Ձուկը գլխից է հոտում

by

Պետության գործերում մանրուքներ չկան: Կանոնակարգված, հստակ պետք է գործեն բոլոր ոլորտների բոլոր ճյուղերը: Առաջին հայացքից անկարեւոր թվացող թեկուզ մեկ ենթաճյուղում թերի աշխատանքը հետո կարող է հանգեցնել մի ամբողջ ոլորտի դանդաղ ընթացքին, ինչն էլ շղթայական կարող է վտանգել մի ամբողջ բնագավառի բնականոն շնչառությունը: Սա իր հերթին կվնասի տնտեսության առաջընթացին, իսկ առանց ամուր տնտեսության անհնար է երկրի հզորացումը: 

Պետության ու պետականության ամուր կառուցվածքի մեխանիզմն իհարկե փոքր-ինչ, այսպես ասած, կենցաղային լեզվով բացատրեցինք՝ նպատակ ունենալով ավելի հեռուն տանող մի միտք հաստատել. այն է՝ պետության դրսի պատերը միշտ ամուր են, երբ ներսի պատերը խարխուլ չեն: 

Իսկ մեր ներսի պատերն այսօր այնքան էլ ամուր չեն: Ապացույցը հետեւյալն է. խնդիրներ են ծագում, որ չպետք է ծագեին, եթե իհարկե ամեն գործ ըստ պատշաճի արվեր: Սկսենք հիմքից՝ կրթությունից, որ հենքն է պետության: Փաստ է, որ ցայսօր ոչ մի կերպ չի հաջողվում դպրոցներից վերացնել դրամահավաքությունը: ՀՀ նախագահի հանձնարարականով կրթության եւ գիտության նախարարությունը ձեռնամուխ է եղել հանրակրթական դպրոցներում դրամահավաքության արատավոր երեւույթն արմատախիլ անելու գործընթացին: ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը նշում է, թե 1990-ականներին, երբ երեւույթը սկիզբ էր առել, կարելի էր որոշ առումով այն արդարացնել. ուսուցիչները ստանում էին 5 հազար դրամ աշխատավարձ, դպրոցը չէր ֆինանսավորվում ու հնարավորություն չուներ հոգալու իր տնտեսական կարիքները, եւ տնօրեններն իրենց հայացքներն ուղղում էին դեպի ծնողները: “Այն ժամանակ հանրակրթական համակարգը կանգնած էր փլուզման եզրին: Իրականացված բարեփոխումներից հետո պետական բյուջեից դպրոցներին հատկացվող միջոցները, ուսուցիչների աշխատավարձերն անհամեմատ աճել են եւ շարունակելու են աճել. տնտեսական եւ տեխնիկական կարիքների համար յուրաքանչյուր դպրոցի այս տարի հատկացվել է 13,5 մլն դրամ, հաջորդ տարի այդ թիվը կհասնի 18,5 մլն դրամի: Այս պայմաններում էլ, սակայն, դրամահավաքության երեւույթը կարծես իներցիայով շարունակում է ծաղկել դպրոցներում. գումարներ են հավաքում նույնիսկ ամենաարտառոց պատրվակներով. տնօրենի աղջկա նշանդրեքին, դպրոցի համար կավիճ, ավել, հավաքարարին հագուստ գնելու համար: Ուսուցիչն առաջին մեծահասակն է, որի հետ երեխան շփվում է ծնողից հետո, նրա այդ պահվածքը բարոյական աննկարագրելի վնաս է հասցնում հասարակությանը: Մենք հետեւողական ենք լինելու մեր պայքարում”: 

ԿԳ նախարարությունը հետեւողական է ու առաջին քայլն արել է. ստեղծվել է արագ արձագանքման աշխատանքային խումբ, թեժ գիծ՝ 52-73-43 հեռախոսահամարով: ԿԳՆ-ն վստահեցնում է. “Այն անձինք, որոնք կանխիկ գումար կպահանջեն աշակերտից, լինեն ուսուցիչ, թե դպրոցի տնօրեն, անմիջապես կհեռացվեն աշխատանքից”: 

Անկեղծ ասած՝ ուզում եմ չկասկածել: Սակայն… չեմ կարող չկասկածել: Նախ՝ ԿԳՆ-ն շատ լավ գիտի, որ դպրոցներում հարկահավաքություն է, բայց դրա դեմ պայքարելու բեռը ծնողների ուսերին է գցել:

Ասում է՝ ահազանգերը կստուգեմ միայն դրանց հասցեական լինելու դեպքում. այսինքն՝ բողոք հայտնող ծնողը պետք է ներկայանա եւ նշի, թե որ մանկավարժն է գումար վերցրել: 

Այսքանից հետո ծնողը չի բողոքի. որովհետեւ… հետո այդ ամենը կկոտրվի իր երեխայի գլխին: Քանզի ծնողը դեռ պետք է կարողանա ապացուցել, որ այդ դրամահավաքը պարտադրված է եղել:

ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը մի քանի անգամ ընդգծել է՝ “մեր նպատակը պարտադրված դրամահավաքը բացառելն է”: 

Հիմա՝ որ դրամահավաքը պարտադրված է եղել, պետք է պնդեն նաեւ մյուս ծնողները, ինչը մեր իրականությանը բնորոշ չէ: Իսկ եթե անգամ ծնողնեը վկայակոչեն էլ, շատ դժվար կլինի ապացուցելը, այնպես, ինչպես ժամանակին չկարողացան ապացուցել, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը մտահոգված է ոչ թե կրթական համակարգի իսկապես բարեփոխմամբ, այլ՝ իր ռեստորանային բիզնեսով…

Այնպես որ, դպրոցներում դրամահավաքի դեմ պայքարի պտուղները կքաղեն բողոքող ծնողներն ու նրանց երեխաները՝ մեն-մենակ: 

Որովհետեւ նախարարն ասում է՝ “մեր նպատակը ոչ թե մարդկանց պատժելն է, այլ՝ պարտադրված դրամահավաքը բացառելը”: Այսինքն՝ դպրոցի չարչիները հակահավաքությունից երբեք չեն խուսափի, քանզի չեն պատժվելու: Մինչդեռ խնդիրն առանց պատժի չի լուծվի: Լուծու՞մ ենք ուզում, ուրեմն… 

Պետք է կրթության ոլորտը վստահել մեկի (իմա՝ կուսակցության), ով կեղծ մարդասիրություն չի խաղա այնպիսի մի ոլորտում, որ պետության հիմքն է: 

Պետք է կրթության ոլորտը վստահել մեկի, ով ինքն անձամբ օժանդակություն կխնդրի համապատասխան մարմիններից՝ կտրելու այն ձեռքը, որ խարխլում է պետության հիմքերը:

Սա՛ է պայքարը: Այլապես ամեն ինչ այնպես է, ինչպես վերնագրում: 

Նարե Մշեցյան 

“Լուսանցք” Թիվ 78,  31 հոկտեմբերի – 6 նոյեմբերի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: