1.Աստվածները Հայր Արայից բխող Գերագույն Խորհուրդներ են՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ — Վ-ԱԾ /պահել/՝ Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող:
2.Եվ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որեւէ Գերագույն Խորհուրդ՝ Սիրո, Զորության, Իմաստության, Արդարադատության, Ողջախոհության, Հյուրընկալության եւ այլն:
3.Եվ Աստվածները ինչ-որ վերացական, գերբնական կամ երեւակայական հասկացություն չեն. նրանք բնական կենդանի Տեսակ են, որ ապրում են նույն օրինաչափությամբ, ինչ եւ մյուս բնական Տեսակները:
4.Արարիչը եւ՛ Հուր է, եւ՛ Օդ, եւ՛ Ջուր, եւ՛ Հող: Եվ ամբողջ Բնությունն է արարչական այդ չորս տարրերի համակցություն:
5.Հուրն ու Օդը Արարչի հոգեւոր, զգացական զորություններն են, իսկ Հողն ու Ջուրը՝ նյութական: Եվ այդ բոլորը ամենաբազմազան հարաբերակցությամբ արտահայտվում են Բնության ամենաբազմազան Տեսակների մեջ՝ ստորինից մինչեւ ամենաբարձրը:
6.Եվ թե քարը ամենաստորին Տեսակն է, ուր բացարձակ գերազանցում է Հողի տարրը եւ չեն նկատվում մյուս տարրերը, ապա Աստվածները ամենաբարձր կենդանի Տեսակն են, որոնց մեջ Հուրի եւ Օդի տարրերն են բացարձակ գերազանցում, իսկ Հողի եւ Ջրի տարրերը հասնում են նվազագույնի:
7.Եվ Աստվածների մեջ շատ բարձր է զգացական, լիցքային որակը եւ շատ նվազ է նյութական որակը: Եվ այդ գերհզոր Աստվածներին մարդը պարզապես ի վիճակի չէ տեսնելու:
8.Աստվածները անտեսանելի են, բայց գերհզոր են եւ կարող են ներգործել բնական բոլոր Տեսակների վրա, նաեւ՝ մարդու:
9.Բայց Հայր Արայի կամքով Բնության Տեսակների միջեւ խիստ ընդգծված անջրպետ գոյություն չունի, եւ երկու իրարից հեռու Տեսակների արանքում միշտ միջանկյալ Տեսակներ կան:
10.Եվ Աստվածների ու մարդկանց միջեւ անջրպետը շատ խոր կլիներ, եթե չլինեին Աստվածամարդիկ:
11.Եվ որպես Աստվածների ու մարդկանց միջեւ միջանկյալ Տեսակ, Արարիչը արարել է Աստվածամարդուն:
12.Եվ Հայր Արայից արարված Հէգ Արիի սերունդները, որ կոչվում են Հայք կամ Արմեն, որպես աստվածամարդիկ, միջանկյալ Տեսակ են Աստվածների ու մարդկանց միջեւ, իրենց մեջ կրելով եւ՛ աստվածայինը, եւ՛ մարդկայինը:
13.Աստվածները նույնպես բնական էակներ են եւ իրենց մեջ, թեկուզ նվազագույն չափով, բայց ունեն Հողի ու Ջրի տարրեր եւ, այնուամենայնիվ, Աստվածներն ունեն որոշակի կերպարանք եւ այնքան էլ անտեսանելի չեն, գոնե Արիների համար:
14.Եվ միայն Արիները կարող են տեսնել Աստվածներին, միայն Արիները կարող են հարաբերվել նրանց հետ, քանզի իրենք աստվածամարդիկ են, միեւնույն ծագումը ունեն եւ որակապես շատ մոտ են Աստվածներին:
15.Իսկ հողածին Տիտանները որակապես շատ հեռու են Աստվածներից եւ միայն կրում են Աստվածների միակողմանի ներգործությունն իրենց վրա, առանց փոխադարձ հարաբերության: Եվ Տիտանները չեն ճանաչում Աստվածներին: Նրանք միայն զգում են ինչ-որ ներգործող մի Ուժ. եւ այդ ներգործող Ուժի համար մի կուռք են ստեղծում ու երկրպագում նրան:
16.Եվ Արիների հնագույն նախնիները, որ բնական էին, որ զգում էին Հայր Արային եւ զգում էին իրենց որպես Արորդի, տեսնում էին Աստվածներին եւ հարաբերվում էին նրանց հետ:
17.Ամեն մի Աստված՝ Արայի որդի, ամեն մի Աստված՝ լուսեղեն ոգի, ամեն մի Աստված՝ եթերային ուժ, ամեն մի Աստված՝ անմահ զորություն, ամեն մի Աստված՝ գերագույն խորհուրդ…
Հատվածներ “Ուխտագիրք Արորդյաց“
“Լուսանցք” Թիվ 61, 6 — 12 հունիսի, 2008թ.
Թողնել պատասխան