Ադրբեջանական “պատմագիտությունը” ծիլեր է արձակում… մեզանում

by

Իր գաղափարը կաղապարելու համար, Բաբայանը դիմում է պատմագիտության մեջ անընդունելի հնարքների, այդ թվում՝ փաստերի միտումնավոր անտեսման։ Այսպես, Արցախի մելիքների՝ Փանահի նկատմամբ գերակայությունը “հիմնավորելու” համար, նա չի խորշում նույնինքն խանի սպանել տված Խաչենի մելիք Ալլահվերդիի փոխարեն մելիք նշանակված Միրզախանի համար գրել, թե վերջինս, ինչպես եւ ուրիշ մելիքներ, “իրենց սեփական դրամն էին հատում” (էջ 57)։ Առաջին՝ Բաբայանը միտումնավոր “չտեսնելու է” տալիս իր աղբյուրի՝ միրզա Ադիգեոզալ բեկի շատ հստակ վկայությունը, որ այդ մելիքները Փանահի՛ (եւ ոչ թե իրենց սեփական) դրամն էին հատում, ինչը վկայում է մելիքների՝ խանի՛ն ենթակա լինելու մասին։ Երկրորդ՝ այդ ի՞նչ “անվանական իշխանություն” ունեցող խաներ են Փանահն ու նրա որդի Իբրահիմը, որ իրենց խելքին փչած ժամանակ սպանում են “իսկական իշխանություն” ունեցող մելիքներին, մելիքազուններին, Աղուանից (Գանձասարի) կաթողիկոսին, բռնի իսլամացնում ուրիշների, այս կամ այն մելիքի ունեցվածքն ու ճորտերը խլում։ Այս զույգի չարագործությունները կոծկելու իր հեւքում, Բաբայանը Իբրահիմի սպանել տված Դիզակի մելիք Եսայի Մելիք-Եգանյանի համար գրում է, թե նա “մահացել է 1781 թվականին” (էջ 76)։ Նա նույնիսկ չի ակնարկում, որ նույն արյունարբուն սպանել է Գանձասարի Հովհաննես Հասան-Ջալալյան կաթողիկոսին, նրա եղբայրներից Ջալալ բեկին գլխատել, իսկ Դանիել բեկին՝ ողջ-ողջ կտոր-կտոր արել, բանտարկել մյուսներին, կողոպտել եւ ավերել Գանձասարի վանքը, սպանել մի քանի տարի առաջ իր իսկ սպանած մելիք Եսայիի եղբորորդի եւ հաջորդ մելիք Բախտամին։

Աշխատության վերջին՝ հինգերորդ գլխում Բաբայանը պատմագիտական մի նոր հայտնագործություն է անում, գրելով թե “Նոր տետրակ, որ կոչի հորդորակ” աշխատության հեղինակը ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինն է (էջ 68), ում եւ մյուս հայրենասերներին Բաբայանը հռչակում է “երազող” եւ “տեսաբան-երազողներ”՝ բացասական երանգ տալով իր պիտակավորումներին (էջ 73)։

Փանահի ժամանակների Ղարաբաղի խանությունը “հայկական պետական կազմավորում” հայտարարած (էջ 52, 53) Բաբայանը Փանահի որդի Իբրահիմի ժամանակների համար գրում է, որ այդ խանությունը “հայկական պետականության վերակազմավորման կորիզն էր փաստորեն” (էջ 70, նույն հերյուրանքը՝ էջ 73)։ Իսկապես կարելի է հիանալ Բաբայանի “տրամաբանությամբ”. սկզբում “հայկական պետականություն է”, ապա նոր միայն՝ այդ պետականության “վերակազմավորման կորիզ”… Այս գլխում Ղարաբաղի խանությունը բազմիցս հիշատակվում է իբր “փաստացի հայկական պետական կազմավորում”, որին պետք էր “փաստացի հայկականից իրավական հայկականի վերածել” (էջ 74), ինչը, “ըստ երեւույթին, Հովսեփ Էմինը չի հասկացել եւ միտումնավոր կերպով վտանգավոր բեմարքներ է առաջարկել” (նույն էջում)։ Մի խոսքով՝ Ղարաբաղի խաների դաշնակից դավաճանները խելոք, հեռատես, ճկուն դիվանագետ ու քաղաքական ճիշտ հաշվարկներ անողներ են, իսկ թշնամու դեմ հայրենիքը զենքով պաշտպանողները՝ երազողներ, վտանգավոր ծրագրերի մասին մտածողներ (ավելորդ չի լինի հիշեցնել, որ այս դատողություններն անում է ԼՂՀ պետական բարձրաստիճան պաշտոնյան)։ Իբրահիմ խանի հետ գործակցող Վարանդայի Շահնազար եւ Խաչենի Միրզախան մելիքների դավաճանությունները “թվացյալ” հայտարարելով, Բաբայանը հորդորում է “մի կողմ թողնել զգացմունքները”, ու անցնելով այս երկուսի արարքների “համակողմանի եւ սթափ վերլուծման” (էջ 78), հայտնաբերում է, որ հայրենասեր մելիքները (որոնց այս անգամ կպցնում է “երիտասարդ մելիքներ” պիտակավորումը՝ հեգնական երանգով, էջ 78) “ծայր աստիճան անկանխատեսելի հետեւանքներով չափազանց վտանգավոր ձեռնարկի” մեջ էին ուզում մտնել։ Բաբայանը նրանց մեղադրում է բերկրաթմբիրի (էյֆորիա) մեջ գտնվելու, նրանց եւ Հովհաննես կաթողիկոսին՝ կենտրոնախույս տրամադրությունների (էջ 78 եւ 82) եւ “հայկական պետական կազմավորում Ղարաբաղի խանությունը” վերացնելու համար։ Պարզվում է, որ դեռ մի բան էլ շնորհակալ պետք է լինենք Իբրահիմ խան կոչեցյալին, քանի որ նա հաջողացրել է “միասնականությունը վերականգնել”, որով եւ հնարավոր է դարձել դիմակայել Պարսկաստանի տիրակալ Աղա Մուհամմեդ շահի 1795 թվականի արշավանքին, որը “վտանգ էր սպառնում հայկական պետականության” (էջ 84)։ Արշավող բանակի դեմ Շուշիի հայոց հերոսական պաշտպանության մասին գրելիս, հեղինակը հետեւյալ դատողությունն է անում. “Հասկանալի է, որ Ղարաբաղի հայերը, ինչպես բազմաթիվ անգամ նշել ենք, եթե Ղարաբաղի խանությունն ու Շուշին որպես իրենց սեփական պետությունն ու մայրաքաղաքը չընկալեին, ապա հազիվ թե անձնվիրությամբ կպաշտպանեին օտարի նստավայրը” (էջ 86)։ Բաբայանը մոռացության է տալիս այն տարրական փաստը, որ շուշեցի հայերը հիշյալներն ընկալում էին ոչ թե իբր պետական ինչ-որ կազմավորում ու նրա մայրաքաղաք, այլ՝ հայրենիք, իսկ հայրենիքին տիրությո՛ւն են անում՝ ի հարկին սեփական կյանքը զոհաբերելով, զգացում, որն արցախահայը ցուցաբերել է թե՛ 18-րդ դարում, թե՛ դրանից առաջ եւ թե՛ հետո, ընդհուպ մինչեւ մեր օրերը եւ որը բաբայանների համար անհասկանալի ու դատապարտելի է, քանի որ իրենք “սառնարյուն դիվանագիտության” մեյմեկ տալեյրան-քիսինջերներ են…

Դավիթ Բաբայանն արձանագրելով, որ 1792թ. մելիք Շահնազարի մահը “շրջադարձային եղավ Ղարաբաղի արտաքին քաղաքական դոկտրինում”, անմիջապես ավելացնում է, որ այս մելիքն իբր “կողմնակից է եղել Ղարաբաղի՝ սեփական արտաքին քաղաքական կուրս վարելուն եւ ամեն ինչ արել է Արցախի գործոնը այլ պետությունների, առավել եւս՝ իրար հետ մրցակցող մեծ տերությունների շահերի համար գործածել թույլ չտալու համար” (էջ 88-89)։ Ըստ Բաբայանի, եթե մինչ այս մելիքի մահը պայքարն ընթացել է կենտրոնախույս եւ կենտրոնամետ ուժերի միջեւ (երկուսն էլ, ի դեպ, հայկական են եղել), “ապա այժմ ղարաբաղյան քաղաքական դաշտը բաժանվեց ըստ էթնոկրոնական հատկանիշի։ Պայքար սկսվեց եկվոր տարրի՝ Իբրահիմ խանի գլխավորությամբ եւ բնիկ տարրի միջեւ, որի գլուխը հայ մելիքներն էին կանգնած” (էջ 89)։ Մի խոսքով, հայտարարվում է, որ հայոց արեւելից կողմերում եկվոր տարրի դեմ պայքարն սկսվել է 18-րդ դարի վերջին տասնամյակին, զգայացունց մի հայտնագործություն, որի համար արժեր հեղինակին բարձրագույն պարգեւների արժանացնել…

Մելիք Շահնազար Բ-ի մահվան եւ մյուս մելիքների զգացմունքայնության պատճառով, “արդեն 1796 թվականի վերջին Իբրահիմ խանը դարձավ Ղարաբաղի լիիշխան տիրակալ”։ Հեղինակը մեկ էջ անդին հակասում է ինքն իրեն, երբ 1797թ. համար Իբրահիմ խանին անվանում է “անվանապես կառավարող խան” (էջ 94-95), եւ Ռուսաստանի տիրակալին ծառայելու տրամադրություն հայտնած մելիքներին հայտարարում “օտար երկրի սահմանները պաշտպանելու պատրաստակամ” մարդիկ (էջ 95), քանի որ վերջիններս նրան էին դիմել “Ռուսաստանի կազմում Փոքր Հայաստան կազմելու” խնդրանքով (էջ 94)։ Բաբայանը երբեք ինքն իրեն հետեւյալ տրամաբանական հարցերը չի տվել. եթե Արցախի հայերն ու նրանց մելիքները քիչ-շատ մարդավայել կյանք ունենային խաների իշխանության տակ, ինչո՞ւ պետք է մինչեւ պետերբուրգները պատվիրակություն ղրկեին՝ խաների լծից իրենց ազատելու եւ հայկական պետականություն (թեկուզ Ռուսաստանի կազմում) ստեղծելու համար։ Եթե, ըստ Բաբայանի մոգոնման, ի դեմս Ղարաբաղի խանության արդե՛ն ունեին այդ հայկական պետականությունը, ինչո՞ւ պիտի նման պետականության հարց բարձրացնեին։ Դավիթ Բաբայանն ու նրա մենագրության գլխավոր գիտական խմբագիր Պավել Չոբանյանը “մոռացել են” ռուսական հովանու տակ հայկական պետականության վերականգնման մելիքների՝ տարիներ առաջ կատարած դիմումի առթիվ Պ. Չոբանյանի գրածը. “Նույն 1783թ., Ռուսաստանում մտադիր էին Արցախի մարզի հիման վրա վերականգնելու հայկական պետականությունը՝ վերացնելով հայ մելիքներից մեկի (եւ ոչ թե բոլորի՝ ըստ Դ. Բաբայանի — Գ. Յ.) օժանդակությամբ հայկական հողում 30 տարուց պակաս առաջ երեւացած այսպես կոչված Ղարաբաղի խանությունը” (Պավել Չոբանյան, “Արցախի պատմության որոշ հարցերի շուրջ (XIII-XIX դդ.)” (ռուսերեն), “Պատմաբանասիրական հանդես”, 2002թ., թիվ 3, էջ 154, ընդգծումն իմն է — Գ. Յ.): Հետեւաբար, Արցախի մելիքներն իրենց նոր նախաձեռնությամբ պարզապես վերարծարծում էին այս խնդիրը։ Ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում 2002 թվականին Ղարաբաղի խանությանը Պ. Չոբանյանի շնորհած “այսպես կոչված” բնութագրման եւ նույնի գիտական խմբագրությամբ լույս տեսած մենագրության մեջ նույն կազմավորմանը շնորհված “հայկական պետական կազմավորում” աղաղակող հակասության վրա՝ մեկնաբանություններն ընթերցողին թողնելով։

Ղարաբաղի խանության Ռուսաստանի միացումով ավարտվում է Արցախի ուշ միջնադարի պատմության բաբայանական պատմաշինարարությունը, թեեւ հեղինակը մի անգամ եւս մոռացկոտություն է հանդես բերել գրելով, թե “ռուսամետ տրամադրված մելիքները ձգտում էին ազատել խանին զբաղեցրած պաշտոնից” (էջ 99)։ Բայց չէ՞ որ, ըստ բաբայանական առասպելապատումին, մելիքներն էին խաներին “նշանակում”. նրանք էլ թող խանին ազատեին զբաղեցրած պաշտոնից։

“Եզրակացություն” բաժնում Դ. Բաբայանը մեկտեղել է իր վարկածները՝ նրանց վրա երբեմն համեմներ ավելացնելով։ Նա չի ընդունում “դասական պատմագրության” մոտեցումը, թե Արցախում 1740-1800-ականներին ծավալված հակամարտությունը “պայքար էր հայկական ուժերի եւ խանի միջեւ”։ “Այդ պայքարը, ավելի շուտ, պայքար էր կենտրոնամետ եւ կենտրոնախույս ուժերի միջեւ”. եզրակացնում է Դ. Բաբայանը։ Նորից ենք կարդում, որ “հայկական պետականության վերջին բեկորների գոյատեւման եւ նրանց հիման վրա հայկական միասնական պետականության վերստեղծման համար ավելի նպատակահարմար էր նպաստել Ղարաբաղի խանությանը եւ թիկունք կանգնել նրան” (նույն էջում)։ Բաբայանը հայության շահերի տեսակետից արդարացնում է այս խանության գոյությունը՝ գրելով. “Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը համագումարի բերելով, կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ, տվյալ պետական կազմավորման ստեղծումն արդարացրեց իրեն”։

Հեղինակների՛ եւ ընթերցողների՛ շահերից ելնելով չափազանց խիստ եմ եղել հայրենական եւ սփյուռքյան մամուլում մինչեւ այսօր հրապարակված իմ շուրջ 200 գրախոսականներում։ Հանդիպել եմ հայ հեղինակների դիտավորյալ խեղաթյուրումների, անտեսումների, գերարժեւորման կամ թերարժեւորման փորձերի եւ նման բացասական երեւույթների։ Սակայն չէի հանդիպել հայազգի հեղինակի մի հրապարակման, որտեղ դավաճանները հռչակվեին “հայրենիքի իդեալներին նվիրյալներ”, արդարացի համարվեին օտար տարրի՝ հայոց հայրենիքում հաստատումն ու պետական կազմավորման հիմնումը, հայոց հայրենիքի տարածքում տարատնկված օտար պետական կազմավորումը հայտարարվեր հայկական պետականություն եւ նման զառանցանքներ։

Արցախի մելիքներին “դիվանագիտական տաղանդ” վերագրելու բաբայանական վարկածը շինծու է, կեղծ եւ դատապարտելի։ Թող նա ու իր նմանները ինձ մեղադրեն զգացմունքայնության համար, սակայն խոստովանեմ, այս պատմաշինարարությունը խորապես վիրավորել է իմ ազգային զգացմունքները (կարծում եմ՝ նաեւ ուրիշների. մենագրության առ այսօր հրապարակված արձագանքները դա են վկայում):

Դավիթ Բաբայան երեւույթը տարածվելու միտում ունի։ Օրինակ՝ իր դավաճան տոհմակցին (գուցե՝ նախապապին) արդարացնելու ջանք է թափել Արսեն Մելիք-Շահնազարովը՝ ռուսալեզու հայկական “Անիվ” հանդեսում (Մոսկվա-Մինսկ, թիվ 6, 2006, էջ 27-37)։ Լավ կլիներ, եթե այս հոդվածագիրն իր տոհմի պայծառ բազմաթիվ դեմքերին կամ նրանցից մեկնումեկին ներկայացնելով հպարտանար… Ի վերջո, հայրենապաշտ Մամիկոնյաններն իսկ ունեցել են իրենց ուրացող-դավաճան Վահանին, Արծրունիները՝ Մեհրուժանին եւ այլն։

Հեղինակի հանգույն, իրավունք ունենք մենք էլ մի ենթադրություն կատարելու՝ ո՞ւմ շահերին է ծառայում Դավիթ Բաբայանը նման հրապարակումներով։ Պարզից էլ պարզ է՝ գոնե ոչ հայերի: Հաշվի առնելով հարցի վտանգավորությունը, կարծում ենք, որ ՀՀ ԳԱԱ համապատասխան մարմինները քննարկումներ կկազմակերպեն առանց հապաղման, քանի որ հայոց պատմության չարամիտ վերանայման (ռեւիզիոնիզմ) վիրուսն արագ տարածվելու միտում ունի։

Հաշվի առնելով գրախոսվող մենագրության չափազանց վտանգավորությունը, առաջարկում ենք մի բան, որ երբեւէ չենք արել՝ հրապարակավ ԱՅՐԵԼ ողջ տպաքանակը, իսկ ԼՂՀ եւ ՀՀ պետական մարմիններին՝ քննարկել Դավիթ Բաբայանին հայկական պետական մարմիններում աշխատելու նպատակահարմարության հարցը։ Նա, իբրեւ մերօրյա տաղանդավոր մելիք Շահնազար եւ տաշած քար, աննկատ չի մնա։ Մերօրյա Փանահ Ալի Իլհամ Ալիեւները նրան է՛լ ավելի բարձր պաշտոնների կարժանացնեն…

Գեւորգ Յազըճյան
պատմ. գիտ. թեկնածու

“Լուսանցք” Թիվ 104, մայիսի 15 — 21, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: