Ազգային Մտքի եւ Հավատքի Զորություն Մտավորականություն

by

1.Ո՜վ, Արորդի՛ — անարժեք է քո ամբողջ մշակույթը, եթե դա Ցեղի Ոգու ինքնահայտնությունը չէ, եթե նրա մեջ Ազգիդ Ոգին չի ճառագում: Այդպես է պատգամում Վահագնը: 

2.Մտավորականությունը Ազգի մտավոր առաջնորդն է՝ նրա գլուխն է, նրա ուղեղն է, միտքն ու հոգին է: 

3.Վա՜յ այն Ազգին, որի համար գլուխ են շինում չարարող գիտուններով — Ազգը կխարխափի աներեւակայելի բթության մեջ: Ազգին գլուխ շինել չի լինի. Ազգը պարզապես գլուխ պիտի ունենա: 

4.Վա՜յ այն Ազգին, որի Ուղեղը վնասված է կամ թերզարգացած — Ազգի բոլոր մասերը, անկանոն շարժումներ կանեն: 

5.Վա՜յ այն Ազգին, որի Միտքը Ցեղայնությունից չի սնվում — Ազգի սերունդները անինքնաճանաչ կլինեն: 

6.Վա՜յ այն Ազգին, որի Հոգին Ցեղային Ոգու արտահայտիչը չէ — Ազգի սերունդները կխարխափեն հոգեւոր թմրության մեջ: 

7.Ինչպիսին Ազգի մտավորականությունն է — այնպիսին է Ազգը: Նա է Ցեղի որակները Ազգի սերունդներին փոխանցում. նա է ազգային ոգու կերտողը սերունդների մեջ. նա է Ազգի սերունդների միջեւ հոգեւոր կապը հաստատում: 

8.Ազգի մտավորականությունն է չափանիշը Ազգի իմաստության, ոգու, ինքնակառավարման կարողության: 

9.Ազգային մտավորականությունն այն արգանդն է, որից ծնվում են Ազգի առաջնորդները, զորավարները, գիտնականները, քուրմերը… 

10.Վա՜յ այն Ազգին, որի մտավորականները իմաստուն չեն — նրանք միայն չարիք կսերմանեն Ազգի մեջ: 

11.Գիտուն լինել — դեռ չի նշանակում լինել իմաստուն: Գիտությունը իմացություն է, իմաստությունը՝ զգացողության շնորհ: Իմաստությունը արարելու հոգեւոր որակն է, իսկ գիտությունը՝ արարելու իմացական պայմանը: 

12.Առանց հոգեւոր իմաստության գիտուն մտավորականը չարիքներ է ծնում՝ անպետք օրենքներ է հանում, անօգուտ դատեր է վարում, հիվանդին մահով է բուժում, անտաղանդ բանաստեղծ է դառնում, ապաշնորհ առաջնորդ… 

13.Առանց հոգեւոր իմաստության գիտուն մտավորականը Ազգի մեջ սերմանում է ամբարտավանություն, մոլորություն, մտքի պորտաբուծություն, հոգեւոր ամայություն, անլիարժեքության զգացողություն: 

14.Միայն Ցեղակրոնը կլինի ազգային մտավորական — նա առավել իմաստուն է, քանզի նրա զգացողությունն ընդգրկում է Ազգը, Ցեղը, Բնությունը, Աստվածությունը, Բացարձակությունը: Նա իմաստուն է, եւ գիտությունը նրան օգնում է իր իմաստությունը վերարտադրելու: 

15.Եվ ամեն ոք իր հոգեւոր իմաստության համեմատ պիտի գիտություն ստանա: Ոչ թե բանաստեղծն է մտավորական, ոչ թե գիտնականն է մտավորական, այլ՝ մտավորականն է բանաստեղծ, գիտնական, նկարիչ, առաջնորդ: 

