«Որ մենք հերոս»

by

Սկզբում շրջանառվեց, որ «Մադրիդյան սկզբունքներ»-ը գաղտնազերծվել են, հետո թե՝ ՀՀ-ի համար այդ սկզբունքները շահեկան են, եւ այդ շահեկան լինելու մեկ՝ մեղմ ասած հիմար պատճառաբանություն մեջբերվեց. իբր շահեկան են, որովհետեւ Ադրբեջանն է այդ սկզբունքներից դժգոհ: «Լուսնացք»-ն իր դիրքորոշումը այս հարցի հետ կապված վաղուց է հայտնել. այն է՝ որ Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը լուծված է, այդպիսի խնդիր չկա, Արցախն առանձին պետություն է, ու հաշվի առնելով միջազգային բոլոր ճնշումները, կարծես վատ էլ չի կազմակերպվում իբրեւ պետություն: Որ պետք չէ վախենալ միջազգային կոչվող ինչ-ինչ փաստաթղթերից, որովհետեւ հողերը փաստաթղթերով չեն պահվում կամ վերադարձվում եւ այլն եւ այլն: Բայց ուզենք թե ոչ, փաստաթղթերից բխող քննարկումներն ընթացքում են, կրքերը թեժանում են ու մարում, ու դա մեր ներքին ու արտաքին քաղաքականության բաղկացուցիչ ու կարեւոր հատված է, որին անմասն մնալ չենք կարող:

Ու այս պայմաններում քաղաքական որոշ ուժերի համար հարմար առիթ է ազգայնական երեւալը: Խոսքը ՀՅԴ-ի մասին է, որ արագորեն իշխանությունից դառնալով ընդդիմություն, կոկորդ չխնայելով Արցախի խնդրից է խոսում՝ թե հայ-հարա՜յ, հասե՜ք, «Մադրիդյան սկզբունքներ»-ը իշխանությունը ստորագրել է ու Ղարաբաղը ծախում է (ազգայնականությունից են խոսում ու միշտ Արցախի փոխարեն Ղարաբաղ ասում): Ու մոռանում է, որ այդ սկզբունքների լույս աշխարհ գալու ժամանակ ինքն իշխանությունում էր: Եվ ամենազավեշտալին այն է, որ ազգայնական կեցվածք են ընդունել հատկապես ՀՅԴ այն գործիչները, ովքեր բառի իսկական իմաստով ծախեցին մեր պետության սոցիալական եւ կրթական ոլորտները, ազգային (մարդկանց) տվյալներն ու սերնդակրթությունը հանձնեցին օտարներին (նաեւ՝ մեր թշնամիներին)… Աղվան Վարդանյանը եւ Լեւոն Մկրտչյանը (կամ՝ նմանները) ընդհանրապես ասպարեզում երեւալու իրավունք չունեն, ինչպես մյուս ծախուները, նրանք դեռ պատասխան են տալու ազգին… Մադկանց հարստահարելն ու հետո ազգային երեւալը հայտնի հաստավզերի կամ «բարերարների» կողմից եկեղեցի կառուցելու պես փրկության մի սին եւ հիմար ճանապարհ է…

Եվ հիմա ՀՅԴ-ն կանգնել ու ԱԳ նախարարի հրաժարականն է պահանջում:

Վերջինիս հրաժարականը, իհարկե, շատերն են պահանջում, բայց չգիտես ինչու Էդվարդ Նալբանդյանը հենց ՀՅԴ-ին կոպիտ արձագանքեց. «Վերջին շրջանում այն անիմաստ աղմուկը, աժիոտաժը, որը բարձրացվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, նախ եւ առաջ անհիմն է: Մի կողմից դա կարելի է բացատրել, շատ փափուկ ասած, միամտությամբ, իսկ մյուս կողմից այն փորձերով, որոնք արվում են ջուրը պղտորելու եւ այդ պղտոր ջրում ձուկ որսալու համար: Չեմ կարծում, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ, որն ազգային նշանակություն ունի, շահարկումները որեւէ մեկին պատիվ են բերում»:

ԱԳ նախարարի գործունեությունը չհամակրելով հանդերձ՝ այնուամենայնիվ համաձայնեմ, որ պղտոր ջրում ձուկ որսալու մեծ, շատ մեծ վարպետ է ՀՅԴ-ն: Ես կապ չունեմ: Հայ ժողովրդի պատմությունն է վկայում…

Ինչեւէ: ՀՅԴ-ին անդրադառնալուց հետո, 15 րոպեանոց ասուլիսում Է. Նալբանդյանը ոչինչ չտեղեկացրեց, նա միայն հերքում էր: Ըստ այդ հերքումների էլ պարզ դարձավ, որ Հայաստանը Մադրիդյան փաստաթղթին հավանություն չի տվել: Ստացվում է՝ «փորձնական փուչիկ» է կիրառվել: Քաղաքականությունում դա տարածված արտահայտություն է. երբ ուզում են տեսնել, թե ինչ հետեւանքներ կունենա այս կամ այն արվելիք քայլը, նախօրոք շրջանառում են, թե այդ քայլն արվել է:
Ազգայնական, գոնե խիստ ազգային ուզում է երեւալ նաեւ ՀԱԿ-ը. դե, ի վերջո, ազգային կոնգրես է կոչվում, չէ՞:  Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը (ՀԱԿ-ը հենց Տեր-Պետրոսյանն է, մնացյալը… մնացյալն ինքը դա շատ լավ գիտե) իշխանության ձեռնարկած բոլոր քայլերը համարում է դավաճանական ու Արցախի հարցը կարգավորելու համար առաջարկում է իշխանափոխություն: Կարծես թե Լ. Տեր-Պետրոսյանը չէր, որ եւ՛ նախկինում, եւ՛ այժմ էլ պատրաստ է զիջումների…
Բոլոր թվարկյալ անհեթեթությունները շարունակել կարող ենք, բայց, անկեղծ ասած, ափսոսում ենք թերթային տարածքը: Նախկին ու ներկա եւ հակառակը (ու ոչ մի տարբերություն) իշխանությունները Արցախի հարցը դիտարկում են ոչ ճիշտ տեսանկյունից: Նրանք համարում են, որ կա խնդիր, որ
լուծել է պետք, իսկ դա արդեն սխալ է՝ բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Փանջունիական ոճով ստեղծվեց բանվոր դասակարգ, որ հետո հեղափոխություն արվի: Խնդիրը կարող էր չծագել, եթե Ստեփանակերտից դուրս էլ (ինչպես Հայաստանը միայն Երեւանը չէ, այնպես էլ Արցախը միայն Ստեփանակերտը չէ) մտածեին պետական նշանակության շատ հարցեր լուծելու մասին ու հաստատակամ վերաբնակեցնեին ազատագրված տարածքները: Չէ որ նախախնամությունն ինքը մեզ լավ դաս տվեց. հենց այն պահին, երբ ասվեց, թե Աղդամը հայկական հող չէ, հայտնաբերվեց Տիգրանակերտը…

Երբ հասկանանք, որ միայն տիրոջ իրավունքով հանդես գալը կլուծի մեր հարցերը, այդժամ բոլորն էլ, նաեւ՝ օտարը, կհասկանան, որ Աղդամն էլ է Տիգրանակերտ, մնացյալ տարածքներն էլ…
Հուսանք նաեւ, որ մեր պետական այրերը իրենց՝ Հայոց պատմության չիմացությունը միջազգային «սկանդալի» չեն վերածի՝ ակամա հրաժարվելով մեր հողերից…

Արման Դավթյան
Վահագն Նանյան

«Լուսանցք», թիվ 114, Հուլիսի 24-30, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: