Արարատյան Աշտարակաշինություն
Տիեզերական խոր Աշուն էր հաստատվել Երկրի վրա, եւ արդեն զգացվում էր մոտալուտ Ձմռան սառը շունչը: Վիշապը Երկիր էր իջել, բռնել էր Երկրի ջուրը, կուտակում էր բեւեռներում եւ սառեցնում: Երկրի վրա սաստկանում էին ցուրտ քամիները:
Պակասում էր ջուրը Երկրի վրա, պակասում էր եւ արեւի ջերմությունը: Անհանգստացել էին Արիները Արարատում եւ Արարատից դուրս. պետք էր նախապատրաստվել Տիեզերական Ձմռանը: Եվ Արի քրմերը հավաքվեցին Արարատի Հավերժական Քաղաք Էրեւանում: Եկան աշխարհի բոլոր կողմերից:
Հավաքվեցին խորհելու, թե ինչպես նախապատրաստվեն Տիեզերական Ձմռանը, ինչպես ապահովեն կենսատու ջերմությունը Արի ազգերի համար:
Նրանք գիտեին, որ թեեւ աստվածամարդ են իրենք, բայց իրենք չեն վառում արեւի ջահը. նրանք միայն սնվում են Աստվածների վառած Ջահից: Եվ միայն Աստվածների զորությամբ կարող էին արեւի կենաց ջերմությունը կուտակել Ձմեռվա համար:
Եվ Արի քրմերը մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին եւ խնդրեցին օգնել դիմավորելու մահաշունչ Ձմեռը:
Իմաստության Աստված Տիրը հայտնվեց նրանց եւ ասաց.
— Ո՜վ, Արյաց իմաստուննե՛ր, Հայր Արայի կամքով եմ ես եկել ձեզ մոտ: Դուք ինքներդ աստվածներ եք, թեեւ՝ երկրային, աստվածային զորություն ունեք եւ Հայր Արայից ժառանգած արարումի կարողություն ունեք: Թե Անմահ Աստվածները արեւի ջահն են վառել երկնքում՝ ամբողջ աշխարհը ջերմացնելու համար, ապա դուք էլ կարող եք ձեր երկրային ջահը վառել Արարատում, որ սնվելով արեւից, ջերմացնի բոլոր Արի ազգերին ամբողջ Ձմեռվա ընթացքում: Արագածի փեշերին կառուցեք մի բարձր աշտարակ, որ մոտենա արեւին եւ տեսանելի լինի Երկրի բոլոր ծայրերից: Ապա Արագածի ընդերքից պեղեք հազար ու մի գանձեր: Այդ հազար ու մի գանձերով ձուլեք մի մեծ ջահ ու կանգնեցրեք աշտարակի գլխին: Այդ ջահը կբոցավառվի արեւից, եւ կենսական հուրը կբոցկլտա ջահի մեջ ամբողջ Ձմեռ եւ իր լույսով ու ջերմությամբ կսնի բոլոր Արի ազգերին: Բայց գիտցեք, որ բոլոր Արի ազգերի միասնական ուժով միայն կկառուցվի Արարատյան Աշտարակը, եւ կապահովվի Արյաց ազգերի կենսաջերմության կուտակումը: Դա է Հայր Արայի կամքը:
Արի քրմերը գնացին իրենց երկրները՝ հաղորդելու Հայր Արայի կամքը: Բոլորն ընդունեցին աստվածային խորհուրդը: Եվ շուտով արքաների հրովարտակներով եւ քրմերի առաջնորդությամբ Երկրի բոլոր Արի ազգերից ամենահմուտ վարպետներ հազար-հազարներով եկան Արարատ եւ հենց Արագածի փեշերին հիմք դրեցին աստվածային Աշտարակի:
Մեծ շուքով ու ծիսակատարությամբ նշվեց Աշտարակի հիմնադրումը: Մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին, փառաբանեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին: Եվ ընդունելի էր նրանց զոհաբերությունը Աստվածների կողմից:
Մեծ խանդավառություն էր տիրում Արիներին: Նրանք խոսում էին իրենց ազգային լեզուներով, բայց հասկանում էին իրար եւ՛ լեզվով, եւ՛ հոգով: Եվ չկար նրանց մեջ որեւէ տարբերություն, եւ ոչ մեկը չէր փնտրում տարբերություն:
Անհանգստացել էր Չարի Վիշապը: Նա զայրացած ոռնում էր ու Երկրի այս ու այն կողմ թռչում՝ փորձելով խանգարել Արիների աստվածահաճ գործին:
Եվ Վիշապը դիմեց Յահվահին.
— Ո՜վ, ամենազոր Յահվա՛հ, Արիները համախմբվել են եւ Արարատում բարձր Աշտարակ են կառուցում, որ արեւի ջերմությամբ սնվեն ամբողջ Տիեզերական Ձմեռը:
Դրանով նրանք իրենց մեջ կնորոգեն նախնյաց զորությունը եւ Վահագն Աստծո հովանավորությամբ անպարտելի կդառնան: Ասա, ինչպե՞ս խափանեմ նրանց զորացման ընթացքը: Եվ Յահվահը ասաց. -Մի՛ վհատվիր, ո՜վ, Չարի Վիշա՛պ, մեր ուժը խորամանկության մեջ է: Խաբի՛ր, մասնատի՛ր ու կտիրես:
Խաղա Արի ազգերի ինքնասիրության եւ փառասիրության վրա. թող ամեն մի ազգ միայն իրեն ճանաչի, իրենով գոռոզանա ու փքվի: Դրանով նրանց միաբանությունը կխախտվի, եւ կխափանվի նրանց զորության Աշտարակի շինությունը:
Եվ Չարի Վիշապը, հետեւելով Յահվահի խորհրդին, թռչում էր մեկ արեւելք, մեկ արեւմուտք, հյուսիս ու հարավ եւ թաքնվելով տարբեր կերպարանքների մեջ, հայտնվում էր տարբեր Արի ազգերի մեջ եւ ամենուր նույն քարոզն էր տանում.
— Ո՜վ, երկրային աստված Արիի արժանավոր զավակնե՛ր, մի՞թե դուք մոռացել եք ձեր ծագումը, մի՞թե չեք տեսնում ձեր աստվածային փայլն ու զորությունը: Անմահ Աստվածների շնորհը ձեր վրա է, դուք եք ակունքը Արի Ցեղի եւ առաջնորդը բոլոր Արի ազգերի: Եվ Աստվածային Աշտարակը միայն ձեր հողի վրա պիտի կառուցվի:
Լսում էին Արի ազգերը, եւ պղտորվում էին նրանց հոգիներն ու մտքերը: Գոռոզանում էին, փքվում էին իրենք իրենց մեջ ու մոռանում էին վերահաս վտանգը: Եվ մեծ վեճեր ծագեցին Արի ազգերի միջեւ. ամեն մեկը պահանջում էր, որ Աշտարակը իր հողի վրա կառուցվի, եւ ոչ մեկը չէր համաձայնվում մյուսի հետ: Վեճերը խորացան, Արի ազգերը խռովեցին Արարատից, խռովեցին իրարից, գժտվեցին եւ սկսեցին ուժով ապացուցել իրենց առավելությունները: Եվ կանչեցին Արարատից իրենց վարպետներին: Եվ մեծ պատերազմներ սկսվեցին Արի ազգերի միջեւ:
Արի քուրմերը, որ ծանոթ էին աստվածային խորհրդին, ճգնում էին համոզել իրենց ազգերին՝ հաշտվելու եւ շարունակելու Արարատյան Աշտարակի շինությունը: Բայց գազազած ամբոխը քարկոծում էր նրանց:
Եվ կիսատ մնաց Արարատյան Աշտարակը: Աշտարակաշինությունը խափանվեց: Ցնծում էր Վիշապը իր խարդավանքի հաղթության համար: Իսկ Յահվահը ուժգին ցնցեց Երկիրը ու տապալեց կիսակառույց Աշտարակը: Եվ Արարատյան Աշտարակից մնաց միայն անունը՝ Աշտարակ: Իսկ Արի Ազգերը այդպես էլ հեռացան իրարից ու այլեւս չեն հասկանում իրար ո՛չ հոգով եւ ո՛չ լեզվով:
Եվ եկավ Տիեզերական Ձմեռը: Չարի Վիշապը հաղթական ոռնոցով արշավում էր Երկրի մի ծայրից մյուսը: Եվ Վիշապի հովանավորությամբ զորացած Չարիները հաղթում էին սառած ու տկարացած Արիներին թե՛ Արարատում եւ թե՛ Արարատից դուրս:
Սառել էին Արիների մարմիններն ու հոգիները: Նրանք լքեցին իրենց Աստվածներին, ուրացան իրենց նախնիներին, մոռացան իրենց ծագումը, օտարացան իրենք իրենցից եւ մահվան կրոնների հաշիշով հարբած, մահի մեջ էին միայն փրկություն որոնում: Եվ վիշտն ու հյուծող աղետները այնուհետեւ ուղեկցեցին Արիներին: Վերացան նրանց զորությունը, սերը, արարումը:
Ամենուրեք Չարի Վիշապի բռնությունն էր տիրում: Եվ Վիշապի մահազգեստ սպասավորներն էին ամբոխներին առաջնորդում: Եվ Արիներին բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտություններ, որոնցից փրկություն չկար:
Մահաշունչ Ձմեռ է Երկրի վրա եւ Արարատում: Ցուրտն է պատել Արիների հոգիներն ու մտքերը: Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն…
Համաշխարհային Ջրհեղեղ
Հաղթելով Չարի Տիտաններին եւ Արարատը ազատելով նրանցից՝ Արի Մանը մեծ զոհ մատուցեց Ամենազոր Վահագնին: Եվ Վահագնը ինքը մասնակից եղավ այդ զոհաբերության ծեսին, սիրով վայելեց Մանի նվերը, փառաբանեց Հայր Արային եւ ապա դիմեց Մանին.
— Ո՜վ, քաջդ Մա՛ն, իմ երկրային եղբայր Արիի արժանավոր ժառանգ: Հայր Արայի կամքով եւ քո բազկի զորությամբ դու մաքրեցիր Արարատը Տիտաններից: Աշխարհն էլ ազատվեց Վիշապից: Բայց Վիշապի պղծությունը գարշահոտությամբ դեռ իշխում է Երկրի վրա: Այդ գարշանքը միայն ջրով կմաքրվի: Եվ ես Երկրի վրայից Վիշապի գարշանքը մաքրելու եմ Մեծ Ջրհեղեղով: Ամեն ինչ մնալու է ջրի տակ: Միայն Արարատն է ջրից դուրս մնալու: Բայց Արարատում էլ միայն զորավորները կվերապրեն: Միայն զորավորներին եմ հովանավորելու ես: Տկարներին ես չեմ հովանավորի: Տկարները չեն դիմանա գերհզոր հուրի զորությանը, եւ նրանք կկործանվեն, քանզի ես պետք է պահպանեմ երկրային աստվածների Ցեղը իր բնօրրանում, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի: Ես պատվիրում եմ քեզ, ո՜վ, Արիների Նահապե՛տ՝ հավաքի՛ր Արիներին եւ բարձրացի՛ր Մասիս սար՝ Աստվածների կացարան: Գիտցի՛ր՝ Մասիս սար կարող են բարձրանալ միայն Տրնդեզի աստվածային կրակով օծված եւ իրենց աստվածայնությունը զգացած արիները, քանզի Մասիսը Աստվածների կացարան է, եւ այնտեղ կարող են բարձրանալ միայն աստվածները: Դա է կամքը Արայի:
Եվ Մանը իր մի քանի քաջ զինակիցներով, որոնք զգացել էին արդեն իրենց աստվածայնությունը եւ իրենց ընտանիքներով, քայլեց դեպի Մասիս սար: Թաքնված Արիները տներից դուրս թափվեցին եւ աղաչեցին Մանին.
— Մեզ մի՛ թողնիր մենակ, մեզ է՛լ տար քեզ հետ:
Անիմաստ էր բացատրել նրանց որեւէ բան. մահվան սարսափը մթագնել էր նրանց բանականությունը, եւ նրանք խուճապահար հետեւում էին Մանին:
— Է՜հ, — ասաց Մանը, — Արայի կամքն է, եկեք, եթե կարող եք բարձրանալ Մասիս:
Եվ Արիների մեծ թափորը շարժվեց առաջ ու կանգ առավ Մասիսի ստորոտին:
Այնտեղ էին հավաքվել արդեն ամեն կողմից փախած շատ կենդանիներ եւ թռչուններ: Զգալով մոտալուտ վտանգը՝ նրանք գազազել էին եւ իրար էին հոշոտում: Տեսնելով մոտեցող Արիներին՝ հարձակվեցին նրանց վրա: Տկար Արիները խուճապահար այս ու այն կողմ էին վազում եւ Մանից պաշտպանություն աղերսում:
Մանը իր աստվածային զորությամբ սաստեց գազազած կենդանիներին:
Տկար Արիները, անկարող բարձրանալու, վայնասուն բարձրացրին.
— Գթա՛ մեզ, ո՜վ, Մա՛ն, մի՛ թողնիր մեզ այստեղ անհետ կորչելու, մեզ է՛լ տար քեզ հետ:
Եվ Մանն ասաց.
— Հայր Արայի կամքով ես պատասխանատու եմ Արի երկրային աստվածների Ցեղը պահպանելու համար: Իսկ ձեզանից աստվածներ չեն ծնվի: Թե ուժ չունեք բարձրանալու, մնացեք այստեղ. ո՛չ ձեր կյանքն է պետք Արային, ո՛չ էլ ձեր մահը:
Եվ Մանի սակավաթիվ թափորը սկսեց բարձրանալ Մասիսն ի վեր: Մանի թափորը բարձրանում էր, իսկ ներքեւից բազմաժխոր վայնասունն ու կաղկանձը ուղեկցում էին նրան:
Վահագնի Զորությամբ Երկրի սառցալեռները շիկացան, հալեցին, ու պատռվեցին ամպերը երկնքի, եւ ջուրը թափով Երկիրը ողողեց, եւ Ջրհեղեղի տակ կորան Չարի Վիշապի ամբողջ գարշանքը եւ նրա երկրպագուները:
Մասիսի գագաթին՝ Աստվածների կացարանում հաշտ ու խաղաղ ապրում էին Արիները: Եվ Աստվածներն էին հովանավորում նրանց:
Խաղաղ չէր միայն Մանի հոգին: Նա զգում էր, թե ինչ է կատարվում Արարատում: Տկար Արիները, Տիեզերական Հուրի զորությանը չդիմանալով, մահվան սարսափից հենց մահվան մեջ էին փրկություն գտնում: Շատ է տխրում Մանը, բայց ոչինչ անել չէր կարող. դա Աստվածների կամքն էր՝ տկարները պիտի կործանվեին, քանզի Արարատը միայն աստվածների բնօրրանն է, եւ այնտեղ միայն աստվածները պիտի ապրեն:
Շուտով մեռելային խաղաղություն տիրեց Արարատում: Աստվածամայր Անահիտի պատվերով աղավնին թռավ եկավ Արի Մանի մոտ, ուռենու ճյուղը բերանին: Դա նշան էր, որ Արարատը կարոտով սպասում է իր զորավոր զավակներին, աստվածային կենաց շարունակելիությունը հաստատելու համար:
Հատվածներ՝”Ուխտագիրք Արորդյաց”-ից
“Լուսանցք” Թիվ 66, 11 — 17 հուլիսի, 2008թ.
Թողնել պատասխան