16.Արգասավոր չէ այն մտավորականը, ում մեջ Արայի արարչական ոգու զգացողությունը չկա, Վահագնի Զորության հուրը չկա, Աստղիկի Սիրո զգացմունքը չկա, Մայր Անահիտի գգվանքը չկա, նախնյաց ոգիների պաշտամունքը չկա, Մայր Հողի զգացողությունը չկա — նա չի կարող զգալ եւ հարգել Ազգի արյունը, Ազգի ծագումը, Ազգի որակները, լեզուն, սովորույթները, կենսափորձը — նա չի լինի ազգային մտավորական: 

17.Ազգային մտավորականությունը աստվածային իմաստության սերմնացանն է Ազգի մեջ: Ազգային մտավորականության որակով է պայմանավորված Ազգի ինքնությունն ու ապագան: 

18.Մտավորականը որ Միտարի (Միտք արարող) չէ — նա պետք չէ Ազգին: 

Զորությունը՝ պահպանիչ 

1.Ո՜վ, Արորդի՛, քո զորությունը ցեղայնության մեջ է. եւ միայն զորավորներին է հովանավորում Վահագնը: 

2.Եղիր ընկալունակ աստվածային զորության — սա է կոչումը Արիի. աստվածային միակ արժեքն է զորությունը. սահմանը քաջերի՝ զորությունն է իրենց: 

3.Սիրում է նա, ով հզոր է, ով հոգու հարստություն ունի, աստվածայինի զգացողություն. ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան:

4.Արգասավոր չէ տկարի սերը. քծնանք է թույլի ներումը: 

5.Միայն զորավորը կարող է ապավինել Վահագնին, եւ միայն զորավորը կարող է զոհաբերել. անընդունակ է տկարը ինչպես սիրո, այնպես էլ զոհաբերության: 

6.Թույլը մեղավոր է, որ թույլ է. անբարոյականություն է թուլությունը՝ ստեղծված սնուցանելու ուժը: Տկարի միակ դերը կյանքում՝ կեր լինելն է զորավորների համար: 

7.Ազգերն ու անհատները իրենց թուլության մեղքերը քավում են որպես պարտություն, ստրկություն, որպես անփառունակ գոյություն. չե՞ս ուզում կեր լինել՝ եղի՛ր զորավոր: 

8.Միայն հավատքի զորությունն է պահպանում Ազգի բնական որակը սերունդների մեջ: Միայն զորության զգացողություն ունեցողը կարող է ուժի պաշտամունք ունենալ. եւ միայն նա կարող է ապավինել Զորության Աստված Վահագնին. եւ Վահագնը միայն նրան կհովանավորի: 

9.Թուլությունը օրինաչափությունից շեղում է. նա չունի զորության զգացողություն, նա չունի ուժի պաշտամունք. նա չունի նաեւ որեւէ պատասխանատվություն Ազգի մեջ, քանզի նա օրինաչափություն չէ: Թույլը մշտապես միայն իր անձնական ապահովությունն է հոգում: 

10.Պատմությունը զորավորներն են կերտում. կյանքը զորությունների հարաբերություն է: Տկարները զորավորների փեշերից են կախվում: 

11.Տկարներին հատուկ են ստորությունը, խաբեբայությունը, քծնանքը, ինքնաապահովագրումը, մատնությունը, խռովությունը… Եվ հաճախ զորավորների միջեւ խառնակություն ստեղծում են թույլերը: 

12.Տկարությունը գոյութան անկարողություն է, իսկ գոյության անկարող Տեսակը չի ապրի: 

13.Չարժե եւ չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը. նա դատապարտված է ինքնաոչնչացման. նմաններից զզվում են անգամ Աստվածները: 

14.Թուլությունը միայնության եւ անպաշտպանության զգացողության մեջ է. զորությունը հավաքական ամբողջության զգացողության մեջ է: 

15.Զորավոր ես դու, երբ զգում ես քո ծագումը, քո արմատը, քո արյունը, երբ քո մեջ զգում ես քո տոհմը, քո Ազգը, քո Ցեղը, երբ քո կողքին զգում ես քո նախնյաց ոգիներին, երբ քեզ հետ զգում ես Ամենազոր Վահագնին: 

16.Եվ միայն Ցեղաշունչ Ազգը եւ անհատը զորավոր կլինեն: Անցեղաշունչ Ազգը կամ անհատը չի կարող զորանալ. զորությունը ցեղայնության մեջ է, իսկ թուլությունը՝ Ցեղայնությունից դուրս: 

17.Ո՜վ, Արորդի՛, սուր ունենալը դեռ քիչ է. դու արժանի կլինես այդ սուրին, եթե Զորության Աստված Վահագնը օծի այն: 

18.Երբ Արիի ձեռքից սուրն ընկնում է, ուրեմն այլեւս այն պետք չէ նրան: 

19.Ամենազոր Վահագնը օծում է Արիների թուր-կեծակին՝ Չարիների դեմ կռվելու համար. բայց Հայր Արայի կամքով այդ թուր-կեծակին քո արյան դեմ կորցնում է իր զորությունը: 

20.Եվ երբ երկու արյունակիցների միջեւ խռովություն է ծագում, եւ նրանք կռվում են իրար հետ, Վահագնը հովանավորում է երկուսին էլ, որ եղբայրների միջեւ հաղթող ու պարտվող չլինի. քանզի հաղթողը կգոռոզանա, իսկ պարտվողը կչարանա, եւ նրանց միջեւ այլեւս երբեք հաշտություն չի լինի. եղբայրների միջեւ թշնամանքը միայն սիրով կլուծվի: 

21.Պատյանից հանված սուրը ետ պատյան պիտի չդրվի՝ դա է բնույթը Աստվածամարդերի: 

22.Արդարությունը տկարի մխիթարություն է: Բնության մեջ մի արդարություն կա. այն է՝ բնական բոլոր հարաբերությունները զորությունների հարաբերություններ են. իսկ տկարները զորությունների համար կերի դեր են կատարում միայն. սա է ճշմարտությունը, սա է արդարությունը: 

23.Դու զորանում ես քո իսկ զորությամբ, միայն Հայր Արայի արարչագործությունը քո մեջ կրելով, միայն քեզանով զգալով Արային՝ քո Վահագնով: 

24.Արի տղամարդը հայր է ու ռազմիկ՝ սիրով ու սրով նա պիտի կնքվի. եւ ապա երբեք, ամբողջ իր կյանքում այդ սուրը պատյան պիտի չդնի, նույնիսկ աղոթքի ու սիրո պահին:

25.Սերն առանց զորության կործանվող է միշտ. սերը սրով պիտի պաշտպանվի. եւ հոգեպարար աղոթքի պահին, քո սուրը Վահագնի հուրով պիտ օծվի: 

26.Արի ռազմիկը միշտ պիտի պատերազմի. նա պիտի ելնի ռազմի ասպարեզ՝ ազնիվ մրցության, խաղա մահի հետ, հաղթի կամ հաղթվի: 

27.Իսկ Չարիի դեմ նա պիտի լինի լոկ Վիշապաքաղ. թե Չարին ձեռք բարձրացնի Արի մորթելու, սրով պիտ կտրել այդ ձեռքը նրա… գլխի հետ մեկտեղ: Սա է կոչումը Արի ռազմիկի. սա է պատգամը Վահագն Աստծո: 

28.Նայեք Արի մանուկների աչքերին. նրանց աչքերի մեջ Վահագնյա հուրն է ճառագում: Դա Վահագնյա ուժի արտացոլումն է, որ պետք է զորանա եւ կուտակվի նրանց հոգիների մեջ: 

29.Բայց մանուկների աչքերի հուրը մարում են հայրերը: Չէ՞ որ մանուկի համար միակ աստվածը, միակ զորությունը իր հայրն է: 

30.Մանուկն ապավինելով իր հորը, իրեն զորավոր է զգում, իրեն ապահով է զգում, իրեն երջանիկ է զգում. եւ հենց այդ զգացողությամբ է նա զորանում: 

31.Բայց երբ հայրը ինքն իրեն չի կարող պաշտպանել, երբ նա իր հույսը թողնում է իրենից դուրս ինչ-որ ուժի ողորմածության, էլ մանուկն ինչպե՞ս ապավինի իր հորը. եւ անպաշտպանվածության զգացումը սարսափեցնում է նրան ու աստիճանաբար մարում նրա աչքերի հուրը:

32.Մանուկը իր ամբողջ էությամբ Հոր Արեւին է ապավինում, նա Հոր Արեւով է երդվում. բայց երբ մանուկի զգացողության մեջ Հոր Արեւին փոխարինում է Մոր Արեւը, եւ մանուկը Մոր Արեւով է երդվում, այդ մանուկը տկարանում է, քանզի մանուկը զորության արեւ հորից է սնվում. մորը՝ Գթության Լույսն է:

Հավատքի զորությունը 

1.Ո՜վ, Արորդի՛, Ցեղակրոնության մեջ որոնիր քո Հավատքը: Դա է Վահագնի աստվածային Պատգամը:

 2.Յուրաքանչյուր մարդու հավատքը իր բնության համեմատ է ձևավորվում: Եվ մարդը իր իսկ հավատքի ծնունդն է՝ ինչ որ իր հավատքն է — դա է իր նկարագիրը, դա է ինքը: 

3.Հավատքը քո մեջ է՝ քեզանից դուրս չէ: Դա քո ծագումի զգացողությունն է, քո զորության զգացողությունն է, Հայր Արայից սերված լինելուդ զգացողությունն է, Ազգիդ պատկանելուդ զգացողությունն է, տոհմիկ լինելուդ զգացողությունն է: 

4.Ապրել հավատքով կնշանակե՝ ապրել Աստվածայնությամբ, ապրել Ցեղորեն, քանզի Ցեղայինը Աստվածության այն որակն է, որ դու կրում ես քո մեջ: 

5.Ո՜վ, Արորդի՛, օծված ես շնորհներով՝ արարչական ծագումով եւ աստվածային կարողությամբ, Վահագնի զորությամբ եւ Աստղիկի հավերժող սիրով: 

6.Եվ թե դու չմնաս շնորհացդ ընկալունակ, կամովին վանես քեզանից դրանք ու երկրպագես օտար Աստվածների, դու ինքնակամ ոչնչանում ես եւ ինքդ քեզ ստրուկ ես կարգում օտար զորությանց: 

7.Դու քեզ անգործության կմատնես, կդառնաս հոգեւոր մուրացկան եւ կվերածվես եսապաշտ հրեշի: Ահա թե ինչու են նույնանում կամովին շնորհազուրկն ու հանցագործը: 

8.Թե դու չես զգում քեզ քո Ազգի մեջ, դու չես զգում նաեւ Արարչին, քանզի ոչ թե Արարիչով են Ազգը զգում, այլ Ազգի մեջ եւ Ազգով են զգում Արարչին: Ուստի Ազգի զգացողությունը Արարչի զգացողություն է, Արարչի պաշտամունքը՝ Ազգի պաշտամունք: 

9.Ճշմարիտն այն է, ինչը որ կատարվում է հավատքով: Անցանկալի-անախորժն այն է, ինչը որ կատարվում է ընդդեմ հավատքի: Հաստատուն ճշմարիտ է նա, ով հավատում է իր զորությանը, իր Աստվածներին: 

10.Երերուն ստախոս է նա, ով երկրպագում է օտար Աստվածների, քանզի այդտեղ իրականում հավատք չկա, այլ կա սարսափի պատրանք եւ թշվառ ստրկացում:

 11.Գիտցիր՝ թե որեւէ Աստված կապ չունի քո արյան հետ՝ նա քոնը չէ: 

ՀատվածներՈւխտագիրք Արորդյաց“-ից 

“Լուսանցք” Թիվ 64, 27 հունիսի — 3 հուլիսի, 2008թ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: