Մեղրին էլ չտա՞նք թուրքերին

by

ու վերջնականապես նետվենք նրանց գիրկը 

Արդեն առավել քան ակնհայտ է դառնում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դասել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, եթե այն ամենաառաջնահերթը չէ այլեւս: ՀՀ նախագահի աննախադեպ հայտարարությունը, որով բարի կամք ցուցաբերվեց Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, առիթ դարձավ, որ շվեյցարական Ժնեւում արդեն իսկ գաղտնի բանակցություն ընթանա Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների բարձրաստիճան աշխատակիցների միջեւ: Չնայած երկկողմ որոշում է եղել՝ հանդիպումը գաղտնի պահել, սակայն, դա չի հաջողվել եւ թուրքական կողմը՝ ի դեմս Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի, այն այլեւս չի հերքել: Իսկ Թուրքիայի պաշտոնատարները եւ զլմ-ները միաբերան խոսում են այն մասին, որ վատ չէր լինի բացել Հայաստանի հետ սահմանը, թեեւ “դա ավելի շատ պետք է Երեւանին”: Իսկ “Հուրիեթ”-ը տեղեկացրել է, որ թուրքական պատվիրակությունը ղեկավարել է Ահմեդ Ունալ Չեւիքեզը, իսկ հանդիպումը գնահատել է շատ դրական: 

Իսկ մեզ մոտ պաշտոնական “քար” լռություն էր՝ մինչեւ այս հանդիպման մասին թուրքական զլմ-ների “բացահայտումը”: Թուրքիան Հայաստանի համար կյանքի դուռ է, եւ Երեւանը պետք է որոշի՝ շարունակելու՞ է շեշտադրումները խնդիրներին, թե՞ նոր էջ է բացելու հայ-թուրքական հարաբերություններում”, — հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: “Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ եւ այդ պատճառով կարիք ունի Թուրքիայի հետ սահմանի բացման”. Ալի Բաբաջանի խոսքերն է կրկնել նաեւ “Թըրքիշ դեյլի նյուս”-ը: 

Այո, ինչքան էլ մերոնք ցուցադրաբար ներկայացնեն, թե անկախ քաղաքական ուղի են բռնել եւ ինքնուրույն, առանց միջնորդների քաղաքականություն են վարում այլեւս, հասկանալի է, որ սա եվրա-ամերիկյան ճնշման հետեւանք է… Իսկ Թուրքիան առանց այլեւայլության պատրաստվում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կապել ՀՀ շրջափակման եւ պարտադրված կերպով Անկարայի գիրկը “նետվելու” հետ: Ու սա լինելու է այդ հարաբերությունների մեխը, իսկ նման ձեւակերպմամբ Երեւանը լուրջ հաջողություններ ակնկալելու հիմքեր չի կարող ունենալ: Առավել եւս՝ պաշտպանել հայության ազգային շահերը: 

Նախ, հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը: Ինչպես հայտնի է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հայտարարություններից, այս հարցի լուծման միակ “խոչընդոտը” Հայաստանի տարածքային պահանջներն են: Շուրջ 1 ամիս առաջ նա հայտարարել էր, թե Անկարան պետք է ընդունի պատմական իրականությունը, իսկ Երեւանը՝ հրաժարվի տարածքային պահանջներից: Մեր պետական ու ազգային հորջորջվող իշխանական քաղաքական գործիչները չեն մեկնաբանում, թե ի՞նչ պահանջների մասին է խոսքը եւ ե՞րբ են դրանք ներկայացվել… գոնե հայ հանրությանը դրանք հայտնի չեն, իսկ ահա Անկարան շատ հանգիստ կարող է ճանաչել “պատմական իրադարձությունները, որի ժամանակ երկկողմանի կոտորածներ են եղել” (դե՜ մի կողմից մի քիչ շատ, մյուս կողմից՝ քիչ…), բայց մտավախություն ունի, որ իրեն տարածքային եւ այլ պահանջներ կներկայացնեն… Իսկ եթե վախը կա, ապա մեր պահանջները հաստատ հիմնավոր են, ուստի, հիմա թուրքերը կփորձեն բարձր մակարդակով՝ ՀՀ նախագահի միջոցով դրանք չեզոքացնել: 

Մի ժամանակ ՀՀ 1-ին նախագահը վստահեցնում էր, որ Հայաստանը որեւէ պահանջ չունի Թուրքիայից: ՀՀ 2-րդ նախագահը թուրքերին համոզում էր, որ Երեւանը պահանջներ չունի, բայց՝ սփյուռքն ունի: Իսկ ՀՀ 3-րդ նախագահը կրկին վերադարձել է 1-ին նախագահի “դիրքերին”՝ թե ի՞նչ պահանջներ, մենք մեր ունեցածը դեռ պիտի պահենք (երեւի խոսքը ոմանց ունեցածի-ունեցվածքի մասին է…): Սրանից էլ ոգեւորվել է “համաշխարհային հանրությունը” եւ հիմա համոզում է Թուրքիային հաշտվել հարեւան երկրի հետ: 

Հիմա վերստին հարց է ծագում՝ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ունի՞: Այս հարցին ավելի հստակ կարո՞ղ է պատասխանել Սերժ Սարգսյանը: Ասենք՝ այնքան հստակ, ինչքան “Աղդամի հարցում”…

Գուցե ՀՀ 3-րդ նախագահը Աղդամի տարածքում գտնված Տիգրանակերտը նույնպե՞ս կասկածելի տարածք է համարում, իսկ Արեւմտյան Հայաստա՞նը… Այսպես որ գնա, Արցախի հարցն էլ օրակարգում կասկածելիների շարքում կդասվի, եւ մի հանձնաժողով էլ պիտի ստեղծել՝ պարզելու Արցախի հայկական լինելը, կամ գուցե թե հայ-թուրքական (հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող) հանձնաժողո՞վը կզբաղվի դրանով… 

Մի օր էլ Անկարան դեպի Եվրոպա ճանապարհ բացելու համար կպահանջի հայկական զորքերը դուրս բերել Արցախից: Քանզի մեր իշխանությունները, դատելով նրանց “աղդամային” մտածողությունից, այս հարցում էլ արդեն պահանջներ չունեն Ադրբեջանից: Դե, Վրաստանից չունեն ու չունեն (Ջավախքն ու՜ր, Երեւանն ու՜ր…): Իսկ մեր դիվանագետների (նաեւ՝ ՀՀ նախագահի)՝ արցախյան խնդրի կարգավորման “մադրիդյան սկզբունքները” ճանաչելը, որոնցում պարզորոշ նշված է “գրավյալ տարածքներից” զորքի դուրսբերումը, հավաստում է, որ Երեւանը ոչ մի պահանջատեր էլ չէ, եւ կեղծ ցեղակրոնա-դաշնակցական կառավարությունը “ազգային իշխանության” գաղափարը վարկաբեկող հերթական փուչիկն է: 

Ինչու՞ կեղծ ցեղակրոնա-դաշնակցական: Դե, ԲՀԿ-ն այսօր ոչինչ չորոշող մի կազմակերպություն է, ՕԵԿ-ը ՀՀՇ-ից ոչնչով չի տարբերվում, եւ ահա ՀՀԿ-ն ցեղակրոնությունը վերածել է “ցեխակրոնության” (հազա՜ր ներողություն մեծն Նժդեհից), իսկ հայդատ-ական ՀՅԴ-ն հերթական անգամ (ժամանակին՝ երիտթուրքերի հետ) պատրաստվում է գաղափարադավության: Ոչ հեռու անցյալում էլ դաշնակցականները գաղտնի հանդիպել են թուրքերի հետ (Արեւմտյան Հայաստանի տարածքների հարցով), իսկ ԱՍԱԼԱ-ն նման հանդիպումից հրաժարվել էր… 

Սեփական հայրենիքի տարածքներին տեր լինելուց փախչողները այս մի կտոր հայրենիքի վրա էլ պիտի տեղ չունենան: Սրանց թվում է, թե աշխարհի “տերերին” համոզելով, որ մենք “գրավողներ” չենք, հաստատ կարժանանանք նրանց բարեհաճությանը եւ ամեն բան լավ կլինի: Եթե խոսքն իրենց անձնական բարեկեցության մասին է, ապա թերեւս լավ կլինի… երբեմն ստրուկներն էլ են խաշ-խորոված ուտում: 

Եթե որեւէ մեկը կարծում է, թե խնդիրը չափազանցնում ենք, ապա հիշեցնենք, որ մտահոգվելու առիթ իսկապես կա: Քանզի մի քանի տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ, դեռ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը հայտարարեց, թե դեռեւս պատերազմական գործողությունների տարիներին ինքն ասել է, որ տարածքներն ազատագրվում են ոչ թե “տարածքային խնդիր լուծելու, այլ՝ անվտանգության գոտի ձեւավորելու համար”: Ուստի, Աղդամը մեր հայրենիքը չէ, եւ ինքը վստահ չէ, որ որեւէ մեկը իրեն կարող է հակառակն ապացուցել: Եթե նորմալ երկիր լինեինք, ապա նախարարը պիտի ԱԺ ամբիոնից իջնելուց արդեն աշխատանքից ազատման դիմումը ձեռքին լիներ, բայց… կիսապահանջատեր ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը դա չպահանջեց… Հիմա՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը եկել է իշխանության, որ զիջի՞ ազատագրված տարածքները, մոռացությա՞ն տա հայոց ցեղասպանությունը… Եթե այո, ապա լավ կլինի տեղը զիջի Լ. Տեր-Պետրոսյանին, ով ավելի “մակարդակով” կանի դա… Իսկ գուցե հիմա միասի՞ն են անում… Դե մեղավորն էլ կա՝ Ռ. Քոչարյանը, այնպես որ “պատերազմի հանցագործին”, ով նաեւ սեփական ժողովրդի հանդեպ “հանցագործություն կատարեց”, կարելի է հանձնել Հաագայի դատարան եւ վերջ… նաեւ պահանջատիրությանը՝ վերջ: Թե չէ Հաագայի դատարանը ազատ խցեր շատ ունի… 

Ս. Սարգսյանն օրերս տված ասուլիսում հայտարարել է, թե իր դիրքորոշումը ԼՂ խնդրի առիթով մնում է նույնը, ինչ որ կար սկսած 1993-95թթ.՝ “իմ դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի եղել, եւ այն ես պահպանելու եմ շատ երկար”, — ասել է նա: Հա, ամեն դեպքում նա չի մոռացել եւ նշել է, թե քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, ապա ՀՀ առնվազն երկու պաշտոնյա՝ նախագահն ու պաշտպանության նախարարը, պետք է մշտապես պատրաստ լինեն թեկուզ հաջորդ օրն իսկ պատերազմի վերսկսմանը: Բայց այս դեպքում հանուն ինչի՞, զիջեք պրծեք էլի, թե՞ “պետական” նախապայմաններ չլինելը չի նշանակում, որ “անձնական” նախապայմաններ չկան… 

Եվ մի բան էլ, երբ Ս. Սարգսյանը հայտարարում է, թե՝ “մենք իրավունք չունենք մեր դաշնակիցներից պահանջելու փչացնել հարաբերությունները այն երկրների հետ, ում հետ մենք բարեկամական հարաբերությունների մեջ չենք…”, գոնե պիտի ավելացներ, որ ՌԴ-ն էլ իրավունք չունի խանգարել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, իսկ Թուրքիան իրավունք չունի նախապայմաններ թելադրել Ադրբեջանի օգտին… 

Կարծում ենք՝ Հայաստանում նոր եւ իրապես ազգային հեղափոխության հիմքերն են դրվում… 

Հայկ Թորգոմյան 

 “Լուսանցք” Թիվ  68,  25 -31  հուլիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: