Տագնապալի լուրեր Ջավախքից

by

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

18.07.2008թ. 

2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում որեւէ մարդկային զոհ չի գրանցվել, եւ ոչ ոստիկանապետի, ոչ այլ բնակիչների տանն ու ունեցվածքին որեւէ ավերածություն չի պատճառվել: 

Օգտագործելով տեղի ունեցած դեպքը որպես առիթ՝ ուժային կառույցները ուղղակի հալածանքների տարափ ուղղեցին “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի մի շարք անդամների դեմ: Այսպես, Դաշինքի 10 անդամներ բռնի տարվեցին ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցները երկու անգամ ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը, երկրորդ անգամ՝ ուշ գիշերին՝ ջարդելով մուտքի եւ գրասենյակի դռները եւ պատճառելով այլ ավերածություններ: 

Վերջապես, հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, թվով 40-50 հոգի, բոլորը զինված, ներխուժեցին Դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի հայրական տուն եւ սկսեցին իրականացնել խուզարկություն: 

Այդ խուզարկության ընթացքում, որն ի դեպ որեւէ փաստաթղթով արտոնված չէր, մեզ անհայտ հանգամանքներում սպանվեց ոստիկանության մեկ աշխատակից: Կատարվածի համար մեղքը դրվեց Գուրգեն Շիրինյանի վրա: Հետագայում հայտարարվեց, որ Գուրգեն Շիրինյանը դիմել է փախուստի:

Ներկայումս շրջան են մտցված հատուկ ջոկատայիններ, ձերբակալված են Գուրգեն Շիրինյանի հայրն ու հորաքույրը, քաղաքում տիրում է վախի եւ ահաբեկման մթնոլորտ, խուզարկություն է կատարվում ինչպես Դաշինքին համակիր, այնպես էլ այլ անձանց բնակարաններում: 

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքը հավաստի տեղեկություններ ունի, որ Գուրգեն Շիրինյանին որոնող հատուկ ջոկատայիններին հրաման է տրվել նրան հայտնաբերելուն պես առանց որեւէ նախազգուշացման նրա վրա կրակ բացել եւ սպանել: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ դրանով նպատակ է դրված ոչնչացնել մի վկայի, որը հետաքննության ընթացքում կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա: 

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքը տեղի ունեցածը գնահատում է որպես սադրանք՝ ուղղված մեր կառույցի կազմալուծմանը: Այդ սադրանքի նպատակն է հնարավորինս թուլացնել այն ուժին, որը չհանդուրժեց 2006թ. Տեղական Ինքնակառավարման Մարմինների ընտրությունների կեղծումը՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով դրա դեմ: 

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքը պահանջում է բացառել Գուրգեն Շիրինյանի կյանքի նկատմամբ որեւէ վտանգ եւ հայտարարում, որ հակառակ դեպքում կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է բացառապես իշխանությունների վրա:

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքը պահանջում է տեղի ունեցածի անաչառ եւ մասնագիտական հետաքննություն, որի ընթացքում ի հայտ կգան կատարվածի իրական մեղավորները: 

“Միասնական Ջավախքը” գտնում է, որ, անկախ ապագա հետաքննության արդյունքներից, տեղի ունեցածն արդեն իսկ ունեցել է անդառնալի հետեւանքներ Ջավախքի հայության համար: Հատուկ ջոկատայինների մուտքի հետեւանքով քաղաքում փաստացի տիրող վախի եւ ահաբեկման մթնոլորտն էլ ավելի է խորացնելու Ջավախքի բնակչության շրջանակներում տիրող հուսալքությունը եւ սեփական հայրենիքում իր ապագայի նկատմամբ անորոշության զգացումը, ինչը նպաստելու է բնակչության արտագաղթի տեմպերի ուժեղացմանը եւ երկրամասի հայաթափմանը: 

Հաղորդագրություն “Ջավախք” խորհրդի գրասենյակից (18.07.2008թ.) 

Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, այն բանից հետո, երբ մի անհետեւանք պայթյուն է որոտացել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: Նույն պատրվակով հայկական շրջան են բերվել մեծ թվով վրացի հատուկ ջոկատայիններ:

Ձերբակալվածների մի մասը ազատ է արձակվել: 

Ոստիկանները հարձակվել են նաեւ Գուրգեն Շիրինյանի բնակարանի վրա, որին հաջողվել է փախուստի դիմել: Դիմադրության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան: Հայտնի է դարձել, որ Գուրգենին փնտրող վրացի հատուկ ջոկատայիններին հրամայվել է սպանել նրան: 

Հիշեցնենք, որ “Միասնական Ջավախք” կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանը, նույն կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանի հետ միասին, 2006թ. հարձակման էր ենթարկվել Երեւանի մատույցներում, դանակահարվել եւ վիրահատվել էր: Փոխանակ հանցագործներին գտնելու, ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց, դատեց եւ հետո էլ արտաքսեց հանցագործների թիրախ Վահագն Չախալյանին՝ իբր սահմանն ապօրինի հատելու համար: Սա հիմնավորեց կասկածները, որ հանցագործները գործել էին ՀՀ ԱԱԾ-ի հետ համաձայնեցված: Դրանից հետո Վահագն Չախալյանը, Գուրգեն Շիրինյանը եւ նրանց բազմաթիվ համախոհներ տարատեսակ հալածանքների ենթարկվեցին Վրաստանի ոստիկանության կողմից, որի նպատակն էր կազմալուծել Ջավախքի ազգային շարժումը, որը վերջին տարիներին որոշ հաջողությունների էր հասել վրացական պետության տարածքում հայտնված հայկական երկրամասի բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում: 

Ակնհայտ է, որ ներկայիս պայթյունը հերթական սադրանք է, որի հեռահար նպատակը հայկական երկրամասը վրացական ուժերի կողմից ավելի վերահսկելի դարձնելն է եւ, հատկապես, ազգային տարրը Ջավախքում ոչնչացնելը: Այս հանգամանքը հատկապես կարեւորվում է Բաքու-Ջեյհան եւ Կարս-Ախալքալաք պանթուրանական նախագծերի անվտանգությունը ապահովելու համատեքստում: Հայտնի է, որ բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող “Միասնական Ջավախք”-ը Ախալքալաքում եւ հարակից շրջաններում գործող ամենազդեցիկ քաղաքական միավորն էր եւ միակ ուժը, որը ի վիճակի էր կազմակերպել ժողովրդի դիմադրությունը Ջավախքի վրացականացմանը եւ հիշյալ պանթուրանական նախագծերին:

Այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ եւ գործնական օժանդակությամբ: Իսկ Ախալքալաքի տեղական իշխանության եւ ոստիկանության մարմինները վաղուց վերածվել են Վրաստանի իշխանությունների ձեռքի կույր գործիքի: 

“Լուսանցք” Թիվ  68,  25 -31  հուլիսի, 2008թ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: