Կրախ՝ բուհական ընդունելության քննություններում

by

Ընթացող բուհական ընդունելության քննությունները խոր դժգոհություն են հարուցում բոլոր կողմերի՝ թե քննության կարգը հաստատողնեի եւ իրագործողների, թե քննություն հանձնողների (փորձադաշտ դարձած մեր հեգ երեխաների), թե քննությունների գլխավոր ատրիբուտ՝ թեսթեր կազմողների, թե ուսուցիչների եւ կրկնուսույցների եւ թե ծնողների ու պարզապես դիտողների մեջ:

Դիմորդների, կրկնուսույցների, ծնողների, ուսուցիչների, քննությունների հետ կապված այս ողբերգությունը տանել չկարողացող դիտորդների դժգոհությունը հիմնականում արտահայտվում է նրանում, որ՝ 1. կազմված թեսթերը բավականին բարդ են (ինչը կուլիսային առեւտրի հիմք է տալիս), 2. որոշ թեսթեր ծուղակային, որոգայթային, երկիմաստ են (որով թեսթեր կազմողներն ու նրանց թիկունքին կանգնած ինչ-ինչ ուժեր կանխավ դիմորդին դրդում են սխալվել, շփոթվել, հուզվել, որի նպատակը պարզ է, թե ինչն է), 3. որոշ թեսթեր դպրոցական ծրագրի շրջանակներից դուրս են (սրա նպատակն էլ է պարզ. ցանկալի դիմորդների (հատկապես անվճար բուհ ընդունվել ցանկացող), համար կանաչ ճանապարհ բացել), 4. թեսթերի ոչ քիչ մասը մանրուքային, առարկայի ու թեմայի բուն էության հետ չառնչվող հարցեր են պարունակում (հայոց լեզվի եւ գրականության, պատմության թեսթերին ծանոթ լինելով՝ ասեմ, որ դժգոհության բոլոր փաստարկները տեղին են): Իսկ ԿԳՆ ներկայացուցիչներն ու թեսթեր կազմողներն էլ դժգոհ են մյուս կողմերի դժգոհությունից: Որոշակի՝ առաջինները դժգոհ են այն բանից, որ իրենք, որպես թե, ընդունելության քննության մի իմաստուն կարգ են մշակել (որի համեմատ նախորդները ի՜նչ են որ) ու գործադրել եւ ահա ինչ-ինչ թերուսներ ու ոչ բանիմացներ թնկթնկում են: Իսկ երկրորդներն էլ դժգոհում են այն բանից, որ իրենք մասնագիտական բարեխղճությամբ, իրենց բուն աշխատանքից հետո, հոգնած-բեզարած թեսթեր են կազմել (ինչպես կարելի է այսպես լուրջ գործի ձեռնամուխ լինել-Ս.Մ.) եւ, ընդ որում, անվճար եւ ահա իրենցից բողոքում են՝ մեղադրանքներ ներկայացնելով…

Կարճ՝ դժգոհ ենք բոլորս: Ավելացնենք, որ այդ դժգոհության հետ կապված ընդունելության քննությունները վերածվել են իսկակական շիլաշփոթի…
Բայց հարցնենք՝ տեղի՞ն է արդյոք այդ դժգոհությունների հիմքը՝ թեսթերի այսպիսին կամ այնպիսին լինելը: Կարծում եմ՝ դժգոհությունների հիմքը ավելի խորացնելով, այլ տեղ՝ հենց քննության բուն կարգի՝ թեսթայինի մեջ պետք է նախեւառաջ տեսնել: Սխա՛լ, շատ սխա՛լ, ոչ կրթադաստիարակչական է այս կարգը, համենայնդեպս, հայ երեխայի համար:

Հայտնի փաստ է. տարիներ առաջ ԿԳՆ-ն, զգալի գումարներ ստանալով ինչ-ինչ միջազգային «կրթական» կենտրոններից (սրանց նպատակը երկրների կրթական ոլորտների գլոբալացումը, մեկ ընդհանուր կենտրոնից ղեկավարվող կրթական համակարգի ստեղծումն է…), հանձն է առել մեր կրթական ոլորտը, հանձնարարողների տերմինաբանությամբ ասած, օպտիմալացնել, ներկա դեպքում՝ ընդունելության քննության կարգը դարձնել թեսթային, ասել է թե՝
1. քննակարգը դարձնել ստանդարտ (միաչափ),
2. ձեւական (քննակարգի ձեւայնացումը՝ համակարգչայնացումն է նկատի առնվում),
3. այո-ի ու ոչ-ի կանոնին ենթարկվող (անտեսելով հազար ու մի նրբերանգներ),
4. զանց առնել քննվողի ազգային, անհատական ու հոգեբանական առանձնահատկությունները (ամեն ինչ մի արշինով չափել),
5. թեսթերի պատասխանները շաբլոնացնել,
6. բացառել մարդկային՝ քննող-քննվող միջանձնային հարաբերությունների գործոնը (կարծես քննող-քննվողը մարդ-մեքենաներ են),
7. հնարավորինս մի կողմ թողնել առարկայի բովանդակային կողմերը, դրա ամբողջականությունը (այս քննակարգը ամբողջական առարկան մասնատում է մասերի, եւ դիմորդը այդպես էլ չի հասկանում, թե ինչի հետ գործ ունի. ինչ է գրականությունը, լեզուն, պատմությունը…),
8. շեշտը դնել դիմորդի հիշողության վրա, զանց առնել տեքստի ենթիմաստն ու այլ իմաստները (սա հատկապես հումանիտար ոլորտում աններելի է) եւ այլն:
Ահա եւ մենք այդ հանձնառության «պտուղներն» էլ այսօր քաղում ենք (ցավալի է, որ մեր լավագույն դասախոսներն են անգամ գործիք դարձել միջազգային «կրթական» կենտրոնների չար նպատակներին):

Եթե այսպես շարունակվի, ապա վաղը մեր բուհերից դեգեներատներ, մարդ-մեքենաներ, համաբովանդակ կյանքը մերժողներ, բուն կրթություն-դաստիարակությունը քամահրողներ, աբսուրդի թատրոնի դերասաններ, այդ ամենի հետեւանքով՝ չարացածներ, թե իրենց եւ թե ավագներիս գերեզմանափորներ դուրս կգան:

Եթե ուշ չէ, կանգ առնենք:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանույան ֆակուլտետի դոցենտ

«Լուսանցք», թիվ 109, Հունիսի 19- 25, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: