Դարձյալ ոտնձգություն

by

Վիրահայերի նկատմամբ վըրաց իշխանությունն արդեն տասնամյակներ տեւող դաժան պատերազմ է մղում, որն անցել է բարոյականության բոլոր սահմանները: Բայց սանձարձակությունն աստիճանաբար մեծանում է՝ վտանգելով մեր ինքնությունը: Կարծում ենք` պատճառը հենց մեզանում առկա կարծրատիպերն ու բարդույթներն են: Այդ կարծրատիպերից է նաեւ վրացական գործոնի եւ հոգեկերտվածքի սխալ ու հիվանդագին ընկալումը, որը լրացվում է օտարահաճությամբ, դյուրահավատությամբ: Այս իմաստով` խիստ արդիական եւ սթափեցնող է հնչում Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Ա. Աղբաթանեցու (607-615թթ.) շրջաբերականը, որը հայերին արգելում էր վրացիների հետ որեւէ հարաբերություն, բացառությամբ առեւտուրը: 

Այնպես որ, բոլորովին պատահական չէ Վրաստանի հայկական եկեղեցիների զավթումը կամ ոչնչացումն ամբողջ երկրով մեկ: Դա վերաբերում է նաեւ Թիֆլիսի հայկական կառույցներին, այդ թվում` Նորաշենի սբ. Աստվածածին եկեղեցուն (նկարում), որը վրացականացման հերթական զոհն է դառնում (պատմական վավերագրերով, 1804թ. Թիֆլիսում եղել է հայկական 35 եկեղեցի):

Հակահայկական քաղաքանականությունն առավել նպատակասլաց բնույթ ստացավ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության տարիներին (1918-21թթ.), մենշեւիկների օրոք եւ խորհրդային շրջանում` տխրահռչակ Լ. Բերիայի իշխանության տարիներին: Թիֆլիսի հայ մտավորականությունը բազմիցս է ենթարկվել բռնության ու հալածանքի: Այդ ամենի հետեւանքը Հայաստանի կրած մարդկային, նյութական ու բարոյական զգալի կորուստներն են: 

Առաջին հարվածը Նորաշենի հիշյալ եկեղեցին 1925թ. ստացավ, երբ քաղաքը բարեկարգելու պատրվակով ցանկանում էին այն քանդել: Բարեբախտաբար, այդ հրեշավոր ծրագիրը չիրագործվեց:

Սակայն… Դեռեւս 1980-90-ականներին որոշում կայացվեց այն վրացականացնել` վերացնելով հայոց բոլոր հետքերը: Քանդեցին եկեղեցու հյուսիսային մուտքը` հայերեն արձանագրությամբ: Շինության բակում ամփոփված էին հայոց անվանի մեծահարուստների, հոգեւորականների եւ այլ գործիչների աճյունները` Թամամշեւների, Փրիդոնովների, Շաքարյանների, Տեր-Մովսիսյանների եւ այլոց:

Իշխանություններն այս գերեզմաններն ասֆալտով ծածկեցին, բացի այդ, պոկեցին կառույցի արեւմտյան պատին եղած` Թամամշեւների տոհմական մատուռում պատին ագուցված Լիդիա Թամամշեւայի բրոնզե բարձրաքանդակը: 

Այն էլ ասենք, որ Նորաշենի եկեղեցին հոգեւոր-կրթական համբավավոր կենտրոն էր. բակում եկեղեցական-ծխական դպրոցն էր` երկհարկանի շենքով (խորհրդային բռնապետության տարիներին հողին հավասարեցվեց): Այս շինությունում էր բնակվում մանկական երգահան Ազատ Մանուկյանը, ով նաեւ երաժշտություն էր դասավանդում: Եկեղեցին երկար ժամանակ վերածել էին գրադարանի, ապա` Վրաստանի ԳԱ գրապահոցի, որը խորհրդային իրականությանը շատ բնորոշ էր: Հիմնական նպատակը հայերին այդ ժառանգությունը տնօրինելու հնարավորությունից զրկելն էր: 

Նորաշենի առիթով կրքերը գագաթնակետին հասան 1994-95թթ., երբ հուշարձանն ավերելու ջանքերը շարունակվեցին` ավելի այլանդակ ձեւեր ստանալով: Այդ ժամանակվանից եկեղեցին վրացականացնելու գործին ձեռնամուխ է լինում քահանա հայր Տարիելը: Նա դիվային եռանդով ոչնչացնում է հայերեն մի շարք արձանագրություններ, ինչպես նաեւ հռչակավոր նկարիչներ Հովնաթան, Մկրտում, Հակոբ Հովնաթանյանների եւ Միրզոյանի որմնանկարները, խորանը, բեմը, մկրտության ավազանը եւ այլն: Այս եղեռնագործությունն արդարացնելու համար բերում են իրենց “փաստարկները”, “հիմնավորումները”: Շրջանառվում է այն տեսակետը, թե, իբր, վրացիներն են կառուցել եկեղեցիները եւ ապա վաճառել հայերին: Նրանց համար գոյություն չունեն կոթողների ազգային պատկանելությունը հավաստող պատմական վավերագրերը, ճարտարապետական հատկանիշները, վիմագրերը եւ հայազգի հանգուցյալները: Ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք հորջորջվող Իլյա 2-րդը 1992թ. լպիրշ հայտարարություն արեց. “Վրաստանի տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, առավելեւս` կրոնականները, Վրաստանի պետության եւ վրաց ուղղափառ եկեղեցու սեփականությունն են”: Սա իրականում ավերելու եւ յուրացնելու բացահայտ ազդակ էր: 

Հայոց եկեղեցիների ճակատագիրը որոշելու գործում վճռորոշ եղավ մեկ հանգամանք: Վրաստանի նախագահ Զ. Գամսախուրդիան եկեղեցական բոլոր շինությունները, անկախ կրոնական, ազգային պատկանելությունից, հանեց Կրոնի գործերի խորհրդի իրավասությունից եւ հանձնեց վրաց ուղղափառ եկեղեցուն` պետականորեն հովանավորելով դրանք վրացականացնելու ընթացքը: Այսինքն` միտումնավոր չի լուծվում վիրահայ եկեղեցիների իրավական կարգավիճակի խնդիրը:

Ազգային ահաբեկության եւ թշնամանքի մթնոլորտում, 1995թ. փետրվարի 15-ին հիշյալ եկեղեցին օծվում է որպես վրացական Խարեբա (Ավետման) եկեղեցի: Սա լցրեց թիֆլիսահայերի համբերության բաժակը, եւ նրանք ընդվզեցին: Վերջապես խոսեց ազգային հպարտությունը, Թիֆլիսի ու հուշարձանի տերը լինելու գիտակցությունը: Վրաց իշխանության համար դա այնքան անսպասելի էր, որ սկսեց տեղի տալ ճնշմանը: Եկեղեցու բանալին հանձնեցին հայերին: 

Նշենք, որ այս առիթով վերջապես միջամտեց նաեւ հայ առաքելական եկեղեցին եւ պատվիրակություն ուղարկեց Թիֆլիս: Գործին միջամտեց նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Սակայն այդ ջանքերը ոչ մի հետեւանք չթողեցին, քանզի նպատակային ու վճռական չէին: Մեր ուխտադրուժ հարեւանին ճանաչելու կամք, ինչպես նաեւ գործողությունների մշակված ծրագիր չկա:

Արձանագրենք նաեւ, որ վրացական ֆաշիզմը սպառնում է նաեւ այդ երկրի մյուս ազգերին: Արդեն վրացականացվել են հունական, ռուսական, կաթոլիկ բազմաթիվ եկեղեցիներ. անգամ Վատիկանի միջամտությունն անտեսվեց: 

Վիրահայերի մշակութային ժառանգությունը յուրացնելու եւ ոչնչացնելու մղողը հիմնականում Էջմիածնի եւ Երեւանի անհասկանալի անտարբերությունն է, անսիրտ անհոգությունը: 

Օրերս տագնապալի լուր ստացանք Թիֆլիսից: Հակահայկական քայլերով աչքի ընկած հայր Տարիելն այժմ էլ պարսպապատում է Նորաշենի եկեղեցին, վրան էլ կանգնեցրել է վրացական խաչ` ի նշան փաստացի սեփականացնելու: Դրան, ըստ երեւույթին, հետեւելու են հայկական մյուս հետքերը վերջնականապես ոչնչացնելու նոր փորձերը: Բայց վիրահայերը հակված չեն զիջելու եւ պատրաստ են պայքարի: Իսկ թե ինչ արձագանք կգա Հայաստանի իշխանությունից` հայտնի չէ: Չնայած վիրահայոց թեմը պաշտոնապես պահանջել է թիֆլիսահայերին տրամադրել հայոց 6 եկեղեցի, այդ թվում` Նորաշենի սբ. Աստվածածինը: 

Ատոմ Կարինյան 

“Լուսանցք” Թիվ 58,  16 -22 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: