Անցել է գորշ կարդինալների ժամանակը

by

Ի՞նչ է կատարվում ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքում

«Լուսանցքը» իր հրապարակումներով, Հայ-Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբումի հայտարարություններով բազմիցս անդրադարձել է արտերկրում հակահայկական ու հակագիտական հայագիտության երեւույթին՝ խստագույնս դատապարտելով հայոց նկատմամբ թշնամաբար տրամադրված կողմերի (թուրքեր, վրացիներ, ջհուդա-մասոնական շրջանակներ, մեծապետական ուժեր եւ այլն) կողմից հայոց պատմության խեղաթյուրումը:

Հայաստանի Հանրապետության հայագիտական կենտրոնները տարիներով լուռ մնացին այս թշնամական երեւույթի հանդեպ: Միակ բացառությունն եղավ Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի 2001թ. դեկտեմբերի 19-ի որոշումը, այն էլ՝ ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի համառ ջանքերի շնորհիվ: Այնուհետեւ… երկար տարիներ, նորից քար լռություն, քանի որ հայ «մարտաշունչ» պատմագետների ջախջախիչ մեծամասնության համար մի պնակ ապուրն ավելի կարեւոր էր եւ է, քան անձնական եւ ազգային արժանապատվությունը… Ամբիոնի հաջորդ վարիչ, ներկայումս ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանը նույնիսկ փորձեց ամբիոնի որոշումը չեղյալ հայտարարել……

Այս հանցավոր անտարբերությունից քաջալերված, հայության թշնամիների շահերին ծառայող «պատմաբանները», այդ թվում՝ հայազգիներ, շարունակեցին իրենց ավերը, մինչեւ որ այս անգամ պոռթկումը ժայթքեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Ազգային արժանապատվությանն ու գիտականությանը նախանձախնդիր հայ ուսանողներն ստեղծեցին շարժում եւ «նեղը մատնեցին» ՀՀ պատմագիտական շրջանակներին: Նրանք վերջիններից պահանջեցին հստակ գնահատական տալ հայոց պատմության ամերիկյան-ջհուդա-սիոնական կեղծարարությանը, մասնավորաբար ամերիկահայ ուսանողներին իբրեւ բուհական չհայտարարված ձեռնարկ պարտադրվող‘ հայոց պատմության տխրահռչակ երկհատորյակին, որի խմբագիրն է երկար տարիներից ի վեր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ոչ անհայտ Ռիչարդ Հովհաննիսյանը: Այս ուսանողներն ու նրանց համախմբող միություններն իրենց բողոքագրերով հեղեղեցին ՀՀ շատ կառույցների ղեկավարների, մասնավորաբար‘ ՀՀ նախագահին, ՀՀ սփյուռքի նախարարին եւ ակադեմիայի նախագահությանը:

Այլեւս փախուստ չկար. հարկավոր էր «մի բան» անել:

Եվ լեռը մուկ ծնեց……

Արդարեւ, ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքը ս. թ. ապրիլի սկզբին գումարվելով, հստակ կարծիք արտահայտեց հակահայկական ու հակագիտական այս երեւույթի նկատմամբ: Որպես որոշում քվեարկված կարծիքի վերջնական խմբագրման համար բաժանմունքն ստեղծեց իր անդամներից կազմված հնգանդամ խմբագրական հանձնախումբ՝ փիլ. գիտ. դոկտոր Համլետ Գեւորգյանի ղեկավարությամբ:

Հակառակորդ կողմը տակնուվրա եղավ եւ անցավ կատաղի հարձակման: Սկսվեց գործի դրվել այս փաստաթուղթը ի չիք դարձնելու դավադրությունը՝ Ռ. Հովհաննիսյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի ղեկավար ակադ. Վլադիմիր Բարխուդարյանի գործուն հանցակցությամբ: Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրյակին Երեւան իջավ հայազգի խեղաթյուրող հայագետների մի պատկառելի «դեսանտ»՝ նույնինքն Ռ. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրանց մասնակցությամբ ապրիլի 23-ի հետմիջօրեին գումարվեց հումանիտար բաժանմունքի մեկ նոր նիստ, որը, ի տես «ընկերներին» (նկատի ուներ Ռ. Հովհաննիսյանին եւ ընկ.) ներհակ ներկաների մեծաքանակության, Վլ. Բարխուդարյանը փորձեց անցկացնել փակ ռեժիմով, կարծեք հանրապետության Ազգային Անվտանգության խորհրդի դռնփակ նիստը լիներ: Նա ձախողվեց. բաժանմունքի անդամների մեծամասնությունը հօգուտ բաց նիստի քվեարկեց: Այդուհանդերձ, հակառակ վերջիններիս, հատկապես ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի համառ պահանջների՝ հրապարակելու բաժանմունքի որոշումը, Բարխուդարյանն իրեն բնորոշ լարախաղացությամբ կարողացավ նիստն ավարտել առանց որեւէ հստակության, մասնավորաբար՝ առանց այդ որոշումը հրապարակելու, խոստանալով հարցը վերստին քննարկել բաժանմունքում եւ փաստաթղթի վերջնական շարադրանքը հրապարակել (ապրիլի 23-ի նիստի մանրամասնությունները տեսնել ՀԱՄ կայքէջում):

Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն հումանիտար բաժանմունքի որոշումը առ այսօր չի հրապարակվել՝ հայ-թուրքական տխրահռչակ «Ճանապարհային քարտեզի» նման:

Մեր տեղեկություններով՝ բաժանմունքը գումարել է եւս մեկ նիստ, որի ընթացքում պարոնայք Ա. Սիմոնյանն ու Ա. Մելքոնյանը Բարխուդարյանից նորից համառորեն պահանջել են հրապարակել բաժանմունքի կարծիք-որոշումը: Այս ժամանակահատվածում, «Ազգ» օրաթերթի աշխատակից Մելանյա Բադալյանը, թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հանձնարարությամբ, դիմել է Վլ. Բարխուդարյանին՝ այս անցուդարձերի վերաբերյալ հարցազրույցի խնդրանքով, ինչից վերջինս խուսափել է՝ բազմազբաղությունը պատրվակելով: Նույն ժամանակահատվածում, այս որոշման հրապարակման խնդրի մասին շուրջ երկու անգամ հարցրել եմ պարոն Սիմոնյանին, հինգ անգամ էլ՝ պարոն Մելքոնյանին (այդ թվում՝ Հայ ազգայնականների համախմբման պատվիրակության կազմում՝ նախքան Արմեն Ավետիսյանի «ավտովթարը»): Երկուսն էլ ինձ պատասխանել են, թե իրենք համառորեն պահանջել ու պահանջում են որոշումը հրապարակել, իսկ Վլ. Բարխուդարյանը համառորեն մերժում է դա անել՝ «արդարանալով» թե իբր «վերեւից»… ՀՀ նախագահի նստավայրից զգուշացվել է չհրապարակելու վերաբերյալ:

Մեր հավաստի աղբյուրների համաձայն, ըստ ակադ. Բարխուդարյանի, նախագահականից իրեն ասվել է, թե հումանիտար բաժանմունքի որոշման հրապարակումը ներկայում ցանկալի չէ՝ հատկապես նկատի ունենալով հայ-թուրքական ներկայի գործընթացների նկատմամբ հայկական սփյուռքի ակնհայտորեն բուռն բացասական արձագանքը:

Ճի՞շտ է ասում պարոն Բարխուդարյանը, թե՞ ստում է… չենք կարող որեւէ կարծիք հայտնել, քանի որ ՀՀ-ում անթափանցիկությունը դարձել է համընդհանուր նորմ՝ նախագահական նստավայրից մինչեւ ամենահետին չինովնիկական մարմինը, ներառյալ անշուշտ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան:

Մի պահ ենթադրենք, թե ՀՀ նախագահական նստավայրից իսկապես նման ցուցում-զգուշացում եղել է: Այդ դեպքում եւս Վլ. Բարխուդարյանն իրավունք չունի շարունակել քառասուն փակի տակ պահել բաժանմունքի որոշումը‘ հետեւյալ պատճառներով.

— ՀՀ սահմանադրությունը սահմանում է ՀՀ քաղաքացիների տեղեկացվածության իրավունքը (իհարկե, ինչպես պետության հիմնական օրենքի հոդվածների մեծ մասը, սա եւս մնացել է հռչակագրային), իսկ ՀՀ նախագահը այդ նույն սահմանադրության վրա է երդվել՝ լինելու երաշխավորը դրա կիրառման: Եվ քանի որ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի որոշումը պետական կամ ռազմական գաղտնիք չի պարունակում, ապա Վլ. Բարխուդարյանը պարզապես պարտավոր է հրապարակել այդ փաստաթուղթը, իրեն լռություն իբր պարտադրող «վերեւին» տղամարդավայել կերպով պատասխանելով, թե ինքն իրավունք չունի ՀՀ սահմանադրությունը խախտելու: Այլապես, նա կոպտորեն ոտնակոխում է ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ՀՀ քաղաքացիների տեղեկացվածության իրավունքը:

— Ակադեմիայի հումանիտար բաժանմունքն ունի իր կանոնադրությունը, որտեղ ակնարկություն իսկ չկա բաժանմունքի որոշումները գաղտնի պահելու մասին, առավել եւս՝ նույնինքն բաժանմունքի անդամներից, էլ ուր մնաց ՀՀ եւ արտերկրի հայ հասարակությունից:

Այսինքն՝ Վլ. Բարխուդարյանը խախտում է նաեւ կանոնադրությունը այն կառույցի, որի ղեկավարն է ոչ խերով-բարով……

Վլ. Բարխուդարյանն առաջնորդվում է հետեւյալ «տրամաբանությամբ». եթե ՀՀ նախագահը չի հրապարակում համայն հայությանը հուզող «Ճանապարհային քարտեզը», ապա ինք իրավունք չունի՞ չհրապարակելու համայն հայությանը հուզող‘հումանիտար բաժանմունքի փաստաթուղթը: Իսկ սահմանադրություն, կանոնադրություն եւ այլն… ապա թքա՛ծ այդ բոլորի վրա: Երկուսի էլ «տրամաբանությունը» նույնն է՝ «Մեր դեմ խաղ չկա» (ականջդ կանչի, Վանո Սիրադեղյան):

Ի դեպ, վերոհիշյալ ամբողջ պատմությունը Վլ. Բարխուդարյանի‘հակահայկական ու հակագիտական հայագիտությանը մատուցած բազմաթիվ ծառայություններից ընդամենը մեկն է: Հայտնի է, որ նա 2003թ. դեկտեմբերի 9-ին, ոչ առանց Ռ. Հովհաննիսյանի եւ ընկ. ցուցումների, «փայլուն» կերպով տապալեց այս կեղծարարներին առանձին մենագրությամբ մերկացրած Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը ՀՀ ԳԱԱ-ում՝ այդ խեղկատակություն-ստորությունը հայտարարելով «իսկական պաշտպանություն»: Բարխուդարյանն այդպիսով ակամայից խոստովանեց, որ ակադեմիայում «ոչ իսկական պաշտպանություններ» էլ են լինում, այն էլ՝ համատարած ձեւով: Եթե սա կոռուպցիա չէ, հապա ի՞նչ է… (այս մասին տեսնել իմ հրապարակումները՝ ««Իսկական պաշտպանություն» Պատմության ինստիտուտում», «Ազգ» օրաթերթ, Երեւան, 11 դեկտեմբերի 2003 թ., էջ 4, «Անբարոյականությունը հայրենական հայագիտության մեջ», «Հարթակ» շաբաթաթերթ, Երեւան, թիվ 26, 24-30 դեկտեմբերի 2003 թ., էջ 8, նույնը՝ «Զարթօնք» օրաթերթ, Բեյրութ, 11 փետրվարի 2004 թ., էջ 2):

Վլադիմիր Բարխուդարյանը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի որոշումը հակահայկական ու հակագիտական հայագիտության մասին, այլապես՝ թող հրաժարի իր պաշտոնից կամ նրան հրաժարեցնեն: Մինչեւ ե՞րբ կարելի է ակադեմիայի համակարգում հանդուրժել խորհրդային ժամանակաշրջանից առ այսօր լարախաղացություններով գոյատեւած նմանների գոյությունը՝ ի վնաս ազգի եւ իսկական գիտության շահերի:

Եթե Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտկոմը 1960-1980-ական թվականներին ուներ իր գորշ կարդինալ Սուսլովը, ապա հայրենական ակադեմիան վերջին տասնամյակներին ունի նրա նմանակը: Հիշեցնենք, որ պատմության ծոցն են գնացել Սուսլովն էլ, նրա կուսակցությունն էլ՝ անփառունակ կերպով……

Վլ. Բարխուդարյանը նաեւ կարեւոր ներդրում ունի հայաստանյան ոչ միայն հայագիտությանը, այլեւ առհասարակ հայրենական գիտությանը վնաս հասցրած ուրիշ «սխրագործությունների» մեջ, ինչպես «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության»՝ ՀՀ ԳԱԱ համակարգին հատկացրած հսկայական միջոցների փոշիացումն է…… Այդ մասին՝ հետագային:

Գեւորգ Յազըճյան

պատմական գիտությունների թեկնածու

“Լուսանցք” Թիվ 106, մայիսի 29 – Հունիսի 4, 2009թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: