Հայոց վերածննդի ոլորաններում

by

Հայաստանի վերածնունդը նախ եւ առաջ

Հոգեւո՛ր Հայաստանի վերածնունդն է:

Բոլոր իշխանություններն էլ տիրելով պետական լծակներին՝ փորձում են իրենց տեսլականի շրջանակներում հզորացնել Հայաստանը, սակայն, ցավոք, ո՛չ նրանք, ո՛չ էլ հանրությունը դեռեւս լավ չեն ընկալում հոգեւոր-մշակութային վերածննդի հիմնախնդիրը:  

Հատկապես ազգային եզակի առանձնահատկությունների վերլուծությունն ու կիրառումը պիտի դառնան Նոր Հայաստանի առջեւ ծառացած հարցերի ու արժեքների լուծման եւ հաստատման կարեւորագույն փուլը վերածննդի նախնական գործընթացում: Իր արարչական ճակատագրով, ինքնատիպ ազգային հատկանիշների վերածննդով Հայաստանը կկատարի նաեւ համամարդկային ու համաշխարհային դերակատարում՝ իր աստվածաշնորհ կնիքը դնելով քաղաքակրթության հետագա զարգացման նոր ուղղության եւ հիմնախնդիրների ելքերի որոշման գործում: 

Հոգեւոր-մշակութային եւ գաղափա-իմաստասիրական շերտերի վերարտադրումը միա՛յն մեզանում կհանգեցնի ծավալվող իրադարձությունների նոր ըմբռնողության՝ միեւնույն ժամանակ հաստատուն խարսխված լինելով մեր արմատ-ակունքներին, որից էլ պիտի սնվի անվերջ ու մաքրամաքուր: Հայաստանի զարթոնքի ու վերելքի ճանապարհը հոգեւոր հեղափոխությունն է, որի էությունը ներկայիս մտածողության (գիտակցության) փոփոխումն է՝ ազգայնականացումը՝ հայացումը… 

Եվ ահա, այստեղ էլ առաջ են գալիս ավանդական մի շարք հարցեր՝ “ինչու՞ է այսպես” եւ “ո՞վ է մեղավոր”, “ո՞րն է ելքը” կամ “ի՞նչ անել”, որոնց միշտ էլ կարողացել է պատասխանել հայ ազգը, որի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ միշտ կարողացել է կերտել Նոր Հայաստանի կերպարը հավիտենարժեք հայրենիքի գաղափարով համեմված՝ այն հաստատելով ավանդական ազգային էության ու բարոյականության ըմբռնմամբ: Ընդ որում, բարոյականություն-էթիկան պիտի դառնա “Նոր Հայաստանի” եւ “Ապագա Հայաստանի” պետական կենսակերպը: 

Նոր Հայաստանի, որը նաեւ հայ ազգի դերակատարումներից մեկն է, համաշխարհային հավասարակշռության պահպանմանը պարտադիր մասնակցելն է: Անկասկած, հայությունն իր մեծ լուման ունի ամբողջ մարդկության համամոլորակային հակասությունների վերացման գործում՝ ըստ իր արարչական առաքելության: Հայաստանը եղել է, կա եւ կլինի արդարամիտ, առաքինի մարդկանց եւ նվիրյալ սխրագործների երկիր: Այս բնորոշիչների այսօրվա հակաերեւույթներն անցողիկ են: Հայոց հնագույն արարչաիմացության, իմաստնության, ողջախոհության, քաջության ու բարեպաշտության բնատուր կարողությունները սպասում են հայի վերազարթոնքին: Սրանք են լինելու արդեն վերածնված հայի հոգեւոր-մշակութային վերածննդի հիմնատարրերը: Սրանք են դառնալու ազգի զարգացման եւ հարատեւման ապագայի հիմնաքարերը: Վերածնված Հայաստանը եռանդուն պիտի մասնակցի մոլորակի քաղաքակրթության նոր կերպի ձեւավորման գործընթացին՝ ղեկավարվելով ինչպես ազգային, այնպես էլ՝ համերկրային նպատակներով: Այն է՝ բնականոն (էվոլյուցիոն) զարգացման եւ առաջադիմական (ռեվոլյուցիոն) աշխարհաքաղաքականության հարմոնիկ-համադրելի ապահովումը: Հայ ազգի լավագույն հատկանիշները, մասնավորապես՝ առաքինությունն ու վեհությունը, քաջագործությունն ու բարեպաշտությունը, համբերատարությունն ու հանդուրժողականությունը, իմաստնությունն ու նվիրաբերությունը պիտի դառնան մեր առաքելության առանցքային ուղղությունները, որոնք միանշանակ համապատասխանում են մարդկության ապագայի տեսլականին: 

Հայաստանն աշխարհում իր ուրույն տեղն ունի հոգեւոր-գաղափարական, տնտեսական, ռազմա-քաղաքական, կրթա-մշակութային եւ այլ համակարգերի ստեղծման գործում: Պարզապես ամեն բան այսօր վերանայման ու վերազինման կարիք ունի: Նոր Հայաստանում պիտի ստեղծվեն համակարգեր, որոնք կողմնորոշված են ազգայինից դեպի համամարդկային, իսկ այդ նպատակին հնարավոր չէ հասնել առանց անհատի՝ մարդու ինքնավերափոխման: Հայաստանում ապրող մարդը պիտի դեմք ունենա, Հայկական լեռնաշխարհի բնիկը պիտի հայի դեմք ու հոգի ունենա, որ իր հայրենիքն էլ հայակերտվի նորովի ու երկիրն էլ հայաբնույթ լինի… 

Հակառակ դեպքում մոտեցող աղետի վերացման բոլոր փորձերը՝ մարդկության ու մոլորակի վերափոխումների ճանապարհին, կլինեն ապարդյուն, մարդկային “էգո”-ների եւ դրանց սպառումն իրականացնողների նեղ նկրտումային պատճառներով: 

Հայ ազգը, Հայոց պետությունը իր հոգեւոր-մշակութային արժեքների անվերապահ պաշտպանը պիտի դառնա: Մեր հոգե(ոգե)-գաղափարական ընկալման մի նոր փորձություն է այսօր: Հայ ազգը պատմության թատերաբեմից անհետացած հնագույն ազգերից տարբերվում է հենց այն բանով, որ որպես գոյության գլխավոր արժեք ընդունել է հոգեւոր կյանքը՝ նյութական հայրենիքի (Հայկական լեռնաշխարհի) հետ հավասարապես կարեւորելով նաեւ հոգեւոր հայրենիքը (Հայ Աստվածների երկիրը): 

Ուստի, միայն Հայոց հավատքի վերածնունդն է ապահովելու հոգեւոր Հայաստանի վերազարթոնքը, ուրեմն եւ՝ հզոր Հայաստանի վերակերտումը: Հայ Աստվածների վերադարձով է պայմանավորված Տիեզերքի Արարչի բարեհաճությունը հայության հանդեպ: 

Իսկ այսօր մի նոր խաչակրաց արշավանքով են ուզում Նոր Հայաստան կերտել… 2-րդ խաչակրաց արշավանքին (էլի պետական հովանավորությամբ + նաեւ համաշխարհային էկումենիկ շարժման աջակցությունը)՝ հուդա-քրիստոնեական հոգեւոր ջարդարարությանը, գուցե եւ դիմանա հայությունը, բայց հանուն ինչի՞ եւ ու՞մ… Հանուն լուսավորչականության տակ թաքնված նոր խավարչականությա՞ն:

Ամեն դեպքում, հայ արիներն ի լուր հայության եւ աշխարհի հայտարարել են՝ Հայ Աստվածները վերադառնում են դեպ մեր հոգիները, անկախ որոշ գլխաքանակի ուզել-չուզելուց կամ ոմանց եհովապաշտական ժրաջան աղոթքներից, եւ շուտով բոլորս ենք զգալու Արարչի բարեհաճությունը եւ Հին Աստվածների օրհնությունը՝ Հայի ու Հայքի վերածննդի ոլորաններում… 

Հայկ Թորգոմյան 

 “Լուսանցք” Թիվ 60, 30 մայիսի — 5 հունիսի, 2008թ..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: