Ահմադինեջադը իրականու՛մ ժողովրդականություն է վայելում

by

Հյուսիսային Թեհրանը շատ երազային է:  Այդտեղ կան բազմաթիվ բարձրակարգ շենքեր, խոշոր առանձնատներ, դղյակներ, հյուրանոցներ եւ համալսարաններ: Այդտեղից լավ է նայվում  Ալբրոզյան լեռնաշղթան, որ նշանավոր է իր դահուկային սպորտին հարմար վայրերով եւ, ըստ փորձառու դահուկորդների, այդ լեռնաշղթայի վրայի ձյան որակը աշխարհում լավագույններից է: Այդտեղ են ապրում Իրանի մեծահարուստներից շատերը, ովքեր ազատակա՜ն գաղափարների կրողներ են: Այդտեղ շատ են անգլերեն իմացողները: Այդտեղ շատ են հաճախում զբոսաշրջիկները եւ գործարար մարդիկ: Այդտեղ են հաճախում նաեւ լրագրողները արեւմուտքից, եւ այստեղ է, որ լրագրողները շփվում են տեղի բնակիչների հետ ու «ծանոթանում» Իրանի իրավիճակին:

Այն բանին, թե ինչպես Իրանի ժողովուրդը եւ, ի մասնավորի երիտասարդությունը, առանց սեռային խտրականության, պատրաստ է պայքարելու եւ «ազատվելու» կրոնական բռնապետերից եւ հաստատելու արեւմտյան արժեքներով  ազա՜տ եւ ժողովրդավա՜ր երկիր: Լրագրողները, հաճելին օգտակարին հետ համատեղած, ուրախ տրամադրությամբ ողողում են արեւմտյան մամուլը այս «բարի» լուրով: Եվ այսպես արեւմուտքում ստեղծվում է տպավորություն, թե ոչ միայն Ահմադինեջադը հեռացվելու է նախագահական պաշտոնից, այլեւ՝ էսօր-էգուց փլուզվելու է ԻԻՀ-ն:

Մի կողմ թողնենք այս կարծիքները, Ալբրոզյան լեռնաշղթայից իջնենք ներքեւ՝ տեսնելու՝ ինչ է կատարվում հետընտրական ԻԻՀ-ում:  

Միայն մի արեւմտյան լրատվամիջոց մայիսի 4-11-ը, ընտրություններից մեկ ամիս առաջ, անցկացրեց հարցախույզ ընտրությունների հետ կապված: Հարցախույզը հանձնարարված էր բրիտանական  BBC եւ ամերիկյան  ABC հեռուստաալիքների կողմից: Հարցախույզը կատարեց մի անկախ կառույց, որ կոչվում է Հանրային կարծիքի կենտրոն (ՀԿԿ): ՀԿԿ-ն ձեռք էր բերել ճշգրիտ հարցախույզեր անցկացնելու  համբավ իսլամական աշխարհում 2005թ. ի վեր:

Ըստ այդ հարցախույզի, ընտրության մասնակցողների տոկոսը կազմելու էր 89 տոկոս, Ահմադինեջադը ստանալու էր 2 քվե՝ յուրաքանչյուր քվեի դիմաց, որ կստանար Մուսավին:

Իրականում ինչ կատարվեց: Ընտրության մասնակցողների տոկոսը կազմեց 85, Ահմադինեջադը ստացավ քվեների 62.6 տոկոսը Մուսավիի 33.8 տոկոսի դիմաց, այսինքն՝ 1.85 քվե յուրաքանչյուր քվեի դիմաց, որ ստացավ Մուսավին:

Զուր չէ, որ ՀԿԿ-ն ճշգրիտ հարցախույզեր անցկացնելու համբավ է ձեռքբերել…

Նույն հարցախույզում մի ուրիշ հատկանշական տվյալ էլ ի հայտ եկավ, ոչ միայն բոլոր երիտասարդները դեմ չեն ԻԻՀ-ին, այլեւ, ի հիասթափություն արեւմուտքի, Մահմուդ Ահմադինեջադի հետեւորդների ուժեղագույն եւ մեծագույն խումբը կազմում են 18-24 տարեկանները…

Ընտրված նախագահ Ահմադինեջադը ժողովրդականություն չի վայելում Արեւմուտքում իր անկեղծ տեսակետների համար, բայց վայելում է լայնատարած ժողովրդականություն Իրանի ներսում, հատկապես գյուղերում, քաղաքներում ապրող  ոչ հարուստների եւ կրոնասերների շրջանում, ովքեր կազմում են երկրի ճնշող մեծամասնությունը: Ահմադինեջադի հետեվորդներին չեն հետաքրքրում Արեւմուտքի առաջ քաշած ազատական գաղափարները, եւ արեւմտյան կոչված արժեքները, նրանք ավելի հետաքրքրված են հոգեւոր եւ ազգային անվտանգության ու ազգային հզորացման գաղափարներով:

Իրանում ընտրությունները կեղծելու ավանդույթ չկա: Մոհամադ Խաթամին (որոշ տվյալներով՝ «գլոբալիզացված»), որ այսօր պաշտպանում է Միր Հուսեյն Մուսավիին, ամենախանդավառ բարեփոխողներից էր եւ է,  2 անգամ ընտրվեց նախագահ՝ ստանալով քվեների 70 տոկոսը այն ժամանակ, երբ ներքին նախարարությունը ծայրահեղ-պահպանողականների ձեռքում էր…

Բայց ԱՄՆ-ում կա ավանդույթ միջամուխ լինելու Իրանի ներքին գործերին, ինչպես դա տեղի ունեցավ 1953թ., երբ ԱՄՆ-ն տապալեց ընտրված վարչապետ Մոհամետ Մոսատեղին, որ արեւմուտքում շատերը տեղյակ չեն, բայց Իրանում բոլորը գիտեն այս իրողությունը:

Հետեւաբար, բոլոր ենթադրությունները ընտրակեղծիքների կապակցությամբ մնում են զուտ ենթադրություններ եւ ցանկություններ:

Իրականում, սակայն, Ահմադինեջադի գլխավոր «մեղքը» Արեւմուտքի համար ոչ այսպես կոչված ընտրակեղծիքներն են, ոչ էլ ժողովրդավարությունը:  

Մահմուդ Ահմադինեջադը խորհրդանիշն է մի պետության, որ ուժեղ թշնամին է սիոնիստական պետության: Մինչդեռ հիշեցնենք, որ Իրանը Մոհամեդ Րեզա Պահլավի շահի ժամանակ, հեղափոխությունից առաջ, ժողովրդավար լինելուց շատ հեռու էր եւ ընտրությունների գոյության մասին անգամ տեղյակ էլ չէր ու բարեկամ էր Իսրայելի:   

Իրանի Իսլամական Հանրապետությունում ընտրությունների արդյունքը որոշողը ժողովուրդն է, ինչպես ժողովուրդն է որոշողը քաղաքական ուղին:

Ովքեր չեն կարողանում համակերպվել այս իրականության հետ, խուլիգանական արարքներ են հրահրում փողոցներում (բացահայտ խրախուսված եւ ֆինանասավորված արեւմտյան պետությունների կողմից), իսկ Facebook-ի, Tweeter-ի, կամ YouTube-ի միջոցով ապատեղեկատվություն տարածելը, միեւնույնն է, չի փոխելու իրականությունը:  

Նրանք կարող են վերադառնալ Հյուսիսային Թեհրան, բարձրանալ Ալբրոզյան լեռնաշղթա՝ դահուկելու եւ հիշեն. ըստ իրանական առասպելի, այդ լեռնաշղթայի ամենաբարձր լեռան՝ Դամավանդի վրա էր, որ դյուցազներգական հերոս Ֆերայդունը ճակատամարտեց եւ պարտության մատնեց չար հսկա Զոհաքին…

Ռաֆֆի Պապիկյան
«Հայրենիք-Սփյուռք» կապերի նախաձեռնության ղեկավար

«Լուսանցք», թիվ 110, Հունիսի 26- Հուլիսի 2, 2009թ.

Թողնել մեկնաբանություն