լեզվաքաղաքական թեմաներն ամփոփելու նկատառումով

by

Անուրված ձգտումների երկրում 

“Մեկնաբանի սրահ”-ում վերջին ամիսներին հյուրընկալեցինք ազգային փոքրամասնությունների պատասխանատուների, հայ պաշտոնյաների ու հասարակական կառույցների ղեկավարների, հրապարակեցինք նրանց տեսակետները լեզվակրթական արդի խնդիրների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում միասնական՝ պետականորեն, ապագային միտված հայանպաստ քաղաքականություն չի իրագործվում: Այս հանգամանքը չի խանգարում, որ համահայկական բնույթի գաղափարներ շրջանառվեն, որոնց հեղինակները ասպարեզն օտարների տնօրինությանը թողած գործիչներն են: Համոզվեցինք, որ այստեղ եւս նույն պատեհապաշտական, օտարամոլական գործելաոճն է, ինչ մյուս ասպարեզներում, ավելին՝ կտեսնենք, որ վերջիններս ածանցյալ են: 

Մենք վստահ էինք, որ ռուսական, հրեական համայնքները միանշանակ կողմ են, որ ռուսերենին մեր երկրում հայերենին զուգահեռ պետական կարգավիճակ տրվի, այսինքն, այն դառնա պետական երկրորդ լեզու: Այդ ցանկությունը նրանք պատճառաբանում են հետեւյալ կերպ. ավանդաբար (նկատի ունեն կայսրության շրջանը) ռուսերենը եղել է Հայաստանի կրթադաստիարակչական հիմնական լեզուն, դրանով գիտական ու գեղարվեստական մեծ գրականություն է ստեղծվել, բացի այդ, այստեղ բոլորը գիտեն այն, ինչը հնարավորություն է տալիս ազատորեն շփվել ՌԴ-ում, հաղորդակցվել աշխարհին: 

Իսկապես, ռուսական տիրապետության տարիներին ամեն ինչ արվեց Հայաստանում հայկական շունչը մարելու համար (հիշենք, թե ցարական կառավարությունն ինչ հետեւողականությամբ էր փակում հայկական դպրոցները, հալածում ազգը լուսավորել ձգտող անձանց), իսկ խորհրդային տարիներին, որից այդպես կառչած է ռուսալեզու մասսան, հայերենը կարողացան դարձնել կենցաղային-փողոցային լեզու: ՀԽՍՀ-ում պետական պաշտոններ էին տալիս հիմնականում ռուսական կրթություն ստացածներին: Փաստորեն, այն տարիներին գիտության ու կրթության լեզուն ռուսերենն էր (անգամ հայոց լեզվից թեզերը պաշտպանվում էին ռուսերեն), համաշխարհային գիտական ու գրական ամբողջ հարստությանը մենք հաղորդակցվում էինք ռուսերենով կամ դրա թարգմանվածը հայերենի վերածելով (լեզվական շեշտված թերություններով, ինչը բնորոշ է թարգմանությունների հիմնական մասին): 

Զուտ տեղեկատվական-ճանաչողական ասպարեզն օտար լեզվին (իմա` օտարին) հանձնելով` ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ հայ իրականությունը բախվել է շատ ավելի էական խութերի: Ռուսալեզու մասսան բոլոր հիմքերն ունի անկախ երկրին պարտադրելու ռուսերենը, որովհետեւ դա հիմա էլ մեր կրթական, գիտական, կառավարման, արտաքին շփումների հիմնական լեզուն է դեռ (այս “դեռը” ինչպես կտեսնենք, հայերենի օգտին չէ): Պատճառն, իհարկե, անցյալում է, սակայն օտարալեզու հայ մարդու տեսակը որոշակի ուժեր կարողացան վերատադրել պետականություն ձեռք բերելուց հետո եւս: Ավելին, մեր օրերում ՀՀ կրթական ամբողջ համակարգը (նախադպրոցականից սկսած) դաստիարակում է այնպիսի սերունդ, որը հիմնականում նախատեսված է համաշխարհային շուկայի ուղեղային սպառման պահանջարկը բավարարելու համար: Բայց այս վերջին հանգամանքը հարուցեց Մոսկվայի բարկությունը, որովհետեւ այնտեղ Հայաստանը համարում են իրենց վասալը, անկամ կամակատարը (փաստերին չենք անդրադառնա, քանի որ դրանք ամեն քայլափոխի են): Այն բանից հետո, երբ Ադրբեջանը եւս հրաժարվեց կիրիլիցայից կամ, այսպես կոչված, ռուսական տառերից, կրթության եւ գիտության ոլորտում կտրուկ անցավ հարազատ թուրքական ոլորտ, ռուսական միակ կղզյակը մնաց Հայաստանը (վրացիք միշտ էլ հարգել են իրենց լեզուն), որն էլ պետք է անմնացորդ կատարի ռուսաստանյան ամեն ինչի առաջամարտիկի դերը` անգամ սեփական անվտանգությունն արհամարհելու գնով: Ահա թե ինչու, ԱԺ-ում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են ռուսերենին պետական կարգավիճակ տվող օրինագծեր, որոնք հարմար պահի, այսինքն` ամենաթույլ դիմադրության փուլում կհաստատվեն: 

Բայց ստիպված ենք արձանագրել, որ անկախանալուց ի վեր, մեր երկրում ազատորեն մրցակցում են օտար այնպիսի լեզուներ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն), որոնցից յուրաքանչյուրն իրական սպառնալիք է հայերենին: Մեր “բարեկամ” (ու ոչ այնքան) երկրները կամ դրանց խմբերն ամեն ինչ անում են Հայաստանում գերակշիռ դիրքի հասնելու‘համար՝ ընտրելով ամենակարճ ու քիչ ծախսատար` լեզվամշակութային խաղաղ գաղութացման ուղին: Բայց չէ՞ որ այստեղ ռուսերենն էր արմատավորված` դրա կողմնակիցների հսկա բանակով: Արեւմուտքի ռազմավարները կարճատես կլինեին, եթե չօգտվեին անգամ այդ` առաջին հայացքից աննպաստ հանգամանքից: Իմանալով, որ օտարամոլությունը ՀՀ-ում պետական մակարդակի է, նրանք ոչ թե փորձեցին ռուսերենը դուրս մղել, այլ՝ օգտվեցին իրավիճակից եւ, հենց ռուսերենի գործոնը շահարկելով, ներդրվեցին ու տարածվեցին. եթե տան դուռը կրնկի վրա բաց է մեկի համար, ապա տանտերը կհամարձակվի՞, կկարողանա՞ այն փակել մյուսների առաջ, որոնք իրականում շատ ավելի զորեղ են առաջինից: Թե ո՞վ կհաղթի այդ անտեսանելի, բայց կատաղի պատերազմում, մեզ այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ տուժողն է հայտնի: 

2007թ. մարտին մեր թերթում “Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը” հանդես եկավ լեզվակրթական համակարգում արմատական փոփոխություն անելու առաջարկով (“Լուսանցք” թիվ 1, “Օտարինը` օտարին, մերը` մեզ”), որտեղ խոր մտահոգություն կար մեր երկիրն օտար տերությունների լեզվամշակութային, կրթական մրցակցության ասպարեզ դարձնելու, հայերենի իրավունքները բացահայտորեն ոտնահարելու առումով: Արձագանք չեղավ եւ, ճիշտն ասած, չէր էլ ակնկալվում. աշխարհի գլոբալացմանը գործնականում երկու ձեռքով կողմ երեւի միակ ազգային երկրի կառավարիչների խնդիրը բոլորովին այլ է: 

Մանկապարտեզից սկսած` շարունակվում է հայերենի հաշվին օտար լեզուների խորացված ուսուցանումը, ամեն ինչ արվում է Հայաստանը բազմալեզու, բազմամշակույթ աշխարհաքաղաքացիների բնակավայրի վերածելու ծրագիրն իրագործելու համար: Դրան կասկածողները թող դուրս գան մեր քաղաքների փողոցներ, դիտեն մեր հեռուստառադիոընկերությունների հաղորդումները, կարդան թերթերը, հետեւեն տպագիր ու եթերի գովազդին, ունկնդրեն պաշտոնյաների խոսքը… Անտեղյակ մարդը կկարծի, թե հայտնվել է մի երկրում, որտեղ բնակչության մի 20%-ն է հայ: 

Վերը նշեցինք, թե ովքեր են օտար լեզվին հայերենին զուգահեռ պետական կարգավիճակ տալու ջատագովները, սակայն նրանց պետք է գումարել նաեւ ասորիներին, որոնք ամեն ինչ անում են ռուսական նոր դպրոցներ բացելու եւ այնտեղ խցկվելու համար, իսկ այդ դպրոցների սովորողների հիմնական մասը հայեր են կամ հատուկ այդ նպատակի համար ազգությունը փոխածներ:

Տեսականորեն հնարավոր է, որ հայերենի հակառակորդների բանակը համալրվի նաեւ ազգային այլ փոքրամասնություններով, որոնք հիմա դեռ հակառակն են պնդում: Բանն այն է, որ եթե վերջիններս համոզվեն, որ հայերենն անհեռանկարային լեզու է (իսկ այդ գործընթացն ավարտական փուլ է թեւակոխել), ապա բացեիբաց կասեն մտքում պահածը եւ նույնպես գործի կանցնեն (նրանց մտավորականներից մեկը, իբր, կատակով, ասաց. “Հայերենը վերջանում է Սադախլոում”): Այս վերջին հանգամանքին նպաստող բազմաթիվ գործոններից առանձնացնենք մի քանիսը: Մեր երկրում աշխատանքի ընդունելիս հաշվի են առնում հիմնականում օտար լեզուների իմացությունը. առանց դրա մարդը Հայաստանում դատապարտված է: Պետականորեն դեռ քննարկվող “Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը”, որը պետք է դառնար ՏՏ ոլորտում հայերենը ներդնելու հիմնական ծրագրերից մեկը, անտեսում է խնդիրը՝ հայոց լեզուն վերջնականապես զրկելով տեղեկատվական լեզու դառնալու հնարավորությունից, մինչդեռ հայտնի է, որ ՏՏ ոլորտ չներառված լեզուն հաստատապես վերանալու է կարճ ժամանակ անց: Հիշեցնենք նաեւ, որ ցանկության պարագայում հնարավոր է փոխել Սահմանադրության 12-րդ հոդվածը, որը հայերենը հռչակում է պետական լեզու (Սահմանադրության 114-րդ հոդվածն ամրագրել է. “Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն”): Մեր պետությունը ոչինչ չի անում արտերկրում, թեկուզեւ՝ հայերի շրջանում, հայերենի դիրքերն ամրապնդելու համար, ընդհակառակը, մեր պաշտոնյաները նրանց հետ շփվելիս ցուցադրում են իրենց օտար լեզուների իմացությունը, իսկ միջպետական պաշտոնական հանդիպումներում ամաչում են հայերեն գործածել, թեեւ դա օրենքի պահանջ է: Հայաստանն ընդունել է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիան, ըստ որի, ազգային փոքրամասնությանն իրավունք է վերապահվում պետական կամ այլ ատյաններ դիմել իր լեզվով եւ նույն լեզվով էլ պատասխան ստանալ, պահանջել իր լեզվով հաղորդակցվող բժիշկ, դատավոր եւ այլն: Թվարկելը շատ տեղ ու ժամանակ կխլի, հավելենք միայն, որ հայերենից օտարացնելու լավագույն ձեւերից մեկն էլ պետականորեն անորակ դասագրքեր, բուհական ձեռնարկներ տպագրելն ու պարտադրելն է: Սա ընդհանրապես մայրենի` պետական լեզվից սովորողին զզվեցնելու ամենակարճ ուղին է. երեխան (ուսանողը, ապագա գիտնականը) ձեռքն է առնում սխալաշատ, անիմաստություն տարածող մտքերով լի հայերեն ձեռնարկը, որը հասկանալու համար թարգմանիչ է անհրաժեշտ եւ հետո` օտար լեզվով հանձնարարվածը, որտեղ ամեն ինչ գրված, բացատրված է՝ հաշվի առնելով ընթերցողի կարգավիճակը (այս խնդրին մասնագիտորեն կանդրադառնանք առաջիկայում)… 

Գուցե տպավորություն ստեղծվի, թե հակված ենք իրավիճակը ներկայացնել սեւ գույնով: Բայց սրանք փաստեր են, այն էլ՝ եղածի փոքր մասը, գործոններ են, որոնց ուղղակի ազդեցությամբ մեր երկիրն աստիճանաբար վերածվեց օտարների տնտեսական կցորդի` զրկվելով պետականորեն ազգային խնդիրները լուծելուն հետամուտ ծրագրեր իրագործելու հնարավորությունից:

Հարափոփոխ, անձնական ու խմբային նեղ շահերով առաջնորդվող աշխարհում արժանապատվորեն գոյատեւելու համար մեր պետությունը շատ լուրջ լծակներ ունի, որոնցից մեկը ազգային միատարրությունն է՝ մտավոր մեծ ներուժով: Հայտնի է, որ կարեւորը երկրի մեծությունը չէ, այլ՝ ամրությունը՝ ծավալվելու իրական հիմքը: Մեր օրերում այս պարզ ճշմարտությունը չեն գիտակցում կամ չեն ուզում հասկանալ հենց նրանք, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են երկիրն ու ազգը համախմբելու, կայուն ապագայի հիմքեր դնելու համար: Պատճառը հայտնի է, իսկ հետեւանքից խուսափելու հնարավորություն դեռ կա: 

Սուրեն Գեղամյան 

 “Լուսանցք” Թիվ 60, 30 մայիսի — 5 հունիսի, 2008թ..

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: