երեւույթները միայն ավելի են տարածվելու` հանրության բեւեռացմանը զուգահեռ: 

“Լուսանցք” Թիվ 57,  9 -15 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: